Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/Գրիգորյան — ԵԴ/1485/01/21
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Գրիգորյան — ԵԴ/1485/01/21

Վճռաբեկ դատարանԵԴ/1485/01/2123 ապրիլի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի նախադեպային շտեմարանում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 42. Կարծիքի արտահայտման ազատությունը · ՄԻԵԿ հոդված 10. Արտահայտվելու ազատություն
PDF

Ամփոփում

Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2021 թվականի հունիսի 28-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության շտաբի հետաքննության բաժանմունքում հարուցվել է թիվ 59152621 քրեական գործը 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 226.2-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի հուլիսի 16-ի որոշմամբ Հակոբ Թելմանի Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ Հակոբ Գրիգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և ն

Ամբողջ Տեքստ

ԵԴ/1485/01/21

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր` Մ.Մարտիրոսյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր` Մ.Արղամանյան

դատավորներ` Գ.Հովհաննիսյան

Ռ.Պապոյան

23 ապրիլի 2026 թվական ք.Երևան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ` Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ` Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով Հակոբ Թելմանի Գրիգորյանի վերաբերյալ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 27-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2021 թվականի հունիսի 28-ին ՀՀ ոստիկանության

Երևան քաղաքի վարչության շտաբի հետաքննության բաժանմունքում հարուցվել է թիվ 59152621 քրեական գործը 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 226.2-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի հուլիսի 16-ի որոշմամբ Հակոբ Թելմանի Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ Հակոբ Գրիգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ 2021 թվականի հոկտեմբերի 28-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 1-ի դատավճռով Հակոբ Թելմանի Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 330-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ արարքի կատարման ժամանակ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկի՝ 150.000 (հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով։ Նույն դատական ակտով Հ.Գրիգորյանին թույլատրվել է տուգանքը վճարել 1 (մեկ) տարում՝ յուրաքանչյուր ամիս վճարելով 12.500 (տասներկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ։ Հ.Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը վերացվել է։

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2023 թվականի ապրիլի 27-ի որոշմամբ ամբաստանյալ Հ.Գրիգորյանի և պաշտպան Ռ.Մելիքյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է. Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 1-ի դատավճիռը բեկանվել է, Հ.Գրիգորյանը ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում արդարացվել է՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով։ 3.1. Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 27-ի որոշման վերաբերյալ դատական կազմի դատավոր՝ տվյալ գործով նախագահող Մ.Արղամանյանը հայտնել է հատուկ կարծիք։

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակի կարծիքով Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավոր չէ, դրանով թույլ է տրվել դատական սխալ, այն է՝ նյութական և քրեադատավարական օրենքի խախտումներ, որոնք ազդել են վարույթի ելքի վրա։ Մասնավորապես, ըստ բողոքաբերի՝ ստորադաս դատարանի կողմից նյութական օրենքի սխալ մեկնաբանման, ինչպես նաև ձեռք բերված ապացույցների ոչ պատշաճ հետազոտման և գնահատման հետևանքով Հ.Գրիգորյանի կատարած արարքին ճիշտ քրեաիրավական գնահատական չի տրվել, ինչի արդյունքում նա առաջադրված մեղադրանքում անհիմն արդարացվել է։ 5.1. Ի հիմնավորումն վերոնշյալի՝ վկայակոչելով վերաբերելի իրավական նորմեր, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներ և դրանց լույսի ներքո անդրադառնալով Հ.Գրիգորյանին առաջադրված մեղադրանքի անորոշության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դատողություններին, բողոքաբերը փաստարկել է, որ քաղաքական հայացք ունենալու կամ արտահայտելու համար պարտադիր չէ լինել քաղաքական գործիչ․ քաղաքական հայացքն անձի դաստիարակությամբ, մտավոր ունակություններով, հոգեբանական առանձնահատկություններով, արժեհամակարգով և այլ տարաբնույթ գործոններով պայմանավորված երկրի վիճակին, ներքին իրադրությանը վերաբերող կարծիքների ամբողջություն է, ուստի ակնհայտ է, որ ** ******** և նրա ընտանիքի անդամների նկատմամբ հնչեցված բռնության կոչերը պայմանավորված են հենց քաղաքական հայացքների տարբերությամբ, իսկ մեղադրանքի ձևակերպման մեջ չնշելը, թե ինչպիսի՞ն է ***** ********* վարած քաղաքականությունը կամ ինչպիսի՞ քաղաքական հայացքներ ունի Հ.Գրիգորյանը, ամենևին էլ չի հանգեցնում մեղադրանքի անորոշության և չի վկայում այն մասին, որ մեղադրանքի ձևակերպման մեջ նշված փաստական տվյալները վերացական են։ Նույն համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն պնդմանը, որ առաջադրված մեղադրանքում չի կոնկրետացվել մեղսագրված հանցավոր արարքի կատարման ժամանակ ամբաստանյալի գործողությունների շրջանակը, ինչը հնարավորություն կտար գնահատելու քննարկվող հանցակազմի օրյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշի, այն է՝ բռնություն գործադրելու իրական վտանգի առկայությունը՝ բողոքաբերը նշել է, որ Հ.Գրիգորյանը ** տարեկան երեխաների գիտակցության վրա ազդել է իր անձով՝ որպես ********** ուսուցիչ, ինչպես նաև իր խոսքով, որպիսի տվյալների նկարագիրն այնքանով, որքանով անհրաժեշտ է մեղադրանքի և մեղադրյալի պաշտպանության իրավունքի ապահովման համար, տրված է մեղադրանքի ձևակերպման մեջ: Բողոքաբերն ընդգծել է նաև, որ անչափահասները՝ որպես ենթադրյալ բոնության կոչ ընկալող սուբյեկտներ, իրենց տարիքային և դրանով պայմանավորված սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունների ուժով առավել խոցելի են, և վերջիններիս ներկայությամբ արված բոնության կոչերի արդյունքում վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը շատ ավելի բարձր է՝ պայմանավորված նաև նրանց կողմից կոչը քննադատական մտածողությամբ ընկալելու նվազ հավանականությամբ: 5.2. Բացի այդ, բողոք բերած անձի պնդմամբ՝ ապացույցների բավարար համակցության բացակայության մասին Վերաքննիչ դատարանի հիմնավորումները չեն բխում սույն գործով ձեռք բերված և դատարանում հետազոտված ապացույցներից, որոնք ինչպես առանձին, այնպես էլ համակցության մեջ, հաստատում են Հ.Գրիգորյանի մեղավորությունն իրեն առաջադրված մեղադրանքում, և հակասում են ապացույցների գնահատման վերաբերյալ Վճռաբեկ դատարանի կողմից մի շարք գործերով արտահայտված իրավական դիրքորոշումներին։ 5.3. Անդրադառնալով Հ.Գրիգորյանին մեղսագրվող հանցավոր արարքի որակյալ հատկանիշին և Վերաքննիչ դատարանի այն պնդմանը, որ ********** ուսուցիչը չի հանդիսանում պաշտոնատար անձ, ուստի նրան վերագրվող գործողությունների կատարումը չի կարող դիտվել որպես պաշտոնեական դիրքն օգտագործելով կատարված՝ բողոքաբերը փաստարկել է, որ ՀՀ նախկին քրեական օրենսգիրքը տարանջատում է հանցանքը պաշտոնատար անձի կողմից կատարելը և հանցանքը պաշտոնեական դիրքն օգտագործելով կատարելը՝ որպես որակյալ դարձնող առանձին հանգամանքներ, և այն դեպքում, երբ անձը հանցանքը կատարում է իր որոշակի պաշտոնից բխող լիազորություններն իրականացնելիս դրանք օգտագործելով, հանցանքը որակվում է նշված ծանրացնող հանգամանքով՝ անկախ տվյալ անձի պաշտոնատար անձ լինելու կամ չլինելու հանգամանքից:

6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 27-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 1-ի դատավճռին: Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Հակոբ Գրիգորյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ (…) [Ն]ա, աշխատելով ***** ****** **. ***** ** հասցեում գործող **** անվան թիվ *** ******** դպրոցում որպես ********* ուսուցիչ, համաձայն չլինելով ** ******** ***** ********* վարած քաղաքականության հետ և քաղաքական այլ հայացքներ ունենալու հանգամանքով պայմանավորված, 2021 թվականի մայիսի 21-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, *-րդ դասարանի ********* դասաժամին, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, աշակերտների ներկայությամբ ** ******** ***** ******** և նրա ընտանիքի անդամների նկատմամբ արել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, այն է՝ հայտարարել է, որ ***** ********** պետք է սպանել, նրան և նրա ընտանիքին պետք է հրապարակում վառել»[1]:

8. Առաջին ատյանի դատարանի դատավճռով արձանագրվել է հետևյալը. «(...) Ստուգելով ամբաստանյալի ցուցմունքները, համադրելով դրանք քրեական գործով ձեռք բերված և հետազոտված մյուս ապացույցների հետ, գնահատելով դրանք վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, իրենց համակցության մեջ՝ դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ՝ Դատարանը գտնում է, որ առաջադրված մեղադրանքը հիմնավորող տեղեկությունների մասով դրանք արժանահավատ են, հաստատվում են քրեական գործի քննությամբ ձեռք բերված և հետազոտված ապացույցների համակցությամբ, իսկ մեղադրանքը հերքվելու մասով հայտնած տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում, քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափելու նպատակ են հետապնդում և հերքվում են վերոհիշյալ ապացույցների համակցությամբ։ Պաշտպանական կողմի պատճառաբանություններն այն մասին, որ ********* ուսուցիչը պաշտոնատար անձ չի հանդիսանում և այդ պատճառով պաշտոնեական դիրքն օգտագործել չի կարող՝ անհիմն է, քանի որ պաշտոնատար անձ չլինելով հանդերձ՝ անձը կարող է օգտագործել ծառայության բերումով իր զբաղեցրած պաշտոնեական դիրքը, այդ թվում՝ ********** ուսուցչի պաշտոնեական դիրքը՝ ********* առարկան դասավանդելիս։ Այդ մասին է վկայում ՀՀ քրեական նախորդ օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (…) բովանդակությունը։ Եթե օրենսդիրը սահմանել է իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը պաշտոնատար անձի կողմից՝ ակնհայտ է, որ իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործել կարող է նաև իր ծառայողական պարտականությունները կատարող ոչ պաշտոնատար անձը, տվյալ դեպքում՝ ********** ուսուցիչը։ Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ, ***** ****** **** ***** *** *** ******** դպրոցի ********* ուսուցիչ հանդիսացած Հակոբ Թելմանի Գրիգորյանի կողմից, նրա մեղավորությամբ, ***** ********* առարկայի դասաժամին իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, քաղաքական և այլ հայացքներով պայմանավորված՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր անելն ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական նախորդ օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և գործող ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին: (…)»[2]: 8.1. Առաջին ատյանի դատարանն իր դատավճռի հիմքում, ի թիվս այլնի, դրել է նաև հետևյալ ապացույցները.

- Ամբաստանյալ Հակոբ Գրիգորյանի ցուցմունքներն այն մասին, որ 2017 թվականից մինչև 2021 թվականի հունիսի 28-ն աշխատել է ****** ******* **** ****** *** ******** դպրոցում որպես ********** ուսուցիչ, դասավանդել է *-ից *-րդ դասարաններում: 2021 թվականի մայիսի 21-ին, նշված դպրոցի *-րդ դասարանում, իր կողմից դասավանդվող ********** դասաժամին երեխաներից մեկն իրեն հարցեր է տվել արցախյան վերջին պատերազմի վերաբերյալ, որին ի պատասխան՝ ինքը բացատրել է տեղի ունեցած իրադարձությունները, հիշել Շուշիի և Հադրութի կորստի մասին և հուզված վիճակում այդ ամենում մեղադրել ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությանը: Խոսակցության ընթացքում, գտնվելով հուզական վիճակում, *.********* և նրա ընտանիքի անդամների հասցեին ուղղված արտահայտություններ է արել՝ այդ կերպ արտահայտելով իր զայրույթը պատերազմում պարտվելու կապակցությամբ: Հետագայում, արդեն ոստիկանության բաժանմունքում լսելով իր կողմից կատարված արտահայտությունները՝ հասկացել է, որ աշակերտների մոտ այդպիսի արտահայտություններ անելն անթույլատրելի էր: Ինքը հասկացել է իր սխալը և այդ պատճառով հետագայում իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: *.********* վերաբերյալ արված արտահայտությունները պայմանավորված են եղել Արցախում տիրող իրավիճակով, կապված չեն եղել քաղաքականության հետ: Ձայնագրություններում առկա արտահայտություններն արվել են իր կողմից։ Գտնում է, որ դրանք ընդունելի չեն, բայց չի կարծում, որ այնպիսի արարք է կատարել, որի համար պետք է պատասխանատվություն կրի:

- Անչափահաս վկա Ա․Ս-ի ցուցմունքն այն մասին, որ 2021 թվականի մայիս ամսին, հերթական դասաժամի ընթացքում Հ.Գրիգորյանը բարկացած է եղել և ասել է. «Շուշին դավաճանաբար է հանձնվել թուրքին, դրա համար մեղավոր է *.******** և նրան պետք է վառել, մեզ պետք է նոր Սողոմոն Թեհլերյան»:

- Անչափահաս վկա Ս․Հ․-Ս-ի ցուցմունքն այն մասին, որ 2021 թվականի մայիս ամսին՝ հերթական դասաժամի ընթացքում, Հ.Գրիգորյանը բարկացած է եղել և իր կարծիքն արտահայտելով պատերազմական գործողությունների վերաբերյալ՝ ասել է. «Դավաճանը հանձնել է Շուշին և մեղավորներին պետք է պատժել»:

- Անչափահաս վկա Ք․Մ-ի ցուցմունքն այն մասին, որ հերթական դասաժամերից մեկի ժամանակ Հ.Գրիգորյանը զայրացել է և ասել. «***** դավաճան է, նրան պետք է վառել, կախել, նա է մեղավոր երկրում ստեղծված վիճակի համար»։

- Անչափահաս վկա Ռ․Ս-ի նախաքննական ցուցմունքն այն մասին, որ 2021 թվականի մայիս ամսին՝ հերթական դասաժամի ընթացքում, Հ.Գրիգորյանը քննադատել է ** ******** *.********** և ասել. «Նա է մեղավոր Շուշի քաղաքի հանձնման համար, նրան և նրա ընտանիքին պետք է վերացնել»: Հատկապես պատերազմի ավարտից հետո Հ.Գրիգորյանը հաճախակի է դժգոհել *.**********:

- Վկա Լ․Պ-ի ցուցմունքն այն մասին, որ հանդիսանում է ***** ****** **** ***** *** *** ******* դպրոցի տնօրենը: Հ.Գրիգորյանը շուրջ չորս տարի եղել է դպրոցի ***** ********* ուսուցիչը: Վերջինիս կողմից *.********* հասցեին արված վիրավորական արտահայտությունների և բռնության կոչերի մասին լսել է, երբ նրա խոսակցության վերաբերյալ ձայնագրությունը հայտնվել է համացանցում: Դասաժամը նպատակին չծառայեցնելու և աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար Հ.Գրիգորյանը ստացել է նկատողություն, որից հետո՝ 2021 թվականի հունիսի 28-ին, իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Նմանատիպ խոսակցություններ նախկինում դպրոցում չեն եղել։ Աշակերտներն ասում էին, որ դա միակ դեպքն է, իսկ պատճառը հավանաբար եղել է բարկությունը: Դեպքից հետո խոսել է Հ.Գրիգորյանի հետ, ով հայտնել է, որ զղջում է իր կողմից արված արտահայտությունների համար:

- Դատարանում հետազոտված, 2021 թվականի մայիսի 21-ին տեղի ունեցած՝ **** ********* առարկայի դասաժամի ընթացքում Հ.Գրիգորյանի կողմից արված արտահայտությունների ձայնագրությունը, համաձայն որի՝ ձայնագրությունը տևում է 27 րոպե 54 վայրկյան, այն սկսվում է տղամարդու ձայնով, ով ի սկզբանե վիրավորական արտահայտություններ է հնչեցնում *.********* և նրա ընտանիքի անդամների հասցեին և խոսում *.********* **** կողմից ******* ********* և ********* վարքագիծ դրսևորելու մասին: Ձայնագրության մեջ լսվում են երեխաների ձայներ, ովքեր դիմում են նշված տղամարդուն «պարոն Գրիգորյան» դիմելաձևով: Այնուհետև՝ վերջինս ներկայացնում է *.********* գործողությունները՝ նշելով, որ ******** ****** ********** ժամանակ նա ******* ******** է ******* * *********, իսկ Շուշին և Հադրութը թշնամու կողմից չեն գրավվել, *** *** ***** ******** **: Ձայնագրության 01։05-ից մինչև 01։13-րդ վայրկյաններին նշված տղամարդը հայտնում է հետևյալը. «******* պիտի բերես *** ********՝ *******, *********, բոլոր վիժվածքներով ու հրապարակում վառես, ես սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ»: Ձայնագրության 01:52-ից մինչև 02:02-րդ վայրկյաններին նա ասում է. «Լավ էրեխեք ես ձեր հետ կխոսեմ փաստերով, որ վաղը մեր ապագան եք, որ ***** չդառնաք, որ ատեք»: Ձայնագրության 02:46-ից մինչև 02:52-րդ վայրկյաններին ասում է. «Մեզ հիմա մի հատ Սողոմոն Թեհլերյան ա պետք, որ ******* սպանի ու շուտ պրծնենք՝ իրա ընտանիքով»: Ձայնագրության տարբեր հատվածներում նշված տղամարդը խոսում է *.********* կողմից *********** ********** ***********, ********** լարվածության և այլ հանգամանքների մասին, պարբերաբար վիրավորական արտահայտություններ հնչեցնում *.********* ու նրա ընտանիքի անդամների հասցեին: Ձայնագրության 09:05-րդ վայրկյանին ասում է հետևյալը. «****** դասն էլ փակվեց, էս էլ բացեք», ինչից հետո դիմելով աշակերտներին՝ հայտարարում է դասաժամը սկսելու մասին: Ըստ ձայնագրության՝ դասաժամը տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 21-ին, ինչի վերաբերյալ տվյալ տղամարդը հայտարարում է աշակերտներին»[3]։

9. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (...) [նախատեսված] հանցակազմի օբյեկտիվ կողմը երկընտրելի է և դրսևորվում է ակտիվ գործողություններով՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչով, ինչպես նաև նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելով կամ քարոզելով (...): (...) Կոչեր ասելով պետք է հասկանալ անձանց գիտակցության և կամքի վրա այնպիսի ազդեցություն, որն ուղղված է անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնություն գործադրելուն: (...) Քննարկվող հանցակազմի պարտադիր հատկանիշ է հանդիսանում նաև բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, նման բռնության հրապարակայնորեն արդարացման կամ քարոզի՝ օրենքում նշված հանգամանքներով պայմանավորված լինելը: Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի իրական լինելու հանգամանքը ևս անհրաժեշտ պայման է նշված հանցակազմի առկայության համար: Բռնություն գործադրելու հրապարակային կոչերն իրական են համարվում այն դեպքում, երբ հանցավորը ոչ թե ձևականորեն միայն հայտարարում է, որ անհրաժեշտ է անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնություն գործադրել, այլ այդպիսի հայտարարության հետ մեկտեղ նաև փորձում է տարբեր եղանակներով ազդել անձանց գիտակցության և կամքի վրա: Ընդ որում, հարկ է արձանագրել նաև, որ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի իրական լինելը հավաստելու համար կարևոր է նաև տուժողի սուբյեկտիվ ընկալման գնահատումը, օրինակ՝ երբ տուժողը բավարար հիմքեր է ունենում վախենալու դրա իրականացումից: Այլ կերպ ասած՝ տուժողը պետք է կարծի, որ բռնության իրականացումը հնարավոր է: Սակայն հարկ է նշել, որ արարքի որակման համար տուժողի սուբյեկտիվ ընկալման գնահատումն ածանցյալ նշանակություն ունի, առաջնայինն օբյեկտիվ իրադրության գնահատումն է: (...) Օբյեկտիվ իրադրության գնահատումը ենթադրում է, որ անհրաժեշտ է հաշվի առնել այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են կոչերի բովանդակությունը, կոչով դիմելու եղանակը, այդ թվում նաև՝ հրապարակային լինել կամ չլինելը, ժամանակը, դրանք հանրությանը հասու դարձնելու համար տարաբնույթ միջոցների ձեռնարկումը, հանցավորի և տուժողի միջև հարաբերությունների բնույթը, հանցավորի անձը, հասարակությունում ունեցած դերը, զբաղեցրած պաշտոնը, հանրության վրա հնարավոր ազդեցություն գործադրելու ունակությունը և այլն: (...) Անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի բովանդակությունից պարզ է դառնում, որ դրանում չի ներառվել քննարկվող արարքի քրեաիրավական որակման համար անհրաժեշտ այն փաստական տվյալները, որոնք պետք է բնութագրեին հանցակազմի տարրերից օբյեկտիվ կողմի բոլոր պարտադիր հատկանիշները և հնարավորություն տային փաստելու դրանց առկայությունը: Մասնավորապես, մեղադրանքի ձևակերպումից հետևում է, որ «***** ********** պետք է սպանել, նրան և նրա ընտանիքին պետք է հրապարակում վառել» արտահայտությունները Հակոբ Գրիգորյանի կողմից արվել են դասաժամի ընթացքում՝ *-րդ դասարանի աշակերտների ներկայությամբ (...)։ Սակայն նշվածը ոչ թե միայն ձևական հայտարարություն, այլ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր դիտարկելու համար անհրաժեշտ էր փաստել, թե Ամբաստանյալն ի՞նչ միջոցների ձեռնարկմամբ է ազդել ** տարեկան երեխաների գիտակցության և կամքի վրա բռնություն գործադրելու հրապարակային կոչերը հասու դարձնելու համար, որոնք օբյեկտիվ իրադրության գնահատման արդյունքում հիմք կտային նաև այդ կոչերն իրական գնահատելու համար։ Այսինքն՝ առաջադրված մեղադրանքում չի կոնկրետացվել մեղսագրված հանցավոր արարքի կատարման ժամանակ Ամբաստանյալի գործողությունների շրջանակը, ինչը հնարավորություն կտար գնահատելու քննարկվող հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշի, այն է՝ բռնություն գործադրելու իրական վտանգի առկայությունը: Այլ կերպ՝ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ օբյեկտիվ իրադրությունը և գործի հանգամանքները հիմք չեն տալիս նշված հայտարարությունները՝ որպես իրական՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր գնահատելու համար: Դրանից բացի, ամբաստանյալ Հակոբ Գրիգորյանին առաջադրված մեղադրանքի ձևակերպումից պարզ չէ նաև, թե որո՞նք են «այլ հայացքները» և ի՞նչ բնույթի են, ինչպիսի՞ն է ** ******* ***** ********* վարած քաղաքականությունը և ինչպիսի՞ն է Հակոբ Գրիգորյանի քաղաքական հայացքները, որոնք հիմք են հանդիսացել բռնությունը գործադրելու հրապարակային կոչեր անելու համար, այսինքն՝ հանցանքի կատարման շարժառիթն առաջադրված մեղադրանքում հստակեցված չէ, դրա վերաբերյալ ձևակերպումները վերացական բնույթի են: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը կրկին փաստում է, որ քննարկվող հանցակազմի պարտադիր հատկանիշ է հանդիսանում նաև բռնություն գործադրելու հրապարակային կոչերի՝ օրենքում նշված հանգամանքներով, այդ թվում նաև քաղաքական հայացքներով պայմանավորված լինելը: (...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Հակոբ Գրիգորյանին առաջադրված մեղադրանքի բովանդակությունը չի համապատասխանում «մեղադրանքի» վերաբերյալ միջազգային և ներպետական պահանջներին, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից Գևորգ Ճաղարյանի և մյուսների գործով որոշմամբ սահմանված չափանիշներին։ Մասնավորապես՝ մեղադրանքի ձևակերպումը պարունակում է միայն 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի դիսպոզիցիայի նկարագրությունը, և դրանում նշված չեն այնպիսի փաստական տվյալներ, որոնք հնարավորություն կընձեռեն հիմնավորված կերպով եզրահանգելու, որ Հակոբ Գրիգորյանի արարքը համապատասխանում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածին: Ընդհանրացնելով վերոշարադրյալը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Հակոբ Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը՝ անձի նկատմամբ քաղաքական այլ հայացքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու վերաբերյալ, անորոշ է. իրավական գնահատման ենթակա փաստական տվյալներ ներկայացված չեն, իրավական բնորոշումը ներկայացված է վերացականորեն: (...) Օրենքով նախատեսված պահանջների պահպանմամբ մեղադրանքը չձևակերպելու պայմաններում, Ամբաստանյալը զրկվել է պատշաճ կերպով իրականացնել իր պաշտպանության իրավունքը, ինչպես նաև չի ապահովվել կողմերի դատավարական իրավահավասարությունը` սեփական դիրքորոշումը հիմնավորելու և մյուս կողմի փաստարկները հերքելու համար: Օրենքով ամրագրված սկզբունքներից թույլ տրված շեղումները հանգեցրել են արդար դատաքննության հիմնարար արժեքի առարկայազրկման: Վերաքննիչ դատարանի համոզմամբ՝ վերը շարադրվածը ինքնին բացառում է Ամբաստանյալի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնելու հնարավորությունը։ (...) Սույն որոշման նախորդ կետում արձանագրվածից բացի Վերաքննիչ դատարանն ահրաժեշտ է համարում նաև անդրադառնալ ամբաստանյալ Հակոբ Գրիգորյանի ՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղսագրված հանցագործությանը վերջինիս մասնակցությունն ապացուցված լինել կամ չլինելու հարցին: (...) [Գ]նահատելով սույն գործի փաստական հանգամանքները՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով հնարավոր չէ հետևություն անել ամբաստանյալ Հակոբ Գրիգորյանին՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքի հիմնավորվածության և օրինականության վերաբերյալ: Վերաքննիչ դատարանի գնահատմամբ սույն գործով չի ձևավորվել վերաբերելի, թույլատրելի և հավաստի ապացույցների այնպիսի բավարար համակցություն, որպեսզի դրանք ապահովեն ամբաստանյալ Հակոբ Գրիգորյանի արարքում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմը բնութագրող հատկանիշների առկայության վերաբերյալ դատարանի հետևությունների արժանահավատությունը, այլ ոչ թե ենթադրությունը, ինչպես ներկայացված է մեղադրական եզրակացությունում: (...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ (...) մեղադրանքի հիմքում դրված ապացույցներով որևէ կերպ չի հիմնավորվում, որ Հակոբ Գրիգորյանն իրեն վերագրվող բռնություն գործադրելու հրապարակային կոչերն իրական են եղել։ Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Հակոբ Գրիգորյանին առաջադրված մեղադրանքից որևէ կերպ չի հետևում, ավելին՝ գործում առկա որևէ փաստական տվյալով չի հիմնավորվում, որ Հակոբ Գրիգորյանն անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական այլ հայացքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչեր է հնչեցրել, ավելին՝ անգամ չի հիմնավորվում, որ վերջինս փորձել է որևէ եղանակով ազդել անձանց գիտակցության և կամքի վրա՝ հիմնավորելու այդ գաղափարով առաջնորդվելու անհրաժեշտությունը: Այլ կերպ՝ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ օբյեկտիվ իրադրությունը և գործի հանգամանքները հիմք չեն տալիս Հակոբ Գրիգորյանի արտահայտությունները որպես իրական՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր գնահատելու համար: Վերաքննիչ դատարանը նման դիրքորոշման գալիս հաշվի է առնում նաև այն հանգամանքը, որ գործով ձեռք չեն բերվել փաստական տվյալներ այն մասին, որ ** ******* ***** ******** և նրա ընտանիքի անդամները մտավախություն են հայտնել կամ բավարար հիմքեր են ունեցել վախենալու դրա իրականացումից, առավել ևս, երբ վերոհիշյալ կոչերն արվել են *-րդ դասարանի աշակերտներին, որոնք այդ պահին շուրջ ******** տարեկան են եղել։ (...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Հակոբ Գրիգորյանի կողմից հրապարակային՝ *-րդ դասարանի աշակերտներին, դիտավորությամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու վերաբերյալ մեղադրանքի կողմի հետևությունները ենթադրություն է, քանի որ այն չի հաստատվում գործում առկա և դատարանում օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի հետազոտված, փոխկապակցված, թույլատրելի, վերաբերելի և հավաստի ապացույցների բավարար համակցությամբ: Այլ կերպ ասած՝ հիշյալ հանգամանքների վերաբերյալ Վերաքննիչ դատարանի մոտ առկա է չփարատված կասկած, [որը] պետք է մեկնաբանվի հօգուտ ամբաստանյալ Հակոբ Գրիգորյանի: (...) Անդրադառնալով Ամբաստանյալին մեղսագրվող հանցավոր արարքի որակյալ հատկանիշին, մասնավորապես, այդ արարքը պաշտոնական դիրքն օգտագործելով կատարելու հանգամանքին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է (...), որ ********** ուսուցիչը չի հանդիսանում պատոնատար անձ, ուստի նրան վերագրվող գործողությունների կատարումը չեն կարող դիտվել որպես պաշտոնեական դիրքն օգտագործելով, հետևաբար, հակառակի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի պատճառաբանութնունն ու հետևությունը, մասնավորապես, որ պաշտոնատար անձ չլինելով հանդերձ իր պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործել կարող է նաև իր ծառայողական պարտականությունները կատարող ոչ պաշտոնատար անձը, անհիմն է։ (...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Հակոբ Գրիգորյանին առաջադրված մեղադրանքում պետք է արդարացնել (...)՝ հանցակազմի բացակայության հիմքով (...)»[4]: 9.1. Վերաքննիչ դատարանի դատավոր Մ.Արղամանյանը վերոնշյալ որոշման վերաբերյալ հայտնել է հատուկ կարծիք՝ գտնելով, որ Առաջին ատյանի դատարանի կողմից հետազոտված ապացույցները բավարար են «հիմնավոր կասկածից» վեր ապացուցողական չափանիշով Հ.Գրիգորյանի մեղքը հաստատված համարելու համար, դասաժամի ընթացքում վերջինիս՝ որպես ********** ուսուցչի հնչեցրած խոսքերը ենթակա են որակման որպես բռնություն գործադրելը հրապարակայնորեն արդարացնող ու խրախուսող կոչեր, ուստի Առաջին ատյանի դատավճիռը պետք է թողնել անփոփոխ[5]: Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածով և ՀՀ գործող քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածով նախատեսված՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի հանցակազմի մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման և իրավունքի զարգացման խնդի, ուստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղենշային լինել նույնաբնույթ գործերով միատեսակ իրավակիրառ պրակտիկայի ձևավորման համար:

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք ամբաստանյալ Հակոբ Գրիգորյանի արարքում ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցակազմի բացակայության մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը:

11. ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: (...) (...)

3. Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»: 11.1. ՀՀ Սահմանադրական դատարանը, 2022 թվականի ապրիլի 29-ի թիվ ՍԴՈ-1646 որոշման շրջանակներում անդրադառնալով կարծիքի ազատ արտահայտման իրավունքին և դրա սահմաններին, ձևավորել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

- կարծիքի արտահայտման ազատությունը ժողովրդավարության անկյունաքարային արժեք է, քաղաքացիական հասարակության կայացման ու զարգացման կարևոր միջոց, որին համարժեք Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական մակարդակով երաշխավորվում է այդ ազատության իրացումը,

- կարծիքի արտահայտման ազատությունը, հանդիսանալով քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության հիմնասյուներից մեկը, երաշխավորում է հասարակական կամքի ազատ ձևավորումը, հասարակության և պետության միջև բաց, անկաշկանդ հաղորդակցությունը: Հասարակության շրջանում գաղափարների և կարծիքների փոխանակման ազատությունը բազմակարծության երաշխիքն է, որի միջոցով էլ կենսագործվում է ժողովրդավարությունը,

- կարծիքի արտահայտման ազատությունը նաև հանրային իշխանության նկատմամբ հասարակական վերահսկողության յուրահատուկ դրսևորում է ազատ խոսքի, այդ թվում՝ սուր քննադատության, առկա թերությունների, հանրային և անհատական մակարդակում առկա խնդիրների վերհանման և ներկայացման ու դրանց հաղթահարմանն ուղղված հանրային իշխանության քայլերի վերաբերյալ բարձրաձայնելու ազատության միջոցով,

- կարծիքի արտահայտման ազատությունը բացարձակ չէ, որովհետև Սահմանադրության ուժով ի սկզբանե որոշված են դրա սահմանները, և միաժամանակ այն որպես սուբյեկտիվ իրավունք կարող է սահմանափակվել օրենքով՝ պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Հիմնական իրավունքների սահմանափակումը ենթադրում է դրա իրավական, մեծամասամբ՝ օրենսդրորեն ամրագրված բովանդակության ծավալային շրջանակների նեղացում և նույնպես հետապնդում է այլոց իրավունքների պաշտպանության իրավաչափ նպատակ,

- քաղաքացիական հասարակության կայացման և կայուն զարգացման համար անհրաժեշտ է, որ հասարակության անդամները դրսևորեն հանդուրժողականություն միմյանց նկատմամբ՝ առաջնորդվելով իրավական նորմերով: Այս հարցում կարևոր է պետության որդեգրած կայուն քաղաքականությունը՝ ձևավորել այնպիսի հասարակություն, որտեղ տեղ չունեն ատելության խոսքը, բռնության կոչերն ու սպառնալիքները, հայհոյանքը, վիրավորանքն ու անպարկեշտ վարքագիծը, որոնք խաթարում են առողջ սոցիալական միջավայրը[6]:

12. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Կոնվենցիա) 10-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք։ (...)

2. Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով»։ 12.1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան), երաշխավորելով խոսքի ազատության իրավունքը և ընդգծելով, որ Կոնվենցիայի 10-րդ հոդվածով սահմանված արտահայտվելու ազատությունն ընդգրկում է ոչ միայն դրականորեն ընկալվող, ոչ վիրավորական կամ չեզոք, այլև վիրավորական, ցնցող կամ անհանգստացնող «տեղեկատվությունը» կամ «գաղափարները»՝ դրանք համարելով բազմակարծության, հանդուրժողականության և լայնախոհության պահանջներ, առանց որոնց չի կարող լինել «ժողովրդավարական հասարակություն»[7], Delfi AS v. Estonia գործով արձանագրել է, որ Կոնվենցիայով հռչակված և երաշխավորված արժեքների հետ անհամատեղելի արտահայտությունները, այդ թվում՝ ատելության խոսքը և բռնություն հրահրող կոչերը դուրս են Կոնվենցիայի 10-րդ հոդվածով սահմանված իրավական պաշտպանության շրջանակներից[8]։ Ընդ որում՝ հարկ է նկատել, որ Եվրոպական դատարանը խոսքի ազատության իրավունքի սահմանափակումը թույլ է տալիս Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված նպատակներով՝ պայմանով, որ դրանք պետք է նեղ մեկնաբանվեն, և ցանկացած սահմանափակման անհրաժեշտությունը պետք է համոզիչ կերպով հիմնավորվի[9], և այս առումով Եվրոպական դատարանը խոսքի ազատության իրավունքի երաշխավորումը դիտարկում է ոչ միայն պետության բացասական պարտավորությունների լույսի ներքո՝ զերծ մնալու այդ իրավունքին անհարկի միջամտելուց, այլև դրական պարտավորությունների շրջանակներում, այն է՝ պետություններին պարտավորեցնում է ձեռնարկել այնպիսի դրական միջոցառումներ, որոնք կոչված կլինեն ապահովելու այդ իրավունքի իրական և արդյունավետ իրականացումը[10]: Ավելին՝ Եվրոպական դատարանը, ընդունելով հանդերձ, որ Կառավարության, պետական ծառայողների, պաշտոնատար անձանց և քաղաքական գործիչների նկատմամբ քննադատության թույլատրելիության շրջանակն ավելի լայն է, քան մասնավոր անձանց դեպքում, քանի որ ժողովրդավարական հասարակությունում կառավարության գործողությունները կամ անգործությունը պետք է լինեն ոչ միայն օրենսդիր և դատական ​​իշխանության, այլև հասարակական կարծիքի ուշադրության առարկա[11], իր մի շարք որոշումներում նշում է նաև, որ պետությունները կարող են ձեռնարկել միջոցներ (այդ թվում` քրեաիրավական ներգործության), որոնք ուղղված կլինեն նման խոսքին համաչափ արձագանքմանը, իսկ այն դեպքերում, երբ նման խոսքը հրահրում է բռնություն անհատի, պաշտոնատար անձի կամ բնակչության որևէ խմբի նկատմամբ, պետական իշխանություններն ունեն խոսքի ազատության իրավունքի իրականացմանը միջամտելու ավելի մեծ հայեցողություն[12]: 12.2. Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի «Ատելության խոսքի դեմ պայքարի մասին» թիվ CM/Rec(2022)16 ու Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի ընդհանուր քաղաքականության թիվ 15-րդ հանձնարարականներով ևս նշվում է, որ քրեական պատասխանատվությունը, իհարկե միայն որպես վերջին միջոց, անհրաժեշտ է կիրառել ատելության խոսքի առավել ծանր դրսևորումների նկատմամբ, որոնցից է, ի թիվս այլնի, ատելություն, բռնություն կամ խտրականություն հրապարակային կերպով հրահրելը[13]: 12.3. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սույն որոշման 12.1-րդ կետում նշված իրավական դիրքորոշումներն արտահայտելիս և ատելության կամ բռնության հրահրման պարագայում խոսքի ազատության իրավունքի խախտման առկայությունը որոշելիս իր նախադեպային իրավունքում զարգացրել և բազմիցս կիրառել է խոսքի ազատության իրավունքի սահմանափակման իրավաչափության գնահատման եռատարր թեստը՝ բաղկացած հետևյալ հարցերից.

- արդյո՞ք իրավունքի սահմանափակումը նախատեսված է օրենքով,

- արդյո՞ք իրավունքի սահմանափակումը հետապնդում է իրավաչափ նպատակ,

- արդյո՞ք իրավունքի սահմանափակումը բավարար և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու համար, այլ կերպ ասած` համաչափության պահանջը: Նշված պահանջի համատեքստում դատարանը գնահատում է գործի մի շարք փաստական հանգամանքներ, որոնք հիմք են որոշելու խոսքի ազատության իրավունքին միջամտության արդարացվածությունը։ Ընդ որում՝ դրանք գնահատվում են համակցության մեջ, ոչ թե առանձին վերցված, և նման տեսակի գործերի նկատմամբ Եվրոպական դատարանի մոտեցումը բնութագրվում է որպես համատեքստից խիստ կախված (context-specific approach) [14]: 12.4. Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ուսումնասիրությունը հիմք է տալիս փաստելու, որ այն գործերով, որտեղ վիճարկվող արտահայտությունները ենթադրաբար բռնություն, ատելություն կամ անհանդուրժողականություն հրահրող, խրախուսող կամ արդարացնող են, Եվրոպական դատարանը հիմնականում հաշվի է առնում հետևյալ հանգամանքները կամ դրանց մի մասի համակցությունը՝

ա) Խոսքի բնույթն ու բովանդակությունը, որը ներառում է նաև դրա կառուցվածքը, ձևը, տոնայնությունը և այլն։ Այս համատեքստում Եվրոպական դատարանը, ի թիվս այլնի, դիտարկում է այն հայտարարությունները, որոնք համարժեք են բռնության կոչին կամ արդարացնում և խրախուսում են ահաբեկչությունը, ինչպես նաև տարբեր հիմքերով հրահրում են ատելություն և թշնամանք[15]: Եվրոպական դատարանն ընդգծում է նաև այն հանգամանքը, թե արդյոք ընդհանուր համատեքստում ճիշտ մեկնաբանելու և գնահատելու արդյունքում խոսքը կարող է դիտվել որպես բռնության ուղղակի կամ անուղղակի կոչ, կամ որպես բռնության, ատելության կամ անհանդուրժողականության արդարացում՝ այս հարցում հատուկ ուշադրություն դարձնելով էթնիկ, կրոնական կամ այլ խմբերին ուղղված հայտարարություններին[16]:

բ) Հայտարարությունների կատարման համատեքստը. այսինքն՝ այն սոցիալական, քաղաքական, պատմական իրավիճակը, որը տվյալ պահին տիրում է երկրում և որի պայմաններում խոսքն արվել է: Մասնավորապես, Եվրոպական դատարանն ընդհանուր առմամբ ընդունելի է համարում, որ ենթադրյալ բռնության կամ ատելության խոսք պարունակող արտահայտությունների կատարման պարագայում որոշակի միջամտությունը կարող է արդարացված լինել, եթե դրանք արվել են լարված քաղաքական կամ սոցիալական իրադրության պայմաններում[17]։

գ) Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ բռնություն քարոզելու դիտավորությունը. այս առումով Եվրոպական դատարանը կարևորում է, որ ներպետական դատարանները քննարկման առարկա դարձնեն այն հարցը, թե արդյոք վիճարկվող հայտարարությունները սահմանափակվում են քննադատությամբ, թե հաշվի առնելով նաև ընդհանուր համատեքստը, հրահրում կամ արդարացնում են բռնությունը, ատելությունը կամ խտրականությունը՝ դրանով իսկ խաթարելով սոցիալական համախմբվածությունը[18]: Օրինակ՝ Stomakhin v. Russia գործով Եվրոպական դատարանը ռուս ընդդիմադիր լրագրող և արմատական ակտիվիստ Ստոմախինի որոշ խումբ հրապարակած հայտարարություններ խոսքի ազատության շրջանակից դուրս է դիտարկել, քանի որ դրանք ոչ թե պարզապես խիստ քննադատություն են եղել Ռուսաստանի իշխանություններին, այլ քարոզել, հրահրել և արդարացրել են բռնությունը և ահաբեկչությունը: Մասնավորապես, դրանցով բացահայտորեն կոչ է արվել բռնի ապստամբության և զինված դիմադրության՝ ընթերցողներին փոխանցելով այն ընդհանուր գաղափարը, որ բռնության և ահաբեկչության դիմելն ագրեսորի առջև ինքնապաշտպանության անհրաժեշտ և արդարացված միջոցներ են[19]:

դ) Հավանականությունը, որ նման խոսքը կարող է ուղղակի կամ անուղղակի վնաս պատճառել (likelihood of harm): Եվրոպական դատարանն ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, թե վիճարկվող արտահայտությունները կարող են արդյոք հրահրել բռնություն[20] կամ առաջացնել վտանգավոր հետևանքներ[21]: Նշված հանգամանքի գնահատման համար Եվրոպական դատարանը տարբեր գործերով կարևորել է ինչպես քաղաքական և սոցիալական համատեքստը, որում կատարվել են վիճարկվող հայտարարությունները[22], ինքնին խոսքի բնույթը[23], այնպես էլ արտահայտությունն արած անձի դերը և դիրքը հասարակությունում[24], խոսքի հրապարակայնությունը՝ այն, թե հանրության որքանով լայն շրջանակի է հասանելի և/կամ ուղղված եղել այն[25]: Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ Եվրոպական դատարանի՝ Mahi v. Belgium գործով վճռին: Այս գործով դիմումատուն աշխատում էր Բելգիայի դպրոցներից մեկում որպես ուսուցիչ, և 2015 թվականի հունվարին՝ Փարիզի ահաբեկչությունից հետո, երբ դպրոցում տիրում էր լարված և զգայուն մթնոլորտ, այդ համատեքստում դպրոցից դուրս կատարել էր հրապարակային մեկնաբանություններ, որոնք ընկալվել էին որպես վիճահարույց և ոչ պատշաճ՝ հատկապես հաշվի առնելով աշակերտների վրա դրանց հնարավոր ազդեցությունը։ Եվրոպական դատարանը, այս գործով քննարկելով ուսուցչի՝ որպես քաղաքացիական ծառայողի դերը և խոսքի ազատության իրավունքի սահմանափակման իրավաչափությունը, ընդգծել է, որ ուսուցիչները հատուկ դիրք ունեն, նրանք իրենց աշակերտների համար կրթության ոլորտում հեղինակության խորհրդանիշ են, ուստի ուսուցիչները՝ որպես հանրային ծառայողներ, պարտավոր են զգույշ լինել իրենց հանրայնացրած կարծիքներում և վերջինների խոսքի ազատությունը կարող է սահմանափակվել իրենց վրա դրված հատուկ պարտավորությունների ու պարտականությունների ուժով, որոնք որոշակի չափով տարածվում են նաև դպրոցից դուրս: Ավելին՝ Եվրոպական դատարանը նշել է նաև, որ թեև դիմողի արտահայտությունները չէին դիտարկվում որպես քրեորեն պատժելի, քանի որ դրանցում չկար ատելության, այլատյացության կամ խտրականության հրահրում, այնուամենայնիվ դրանք կարող էին անհամատեղելի դիտվել ուսուցչի մասնագիտական պարտականությունների հետ՝ հատկապես այն լարվածության համատեքստում, որը տիրում էր դպրոցական հաստատությունում 2015 թվականի հունվարին՝ Փարիզի ահաբեկչություններից հետո[26]: Եվրոպական դատարանն իր այս մոտեցումը հաստատել է նաև Godenau v. Germany գործով՝ ընդգծելով նաև, որ ուսուցիչները պարտավոր են դրսևորել հավատարմության բարձր աստիճան, որը համարժեք է կամ մոտ է պետական ծառայողների պարտականությանը, և այս առումով՝ հանրային քաղաքականության տեսանկյունից կարևորվում է նրանց՝ երեխաներին ազատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության վերաբերյալ կրթելու բացառիկ նշանակությունը[27]։

ե) լսարանը, որը վիճելի արտահայտությունների կրողն է դարձել: Մասնավորապես, Եվրոպական դատարանը, Vejdeland and Others v. Sweden գործով արձանագրելով, որ դիմումատուների դատապարտումը չի հանգեցրել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտման, կարևորել է նաև, որ նրանք վիճարկվող արտահայտությունները պարունակող թռուցիկները թողել էին դպրոցական այն երիտասարդների պահարաններում, ովքեր եղել են տպավորվող և զգայուն տարիքում և հնարավորություն չեն ունեցել հրաժարվել դրանք ստանալուց[28]: Վերոգրյալի հետ մեկտեղ, հարկ է նկատել, որ առանձին գործերով Եվրոպական դատարանը գնահատման է ենթարկում այլ հանգամանքներ ևս, ինչպես օրինակ՝ արդյո՞ք արված արտահայտությունները վերաբերել են հանրային շահերին առնչվող և/կամ հանրային ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցի՝ մի ոլորտի, որտեղ խոսքի ազատության սահմանափակումները պետք է խստորեն պահպանվեն[29], ու՞մ է ուղղված եղել խոսքը, որքանո՞վ է այդ խոսքի հասցեատերը՝ թիրախավորված անձը (անձինք) կամ խումբը, խոցելի տվյալ հասարակությունում[30]։

13. «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 19-րդ հոդվածի համաձայն՝ «2. Յուրաքանչյուր ոք ունի ազատ արտահայտվելու իրավունք. (...)

3. Սույն հոդվածի 2-րդ կետում նախատեսված իրավունքների իրականացումը հանգեցնում է հատուկ պարտավորությունների և պատասխանատվության։ Ուստի այն ենթակա է որոշ սահմանափակումների, որոնք, սակայն, պետք է միայն սահմանվեն օրենքով և լինեն անհրաժեշտ.

ա) այլ անձանց իրավունքները կամ հեղինակությունը հարգելու համար.

բ) պետական անվտանգության կամ հասարակական կարգի, կամ բնակչության առողջության, կամ բարոյականության պաշտպանության համար»։ 13.1. Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը հրապարակային թույլատրելի արտահայտություններն ատելության խոսքից և բռնության հրապարակային կոչերից տարբերակելու, կոնկրետ խոսքը հանցավոր դիտելու կամ չդիտելու համար «Ռաբաթի գործողությունների ծրագրով» սահմանել է 6 չափանիշից բաղկացած թեստ, որի կիրառելիությունն ուղղակիորեն ընդգծվել է Ռասայական խտրականության վերացման կոմիտեի թիվ 35 ընդհանուր հանձնարարականով[31], ինչպես նաև հաշվի է առնվել միջազգային այլ մարմինների կողմից՝ նման չափանիշներ սահմանելիս։ Այդ 6 չափանիշներն են՝

1) համատեքստը, որի վերլուծությունը ենթադրում է տվյալ խոսքի դիտարկում դրա տարածման պահին առկա սոցիալական կամ քաղաքական իրադրության լույսի ներքո,

2) խոսքն արտահայտողի անձը՝ նրա դիրքը կամ կարգավիճակը հասարակությունում, այդ թվում՝ նրա դերն այն լսարանում, որին ուղղվում կամ որի ներկայությամբ ասվում է խոսքը,

3) դիտավորությունը. հանցավոր ինքնավստահությամբ կամ անփութությամբ արարքի կատարումը բավարար չէ այն հանցանք համարելու համար, քանի որ քրեորեն պատժելի է ատելություն «հրահրելը» կամ «քարոզելը»,

4) խոսքի բովանդակությունը և ձևը, որոնց վերլուծությունը կարող է ներառել այն հանգամանքները, թե որքանո՞վ է տվյալ խոսքը սադրիչ կամ ուղիղ եղել, ինչպիսի՞ն է դրա ոճը, արտահայտման ձևը և այլն,

5) խոսքի տարածման աստիճանը, որը վերաբերում է տվյալ խոսքի հասանելիությանը, դրա հանրային բնույթին, տարածման եղանակին, միջոցներին, հաճախականությանը և այլն,

6) վնասի հավանականությունը՝ ներառյալ անխուսափելիությունը. ատելության հրահրումը, որպես այդպիսին, ձևական հանցակազմ է, ուստի արարքի առկայության համար պարտադիր չէ հնարավոր հետևանքների առաջացումը, սակայն այն այնուամենայնիվ պետք է վնասի առաջացման որոշակի ռիսկ պարունակի, ինչը նշանակում է, որ պետք է գնահատել, թե կա՞ արդյոք խելամիտ հավանականություն, որ խոսքը կհանգեցնի թիրախավորված խմբի դեմ իրական գործողությունների՝ ճանաչելով նաև, որ նման պատճառահետևանքային կապը պետք է լինի անմիջական[32]։

14. ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասով, 226-րդ, 226.1-ին, 301-րդ, 385-րդ, 397.1-ին հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշները (...)

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝ (...)

2) պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ (...)»:

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 136-րդ, 151-րդ 313-րդ, 328-րդ, 329-րդ կամ 422-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշները (...)

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

(...)

2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով (...)»։

15. Սույն որոշման 11-13.1-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ներպետական օրենսդրության մակարդակով օրենսդրի կողմից 2020 թվականի ապրիլի 15-ի՝ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-231-Ն օրենքի ընդունմամբ հանցավոր ոտնձգություններից մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների, այդ թվում՝ անձանց կյանքի և առողջության, պաշտպանության, ինչպես նաև հանցագործությունների և «բռնության կոչերի» աճի կանխարգելման համար անհրաժեշտ երաշխիք ստեղծելու նպատակով քրեականացվեցին «ատելության խոսքի» այն ծայրահեղ դրսևորումները, որոնք օժտված են հանրային բարձր վտանգավորությամբ։ Մասնավորապես, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածով քրեական պատասխանատվություն նախատեսվեց որոշակի հանգամանքներով պայմանավորված անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր անելու, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար, եթե բացակայում են նշված հոդվածում թվարկված այլ հանցագործությունների հատկանիշները: 15.1. ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի օբյեկտը հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված հասարակական հարաբերություններն են։ Քննարկվող հանցակազմի օբյեկտիվ կողմը երկընտրելի է և դրսևորվում է ակտիվ գործողություններով՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր անելով, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելով կամ քարոզելով։ Օրենսդիրը նշված հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշներ է դիտում թվարկված արարքներից յուրաքանչյուրի հրապարակային, այն է՝ արարքներից յուրաքանչյուրում պարունակվող տեղեկատվությունն անձանց լայն շրջանակի համար (խումբ, ամբոխ) լսելի և ընկալելի լինելը, ինչպես նաև այդ արարքները հոդվածում նշված որոշակի հանգամանքներով պայմանավորված կատարելը: Ընդ որում՝ պետք է նկատել, որ վերջիններս սպառիչ թվարկված չեն և կարող են ներառել անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներ ևս։ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը ձևական է. հանցագործությունն ավարտված է համարվում հոդվածում նշված արարքներից որևէ մեկը կատարելու պահից։ Քննարկվող հանցագործության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ: Այսինքն՝ հանցավորը գիտակցում է, որ իր հրապարակային խոսքը պարունակում է բռնության կոչ կամ քարոզում կամ արդարացնում է բռնությունը՝ սահմանված պաշտպանվող հատկանիշներից որևէ մեկի հիմքով, և ցանկանում է դա: 15.2. Անդրադառնալով բռնություն գործադրելու հրապարակային կոչերի բովանդակությանը՝ հարկ է նշել, որ խոսքը «բռնության կոչ» գնահատելու չափանիշների որոշակիացումը շարունակում է արդիական մնալ ինչպես, միջազգային, այնպես էլ ներպետական մակարդակում։ Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վիճարկվող արտահայտությունները՝ որպես բռնության կոչ դիտարկելու և համապատասխան քրեաիրավական գնահատական տալու համար կարևոր է յուրաքանչյուր կոնկրետ գործով այդպիսիք Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով և Ռաբաթի գործողությունների ծրագրով ամրագրված ու սույն որոշման 12.4-րդ և 13.1-րդ կետերում մեջբերված ու վերլուծված մի շարք հանգամանքների լույսի ներքո դիտարկելը։

16. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ խոսքի ազատությունը՝ որպես մարդու հիմնական իրավունք, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացման ու զարգացման կարևոր միջոց, բացարձակ չէ և ինչպես Սահմանադրությամբ, այնպես էլ միջազգային իրավական փաստաթղթերով նախատեսված հիմքերով և օրենքով սահմանված կարգով ենթակա է սահմանափակման, ի թիվս այլնի, նաև այն դեպքերում, երբ վերաճում է «ատելության խոսքի»։ Ընդ որում՝ հարկ է ընդգծել, որ վերջինիս առավել ծանր դրսևորումների նկատմամբ, որոնցից է նաև բռնությունը հրապարակային կերպով հրահրելը, որպես վերջին միջոց, կարող է կիրառվել նաև քրեական պատասխանատվությունը։ ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավական փաստաթղթերով նախատեսված պետական անվտանգության, հասարակական կարգի և այլոց հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով էլ 2020 թվականի ապրիլի 15-ի՝ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-231-Ն օրենքի ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունում քրեականացվեց որոշակի հանգամանքներով, այդ թվում՝ քաղաքական կամ այլ հայացքներով պայմանավորված անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր անելը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը: Վերոնշյալի առնչությամբ Վճռաբեկ դատարանը, Եվրոպական դատարանի դիրքորոշումների հաշվառմամբ, հարկ է համարում ընդգծել, որ հանրային գործունեություն իրականացնող, այդ թվում՝ պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձինք և քաղաքական գործիչները, իրենց կարգավիճակով և գործունեության առանձնահատկություններով պայմանավորված, հասարակության կողմից թեև կարող են ավելի շատ և առավել կոշտ քննադատության ենթարկվել, ինչը ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտություն է, սակայն դա չի կարող դուրս գալ խոսքի ազատության թույլատրելիության սահմաններից և վերածվել պաշտոնատար անձի, առավել ևս նրա ընտանիքի անդամների նկատմամբ որոշակի հանգամանքներով, այդ թվում՝ քաղաքական հայացքներով պայմանավորված բռնության հրահրման կամ ատելության խոսքի։ 16.1. Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ յուրաքանչյուր դեպքում որոշելու համար, թե արդյոք արված հրապարակային արտահայտությունները տեղավորվում են թույլատրելի խոսքի շրջանակներում և կարող են դիտվել որպես քաղաքական քննադատություն, թե դուրս են դրանից և պարունակում են բռնության կոչ, պետք է քննարկման առարկա դարձվեն գործի մի շարք հանգամանքներ, մասնավորպես՝ խոսքի ձևը, ոճը, բնույթն ու բովանդակությունը, այն սոցիալական և քաղաքական իրադրությունը, որի համատեքստում կատարվել է խոսքը, խոսքն արտահայտողի՝ բռնության կոչ անելու դիտավորությունը, անձի դիրքը և կարգավիճակը, այդ թվում՝ նրա դերն այն լսարանում, որին ուղղվում կամ որի ներկայությամբ ասվում է խոսքը, նման խոսքի՝ ուղղակի կամ անուղղակի վնաս պատճառելու հավանականությունը, այն լսարանը, որը վիճելի արտահայտությունների կրողն է դարձել, խոսքի հրապարակայնությունը, տարածման աստիճանը, հանրությանը դրա հասանելիությունը, և այլն։ Ընդ որում՝ դրանք պետք է գնահատվեն ոչ թե առանձին վերցված, այլ համակցության մեջ՝ յուրաքանչյուր դեպքում ելնելով գործի կոնկրետ փաստական հանգամանքներից[33]։

17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.

- Հակոբ Գրիգորյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրել այն արարքի համար, որ նա՝ որպես ******** ուսուցիչ, աշխատելով ***** ******* ******* դպրոցներից մեկում և համաձայն չլինելով ** ******* **** ******** վարած քաղաքականության հետ, քաղաքական այլ հայացքներ ունենալու հանգամանքով պայմանավորված, 2021 թվականի մայիսի 21-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, *-րդ դասարանի ********* դասաժամին, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, աշակերտների ներկայությամբ ** ********** *.********* և նրա ընտանիքի անդամների նկատմամբ արել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, այն է՝ հայտարարել է, որ *.********** պետք է սպանել, նրան և նրա ընտանիքին պետք է հրապարակում վառել[34]:

- Առաջին ատյանի դատարանը, Հ.Գրիգորյանին մեղավոր ճանաչելով առաջադրված մեղադրանքում, գտել է, որ վերջինիս մեղավորությունը հիմնավորված է քրեական գործով ձեռք բերված և հետազոտված ապացույցների բավարար համակցությամբ: Միևնույն ժամանակ, անդրադառնալով պաշտպանական կողմի այն պատճառաբանություններին, որ ******** ուսուցիչը պաշտոնատար անձ չի հանդիսանում և այդ պատճառով պաշտոնեական դիրքն օգտագործել չի կարող, Առաջին ատյանը դատարանը դրանք անհիմն է գնահատել՝ պատճառաբանելով, որ պաշտոնատար անձ չլինելով հանդերձ՝ անձը կարող է օգտագործել ծառայության բերումով իր զբաղեցրած պաշտոնեական դիրքը, այդ թվում՝ ********* ուսուցչի պաշտոնեական դիրքը՝ ********** ******* դասավանդելիս[35]։

- Վերաքննիչ դատարանը, Հ.Գրիգորյանին արդարացնելով առաջադրված մեղադրանքում, փաստել է, որ վերջինիս առաջադրված մեղադրանքն անորոշ է, դրանում չեն ներառվել քննարկվող արարքի քրեաիրավական որակման համար անհրաժեշտ այն փաստական տվյալները, որոնք պետք է բնութագրեին հանցակազմի տարրերից օբյեկտիվ կողմի բոլոր պարտադիր հատկանիշները: Մասնավորապես, Հ.Գրիգորյանի խոսքերը ոչ թե միայն ձևական հայտարարություն, այլ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր դիտարկելու համար անհրաժեշտ էր փաստել, թե ամբաստանյալն ի՞նչ միջոցների ձեռնարկմամբ է ազդել ** տարեկան երեխաների գիտակցության և կամքի վրա՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը հասու դարձնելու համար: Այսինքն՝ մեղադրանքում չի կոնկրետացվել մեղսագրված հանցավոր արարքի կատարման ժամանակ ամբաստանյալի գործողությունների շրջանակը, ինչը հնարավորություն կտար գնահատելու հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշի՝ բռնություն գործադրելու իրական վտանգի առկայությունը, բացի այդ, մեղադրանքի ձևակերպումից պարզ չէ, թե որո՞նք են «այլ հայացքները» և ի՞նչ բնույթի են, ինչպիսի՞ն է ** ********* *.********* վարած քաղաքականությունը և ինչպիսի՞ն են Հ.Գրիգորյանի քաղաքական հայացքները, որոնք հիմք են հանդիսացել բռնությունը գործադրելու հրապարակային կոչեր անելու համար: Վերաքննիչ դատարանը նշել է նաև, որ գործով ձեռք բերված ապացույցներով չի հիմնավորվում, որ Հ.Գրիգորյանին մեղսագրվող բռնություն գործադրելու հրապարակային կոչերն իրական են եղել, անգամ չի հիմնավորվում, որ վերջինս փորձել է որևէ եղանակով ազդել անձանց գիտակցության և կամքի վրա: Վերաքննիչ դատարանը նման դիրքորոշման գալիս հաշվի է առել նաև այն, որ գործով ձեռք չեն բերվել փաստական տվյալներ այն մասին, որ ** ******** *.********* և նրա ընտանիքի անդամները մտավախություն են հայտնել կամ բավարար հիմքեր են ունեցել վախենալու դրա իրականացումից, առավել ևս, երբ կոչերն արվել են *-րդ դասարանի աշակերտներին, որոնք այդ պահին շուրջ ******** տարեկան են եղել։ Անդրադառնալով արարքը պաշտոնեական դիրքն օգտագործելով կատարելու հանգամանքին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ********* ուսուցիչը չի հանդիսանում պատոնատար անձ, ուստի նրան վերագրվող գործողությունների կատարումը չի կարող դիտվել որպես պաշտոնեական դիրքն օգտագործելով[36]:

18. Սույն որոշման նախորդ կետում շարադրված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-16.1-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հ.Գրիգորյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում արդարացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դատողությունները հիմնավորված չեն և չեն բխում սույն գործով գնահատման ենթակա հանգամանքների ամբողջությունից: Այսպես՝ Վճռաբեկ դատարանը, նախևառաջ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշմանը, ըստ որի՝ Հ.Գրիգորյանի խոսքերը բռնություն գործադրելու հրապարակային կոչեր դիտարկելու համար անհրաժեշտ էր փաստել, թե վերջինս ի՞նչ միջոցների ձեռնարկմամբ է ազդել անձանց գիտակցության և կամքի վրա, և որ մեղադրանքում այդպիսիք չկոնկրետացնելը հնարավորություն չի տալիս գնահատելու հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշի՝ բռնություն գործադրելու իրական վտանգի առկայությունը, փաստում է, որ որոշակի հանգամանքներով պայմանավորված, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելն արդեն իսկ բավարար է քննարկվող հանցակազմի առկայությունը փաստելու համար, իսկ կոչի ազդեցությունն անձանց գիտակցության և կամքի վրա պետք է գնահատվի գործի փաստական հանգամանքների համատեքստում։ Հետևաբար, բռնություն գործադրելու կոչեր հնչեցնելուց զատ, անձանց գիտակցության և կամքի վրա ազդելուն ուղղված հավելյալ միջոցներ ձեռնարկած լինելու պարտադիրության մասին Վերաքննիչ դատարանի դատողությունը չի բխում քննարկվող հանցակազմի բովանդակությունից։

19. Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում նաև Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ օբյեկտիվ իրադրությունը և գործի հանգամանքները հիմք չեն տալիս Հ.Գրիգորյանի արած հայտարարությունները՝ որպես իրական՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր գնահատելու համար, և գտնում է, որ այն հիմնված չէ Հ.Գրիգորյանի արած հայտարարությունները սույն գործով ձևավորված չափանիշների գնահատման վրա: Այսպես՝ Հ.Գրիգորյանին առաջադրված մեղադրանքից, սույն գործով ձեռք բերված և Առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցներից, այդ թվում՝ Հ.Գրիգորյանի կողմից արված արտահայտությունները պարունակող ձայնագրությունից հետևում է, որ Հ.Գրիգորյանը՝ որպես ******** ուսուցիչ, աշխատելով ***** ****** ********* դպրոցներից մեկում, 2021 թվականի մայիսի 21-ին՝ *-րդ դասարանի ********** դասաժամին աշակերտների ներկայությամբ ** ******* *.********* և նրա ընտանիքի անդամների վերաբերյալ, ի թիվս այլնի, արել է հետևյալ արտահայտությունները՝«******* պիտի բերես իրա *********՝ ********, ********, բոլոր վիժվածքներով ու հրապարակում վառես», «Մեզ հիմա մի հատ Սողոմոն Թեհլերյան ա պետք, որ ******** սպանի ու շուտ պրծնենք՝ իրա ընտանիքով»: Նշված արտահայտությունները սույն որոշմամբ ձևավորված չափանիշների լույսի ներքո գնահատելիս Վճռաբեկ դատարանը կարևորում է հետևյալ հանգամանքների համակցությունը՝ արտահայտությունները կատարած անձի կարգավիճակը, դերն ու դիրքը, լսարանը, որտեղ հնչեցվել են արտահայտությունները, համատեքստը՝ երկրի սոցիալ-քաղաքական իրավիճակը, խոսքի բնույթը և բովանդակությունը, դրա հրապարակայնությունն ու հասանելիությունը, անձի դիտավորությունը, խոսքի՝ վնաս պատճառելու հավանականությունը։ Այսպես՝ անդրադառնալով Հ.Գրիգորյանի՝ որպես վիճարկվող արտահայտություններն արած անձի կարգավիճակին, դերին ու դիրքին հասարակության մեջ և այն լսարանին, որտեղ արտահայտություններն արվել են, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ուսուցիչը հատուկ տեղ և դիրք է զբաղեցնում հասարակության մեջ՝ իր աշակերտների համար կրթության ոլորտում լինելով հեղինակության խորհրդանիշ: Ուսուցիչն այն առանցքային կերպարն է, որի պարտականությունները չեն սահմանափակվում միայն առարկայական գիտելիքների փոխանցմամբ, այլև ուղղված են աշակերտների աշխարհայացքի, արժեքային համակարգի, պատշաճ վարքագծի և վարվելակերպի ձևավորմանը[37]: Նա օրինակ է ծառայում իր խոսքով, վարքով և վերաբերմունքով՝ նպաստելով աշակերտների մոտ մտածողության և քաղաքացիական գիտակցությւան ձևավորմանը։ Հետևաբար, վերջինիս խոսքի ազատության իրավունքը սահմանափակված է իր մասնագիտական և էթիկական պարտականությունների ուժով և վերջինս պարտավոր է զսպված, կշռադատված և պատասխանատու վերաբերմունք դրսևորել կարծիք արտահայտելիս: Մինչդեռ, տվյալ դեպքում Հ.Գրիգորյանն աշակերտներին ժողովրդավարության, այլոց իրավունքները և օրենքները հարգելու արժեքներ փոխանցելու փոխարեն, վերջիններիս ներկայությամբ հնցեչրել է խոսքի ազատության իրավունքով չերաշխավորված արտահայտություններ այն մասին, որ ** ********* և նրա ընտանիքի անդամներին պետք է սպանել և հրապարակում վառել։ Տվյալ դեպքում կարևորվում է նաև այն հանգամանքը, որ վիճարկվող արտահայտություններն արվել են անչափահաս՝ շուրջ ** տարեկան՝ տպավորվող և զգացմունքային կայունության և արժեքային համակարգի ձևավորման տարիքում գտնվող աշակերտների ներկայությամբ, ովքեր իրենց տարիքային և սոցիալ-հոգեբանական առանձնահատկություններով պայմանավորված առավել խոցելի են, օժտված չեն խոսքը քննադատական մտածողությամբ վերլուծելու բարձր ունակությամբ, ունեն շրջապատի՝ հատկապես իրենց համար հեղինակություն վայելող մեծահասակի հավանությանն արժանանալու ձգտում, որպիսի պայմաններում նրանք իրենց ներկայությամբ արված բռնության կոչերը կարող էին ընկալել որպես իրավաչափ ու վստահելի, ավելին՝ անհրաժեշտ՝ «ճիշտ ապագա» ընտրելու համար, որի արդյունքում էլ հնարավոր վտանգավոր հետևանքների առաջացման հավանականությունը կարող է շատ ավելի բարձր համարվել: Վիճարկվող արտահայտությունների հնչեցման իրադրության, այդ թվում համատեքստի առումով ուշադրության է արժանի, որ քննարկվող հայտարարություններն արվել են 2021 թվականի մայիսի 21-ին, երբ Հայաստանի Հանրապետությունում դեռևս պահպանվում էր հետպատերազմյան ժամանակաշրջանով և դրան ներհատուկ արժեհամակարգային ճգնաժամով պայմանավորված լարված սոցիալ-քաղաքական իրավիճակը: Անդրադառնալով խոսքի բնույթին և բովանդակությանը, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ակնհայտ է դրանց բռնի բնույթը, ինչպես նաև այն, որ դրանք ուղղված են եղել ոչ թե ** ********** կամ նրա գործունեությունը քննադատելուն, այլ նրա նկատմամբ բռնություն կիրառելու անհրաժեշտությանը՝ հաշվի առնելով նաև նման արտահայտությունների՝ վերջինիս ընտանիքի անդամներին ուղղված լինելու հանգամանքը: Ինչ վերաբերում է Հ.Գրիգորյանի արարքում դիտավորության առկայությանը և այն հարցին, թե արդյոք վերջինս գիտակցել է իր խոսքի՝ բռնության կոչ լինելը, թե եղել է հուզական վիճակում և նպատակ է ունեցել արտահայտելու իր դժգոհությունը, ապա Վճռաբեկ դատարանի համոզմամբ վերջինիս անձը, մասնավորապես՝ կրթությունն ու մասնագիտությունը, այն համատեքստը, որում արվել են վիճարկվող արտահայտությունները, խոսքի բնույթը, ձևը, ինչպես նաև իր լսարանին հստակ խոսքով մի քանի անգամ այն ընդհանուր գաղափարը փոխանցելը, որ կոնկրետ անձի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնության դիմելն արդարացված ու անհրաժեշտ միջոց է, հիմք են տալիս հետևության հանգել վերջինիս արարքում դիտավորության առկայության մասին: Ավելին՝ վերոշարադրյալ հանգամանքների վերլուծությունը թույլ է տալիս նաև ողջամիտ դատողություն անել Հ.Գրիգորյանի խոսքի՝ ուղղակի կամ անուղղակի վնաս պատճառելու հավանականության մասին: Մասնավորապես, ինչպես քաղաքական և սոցիալական համատեքստը, այնպես էլ արտահայտությունն արած անձի դերը և դիրքը, լսարանի առանձնահատկությունները թույլ են տալիս արձանագրել, որ Հ.Գրիգորյանի արտահայտությունները կոնկրետ իրադրությունում պարունակել են հնարավոր վտանգավոր հետևանքների առաջացման ռիսկեր, որոշակի գործողության կատարման իրական հնարավորություն: Ընդ որում՝ նշվածն արձանագրելիս Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում նաև այն հանգամանքը, որ Հ.Գրիգորյանի հնչեցրած արտահայտությունները հասու էին դարձել ոչ միայն դասաժամին մասնակցած աշակերտներին, այլև դրանք պարունակող ձայնագրությունը համացանցում հայտնվելու հետևանքով՝ հասարակության լայն շերտերին: Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նկատել նաև, որ Վերաքննիչ դատարանն իրավացիորեն նշելով, որ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի իրական լինելը հավաստելու համար թիրախավորված անձի սուբյեկտիվ ընկալումն ածանցյալ նշանակություն ունի և առաջնայինն օբյեկտիվ իրադրության գնահատումն է, միաժամանակ կարևորել է, որ սույն գործով ձեռք չեն բերվել փաստական տվյալներ, որոնք կվկայեին, որ ** ********* և նրա ընտանիքի անդամները մտավախություն են հայտնել կամ բավարար հիմքեր են ունեցել վախենալու դրա իրականացումից։ Մինչդեռ, հարկ է նշել, որ խոսքի՝ վնաս պատճառելու հավանականության մասին հետևությունը պետք է առավելապես կառուցված լինի օբյեկտիվ իրադրության համակողմանի և մանրամասն վերլուծության վրա՝ հաշվի առնելով նաև, որ անձը, ում ուղղված են եղել բռնության կոչերը, կարող է անգամ դրանց մասին տեղյակ չլինել: Հետևաբար, ամփոփելով վերոգրյալ վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով քննարկված և հաշվի առնված հանգամանքների համակցությունը բավարար էր Հ.Գրիգորյանի արած արտահայտությունները որպես բռնություն գործադրելու հրապարակային կոչեր գնահատելու համար: 19.1. Անդրադառնալով քննարկվող հանցակազմի առկայության համար նշված արարքը՝ բռնություն գործադրելու հրապարարակային կոչերը, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված որոշակի հանգամանքներով, տվյալ դեպքում՝ քաղաքական այլ հայացքներով, պայմանավորված կատարելուն և այդ առումով Վերաքննիչ դատարանի այն հետևություններին, որ մեղադրանքի ձևակերպումից պարզ չէ, թե որո՞նք են «այլ հայացքները» և ի՞նչ բնույթի են, ինչպիսի՞ն է ** ********* վարած քաղաքականությունը և ինչպիսի՞ն են Հ.Գրիգորյանի քաղաքական հայացքները, որոնք հիմք են հանդիսացել բռնությունը գործադրելու հրապարակային կոչեր անելու համար, Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում բողոքաբերի՝ սույն որոշման 5.1-րդ կետում բարձրացված փաստարկին առ այն, որ քաղաքական հայացքն անձի դաստիարակությամբ, մտավոր ունակություններով, հոգեբանական առանձնահատկություններով, արժեհամակարգով և այլ տարաբնույթ գործոններով պայմանավորված երկրի վիճակին, ներքին իրադրությանը վերաբերող կարծիքների ամբողջությունն է, քաղաքական հայացք ունենալու կամ արտահայտելու համար պարտադիր չէ լինել քաղաքական գործիչ, իսկ տվյալ դեպքում ** *********** և նրա ընտանիքի անդամների նկատմամբ հնչեցված բռնության կոչերը պայմանավորված են եղել հենց քաղաքական հայացքների տարբերությամբ: Այս առումով Վճռաբեկ դատարանը կարևորում է նաև Հ.Գրիգորյանի ցուցմունքով հայտնած այն հանգամանքները, որ ինքն արցախյան վերջին պատերազմի վերաբերյալ աշակերտի հարցերին պատասխանելիս, բացատրել է տեղի ունեցած իրադարձությունները՝ դրանում մեղադրելով ՀՀ ռազմաքաղական ղեկավարությանը, ինչից ևս բխում է, որ Հ.Գրիգորյանի խոսքը պայմանավորված է եղել քաղաքական ասպարեզում՝ երկրի ղեկավարման, պատերազմի ռազմավարական ուղղվածության հետ ** ********* վարած քաղաքականության հետ անհամաձայնությամբ: Ուստի, այն համատեքստը, որում արվել են վիճարկվող արտահայտությունները և դրանց բովանդակային ուսումնասիրությունը բավարար էին քաղաքական հայացքների անհամապատասխանությունը հաստատված համարելու համար։ 19.2. Վերոգրյալի հետ մեկտեղ, անդրադառնալով մեղադրանքի անորոշության և ըստ այդմ՝ Հ.Գրիգորյանի պաշտպանության իրավունքի պատշաճ ապահովված չլինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևություններին, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ մեղադրանքը՝ օրենքով սահմանված կարգով ներկայացված հիմնավորում է՝ կոնկրետ անձի կողմից քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու մասին: Կառուցվածքային առումով Հ.Գրիգորյանի մեղադրանքը բաղկացած է գործով հաստատված՝ հանրության համար վտանգավոր և հակաիրավական արարքի հանգամանքների ամբողջությունից, որը համապատասխանում է նաև քրեական օրենքի կոնկրետ նորմին: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հ.Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը բովանդակում է ինչպես հանցավորի, հանցագործության տեղի, ժամանակի և եղանակի մասին տվյալներ, այնպես էլ հնարավորինս հստակ ընդգրկում է արարքի քրեաիրավական որակման հիմքում ընկած փաստեր՝ հանցագործության դեպքի և դրա հետ կապված հանգամանքների մանրակրկիտ նկարագրությամբ, որպիսի փաստական տեղեկությունները հնարավոր է եղել ձեռք բերել նախաքննությամբ։ Իսկ արդար դատաքննության հիմնարար իրավունքի իրացման առումով հարկ է նշել, որ իրավասու պաշտոնատար անձը համապատասխան դատավարական փաստաթղթերում մեղադրանքը ձևակերպելիս չի սահմանափակվել միայն քրեական օրենքով արգելված արարքի ընդհանրական նկարագրությամբ: Նշվածի համատեքստում անդրադառնալով ստորադաս դատարանի այն փաստարկին, որ մեղադրանքի ձևակերպման մեջ նշված չէ, թե ինչպիսի՞ն է *.********** վարած քաղաքականությունը կամ ինչպիսի՞ քաղաքական հայացքներ ունի Հ.Գրիգորյանը, ապա դա ամենևին էլ չի հանգեցնում մեղադրանքի անորոշության և չի վկայում այն մասին, որ մեղադրանքի ձևակերպման մեջ նշված փաստական տվյալները վերացական են, ավելին՝ մեղադրանքի հետևյալ ձևակերպումը՝ «համաձայն չլինելով ** ********* ***** *********** վարած քաղաքականության հետ և քաղաքական այլ հայացքներ ունենալու հանգամանքով պայմանավորված» առավել քան որոշակի է և հնարավորություն է տալիս Հ.Գրիգորյանին պատշաճորեն իրացնել իր պաշտպանության իրավունքը։ 19.3. Ինչ վերաբերում է մեղադրանքը վերացական լինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ առաջադրված մեղադրանքում չի կոնկրետացվել մեղսագրված հանցավոր արարքի կատարման ժամանակ ամբաստանյալի գործողությունների շրջանակը, ինչը հնարավորություն կտար գնահատելու քննարկվող հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշի, այն է՝ բռնություն գործադրելու իրական վտանգի առկայությունը, ապա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հ.Գրիգորյանին մեղսագրվող արարքի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշներ են դրանում թվարկված արարքները կամ դրանցից մեկը, տվյալ դեպքում՝ բռնության կոչ անելը, այն հրապարակային և որոշակի հանգամանքներով պայմանավորված կատարելը: Ընդ որում՝ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը ձևական է. հանցագործությունն ավարտված է համարվում հոդվածում նշված արարքներից որևէ մեկը կատարելու պահից, հետևաբար քննարկվող հանցակազմի առկայության համար պարտադիր չէ, որ հանցավորը, բացի կոչ հնչեցնելուց, անձանց գիտակցության և կամքի նկատմամբ ազդելու այլ գործողություններ ևս կատարած լինի, որպիսիք էլ պետք է պարտադիր ներառված լինեին մեղադրանքում, իսկ բռնություն գործադրելու իրական վտանգի առկայությունը գործի մի շարք հանգամանքների հաշվառմամբ ենթակա է գնահատման իրավակիրառողի կողմից՝ կատարված արտահայտությունները թույլատրելի խոսք, թե բռնության կոչ լինելու գնահատման տեսանկյունից։

20. Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ առաջադրված մեղադրանքում Հ.Գրիգորյանի մեղքը հաստատվում է սույն գործով ձեռք բերված և Առաջին ատյանի դատարանի դատական ակտում պատշաճ վերլուծված ապացույցների բավարար համակցությամբ, այն է՝ ամբաստանյալ Հ.Գրիգորյանի, վկաներ Ա.Ս-ի, Ս.Հ․-Ս-ի, Ք.Մ-ի, Ռ.Ս-ի, Լ.Պ-ի ցուցմունքներով, ինպես նաև արժանահավատության բարձր աստիճան ունեցող ապացույցով՝ Առաջին ատյանի դատարանում հետազոտված՝ 2021 թվականի մայիսի 21-ին՝ ***** ********** ********* դասաժամի ընթացքում Հ.Գրիգորյանի կողմից արված արտահայտությունների ձայնագրությամբ[38]։ Հետևաբար, Վերաքննիչ դատարանի եզրահանգումն առ այն, որ սույն գործով չի ձևավորվել վերաբերելի, թույլատրելի և հավաստի ապացույցների այնպիսի բավարար համակցություն, որը հնարավորություն կտար հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով հաստատված համարել Հ.Գրիգորյանի մեղքն իրեն առաջադրված մեղադրանքում, հիմնավոր չէ և չի բխում սույն գործում առկա ապացույցների համակցությունից։

21. Միևնույն ժամանակ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի հետևությանն առ այն, որ պաշտոնեական դիրքն օգտագործելով հանցանքի կատարումը կարող է մեղսագրվել բացառապես պաշտոնատար անձ հանդիսացող անձին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով սահմանված՝ «պաշտոնատար անձ» հասկացությունը կիրառելի է միայն նույն օրենսգրքի 29-րդ գլխով նախատեսված՝ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների պարագայում և չի կարող նույնացվել նույն օրենսգրքի 226․2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ պաշտոնեական դիրք եզրույթի հետ։ ՀՀ նախկին քրեական օրենսգրքում օգտագործվող «պաշտոնատար անձ» և «պաշտոնեական դիրք» հասկացություններն էապես տարբերվում են միմյանցից, պայմանավորված չեն մեկը մյուսով և կարող են հանդես գալ ինչպես առանձին-առանձին, այնպես էլ համատեղ (օրինակ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 342.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում)։ Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Առաջին ատյանի դատարանի և բողոքաբերի այն դատողություններին, որ ՀՀ նախկին քրեական օրենսգիրքը տարանջատում է հանցանքը պաշտոնատար անձի կողմից կատարելը և հանցանքը պաշտոնեական դիրքն օգտագործելով կատարելը՝ որպես որակյալ դարձնող առանձին հանգամանքներ, և այն դեպքում, երբ անձը հանցանքը կատարում է իր որոշակի պաշտոնից բխող լիազորություններն իրականացնելիս դրանք օգտագործելով, հանցանքը որակվում է նշված ծանրացնող հանգամանքով՝ անկախ տվյալ անձի՝ պաշտոնատար անձ լինելու կամ չլինելու հանգամանքից, իսկ տվյալ դեպքում Հ.Գրիգորյանը, հանրակրթական դպրոցում աշխատելով ****** ********** ուսուցիչ և ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի իմաստով չհանդիսանալով պաշտոնատար անձ, օգտագործել է ծառայության բերումով իր զբաղեցրած պաշտոնեական դիրքը, այն է՝ ուսուցչի պաշտոնը ******** առարկան դասավանդելիս և դասաժամը ծառայեցրել ոչ նպատակային նշանակությամբ՝ բռնության հրապարակային կոչեր անելով։

22. Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Հակոբ Գրիգորյանի արարքում ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցակազմի բացակայության մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր չէ։ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և Հ.Գրիգորյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում արդարացնելով, թույլ է տվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, ինչպես նաև պատշաճ գնահատման չենթարկելով սույն գործով ձեռք բերված ապացույցները՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածով սահմանված՝ պատշաճ ապացուցման քրեադատավարական սկզբունքի խախտում։ Նշված խախտումերն իրենց բնույթով էական են և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածի համաձայն` հիմք են Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 27-ի դատական ակտը բեկանելու համար։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ։ Ուստի անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկետմբերի 1-ի դատավճռին՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Հակոբ Թելմանի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 27-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 1-ի դատավճռին՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները: Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

Նախագահող` Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ` Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

Ծանոթագրություններ

[1] Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 66:

[2] Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 58-59:

[3] Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 57-58:

[4] Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 43-72:

[5] Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 73-78:

[6] Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 29-ի թիվ ՍԴՈ-1646 որոշման 5.2.2-5.2.4-րդ կետերը։ [7] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ի թիվս այլ վճիռների, Oberschlik v. Austria գործով 1991 թվականի մայիսի 23-ի վճիռը, գանգատ թիվ 11662/85, կետ 57, Morice v. France գործով 2015 թվականի ապրիլի 23-ի վճիռը, գանգատ թիվ 29369/10, կետ 124, Bédat v. Switzerland 2016 թվականի մարտի 29-ի վճիռը, գանգատ թիվ 56925/08, կետ 48, Sanchez v. France գործով 2023 թվականի մայիսի 15-ի վճիռը, գանգատ թիվ 45581/15, կետ 145: [8] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Delfi AS v. Estonia գործով 2015 թվականի հունիսի 16-ի վճիռը, գանգատ թիվ 64569/09, կետեր 136, 140։ [9] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ի թիվս այլ վճիռների, Stoll V. Switzerland գործով 2007 թվականի դեկտեմբերի 10-ի վճիռը, գանգատ թիվ 69698/01, կետ 101, Pentikjainen V. Finland գործով 2015 թվականի հոկտեմբերի 20-ի վճիռը, գանգատ թիվ 11882/10, կետ 87: [10] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Gaši and Others v. Serbia գործով 2022 թվականի սեպտեմբերի 6-ի վճիռը, գանգատ թիվ 24738/19, կետ 77: [11] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ի թիվս այլ վճիռների, Stomakhin v. Russia գործով 2018 թվականի մայիսի 9-ի վճիռը, գանգատ թիվ 52273/0, կետ 89, Toranzo Gomez v. Spain գործով 2018 թվականի նոյեմբերի 20-ի վճիռը, գանգատ թիվ 26922/14, կետ 65: [12] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Ceylan v. Turkey գործով 1999 թվականի հուլիսի 8-ի վճիռը, գանգատ թիվ 23556/94, կետ 34, Savva Terentyev v. Russia գործով 2018 թվականի օգոստոսի 28-ի վճիռը, գանգատ թիվ 10692/09, կետ 65: [13] Տե՛ս Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի «Ատելության խոսքի դեմ պայքարի մասին» թիվ CM/Rec(2022)16 հանձնարարականը, կետ 11, Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի ընդհանուր քաղաքականության թիվ 15-րդ հանձնարարականը, կետ 10: [14] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Perinçek v. Switzerland գործով 2015 թվականի հոկտեմբերի 15-ի վճիռը, գանգատ թիվ 27510/08, կետեր 204, 208, Mariya Alekhina and others v. Russia գործով 2018 թվականի հուլիսի 17-ի վճիռը, գանգատ թիվ 38004/12, կետեր 217, 221: [15] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Stomakhin v. Russia գործով վերը նշված վճիռը, կետ 92: [16] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Erkizia Almandoz v. Spain գործով 2021 թվականի հունիսի 22-ի վճիռը, գանգատ թիվ 5869/17, կետ 40: [17] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Perinçek v. Switzerland գործով վերը նշված վճիռը, կետ 205, Mariya Alekhina and others v. Russia գործով վերը նշված վճիռը, կետ 218, Gapoņenko v Latvia գործով 2023 թվականի մայիսի 23-ի վճիռը, գանգատ թիվ 30237/18, կետ 43: [18] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Zemmour v. France գործով 2022 թվականի դեկտեմբերի 20-ի վճիռը, գանգատ թիվ 63539/19, կետ 63, Belkacem v. Belgium գործով 2017 թվականի հունիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 34367/14, կետ 33: [19] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Stomakhin v. Russia գործով վերը նշված վճիռը, կետեր 99-100: [20] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Sürek v. Turkey (no. 4) գործով 1999 թվականի հուլիսի 8-ի վճիռը, գանգատ թիվ 24762/94, կետ 58: [21] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Savva Terentyev v. Russia գործով 2018 օգոստոսի 28-ի վճիռը, գանգատ թիվ 10692/09, կետ 82: [22] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Perinçek v. Switzerland գործով վերը նշված վճիռը, կետ 205: [23] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Erkizia Almandoz v. Spain գործով վերը նշված վճիռը, կետ 40: [24] Տե՛ս, օրինակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Rouillan v. France գործով 2022 թվականի հունիսի 23-ի վճիռը, գանգատ թիվ 28000/19, կետ 67: [25] Տե՛ս, օրինակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Féret v. Belgium գործով 2009 թվականի հուլիսի 16-ի վճիռը, գանգատ թիվ 15615/07, կետ 76: [26] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Mahi v. Belgium գործով 2020 թվականի հուլիս 7-ի վճիռը, գանգատ թիվ 57462/19, կետեր 32-34: [27] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Godenau v. Germany գործով 2022 թվականի նոյեմբերի 29-ի վճիռը, գանգատ թիվ 80450/17, կետեր 53-54: [28] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Vejdeland and Others v. Sweden գործով 2012 թվականի փետրվարի 9-ի վճիռը, գանգատ թիվ 1813/07, կետ 56։ [29] Տե՛ս, օրինակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Gunduz v. Turkey գործով 2003 թվականի դեկտեմբերի 4-ի վճիռը, գանգատ թիվ 35071/97, կետ 43: [30] Տե՛ս, օրինակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Féret v. Belgium գործով 2009 թվականի հուլիսի 16-ի վճիռը, գանգատ թիվ 15615/07, կետեր 69-73, 78: [31] Տե՛ս Ռասայական խտրականության վերացման կոմիտեի թիվ 35 ընդհանուր հանձնարարականը, կետ 15։ [32] Տե՛ս ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի՝ 2013 թվականի հունվարի 11-ի զեկույցը, https://www.ohchr.org/sites/default/files/Rabat_draft_outcome.pdf։ [33] Այս հանգամանքներից յուրաքանչյուրի մասին առավել մանրամասն տե՛ս սույն որոշման 12.4-րդ և 13.1-րդ կետերը։ [34] Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

[35] Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

[36] Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

[37] Տե՛ս ՀՀ Կառավարության՝ 2021 թվականի մայիսի 21-ի դրությամբ գործող «Հայաստանի Հանրապետության հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և նկարագրերը հաստատելու մասին» 2010 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 1391-Ն որոշման 4-րդ հավելվածի 7-րդ գլխի 1-ին մասը։ [38] Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արամայիս Հակոբյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0224/01/14 որոշման 16-րդ կետը։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
23 ապրիլի, 2026 թ.
Գործի #:
ԵԴ/1485/01/21
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել