Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/Պան — ԵԴ1/0229/11/26
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Պան — ԵԴ1/0229/11/26

Վճռաբեկ դատարանԵԴ1/0229/11/269 հոկտեմբերի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

Գործի համարը: ԵԴ1/0229/11/26 Դիմող / մեղադրյալ Անուն: Յոնգժու Ազգանուն: Պան Հայրանուն: Դատական ակտի ընդունման ամսաթիվը: 09.10.2026 Միջազգային փաստաթղթեր: ՄԻԵԿ հոդված 5. Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք

Ամբողջ Տեքստ

ԵԴ1/0229/11/26

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության քրեական դատարան,

նախագահող դատավոր` Ա․Մաթևոսյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր` Ա․Բեկթաշյան

9 հոկտեմբերի 2026 թվական ք.Երևան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ` Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ` Ս․ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2026 թվականի հունիսի 16-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե․Ավագյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1․ 2026 թվականի փետրվարի 21-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) իրավասու մարմինների կողմից հետախուզվող Յոնգժու Պանը (YONGZHU PAN) հայտնաբերվել, այնուհետև՝ ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից: 2․ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2026 թվականի փետրվարի 24-ի որոշմամբ Յ.Պանի նկատմամբ կիրառվել է ժամանակավոր կալանավորում՝ 30 օր ժամկետով, որը 2026 թվականի մարտի 20-ի որոշմամբ երկարաձգվել է 10 օրով: Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2026 թվականի մարտի 31-ի որոշմամբ Յ.Պանի նկատմամբ կիրառվել է հանձնելու համար կալանավորում, որը հետագայում երկարաձգվել է:

3. 2026 թվականի մարտի 23-ին և ապրիլի 7-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է Յ.Պանին հանձնելու մասին ՉԺՀ իրավասու մարմնի միջնորդությունը:

4. ՀՀ գլխավոր դատախազի՝ 2026 թվականի ապրիլի 9-ի որոշմամբ բավարարվել է Յ.Պանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով ՉԺՀ իրավասու մարմիններին հանձնելու մասին ՉԺՀ իրավասու մարմնի միջնորդությունը:

5. Հանձնման թույլտվության վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի՝ 2026 թվականի ապրիլի 9-ի որոշման դեմ Յ.Պանի փաստաբան Մ.Ուլիխանյանի կողմից բողոք է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան): Առաջին ատյանի դատարանի՝ 2026 թվականի մայիսի 19-ի որոշմամբ բողոքը բավարարվել է, իսկ ՀՀ գլխավոր դատախազի՝ 2026 թվականի ապրիլի 9-ի որոշումը՝ վերացվել։ 6․ Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2026 թվականի հունիսի 16-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2026 թվականի մայիսի 19-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին։

7. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե․Ավագյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2026 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

8. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ ստորադաս դատարանները թույլ են տվել «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների խախտում։ Բացի այդ, խախտվել են նաև «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև հանձնման մասին» 2019 թվականի մայիսի 26-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 1-4 հոդվածներով սահմանված պահանջները, ինչի արդյունքում վիճարկվող որոշումն անհիմն վերացվել է: Բողոքի հեղինակի պնդմամբ, ստորադաս դատարանները, ՀՀ օրենսդրությամբ և կողմերի միջև գործող միջազգային պայմանագրով նախատեսված հանձնումը բացառող բոլոր հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը գնահատելու, ըստ այդմ՝ հանձնումը թույլատրելու մասին որոշման՝ «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» ՀՀ օրենքին և միջազգային պայմանագրերին համապատասխանությունը ստուգելու փոխարեն, փորձել են հանձնման թույլտվության վերաբերյալ որոշման պատճառաբանության համատեքստում սահմանել որոշակի պահանջներ, որոնք թե՛ այդ օրենքով, թե՛ նշված պայմանագրով իմպերատիվ բնույթ չեն կրում, չեն բխում դրանց կարգավորումներից: Բացի այդ, ըստ բողոք բերած անձի՝ թեև ստորադաս դատարանները որոշմամբ անդրադարձել են դատական ակտերի պատճառաբանվածության կարևորությանը, սակայն իրենց իսկ դատական ակտերը պատճառաբանված չեն և պարզ չէ, թե հանձնումը բացառող՝ «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» ՀՀ օրենքի 33-րդ և «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև հանձնման մասին» 2019 թվականի մայիսի 26-ի պայմանագրի 3-րդ և 4-րդ հոդվածներով նախատեսված հիմքերից որի առկայությունն է հաստատվել Դատարանի կողմից:

9. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ ՀՀ գլխավոր դատախազի «Հանձնման թույլտվության վերաբերյալ» 2026 թվականի ապրիլի 9-ի որոշումը վերացնելու մասին 2026 թվականի մայիսի 19-ի որոշման դեմ բողոքը մերժելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի՝ 2026 թվականի հունիսի 16-ի որոշումը՝ կայացնելով դրան փոխարինող դատական ակտ: Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

10․ ՀՀ գլխավոր դատախազի՝ «Հանձնման թույլտվության վերաբերյալ» 2026 թվականի ապրիլի 9-ի որոշման համաձայն․ «(․․․) ՉԺՀ իրավասու մարմիններից ստացված փաստաթղթերի համաձայն` Յ.Պանը ՉԺՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզվում է ՉԺՀ քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու մեղադրանքով։ 2024 թվականի դեկտեմբերի 24-ին ՉԺՀ իրավասու մարմնի կողմից որոշում է կայացվել Յ.Պանին կալանավորելու մասին: 2026 թվականի փետրվարի 21-ին Յ.Պանը հայտնաբերվել, այնուհետև՝ ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության (ՀՀ) իրավապահ մարմինների կողմից։ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2026 թվականի փետրվարի 24-ի որոշմամբ Յ.Պանի նկատմամբ կիրառվել է ժամանակավոր կալանավորում 30 օր ժամկետով, որը 2026 թվականի մարտի 20-ի որոշմամբ երկարաձգվել է 10 օրով: Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2026 թվականի մարտի 31-ի որոշմամբ Յ.Պանի նկատմամբ կիրառվել է հանձնելու համար կալանավորում: 2026 թվականի մարտի 23-ին և ապրիլի 7-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է Յ.Պանին հանձնելու մասին ՉԺՀ իրավասու մարմնի միջնորդությունը՝ կից փաստաթղթերով։ Յ.Պանին վերագրվող արարքը քրեորեն հետապնդելի է նաև ՀՀ քրեական օրենսգրքով:

Վերագրվող արարքի համար ազատազրկման ձևով նախատեսված պատժաչափը գերազանցում է մեկ տարին:

ՉԺՀ և ՀՀ օրենսդրություններով Յ.Պանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները չեն անցել։ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության 2026 թվականի ապրիլի 7-ի տեղեկանքի համաձայն՝ Յոնգժու ՊԱՆԸ (YONGZHU PAN) ՀՀ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների համաձայն ՀՀ քաղաքացի չի հանդիսանում, ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար չի դիմել, ՀՀ քաղաքացու անձնագրով չի փաստաթղթավորվել։ ՉԺՀ իրավասու մարմինը տրամադրել է միջազգային պայմանագրերով նախատեսված՝ Յ.Պանի իրավունքների պաշտպանության երաշխիքներ: Այսպիսով, Յ.Պանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով ՉԺՀ իրավասու մարմիններին հանձնելու մասին միջնորդությունը մերժելու համար միջազգային պայմանագրերով և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հիմքեր չկան (...)»[1]։ 11․ Առաջին ատյանի դատարանը 2026 թվականի մայիսի 19-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը․ «(․․․) «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» ՀՀ օրենքից մեջբերված իրավանորմերի բովանդակությունից պարզ է դառնում, որ հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու մասին Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի որոշման դեմ բերված բողոքի քննության առարկան խիստ սահմանափակ է։ Դատարանը սահմանափակվում է միայն հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու վերաբերյալ որոշման՝ «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» ՀՀ օրենքին և միջազգային պայմանագրերին համապատասխանության հարցի ստուգմամբ: Թեև ներպետական քրեական վարույթի բացակայության պայմաններում բողոքների քննության վերը նշված սահմանները տրամաբանորեն բխում են օտարերկրյա պետության հետ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններից, այնուամենայնիվ քրեական հետապնդման կամ դատավճռի կատարման համար անձին օտարերկրյա պետությանը հանձնելու թույլտվության կամ հանձնումը մերժելու որոշումների դատական ստուգման խիստ սահմանափակ լիազորությունների պայմաններում, էլ ավելի է ընդգծվում այդ որոշումների պատճառաբանվածության կարևորությունը։ Այս համատեքստում Դատարանը հարկ է համարում նշել, որ հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու մասին Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի որոշումները պետք է լինեն օրինական և հիմնավորված, դրանց պատճառաբանությունները պետք է կառուցված լինեն տրամաբանորեն կապված և փաստական հանգամանքներից բխող հստակ և որոշակի հետևությունների վրա, համապատասխան չափով օբյեկտիվորեն համոզիչ լինեն դրանց հասցեատերերի համար և բացահայտեն դրանցում արված եզրահանգումների պատճառները։ Դատարանը գտնում է, որ հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու մասին Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի որոշումների նկատմամբ կիրառելի են դատավարական ակտի հատկանիշներին ներկայացվող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հոդված 9-ի պահանջները, քանի որ «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» ՀՀ օրենքի հոդված 2-ի համաձայն՝ քրեական վարույթներով իրավական օգնությունը կանոնակարգող օրենսդրությունը ներառում է նաև Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը, ինչը նշանակում է, որ միջնորդություններն ու բողոքները քննելիս Դատարանը պետք է ղեկավարվի նաև քրեադատավարական օրենքի այն իրավանորմերով, առանց որոնց միջնորդության կամ բողոքի արդյունավետ և պատշաճ քննությունն ուղղակի անհնար է։ Ի թիվս վերը նշվածի՝ հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու մասին Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի որոշումների պատշաճ պատճառաբանվածությունն անհրաժեշտ է նաև դրանց հասցեատերերի կողմից իրենց բողոքարկման իրավունքն իրացնելու, այդ թվում՝ պատշաճ ձևակերպված հակափաստարկներ ներկայացնելու, իսկ դատական ատյանների կողմից կողմերի փաստարկներն ու հակափաստարկները գնահատելու համար։ Հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու մասին Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի պատճառաբանված որոշման բացակայությունն արդեն իսկ օբյեկտիվորեն սահմանափակում է դատական ատյանի հնարավորությունը՝ լիարժեք դատական ստուգման ենթարկելու դրա համապատասխանությունը «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» ՀՀ օրենքին և միջազգային պայմանագրերին։ 5.2 Մեջբերված իրավանորմերի և սույն որոշման «5.1» կետում արված իրավական վերլուծությունների համատեքստում անդրադառնալով Յոնգժու Պանին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության իրավասու մարմիններին հանձնման թույլտվության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի 2026 թվականի ապրիլի 9-ի որոշման՝ «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» ՀՀ օրենքին և «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև հանձնման մասին» պայմանագրին համապատասխանությանը՝ Դատարանն արձանագրում է հետևյալը.

ա) Թեև վիճարկվող որոշման մեջ նշվել է, որ Յոնգժու Պանին վերագրվող արարքը քրեորեն հետապնդելի է նաև ՀՀ քրեական օրենսգրքով, այդ արարքի համար ազատազրկման ձևով նախատեսված պատժաչափը գերազանցում է մեկ տարին և չեն անցել այդ արարքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները, այնուհանդերձ որոշումն այդ մասով պատճառաբանված չէ. նշված եզրահանգումների հիմքում չի դրվել փաստական հանգամանքներից բխող որևէ վերլուծություն, այդ թվում՝ չեն նշվել նաև գործողությունների կամ անգործության այն ամբողջությունը, որոնք համարվում են հանցանք երկու կողմերի օրենքներով։ Ընդ որում, վերջին հանգամանքն էական է նաև այն պատճառով, որ վիճարկվող որոշմամբ չի արձանագրվել, որ հանցանքը, որի համար պահանջվում է Յոնգժու Պանի հանձնումը, զինվորական հանցագործություն չէ, իսկ դա, Հանձնման մասին միջազգային պայմանագրի հոդված 3-ի համաձայն, հանձնումը մերժելու պարտադիր հիմքերից մեկն է։

բ) Ուշադրության է արժանի նաև այն, որ վիճարկվող որոշմամբ այնուհանդերձ պատճառաբանվել է Յոնգժու Պանի հանձնումը բացառող մեկ հանգամանքի բացակայությունը և նշվել է, որ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության 2026 թվականի ապրիլի 7-ի տեղեկանքի համաձայն՝ Յոնգժու ՊԱՆԸ (YONGZHU PAN) ՀՀ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների համաձայն ՀՀ քաղաքացի չի հանդիսանում, ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար չի դիմել, ՀՀ քաղաքացու անձնագրով չի փաստաթղթավորվել: Այլ կերպ՝ վիճարկվող որոշումը փաստական հանգամանքներից բխող վերլուծություն է պարունակում միայն հանձնման ենթակա անձի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսանալու հանգամանքի վերաբերյալ, մինչդեռ Յոնգժու Պանի՝ ՀՀ քաղաքացի չլինելն ինքնին բավարար չէ նրա հանձնումը թույլատրելու համար։ 5.3 Սույն որոշման «5.2» կետի «ա» ենթակետում նշված անկյունաքարային հանգամանքների վերաբերյալ վիճարկվող որոշման մեջ փաստական հանգամանքներից բխող վերլուծությունների և պատճառաբանությունների բացակայության պայմաններում Դատարանը զրկված է դրանց վերաբերյալ արված եզրահանգումների հիմնավորվածությունը ստուգման ենթարկելու հնարավորությունից, իսկ սեփական նախաձեռնությամբ այդպիսիք շարադրելու և բողոքը մերժելու դեպքում Դատարանը հանդես կգա վիճարկվող որոշման դեմ բողոք ներկայացրած անձի դատավարական հակառակորդի դերում, ինչն անթույլատրելի է և անհամատեղելի է դատարանի՝ «գործը» լուծողի կարգավիճակի հետ։ Միևնույն ժամանակ Դատարանն արձանագրում է, որ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչը դատալսումների ընթացքում այլևս իրավասու չէ սեփական բացատրություններով լրացնել կամ պատճառաբանել վիճարկվող որոշումը, քանի որ այդ բացատրություններն էական փոփոխության են ենթարկում նշված որոշումը և բողոք ներկայացնելու պահին հայտնի չէին բողոքի հեղինակի համար։ Հակառակ մոտեցման պարագայում կստեղծվի անթույլատրելի մի իրավիճակ, երբ հանձնումը թույլատրող իրավասու մարմինն իր որոշմամբ ընդամենը կարձանագրի հանձնման թույլատրելի լինելը, իսկ հանձնման թույլատրելիության պատճառաբանությունները կբերվեն այդ որոշման վիճարկման դատական նիստի ընթացքում։ Այսպիսով.

Դատարանն արձանագրում է, որ Յոնգժու Պանին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության իրավասու մարմիններին հանձնման թույլտվության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի 2026 թվականի ապրիլի 9-ի որոշման դեմ բերված բողոքը պետք է բավարարել, և հիմք ընդունելով վերը նշված պատճառաբանությունները՝ վերացնել այն (․․․)»[2]։ 12․ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով վիճարկվող դատական ակտը, արձանագրել է հետևյալը․ «(․․․) Նման պայմաններում հնարավոր չէ պարզել, թե օբյեկտիվ կողմի ինչ գործողություններ կամ անգործություն է վերագրվում Յոնգժու Պանին, ինչպես նաև գնահատել, թե այդ փաստական նկարագիրը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված որ հանցակազմին կարող է համապատասխանել և դրա համար ինչ պատիժ է նախատեսված։ Ընդ որում, տվյալ բացը չի կարող լրացվել բացառապես օտարերկրյա պետության քրեական օրենքի հոդվածի համարի մատնանշմամբ, քանի որ առանց արարքի փաստական նկարագրության հնարավոր չէ գնահատել դրա բովանդակությունը և իրավական նշանակությունը (․․․)»[3]։ Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

13․ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթի շրջանակներում առաջացել են հետևյալ իրավական հարցադրումները․

1) որո՞նք են հանձնման թույլտվության (հանձնումը մերժելու) մասին Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի որոշման պատճառաբանության բովանդակային նվազագույն պահանջները,

2) արդյո՞ք սույն գործի փաստական հանգամանքներում ՀՀ գլխավոր դատախազի՝ 2026 թվականի ապրիլի 9-ի որոշման պատճառաբանվածության աստիճանը բավարար էր դատական ստուգումն իրականացնելու համար: I․ Միջազգային իրավական չափանիշները․

14․ ա) «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիա (այսուհետ՝ Կոնվենցիա). Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) հետևողականորեն արձանագրել է, որ հանձնման վարույթն ինքնին չի վերաբերում «քրեական մեղադրանքի որոշմանը» Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով[4]։ Հանձնման նպատակով ազատությունից զրկումն իրավաչափ է միայն այնքանով, որքանով ընթացքի մեջ է հանձնման վարույթը, և անձը պետք է ունենա այդ զրկման իրավաչափությունը վիճարկելու արդյունավետ հնարավորություն։ Եվրոպական դատարանն արձանագրել է, որ ընթացակարգային երաշխիքների անորոշությունը կամ պատշաճ հիմնավորման բացակայությունը հանգեցնում է Կոնվենցիայի խախտման[5]։ Երբ ներկայացվում է վիճարկելի (arguable) պնդում՝ ընդունող պետությունում վատ վերաբերմունքի ռիսկի մասին, պահանջվում է «անկախ և խիստ ուսումնասիրություն» (independent and rigorous scrutiny)[6]։

բ) «Հանձնման մասին» 1957 թվականի եվրոպական կոնվենցիա.

Հանձնման մասին եվրոպական կոնվենցիայի 12-րդ հոդվածի § 2 (բ)-ի համաձայն՝ հանձնման հարցմանը կից պետք է ներկայացվի այն հանցագործությունների նկարագիրը, որոնց համար պահանջվում է հանձնումը՝ դրանց կատարման ժամանակի և վայրի, իրավական որակման և համապատասխան իրավական դրույթների հնարավորինս ճշգրիտ շարադրմամբ։

գ) ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 45/116 բանաձևով հաստատված՝ հանձնման մասին Մոդելային պայմանագիր. Նշված պայմանագրի 5-րդ հոդվածի համաձայն՝ հարցմանը կից պահանջվում է ներկայացնել արարքի փաստական նկարագիրը՝ հենց երկակի քրեականացվածության ստուգումն ապահովելու նպատակով։ 15․ Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանձնման վարույթը, ներառյալ՝ հանձնման թույլտվության վերաբերյալ իրավասու մարմնի որոշման ընդունումը, ինքնին չի վերաբերում անձի դեմ ներկայացված քրեական մեղադրանքի որոշմանը՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով։ Հանձնման մասին որոշմամբ իրավասու մարմինը չի լուծում անձի մեղավորության կամ նրան վերագրվող արարքի քրեաիրավական որակման հարցերը. այդ հարցերի լուծումը պահանջող պետության բացառիկ իրավասությանն է։ Հետևաբար, հանձնման թույլտվության մասին որոշման նկատմամբ ուղղակիորեն և ամբողջ ծավալով կիրառելի չեն այն պահանջները, որոնք ներկայացվում են քրեական մեղադրանքը հիմնավորող դատավարական ակտին։ Հանձնման մասին եվրոպական կոնվենցիայով նախատեսված՝ հանցագործությունների նկարագրի, դրանց կատարման ժամանակի ու վայրի, իրավական որակման և համապատասխան իրավական դրույթների շարադրման պահանջը հասցեագրված է պահանջող պետությանը, և իրավական որակումն այս դրույթի իմաստով՝ պահանջող պետության քրեական օրենքով որակումն է։ Նշված նորմը հանձնող պետության իրավասու մարմնի վրա չի դնում վերագրվող արարքն իր ներպետական քրեական օրենքով որակելու պարտականություն։ ՄԱԿ-ի Մոդելային պայմանագրով նախատեսված արարքի փաստական նկարագիր ներկայացնելու պահանջն ունի գործառութային նպատակ՝ հանձնող պետությանը հնարավորություն տալ ինքնուրույն ստուգելու երկակի քրեականացվածությունը։ Այսինքն՝ փաստական նկարագիրն այն միջոցն է, որով իրականացվում է ստուգումը, այլ ոչ թե ստուգման արդյունքը ձևակերպելու պահանջվող եղանակը։ 16․ Հետևաբար՝ հանձնման թույլտվության վերաբերյալ որոշման օրինականության և հիմնավորվածության գնահատման տեսանկյունից էական է ոչ թե այն, թե որոշման մեջ նշվա՞ծ է արդյոք ՀՀ քրեական օրենսգրքի կոնկրետ հոդվածը կամ բացահայտվա՞ծ է արդյոք համապատասխան հանցակազմը, այլ այն, թե վարույթի նյութերում առկա՞ է արդյոք վերագրվող արարքի այնպիսի փաստական նկարագիր, որը թույլ է տալիս ստուգել երկակի քրեականացվածությունը, և արդյո՞ք այդ ստուգումն իրականացվել է իրավասու մարմնի կողմից։ Կոնկրետ հանցակազմի մատնանշման պահանջ ո՛չ Կոնվենցիան, ո՛չ Հանձնման մասին եվրոպական կոնվենցիան և ո՛չ էլ միջազգային իրավունքի այլ հանրաճանաչ աղբյուրները չեն նախատեսում։ II․ «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև հանձնման մասին» պայմանագրի մեկնաբանությունը․ 17․ «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև հանձնման մասին» պայմանագիրը ստորագրվել է Երևան քաղաքում՝ 2019 թվականի մայիսի 26-ին և ուժի մեջ է մտել 2023 թվականի մարտի 18-ին։ Պայմանագրի 23-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ այն կիրառվում է ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված ցանկացած հարցման նկատմամբ, նույնիսկ եթե դրան առնչվող հանցանքները կատարվել են մինչև Պայմանագրի ուժի մեջ մտնելը։ Քանի որ Յոնգժու Պանին հանձնելու մասին հարցումը ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է 2026 թվականի մարտի 23-ին և ապրիլի 7-ին, Պայմանագիրը սույն գործով ժամանակային առումով (ratione temporis) կիրառելի է։ Պայմանագրի մեկնաբանման հարցում Վճռաբեկ դատարանը ղեկավարվում է «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» 1969 թվականի Վիեննայի կոնվենցիայի 31-րդ հոդվածով ամրագրված ընդհանուր կանոնով, ըստ որի՝ պայմանագիրը մեկնաբանվում է բարեխղճորեն՝ դրա դրույթներին համատեքստում տրվող սովորական իմաստին համապատասխան և պայմանագրի առարկայի ու նպատակի լույսի ներքո։ Կիրառելի է նաև նույն կոնվենցիայի 26-րդ հոդվածով ամրագրված՝ «Պայմանագրերը պետք է կատարվեն» (pacta sunt servanda) սկզբունքը։ Պայմանագրի առարկան և նպատակը բացահայտվում են դրա նախաբանով, որտեղ Կողմերն արտահայտել են հանցագործության կանխման գործում արդյունավետ համագործակցությունը խթանելու ցանկություն։ Պայմանագրի 1-ին հոդվածը, իր հերթին, ամրագրում է հանձնման պարտավորությունը, ոչ թե հայեցողական հնարավորությունը։ Հետևաբար՝ Պայմանագրի ցանկացած դրույթ, ինչպես նաև դրա կատարմանն ուղղված ներպետական ընթացակարգային պահանջները, ենթակա են այնպիսի մեկնաբանության, որը չի զրկում Պայմանագրին իր օգտակար ազդեցությունից (effet utile): 18․ Պայմանագրի 2-րդ հոդվածի 1-ին կետը հանձնման հարցումը բավարարելու պայման է սահմանում այն, որ արարքը հանցանք համարվի երկու Կողմերի օրենքներով, և որ քրեական վարույթ իրականացնելու նպատակով ներկայացված հարցման դեպքում արարքը երկու Կողմերի օրենքներով պատժելի լինի ազատազրկմամբ՝ նվազագույնը մեկ տարի ժամկետով կամ ավելի խիստ պատժով։ Որոշիչ նշանակություն ունի, սակայն, Պայամանագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետը, որը սահմանում է երկակի քրեականացվածությունը գնահատելու եղանակը․

– «ա» ենթակետի համաձայն՝ հաշվի չպետք է առնվի, թե Կողմերի օրենքները տվյալ հանցանքը կազմող գործողությունները կամ անգործությունը հանցանքների նույն տեսակին են դասում, կամ հանցանքը նույն տերմինաբանությամբ են անվանում, թե ոչ.

– «բ» ենթակետի համաձայն՝ պետք է հաշվի առնվի գործողությունների և անգործության ամբողջությունը, ինչպես ներկայացված է հայցող պետության կողմից՝ անկախ այն հանգամանքից, թե Կողմերի օրենքներով հանցանքի բաղկացուցիչ տարրերը տարբերվում են, թե ոչ։ 19․ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Պայմանագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետն ամրագրում է երկակի քրեականացվածության արարքահեն (conduct-based) և ոչ թե հանցակազմահեն մոդելը։ Այս մոդելը համապատասխանում է ՄԱԿ-ի՝ հանձնման մասին Մոդելային պայմանագրի հիմքում ընկած և ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) վերանայված ձեռնարկով պաշտպանվող մոտեցմանը, որի համաձայն՝ էական է արարքի փաստական բովանդակության, այլ ոչ թե իրավական որակման համընկնումը։ Այս մեկնաբանությունից բխում են երկու էական հետևություններ՝ ստորադաս դատական ատյանների դատողությունների գնահատման համար․

ա) Վերաքննիչ դատարանի պահանջն առ այն, որ պետք է գնահատվի, թե «այդ փաստական նկարագիրը ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որ հանցակազմին կարող է համապատասխանել», ձևակերպված է հանցակազմահեն տրամաբանությամբ, մինչդեռ Պայմանագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետն արգելում է հանցանքի տեսակի կամ տերմինաբանության համընկնումը դարձնել գնահատման չափանիշ։ Պահանջվողը՝ ՀՀ քրեական օրենսգրքի կոնկրետ հանցակազմի հետ տարրերի նույնականացումը չէ, այլ այն հարցի պարզումը, թե արդյո՞ք ներկայացված արարքն ընդհանուր առմամբ քրեորեն հետապնդելի է Հայաստանի Հանրապետությունում և արդյո՞ք բավարարում է պատժի շեմը։

բ) Առավել կարևորը՝ Պայմանագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետն է, որը տվյալ հանցանքը երկու կողմերի օրենքներով պատժելի հանցանք լինելու հարցը որոշելիս պարտավորեցնում է հաշվի առնել գործողությունների և անգործության ամբողջությունը, ինչպես ներկայացված է հայցող պետության կողմից՝ անկախ այն հանգամանքից՝ Կողմերի օրենքներով հանցանքի բաղկացուցիչ տարրերը տարբերվում են, թե ոչ: Այսինքն, գործողությունների և անգործության ամբողջության աղբյուրը հստակորեն տեղակայում է հայցող պետության ներկայացրածում՝ «ինչպես ներկայացված է հայցող պետության կողմից»։ Ուստի, Պայմանագիրն ինքն է սահմանում, թե որն է արարքի փաստական նկարագիրը, այսինքն՝ այն, ինչ շարադրված է հանձնման հարցմամբ։ Հայցվող Կողմի իրավասու մարմնի գործառույթը հարցման նկատմամբ ստուգողական բնույթ է կրում։ Հետևաբար՝ ՀՀ գլխավոր դատախազի որոշման մեջ արարքի փաստական նկարագրության ինքնուրույն վերաշարադրման բացակայությունը չի կարող որակվել որպես Պայմանագրի պահանջի խախտում, քանի որ Պայմանագիրը նման վերաշարադրում չի պահանջում։ Պահանջվողն այն է, որ իրավասու մարմինը գնահատում կատարած լինի հենց հարցմամբ ներկայացված արարքի ամբողջության հիման վրա, ինչը բխում է վիճարկվող որոշման բովանդակությունից։ 20․ Պայմանագրի 7-րդ հոդվածի 1-ին կետը հանձնման մասին հարցման նկատմամբ սահմանում է բովանդակային պահանջներ, որոնց թվում՝ «գ» ենթակետով՝ հանցագործության հանգամանքների շարադրանքը՝ ներառյալ հանցանքի կատարման ժամանակը, վայրը, եղանակը և հետևանքները, «դ» ենթակետով՝ քրեական իրավազորությանը, հանցագործության քրեականացմանը և պատժին վերաբերող օրենքների դրույթները, «ե» ենթակետով՝ վաղեմության ժամկետներին վերաբերող դրույթները։ Պայմանագրի 7-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով քրեական վարույթ իրականացնելու նպատակով ներկայացվող հարցմանը կցվում է նաև ձերբակալման (կալանավորման) մասին որոշման պատճենը։ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Պայմանագրի 7-րդ հոդվածը պարտականություն է սահմանում Հայցող Կողմի, ոչ թե Հայցվող Կողմի իրավասու մարմնի համար։ Պայմանագրի կառուցվածքն այսպիսով հետևողական է․ արարքի փաստական նկարագիրը ձևավորվում է հարցմամբ (հոդված 7), գնահատվում է հենց այդ ներկայացված տեսքով (Պայմանագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետ), իսկ դրա բավարարության հարցը լուծվում է Պայմանագրի 8-րդ հոդվածով նախատեսված կառուցակարգով։ Ի լրումն՝ Պայմանագրի 9-րդ հոդվածը հատուկ սահմանում է, որ դիվանագիտական ուղիներով փոխանցված հարցման և կից փաստաթղթերի համար հաստատում կամ նույնականացում չի պահանջվում։ Այս դրույթը վկայում է Կողմերի՝ ընթացակարգային ձևապաշտությունը նվազագույնի հասցնելու հստակ մտադրության մասին, ինչը հաշվի է առնվում Պայմանագրի մյուս դրույթների մեկնաբանման ժամանակ։ 21․ Անդրադառնալով Պայմանագրի առանձնահատուկ կանոնին՝ (rule of speciality)՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Պայմանագրի 16-րդ հոդվածի հայերեն վերնագիրը՝ «Առանձնահատուկ կանոններ», Պայմանագրի անգլերեն վավերական տեքստում համապատասխանում է հանձնման միջազգային իրավունքի դասական ինստիտուտին՝ առանձնահատուկ կանոնին (rule of speciality), որի համանման ձևակերպումներ պարունակում են 1957 թվականի «Հանձնման մասին» եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածը և ՄԱԿ-ի՝ հանձնման մասին Մոդելային պայմանագրի 14-րդ հոդվածը։ 22․ Պայմանագրի 16-րդ հոդվածի կիրառմամբ սույն գործի համատեքստում ձևավորվում են հետևյալ իրավական հետևությունները․

ա) Հանձնման ծավալի սահմանման հենակետը հենց հարցումն է։ Պայմանագրի 16-րդ հոդվածը հետապնդման արգելքը կապում է այն հանցանքի հետ, «որով հանձնելու հարցում չի ներկայացվել»։ Այսինքն, ըստ Պայմանագրի՝ հանձնման առարկայական սահմանները որոշվում են ըստ հարցման բովանդակության։

բ) Սույն գործում այդ սահմանը որոշակի է։ Վարույթի նյութերով հաստատվում է, որ ՉԺՀ իրավասու մարմնի հարցումը ներկայացվել է կից փաստաթղթերով, և որ դրանց թվում առկա է եղել 2024 թվականի դեկտեմբերի 24-ի՝ Յոնգժու Պանին կալանավորելու մասին որոշումը, ինչպես նաև վերագրվող արարքի իրավական որակումը՝ ՉԺՀ քրեական օրենսգրքի հոդված 318-ով։ Հետևաբար՝ Պայմանագրի 7-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթային նվազագույն պահանջն ապահովված է եղել։ Քանի որ հանձնումը պահանջվել է ՉԺՀ քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածով նախատեսված արարքի համար, առանց այլընտրանքային կամ ընդհանրական ձևակերպումների, Պայմանագրի 16-րդ հոդվածով սահմանված արգելքի շրջանակը միանշանակ որոշելի է․ Յոնգժու Պանի նկատմամբ ՉԺՀ-ում չի կարող քրեական հետապնդում իրականացվել հանձնմանը նախորդող որևէ այլ արարքի համար։

գ) Ընդլայնման ցանկացած փորձ վերականգնում է ընթացակարգային երաշխիքների ամբողջ համալիրը։ Պայմանագրի 16-րդ հոդվածի «ա» ենթակետի ուժով նման ընդլայնման համար պահանջվում է Հայաստանի Հանրապետության նախնական համաձայնությունը, որի տրամադրման համար ՀՀ իրավասու մարմինն իրավունք ունի պահանջելու Պայմանագրի 7-րդ հոդվածով նախատեսված ամբողջ փաստաթղթային փաթեթը՝ ներառյալ հանցագործության հանգամանքների շարադրանքը, ինչպես նաև հանձնված անձի հայտարարությունը տվյալ հանցանքի կապակցությամբ։ Այս վերջին երաշխիքն առաջնային հանձնման փուլում ընդհանրապես նախատեսված չէ, ինչը նշանակում է, որ հանձնման ծավալի ընդլայնումը Պայմանագրով ենթակա է ավելի խիստ, այլ ոչ թե ավելի թույլ վերահսկողության։ 23․ Վճռաբեկ դատարանն ընդգծում է նաև, որ Պայմանագրի 16-րդ հոդվածը միաժամանակ արգելում է հանձնված անձի վերահանձնումը երրորդ պետությանը՝ առանց Հայաստանի Հանրապետության նախնական համաձայնության, ինչը լրացուցիչ երաշխիք է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով անուղղակի (indirect) հանձնման ռիսկերի դեմ։

24. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ պատճառաբանելու պարտականությունն ինքնանպատակ չէ և ձևական բնույթ չի կրում։ Այն ունի գործառութային բովանդակություն՝ ապահովել (i) անձի կողմից բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացումը և (ii) դատարանի կողմից որոշման՝ օրենքին և միջազգային պայմանագրերին համապատասխանության ստուգելիությունը։ Հետևաբար՝ պատճառաբանության ծավալն ու մանրամասնությունը փոփոխական են և որոշվում են լուծվող հարցի բնույթով, գործի փաստական հանգամանքների բարդությամբ և կողմերի բարձրացրած փաստարկների շրջանակով։ Ինչպես բազմիցս արձանագրել է Եվրոպական դատարանը, պատճառաբանելու պարտականությունը չի պահանջում մանրամասն պատասխան յուրաքանչյուր փաստարկին, և դրա շրջանակը փոփոխվում է ակտի բնույթին համապատասխան։

25. Այս գործառութային մոտեցումից բխում է կարևոր հետևություն․ որոշման վերացումը պատճառաբանվածության թերության հիմքով իրավաչափ է միայն այն դեպքում, երբ այդ թերությունը փաստացի անհնարին է դարձնում դատական ստուգումը։ Եթե ակտը հիմնավորված է, և վարույթի նյութերի ամբողջության համատեքստում դատարանն ի վիճակի է ստուգել դրա համապատասխանությունն օրենքին և միջազգային պայմանագրերին, ապա որոշման վերացումը զուտ շարադրանքային թերության պատճառով կհանդիսանա անհամաչափ հետևանք և ձևական մոտեցման դրսևորում, որն անհամատեղելի է արդարադատության էության ինչպես նաև պայմանագրի բարեխիղճ կատարման հետ։ III․ Ներպետական իրավակարգավորումները․

26․ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:

2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:

3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «1. Քրեական վարույթի ընթացքում ընդունվող յուրաքանչյուր դատավարական ակտ պետք է լինի օրինական և հիմնավոր»: «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ «1. Քրեական վարույթներով իրավական օգնությունը կանոնակարգող օրենսդրությունը ներառում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերը, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգիրքը, «Պրոբացիայի մասին» օրենքը, սույն օրենքը և այլ օրենքներ»: Հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու մասին իրավասու մարմնի որոշումը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում ունի յուրահատուկ (sui generis) բնույթ։ Այն, մի կողմից չի կայացվում ներպետական քրեական վարույթի շրջանակներում, չի լուծում անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հարցը և չի պարունակում մեղավորության վերաբերյալ դատողություն։ Մյուս կողմից, այն դասական վարչական ակտ չէ․ ընդունվում է քրեական արդարադատության ոլորտի իրավասու մարմնի՝ ՀՀ գլխավոր դատախազի կամ ՀՀ արդարադատության նախարարի կողմից՝ միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով, և ենթակա է ոչ թե վարչական, այլ ընդհանուր իրավասության դատարանի ստուգմանը՝ քրեադատավարական ընթացակարգով։ Այս երկակի բնույթը, սակայն, չի կարող մեկնաբանվել այնպես, թե նշված որոշումը գտնվում է քրեադատավարական և վարչաիրավական երաշխիքների միջև ընկած «մոխրագույն գոտում», որտեղ ձևավորված ընթացակարգային ստանդարտներից և ոչ մեկը կիրառելի չէ։ Ընդհակառակը՝ ակտի իրավական հետևանքների ծանրությունը, մասնավորապես՝ անձի փաստացի հանձնումն օտարերկրյա իրավազորությանը՝ իր բոլոր անդառնալի հետևանքներով, պահանջում է առնվազն այն երաշխիքների կիրառում, որոնք սահմանված են այդ երկու համակարգերից յուրաքանչյուրում։ 27․ «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը սահմանում է քրեական վարույթներով իրավական օգնությունը կանոնակարգող օրենսդրության համակարգը՝ դրանում ներառելով նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը։ Այս ընդհանուր դրույթների կիրառումն ունի, այնուամենայնիվ, սուբսիդիար բնույթ․ դրանք կիրառելի են այնքանով, որքանով չեն հակասում «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» ՀՀ օրենքի հատուկ կարգավորումներին և միջազգային պայմանագրերին։ Դատավարական ակտին ներկայացվող պահանջներն ամրագրող դրույթը կրում է հենց այդպիսի՝ անփոխարինելի բնույթ, քանի որ առանց ակտին ներկայացվող որակական չափանիշների, դատական ստուգումը զրկվում է իր առարկայից։ «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» ՀՀ օրենքով նախատեսված է հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու մասին որոշման դատական բողոքարկման իրավունք։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկման իրավունքն իրավական կատեգորիա չէ, եթե այն զուրկ է առարկայից․ բողոք ներկայացնող անձը պետք է հնարավորություն ունենա իմանալու, թե որ դատողությունների դեմ է ուղղում իր հակափաստարկները։ Այս հանգամանքն առավել կշիռ է ձեռք բերում հանձնման վարույթում, որտեղ որոշման հասցեատերը, որպես կանոն, օտարերկրյա քաղաքացի է, ով ծանոթ չէ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգին, հաճախ գտնվում է կալանքի տակ և իր իրավունքներն իրացնում է թարգմանչի օգնությամբ։ Այս պայմաններում ակտի պատճառաբանությունը կատարում է նաև տեղեկատվական գործառույթ՝ ապահովելով անձի իրազեկվածությունն իր նկատմամբ ընդունված որոշման հիմքերի մասին։ 28․ «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» ՀՀ օրենքը և կիրառելի միջազգային պայմանագրերը հանձնումը մերժելու հիմքերը բաժանում են երկու խմբի՝ պարտադիր (որոնց առկայության դեպքում իրավասու մարմինը պարտավոր է մերժել հանձնումը) և հայեցողական (որոնց առկայության դեպքում իրավասու մարմինն իրավունք ունի մերժելու հանձնումը)։ Այս տարբերակումն ուղղակիորեն ազդում է պատճառաբանության պահանջվող բովանդակության վրա․

– պարտադիր հիմքերի մասով իրավասու մարմինը պարտավոր է ստուգում իրականացնել ի պաշտոնե՝ անկախ նրանից, թե հանձնման ենթակա անձը բարձրացրել է համապատասխան փաստարկ, թե ոչ,

– հայեցողական հիմքերի մասով իրավասու մարմինն իրականացնում է հայեցողություն, որի սահմաններում կատարած ընտրությունը ենթակա է իրավաչափության տեսանկյունից ստուգման։

29. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ երկու դեպքում էլ պատճառաբանությունը հանդիսանում է վերահսկողության միակ իրական կառուցակարգը։ Դատարանը չի վերահսկում իրավասու մարմնի հայեցողության նպատակահարմարությունը և չի փոխարինում այն սեփականով, սակայն պարտավոր է ստուգել, թե արդյո՞ք հայեցողությունն իրականացվել է օրենքով ամրագրված սահմաններում, հետապնդել է օրենքով նախատեսված նպատակ և զերծ է կամայականությունից։ Այդպիսի ստուգումն օբյեկտիվորեն անհնար է, եթե ակտում բացակայում է հայեցողության իրականացման ընթացքի որևէ արձանագրում։

30. Վճռաբեկ դատարանը հաստատում է նաև այն դիրքորոշումը, որ պատճառաբանության բեռը կրում է իրավասու մարմինը, ոչ թե դատարանը։ Եթե դատարանն ինքնուրույն նախաձեռնությամբ շարադրեր բացակայող պատճառաբանությունները և այդ հիմքով մերժեր բողոքը, նա փաստացի հանդես կգար բողոք ներկայացրած անձի դատավարական հակառակորդի դերում, ինչն անհամատեղելի է դատարանի՝ գործը լուծողի սահմանադրական կարգավիճակի հետ և հակասում է կողմերի իրավահավասարության սկզբունքին։ 31․ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու մասին իրավասու մարմնի որոշման դեմ բերված բողոքի քննության առարկան օրենսդրորեն սահմանափակված է այդ որոշման՝ «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» ՀՀ օրենքին և միջազգային պայմանագրերին համապատասխանության հարցի ստուգմամբ։ Այս սահմանափակումը որոշում է ոչ միայն դատական ստուգման ծավալը, այլև դրա բնույթը։ Դատարանը չի քննում անձի մեղավորության հարցը, չի գնահատում պահանջող պետությունում ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը և չի վերանայում իրավասու մարմնի հայեցողության նպատակահարմարությունը։ Դատարանի խնդիրը մեկն է՝ հաստատել, թե արդյոք առկա են, թե բացակայում են հանձնումը բացառող՝ օրենքով և միջազգային պայմանագրերով սպառիչ ամրագրված հանգամանքները։

32. Այս խնդրի բնույթից բխում է, որ հանձնումը բացառող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը փաստական հարց է, որը ենթակա է լուծման դատարանին ներկայացված վարույթի նյութերի ամբողջության համադրման և ուսումնասիրության արդյունքում։ Իրավասու մարմնի որոշումը՝ դատական ստուգման առարկան է, սակայն այն դատարանի համար տեղեկատվության միակ և բացառիկ աղբյուրը չէ։ Հանձնման հարցմանը կից պահանջող պետության կողմից ներկայացված փաստաթղթերը, այդ թվում՝ վերագրվող արարքի փաստական նկարագիրը, պահանջող պետության քրեական օրենքի համապատասխան դրույթները, վաղեմության ժամկետների վերաբերյալ տվյալները, տրամադրված երաշխիքները, ինչպես նաև ներպետական մարմինների կողմից ձեռք բերված տեղեկանքները, կազմում են վարույթի նյութերը և անմիջականորեն հասանելի են դատարանին։ Դատարանի կողմից այդ նյութերի ուսումնասիրությունը ոչ թե իր իրավասության գերազանցում է, այլ բողոքի քննության առարկայի իրացման հնարավոր եղանակ։ Հետևաբար, եթե ներկայացված նյութերը թույլ են տալիս ստուգել հանձնումը բացառող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը, ապա իրավասու մարմնի որոշման նկատմամբ պատճառաբանվածության այնպիսի չափանիշներ ներկայացնելը, որոնք ենթադրում են յուրաքանչյուր հիմքի մասով որոշման տեքստում առանձին վերլուծության շարադրում, չի բխում բողոքի քննության առարկայի խիստ սահմանափակ բնույթից։ Ընդհակառակը՝ նման մոտեցումը հանգեցնում է ներքին հակասության․ դատարանը, որը կաշկանդված է քննության նեղ առարկայով, միաժամանակ պահանջում է ակտից ավելի լայն և մանրամասն շարադրանք, քան անհրաժեշտ է հենց այդ նեղ առարկայի շրջանակներում ստուգում իրականացնելու համար։ Այս համատեքստում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում տարբերակել պատճառաբանության ձևական ամբողջականությունը և դրա բացակայության իրավական հետևանքը։ Իրավասու մարմնի որոշման պատճառաբանության թերությունը կարող է հիմք հանդիսանալ այդ որոշման վերացման համար այնքանով, որքանով այն զրկում է դատարանին ստուգում իրականացնելու հնարավորությունից։ 34․ Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- ՀՀ գլխավոր դատախազի՝ 2026 թվականի ապրիլի 9-ի որոշմամբ բավարարվել է Յ.Պանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով ՉԺՀ իրավասու մարմիններին հանձնելու մասին ՉԺՀ իրավասու մարմնի միջնորդությունը[7]։

- Առաջին ատյանի դատարանը, քննության առնելով բողոքը, վերացրել է ՀՀ գլխավոր դատախազի՝ 2026 թվականի ապրիլի 9-ի որոշումը, արձանագրելով, որ հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու մասին Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի որոշումների պատշաճ պատճառաբանվածությունն անհրաժեշտ է նաև դրանց հասցեատերերի կողմից իրենց բողոքարկման իրավունքն իրացնելու, այդ թվում՝ պատշաճ ձևակերպված հակափաստարկներ ներկայացնելու, իսկ դատական ատյանների կողմից կողմերի փաստարկներն ու հակափաստարկները գնահատելու համար: Հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու մասին Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի պատճառաբանված որոշման բացակայությունն արդեն իսկ օբյեկտիվորեն սահմանափակում է դատական ատյանի հնարավորությունը՝ լիարժեք դատական ստուգման ենթարկելու դրա համապատասխանությունը «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» ՀՀ օրենքին և միջազգային պայմանագրերին[8]։

- Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով վիճարկվող դատական ակտը, արձանագրել է, որ հնարավոր չէ պարզել, թե օբյեկտիվ կողմի ի՞նչ գործողություններ կամ անգործություն է վերագրվում Յոնգժու Պանին, ինչպես նաև գնահատել, թե այդ փաստական նկարագիրը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված ո՞ր հանցակազմին կարող է համապատասխանել և դրա համար ի՞նչ պատիժ է նախատեսված։ Ընդ որում, տվյալ բացը չի կարող լրացվել բացառապես օտարերկրյա պետության քրեական օրենքի հոդվածի համարի մատնանշմամբ, քանի որ առանց արարքի փաստական նկարագրության, հնարավոր չէ գնահատել դրա բովանդակությունը և իրավական նշանակությունը[9]: 35․ Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշմամբ վկայակոչված իրավադրույթների ու շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հանձնման հարցումը ներկայացվել է որոշակիացված հանցագործության կապակցությամբ՝ ՉԺՀ քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածով նախատեսված արարքի համար։ Հանձնման հարցումը չի պարունակում այլընտրանքային կամ ընդհանրական ձևակերպումներ, չի վերաբերում հանցագործությունների անորոշ շրջանակի, չի պարունակում «և այլ հանցագործություններ» ձևի վերապահումներ։ ՉԺՀ քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածը ներառված է հանրային կարգի կառավարման դեմ ուղղված հանցագործությունների գլխում և նախատեսում է պատասխանատվություն՝ պետական (սահմանային) սահմանն այլ անձանց ապօրինի հատելը կազմակերպելու համար, պատժվում է ազատազրկմամբ, որի ստորին շեմն ակնհայտորեն գերազանցում է մեկ տարին։ Այս արարքը ՀՀ քրեական օրենսգրքով նույնպես քրեորեն հետապնդելի է՝ որպես ապօրինի միգրացիայի կազմակերպում, որի համար ևս նախատեսված է մեկ տարին գերազանցող ազատազրկում։ Երկու պետությունների օրենսդրությամբ սահմանված վաղեմության ժամկետները վարույթի նյութերով հաստատված ժամանակագրության պայմաններում չեն լրացել։ Հանձնման հարցումը և դրան կից փաստաթղթերը, որոնք հանդիսանում են վարույթի նյութերի բաղկացուցիչ մասը և հասանելի են եղել ինչպես բողոք բերած անձին, այնպես էլ դատարանին, պարունակել են վերագրվող արարքի իրավական որակումը, կատարման ժամանակագրությունը և ՉԺՀ իրավասու մարմնի կալանավորման որոշումը։ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ իրավասու մարմնի որոշումը գնահատման ենթակա չէ վարույթի նյութերից մեկուսացված։ Հանձնման թույլտվության որոշումն ընդունվում է հանձնման հարցման և դրան կից փաստաթղթերի հիման վրա և դրանց հետ կազմում է մեկ իրավական ամբողջություն։ Պատճառաբանության պահանջը բավարարված է համարվում, երբ որոշման մեջ առկա հետևությունները ստուգելի են վարույթի նյութերի հետ համադրությամբ, և չի պահանջվում հարցման բովանդակության բառացի վերարտադրություն։ 36․ Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի այն դիրքորոշմանը, որ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչն իրավասու չէր դատալսումների ընթացքում լրացնել կամ պատճառաբանել վիճարկվող որոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ դատողությունն ընդհանուր առմամբ ընդունելի է, սակայն ենթակա է տարբերակված կիրառման,

– անթույլատրելի է որոշման հիմքում դրված իրավական հիմքերի կամ փաստական տվյալների փոխարինումը կամ նոր, մինչ այդ չշարադրված հիմքերի ներկայացումը, քանի որ դա փոփոխում է բողոքարկման առարկան,

– թույլատրելի է վարույթի նյութերում առկա և որոշման հիմքում դրված փաստական տվյալների բացահայտումն ու պարզաբանումը, որը չի փոփոխում որոշման հիմքերը: Սույն գործով ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցչի բացատրությունները չեն պարունակել նոր իրավական հիմքեր կամ նոր փաստական տվյալներ, այլ վերաբերել են վարույթի նյութերում առկա՝ հանձնման հարցման բովանդակությանը։ 37․ Վճռաբեկ դատարանի համար ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ հանձնման ենթակա անձը և նրա փաստաբանն ըստ էության չեն վիճարկել հանձնումը թույլատրելու մասին ՀՀ գլխավոր դատախազի որոշումը և չեն ներկայացրել փաստարկներ առ այն, որ առկա են օրենքով նախատեսված՝ Յ.Պանի հանձնումը բացառող հանգամանքներ։ Ավելին, Առաջին ատյանի դատարանը, վերացնելով Յոնգժու Պանին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության իրավասու մարմիններին հանձնելու թույլտվության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի որոշումը, Վերաքննիչ դատարանն էլ այն անփոփոխ թողնելով, իրենց հերթին նույնպես չեն վկայակոչել Յոնգժու Պանի հանձնումը բացառող որևէ հանգամանք։ 38․ Ամփոփելով՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել քրեադատավարական օրենքի էական խախտում, ճիշտ չեն մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի պահանջները, որը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով ամրագրված՝ հանրայնության սկզբունքի խախտման, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն, հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և բեկանված մասով դրանց փոխարինող դատական ակտ կայացնելու համար։ Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետք է հաստատել Յոնգժու Պանին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության իրավասու մարմիններին հանձնման թույլտվության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի՝ 2026 թվականի ապրիլի 9-ի որոշումը։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ ու 400-րդ հոդվածներով, «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 34-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2026 թվականի մայիսի 19-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2026 թվականի հունիսի 16-ի որոշումը բեկանել, փաստաբան Մ.Ուլիխանյանի բողոքը մերժել՝ անփոփոխ թողնելով Յոնգժու Պանին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության իրավասու մարմիններին հանձնման թույլտվության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի՝ 2026 թվականի ապրիլի 9-ի որոշումը։ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

Նախագահող` Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ` Ս․ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ծանոթագրություններ

[1] Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 9-11։

[2] Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 24-34։

[3] Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 5, թերթեր 51-61։

[4] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Mamatkulov and Askarov v. Turkey գործով 2005 թվականի փետրվարի 4-ի վճիռը, գանգատներ թիվ 46827/99 և 46951/99, կետեր 82-83: [5] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Nasrulloyev v. Russia գործով 2007 թվականի հոկտեմբերի 11-ի վճիռը, գանգատ թիվ 656/06, կետ 77: [6] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Chahal v. the United Kingdom գործով 1996 թվականի նոյեմբերի 15-ի վճիռը, գանգատ թիվ 22414/93, կետեր 79-80, 85-86 և 96: Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Jabari v. Turkey գործով 2000 թվականի հուլիսի 11-ի վճիռը, գանգատ թիվ 40035/98, կետ 39: [7] Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։

[8] Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:

[9] Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
9 հոկտեմբերի, 2026 թ.
Գործի #:
ԵԴ1/0229/11/26
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել