Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/Նալբանդյան — ԼԴ/0057/01/19
ՎճռաբեկԿոռուպցիոն քրեականAI Ինդեքսավորված

Նալբանդյան — ԼԴ/0057/01/19

Վճռաբեկ դատարանԼԴ/0057/01/191 մարտի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 75. Քրեական պատասխանատվությունից ազատելը վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով · Հոդված 35. Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները
PDF

Ամփոփում

Պ Ա Ր Զ Ե Ց Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2019 թվականի մարտի 11-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 19153519 քրեական գործը: Նախաքննության մարմնի` 2019 թվականի հունիսի 14-ի որոշմամբ Արմեն Նալբանդյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Նախաքննության մարմնի` 2019 թվականի հունիսի 20-ի որոշմամբ Արմեն Նալբանդյանը ներգրավվել է որպ

Ամբողջ Տեքստ

ԼԴ/0057/01/19

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Լոռու մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

Նախագահող դատավոր՝ Ս.Գզոգյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Նախագահող դատավոր` Ն.Հովակիմյան

Դատավորներ` Կ.Մարդանյան

Ռ.Բարսեղյան

ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Ե․ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ

Ս.ՄԱՐԱԲՅԱՆԻ

Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ

2024 թվականի մարտի 1-ին քաղաք Երևանում

գրավոր ընթացակարգով քննության առնելով Արմեն Նալբանդյանի վերաբերյալ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ 2022 թվականի մարտի 30-ի որոշման դեմ ամբաստանյալ Ա․Նալբանդյանի պաշտպան Արտակ Ոսկանյանի վճռաբեկ բողոքը[1],

Պ Ա Ր Զ Ե Ց

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2019 թվականի մարտի 11-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 19153519 քրեական գործը: Նախաքննության մարմնի` 2019 թվականի հունիսի 14-ի որոշմամբ Արմեն Նալբանդյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Նախաքննության մարմնի` 2019 թվականի հունիսի 20-ի որոշմամբ Արմեն Նալբանդյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: 2019 թվականի հուլիսի 4-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)։

2. Առաջին ատյանի դատարանի` 2021 թվականի սեպտեմբերի 30-ի դատավճռով Ա․Նալբանդյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքների կատարման մեջ: ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով Ա.Նալբանդյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 (երկու) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկում` 1 (մեկ) տարի ժամկետով՝ զրկելով որոշակի պաշտոններ կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից մեկ տարի ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով` նշանակված պատիժները լրիվ գումարելու միջոցով, Ա․Նալբանդյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով՝ զրկելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից` մեկ տարի ժամկետով։ 2018 թվականի նոյեմբերի 1-ին ընդունված «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ նաև Համաներման մասին օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Ա․Նալբանդյանն ազատվել է հիմնական պատժից՝ երեք տարի ժամկետով ազատազրկումից։

3. Ամբաստանյալ Ա.Նալբանդյանի պաշտպան Ա․Ոսկանյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ դատարանը 2022 թվականի մարտի 30-ի որոշմամբ բողոքը մասնակիորեն բավարարել է` Առաջին ատյանի դատարանի 2021 թվականի սեպտեմբերի 30-ի դատավճիռը մասնակիորեն բեկանվել և փոփոխվել է` ճանաչվել և հռչակվել է Ա․ Նալբանդյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում: «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ` Ա․Նալբանդյանն ազատվել է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով երկու տարի ժամկետով ազատազրկման ձևով նշանակված պատժից։ Դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ։ 4․ Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի մարտի 30-ի որոշման դեմ ամբաստանյալ ԱՆալբանդյանի պաշտպան Ա․Ոսկանյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի սեպտեմբերի 1-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։ 5․ Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 12-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ: 6․ Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը բերվել է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

7. Բողոքաբերի համոզմամբ՝ ստորադաս դատարանները, պատշաճ գնահատման չենթարկելով գործի փաստական տվյալների ամբողջությունը, ամբաստանյալ Ա.Նալբանդյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղսագրված արարքում մեղավոր ճանաչելու հարցում հանգել են սխալ եզրահանգման։ Ի հիմնավորումն վերոնշյալի` բողոք բերած անձը գտել է, որ դատաքննության ընթացքում գործում առկա ապացույցների ստուգման և գնահատման արդյունքում, դրանց՝ գործի փաստական հանգամանքների հետ համադրմամբ պետք էր արձանագրել, որ Ա.Նալբանդյանին վերագրվող արարքում բացակայել է հանցակազմի օբյեկտը։ Մասնավորապես` բողոքի հեղինակը նշել է, որ սույն գործով առկա չեն թույլատրելի, վերաբերելի և հավաստի ապացույցների համակցություն, ինչը կարող է վկայել Ա.Նալբանդյանի կողմից տեղափոխված տնակները «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության սեփականությունը հանդիսանալու հանգամանքը: Բողոք բերած անձը փաստարկել է նաև, որ Ա.Նալբանդյանի գործով Վերաքննիչ դատարանի դատական ակտում Համաներման մասին օրենքի վերաբերյալ հետևությունները հակասում են Արտակ Գևորգյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2018 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ ԱՎԴ/0065/01/17 որոշմամբ տրված մեկնաբանությանը: Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանն ամբաստանյալ Ա.Նալբանդյանին հանցագործությունների համակցության մեջ գտնվող ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում արդարացնելու հիմքերի առկայության պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ պատժից ազատելով` թույլ է տվել նյութական իրավուքի խախտում, քանի որ հիշյալ մեղսագրվող արարքը կատարելու պահին վերջինս եղել է 61 տարեկան, հետևաբար Ա.Նալբանդյանի նկատմամբ պետք է կիրառվեր նույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի համաձայն` քրեական հետապնդումը դադարեցվեր և քրեական գործի վարույթը կարճվեր: Ըստ բողոքաբերի՝ Վճռաբեկ դատարանի կողմից կայացվելիք դատական ակտը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանզի Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի և 4-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառման հարցի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։ 7.1 Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է մասնակիորեն բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի` 2022 թվականի մարտի 30-ի որոշումը, ճանաչել ու հռչակել Արմեն Լևոնի Նալբանդյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ, կամ Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի հիման վրա Արմեն Լևոնի Նալբանդյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել: Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

8. Ա.Նալբանդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հետևյալ հանցավոր արարքների համար. «(…) [Ն]ա, աշխատելով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության «Բարձավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության «Հյուսիսային» մասնաճյուղում որպես գլխավոր ճարտարագետ, հիշյալ մասնաճյուղի «Վանաձոր-1» ենթակայանի տարածքում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան «ա» հասցեում գտնվող, մասնաճյուղի տրանսպորտի և մատակարարման ծառայության հիմնական միջոց հանդիսացող 00922088 գույքային համարի, ՄԿ․9 Ն 46/75 81 քմ անվանումով տնակի խոշոր չափերով՝ ընդհանուր 850․000 ՀՀ դրամ արժողությամբ երկու բլոկները գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, ի պաշտոնե հիշյալ տնակների նկատմամբ չունենալով որևէ իրավասություն, 2018 թվականի օգոստոսի 14-ին նույն մասնաճյուղի աշխատակիցներին խաբել ու հայտնել է իբր ընկերության ղեկավարության կողմից թույլտվություն է ստացել տնակները դստեր ամուսնուն Աշոտ Բաղդասարյանին հատկացնելու համար, այնուհետև իր կողմից վարձակալած բեռնատարով տնակները տեղափոխելով Աշոտ Բաղդասարյանի բնակության վայր՝ Լոռու մարզի Գուգարք գյուղի էներգետիկների 1-ին փողոց՝ գաղտնի հափշտակել՝ գողացել է դրանք։ Բացի այդ, Արմեն Նալբանդյանը, հանդիսանալով վարչատնտեսական կազմակերպատնօրինչական լիազորություններով օժտված պաշտոնատար անձ, իր կատարած հանցագործությունը թաքցնելու շահադիտական դրդումներից ելնելով, 2018 թվականի օգոստոսի 15-ին, աշխատանքի վայրում Վանաձոր քաղաքի Թևոսյան 2 «ա» հասցեում, 2018 թվականի օգոստոսի 14-ի ամսաթվով կազմել է իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը հավաստող, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ակտ, որում կեղծ տեղեկություններ է ներառել հիշյալ տնակի երեք բլոկներից երկուսը «Վանաձոր-2» ենթակայան տեղափոխելու, իսկ երրորդ բլոկը ապամոնտաժելու և դրա հետևանքով առաջացած ապրանքները պահեստավորելու վերաբերյալ, ապա ակտը ստորագրման համար ներկայացրել է մասնաճյուղի տնօրեն Էդգար Բոջուկյանին, աշխատակիցներ Վալերի Հարությունյանին, Արամ Բաղդասարյանին, Արմեն Ազարյանին, Ռաշիդ Վարդումյանին և Տարոն Նալբանդյանին (…)»[2]:

9. Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 30-ի դատավճռի համաձայն՝ «(…) Դատարանը, վերլուծելով ամբաստանյալ Արմեն Լևոնի Նալբանդյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված և դատաքննության ընթացքում հետազոտված վերոգրյալ ապացույցները, դրանք գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ, ամբաստանյալի մեղավորության վերաբերյալ չփարատվող բոլոր կասկածները նրա օգտին մեկնաբանելով, հաստատված է համարում, որ նա աշխատելով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության «Հյուսիսային» մասնաճյուղում որպես գլխավոր ճարտարագետ, հիշյալ մասնաճյուղի «Վանաձոր-1» ենթակայանի տարածքում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան <<ա>> հասցեում գտնվող, մասնաճյուղի տրանսպորտի և մատակարարման ծառայության հիմնական միջոց հանդիսացող 00922088 գույքային համարի, ՄԿ.9 Ն 46/75 81 քմ անվանումով տնակի խոշոր չափերով` ընդհանուր 850.000 ՀՀ դրամ արժողությամբ երկու բլոկները գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, ի պաշտոնե հիշյալ տնակների նկատմամբ չունենալով որևէ իրավասություն, 2018 թվականի օգոստոսի 14-ին նույն մասնաճյուղի աշխատակիցներին խաբել ու հայտնել է իբր ընկերության ղեկավարության կողմից թույլտվություն է ստացել տնակները դստեր ամուսնուն Աշոտ Բաղդասարյանին հատկացնելու համար, այնուհետև իր կողմից վարձակալած բեռնատարով տնակները տեղափոխելով Աշոտ Բաղդասարյանի բնակության վայր՝ Լոռու մարզի Գուգարք գյուղի էներգետիկների 1-ին փողոց՝ գաղտնի հափշտակել՝ գողացել է դրանք: (…): Մասնավորապես, վկաների ցուցմունքներով, տեղանքի զննության արձանագրությամբ, դատաապրանքագիտական փորձաքննության եզրակացությամբ, իրեղեն ապացույցով հաստատվում է, որ Ա.Նալբանդյանը կատարել է խոշոր չափի գողություն (…): Վկաների ցուցմունքները գնահատելով գործով ձեռք բերված թույլատրելի և վերաբերելի ապացույցների համակցության մեջ, գնահատելով նրանց անձին վերաբերող հատկանիշները, մասնավորապես՝ շահագրգռվածության աստիճանը, ցուցմունքների ձևավորման հանգամանքները և ցուցմունքներում նշված փաստական տվյալները` Դատարանն գտնում է, որ նրանց ցուցմունքներն արժանահավատ են և նրանցում առկա չեն այնպիսի էական հակասություններ, որոնք թույլ կտային դրանք գնահատել որպես անարժանահավատ: Ամբաստանյալ Ա.Նալբանդյանի դատաքննական և նախաքննական ցուցմունքները գնահատելով գործով ձեռք բերված թույլատրելի և վերաբերելի ապացույցների համակցության մեջ` Դատարանը գտնում է, որ նրա դատաքննական դրանք անարժանահավատ են և այդ ցուցմունքներով ամբաստանյալը նպատակ է հետապնդում խուսափել քրեական պատասխանատվությունից և պատժից: Դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցների հիման վրա հաստատվում է Ա.Նալբանդյանի նախաքննական ցուցմունքների արժանաավահատությունը: (...):

Դատարանն արձանագրում է, որ անձի նկատմամբ պատժի տեսակ և չափ ընտրելիս, ինչպես նաև այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս պետք է ղեկավարվել ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք դրույթներով: (…)

Դատարանն ամբաստանյալ Ա.Նալբանդյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առնում նրան մեղսագրված հանցագործությունների հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, այդ թվում հանցանքների կատարման հանգամանքները, եղանակը և շարժառիթը, պատճառված վնասի չափը, ինչպես նաև խախտված հասարակական հարաբերությունների սոցիալական նշանակությունը: Դատարանն ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առնում նաև նրա անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: (…) Դատարանը գտնում է, որ կատարած արարքի համար ամբաստանյալ Ա.Նալբանդյանը ենթակա է պատժի:

Դատարանը, հաշվի առնելով ամբաստանյալ Ա.Նալբանդյանի կատարած արարքների՝ հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, նրա անձը բնութագրող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ հոդվածների պահանջները, գտնում է, որ ամբաստանյալ Ա.Նալբանդյանն իր կատարած՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների համար ենթակա է պատժի ազատազրկման ձևով. ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով և 314-րդ հոդվածի 1-ին մասովազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով զրկելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից 1 (մեկ) տարի ժամկետով: (...)

Այսպես, ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա` նշանակված պատիժները լրիվ գումարելու միջոցով Արմեն Նալբանդյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում` 3 (երեք) տարի ժամկետով` զրկելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից՝ 1 (մեկ) տարի ժամկետով: Անդրադառնալով ամբաստանյալ Ա.Նալբանդյանի կողմից իր նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցին` Դատարանը, հաշվի առնելով հանցավորի անձը բնութագրող հանգամանքները, կատարված արարքի բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, պատժի` սոցիալական արդարության վերականգնման և պատժի ենթարկված անձի ուղղվելու նպատակների իրացման հարցը, գտնում է, որ ամբաստանյալ Ա.Նալբանդյանը պետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը, այն պայմանականորեն չկիրառելու հիմքերը բացակայում են: (...)

Հաշվի առնելով այն, որ Ա.Նալբանդյանին մեղսագրված հանցավոր արարքները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին, հանցավոր արարքները կատարվել են մինչև 2018 թվականի հոկտեմբերի 21-ը, ինչպես նաև այն, որ բացակայում են «Էրեբունի Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 8-րդ և 10-րդ մասերի սահմանափակումները, որոնք կարող են արգելք հանդիսանալ Ա.Նալբանդյանի նկատմամբ Համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի կիրառման համար` Դատարանը գտնում է, որ պետք է կիրառել Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և Ա.Նալբանդյանին ազատել նշանակված հիմնական պատժից՝ 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկումից (…)»[3]։

10. Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի մարտի 30-ի որոշման համաձայն՝ «(...) Դատարանն ամբաստանյալի դատաքննական ցուցմունքները համակցության մեջ գնահատելով հետազոտված մյուս ապացույցների հետ, հիմնավոր եզրահանգման է եկել այն մասին, որ արժանահավատ են Արմեն Նալբանդյանի նախաքննական ցուցմունքները և դրանք դրել է մեղադրական դատավճռի հիմքում: Դատարանի նման մոտեցումը ընդունելի է Վերաքննիչ դատարանի համար, քանի որ ամբաստանյալը որևէ համոզիչ փաստարկ չի ներկայացրել, թե ինչու է նախաքննության ընթացքում նման բովանդակության ցուցմունքներ տվել, այնուհետև դատաքննության ժամանակ փոխել դրանք: Դատարանը հիմնավոր հետևության է եկել այն մասին, որ այդ կերպ ամբաստանյալը փորձ է կատարել խուսափել հափշտակություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունից: Ամփոփելով՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Արմեն Նալբանդյանի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքում հաստատված է: Պաշտպանական կողմի պնդումները հակառակի մասին հիմնավոր չեն:

Անդրադառնալով պաշտպանի այն փաստարկին, որ Արմեն Նալբանդյանը ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի իմաստով պաշտոնատար անձ համարվել չի կարող, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարքի սուբյեկտը հատուկ է, դա պաշտոնատար անձն է, հետևաբար Արմեն Նալբանդյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը, Վերաքննիչ դատարանն արձանագրում է հետևյալը. (…)

Սույն գործի նյութերից երևում է, որ Արմեն Նալբանդյանը հանդիսացել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության «Հյուսիսային» մասնաճյուղի գլխավոր ճարտարագետ՝ վերը նշված ընկերության հետ կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա: Քրեական գործի նյութերին կցված՝ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության և Արմեն Նալբանդյանի միջև կնքված աշխատանքային պայմանագրից չի երևում, թե վերջինս կոնկրետ ինչ գործառույթներ է իրականացնում, ինչ աշխատանքային պարտականություններ ունի: Հետևաբար Արմեն Նալբանդյանին ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքի նկարագրության մեջ տեղ գտած այն ձևակերպումը, թե վերջինս աշխատելով «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության «Հյուսիսային» մասնաճյուղում որպես գլխավոր ճարտարագետ, հանդիսացել է վարչատնտեսական և կազմակերպատնօրինչական լիազորություններով օժտված պաշտոնատար անձ և կատարել է պաշտոնեական կեղծիք, հիմնավոր չէ, այդ դատողությունը վերացական բնույթ է կրում, չի բխում գործի նյութերից: (…)

Արմեն Նալբանդյանին ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով պետք է ճանաչել և հռչակել անմեղ՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով, քանի որ հանցակազմի տարրերից մեկի՝ տվյալ դեպքում սուբյեկտի բացակայությունը, վկայում է անձի արարքում հանցակազմի բացակայության մասին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արմեն Նալբանդյանը ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարքը կատարել է մինչև 2018 թվականի հոկտեմբերի 21-ը, նրան պետք է ազատել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նշանակված 2 /երկու/ տարի ժամկետով ազատազրկման ձևով պատժի կրումից՝ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով: Համաներման մասին վերը նշված օրենքը վերջինիս նկատմամբ չկիրառելու հիմքեր չկան (…)»[4]։ Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք ամբաստանյալ Ա.Նալբանդյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցակազմի առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները: Բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով քրեական գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման հիմնավորվածությունը, գործը քննելիս և լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ինչպես նաև ուսումնասիրության և գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը՝ Վճռաբեկ դատարանը հանգում է հետևության, որ ատորադաս դատարանները ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքում ամբաստանյալ Ա.Նալբանդյանի մեղավորության վերաբերյալ եկել են իրավաչափ եզրահագման: Այսպես` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ա.Նալբանդյանի մեղքը հիմնավորվում և այդ մասով պաշտպանի վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկները հերքվում են գործում առկա ապացույցների բավարար համակցությամբ, մասնավորապես՝ տեղանքի և լուսանկարչական հավելվածի զննության արձանագրություններով և զննության մասնակից Աշոտ Բաղդասարյանի հայտարարությամբ, համաձայն որի` Լոռու մարզի Գուգարք գյուղի էներգետիկների 1-ին փողոցի 1-ին տնակի հյուսիս-արևմտյան կողմում՝ քարերի վրա, գտնվել են միանման, կարմիր գույնի 2 տնակները, որոնք տեղափոխվել են 2018 թվականի օգոստոսի 14-ին «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության «Հյուսիսային» մասնաճյուղից, առգրավում կատարելու արձանագրությամբ, համաձայն որի՝ 2019 թվականի ապրիլի 25-ին Աշոտ Բաղդասարյանից առգրավվել են «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության «Հյուսիսային» մասնաճյուղի «Վանաձոր-1» ենթակայանից Լոռու մարզի Գուգարք գյուղի Էներգետիկների 1-ին փողոց տեղափոխված տնակի երկու բլոկները, դատաապրանքագիտական փորձաքննության թիվ 170-ԱՊ-19 եզրակացությամբ, համաձայն որի՝ տնակի երկու բլոկների շուկայական արժեքը, 2018 թվականի օգոստոսի դրությամբ, կազմել է 850,000 ՀՀ դրամ, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության «Հյուսիսային» մասնաճյուղի հիմնական միջոց հանդիսացող՝ 00022088 գույքային համարի, ՄԿ-9 Ն 46/75 81 քմ անվանումով տնակի երկու բլոկները իրեղեն ապացույց ճանաչելու մասին 2019 թվականի մայիսի 6-ի որոշմամբ, վկաների և ամբաստանյալի՝ նախաքննության և դատաքննության ընթացքում տված ցուցմունքներով[5]:

12. Վերոգրյալից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը կատարելու մեջ ամբաստանյալ Ա.Նալբանդյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված են:

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Ա.Նալբանդյանի նկատմամբ Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառելության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը։

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն՝

«1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե՝ (…)

6) անցել են վաղեմության ժամկետները

(…)

13) ընդունվել է համաներման մասին օրենք:

(…)

5. Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը:

6. Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ և 13-րդ կետերում նշված հիմքերով գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով»:

15. Վերոգրյալ հոդվածի վերլուծությունից երևում է, որ դրանում թվարկված են օրենքով սահմանված այն հանգամանքները, որոնք բացառում են ինչպես քրեական հետապնդման հնարավորությունը, այնպես էլ քրեական գործի վարույթը: Նշված հանգամանքներից յուրաքանչյուրի բացահայտման դեպքում քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, իսկ՝ քրեական գործի վարույթը կարճման:

16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված հիմքերի կիրառմանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Արամ Սարգսյանի գործով որոշման մեջ և արձանագրել, որ «(…) [Թ]եև [ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված] հիմքերն իրենց բովանդակությամբ, կիրառման իրավական հետևանքներով տարբեր են, այնուամենայնիվ, բոլորն էլ կրում են իմպերատիվ բնույթ և դրանցից գեթ մեկի առկայությունն արդեն իսկ բացառում է քրեական գործի վարույթը քրեական դատավարության ցանկացած փուլում: Այլ կերպ, եթե վարույթ իրականացնող մարմինը հայտնաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված հանգամանքներից որևէ մեկը, ապա գործի վարույթը ենթակա է կարճման»:[6]

17. Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` «1. Համաներում հայտարարելով՝ պատժից ազատել`

1) առավելագույնը չորս տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված անձանց. (…)»։ Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն` «Համաներում հայտարարելով՝ պատժից ազատել առավելագույնը վեց տարի ժամկետով ազատազրկման դատապարտված՝ (…) (…)

5) 60 տարին լրացած անձանց

(…)»։

Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն` «Քրեական գործի հարուցումը մերժել, հարուցված քրեական գործը կարճել, ինչպես նաև դադարեցնել քրեական հետապնդումը կամ չիրականացնել քրեական հետապնդում 2018 թվականի հոկտեմբերի 21-ը ներառյալ կատարած հանցագործությունների դեպքերով (…), որոնցով՝ (…)

2) սույն հոդվածի 2-րդ մասի 1-8-րդ կետերով նախատեսված անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություն կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ՝ ոչ ավելի, քան վեց տարի ժամկետով ազատազրկում․ (…)»: Համաներման մասին օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ <<Հանցագործությունների և դատավճիռների համակցության դեպքերում համաներումը կիրառվում է վերջնական պատժի նկատմամբ՝ հանցագործությունների կամ դատավճիռների համակցության կանոններով այն սահմանելուց հետո։ Սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված կանոնները հանցագործությունների համակցության նկատմամբ կիրառվում են, եթե սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում մեղսագրվող արարքների համար նախատեսված առավելագույն պատիժների հանրագումարը չի գերազանցում չորս տարի ժամկետով ազատազրկումը, սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում՝ վեց տարի ժամկետով ազատազրկումը, իսկ սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դեպքերում՝ վեց տարի ժամկետով ազատազրկումը>>: Համաներման մասին օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ «Սույն օրենքի կատարումը վերապահել՝

1) Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի և վերաքննիչ քրեական դատարաններին՝

ա. այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի կամ վերաքննիչ քրեական դատարանում են, սակայն մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը չեն քննվել, կամ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը քննվել են, բայց դատավճիռներն օրինական ուժի մեջ չեն մտել, (...)»:

18. Համաներման ինստիտուտի էությունից և իրավաստեղծ գործունեության պրակտիկայից բխում է, որ համաներման մասին ակտը, լինելով նորմատիվ իրավական ակտ, այնուհանդերձ, ունի առանձնահատկություններ: Մասնավորապես, համաներման մասին ակտը`

- տարածվում է այդ ակտով կոնկրետ նշված ժամանակահատվածում հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ հանցագործության կատարման համար դատապարտված որոշակի կատեգորիայի անձանց, վերջիններիս վերագրվող քրեորեն պատժելի որոշակի արարքների վրա,

- վերաբերում է քրեական պատասխանատվությունից ազատելու, պատժից լրիվ կամ մասնակիորեն ազատելու կամ պատիժը մեղմացնելու, ինչպես նաև դատվածությունը վերացնելու հարցերին,

- սահմանում է համաներման կիրառման կոնկրետ ժամկետ, այլ կերպ` այդ ակտն ունի կոնկրետ գործողության ժամկետ: Վերոնշյալից բխում է, որ համաներման մասին կարող են ընդունվել ակտեր, որոնցից յուրաքանչյուրով համաներում կիրառելու կամ դրա կիրառման սահմանափակումների շրջանակները` պայմանավորված օրենսդրի հայեցողությամբ, կարող են լինել տարբեր[7]: Համաներման ինստիտուտի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ համաներումն իրենից ներկայացնում է ինքնուրույն գործող իրավական ինստիտուտ, որի կիրառելիության հիմքում դրված են մի կողմից` ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի համապատասխան հոդվածները, իսկ մյուս կողմից` օրենսդիր իշխանության բարձրագույն մարմնի կողմից ընդունվող մարդասիրական բնույթ ունեցող պետաիրավական նորմատիվ ակտը, որով հանցանք կատարած անձինք կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից և պատժից, կամ կարող է մեղմացվել պատիժը, կամ վերացվել դատվածությունը։ Համաներման ակտի կիրառումը հնարավոր է դատավարության ցանկացած փուլում։ Ընդ որում, համաներման կիրառման սահմանափակումները նախատեսվում են համաներման ակտով և պետք է պահպանվեն անվերապահորեն։ Մասնավորապես, անվերապահորեն պետք է պահպանվեն համաներման ակտում նախատեսված այն կանոնները, որոնք սահմանում են անձանց շրջանակը, որոնց նկատմամբ համաներումը կիրառելի չէ, ինչպես նաև սահմանում են, թե հանցանք կատարած անձինք ինչ չափով պետք է օգտվեն համաներումից` պետք է ազատվեն քրեական պատասխանատվությունից կամ պատժից, կամ կարող է մեղմացվել պատիժը, կամ վերացվել դատվածությունը։ Այդ կանոններից շեղումները, այդ թվում` նախատեսված համաներման չկիրառումը կամ նախատեսվածից դուրս համաներման կիրառումը կարող են հանգեցնել օրինականության սկզբունքի խախտման և կամայականության[8]: Համաներման մասին օրենքի ընդունման` որպես քրեական հետապնդումը բացառող հանգամանքի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը Թադևոս Գևորգյանի գործով արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(…) [Հ]ամաներման ակտի ընդունումը քրեական դատավարության ցանկացած փուլում բացառում է քրեական գործի վարույթը: Համաներման ակտի ընդունման հիմքով քրեական գործի վարույթը կարճելու՝ վարույթն իրականացնող մարմնի վերոնշյալ պարտականությունը, սակայն, որոշակի վերապահում ունի, մասնավորապես՝ համաներման ակտի ընդունման հիմքով քրեական գործի վարույթը ենթակա է կարճման այն դեպքում, երբ մեղադրյալը դրա դեմ չի առարկում: Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, (…) որ համաներման ակտի ընդունման հիմքով քրեական գործ չհարուցելու, քրեական հետապնդում չիրականացնելու և հարուցված քրեական գործը կարճելու՝ վարույթն իրականացնող մարմնի լիազորության իրականացման համար անհրաժեշտ իմպերատիվ պահանջ է հանդիսանում անձի համաձայնությունը: Համաներման ակտի կիրառման հիմքով քրեական գործի վարույթը կարճելու դեպքում անձի համաձայնությունը հանդիսանում է վերջինիս իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիք և կապված է բացառապես իր նկատմամբ համաներման ակտ կիրառելու կամ չկիրառելու վերաբերյալ անձի ցանկության հետ: Հետևաբար, համաներման ակտի ընդունման հիմքով քրեական գործի վարույթը կարճելու՝ վարույթն իրականացնող մարմնի պարտականությունն ենթադրում է, որ վերջինս յուրաքանչյուր դեպքում պարտավոր է քննարկման առարկա դարձնել համաներման ակտի կիրառման հարցը, սակայն բոլոր այն դեպքերում, երբ ամբաստանյալը համաձայն չէ համաներման ակտի կիրառման հետ, պարտավոր է բացառել դրա կիրառումը: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ իր նկատմամբ համաներման ակտի կիրառման դեպքում անձի համաձայնությունը վերաբերում է բացառապես նշված ակտի կիրառմանը, և դրա բացակայության դեպքում գործի վարույթը շարունակվում է ընդհանուր կանոններով՝ հնարավորություն տալով անձին հասնելու ամբողջական «ռեաբիլիտացիայի»: Հետևաբար, Համաներման ակտի կիրառմամբ քրեական գործի վարույթի կարճման հնարավորության դեպքում որևէ այլ, այդ թվում` անձի կողմից հանցանք կատարելն ընդունելու կամ չընդունելու հիմքով համաներման ակտի չկիրառումը հանդիսանում է անձի իրավունքների խախտում (…)»[9]: Վերահաստատելով մեջբերված իրավական դիրքորոշումները` Արտակ Գևորգյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը. «(…) [Ա]յն դեպքում, երբ համաներման մասին օրենքն ընդունվում է գործը դատական քննության փուլում գտնվելու ժամանակահատվածում, այդ հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը լուծելու պարտականությունը կրում է դատարանը։ Ընդ որում, դատական քննությունը ենթադրում է վարույթն ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններում։ Մասնավորապես, այն դեպքում, երբ ամբաստանյալը համաձայն է, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի համաներման մասին օրենքի ընդունման հիմքով, և առկա են նաև այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու համար անհրաժեշտ օրենքով նախատեսված վավերապայմանները, ապա դատարանը, կաշկանդված չլինելով բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններով, պարտավոր է անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել (…)»[10]։

19. Սույն որոշման 14-18-րդ կետերում մեջբերված նորմերի և իրավական դիրքորոշումների վերլուծության հիման Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Համաներման մասին օրենքն ունի կիրառության մի շարք առանձնահատկություններ, մասնավորապես՝ այն նախատեսում է կիրառման տարբեր ռեժիմներ, որոնց դեպքում, մի կողմից՝ արգելվում է անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը կամ սահմանվում է, որ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, իսկ մյուս կողմից նախատեսվում է այնպիսի պայմաններ, որոնց դեպքում անձը կարող է ազատվել պատժից կամ պատիժը մեղմացվել և այլն: Վերոգրյալի հետ միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքերում, երբ առկա են Համաներման հիմքով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը բացառելու պայմանները, սակայն մեղադրյալն առարկում է այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ և պահանջում է մեղքի հարցի վերջնական լուծում, ապա գործի քննությունը շարունակվում է մինչև վերջ, և եթե անձի մեղավոր ճանաչվելու դեպքում Համաներման ակտը կիրառելի է նրա նկատմամբ, ապա դատարանը կայացնում է մեղադրական դատավճիռ՝ առանց պատիժ նշանակելու, այլ ոչ թե նշանակում է պատիժ և ազատում պատժից, քանի որ քրեական հետապնդումը և քրեական գործի վարույթը բացառող հանգամանքի առկայությունը խոչընդոտ է հանդիսանում մեղադրական դատավճիռ կայացնելու դեպքում անձի նկատմամբ պատիժ նշանակելուն: Ավելին՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հանցանքների համակցության առկայության յուրաքանչյուր դեպքում, երբ առկա են Համաներման մասին օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառմանը խոչընդոտող հանգամանքներ (օրինակ՝ մեղադրյալին մեղսագրվող արարքների համար նախատեսված առավելագույն պատիժների հանրագումարը գերազանցում է 6 տարի ժամկետով ազատազրկումը), և միաժամանակ դրա փոխարեն կիրառելի են Համաներման օրենքի՝ մեղադրյալին պատժից ազատելու կանոնները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ եթե հանցանքների համակցության մեջ մտնող որևէ հանցանքի կատարման մեջ մեղադրյալի նկատմամբ կայացվում է արդարացման դատավճիռ, ապա մեղադրյանքի մյուս մասի նկատմամբ Համաներման օրենքի տարածման դեպքում դատարանը կայացնում է մեղադրական դատավճիռ՝ առանց պատիժ նշանակելու։

20. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է հետևյալը․

- Ա.Նալբանդյանն իրեն մեղսագրվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքը կատարել է 2018 թվականի օգոստոսի 14-ին[11],

- Հանցանքը կատարելու պահին Ա․Նալբանդյանը եղել է 61 տարեկան,

- Առաջին ատյանի դատարանն Ա.Նալբանդյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով։ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ամբաստանյալի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ երկու տարի ժամկետով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկում՝ մեկ տարի ժամկետով՝ զրկելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից՝ մեկ տարի ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա՝ նշանակված պատիժները լրիվ գումարելու միջոցով, Ա.Նալբանդյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում՝ 3 երեք տարի ժամկետով՝ զրկելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից՝ մեկ տարի ժամկետով։ Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ՝ Ա․Նալբանդյանն ազատվել է հիմնական պատժից՝ երեք տարի ժամկետով ազատազրկումից[12]։

- Ա.Նալբանդյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ խնդրելով ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 314-րդ հոդվածով իրեն ճանաչել անմեղ[13],

- Վերաքննիչ դատարանը մասնակիորեն բեկանել և փոփոխել է Առաջին ատյանի դատարանի դատավճիռը` ճանաչելով և հռչակելով ամբաստանյալ Ա.Նալբանդյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում։ Այնուհետև Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ՝ Ա․Նալբանդյանն ազատվել է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նշանակված պատժից՝ երկու տարի ժամկետով ազատազրկումից[14]։

21. Նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշման 14-19-րդ կետերում մեջբերված իրավանորմերի, դրանց վերլուծության և Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ամբաստանյալ Ա․Նալբանդյանին մեղսագրված ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքների կատարման մեղադրանքի դեպքում ենթակա չէր կիրառման համաներման մասին օրենքի քրեական հետապնդումը դադարեցնելու կանոնը, քանի որ այդ հոդվածների սանկցիաներում սահմանված ազատազրկման ձևով պատիժների հանրագումարը գերազանցում էր 6 տարին: Սակայն, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով արդարացնելու դեպքում, երբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ազատազրկման չափը մինչև 6 տարի էր, ապա Վերաքննիչ դատարանը լուծելով այդ հոդվածով մեղադրյալի մեղավորության հարցը՝ պետք է առաջնորդվեր Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով և մեղավոր ճանաչեր առանց պատիժ նշանակելու: Այլ կերպ ասած՝ Վերաքննիչ դատարանը Ա.Նալբանդյանին արդարացնելով ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարման մեջ, պետք է վերջինիս մեղավոր ճանաչեր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման համար՝ առանց պատիժ նշանակելու, այլ ոչ թե կիրառեր Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, այն է՝ Ա․Նալբանդյանին ազատեր Առաջին ատյանի դատարանի դատավճռով նշանակված պատժից, որով իրականացրել է քրեական օրենքի սխալ կիրառում։ Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը չի կիրառել համաներման մասին օրենքի այն հոդվածը, որը տվյալ դեպքում ենթակա էր կիրառման և կիրառել է այն հոդվածը, որը ենթակա չէր կիրառման և դրանով թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դատական սխալ: Ուստի, Ա.Նալբանդյանի նկատմամբ Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառելության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունն իրավաչափ չէ։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ինչպես Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառումը, այնպես էլ 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի կիրառումը հանգեցնում են նույն իրավական հետևանքներին, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն երկու դեպքում էլ անձը համարվում է դատավածություն չունեցող:

21. Վճռաբեկ դատարանը փաստում է նաև, որ սույն գործով առերևույթ առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական հետապնդումը բացառող այլ հանգամանք։ Ուստի, Վճռաբեկ դատարանը անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև հետևյալ իրավական հարցին. արդյո՞ք ամբաստանյալ Ա․Նալբանդյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:

22. Վերոգրյալի առնչությամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է նախկինում արտահայտած իր դիրքորոշումն առ այն, որ վճռաբեկ վերանայման սահմանափակումները չունեն բացարձակ բնույթ, և դրանք պետք է դիտարկվեն, ի թիվս այլոց, քրեական գործով վարույթի կարճման հիմքերը սահմանող դրույթի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մաս) համատեքստում:[15]

23. ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝

«(...) Գողությունը, որը կատարվել է՝ (...) խոշոր չափերով՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով (...)»։ ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն`

«Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը(…)»: ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն`

«1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները. (…)

2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.

(…)

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը: (…)

3. Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր նոր հանցանք: Այս դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքի ավարտված համարելու պահից»:

24. ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նկարագրված արարքը դիտավորյալ հանցագործություն է իսկ դրա համար նախատեսված ազատազրկման ձևով պատժի ժամկետը երկուսից հինգ տարի է, ուստի այն դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին: Հետևաբար ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված հանցավոր արարքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է հինգ տարի:

25. Քրեական հետապնդումը բացառող քննարկվող հիմքի առնչությամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները: Միևնույն ժամանակ, քրեադատավարական օրենքը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու պարտադիր նախապայման է դիտում մեղադրյալի համաձայնությունը, որի բացակայությունը ենթադրում է վարույթի շարունակում ընդհանուր կարգով: Այսինքն` այն դեպքում, երբ անձը համաձայն չէ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու, իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու հետ, նրան պետք է հնարավորություն ընձեռվի դատական քննության փուլում վիճարկելու իրեն առաջադրված մեղադրանքը: Այն դեպքում, երբ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանում է գործի դատական քննության փուլում, այդ հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ընթացակարգի իրականացման պարտականությունը կրում է դատարանը: Ընդ որում, դատական քննությունը ենթադրում է վարույթն ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններում:[16] Մասնավորապես, դատարանը պետք է պարզի, թե արդյոք ամբաստանյալը համաձայն է, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Անձի համաձայնությունը ստանալու դեպքում` դատարանը պարտավոր է դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը, իսկ համաձայնության բացակայության դեպքում` պետք է դատական քննությունը շարունակի ընդհանուր կարգով, սակայն դատավճիռ կայացնելիս` դադարեցնի անձի նկատմամբ քրեական հետապնդումը: Ընդ որում, երբ անձն արդեն հնարավորություն է ունեցել առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում (վերջին դեպքում՝ վճռաբեկ բողոք բերելու միջոցով) վիճարկելու իրեն առաջադրված մեղադրանքը, ապա քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելիս նրա դիրքորոշումը լրացուցիչ ճշտելու անհրաժեշտությունը բացակայում է:[17]

26. Սույն որոշման 21-25-րդ կետերում շարադրված իրավական նորմերի և դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով սույն որոշման 20-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա․Նալբանդյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղսագրված արարքի՝ որպես միջին ծանրության հանցանքի համար ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու հնգամյա ժամկետը լրանալու օրվա՝ 2023 թվականի օգոստոսի 19-ի դրությամբ վերջինիս նկատմամբ կայացված և օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ չի եղել: Հետևաբար, Ա․Նալբանդյանին քրեական պատասխանատվության ենթարկելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված քրեական պատասխանատվության ենթադրկելու վաղեմության ժամկետներն անցել են և վերջինս ենթակա է քրեական պատասխանատվությունից ազատման: 27․ Միևնույն ժամանակ, համեմատական վերլուծության ենթարկելով Համաներման մասին օրենքի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ վաղեմության ժամկետներն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու իրավական կարգավորումները, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թեև սույն գործով Ա.Նալբանդյանի նկատմամբ Վերաքննիչ դատարանի կողմից կիրառվել է Համաներման մասին օրենքի համապատասխան դրույթը և Ա.Նալբանդյանն ազատվել է իր նկատմամբ նշանակված պատժից, սակայն, կոնկրետ գործով Համաներման մասին օրենքի նշված դրույթով անձին պատժից ազատելու և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված՝ քրեական հետապնդումը բացառող հանգամանքի՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքերի մրցակցության պայմաններում, պետք է նախապատվությունը տրվի երկրորդ հիմքին, քանի որ դրա կիրառման իրավական հետևանքներն առավել բարենպաստ են անձի համար: Մասնավորապես, և´Համաներման մասին օրենքի, և´ վաղեմության ժամկետի կիրառման հիմքերի միաժամանակյա առկայության պայմաններում Ա․Նալբանդյանի նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառման դեպքում, վերջինս հայտնվում է անբարենպաստ վիճակում, քանի որ անձի նկատմամբ համաներման կիրառումը, որպես կանոն, հետագայում կրկին համաներման հնարավոր կիրառման արգելք է, մինչդեռ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական հետապնդման դադարեցման պայմաններում՝ նման արգելք առկա չէ։ 28․ Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա․Նալբանդյանի նկատմամբ նշանակված հիմնական պատժից Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով վերջինիս ազատելով՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, այն է՝ չի կիրառել Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը, որը ենթակա էր կիրառման, որն ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը մասնակի բեկանելու և փոփոխելու համար։ 29․ Միևնույն ժամանակ, նկատի ունենալով որ Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացքում ի հայտ է եկել քրեական հետապնդումը բացառող նոր հանգամանք, այն է՝ քրեական գործով անցել են ամբաստանյալ Ա․Նալբանդյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները, իսկ դրա կիրառման իրավական հետևանքներն առավել բարենպաստ են անձի համար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ա.Նալբանդյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական հետապնդումն անհրաժեշտ է դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով, և քրեական գործի վարույթը կարճել: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի մարտի 30-ի որոշումը մասնակիորեն բեկանել, Արմեն Լևոնի Նալբանդյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով: 2․ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի մարտի 30-ի որոշումը մնացած մասով թողնել անփոփոխ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող` Ե․ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դատավորներ` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ

Ս.ՄԱՐԱԲՅԱՆ

Դ.ՎԵՔԻԼՅԱՆ

Ծանոթագրություններ

[1] Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով: [2] Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 13-15:

[3] Տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 216-241

[4] Տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթեր 45-83

[5] Տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 216-241

[6] Տե՛ս Արամ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0503/06/10 որոշման 20-րդ կետը [7] Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի 2019 թվականի փետրվարի 26-ի թիվ ՍԴՈ-1447 որոշումը:

[8] Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Վարուժան Ավետիսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ՍԴ3/0013/01/11, Գարիկ Ղազարյանի գործով 2012 թվականի մարտի 30-ի թիվ ՏԴ/0088/01/11, Լևոն Խոստիկյանի և Արտյոմ Ալեքսանյանի գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԵԿԴ/0046/01/14, Արիգ Տիգրանյանի գործով 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ԵԴ/0501/01/18 որոշումները: [9] Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Թադևոս Գևորգյանի վերաբերյալ գործով 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԼԴ/0203/01/11 որոշման 16-18-րդ կետերը: [10] Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արտակ Գևորգյանի վերաբերյալ գործով 2018 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ ԱՎԴ/0065/01/17 որոշման 12.1-րդ կետը։ [11] Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

[12] Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։

[13] Տե՛ս գործի նյութեր, հատոր 7-րդ, թերթեր 1-16։

[14] Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։

[15] Տե՛ս, mutatis mutandis, Մխիթար Էլոյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ որոշման 14-րդ կետը։ [16] Տե՛ս, mutatis mutandis, Անահիտ Սաղաթելյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ5/0022/01/10 որոշումը, Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11 որոշումը, Հրանտ Մազմանյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի մարտի 27-ի թիվ ԵԿԴ/0121/11/14 որոշումը, Ֆարիդա Ավագիմյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԱՎԴ2/0016/01/14 որոշումը, Անդրանիկ Գրիգորյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԵԿԴ/0180/01/15 որոշումը։ [17] Տե՛ս Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի՝ վերը հիշատակված որոշման 25-րդ կետը։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
1 մարտի, 2024 թ.
Գործի #:
ԼԴ/0057/01/19
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել