Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԼԴ2/0305/02/19
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

ԼԴ2/0305/02/19

Վճռաբեկ դատարանԼԴ2/0305/02/1930 սեպտեմբերի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

Գործի համարը: ԼԴ2/0305/02/19 Հայցվոր Անվանում: «Արդշինբանկ» ՓԲԸ Պատասխանող Դատական ակտի ընդունման ամսաթիվը: 30.09.2026 Քաղաքացիական դատավարություն: Այլ գործեր

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԼԴ2/0305/02/19

դատարանի որոշում 2026թ.

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ2/0305/02/19

Նախագահող դատավոր՝ Դ. Սերոբյան

Դատավորներ՝ Ս. Թորոսյան

Ի. Բաղմանյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

նախագահող և զեկուցող

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

2026 թվականի սեպտեմբերի 30-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) դիմումի՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.09.2023 թվականի որոշման դեմ Բանկի բերած վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է չեղյալ ճանաչել ֆինանսական համակարգի հաշտարարի 03.12.2018 թվականի թիվ 15-4250/18 որոշումը: Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 02.07.2019 թվականի որոշմամբ դիմումը բավարարվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.10.2019 թվականի որոշմամբ Ռոման Ասրյանի և ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի վերաքննիչ բողոքները բավարարվել են՝ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 02.07.2019 թվականի որոշումը վերացվել է, և կայացվել է նոր որոշում. Բանկի դիմումը՝ ֆինանսական համակարգի հաշտարարի թիվ 15-4250/18 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին, մերժվել է: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.12.2019 թվականի որոշմամբ Բանկի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 16.12.2022 թվականի որոշմամբ Բանկի բերած՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.12.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ բողոքը բավարարվել է՝ նոր հանգամանքի հիմքով վերանայվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.12.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.10.2019 թվականի որոշումը բեկանվել է, և գործն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության։ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 28.02.2023 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 22.09.2023 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 28.02.2023 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ։ Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ Պավել Մարտիրոսյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ, 337-րդ, 339-րդ և 340-րդ հոդվածները, Կենտրոնական բանկի խորհրդի կողմից ընդունված «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ը հաստատելու մասին 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշման 45-րդ կետը։ Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը դատական կարգով չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումն ըստ էության քննելիս դատարանը պարտավոր է պարզել վիճարկվող որոշման իրավաչափության հարցը, իսկ որևէ այլ հիմքի առկայության կամ բացակայության հարցը, որը քննարկման առարկա չի դարձվել ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից որոշումը կայացնելու պահին, դատարանը ևս քննարկման առարկա չի կարող դարձնել։ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն դեպքում ֆինանսական համակարգի հաշտարարը վիճարկվող որոշմամբ արձանագրել է Բանկի կողմից «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ առձեռն եղանակով քաղվածքի տրամադրման ապահովմանն ուղղված հաճախորդի հետ կապ հաստատելու և քաղվածքն այլ եղանակով ստանալու առաջարկ ներկայացնելու պարտականությունը և դրան համապատասխան՝ պարտադիր ներկայացման տեղեկատվությունը Բանկի տարածքում ստանալու հաճախորդի իրավունքը խախտված լինելու փաստը, մինչդեռ Դատարանը, արձանագրելով, որ ֆինանսական համակարգի հաշտարարը սխալ է մեկնաբանել «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը, հանգել է այն հետևության, որ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից ընդունված «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ը հաստատելու մասին 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշման 45-րդ կետի խախտման հիմքով հաճախորդի իրավունքի խախտում առկա է, և որոշումն իրավաչափ է։ Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից ընդունված «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ը հաստատելու մասին 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշման 45-րդ կետի կիրառելիության մասով ֆինանսական համակարգի հաշտարարը որևէ դիրքորոշում չի հայտնել։ Այսպիսով՝ Դատարանը չէր կարող անդրադառնալ այն փաստերին, որոնք ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից քննարկման առարկա չեն դարձվել, ինչն անտեսվել է սույն գործով բողոքարկվող դատական ակտով։ Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.09.2023 թվականի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ռոման Ասրյանի կողմից 04.12.2015 թվականին Բանկին ներկայացված առաջարկ-դիմումի հիման վրա նույն օրը Բանկի և Ռոման Ասրյանի միջև կնքվել է վարկային գծի (օվերդրաֆտի) պայմանագիր (հատոր 1-ին, գ.թ. 72-76).

2) Առաջարկ-դիմումի 13-րդ կետի համաձայն՝ հաճախորդը «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտադիր ներկայացման տեղեկատվությունը նախընտրել է ստանալ «Բանկի տարածքում» (հատոր 1-ին, գ.թ. 152-153).

3) Ռոման Ասրյանը 16.07.2018 թվականին բողոք-պահանջ է ներկայացրել Բանկին՝ պահանջելով վճարել 300.000 ՀՀ դրամ՝ պայմանագրի կնքման պահից իրեն քաղվածք չտրամադրելու համար (հատոր 1-ին, գ.թ. 146, 147).

4) Ռոման Ասրյանի ներկայացրած բողոք-պահանջը Բանկի կողմից 08.08.2018 թվականին մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 148).

5) Ռոման Ասրյանը 16.10.2018 թվականին դիմում է ներկայացրել ֆինանսական համակարգի հաշտարարին՝ խնդրելով «(…) կայացնել որոշում Կազմակերպության կողմից «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավունքիս խախտման համար ինձ 300.000 (…) ՀՀ դրամ վճարելու վերաբերյալ» (հատոր 1-ին, գ.թ. 77-80).

6) Ֆինանսական համակարգի հաշտարարը 03.12.2018 թվականի թիվ 15-4250/18 որոշմամբ, պատճառաբանելով, որ՝

- «(…) և՛ Օրենքով, և՛ Կանոնակարգով առանձնացվում են երկու տարբեր հասկացություն՝ «պարտադիր ներկայացման տեղեկատվություն» և «քաղվածք»»,

- «Սույն պահանջի քննության ընթացքում պարզվել է, որ Առաջարկ-դիմումի 13-րդ կետի համաձայն՝ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտադիր ներկայացման տեղեկատվությունը Հաճախորդը ցանկանում է ստանալ «Բանկի տարածքում» (…)։ Իսկ ինչ վերաբերում է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվության ստացման եղանակին, ապա թե Առաջարկ-դիմումում, թե որևէ այլ դիմումով դրանց ստացման եղանակի մասին որևէ նշում չկա, հետևաբար՝ Հաճախորդին դրանք պետք է տրամադրվեին փոստային եղանակով»,

- «(…) Հաճախորդի պահանջը հիմնավոր է, քանի որ նրան՝ Պայմանագրի կնքումից հետո մինչև սույն գործի շրջանակներում ներկայացված պահանջ-դիմումի օրը չեն տրամադրվել Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված քաղվածքները՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, հետևաբար, նույն Օրենքով նախատեսված կրեդիտառուի՝ իր վարկային հաշվի քաղվածքները ստանալու իրավունքը խախտելը հանգեցնում է նույն Օրենքով նախատեսված տուգանքին, որի չափը հանդիսանում է 300,000 (…) ՀՀ դրամ», բավարարել է Ռոման Ասրյանի կողմից Բանկին ուղղված պահանջը՝ 300.000 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 81-93).

6) Բանկը 26.02.2019 թվականին դիմում է ներկայացրել դատարան՝ ֆինանսական համակարգի հաշտարարի 03.12.2018 թվականի թիվ 15-4250/18 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին՝ դիմումի փաստական հիմքում դնելով այն հանգամանքը, որ ֆինանսական համակարգի հաշտարարը, եզրահանգելով, որ քաղվածքը չի հանդիսանում պարտադիր ներկայացման տեղեկատվություն, սխալ է մեկնաբանել «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը (հատոր 1-ին, գ.թ. 56-66).

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից ընդունված «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ը հաստատելու մասին 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշման 45-րդ կետի միատեսակ կիրառության համար, քանի որ բողոքարկվող դատական ակտում նշված նորմը կիրառվել է թիվ ԼԴ2/0304/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում նույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ։ Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջով գործերի վարույթում դատական վերահսկողության սահմաններին։ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք: Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (…), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: Անդրադառնալով անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման իրավական խնդրին` Սահմանադրական դատարանն իր 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719 որոշմամբ իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «(...) հայցը կամ դիմումը դատարան իրավական պաշտպանության այն միջոցներն են, որոնցով հիմնական իրավունքների, այդ թվում` դատական պաշտպանության իրավունքի կրող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պաշտպանվում է իր իրավունքների տարաբնույթ խախտումներից, որոնք կարող են կատարվել ինչպես հանրային իշխանության, այնպես էլ մասնավոր անձանց կողմից: Իշխանության ոտնձգություններից անձի պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը դատարան դիմելու նրա իրավունքն է, որը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես և բոլոր այլ իրավական պետություններում ունի սահմանադրական (հիմնարար) իրավունքի բնույթ (...): Անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը` ապահովել այն թե´ նորմաստեղծ, թե´ իրավակիրառման գործունեություն իրականացնելիս: Դա ենթադրում է, մի դեպքում, օրենսդրի պարտականությունը` լիարժեք դատական պաշտպանության հնարավորություն և մեխանիզմներ ամրագրել օրենքներում, մյուս կողմից, իրավակիրառողի պարտականությունը` առանց բացառությունների քննարկման ընդունել անձանց` օրինական կարգով իրենց ուղղված դիմումները, որոնցով նրանք հայցում են իրավական պաշտպանություն իրենց իրավունքների ենթադրյալ խախտումներից»: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն՝ արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ 6-րդ հոդվածի 1-ին կետը յուրաքանչյուրի համար երաշխավորում է իր քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունք: Այդ դրույթը մարմնավորում է «դատարանի իրավունքը», որում դատարան դիմելու իրավունքը, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը, հանդիսանում է այդ իրավունքի մի մասը միայն: Այդուհանդերձ, այդ մասն է, որ հնարավորություն է տալիս օգտվել 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52): ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը կողմերը կարող են վիճարկել դատական կարգով ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ դատարանը դիմումի քննության ժամանակ պարզում է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերի առկայությունը կամ բացակայությունը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դիմումի քննության արդյունքով դատարանը կայացնում է որոշում՝ դիմումն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու և ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ ճանաչելու կամ դիմումն ամբողջությամբ մերժելու մասին: «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը կողմերը կարող են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վիճարկել իրավասու դատարան ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով: «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավասու դատարանը չեղյալ է ճանաչում Ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը, եթե՝

1) պահանջը ենթակա չէ քննության Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից.

2) Ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացրել նույն օրենքով սահմանված ընթացակարգային կանոնների պահանջների խախտմամբ.

3) բացահայտվել են Ֆինանսական համակարգի հաշտարարի անաչառությունը բացառող հանգամանքներ:

Սահմանադրական դատարանը 09.10.2012 թվականի թիվ ՍԴՈ-1051 որոշմամբ վերլուծելով ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների բողոքարկման ինստիտուտը, արձանագրել է, որ՝

- «(...) Հաշտարարի կողմից ընդունված որոշումն ի սկզբանե միայն Հաշտարարի կողմից այն ընդունելու փաստի ուժով կողմերի համար ձեռք չի բերում իմպերատիվ նշանակություն, և միայն Հաճախորդի կողմից այն ընդունելու դեպքում է որոշումը դառնում պարտադիր: Այստեղից հետևում է, որ մինչև անվերապահորեն և գրավոր ձևով որոշմանը համաձայնելը կամ որոշմանը չհամաձայնելու դեպքում ինչպես Հաճախորդը, այնպես էլ Կազմակերպությունը կարող են դիմել դատարան և պահանջել գործի ըստ էության քննություն: Ինչն էլ փաստում է, որ այդ դեպքերում Հաճախորդը և Կազմակերպությունը չեն զրկվում ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներով երաշխավորված իրենց իրավունքների իրացման հնարավորությունից»,

- «(...) այն դեպքում, երբ Կազմակերպությունը Հաշտարարի գրասենյակի հետ կնքված գրավոր համաձայնագրով, այսինքն` իր ազատ կամահայտնությամբ, հրաժարվում է Հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից, օրենքով սահմանված հիմքերով Հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը վիճարկելու սահմանափակ հնարավորություն նախատեսելն իրավաչափ է և սահմանադրականության խնդիր չի հարուցում: Իսկ այն դեպքում, երբ առկա չէ հիշյալ գրավոր համաձայնագիրը, Հաշտարարի որոշումներն իրավասու դատարան վիճարկելու հիմքերի սահմանափակումը` այնքանով, որքանով չի նախատեսում այդ որոշումները դատական կարգով ըստ էության վիճարկելու հնարավորություն, իրավաչափ չէ և հանգեցնում է ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներով սահմանված իրավունքների իրացման արգելափակմանը»: Մեկ այլ՝ 08.12.2020 թվականի թիվ ՍԴՈ-1571 որոշմամբ 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՕ-117-Ն ՀՀ օրենքով փոփոխության ենթարկված «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորման համատեքստում դարձյալ անդրադառնալով նույն խնդրին՝ Սահմանադրական դատարանը գտել է, որ «(...) օրենսդրի կողմից կատարված փոփոխության արդյունքում ներկայիս գործող կարգավորումը, դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը համահունչ չեն Սահմանադրական դատարանի 09.10.2012թ. ՍԴՈ-1051 որոշման մեջ Սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշմանը, քանի որ Սահմանադրական դատարանը հստակորեն արձանագրել էր, որ Հաշտարարի որոշումներն իրավասու դատարան վիճարկելու հիմքերի սահմանափակումն այնքանով, որքանով չի նախատեսում այդ որոշումները դատական կարգով ըստ էության վիճարկելու հնարավորություն, իրավաչափ չէ և հանգեցնում է Սահմանադրության 61-րդ հոդվածով սահմանված իրավունքի իրացման արգելափակմանը, որի արդյունքում և Օրենսդիրը պետք է կարգավորումը ձևակերպեր այնպես, որ Կազմակերպությանն ընձեռեր Հաշտարարի որոշումն ըստ էության վիճարկելու հնարավորություն, քանի որ ՍԴՈ-1051 որոշման ամբողջ էությունը հանդիսացել է տվյալ պահին գործող կարգավորմամբ առկա ոչ իրավաչափ սահմանափակման վերացումը»: Արդյունքում Սահմանադրական դատարանը նույն որոշմամբ եզրահանգել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ նշված դրույթը չի սահմանափակում ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ գրավոր համաձայնագիր չկնքած կազմակերպության՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը դատական կարգով ըստ էության վիճարկելու իրավունքը: Հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի վերը վկայակոչված դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու վերաբերյալ սահմանված կարգավորումները որևէ կերպ չեն սահմանափակում դատական պաշտպանության մատչելիության իրավունքը։ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումներն ըստ էության կարող են վերանայվել, եթե ֆինանսական կազմակերպության և ֆինանսական համակարգի հաշտարարի միջև առկա չէ գրավոր համաձայնագիր, որով կազմակերպությունը հրաժարվել է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից: Նույն որոշմամբ, համակարգային վերլուծության ենթարկելով Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի և 17-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումները, ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ ֆինանսական կազմակերպությունը, կնքելով գրավոր համաձայնություն ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ, իր իսկ կամահայտնությամբ հրաժարվում է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները հետագայում ըստ էության վիճարկելու իր իրավունքից, և կարող է վիճարկել միայն ընթացակարգային կանոնների խախտման հիմքով։ Մինչդեռ բոլոր այն դեպքերում, երբ նման համաձայնագիր առկա չէ, ապա Ֆինանսական համակարգի որոշումները դատական կարգով կարող են վիճարկվել ու վերանայվել նաև ըստ էության (տե՛ս ըստ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի դիմումի, գործի ելքով շահագրգռված անձինք ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի և Արմինե Քառյանի թիվ ԼԴ2/0173/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.02.2022 թվականի որոշումը): Վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդիրը, սահմանելով ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտը՝ որպես վեճերի լուծման այլընտրանքային, արտադատական ձև, միաժամանակ նախատեսել է վերջինիս որոշումը դատական կարգով վիճարկելու հնարավորություն՝ այն չեղյալ ճանաչելու պահանջ ներկայացնելու միջոցով: Ըստ այդմ, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջով գործերի վարույթը մի կողմից քաղաքացիական իրավահարաբերությունների մասնակիցների խախտված կամ վիճարկվող իրավունքների և (կամ) օրինական շահերի դատական պաշտպանության իրավունքի իրացման ձև է, իսկ մյուս կողմից՝ ֆինանսական համակարգի հաշտարարի՝ որպես կողմերի միջև առկա վեճը լուծող արտադատական մարմնի որոշման նկատմամբ դատական վերահսկողության, իսկ վերջնարդյունքում՝ վերջինիս որոշման օրինականության ու հիմնավորվածության ապահովման միջոց։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասի և «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համադրման հիման վրա արձանագրում է, որ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի քննության միջոցով դրա նկատմամբ իրականացվող դատական վերահսկողությունն անսահմանափակ չէ․ այն եզրափակվում է՝ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ օրենքով և Սահմանադրական դատարանի վերը վկայակոչված դիրքորոշումներով ուղղակիորեն կանխորոշված հիմքերի առկայության հարցը պարզելով։ Հետևաբար ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջով գործերի վարույթում դատարանը, ելնելով համապատասխան դիմումում նշված ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը վիճարկելու հիմքերից և հիմնավորումներից, պետք է պարզի՝

1) ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով սահմանված «ընթացակարգային» հիմքերի առկայությունը, և (կամ)

2) նույն որոշումը չեղյալ ճանաչելու ըստ էության (նյութաիրավական) հիմքերի առկայությունը։

Շարադրվածի լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջով գործերի վարույթում իրականացվող դատական վերահսկողության օբյեկտը ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման իրավաչափությունն է, ինչից ուղղակիորեն բխում է, որ քննարկվող վարույթի շրջանակներում դատարանն իրավունք չունի դուրս գալու ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից կատարված պահանջի քննության սահմաններից՝ գնահատելով միայն ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից վերը նշված նյութական կամ ընթացակարգային խախտումները թույլ տված լինելու կամ չլինելու հարցը։ Այլ խոսքով՝ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջով գործերի վարույթի շրջանակներում դատական վերահսկողության առարկա է ոչ թե վեճն ընդհանրապես, որի լուծման արդյունքում դատարանը պետք է կայացնի կողմերի միջև առկա վիճելի իրավահարաբերությունը կարգավորող դատական ակտ, այլ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման իրավաչափությունը, որի գնահատման հիման վրա դատարանը պետք է լուծի դիմումի շրջանակներում վիճարկվող որոշումը չեղյալ ճանաչելու կամ դիմումը մերժելու հարցը։ Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ եթե որևէ փաստ քննարկման առարկա չի դարձվել ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից իրականացված պահանջի քննության ընթացքում, ապա այն ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջով գործերի վարույթում քննարկվել և վիճարկվող որոշումը չեղյալ ճանաչելու կամ դիմումը մերժելու մասին որոշման հիմքում դրվել չի կարող՝ հաշվի առնելով, որ քննարկվող վարույթի շրջանակում, դատական վերահսկողության օբյեկտային սահմաններով պայմանավորված, դատարանն ունի ոչ թե կողմերի միջև առկա վեճը կրկնակի քննելու, այլ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման իրավաչափությունը գնահատելու պարտականություն։ Վճռաբեկ դատարանի վերոշարադրյալ դիրքորոշումը պայմանավորված է նաև ֆինանսական ոլորտում սպառողների և հաճախորդների պահանջների հնարավորինս արագ և արդյունավետ քննությունն ապահովելու անհրաժեշտությամբ։ Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն՝ Ռոման Ասրյանի կողմից 04․12․2015 թվականին Բանկին ներկայացված առաջարկ-դիմումի հիման վրա նույն օրը Բանկի և Ռոման Ասրյանի միջև կնքվել է վարկային գծի (օվերդրաֆտի) պայմանագիր։ Առաջարկ-դիմումի 13-րդ կետի համաձայն՝ հաճախորդը «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտադիր ներկայացման տեղեկատվությունը նախընտրել է ստանալ «Բանկի տարածքում»։ Ռոման Ասրյանը 16.07.2018 թվականին բողոք-պահանջ է ներկայացրել Բանկին՝ պահանջելով վճարել 300․000 ՀՀ դրամ՝ պայմանագրի կնքման պահից իրեն քաղվածք չտրամադրելու համար, որը Բանկի կողմից 08.08.2018 թվականին մերժվել է։ Ռոման Ասրյանը 16․10․2018 թվականին դիմում է ներկայացրել ֆինանսական համակարգի հաշտարարին՝ խնդրելով «(…) կայացնել որոշում Կազմակերպության կողմից «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավունքիս խախտման համար ինձ 300․000 (…) ՀՀ դրամ վճարելու վերաբերյալ»։ Ֆինանսական համակարգի հաշտարարը 03.12.2018 թվականի թիվ 15-4250/18 որոշմամբ, պատճառաբանելով, որ՝

- «(…) և՛ Օրենքով, և՛ Կանոնակարգով առանձնացվում են երկու տարբեր հասկացություն՝ «պարտադիր ներկայացման տեղեկատվություն» և «քաղվածք»»,

- «Սույն պահանջի քննության ընթացքում պարզվել է, որ Առաջարկ-դիմումի 13-րդ կետի համաձայն՝ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտադիր ներկայացման տեղեկատվությունը Հաճախորդը ցանկանում է ստանալ «Բանկի տարածքում» (…)։ Իսկ ինչ վերաբերում է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվության ստացման եղանակին, ապա թե Առաջարկ-դիմումում, թե որևէ այլ դիմումով դրանց ստացման եղանակի մասին որևէ նշում չկա, հետևաբար՝ Հաճախորդին դրանք պետք է տրամադրվեին փոստային եղանակով»,

- «(…) Հաճախորդի պահանջը հիմնավոր է, քանի որ նրան՝ Պայմանագրի կնքումից հետո մինչև սույն գործի շրջանակներում ներկայացված պահանջ-դիմումի օրը չեն տրամադրվել Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված քաղվածքները՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, հետևաբար, նույն Օրենքով նախատեսված կրեդիտառուի՝ իր վարկային հաշվի քաղվածքները ստանալու իրավունքը խախտելը հանգեցնում է նույն Օրենքով նախատեսված տուգանքին, որի չափը հանդիսանում է 300,000 (…) ՀՀ դրամ», բավարարել է Ռոման Ասրյանի կողմից Բանկին ուղղված պահանջը՝ 300․000 ՀՀ դրամի չափով։

Բանկը 26.02.2019 թվականին դիմում է ներկայացրել դատարան՝ ֆինանսական համակարգի հաշտարարի 03.12.2018 թվականի թիվ 15-4250/18 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին՝ դիմումի փաստական հիմքում դնելով այն հանգամանքը, որ ֆինանսական համակարգի հաշտարարը, եզրահանգելով, որ քաղվածքը չի հանդիսանում պարտադիր ներկայացման տեղեկատվություն, սխալ է մեկնաբանել «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը։ Դատարանի 28.02.2023 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ՝

- «(…) քաղվածքը կրեդիտավորողի կողմից սպառողին պարտադիր ներկայացման ենթակա և ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած նվազագույն տարրերը պարունակող տեղեկությունների ամբողջություն է, հետևաբար Հաշտարարն իր որոշմամբ հանգել է ոչ իրավաչափ հետևության քաղվածքի բնույթի վերաբերյալ»,

- «Գործում բացակայում է որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց այն մասին, որ Բանկը ՀՀ կենտրոնական բանկի կողմից ընդունված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» թիվ 8/05-կանոնակարգի 45-րդ կետով սահմանված ժամկետներում և պայմաններում Հաճախորդին քաղվածքը տրամադրելուն ուղղված գործողություն է կատարել»,

- «Ելնելով վերոգրյալից և գործում առկա ապացույցների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի հետազոտությունից՝ Դատարանը հանգում է այն եզրակացության, որ բացակայում է Հաշտարարի՝ 03.12.2018 թվականի թիվ 15-4250/18 որոշումը չեղյալ ճանաչելու հիմքը, որպիսի պարագայում Դիմողի պահանջը՝ հաշտարարի որոշումն չեղյալ ճանաչելու մասին անհիմն է և ենթակա է մերժման»։ Վերաքննիչ դատարանի 22.09.2023 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 28.02.2023 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ այն պատճառաբանությամբ, որ՝

- «Գործի նոր քննության արդյունքում կայացված դատական ակտով Դատարանը, ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո, նախ արձանագրել է, որ քաղվածքը կրեդիտավորողի կողմից սպառողին պարտադիր ներկայացման ենթակա և ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած նվազագույն տարրերը պարունակող տեղեկությունների ամբողջություն է, հետևաբար Հաշտարարն իր որոշմամբ հանգել է ոչ իրավաչափ հետևության՝ քաղվածքի բնույթի վերաբերյալ: Այնուհետև, գործի նոր քննության ծավալի սահմաններում Դատարանն անդրադարձել է այն հարցին, թե արդյոք կրեդիտավորողը՝ Բանկը, պահպանել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ կապված պարտադիր ներկայացման ենթակա տեղեկատվությունը ստանալու՝ Հաճախորդի նախընտրած կարգի վերաբերյալ»,

- «Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանը գործի նյութերի ուսումնասիրմամբ իրավամբ արձանագրել է, որ գործում բացակայում է որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց այն մասին, որ Բանկը ՀՀ կենտրոնական բանկի կողմից ընդունված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» թիվ 8/05-կանոնակարգի 45-րդ կետով սահմանված ժամկետներում և պայմաններում Հաճախորդին քաղվածքը տրամադրելուն ուղղված գործողություն է կատարել: Այսինքն, գործի նյութերով չի հիմնավորվում Բանկի կողմից «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի պահանջները պահպանված լինելու հանգամանքն ընդհանրապես և պարտադիր ներկայացման ենթակա տեղեկատվությունը Ռոման Հայկազի Ասրյանի նախընտրած կարգով ստանալը»,

- «(…) վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունների արդյունքում Վերաքննիչ դատարանը հանգում է հետևության, որ Դատարանը սույն գործի նոր քննությունն իրականացրել է ՀՀ վճռաբեկ դատարանի 16.12.2022թ. որոշմամբ սահմանված ծավալով, այն է՝ ՀՀ սահմանադրական դատարանի 08.12.2020թ. թիվ ՍԴՈ-1571 որոշումը նոր հանգամանք լինելու ուժով Դատարանը ապահովել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի՝ որպես Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ գրավոր համաձայնագիր չկնքած Կազմակերպության՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը դատական կարգով ըստ էության վիճարկելու իրավունքը, մասնավորապես՝ Դատարանը, արձանագրելով, որ Ռոման Ասրյանն ինչպես «Արդշինբանկ» ՓԲԸ-ին ներկայացված բողոք-պահանջով, այնպես էլ Հաշտարարին ուղղված պահանջով բարձրացրել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կողմից քաղվածքներն ընդհանրապես չտրամադրելու հարցը, քննարկման առարկա է դարձրել սույն գործով պարզման ենթակա՝ պարտադիր ներկայացման ենթակա տեղեկատվությունը ստանալու՝ Ռոման Հայկազի Ասրյանի նախընտրած կարգն ու «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կողմից «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի պահանջները պահպանված լինելու կամ չլինելու հանգամանքը և սույն գործում առկա ապացույցների գնահատման արդյունքում կատարել է իրավաչափ եզրահանգումներ՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կողմից «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի պահանջները պահպանված լինելու փաստի առկայությունը վիճելի մնալու վերաբերյալ, (...)»: Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը։ Մինչև 10.08.2019 թվականը գործած խմբագրությամբ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կրեդիտավորողի և սպառողի միջև ցանկացած հաղորդակցում, որը կապված է կրեդիտավորման պայմանագրի պայմանների կամ կողմերի միջև հաղորդակցման կարգի կամ կողմերի իրավունքների, պարտականությունների կամ պատասխանատվության սահմանման, փոփոխման կամ դադարեցման հետ կամ վերաբերում է կրեդիտավորման պայմանագրի վրա որևէ ազդեցություն ունեցող օրենքներին, նորմատիվ իրավական ակտերին կամ կրեդիտավորողի ներքին ակտերին, կատարվում է գրավոր եղանակով՝ փոստային կապի միջոցով, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքերի: Ընդ որում, նույն մասում նշված տեղեկատվությունը համարվում է պարտադիր ներկայացման տեղեկատվություն: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կրեդիտավորողը պարտավոր է իր կողմից կամ կրեդիտավորման պայմանագրով սահմանված պարբերականությամբ, բայց ոչ պակաս, քան երեսնօրյա պարբերականությամբ, սպառողին ներկայացնել կրեդիտավորման պայմանագրից բխող սպառողի պարտավորությունների և դրանց առաջացման հիմքերի և մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվություն, այդ թվում՝ սպառողի կողմից իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար կրեդիտավորողի կողմից կիրառվող կամ կիրառված պատասխանատվության միջոցների (տուժանքի կամ սպառողի վիճակը վատթարացնող ցանկացած այլ միջոցների) սպառիչ ցանկը, դրանց կիրառման դեպքերն ու կարգը՝ փոստային կապի միջոցով, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքերի: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սպառողն իր գրավոր, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա կարող է հրաժարվել նույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված տեղեկատվությունը փոստային կապի միջոցով ստանալու իրավունքից՝ պարտադիր ներկայացման տեղեկատվությունը էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով կամ բանկի տարածքում ստանալու պայմանով: Պարտադիր ներկայացման տեղեկատվությունը էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով կամ բանկի տարածքում ստանալու սպառողի իրավունքը սահմանափակող պայմանը կամ համաձայնությունն առ ոչինչ է: Ընդ որում, կրեդիտավորողն իրավունք չունի սպառողին պարտադրելու, այդ թվում՝ սպառողի համար ոչ բարենպաստ իրավիճակ ստեղծելու, որ սպառողը հրաժարվի պարտադիր ներկայացման տեղեկատվությունը փոստային կապով ստանալու իր իրավունքից: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սպառողների իրավունքների պաշտպանության նպատակից ելնելով` Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն հոդվածով նախատեսված հաղորդակցման կարգ, պայմաններ, ձևեր և նվազագույն պահանջներ: Մինչև 10.08.2019 թվականը գործած խմբագրությամբ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ այն դեպքում, երբ կրեդիտավորողի կողմից խախտվել է սպառողի՝ նույն օրենքով կամ դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերով սահմանված որևէ իրավունք, ապա սպառողն իրավունք ունի անմիջապես դիմելու դատարան կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին, իսկ օրենքով նախատեսված դեպքում՝ առևտրային արբիտրաժ (…): Մինչև 16.08.2019 թվականը գործած խմբագրությամբ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից ընդունված «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ը հաստատելու մասին 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 45-րդ կետի համաձայն՝ առձեռն եղանակով քաղվածքի տրամադրման դեպքում, ֆինանսական կազմակերպությունը ապահովում է, որպեսզի՝ սպառողը, ֆինանսական կազմակերպություն այցելելու և աշխատակցի միջոցով որևէ ծառայությունից օգտվելու դեպքում ստանա քաղվածքները: Այն դեպքում, երբ 4 ամիս շարունակ ֆինանսական կազմակերպությանը չի հաջողվում սպառողին տրամադրել քաղվածք, ապա ֆինանսական կազմակերպությունն առնվազն մեկ անգամ կապ է հաստատում սպառողի հետ և առաջարկում քաղվածքը ստանալ այլ եղանակով: Այն դեպքում, երբ սպառողը չի համաձայնվում քաղվածքը ստանալ այլ եղանակով կամ հնարավոր չէ կապ հաստատել սպառողի հետ, ապա ֆինանսական կազմակերպությունը պահպանում է սպառողի հրաժարվելը կամ կապ հաստատելու անհնարինությունն ապացուցող հավաստումները՝ ձայնագրություն, գրավոր համաձայնություն և այլն: Սպառողի համաձայնության դեպքում, ֆինանսական կազմակերպությունն իր ներքին գործընթացներին համապատասխան, սպառողի նախընտրած եղանակով, տրամադրում է նաև այն ամիսների քաղվածքները, որոնք սպառողին հասանելի չեն եղել և առնվազն 1 տարի պահպանում է քաղվածքների տրամադրման հիմքերը: Վկայակոչված իրավանորմերի բովանդակությունից բխում է, որ օրենսդիրը, կարևորելով սպառողական կրեդիտավորման կապակցությամբ առաջացող հարաբերություններում սպառողների իրավունքներին առնչվող տեղեկատվությունը վերջիններիս հասանելի լինելու անհրաժեշտությունը, «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածում հստակ սահմանել է սպառողին տրամադրման ենթակա պարտադիր տեղեկատվության շրջանակը և այն ստանալու սպառողի իրավունքը, որին համապատասխանում է կրեդիտավորողի՝ այդ տեղեկատվությունը օրենքով սահմանված կարգով և եղանակով սպառողին փոխանցելու պարտականությունը։ Միևնույն ժամանակ, բոլոր այն դեպքերում, երբ չորս ամիս շարունակ կրեդիտավորողին չի հաջողվում սպառողին տրամադրել պարտադիր ներկայացման տեղեկատվություն ենթադրող քաղվածքը, Որոշման 45-րդ կետը կրեդիտավորողի համար սահմանում է մեկ այլ՝ առնվազն մեկ անգամ սպառողի հետ կապ հաստատելու և քաղվածքն այլ եղանակով ստանալու առաջարկ ուղղելու պարտականություն։ Ընդ որում, թե՛ առաջին և թե՛ երկրորդ պարտականությունները չկատարվելու դեպքում օրենսդիրը սպառողին իրավունք է վերապահում իր խախտված իրավունքների պաշտպանության խնդրով դիմելու դատարան կամ ֆինանսական համակարգի հաշտարարին, իսկ օրենքով նախատեսված դեպքում՝ առևտրային արբիտրաժ։ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ անդրադառնալով «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի իմաստով «քաղվածք» և «պարտադիր ներկայացման տեղեկատվություն» եզրույթների բովանդակությանը, արձանագրել է, որ քաղվածքում ներառվող տեղեկատվությունը, չնայած այն հանգամանքին, որ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի նախկին կարգավորմամբ ուղղակիորեն սահմանված չի եղել որպես պարտադիր ներկայացման տեղեկատվություն, այնուհանդերձ, հոդվածի բովանդակությունը և նպատակը, ֆինանսական գործունեության ոլորտում առաջացող իրավահարաբերությունների առանձնահատկությունները վկայում են այն մասին, որ նախկին խմբագրությամբ կարգավորման պայմաններում ևս քաղվածքում ներառված տեղեկատվությունը պետք է դիտարկել որպես պարտադիր ներկայացման տեղեկատվություն։ Նման եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում նաև այն իրավական իրողությունը, որ քաղվածքում ներառված տեղեկատվության բովանդակությունը և՛ նախկին, և՛ ներկայիս կարգավորումներով նույնն է, իսկ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասում կատարելով օրենսդրական փոփոխություն՝ օրենսդիրն ավելի հստակեցրել և որոշակիացրել է քաղվածքի դերը՝ դրանում ներառված տեղեկատվությունն ուղղակիորեն համարելով պարտադիր ներկայացման տեղեկատվություն (տե՛ս ըստ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի դիմումի՝ Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի 03.12.2019 թվականի թիվ 15-7521/19 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին, թիվ ԼԴ2/0043/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.02.2023 թվականի որոշումը): Շարադրվածի լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ֆինանսական համակարգի հաշտարարը 03.12.2018 թվականի թիվ 15-4250/18 որոշմամբ Ռոման Ասրյանի պահանջի բավարարման հիմքում, ըստ էության, դրել է այն հանգամանքը, որ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի իմաստով «պարտադիր ներկայացման տեղեկատվություն» և «քաղվածք» հասկացություններն իրենց բովանդակությամբ չեն նույնանում, ուստիև, նկատի ունենալով, որ Ռոման Ասրյանի կողմից 04.12.2015 թվականին Բանկին ներկայացված առաջարկ-դիմումում քաղվածքի ստացման եղանակի մասին որևէ նշում առկա չէ, Բանկի կողմից այն պետք է տրամադրվեր փոստային եղանակով։ Նման պայմաններում Դատարանը, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, ունենալով պարտականություն գնահատելու միայն ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման իրավաչափությունը և դուրս չգալու ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից իրականացված պահանջի քննության շրջանակներից, պարտավոր էր անդրադառնալ բացառապես «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով սահմանված քաղվածքը Բանկի կողմից փոստային եղանակով տրամադրելու պարտականության խախտման մասին ֆինանսական համակարգի հաշտարարի եզրահանգումների իրավաչափությանը։ Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Վերաքննիչ դատարանը չի արժևորել այն հանգամանքը, որ Դատարանը, իրավաչափորեն գտնելով, որ քաղվածքը կրեդիտավորողի կողմից սպառողին պարտադիր ներկայացման ենթակա տեղեկությունների ամբողջություն է, և ֆինանսական համակարգի հաշտարարն իր որոշմամբ հանգել է ոչ իրավաչափ հետևության քաղվածքի բնույթի վերաբերյալ, գնահատման առարկա է դարձրել նաև Որոշման 45-րդ կետով սահմանված առնվազն մեկ անգամ սպառողի հետ կապ հաստատելու և քաղվածքն այլ եղանակով ստանալու առաջարկ ուղղելու Բանկի պարտականության խախտման փաստը, որը ֆինանսական համակարգի հաշտարարի 03.12.2018 թվականի թիվ 15-4250/18 որոշմամբ չի քննարկվել, և որի վերաբերյալ ֆինանսական համակարգի հաշտարարը որևէ եզրահանգման չի եկել։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը դուրս է եկել ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից իրականացված պահանջի քննության սահմաններից՝ ֆինանսական համակարգի հաշտարարի 03.12.2018 թվականի թիվ 15-4250/18 որոշումը չեղյալ ճանաչելու դիմումի մերժման հիմքում դնելով այնպիսի փաստեր, որոնց ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից անդրադարձ չի կատարվել, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։ Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի վերը նշված պատճառաբանությունը՝ Բանկի դիմումը մերժելու հիմքում Դատարանի կողմից դրված եզրահանգումների իրավաչափության մասին, անհիմն է և բավարար չէ Բանկի բերած վերաքննիչ բողոքը մերժելու և Դատարանի 28.02.2023 թվականի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու համար։ Ընդ որում, հաշվի առնելով թիվ ԼԴ2/0043/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի վերը վկայակոչված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, ինչպես նաև նկատի ունենալով, որ Դատարանի 28.02.2023 թվականի որոշմամբ իրավաչափորեն արձանագրվել է քաղվածքի՝ կրեդիտավորողի կողմից սպառողին պարտադիր ներկայացման ենթակա տեղեկությունների ամբողջություն լինելու հանգամանքը, և դրանով իսկ՝ ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից քաղվածքի բնույթի վերաբերյալ ոչ իրավաչափ հետևության հանգելու փաստը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Դատարանի կողմից միայն ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման իրավաչափությունը գնահատելու և ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից իրականացված պահանջի քննության շրջանակներից դուրս չգալու պարտականությունների պատշաճ իրացման պայմաններում Բանկի դիմումը՝ ֆինանսական համակարգի հաշտարարի 03.12.2018 թվականի թիվ 15-4250/18 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին, ենթակա էր բավարարման: Միաժամանակ անդրադառնալով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը. Բողոք բերած անձը որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք վկայակոչել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ պայմանավորված նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ նշելով, որ բողոքարկվող դատական ակտում Որոշման 45-րդ կետը կիրառվել է թիվ ԼԴ2/0304/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.08.2023 թվականի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում նույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ։ Կատարելով համեմատական վերլուծություն` Վերաքննիչ դատարանի 22.09.2023 թվականի որոշման և թիվ ԼԴ2/0304/02/19 քաղաքացիական գործով 21.08.2023 թվականի ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշման՝ միևնույն նորմի իրար հակասող մեկնաբանության վերաբերյալ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը. Թիվ ԼԴ2/0304/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 21.08.2023 թվականին որոշում կայացնելիս նշել է, որ՝

- «(…) ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վարույթներով դիմումի առարկան հաշտարարի՝ կոնկրետ հաճախորդի դիմումի հիման վրա կայացված որոշումը չեղյալ ճանաչելու պահանջն է, իսկ դիմումի օբյեկտը՝ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը։ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշմանը ներկայացվող պատճառաբանվածության պահանջը նպատակ է հետապնդում նաև ապահովելու հետագայում ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը վիճարկելու հնարավորությունը՝ հաշվի առնելով, որ կազմակերպության համար պետք է ակնհայտ լինի այն խախտումը, որի հիմքով իր վրա դրվել է պարտավորություն։ Միաժամանակ, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման վիճարկումը ենթադրում է, որ կազմակերպությունն արտահայտում է իր անհամաձայնությունն այն փաստերի առնչությամբ, որոնք արձանագրվել են հաշտարարի կողմից կամ որոնք հաշտարարի կողմից գնահատվել են որպես խախտում»,

- «(…) ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման իրավաչափությունը ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վարույթի շրջանակներում քննարկվում է բացառապես վիճարկվող որոշման հիմքերի և հիմնավորումների համատեքստում, դատարանն իրավասու է քննարկել միայն վիճարկվող որոշման հիմքում դրված, հաշտարարի կողմից որոշման կայացման համար հիմք հանդիսացած հանգամանքները։ Այլ կերպ ասած՝ Դատարանը բացառապես քննարկում է, թե արդյո՞ք վիճարկվող որոշմամբ նշված հիմքերի, հիմնավորումների համատեքստում առկա է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու հիմք։ Այլ հանգամանքներ, այդ թվում՝ նույն հաճախորդի իրավունքների հետ կապված ենթադրյալ այլ խախտումները չեն կարող քննարկման առարկա դառնալ այդ վարույթի շրջանակներում և հանգեցնել դիմումի մերժման։ Հակառակ պարագայում Դատարանը դուրս կգա հայցի առարկայի և օբյեկտի շրջանակներից, կսկսի քննարկել այնպիսի հարցեր, որոնք ո՛չ վիճարկվող որոշմամբ, ո՛չ դիմումով քննարկման առարկա չեն դարձել։ Այսպիսով, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վարույթով Դատարանը քննարկում է ոչ թե տվյալ կազմակերպության կողմից հաճախորդի իրավունքների ենթադրյալ բոլոր, ցանկացած խախտման առկայությունն ընդհանրապես, այլ վիճարկվող որոշման կայացման համար հիմք ընդունված գործողությունը/անգործությունը»,

- «(…) վիճարկվող որոշման և դիմումի բովանդակությունից ակնհայտ է, որ Դատարանը բացառապես քննարկման առարկա պետք է դարձներ թիվ 15-424918 որոշման կայացման հիմքում դրված հանգամանքը, այն է՝ «պարտադիր ներկայացման տեղեկատվություն» և «հաշվի քաղվածք» եզրույթների նույնական լինելը, սպառողի՝ փոստային կապի միջոցով կամ առձեռն այդ տեղեկատվությունը ստանալու համաձայնության առկայությունը։ Այլ փաստարկներ, որոնք վիճարկվող՝ թիվ 15-424918 որոշման կայացման հիմքում չեն դրվել, հաշտարարի կողմից չեն քննարկվել, իսկ «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերությունն էլ դրանց մասով դիմումում որևէ փաստարկ չի ներկայացրել, չեն կարող քննարկման առարկա դառնալ և հանգեցնել վիճարկվող որոշման իրավաչափության հավաստման։ Այլ կերպ ասած՝ Դատարանը քննարկում է բացառապես վիճարկվող որոշման հիմքում դրված հանգամանքների իրավաչափությունը՝ անկախ իրականում այլ խախտումների առկայությունից, քանի դեռ դրանք որոշման մեջ չեն ամրագրվել»։ Մինչդեռ սույն գործով Վերաքննիչ դատարանը 22.09.2023 թվականի որոշմամբ նշելով, որ՝

- «Գործի նոր քննության արդյունքում կայացված դատական ակտով Դատարանը, ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո, նախ արձանագրել է, որ քաղվածքը կրեդիտավորողի կողմից սպառողին պարտադիր ներկայացման ենթակա և ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած նվազագույն տարրերը պարունակող տեղեկությունների ամբողջություն է, հետևաբար Հաշտարարն իր որոշմամբ հանգել է ոչ իրավաչափ հետևության՝ քաղվածքի բնույթի վերաբերյալ: Այնուհետև, գործի նոր քննության ծավալի սահմաններում Դատարանն անդրադարձել է այն հարցին, թե արդյոք կրեդիտավորողը՝ Բանկը, պահպանել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ կապված պարտադիր ներկայացման ենթակա տեղեկատվությունը ստանալու՝ Հաճախորդի նախընտրած կարգի վերաբերյալ»,

- «Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանը գործի նյութերի ուսումնասիրմամբ իրավամբ արձանագրել է, որ գործում բացակայում է որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց այն մասին, որ Բանկը ՀՀ կենտրոնական բանկի կողմից ընդունված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» թիվ 8/05-կանոնակարգի 45-րդ կետով սահմանված ժամկետներում և պայմաններում Հաճախորդին քաղվածքը տրամադրելուն ուղղված գործողություն է կատարել: Այսինքն, գործի նյութերով չի հիմնավորվում Բանկի կողմից «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի պահանջները պահպանված լինելու հանգամանքն ընդհանրապես և պարտադիր ներկայացման ենթակա տեղեկատվությունը Ռոման Հայկազի Ասրյանի նախընտրած կարգով ստանալը», իրավաչափ է համարել Դատարանի կողմից Որոշման 45-րդ կետով սահմանված պարտականության խախտման փաստին անդրադառնալն այն դեպքում, երբ ֆինանսական համակարգի հաշտարարը պահանջի քննության արդյունքում դրա վերաբերյալ որևէ եզրահանգում չի կատարել։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը հաստատված է համարում բողոքը վարույթ ընդունելու հիմքի՝ Որոշման 45-րդ կետի կապակցությամբ հակասական մեկնաբանությունների առկայությունը։ Վերը նշված փաստերից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը, ապահովելով օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության երաշխավորման իր սահմանադրաիրավական առաքելությունը, փաստում է, որ նմանատիպ փաստական հանգամանքներով գործերի քննության ժամանակ վկայակոչված իրավանորմն անհրաժեշտ է կիրառել սույն որոշմամբ տրված մեկնաբանություններով։ Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի 22.09.2023 թվականի որոշումը բեկանելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք (…)։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է: Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է (…) դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։ Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հատուկ վարույթներով, ինչպես նաև նույն օրենսգրքի 44-52-րդ գլուխներով նախատեսված դիմումների քննության հետ կապված դատական ծախսերի հատուցման պարտականությունը դրվում է դիմողների վրա: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան: Նկատի ունենալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 6-րդ մասի կարգավորումները՝ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով պետական տուրքը գործին մասնակցող անձանց միջև բաշխելու հարցին, գտնում է, որ Բանկի կողմից վճռաբեկ բողոքի համար նախատեսված պետական տուրքը վճարված լինելու պայմաններում դատական ծախսերի բաշխման հարցը պետք է համարել լուծված: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական այլ ծախսերի վերաբերյալ պահանջ ներկայացված չլինելու պայմաններում այդ ծախսերի հարցը ևս պետք է համարել լուծված։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.09.2023 թվականի որոշումը և փոփոխել այն՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի դիմումը բավարարել՝ ֆինանսական համակարգի հաշտարարի 03.12.2018 թվականի թիվ 15-4250/18 որոշումը չեղյալ ճանաչել:

2. Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող և զեկուցող

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 սեպտեմբերի, 2026 թ.
Գործի #:
ԼԴ2/0305/02/19
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել