Հակոբյան — ՀԿԴ/0113/01/23
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 9. Քրեական օրենսդրության հետադարձ ուժըԱմփոփում
Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2023 թվականի հունիսի 1-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) է ստացվել թիվ 90285322 քրեական գործն ըստ մեղադրանքի Գևորգ Նորիկի Դուրյանի՝ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 445-րդ հոդվածի 1-ին մասով, Գևորգ Հայկասարի Հակոբյանի՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 445-րդ հոդվածի 1-ին մասով, Գեղամ Հրաչյայի Գրիգորյանի՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-ր
Ամբողջ Տեքստ
ՀԿԴ/0113/01/23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության
Հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր՝ Վ․Սարգսյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր` Կ․Ամիրյան
2024 թվականի հուլիս 12-ին քաղաք Երևանում
ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով Գևորգ Հայկասարի Հակոբյանի վերաբերյալ
ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2023 թվականի դեկտեմբերի 28-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2023 թվականի հունիսի 1-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) է ստացվել թիվ 90285322 քրեական գործն ըստ մեղադրանքի Գևորգ Նորիկի Դուրյանի՝ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 445-րդ հոդվածի 1-ին մասով, Գևորգ Հայկասարի Հակոբյանի՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 445-րդ հոդվածի 1-ին մասով, Գեղամ Հրաչյայի Գրիգորյանի՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 445-րդ հոդվածի 1-ին մասով։
2. Գործի դատաքննության ընթացքում, Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17–ի որոշմամբ պաշտպան Մ․Աղաբեկյանի միջնորդությունը բավարարվել է, և մեղադրյալ Գ․Հակոբյանի նկատմամբ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։
3. ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Հ․Մանասյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի 2023 թվականի դեկտեմբերի 28-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17–ի որոշումը թողնվել է անփոփոխ։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը, որը Վճռաբեկ դատարանի 2024 թվականի հունվարի 29-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։ 4․1․ Դավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներակայցվել։
Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, դրանք հիմնավորող փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանի 2023 թվականի դեկտեմբերի 28-ի որոշումն օրինական և հիմնավոր չէ, այդ որոշմամբ թույլ է տրվել դատական սխալ` նյութական օրենքի խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա։ Ի հիմնավորում վերը նշված փաստարկի՝ բողոքաբերը մասնավորապես նշել է, որ Գ․Հակոբյանին մեղսագրվող պաշտոնեական կեղծիքը կատարվել է 2019 թվականի օգոստոսի 31-ին, և ենթադրյալ հանցանքը կատարելու պահին նրա արարքը համապատասխանել է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 314-րդ հոդվածի 1-ին մասին, որը միջին ծանրության հանցանք է, և քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն հինգ տարի է։ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը ոչ մեծ ծանրության հանցանք է, որի համար ՀՀ գործող քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասին 1-ին կետի համաձայն քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը, նույնպես հինգ տարի է, ուստի երկու դեպքում էլ ենթադրյալ պաշտոնեական կեղծիք կատարելու համար Գ․Հակոբյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը դեռևս չի անցել և լրանալու է միայն 2024 թվականի օգոստոսի 31-ին։ 5․1․ Անդրադառնալով կատարված արարքներին հետադարձ ուժ տալու հանգամանքով պայմանավորված՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի նորմի կիրառմանը՝ բողոքաբերը նշել է, որ հենց այդ նորմի ուժով Գ․Հակոբյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվել է պատիժը մեղմացնող օրենքով՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով, որի սանկցիայով նախատեսված պատիժը ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված պատժից մեղմ է։ Մինչդեռ, ըստ բողոքաբերի՝ վաղեմության ժամկետներին վերաբերող իրավանորմերը համարվում են ոչ թե արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող, այլ համապատասխան պայմանների առկայության դեպքում՝ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող նորմեր, որոնք, ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, հետադարձ ուժ ունեն բացառապես այն դեպքում, երբ դա նախատեսված է օրենքով։ Ամփոփելով վերոգրյալը՝ բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ և 83-րդ հոդվածներով սահմանված իրավադրույթների խախտում, մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածը, միևնույն ժամանակ կիրառել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածը, որը ենթակա չէր կիրառման։ 5.2. Բացի այդ, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն հետևությանը, որ տվյալ դեպքում կիրառելի են Վճռաբեկ դատարանի՝ թիվ ԵԴ/1424/01/21 գործով 2023 թվականի նոյեմբերի 10-ին կայացված որոշմամբ ձևավորված իրավական դիրքորոշումները, բողոքաբերը նշել է, որ Վճռաբեկ դատարանի վերոնշյալ որոշումը վերաբերում է այն դեպքերին, երբ կատարված փոփոխությունների արդյունքում քրեական օրենսդրությամբ քրեական պատասխանատվությունից ազատում նախատեսող նորմի կիրառման շրջանակներն ընդլայնվում են, այդ թվում՝ քրեական պատասխանատվությունից ազատելու հայեցողական նորմը դիտարկվում է որպես իմպերատիվ, ինչպես նաև նախատեսվում է քրեական պատասխանատվությունից անվերապահ կերպով ազատում նախատեսող նոր նորմ, և միայն այս դեպքում է վերոնշյալ փոփոխությանը, որպես ըստ էության պատիժը մեղմացնող օրենսդրության, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով հետադարձ ուժ տրվում: Մինչդեռ, քննարկվող իրավիճակում քրեական պատասխանատվությունից ազատում նախատեսող նորմի կիրառման շրջանակները չեն ընդլայնվում, այլ փոխվում են անձին քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետները, որպիսի պարագայում ստորադաս դատարանների կողմից վկայակոչված՝ Վճռաբեկ դատարանի որոշումը տվյալ դեպքում կիրառելի չէ։
6. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2023 թվականի դեկտեմբերի 28-ի որոշումը՝ կայացնելով դրան փոխարինող դատական ակտ։ Հատուկ վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. 2023 թվականի մայիսի 29-ին կազմված մեղադրական եզրակացության համաձայն՝ Գ․Հակոբյանի նկատմամբ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 445-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում այն բանի համար, որ․ «(…) Գևորգ Նորիկի Դուրյանը, ՀՀ պաշտպանության նախարարի 2017 թվականի հոկտեմբերի 17-ի թիվ 1888 հրամանով զբաղեցնելով ՀՀ ՊՆ 47379 զորամասի հրամանատարի պաշտոնը, կոչումով՝ փոխգնդապետ, ունենալով ենթակա ծառայողներ, «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով հաստատված ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 73-րդ հոդվածի համաձայն՝ հանդիսանալով հիշյալ զորամասի միանձնյա ղեկավարը, իր ծառայողական դիրքով ու զինվորական կոչումով հանդիսանալով պետ և պաշտոնատար անձ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, մոր՝ Արմիդա Դուրյանի և իր ենթակայությամբ ծառայող մի խումբ պաշտոնատար անձանց օժանդակությամբ ՀՀ պետական բյուջեից յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված խոշոր չափերով՝ 1.214.387 ՀՀ դրամ, ինչպես նաև շահադիտական նպատակով կատարել է պաշտոնեական կեղծիք, որպիսի արարքները դրսևորվել են հետևյալում. Գևորգ Դուրյանը, 2017 թվականի հոկտեմբերի 17-ից զբաղեցնելով ՀՀ ՊՆ 47379 զորամասի հրամանատարի պաշտոնը, «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի» 80-րդ և այլ հոդվածների համաձայն` ի թիվս այլնի, լիազորված լինելով ապահովել զորամասի ամբողջ դրամական և բավարարման մյուս տեսակների հատկացումը, նյութական ու դրամական միջոցները ծախսել խնայողաբար և նպատակային, պահպանել հաստիքային և ֆինանսական կարգապահությունը, աշխատանքի ընդունել և ազատել զորամասի տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակիցներին, այսինքն՝ հանդիսանալով ՀՀ զինված ուժերում մշտապես կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, 2018 թվականի մայիսի սկզբներին, որոշելով հափշտակել իրեն վստահված խոշոր չափերով պետական գույքը, պայմանավորվածություն է ձեռք բերել մոր՝ Արմիդա Դուրյանի հետ՝ նրան ՀՀ ՊՆ 47379 զորամասում որպես տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատող ձևակերպելու, վերջինիս կողմից փաստացի աշխատանքի չհաճախելու և համապատասխան աշխատանքները չկատարելու պայմաններում նրա անվամբ յուրաքանչյուր ամիս որպես աշխատավարձ ելքագրվող գումարներն իր կողմից ստանալու և յուրացնելու վերաբերյալ: Վերոհիշյալ պայմանավորվածության շրջանակներում Արմիդա Դուրյանը որդու՝ Գևորգ Դուրյանի կողմից պետական գույքի հափշտակությանը միջոցներ տրամադրելու եղանակով օժանդակելով՝ 2018 թվականի մայիսի 4-ին ներկայացրել է աշխատանքի ընդունվելու վերաբերյալ դիմում, որի հիման վրա 2018 թվականի մայիսի 4-ի թիվ 78 հրամանով վերջինս հրամանագրվել է զորամասի տեխնիկական աշխատողի, իսկ 2018 թվականի հուլիսի 2-ի թիվ 120 հրամանով՝ զորամասի վարժասարքի օպերատորի հաստիքներին: Բացի այդ, Արմիդա Դուրյանը Գևորգ Դուրյանի կողմից պետական գույքի հափշտակությանը միջոցներ տրամադրելու եղանակով օժանդակելով՝ նույն նպատակով նրան է փոխանցել աշխատավարձ ստանալու համար իր անվամբ կազմված «ՎՏԲ-Հայաստան» բանկի պլաստիկ քարտը: Աշխատանքի ընդունվելու առաջին իսկ օրվանից Արմիդա Դուրյանը ՀՀ ՊՆ 47379 զորամասում փաստացի աշխատանքի չի հաճախել և վերոհիշյալ աշխատանքային պարտականությունները չի կատարել, որպիսի պայմաններում մինչև նրան զորամասի հրամանատար Գևորգ Դուրյանի կողմից արձակված 2019 թվականի սեպտեմբերի 02-ի թիվ 153 հրամանով աշխատանքից ազատելու օրը՝ 2019 թվականի սեպտեմբերի 01-ը, նույն զորամասի համալրման գծով սպա Գեղամ Գրիգորյանը, համալրման գծով սպայի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Պետրոսյանը, հրամանատարի տեղակալ շտաբի պետ Գևորգ Հակոբյանը, հաստատապես իմանալով Արմիդա Դուրյանի կողմից աշխատանքի չհաճախելու և իր աշխատանքային պարտականությունները չկատարելու մասին, իրենց վերադասի՝ զորամասի հրամանատար Գևորգ Դուրյանի անբարեհաճ վերաբերմունքին չարժանանալու անձնական այլ դրդումներով և շահադիտական՝ վերջինիս կողմից պետական գույքի հափշտակությանը միջոցներ տրամադրելու և խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակելու նպատակով, նրա բանավոր հանձնարարությամբ, համապատասխանաբար՝ Գեղամ Գրիգորյանը՝ 2018 թվականի մայիսի 4-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, Լուսինե Պետրոսյանը՝ 2019 թվականի հունվար-փետրվարին, իսկ Գևորգ Հակոբյանը՝ 2019 թվականի մայիսի 1-ից մինչև նույն թվականի օգոստոսի 31-ը՝ յուրաքանչյուր ամիս, իրենց կողմից կազմված աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող պաշտոնական փաստաթղթերում՝ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում, ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցրել Արմիդա Դուրյանի կողմից իբր աշխատանքի ներկայանալու և աշխատած ժամանակահատվածի վերաբերյալ, որոնք իրենց և Գևորգ Դուրյանի կողմից ստորագրելուց ու վերջինիս կողմից զորամասի կնիքով հաստատելուց հետո, դնելով պաշտոնական շրջանառության մեջ՝ ներկայացրել են հաշվապահություն՝ աշխատավարձի վճարման համար: Հիշյալ տեղեկագրերի հիման վրա ՀՀ պետական բյուջեի՝ ՀՀ ՊՆ 47379 զորամասին հատկացված միջոցներից, համապատասխանաբար՝ 2018 թվականի մայիսի 1-ից մինչև նույն թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Արմիդա Դուրյանի անվամբ որպես աշխատավարձ անօրինական հաշվարկվել և ելքագրվել է խոշոր չափերով՝ 547.047 ՀՀ դրամ, 2019 թվականի հունվար-փետրվարին՝ զգալի չափերով՝ 150.460 ՀՀ դրամ, 2019 թվականի մայիսի 1-ից մինչ նույն թվականի օգոստոսի 31-ը՝ զգալի չափերով՝ 300.920 ՀՀ դրամ, ընդհանուր խոշոր չափերով՝ 1.214.387 ՀՀ դրամ գումար, որը Գևորգ Դուրյանը վերոհիշյալ բանկային քարտի օգտագործմամբ անձամբ ստացել և մեկ միասնական դիտավորությամբ յուրացրել է:(...)»[1]:
8. Քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշմամբ արձանագրվել է հետևյալը. «(...) Դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Գևորգ Հայկասարի Հակոբյանին առաջադրված մեղադրանքի բովանդակությունից հետևում է, որ նրան մեղսագրվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքն ավարտվել է 2019 թվականի օգոստոսի 31-ին։ Դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Գևորգ Հայկասարի Հակոբյանին վերագրվում է արարք, որը կատարվել է ՀՀ քրեական նախկին օրենսգրքի գործողության ժամանակ և համապատասխանում է ՀՀ քրեական նոր օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասին, որով, որպես պատիժ, նախատեսված է նաև ազատազրկումը՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։ Այլ խոսքով, ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը համապատասխանում է ՀՀ քրեական նոր օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքին, որը հանդես է գալիս որպես պատիժը մեղմացնող օրենք (քանի որ, ի տարբերություն ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 314-րդ հոդվածի, որը դասվում է միջին ծանրության հանցանքների շարքին, ՀՀ քրեական նոր օրենսգրքի 445-րդ հոդվածը դասվում է ոչ մեծ ծանրության հանցանքների շարքին), հետևաբար ունի հետադարձ ուժ։ (...)։ 2003 և 2021 թվականներին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքերի՝ համապատասխանաբար 75-րդ և 83-րդ հոդվածների համեմատական վերլուծության արդյունքում Դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական նոր օրենսգիրքը քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների հաշվարկման մասով՝ տվյալ դեպքում անձի վիճակը վատթարացնող օրենք է և կիրառելի չէ մեղադրյալ Գևորգ Հայկասարի Հակոբյանի նկատմամբ, քանի որ՝ նախ սահմանում է վաղեմության ժամկետի հաշվարկման ավելի երկար ժամկետներ, բացի այդ՝ վաղեմության ժամկետը, ի տարբերություն ՀՀ քրեական նախկին օրենսգրքի, հաշվարկվում է մինչև անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելը։ Դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական նոր օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը դասվում է ոչ մեծ ծանրության հանցանքների շարքին, որի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը նույն օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն 5 տարի է, ինչը մեղադրյալի համար առավել խիստ և անբարենպաստ կարգավորում է՝ ի տարբերություն ՀՀ քրեական նախկին օրենսգրքով սահմանված՝ ոչ մեծ ծանրության հանցանքների համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի, որը հիշյալ օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ 2 տարի է։ Այսինքն, ՀՀ քրեական նոր օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասը՝ պատժի մեղմացման առումով հանդիսանում է պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող, միաժամանակ այդ արարքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի առումով՝ նույն օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված կարգավորումների համատեքստում պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող օրենք, հետևաբար՝ ՀՀ քրեական նոր օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված՝ «սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան» (այսինքն՝ մեղմացնող մասով կիրառելով այդ հոդվածի 2-րդ մասով, իսկ խստացնող մասով այդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգավորումները) պայմանի կիրառմամբ ՀՀ քրեական նոր օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասը հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որով մեղմացնում է պատասխանատվությունը։ Անդրադառնալով Գևորգ Հայկասարի Հակոբյանի կողմից քննությունից կամ դատից խուսափելու հանգամանքին՝ Դատարանն արձանագրում է, որ քրեական գործի նյութերում բացակայում է որևէ փաստական տվյալ առ այն, որ մեղադրյալ Գևորգ Հայկասարի Հակոբյանը՝ իրեն մեղսագրվող՝ ՀՀ քրեական նոր օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարումից հետո կատարել է նոր հանցանք կամ խուսափել է քննությունից կամ դատից։(...)»[2]։
9. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի վիճարկվող որոշումը, իր որոշմամբ արձանագրել է. «(...) 2003 և 2021 թվականներին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքերի համապատասխանաբար 75-րդ և 83-րդ հոդվածների համեմատաիրավական վերլուծությունը վկայում է, որ 2021 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների մասով տվյալ դեպքում անձի վիճակը վատթարացող օրենք է և կիրառելի չէ ամբաստանյալ Գ․ Հակոբյանի նկատմամբ, քանի որ նախ՝ սահմանում է վաղեմության ավելի երկար ժամկետներ, բացի այդ, վաղեմության ժամկետը, ի տարբերություն 2003 թվականին ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի, հաշվարկվում է մինչև անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելը։ Այսպես․ Գևորգ Հակոբյանին վերագրվում է արարք, որը կատարվել է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի գործողության ժամանակ և վերջինիս վերագրվող արարքը համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասին, որով նախատեսված պատժատեսակ է նաև ազատազրկումը՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։ Այսինքն, Գևորգ Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով վերագրվող արարքը դասվում է ոչ մեծ ծանրության հանցանքների շարքին։ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ քննության առարկա դեպքի նկատմամբ կիրառելի է ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասը՝ հետևյալ հիմնավորմամբ․ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի |314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքին, որը հանդես է գալիս որպես պատիժը մեղմացնող օրենք և ունի հետադարձ ուժ։ Միաժամանակ, 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը դասվում է ոչ մեծ ծանրության հանցանքների շարքին, որի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը նույն օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն 5 տարի է, ինչը մեղադրյալի համար առավել խիստ և անբարենպաստ կարգավորում է, քան 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի՝ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքին համապատասխանեցման արդյունքում այդ հոդվածի ծանրությանը համարժեք՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի ոչ մեծ ծանրության հանցանքների համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը, որը համաձայն այդ օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ 2 տարի է։ (... Ընդ որում, Վերաքննիչ դատարանը վերոնշյալ դատողություններին հանգելիս հաշվի է առնում նաև Վճռաբեկ դատարանի 2023 թվականի նոյեմբերի 10-ի` Միշա Մուրադյանի վերաբերյալ թիվ ԵԴ/1424/01/21 որոշման տրամաբանությունն առ այն, որ պատիժը մեղմացնող օրենսդրությանը հետադարձ ուժ տալը հավասարապես պետք է կիրառելի լինի նաև քրեական պատասխանատվությունից անվերապահ ազատում նախատեսող նորմերի պարագայում։ Այսինքն, 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի
445-րդ հոդվածի 1-ին մասը՝ պատիժը մեղմացնելու առումով հանդիսանում է պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող, միաժամանակ այդ արարքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի առումով՝ նույն օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հետ փոխկապակցվածությամբ, պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող օրենք, հետևաբար, 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով ձևակերպված՝ «սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան» (այսինքն, մեղմացնող մասով կիրառելով այդ հոդվածի 2-րդ մասով, իսկ խստացնող մասով այդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգավորումները) պայմանի կիրառմամբ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասը հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որով մեղմացնում է պատասխանատվությունը։ (...)»[3]: Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ են արդյո՞ք մեղադրյալ Գ․Հակոբյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։
11. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»։ ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:
2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով»։ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «1. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի:
2. Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ։ (...)
4. Հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթե դա նախատեսված է օրենքով։ (...)
6. Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ մասնակիորեն խստացնող օրենքը սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»: 11․1․ ՀՀ Սահմանադրության վերոհիշյալ հոդվածներով ամրագրված երաշխիքը, որը նորմատիվ իրավական ակտի կիրառման սահմանադրական սկզբունք է, քրեաիրավական համակարգում առանցքային տեղ է գրավում, որը հատկապես ընդգծվում է այն հանգամանքով, որ փոփոխվող և զարգացող հասարակությունում կոնկրետ արարքի դեմ քրեաիրավական ներգործության նպատակահարմարությունը, դրա հանրային վտանգավորությունը կամ քրեականացված արարքը կատարած անձի իրավական վիճակը նորովի կարգավորվելու դեպքում, դատարանը, որպես քրեական դատավարությունում արդարադատության գործառույթով օժտված մարմին, պետք է քննարկման առարկա դարձնի օրենսդրական փոփոխության իրավական բնույթը, ըստ այդմ էլ՝ մինչ ընդունումը ծագած իրավահարաբերությունների վրա այն հետադարձությամբ տարածելու իրավական հնարավորությունը։ Հարկ է արձանագրել, որ ՀՀ Սահմանադրությամբ՝ ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության կանոնակարգումը հիմնվում է այն տրամաբանության վրա, որ իրավական ակտերի հետադարձ ուժով գործողության մերժումն ընդհանուր կանոն է, իսկ այդ ակտերի հետադարձ ուժով գործողության հնարավորությունը՝ բացառություն ընդհանուր կանոնից[4]։ Ընդ որում, բացառություններն իրենց հերթին տարբեր են. ա) երբ սահմանադիրը բացառում է որևէ հայեցողություն դրսևորելու հնարավորությունը՝ սահմանելով հետադարձության ուղիղ պահանջ, օրինակ, արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն օժտված է անմիջական գործողությամբ և բ) երբ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտին հետադարձ ուժ հաղորդելու լիազորությունը թողնվում է իրավասու՝ այդ ակտն ընդունող մարմնի հայեցողությանը, օրինակ, անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով[5]: Տարբերակման այս գաղափարն իր արտացոլումն է գտել նաև ՀՀ գործող քրեական օրենսգրքում. այսպես՝ օրենսգրքի 8-րդ և 9-րդ հոդվածների համադրված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող նորմի համար նախատեսվում է հետադարձ ազդեցության անմիջական պահանջ, մինչդեռ անձի վիճակն այլ կերպ բարելավող դրույթի հետադարձությունը պայմանավորվում է օրենքով նախատեսված լինելու հանգամանքով[6]։ 12․ Վճռաբեկ դատարանը, Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի վերաբերյալ գործով որոշմամբ անդրադառնալով քրեական օրենսդրության հետադարձությամբ կիրառման դեպքերին, արձանագրել է, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվարկման տեսանկյունից քրեական նոր օրենքով անձին մեղսագրված հանցանքի տեսակի փոփոխությունն ինքնին չի կարող հետադարձ ներգործություն ունենալ, այսինքն, այս հարցի շրջանակներում օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու ինքնուրույն ցուցիչ չէ, և տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու մասին կարելի է խոսել բացառապես քրեական պատասխանատվությունից ազատելու ինստիտուտը կանոնակարգող՝ ՀՀ նախկին և գործող քրեական օրենսգրքերի ընդհանուր նորմերի հետ համադրված գնահատելու պարագայում։ Միևնույն ժամանակ անդրադառնալով օրենսդրական փոփոխությունների արդյունքում հանցանքի տեսակի և վաղեմության ժամկետների փոփոխության իրավիճակներին, մասնավորապես՝ այն դեպքին, երբ արարքի (հանցանքի) ծանրության աստիճանը նվազում է, իսկ այդ արարքի համար սահմանված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը չի փոփոխվում, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդրական փոփոխության արդյունքում պատժի մեղմացման հետևանքով նախկինում ծանր համարվող հանցանքը միջին ծանրության հանցանք հանդիսանալու դեպքում կիրառելի է մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու կանոնը՝ հանցանքի տեսակի և պատժի մասով, այսինքն՝ արարքը պետք է որակվի ՀՀ գործող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ անթույլատրելի է օրենքի փոփոխության արդյունքում հետադարձության կանոնների կիրառմամբ ստացված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը (տասը տարին) համեմատել ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի (հինգ տարի) հետ։ Նման համեմատությունը սկզբունքորեն չի համապատասխանի ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնի էությանն ու նշանակությանը: Հակառակ մոտեցումը հանգեցնում է այնպիսի իրավիճակի, որ արարքի կատարման պահին ծանր հանցագործություն համարվող արարքի պարագայում անձի նկատմամբ կիրառվում է արարքի կատարման պահին միջին ծանրության հանցանքի համար նախատեսված կարգավորումը, որը որևէ պարագայում կիրառելի չէր[7]։ 13․ Նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, հաշվի առնելով սույն վարույթի փաստական հանգամանքները, անհրաժեշտ է դիտարկել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքն անձին մեղսագրված լինելու դեպքը։ Այսպես՝ պաշտոնեական կեղծիք կատարելը, համաձայն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի, դասվում էր միջին ծանրության հանցագործությունների շարքին, որի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը հինգ տարի էր։ ՀՀ գործող քրեական օրենսդրությամբ 445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքը դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին։ Միևնույն ժամանակ, օրենսդիրը ՀՀ գործող քրեական օրենսգրքի ընդհանուր մասում՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու կարգը սահմանող 83-րդ հոդվածում սահմանել է, որ ոչ մեծ ծանրության հանցանքի դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել է հինգ տարի։ Ուստի, ստացվում է, որ պաշտոնեական կեղծիք կատարելը գործող քրեական օրենսգրքով թեև դասվել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին, սակայն քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի տեսանկյունից երկու օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումը, ըստ որի՝ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքի կատարման պահից անցել է հինգ տարի։ Վերոգրյալից հետևում է, որ գործող քրեական օրենսդրությամբ հանցանքի տեսակի փոփոխությունը քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների տեսանկյունից անձի համար որևէ բարենպաստ հետևանք չի առաջացնում, քանզի վաղեմության ժամկետի առումով քրեական օրենսդրության նախկին և ներկա կարգավորումները նույնական են։ Այլ խոսքով՝ պաշտոնեական կեղծիք կատարելու հանցանքի տեսակի փոփոխության հետևանքով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը, նախկին օրենսգրքի համեմատ, փոփոխությունների չի ենթարկվել, ուստի, քննարկվող դեպքում, քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը ենթակա է լուծման՝ տվյալ արարքի համար դրա կատարման պահին գործող քրեական օրենսդրությամբ նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվառմամբ։
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ․
- մեղադրյալ Գ․Հակոբյանին, ի թիվս այլնի, մեղսագրվել է 2019 թվականի մայիսի 1-ից մինչև նույն թվականի օգոստոսի 31-ը պաշտոնեական կեղծիքի կատարում, որը որակվել է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով[8],
- Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ մեղադրյալ Գ․Հակոբյանի կողմից հանցագործությունները կատարվել են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի գործողության պայմաններում և տվյալ օրենսգրքով ոչ մեծ ծանրության հանցագործության համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետ է նախատեսվել երկու տարին, հետևաբար մեղադրյալ Գ․Հակոբյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները հաշվելիս անհրաժեշտ է առաջնորդվել արարքի կատարման պահին գործող օրենքով նախատեսված վաղեմության ժամկետների կարգավորումներով, քանի որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 83–րդ հոդվածով նախատեսված ժամկետների կիրառումը էականորեն վատթարացնում է մեղադրյալի վիճակը[9],
- Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ 2003 և 2021 թվականներին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքերի՝ համապատասխանաբար 75-րդ և 83-րդ հոդվածների համեմատական վերլուծությունը վկայում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների մասով տվյալ դեպքում անձի վիճակը վատթարացող օրենք է և կիրառելի չէ մեղադրյալ Գ․Հակոբյանի նկատմամբ, քանի որ սահմանում է քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ավելի երկար ժամկետներ։ Արդյունքում, Վերաքննիչ դատարանը գտել է, որ վաղեմության ժամկետը անցնելու առումով մեղադրյալ Գ․Հակոբյանի նկատմամբ կիրառելի են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի դրույթները, քանի որ դրանք առավել բարենպաստ են վերջինիս համար[10]:
15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-13-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Գ․Հակոբյանին մեղսագրվող պաշտոնեական կեղծիք կատարելը ՀՀ գործող քրեական օրենսգրքով թեև դասվել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին, սակայն նույն օրենսգրքի՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելուն վերաբերող իրավանորմերի համակարգային վերլուծությունը ցույց է տալիս, որ օրենսդրական դրույթների փոփոխությունները Գ․Հակոբյանի համար վաղեմության ժամկետների առումով բարենպաստ հետևանքներ չեն առաջացնում, քանզի երկու օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումն առ այն, որ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով, ինչպես գործող քրեաիրավական օրենքով ոչ մեծ ծանրության, այնպես էլ՝ նախկին քրեական օրենսդրությամբ միջին ծանրության հանցագործությունների համար, անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքը կատարելուց անցել է հինգ տարի։ Այլ կերպ, թե՛ նախկին, թե՛ գործող քրեական օրենսդրությունները թույլ են տալիս մեղադրյալ Գ․Հակոբյանին վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով ազատել քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելու օրվանից անցել է հինգ տարի։ Մինչդեռ, ստորադաս դատարանների մոտեցումը ոչ իրավաչափորեն հանգեցրել է նրան, որ վերագրվող ենթադրյալ արարքը կատարելուց շուրջ չորս տարի անց մեղադրյալ Գ․Հակոբյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից, այն դեպքում, երբ, և՛ վերագրվող ենթադրյալ արարքի կատարման ժամանակ, և՛ գործող քրեական օրենքի համաձայն, վերջինիս քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը հինգ տարի է։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ տվյալ դեպքում առկա է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված պայմանը։
16. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետևությունն առ այն, որ մեղադրյալ Գ․Հակոբյանի նկատմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը լուծելիս վաղեմության ժամկետը ենթակա է հաշվարկման արարքի կատարման պահին գործող՝ ոչ մեծ ծանրության հանցագործությունների վաղեմության ժամկետի հաշվարկման կանոնով, իրավաչափ չէ։ 17․ Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից Միշա Մուրադյանի գործով[11] արձանագրված իրավական դիրքորոշումները վկայակոչելուն, ապա Վճռաբեկ դատարանն այն հիմնավոր չի համարում, քանի որ, ինչպես նշվել է սույն որոշման նախորդ կետերում, քննարկվող իրավիճակում առկա չէ քրեական պատասխանատվության մեղմացման կամ վերացման հարց, ուստի Միշա Մուրադյանի գործով արտահայտած իրավական դիրքորոշումները չեն կարող կիրառելի լինել սույն դեպքում։
18. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը՝ դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է` կիրառել են 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-րդ կետը, որը սույն վարույթով ենթակա չէր կիրառման, ինչը հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար։ Միևնույն ժամանակ, հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Գ․Հակոբյանի պաշտպան Մ․Աղաբեկյանի միջնորդությունը պետք է մերժել։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ ու 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Գևորգ Հայկասարի Հակոբյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17–ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2023 թվականի դեկտեմբերի 28-ի որոշումը բեկանել և պաշտպան Մ․Աղաբեկյանի միջնորդությունը մերժել։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
Նախագահող` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Դատավորներ՝ Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆ
Ս.ՉԻՉՈՅԱՆ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆ
Ծանոթագրություններ
[1] Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 8-18։
[2] Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 36-47։
[3] Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 32-43։
[4] Տե՛ս, mutatis mutandis, ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2011 թվականի նոյեմբերի 29-ի թիվ ՍԴՈ-1000 որոշումը։ [5] Տե՛ս, mutatis mutandis, ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշումը։ [6] Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Վանիկ Առուստամյանի գործով 2024 թվականի փետրվարի 22-ի թիվ ԼԴ/0004/12/22 որոշումը։ [7] Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի գործով 2024 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԱՔԴ/0196/01/17 որոշումը։ [8] Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
[9] Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
[10] Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
[11] Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Միշա Մուրադյանի գործով 2023 թվականի նոյեմբերի 10-ի թիվ ԵԴ/1424/01/21 որոշման 16-20-րդ կետերը։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 12 հուլիսի, 2024 թ.
- Գործի #:
- ՀԿԴ/0113/01/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
