Գոմցյան — ՀԿԴ/0015/01/22
Վճռաբեկ դատարանի նախադեպային շտեմարանում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 135. Խափանման միջոց կիրառելու հիմքերը · Հոդված 143. ԳրավըԱմփոփում
Պ Ա Ր Զ Ե Ց Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2022 թվականի հունիսի 6-ին ՀՀ գլխավոր դատախազության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Ա․Ալեքսանյանը հաստատել է թիվ 62216522 քրեական գործով մեղադրական եզրակացությունն ըստ մեղադրանքի Ալեքսեյ Շոթայի Գոմցյանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 311․2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և Հայկ Սամվելի Մանուկյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311․2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Երևան քաղաքի առաջին ատյանի
Ամբողջ Տեքստ
ՀԿԴ/0015/01/22
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Նախագահող դատավոր՝ Կ. Ամիրյան
09 դեկտեմբերի 2022 թվական քաղաք Երևան
ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
Կ․ ԲԻՇԱՐՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Ալեքսեյ Շոթայի Գոմցյանի վերաբերյալ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2022 թվականի հոկտեմբերի 7-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա․Պողոսյանի հատուկ վերանայման բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2022 թվականի հունիսի 6-ին ՀՀ գլխավոր դատախազության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Ա․Ալեքսանյանը հաստատել է թիվ 62216522 քրեական գործով մեղադրական եզրակացությունն ըստ մեղադրանքի Ալեքսեյ Շոթայի Գոմցյանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 311․2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և Հայկ Սամվելի Մանուկյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311․2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի հունիսի 15-ի որոշմամբ Ա․Գոմցյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը թողնվել է անփոփոխ։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ թիվ ԵԴ/0873/01/22 քրեական գործն ըստ ընդդատության ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)։ 1․1․ Առաջին ատյանւի դատարանի 2022 թվականի օգոստոսի 31-ի որոշմամբ թիվ ՀԿԴ/0015/01/22 (ԵԴ/0873/01/22) քրեական գործն ընդունվել է վարույթ։ Առաջին ատյանի դատարանի 2022 թվականի սեպտեմբերի 12-ի որոշմամբ Ա․Գոմցյանի նկատմամբ ընտրված կալանավորումն այլ խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ պաշտպաններ Ա․Հայրապետյանի և Է․Թումասյանի միջնորդությունը բավարարվել է, Ա․Գոմցյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոփոխվել է՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառելով գրավը՝ 3․500․000 (երեք միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով։ Առաջին ատյանի դատարանի 2022 թվականի սեպտեմբերի 12-ի որոշմամբ Ա․Գոմցյանի նկատմամբ որպես հարկադրանքի այլ միջոց է կիրառվել մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունների կասեցումը։ 2․ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ա․Ալեքսանյանի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի 2022 թվականի հոկտեմբերի 7-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի 2022 թվականի սեպտեմբերի 12-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ: 3․ Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա․Պողոսյանը հատուկ վերանայման բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի 2022 թվականի նոյեմբերի 15-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել հատուկ վերանայման բողոքի քննության գրավոր ընթացակարգ: Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, դրանք հիմնավորող փաստարկները և պահանջը.
4. Հատուկ վերանայման բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով․ Բողոքի հեղինակը, մատնանշելով Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներ, գտել է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտն օրինական և հիմնավոր չէ, Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա։ Ըստ բողոքաբերի՝ ինչպես Առաջին ատյանի դատարանը 2022 թվականի սեպտեմբերի 12-ի որոշմամբ, այնպես էլ Վերաքննիչ դատարանը վիճարկվող որոշմամբ մանրամասն անդրադարձ չեն կատարել ամբաստանյալ Ա․Գոմցյանին վերագրվող արարքի բնույթին և վտանգավորության աստիճանին, կատարման եղանակին, հանցավոր մտադրության նպատակին և հետևանքներին, այդ հանգամանքները չեն համադրել գործում առկա՝ քրեական վարույթին խոչընդոտելու մտավախության էական և բարձր լինելը գնահատելու համար անհրաժեշտ այլ գործոնների հետ։ Բողոքաբերի պնդմամբ Վերաքննիչ դատարանը վերացական դատողություններ է արել առ այն, որ վերոնշյալ հանգամանքներն իրենց միասնության մեջ խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելն անթույլատրելի ճանաչելու համար բավարար չափով ծանրակշիռ չեն, մինչդեռ այդ հանգամանքները պատշաճ չգնահատելու արդյունքում Վերաքննիչ դատարանը զրկված է եղել քրեական վարույթին խոչընդոտելու իրական ռիսկը ճիշտ գնահատելու հնարավորությունից։ Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի որոշմամբ արձանագրված փաստական հանգամանքներից յուրաքանչյուրին՝ բողոքաբերը նշել է, որ քրեական գործի դատաքննության փուլում գտնվելու հանգամանքն ինքնին չի կարող նվազեցնել քրեական վարույթին խոչընդոտելու մտավախությունը և ենթակա է գնահատման գործում առկա մյուս փաստական տվյալների հետ համադրության մեջ: Մասնավորապես, բողոքաբերը գտել է, որ չի կարող անտեսվել այն ծանրակշիռ հանգամանքը, որ վիճարկվող որոշման կայացման պահին դատարանում որևէ ապացույց դեռևս հետազոտված չի եղել, չեն հարցաքննվել դատակոչի ցանկում ներառված և Ա․Գոմցյանի վերաբերյալ մեղադրող բնույթի ցուցմունքներ տված անձինք, այդ թվում՝ Տիգրան Եգանյանը, ով ազատազրկման ձևով պատիժ է կրում այն քրեակատարողական հիմնարկում, որտեղ մինչև ձերբակալվելն աշխատել է Ա․Գոմցյանը։ Բացի այդ, դեպքի էական հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ ունեցող Ալբերտ Ռուշանյանը և մյուս ամբաստանյալ Հայկ Մանուկյանն Ա․Գոմցյանի մտերիմներն են։ Բողոքաբերի գնահատմամբ վերը նշված հանգամանքները վկայում են Ա․Գոմցյանի կողմից քրեական վարույթին խոչընդոտելու բարձր հավականության մասին։ Ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանը վիճարկվող որոշումը կայացնելիս հաշվի չի առել այն հանգամանքը, որ Ա․Գոմցյանը հավանական բացահայտումից խուսափելու համար, գումարը ստանալիս անձամբ չի ներկայացել Սուսաննա Պետրոսյանի հետ հանդիպմանը, այլ օգտագործել է Ա.Ռուշանյանին՝ վերջինիս խնդրելով ընկերոջ հետ գնալ Երևան, վերցնել ծրարը և փոխանցել իրեն։ Անդրադառնալով Ա․Գոմցյանի՝ շուրջ հինգ ամիս անազատության մեջ գտնվելու հանգամանքին՝ բողոքաբերը նշել է, որ այն չի կարող նվազեցնել վերջինիս կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականությունը։ Բացի այդ, բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի ենթարկել Ա․Գոմցյանի՝ հասարակությունում ունեցած դերը, զբաղեցրած պաշտոնը, դրանից բխող հեղինակությունը, այդ համատեքստում հնարավոր ազդեցությունը վկանների վրա, ինչպես նաև ամբաստանյալին մեղսագրվող կոռուպցիոն հանցագործության հանրային բարձր վտանգավորությունը։
5. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել Առաջին ատյանի դատարանի 2022 թվականի սեպտեմբերի 12-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2022 թվականի հոկտեմբերի 7-ի որոշումը՝ բեկանված մասով կայացնելով դրան փոխարինող դատական ակտ։ Հատուկ վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
6. Ալեքսեյ Գոմցյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311․2 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա «զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, մտերիմի՝ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի բաժնի նախկին պետ Հայկ Մանուկյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբով, հիշյալ պաշտոնից բխող իր ենթադրյալ ազդեցությունը շահադիտական շահագրգռվածությունից ելնելով օգտագործելով նույն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Տիգրան Եգանյանի օգտին պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունների շրջանակում գործողություն կատարելուն նպաստելու համար, վերջինից անձամբ պահանջել և Ալբերտ Ռուշանյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով գումար: Տիգրան Եգանյանը 2021 թվականի դեկտեմբերից պատիժ է կրել ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում։ 2022 թվականի մարտի սկզբին Տիգրան Եգանյանից տեղեկանալով, որ նույն թվականի մայիսին մոտենալու է նրան պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու հարցի քննությունը՝ Ալեքսեյ Գոմցյանը խոստացել է պաշտոնից բխող ենթադրյալ ազդեցությունն օգտագործելով նպաստել այդ հարցի լուծմանը։ Շահադիտական շահագրգռվածությունից ելնելով իր ենթադրյալ ազդեցությունն օգտագործելով դատապարտյալ Տիգրան Եգանյանի օգտին պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունների շրջանակում գործողություն կատարելուն՝ նրան պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատ արձակելուն նպաստելու հարցով Ալեքսեյ Գոմցյանը նախնական համաձայնության է եկել իր մտերիմ՝ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Աշոցքի բաժնի նախկին պետ Հայկ Մանուկյանի հետ, ով իր հերթին պատրաստակամություն է հայտնել նախկինում զբաղեցրած պաշտոններից բխող ենթադրյալ ազդեցությունը շահադիտական շահագրգռվածությունից ելնելով օգտագործելով՝ նպաստել նշված հարցի լուծմանը: Այնուհետև՝ 2022 թվականի մարտ-ապրիլ ամիսներին, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնից բխող իր ենթադրյալ ազդեցությունն օգտագործելով դատապարտյալ Տիգրան Եգանյանի օգտին պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունների շրջանակում գործողություն կատարելուն՝ նրան պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատ արձակելուն նպաստելու համար, նախնական համաձայնությամբ խմբի կազմում գործող Ալեքսեյ Գոմցյանը Տիգրան Եգանյանից անձամբ պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 9.355.400 ՀՀ դրամին համարժեք 20.000 ԱՄՆ դոլար, որից 10.000 ԱՄՆ դոլարը պահանջել է մինչև նրան պայմանական վաղաժամկետ ազատ արձակելը, իսկ մնացած 10.000 ԱՄՆ դոլարը՝ ազատ արձակվելուց հետո ինչին դատապարտյալ Տիգրան Եգանյանը տվել է իր համաձայնությունը և հայտնել, որ գումարը պետք է վերցնել Երևան քաղաքում բնակվող իր ծանոթից՝ Սուսաննա Պետրոսյանից: Տեղեկանալով այդ մասին՝ Հայկ Մանուկյանը 2022 թվականի ապրիլի 16-ին Ալեքսեյ Գոմցյանի հետ ունեցած հեռախոսային խոսակցության ընթացքում պատրաստակամություն է հայտնել անձամբ հանդիպել դատապարտյալ Տիգրան Եգանյանի մատնանշած անձին և վերցնել գումարը: Չցանկանալով անձամբ վերցնել նշված գումարը, Հայկ Մանուկյանի հետ նախնական համաձայնությամբ գործող Ալեքսեյ Գոմցյանը 2022 թվականի ապրիլի 20-ին դիմել է իր մտերիմ Ալբերտ Ռուշանյանին՝ խնդրելով նրան Հայկ Մանուկյանի հետ գնալ Երևան ու Տիգրան Եգանյանի ծանոթ Սուսաննա Պետրոսյանից վերցնել նշված գումարից 10.000 ԱՄՆ դոլարը, սակայն այդ օրը վերջինիս հարմար չի եղել հանդիպել և փոխանցել գումարը, ուստի պայմանավորված հանդիպումը տեղափոխվել է հաջորդ օրը: Հաջորդ օրը՝ 2022 թվականի ապրիլի 21-ին, Ալեքսեյ Գոմցյանը և Հայկ Մանուկյանը պայմանավորվածություն են ձեռք բերել վերջինիս կողմից Ալբերտ Ռուշանյանի հետ Երևան գնալու, Սուսաննա Պետրոսյանին հանդիպելու և գումարը նրանից վերցնելու վերաբերյալ, ինչի մասին Ալեքսեյ Գոմցյանը տեղեկացրել է Ալբերտ Ռուշանյանին՝ վերջինիս փոխանցելով Սուսաննա Պետրոսյանի բջջային հեռախոսահամարը։ Դատապարտյալ Տիգրան Եգանյանի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում Ալեքսեյ Գոմցյանն Ալբերտ Ռուշանյանից պահանջել է նաև Սուսաննա Պետրոսյանին հանդիպելիս ներկայանալ որպես Վրաստանից եկած Աբո, կրել գլխարկ և ակնոց: Ալբերտ Ռուշանյանը, Ալեքսեյ Գոմցյանի և Հայկ Մանուկյանի կողմից անձամբ գումարը վերցնելու դեպքում հավանական բացահայտման խոչընդոտը վերացնելու նպատակով, նույն օրը՝ 2022 թվականի ապրիլի 21-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, Ալեքսեյ Գոմցյանի պահանջով, իր կողմից շահագործվող ավտոմեքենայով Հայկ Մանուկյանի հետ գնացել է Երևան քաղաք, որտեղ զանգահարել է Սուսաննա Պետրոսյանին և պայմանավորվածություն է ձեռք բերել նրա հետ հանդիպել «Մոսկվա» կինոթատրոնի մոտ: Այնուհետև Ալբերտ Ռուշանյանը Երևանի Հանրապետության հրապարակի մոտակայքում կայանել է ավտոմեքենան, որտեղ Հայկ Մանուկյանը սպասել է ավտոմեքենայում, իսկ նա գնացել է Աբովյան փողոցի 18 հասցեում գտնվող «Մոսկվա» կինոթատրոնի բակային հատված, նախապես Ալեքսեյ Գոմցյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հանդիպել է դատապարտյալ Տիգրան Եգանյանի ծանոթ Սուսաննա Պետրոսյանին և նրանից ստացել Ալեքսեյ Գոմցյանի և Հայկ Մանուկյանի կողմից նախնական համաձայնությամբ Տիգրան Եգանյանից պահանջված առանձնապես խոշոր չափի 20.000 ԱՄՆ դոլարից 4.677.700 ՀՀ դրամին համարժեք 10․000 ԱՄՆ դոլարը, որից անմիջապես հետո բռնվել և բերման է ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, որտեղ նրա անձնական խուզարկությամբ հիշյալ գումարը հայտնաբերվել ու վերցվել է»[1]: 7․ Առաջին ատյանի դատարանի 2022 թվականի սեպտեմբերի 12-ի որոշման համաձայն՝ «(...) Դատարանի համար ևս ընդունելի է, որ Ալեքսեյ Գոմցյանի կողմից գործի քննության ընթացքում առավելապես ոչ պատշաճ վարքագիծ կարող է դրսևորվել գործի քննությանը խոչընդոտելու միջոցով, սակայն հարկ է փաստել, որ նախաքննությունն ավարտվել է, և գործը գտնվում է Դատարանում։ Այսինքն՝ քննչական և դատավարական ամբողջ գործողությունների կատարված լինելու փաստն էականորեն նվազեցնում է ամբաստանյալի կողմից գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը։ Այլ կերպ ասած՝ Դատարանը չի բացառում ամբաստանյալի կողմից գործի քննությանը խոչընդոտելու ռիսկը, սակայն այս փուլում, երբ ապացույցները հավաքված են և գտնվում են դատարանում, այդ հավանականությունն էականորեն նվազել է։ Անդրադառնալով գործի համար կարևոր նշանակություն ունեցող վկաների վրա ներգործելու հանգամանքին՝ Դատարանը փաստում է, որ այդ մասով խոչընդոտելու հիմքը թեկուզև առկա է, սակայն այնքան է նվազել, որ այլ խափանման միջոցն ի զորու կլինի ապահովել ամբաստանյալի պատշաճ վարքագիծը։ Միաժամանակ հարկ է նշել, որ եթե նույնիսկ որևէ ազդեցության արդյունքում վկաները փոխեն իրենց ցուցմունքները, ապա Դատարանը կաշկանդված չի լինելու, ավելին՝ պարտավոր է գնահատել ինչպես նախաքննական, այնպես էլ դատաքննական ցուցմունքների արժանահավատությունը։ Միաժամանակ, Դատարանը հարկ է համարում փաստել, որ չկա որևէ արգելք, կաշկանդվածություն, որ դատական քննության հետագա փուլերում, ամբաստանյալի կողմից հնարավոր բացասական վարքագիծ ցուցաբերելու դեպքում, չի կարող քննարկվել խափանման միջոց կալանավորման կիրառելիության հարցը։ (…)
Ընդ որում, Դատարանի մեկ այլ որոշմամբ Ալեքսեյ Գոմցյանի նկատմամբ կայացվել է դատավարական հարկադրանքի այլ միջոց՝ պաշտոնավարման կասեցում, որը ևս լրացուցիչ երաշխիք է գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը նվազեցնելու համար։ Այսպիսով՝ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում առկա չէ հասարակական շահ, համապատասխան և բավարար պատճառ, որը, հաշվի առնելով անմեղության կանխավարկածը, արդարացնում է նահանջը անձի ազատության իրավունքի հարգանքից։ (…)
Բացի այդ, Դատարանը թեև գտնում է, որ Ալեքսեյ Գոմցյանի կողմից ենթադրյալ ծանր հանցանք կատարելու հանգամանքը չի կարող անտեսվել և պետք է էական նշանակություն ունենա խափանման միջոցի հարցը քննարկելիս, սակայն դա չի կարող դատավարական ցանկացած փուլում դիտարկվել որպես անբեկանելի հիմք անձին անազատության մեջ պահելու համար։ Բանն այն է, որ Ալեքսեյ Գոմցյանի նկատմանբ խափանման միջոցն ընտրելուց հետո անցել է մոտ 5 ամիս և այս ընթացքում վերջինս գտնվում է կալանքի տակ։ Այլ կերպ ասած՝ տևական ժամանակ անցած լինելու հանգամանքը և կալանքի տակ գտնվելու փաստը ողջամտորեն կարող է խոսել ամբաստանյալի կողմից հետագա պատշաճ վարքագիծ դրևսևորելու հավանականության մասին։ Ընդ որում, պետք է փաստել, որ ամբաստանյալի նկատմամբ հնարավոր մեղադրական դատավճիռ կայացնելու և պատիժ նշանակելու դեպքում, վերջինիս անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը՝ մոտ 5 ամիսը, ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով պետք է հաշվակցվի հնարավոր նշանակվելիք պատժից։ Հետևաբար, Դատարանը հարկ է համարում արձանագրել նաև, որ գործի տվյալ փուլում էապես նվազել է ամբաստանյալի կողմից գործի քննությանը խոչընդոտելու ռեալ հնարավորությունը, ուստի նման պայմաններում անձին շարունակական կալանքի տակ պահելը չի կարող համարվել արդարացված։ (…)
Այսինքն՝ ամբաստանյալ Ա․ Գոմցյանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների կատարման հավանականությունը էականորեն նվազել են, և վերջինիս պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով, այն է՝ նրա նկատմամբ այլ խափանման միջոց՝ գրավ կիրառելու և գրավի գումարի ողջամիտ չափ (ֆինանսական երաշխիք) սահմանելու պարագայում»[2]։ 8․ Վերաքննիչ դատարանի 2022 թվականի հոկտեմբերի 7-ի որոշման համաձայն՝ «(…) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ալեքսեյ Գոմցյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխելու և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց գրավը կիրառելու մասին Առաջին ատյանի դատարանի հետևությունը հիմնավոր է։ Վերաքննիչ դատարանի նման հետևության համար հիմք են հանդիսացել գործում առկա հետևյալ փաստական հանգամանքները՝ 1․ քրեական գործն արդեն գտնվում է դատաքննության փուլում,
2․ ամբաստանյալ Ալեքսեյ Գոմցյանը սույն քրեական գործով շուրջ հինգ ամիս գտնվել է անազատության մեջ, 3․ ամբաստանյալ Ալեքսեյ Գոմցյանի նկատմամբ որպես դատավարական հարկադրանքի միջոց կիրառվել է պաշտոնավարման կասեցումը, 4․ ամբաստանյալ Ալեքսեյ Գոմցյանը նախկինում դատապարտված չի եղել, անձը հայտնի է, ունի բարձրագույն կրթություն, մշտական բնակության վայր, 5․ ամուսնացած է, խնամքին ունի երեք անչափահաս երեխա, ընդ որում նրանցից մեկը հանդիսանում է մինչև երեք տարեկան մանկահասակ երեխա։ Անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկներին, որ քրեական գործի քննությունը դեռևս գտնվում է նախապատրաստական փուլում, ուստիև չեն հարցաքննվել դատակոչված անձինք, չի հետազոտվել որևէ ապացույց և Առաջին ատյանի դատարանը անտեսել է այն հանգամանքը, որ քրեական գործով անցնող բոլոր անձանց հետ Ալեքսեյ Գոմցյանը ունեցել է որոշակի փոխհարաբերություններ, ինչը վկայում է վարույթի ընթացքին խոչընդոտելու բարձր հավանականության մասին, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ այդ հավանականությունն այնքան առարկայացված և ծանրակշիռ չէ, որ հնարավորություն տա սահմանափակել անձի անձնական ազատության սահմանադրական իրավունքը և որպես խափանման միջոց շարունակել պահպանել կալանավորումը։ Հակառակ մեկնաբանության դեպքում կստացվի, որ բոլոր այն դեպքերում, երբ չնայած գործը գտնվի դատաքննության փուլում և լինեն չհարցաքննված վկաներ, ապա կալանավորումը չպետք է գրավով փոփոխվի՝ նկատի ունենալով, որ անօրինական ազդեցություն գործադրելու հավանականությունը, այնուամենայնիվ, առկա է։ Նման մոտեցումը չի բխի անձի անձնական ազատության սահմանադրական իրավունքի էությունից և կհանգեցնի օրենսդրական ձևակերպումների սխալ մեկնաբանման՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ բուն դատաքննության փուլը ժամանակային առումով ունի երկարատև բնույթ։ Այս տեսանկյունից Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Առաջին ատյանի դատարանի այն հետևությանը, որ եթե նույնիսկ որևէ ազդեցության արդյունքում վկաները փոխեն իրենց ցուցմունքները, ապա Առաջին ատյանի դատարանը կաշկանդված չի լինելու, ավելին՝ պարտավոր է գնահատել ինչպես նախաքննական, այնպես էլ դատաքննական ցուցմունքների արժանահավատությունը։ Ընդ որում, Վերաքննիչ դատարանը կարևոր է համարում Առաջին ատյանի դատարանի կողմից այն շեշտադրումը, որ չկա որևէ արգելք, կաշկանդվածություն, որ դատական քննության հետագա փուլերում, ամբաստանյալի կողմից հնարավոր բացասական վարքագիծ ցուցաբերելու դեպքում, չի կարող կրկին քննարկվել խափանման միջոց կալանավորման կիրառելիության հարցը։ Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ հասարակությունում ունեցած դերը, զբաղեցրած պաշտոնից բխող հեղինակությունն ու կապերն օգտագործելն ինքնին բավական վերացարկված դատողություններ են և Վերաքննիչ դատարանը դրանց հետ կարող է համաձայնվել այն դեպքում, երբ բողոքաբերը հստակ կերպով վկայակոչեր գործից բխող որոշակի փաստական տվյալներ և փորձեր դրա վերլուծության արդյունքում ցույց տալ, որ Առաջին ատյանի դատարանի հետևություններն այս մասով անհիմն են, մինչդեռ բողոքաբերը բավարարվել է զուտ ընդհանրական բնույթի դատողություններով, ինչն էլ Վերաքննիչ դատարանին հնարավորություն չի տալիս այս մասով չհամաձայնել Առաջին ատյանի դատարանի եզրահանգման հետ առ այն, որ մեկ այլ որոշմամբ Ալեքսեյ Գոմցյանի նկատմամբ կայացվել է դատավարական հարկադրանքի այլ միջոց՝ պաշտոնավարման կասեցում, որը ևս լրացուցիչ երաշխիք է գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը նվազեցնելու համար։ Ինչ վերաբերում է հատուկ վերանայման բողոքում առկա այն փաստարկին, որ Առաջին ատյանի դատարանի կողմից պատշաճ գնահատականի չեն արժանացել նաև ենթադրաբար խախտված հասարակական հարաբերությունների բնույթն ու կարևորությունը, մեղսագրվող արարքների կատարման եղանակը, հանցավոր մտադրության նպատակը և հետևանքները, և այս ամենը չի համադրվել խոչընդոտելու մտավախության բարձր հավանականությունը փաստելու համար առկա, իր կողմից ներկայացված բողոքում մատնանշված այլ գործոնների հետ, ապա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ պարագայում վերոնշյալ հանգամանքներն իրենց միասնության մեջ այնքան ծանրակշիռ չեն, որ խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելն անթույլատրելի ճանաչվի։ Անդրադառնալով բողոքաբերի կողմից բերված այն փաստարկին, որ Առաջին ատյանի դատարանի կողմից պատշաճ գնահատականի չի արժանացել մեղսագրվող արարքի ծանրության աստիճանը, ապա Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանն իր որոշման մեջ մասնավորապես նշել է՝ «(․․․) Բացի այդ, Դատարանը թեև գտնում է, որ Ալեքսեյ Գոմցյանի կողմից ենթադրյալ ծանր հանցանք կատարելու հանգամանքը չի կարող անտեսվել և պետք է էական նշանակություն ունենա խափանման միջոցի հարցը քննարկելիս, սակայն դա չի կարող դատավարական ցանկացած փուլում դիտարկվել որպես անբեկանելի հիմք անձին անազատության մեջ պահելու համար», ինչի վերաբերյալ Վերաքննիչ դատարանը նույնպես տալիս է իր համաձայնությունը։ Թեև արարքի բնույթով ու վտանգավորության աստիճանով պայմանավորված` ամբաստանյալին մեղսագրվում է ծանր հանցագործություն, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ` առանց գործի փաստական հանգամանքները ներկայացնելու` մեղսագրվող արարքի ծանրության աստիճանն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ մեղադրյալին ազատությունից զրկելու համար (Տե´ս, ի թիվս այլնի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Այվազյանն ընդդեմ Հայաստանի գործով 2018 թվականի հոկտեմբերի 18-ի վճիռը, գանգատ թիվ 46245/08, Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի գործով 2018 թվականի հոկտեմբերի 18-ի վճիռը, գանգատ թիվ 28739/09): Ուստի, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն գործով չեն ներկայացվել այնպիսի ծանրակշիռ փաստական տվյալներ, որոնք կհիմնավորեին ստորադաս դատարանի կողմից ամբաստանյալի նկատմամբ գրավ կիրառելու ոչ իրավաչափ լինելը և դատաքննության տվյալ փուլում նրան անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը։ Այլ կերպ ասած՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում 3․500․000 (երեք միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով սահմանված գրավը կարող է լինել գործուն երաշխիք՝ ազատության մեջ գտնվելու դեպքում ամբաստանյալի ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկերը չեզոքացնելու համար»[3]։ Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
9․ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Այն քրեական գործերը, որոնցով մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը դատական քննություն նշանակելու մասին որոշում է կայացվել, քննվում և լուծվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով»։ Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով»։ Վերոշարադրյալ հոդվածների համակարգային վերլուծությունից պարզ է դառնում, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի հետևությունների իրավաչափությունը գնահատելիս ղեկավարվել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումներով, հետևաբար, Վերաքննիչ դատարանի հետևությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները:
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք խափանման միջոց գրավի կիրառմամբ ամբաստանյալ Ա.Գոմցյանի պատշաճ վարքագծի ապահովման հնարավորության մասին ստորադաս դատարանների հետևությունները։
11. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի համաձայն` «1.Դատարանը, (…) խափանման միջոց կարող [է] կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ (…) մեղադրյալը կարող է`
1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.
2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.
3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.
4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.
5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը:
(…)
3․ Խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության և կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ դրա տեսակն ընտրելու հարցը լուծելիս հաշվի են առնվում`
1) վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը.
2) կասկածյալի կամ մեղադրյալի անձը.
3) տարիքը և առողջական վիճակը.
4) սեռը.
5) զբաղմունքի տեսակը.
6) ընտանեկան դրությունը և խնամարկյալների առկայությունը.
7) գույքային դրությունը.
8) բնակության մշտական վայրի առկայությունը.
9) այլ էական հանգամանքներ»:
Նույն օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն`
«Դատարանը, համապատասխան շարժառիթները շարադրելով, իրավունք ունի մեղադրյալին կալանքից գրավով ազատելը ճանաչել անթույլատրելի առանձին դեպքերում, մասնավորապես, եթե հայտնի չէ մեղադրյալի անձը, նա չունի մշտական բնակության վայր կամ փորձել է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից»: Կալանավորման այլընտրանքային խափանման միջոցի` գրավի կիրառելիության հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ասլան Ավետիսյանի գործով որոշմամբ` իրավական դիրքորոշում հայտնելով այն մասին, որ «(…) [Ա]նձին կալանքի տակ պահելու անհրաժեշտության հիմնավորումը կարող է դրվել գրավի կիրառումը մերժելու պատճառաբանության հիմքում` պայմանով, որ այդ պատճառաբանությունը հիմնված լինի գործով առկա փաստական տվյալների վրա (…): (…) Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջի վերաբերյալ արված իրավական մեկնաբանություններում չի արգելվում չնշված առանձին դեպքերում անձին երաշխիքով ազատ արձակելը ճանաչել անթույլատրելի. մասնավորապես, երբ առկա է անձի կողմից թաքնվելու կամ գործով ճշմարտությունը բացահայտելու ընթացքին միջամտելու վտանգ, կամ երբ դա անհրաժեշտ է հանցագործությունը կանխելու կամ հասարակական կարգի պահպանությունն իրականացնելու համար: (…) [Գ]րավի կիրառման անթույլատրելիության հարցը պետք է քննարկվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի համատեքստում, որտեղ նշված են խափանման միջոց կիրառելու այլ հիմքեր, այդ թվում նաև` մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը խոչընդոտելու հիմքը»[4]: Անդրադառնալով կալանքը գրավով փոխարինելու հարցը լուծելիս անձին մեղսագրվող արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը պատշաճ գնահատման ենթարկելու անհրաժեշտության հարցին՝ Վճռաբեկ դատարանը Սամվել Մարգարյանի գործով իրավական դիրքորոշում է ձևավորել առ այն, որ «(…) [Գրավի] թույլատրելիության հարցի լուծման ժամանակ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված՝ մեղադրյալին վերագրվող արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը գնահատելիս դատարանը պետք է գործով ներկայացված ապացույցների հիման վրա պարզի մեղադրյալին վերագրվող հանցագործության կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, իսկ հանցակցության դեպքում՝ հանցավորի կատարած արարքը և հանցագործությանը նրա մասնակցության աստիճանը։ Այլ խոսքով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների կատարման հավանականությունը գնահատելիս և, հետևաբար, դրա հիման վրա մեղադրյալի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելիս դատարանը, ի թիվս այլոց, պետք է պատշաճ գնահատման ենթարկի մեղսագրվող արարքի կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը և արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը բնութագրող այլ հանգամանքները: (…)»[5]: Կալանավորման հիմքերի առկայության կամ բացակայության մասին դատարանի հետևությունների հիմքում դրված փաստական տվյալներն իրենց ամբողջության մեջ գնահատելու անհրաժեշտության հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Տիգրան Պետրոսյանի գործով որոշմամբ` իրավական դիրքորոշում հայտնելով այն մասին, որ «(…) [Կ]ալանավորման հիմք(եր)ի առկայության կամ բացակայության մասին դատարանի հետևությունները պետք է հիմնված լինեն ոչ թե այդ փաստական տվյալները մեկը մյուսից անջատ, ինքնավար հետազոտման ենթարկելու, այլ դրանք իրենց համակցության մեջ գնահատման ենթարկելու արդյունքում ձևավորվող փաստարկված դատողությունների վրա։ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ համապատասխան փաստական տվյալներն իրենց ամբողջության մեջ չվերլուծելը, դրանք իրարից անջատ գնահատելը կարող է հանգեցնել կալանավորման հիմքի առկայության կամ բացակայության մասին չհիմնավորված եզրահանգման գալուն։ Հետևաբար խնդրո առարկա հարցը լուծելիս դատարանի հետևությունները յուրաքանչյուր դեպքում պետք է հիմնված լինեն գործի նյութերում առկա ապացույցների, փաստերի կամ այլ տեղեկությունների, այդ թվում՝ քրեական օրենքով արգելված ենթադրյալ հանցանքի կատարման պահից ի վեր մեղադրյալի դրսևորած վարքագծի և նրա անձը բնութագրող այլ հատկանիշների՝ իրենց ամբողջության մեջ գնահատման վրա (…)»[6]: Բացի այդ, Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ գործով որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է․ «[Ս]տորադաս դատարանները պատշաճ ուշադրության չեն արժանացրել այն առանցքային փաստական տվյալը, որ մեղադրյալը, քրեական օրենքով արգելված ենթադրյալ արարքները կատարելիս, եղել է պաշտոնատար անձ: (…)
Ընդ որում, [Մասիսի քաղաքապետի] պաշտոնը նա շարունակել է զբաղեցնել նաև քրեական վարույթի ընթացքում` օգտվելով նաև դրանից բխող իշխանությունից: Նման պայմաններում, էապես բարձր է եղել հավանականությունն առ այն, որ ազատության մեջ գտնվելու դեպքում, մեղադրյալ Դ.Համբարձումյանը կարող է դրսևորել ոչ իրավաչափ վարքագիծ և խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական գործով որպես մեղադրյալ և վկա ներգրավված անձինք որոշակի փոխհարաբերությունների մեջ են գտնվել Դ.Համբարձումյանի հետ»[7]։
12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.
- Ա․ Գոմցյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311․2 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր մտերիմ, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի բաժնի նախկին պետ Հայկ Մանուկյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբով, հիշյալ պաշտոնից բխող իր ենթադրյալ ազդեցությունը շահադիտական շահագրգռվածությունից ելնելով օգտագործելով նույն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Տիգրան Եգանյանի օգտին պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունների շրջանակում գործողություն կատարելուն նպաստելու համար, վերջինից անձամբ պահանջել և Ալբերտ Ռուշանյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով գումար[8]:
- Առաջին ատյանի դատարանը, վկայակոչելով տվյալ քրեական գործով ապացույցները հավաքված լինելու, գործի դատարանում գտնվելու, Ա․Գոմցյանի՝ մինչդատական վարույթի ընթացքում մոտ հինգ ամիս անազատության մեջ պահվելու, նրա լիազորությունները կասեցված լինելու, ինչպես նաև վերջինիս անձը բնութագրող հանգամանքները, գտել է, որ ամբաստանյալի կողմից գործի քննությանը խոչընդոտելու ռիսկն էականորեն նվազել է, և նրա պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցի կիրառմամբ[9]։
- Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, արձանագրել է, որ սույն գործով չեն ներկայացվել այնպիսի ծանրակշիռ փաստական տվյալներ, որոնք կհիմնավորեին ստորադաս դատարանի կողմից ամբաստանյալի նկատմամբ գրավ կիրառելու ոչ իրավաչափ լինելը և դատաքննության տվյալ փուլում նրան անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը[10]։
13. Նախորդ կետում նշված փաստական հանգամանքները գնահատման ենթարկելով սույն որոշման 11-րդ կետում մեջբերված իրավական նորմերի և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարաններն ամբաստանյալ Ա․Գոմցյանի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելիս չեն պահպանել Վճռաբեկ դատարանի կողմից ձևավորված նախադեպային իրավունքի պահանջները[11] և անտեսել են սույն գործի փաստական հանգամանքների առանձնահատկությունները, որոնք, իրենց համակցության մեջ, բավարար էին ենթադրելու, որ Ա․Գոմցյանն ազատության մեջ մնալով, կարող է խոչընդոտել դատարանում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով։ Այսպես, ենթադրյալ հանցագործությանն Ա․Գոմցյանի մասնակցության աստիճանը գնահատելիս ստորադաս դատարանների կողմից պատշաճ ուշադրության պետք է արժանանար նրա որոշակի ակտիվ դերակատարումը: Մասնավորապես՝ ըստ առաջադրված մեղադրանքի՝ Ա․Գոմցյանը գործելով խմբի կազմում, դատապարտյալ Տիգրան Եգանյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար, վերջինից անձամբ է պահանջել առանձնապես խոշոր չափերի գումարը, այնուհետև 2022 թվականի ապրիլի 21-ին, Ա․Գոմցյանը և Հ.Մանուկյանը պայմանավորվածություն են ձեռք բերել վերջինիս կողմից Ա.Ռուշանյանի հետ Երևան գնալու, Ս.Պետրոսյանին հանդիպելու և գումարը նրանից վերցնելու վերաբերյալ, ինչի մասին Ա․Գոմցյանը տեղեկացրել է Ա․Ռուշանյանին՝ նրան փոխանցելով Ս․Պետրոսյանի բջջային հեռախոսահամարը։ Վերոնշյալի հետ մեկտեղ, ստորադաս դատարանների կողմից հաշվի չի առնվել հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, մասնավորապես, այն, որ Ա․Գոմցյանը, ըստ մեղադրանքի, ոչ միայն առանձնապես խոշոր չափերի գումար է պահանջել, այլև այն ստանալուն ուղղված կոնկրետ միջոցներ ձեռնարկել:
14. Բացի այդ, ստորադաս դատարանները պատշաճ ուշադրության չեն արժանացրել այն հանգամանքը, որ ամբաստանյալը, քրեական օրենքով արգելված ենթադրյալ արարքը կատարելիս, եղել է պաշտոնատար անձ: Այս առումով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ, ի թիվս այլնի, անձի ազատության իրավունքի սահմանափակման հարցը լուծելիս առանձնահատուկ դերակատարում ունի նրա` հասարակությունում ունեցած դերը, զբաղեցրած պաշտոնն ու հնարավոր ազդեցությունը գործով անցնող վկաների վրա, նրա հնարավորությունները՝ խոչընդոտելու վարույթի բնականոն ընթացքին[12]։ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ա․Գոմցյանը քրեական օրենքով արգելված ենթադրյալ արարքը կատարելիս զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը, որպիսի հանգամանքը բարձրացնում է հավանականությունն առ այն, որ ազատության մեջ գտնվելու դեպքում վերջինս պաշտոնից բխող ազդեցությունն օգտագործելով, կարող է դրսևորել ոչ իրավաչափ վարքագիծ և խոչընդոտել գործի քննությանը՝ հատկապես հաշվի առնելով, որ սույն գործով դատական նիստին կանչված վկա Տ․Եգանյանը պատիժ է կրում նույն քրեակատարողական հիմնարկում, որտեղ պաշտոն է զբաղեցրել Ա․Գոմցյանը։ Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում պաշտոնից բխող ազդեցությունն օգտագործելով գործի քննությանը խոչընդոտելու հավանականության վերացարկված լինելու մասին Վերաքննիչ դատարանի դատողություններին։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, նման դատողություններ անելիս, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Ա․Գոմցյանին մեղսագրվել է պաշտոնից բխող ազդեցությունն օգտագործելով ենթադրյալ հանցավոր արարքի կատարում։
15. Անդրադառնալով ստորադաս դատարանների այն դատողություններին, որ նախաքննությունն ավարտվելու և գործը դատարանում գտնվելու, ինչպես նաև Ա․Գոմցյանի՝ մոտ հինգ ամիս անազատության մեջ պահվելու պայմաններում էապես նվազել է ամբաստանյալի կողմից գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչդատական վարույթի ավարտված լինելը, ինչպես նաև մինչդատական վարույթի ընթացքում մեղադրյալի կալանքի տակ գտնվելու տևողությունն ինքնին չեն կարող առանցքային նշանակություն ունենալ գործի դատական քննության փուլում ամբաստանյալի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու ռիսկերը գնահատելու հարցում։ Վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ դատական քննության փուլում մեղադրյալի (ամբաստանյալի) նկատմամբ խափանման միջոցի կիրառման հարցը քննարկելիս, վերաբերելի գործոնների հաշվառմամբ, գնահատման է ենթարկվում մեղադրյալի (ամբաստանյալի) մասնակցությամբ գործի պատշաճ դատական քննության հանրային շահը, ինչը ենթակա է գնահատման քրեական վարույթի տվյալ փուլում մեղադրյալի (ամբաստանյալի) կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականության համատեքստում։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի դատական քննության փուլում մեղադրյալի (ամբաստանյալի) կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականությունը գնահատելիս, ի թիվս այլ հանգամանքների, պետք է հաշվի առնել դատաքննության ընթացքում կատարվելիք դատական գործողությունների ողջամտորեն սպասվելիք ծավալները և բնույթը, ինչպես նաև դրանց օբյեկտիվության վրա մեղադրյալի կողմից ազդեցություն գործելու հնարավորությունը։ Վերոգրյալը հատկապես կարևոր է քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու ճանապարհով դատարանում մեղադրյալի (ամբաստանյալի) կողմից գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը գնահատելու համար, ինչը, սակայն, հաշվի չի առնվել ստորադաս դատարանների կողմից՝ Ա.Գոմցյանի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելիս։ Մասնավորապես, ստորադաս դատարանները պատշաճ գնահատման չեն արժանացրել այն հանգամանքը, որ սույն գործով կատարվելիք դատական գործողությունները, ի թիվս այլնի, ենթադրելու են նաև դատական նիստին կանչված անձանց հնարավոր հարցաքննություններ։
16. Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի փաստական հանգամանքները համակողմանի գնահատման չեն ենթարկվել ստորադաս դատարանների կողմից, ինչի արդյունքում հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ Ա.Գոմցյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված գրավը, դատական քննության տվյալ փուլում, ի զորու չէ հակակշռելու վերջինիս ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկը` հնարավորություն տալով ապահովելու նրա անձնական ազատության իրավունքի և վերջինիս մասնակցությամբ գործի պատշաճ քննության հանրային շահի միջև արդարացի հավասարակշռությունը։ Այլ կերպ, ստորադաս դատարանները համակողմանի գնահատման չեն ենթարկել այն, որ սույն գործով անցնող դատավարության մասնակիցների նկատմամբ հնարավոր անօրինական ազդեցություն գործադրելու բարձր հավանականության պայմաններում, գրավը չէր կարող լինել արդյունավետ իրավական ներգործության միջոց, որը կկաշկանդեր նրան դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ և գրավի առարկան գրավատուի կողմից կորցնելու վտանգի սպառնալիքով կչեզոքացներ նաև նրա ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկը։ Ինչ վերաբերում է ստորադաս դատարանների կողմից որպես Ա.Գոմցյանի անձը բնութագրող տվյալներ նշված հանգամանքներին, ինչպես նաև վերջինիս լիազորությունները կասեցված լինելու փաստին, ապա դրանք, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների պայմաններում Ա.Գոմցյանի ոչ պատշաճ վարքագծի դրսևորման ռիսկերը հակակշռող բավարար գործոններ չեն։ Հետևաբար, դրանք ի զորու չեն երաշխավորելու ազատության մեջ գտնվելու դեպքում ամբաստանյալի պատշաճ վարքագիծը։
17. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետևությունն առ այն, որ գրավը կարող է լինել արդյունավետ միջոց՝ չեզոքացնելու համար ազատության մեջ գտնվելու դեպքում ամբաստանյալ Ա.Գոմցյանի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականությունը, հիմնավոր չէ։
18. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ են տվել 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ և 143-րդ հոդվածների պահանջների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն՝ հիմք են ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ա.Գոմցյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, պետք է թողնել անփոփոխ, իսկ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի արտաբյուջետային թիվ 900018009085 դեպոզիտ հաշվին որպես գրավ մուծված 3․500․000 (երեք միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարը՝ վերադարձնել գրավատուին։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Ամբաստանյալ Ալեքսեյ Շոթայի Գոմցյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոփոխելու, նրա նկատմամբ որպես խափանման միջոց 3․500․000 (երեք միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով գրավ ընտրելու մասին ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 2022 թվականի սեպտեմբերի 12-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2022 թվականի հոկտեմբերի 7-ի որոշումն ամբողջությամբ բեկանել։
2. Ամբաստանյալ Ալեքսեյ Գոմցյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն այլ խափանման միջոցով փոխարինելու մասին պաշտպաններ Ա․Հայրապետյանի և Է․Թումասյանի միջնորդությունը մերժել, Ա.Գոմցյանի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչել անթույլատրելի և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնել անփոփոխ։
3. ՀՀ հակակոռուպցիոն դատարանի արտաբյուջետային թիվ 900018009085 դեպոզիտ հաշվին որպես գրավ մուծված 3․500․000 (երեք միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարը վերադարձնել գրավատուին։
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
Նախագահող` Ս.ՉԻՉՈՅԱՆ
Դատավորներ` Ա. ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Կ. ԲԻՇԱՐՅԱՆ
Ծանոթագրություններ
[1] Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 46-48:
[2] Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 119-127:
[3] Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 39-60:
[4] Տե´ս Ասլան Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2008 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԱՎԴ/0022/06/08 որոշումը, կետեր 34-36: [5] Տե´ս Սամվել Մարգարյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵԷԴ/0138/06/13 որոշումը, կետ 14: [6] Տե՛ս Տիգրան Պետրոսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ԵԿԴ/0084/06/16 որոշումը, կետ 13։ [7] Տե´ս Դավիթ Համբարձումյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ԵԴ/0700/06/18 որոշումը, կետ 16: [8] Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։
[9] Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
[10] Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
[11] Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ թեև մեջբերված իրավական դիրքորոշումները վերաբերում են մինչդատական վարույթի ընթացքում խափանման միջոցների կիրառման իրավաչափությանը, սակայն կիրառելի են նաև սույն գործի փաստերի նկատմամբ։ [12] Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Khodorkovskiy v. Russia գործով 2011 թվականի մայիսի 31-ի վճիռը, գանգատ թիվ 5829/04, կետեր 188-189, Amirov v. Russia գործով 2014 թվականի նոյեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 51857/13, կետեր 103-107:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 9 դեկտեմբերի, 2022 թ.
- Գործի #:
- ՀԿԴ/0015/01/22
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
