ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽՂՃԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽՂՃԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը ԽՂՃԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով Հայաստանի անկախության մասին Հռչակագրով, նկատի ունենալով հայ ժողովրդի հոգևոր զարթոնքը, նրա դարավոր հոգևոր փորձն ու ավանդույթները, ճանաչելով Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին որպես հայ ժողովրդի ազգային եկեղեցի, նրա հոգևոր կյանքի շինության ու ազգապահպանման կարևոր պատվար, առաջնորդվելով միջազգային նորմերով սահմանված մարդու իրավունքների և հիմնական ազատությունների սկզբունքներով և հավատարիմ լինելով քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային Դաշնագրի 18 հոդվածի դրույթներին, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունում է սույն օրենքը խղճի ազատության և կրոնական կազմակերպության մասին:
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ հ ՈԴՎԱԾ 1. Հ այաստանի Հ անրապետությունում ապահովվում է քաղաքացիների խղճի և կրոնական դավանանքի ազատությունը: Յ ուրաքանչյուր քաղաքացի ազատորեն է որոշում իր վերաբերմունքը կրոնի նկատմամբ, իրավունք ունի դավանելու ցանկացած կրոն կամ չդավանելու ոչ մի կրոն, անձնապես կամ այլ քաղաքացիների հետ համատեղ կատարելու կրոնական ծեսեր: Հ ՈԴՎԱԾ 2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները օրենքի առջև հավասար են քաղաքացիական, քաղաքական, հասարակական, տնտեսական և մշակութային կյանքի բոլոր բնագավառներում` անկախ կրոնի նկատմամբ իրենց վերաբերմունքից կամ կրոնական պատկանելությունից: Դավանանքի նկատմամբ քաղաքացիների իրավունքների ուղղակի կամ անուղղակի սահմանափակումները, կրոնական հողի վրա հետապնդումները կամ այլ իրավունքների խոչնդոտումը, կրոնական թշնամանքի հարուցումը առաջ են բերում օրենքով սահմանված պատասխանատվություն: Հ ՈԴՎԱԾ 3. Քաղաքացու նկատմամբ չի թույլատրվում որևէ հարկադրանք կամ բռնություն` ժամերգություններին, կրոնական ծիսակատարություններին և արարողություններին, կրոնի ուսուցմանը մասնակցելու կամ չմասնակցելու հարցերի նկատմամբ իր վերաբերմունքը որոշելիս: Խղճի ազատության իրավունքի իրագործումը ենթակա է լոկ այն սահմանափակումներին, որոնք անհրաժեշտ են հասարակական անվտանգությունը և կարգուկանոնը, քաղաքացիների առողջությունն ու բարոյականությունը, հասարակության մյուս անդամների իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու համար:
2. ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ Հ ՈԴՎԱԾ 4. Կրոնական կազմակերպությունը հավատի համատեղ դավանության, ինչպես նաև կրոնական այլ պահանջմունքների բավարարման նպատակով ստեղծված քաղաքացիների միավորում է: Կրոնական կազմակերպություններ են` եկեղեցական ու կրոնական համայնքները, թեմերը, վանքերը, կրոնական միաբանությունները, նրանց կրթական ու հրատարակչական հաստատությունները և այլ կրոնական-եկեղեցական հիմնարկներ: Հ ՈԴՎԱԾ 5. Քաղաքացիների խումբը ճանաչվում է որպես կրոնական կազմակերպություն, եթե այն բավարարում է հետևյալ պայմաններին. ա) չի հակասում սույն օրենքի 3-րդ հոդվածի դրույթներին. բ) հիմնվում է պատմականորեն կանոնացված որևէ սուրբ գրքի վրա. գ) իր դավանանքով մտնում է համաշխարհային ժամանակակից կրոնական-եկեղեցական համայնքների համակարգի մեջ. դ) զերծ է նյութապաշտությունից և ուղղված է դեպի հոգևոր ոլորտները. ե) ընդգրկում է առնվազն 200 հավատացյալ անդամ: Մինչև 18 տարեկան երեխաները չեն կարող անդամագրվել կրոնական կազմակերպությանը` անկախ կրոնական ծեսերին իրենց մասնակցելու պարագայից և այլ հանգամանքներից: Սույն պայմանները (բացի «ա» կետում նշվածից) պարտադիր չեն միայն ազգային փոքրամասնությունների կրոնական կազմակերպությունների համար` իրենց ազգային դավանանքով: (5-րդ հոդվածը խմբ. 10.09.97 ՀՕ-138) Հ ՈԴՎԱԾ 6. Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են. Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին (կրճատ` Հայ Եկեղեցի) իր ավանդական կազմակերպություններով, կրոնական այլ կազմակերպություններ, որոնք ստեղծվում և գործում են իրենց հավատացյալ անդամների շրջանակում` սեփական ունեցվածքի ու կանոնադրության համաձայն:
3. ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ Հ ՈԴՎԱԾ 7. Կրոնական կազմակերպությունների հոգևոր-կրոնական գործունեությունը իրականացվում է հետևյալ իրավունքների հստակ ընդգծված շրջանակներում. ա) իրենց շուրջ համախմբել իրենց հավատացյալներին. բ) ապահովել իրենց հավատացյալների հոգևոր-կրոնական բոլոր կարիքների ու պահանջմունքների բավարարումը. գ) կատարել կրոնական ժամերգություններ, ծեսեր ու արարողություններ աղոթատներում և դրանց պատկանող տարածքում, ուխտատեղիներում, կրոնական կազմակերպությունների հիմնարկներում, ինչպես նաև գերեզմանոցներում, քաղաքացիների տներում և բնակարաններում, հիվանդանոցներում, զառամյալների ու հաշմանդամների տներում, ազատազրկման վայրերում, զորամասերում` այնտեղ գտնվող և տվյալ կրոնական կազմակերպության անդամ հանդիսացող քաղաքացիների խնդրանքով, մնացած դեպքերում հրապարակային ժամասացությունները, կրոնական ծեսերն ու արարողությունները կատարվում են հավաքների համար սահմանված կարգով. դ) ստեղծել համապատասխան կրոնական ուսուցման խմբեր իրենց անդամների ու նրանց երեխաների կրոնական կրթության համար` ծնողների համաձայնությամբ, այդ նպատակով օգտագործելով իրենց պատկանող կամ հատկացված շինությունները. ե) զբաղվել աստվածաբանական, կրոնական, պատմամշակութային ուսումնասիրություններով. զ) պատրաստել հոգևորական ծառայության կամ գիտական ու մանկավարժական կադրեր իրենց հոգևոր կենտրոնների կրթական հաստատություններում. է) ձեռք բերել և օգտագործել կրոնական նշանակության առարկաներ ու նյութեր. ը) օգտվել զանգվածային լրատվության միջոցներից` օրենքով սահմանված կարգով. թ) կապեր հաստատել այլ երկրների եկեղեցական կազմակերպությունների հետ` անկախ ազգային կամ դավանական պատկանելությունից, հրավիրել նրանց ներկայացուցիչներին, իրենց հավատացյալներին գործուղել արտասահման` ուխտագնացության, ժողովների և կրոնական այլ միջոցառումների մասնակցելու, ինչպես նաև ուսման կամ հանգստի նպատակով. ժ) զբաղվել բարեգործությամբ: Կրոնական կազմակերպությունների հրատարակչական գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ: Վերոհիշյալ իրավունքներն առաջանում են տվյալ կրոնական կազմակերպության Հայաստանի Հանրապետությունում գրանցվելու պահից: (7-րդ հոդվածը խմբ., լրաց. 10.09.97 ՀՕ-138, փոփ.
14.04.11 ՀՕ-93-Ն) Հ ՈԴՎԱԾ 8. Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է հոգեորսությունը: Որպես հոգեորսություն չի կարող դիտվել սույն օրենքի 7 հոդվածում նշված իրավասությունների սահմանում ծավալված որևէ գործողություն:
4. ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ Հ ՈԴՎԱԾ 9. (հոդվածն ուժը կորցրել է 04.03.26 ՀՕ-81-Ն) Հ ՈԴՎԱԾ 10. Հայաստանյաց Առաքելական եկեղեցին և կրոնական այլ կազմակերպությունների պատմական հուշարձանների ու պաշտամունքային գույքը օգտագործվում են համաձայն այդ կազմակերպությունների նվիրագործված ավանդական կարգի: Հ ՈԴՎԱԾ 11. Կրոնական կազմակերպությունները պարտավոր են ապահովել պետության կողմից որպես սեփականություն իրենց հանձնված կառույցների, տարածքների և մյուս ունեցվածքի, ինչպես նաև իրենց սեփականություն հանդիսացող պատմական հուշարձանների պահպանությունը և ըստ նշանակության օգտագործումը: Հ ՈԴՎԱԾ 12. Կրոնական կազմակերպությունները կարող են դիմել հավատացյալներին կամավոր դրամական և այլ նվիրատվությունների խնդրանքով, ստանալ և տնօրինել դրանք: Կրոնական կազմակերպությունների ստացած դրամական և այլ նվիրատվությունները, քաղաքացիներից ստացվող հասույթները հարկման ենթակա չեն: Հոդված 13. Այն կրոնական կազմակերպությունները, որոնց հոգևոր կենտրոնները գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, չեն կարող ֆինանսավորվել այդ կենտրոնների կողմից: Կրոնական կազմակերպությունները չեն կարող ֆինանսավորվել կուսակցությունների կողմից և ֆինանսավորել նրանց: (13-րդ հոդվածը խմբ. 10.09.97 ՀՕ-138) 5. ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ Հ ՈԴՎԱԾ 14. Կրոնական համայնքը կամ կազմակերպությունն իրավաբանական անձ է ճանաչվում պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալու պահից: Կրոնական կազմակերպությունը գրանցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին իրավաբանական անձանց պետական ռեգիստր պետք է ներկայացվի կրոնի գործերով պետական լիազորված մարմնի փորձագիտական եզրակացությունը` սույն օրենքի 5-րդ հոդվածի «բ»-«ե» ենթակետերով սահմանված պայմանների վերաբերյալ: Փորձագիտական եզրակացություն ստանալու համար կրոնական կազմակերպությունը պետք է ներկայացնի սույն օրենքի 5-րդ հոդվածում նշված պայմանները հավաստող փաստաթղթեր: Փորձագիտական եզրակացությունը դիմողին տրվում է դիմելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում: Փորձագիտական եզրակացության ձևը սահմանում է կրոնի գործերով պետական լիազորված մարմինը: (14-րդ հոդվածը փոփ. 10.09.97 ՀՕ-138, խմբ.
03.04.01 ՀՕ-166) Հ ՈԴՎԱԾ 15. Կրոնական կազմակերպության կանոնադրությունը տվյալներ է պարունակում կրոնական կազմակերպության բնույթի և գործելու վայրի, դավանական պատկանելության, կրոնական միավորման կառուցվածքի, աղոթատեղիների և գույքային դրության, ձեռնարկություններ հիմնելու, ուսումնական և հրատարակչական հաստատություններ ստեղծելու մտադրությունների, գործունեության դադարեցման դեպքում գույքային և այլ հարցերի լուծման կարգի մասին, ինչպես նաև պարունակում է տվյալ կազմակերպության գործունեության առանձնահատկությունների հետ կապված այլ դրույթներ: Հ ՈԴՎԱԾ 16. Կրոնական կազմակերպության գրանցման կամ գրանցումը մերժելու որոշումը` մերժման հիմքերի նշումով, մեկամսյա ժամկետում գրավոր ձևով հանձնվում է դիմողին: Կրոնական կազմակերպության գրանցումը կարող է մերժվել գործող օրենսդրությանը նրա հակասելու պարագայում: Մերժումը կամ որոշման կայացման` սույն օրենքով նախատեսված ժամկետի խախտումը կարող է գանգատարկվել դատական կարգով: Կրոնական կազմակերպության գործունեությունը կարող է դադարեցվել ինքնալուծարքի հետևանքով կամ դատարանի որոշմամբ Հայաստանի Հանրապետության օրենքների խախտման դեպքում:
6. ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Հ ՈԴՎԱԾ 17. Հայաստանի Հանրապետության եկեղեցին անջատված է պետությունից: Սույն հիմնադրույթի համաձայն պետությունը` ա) իրավունք չունի քաղաքացուն հարկադրել դավանելու այս կամ այն կրոնը. բ) չի միջամտում եկեղեցու և կրոնական կազմակերպությունների` օրենքին համապատասխանող գործունեությանը և ներքին կյանքին, արգելում է եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների կառուցվածքում որևէ պետական մարմնի կամ նրա հանձնարարությունները կատարող անձի գործունեություն. գ) արգելվում է եկեղեցու մասնակցությունը պետական կառավարմանը, եկեղեցու և կրոնական կազմակերպությունների վրա չի դնում որևէ պետական ֆունկցիա: Պետությունը չի խոչընդոտում ազգային եկեղեցու մենաշնորհ հանդիսացող հետևյալ առաքելությունների իրագործմանը. - ազատ քարոզել ու տարածել իր դավանանքը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Հայաստանյաց Առաքելական եկեղեցու դավանաբանության պաշտոնական լուսաբանումը զանգվածային լրատվության միջոցներով կամ զանգվածային միջոցառումների ժամանակ կարող է իրականացվել միայն Հայաստանյաց Առաքելական եկեղեցու հավանությամբ. - վերստեղծել իր պատմական ավանդույթները, կառուցվածքը, կազմակերպությունները, թեմերն ու համայնքները. - կառուցել նոր եկեղեցիներ, գործող դարձնել իրեն պատկանող պատմական հուշարձան-եկեղեցիները` ինչպես հավատացյալների խնդրանքով, այնպես էլ սեփական նախաձեռնությամբ. - նպաստել հայ ժողովրդի հոգևոր կրթությանը, օրենքով սահմանված կարգով նաև պետական կրթական հաստատություններում. - գործնականորեն աջակցել հայ ժողովրդի բարոյական կատարելագործմանը. - ծավալել բարեգործական և բարեխնամ գործունեություն. - ունենալ մշտական հոգևոր ներկայացուցիչ հիվանդանոցներում, զառամյալների և հաշմանդամների տներում, զորամասերում, ազատազրկման վայրերում` ներառյալ քննչական մեկուսարանները: Միևնույն ժամանակ Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին որպես ազգային եկեղեցի, որը գործում է նաև հանրապետության տարածքից դուրս, ենթակա է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը` միջազգային իրավական նորմերի սահմաններում: Ազգային տաղավար տոներին հաջորդող աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է տեղափոխվել նախորդ կամ հաջորդ շաբաթ օրը: (17-րդ հոդվածը խմբ., լրաց. 10.09.97 ՀՕ-138) Հ ՈԴՎԱԾ 18. Պետությունը չի ֆինանսավորում ինչպես կրոնական կազմակերպությունների գործունեությունը, այնպես էլ աթեիզմի քարոզչությունը, միևնույն ժամանակ կրոնական կազմակերպությունների անդամներին ու սպասավորներին վերապահում է հասարակական ու քաղաքական կյանքին մասնակցելու իրավունք` այլ քաղաքացիների հետ համահավասար: Հ ՈԴՎԱԾ 19. Գործող օրենսդրությամբ նախատեսված բոլոր քաղաքացիական պարտականությունները տարածվում են նաև կրոնական կազմակերպությունների հավատացյալ անդամների վրա` այլ քաղաքացիների հետ համահավասար: Քաղաքացիական պարտականությունների և կրոնական համոզմունքների հակասության առանձին դեպքերում քաղաքացիական պարտականությունների կատարման հարցը կարող է լուծվել այլընտրանքային սկզբունքով` օրենքով նախատեսված կարգով համապատասխան պետական մարմնի և տվյալ կրոնական կազմակերպության փոխադարձ համաձայնությամբ: Հ ՈԴՎԱԾ 20. (հոդվածն ուժը կորցրել է 10.09.97 ՀՕ-138) Հոդված 20 1 . Պետությունը ճանաչում է խոստովանության գաղտնիությունը: Քննչական և դատական ատյաններում որպես վկա չի կարող հարցաքննվել ձեռնադրված հոգևորական-խոստովանահայրը գործի այն հանգամանքների մասին, որոնք նրան հայտնի են դարձել խոստովանության ժամանակ: (20 1 -ին հոդվածը լրաց. 10.09.97 ՀՕ-138) Հ ՈԴՎԱԾ 21. Պետությունն իր վրա է վերցնում կրոնական նշանակություն ունեցող պատմական հուշարձանների պահպանությունը` անկախ նրանց պատկանելությունից: Հ ՈԴՎԱԾ 22. Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրված անձը ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը: Հ ՈԴՎԱԾ 23. Պետության և կրոնական կազմակերպությունների հարաբերությունները կարգավորում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը, որը` ա) գրանցում է կրոնական կազմակերպությունների կանոնադրությունները, միջնորդում է դատարանին օրենքը խախտող կրոնական կազմակերպությունները լուծարքի ենթարկելու առաջարկով. բ) կրոնական կազմակերպությունների խնդրանքով աջակցում է առանձին հարցերի շուրջ պետական մարմինների հետ համաձայնության գալու և անհրաժեշտ օգնություն է ցույց տալիս այդ հարցերի լուծմանը պետական մարմինների կողմից. գ) պետության անունից որպես միջնորդ մասնակցում է Հայաստանի կրոնական կազմակերպությունների միջև ծագած հարցերի և վեճերի լուծմանը. դ) իրականացնում է սույն օրենքով նախատեսված լիազորությունները: Պետության և կրոնական կազմակերպությունների սույն օրենքով չկանոնակարգված հարաբերությունները կարգավորվում են պետության և համապատասխան կրոնական կազմակերպությունների վարչությունների համաձայնությամբ: (23-րդ հոդվածը խմբ., լրաց. 10.09.97 ՀՕ-138) ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ` Լ. Տեր-Պետրոսյան ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության գերագույն խորհրդի քարտուղար` ա. սահակյան 17 հունիսի 1991 թվականի, քաղ. Երևան Հ. Ն-0333-1 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽՂՃԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ Համար Հ.Ն-0333-1 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Ինկորպորացիա (09.04.2026-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀԳԽՏ 1991/12(992) 30 հունիսի, Հոդ.245, «ՀՀ» օրաթերթ 1991/136(199), 26 հունիսի Ընդունող մարմին ՀՀ Գերագույն խորհուրդ Ընդունման ամսաթիվ 17.06.1991 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ Ստորագրման ամսաթիվ 17.06.1991 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 06.07.1991 Հիմնական ակտ 17.06.1991, Հ.Ն-0333-1 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա 04.03.2026, ՀՕ-81-Ն 17.06.1991, Հ.Ն-0333-1 14.04.2011, ՀՕ-93-Ն 17.06.1991, Հ.Ն-0333-1 03.04.2001, ՀՕ-166 17.06.1991, Հ.Ն-0333-1 10.09.1997, ՀՕ-138 17.06.1991, Հ.Ն-0333-1 Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 17 հունիսի, 1991 թ.
- Գործի #:
- Հ.Ն-0333-1
- Դատարան:
- ՀՀ իրավական ակտեր
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
