ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՎԴ/0009/05/08 ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՎԴ/0009/05/08 ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/0009/05/08 Վարչական գործ թիվ ՎԴ/0009/05/08 2009թ. Նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան Դատավորներ՝ Ռ. Հակոբյան Ք. Մկոյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) նախագահությամբ Ս. Սարգսյանի մասնակցությամբ դատավորներ Վ. Ավանեսյանի Վ. Աբելյանի Ս. Անտոնյանի Ա. Բարսեղյանի Ե. Խունդկարյանի Է. Հայրիյանի Տ. Պետրոսյանի Ե. Սողոմոնյանի 2009 թվականի հոկտեմբերի 16-ին դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 15.06.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) ընդդեմ Արսեն Մակարյանի` 400.000 ՀՀ դրամ բռնագանձելու և ինքնակամ կառույցը քանդելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Քաղաքապետարանը պահանջել է բռնագանձել Արսեն Մակարյանից 400.000 ՀՀ դրամ՝ որպես վարչական տուգանքի գումար, և պարտավորեցնել քանդելու Երևանի Ներքին Շենգավիթ 11-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 23/5 տանը կից, պետությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասում կառուցված 3քմ մակերեսով կցակառույցը: Վարչական դատարանի 25.04.2008 թվականի վճռով հայցը մերժվել է: ՀՀ վճռաբեկ դատարանի 31.10.2008 թվականի որոշմամբ Դատարանի 25.04.2008 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության: Վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 15.06.2009 թվականի վճռով հայցը մերժվել է: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևանի քաղաքապետը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով. Դատարանը չի կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ, 24-րդ հոդվածները, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով. Դատարանը անտեսել է այն հանգամանքը, որ Արսեն Մակարյանը մասնակցել է Երևանի քաղաքապետարանում իրականացված հանձնաժողովի նիստին, և բացատրություն է տվել այն մասին, որ շինարարական աշխատանքները իրականացվել են իր կողմից, հետևաբար, Դատարանի այն պնդումը, որ Երևանի քաղաքապետարանի կողմից խախտվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածը, անհիմն է: Դատարանը չի գնահատել այն հանգամանքը, որ Արսեն Մակարյանի կողմից թույլ տրված արարքը ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտում է, որի վերաբերյալ կազմվել է արձանագրություն: Բացի այդ, վարչական գործի քննության պահին Երևանի քաղաքապետի 19.10.2007 թվականի հ. Վ-15/11 որոշումն անվավեր ճանաչված չի եղել, հետևաբար, Դատարանը պետք է ելներ այն կանխավարկածից, որ Երևանի քաղաքապետի 19.10.2007 թվականի հ. Վ-38/1 որոշումը ենթակա է պարտադիր կատարման: ՀՀ վճռաբեկ դատարանի 21.12.2006 թվականի թիվ 3-2440 (ՎԴ) և 02.03.2007 թվականի թիվ 3-309 (ՎԴ) որոշումներով արձանագրվել է, որ եթե վարչական ակտը չի վիճարկվել, չի հաստատվել դրա առոչինչ լինելը, չի ճանաչվել ոչ իրավաչափ` անվավեր, չի կորցրել իր ուժը, հետևաբար յուրաքանչյուր ոք ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն պարտավոր է ելնել այն կանխավարկածից, որ Երևանի քաղաքապետի որոշումն ընդունվել է Սահմանադրությամբ և օրենքներով իր լիազորությունների շրջանակում, այսինքն` Երևանի քաղաքապետի որոշումն իրավաչափ է, և որևէ անձ, մասնավորապես, պետական մարմինը, չի կարող կասկածի տակ դնել այդ ակտի իրավաչափությունը: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 15.06.2009 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը բավարարել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝ 1) Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակցի կողմից 08.10.2007 թվականին կազմված արձանագրության համաձայն` Երևանի Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 23/5 տան բնակիչ Արսեն Մակարյանը, չունենալով համապատասխան քաղաքաշինական փաստաթղթեր, վերակառուցել է իր ծնողներին պատկանող տունը և նախկին շինությունն ավելացրել է 3 քմ-ով:
2) 19.10.2007 թվականին վարչական իրավախախտումների գործերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի կողմից կազմվել է թիվ Վ-15/12 արձանագրությունը, որով որոշվել է Երևանի քաղաքապետին ներկայացնել առաջարկություն Արսեն Մակարյանին ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին` նշանակելով վարչական տույժ՝ 400.000 ՀՀ դրամի չափով, իսկ նույն մարմնի 19.10.2007 թվականի եզրակացությամբ առաջարկվել է Արսեն Մակարյանի նկատմամբ կիրառել տուգանք` 400.000 ՀՀ դրամի չափով:
3) Երևանի քաղաքապետի թիվ Վ-15/12 որոշմամբ Արսեն Մակարյանը ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության 400.000 ՀՀ դրամ տուգանքի չափով, ինչպես նաև նրան առաջարկվել է միջոցներ ձեռնարկել իրավախախտման պատճառները և պայմանները վերացնելու ուղղությամբ:
4) Արսեն Մակարյանը մասնակցել է Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը (գ.թ 19, 20):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ: ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 267-րդ հոդվածի համաձայն՝ վարչական պատասխանատվության ենթարկվող անձն իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից, ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը, գանգատարկելու գործով որոշումը: Սույն գործի փաստերի համաձայն` 19.10.2007 թվականի թիվ Վ-15/12 արձանագրության ուսումնասիրումից հետևում է, որ Արսեն Մակարյանը, մասնակցելով վարչական իրավախախտման գործի քննությանը, բացատրություն է տվել, որ շինարարական աշխատանքները իրականացվել են իր կողմից: Այսինքն` Արսեն Մակարյանը մասնակցել է վարչական իրավախախտման գործի քննությանը և ընդունել է այն փաստը, որ իր կողմից կատարվել են շինարարական աշխատանքներ: Հետևաբար, բողոք բերող անձի հիմնավորումը այն մասին, որ Դատարանը խախտել է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 267-րդ հոդվածի պահանջը, հիմնավոր է: Ինչ վերաբերում է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի խախտման վերաբերյալ բողոքի փաստարկին, ապա Վճռաբեկ դատարանը այն նույնպես հիմնավոր է համարում, սակայն չի անդրադառնում դրա հիմնավորումներին, քանի որ սույն գործով նախկինում կայացված 31.10.2008 թվականի թիվ ՎԴ/0009/05/08 որոշմամբ արդեն իսկ անդրադարձել է դրան: Բացի այդ, Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է վարչական ակտերի իրավաչափության հարցին (տես, օրինակ` Լևոն Ղազարյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորքի տարածքային ստորաբաժանման, երրորդ անձ Երևանի քաղաքապետարանի` Երևանի քաղաքապետի 18.11.2005 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 2453-Ա որոշման 3-րդ կետի պահանջը կատարելու, Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ միկրոշրջանի թիվ 14 շենքի մոտ գտնվող 51,9 քմ ավտոտնակի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելուն պարտավորեցնելու պահանջի մասին 21.12.2006 թվականի Քաղ. գործ թիվ 3-2440(ՎԴ) որոշումը) : Վճռաբեկ դատարանը նշել է, որ եթե վարչական ակտը չի վիճարկվել, չի հաստատվել դրա առոչինչ լինելը, չի ճանաչվել ոչ իրավաչափ` անվավեր, չի կորցրել իր ուժը, հետևաբար յուրաքանչյուր ոք, ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն, պարտավոր է ելնել այն կանխավարկածից, որ Երևանի քաղաքապետի որոշումն ընդունվել է Սահմանադրությամբ կամ օրենքներով իր լիազորությունների շրջանակում: Դրա հետևանքով պետք է եզրակացնել, որ Երևանի քաղաքապետի որոշումը իրավաչափ է, և որևէ անձ, մասնավորապես, պետական մարմինը, չի կարող կասկածի տակ դնել այդ ակտի իրավաչափությունը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը հայցը մերժելիս դուրս է եկել հայցի շրջանակներից, քանի որ վարչական ակտի իրավաչափության ստուգման պահանջի բացակայության պայմաններում անդրադարձել է վարչական ակտի իրավաչափության հարցին: Այսպիսով, վճռաբեկ բողոքի նշված հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, Դատարանի վճիռը բեկանելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է: Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241 2 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 15.06.2009 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը բավարարել: Արսեն Մակարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 400.000 ՀՀ դրամ` որպես վարչական տույժ: Արսեն Մակարյանին պարտավորեցնել քանդելու Երևանի Ն.Շենգավիթի 11-րդ փողոցի 2-րդ նրբանցքի հ.23/5 տանը կից կառուցված 3.0 քմ մակերեսով կցակառույցը:
2. Արսեն Մակարյանից հօգուտ Երևանի քաղաքապետարանի բռնագանձել 36.000 ՀՀ դրամ՝ վճռաբեկ բողոքի համար վճարած պետական տուրքի գումարը:
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող` Ս. Սարգսյան Դատավորներ` Վ. Ավանեսյան Վ. Աբելյան Ս. Անտոնյան Ա. Բարսեղյան Ե. Խունդկարյան Է. Հայրիյան Տ. Պետրոսյան Ե. Սողոմոնյան Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՎԴ/0009/05/08 ՄԱՍԻՆ Տիպ Որոշում Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (16.10.2009-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2009.12.25/66(732) Հոդ.1479 Ընդունող մարմին Վճռաբեկ դատարան Ընդունման ամսաթիվ 16.10.2009 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին Նախագահող Ստորագրման ամսաթիվ 16.10.2009 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 16.10.2009 Հիմնական ակտ 16.10.2009, Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 16 հոկտեմբերի, 2009 թ.
- Գործի #:
- ՎԴ/0009/05/08
- Դատարան:
- ՀՀ իրավական ակտեր
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
