Խալաֆյան — ԿԴ/0078/01/10
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 68. Կրկին դատվելու արգելքը · Հոդված 25. Կրկին դատվելու անթույլատրելիությունը · Հոդված 403. Բացառիկ վերանայման բողոք բերելու հիմքերըԱմփոփում
Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1․ 2010 թվականի ապրիլի 13-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կոտայքի մարզի քննչական բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում։ 2010 թվականի ապրիլի 29-ին նախաքննական մարմնի կողմից որոշում է կայացվել Աշոտ Հարությունյանին՝ որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով։ 2010 թվականի մայիսի 21-ին նախաքննակա
Ամբողջ Տեքստ
ԿԴ/0078/01/10
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
Դ․ՎԵՔԻԼՅԱՆԻ
քարտուղարությամբ՝ Է․ՓԻԼԱՖՅԱՆԻ
2024 թվականի ապրիլի 16-ին ք. Երևանում
դռնբաց դատական նիստում քննության առնելով թիվ ԿԴ/0078/01/10 գործով
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի` 2011 թվականի օգոստոսի 18-ի որոշման դեմ տուժող Վահան Խալաֆյանի իրավահաջորդների ներկայացուցիչ Ա․Զեյնալյանի և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա․Պողոսյանի նոր հանգամանքի հիմքով բերված վճռաբեկ բողոքները,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1․ 2010 թվականի ապրիլի 13-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կոտայքի մարզի քննչական բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում։
2010 թվականի ապրիլի 29-ին նախաքննական մարմնի կողմից որոշում է կայացվել Աշոտ Հարությունյանին՝ որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով։ 2010 թվականի մայիսի 21-ին նախաքննական մարմնի կողմից որոշում է կայացվել Մորես Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով։ 2010 թվականի հունիսի 2-ին նախաքննական մարմնի կողմից որոշում է կայացվել Գարիկ Դավթյանին և Գագիկ Ղազարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով։ 2010 թվականի հունիսի 21-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան): 2․ Առաջին ատյանի դատարանի` 2010 թվականի նոյեմբերի 29-ի դատավճռով Ա․Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 8 (ութ) տարի ժամկետով՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ու կազմակերպություններում պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2 (երկու) տարի ժամկետով։ Մ․Հայրապետյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով վերջինիս նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան 2 (երկու) տարի ժամկետով։ Գ․Դավթյանը և Գ․Ղազարյանը ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով արդարացվել են և ճանաչվել անմեղ։
3. Առաջին ատյանի դատարանի` 2010 թվականի նոյեմբերի 29-ի դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել մեղադրողներ Հ․Հարությունյանը և Կ․Փիլոյանը, ամբաստանյալ Ա․Հարությունյանը, վերջինիս պաշտպան Ս.Սաֆարյանը, ամբաստանյալ Մ.Հայրապետյանը, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա.Զեյնալյանը: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2011 թվականի հունիսի 15-ի որոշմամբ մեղադրողներ Կ.Փիլոյանի և Հ.Հարությունյանի, տուժողի իրավահաջորդ Հ.Խալաֆյանի ներկայացուցիչ Ա. Զեյնալյանի, ամբաստանյալ Ա․Հարությունյանի, վերջինիս պաշտպան Ս.Սաֆարյանի, ամբաստանյալ Մ․Հայրապետյանի վերաքննիչ բողոքները մերժվել են և Առաջին ատյանի դատարանի՝ 2010 թվականի նոյեմբերի 29-ի դատավճիռը` Ա․Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածիի 3-րդ մասով, Մ․Հայրապետյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով մեղավոր ճանաչելու և ամբաստանյալներ Գ․Դավթյանին և Գ․Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված հանցանքում անմեղ ճանաչելու և արդարացնելու մասով` թողնվել է օրինական ուժի մեջ։ Միևնույն ժամանակ ամբաստանյալ Մ․Հայրապետյանի միջնորդությունը բավարարվել է, և Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ՀՀ Ազգային Ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի կիրառմամբ Մ․Հայրապետյանը ազատվել է պատժից: Բացի այդ, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ՀՀ Ազգային Ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման 8-րդ կետի 3-րդ ենթակետի կիրառմամբ ամբաստանյալ Ա․Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով նշանակված հիմնական պատժի` չկրած մասը կրճատվել է 1/3-ով (մեկ երրորդով):
3. Վերաքննիչ դատարանի վերոգրյալ որոշման դեմ մեղադրողներ Կ.Փիլոյանի և Հ.Հարությունյանի, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա.Զեյնալյանի, ամբաստանյալ Ա.Հարությունյանի և նրա պաշտպան Ս.Սաֆարյանի կողմից բերված վճռաբեկ բողոքները, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի՝ 2011 թվականի օգոստոսի 18-ի թիվ ԿԴ/0078/01/10 որոշմամբ, վերադարձվել են: 4․ Տուժող Վ.Խալաֆյանի իրավահաջորդ Հ.Խալաֆյանի, ինչպես նաև տուժողի մոր՝ Անահիտ Վարդանյանի, եղբոր՝ Վարդան Խալաֆյանի և քրոջ՝ Անի Խալաֆյանի ներկայացուցիչ Ա.Զեյնալյանի կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի դեկտեմբերի 14-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարան (այսուհետ նաև՝ Եվրոպական դատարան) ներկայացված գանգատի (գանգատ թիվ 2265/12) քննության արդյունքում Եվրոպական դատարանը 2022 թվականի նոյեմբերի 8-ին կայացրել է «Վարդանյանը և Խալաֆյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որն ուժի մեջ է մտել 2023 թվականի փետրվարի 9-ին։ «Վարդանյանը և Խալաֆյանն ընդդեմ Հայաստանի» գործով կայացված վճռով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է Մարդու իրավունքերի եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` նաև Եվրոպական կոնվենցիա) 2-րդ և 3-րդ հոդվածների նյութաիրավական և ընթացակարգային հայեցակետերի խախտումներ։ 5․ Որպես նոր հանգամանք վկայակոչելով «Վարդանյանը և Խալաֆյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը` տուժող Վահան Խալաֆյանի իրավահաջորդների ներկայացուցիչ Ա․Զեյնալյանը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա․Պողոսյանը ներկայացրել են բացառիկ վերանայման վճռաբեկ բողոքներ։ 2023 թվական օգոստոսի 3-ին Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի օգոստոսի 18-ի որոշման՝ նոր հանգամանքի հիմքով բացառիկ վերանայման վարույթ հարուցելու և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա․Պողոսյանի բողոքի քննությունն Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի մայիսի 26-ի որոշմամբ հարուցված բացառիկ վարույթի հետ համատեղ իրականացնելու մասին։ Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 3-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքների քննության բանավոր ընթացակարգ: Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
6․ Տուժող Վ.Խալաֆյանի իրավահաջորդների ներկայացուցիչ Ա.Զեյնալյանը, որպես նոր հանգամանք վկայակոչելով Եվրոպական դատարանի «Վարդանյանը և Խալաֆյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ նշելով, որ 2011 թվականի հուլիսի 14-ին Վճռաբեկ դատարան ներկայացրած բողոքը «որակյալ» է եղել, իսկ ներպետական ատյանները դրանում բարձրացված խնդիրներին լուծում չեն տվել և ի կատարումն Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի պետք է վերականգնեն՝ մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը: Այն է, ներպետական դատական ատյանը, տվյալ դեպքում՝ Վճռաբեկ դատարանը, պարտավոր է վարույթ ընդունել իրենց կողմից 2011 թվականի հուլիսի 14-ին ներկայացված վճռաբեկ բողոքը և ըստ էության քննել՝ ընդունելով այն իրողությունը, որ դրանում բերված փաստարկների ճշմարտացիությունը հաստատված են բարձր հեղինակություն ունեցող ատյանի կողմից և միևնույն ժամանակ պարտադիր են կատարման համար: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ բողոքաբերը խնդրել է վերանայել ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի՝ 2011 թվականի օգոստոսի 18-ի որոշումը և վարույթ ընդունել տուժողի իրավահաջորդ Հմայակ Խալաֆյանի անունից 2011 թվականի հուլիսի 14-ին ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատին ուղղված վճռաբեկ բողոքը: 7․ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա․Պողոսյանը որպես նոր հանգամանք վկայակոչելով Եվրոպական դատարանի «Վարդանյանը և Խալաֆյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, նույնպես բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ խնդրելով հարուցել նոր հանգամանքի հիմքով բացառիկ վերանայման վարույթ, վերանայել Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի օգոստոսի 18-ի որոշումը, բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը և գործն ուղարկել նոր քննության, քանի որ Եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների ընթացակարգային խախտումը վերացնելու ամենապատշաճ միջոցը վիճարկվող դատական ակտերը բեկանելը և գործը նոր քննության ուղարկելն է։ Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
8․ Առաջին ատյանի դատարանը 2010 թվականի նոյեմբերի 29-ի դատավճռվ արձանագրել է. «(…) [Դ]ատարանը, (…) հետազոտելով և գնահատելով ապացույցներն իրենց վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից` հիմնված ներքին համոզմամբ, ապացուցված է համարում այն, որ Աշոտ Հարությունի Հարությունյանը` հանդիսանալով ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հեախուզության բաժանմունքի պետ և իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, 2010թ. ապրիլի 13-ի առավոտյան ոստիկանության բաժնի աշխատակիցներին հանձնարարել է ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկել գողության մեջ կասկածվող Վահան Խալաֆյանին, այնունետև ակնհայտորեն դուրս գալով իր պաշտոնեական լիազորությունների շրջանակից` իր աշխատասենյակում վերջինիս նկատմամբ բռնություն կիրառելու սպառնալիքով, ստիպել է ընդունել գողություն կատարելու մեջ նրա մասնակցությունը: Վահան Խալաֆյանը չի ընդունել հանցանք կատարելու համգամանքը, որի պատճառով Աշոտ Հարությունյանը «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 29-30-րդ հոդվածներով սահմանված ֆիզիկական ուժ կիրառելու հիմքերի բացակայության պայմաններում վերջինիս նկատմամբ բռնություն է գործադրել` ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել Վահան Խալաֆյանի մարմնի տարբեր մասերին: Այնուհետև, նույն օրը` ժամը 17-ի սահմաններում, շարունակելով իր հանցավոր գործողությունները` Աշոտ Հարությունյանը ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի պետի աշխատասենյակում, նույն նպատակով, քրեական հետախուզության բաժանմունքի մի խումբ աշխատակիցների ներկայությամբ շարունակել է Վահան Խալաֆյանի նկատմամբ բռնություն գործադրել` կրկին ծեծի ենթարկել, իսկ գողության կատարման մասնակից լինելու փաստը չընդունելու դեպքում` սպառնացել է ազատազրկման վայրում նրա վերաբերյալ անպատվաբեր լուրեր տարածել: Վերը նշված բռնությունների ժամանակ Աշոտ Հարությունյանը Վահան Խալաֆյանին պատճառել է առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, այն է` քերծվածքներ քթի հիմի շրջանում, աջ սրունքի միջին երրորդի առաջային մակերեսին, աջ ծնկափոսային շրջանում, աջ սրունք-թաթային հոդի շրջանի ներսային մակերեսին, ձախ սրունքի վերին երրորդի առաջադրսային մակերեսին, ձախ սրունքի միջին երրորդի առաջային մակերեսին` շուրջն արյունազեղմամբ, արյունազեղումներ` գլխի մաշկի տակ գագաթային շրջանում, վերին շրթունքի լորձաթաղանթի տակ` բերանի ձախ անկյան շրջանում, ձախից ստորկզակային շրջանում: Աշոտ Հարությունյանի վերը նշված գործողությունների հետևանքով Վահան Խալաֆյանը գտնվելով հոգեկան խիստ լարված վիճակում, նույն աշխատասենյակի պահարանից վերցրել է խոհանոցային դանակը և որովայնի շրջանում իրեն վնասվածքներ հասցնելով` ինքնասպան եղել: Աշոտ Հարությունյանը բռնության զուգորդմամբ անցել է իր պաշտոնեական լիազորությունների շրջանակը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, այսինքն ամբաստանյալ Աշոտ Հարությունյանը կատարել է հանրորեն վտանգավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով, որի համար ենթակա է պատժի։ Մորես Արծրունու Հայրապետյանը` հանդիսանալով ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հեախուզության բաժանմունքի օպերլիազոր և իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հեախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանի բանավոր պահանջով, 2010թ. ապրիլի 13-ին ժամը 10-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժին բերման է ենթարկել գողության մեջ կասկածվող Վահան Խալաֆյանին, սակայն վերջինիս բերման ենթարկելու վերաբերյալ համապատասխան մատյաններում գրառում չի կատարել: Այնուհետև, երբ Աշոտ Հարությունյանն իր աշխատասենյակում Վահան Խալաֆյանի նկատմամբ բռնություն կիրառելու սպառնալիքով ստիպել է ընդունել գողություն կատարելու մեջ նրա մասնակցությունը, ապա նաև վերջինիս նկատմամբ գործադրել բռնություն, Մորես Հայրապետյանը, ականատես լինելով հիշյալ հանցավոր գործողություններին, չի կատարել ՀՀ ոստիկանության մասին օրենքով սահմանված` մարդու անվտանգությունն ապահովելու, իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու, ինչպես նաև հանցագործությունների ու իրավախախտումների դեմ պայքարելու ոստիկանության աշխատակցի իր պարտականությունները: Այնուհետև, Մորես Հայրապետյանը Աշոտ Հարությունյանի պահանջով նույն օրը ժամը 16։55-ին լրացրել է Վահան Խալաֆյանին բաժին բերման ենթարկելու վերաբերյալ արձանագրությունը, իսկ ժամը 17-ի սահմաններում, երբ Աշոտ Հարությունյանը ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի պետի աշխատասենյակում իր և քրեական հետախուզության բաժանմունքի ևս երկու օպերլիազորներ Գարիկ Դավթյանի և Գագիկ Ղազարյանի ներկայությամբ շարունակել է Վահան Խալաֆյանի նկատմամբ բռնություն գործադրել, Մորես Հայրապետյանը դարձյալ որևէ կերպ չի փորձել կանխել Աշոտ Հարությունյանի հանցավոր գործողությունները: Այսինքն Մորես Հայրապետյանը կատարել է հանցանք` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, որի համար ենթակա է պատժի: Դատարանն արձանագրում է, որ քրեական գործի ողջ քննությամբ ձեռք չբերվեցին բավարար ապացույցներ առ այն, որ ամբաստանյալներ Գարիկ Արամի Դավթյանը և Գագիկ Վլադիմիրի Ղազարյանը կատարել են իրենց մեղսագրված հանցանքը (…)»[1]։
9. Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտը մասնակի բեկանելով, 2011 թվականի հունիսի 15-ի որոշմամբ արձանագրել է․ «(…) ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, քննության առնելով մեղադրողների, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա.Զեյնալյանի, ամբաստանյալ Աշոտ Հարությունյանի և նրա պաշտպան Ս.Սաֆարյանի, ամբաստանյալ Մ.Հայրապետյանի կողմից բերված վերաքննիչ բողոքների փաստարկները, մեղադրողների, ամբաստանյալ Աշոտ Հարությունյանի և նրա պաշտպան Ս.Սաֆարյանի, Գարիկ Դավթյանի և Գագիկ Ղազարյանի շահերի պաշտպան` Ա.Հարությունյանի գրավոր պատասխանները, ամբաստանյալներ Ա.Հարությունյանի, Մ.Հայրապետյանի, Գ.Դավթյանի, Գ.Ղազարյանի պատճառաբանությունները, քննության առնելով քրեական գործով ձեռք բերված ապացույցները, ստուգելով ապացույցների ձեռքբերման աղբյուրները, քրեական գործով ձեռք բերված յուրաքանչյուր ապացույց վերլուծելով վերաբերելիության, թույլատրելիության քրեադատավարական պահանջների, ապացույցների ողջ համակցությունը` քրեական գործի լուծման համար բավարարության տեսակետից, ստուգելով քրեական գործը քննելիս և լուծելիս ընդհանուր իրավասության դատարանի կողմից քրեական օրենքի կիրառման ճշտությունը, քրեադատավարական օրենքի նորմերի պահպանումը, ներքին համոզմամբ, հանգում է այն հետևության, որ մեղադրողներ Հ. Հարությունյանի, Կ. Փիլոյանի, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա.Զեյնալյանի, ամբաստանյալ Ա.Հարությունյանի և նրա պաշտպան Ս.Սաֆարյանի, ամբաստանյալ Մ.Հայրապետյանի վերաքննիչ բողոքները պետք է մերժել, ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2010 թվականի նոյեմբերի 29-ի դատավճիռը քրեական գործով ըստ մեղադրանքի` Աշոտ Հարությունի Հարությունյանի ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով, Մորես Արծրունու Հայրապետյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, Գարիկ Արամի Դավթյանի ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի-ի 1-ին մասով, Գագիկ Վլադիմիրի Ղազարյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, ամբաստանյալներ Գ.Դավթյանին և Գ.Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված հանցանքում անմեղ ճանաչելու և արդարացնելու մասով` թողնել օրինական ուժի մեջ, ամբաստանյալ Մորես Արծրունու Հայրապետյանի մասով` բեկանել, «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային Ժողովի 26.05.2011թ.-ի որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի կիրառմամբ Մորես Հայրապետյանին ազատել պատժից (…)»[2]: Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Վարդանյանը և Խալաֆյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով՝ Եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների խախտումներ արձանագրելու փաստը, Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին 2011 թվականի օգոստոսի 18-ի որոշումը վերանայելու հիմք է։
11. ՀՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի համաձայն՝ «1. Ոչ ոք չի կարող կրկին դատվել նույն արարքի համար:
2. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը՝ օրենքին համապատասխան, եթե առկա են նոր կամ նոր երևան եկած հանգամանքներ, կամ գործի քննության ժամանակ տեղ են գտել հիմնարար թերություններ, որոնք կարող էին ազդել գործի արդյունքի վրա»: Եվրոպական կոնվենցիային կից 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի համաձայն՝ «1. Ոչ ոք չպետք է միևնույն պետության իրավազորության շրջանակներում երկրորդ անգամ դատվի կամ քրեական դատավարության կարգով պատժվի այն հանցագործության կապակցությամբ, որի համար նա արդեն վերջնականապես արդարացվել է կամ դատապարտվել այդ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան:
2. Նախորդ կետի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը տվյալ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան, եթե ի հայտ են եկել նոր կամ նոր բացահայտված փաստեր, կամ նախորդ քննության ժամանակ տեղ են գտել էական թերություններ, որոնք կարող էին ազդել դրա արդյունքի վրա (…)»։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Եվրոպական կոնվենցիային կից 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի համատեքստում դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ պետական իշխանությունները պետք է հարգեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրությունը և թույլատրեն գործով վարույթի վերսկսում միայն այն դեպքերում, երբ այն կատարելու լեգիտիմ հիմքերը գերազանցում են իրավական որոշակիության սկզբունքը։ Մասնավորապես, այն դատական ակտի վերանայումը, որն օրինական ուժ է ստացել, չպետք է թույլատրվի միայն գործը վերաքննելու և նոր որոշում կայացնելու նպատակով, այլ պետք է հետապնդի դատական սխալները և արդարադատության իրականացման ընթացքում թույլ տրված խախտումները շտկելու նպատակ[3]: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Անձի վիճակի վատթարացման պահանջի հիման վրա կրկին դատվել չէ՝ (…)
2) հիմնարար խախտման, նոր հանգամանքի կամ նոր ի հայտ եկած հանգամանքի հիմքով օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտի կամ քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին օրինական ուժի մեջ մտած որոշման վերանայումը` սույն օրենսգրքով նախատեսված ժամկետներում»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Նոր հանգամանքներով բողոք կարող է բերվել հետևյալ հիմքերով (…)
5) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, կամ միջազգային դատարանը հաստատել է կողմերի միջև ձեռք բերված հաշտության համաձայնությունը (բարեկամական կարգավորումը) կամ Հայաստանի Հանրապետության կողմից արված միակողմանի հայտարարությունը. Մեջբերված նորմերի բովանդակությունից բխում է, որ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման հիմք է նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի, այդ թվում՝ Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճիռը, որով հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը[4]։
12. Վարդանյանը և Խալաֆյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանը, վերահաստատելով Եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով սահմանված իրավունքի վերաբերյալ նախկինում ձևավորած դիրքորոշումները, դրանք կիրառել է կոնկրետ գործի փաստական հանգամանքների նկատմամբ [5]: 12.1. Այսպես, անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք կոնկրետ գործով դիմումատուի հանդեպ առկա է Եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով սահմանված իրավունքի ենթադրյալ խախտումներ՝ Եվրոպական դատարանը նշել է. «(…) Դատարանը Վահան Խալաֆյանի մահվան գործով իրականացված պաշտոնական քննության և դրան հաջորդած դատավարության առնչությամբ դիտարկում է, որ նրա ինքնասպանության վարկածը իշխանության մարմինների կողմից հապճեպ կերպով և առանց որևէ հիմնավորման ընդունվել է քննության հենց առաջին օրը: Ընդ որում, իրադարձությունների այս նկարագրությունն ամբողջությամբ հիմնված է եղել ոստիկանության ծառայողների՝ Մ.Հ.-ի և Գ.Դ.-ի ցուցմունքների վրա, որոնք մասնակից են եղել միջադեպին և չէին կարող անաչառ վկաներ համարվել: Հատկանշական է, որ ինքնասպանությունը որպես մահվան պատճառ քննելու որոշումը կայացվել է այն փուլում, երբ քննությունը վարվում էր ԿՄԳՔՎՔԲ-ի կողմից, այսինքն՝ ոստիկանության այն մարմնի կողմից, որը քննում էր Վահան Խալաֆյանի կողմից ենթադրաբար կատարված հանցագործությունը, և ունեցել է աստիճանակարգային և ինստիտուցիոնալ կապ Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների հետ՝ դրանով իսկ չունենալով անհրաժեշտ անկախությունը։ Դատարանը նշում է, որ ընթացքի փոփոխություն չի եղել նույնիսկ այն բանից հետո, երբ քննությունը ստանձնել է անկախ մարմինը, այսինքն՝ ՀՔԾ-ն, որը շարունակել է քննությունը վարել նույն հիմքով՝ երբեք լրջորեն կասկածի տակ չդնելով իրադարձությունների նկարագրությունը, որը տրամադրվել էր ոստիկանության ծառայողների կողմից, կամ փորձելով ստուգել այլ հնարավոր սցենարներ, չնայած օրըստօրե աճող այն նշաններին, որ նրանք արժանահավատ և վստահելի վկաներ չեն եղել։ Դատարանն այս կապակցությամբ վկայակոչում է քննության ընթացքում ծառայողների կողմից տրված ակնհայտ սուտ ցուցմունքները, այդ թվում՝ Վահան Խալաֆյանի նկատմամբ վատ վերաբերմունքի փաստը թաքցնելը և իշխանության մարմիններին մոլորեցնելը նրա ձերբակալման ժամանակի վերաբերյալ, ինչպես նաև վարույթի տարբեր փուլերում նրանց ցուցմունքների և նրանցից յուրաքանչյուրի կողմից տրված ցուցմունքների միջև առկա բազմաթիվ հակասությունները: Մարմինների կողմից ոչ մի կարևորություն չի տրվել կեղծ և մոլորեցնող ցուցմունքների փաստին։ Նշված հակասությունները ճշտելու իրական փորձեր նույնպես չեն արվել։ Դատարանը հատկապես կարևորում է այն փաստը, որ չնայած միջադեպին նրանց անմիջական մասնակցությանը՝ տվյալ ոստիկանության ծառայողներն անմիջապես չեն մեկուսացվել և չեն հարցաքննվել՝ կանխելու ցանկացած հնարավոր դավադրություն, որը, Դատարանի կարծիքով, զգալի թերություն է եղել քննության համարժեքության մեջ: Փաստորեն, բացի ոստիկանության ծառայող Մ.Հ.-ից վերցված ցուցմունքից, որն ըստ երևույթին եղել է ոստիկանության ավագ ծառայողի կողմից՝ պաշտոնական քննության շրջանակներից դուրս, քննչական մարմինները չեն հարցաքննել ոստիկանության ծառայողներ Մ.Հ.-ին, Գ.Դ.-ին և Ա.Հ.-ին միջադեպից մինչև ութ օր հետո։ Դատարանը նաև նշում է, որ քննության միակողմանիությունն արտացոլվել է նաև դատաբժշկական փորձաքննությունների անցկացման եղանակում, ինչը կասկածի տակ է դնում համապատասխան փորձագիտական եզրակացությունների օբյեկտիվությունն ու համարժեքությունը։ Այսպիսով, փորձագետներին մշտապես ներկայացվել է ինքնասպանության վարկածը որպես հաստատված փաստ, և չնայած զգալի ուշադրություն է դարձվել ինքնասպանության տեսությանը, այնուամենայնիվ, նրանց երբեք չեն խնդրել կամ խրախուսել դիտարկել կամ մեկնաբանել որևէ այլ հավանական սցենար: Այսպիսով, թեև բժիշկ փորձագետը չի բացառել ինքնասպանության հավանականությունը և ավելի ուշ իր ցուցմունքում նույնիսկ ենթադրել է, որ դանակահարության հետևանքով հասցված վերքերը բնորոշ են ինքնասպանությանը, քննչական մարմինները և դատարանները չեն հետաքննել, թե արդյոք հնարավոր է եղել բեմադրել ենթադրյալ ինքնասպանությունը, կամ արդյոք տվյալ վերքերը հասցվել են այլ հանգամանքներում, թե՝ ոչ։ Նրանք նաև չեն քննել, թե ինչպես է հնարավոր եղել, որ դանակի կոթը, որը Վահան Խալաֆյանը ենթադրաբար օգտագործել է իրեն դանակահարելու համար, և որն ավելին, մինչև միջադեպն ըստ երևույթին որպես խոհանոցային դանակ կանոնավոր կերպով օգտագործվել է, չունենա մատնահետքեր, և նաև այն, թե արդյոք հնարավոր էր, որ դրանք սրբվել են: Թեև հետքաբանության փորձագետին ըստ երևույթին խնդրել են մեկնաբանել այդ հնարավորությունը դատաքննության ընթացքում, թվում է, թե այդ առումով որևէ կարևորություն չի տրվել նրա պնդումներին։ Չի կարելի նաև ասել, որ բավարար բացատրություն է տրվել մատնահետքերի բացակայության վերաբերյալ։ Իշխանության մարմինների կողմից այս հարցը մանրակրկիտ չուսումնասիրելը հատկապես մտահոգիչ է թվում, քանի որ եղել են նշաններ, որ այդ ապացույցները կարող էին կեղծվել ոստիկանության ծառայողների կողմից՝ հանցանքի վայրի ամբողջականությանը նրանց միջամտության և միջադեպից հետո դանակին ձեռք տալու պատճառով: Ինչ վերաբերում է միջադեպի վերարտադրման պահանջը մերժելուն, ապա Դատարանի իրավասությունը չէ շահարկել, թե արդյոք նման քննչական միջոցառման արդյունքը կարող էր նպաստել ճշմարտության բացահայտմանը: Այնուամենայնիվ, հրամայական է, որ Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների խախտման մասին պնդումների հետ կապված դեպքերում, հատկապես, երբ խոսքը վերաբերում է այնպիսի զգայուն հարցի, ինչպիսին է վատ վերաբերմունքը և կասկածյալի մահը ոստիկանության կալանքի տակ պահելու վայրում, իշխանության մարմինները ձեռնարկեն բոլոր հնարավոր և անհրաժեշտ միջոցները, որոնք կարող են արդյունավետորեն նպաստել այդ նպատակին։ Դատարանը նշում է, որ Մարզային դատարանը որևէ պատճառաբանություն չի ներկայացրել պահանջվող քննչական փորձարարության կարգադրումը մերժելու համար (տե՛ս վերևում՝ 48-րդ պարբերությունը), իսկ Վերաքննիչ դատարանի կողմից ներկայացված նման մերժման պատճառները, Դատարանի կարծիքով, բավականաչափ համոզիչ չեն թվում (…)»[6]: Բացի այդ, անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք կոնկրետ գործով առկա է եղել դիմումատուի հանդեպ ենթադրյալ վատ վերաբերմունք, Եվրոպական դատարանը արձանագրել է հետևյալը. «(…) Դատարանը նաև նշում է, որ Վահան Խալաֆյանի նկատմամբ վատ վերաբերմունքի հանգամանքների քննությունն իրականացվել է նմանատիպ ձևով։ Իշխանության մարմինների եզրահանգումները նույնպես ամբողջությամբ հիմնված են եղել ոստիկանության նույն ծառայողների ցուցմունքների վրա ՝ առանց հաշվի առնելու այդ վկաների նկատմամբ վստահության պակասը, և նույն կերպ հապճեպ կերպով ընդունվել են որպես միակ վարկած՝ առանց որևէ այլ հնարավոր սցենարների ուսումնասիրության, այդ թվում՝ դեպքի վայրում վատ վերաբերմունք դրսևորող մեկից ավելի հանցագործներ լինելու հավանականությունը: Վահան Խալաֆյանի նկատմամբ վատ վերաբերմունքի հանգամանքները ներկայացվել են շատ վերացական ձևով, զուրկ են եղել մանրամասներից և ստեղծել են երկու կարճ դրվագով սահմանափակված լինելու տպավորություն՝ մեկը վաղ առավոտյան Ա.Հ.-ի աշխատասենյակում, իսկ մյուսը՝ Կ.Մ.-ի աշխատասենյակում ժամը 17։00-ի սահմաններում։ Դատարանը նշում է սակայն, որ նախքան դանակահարության դեպքը տեղի ունենալը Վահան Խալաֆյանը մոտ ութ ժամ փաստացի մնացել է ոստիկանության բաժնում։ Այդ ամբողջ ընթացքում նա եղել է շատ խոցելի վիճակում, նրա կալանավորումը հիմնված չի եղել ձերբակալման մասին որոշման վրա և փոխարենը հիմնավորվել է իր հետ «զրուցելու» անհրաժեշտությամբ, նրան ազատությունից զրկելը չի արձանագրվել, և նա զրկված է եղել կասկածյալի կողմից իրացվող ցանկացած իրավունքից: Չի կարելի ասել, որ իշխանության մարմինները բավականաչափ և անկեղծ ջանքեր են գործադրել՝ բացահայտելու այն վերաբերմունքի բոլոր հանգամանքները, որը երկար ժամանակ ցուցաբերվել է նրա նկատմամբ, երբ գտնվել է նման անորոշ իրավիճակում, ինչպես նաև պարզելու ոստիկանության ծառայողների՝ դեպքերի նկարագրությունում առկա բազմաթիվ հակասությունները։ Ի վերջո, Դատարանը չի կարող անտեսել այն փաստը, որ նույնիսկ եթե ոստիկանության ծառայողներից մեկն ի վերջո մեղավոր է ճանաչվել Վահան Խալաֆյանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, նրա նկատմամբ կիրառվել է համաներում, որի արդյունքում պատժի ժամկետը կրճատվել: Այնուամենայնիվ, Դատարանն արդեն վճռել է, որ պետական գործակալների կողմից խոշտանգման կամ վատ վերաբերմունքի հետ կապված գործերում չպետք է հանդուրժել համաներումը և ներումը։ Այս սկզբունքը նույնպես չի պահպանվել սույն գործում: Վերոշարադրյալը բավարար է, որպեսզի Դատարանը եզրակացնի, որ իշխանության մարմինները չեն կարողացել իրականացնել Վահան Խալաֆյանի մահվան և նրա նկատմամբ վատ վերաբերմունքի հանգամանքների արդյունավետ քննությունը։ Հանգելով այս եզրակացությանը՝ Դատարանն անհրաժեշտ չի գտնում պարզել նաև, թե արդյոք տվյալ պահին Հայաստանի իրավական համակարգում եղել է համակարգային խնդիր, թե ոչ՝ կապված խոշտանգումների վերաբերյալ գործերով իրավական պաշտպանության համարժեք միջոցների առկայության հետ[7]։ Եվրոպական դատարանը, անդրադառնալով նաև Եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների նյութաիրավական հայեցակետի խախտումներին, արձանագրել է հետևյալը. «(…) Դատարանը գտնում է, որ ազգային մակարդակում իրականացված քննությունն ակնհայտորեն այնքան ոչ լիարժեք է եղել և այնքան կարևոր հարցեր է թողել անպատասխան, որ այն չի կարողացել պարզել դիմումատուների ազգականի մահվան հետ կապված իրական հանգամանքները։ Հետևաբար Դատարանը չի կարող այդ քննության ավարտին արված եզրակացություններն ընդունել որպես հավաստի եզրակացություններ, հատկապես, որ դրանք չէին հիմնավորվել որևէ օբյեկտիվ ապացույցով (համեմատե՛ք վերևում հիշատակված՝ Գուլյանի գործի հետ, § 91 և դրանում հիշատակված գործերի հետ): Չնայած դիմումատուների փաստարկն առ այն, որ Վահան Խալաֆյանը մահացել է գլխուղեղի վնասվածքից, ուղղակիորեն հակասում է դատաբժշկական փորձագետի՝ նրա մահվան պատճառի վերաբերյալ արված եզրակացություններին (տե՛ս վերևում՝ 17-րդ պարբերությունը), այնուամենայնիվ, Դատարանի խնդիրը չէ պարզել տուժողի մահվան պատճառը։ Ինչ վերաբերում է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութաիրավական հայեցակետին, ապա Դատարանը գտնում է, որ ոստիկանությունում կալանքի տակ գտնվելու ընթացքում նրա մահվան և ստացած վնասվածքների վերաբերյալ Կառավարության կողմից տրված բացատրությունը գոհացուցիչ, բավարար և համոզիչ չէր: Հետևաբար նրանք չեն կատարել կալանքի տակ գտնվելիս Վահան Խալաֆյանի հանդեպ վերաբերմունքի համար պատասխանատվություն կրելու և դրանով իսկ իշխանության մարմինների վրա դրված ապացուցման բեռն իրենց վրա վերցնելու իրենց պարտականությունը (…)»[8]: 12.3․ Արդյունքում, Եվրոպական դատարանն արձանագրել է, որ տեղի է ունեցել Եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների նյութաիրավական և ընթացակարգային հայեցակետերի խախտում[9]:
13. Հաշվի առնելով սույն որոշման 12.1-12.3-րդ կետերում ներկայացված փաստերը, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարդանյանը և Խալաֆյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով Եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների խախտումներ արձանագրելու փաստը ՀՀ Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի օգոստոսի 18-ի որոշումը վերանայելու հիմք է։
14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Վարդանյանը և Խալաֆյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով արձանագրված Եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների նյութաիրավական և ընթացակարգային հայեցակետերի խախտումը հիմք է տուժող Վ․Խալաֆյանի իրավահաջորդների ներկայացուցիչ Ա․Զեյնալյանի և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա․Պողոսյանի բողոքների հիման վրա Առաջին ատյանի դատարանի՝ 2010 թվականի նոյեմբերի 29-ի և Վերաքննիչ դատարանի՝ 2011 թվականի հունիսի 15-ի որոշումները բեկանելու համար:
15. Եվրոպական կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործի վերաբերյալ, որում նրանք կողմեր են»։ 15.1. Ժիրայր Սեֆիլյանի գործով Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «[Եվրոպական կոնվենցիայի] 46-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով պետություններն ունեն հետևյալ պարտավորությունները.
1. վճարել նշանակված փոխհատուցումը,
2. անհրաժեշտության դեպքում հօգուտ դիմումատուի ձեռնարկել անհատական միջոցառումներ, այն է՝
- դադարեցնել Եվրոպական դատարանի կողմից արձանագրված իրավունքի խախտումը կամ դրա հետևանքների ներգործությունը,
- հնարավորինս վերականգնել մինչև խախտումը եղած իրավիճակը (restitutio in integrum), իսկ դրա անհնարինության դեպքում Դատարանի վճռի մեջ տեղ գտած եզրակացությունների հետ համատեղելի այլ միջոցներով ապահովել իր ստանձնած պարտավորությունների կատարումը,
3. ձեռնարկել ընդհանուր բնույթի միջոցառումներ՝ կանխելու համար նմանատիպ խախտումներն ապագայում»[10]։ 15․2. Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել նաև առ այն, որ Եվրոպական կոնվենցիայի խախտում արձանագրվելու դեպքում, պետությունն արդարացի փոխհատուցում տրամադրելուց զատ, պարտավորվում է հնարավորության դեպքում ձեռնարկել որոշակի անհատական միջոցառումներ, որոնք հնարավորինս կվերականգնեն մինչև խախտումը եղած իրավիճակը: Այլ կերպ՝ յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել կոնկրետ գործի հանգամանքները, խախտման բնույթը, դրա՝ գործի ելքի վրա ունեցած ազդեցությունը, ինչպես նաև «restitutio in integrum»-ն ապահովելու հնարավորությունը[11]:
16. Այս առումով, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ վարույթի նորոգում պետք է տեղի ունենա բոլոր այն դեպքերում, երբ գործի հանգամանքների գնահատումը վկայում է, որ միայն գործի վերաբացման արդյունքում է հնարավոր վերականգնել մինչև խախտումը եղած իրավիճակը։ Վերոնշյալ մոտեցումը համահունչ է «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կայացված [վճիռների] հիման վրա ներպետական մակարդակով որոշակի գործեր վերաքննելու կամ վերաբացելու մասին» Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի` 2000 թվականի հունվարի 19-ի թիվ R(2000)2` անդամ պետություններին ուղղված հանձնարարականին, ըստ որի՝ գործի վերաքննությունը կամ դատաքննության վերաբացումը բացառիկ դեպքերում հանդես է գալիս որպես ամենապատշաճ, եթե ոչ միակ միջոցը` հասնելու «restitutio in integrum»-ին, եթե նյութական կամ դատավարական իրավունքի խախտումն իր բնույթով այնպիսին է, որ լուրջ կասկած է հարուցում ներպետական մարմիններում բողոքարկման առարկա վարույթի ելքի արդյունքների կապակցությամբ, և դիմումատուն շարունակում է կրել խնդրո առարկա ներպետական որոշման բացասական հետևանքները, որոնք բավարար չափով չեն վերականգնվում արդարացի փոխհատուցմամբ[12]։
17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ բողոքարկվող դատական ակտերը վերաբերել են դիմումատուի հանդեպ մահվան հանգեցնող դիտավորյալ վատ վերաբերմունքին, ինչպես նաև այդ կապակցությամբ իրականացված քննության արդյունավետությանը։ Այս կապակցությամբ Եվրոպական դատարանն արձանագրել է, որ Վահան Խալաֆյանի մահվան և վատ վերաբերմունքի վերաբերյալ քրեական գործը փոխանցվել է դատաքննության, և ոստիկանության երկու ծառայողներ ի վերջո մեղավոր են ճանաչվել, որոնցից մեկը՝ մասնավորապես Վահան Խալաֆյանի նկատմամբ վատ վերաբերմունք ցուցաբերելու համար: Այնուամենայնիվ, ինչպես արդեն նշվել է վերևում, այդ քրեական գործով քննությունը մանրակրկիտ և արդյունավետ չի եղել և իրականացվել է Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների ընթացակարգային պահանջների լուրջ խախտումներով։ Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ հանգամանքները, Վարդանյանը և Խալաֆյանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո, առերևույթ ստվերում են գործով ձեռքբերված ապացուցողական զամբյուղի լիարժեքությունն ու վկայում Վ.Խալաֆյանի՝ Եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով նախատեսված՝ հիմնարար իրավունքների խախտման մասին։ 18․ Վերոգրյալի հաշվառմամբ, անդրադառնալով սույն գործով առկա մեղադրական եզրակացությունում նկարագրված իրադարձություններին, դրանց հիմքում դրված ապացույցների ամբողջությանը, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ մի կողմից, նկատի ունենալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Վարդանյանը և Խալաֆյանն ընդդեմ Հայաստանի վճիռը, մյուս կողմից` հաշվի առնելով մեղադրանքների հաստատման համար սույն գործով ստորադաս դատարանների կողմից հետազոտված փաստական տվյալները և դրանք հիմնավորող ապացույցների ամբողջությունը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թույլ տրված խախտումները վերացնելու, ապացույցները ողջ ծավալով համակողմանի հետազոտման ենթարկելու ամենապատշաճ միջոցը վիճարկվող դատական ակտերը բեկանելը և գործը նոր քննության ուղարկելն է։
19. Նշվածը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 408-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2010 թվականի նոյեմբերի 29-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի հունիսի 15-ի որոշումը բեկանելու և գործը ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության ուղարկելու համար: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում ՀՀ հակակոռոպցիոն դատարանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած մոտեցումների և սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո պետք է գնահատման ենթարկի գործով ձեռքբերված ապացույցների ամբողջությունը՝ հանգելով վերջնական հետևության:
20. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ, 25-րդ, 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ 403-րդ, 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի` 2011 թվականի օգոստոսի 18-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել։ 2․ Վերանայման արդյունքում Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2010 թվականի նոյեմբերի 29-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի հունիսի 15-ի որոշումը բեկանել՝ գործի վարույթը փոխանցելով ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։
Նախագահող` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Դատավորներ` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆ
Ծանոթագրություններ
[1] Տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 115-116։
[2] Տե'ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթ 372։
[3] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Bratyakin v. Russia գործով 2006 թվականի մարտի 9-ի որոշումը, գանգատ թիվ 72776/01։ [4] Տե´ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Գրիշա Վիրաբյանի գործով 2013 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ՎԲ-05/13, Ժիրայր Սեֆիլյանի գործով` 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՎԲ-07/13, Բագրատ, Արևիկ և Նարինե Նալբանդյանների գործով` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՎԲ-06/15, Բագրատ և Նարինե Նալբանդյանների գործով` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՎԲ-04/15, Արայիկ Զալյանի գործով` 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ՎԲ-02/16, Հրաչյա Մուրադյանի գործով` 2017 թվականի հունիսի 30-ի, Դավիթ Ավետիսյանի գործով` 2017 թվականի օգոստոսի 21-ի թիվ ՍԴ3/0088/01/09, Ալիկ Մաթևոսյանի գործով` 2018 թվականի հունիսի 15-ի թիվ ՎԲ-05/12 որոշումները: [5] Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Վարդանյանը և Խալաֆյանն ընդդեմ Հայաստանի գործով 2022 թվականի նոյեմբերի 8-ի վճիռը: [6] Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Վարդանյանը և Խալաֆյանն ընդդեմ Հայաստանի գործով 2022 թվականի նոյեմբերի 8-ի վճռի 85-89-րդ կետերը: [7] Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Վարդանյանը և Խալաֆյանն ընդդեմ Հայաստանի գործով 2022 թվականի նոյեմբերի 8-ի վճռի 90-92-րդ կետերը: [8] Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Վարդանյանը և Խալաֆյանն ընդդեմ Հայաստանի գործով 2022 թվականի նոյեմբերի 8-ի վճռի 90-92-րդ կետերը: [9] Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Վարդանյանը և Խալաֆյանն ընդդեմ Հայաստանի գործով 2022 թվականի նոյեմբերի 8-ի վճռի 96-րդ կետը: [10] Տե'ս Վճռաբեկ դատարանի՝ Ժիրայր Սեֆիլյանի գործով 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՎԲ-07/13 որոշման 24-րդ կետը: [11] Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Բագրատ և Նարինե Նալբանդյանների գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՎԲ-04/15 որոշման 19-րդ կետը, mutatis mutandis, Աիդա Հովհաննիսյանի գործով 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ԵԿԴ/0062/11/12 որոշման 25.1-րդ կետը, Լաուրա Մեհրաբյանի գործով 2020 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ ԵՇԴ/0005/11/10 որոշման 261-րդ կետը։ [12] Տե'ս Explanatory memorandum, Council of Europe, Committee of Ministers, Recommendation R (2000)2 on the re-examination or reopening of certain cases at domestic level following judgements of the European Court of Human Rights:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 16 ապրիլի, 2024 թ.
- Գործի #:
- ԿԴ/0078/01/10
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
