Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/Առուշանյան — ՍԴ/0043/01/21
ՎճռաբեկԿոռուպցիոն քրեականAI Ինդեքսավորված

Առուշանյան — ՍԴ/0043/01/21

Վճռաբեկ դատարանՍԴ/0043/01/2128 նոյեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 18. Անմեղության կանխավարկածը · Հոդված 143. Գրավը
PDF

Ամփոփում

Պ Ա Ր Զ Ե Ց Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2019 թվականի մայիսի 27-ին ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնում հարուցվել է թիվ 32153719 քրեական գործը: 2020 թվականի դեկտեմբերի 28-ին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Ա.Գեղամյանի որոշմամբ մեղադրյալ Առուշ Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 2.000.000 ՀՀ դրամի չափով գրավը, որը 2020 թվականի դեկտեմբերի 30-ին մեղադրյալ Ա․ Առուշանյանի կողմից փոխանցվել է ՀՀ դատախազության դեպոզիտ հաշվեհամարին։ ՀՀ քննչական կոմիտեի հատկապ

Ամբողջ Տեքստ

ՍԴ/0043/01/21

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Սյունիքի մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան

նախագահող դատավոր՝ Գ.Գասպարյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան

նախագահող դատավոր՝ Ա.Բեկթաշյան

2024 թվականի նոյեմբերի 28-ին քաղաք Երևանում

ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ

Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆԻ

Ս.ՉԻՉՈՅԱՆԻ

Դ․ՎԵՔԻԼՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2021 թվականի դեկտեմբերի 15-ի որոշման դեմ ամբաստանյալ Առուշ Գագիկի Առուշանյանի պաշտպան Դ․Կարապետյանի վճռաբեկ բողոքը[1],

Պ Ա Ր Զ Ե Ց

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2019 թվականի մայիսի 27-ին ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնում հարուցվել է թիվ 32153719 քրեական գործը: 2020 թվականի դեկտեմբերի 28-ին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Ա.Գեղամյանի որոշմամբ մեղադրյալ Առուշ Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 2.000.000 ՀՀ դրամի չափով գրավը, որը 2020 թվականի դեկտեմբերի 30-ին մեղադրյալ Ա․ Առուշանյանի կողմից փոխանցվել է ՀՀ դատախազության դեպոզիտ հաշվեհամարին։ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Ա.Գեղամյանի որոշմամբ թիվ 32153719 քրեական գործից մաս է առանձնացվել և նախաքննությունը շարունակվել է թիվ 69105821 համարով։ 2․ 2021 թվականի հունիսի 16-ին թիվ 69105821 քրեական գործն ըստ մեղադրանքի Առուշ Գագիկի Առուշանյանի` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 308-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով, և մյուսների վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան), որին շնորհվել է թիվ ՍԴ/0043/01/21 համարը: 2021 թվականի հունիսի 30-ին թիվ 69107021 քրեական գործն ըստ մեղադրանքի Հրայր Գևորգի Բաղդասարյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Առաջին ատյանի դատարան, որին շնորհվել է թիվ ՍԴ/0054/01/21 համարը։ 2021 թվականի հուլիսի 12-ին Առաջին ատյանի դատարանի որոշմամբ թիվ ՍԴ/0054/01/21 քրեական գործը միացվել է թիվ ՍԴ/0043/01/21 քրեական գործին։ 3․ 2021 թվականի հունիսի 18-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 154․2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հարուցվել է թիվ 61206621 քրեական գործը։ 3․1․ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի հուլիսի 16-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է, և թիվ 61206621 քրեական գործով մեղադրյալ Ա․Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` երկու ամիս ժամկետով։ 4․ 2021 թվականի օգոստոսի 23-ին թիվ 61206621 քրեական գործն ըստ մեղադրանքի Ա․Առուշանյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, և մյուսների վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Առաջին ատյանի դատարան, որին շնորհվել է թիվ ՍԴ1/0056/01/21 համարը։ Առաջին ատյանի դատարանի 2021 թվականի սեպտեմբերի 10-ի որոշմամբ մեղադրյալ Ա․Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրած կալանավորումը թողնվել է անփոփոխ: Առաջին ատյանի դատարանի 2021 թվականի հոկտեմբերի 8-ի որոշմամբ թիվ ՍԴ1/0056/01/21 քրեական գործը միացվել է թիվ ՍԴ/0043/01/21 քրեական գործին, և դատաքննությունը շարունակվել է շ ՍԴ/0043/01/21 քրեական գործի համարով՝ դատավոր Գ.Գասպարյանի նախագահությամբ: 5․ 2021 թվականի նոյեմբերի 5-ին Առաջին ատյանի դատարանի որոշմամբ մեղադրող դատախազի միջնորդությունը բավարարվել է, և ամբաստանյալ Ա․Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ 2.000.000 ՀՀ դրամ գումարի չափով գրավը, դարձվել է պետության եկամուտ:

6. Ամբաստանյալ Ա․Առուշանյանի պաշտպան Դ․Կարապետյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ բողոքը մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի 2021 թվականի նոյեմբերի 5-ի որոշումը՝ թողնվել անփոփոխ։

7. Վերաքննիչ դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 15-ի որոշման դեմ ամբաստանյալ Ա․Առուշանյանի պաշտպան Դ․Կարապետյանը վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի 2022 թվականի ապրիլի 18-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։ 2023 թվականի հուլիսի 14-ին գործը բաշխվել (հանձնվել) է ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմին։ 7․1․ Վճռաբեկ դատարանի 2024 թվականի փետրվարի 29-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ: Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակը գտել է, որ ստորադաս դատարանների որոշումները հիմնավոր չեն և կայացվել են դատավարական իրավունքի էական խախտումներով, որոնք ազդել են գործի ելքի վրա։ Բողոքաբերը բարձրացվող հարցերում նշել է, թե արդյոք վիճարկվող դատական ակտերով չի խախտվել անձի անմեղության կանխավարկածը և արդյոք գործը վարույթ ընդունած դատարանը՝ քրեական գործերի միացման դեպքում, անձի նկատմամբ երկու տարբեր /ազատությունից զրկելու հետ կապված և չկապված/ խափանման միջոցներ կիրառված լինելու պայմաններում չպետք է կրկին քննարկման առարկա դարձնի խափանման միջոցի հարցը։ 9․ Բողոքաբերը գտել է, որ գրավը քրեադատավարական իմաստով գոյություն ունի այնքան ժամանակ, քանի դեռ այդ դրամական միջոցը կամ արժեքը պահվում է համապատասխան դեպոզիտ հաշվում: Պետության եկամուտ դարձնելու հիմքն անձի կողմից 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարումն է, իսկ գույքի սեփականատիրոջը վերադարձնելու պայմաններն են՝ երբ չի ապացուցվել հիշյալ հոդվածով նախատեսված արարքներ կատարելու հանգամանքը կամ փոփոխվել (վերացվել) է տվյալ խափանման միջոցը: Այսինքն, երկու դեպքում էլ՝ թե´ պետության եկամուտ դարձնելու, թե´ սեփականատիրոջը վերադարձնելու հարցի քննարկման ժամանակ, գրավը քրեադատավարական իմաստով պետք է փաստացի գոյություն ունենա, հակառակ իրավիճակը հանգեցնելու է գույքի սեփականատիրոջ սահմանադրորեն պաշտպանվող իրավունքների անվերականգնելի խախտման՝ հաշվի առնելով պետության եկամուտ դարձված գույքի վերադարձման իրավական մեխանիզմի բացակայությունը: Մասնավորապես, եթե գրավը դարձվել է պետության եկամուտ, ապա որպես այդպիսին այն այլևս գոյություն ունենալ չի կարող, ուստի այդ պայմաններում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված իրավակարգավորումը դառնում է ոչ կիրառելի՝ իր բացասական հետևանքներով, իսկ օրենսդիրը, ակնհայտ է, որ այդ նորմը սահմանելով՝ նման նպատակ ունենալ չէր կարող, ուստի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված իրավանորմի կիրառման անհնարինության բացառման անհրաժեշտությամբ պայմանավորված հիշյալ նորմով սահմանված հանգամանքի ապացուցման կամ հերքման հարցը քննարկելիս գրավը՝ որպես քրեադատավարական հասկացություն և նյութական արժեք, պետք է գոյություն ունենա և գտնվի համապատասխան դեպոզիտ հաշվում: 10․ Անդրադառնալով Ա․Առուշանյանի անմեղության կանխավարկածին՝ բողոքաբերը գտել է, որ դատարանի խնդիրն է հաստատել կամ բացառել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներ կատարված լինելու հանգամանքը, իսկ նման՝ մասնավորապես նոր հանցավոր արարքի ենթադրաբար կատարման հիմքի մասին եզրահանգման կարող է գալ միայն գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս խորհրդակցական սենյակում և այդ ժամանակ էլ կարող է անդրադառնալ գրավը պետության եկամուտ դարձնելու հարցին։ Բողոքի հեղինակը նշել է նաև, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներ կատարված լինելու հանգամանքի ապացուցման անհրաժեշտություն սահմանող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 9-րդ մասի մեկնաբանությունից երևում է, որ օրենսդիրը երկու դեպքում էլ օգտագործել է «ապացուցում» հասկացությունը, որի ընթացակարգն օրենքով նախատեսված է: Հիշյալ իրավակարգավորումներից հետևում է, որ անձի կողմից հանցավոր արարքի կատարումը երկու դեպքում էլ պետք է ապացուցվի օրենքով նախատեսված կարգով՝ համակցության մեջ դրանք գնահատելու եղանակով՝ քրեադատավարական համապատասխան փուլում, իսկ անձի մեղավորությանը գնահատական տալու փուլը դատարանի համար խորհրդակցական սենյակում գտնվելու և դատական ակտ հրապարակելու ժամանակն է: 11․ Վերոգրյալից ելնելով՝ բողոքաբերը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի 2021 թվականի նոյեմբերի 5-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ քրեական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 15-ի որոշումը։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

12. Առուշ Գագիկի Առուշանյանին 2021 թվականի մայիսի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ի կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով, իսկ 2021 թվականի օգոստոսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի 35-154․2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 38-154․2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով մեղադրանքներ են առաջադրվել այն բանի համար, որ․ «Նա նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրի վարչական տարածքում զբաղվել հանքարդյունաբերությամբ և հանքանյութի վերամշակմամբ, այսինքն՝ դրսևորելով շահույթ ստանալու շահագրգռվածություն, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Վերիշենի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Վերիշենի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին ՀՀ կառավարության 09.03.2006թ. № 375-Ն որոշման հիման վրա Վերիշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող 09-096-0244-0022 կադաստրային ծածկագրով 0,555 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ 23.04.2019 թվականին նախ գրանցել է Գորիս համայնքի սեփականության իրավունքը, այնուհետև՝ Գորիս համայնքի ավագանու 02.05.2019 թվականի № 30-Ա որոշմամբ այն դրել է աճուրդի: ․․․ Այնուհետև առանց հողի նպատակային նշանակության փոփոխության ինչպես վերը նշված հողատարածքում, այնպես էլ դրա սահմաններից դուրս՝ տարբեր քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերում իրականացվել են հողաշինարարական և հողօգտագործման աշխատանքներ, իսկ Առուշ Առուշանյանը, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերի համաձայն ունենալով համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, ապօրինի հողօգտագործումը կանխարգելելու, կասեցնելու և վերացնելու սեփական լիազորություններ, կրելով ՀՀ հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների կատարման, հողամասերն ըստ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու, հողօգտագործման սահմանների և սահմանանիշերի պահպանման, հողերի պահպանմանն ուղղված միջոցառումների, հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտի հանման, պահպանման և օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ համայնքի վարչական սահմաններում ապօրինի հողօգտագործումը կանխարգելու, կասեցնելու և վերացնելու, օրենքով սահմանված դեպքերում ու կարգով հողային օրենսդրության պահանջները խախտողների նկատմամբ վարչական տույժեր կիրառելու, ինչպես նաև իրավախախտում թույլ տված անձանց` օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ իրավասու մարմիններին հաղորդումներ ներկայացնելու պարտականություններ, քաջատեղյակ լինելով այդպիսի աշխատանքների կատարման մասին և ունենալով շահադիտական ու անձնական այլ շահագրգռվածություն, այդ ուղղությամբ դիտավորությամբ որևէ միջոց չի ձեռնարկել: ․․․

Բացի այդ, Առուշ Առուշանյանն, իր ընտանիքին պատկանող, սակայն իր կողմից փաստացի ղեկավարվող «Արստալ» ՍՊ ընկերությունում (այսուհետ՝ ընկերություն) 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին կատարված գույքագրմամբ արձանագրված 32,588,792 ՀՀ դրամի պակասորդի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու և պատճառված վնասը հատուցելուն հարկադրելու նպատակով, իր ընտանիքին պատկանող խանութների ցանցի հաշվապահ Հայկ Մնացականյանի միջոցով, 2020 թվականի փետրվարի 8-ին ընկերության՝ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող Շորին Ձոր կոչվող տեղանքի պահեստ է կանչել այդ ընկերությանը պատկանող, Գորիս համայնքի Սյունիքի 14 հասցեում գործունեություն ծավալող շինանյութերի խանութի պատասխանատու վաճառող Գուրգեն Սամվելի Հովսեփյանին: Նույն օրը՝ ժամը 19-ից 21-ի սահմաններում, նշված պահեստի աշխատասենյակում Գուրգեն Հովսեփյանի հետ հանդիպման ընթացքում, երբ վերջինս հերքել է իր կողմից յուրացում կատարելու հանգամանքը, Առուշ Առուշանյանն իր՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք) սահմանված իրական իրավունքներն իրացնելու, այն է՝ Օրենսգրքի 177-178-րդ հոդվածներով սահմանված կարգով առերևույթ հանցագործության մասին քրեական գործ հարուցելու իրավասություն ունեցող մարմիններին հաղորդում ներկայացնելու, պատճառված ենթադրյալ վնասի վերականգնման վերաբերյալ Օրենսգրքի 58-61-րդ հոդվածներով սահմանված, ինչպես նաև այլ քրեադատավարական կամ քաղաքացիադատավարական ընթացակարգերին դիմելու փոխարեն և այդպիսի կարգի խախտմամբ, ինքնակամ իրականացրել է իր այդ իրական կամ ենթադրյալ իրավունքները, մասնավորապես՝ ֆիզիկական բռնություն գործադրելով՝ մարմնի տարբեր մասերին բազմաթիվ հարվածներ հասցնելով, ինչպես նաև հետագայում ևս այդպիսի բռնություն գործադրելու սպառնալիքով, որպես պատճառված ենթադրյալ վնասի դիմաց փոխհատուցման միջոց, Գուրգեն Հովսեփյանից պահանջել է իրեն հանձնել վերջինիս սեփականության իրավունքով պատկանող «Նիսսան Պայտֆայնդեր» մակնիշի 01ՍD099 համարանիշի ավտոմեքենան, ինչպես նաև բանկում գրավադնել կնոջ հարազատներին պատկանող բնակարանը և ստացած վարկային միջոցները տրամադրել իրեն: ․․․ Բացի այդ, Առուշ Առուշանյանը 2020 թվականի օգոստոսի 28-ին իր ընկերների՝ Էրիկ Արթուրի Աղաջանյանի և Հարութ Սամվելի Լալազարյանի հետ խմբի կազմում, խուլիգանական դրդումներով Արթուր Վահրամի Գյուրջյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է կյանքի համար ոչ վտանգավոր մարմնական վնասվածքներ: ․․․ Ինչպես նաև 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ նախապատրաստել է ծանր հանցագործություն՝ ընտրություններին մասնակցելու և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալը, սակայն նրա կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցվել: Բացի այդ, Առուշ Առուշանյանը, սոցիալապես անապահով վիճակում գտնվելու փաստով պայմանավորված կախվածության մեջ գտնվելն օգտագործելով, Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի միջոցով կազմակերպել է նույն բնակավայրի երկու և ավելի ընտրողի 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելուն և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը: Այսպես.ՀՀ նախագահի 2021 թվականի մայիսի 10-ի թիվ ՆՀ-99-Ն հրամանագրով ՀՀ-ում 2021 թվականի հունիսի 20-ին նշանակվել են Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ: Նշված ընտրություններին մասնակցելու համար, ի թիվս այլ կուսակցությունների ու դաշինքների, առաջադրվել է նաև «Հայաստան» դաշինքը, որի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցրել է Առուշ Գագիկի Առուշանյանը: «Հայաստան» դաշինքի օգտին Սյունիքի մարզի Գորիս համայնքի ընտրողներից առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով, նույն համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը մտադրվել է քվեի դիմաց ընտրողներին տալ կաշառք՝ ընտրություններին նրանց մասնակցությունը և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելն ապահովելու համար: Իր հանցավոր նպատակի իրականացման համար 2021 թվականի հունիսին՝ ընտրություններից մի քանի օր առաջ, Առուշ Առուշանյանը Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի աշխատասենյակում հանդիպել է վերջինիս և առաջարկել ընտրություններից հետո դրամական օգնություն տրամադրել այն ընտրողներին, ովքեր կխոստանան ընտրել «Հայաստան» դաշինքին՝ այդ կերպ՝ հանցավոր նպատակի իրագործումը հեշտացնելու համար պայմաններ ստեղծելու եղանակով ուղղակի դիտավորությամբ նախապատրաստելով ծանր հանցագործություն՝ երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալը: Նկարագրված հանցագործությունը, սակայն, ավարտին չի հասցվել Առուշ Առուշանյանի կամքից անկախ հանգամանքներով, քանի որ Լուսինե Ավետյանը հրաժարվել է հանդիպել ընտրողներին և «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու դիմաց նրանց առաջարկել դրամական օգնության տեսքով կաշառք: Բացի այդ, 2021 թվականի ապրիլի 28-ին Առուշ Առուշանյանի պահանջով Լուսինե Ավետյանը կազմակերպել է նրա հանդիպումը Քարահունջ բնակավայրի մի շարք բնակիչների, այդ թվում՝ Սաթիկ Սինանյանի, Նարինե Արզումանյանի, Լիանա Մկրտչյանի, Ալինա Օհանջանյանի և Նաիրա Սարգսյանի հետ, ովքեր Առուշ Առուշանյանից տարբեր խնդիրների լուծման համար դրամական աջակցություն են խնդրել: Այնուհետև Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի 2021 թվականի մայիսի 5-ի թիվ 265-Ա որոշման հիման վրա Սաթիկ Սինանյանի որդուն՝ Հարութ Սինանյանին, Նարինե Արզումանյանին, Ալինա Օհանջանյանին և Նաիրա Սարգսյանին բանկային փոխանցման միջոցով տրամադրվել է 100.000-ական ՀՀ դրամ, իսկ Լիանա Մկրտչյանին՝ 220.000 ՀՀ դրամ: Հետագայում՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում, Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, «Հայաստան» դաշինքի օգտին Սյունիքի մարզի Գորիս համայնքի ընտրողներից առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով, կազմակերպել է սոցիալապես անապահով վիճակում գտնվելու փաստով պայմանավորված կախվածության մեջ գտնվող երկու և ավելի ընտրողներին ընտրությանը մասնակցելուն և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը, այն է՝ իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանին հանձնարարել է ստանձնել «Հայաստան» դաշինքի՝ Քարահունջ բնակավայրի նախընտրական շտաբի ղեկավարման աշխատանքները և բոլոր ռեսուրսները, այդ թվում՝ մինչ այդ պահը Գորիսի համայնքապետարանից արդեն իսկ դրամական օգնություն ստացածներին մեկտեղել, որ նրանք մասնակցեն ընտրություններին և ընտրեն «Հայաստան» դաշինքին: Առուշ Առուշանյանի կազմակերպմամբ Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանն իր հերթին 2021 թվականի հունիսի 7-ին հաջորդող տարբեր օրերի ընթացքում անձամբ հանդիպումների և հեռախոսազանգերի ժամանակ, օգտագործելով Քարահունջ բնակավայրի բնակիչներ Սաթիկ Սինանյանի, Նարինե Արզումանյանի, Ալինա Օհանջանյանի, Լիանա Մկրտչյանի, Նաիրա Սարգսյանի և Մհեր Բաղդասարյանի խոցելի՝ սոցիալապես անապահով վիճակում գտնվելու փաստով պայմանավորված կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, հարկադրել է նրանց մասնակցել 2021 թվականի հունիսի 20-ի ընտրություններին և կողմ քվեարկել իր մատնանշած՝ «Հայաստան» դաշինքի օգտին: Արդյունքում, Առուշ Առուշանյանի կազմակերպմամբ Լուսինե Ավետյանի հիշյալ գործողություններով խաթարվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և ՀՀ ընտրական օրենսգրքով երաշխավորված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու ընտրական իրավունքի իրականացման՝ ազատության և կամավորության սկզբունքի էությունը:»[2]։ 13․Նախաքննության մարմնի՝ թիվ 32153719 քրեական գործով խափանման միջոց ընտրելու մասին 2020 թվականի դեկտեմբերի 28-ի որոշման համաձայն՝ «(...) Տվյալ դեպքում, թեև վարույթն իրականացնող մարմնի գնահատմամբ խափանման միջոցներից միայն կալանավորումը կարող էր ապահովել մեղադրյալ Ա․Առուշանյանի պատշաճ վարքագիծը, սակայն հաշվի առնելով, որ դատարանի կողմից մերժվել է նշված խափանման միջոցը կիրառելու միջնորդությունը, վարույթն իրականացնող մարմինը գտնում է, որ մինչև վերաքննության կարգով դատարանի կայացրած որոշման բողոքարկումը և քննարկումը, խափանման միջոցներից հաջորդը, որոշակի առումով կարող է չեզոքացնել մեղադրյալի ոչ պատշաճ վարքագիծը կարող է լինել գրավը ․․․»[3]։ 14․ Առաջին ատյանի դատարանի` խափանման միջոց գրավը պետության եկամուտ դարձնելու վերաբերյալ միջնորդությունը քննարկելու մասին 2021 թվականի նոյեմբերի 5-ի որոշման համաձայն՝«(...) Դատարանը ուսումնասիրելով սույն քրեական գործի նյութերը՝ արձանագրում է, որ ամբաստանյալ Առուշ Գագիկի Առուշանյանին մեղսագվում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ենթադրյալ հանցանքների կատարումը։ Ըստ մեղադրանքի ձևակերպման՝ ամբաստանյալը մեղսագրվող արարքները կատարել է իր նկատմամբ գրավը որպես խափանման միջոց ընտրելուց հետո։ Դատարանը ամբաստանյալի նկատմամբ կիրառված կալանավորման որպես խափանման միջոցի հիմնավորվածության վերաբերյալ հարցի քննության ընթացքում գտել է, որ շարունակում է առկա լինել հիմնավոր կասկածն առ այն, որ Առուշ Առուշանյանը առնչություն ունի իրեն մեղսագրվող վերը նշված արարքներին։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ խափանման միջոցները հարկադրանքի միջոցներ են, որոնք կիրառվում են կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ` քրեական գործով վարույթի ընթացքում նրանց ոչ պատշաճ վարքագիծը կանխելու և դատավճռի կատարումն ապահովելու նպատակով: Խափանման միջոցները վարույթի ընթացքում կասկածյալների, մեղադրյալների կամ ամբաստանյալների նկատմամբ կիրառվող հարկադրանքի տեսակներ են, որոնց կիրառումը թույլատրելի է միայն այն դեպքում, երբ առկա է հիմնավոր կասկած առ այն, որ վերջիններս առերևույթ առնչություն ունեն մեղսագրվող արարքների կատարմանը։ Դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված կարգով որպես խափանման միջոց կիրառված գրավի առարկան պետության եկամուտ դարձնելու հարցի քննարկման համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներից որևէ մեկը ամբաստանյալի կողմից կատարված լինելու փաստի հաստատման համար ևս պահանջվում է նշված գործողություններին ամբաստանյալի առերևույթ առնչությունը հավաստող «հիմնավոր կասկածի» չափանիշին համապատասխանող փաստական տվյալների ամբողջություն։ Ինչպես նախաքննության, այնպես էլ դատական քննության փուլում քննության առնելով այն հարցը, թե այս կամ այն խափանման միջոցներից, որը կարող է ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը՝ իրավասու մարմինները ելնում են գործի կոնկրետ փաստական տվյալներից և եթե դիցուք գործի նյութերում առկա լինեն փաստական տվյալներ այն մասին, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել անձի նկատմամբ ազատազրկման հետ չկապված խափանման միջոցներ կիրառված լինելու պայմաններում վերջիններիս կողմից քրեական օրենքով նախատեսված նոր արարք կատարելու վերաբերյալ՝ խափանման միջոցի ավելի խիստ տեսակի ընտրության հարցի քննության համար հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխանող ապացույցների կամ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի առկայության անհրաժեշտություն չի պահանջվում։ Խափանման միջոցներից ամենախիստը՝ կալանավորումը կիրառելու համար անգամ, արարքի հինավորվածության վերաբերյալ ապացույցների ավելի բարձր շեմ չի պահանջվում, իսկ իրավասու Դատարանի կողմից հիմնավոր կասկածի առկայության փաստի հավաստումը չի հակասի անմեղության կանխավարկածի սկզբունքին և չի կարող դիտվել որպես Դատարանի կողմից անձի մեղավորության կանխորոշում կամ հայտնած կանխակալ դիրքորոշում։ Վերոգրյալի հիման վրա Դատարանը գտնում է, որ գրավի առարկան պետության եկամուտ դարձնելու հիմքերի վերաբերյալ ևս չի կարող ներկայացվել «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշին համապատասխանող փաստական տվյալների առկայության վերաբերյալ պահանջ։ Ասվածը բխում է վերը մեջբերված քրեադատավարական նորմերի տրամաբանությունից։ Դատարանը գտնում է, որ դատավարության այս փուլում շարունակում է առկա լինել հիմնավոր կասկածն առ այն, որ Առուշ Առուշանյանն առնչություն ունի իրեն մեղսագրվող վերը նշված արարքներին, որոնք կատարվել են վերջինիս նկատմամբ մեկ այլ գործով որպես խափանման միջոց գրավի կիրառված լինելու պայմաններում, հետևաբար առկա է հիմնավոր կասկած առ այն, որ ամբաստանյալը առերևույթ առնչություն ունի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նկարագրված արարքի կատարմանը։ Այսինքն՝ վարույթի այս փուլում առկա է գրավը պետության եկամուտ դարձնելու հիմքը՝ ամբաստանյալի կողմից առերևույթ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նկարագրված արարք կատարած լինելու հիմնավոր կասկածը։ Ելնելով վերոգրյալից՝ Դատարանը գտնում է, որ 2020 թվականի դեկտեմբերի 30-ին մեղադրյալ Առուշ Առուշանյանի կողմից ՀՀ դատախազության դեպոզիտ հաշվեհամարին փոխանցված իր նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված գրավը՝ 2.000.000 ՀՀ դրամ գումարը պետք է դարձնել պետության եկամուտ։»[4]:

15. Վերաքննիչ դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 15-ի որոշման համաձայն՝ «(...) Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի որոշման վերը նշված հիմնավորումները դիտարկելով վերոգրյալ իրավական նորմերի լույսի ներքո, գտնում է, որ այդ հիմնավորումներն ամբողջությամբ բխում են դրանցից, որպիսի պայմաններում այդ հիմնավորումներն ընդունելի են նաև Վերաքննիչ դատարանի համար: Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առուշ Առուշանյանն իր նկատմամբ որպես խափանման միջոց գրավ ընտրված լինելու պայմաններում ենթադրաբար կատարել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված գործողություններ, այն է՝ կատարել է քրեական օրենքով չթույլատրված նոր արարք, այլ կերպ՝ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու միջոցով խախտել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված գրավի պայմաններից մեկը, որը հիմք է հանդիսացել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը կալանավորմամբ փոփոխելու համար: Տվյալ փաստարկով խափանման միջոց գրավի փոփոխումը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 8-րդ մասի գործողության ուժով, ենթադրում է նաև գրավի գումարը որպես պետության եկամուտ ուղղելու անխուսափելի գործընթացի նախաձեռնում, որը կարող է իրականացվել բացառապես դատախազի միջնորդության հիման վրա (տվյալ դեպքում Առաջին ատյանի դատարան նման միջնորդություն ներկայացվել է): Ավելին, օրենսդիրը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսել է իրավական երաշխիք, համաձայն որի՝ գրավը վերադարձվում է գրավատուին նաև այն դեպքում, երբ չի ապացուցվել նույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներ կատարելու հանգամանքը, այլ կերպ՝ վարույթն իրականացնող մարմինները կարող են և պարտավոր են խափանման միջոց գրավի պահպանման (վերացնելու կամ փոփոխելու) և դրա գումարի վերադարձման հարցին անդրադառնալ վերջնական որոշումներ (ինչպես դատավճիռ, այնպես էլ նախաքննության կամ անձի նկատմամբ քրեական հետապնդման ավարտի մասին վկայող քրեական գործի վարույթը կարճելու և/կամ քրեական հետապնդումը դադարեցնելու) կայացնելիս: Վերը նշված վերլուծությունների արդյունքներով Վերաքննիչ դատարանը փաստում է, որ «քրեական օրենքով չթույլատրված արարք» և «հանցագործություն» կատարելու եզրույթները չեն նույնանում (չեն համընկնում), այլ կերպ՝ միայն օրինական ուժի մեջ մտած դատավճռով հանցագործություն կատարելու փաստի հաստատումը գրավի գումարը պետության եկամուտ դարձնելու միակ իրավիճակը չէ, տվյալ գործընթացի նախաձեռնումը քրեական հետապնդման ենթարկվող անձի անմեղության կանխավարկածը չի խախտում: Գրավի գումարը պետության եկամուտ դարձնելու հարցին հնարավոր է անդրադառնալ ինչպես դատական քննության արդյունքներով (դատավճռով), այնպես էլ նախաքննության փուլում, այդ թվում՝ շարունակվող նախաքննության պայմաններում, երբ դատավճռի առկայության մասին խոսք անգամ գնալ չի կարող:» [5]։ Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

16. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է․ իրավաչա՞փ է արդյոք գործի դատական քննության փուլում քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու հիմքով գրավը պետության եկամուտ դարձնելու մասին ստորադաս դատարանների եզրահանգումը։

17. Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Եվրոպական կոնվենցիա) 6-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք, ով մեղադրվում է քրեական հանցագործություն կատարելու մեջ, համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքին համապատասխան»: ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածի համաձայն` «Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»: 17․1․ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետի մեկնաբանման շրջանակներում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

- անմեղության կանխավարկածի խախտում է այն դեպքը, երբ դատական որոշման կամ պաշտոնատար անձի կողմից արված հայտարարության մեջ կարծիք է արտահայտվում հանցանքի կատարման մեջ մեղադրվող անձի մեղքի վերաբերյալ՝ նախքան նրա մեղքը կհաստատվի օրենքով սահմանված կարգով[6],

- անմեղության կանխավարկածը որպես քրեական գործի վարույթի դատավարական երաշխիք, ի թիվս այլնի, որոշակի պահանջներ է սահմանում՝ կապված դատական իշխանության մարմինների կամ այլ հանրային պաշտոնատար անձանց կողմից կասկածյալի (մեղադրյալի, ամբաստանյալի) մեղավորության վերաբերյալ կանխակալ արտահայտությունների հետ[7]՝ շեշտադրելով վերջիններիս կողմից կատարվող հայտարարություններում բառերի ընտրության կարևորությունն այն դեպքում, երբ խոսքը գնում է հանցանքի կատարման մեջ օրենքով սահմանված կարգով չմեղադրված և չդատապարտված անձանց մասին[8]։ 18․ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: (…)»:

19. Անմեղության կանխավարկածի սկզբունքի վերաբերյալ սահմանադրաիրավական և քրեադատավարական վերոնշյալ նորմերի վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն Արմեն Բաղդասարյանի գործով արձանագրել է, որ հանցագործության կատարման մեջ կասկածվողի կամ մեղադրվողի մեղքն ապացուցված կարող է համարվել միայն դատարանի` օրենքով սահմանված կարգով կայացված և օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Այլ խոսքով՝ կասկածյալի կամ մեղադրյալի մեղավորությունը կարելի է հաստատված համարել միայն այն դեպքում, երբ առկա է օրինական ուժի մեջ մտած դատավճիռ[9]: 19.1. Գործնականում անմեղության կանխավարկածը կարող է խախտվել՝ իր բնույթով ընթացակարգային և նյութական առումներով։ Օրինակ՝ ընթացքի մեջ գտնվող վարույթի շրջանակներում անձի անմեղության կանխավարկածը խախտող հայտարարություններ անելը, որը չի ազդում գործով վերջնական որոշման կայացման վրա, անմեղության կանխավարկածի ընթացակարգային խախտում է[10]։ Մինչդեռ, անմեղության կանխավարկածի այնպիսի խախտումները, որոնք պաշտպանության կողմի ապացույցների անտեսմամբ, ազդում են դատական ակտի կամ այլ վերջնական որոշման բովանդակության վրա (ինչպես օրինակ՝ Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով սույն որոշման 13.1-րդ կետում ներկայացված վճռի), իրենց բնույթով նյութական են[11]։ 20․ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

«Դատարանը, դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը խափանման միջոց կարող են կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է`

1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.

2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.

3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.

4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.

5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը։ (…)»:

2020 թվականի ապրիլի 14-ի խմբագրությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերի համաձայն՝ «8. Եթե կասկածյալը կամ մեղադրյալը կատարել է սույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք, ապա գրավը պետության եկամուտ է դարձվում դատարանի որոշմամբ` դատախազի միջնորդության հիման վրա, իսկ քրեական գործը դատարանում քննելիս` նաև դատարանի նախաձեռնությամբ: Գրավը պետության եկամուտ դարձնելու կամ միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատարան:

9. Գրավը վերադարձվում է գրավատուին այն դեպքերում, երբ չի ապացուցվել սույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներ կատարելու հանգամանքը, կամ գրավը` որպես խափանման միջոց, վերացվել կամ փոխվել է: Գրավը վերադարձնելու մասին որոշումն ընդունում է քրեական վարույթն իրականացնող մարմինը` համապատասխան խափանման միջոցը վերացնելու կամ փոխելու մասին որոշում կայացնելու հետ միաժամանակ: (…)»: 21․ Անդրադառնալով գրավը պետության եկամուտ դարձնելու օրենսդրական հիմքերին՝ Վճռաբեկ դատարանը, համալիր վերլուծության ենթարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով և 143-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերով նախատեսված նորմերը, արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված են կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերը, իսկ գրավը պետության եկամուտ դարձնելու հիմքերը նույնական են խափանման միջոց կիրառելու հիմքերի հետ, ուստի դրանցից մեկի կամ մի քանիսի առկայությունը հանգեցնում է գրավը պետության եկամուտ դարձնելուն։ Միևնույն ժամանակ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 9-րդ մասը նախատեսում է գրավը գրավատուին վերադարձնելու այն դեպքերը, երբ չի ապացուցվում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները կատարելու հանգամանքը։ Հետևաբար օրենսդիրը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերում նախատեսելով «դրանցից մեկի կամ մի քանիսի կատարումը» և «չի ապացուցվում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները» բովանդակությունը, նպատակ է ունեցել արդեն իսկ կատարված և ապացուցված արարքի դեպքում գրավը դարձնել պետության եկամուտ՝ հաշվի առնելով, որ գրավատուի կողմից գրավի առարկան պետության եկամուտ դարձնելը ինտենսիվ միջամտություն է անձի՝ սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքին[12]։ Ինչ վերաբերում է քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու հիմքով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ գրավը պետության եկամուտ դարձնելուն, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ի տարբերություն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մյուս հիմքերի՝ գրավը պետության եկամուտ դարձնելու համատեքստում դատարանի կողմից քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու հանգամանքը կարող է ապացուցված համարվել միայն դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով, իսկ քրեական գործի քննության փուլում գրավը պետության եկամուտ դարձնելու հարցը ենթակա է լուծման վերջնական դատական ակտով, հակառակ պարագայում վարույթն իրականացնող մարմնի՝ տվյալ դեպքում դատարանի գործողություններն ինքնին կհանգեցնեն անձի անմեղության կանխավարկածի խախտման։ 22․ Վճռաբեկ դատարանը փաստում է նաև, որ գրավը պետության եկամուտ դարձնելու հիմքերն օրենսդիրն առավել հստակ ամրագրել է 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում՝ նախատեսելով, որ եթե 1 մեղադրյալը թաքնվել է վարույթն իրականացնող մարմնից, 2 պարբերաբար չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնի հրավերով կամ 3 էապես խոչընդոտել է վարույթին, ապա հսկող դատախազը կայացնում է գրավը պետության եկամուտ դարձնելու մասին որոշում, իսկ նշված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում դատական վարույթում գրավը պետության եկամուտ դարձնելու մասին որոշումը կայացնում է դատարանը։ Մինչդեռ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերը անհրաժեշտությունը, ի տարբերություն 2020 թվականի ապրիլի 14-ի խմբագրությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, նույնական չեն գրավը պետության եկամուտ դարձնելու հիմքերին, մասնավորպես խափանման միջոց կարող է կիրառվել, եթե դա անհրաժեշտ է՝ 1) մեղադրյալի փախուստը կանխելու համար կամ 2) մեղադրյալի կողմից հանցանք կատարելը կանխելու համար կամ 3) մեղադրյալի կողմից իր վրա սույն օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար: Ուստի 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը մեղադրյալի կողմից մեկ այլ հանցանք կատարելը չի նախատեսել գրավը պետության եկամուտ դարձնելու հիմք՝ դրանով իսկ բացառելով վարույթն իրականացնող մարմնի կողմից անձի անմեղության կանխավարկածի խախտումը։ 23․ Սույն գործի նյութերից երևում է, որ՝

-Նախաքննության մարմնի որոշմամբ թիվ 32153719 քրեական գործով Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ի կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով, իսկ 2020 թվականի դեկտեմբերի 28-ին Ա․Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 2.000.000 ՀՀ դրամի չափով գրավը[13],

- Նախաքննության մարմնի որոշմամբ թիվ 61206621 քրեական գործով Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154․2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 38-154․2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, և 2021 թվականի հուլիսի 16-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Ա․Առուշանյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը[14],

- 2021 թվականի հոկտեմբերի 8-ին Առաջին ատյանի դատարանի որոշմամբ թիվ ՍԴ1/0056/01/21 քրեական գործն ըստ մեղադրանքի Առուշ Առուշանյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-154․2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 38-154․2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, և մյուսների վերաբերյալ միացվել է թիվ ՍԴ/0043/01/21 քրեական գործին ըստ մեղադրանքի Առուշ Առուշանյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ի կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով, և մյուսների վերաբերյալ։ Քրեական գործի դատաքննությունը շարունակվել է ՍԴ/0043/01/21 քրեական գործի համարով[15],

- Առաջին ատյանի դատարանի՝ խափանման միջոց գրավը պետության եկամուտ դարձնելու վերաբերյալ միջնորդությունը քննարկելու մասին 2021 թվականի նոյեմբերի 5-ի որոշմամբ արձանագրվել է, որ դատավարության այդ փուլում շարունակում է առկա լինել հիմնավոր կասկածն առ այն, որ Ա․Առուշանյանն առնչություն ունի իրեն մեղսագրվող վերը նշված արարքներին, որոնք կատարվել են նրա նկատմամբ մեկ այլ գործով որպես խափանման միջոց գրավ կիրառված լինելու պայմաններում, հետևաբար առկա է հիմնավոր կասկած առ այն, որ ամբաստանյալն առերևույթ առնչություն ունի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նկարագրված արարքի կատարմանը, ուստի վարույթի այդ փուլում առկա է գրավը պետության եկամուտ դարձնելու հիմքը՝ ամբաստանյալի կողմից առերևույթ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նկարագրված արարք կատարած լինելու հիմնավոր կասկածը[16],

- Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, արձանագրել է, որ Ա․Առուշանյանն իր նկատմամբ որպես խափանման միջոց գրավ ընտրված լինելու պայմաններում ենթադրաբար կատարել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված գործողություններ, այն է՝ քրեական օրենքով չթույլատրված նոր արարք, այլ կերպ՝ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու միջոցով խախտել է իր նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված գրավի պայմաններից մեկը, որը հիմք է հանդիսացել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը կալանավորմամբ փոփոխելու համար։ Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «քրեական օրենքով չթույլատրված արարք» և «հանցագործություն» կատարելու եզրույթները չեն նույնանում և գրավի գումարը պետության եկամուտ դարձնելու հարցին հնարավոր է անդրադառնալ ինչպես դատական քննության արդյունքներով (դատավճռով), այնպես էլ նախաքննության փուլում, այդ թվում՝ շարունակվող նախաքննության պայմաններում, երբ դատավճռի առկայության մասին խոսք անգամ գնալ չի կարող[17]։ 24․ Նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշման 17-22-րդ կետերում վկայակոչված իրավական նորմերի և շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետևություններն առ այն, որ Ա․Առուշանյանն իր նկատմամբ որպես խափանման միջոց գրավ ընտրված լինելու պայմաններում ենթադրաբար կատարել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված գործողություններ, այն է՝ կատարել է քրեական օրենքով չթույլատրված նոր արարք, իրավաչափ չէ, քանի որ Ա․Առուշանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք առաջադրած լինելը և նշված քրեական գործն Առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվելը դեռևս չի կարող հաստատված համարել Ա․Առուշանյանի կողմից այդ գործով նրան մեղսագրվող արարքների կատարման փաստը։ Հետևաբար Ա․Առուշանյանի վերաբերյալ թիվ ՍԴ/0043/01/21 քրեական գործի քննության փաստը որպես քրեական օրենքով չթույլատրված նոր արարքի կատարումը հաստատող հանգամանք դիտարկելը և այդ հիմքով գրավը պետության եկամուտ դարձնելը հանգեցրել է Ա․Առուշանյանի անմեղության կանխավարկածի խախտման։ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ դատարանի կողմից քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու հանգամանքը, գրավը պետության եկամուտ դարձնելու համատեքստում, կարող է ապացուցված համարվել միայն դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով, իսկ քրեական գործի քննության փուլում գրավը պետության եկամուտ դարձնելու հարցը լուծման է ենթակա միայն գործն ըստ էության լուծող դատական ակտով։ 25․ Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարույթով ստորադաս դատարանները դատական ակտ կայացնելիս թույլ են տվել քրեադատավարական օրենքի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի՝ մեղադրյալի անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտում, որն իր բնույթով էական է, հետևաբար վերոգրյալ հանգամանքը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 419-րդ հոդվածների համաձայն՝ բեկանելու Առաջին ատյանի դատարանի 2021 թվականի նոյեմբերի 5-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 15-ի որոշումը և կայացնելու դրանց փոխարինող դատական ակտ։ Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատաքննության ընթացքում չի հիմնավորվել Ա․Առուշանյանի նկատմամբ գրավ խափանման միջոց կիրառված լինելու պայմաններում նրա կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով նախատեսված արարք՝ նոր հանցանք կատարած լինելու հանգամանքը՝ 2022 թվականի մարտի 28-ին Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դատավճռով 2021 թվականի նոյեմբերին 5-ի որոշմամբ որպես պետության եկամուտ դարձված, ՀՀ դատախազության դեպոզիտ հաշվեհամարին որպես խափանման միջոց գրավի գումար վճարված 2 միլիոն ՀՀ դրամը վերադարձրել է այն վճարած անձին[18], ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքարկված դատական ակտը չի կարող բեկանվել, քանի որ եղել է ժամանակավոր և սույն որոշումը կայացնելու պահին կորցրել է իր իրավական նշանակությունը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման, իսկ Առաջին ատյանի դատարանի 2021 թվականի նոյեմբերի 5-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 15-ի որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1․ Թիվ ՍԴ/0043/01/21 քրեական գործով ամբաստանյալ Առուշ Գագիկի Առուշանյանի պաշտպան Դ․Կարապետյանի վճռաբեկ բողոքը մերժել։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 15-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դատավորներ` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ

Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆ

Ս.ՉԻՉՈՅԱՆ

Դ․ՎԵՔԻԼՅԱՆ

Ծանոթագրություններ

[1] Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով: [2] Տե՛ս նյութեր, հատոր 5, թերթեր 89-96, հատոր 9, թերթեր 7-9։

[3] Տե՛ս նյութեր, հատոր 7, թերթեր 57-64։

[4] Տե՛ս նյութեր, հատոր 9, թերթ 102-110։

[5] Տե՛ս նյութեր, հատոր 9, թերթեր 159-166։

[6] Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Garycki v. Poland գործով 2007 թվականի փետրվարի 6-ի վճիռը, գանգատ թիվ 14348/02, 66-րդ կետ։ [7] Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Allenet de Ribemont v. France գործով 1996 թվականի օգոստոսի 7-ի վճիռը, գանգատ թիվ 15175/89, 35-36-րդ կետեր, Nesták v. Slovakia գործով 2007 թվականի փետրվարի 27-ի վճիռը, գանգատ թիվ 65559/01, 88-րդ կետ։ [8] Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Daktaras v. Lithuania գործով 2000 թվականի հոկտեմբերի 10-ի վճիռը, գանգատ թիվ 42095/98, 41-րդ կետ: [9] Տե'ս Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Բաղդասարյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԵԱՔԴ/0009/11/13 որոշման 14-րդ և 15-րդ կետերը։ [10] Տե'ս Amal Clooney, Philippa Webb, The Right to a Fair Trial in International Law, Oxford University Press (2020), էջ 249: [11] Տե'ս նույն տեղում։

[12] Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Kasilov v. Russia գործով 2021 թվականի հուլիսի 6-ի վճիռը, գանգատ թիվ 2599/18, կետեր 46-52։ [13] Տե΄ս մանրամասն սույն որոշման 12-րդ, 13-րդ կետերը:

[14] Տե՛ս նյութեր, հատոր 8, թերթեր 47-60։

[15] Տե՛ս նյութեր, հատոր 9, թերթեր 80-83։

[16] Տե΄ս մանրամասն սույն որոշման 14-րդ կետը:

[17] Տե΄ս մանրամասն սույն որոշման 15-րդ կետը:

[18] Տե´ս Datalex դատական տեղեկատվական համակարգ։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
28 նոյեմբերի, 2024 թ.
Գործի #:
ՍԴ/0043/01/21
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել