Բաբախանյան — ԵԴ/0630/01/18
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 9. Քրեական օրենսդրության հետադարձ ուժըԱմփոփում
Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան) 2022 թվականի նոյեմբերի 22-ի որոշմամբ ամբաստանյալ Կ․Բաբախանյանի պաշտպան Ա․Թամրազյանի միջնորդությունը բավարարվել է և Կ․Բաբախանյանին, ի թիվս այլնի, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ), 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ), 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (5 դրվագ) մեղսագրված արարքները համապատասխանաբար վերաորակվել են 2
Ամբողջ Տեքստ
ԵԴ/0630/01/18
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր՝ Վ․Միսակյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Ս․Մարաբյան
դատավորներ՝ Կ․Ամիրյան
Մ․Մակյան
2024 թվականի օգոստոսի 26-ին քաղաք Երևանում
ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
Դ․ՎԵՔԻԼՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով Կարեն Օնիկի Բաբախանյանի վերաբերյալ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2023 թվականի փետրվարի 9-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ․Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1.
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան) 2022 թվականի նոյեմբերի 22-ի որոշմամբ ամբաստանյալ Կ․Բաբախանյանի պաշտպան Ա․Թամրազյանի միջնորդությունը բավարարվել է և Կ․Բաբախանյանին, ի թիվս այլնի, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ), 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ), 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (5 դրվագ) մեղսագրված արարքները համապատասխանաբար վերաորակվել են 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 44-255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 46-44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (5 դրվագ), և քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ քրեական գործի վարույթը կարճվել:
2. Երևան քաղաքի դատախազության դատախազ Ա․Դանիելյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի 2023 թվականի փետրվարի 9-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվել է անփոփոխ։
3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ․Բաղդասարյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2023 թվականի հուլիսի 11-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
4․ Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանի դատական ակտով թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական օրենքի հիմնարար խախտումներ, այն է՝ կիրառվել է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը, որը ենթակա չէր կիրառման և չի կիրառվել նույն օրենգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասը, որը ենթակա էր կիրառման, կիրառվել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որը ենթակա չէր կիրառման և չի կիրառվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, որը ենթակա էր կիրառման, ինչպես նաև սխալ է մեկնաբանվել ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչն ազդել է վարույթի ելքի վրա։ 4․1․ Մասնավորապես, բողոք բերած անձը նշել է, որ ստորադաս դատարանները մի դեպքում հետադարձ ուժ են տվել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 17-րդ կետով սահմանված հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը նախատեսող օրենքին, իսկ մյուս դեպքում, ըստ էության, կիրառել են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որը սահմանում է միջին ծանրության հանցագործության համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները, այն դեպքում, երբ ամբաստանյալին վերագրվող արարքները, կատարման պահին գործող քրեական օրենսգրքի համաձայն, չեն դասվել միջին ծանրության հանցագործությունների շարքին: Միևնույն ժամանակ, բողոքաբերը նշել է, որ ամբաստանյալ Կ․Բաբախանյանին մեղսագրվող ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (5 դրվագ) նախատեսված միջին ծանրության հանցանքների կատարման համար որպես քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետ սահմանվել է 10 տարին, դրանք ՀՀ գործող քրեական օրենսգրքի պայմաններում համապատասխանում են 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 44-255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 46-44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (5 դրվագ) նախատեսված միջին ծանրության հանցավոր արարքներին, որոնց համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը նույնպես 10 (տասը) տարի է։ 4․2․ Բողոքաբերի պնդմամբ՝ հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը նախատեսող՝ օրենսգրքի կարգավորումները հանդիսացել են ոչ թե «արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող» կամ «պատիժը մեղմացնող» օրենսդրություն, այլ ամբաստանյալ Կ․Բաբախանյանի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրություն, որին կարող էր տրվել հետադարձ ուժ՝ միայն օրենքով նախատեսված լինելու պարագայում։
5. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 2023 թվականի փետրվարի 9-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
6. Կ․Բաբախանյանին, ի թիվս այլնի, մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ), 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ), 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (5 դրվագ) այն հանցավոր արարքների համար, որ․ «[Ն]ա առանձնապես խոշոր չափերի գումարներ խարդախությամբ հափշտակելու դիտավորությամբ, ծանոթացել է ՀՀ մի շարք քաղաքացիների հետ և տեղեկանալով, որ նրանք ցանկանում են պարտադիր ժամկետային զինվորական տարիքի հասած, ինչպես նաև արդեն ՀՀ զինված ուժեր զորակոչված իրենց զավակներին ազատել զինվորական ծառայությունից կամ նրանց օգտին կատարել այլ գործողություններ, ներկայացել է որպես լայն կապեր ունեցող անձնավորություն և վերջիններիս համոզելու եղանակով դրդել է առանձնապես խոշոր չափերի կաշառք տալ իր ծանոթ պաշտոնատար անձանց: Հիշյալ փաստերը ներկայացնելով որպես իրականություն՝ ներգործել է քաղաքացիների գիտակցության և կամքի վրա ու նրանց գցելով մոլորության մեջ՝ ստացել է վերջիններիս համաձայնությունը և 2016 թվականի մարտ ամսից մինչև 2017 թվականի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում նրանցից մաս-մաս ստացել և խարդախությամբ հափշտակել է խոշոր և առանձնապես խոշոր չափերի գումարներ (․․․)։ Այսպես՝
Կարեն Բաբախանյանը 2016 թվականի փետրվար ամսին ծանոթանալով նույն թաղամասի բնակիչ Սերգեյ Չիլինգարյանի հետ և վերջինիցս տեղեկանալով որդուն՝ Գեորգի Չիլինգարյանին զինվորական ծառայությունից ազատելու մտադրության մասին, Սերգեյ Չիլինգարյանին համոզել, դրդել է նշված հարցը լուծելու նպատակով՝ իր միջոցով ծանոթ պաշտոնատար անձանց տալ առանձնապես խոշոր չափերով կաշառք: Մինչդեռ Կարեն Բաբախանյանն ունենալով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորություն, գիտակցելով իր կողմից Գեորգի Չիլինգարյանին զինվորական ծառայությունից ազատելու խոստումը կատարելու անհնարինությունը և նպատակ չունենալով կաշառքի առարկան որևէ մեկին փոխանցելու՝ ստացել է Սերգեյ Չիլինգարյանի համաձայնությունը, որից հետո 2016թ. մարտ ամսվա ընթացքում Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում վերջինիցս մաս-մաս ստացել և խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 4.799.300 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար գումար: Բացի այդ, Կարեն Բաբախանյանը 2016 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ծանոթանալով Թելման Մելքոնյանի հետ և վերջինիցս տեղեկանալով որդուն՝ ԼՂՀ Հադրութի շրջանի /Մեխակավան/ թիվ 59703 զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Տիգրան Մելքոնյանին զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու և վաղաժամ ազատելու նրա մտադրության մասին, Տիգրան Մելքոնյանին համոզել, դրդել է նշված հարցը լուծելու նպատակով իր միջոցով ծանոթ պաշտոնատար անձանց տալ առանձնապես խոշոր չափերով կաշառք: Մինչդեռ Կարեն Բաբախանյանն ունենալով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորություն, գիտակցելով իր կողմից Տիգրան Մելքոնյանին զինվորական ծառայությունից ազատելու խոստումը կատարելու անհնարինությունը և նպատակ չունենալով կաշառքի առարկան որևէ մեկին փոխանցելու՝ ստացել է վերջինիս համաձայնությունը, որից հետո 2016թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում Թելման Մելքոնյանից ստացել է 4.000 ԱՄՆ դոլար, իսկ այնուհետև Արմավիրի մարզի Փարաքար համայնքում Թելման Մելքոնյանի հորեղբոր որդի Արման Մելքոնյանից ևս 5.000 ԱՄՆ դոլար գումար՝ այդ կերպ խաբեության եղանակով հափշտակել առանձնապես խոշոր չափերի՝ 4.260.570 ՀՀ դրամին համարժեք 9.000 ԱՄՆ դոլար գումար: Բացի այդ, Կարեն Բաբախանյանը 2016թ. դեկտեմբեր-2017թ. հունվար ամիսների ընթացքում հանդիպելով իր ծանոթ Վալոդ Ուսոյանին և վերջինիցս տեղեկանալով որդուն՝ ԼՂՀ Հադրութի շրջանի թիվ 25918 /Արայի լեռ/ զորամաս հոգեկան խնդիրների պատճառով սահմանափակումներով, այն է՝ միայն ոչ շարային ծառայության համար զորակոչված որդու՝ Ավետ Ուսոյանին ծառայության համար պիտանի դարձնելու և զինվորական գրքույկում ծառայությանը լրիվ պիտանի լինելու վերաբերյալ նշում կատարելու մտադրության մասին, Վալոդ Ուսոյանին համոզել, դրդել է նշված հարցը լուծելու նպատակով իր միջոցով ծանոթ պաշտոնատար անձանց տալ առանձնապես խոշոր չափերով կաշառք: Մինչդեռ Կարեն Բաբախանյանն ունենալով խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորություն, գիտակցելով իր կողմից Ավետ Ուսոյանի օգտին նման գործողություններ կատարելու խոստման անհնարինությունը և նպատակ չունենալով կաշառքի առարկան որևէ մեկին փոխանցելու՝ ստացել է Վալոդ Ուսոյանի համաձայնությունը (․ ․ ․): Բացի այդ, Կարեն Բաբախանյանը 2017թ. փետրվար ամսին Աննա Սահակյանի միջոցով ծանոթանալով վերջինիս քույր Վարդանուշ Սահակյանի հետ և նրանից տեղեկանալով զորակոչային տարիքում գտնվող որդուն՝ Մանվել Խաչատրյանին, զինվորական ծառայությունից ազատելու նրա մտադրության մասին, Վարդանուշ Սահակյանին համոզել, դրդել է նշված հարցը լուծելու նպատակով իր միջոցով ծանոթ պաշտոնատար անձանց տալ առանձնապես խոշոր չափերով կաշառք: Մինչդեռ Կարեն Բաբախանյանն ունենալով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորություն, գիտակցելով իր կողմից Մանվել Խաչատրյանին զինվորական ծառայությունից ազատելու խոստումը կատարելու անհնարինությունը և չունենալով նպատակ կաշառքի առարկան որևէ մեկին փոխանցելու՝ ստացել է Վարդանուշ Սահակյանի համաձայնությունը, որից հետո 2017թ. փետրվար ամսին պահանջել և Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցում Վարդանուշ Սահակյանից ստացել ու հափշտակել է 1.943.160 ՀՀ դրամին համարժեք 4.000 ԱՄՆ դոլար գումար՝ մնացած 4.000 ԱՄՆ դոլարը մինչև 2017թ. օգոստոսի 10-ը ստանալու պայմանավորվածությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել՝ բացահայտվելով ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում: Բացի այդ, Կարեն Բաբախանյանը 2017թ. հունիս ամսվա կեսերին Նվեր Խուդոյանի միջոցով ծանոթացել է Ղուլիխան Միրզոյանի հետ և վերջինիցս տեղեկանալով որդուն՝ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից 2017թ. հունիսի 06-ի որոշմամբ ծառայության համար արդեն իսկ պիտանի ճանաչված Կարեն Միրզոյանին զինվորական ծառայությունից ազատելու նրա մտադրության մասին, Ղուլիխան Միրզոյանին համոզել, դրդել է նշված հարցը լուծելու նպատակով իր միջոցով ծանոթ պաշտոնատար անձանց տալ առանձնապես խոշոր չափերով՝ 3.349.220 ՀՀ դրամին համարժեք 7.000 ԱՄՆ դոլար կաշառք: Մինչդեռ Կարեն Բաբախանյանն ունենալով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորություն, գիտակցելով իր կողմից Կարեն Միրզոյանին զինվորական ծառայությունից ազատելու խոստումը կատարելու անհնարինությունը և չունենալով նպատակ կաշառքի առարկան որևէ մեկին փոխանցելու՝ ստացել է Ղուլիխան Միրզոյանի համաձայնությունը, որից հետո՝ կրկին 2017թ. հունիս ամսին, Արմավիրի մարզի Արազափ գյուղում Ղուլիխան Միրզոյանից ստացել և հափշտակել է 1,435.380 ՀՀ դրամին համարժեք 3.000 ԱՄՆ դոլար գումար՝ մնացած գումարը Կարենի Միրզոյանի կողմից զինվորական ծառայությունից վերջնականապես ազատվելուց հետո ստանալու պայմանավորվածությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով՝ հանցագործությունն ավարտին չի հասցրել՝ բացահայտվելով ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում (…)»[1]:
7. Քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն. «(...) Դատարանը, անդրադառնալով ամբաստանյալ Կ.Բաբախանյանին մեղսագրված ՀՀ քրեական (18.04.2003թ. ընդունված) օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ), 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (5 դրվագ) արարքներին, արձանագրում է, որ վարույթն իրականացնող մարմինը հաստատված է համարել ամբաստանյալի կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի՝ համապատասխանաբար 4.799.300 ՀՀ դրամի, 4.260.570 ՀՀ դրամի ՀՀ դրամի չափով հափշտակության կատարումը, 1.943.160 ՀՀ դրամի, 1.435.380 ՀՀ դրամի չափով հափշտակություն կատարելու փորձը, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերի համապատասխանաբար 4.799.300 ՀՀ դրամ, 4.260.570 ՀՀ դրամ, 2.180.835 ՀՀ դրամ, 1.943.160 ՀՀ դրամ, 1.435.380 ՀՀ դրամի չափով կաշառք տալու փորձ կատարելուն դրդելը: (…)
3․5․ [Դ]ատարանը փաստում է, որ ի տարբերություն 18.04.2003թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի, 05.05.2021թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով առանձնապես խոշոր չափ Օրենսդրի կողմից սահմանվել է 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը։ Ուստի տվյալ դեպքում ամբաստանյալ Կ.Բաբախանյանին մեղսագրված վերը նշված արարքները համապատասխանում են գործող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով սահմանված խոշոր չափերով կատարված հանցագործությունների հատկանիշներին և դրանց համապատասխանեցման և վերաորակման դեպքում հետադարձ ուժ տալով պատիժը մեղմացնող օրենսդրությանը՝ ավելի բարենպաստ պայմաններ է ստեղծվում ամբաստանյալ Կ.Բաբախանյանի համար: Այսինքն՝ Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Կ.Բաբախանյանին վերագրվող հիշյալ արարքները ենթակա են որակման համապատասխանաբար որպես՝ -խարդախություն, որը կատարվել է խոշոր չափերով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), խարդախության փորձ, որը կատարվել է խոշոր չափերով՝ 44-255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), որոնք դասվում են միջին ծանրության հանցագործությունների շարքին և որոնց համար 2021թ. մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով քրեական պատասխանատվություն է սահմանվել համապատասխանաբար տուգանք` քսանապատիկից հիսնապատիկի չափով կամ հանրային աշխատանքներ՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ կամ ազատության սահմանափակում՝ մեկից երեք տարի ժամկետով կամ ազատազրկում` երկուսից հինգ տարի ժամկետով և -խոշոր չափերով կաշառք տալուն դրդելու փորձ՝ 46-44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (5 դրվագ), որի համար պատասխանատվություն է սահմանվել՝ կարճաժամկետ ազատազրկումը՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկումը՝ երկուսից հինգ տարի ժամկետով: (...)
Վերոգրյալ քրեաիրավական նորմերի վերլուծությունից պարզ է դառնում, որ ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասում օրենսդիրը ներկայացնում է արարքի հանցավորությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող քրեական օրենսդրությանն օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտի բացակայության, իսկ 3-րդ մասում՝ առկայության պայմաններում, հետադարձ ուժ տալու կանոնները: Այդ կանոնների վերլուծությունից հետևում է, որ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ՝ անկախ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտի առկայությունից կամ բացակայությունից: Ընդ որում պատժի մեղմացումը կարող է դրսևորվել ինչպես քրեական օրենսգրքի Ընդհանուր, այնպես էլ Հատուկ մասի դրույթների փոփոխություններով: (...)
3.7 Նշված, ինչպես նաև 3.5-րդ կետում արված վերլուծության և եզրահանգման համատեքստում քննարկելով Կ.Բաբախանյանին մեղսագրվող 18.04.2003թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ), 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (5 դրվագ) նախատեսված արարքների վաղեմության ժամկետների հարցը՝ Դատարանը գտնում է, որ պատիժը մեղմացնող օրենսդրության կիրառման կանոնի ուժով վերջինիս մեղսագրվող նշված արարքները պետք է վերաորակվեն 05.05.2021թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխանաբար 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 44-255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 46-44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (5 դրվագ)։ Միաժամանակ նկատի ունենալով, որ ի տարբերություն 18.04.2003թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի, որով նշված արարքները համարվել են ծանր հանցանքներ, 05.05.2021թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված նշված արարքները դասվում են միջին ծանրության հանցագործությունների շարքին՝ դրանց նկատմամբ կիրառելի են արարքները կատարելու պահին գործող 18.04.2003թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի իրավակարգավորումները։ (…)
3.11 Սույն գործով Դատարանը, հաշվի առնելով մեղադրանքի հանգամանքները, ենթադրյալ հանցավոր արարքների կատարման ժամանակը (ամբաստանյալին մեղսագրված արարքները կատարվել են 2016 թվականի մարտ ամսից մինչև 2017թ. օգոստոսի 18-ն ընկած ժամանակահատվածում), արձանագրում է, որ ամբաստանյալ Կարեն Օնիկի Բաբախանյանին մեղսագրվող ՀՀ քրեական (05.05.2021թ. ընդունված) օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 44-255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 46-44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (5 դրվագ), ՀՀ քրեական (18.04.2003թ. ընդունված) օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 333-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հանցավոր արարքների դեպքերից ժամանակագրական առումով մինչ օրս անցել է հինգ տարի և վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատված կամ կասեցված լինելու վերաբերյալ տեղեկություն առկա չէ: Հաշվի առնելով այն, որ ամբաստանյալ Կարեն Օնիկի Բաբախանյանը, գիտակցելով առաջացող իրավական հետևանքների բնույթը, այդ թվում` այն, որ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդման դադարեցումը կրելու է ոչ արդարացնող (ոչ ռեաբիլիտացիոն) բնույթ, չի առարկել (համաձայնվել է) նշված հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթ կարճելու դեմ՝ Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Կարեն Օնիկի Բաբախանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 44-255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 46-44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (5 դրվագ), 18.04.2003թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին), 333-րդ հոդվածի 1-ին մասով` 2 դրվագ (որոնք համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 476-րդ հոդվածի 1-ին մասին), 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 476-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին) քրեական հետապնդումը պետք է դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել՝ ՀՀ քրեական (01.07.1998թ. ընդունված) դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով՝ վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ (…)»[2]։
8. Առաջին ատյանի դատարանի որոշումն անփոփոխ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն. «(…) [Վ]երաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործով ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, որը բեկանելու իրավաչափ հիմքերը բացակայում են, հետևաբար վերաքննիչ բողոքը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Տվյալ դեպքում, հաշվի առնելով, որ դատախազ Ա.Դանիելյանը վերաքննիչ բողոքում չի վիճարկում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված և նույն թվականի օգոստոսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքով (այսուհետ՝ նաև 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրք) ամբաստանյալ Կարեն Օնիկի Բաբախանյանին մեղսագրված արարքները 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքին (այսուհետ՝ նաև 2021 թվականին ընդունված քրեական օրենսգիրք) համապատասխանեցնելու հարցը, Վերաքննիչ դատարանը, կաշկանդված լինելով վերաքննիչ բողոքի հիմքերի ու հիմնավորումների սահմաններում Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափության ստուգման օրենսդրական պահանջով, անդրադառնում է միայն 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքին հետադարձ ուժ տալու և վաղեմության ժամկետների կիրառման իրավաչափության հարցին: (․ ․ ․)
[Վ]երաքննիչ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում Առաջին ատյանի դատարանը Կարեն Բաբախանյանին մեղսագրված արարքները համապատասխանեցնելով գործող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով սահմանված՝ խոշոր չափերով կատարված հանցագործությունների հատկանիշներին, իրավացիորեն դրանց վերաորակման արդյունքում հետադարձ ուժ է տվել պատիժը մեղմացնող օրենսդրությանը՝ դրանով իսկ ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելով ամբաստանյալ Կարեն Բաբախանյանի համար: Վերաքննիչ դատարանի վերջին դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ պատիժը մեղմացնող օրենք պետք է համարել ոչ միայն այն օրենքը, որը փոփոխում է Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված պատիժը, այլ նաև այն դեպքերում, երբ հանցակազմում տեղի են ունենում այնպիսի փոփոխություններ, երբ դրանց արդյունքում հանցակազմի մասի փոփոխության հետևանքով արարքը որակվում է նշված հանցակազմի այն մասով, որի սանկցիան ավելի մեղմ է: Այսինքն՝ պատիժը մեղմացնող է նաև այն օրենքը, որի համաձայն նախկինում ամբաստանյալի կատարած արարքը կոնկրետ հանցակազմի՝ ավելի խիստ պատիժ նախատեսող մասով որակելու փոխարեն պետք է որակվի ավելի մեղմ պատիժ նախատեսող մասով։ Ինչ վերաբերում է այլ կերպ բարելավող օրենքին, ապա այդպիսի օրենք է համարվում այն օրենքը, որի կիրառման դեպքում անձի նկատմամբ նշանակվող պատժի փոփոխություն տեղի չի ունենում, սակայն առկա են լինում հանցանք կատարած անձի վիճակի վրա ազդող որոշակի փոփոխություններ։ Հետևաբար, տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ քննարկվող հանցակազմերի առարկայի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից ակնհայտ է, որ դրանց արդյունքում՝ Կարեն Բաբախանյանին վերագրվող արարքները որակվել են համապատասխանաբար՝ խարդախություն, որը կատարվել է խոշոր չափերով՝ 2021 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), խարդախության փորձ, որը կատարվել է խոշոր չափերով՝ 44-255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) և խոշոր չափերով կաշառք տալուն դրդելու փորձ՝ 46-44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (5 դրվագ), որոնք դասվում են միջին ծանրության հանցագործությունների շարքին և որոնց համար 2021 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով քրեական պատասխանատվություն է սահմանվել համապատասխանաբար տուգանք` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներ՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակում՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկում` երկուսից հինգ տարի ժամկետով, իսկ երկրորդ դեպքում՝ կարճաժամկետ ազատազրկում՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ երկուսից հինգ տարի ժամկետով, այսինքն օրենսդրի կողմից սահմանվել է ավելի մեղմ պատիժ, քան 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված սանկցիայով։ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նշված փոփոխությունները համընկնում են քրեական օրենքին հետադարձ ուժ տալու համար անհրաժեշտ պայմանին, այն է՝ մեղմացվել է համապատասխան հանցավոր արարքի համար սահմանված պատիժը, հետևաբար 2021 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի՝ վերը նշված փոփոխություններին պետք է տրվի հետադարձ ուժ, այսինքն դրանց գործողությունը պետք է տարածվի մինչև փոփոխության ընդունումը հանցանք կատարած անձի` Կարեն Բաբախանյանի արարքների որակման և դրանց համար պատժի սահմանման վրա։ Վերոնշյալ հիմնավորումներով Վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքաբերի պնդումները՝ հափշտակության, պատճառված գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը նախատեսող օրենքի փոփոխությունը՝ ամբաստանյալի վիճակը այլ կերպ բարելավող օրենք համարվելու մասին, անհիմն են։ Նույն դրույթների հաշվառմամբ Վերաքննիչ դատարանի համար ընդունելի է նաև Առաջին ատյանի դատարանի այն դիրքորոշումը, որ Կարեն Բաբախանյանին՝ 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (համապատասխանում է 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին), 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) (համապատասխանում է 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 476-րդ հոդվածի 1-ին մասին (2 դրվագ)) և 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 476-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին) քրեական օրենքին հետադարձ ուժ տալու, հետևաբար նաև վերաորակելու հիմքերի բացակայության մասին արտահայտված դիրքրոշումները, քանի որ հիշյալ հոդվածներում չեն կատարվել այնպիսի փոփոխություններ, որոնցով արարքները վերաորակելու դեպքում պատիժը մեղմացնելու առումով կբարելավվի անձի վիճակը։ (․ ․ ․)
2003 և 2021 թվականներին ընդունված քրեական օրենսգրքերի համապատասխանաբար 75-րդ և 83-րդ հոդվածների համեմատաիրավական վերլուծությունը վկայում է, որ 2021 թվականին ընդունված քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների մասով տվյալ դեպքում անձի վիճակը վատթարացող օրենք է և կիրառելի չէ ամբաստանյալ Կարեն Բաբախանյանի նկատմամբ, քանի որ նախ՝ սահմանում է վաղեմության ավելի երկար ժամկետներ, բացի այդ, վաղեմության ժամկետը, ի տարբերություն 2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի, հաշվարկվում է մինչև անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելը։ Հետևաբար Վերաքննիչ դատարանի համար ընդունելի է Առաջին ատյանի դատարանի այն տեսակետը, որ տվյալ դեպքում քննարկվող մասով կիրառելի է 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի դրույթները։ Վերաքննիչ դատարանը բողոքաբերի պնդումներից ստանում է այնպիսի տպավորություն, որ նոր քրեական օրենքին հետադարձ ուժ տալու դեպքում պետք է առաջնորդվել կա՛մ-կա՛մ սկզբունքով, այսինքն՝ կիրառվում է ամբողջությամբ կա՛մ նոր օրենքը, կա՛մ նախկին օրենքը, մինչդեռ օրենսդիրը հնարավոր է համարում միաժամանակ կիրառել և՛ նախկին օրենքը և՛ նոր օրենքը: Վերաքննիչ դատարանի այս հետևությունը հիմնված է, մասնավորապես գործող ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասում սահմանված՝ օրենքը մասնակի հետադարձության կարգով կիրառելու կանոնի վրա, քանի որ մասնակիորեն հետադարձ ուժ տալու կարգով օրենքի կիրառումն անխուսափելիորեն հանգում է միաժամանակ և՛ նախկին և՛ նոր օրենքի կիրառմանը, այն մասով, որը բարենպաստ է անձի համար, հետևաբար իրավական հիմքեր չկա անձի նկատմամբ կիրառման ենթակա երկու օրենքների բարենպաստ կանոնների չկիրառման համար՝ ինչպես փորձում է հիմնավորել բողոքաբերը: Տվյալ դեպքում, Վերաքննիչ դատարանը, նկատի ունենալով, որ ամբաստանյալ Կարեն Բաբախանյանին մեղսագրված՝ 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 44-255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 46-44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (5 դրվագ), 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 333-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հանցանքները կատարվել են 2016 թվականի մարտ ամսից մինչև 2017 թվականի օգոստոսի 18-ն ընկած ժամանակահատվածում, և որոնք թե՛ 2003, թե՛ 2021 թվականներին ընդունված քրեական օրենսգրքերով դասվում են ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների շարքին, միաժամանակ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի ընթացքն այլ հանցանքներով ընդհատված լինելու մասին փաստական տվյալներ առկա չեն, ինչպես նաև 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա հաշվի առնելով, որ արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, Կարեն Բաբախանյանին մեղսագրված արարքների համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների հաշվարկման մասով իրավացիորեն առաջնորդվել է ենթադրյալ հանցավոր արարքը կատարելու պահին գործող՝ 2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի դրույթներով։ 5.11. Ինչ վերաբերում է բողոքաբերի այն պնդումներին, որ նշված իրավակարգավորումների պարագայում Առաջին ատյանի դատարանի կողմից 2003 թվականի ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի փոխարեն պետք է կիրառվեր նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ դրանք անհիմն են, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ եթե նոր օրենքի ընդունման արդյունքում անձի՝ 2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի ժամանակ ենթադրաբար կատարած հանցանքը վերաորակվում է 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի ավելի մեղմ պատիժ նախատեսող մասով և դրա արդյունքում տեղի է ունենում հանցագործության տեսակի փոփոխություն, ապա վերաորակման պահից նույն հոդվածի վերաբերյալ նախկին իրավակարգավորումների քրեաիրավական հետևանքները դադարում են, այսինքն՝ տվյալ դեպքում վերաորակման պահից Կարեն Բաբախանյանին մեղսագրված արարքները համարվում են միջին ծանրության հանցագործություններ՝ դրանից բխող բոլոր քրեաիրավական հետևանքներով, հետևաբար վաղեմության ժամկետների կիրառման մասով ևս կիրառելի են միջին ծանրության հանցանքների վերաբերյալ վաղեմության ժամկետների օրենսդրական կարգավորումները։ 5.12. Այսպիսով, մեջբերված իրավադրույթների և իրավական վերլուծությունների հիման վրա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի հետևությունները հիմնավոր են և բխում են գործի նյութերից, բողոքարկված դատական ակտն օրինական է և հիմնավորված, այն բեկանելու և փոփոխելու հիմքեր առկա չեն, հետևաբար վերաքննիչ բողոքը ենթակա է մերժման (…)»[3]։ Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ են արդյո՞ք ամբաստանյալ Կ․Բաբախանյանին ՀՀ գործող քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 44-255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 46-44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (5 դրվագ) քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։
10. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»։ ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:
2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով»։ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «1. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի:
2. Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ։ (...)
4. Հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթե դա նախատեսված է օրենքով։ (...)
6. Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ մասնակիորեն խստացնող օրենքը սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»:
11. ՀՀ Սահմանադրության 72-73-րդ հոդվածներով ամրագրված երաշխիքները, որոնք նորմատիվ իրավական ակտի կիրառման սահմանադրական սկզբունք են, քրեաիրավական համակարգում առանցքային տեղ են գրավում, ինչը հատկապես ընդգծվում է այն հանգամանքով, որ փոփոխվող և զարգացող հասարակությունում կոնկրետ արարքի դեմ քրեաիրավական ներգործության նպատակահարմարությունը, դրա հանրային վտանգավորությունը կամ քրեականացված արարքը կատարած անձի իրավական վիճակը նորովի կարգավորվելու դեպքում, դատարանը, որպես քրեական դատավարությունում արդարադատության գործառույթով օժտված մարմին, պետք է քննարկման առարկա դարձնի օրենսդրական փոփոխության իրավական բնույթը, ըստ այդմ էլ՝ մինչ ընդունումը ծագած իրավահարաբերությունների վրա այն հետադարձութամբ տարածելու իրավական հնարավորությունը։ Հարկ է արձանագրել, որ ՀՀ Սահմանադրությամբ՝ ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության կանոնակարգումը հիմնվում է այն տրամաբանության վրա, որ իրավական ակտերի հետադարձ ուժով գործողության մերժումն ընդհանուր կանոն է, իսկ այդ ակտերի հետադարձ ուժով գործողության հնարավորությունը՝ բացառություն ընդհանուր կանոնից[4]։ Ընդ որում, բացառություններն իրենց հերթին տարբեր են. ա) երբ սահմանադիրը բացառում է որևէ հայեցողություն դրսևորելու հնարավորությունը՝ սահմանելով հետադարձության ուղիղ պահանջ, օրինակ, արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն օժտված է անմիջական գործողությամբ և բ) երբ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտին հետադարձ ուժ հաղորդելու լիազորությունը թողնվում է իրավասու՝ այդ ակտն ընդունող մարմնի հայեցողությանը, օրինակ, անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով[5]: Տարբերակման այս գաղափարն իր արտացոլումն է գտել նաև ՀՀ գործող քրեական օրենսգրքում. այսպես՝ օրենսգրքի 8-րդ և 9-րդ հոդվածների համադրված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող նորմի համար նախատեսվում է հետադարձ ազդեցության անմիջական պահանջ, մինչդեռ անձի վիճակն այլ կերպ բարելավող դրույթի հետադարձությունը պայմանավորվում է օրենքով նախատեսված լինելու հանգամանքով[6]։ 12․ Վճռաբեկ դատարանը, Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի վերաբերյալ գործով որոշմամբ անդրադառնալով քրեական օրենսդրության հետադարձությամբ կիրառման դեպքերին, արձանագրել է, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվարկման տեսանկյունից քրեական նոր օրենքով անձին մեղսագրված հանցանքի տեսակի փոփոխությունն ինքնին չի կարող հետադարձ ներգործություն ունենալ, այսինքն, այս հարցի շրջանակներում օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու ինքնուրույն ցուցիչ չէ, և տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու մասին կարելի է խոսել բացառապես քրեական պատասխանատվությունից ազատելու ինստիտուտը կանոնակարգող՝ ՀՀ նախկին և գործող քրեական օրենսգրքերի ընդհանուր նորմերի հետ համադրված գնահատելու պարագայում։ Միևնույն ժամանակ անդրադառնալով օրենսդրական փոփոխությունների արդյունքում հանցանքի տեսակի և վաղեմության ժամկետների փոփոխության իրավիճակներին, մասնավորապես՝ այն դեպքին, երբ արարքի (հանցանքի) ծանրության աստիճանը նվազում է, իսկ այդ արարքի համար սահմանված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը չի փոփոխվում, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդրական փոփոխության արդյունքում պատժի մեղմացման հետևանքով նախկինում ծանր համարվող հանցանքը միջին ծանրության հանցանք հանդիսանալու դեպքում կիրառելի է մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու կանոնը՝ հանցանքի տեսակի և պատժի մասով, այսինքն՝ արարքը պետք է որակվի ՀՀ գործող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ անթույլատրելի է օրենքի փոփոխության արդյունքում հետադարձության կանոնների կիրառմամբ ստացված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը (տասը տարին) համեմատել ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի (հինգ տարի) հետ։ Նման համեմատությունը սկզբունքորեն չի համապատասխանի ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնի էությանն ու նշանակությանը: Հակառակ մոտեցումը հանգեցնում է այնպիսի իրավիճակի, որ արարքի կատարման պահին ծանր հանցագործություն համարվող արարքի պարագայում անձի նկատմամբ կիրառվում է արարքի կատարման պահին միջին ծանրության հանցանքի համար նախատեսված կարգավորումը, որը որևէ պարագայում կիրառելի չէր[7]։
13. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- Կ․Բաբախանյանին, ի թիվս այլնի, վերագրվել է 2016 թվականի մարտ ամսից մինչև 2017 թվականի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում առանձնապես խոշոր չափերով խարդախության կատարում (2 դրվագ), առանձնապես խոշոր չափերով խարդախության կատարման փորձ (5 դրվագ), խոշոր չափերով կաշառք տալուն դրդելու փորձ (5 դրվագ)։ Հիշյալ արարքները որակվել են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (5 դրվագ)[8],
- Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքով հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերի փոփոխման արդյունքում ամբաստանյալ Կ.Բաբախանյանին մեղսագրված ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (5 դրվագ) մեղսագրվող ծանր հանցանքնրը համապատասխանում են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 44-255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 46-44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (5 դրվագ) նախատեսված հանցանքներին, որոնք դասվում են միջին ծանրության հանցանքների շարքին, ուստի դրանց համապատասխանեցման և վերաորակման դեպքում հետադարձ ուժ տալով պատիժը մեղմացնող օրենսդրությանը՝ ավելի բարենպաստ պայմաններ է ստեղծվում ամբաստանյալ Կ.Բաբախանյանի համար: Միևնույն ժամանակ, Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների հաշվարկման մասով կիրառելի են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի իրավակարգավորումները[9],
- Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ գտնելով, որ ՀՀ գործող քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների մասով տվյալ դեպքում անձի վիճակը վատթարացող օրենք է և կիրառելի չէ ամբաստանյալ Կ․Բաբախանյանի նկատմամբ, քանի որ նախ՝ սահմանում է վաղեմության ավելի երկար ժամկետներ, բացի այդ, վաղեմության ժամկետը, ի տարբերություն 2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի, հաշվարկվում է մինչև անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելը։ Արդյունքում Վերաքննիչ դատարանը ընդունելի է համարել Առաջին ատյանի դատարանի այն դատողությունը, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների հաշվարկման մասով կիրառելի է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթները[10]։
14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-12-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Կ․Բաբախանյանին վերագրվող արարքները թեև ՀՀ գործող քրեական օրենսգրքով դասվել են միջին ծանրության հանցագործությունների շարքին, սակայն նույն օրենսգրքի՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելը կանոնակարգող նորմերի համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ օրենսդրական այդ փոփոխությունը Կ․Բաբախանյանի համար վաղեմության ժամկետների առումով բարենպաստ հետևանքներ չի առաջացնում, քանզի երկու օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումն առ այն, որ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքները ավարտվելուն հաջորդող օրվանից անցել է տասը տարի։ Այսինքն՝ թե՛ նախկին, թե՛ գործող քրեական օրենսդրությունները թույլ են տալիս ամբաստանյալ Կ․Բաբախանյանին վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով ազատել քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելու օրվանից անցել է տասը տարի։ Մինչդեռ, ստորադաս դատարանների մոտեցումը ոչ իրավաչափորեն հանգեցրել է նրան, որ վերագրվող ենթադրյալ արարքները կատարելուց շուրջ հինգ տարի անց ամբաստանյալ Կ․Բաբախանյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից, այն դեպքում, երբ, և՛ նախկին, և՛ գործող քրեական օրենքի համաձայն, վերջինիս քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը տասը տարի է։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ տվյալ դեպքում առկա է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված իրավիճակը։
15. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետևությունն առ այն, որ ամբաստանյալ Կ․Բաբախանյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով վերջինիս քրեական պատասխանատվությունից ազատելու հարցը լուծելիս վաղեմության ժամկետը ենթակա է հաշվարկման արարքի կատարման պահին գործող՝ միջին ծանրության հանցագործությունների վաղեմության ժամկետի հաշվարկման կանոնով, իրավաչափ չէ։
16. Ինչ վերաբերում է բողոքաբերի կողմից սույն որոշման 4.2-րդ կետում նշված դատողությանը, ապա Վճռաբեկ դատարանն այն հիմնավոր չի համարում, հիմք ընդունելով Միշա Մուրադյանի գործով արտահայտած իրավական դիրքորոշումները[11]։ Բացի այդ, բողոքաբերի այդ փաստարկը սույն գործով ընդունելի չէ նաև այն պատճառաբանությամբ, որ նոր ընդունված քրեական օրենսդրությամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի առումով ամբաստանյալ Կ․Բաբախանյանի համար առավել բարենպաստ պայմաններ չեն նախատեսվել։
17. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանը՝ դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է` կիրառել են 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որը սույն գործով ենթակա չէր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածի, հիմք է Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի նոյեմբերի 22-ի որոշումը մասնակի՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով Կարեն Օնիկի Բաբախանյանի նկատմամբ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 44-255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 46-44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (5 դրվագ) քրեական հետապնդումը դադարեցնելու մասով, և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2023 թվականի փետրվարի 9-ի որոշումը բեկանելու համար։ Հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պաշտպան Ա․Թամրազյանի միջնորդությունը պետք է մերժել և վարույթը փոխանցել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։ 18․ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր քննության ընթացքում ՀՀ հակակոռուպցիոն դատարանը, հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, պետք է ըստ էության քննության առնի Կ․Բաբախանյանի վերաբերյալ քրեական գործը և արդյունքում հանգի համապատասխան հետևության։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ ու 386-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Թիվ ԵԴ/0630/01/18 քրեական գործով Կարեն Օնիկի Բաբախանյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի նոյեմբերի 22-ի որոշումը մասնակի՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով Կարեն Օնիկի Բաբախանյանի նկատմամբ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 44-255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 46-44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (5 դրվագ) քրեական հետապնդումը դադարեցնելու մասով, և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2023 թվականի փետրվարի 9-ի որոշումը բեկանել, պաշտպան Ա․Թամրազյանի միջնորդությունը մերժել և վարույթը փոխանցել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
Նախագահող` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Դատավորներ` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ
Ս.ՉԻՉՈՅԱՆ
Դ․ՎԵՔԻԼՅԱՆ
Ծանոթագրություններ
[1] Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 7-րդ, թերթեր 145-184:
[2] Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 14-րդ, թերթեր 40-57:
[3] Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 15-րդ, թերթեր 71-86:
[4] Տե՛ս, mutatis mutandis, ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2011 թվականի նոյեմբերի 29-ի թիվ ՍԴՈ-1000 որոշումը։ [5] Տե՛ս, mutatis mutandis, ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշումը։ [6] Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Վանիկ Առուստամյանի գործով 2024 թվականի փետրվարի 22-ի թիվ ԼԴ/0004/12/22 որոշումը։ [7] Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի գործով 2024 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԱՔԴ/0196/01/17 որոշումը։ [8] Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։
[9] Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
[10] Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
[11] Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Միշա Մուրադյանի գործով 2023 թվականի նոյեմբերի 10-ի թիվ ԵԴ/1424/01/21 որոշման 16-20-րդ կետերը։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 օգոստոսի, 2024 թ.
- Գործի #:
- ԵԴ/0630/01/18
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
