Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/Գրիգորյան — ՀԿԴ2/0023/01/22
ՎճռաբեկԿոռուպցիոն քրեականAI Ինդեքսավորված

Գրիգորյան — ՀԿԴ2/0023/01/22

Վճռաբեկ դատարանՀԿԴ2/0023/01/2228 օգոստոսի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 3. Սույն օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացությունները · Հոդված 9. Քրեական օրենսդրության հետադարձ ուժը · Հոդված 436. Կաշառք տալը
PDF

Ամփոփում

Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի ապրիլի 27-ի որոշմամբ, ի թիվս այլնի, թիվ ԳԴ4/0021/01/17 քրեական գործից անջատվել է գործի մասն ըստ մեղադրանքի Ռ․Գրիգորյանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում և անջատված մասով (ԵԴ/0694/01/22) վարույթը կասեցվել է։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի հոկտեմբերի 7-ի որոշմամբ թիվ ԵԴ/0694/01/22 քրե

Ամբողջ Տեքստ

ՀԿԴ2/0023/01/22

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության

հակակոռուպցիոն դատարան,

նախագահող դատավոր` Վ․Սարգսյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,

նախագահող դատավոր` Ա․Հովհաննիսյան

դատավորներ՝ Ա․Նահապետյան

Կ․Ամիրյան

2024 թվականի օգոստոսի 28-ին քաղաք Երևանում

ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆԻ

Ս.ՉԻՉՈՅԱՆԻ

Դ․ՎԵՔԻԼՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով Ռոբերտ Վրեժի Գրիգորյանի վերաբերյալ

ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2024 թվականի փետրվարի 16-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1.

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի ապրիլի 27-ի որոշմամբ, ի թիվս այլնի, թիվ ԳԴ4/0021/01/17 քրեական գործից անջատվել է գործի մասն ըստ մեղադրանքի Ռ․Գրիգորյանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում և անջատված մասով (ԵԴ/0694/01/22) վարույթը կասեցվել է։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի հոկտեմբերի 7-ի որոշմամբ թիվ ԵԴ/0694/01/22 քրեական գործն ըստ մեղադրանքի Ռ․Գրիգորյանի՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ըստ ընդդատության ուղարկվել է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)։ 2․ Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի հոկտեմբերի 13-ի որոշմամբ պաշտպան Գ․Մալխասյանի միջնորդությունը բավարարվել է և Ռ․Գրիգորյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված հանրային քրեական հետապնդումը՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով դադարեցվել է, իսկ քրեական գործի վարույթը՝ կարճվել։

3. Վերոհիշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Ա․Ժամկոչյանի կողմից բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի 2024 թվականի փետրվարի 16-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվել է անփոփոխ։

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2024 թվականի մայիսի 15-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

5․ Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանի դատական ակտով թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական օրենքի էական խախտումներ, որոնք ազդել են վարույթի ելքի վրա։ 5․1․ Մասնավորապես, բողոք բերած անձը նշել է, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով (այսուհետ նաև՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) հանցագործությամբ պատճառված վնասի, այդ թվում՝ կաշառք տալու և ստանալու չափերը, բացառությամբ հատուկ մասում նախատեսված դեպքերի, տեղ են գտել ոչ թե կոնկրետ հոդվածներում, այլ ներառվել են հիմնական հասկացությունները սահմանող ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածում։ Ընդ որում, նախատեսվել են հստակ և կոնկրետ չափեր, որոնք վերաբերելի են քրեական օրենսգրքի հատուկ մասում տեղ գտած բոլոր հանցակազմերին, այդ թվում՝ կաշառք տալուն։ Բողոքաբերն ընդգծել է, որ վիճարկվող որոշմամբ հաշվի չի առնվել օրենսդրի նպատակը՝ նկատի ունենալով, որ ՀՀ գործող քրեական օրենսգիրքը, ի թիվս այլնի, նպատակ է հետապնդել հանդիսանալու արդյունավետ միջոց հանցավորության դեմ պայքարի գործում, այդ թվում՝ կոռուպցիոն բնույթի, մինչդեռ նույն օրենսգրքում տեղ գտած կաշառք տալու չափերին առնչվող քրեաիրավական նորմին տալով սխալ մեկնաբանում՝ Վերաքննիչ դատարանը շեղվել է նորմատիվ իրավական ակտն ընդունող մարմնի նպատակից, որպիսի մոտեցումը չի բխում նաև ՀՀ գործող քրեական օրենսգրքի 2-րդ հոդվածի կարգավորումներից։ 5․2․ Միաժամանակ, վերաբերելի իրավական նորմերի վերլուծության արդյունքում բողոքաբերը նշել է, որ Ռ․Գրիգորյանին մեղսագրվող արարքի մասնակի ապաքրեականացման հետևանքով այն ենթակա է որակման ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասով, որը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, այն դեպքում, երբ արարքը կատարելու պահին գործող օրենսգրքով այն դասվել է ծանր հանցագործությունների շարքին։ Այլ կերպ՝ Ռ․Գրիգորյանի արարքը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին, որը միջին ծանրության հանցանք է և որի վաղեմության ժամկետը տասը տարի է, մինչդեռ Վերաքննիչ դատարանը վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս հիմք է ընդունել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով նախատեսված միջին ծանրության հանցագործության վաղեմության ժամկետը՝ անտեսելով այն հանգամանքը, որ հանցանքի կատարման պահին Ռ․Գրիգորյանի արարքը հանդիսացել է ոչ թե միջին ծանրության, այլ՝ ծանր հանցանք, որի վաղեմության ժամկետն արարքի կատարման պահին գործող օրենքով եղել է տասը տարի։ 5․3․ Բողոքաբերը միաժամանակ պնդել է, որ Ռ․Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է շարունակման, քանի որ նրա կողմից առերևույթ կատարված հանցանքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվել է 2021 թվականի փետրվարի 16-ին։ Վերոշարադրյալը բողոքաբերը պայմանավորել է այն հանգամանքով, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի ապրիլի 27-ի որոշմամբ ամբաստանյալ Ռ․Գրիգորյանի վերաբերյալ մասն անջատվել է, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և անջատված մասի վարույթը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով կասեցվել է, իսկ նշված որոշման պատճառաբանական մասի վերլուծությունից պարզ է դառնում, որ Ռ․Գրիգորյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել թաքնվելու հիմքով, և անհաղթահարելի ուժի առկայության հիմքով կասեցվել է քրեական գործի վարույթը:

6. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 2024 թվականի փետրվարի 16-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Ռ․Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312–րդ հոդվածի 3–րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ․ «(...) [Ն]ա Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի 12-րդ փողոցի թիվ 9 հասցեում գտնվող, կնոջ՝ Զարիկ Գրիգորյանի անվամբ գրանցված անշարժ գույքի կապակցությամբ կայացված դատական ակտի վերաբերյալ պարզաբանում տրամադրելու համար որդու՝ Գարիկ Գրիգորյանի հետ փաստաբան Էդվարդ Չինարյանի օժանդակությամբ, դատական իշխանության մարմնի՝ տվյալ քաղաքացիական գործով իրավասու պաշտոնատար անձին, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին տվել են առանձնապես խոշոր չափերով 1.011.600 ՀՀ դրամին համարժեք 120.000 ՌԴ ռուբլի կաշառք: Այսպես.

Գեղարքունիքի մարզի բնակիչ Զարիկ Գրիգորյանը 2013թ. հունվարի 29-ին գնել է նույն մարզի Ձորագյուղ համայնքի 12-րդ փողոցի թիվ 9 հասցեում գտնվող 0.58 հա հողատարածքն ու դրանում գտնվող 649.5 քմ անասնաշենքը: ՀՀ ԿԱ ԱԳԿՊ կոմիտեի կողմից 2013թ. հունվարի 30-ին Զարիկ Գրիգորյանի անվամբ տրամադրվել է տվյալ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական: Հողատարածքն ունեցել է նաև 0.09 հա ինքնակամ զբաղեցրած հողամաս, որը գրանցված չի եղել որպես Զարիկ Գրիգորյանի սեփականություն, ուստի Ռոբերտ ու Գարիկ Գրիգորյանները որոշել են դատական իշխանության մարմնի ներկայացուցիչներին կաշառք տալու միջոցով լուծել այդ հարցը: Քանի որ դատական իշխանության մարմնի ներկայացուցիչներին ծանոթ չլինելու, նրանց հետ կապ հաստատելու հնարավորության բացակայության հանգամանքները էական խոչընդոտ են հանդիսացել Գրիգորյանների կողմից անձամբ կաշառք տալու հարցում, ուստի նրանք խնդրել են իրենց ծանոթ փաստաբան Էդվարդ Չինարյանին՝ բանակցել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի հետ՝ նրա կողմից Զարիկ Գրիգորյանի անշարժ գույքի վերաբերյալ դեռևս 24.08.2006թ. կայացված վճռի պարզաբանում տալու /այն է, որ նախկինում գրանցված 0.58 հա հողատարածքի մեջ ներառված չի եղել անասնագոմով ու պարիսպով ծանրաբեռնված հողամասը և որ իրականում անշարժ գույքի մակերեսը կազմում է ոչ թե 0.58, այլ 0.67 հա/ հարցի շուրջ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով նպաստելու համար նրան և ապագայում ցանկալի որոշում կայացնող դատավորին կաշառք տալու կապակցությամբ: Էդվարդ Չինարյանը խոստացել է օժանդակել Գրիգորյաններին այդ հարցում: Այնուհետև՝ 2017թ. փետրվարի 27-ին Ռոբերտ և Գարիկ Գրիգորյանները Էդվարդ Չինարյանի հետ գնացել են Գավառ քաղաքում գտնվող Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահի նստավայր: Էդվարդ Չինարյանը դատարանի նախագահի հետ ընկերական և անմիջական շփում ունենալու հանգամանքն օգտագործելով՝ վերջինիս և դատավորի կողմից կաշառք ստանալու, իսկ Գրիգորյանների կողմից կաշառք տալու հարցի շուրջ համաձայնություն ձեռք բերելուց հետո Գրիգորյաններին հայտնել է դատական իշխանության մարմնի ներկայացուցիչների կողմից կաշառք ստանալու համաձայնության մասին։ Դրանից հետո Ռոբերտ և Գարիկ Գրիգորյանները Էդվարդ Չինարյանի միջոցով դատարանի նախագահին ու դատավորին տվել են 1.011.600 ՀՀ դրամին համարժեք 120.000 ՌԴ ռուբլի կաշառք։ Այնուհետև՝ դատարանի նախագահի կողմից իր աշխատասենյակում քննարկումներ են կազմակերպվել դատավորի, Ռոբերտ և Գարիկ Գրիգորյանների, ՀՀ ԱԳԿՊ կոմիտեի Գավառի սպասարկման գրասենյակի աշխատակիցների մասնակցությամբ, որոնց արդյունքում էլ դատավորը 15.03.2017թ.-ին կայացրել է 24.08.2006թ. Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված վճռի պարզաբանման մասին որոշում (․ ․ ․)»։[1]

8. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն․ «(...) Ռոբերտ Վրեժի Գրիգորյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը լուծելիս ՀՀ նոր քրեական օրենսգիրքը հետադարձ ուժ ունի և դրա՝ անձի վիճակը բարելավող դրույթները տարածվում են մինչև դրա ուժի մեջ մտնելը ենթադրաբար հանցանք կատարած անձ Ռոբերտ Վրեժի Գրիգորյանի նկատմամբ։ Նախ և առաջ Դատարանն արձանագրում է, որ ՀՀ նոր քրեական օրենսգրքով սահմանված չէ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածով նախատեսված կաշառք տալու խոշոր կամ առանձնապես խոշոր չափը, որպիսի պայմաններում Դատարանը գտնում է, որ առկա խմբագրությամբ ՀՀ նոր քրեական օրենսգրքով կաշառք տալու ցանկացած դեպքում, անկախ կաշառքի առարկայի չափից, տվյալ հանցակազմը որակյալ դարձնող մյուս հատկանիշների բացակայության պայմաններում, արարքը ենթակա է որակման հիշյալ հոդվածի 1-ին մասով։ Դատարանի այդ մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ նոր քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով կամ որևէ այլ նորմով կաշառք տալու դեպքում կաշառքի առարկայի չափի մասին հիշատակում առկա չէ, ինչից հետևում է, որ կաշառք տալու յուրաքանչյուր դեպքում, անկախ կաշառքի առարկայի չափից, այն կարող է որակվել միայն այդ հանցակազմի հասարակ ձևով, եթե, իհարկե, բացակայեն ՀՀ նոր քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ու 3-րդ կետերով և 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցակազմի որակյալ հատկանիշները։ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված է կաշառք տալու որակյալ հատկանիշը, այն է՝ խոշոր չափերով, իսկ նույն հոդվածի 3-րդ մասով՝ առանձնապես խոշոր չափերով կամ կազմակերպված խմբի կողմից կաշառք տալը։ Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ մեղադրյալ Ռոբերտ Վրեժի Գրիգորյանը՝ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի 12-րդ փողոցի թիվ 9 հասցեում գտնվող, կնոջ՝ Զարիկ Գրիգորյանի անվամբ գրանցված անշարժ գույքի կապակցությամբ կայացված դատական ակտի վերաբերյալ պարզաբանում տրամադրելու համար որդու՝ Գարիկ Գրիգորյանի հետ փաստաբան Էդվարդ Չինարյանի օժանդակությամբ, դատական իշխանության մարմնի՝ տվյալ քաղաքացիական գործով իրավասու պաշտոնատար անձին, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին տվել են առանձնապես խոշոր չափերով 1.011.600 ՀՀ դրամին համարժեք 120.000 ՌԴ ռուբլի կաշառք: Մեղադրյալ Ռոբերտ Վրեժի Գրիգորյանին առաջադրված մեղադրանքի բովանդակությունից հետևում է, որ նրան մեղսագրվող ենթադրյալ հանցանքն ավարտվել է՝ ցանկալի դատական ակտի կայացմանը նախորդող ժամանակահատվածում, սակայն հանցանքի կատարման ստույգ օրը հիշատակված չէ Ռոբերտ Վրեժի Գրիգորյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշմամբ, ինչպես նաև մեղադրական եզրակացությամբ, հետևաբար հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռոբերտ Վրեժի Գրիգորյանին ցանկալի դատական ակտը կայացվել է 2017 թվականի մարտի 15-ին, ապա պետք է արձանագրել, որ ենթադրյալ հանցանքն ավարտվել է առնվազն նշված օրը։ Վերոգրյալ պայմաններում Դատարանը գտնում է, որ մեղադրյալ Ռոբերտ Վրեժի Գրիգորյանին մեղսագրված՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքը համապատասխանում է ՀՀ նոր քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքին, որպիսի պայմաններում Ռոբերտ Վրեժի Գրիգորյանին մեղսագրված արարքը պետք է գնահատել որպես ենթադրաբար կաշառք տալու հասարակ տեսակ, որը միջին ծանրության հանցանք է։ (...)

Անդրադառնալով Ռոբերտ Վրեժի Գրիգորյանի կողմից քննությունից կամ դատից խուսափելու հանգամանքին՝ Դատարանն արձանագրում է, որ գործի նյութերի համաձայն՝ մեղադրյալի նկատմամբ 2022 թվականի ապրիլի 27-ին հայտարարվել է հետախուզում: Հիշյալ որոշման բովանդակությունից հետևում է, որ մեղադրյալ Ռոբերտ Վրեժի Գրիգորյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել ոչ թե նրա կողմից քննությունից կամ դատից խուսափելու հանգամանքով պայմանավորված, այլ այն հիմքով, որ գործել է անհաղթահարելի ուժ, որը ժամանակավորապես խոչընդոտել է քրեական գործով հետագա վարույթին։ Նման պայմաններում Դատարանն արձանագրում է, որ քրեական գործի նյութերում բացակայում է որևէ փաստական տվյալ առ այն, որ մեղադրյալ Ռոբերտ Վրեժի Գրիգորյանը՝ իրեն մեղսագրվող՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքի կատարումից հետո կատարել է նոր հանցանք կամ խուսափել է քննությունից կամ դատից։ Այդ համատեքստում հարկ է նկատել, որ ՀՀ ոստիկանության «Ինտերպոլ» ազգային կենտրոնական բյուրոյի՝ 2021 թվականի հոկտեմբերի 22-ի՝ 3260 թվակիր գրության համաձայն, թեպետ, Ռուսաստանի Դաշնության Տոմսկ քաղաքի իրավասու մարմինների կողմից Ռոբերտ Վրեժի Գրիգորյանի վերաբերյալ քննվում է թիվ 12102690021000026 քրեական գործը, և Ռոբերտ Վրեժի Գրիգորյանը կասկածվում է ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ, այդուհանդերձ առկա չէ այդ վարույթով կայացված եզրափակիչ դատական ակտ (առնվազն այն Դատարանին չի ներկայացվել), հետևաբար Դատարանը չի կարող հաստատված համարել, որ վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվել է նոր հանցագործության կատարմամբ: Այլ խոսքով, վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատված կամ կասեցված համարելու հիմքերը՝ քրեական գործի նյութերում բացակայում են: Վերոգրյալի հաշվառմամբ Դատարանն արձանագրում է, որ մեղսագրվող արարքի համար Ռոբերտ Վրեժի Գրիգորյանին քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը պետք է հաշվել՝ 2017 թվականի մարտի 15-ից, հետևաբար, նկատի ունենալով, որ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ վաղեմության ժամկետի ընթացքը չի ընդհատվել կամ կասեցվել, և Ռոբերտ Վրեժի Գրիգորյանի կողմից մեղսագրվող արարքը՝ ենթադրաբար կատարելուց հետո անցել է 5 (հինգ) տարուց ավել ժամանակ, այսինքն՝ անցել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը, իսկ մեղադրյալն առարկություն չի ներկայացրել՝ իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն այդ հիմքով դադարեցնելու կապակցությամբ, ուստի Ռոբերտ Վրեժի Գրիգորյանի նկատմամբ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով իրականացվող քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման։ (...)

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն վարույթն իրականացվում է միայն մեղադրյալ Ռոբերտ Վրեժի Գրիգորյանի նկատմամբ, ուստի մեջբերված հոդվածների բովանդակային վերլուծության արդյունքում Դատարանը հանգում է հետևության, որ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով Ռոբերտ Վրեժի Գրիգորյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու պայմաններում, նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառված կալանավորումը ենթակա է վերացման, իսկ քրեական գործի վարույթը՝ կարճման (...)»[2]։

9. Առաջին ատյանի դատարանի որոշումն անփոփոխ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն. «(...) Քննարկման առարկա դարձնելով դատախազի վերաքննիչ բողոքը՝ Վերաքննիչ դատարանը նախևառաջ հարկ է համարում գնահատման ենթարկել այն, թե իրավաչափ են արդյոք Առաջին ատյանի դատարանի հետևություններն առ այն, որ ամբաստանյալ Ռ․Գրիգորյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի (ընդունված՝ 18․04․2003, ՀՕ-528-Ն) 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով վերագրվող արարքը համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքին, որպիսի պայմաններում Ռոբերտ Վրեժի Գրիգորյանին մեղսագրված արարքը պետք է գնահատել որպես ենթադրաբար կաշառք տալու հասարակ տեսակ։ (...)

Վերաքննիչ դատարանը նախ հարկ է համարում նշել, որ 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածով սահմանված կաշառք տալու հանցակազմի պարագայում օրենսդիրը, որպես այդ հանցանքը որակյալ դարձնող հանգամանքներ դիտարկելով «խոշոր չափը» և «առանձնապես խոշոր չափը», միևնույն ժամանակ, օրենսգրքի հատուկ մասում չի նախատեսել, թե խնդրո առարկա հանցակազմի առարկայի ո՞ր չափն է համարվում խոշոր, ո՞րը՝ առանձնապես խոշոր։ Դրա հետ մեկտեղ հարկ է փաստել, որ նույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետում օրենսդիրը սահմանել է հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը, ինչից, սակայն, հետևում է, որ սահմանված այդ չափերը վերաբերելի չեն կաշառք տալու հանցակազմին, քանի որ «հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույք կամ օգուտ չափ» եզրույթը որևէ կերպ չի կարող նույնացվել կաշառք տալու դեպքում կաշառքի առարկայի չափի հետ։ Այլ կերպ՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ քննարկվող նորմը չի սահմանել կաշառք տալու հանցակազմի առարկա կաշառքի չափը։ Վերոգրյալի հետ մեկտեղ Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի ձևավորած և վերը մեջբերված նախադեպային իրավական դիրքորոշումները, հարկ է համարում նշել, որ տվյալ դեպքում առկա օրենսդրական բացը չի կարող վերացվել, հաղթահարվել կամ լրացվել դատական մեկնաբանման միջոցով, քանի որ օրինականության սկզբունքի անքակտելի տարրն է քրեական օրենքը տարածական մեկնաբանելու և անալոգիայով կիրառելու արգելքը: Ընդ որում, պետք է փաստել, որ 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 4-րդ հոդվածի 3-րդ մասը ուղղակիորեն արգելում է քրեական օրենքի ընդհանուր մասի նորմերի անալոգիայով կիրառումը, եթե դա վատթարացնում է անձի վիճակը։ Այսպիսով, հաշվի առնելով այն, որ «խոշոր չափ» և «առանձնապես խոշոր չափ» հասկացություններն ինքնին ենթադրում են չափելի երևույթներ, և դրանք, օգտագործվելով քանակի, կշռի կամ արժեքի հատկանիշներով օժտված առարկաները բնութագրելիս, պայմանավորված չեն գործի կոնկրետ հանգամանքներով և օբյեկտիվորեն կարող են սահմանվել դրանցից վերացարկված, նկատի ունենալով նաև, որ քրեական օրենքի տարածական մեկնաբանումը և ընդհանուր մասի նորմերի՝ անձի վիճակի վատթարացման դեպքում անալոգիայով կիրառելը անթույլատրելի է՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի իմաստով «խոշոր չափ» և «առանձնապես խոշոր չափ» հասկացությունների բովանդակությունը նույն օրենսգրքի ընդհանուր կամ հատուկ մասում սահմանված չլինելը օրենսդրական բաց է, որի հետևանքով նշյալ օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը և 3-րդ մասի 2-րդ կետը չեն համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին (բավարար չափով կանխատեսելի չեն), հետևաբար նաև դրանք անձին մեղադրելու հիմք չեն: 5․2․4․ Հիմք ընդունելով վերոշարադրյալը, և այդ համատեքստում նկատի ունենալով նաև 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածով սահմանված՝ կաշառք տալու հանցակազմի իմաստով «խոշոր չափ» և «առանձնապես խոշոր չափ» եզրույթների վերաբերյալ նախորդ կետում արված վերլուծությունը, ինչպես նաև հաշվի առնելով նույն օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Առաջին ատյանի դատարանի այն դատողությանը, որ ամբաստանյալ Ռոբերտ Գրիգորյանին մեղսագրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի (ընդունված՝ 18․04․2003, ՀՕ-528-Ն) 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքը համապատասխանում է 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքին, որպիսի պայմաններում նրան մեղսագրված արարքը պետք է գնահատել որպես ենթադրաբար կաշառք տալու հասարակ տեսակ։ (...)

5․3․1․ Վերը մեջբերված նորմերի, մասնավորապես՝ 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված իրավադրույթի առնչությամբ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ հիշյալ նորմի բովանդակությունից հետևում է, որ հետադարձ ուժ ունի ոչ միայն պատիժը, այլև պատասխանատվությունը մեղմացնող օրենքը։ Այլ կերպ՝ 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ պատիժը մեղմացնող օրենսդրությանը հետադարձ ուժ տալու վերաբերյալ նորմը պետք է դիտարկել նույն հոդվածի 6-րդ մասում սահմանված կանոնի հետ համակցված՝ հաշվի առնելով, որ հետադարձ ուժ ունի նաև պատասխանատվությունը մեղմացնող օրենքը և հակառակը՝ պատասխանատվությունը միաժամանակ խստացնող օրենքը չունի հետադարձ ուժ։ (...)

Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ 2003 և 2021 թվականներին ընդունված քրեական օրենսգրքերի համապատասխանաբար 75-րդ և 83-րդ հոդվածների համեմատաիրավական վերլուծությունը վկայում է, որ 2021 թվականին ընդունված քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների մասով տվյալ դեպքում անձի վիճակը վատթարացող օրենք է և կիրառելի չէ ամբաստանյալ Ռ․ Գրիգորյանի նկատմամբ, քանի որ նախ՝ սահմանում է վաղեմության ավելի երկար ժամկետներ, բացի այդ, վաղեմության ժամկետը, ի տարբերություն 2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի, հաշվարկվում է մինչև անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելը։ 5․3․3․ Վերը շարադրված վերլուծությունը համադրելով սույն վարույթի փաստերի հետ և բողոքի հիմքերի ու դրանք հիմնավորող փաստարկների սահմաններում դատական ստուգման ենթարկելով վիճարկվող որոշման իրավաչափությունը՝ Վերաքննիչ դատարանը ընդունելի չի համարում բողոքաբերի այն դիտարկումները, որ Առաջին ատյանի դատարանը տվյալ դեպքում ճիշտ չի կիրառել նյութական օրենքը։ Այլ կերպ՝ հաշվի առնելով 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 8-րդ և 9-րդ հոդվածների 1-ին մասերը, ըստ որոնց՝ արարքի ինչպես հանցավորությունը և պատժելիությունը, այնպես էլ քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով, իսկ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի, նկատի ունենալով նաև նույն օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված քրեաիրավական նորմի, այդ թվում՝ դրանում ամրագրված «պատասխանատվություն» եզրույթի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի ձևավորած և սույն որոշման 5․3․1․-րդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումները՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, Ռոբերտ Գրիգորյանին մեղսագրված արարքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների հաշվարկման մասով առաջնորդվելով ենթադրյալ հանցավոր արարքը կատարելու պահին գործող՝ 2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի դրույթներով, գործել է իրավաչափ (…)»[3]։ Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է․ իրավաչա՞փ են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն առ այն, որ ամբաստանյալ Ռ․Գրիգորյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղսագրվող արարքը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասին։ 11․ ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»։ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, հանցագործություն չի համարվել (…)»։ ՀՀ գործող քրեական օրենսգքրի 4-րդ հոդվածի համաձայն՝ «1. Ոչ ոք չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության այն արարքի համար, որը կատարման պահին հանցանք չի համարվել:

2. Քրեական օրենքի Հատուկ մասի նորմերն անալոգիայով կիրառելն արգելվում է:

3. Քրեական օրենքի Ընդհանուր մասի նորմերը կարող են անալոգիայով կիրառվել, եթե դա չի վատթարացնում անձի վիճակը»: Մեջբերված նորմերը Վճռաբեկ դատարանը բազմիցս վերլուծության է ենթարկել իր նախադեպային որոշումների շրջանակներում՝ ընդգծելով, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր, որը բացարձակ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից որևէ շեղում անթույլատրելի է: Արարքի հանցավորությունն ու պատժելիությունը պետք է նախատեսված լինեն իրավական որոշակիության չափանիշին բավարարող օրենքով, ինչը ենթադրում է, որ անձը համապատասխան դրույթի տառացի ընկալումից և, անհրաժեշտության դեպքում, դրա կապակցությամբ դատարանների տված մեկնաբանությունից պետք է հասկանա, թե որ գործողությունների և անգործության համար է քրեական պատասխանատվություն նախատեսվում և ինչ պատիժ կնշանակվի այդ գործողությունների կատարման և/կամ անգործության համար[4]։ Անդրադառնալով դատական մեկնաբանության սահմաններին և օրենսդրական բացի հաղթահարման հիմնախնդրին՝ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ օրենքի՝ իրավական որոշակիության չափանիշին բավարարելն առաջին հերթին օրենսդրական կարգավորման խնդիր է, իսկ դատական մեկնաբանումը լրացնող դերակատարություն ունի: ՀՀ քրեական օրենսգրքի որևէ նորմում առկա օրենսդրական բացը չի կարող վերացվել, հաղթահարվել կամ լրացվել դատական մեկնաբանման միջոցով, քանի որ օրինականության սկզբունքի անքակտելի տարրն է քրեական օրենքը տարածական մեկնաբանելու և անալոգիայով կիրառելու արգելքը: Վերոնշյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը նշել է, որ եթե հանցակազմի պարտադիր հատկանիշը սահմանող հասկացության բովանդակության բացահայտումը կախված չէ գործի կոնկրետ հանգամանքներից, կարող է սահմանվել դրանցից վերացարկված, սակայն սահմանված չէ օրենքով, դատարանը, չունենալով գնահատման օբյեկտիվ չափանիշներ, զրկված է դրանք մեկնաբանելու հնարավորությունից: «Խոշոր չափ» և «առանձնապես խոշոր չափ» հասկացություններն ինքնին ենթադրում են չափելի երևույթներ։ Դրանք, օգտագործվելով քանակի, կշռի կամ արժեքի հատկանիշներով օժտված առարկաները բնութագրելիս, պայմանավորված չեն գործի կոնկրետ հանգամանքներով և օբյեկտիվորեն կարող են սահմանվել (և սահմանվում են) դրանցից վերացարկված։ Այսպես, ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի մի շարք նորմերում օգտագործելով «խոշոր չափ» և/ կամ «առանձնապես խոշոր չափ» եզրույթները՝ օրենսդիրը միաժամանակ հստակ սահմանել է, թե կոնկրետ առարկայի որ չափն է համարվում խոշոր, որը՝ առանձնապես խոշոր։ Հակառակ դեպքում իրավակիրառ մարմնի կողմից քննարկվող հասկացությունների կիրառումը կհանգեցնի կամայական մեղադրման, դատապարտման և պատժման, քանի որ գործի հանգամանքներով պայմանավորված չլինելու դեպքում բացակայում են իրավակիրառ մարմնի, այդ թվում՝ դատարանի կողմից այդ հասկացությունների բովանդակությունը որոշելու օբյեկտիվ չափանիշները[5]։ 12․ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ «1. Սույն օրենսգրքում օգտագործվում են հետևյալ հասկացությունները. (…)

17) հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը` սույն օրենսգրքում հափշտակված գույքի, պատճառված գույքային վնասի, հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի մանր չափ է համարվում 500.000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), առանձնապես խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը), բացառությամբ սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերի (…)»։ Նույն օրենսգրքի 436-րդ հոդվածի համաձայն՝ «1. Կաշառք տալը՝ պաշտոնատար անձին կամ նրա մատնանշած անձին անձամբ կամ միջնորդի միջոցով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն խոստանալը, առաջարկելը կամ տրամադրելը՝ պաշտոնատար անձի իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին գործողություն կատարելու կամ չկատարելու համար՝ պատժվում է (…)։

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

(…)

2) խոշոր չափերով կամ

(…)

պատժվում է (…)։

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ (…)

2) առանձնապես խոշոր չափերով`

պատժվում է (…)»:

Ի տարբերություն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքով հափշտակության, պատճառված գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը սահմանվում են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածով՝ օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացությունների ներքո։ Վերոնշյալ չափերն ընդհանուր են ՀՀ գործող քրեական օրենսգրքի հատուկ մասով սահմանված բոլոր այն հանցակազմերի համար, որոնցում հանցագործության չափերը նախատեսված են որպես հանցակազմի պարտադիր հատկանիշ կամ հանցակազմը որակյալ կամ առավել որակյալ դարձնող հանգամանք, եթե կոնկրետ հանցակազմի շրջանակում այլ չափ սահմանված չէ (օրինակ՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի հոդվածներ 267-ը, 282-ը, 290-ը և այլն)։ 12․1․ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածով նախատեսված կաշառք տալու հանցակազմը որակյալ դարձնող «խոշոր» և «առանձնապես խոշոր» չափ հասկացությունների առնչությամբ Վճռաբեկ դատարանը Սարգիս Գրիգորյանի գործով արձանագրել է, որ դրանք չափելի երևույթների են, ուստի օրենսդիրը կա՛մ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի շրջանակներում՝ ընդհանուր հասկացությունների ներքո, կա՛մ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածով պետք է հստակ սահմաներ, թե կաշառք տալու հանցակազմի պարագայում որ չափն է համարվում խոշոր, որը՝ առանձնապես խոշոր, մինչդեռ, քրեական օրենսգրքի վերաբերելի նորմերի վերլուծությունը ցույց է տալիս, որ կաշառք տալու հանցակազմի պարագայում կաշառքի առարկայի խոշոր և առանձնապես խոշոր չափերը չեն բացահայտվել։ Այսպես՝ օրենսգրքի 3-րդ հոդվածի 17-րդ կետում խոսքը գնում է միայն հափշտակության, պատճառված գույքային վնասի, հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերի մասին, իսկ կաշառք տալու դեպքում կաշառքի առարկայի չափերը չեն կարող նույնացվել դրանցից որևէ մեկի հետ։ Անդրադառնալով հնարավոր այն մեկնաբանությանը, որ կաշառք տալու չափերը կարող են դիտարկվել հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի ներքո, Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ նման մեկնաբանումը կլինի խիստ տարածական և չի համապատասխանի օրենքի որոշակիության չափանիշներին, քանի որ վերոնշյալ դեպքում խոսքը գնում է գույքը կամ օգուտը հանցավոր ճանապարհով ձեռք բերելու կամ ստանալու, այլ ոչ թե տալու մասին։ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ առկա է օրենսդրական բաց, ինչը որևէ պարագայում չի կարող լրացվել կամ հաղթահարվել դատական մեկնաբանության միջոցով, քանզի դատական մեկնաբանման շրջանակները խստորեն սահմանափակված են օրինականության սկզբունքով, իսկ օրինականության սկզբունքի անքակտելի տարրն է քրեական օրենքը տարածական մեկնաբանելու և անալոգիայով կիրառելու արգելքը։ Արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը և 3-րդ մասի 2-րդ կետը չեն համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, բավարար չափով կանխատեսելի չեն, ուստի չեն կարող անձին դատապարտելու հիմք հանդիսանալ[6]։ 13․ Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ

- Ռ․Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված այն հանցավոր արարքի համար, որ նա կնոջ՝ Զ․Գրիգորյանի անվամբ գրանցված անշարժ գույքի կապակցությամբ կայացված դատական ակտի վերաբերյալ պարզաբանում տրամադրելու համար որդու՝ Գ․Գրիգորյանի հետ փաստաբան Էդ․Չինարյանի օժանդակությամբ, դատական իշխանության մարմնի՝ տվյալ քաղաքացիական գործով իրավասու պաշտոնատար անձին, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին տվել են առանձնապես խոշոր չափերով՝ 1.011.600 ՀՀ դրամին համարժեք 120.000 ՌԴ ռուբլի կաշառք[7],

- Առաջին ատյանի դատարանը փաստել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածով կաշառք տալու հանցակազմի խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանված չեն, հետևաբար կաշառք տալու ցանկացած դեպքում, անկախ կաշառքի առարկայի չափից, հանցակազմը որակյալ դարձնող մյուս պայմանների բացակայության պայմաններում, արարքը ենթակա է որակման հիշյալ հոդվածի 1-ին մասով։ Արդյունքում Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալ Ռ․Գրիգորյանին մեղսագրված՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասին[8],

- Վերաքննիչ դատարանն ամբողջությամբ ընդունելի է համարել Առաջին ատյանի դատարանի որոշման պատճառաբանությունները և արձանագրել, որ տվյալ դեպքում առկա օրենսդրական բացը չի կարող վերացվել, հաղթահարվել կամ լրացվել դատական մեկնաբանման միջոցով[9]։ 14․ Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշման 11-12․1-րդ կետերում կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետևություններն առ այն, որ ամբաստանյալ Ռ․Գրիգորյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղսագրվող արարքը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասին, իրավաչափ են։ Անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկներին, որ ստորադաս դատարանները հաշվի չեն առել օրենսդրի նպատակը՝ նկատի ունենալով, որ ՀՀ նոր քրեական օրենսգիրքը, ի թիվս այլնի, նպատակ է հետապնդել հանդիսանալու արդյունավետ միջոց հանցավորության դեմ պայքարի գործում, այդ թվում՝ կոռուպցիոն բնույթի, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ օրինականության սկզբունքը և «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը պահանջում են, որ հանցավոր համարվող արարքները սահմանվեն բացառապես օրենքով և նկարագրվեն իրավական որոշակիության չափանիշին բավարարող եղանակով՝ բացառելով դրանց շատ լայն և տարածական մեկնաբանումը։ Վերոնշյալը սահմանադրորեն և միջազգային կոնվենցիաներով ամրագրված հիմնարար սկզբունք է և բացարձակ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, որից որևէ շեղում և բացառություն նախատեսված չէ՝ նույնիսկ պատերազմի կամ ազգի կյանքին սպառնացող այլ արտակարգ դրության ժամանակ[10]։ Հետևաբար, եթե քրեաիրավական նորմը չի բավարարում «օրենքին» ներկայացվող որակական չափանիշներին, այն չի կարող դրվել անձի դատապարտման հիմքում, որքան էլ որ կատարված արարքը լինի վտանգավոր և, ընդհանուր առմամբ, բխի օրենսդրի նպատակներից։

15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է․ իրավաչա՞փ են արդյոք Ռ.Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով դադարեցնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները: 16․ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի համաձայն՝ «1. Պաշտոնատար անձին կաշառք տալը, այսինքն՝ պաշտոնատար անձին անձամբ կամ միջնորդի միջոցով նրա կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն խոստանալը կամ առաջարկելը կամ տրամադրելը՝ իր կամ իր ներկայացրած անձանց օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: …

3. Կաշառք տալը, որը կատարվել է՝

1) առանձնապես խոշոր չափերով,

…

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով»:

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի համաձայն՝ «1. Կաշառք տալը՝ պաշտոնատար անձին կամ նրա մատնանշած անձին անձամբ կամ միջնորդի միջոցով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն խոստանալը, առաջարկելը կամ տրամադրելը՝ պաշտոնատար անձի իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին գործողություն կատարելու կամ չկատարելու համար՝ պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: …»։

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն՝ … 3. Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը:

4. Ծանր հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը: …: ՀՀ գործող քրեական օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն՝ (…) 3. Միջին ծանրության հանցանքներ են համարվում սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 5 տարի ժամկետով ազատազրկումը:

4. Ծանր հանցանքներ են համարվում սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 10 տարի ժամկետով ազատազրկումը: (…): ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները. (…)

2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.

3) տասը տարի՝ ծանր հանցանքն ավարտված համարելու օրվանից. (…)»։

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ 1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել են հետևյալ ժամկետները. …

2) 10 տարի՝ միջին ծանրության հանցանքի դեպքում.

3) 15 տարի՝ ծանր հանցանքի դեպքում. …:

17․ Վճռաբեկ դատարանը, Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի վերաբերյալ գործով որոշմամբ անդրադառնալով քրեական օրենսդրության հետադարձությամբ կիրառման դեպքերին, արձանագրել է, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվարկման տեսանկյունից քրեական նոր օրենքով անձին մեղսագրված հանցանքի տեսակի փոփոխությունն ինքնին չի կարող հետադարձ ներգործություն ունենալ, այսինքն, այս հարցի շրջանակներում օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու ինքնուրույն ցուցիչ չէ, և տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու մասին կարելի է խոսել բացառապես քրեական պատասխանատվությունից ազատելու ինստիտուտը կանոնակարգող՝ ՀՀ նախկին և գործող քրեական օրենսգրքերի ընդհանուր նորմերի հետ համադրված գնահատելու պարագայում։ Միևնույն ժամանակ անդրադառնալով օրենսդրական փոփոխությունների արդյունքում հանցանքի տեսակի և վաղեմության ժամկետների փոփոխության իրավիճակներին, մասնավորապես՝ այն դեպքին, երբ արարքի (հանցանքի) ծանրության աստիճանը նվազում է, իսկ այդ արարքի համար սահմանված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը չի փոփոխվում, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդրական փոփոխության արդյունքում պատժի մեղմացման հետևանքով նախկինում ծանր համարվող հանցանքը միջին ծանրության հանցանք հանդիսանալու դեպքում կիրառելի է մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու կանոնը՝ հանցանքի տեսակի և պատժի մասով, այսինքն՝ արարքը պետք է որակվի ՀՀ գործող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ անթույլատրելի է օրենքի փոփոխության արդյունքում հետադարձության կանոնների կիրառմամբ ստացված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը (տասը տարին) համեմատել ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի (հինգ տարի) հետ։ Նման համեմատությունը սկզբունքորեն չի համապատասխանի ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնի էությանն ու նշանակությանը: Հակառակ մոտեցումը հանգեցնում է այնպիսի իրավիճակի, որ արարքի կատարման պահին ծանր հանցագործություն համարվող արարքի պարագայում անձի նկատմամբ կիրառվում է արարքի կատարման պահին միջին ծանրության հանցանքի համար նախատեսված կարգավորումը, որը որևէ պարագայում կիրառելի չէր[11]։

18. Նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, հաշվի առնելով սույն վարույթի փաստական հանգամանքները՝ անհրաժեշտ է դիտարկել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքն անձին մեղսագրված լինելու դեպքը։ Այսպես, առանձնապես խոշոր չափերով կաշառք տալը, համաձայն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի, դասվում էր ծանր հանցագործությունների շարքին, որի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը տասը տարի էր։ ՀՀ գործող քրեական օրենսգրքով 436-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին։ Միևնույն ժամանակ, օրենսդիրը ՀՀ գործող քրեական օրենսգրքի ընդհանուր մասում՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու կարգը սահմանող 83-րդ հոդվածում, սահմանել է, որ միջին ծանրության հանցանքի դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել է տասը տարի։ Ուստի, ստացվում է, որ կաշառք տալը ՀՀ գործող քրեական օրենսգրքով թեև դասվել է միջին ծանրության հանցագործությունների շարքին, սակայն քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի տեսանկյունից երկու օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումը, ըստ որի՝ կաշառք տալու մեջ մեղադրվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքի կատարման պահից անցել է տասը տարի։ Վերոգրյալից հետևում է, որ գործող քրեական օրենսդրությամբ հանցանքի տեսակի փոփոխությունը քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների տեսանկյունից անձի համար որևէ բարենպաստ հետևանք չի առաջացնում, քանզի վաղեմության ժամկետի առումով քրեական օրենսդրության նախկին և ներկա կարգավորումները նույնական են։ Այլ խոսքով՝ կաշառք տալու հանցանքի տեսակի փոփոխության հետևանքով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը, նախկին օրենսգրքի համեմատ, փոփոխությունների չի ենթարկվել, ուստի, քննարկվող դեպքում, քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը ենթակա է լուծման՝ տվյալ արարքի համար դրա կատարման պահին գործող քրեական օրենսդրությամբ նախատեսված ծանր հանցագործության կատարման համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվառմամբ։

19. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.

- Ռ.Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով[12],

- Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալ Ռ․Գրիգորյանին մեղսագրված՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասին, որը միջին ծանրության հանցանք է: Միևնույն ժամանակ, Առաջին ատյանի դատարանը փաստել է, որ ամբաստանյալ Ռ․Գրիգորյանի կողմից իրեն մեղսագրվող արարքը ենթադրաբար կատարվելուց հետո անցել է հինգ տարուց ավել ժամանակ, և քրեական գործի նյութերում մեղսագրվող արարքի կատարումից հետո վերջինիս կողմից նոր հանցանք կատարելու և քննությունից կամ դատից խուսափելու վերաբերյալ փաստական տվյալները բացակայում են, ուստի Ռ․Գրիգորյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով[13],

- Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալ Ռ․Գրիգորյանին մեղսագրված՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասին, ինչը թե՛ 2003, թե՛ 2021 թվականներին ընդունված քրեական օրենսգրքերով դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին։ Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանն ընդգծել է, որ ՀՀ նախկին և գործող քրեական օրենսգրքերի համապատասխանաբար 75-րդ և 83-րդ հոդվածների համեմատաիրավական վերլուծությունը վկայում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների մասով տվյալ դեպքում անձի վիճակը վատթարացող օրենք է և կիրառելի չէ ամբաստանյալ Ռ․ Գրիգորյանի նկատմամբ, քանի որ նախ՝ սահմանում է վաղեմության ավելի երկար ժամկետներ, բացի այդ, վաղեմության ժամկետը, ի տարբերություն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի, հաշվարկվում է մինչև անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելը։ Արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ Առաջին ատյանի դատարանը, Ռ․Գրիգորյանին մեղսագրված արարքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի հաշվարկման մասով առաջնորդվելով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի դրույթներով, գործել է իրավաչափ[14]։ 20․ Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 16-18-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև Ռ․Գրիգորյանին վերագրվող հանցանքը ՀՀ գործող քրեական օրենսգրքով դասվել է միջին ծանրության հանցանքների շարքին, սակայն վաղեմության ժամկետի հաշվարկի առումով օրենսդրական այդ փոփոխությունը բարենպաստ հետևանքներ չի առաջացնում, քանզի թե՛ նախկին, թե՛ գործող քրեական օրենքով անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքը կատարելուց անցել է տասը տարի: Մասնավորապես, արարքի կատարման պահին ամբաստանյալին վերագրվող հանցանքը եղել է ծանր, որի վաղեմության ժամկետը տասը տարի է: ՀՀ գործող քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու արդյունքում ամբաստանյալին վերագրվող հանցանքը դասվել է միջին ծանրության հանցագործությունների շարքին, որոնց վաղեմության ժամկետը նույնպես տասը տարի է: Ուստի թե՛ նախկին, թե՛ գործող քրեական օրենսդրությունները թույլ են տալիս ամբաստանյալ Ռ․Գրիգորյանին վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով ազատել քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելու օրվանից անցել է տասը տարի։ Մինչդեռ, ստորադաս դատարանների մոտեցումը ոչ իրավաչափորեն հանգեցրել է նրան, որ վերագրվող ենթադրյալ արարքը կատարելուց շուրջ վեց տարի անց ամբաստանյալ Ռ․Գրիգորյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից, այն դեպքում, երբ, և՛ վերագրվող ենթադրյալ արարքի կատարման ժամանակ, և՛ գործող քրեական օրենքի համաձայն, վերջինիս քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը տասը տարի է։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ տվյալ դեպքում առկա է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված պայմանը։

21. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետևությունն առ այն, որ ամբաստանյալ Ռ․Գրիգորյանի նկատմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը լուծելիս վաղեմության ժամկետը ենթակա է հաշվարկման արարքի կատարման պահին գործող՝ միջին ծանրության հանցագործությունների վաղեմության ժամկետի հաշվարկման կանոնով, իրավաչափ չէ։

22. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանը՝ դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է` կիրառել են 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որը սույն գործով ենթակա չէր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածի, հիմք է Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի հոկտեմբերի 13-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2024 թվականի փետրվարի 16-ի որոշումը բեկանելու և վարույթը Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության փոխանցելու համար։ 23․ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, պետք է ըստ էության քննության առնի Ռ․Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործը և արդյունքում հանգի համապատասխան հետևության։ 24․ Ինչ վերաբերում է բողոքաբերի՝ սույն որոշման 5․3-րդ կետում ներկայացված փաստարկներին, ապա սույն դեպքում, երբ արդեն իսկ առկա է բողոքարկվող դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու իրավական հիմքը՝ Վճռաբեկ դատարանն առարկայազուրկ է համարում դրանց անդրադառնալը։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ ու 386-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ՀԿԴ2/0023/01/22 քրեական գործով Ռոբերտ Վրեժի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 2023 թվականի հոկտեմբերի 13-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի փետրվարի 16-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

Նախագահող` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ

Դատավորներ` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ

Ս.ՉԻՉՈՅԱՆ

Դ․ՎԵՔԻԼՅԱՆ

Ծանոթագրություններ

[1] Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 21, թերթեր 37-133։

[2] Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 25, թերթեր 92-111։

[3] Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 26, թերթեր 54-73։

[4] Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Վարուժան Ավետիսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ՍԴ3/0013/01/11, Դավիթ Սիմիդյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԷԴ/0122/01/13, Վարդան Ղազարյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԱՎԴ/0002/01/14 որոշումները։ [5] Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Դավիթ Սիմիդյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ին կայացված թիվ ԵԷԴ/0122/01/13 որոշումը։ [6] Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Սարգիս Գրիգորյանի գործով 2024 թվականի հուլիսի 26-ի թիվ ՀԿԴ/0054/01/22 որոշումը: [7] Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

[8] Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

[9] Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։

[10] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ C.R. v. THE UNITED KINGDOM գործով 1995 թվականի նոյեմբերի 22-ի վճիռը, գանգատ թիվ 20190/92, §32, S.W. v. THE UNITED KINGDOM գործով 1995 թվականի նոյեմբերի 22-ի վճիռը, գանգատ թիվ 20166/92, §34։ [11] Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի գործով 2024 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԱՔԴ/0196/01/17 որոշումը։ [12] Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

[13] Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

[14] Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
28 օգոստոսի, 2024 թ.
Գործի #:
ՀԿԴ2/0023/01/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել