ՎԴ/14732/05/25
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՎարչական դատարան դիմելու իրավունքը · Գործ հարուցելու հիմքը և հայցի տեսակներըԱմփոփում
քննելով ՀՀ Տավուշի մարզի դատախազության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 06․11․2025 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի ՀՀ Տավուշի մարզի դատախազության ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի՝ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից «Ջրաշող» ՓԲ ընկերության անվամբ կատարված 17․01․2006 թվականի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցումը (վկայական թիվ 1603123) անվավեր ճանաչելու, որպես հետևանք՝ Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Վասիլյան փողոց 4/1 հասցեում գտնվող թիվ 01-001 կադաստրային ծածկագիրը իրականում՝ կադաստրային համար թիվ 11-001 կրող հողամա
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/14732/05/25
դատարանի որոշում 2026թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/14732/05/25
Նախագահող դատավոր՝ Ս․ Հովակիմյան
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
զեկուցող Ք. ՄԿՈՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
2026 թվականի ապրիլի 10-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ Տավուշի մարզի դատախազության վճռաբեկ բողոքը
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 06․11․2025 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի ՀՀ Տավուշի մարզի դատախազության ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի՝ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից «Ջրաշող» ՓԲ ընկերության անվամբ կատարված 17․01․2006 թվականի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցումը (վկայական թիվ 1603123) անվավեր ճանաչելու, որպես հետևանք՝ Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Վասիլյան փողոց 4/1 հասցեում գտնվող թիվ 01-001 կադաստրային ծածկագիրը իրականում՝ կադաստրային համար թիվ 11-001 կրող հողամասի նկատմամբ 27․02․2006 թվականին «Ջրաշող» ՓԲ ընկերության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը (վկայական թիվ 2056153) անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` ՀՀ Տավուշի մարզի դատախազությունը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից «Ջրաշող» ՓԲ ընկերության անվամբ կատարված 17․01․2006 թվականի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցումը (վկայական թիվ 1603123), որպես հետևանք անվավեր ճանաչել Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Վասիլյան փողոց 4/1 հասցեում գտնվող թիվ 11-001 կադաստրային համարը կրող հողամասի նկատմամբ 27․02․2006 թվականին «Ջրաշող» ՓԲ ընկերության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը (վկայական թիվ 2056153)։ Միաժամանակ ներկայացվել է միջնորդություն՝ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ։ ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ե․ Առաքելյան) (այսուհետ` Դատարան) 02․10․2025 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժվել են։ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (նախագահող դատավոր՝ Ս․ Հովակիմյան) (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 06․11․2025 թվականի որոշմամբ ՀՀ Տավուշի մարզի դատախազության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 02․10․2025 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ։ Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ Տավուշի մարզի դատախազությունը (ներկայացուցիչ Անի Կիրակոսյան)։ Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը, 54-րդ հոդվածի 2-րդ մասը, 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 144-րդ հոդվածի 1-ին մասը։ Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանի կողմից հայցադիմումը վարույթ ընդունելը մերժվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված նորմի սխալ մեկնաբանման արդյունքում, ինչի առնչությամբ էլ բողոքաբերը ներկայացրել է վերաքննիչ բողոքը, սակայն Վերաքննիչ դատարանը համապատասխան հիմքի վերաբերյալ ըստ էության որևէ դիրքորոշում չի արտահայտել, չի մեկնաբանել, թե որ պահից է սկսել ՀՀ դատախազության կողմից ՀՀ վարչական դատարան սույն գործով վիճարկման հայց ներկայացնելու ժամկետը, այլ խոսքով՝ որ պահից է ՀՀ դատախազությունն իրազեկվել սույն գործով վիճարկվող վարչական ակտի գոյության մասին։ Նշված հարցին պատասխանելով՝ ակնհայտ կլիներ, որ «Ջրաշող» ՍՊ ընկերության սեփականության իրավունքի գրանցման մասին ավելի վաղ, քան 03.07.2025 թվականը ՀՀ դատախազության կողմից իրազեկված լինելու մասին վկայող որևէ ապացույց գործում առկա չէ, հետևապես նշված ժամկետից սկսած հայցվորը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ՝ օրենքով նախատեսված բացառիկ լիազորությունների իրականացման շրջանակներում համայնքային շահերի պաշտպանության հայցով դիմել է Դատարան: Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքի շրջանակներից՝ մասնավորապես քննարկել է ինքնուրույն հիմք, որը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/0923/05/19 վարչական գործով 21․10․2022 թվականի որոշմամբ տրված իրավական մեկնաբանություններին: Հայցվորը հայց հարուցելու դատավարական ժամկետը բաց է թողել իրենից անկախ հանգամանքներում, այն է՝ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված բացառիկ դեպքի համատեքստում վեճի առարկա հանդիսացող ակտերին տեղեկացված չլինելու հետևանքով, իսկ այդ նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված լիազորության իրացմամբ պետական (համայնքային) շահերի ենթադրյալ խախտմանը փաստացի տեղեկանալուց հետո՝ իր դիմումի հիման վրա 03.07.2025 թվականին, երբ ստացել է ՀՀ կադաստի կոմիտեի գլխավոր քարտուղարի թիվ ՄԽ/12577-2025 գրությամբ տրամադրված նյութերը, օրենքով սահմանված ժամկետում ձեռնարկել է անհրաժեշտ և բավարար միջոցներ հայցը հարուցելու ուղղությամբ, որպիսի դեպքում էլ ժամկետի բաց թողնման պատճառը պետք է համարվի հարգելի: Ընդ որում, հատկանշական է, որ այդ մասին ՀՀ Տավուշի մարզի դատախազության կողմից առավել վաղ իրազեկված լինելու վերաբերյալ որևէ տվյալ գործով բացակայում է: Նշվածով պայմանավորված՝ բողոքարկվող դատական ակտում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասին և 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին տրված մեկնաբանությունները հակասում են ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից 07.04.2025 թվականին թիվ ՎԴ/2960/05/24 վարչական գործով կայացված որոշմամբ նույն նորմերին տրված մեկնաբանություններին: Վերոգրյալով պայմանավորված՝ սույն դեպքում բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ նաև «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասի միատեսակ կիրառության համար, քանի որ առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի՝ 2025 թվականի նոյեմբերի 06-ի թիվ ՎԴ/14732/05/25 որոշումը և վերացնել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին ՀՀ վարչական դատարանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 02-ի որոշումը։
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքարկվող դատական ակտում և թիվ ՎԴ/2960/05/24 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից 07.04.2025 թվականին կայացված, օրինական ուժի մեջ մտած որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը, 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը կիրառվել են հակասող մեկնաբանությամբ, ուստի սույն դեպքում Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ նշված իրավանորմերի միատեսակ կիրառության ու նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար։ Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում դատախազության կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց ներկայացնելու իրավունքի իրացման անհրաժեշտ նախադրյալների համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետների առանձնահատկություններին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը։ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վարչական դատարան կարող են դիմել նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները կամ պաշտոնատար անձինք` ընդդեմ վարչական մարմնի, եթե համարում են, որ այդ մարմնի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել պետության կամ համայնքի այն իրավունքները, որոնց պաշտպանության լիազորությունը դրված է իրենց վրա, եթե այդ վեճը ենթակա չէ լուծման վերադասության կարգով։ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատախազության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ: ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Դատախազությունն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Դատախազությունը գործում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում՝ օրենքի հիման վրա: «Դատախազության մասին» ՀՀ օրենքի՝ «Դատախազության լիազորությունները» վերտառությամբ 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության 176-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ դատախազությունն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան: «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Դատախազը պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցում է հետևյալ բացառիկ դեպքերում, երբ՝
1) իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, որին վերապահված է պետական (համայնքային) շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցերով հայց ներկայացնելը, իրազեկ լինելով պետական (համայնքային) շահերի խախտման փաստի մասին, դատախազի կողմից հայց ներկայացնելու առաջարկություն ստանալուց հետո ողջամիտ ժամկետում հայց չի ներկայացրել, կամ
2) պետական (համայնքային) շահերի խախտում է տեղի ունեցել այն հարցերով, որոնցով հայց ներկայացնելը օրենսդրությամբ վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի.
3) «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա իրականացված ուսումնասիրության արդյունքներով առկա են գույքի բռնագանձման հայց հարուցելու հիմքեր: Նույն հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով սահմանվել է. «Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ դեպքերի առկայությունը պարզելու նպատակով դատախազն իրավունք ունի՝
1) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, բացառությամբ դատարանների, պետական (պետական բաժնեմասով) կազմակերպություններից պահանջելու և ստանալու հայց հարուցելու համար անհրաժեշտ իրավական ակտեր, փաստաթղթեր և այլ տեղեկություններ»։ Վերը վկայակոչված իրավանորմերի համակարգված վերլուծությունը վկայում է, որ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությունը Դատախազությունն իրավասու է իրացնել միայն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում, որոնց սպառիչ ցանկը թվարկված է «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասով։ Ընդ որում՝ օրենսդրի կողմից նախատեսվել են այդ լիազորությունն իրացնելու գործիքակազմեր, որոնցից է նաև «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրված պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, բացառությամբ դատարանների, պետական (պետական բաժնեմասով) կազմակերպություններից հայց հարուցելու համար անհրաժեշտ իրավական ակտեր, փաստաթղթեր և այլ տեղեկություններ պահանջելու և ստանալու իրավունքը։ Միևնույն ժամանակ օրենսդիրն ամրագրել է նշված իրավունքի իրացման նպատակը, որը պետք է միտված լինի հայց հարուցելու բացառիկ դեպքերի առկայությունը պարզելուն։ Այլ կերպ ասած, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, բացառությամբ դատարանների, պետական (պետական բաժնեմասով) կազմակերպություններից հայց հարուցելու համար անհրաժեշտ իրավական ակտեր, փաստաթղթեր և այլ տեղեկություններ պահանջելու և ստանալու իրավունքի իրացման արդյունքում Դատախազության կողմից պարզման ենթակա հարցը կարող է վերաբերել բացառապես նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ դեպքերի առկայությունը հայտնաբերելուն։ Մասնավորապես, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, բացառությամբ դատարանների, պետական (պետական բաժնեմասով) կազմակերպություններից հայց հարուցելու համար անհրաժեշտ իրավական ակտեր, փաստաթղթեր և այլ տեղեկություններ պահանջելու և ստանալու միջոցով պետք է պարզվեն, թե արդյո՞ք.
- Դատախազությունն իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերել է, որ պետական (համայնքային) շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցով հայց ներկայացնելու լիազորությամբ օժտված պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, իրազեկ լինելով պետական (համայնքային) շահերի խախտման փաստի մասին, դատախազի կողմից հայց ներկայացնելու առաջարկություն ստանալուց հետո ողջամիտ ժամկետում հայց չի ներկայացրել,
- պետական (համայնքային) շահերի խախտում է տեղի ունեցել այն հարցերով, որոնցով հայց ներկայացնելը օրենսդրությամբ վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի,
- «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի հիման վրա իրականացված ուսումնասիրության արդյունքներով առկա են գույքի բռնագանձման հայց հարուցելու հիմքեր: ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածը հստակ ընդգծում է այն, որ դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության համար հայց հարուցելու լիազորությունը գործում է միայն օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում: Նշվածը պայմանավորված է այն հանգամանքով, որ առաջնային լիազորությունն այդ հարցում պատկանում է այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին, որի իրավասությունների ոլորտում պետությանը պատճառվել է գույքային վնաս: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ պետական (համայնքային) շահերի խախտման դեպքում դատախազությունն իրավասու է հայց հարուցելու նաև այն դեպքում, երբ նման լիազորություն վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի։ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատախազը, համարելով, որ վարչական մարմնի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել պետության (համայնքի) գույքային և ոչ գույքային շահերը, իսկ պետական (համայնքային) շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցով հայց ներկայացնելը վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, պետք է անմիջապես ձեռնամուխ լինի պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցի հարուցմանը։ Այսինքն, այն դեպքերում, երբ պետական (համայնքային) շահերի խախտում է տեղի ունեցել այն հարցերով, որոնցով հայց ներկայացնելը օրենսդրությամբ վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, դատախազը ձեռք է բերում պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու առաջնային իրավասություն: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ մի շարք դեպքերում օրենսդիրը պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու առաջնային լիազորությունը վերապահել է այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին, որի իրավասությունների ոլորտում պետությանը (համայնքին) պատճառվել է գույքային վնաս: Ուստի այն դեպքում, երբ պետական (համայնքային) շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցով հայց ներկայացնելը վերապահված է որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, դատախազը, նախ պետք է պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց ներկայացնելու առաջարկություն կատարի համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին։ Այնուհետև դատախազի կողմից ներկայացված առաջարկությունը ստանալուց հետո համապատասխան մարմնի կողմից ողջամիտ ժամկետում հայց չներկայացնելու, այլ կերպ ասած՝ անգործություն դրսևորելու պարագայում միայն դատախազը ձեռք է բերում պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու իրավասություն: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատախազի ներկայացրած առաջարկությունը ստանալուց հետո պետական շահերի պաշտպանությանն առնչվող համապատասխան հայցով դատարան դիմելու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի իրավասությունը սահմանափակված է ողջամիտ ժամկետով, որը տվյալ պարագայում ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ պետք է հաշվարկվի համապատասխան հայցատեսակի դեպքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված ժամկետներով։ Ընդ որում, տվյալ ժամկետի հաշվարկման ելակետը պետք է պայմանավորել դատախազի կողմից ներկայացված առաջարկությունը ստանալու պահով։ Այլ կերպ ասած՝ եթե պետական կամ տեղական ինքակառավարման մարմինը ստացել է դատախազի առաջարկությունը՝ պետական շահերի պաշտպանությանն առնչվող հարցով դատարան դիմելու վերաբերյալ, ապա տվյալ մարմինը առաջարկությունը ստանալուց հետո ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով հայց ներկայացնելու ժամկետների պահպանմամբ պետք է դիմի ՀՀ վարչական դատարան, որպիսի ժամկետներում ներկայացված հայցը կհամարվի ողջամիտ ժամկետում ներկայացված։ Ընդ որում, բոլոր այն դեպքերում, երբ դատախազությունը պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցը հարուցել է նկարագրված ընթացակարգի խախտմամբ, այսինքն, չեն պահպանվել նախքան դատարան հայց ներկայացնելն օրենքով սահմանված նախապայմանները, ապա հայցադիմումի ընդունումը ենթակա է մերժման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով, քանի որ հայցադիմումը ներկայացվել է նման իրավունքն ակնհայտորեն չունեցող անձի կողմից: Ի լրումն վերոգրյալի՝ ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել ընդգծել, որ դատախազության կողմից վարչական մարմնի դեմ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու հաջորդ նախապայմանը վեճը վերադասության կարգով լուծման ենթակա չլինելն է (տե՛ս, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունն ընդդեմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ ՎԴ/4143/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.05.2024 թվականի որոշումը): Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը որոշմամբ արձանագրել է, որ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու իրավունքն իրացնելու համար Դատախազությունը պարտադիր կերպով պետք է ստուգի, թե պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու առաջնային լիազորությունն արդյո՞ք օրենքով վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, եթե՝ այո, ապա դատախազը, նախ պետք է պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց ներկայացնելու առաջարկություն կատարի համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին։ Եթե պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու առաջնային լիազորությունն օրենքով վերապահված չէ պետական կամ տեղական ինքնակառավարման որևէ մարմնին, ապա Դատախազությունը կարող է իրացնել հայց հարուցելու իր լիազորությունը, եթե այդ վեճը ենթակա չէ լուծման վերադասության կարգով։ Վերոգրյալ հանգամանքները պարզելու միջոց է հանդիսանում «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրված իրավակարգավորումը։ Ըստ այդմ՝ նշված իրավանորմի կիրառմամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, բացառությամբ դատարանների, պետական (պետական բաժնեմասով) կազմակերպություններից պահանջված և ստացված անհրաժեշտ իրավական ակտերի, փաստաթղթերի և այլ տեղեկությունների ուսումնասիրման արդյունքում պարզելով, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, որին վերապահված է պետական (համայնքային) շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցերով հայց ներկայացնելը, իրազեկ լինելով պետական (համայնքային) շահերի խախտման փաստի մասին, դատախազի կողմից հայց ներկայացնելու առաջարկություն ստանալուց հետո ողջամիտ ժամկետում հայց չի ներկայացրել, այսինքն՝ դրսևորել է անգործություն, դատախազը ձեռք է բերում պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու իրավասություն։ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ վերոգրյալ ընթացակարգը սպառելուց, այսինքն՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու իրավասությունն իրացնելու անհրաժեշտ նախադրյալների առկայությունը հաստատվելուց հետո միայն Դատախազությունը դատավարական կանոնների, այդ թվում դատավարական ժամկետների պահպանմամբ հայց է հարուցում դատարան (տե՛ս, ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի թիվ ՎԴ/7873/05/24 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23․02․2026 թվականի որոշումը): ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը, ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում։ Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը։ Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով: ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/7873/05/24 վարչական գործով 23․02․2026 թվականի որոշմամբ արձանագրել է նաև, որ օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետ է սահմանել նույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված սուբյեկտների համար՝ այդ հարցի լուծումը պայմանավորելով վիճարկվող վարչական ակտի ուժի մեջ մտնելու հանգամանքով, իսկ վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-60-րդ հոդվածներում ամրագրված կարգավորումներով օրենսդիրը պայմանավորել է ակտի ընդունման մասին վարույթի մասնակիցներին հանձնման կամ հրապարակման եղանակով իրազեկելու հանգամանքով: Մինչդեռ, նույն հոդվածի 3-րդ մասում նշված սուբյեկտների կողմից հայց ներկայացնելու դատավարական ժամկետ չի նախատեսել։ Նախկինում կայացրած որոշմամբ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարան դիմելու համար օրենսդրական կարգավորումները, այդ թվում նաև ժամկետային սահմանափակումները, պետք է հավասարապես կիրառելի լինեն յուրաքանչյուրի նկատմամբ՝ անկախ նրանց կարգավիճակից: Այլ կերպ ասած՝ անկախ հայցվորի ֆիզիկական անձ, իրավաբանական անձ կամ վարչական մարմին լինելու հանգամանքից, վերջիններիս համար պետք է ապահովվի միևնույն պայմանները, և որևէ սուբյեկտ չի կարող ունենալ դատարան դիմելու առավել բարենպաստ պայմաններ, քան մյուսները: Միևնույն ժամանակ դատարան դիմելու համար օրենսդրական կարգավորումները պետք է բավարար չափով որոշակի լինեն, որպեսզի հիմնական իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում թվարկված սուբյեկտների կողմից վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված չլինելու հետևանքով վերջիններս ձեռք են բերում դատարան դիմելու առավել բարենպաստ պայմաններ, քան ֆիզիկական կամ իրավաբանական անձինք և հնարավորություն են ստանում վիճարկման հայցը դատարան ներկայացնել առանց ժամկետային սահմանափակման: Հետևաբար անձանց գույքային շահերին առնչվող վարչական ակտերը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա բողոքարկելու հնարավորությունը ժամկետային սահմանափակման չենթարկելու պարագայում նրանց համար ստեղծվում է իրավական անորոշություն: Որպես հետևանք խախտվում են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված սեփականության բոլոր ձևերի ճանաչման և հավասարապես պաշտպանության, ինչպես նաև իրավական որոշակիության սկզբունքները: Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ նշված կարգավորման մեջ անհրաժեշտ է հանրային և մասնավոր շահերի՝ որպես սահմանադրորեն պաշտպանվող արժեքների արդարացի հավասարակշռության հաստատում։ ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել արձանագրել, որ 01.01.2008 թվականին Հայաստանի Հանրապետությունում վարչական արդարադատություն ներդնելու նպատակը եղել է մի կողմից պետական (վարչական մարմինների), մյուս կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց միջև գոյություն ունեցող իրական անհավասարությունը վերացնելը, վերջիններիս դիրքը պետության (վարչական մարմինների) համեմատ ուժեղացնելը և դրանով իսկ առկա ուժային տարբերությունը նվազեցնելը հօգուտ քաղաքացու։ Այլ կերպ ասած՝ վարչական արդարադատությունը միտված է վարչաիրավական հարաբերությունն իրավական պետության ոգով ձևավորելուն, այդ թվում՝ վարչական մարմնի և քաղաքացու միջև հավասարակշռություն ապահովելուն։ Վարչական վարույթը կարգավորող իրավունքը՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը և վարչական դատավարական իրավունքը՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը իրավական պետության այնպիսի նվաճումներ են, որոնք երաշխավորում են ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և օրինական շահերի արդյունավետ պաշտպանությունը վարչական մարմինների վարչական ակտերից, գործողություններից և անգործությունից։ Այդ երկու օրենքները պետք է թույլ չտան, որ վարչական մարմինը հիշատակված ուժային տարբերության պատճառով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց վերաբերվի որպես լոկ օբյեկտի և հաշվի չառնի նրանց օրինական շահերը: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական վարույթը, վարչական դատարանը և վարչական դատավարական իրավունքը իրավական ինստիտուտներ են, որոնք հատկապես սերտորեն են կապված իրավական պետության սկզբունքի հետ՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածի իմաստով: Նրանք հարաբերական են դարձնում կառավարության (գործադիր իշխանության) և քաղաքացու միջև անխուսափելի կառուցվածքային ուժային տարբերությունը՝ ընթացակարգային իրավունքներով տևականորեն ուժեղացնելով քաղաքացու իրավական կարգավիճակը: Վերոգրյալի հաշվառմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում թվարկված սուբյեկտները չեն կարող ունենալ դատարան դիմելու առավել բարենպաստ պայմաններ, քան մյուսները, հետևաբար նրանց համար ևս պետք է ապահովվեն միևնույն պայմանները, ինչը նախատեսված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի այլ մասերում նշված սուբյեկտների համար։ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված սուբյեկտներին վերապահելով պետության իրավունքները խախտող վարչական ակտը վիճարկելու իրավունք, միևնույն ժամանակ, սակայն, նույն օրենսգրքի 72-րդ հոդվածով չի սահմանել նշված սուբյեկտների կողմից վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական դատավարությունում վարչական մարմինների և ֆիզիկական ու իրավաբանական անձանց միջև հավասարակշռությունն ապահովելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում թվարկված սուբյեկտների կողմից վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետի հաշվարկման համար պետք է հիմք ընդունվի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իրավակարգավորումն այն մեկնաբանմամբ, որ նշված իրավանորմում օգտագործված «վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից» եզրույթը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում թվարկված սուբյեկտների համար պետք է դիտարկվի որպես վիճարկվող վարչական ակտի մասին վերջիններիս կողմից իրենց լիազորությունների իրականացման ընթացքում իրազեկվելու պահ։ Այսինքն՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում թվարկված սուբյեկտների կողմից ընդդեմ վարչական մարմինների վիճարկման հայցը կարող է ներկայացվել երկամսյա ժամկետում՝ այն պահից սկսած, երբ հայցվոր վարչական մարմինն իր լիազորությունների իրականացման ընթացքում իրազեկվել է վարչական ակտի գոյության մասին։ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը, սահմանելով վարչական դատարան հայց ներկայացնելու ժամկետները, միաժամանակ հատուկ սահմանել է բաց թողնված ժամկետները վերականգնելու իրավական հնարավորությունը համապատասխան միջնորդության և հարգելի պատճառների առկայության դեպքում, իսկ մնացած բոլոր դեպքերի համար ամրագրել է, որ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց: Այսպիսով, օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով (տե՛ս, ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության, ի դեմս՝ ՀՀ կառավարության, երրորդ անձինք՝ ««Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊԸ, «Արդշինբանկ» ՓԲԸ, Երևան համայնք, թիվ ՎԴ/1951/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 09.11.2021 թվականի որոշումը): Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/7873/05/24 վարչական գործով 23․02․2026 թվականի որոշմամբ արձանագրել է, որ անշարժ գույքի նկատմամբ կատարված իրավունքների պետական գրանցումները վիճարկելու հայցերով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում կիրառված «վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից» եզրույթը պետք է դիտարկել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի կարգավորումների համատեքստում։ Այսպես. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի՝ «Պետական գրանցման իմացության և գրանցված իրավունքների հավաստիության կանխավարկածը» վերտառությամբ 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գույքի նկատմամբ գրանցված իրավունքները և սահմանափակումներն ունեն իրավաբանական ուժ, իսկ բոլոր սուբյեկտները համարվում են տեղեկացված դրանց գրանցման մասին անկախ այն հանգամանքից, թե իրականում տեղյակ են այդ մասին, թե ոչ: Նշված իրավանորմում ամրագրված կարգավորումից հետևում է, որ իրավունքի պետական գրանցումն ունի իրավաբանական ուժ, և բոլոր սուբյեկտները համարվում են տեղեկացված այդ գրանցման մասին անկախ այն հանգամանքից, թե իրականում դրա մասին տեղյակ են, թե՝ ոչ, հետևաբար իրավունքի պետական գրանցումների վիճարկման ժամկետի հոսքը պայմանավորվում է վիճարկվող վարչական ակտի ընդունման՝ իրավունքի պետական գրանցումը կատարելու օրվան հաջորդող օրվանից։ Նշվածի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ ժամկետի ավարտից հետո վիճարկման հայց ներկայացնելու պարագայում հայցվորը պետք է ներկայացնի նաև միջնորդություն՝ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին։ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ գտել է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ: Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ` երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից` երկարատև հիվանդության պատճառով: Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատավարությանը մասնակցելու և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները (տե՛ս, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Գայանե Մելքոնյանի թիվ ՎԴ/0059/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2014 թվականի որոշումը): Այլ որոշումներում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անձինք իրենց դատական պաշտպանության իրավունքից կարող են օգտվել օրենքով սահմանված ժամկետներում, և որպեսզի վարչական դատարանն իրավասու լինի գործադրելու օրենքով սահմանված իր լիազորությունները կոնկրետ իրավական վեճն ըստ էության լուծելու համար, անհրաժեշտ է երկու պայմանների միաժամանակյա առկայություն, առաջին` համապատասխան հայցի առկայություն, երկրորդ` հայցի ներկայացում վարչական դատարան` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում: Դատավարական ժամկետները բաց թողնելու դեպքում երկրորդ պայմանն ապահովված կարող է համարվել միայն կոնկրետ վարչական գործում բաց թողնված դատավարական ժամկետների վերականգնման բավարարված միջնորդության առկայության դեպքում, իսկ մնացած դեպքերում անձը չի կարող օգտվել դատական պաշտպանության իրավունքից, իսկ ՀՀ վարչական դատարանն իրավասու չէ գործադրելու օրենքով վարչական դատարանի համար նախատեսված լիազորությունները (տե՛ս, Աշոտ Գագիկի Հովհաննիսյանի օրինական ներկայացուցիչ Գագիկ Հովհաննիսյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/9439/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.10.2013 թվականի որոշումը, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Արմենուհի Դալիբալթյանի թիվ ՎԴ/2499/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.12.2014 թվականի որոշումը, Հրաչյա Գրիգորյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և մյուսների թիվ ՎԴ/1963/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.12.2014 թվականի որոշումը, «2ԷԴ» ՓԲԸ-ի տնօրեն Էդգար Հովհաննիսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/5086/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.07.2015 թվականի որոշումը, Եղեգնուտի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի մարզային ստորաբաժանման թիվ ՎԴ/0196/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2016 թվականի որոշումը): Թիվ ՎԴ/7873/05/24 վարչական գործով կայացված 23․02․2026 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված իր լիազորությունն իրականացնելու միջոցով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, բացառությամբ դատարանների, պետական (պետական բաժնեմասով) կազմակերպություններից պահանջված և ստացված անհրաժեշտ իրավական ակտերի, փաստաթղթերի և այլ տեղեկությունների ուսումնասիրման արդյունքում Դատախազությունը պարզում է միայն նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ դեպքերի առկայությունը, որպիսի պարագայում միայն Դատախազությունն իրավասու է հայց հարուցել դատարան։ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ դեպք է հանդիսանում նաև այն, երբ պետական (համայնքային) շահերի խախտում է տեղի ունեցել այն հարցերով, որոնցով հայց ներկայացնելն օրենսդրությամբ վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, որի առկայությունը պարզելու նպատակով Դատախազությունը կարող է իրացնել «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված իր լիազորությունը և պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, բացառությամբ դատարանների, պետական (պետական բաժնեմասով) կազմակերպություններից պահանջել և ստանալ անհրաժեշտ իրավական ակտեր, փաստաթղթեր և այլ տեղեկություններ։ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հայց հարուցելու բացառիկ դեպքի առկայությունը կարող է հաստատված համարվել միայն այն պարագայում, եթե վերոգրյալ լիազորության կիրառման արդյունքում ձեռք բերված իրավական ակտերը, փաստաթղթերը և այլ տեղեկությունները պարունակում են բավարար տվյալներ այն մասին, որ տեղի է ունեցել պետական (համայնքային) շահերի խախտում այն հարցերով, որոնցով հայց ներկայացնելն օրենսդրությամբ վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին։ Վերոգրյալ փաստակազմի առկայությունը հաստատված համարելու դեպքում Դատախազության մոտ ծագում է պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցը դատարան ներկայացնելու առաջնային իրավասություն, որը վերջինս կարող է իրացնել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված դատավարական ժամկետներում։ ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել հատուկ ընդգծել, որ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված լիազորությունը չի կարող իրականացվել a priori, առանց որևէ առիթի, հետևաբար նշված իրավանորմով սահմանված լիազորության իրացման համար պետք է առկա լինի այնպիսի հանգամանք, որն առերևույթ կարող է վկայել պետական (համայնքային) շահերի խախտման մասին, որպիսի շահի պաշտպանությունը կազմակերպելու նպատակով անհրաժեշտություն կառաջանա իրացնել «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված լիազորությունը: Հակառակ մեկնաբանման դեպքում, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված լիազորությունը կիրառելու առումով Դատախազությունը կաշկանդված չի լինի որևէ ժամկետային կամ այլ հանգամանքով, ինչը ոչ միայն կհանգեցնի իրավական անորոշության՝ գրեթե անհնար դարձնելով այդ լիազորությունն իրացնելու իրավաչափության գնահատումը, այլև հանրային իրավահարաբերությունների մասնակիցների համեմատությամբ Դատախազությունը կստանա առավել արտոնյալ կարգավիճակ, ինչը կհակասի իրավական պետության սահմանադրական հիմնարար սկզբունքին։ Վերահաստատելով նշված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ վերոգրյալի համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի պետական (համայնքային) շահերի հնարավոր խախտման մասին դատախազության իրազեկման պահի հստակեցումը։ Մասնավորապես, նման իրավիճակներում կարևորվում է այն առիթի, հանգամանքի, պատճառի հստակեցումը, որի հիման վրա դատախազությունը ձեռնամուխ է եղել «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված լիազորության իրացմանը։ Ըստ այդմ, բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և այն վերականգնելու միջնորդությամբ անհրաժեշտ է հստակ արձանագրել կամ միջնորդությունը քննարկելու ժամանակ հստակ նշել, թե կոնկրետ որ առիթը և/կամ հանգամանքն է հիմք հանդիսացել դատախազության կողմից համապատասխան լիազորության իրացման համար, և արդյոք հենց այդ լիազորության իրացման շրջանակում է դատախազությունը տեղեկացել վիճարկվող վարչական ակտի մասին։ Հետևաբար, բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդության հիմնավորումը գնահատելու համար պետք է նախ հստակեցվի վերը նշվածը, քանի որ միայն այդ պարագայում հնարավոր կլինի օբյեկտիվորեն գնահատել ինչպես համապատասխան լիազորության իրացման իրավաչափությունը, այնպես էլ այդ լիազորությունների իրացման արդյունքում դատավարական ժամկետների պահպանման հարցը։ Այսինքն, այս առումով անհրաժեշտ է, որ դատախազությունը ոչ միայն վկայակոչի վարչական ակտի գոյության մասին տեղեկացված լինելու փաստը, այլև հստակ մատնանշի այն առիթը, ինչը հիմք է հանդիսացել իր կողմից համապատասխան բացառիկ լիազորության իրացման և դրա շրջանակներում տեղեկության ստացման համար։ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
ՀՀ Տավուշի մարզի դատախազությունն էլեկտրոնային համակարգի միջոցով հայց է ներկայացրել Դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից «Ջրաշող» ՓԲ ընկերության անվամբ կատարված 17․01․2006 թվականի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցումը (վկայական թիվ 1603123), որպես հետևանք անվավեր ճանաչել Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Վասիլյան փողոց 4/1 հասցեում գտնվող թիվ թիվ 11-001 կադաստրային համարը կրող հողամասի նկատմամբ 27․02․2006 թվականի «Ջրաշող» ՓԲ ընկերության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը (վկայական թիվ 2056153): Միաժամանակ, միջնորդել է․ «Վերականգնել վիճարկման հայց ներկայացնելու համար սահմանված դատավարական ժամկետը՝ հայց ներկայացնելու ժամկետի սկիզբը հաշվարկելով 2025 թվականի հուլիսի 03-ից»՝ այն պատճառաբանությամբ, որ «․․․ սույն գործով վեճի առարկա պետական գրանցման որպես վարչական ակտի փաստաթղթային տարբերակը ՀՀ Տավուշի մարզի դատախազության տիրապետման ներքո առկա է եղել միայն 2025 թվականի հուլիսի 03-ից, հետևաբար միայն այդ պահից սկսված է առկա եղել համապատասխան հիմքը՝ այն է վարչական ակտը, որի վիճարկման վերաբերյալ հայցադիմումը Հայցվորը կարող էր ներկայացնել»: Դատարանը 10․09․2025 թվականի որոշմամբ վերադարձրել է հայցադիմումը և կից փաստաթղթերը՝ հայցադիմումում թույլ տրված սխալները վերացնելու և այն կրկին ներկայացնելու հնարավորությամբ։ Ինչ վերաբերում է ներկայացված միջնորդությանը, ապա Դատարանն արձանագրել է, որ «․․․ հայցադիմումը վերադարձնելու պայմաններում դրա քննարկմանը սույն փուլում չի անդրադառնում»։ ՀՀ Տավուշի մարզի դատախազությունը, շտկելով հայցադիմումում առկա սխալները, կրկին էլեկտրոնային համակարգի միջոցով 24․09․2025 թվականին հայց է ներկայացրել Դատարան։ Դատարանի 02․10․2025 թվականի որոշմամբ ՀՀ Տավուշի մարզի դատախազության միջնորդությունը՝ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ, և հայցադիմումի ընդունումը մերժվել են, այն պատճառաբանությամբ, որ «․․․ իրավունքի պետական գրանցումը՝ որպես վարչական ակտ, ուժի մեջ է մտնում գրանցման մատյանում սահմանված գրառումները կատարելու և պետական գրանցման իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից հաստատվելու պահից, որպիսի փաստը հաստատվում է իրավունքի պետական գրանցման վկայականով, իսկ բոլոր սուբյեկտները համարվում են տեղեկացված դրանց գրանցման մասին անկախ այն հանգամանքից, թե իրականում տեղյակ են այդ մասին, թե ոչ: Այսպես, սույն դեպքում հայցվորը ներկայացված հայցադիմումով որպես հիմնական պահանջ խնդրել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից «Ջրաշող» ՓԲ ընկերության անվամբ կատարված 17․01․2006թ․ անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցումը (վկայական թիվ 1603123) ճանաչել անվավեր։ Դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված երկամսյա ժամկետի հաշվարկման համար ելակետ է հանդիսանում 17․01․2006թ․ կատարված գրանցումը: (․․․) օրենսդիրը վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետը պայմանավորել է վարչական ակտի ուժի մեջ մտնելու հետ, իսկ ներկայացրած միջնորդությամբ չի հիմնավորվում հայցվորի մոտ այնպիսի սուբյեկտիվ կամ օբյեկտիվ պատճառների առկայությունը, որոնց հաշվառմամբ վերջինս զրկված է եղել վարչական ակտի ուժի մեջ մտնելուց հետո սահմանված ժամկետում հայց հարուցելու իրավունքից: Ավելին, միջնորդությամբ միայն նշվել է վեճի առարկա պետական գրանցման՝ որպես վարչական ակտի փաստաթղթային տարբերակը ՀՀ Տավուշի մարզի դատախազության տիրապետման ներքո առկա լինելու վերաբերյալ տեղեկատվություն, որպիսի հանգամանքը չի կարող դիտվել որպես օբյեկտիվ կամ սուբյեկտիվ հիմք 17․01․2006թ․ կատարված գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով հայց ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու համար, իսկ որևէ այլ հիմք միջնորդությամբ նշված չէ»: Վերաքննիչ դատարանը բողոքարկվող՝ 06․11․2025 թվականի որոշմամբ ներկայացված վերաքննիչ բողոքը մերժել է, և Դատարանի 02․10.2025 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողել է անփոփոխ այն պատճառաբանությամբ, որ «․․․ հայցվորը, հիմնական պահանջով ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից «Ջրաշող» ՓԲ ընկերության անվամբ կատարված 17․01․2006 թվականի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցումը (վկայականթիվ 1603123) վիճարկելու հայցադիմումը էլեկտրոնային եղանակով ներկայացնելով 02.09.2025 թվականին, խախտել է վիճարկման հայց ներկայացնելու ժամկետը, իսկ միջնորդությամբ ներկայացված հիմնավորումները բավարար չեն վիճարկման հայց ներկայացնելու ժամկետը հարգելի պատճառով խախտված լինելու հանգամանքը հաստատելու համար: Նման պայմաններում ներկայացված միջնորդությունը ենթակա էր մերժման, որպիսի եզրահանգման եկել է Վարչական դատարանը «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» 02․10.2025 թվականի որոշմամբ»։ Վերոգրյալ իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ․ Այսպես, Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1603123 վկայականի համաձայն՝ Տավուշի մարզ, ք․ Իջևան, Վասիլյան փողոց 4/1 վարչական շենքի և օժանդակ շինությունների նկատմամբ Անշարժ գույքի առքուվաճառքի 03.06.2004 թվականի թիվ 782 պայմանագրի հիման վրա՝ 14․07․2004 թվականին թիվ 01-001 կադաստրային համարը կրող արդյունաբերական օբյեկտների նպատակային նշանակության 4.222հա մակերեսով հողամասի նկատմամբ գրանցվել է «Ջրաշող» ՓԲ ընկերության վարձակալության իրավունքը: Նշված վկայականում հողամասի նկատմամբ նշված «Վարձակալություն» իրավունքի տեսակը ձեռագիր ջնջված է և նշված է սեփականություն: «Լրացուցիչ նշումներ, փոփոխություններ» դաշտում առկա է գրառում՝ « 1 Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է ՀՀ 04.10.2005 թվականի N 199-Ն օրենքի 23-րդ հոդվածի պահանջների համաձայն, պայմանով՝ գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացվելու դեպքում», միաժամանակ, «Լրացուցիչ նշումներ, փոփոխություններ» դաշտում առկա «... պայմանով՝ գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացվելու դեպքում:» գրառումը ձեռագիր ջնջված է, և առկա է նշում ու ստորագրություն՝ «Կտրոն N9, 17.01.06թ.»։ Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2056153 վկայականի համաձայն՝ Տավուշի մարզ, Վասիլյան փողոց 4/1 վարչական շենքի և օժանդակ շինությունների նկատմամբ Անշարժ գույքի առքուվաճառքի 03.06.2004 թվականի թիվ 782 պայմանագրի հիման վրա՝ 27․02․2006 թվականին թիվ 11-001 կադաստրային համարը կրող արդյունաբերական օբյեկտների նպատակային նշանակության 4.222հա մակերեսով հողամասի նկատմամբ գրանցվել է «Ջրաշող» ՓԲ ընկերության սեփականության իրավունքը: «Լրացուցիչ նշումներ, փոփոխություններ» դաշտում առկա է ջնջված ձեռագիր գրառում՝ « 1 Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է ՀՀ 04.10.2005 թվականի N 199-Ն օրենքի 23-րդ հոդվածի պահանջների համաձայն, պայմանով՝ գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացվելու դեպքում: Ուղղումները կատարվել է մեր կողմից»: ՀՀ կադաստի կոմիտեի գլխավոր քարտուղարի 27․06․2025 թվականի թիվ ՄԽ/12577-2025 գրությամբ, որը 03․07․2025 թվականին մուտքագրվել է ՀՀ Տավուշի մարզի դատախազության տարածքային բաժին թիվ ՄԳ/8965/-25 համարի ներքո՝ ուղղված ՀՀ դատախազության Տավուշի մարզի դատախազության դատախազ Ա․ Կիրակոսյանին, հայտնվել է, որ․ «Ի պատասխան Կադաստրի կոմիտե մուտքագրված Ձեր 2025 թվականի հունիսի 20-ի N 67/2895-25 գրության՝ տրամադրում ենք գրությամբ նշված անշարժ գույքի միավորների կադաստրային գործերում առկա փաստաթղթերի լուսապատճեններն՝ ըստ Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային արխիվների տվյալների»։ ՀՀ կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղարի 25․08․2025 թվականի թիվ ՄԽ/15987-2025 գրությամբ՝ ուղղված ՀՀ դատախազության Տավուշի մարզի դատախազ Ա․ Մուրադյանին, հայտնվել է, որ․ «Ի պատասխան Ձեր 2025 թվականի օգոստոսի 21-ի N 67/3982-25 գրության՝ ստորև տրամադրվում է բարձրացված հարցադրումների վերաբերյալ տեղեկատվությունը․ 1․ ՀՀ կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի N 879-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) Հավելված 4-ի ցանկում ընդգրկված «Ջրաշող» ՓԲԸ-ին պատկանող ք. Իջևան, Վասիլյան 4/1 հասցեում գտնվող 4.2220 հա մակերեսով հողամասը ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 29-ի N 1746-Ն որոշման համաձայն ընդգրկված է տարածագնահատման (գտնվելու վայրի) 10-րդ գոտում, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ կառավարության 2020 թվականի հունվարի 4-ի N 1023-Ն որոշման համաձայն՝ 11-րդ գոտում։ Հավելենք, որ Որոշման Հավելված 2-ի 25-րդ կետի համաձայն՝ Իջևան քաղաքի 1 քմ մակերեսով հողամասի կադաստրային գինը սահմանված է եղել 187 ՀՀ դրամ։ 2․ ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 29-ի N 1746-Ն որոշման համաձայն 3․5334հա մակերեսով հողամասի կադաստրային արժեքը 2006 թվականի հունվարի 17-ի դրությամբ կազմել է 52,437,240 ՀՀ դրամ։ 3․ Նշված հողամասի նկատմամբ 2006 թվականի հունվարի 17-ին «Ջրաշող» ՓԲԸ-ի անվամբ սեփականության իրավունքի գրանցման ժամանակ վճարված հողամասի կադաստրային արժեքի վճարումը համապատասխանում է Որոշման Հավելված 2-ով սահմանված չափին՝ 1 քմ մակերեսի համար վճարվել է 187 ՀՀ դրամ։ 4․ 2-րդ և 3-րդ կետերի հարցադրումների արդյունքում ստացված կադաստրային արժեքների տարբերությունը կազմում է 44,542,100 ՀՀ դրամ»: ՀՀ Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարանի 28․08․2025 թվականի թիվ Ե-1944 գրության համաձայն՝ ուղղված ՀՀ Տավուշի մարզի դատախազության դատախազի տեղակալ Հ․ Աղասարյանին՝ «․․․ Իջևան համայնք, Իջևան քաղաք, Վասիլյան փողոց թիվ 4/1 հասցեում գտնվող, «Ջրաշող» ՓԲԸ-ին պատկանող 4.2220հա մակերեսով հողամասի ... վերաբերյալ տեղեկացնում ենք, որ համայնքապետարանի և նշված անձանց միջև վարձակալության, հողամասի անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու կամ ուղղակի վաճառքով օտարելու պայմանագրեր չեն կնքվել»: ՀՀ կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղարի թիվ N ՄԽ/16329-2025 գրությամբ՝ ուղղված ՀՀ դատախազության Տավուշի մարզի դատախազի տեղակալ Հ․ Աղասարյանին՝ հայտնվել է, որ․ «Ի պատասխան Ձեր 2025 թվականի օգոստոսի 27-ի N 67/4083-25 գրության՝ հայտնում ենք, որ ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Վասիլյան 4/1 և Վասիլյան 4 հասցեների հողամասերը ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 29-ի N 1746-Ն որոշման համաձայն ընդգրկված են տարածագնահատման (գտնվելու վայրի) 10-րդ գոտում, որտեղ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, վարձակալության իրավունքով տրամադրման դեպքերում 1 քմ մակերեսի կադաստրային արժեքը սահմանված է 1,242 ՀՀ դրամ»: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցադիմումին կից ներկայացված «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին» միջնորդությամբ ՀՀ Տավուշի մարզի դատախազությունը հայտնել է, որ․ «․․․ սույն գործով վեճի առարկա պետական գրանցման որպես վարչական ակտի փաստաթղթային տարբերակը ՀՀ Տավուշի մարզի դատախազության տիրապետման ներքո առկա է եղել միայն 2025 թվականի հուլիսի 03-ից»։ Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ, ինչպես վերը նշվեց, օրենսդիրը դատախազությանն օժտել է «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված իր լիազորությունն իրացնելու միջոցով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, բացառությամբ դատարանների, պետական (պետական բաժնեմասով) կազմակերպություններից պահանջված և ստացված անհրաժեշտ իրավական ակտերի, փաստաթղթերի և այլ տեղեկությունների ուսումնասիրման արդյունքում պարզել նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ դեպքերի առկայությունը, որպիսի պարագայում միայն դատախազությունն իրավասու է հայց հարուցել դատարան։ Ըստ այդմ, նշված լիազորության իրացման շրջանակում ՀՀ Տավուշի մարզի դատախազության դատախազ Ա. Կիրակոսյանը դիմել է ՀՀ կադաստրի կոմիտեին։ ՀՀ կադաստի կոմիտեի գլխավոր քարտուղարի 27․06․2025 թվականի թիվ ՄԽ/12577-2025 գրությամբ, որը 03․07․2025 թվականին մուտքագրվել է ՀՀ Տավուշի մարզի դատախազության տարածքային բաժին թիվ ՄԳ/8965/-25 համարի ներքո, հայտնվել է, որ «Ի պատասխան Կադաստրի կոմիտե մուտքագրված Ձեր 2025 թվականի հունիսի 20-ի N 67/2895-25 գրության՝ տրամադրում ենք գրությամբ նշված անշարժ գույքի միավորների կադաստրային գործերում առկա փաստաթղթերի լուսապատճեններն՝ ըստ Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային արխիվների տվյալների»։ Ըստ սույն էլեկտրոնային գործի նյութերի՝ ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, Վասիլյան 4/1 հասցեի կադաստրային գործի պատճենները 03.07.2025 թվականին ստանալուց հետո ՀՀ Տավուշի մարզի դատախազությունը 02.09.2025 թվականին հայց է ներկայացրել Դատարան, ապա Դատարանի կողմից այն վերադարձնելուց հետո կատարել համապատասխան սխալների ուղղումները և կրկին ներկայացրել հայցադիմում 24.09.2025 թվականին՝ միաժամանակ միջնորդելով հարգելի համարել հայց ներկայացնելու համար օրենքով սահմանված բաց թողնված ժամկետը։ Ըստ հայցվորի կողմից ներկայացված միջնորդության՝ ՀՀ Տավուշի մարզի դատախազությունը պետական (համայնքային) շահերի ենթադրյալ խախտման կամ հայց հարուցելու բացառիկ դեպքի առկայության վերաբերյալ իրազեկվել է 03.07.2025 թվականին, այն ժամանակ, երբ իր դիմումի հիման վրա ՀՀ կադաստի կոմիտեի գլխավոր քարտուղարը թիվ ՄԽ/12577-2025 գրությամբ տրամադրել է պահանջված անշարժ գույքի միավորների կադաստրային գործերում առկա փաստաթղթերի լուսապատճենները։ Ուսումնասիրելով հայցադիմումին կից ներկայացված գործի նյութերը և դրանք համադրելով վերը նշված դիրքորոշման հետ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում ՀՀ Տավուշի մարզի դատախազության կողմից չի վկայակոչվել և հիմնավորվել այն հանգամանքը և/կամ առիթը, որը պատճառ է հանդիսացել «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված լիազորությունն իրացնելու համար։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ Տավուշի մարզի դատախազության փաստարկն այն մասին, որ վարչական ակտի գոյության մասին տեղեկացվել է միայն 03.07.2025 թվականին՝ ՀՀ կադաստի կոմիտեի գլխավոր քարտուղարի թիվ ՄԽ/12577-2025 գրությամբ պահանջված անշարժ գույքի միավորների կադաստրային գործերում առկա փաստաթղթերի լուսապատճեններն ուսումնասիրելուց հետո, բավարար չէ հայց ներկայացնելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և այն վերականգնելու համար, քանի որ ո'չ ներկայացված միջնորդությամբ, ո'չ վերաքննիչ բողոքով, ո'չ վճռաբեկ բողոքով չի վկայակոչվել և հիմնավորվել այն առիթը, որը պատճառ է հանդիսացել ՀՀ Տավուշի մարզի դատախազության կողմից «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված լիազորությունն իրացնելու համար։ Հետևաբար, Դատարանը մերժելով, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ անփոփոխ թողնելով հայցվորի բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին միջնորդությունը՝ հանգել են իրավաչափ եզրակացության։ Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդարադառնալ բողոք բերած անձի այն փաստարկներին, որ սույն գործով բողոքարկվող դատականով ակտով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասը, 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը հակասում են ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի թիվ ՎԴ/2960/05/24 վարչական գործով 07.04.2025 թվականի որոշմամբ նույն նորմերի վերաբերյալ արտահայտած դիրքորոշմանը։ Այսպես, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի թիվ ՎԴ/2960/05/24 վարչական գործով 07.04.2025 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը բավարարվել է և վերացվել է նույն գործով ՀՀ վարչական դատարանի «Բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու միջնորդության մասին» որոշումը այն պատճառաբանությամբ, որ ․․․ Օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում թվարկված սուբյեկտների կողմից ընդդեմ վարչական մարմինների վիճարկման հայցը կարող է ներկայացվել երկամսյա ժամկետում՝ այն պահից սկսած, երբ հայցվոր պետական մարմինն իր լիազորությունների իրականացման ընթացքում իրազեկվել է վարչական ակտի գոյության մասին, և արձանագրելով, որ սույն գործի նյութերում առկա չէ ք. Երևան, Բաղրամյան պողոտա, թիվ 3 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» հասարակական կազմակերպության սեփականության իրա-վունքի գրանցման մասին ավելի վաղ, քան 05.02.2024 թ. ՀՀ գլխավոր դատախազության կողմից իրազեկված լինելու մասին վկայող որևէ ապացույց, փաստում է, որ ք. Երևան, Բաղրամյան պողոտա, թիվ 3 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» հասարակական կազմակերպության սեփականության իրավունքի գրանցման մասին իրազեկվելուց հետո՝ երկամսյա ժամկետում, ՀՀ գլխավոր դատախազությունն իրացրել է նշված հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» հասարակական կազմակերպության սեփականության իրավունքի պետական գրանցումը վարչադատավարական կարգով վիճարկելու իր իրավունքը՝ Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված ժամկետի պահպանմամբ 21.03.2024թ. հայցադիմում ներկայացնելով Դատարան: Մինչդեռ, սույն գործով Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «․․․ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը սույն գործով հայցադիմումը դատարան է ներկայացրել՝ հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորումը։ ․․․ Նման պայմաններում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ դատախազությունը պետական, ներառյալ նաև՝ համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու հնարավորություն ունեցել է նաև մինչև «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի՝ 06.04.2023 թվականին ուժի մեջ մտնելը: ․․․ հայցվորը, հիմնական պահանջով ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից «Ջրաշող» ՓԲ ընկերության անվամբ կատարված 17․01․2006 թվականի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցումը (վկայականթիվ 1603123) վիճարկելու հայցադիմումը էլեկտրոնային եղանակով ներկայացնելով 02.09.2025 թվականին, խախտել է վիճարկման հայց ներկայացնելու ժամկետը, իսկ միջնորդությամբ ներկայացված հիմնավորումները բավարար չեն վիճարկման հայց ներկայացնելու ժամկետը հարգելի պատճառով խախտված լինելու հանգամանքը հաստատելու համար: Նման պայմաններում ներկայացված միջնորդությունը ենթակա էր մերժման, որպիսի եզրահանգման եկել է Վարչական դատարանը «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» 02․10.2025 թվականի որոշմամբ»։ Վճռաբեկ դատարանը, արժևորելով օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու իր սահմանադրական առաքելությունը, անհրաժեշտ է համարում նշել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը, 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը ենթակա են կիրառման սույն գործով կայացված որոշմամբ տրված դիրքորոշման հաշվառմամբ։ Միաժամանակ, անդրադառնալով բողոք բերած անձի այն փաստարկին, որ սույն դեպքում բարձրացված հարցի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասի միատեսակ կիրառության համար, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ թիվ ՎԴ/7873/05/24 վարչական գործով 23․02․2026 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, իրացնելով օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու իր սահմանադրական առաքելությունը, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասի հետագա կիրառման կապակցությամբ արդեն իսկ տվել է համապատասխան մեկնաբանություն՝ ընդգծելով, որ նշված իրավանորմը ենթակա է կիրառման նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, ինչը վերահաստատվել է նաև սույն գործով Վճռաբեկ դատարանի վերը նշված դիրքորոշմամբ, և ինչն էլ էական նշանակություն կունենա նշված իրավանորմի մասով միասնական ու կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար։ Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքի հիմքը բավարար չէ Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար։ Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64․6-րդ, 153-րդ, 169-171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարան
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 06․11․2025 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը թողնել անփոփոխ։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ: Նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Զեկուցող Ք. ՄԿՈՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 10 ապրիլի, 2026 թ.
- Գործի #:
- ՎԴ/14732/05/25
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
