Զադոյան — ԵԷԴ/0129/01/17
Վճռաբեկ դատարանի նախադեպային շտեմարանում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 105. Որպես ապացույց չթույլատրվող նյութերըԱմփոփում
քննելով։ Այսինքն` տվյալ պարագայում չէր պահպանվել նաև համաչափության սկզբունքը[11]: 15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝ - Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի հուլիսի 17-ի որոշումների հիման վրա 2017 թվականի հուլիսի 18-ին և 19-ին Բ.Գասպարյանի մասնակցությամբ Գ.Գալոյանի և Մ.Զադոյանի նկատմամբ իրականացվել են արտաքին և ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ[12], - Առաջին ատյանի դատարանը Մ.Զադոյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքի կատարման մեջ և մեղադրական դատավճռի հիմքում, ի թիվս այլ ապացույցների, դրել է նա
Ամբողջ Տեքստ
ԵԷԴ/0129/01/17
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Նախագահող դատավոր՝ Մ.Արղամանյան
Դատավորներ՝ Ա.Ազարյան
Ն.Հովակիմյան
24 հունվարի 2023 թվական ք.Երևան
ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
Կ.ԲԻՇԱՐՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով Միքայել Արթուրի Զադոյանի վերաբերյալ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ 2020 թվականի ապրիլի 28-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2017 թվականի սեպտեմբերի 8-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 313-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է թիվ 62228617 քրեական գործը: 2017 թվականի սեպտեմբերի 27-ին Միքայել Զադոյանը ձերբակալվել է։
Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի սեպտեմբերի 29-ի որոշմամբ Մ.Զադոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքի կատարման համար։ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի սեպտեմբերի 30-ի որոշմամբ Մ.Զադոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով։ Նախաքննության մարմնի 2017 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ Մ.Զադոյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարքի կատարման համար: Նախաքննության մարմնի 2017 թվականի նոյեմբերի 21-ի որոշմամբ թիվ 62228617 քրեական գործից անջատվել է մեղադրյալներ Բաբկեն Գասպարյանի, Գայանե Գալոյանի և Միքայել Զադոյանի վերաբերյալ թիվ 62239717 քրեական գործը: 2017 թվականի դեկտեմբերի 11-ին թիվ 62239717 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) 2019 թվականի հունվարի 25-ի որոշմամբ ամբաստանյալ Մ. Զադոյանին կալանքից գրավով ազատելը ճանաչվել է թույլատրելի՝ գրավի չափ սահմանելով 3․000․000 (երեք միլիոն) ՀՀ դրամ գումարը։ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հունիսի 4-ի դատավճռով Մ.Զադոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 7 (յոթ) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։ Նույն դատավճռով դատապարտվել է նաև Բաբկեն Գասպարյանը, իսկ Գայանե Գալոյանի նկատմամբ համաներման մասին օրենքի ընդունման հիմքով դադարեցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով իրականացվող քրեական հետապնդումը:
3. Ամբաստանյալ Մ.Զադոյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, Վերաքննիչ դատարանը 2020 թվականի ապրիլի 28-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հունիսի 4-ի դատավճիռը մասնակիորեն բեկանել և փոփոխել, Մ.Զադոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում արդարացրել և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով։ Նույն դատական ակտով որոշվել է Մ.Զադոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված գրավը վերացնել, իսկ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատարանի դեպոզիտ հաշվին վճարված գրավի գումարը` օրինական հիմքերի առկայության դեպքում` վերադարձնել գրավատուին: Վերաքննիչ դատարանի դատավոր Մ.Արղամանյանը դատական ակտի վերաբերյալ հայտնել է հատուկ կարծիք` գտնելով, որ ամբաստանյալ Մ.Զադոյանի վերաքննիչ բողոքը պետք է մերժել, իսկ Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի հունիսի 4-ի դատավճիռը թողնել անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2020 թվականի սեպտեմբերի 29-ի որոշմամբ ընդունվել է վարույթ[1]։ Վճռաբեկ դատարանի 2022 թվականի նոյեմբերի 15-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոքի հեղինակի կարծիքով՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա: Այսպես՝ բողոքաբերը նշել է, որ գործում առկա ներքին և արտաքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումների անթույլատրելիության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի պնդումները հակասում են «Օպերատիվ-հետախուզական գործունության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգավորումներին և հիմնված են Վճռաբեկ դատարանի՝ Գոռ Սարգսյանի գործով որոշման սխալ մեկնաբանման և կիրառման վրա: Մասնավորապես, ըստ բողոքաբերի՝ նշված որոշմամբ արտահայտած դիրքորոշումները սույն գործի փաստական հանգամանքներին վերաբերելի չեն։ 5.1. Բողոք բերած անձը նշել է նաև, որ քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համակցությունը բավարար է եղել Մ.Զադոյանին առաջադրված մեղադրանքը հաստատված համարելու և նրա նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնելու համար, սակայն Վերաքննիչ դատարանը սխալ է գնահատել քրեական գործում առկա ապացույցները, խախտել է ապացույցների գնահատման կարգը սահմանող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի, ինչպես նաև դրա վերաբերյալ Վճռաբեկ դատարանի թիվ ԵՔՐԴ/0632/01/08 և թիվ ՇԴ/0126/01/12 գործերով որոշումների պահանջները՝ արդյունքում կայացնելով արդարադատության բուն էությունը խաթարող դատական ակտ:
6. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2020 թվականի ապրիլի 28-ի որոշումը՝ օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի 2019 թվականի հունիսի 4-ի դատավճռին։ Վճռաբեկ բողոքի պատասխանը, հիմնավորումները և պահանջը.
7. Ամբաստանյալ Մ.Զադոյանի պաշտպան Հ.Անանյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան՝ նշելով, որ Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավոր է, օրինական և պատճառաբանված, իսկ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ենթակա է մերժման: Անդրադառնալով ներքին և արտաքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումների թույլատրելիության վերաբերյալ բողոքաբերի պնդումներին՝ պաշտպանը նշել է, որ դրանք անհիմն են և Վճռաբեկ դատարանի՝ Գոռ Սարգսյանի գործով որոշմամբ արտահայտված դիրքորոշումները կիրառելի են սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ: 7.2. Վերոշարադրյալի հիման վրա պաշտպան Հ.Անանյանը խնդրել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել, իսկ Վերաքննիչ դատարանի դատական ակտը՝ Մ.Զադոյանին արդարացնելու մասով, թողնել օրինական ուժի մեջ։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
8. 2017 թվականի հուլիսի 14-ին Բաբկեն Գասպարյանը ՀՀ ազգային անվտանգության ծառայություն է ներկայացրել իր որդու օգտին գործողություններ կատարելու դիմաց փաստաբան Գայանե Գալոյանի միջոցով քննիչ Միքայել Զադոյանին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու ենթադրյալ դեպքի վերաբերյալ հաղորդում՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով աջակցել ազգային անվտանգության մարմիններին[2]։
9. 2017 թվականի հուլիսի 17-ին դատարան են ներկայացվել ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Գալոյանի և ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունու բաժնի քննիչ Միքայել Զադոյանի նկատմամբ արտաքին և ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու թույլտվություն ստանալու միջնորդություններ հարուցելու մասին որոշումները, որոնք դատարանի՝ 2017 թվականի հուլիսի 17-ի գաղտնագրված որոշումներով բավարարվել են[3]:
10. 2017 թվականի հուլիսի 18-ին և 19-ին կազմված «Արտաքին և ներքին դիտման օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու մասին» արձանագրությունների համաձայն՝ 2017 թվականի հուլիսի 18-ին և 19-ին Բ.Գասպարյանի մասնակցությամբ Գ.Գալոյանի և Մ.Զադոյանի նկատմամբ իրականացվել են ներքին և արտաքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ[4]:
11. Առաջին ատյանի դատարանի 2019 թվականի հունիսի 4-ի դատավճռով Մ.Զադոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հետևյալ արարքի կատարման համար․ «(…) [Նա] ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված և իր վարույթում քննվող թիվ 12808616 քրեական գործով Բաբկեն Գասպարյանի որդու՝ Սոս Գասպարյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Գալոյանի միջնորդությամբ և նրա միջոցով Բաբկեն Գասպարյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք։ (…)»[5]: 11.1. Առաջին ատյանի դատարանը, մեղադրական դատավճռի հիմքում, ի թիվս այլնի, դրել է նաև Գ.Գալոյանի և Մ.Զադոյանի նկատմամբ իրականացված արտաքին և ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում գաղտնատեսանկարահանմամբ ու գաղտնաձայնագրմամբ կատարված՝ ամբաստանյալներ Բ.Գասպարյանի, Գ.Գալոյանի և Մ.Զադոյանի միջև տեղի ունեցած խոսակցությունները պարունակող լազերային սկավառակները, դրանց զննման արձանագրությունը[6]: 11.2. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է. «(...) [Առաջին ատյանի դատարանը], անդրադառնալով պաշտպանների կողմից ներկայացված միջնորդությանը՝ արտաքին և ներքին դիտման ընթացքում ստացված գաղտնատեսանկարահանման և գաղտնաձայնագրառման՝ որպես ապացույցի օգտագործման անթույլատրելիությունը հաստատելու առումով, փաստում է, [որ] չի խախտվել տվյալ տեսակի ապացույց ձեռք բերելու ինչպես օրենսդրական պահանջը, այնպես էլ դատավարական կարգը (...)»[7]:
12. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(…) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ արտաքին և ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները մեղադրական դատավճռի հիմքում դնելիս դրանք պատշաճ ուսումնասիրության չեն ենթարկվել։ Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ`
- արտաքին և ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացվել են ոչ թե օրենքով սահմանված՝ որոնողական-հետախուզական բնույթին համապատասխան երևույթների և դեպքերի օբյեկտիվ ընթացքը վերահսկելու, այլ, ըստ էության, Բաբկեն Գասպարյանի միջոցով միջնորդավորված հարցաքննության եղանակով Գայանե Գալոյանից և Միքայել Զադոյանից գործի համար նշանակություն ունեցող տեղեկությունների ստացման գործընթացը գաղտնի տեսաձայնագրելու նպատակով։ Այսինքն՝ արտաքին և ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում փաստացի իրականացվել է քողարկված հարցաքննություն՝ արժանահավատության բարձր աստիճան ունեցող ապացույց ձեռք բերելու նպատակով՝ անտեսելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ հարցաքննության դատավարական կարգի այնպիսի առանցքային պահանջներ, ինչպիսիք են՝ հարցաքննվող անձանց իրենց իրավունքները և պարտականությունները, այդ թվում՝ լռելու, իրավաբանական օգնություն ստանալու հիմնարար իրավունքները պարզաբանելը, ինչպես նաև տեխնիկական միջոցների կիրառման մասին տեղեկացնելը՝ անձանց իրավունք վերապահելով այդ առնչությամբ ներկայացնելու իրենց դիտողություններն ու հայտարարությունները,
- արտաքին և ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացվել են անձանց իրավունքների և ազատությունների ոլորտ նվազ միջամտության եղանակի՝ նույն տեղեկությունների ձեռք բերման դատավարական միջոցի ակնհայտ առկայության պարագայում։ Այսինքն՝ տվյալ պարագայում չի պահպանվել նաև համաչափության սկզբունքը։ Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը փաստում է, որ վերոնշյալ փաստական հանգամանքները պատշաճ ուշադրության չարժանացնելը և ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների հնարավորությունների օգտագործմամբ 2017թ․ հուլիսի 18-ին և հուլիսի 19-ին իրականացված արտաքին և ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները Միքայել Զադոյանի մեղադրանքի հիմքում դնելը հանգեցրել են վարույթի արդարացիության և ըստ այդմ՝ Միքայել Զադոյանի արդար դատաքննության իրավունքի խախտման։ Այլ կերպ, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նշված ապացույցը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի ուժով անթույլատրելի է և չէր կարող դրվել մեղսագրվող արարքի հիմքում Միքայել Զադոյանի մեղավորությունը հիմնավորող ապացույցների զանգվածում։ (...)»[8]: Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյո՞ք Գայանե Գալոյանի և Միքայել Զադոյանի նկատմամբ իրականացված ներքին և արտաքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները որպես ապացույց օգտագործելու անթույլատրելիության մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները:
14. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի[9] 4-րդ հոդվածի համաձայն՝ «1. Օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակներն են`
1) հանցագործությունների հայտնաբերումը, բացահայտումը, կանխումը և խափանումը.
2) հանցագործությունը նախապատրաստող, կատարող կամ կատարած անձանց հայտնաբերումը․ (...)»։
Նույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններն իրենց խնդիրներն իրականացնելիս իրավունք ունեն` (…)
2) հատուցումով կամ անհատույց, պայմանագրով կամ առանց դրա համագործակցելու օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ գաղտնի համագործակցելու ցանկություն հայտնած անձանց հետ (…)»: Նույն օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝ «Արտաքին դիտումը, առանց բնակարանի անձեռնմխելիության խախտման, անձանց հետևելը կամ առանձին դեպքերի և իրադարձությունների ընթացքի վերահսկումն է բաց տարածությունում կամ հասարակական վայրերում` հատուկ և այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ կամ առանց դրանց, ինչպես նաև դիտման արդյունքների ամրագրումը տեսանկարահանման, լուսանկարահանման, էլեկտրոնային և այլ կրիչների միջոցով կամ առանց դրանց»: Նույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ներքին դիտումը բնակարանում հատուկ և այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ կամ առանց դրանց անձին (անձանց) հետևելն ու առանձին դեպքերի և իրադարձությունների ընթացքի վերահսկումն է, ինչպես նաև դիտման արդյունքների ամրագրումը տեսանկարահանման, ձայնագրման, լուսանկարահանման, էլեկտրոնային և այլ կրիչների միջոցով կամ առանց դրանց»։ Նույն օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «[Ներքին դիտում, նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում, հեռախոսային խոսակցությունների վերահսկում, ֆինանսական տվյալների մատչելիության ապահովում և ֆինանսական գործարքների գաղտնի վերահսկում] օպերատիվ-հետախուզական միջոցառումները կարելի է անցկացնել միայն այն դեպքերում, երբ անձը, ում նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կասկածվում է ծանր և առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, և եթե կան հիմնավոր ապացույցներ, որ այլ եղանակով օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից սույն օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է» ։ 14.1․ «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառմանն առնչվող օրենսդրական նորմերի մեկնաբանման և կիրառման առանձնահատկություններին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Գոռ Սարգսյանի գործով՝ իրավական դիրքորոշում ձևավորելով այն մասին, որ օպերատիվ-հետախուզական գործունեությունը, լինելով իրավապահ մարմինների կողմից օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացվող պետական գործունեության ինքնուրույն տեսակ, նպատակաուղղված է ենթադրյալ հանցանքների, դրանք ենթադրաբար նախապատրաստող, կատարող կամ կատարած անձանց հայտնաբերմանն ու պարզմանը, այդ կապակցությամբ անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրմանը և պետք է իրականացվի այդ գործունեության բնույթին, նպատակային նշանակությանը և օրենսդրությամբ առաջադրվող համաչափության պայմաններին համապատասխան` մշտապես երաշխավորելով հանրային շահի և անհատի իրավունքների միջև արդարացի հավասարակշռությունը[10]։ 14.2. Միևնույն ժամանակ, նույն որոշմամբ Վճռաբեկ դատարանը քրեական գործի նյութերի համակողմանի վերլուծության և գնահատման արդյունքում արձանագրել է, որ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացվել էր ոչ թե օրենքով սահմանված՝ որոնողական-հետախուզական բնույթին համապատասխան երևույթների և դեպքերի օբյեկտիվ ընթացքը վերահսկելու, այլ, ըստ էության, հարցաքննության եղանակով վարույթն իրականացնող մարմին կամավոր ներկայացած Գ.Սարգսյանից գործի համար նշանակություն ունեցող տեղեկությունների ստացման գործընթացը գաղտնի տեսաձայնագրելու նպատակով: Այսինքն` տվյալ գործով «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակում փաստացի իրականացվել էր քողարկված հարցաքննություն` արժանահավատության բարձր աստիճան ունեցող ապացույց ձեռք բերելու նպատակով` անտեսելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ հարցաքննության դատավարական կարգի այնպիսի առանցքային պահանջներ, ինչպիսիք են՝ հարցաքննվող անձին իր իրավունքները և պարտականությունները, այդ թվում` լռելու, իրավաբանական օգնություն ստանալու հիմնարար իրավունքները պարզաբանելը, ինչպես նաև տեխնիկական միջոցների կիրառման մասին տեղեկացնելը` անձին իրավունք վերապահելով այդ առնչությամբ ներկայացնելու իր դիտողություններն ու հայտարարությունները: Տվյալ գործի փաստական հանգամանքների պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտել է, որ քննարկվող միջոցառումն իրականացվել էր անձի իրավունքների և ազատությունների ոլորտ նվազ միջամտության եղանակի` նույն տեղեկությունների ձեռքբերման դատավարական միջոցի ակնհայտ առկայության պարագայում: Մասնավորապես, եթե ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին ինքնակամ ներկայացել էր Գ.Սարգսյանը և հայտնել, որ ինքն է տուժողին պատճառել մարմնական վնասվածքը, ապա գործի համար կարևորություն ներկայացնող տեղեկությունները Գ.Սարգսյանից կարող էին ձեռք բերվել ոչ թե հաջորդիվ նրա նկատմամբ գաղտնիության ռեժիմով «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելով, այլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգով` նրան որպես կասկածյալ հարցաքննելով։ Այսինքն` տվյալ պարագայում չէր պահպանվել նաև համաչափության սկզբունքը[11]:
15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի հուլիսի 17-ի որոշումների հիման վրա 2017 թվականի հուլիսի 18-ին և 19-ին Բ.Գասպարյանի մասնակցությամբ Գ.Գալոյանի և Մ.Զադոյանի նկատմամբ իրականացվել են արտաքին և ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ[12],
- Առաջին ատյանի դատարանը Մ.Զադոյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքի կատարման մեջ և մեղադրական դատավճռի հիմքում, ի թիվս այլ ապացույցների, դրել է նաև արտաքին և ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները՝ գտնելով, որ դրանց ձեռքբերման ընթացքում չեն խախտվել ինչպես տվյալ տեսակի ապացույց ձեռք բերելու օրենսդրական պահանջը, այնպես էլ դատավարական կարգը[13],
- Վերաքննիչ դատարանը Վճռաբեկ դատարանի՝ Գոռ Սարգսյանի գործով նախադեպային որոշման հիման վրա անթույլատրելի է ճանաչել արտաքին և ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները որպես ապացույց օգտագործելը՝ պատճառաբանելով, որ՝
ա) դրանք իրականացվել են ոչ թե օրենքով սահմանված՝ որոնողական-հետախուզական բնույթին համապատասխան երևույթների և դեպքերի օբյեկտիվ ընթացքը վերահսկելու, այլ, ըստ էության, Բ.Գասպարյանի միջոցով միջնորդավորված հարցաքննության եղանակով Գ.Գալոյանից և Մ.Զադոյանից գործի համար նշանակություն ունեցող տեղեկությունների ստացման գործընթացը գաղտնի տեսաձայնագրելու նպատակով։ Այսինքն՝ արտաքին և ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում փաստացի իրականացվել է քողարկված հարցաքննություն,
բ) արտաքին և ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացվել են անձանց իրավունքների և ազատությունների ոլորտ նվազ միջամտության եղանակի՝ նույն տեղեկությունների ձեռքբերման դատավարական միջոցի ակնհայտ առկայության պարագայում։ Այսինքն՝ տվյալ պարագայում չի պահպանվել նաև համաչափության սկզբունքը[14]։
16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-14.2-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստական հանգամանքներն էապես տարբերվում են Գոռ Սարգսյանի գործի փաստական հանգամանքներից: Այսպես՝ Գոռ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանն արձանագրել էր, որ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակում փաստացի իրականացվել էր քողարկված հարցաքննություն` հաշվի առնելով, որ առկա էր հարուցված քրեական գործ, դրա շրջանակներում հանցագործության մեջ կասկածվող Գոռ Սարգսյանն ինքնակամ ներկայացել էր հետաքննության մարմին և հայտնել իր կողմից հանցագործության կատարման մասին տվյալներ, որպիսի պայմաններում գործի համար կարևորություն ներկայացնող տեղեկությունները Գոռ Սարգսյանից ողջամտորեն կարող էին ձեռք բերվել ոչ թե նրա իրավունքների նկատմամբ լուրջ միջամտություն ենթադրող՝ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելով, այլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված երաշխիքների ապահովմամբ` նրան որպես կասկածյալ հարցաքննելով։ Այսինքն՝ տվյալ դեպքում բացակայել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներին բնորոշ՝ որոնողական-հետախուզական բնույթին համապատասխան երևույթների և դեպքերի օբյեկտիվ ընթացքը վերահսկելու անհրաժեշտությունը։ Մինչդեռ, սույն գործով ներքին և արտաքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման պայմանները և իրավիճակն այլ է։ Այսպես՝ սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Բ.Գասպարյանը 2017 թվականի հուլիսի 14-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայություն է ներկայացրել իր որդու օգտին գործողություններ կատարելու դիմաց փաստաբան Գ.Գալոյանի միջոցով քննիչ Մ.Զադոյանին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու ենթադրյալ դեպքի վերաբերյալ հաղորդում՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով աջակցել ազգային անվտանգության մարմիններին, ինչին հաջորդել են 2017 թվականի հուլիսի 18-ին և 19-ին վերջինիս մասնակցությամբ Գ.Գալոյանի և Մ.Զադոյանի նկատմամբ իրականացված արտաքին և ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումները: Այսինքն՝ սույն դեպքում արտաքին և ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացվել են օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցող անձի՝ Բ.Գասպարյանի մասնակցությամբ և հարուցված քրեական գործի բացակայության պայմաններում նպատակ են հետապնդել բացահայտելու բարձր լատենտայնութամբ օժտված՝ կոռուպցիոն բնույթի ենթադրյալ հանցագործությունը: Ուստի, ի տարբերություն Գոռ Սարգսյանի գործի, տվյալ դեպքում prima facie առկա է եղել օպերատիվ-հետախուզական միջոցառումներին բնորոշ՝ որոնողական-հետախուզական բնույթին համապատասխան երևույթների և դեպքերի օբյեկտիվ ընթացքը վերահսկելու անհրաժեշտություն։ Բացի այդ, Վճռաբեկ դատարանը կարևոր է համարում ընդգծել, որ Գոռ Սարգսյանի գործով ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացվել էր ոստիկանության օպերատիվ ծառայողի աշխատասենյակում, որտեղ, մասնավոր կյանքի անձեռնմխելիության բացակայության պայմաններում, ինքնակամ ներկայացած անձի հայտնած տվյալները քրեադատավարական կարգով արձանագրելու փոխարեն, իրականացվել էր քողարկված հարցաքննություն՝ արժանահավատության բարձր աստիճան ունեցող ապացույց ձեռք բերելու նպատակով։ Մինչդեռ սույն գործով ներքին և արտաքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացվել են էականորեն տարբերվող պայմաններում և հանգամանքներում՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով իրավապահ մարմինների հետ գաղտնի համագործակցող Բ․Գասպարյանի մասնակցությամբ՝ փաստաբան Գ.Գալոյանի և քննիչ Մ.Զադոյանի՝ մասնավոր աշխատավայրերում տեղի ունեցած հաղորդակցության շրջանակներում։ Հետևաբար, Վճռաբեկ դատարանն ընդունելի չի համարում սույն գործով Բաբկեն Գասպարյանի միջոցով քողարկված հարցաքննություն իրականացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը և գտնում է, որ տվյալ դեպքում քննարկվող օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացվել են օրենքով սահմանված՝ որոնողական-հետախուզական բնույթին համապատասխան՝ ենթադրյալ հանցագործությունը բացահայտելու նպատակով: 16.1. Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի այն պնդմանը, որ արտաքին և ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացվել են անձանց իրավունքների և ազատությունների ոլորտ նվազ միջամտության եղանակի՝ նույն տեղեկությունների ձեռքբերման դատավարական միջոցի ակնհայտ առկայության պայմաններում։ Այս առումով Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, համաչափության սկզբունքի պահպանման տեսանկյունից անդրադառնալով Գ.Գալոյանի և Մ.Զադոյանի նկատմամբ ներքին և արտաքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման իրավաչափությանը, պատշաճ իրավական գնահատականի չի արժանացրել սույն գործի փաստական հանգամանքները, մասնավորապես՝ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի տրամադրության տակ Մ․Զադոյանի և մյուսների կողմից կոռուպցիոն բնույթի հանցանքի կատարմանը ենթադրյալ առնչության հիմք տվող տեղեկատվությունը, ենթադրյալ հանցավոր սխեմայում ներգրավված ենթադրյալ կաշառք ստացողի և ենթադրյալ կաշառքի միջնորդի փոխհամաձայնեցված գործելու մասին փաստական տվյալների առկայությունը, հարուցված քրեական գործի բացակայությունը՝ իրականացված միջոցառումների արդյունքները որպես ապացույց օգտագործելու անթույլատրելիության հիմքում դնելով այն ընդհանրական և չպատճառաբանված դատողությունը, թե գործի համար կարևորություն ներկայացնող տեղեկությունները կարող էին ձեռք բերվել անձանց իրավունքների և ազատությունների ոլորտ նվազ միջամտության եղանակի նույն տեղեկությունների ձեռքբերման դատավարական միջոցի ակնհայտ առկայության պարագայում՝ չհստակեցնելով և որևէ ողջամիտ փաստարկ չներկայացնելով առ այն, թե դատավարական ակնհայտ ի՞նչ ավելի մեղմ միջոցի կիրառմամբ էր հնարավոր հասնել ենթադրյալ կաշառք տալու-ստանալու և կաշառքի միջնորդության վերոնշյալ դեպքի բացահայտմանը։
17. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանն իրականացված արտաքին և ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների թույլատրելիությունը որոշելիս մեխանիկորեն՝ in abstracto կիրառել է Գոռ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները և չի հիմնվել գործի նյութերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա՝ in concreto փաստական հանգամանքների գնահատմամբ՝ չպարզելով, թե արտաքին և ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացվել են արդյո՞ք դրանց բնույթին և նպատակային նշանակությանը համապատասխան, և արդյո՞ք տվյալ դեպքում պահպանվել է համաչափության սկզբունքը։ Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գայանե Գալոյանի և Միքայել Զադոյանի նկատմամբ իրականացված ներքին և արտաքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները որպես ապացույց օգտագործելու անթույլատրելիության մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն:
18. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն արտահայտվել է անհիմն և չպատճառաբանված դատական ակտի կայացմամբ, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի՝ հիմք է դատական ակտը բեկանելու և գործը Վերաքննիչ դատարան նոր քննության ուղարկելու համար։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ գնահատի քրեական գործում առկա ապացույցները և հանգի համապատասխան հետևության` անդրադառնալով նաև բողոքաբերի կողմից սույն որոշման 5.1-րդ կետում բարձրացված՝ մեղադրանքի հիմքում դրված ապացույցների բավարարության հարցին։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ չեն վերացել ամբաստանյալ Միքայել Զադոյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերն ու պայմանները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված գրավը պետք է թողնել անփոփոխ։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Միքայել Արթուրի Զադոյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի ապրիլի 28-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
2. Ամբաստանյալ Միքայել Արթուրի Զադոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված գրավը թողնել անփոփոխ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող` Ս.ՉԻՉՈՅԱՆ
Դատավորներ` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Կ.ԲԻՇԱՐՅԱՆ
Ծանոթագրություններ
[1] Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով: [2] Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 4-5:
[3] Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 13-18:
[4] Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 19, 30:
[5] Տե՛ս քրեական գործ, հատոր 11-րդ, թերթ 103:
[6] Տե՛ս քրեական գործ, հատոր 11-րդ, թերթ 45:
[7] Տե՛ս նույն տեղում:
[8] Տե՛ս քրեական գործ, հատոր 13-րդ, թերթեր 97-99:
[9] 2017 թվականի հուլիս ամսվա դրությամբ գործող խմբագրությամբ։
[10] Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գոռ Սարգսյանի գործով 2019 թվականի ապրիլի 11-ի թիվ ԵԿԴ/0229/01/16 որոշման 17-17.2-րդ կետերը։ [11] Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գոռ Սարգսյանի գործով վերը նշված որոշման 18-19-րդ կետերը։
[12] Տե՛ս սույն որոշման 9-րդ և 10-րդ կետերը:
[13] Տես սույն որոշման 11-11.2-րդ կետերը:
[14] Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 24 հունվարի, 2023 թ.
- Գործի #:
- ԵԷԴ/0129/01/17
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
