Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/Թովմասյան — ՀԿԴ/0178/01/22
ՎճռաբեկԿոռուպցիոն քրեականAI Ինդեքսավորված

Թովմասյան — ՀԿԴ/0178/01/22

Վճռաբեկ դատարանՀԿԴ/0178/01/2229 օգոստոսի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 9. Քրեական օրենսդրության հետադարձ ուժը
PDF

Ամփոփում

Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2022 թվականի դեկտեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) է ստացվել թիվ 62232421 քրեական գործն ըստ մեղադրանքի Ս․Թովմասյանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, և մյուսների։ 2. Նախնական դատալսումների ընթացքում, Առաջին ատյանի դատարանի 2024 թվականի հունվարի 31–ի որոշմամբ պաշտպան Լ․Պինգոլցյանի միջնորդությունը բավարարվել է, և մեղադրյալ Ս․Թովմասյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-314-րդ

Ամբողջ Տեքստ

ՀԿԴ/0178/01/22

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության

հակակոռուպցիոն դատարան,

նախագահող դատավոր՝ Վ․Սարգսյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,

նախագահող դատավոր` Մ․Մակյան

2024 թվականի օգոստոսի 29-ին քաղաք Երևանում

ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆԻ

Ս.ՉԻՉՈՅԱՆԻ

Դ․ՎԵՔԻԼՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով Սուրեն Ստյոպայի Թովմասյանի վերաբերյալ

ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2024 թվականի մարտի 4-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանի վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2022 թվականի դեկտեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) է ստացվել թիվ 62232421 քրեական գործն ըստ մեղադրանքի Ս․Թովմասյանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, և մյուսների։

2. Նախնական դատալսումների ընթացքում, Առաջին ատյանի դատարանի 2024 թվականի հունվարի 31–ի որոշմամբ պաշտպան Լ․Պինգոլցյանի միջնորդությունը բավարարվել է, և մեղադրյալ Ս․Թովմասյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։

3. ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Լ․Ստեփանյանի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի 2024 թվականի մարտի 4-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի 2024 թվականի հունվարի 31-ի որոշումը թողնվել է անփոփոխ։

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2024 թվականի ապրիլի 17-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, դրանք հիմնավորող փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքաբերը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանի 2024 թվականի մարտի 4-ի որոշումն օրինական և հիմնավոր չէ, դրանով սխալ են մեկնաբանվել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 8-րդ, 9-րդ հոդվածներով նախատեսված իրավական կարգավորումները, ինչի արդյունքում կիրառվել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածը, որ ենթակա չէր կիրառման և չի կիրառվել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածը, որը ենթակա էր կիրառման, ինչն ազդել է վարույթի ելքի վրա։ 5․1․ Այսպես՝ բողոքաբերը, մեջբերելով մեջբերելով վերաբերելի օրենսդրական կարգավորումները և դրանց լույսի ներքո անդրադառնալով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով Ս․Թովմասյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնելու իրավաչափությանը, նշել է, որ Ս․Թովմասյանին վերագրվող հանցանքի կատարումն ավարտվել է 2021 թվականի սեպտեմբերի 27-ին: Ենթադրյալ հանցանքը կատարելու պահին նրա արարքը համապատասխանել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասին (միջին ծանրության հանցանք), որի համար քրեական պատախանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը, նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, 5 տարի է: ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը ոչ մեծ ծանրության հանցանք է, որի համար քրեական պատախանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը, նույն օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, նույնպես 5 տարի է, որը դեռևս չի անցել: 5․2․ Բողոքաբերի պնդմամբ՝ վաղեմության ժամկետներին վերաբերող իրավական կարգավորումները համարվում են ոչ թե արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող, այլ՝ համապատասխան պայմանների առկայության դեպքում, հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող նորմեր, որոնք ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հետադարձ ուժ ունեն բացառապես այն դեպքում, երբ դա նախատեսված է օրենքով:

6. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի մարտի 4-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Ս․Թովմասյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-314–րդ հոդվածի 1–ին մասով այն բանի համար, որ․ «(…) Նա դրդել է պաշտոնատար անձ հանդիսացող, «Ալաշկերտի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ աևտրային կազմակերպության տնօրեն Լուսիկ Մնացականյանին՝ Օվսաննա Կարապետյանի օժանդակությամբ պաշտոնեական փաստաթղթում պաշտոնեական կեղծիք կատարելուն: Այսպես.

Սուրեն Թովմասյանը 2021 թվականի սեպտեմբերին դիմել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող, ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 1562-Ա հրամանի հիմքով՝ «Ալաշկերտի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ աևտրային կազմակերպության տնօրեն Լուսիկ Մնացականյանին՝ հայտնելով, որ որոշակի առողջական խնդիրների պատճառով չի ցանկանում կորոնավիրուսային հիվանդության դեմ փաստացի պատվաստվել, պատվաստումը կարող է բացասական անդրադառնալ իր հիվանդության վրա, սակայն՝ ՀՀ առողջապահության նախարարի 20.08.2021 թվականի թիվ 65-Ն հրամանով սահմանված՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումը հավաստող սերտիֆիկատը գործատուին ներկայացնելու և այդպիսով՝ պարբերաբար պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) հետազոտության վճարովի թեստ չհանձնելու նպատակով մտադրված է ստանալ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատ: Լուսիկ Մնացականյանը, ՀՀ առողջապահության նախարարի՝ 2020 թվականի օգոստոսի 17-ի թիվ 21-Ն հրամանի 19-րդ կետի համաձայն՝ պատասխանատու լինելով կանխարգելիչ պատվաստումների պատշաճ իրականացման համար, ընդառաջելով Սուրեն Թովմասյանի խնդրանքին, նրա համոզելու և այլ եղանակով դրդմամբ, ինչպես նաև անձնական այլ դրդումներից ելնելով, առանց վերջինիս փաստացի պատվաստման, 2021 թվականի սեպտեմբերի 27-ին Սուրեն Թովմասյանի անձնական տվյալները գրանցել է իր կողմից բացված ամբուլատոր քարտում, ինչպես նաև Օվսաննա Կարապետյանին կարգադրել է ամբուլատոր քարտում և պատվաստումների գրանցամատյանում մտցնել իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ տեղեկություններ, թե, իբր, Սուրեն Թովմասյանը ջերմաչափվել և 2021 թվականի սեպտեմբերի 27-ին ստացել է «Աստրա Զենեկա» պատվաստանյութի առաջին 0.5 միլիգրամ դեղաչափը: Օվսաննա Կարապետյանը, իր գործատուի՝ ՀՈԱԿ-ի տնօրեն Լուսիկ Մնացականյանի ակնհայտ ապօրինի կարգադրությունն անվերապահորեն կատարելու և վերջինիս չհակադրվելու դրդումներից ելնելով, 2021 թվականի սեպտեմբերի 27-ին, առանց Սուրեն Ստյոպայի Թովմասյանի փաստացի պատվաստման Լուսիկ Մնացականյանի կողմից նշված տվյալները լրացրել է ամբուլատոր քարտում: Դրանից հետո, Սուրեն Թովմասյանի՝ պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ տվյալները ՀՈԱԿ-ի օպերատորի կողմից մուտքագրվել են Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «Արմեդ» համակարգ, ինչի արդյունքում անձնական տվյալներով ինքնաշխատ եղանակով կազմվել է պատվաստված լինելը հավաստող, բովանդակությամբ իրականությանը չհամապատասխանող, իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ՝ սերտիֆիկատ (...)»[1]:

8. Քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն. «(...) Դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Սուրեն Թովմասյանին ներկայացված մեղադրանքի բովանդակությունից հետևում է, որ նրան մեղսագրվող՝ ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքն ավարտվել է՝ 2021 թվականի սեպտեմբերի 27-ին: Դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Սուրեն Թովմասյանին վերագրվում է արարք, որը կատարվել է ՀՀ քրեական նախկին օրենսգրքի գործողության ժամանակ և համապատասխանում է ՀՀ քրեական նոր օրենսգրքի 46-445-րդ հոդվածի 1-ին մասին, որով, որպես պատիժ, նախատեսված է նաև ազատազրկումը՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։ Այլ խոսքով, Սուրեն Թովմասյանին վերագրվող՝ ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը համապատասխանում է ՀՀ քրեական նոր օրենսգրքի 46-445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքին, որը հանդես է գալիս որպես պատիժը մեղմացնող օրենք (քանի որ, ի տարբերություն ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 314-րդ հոդվածի, որը դասվում է միջին ծանրության հանցանքների շարքին, ՀՀ քրեական նոր օրենսգրքի 445-րդ հոդվածը դասվում է ոչ մեծ ծանրության հանցանքների շարքին), հետևաբար ունի հետադարձ ուժ։ (...)

2003 և 2021 թվականներին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքերի՝ համապատասխանաբար 75-րդ և 83-րդ հոդվածների համեմատական վերլուծության արդյունքում Դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական նոր օրենսգիրքը քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների հաշվարկման մասով՝ տվյալ դեպքում անձի վիճակը վատթարացնող օրենք է և կիրառելի չէ մեղադրյալ Սուրեն Թովմասյանի նկատմամբ, քանի որ՝ նախ սահմանում է վաղեմության ժամկետի հաշվարկման ավելի երկար ժամկետներ, բացի այդ՝ վաղեմության ժամկետը, ի տարբերություն ՀՀ քրեական նախկին օրենսգրքի, հաշվարկվում է մինչև անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելը։ Դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական նոր օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը դասվում է ոչ մեծ ծանրության հանցանքների շարքին, որի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը նույն օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն 5 տարի է, ինչը մեղադրյալի համար առավել խիստ և անբարենպաստ կարգավորում է՝ ի տարբերություն ՀՀ քրեական նախկին օրենսգրքով սահմանված՝ ոչ մեծ ծանրության հանցանքների համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի, որը հիշյալ օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ 2 տարի է։ Այսինքն, ՀՀ քրեական նոր օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասը՝ պատժի մեղմացման առումով հանդիսանում է պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող, միաժամանակ այդ արարքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի առումով՝ նույն օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված կարգավորումների համատեքստում պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող օրենք, հետևաբար՝ ՀՀ քրեական նոր օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված՝ «սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան» (այսինքն՝ մեղմացնող մասով կիրառելով այդ հոդվածի 2-րդ մասով, իսկ խստացնող մասով այդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգավորումները) պայմանի կիրառմամբ ՀՀ քրեական նոր օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասը հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որով մեղմացնում է պատասխանատվությունը։ Անդրադառնալով Սուրեն Թովմասյանի կողմից քննությունից կամ դատից խուսափելու հանգամանքին՝ Դատարանն արձանագրում է, որ քրեական գործի նյութերում բացակայում է որևէ փաստական տվյալ առ այն, որ մեղադրյալ Սուրեն Թովմասյանը՝ իրեն մեղսագրվող՝ ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարումից հետո կատարել է նոր հանցանք կամ խուսափել է քննությունից կամ դատից։ Վերոգրյալի հաշվառմամբ Դատարանն արձանագրում է, որ մեղսագրվող արարքի համար Սուրեն Թովմասյանին քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը պետք է հաշվել՝ 2021 թվականի սեպտեմբերի 28-ից, հետևաբար, նկատի ունենալով, որ միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ վաղեմության ժամկետի ընթացքը չի ընդհատվել կամ կասեցվել, և Սուրեն Թովմասյանի կողմից մեղսագրվող՝ ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է՝ ՀՀ քրեական նոր օրենսգրքի 46-445-րդ հոդվածի 1-ին մասին) նախատեսված արարքը՝ ենթադրաբար կատարելուց հետո անցել է 2 (երկու) տարուց ավել ժամանակ, այսինքն՝ անցել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը, իսկ մեղադրյալն առարկություն չի ներկայացրել՝ իր նկատմամբ նշված հոդվածով իրականացվող քրեական հետապնդումն այդ հիմքով դադարեցնելու կապակցությամբ, ուստի Սուրեն Թովմասյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է՝ ՀՀ քրեական նոր օրենսգրքի 46-445-րդ հոդվածի 1-ին մասին) իրականացվող քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման։ Անդրադառնալով նաև մեղադրյալ Սուրեն Թովմասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցին՝ Դատարանը գտնում է, որ այն անհրաժեշտ է վերացնել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու դեպքում նրա մասով վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները սպառված են։ Դատարանը հարկ է համարում արձանագրել նաև, որ սույն որոշմամբ արված դատողություններն ու վերլուծությունները, իրենց համակցության մեջ ամբողջությամբ ներառում են հանրային մեղադրողի փաստարկների կապակցությամբ Դատարանի մոտեցումներն ու բարձրացված հարցերի պատասխանները, ուստի դրանց առանձին-առանձին անդրադառնալու անհրաժեշտությունը բացակայում է (...)»[2]։

9. Առաջին ատյանի դատարանի որոշումն անփոփոխ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն. «(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ 2003 և 2021 թվականներին ընդունված քրեական օրենսգրքերի՝ համապատասխանաբար 75-րդ և 83-րդ հոդվածների համեմատական, իրավական վերլուծությունը վկայում է, որ 2021 թվականին ընդունված քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների մասով տվյալ դեպքում անձի վիճակը վատթարացող օրենք է և կիրառելի չէ մեղադրյալ Սուրեն Թովմասյանի նկատմամբ, քանի որ նախ՝ սահմանում է քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ավելի երկար ժամկետներ, բացի այդ՝ վաղեմության ժամկետը, ի տարբերություն 2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի, հաշվարկվում է մինչև անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելը, մինչդեռ նախկինում գործող իրավակարգավորումների համաձայն՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը հաշվարկվում էր անձի կողմից կատարած հանցանքն ավարտվելու օրվանից մինչև գործով կայացված վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրը։ Հետևաբար, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում վաղեմության առումով կիրառելի են 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի դրույթները, որոնք առավել բարենպաստ են ամբաստանյալների համար: Անդրադառնալով Բողոքաբերի այն փաստարկներին, որ «(...) Սուրեն Ստյոպայի Թովմասյանի նկատմամբ ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական հետապնդումը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով դադարեցնելիս, վիճարկվող դատական ակտում Դատարանն արձանագրել է, որ տվյալ դեպքում կիրառելի են ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները, մասնավորապես, այն, որ արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ: Մինչդեռ, վաղեմության ժամկետներին վերաբերող իրավանորմերը համարվում են ոչ թե արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող, այլ համապատասխան պայմանների առկայության դեպքում՝ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող նորմեր (օրենսդրություն), որոնք 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է օրենքով (...)», Վերաքննիչ դատարանը փաստում է, որ 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ հետադարձ ուժ ունի ոչ միայն պատիժը, այլև պատասխանատվությունը մեղմացնող օրենքը: Այլ կերպ՝ 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ պատիժը մեղմացնող օրենսդրությանը հետադարձ ուժ տալու վերաբերյալ նորմը պետք է դիտարկել նույն հոդվածի 6-րդ մասում սահմանված կանոնի հետ համակցված՝ հաշվի առնելով, որ հետադարձ ուժ ունի նաև պատասխանատվությունը մեղմացնող օրենքը, քանի որ պատժի հարցերը պատասխանատվության միայն մի մասն են կազմում: Այլ կերպ՝ քրեական պատասխանատվությունը և պատիժը միմյանց հետ հարաբերակցվում են՝ որպես ամբողջի (պատասխանատվություն) և մասի (պատիժ) համատեքստում: Արդյունքում, Վերաքննիչ դատարանը հանգում է հետևության, որ մեղադրյալի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումները վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով դադարցնելու վերաբերյալ որոշում կայացնելիս Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ չի տրվել դատական սխալ, գործով կայացվել է օրինական դատական ակտ, ուստի այն բեկանելու իրավաչափ հիմքերը բացակայում են (...)»[3]: Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք մեղադրյալ Ս․Թովմասյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։

11. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»։ ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:

2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով»։ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «1. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի:

2. Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ։ (...)

4. Հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթե դա նախատեսված է օրենքով։ (...)

6. Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ մասնակիորեն խստացնող օրենքը սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»: 11․1․ ՀՀ Սահմանադրության 72-73-րդ հոդվածներով ամրագրված երաշխիքները, որոնք նորմատիվ իրավական ակտի կիրառման սահմանադրական սկզբունք են, քրեաիրավական համակարգում առանցքային տեղ են գրավում, ինչը հատկապես ընդգծվում է այն հանգամանքով, որ փոփոխվող և զարգացող հասարակությունում կոնկրետ արարքի դեմ քրեաիրավական ներգործության նպատակահարմարությունը, դրա հանրային վտանգավորությունը կամ քրեականացված արարքը կատարած անձի իրավական վիճակը նորովի կարգավորվելու դեպքում, դատարանը՝ որպես քրեական դատավարությունում արդարադատության գործառույթով օժտված մարմին, պետք է քննարկման առարկա դարձնի օրենսդրական փոփոխության իրավական բնույթը, ըստ այդմ էլ՝ մինչ ընդունումը ծագած իրավահարաբերությունների վրա այն հետադարձութամբ տարածելու իրավական հնարավորությունը։ Հարկ է արձանագրել, որ ՀՀ Սահմանադրությամբ՝ ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության կանոնակարգումը հիմնվում է այն տրամաբանության վրա, որ իրավական ակտերի հետադարձ ուժով գործողության մերժումն ընդհանուր կանոն է, իսկ այդ ակտերի հետադարձ ուժով գործողության հնարավորությունը՝ բացառություն ընդհանուր կանոնից[4]։ Ընդ որում, բացառություններն իրենց հերթին տարբեր են. ա) երբ սահմանադիրը բացառում է որևէ հայեցողություն դրսևորելու հնարավորությունը՝ սահմանելով հետադարձության ուղիղ պահանջ, օրինակ, արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն օժտված է անմիջական գործողությամբ և բ) երբ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտին հետադարձ ուժ հաղորդելու լիազորությունը թողնվում է իրավասու՝ այդ ակտն ընդունող մարմնի հայեցողությանը, օրինակ, անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով[5]: Տարբերակման այս գաղափարն իր արտացոլումն է գտել նաև ՀՀ գործող քրեական օրենսգրքում. այսպես՝ օրենսգրքի 8-րդ և 9-րդ հոդվածների համադրված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող նորմի համար նախատեսվում է հետադարձ ազդեցության անմիջական պահանջ, մինչդեռ անձի վիճակն այլ կերպ բարելավող դրույթի հետադարձությունը պայմանավորվում է օրենքով նախատեսված լինելու հանգամանքով[6]։ 12․ Վճռաբեկ դատարանը, Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի վերաբերյալ գործով որոշմամբ, անդրադառնալով քրեական օրենսդրության հետադարձությամբ կիրառման դեպքերին, արձանագրել է, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվարկման տեսանկյունից քրեական նոր օրենքով անձին մեղսագրված հանցանքի տեսակի փոփոխությունն ինքնին չի կարող հետադարձ ներգործություն ունենալ, այսինքն, այս հարցի շրջանակներում օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու ինքնուրույն ցուցիչ չէ, և տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու մասին կարելի է խոսել բացառապես քրեական պատասխանատվությունից ազատելու ինստիտուտը կանոնակարգող՝ ՀՀ նախկին և գործող քրեական օրենսգրքերի ընդհանուր նորմերի հետ համադրված գնահատելու պարագայում։ Միևնույն ժամանակ անդրադառնալով օրենսդրական փոփոխությունների արդյունքում հանցանքի տեսակի և վաղեմության ժամկետների փոփոխության իրավիճակներին, մասնավորապես՝ այն դեպքին, երբ արարքի (հանցանքի) ծանրության աստիճանը նվազում է, իսկ այդ արարքի համար սահմանված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը չի փոփոխվում, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդրական փոփոխության արդյունքում պատժի մեղմացման հետևանքով նախկինում ծանր համարվող հանցանքը միջին ծանրության հանցանք հանդիսանալու դեպքում կիրառելի է մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու կանոնը՝ հանցանքի տեսակի և պատժի մասով, այսինքն՝ արարքը պետք է որակվի ՀՀ գործող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ անթույլատրելի է օրենքի փոփոխության արդյունքում հետադարձության կանոնների կիրառմամբ ստացված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը (տասը տարին) համեմատել ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի (հինգ տարի) հետ։ Նման համեմատությունը սկզբունքորեն չի համապատասխանի ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնի էությանն ու նշանակությանը: Հակառակ մոտեցումը հանգեցնում է այնպիսի իրավիճակի, որ արարքի կատարման պահին ծանր հանցագործություն համարվող արարքի պարագայում անձի նկատմամբ կիրառվում է արարքի կատարման պահին միջին ծանրության հանցանքի համար նախատեսված կարգավորումը, որը որևէ պարագայում կիրառելի չէր[7]։ 13․ Նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, հաշվի առնելով սույն վարույթի փաստական հանգամանքները, անհրաժեշտ է դիտարկել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքն անձին մեղսագրված լինելու դեպքը։ Այսպես՝ պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելը, համաձայն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի, դասվում էր միջին ծանրության հանցագործությունների շարքին, որի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը հինգ տարի էր։ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքը դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին։ Միևնույն ժամանակ, օրենսդիրը ՀՀ գործող քրեական օրենսգրքի ընդհանուր մասում՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու կարգը սահմանող 83-րդ հոդվածում, սահմանել է, որ ոչ մեծ ծանրության հանցանքի դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել է հինգ տարի։ Ուստի, ստացվում է, որ պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելը ՀՀ գործող քրեական օրենսգրքով թեև դասվել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին, սակայն քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի տեսանկյունից երկու օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումը, ըստ որի՝ պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու մեջ մեղադրվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքի կատարման պահից անցել է հինգ տարի։ Վերոգրյալից հետևում է, որ գործող քրեական օրենսդրությամբ հանցանքի տեսակի փոփոխությունը քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների տեսանկյունից անձի համար որևէ բարենպաստ հետևանք չի առաջացնում, քանզի վաղեմության ժամկետի առումով քրեական օրենսդրության նախկին և ներկա կարգավորումները նույնական են։ Այլ խոսքով՝ պաշտոնեական կեղծիք կատարելու հանցանքի տեսակի փոփոխության հետևանքով քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետը, նախկին օրենսգրքի համեմատ, փոփոխությունների չի ենթարկվել, ուստի, քննարկվող դեպքում, քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը ենթակա է լուծման՝ արարքի կատարման պահին գործող, ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցագործության կատարման համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվառմամբ։

14. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ․

- Ս․Թովմասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով այն ենթադրյալ արարքի կատարման համար, որ նա դրդել է պաշտոնատար անձ հանդիսացող, «Ալաշկերտի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ աևտրային կազմակերպության տնօրեն Լ.Մնացականյանին՝ Օ.Կարապետյանի օժանդակությամբ պաշտոնեական փաստաթղթում պաշտոնեական կեղծիք կատարելուն: Մեղադրական եզրակացության համաձայն՝ ենթադրյալ հանցավոր արարքի կատարումն ավարտվել է 2021 թվականի սեպտեմբերի 27-ին[8],

- Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ մեղադրյալ Ս․Թովմասյանին մեղսագրվող՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքին, որը սույն դեպքում հանդես է գալիս որպես պատիժը մեղմացնող օրենք և ունի հետադարձ ուժ, քանի որ, ի տարբերություն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասի, որը դասվում է միջին ծանրության հանցանքների շարքին, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածը դասվում է ոչ մեծ ծանրության հանցանքների շարքին։ Միևնույն ժամանակ, նկատի ունենալով, որ ՀՀ գործող քրեական օրենսգիրքը 445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի առումով՝ նույն օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված կարգավորումների համատեքստում հանդիսանում է պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող օրենք, հետևաբար՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված իրավական կարգավորումների հաշվառմամբ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասը անհրաժեշտ է կիրառել այն մասով, որով մեղմացնում է պատասխանատվությունը, իսկ վաղեմության ժամկետների մասով կիրառման ենթակա են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված կարգավորումները[9],

- Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ 2003 և 2021 թվականներին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքերի՝ համապատասխանաբար 75-րդ և 83-րդ հոդվածների վերլուծությունը վկայում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների մասով տվյալ դեպքում անձի վիճակը վատթարացող օրենք է և կիրառելի չէ մեղադրյալ Ս․Թովմասյանի նկատմամբ, քանի որ սահմանում է քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ավելի երկար ժամկետներ։ Արդյունքում, Վերաքննիչ դատարանը փաստել է, որ վաղեմության ժամկետն անցնելու առումով մեղադրյալ Ս․Թովմասյանի նկատմամբ կիրառելի են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի՝ ոչ մեծ ծանրության հանցանքների վերաբերյալ վաղեմության ժամկետների համար սահմանված կարգավորումները, քանի որ դրանք առավել բարենպաստ են մեղադրյալի համար[10]։

15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-13-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Ս․Թովմասյանին մեղսագրվող` պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելը, ՀՀ գործող քրեական օրենսգրքով թեև դասվել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին, սակայն նույն օրենսգրքի՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելուն վերաբերող իրավանորմերի համակարգային վերլուծությունը ցույց է տալիս, որ հիշյալ օրենսդրական դրույթների փոփոխությունները Ս․Թովմասյանի համար վաղեմության ժամկետների առումով բարենպաստ հետևանքներ չեն առաջացնում, քանզի երկու օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումն առ այն, որ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով, ինչպես գործող քրեաիրավական օրենքով ոչ մեծ ծանրության, այնպես էլ՝ նախկին քրեական օրենսդրությամբ միջին ծանրության հանցագործությունների համար, անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքը կատարելուց անցել է հինգ տարի։ Այսինքն՝ թե՛ նախկին, թե՛ գործող քրեական օրենսդրությունները թույլ են տալիս քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով մեղադրյալ Ս․Թովմասյանին ազատել քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելու օրվանից անցել է հինգ տարի։ Մինչդեռ, ստորադաս դատարանների մոտեցումը ոչ իրավաչափորեն հանգեցրել է նրան, որ վերագրվող ենթադրյալ արարքը կատարելուց շուրջ երկու տարի անց մեղադրյալ Ս․Թովմասյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից, այն դեպքում, երբ, և՛ նախկին, և՛ գործող քրեական օրենքի համաձայն, վերջինիս քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը հինգ տարի է։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ տվյալ դեպքում առկա է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված պայմանը։

16. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետևությունն առ այն, որ մեղադրյալ Ս․Թովմասյանի նկատմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը լուծելիս վաղեմության ժամկետը ենթակա է հաշվարկման արարքի կատարման պահին գործող՝ ոչ մեծ ծանրության հանցագործությունների վաղեմության ժամկետի հաշվարկման կանոնով, իրավաչափ չէ։

17. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը՝ դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է` կիրառել են 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-րդ կետը, որը սույն վարույթով ենթակա չէր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար։ 18․ Հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Ս․Թովմասյանի պաշտպան Լ․Պինգոլցյանի միջնորդությունը պետք է մերժել։ Միևնույն ժամանակ, հիմք ընդունելով սույն որոշմամբ, ինչպես նաև Ռեբեկա Գրիգորյանի[11] վերաբերյալ գործով որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը պետք է ըստ էության քննության առնի Ս․Թովմասյանի վերաբերյալ քրեական գործը և արդյունքում հանգի համապատասխան հետևության։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ ու 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ՀԿԴ/0178/01/22 քրեական գործով Սուրեն Ստյոպայի Թովմասյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցոն դատարանի 2024 թվականի հունվարի 31–ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի մարտի 4-ի որոշումը բեկանել, պաշտպան Լ․Պինգոլցյանի միջնորդությունը մերժել։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

Նախագահող` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ

Դատավորներ` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ

Ս.ՉԻՉՈՅԱՆ

Դ․ՎԵՔԻԼՅԱՆ

Ծանոթագրություններ

[1] Տե՛ս վարույթի նյութեր, հավելված 1, թերթեր 5-33։

[2] Տե՛ս վարույթի նյութեր, հավելված 1, թերթեր 44-62։

[3] Տե՛ս նյութեր, հավելված 2, թերթեր 38-50։

[4] Տե՛ս, mutatis mutandis, ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2011 թվականի նոյեմբերի 29-ի թիվ ՍԴՈ-1000 որոշումը։ [5] Տե՛ս, mutatis mutandis, ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշումը։ [6] Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Վանիկ Առուստամյանի գործով 2024 թվականի փետրվարի 22-ի թիվ ԼԴ/0004/12/22 որոշումը։ [7] Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի գործով 2024 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԱՔԴ/0196/01/17 որոշումը։ [8] Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

[9] Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

[10] Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։

[11] Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Ռեբեկա Գրիգորյանի վերաբերյալ գործով 2024 թվականի օգոստոսի 27-ի թիվ ՀԿԴ/0094/01/23 որոշումը։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
29 օգոստոսի, 2024 թ.
Գործի #:
ՀԿԴ/0178/01/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել