Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/Պողոսյան — ՎԴ/1211/05/23
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Պողոսյան — ՎԴ/1211/05/23

Վճռաբեկ դատարանՎԴ/1211/05/2325 սեպտեմբերի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

Գործի համարը: ՎԴ/1211/05/23 Հայցվոր Անուն: Սպարտակ Ազգանուն: Պողոսյան Պատասխանող Անվանում: Երևանի քաղաքապետարան Դատական ակտի ընդունման ամսաթիվը: 25.09.2026 Վարչական դատավարություն: Ապացույցներ և ապացուցում

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/1211/05/23

դատարանի որոշում 2026թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/1211/05/23

Նախագահող դատավոր՝ Գ․ Սոսյան

Դատավորներ՝ Կ․ Գևորգյան

Ա․ Մկրտչյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը

(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

նախագահող

զեկուցող

Հ․ ԲԵԴԵՎՅԱՆ

Ք․ ՄԿՈՅԱՆ

Ա․ ԹՈՎՄԱՍՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

2026 թվականի սեպտեմբերի 25-ին

գրավոր ընթացակարգով քննելով Սպարտակ Պողոսյանի վճռաբեկ բողոքը

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 17․11․2025 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Սպարտակ Պողոսյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ գործողություն կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Սպարտակ Պողոսյանը պահանջել է տրամադրել ■■■[1] հողամասում առկա ինքնակամ շինությունն օրինականացնելու վերաբերյալ ընդունված համարվող փաստաթուղթը: ՀՀ վարչական դատարանի (դատավոր Մ․ Մելքումյան) (այսուհետ` Դատարան) 24․10․2023 թվականի վճռով հայցը բավարարվել է։ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 17․11․2025 թվականի հրապարակված՝ 12․12․2025 թվականին որոշմամբ Երևանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը բավարարվել է ամբողջությամբ՝ Դատարանի 24․10․2023 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել է՝ հայցը մերժվել է։ Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սպարտակ Պողոսյանը (ներկայացուցիչ Ալբերտ Կանդալյան)։ Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 5-րդ, 6-րդ, 27-րդ, 28-րդ և 29-րդ հոդվածները, չի կիրառել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը, որը պետք է կիրառեր։ Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով․

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ 16.09.2022 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրի հիման վրա հայցվորի անվամբ ■■■[2] գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում կատարվել է 23․09․2022 թվականին, իսկ 31.10.2022 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցման հիմքում միայն ավելացել է որակավորման վկայական ունեցող անձի կազմած շինության հատակագիծը։ Մասնավորապես, նոր գրանցում կատարելու անհրաժեշտությունը առաջացել էր կադաստրի քարտեզներում առկա սխալներն ուղղելու և թիվ ■■■[3] անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի մեջ շինություններն արտացոլված չլինելու հիմքերով։ Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 17․11․2025 թվականի որոշումը և փոփոխել այն՝ օրինական ուժ տալ Դատարանի դատական ակտին կամ գործն ուղարկել համապատասխան դատարան՝ նոր քննության:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը․

1) Սպարտակ Պողոսյանի լիազորված անձ Ալբերտ Կանդալյանի կողմից Երևանի քաղաքապետին հասցեագրված 17․10․2022 թվականի դիմումի համաձայն․ «ՀՀ Կառ․ 18․05․2006 թ․ հ․ 912-Ն որոշման համաձայն՝ օրինականացնել ■■■[4] հողամաս հասցեում սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված շինությունը։ Կից ներկայացվում է՝ 1․ անձնագրի (անձնագրերի) պատճենները, 2․ տեղագրական (գեոդեզիական) հանույթը, 3․ սեփականության վկայականի պատճենը, 4․ տարածքի լուսանկարներ» (հատոր 1-ին, գ․թ․ 20)։

2) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ ■■■[5] վկայականի համաձայն՝ 23․09․2022 թվականին ■■■[6] հողամասի (կադաստրային ծածկագիր՝ ■■■[7]) նկատմամբ Սպարտակ Պողոսյանի անվամբ կատարվել է սեփականության իրավունքի պետական գրանցում։ Գրանցման համար հիմք է հանդիսացել 16․09․2022 թվականի հ․ 11092 առուվաճառքի պայմանագիրը (հատոր 1-ին, գ․թ․ 35, լազերային կրիչ)։

3) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ ■■■[8]վկայականի համաձայն՝ 30․10․2022 թվականին ■■■[9] հողամասի (կադաստրային ծածկագիր՝ ■■■[10]) նկատմամբ Սպարտակ Պողոսյանի անվամբ կատարվել է սեփականության իրավունքի պետական գրանցում։ Գրանցման համար հիմք է հանդիսացել 16․09․2022 թվականի հ․ 11092 առուվաճառքի պայմանագիրը և որակավորման վկայական ունեցող անձի կողմից կազմված շինության հատակագիծը (հատոր 1-ին, գ․թ․ 16)։

4) Հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքի համաձայն՝ ■■■[11]միավորի, կադաստրային ծածկագիր՝ ■■■[12], չափագրման տվյալները 15․09․2022 թվականին մուտքագրվել են Կադաստրի կոմիտե (հատոր 1-ին, գ․թ․ 21)։

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները․

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 6-րդ, 27-րդ, 28-րդ և 29-րդ հոդվածների խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով. Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ ապացույցները գնահատելու և դրա արդյունքում հիմնավորված ու պատճառաբանված դատական ակտ կայացնելու օրենսդրական պահանջի պահպանման հարցին՝ վերահաստատելով նաև նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաբերելի է այն ապացույցը, որն ավելի կամ պակաս հավանական է դարձնում վեճը լուծելու համար էական նշանակություն ունեցող որևէ փաստի գոյությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի: Ոչ վերաբերելի ապացույցն անթույլատրելի է: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը պարտավոր է դատարանին ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնցով նա հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե բոլոր ապացույցները հետազոտելուց հետո գործի ելքը պայմանավորող որևէ փաստ մնում է չապացուցված, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը։ Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ ապացուցման բեռը կրում է` վիճարկման հայցով` վարչական մարմինը, որն ընդունել է միջամտող վարչական ակտը` դրա համար հիմք ծառայած փաստերի մասով: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում (...)։ ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներից մեկով անդրադառնալով վերը նշված նորմերի վերլուծությանը, արձանագրել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակում՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Դատարանը գործն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու նպատակով պետք է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատի գործում եղած բոլոր ապացույցները՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքվում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը կարող է համարվել պատշաճ կերպով պատճառաբանված միայն այն դեպքում, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման օբյեկտիվ հիմքերը (տե´ս, Ջաջուռի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և մյուսների թիվ ՎԴ5/0029/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը): ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է նաև, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը): ՀՀ վճռաբեկ դատարանը, մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ ապացույցների հետազոտման բազմակողմանիությունը ենթադրում է, որ գործում առկա ապացույցների ուսումնասիրության (ընկալման) ընթացքում դատարանը պետք է հաշվի առնի գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների դատողությունն ու բացատրությունները՝ միաժամանակ իր իրավասության սահմաններում ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցները ստացված փաստական տվյալների արժանահավատությունը ստուգելու համար: Ապացույցների հետազոտման լրիվությունը ենթադրում է գործով ներկայացված (ձեռք բերված) բոլոր վերաբերելի և թույլատրելի ապացույցների ընկալում ու ստուգում, փաստերի գոյության կամ բացակայության մասին վերջնական եզրահանգումներ կատարելու համար անհրաժեշտ և բավարար ամբողջ ապացուցողական նյութի վերլուծություն ու ստուգում։ Ապացույցների հետազոտման օբյեկտիվությունը ենթադրում է, որ դատարանն ապացույցները հետազոտելիս որևէ կերպ չպետք է շահագրգռված լինի գործի ելքով և անկողմնակալ վերաբերմունք ցուցաբերի ապացույցների հետազոտման ընթացքում` ապահովելով կողմերի մրցակցությունն ու իրավահավասարությունը և զերծ մնալով գործի ելքի կամ այս կամ այն ապացույցի արժանահավատության վերաբերյալ նախնական դատողություններ կատարելուց։ Դատարանի կողմից ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությունն առաջնահերթ նշանակություն ունի դրանք առանձին-առանձին ու իրենց համակցության մեջ ճիշտ գնահատելու` դրանց արժանահավատությունը և բավարարությունը ճիշտ որոշելու ու գործի քննության արդյունքում օրինական և հիմնավորված դատական ակտ կայացնելու համար (տե՛ս, Տիգրան Հովհաննիսյանն ընդդեմ Անթրանիկ Բողոսսյանի և Հայկ Մարտիրոսյանի թիվ ԵԴ/18039/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.09.2023 թվականի որոշումը): Դատավարական ընթացակարգում՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզման շրջանակում կարևորելով ապացույցների պատշաճ հետազոտման և գնահատման գործընթացը՝ Վճռաբեկ դատարանը վերստին ընդգծում է Դատարանի կողմից ապացույցներն ամբողջությամբ/լրիվությամբ հետազոտելու և միայն դրա արդյունքում եզրահանգումներ կատարելու անհրաժեշտությունը։ Մասնավորապես, դատական ակտում որոշակի փաստական հանգամանքների գոյության կամ բացակայության մասին օբյեկտիվ եզրահանգման հնարավոր է գալ բացառապես քննարկվող փաստական հանգամանքի վերաբերյալ գործում առկա ողջ ապացույցների հետազոտման և գնահատման արդյունքում։ Հակառակ պարագայում՝ Դատարանի կողմից ապացույցների ոչ լրիվ հետազոտումը կարող է կասկած հարուցել դատավարական ընթացակարգում ապացուցման ողջ գործընթացի օբյեկտիվության, ըստ այդմ՝ դատական ակտի հիմնավորվածության վերաբերյալ։ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործով Սպարտակ Պողոսյանը պահանջել է տրամադրել ■■■[13] հողամասում առկա ինքնակամ շինությունն օրինականացնելու վերաբերյալ ընդունված համարվող փաստաթուղթը։ Դատարանը 24․10․2023 թվականի վճռով հայցը բավարարել է այն հիմնավորմամբ, որ․ «(…) Նշված դիմումի ուսումնասիրությունից պարզվել է, որ այն համապատասխանում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» և «ե» կետերի պահանջներին, մասնավորապես՝ դիմումը պարունակում է դիմողի ներկայացուցչի անունը, ազգանունը, էլեկտրոնային կրիչով ներկայացված վարչական վարույթի նյութերում առկա է Սպարտակ Պողոսյանի կողմից Ալբերտ Կանդալյանին տրված լիազորագրի օրինակը, դիմումով ներկայացվող պահանջը (դիմումի առարկան), ինչպես նաև դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը (եթե այդպիսիք ներկայացվում են): Դատաքննությամբ հետազոտված ապացույցներով հիմնավորվել է նաև, որ Պատասխանողն օրենքով սահմանված ժամկետում չի ընդունել դիմումով հայցվող բարենպաստ վարչական ակտը կամ չի կայացրել անձի դիմումը մերժելու մասին որոշում կամ վարչական վարույթը եզրափակող օրենքով նախատեսված որևէ այլ անհատական իրավական ակտ, որպիսի հանգամանքը չի վիճարկվել նաև Պատասխանողի կողմից: Ընդ որում, հայցվող վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթն իրականացնող վարչական մարմինը ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգավորումների իմաստով, օժտված է ինքնակամ կառույցն օրինականացնելու վերաբերյալ վարչական ակտ ընդունելու իրավասությամբ: Անդրադառնալով հայցվող ակտով տրամադրվող իրավունքի իրավաչափությանը՝ Դատարանն արձանագրում է հետևյալը. (․․․) Սույն գործի փաստերը գնահատելով ՀՀ վճռաբեկ դատարանի վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Դատարանն ընդգծում է, որ ինքնակամ կառուցված շինությունն օրինականացնելու պահանջի մասով բացակայում է վարչական ակտի՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված առոչնչության հիմքը: Վերոշարադրյալի հիման վրա Դատարանը գտնում է, որ քննարկվող դեպքում ■■■[14] հողամասում ինքնակամ կառուցված շինությունն օրինականացնելու մասով առկա են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված՝ օրենքի ուժով վարչական ակտն ընդունված համարվելու իրավական կառուցակարգի կիրառման համար անհրաժեշտ բոլոր պայմանները»: Վերաքննիչ դատարանը, բավարարելով Երևանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը և բեկանելով ու փոփոխելով Դատարանի վճիռը, պատճառաբանել է, որ. «(…) Մինչդեռ հայցվորի 17.10.2022 թվականի դիմումի պահանջը, նախ, հստակ և որոշակի չէ, քանի որ դիմումով վերջինս հայցել է ■■■[15]հողամաս հասցեում սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված շինության օրինականացում, իսկ դիմումի «կից ներկայացվում է» հատվածի 3-րդ կետում նշված է. «սեփականության վկայականի պատճեն», այն դեպքում, երբ այդ նույն հասցեի նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքը գրանցվել է (ծագել է) միայն 31.10.2022 թվականին (հիմք՝ թիվ ■■■[16] վկայական), այսինքն՝ 17.10.2022 թվականի դիմումին օբյեկտիվորեն չէր կարող կցվել հայցվորի անվամբ 31.10.2022 թվականին տրված սեփականության իրավունքի վկայականը, և դա այն պայմաններում, երբ հայցվորի պահանջը վերաբերում է հենց սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված շինության օրինականացմանը: Ըստ այդմ՝ Վերաքննիչ դատարանը հաստատված է համարում այն հանգամանքը, որ սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված շինության օրինականացման վերաբերյալ հայցվորի 17.10.2022 թվականի դիմումի ներկայացման պահին նա վիճելի հասցեի նկատմամբ սեփականության իրավունք չի ունեցել, այսինքն՝ 17.10.2022 թվականին բարենպաստ վարչական ակտի ընդունում հայցվել է այդ պահին տվյալ գույքի նկատմամբ ակնհայտ իրավունք չունեցող անձի կողմից, քանի որ հայցվորի սեփականության իրավունքը ծագել է միայն 31.10.2022 թվականին: Վերաքննիչ դատարանը փաստում է նաև, որ հայցվորի անվամբ 31.10.2022 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցման հիմքում թեև ընկած է 16.09.2022 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը, սակայն նշված պայմանագրի ուժով հայցվորի սեփականության իրավունքն դեռ չէր ծագել, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գույքի նկատմամբ պետական գրանցման ենթակա իրավունքները ծագում են դրանց գրանցման պահից, իսկ ըստ գործի տվյալների, ինչպես արդեն նշվեց, վիճելի հասցեի նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքը գրանցվել է, այսինքն՝ իրավունքը ծագել է 31.10.2022 թվականին, մինչդեռ սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ շինության օրինականացման դիմումը ներկայացվել է դրանից ավելի վաղ՝ 17.10.2022 թվականին: Հետևաբար Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հայցվորի կողմից պատասխանողին ուղղված 17.10.2022 թվականի դիմումով հայցվել է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունքի տրամադրում, որպիսի դեպքում հայցված բարենպաստ վարչական ակտը չի կարող օրենքի ուժով համարվել ընդունված: Ընդ որում՝ ըստ գործի փաստական տվյալների՝ հայցվորը մինչև դիմումի հիման վրա հարուցված վարույթի առավելագույն ժամկետի ավարտը չի ներկայացրել սեփականության իրավունքի վկայականը, ինչը հիմնավորվում է նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 21.06.2023 թվականի թիվ 18/111529-23 գրությամբ (թեև կայացվել է ժամկետի խախտմամբ), որով հայտնվել է, որ բարձրացված հիշյալ հարցի հետագա քննարկման համար անհրաժեշտ է ներկայացնել նաև սեփականության իրավունքի վկայականի պատճենը: Ուստի Վերաքննիչ դատարանը հաստատված է համարում, որ հայցվորը չունի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ■■■[17] հողամաս հասցեում սեփականության իրավունքով պատկանող հողում ինքնակամ շինությունն օրինականացնելու որոշման տրամադրում հայցելու որևէ իրավաչափ հիմք և իրավունք: Այսպիսով՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հայցվորի դիմումով հայցված ■■■[18]հասցեում սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ շինությունն օրինականացնելու վերաբերյալ որոշում տրամադրելուն պարտավորեցնելու վերաբերյալ նրա պահանջն անհիմն է, քանի որ նախ՝ դիմումը չի համապատասխանում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «դ» և «ե» ենթակետերի պահանջներին, և երկրորդ՝ դիմումով հայցված բարենպաստ վարչական ակտը նույն օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» ենթակետով սահմանված հիմքով առ ոչինչ է (…)»: Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը. Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ փաստել է, որ հայցվորը ■■■[19] հողամասում առկա ինքնակամ շինությունն օրինականացնելու վերաբերյալ դիմումը պատասխանողին ներկայացնելու պահին չի հանդիսացել նշված հողամասի սեփականատեր, ինչն էլ հիմք ընդունելով, եզրահանգել է, որ նախ՝ դիմումը չի համապատասխանում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «դ» և «ե» ենթակետերի պահանջներին, բացի այդ՝ դիմումով հայցվող վարչական ակտը նույն օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի հիմքով առոչինչ վարչական ակտ է, հետևաբար օրենքի ուժով չի կարող համարվել ընդունված։ Այնինչ, պատասխանողի կողմից լազերային կրիչով դատարան ներկայացված վարչական վարույթի նյութերի ուսումնասիրության արդյունքում՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ․

- Սպարտակ Պողոսյանը (լիազորված անձ Ալբերտ Կանդալյան) Երևանի քաղաքապետին հասցեագրված 17․10․2022 թվականի դիմումով խնդրել է օրինականացնել ■■■[20]հողամաս հասցեում՝ հայցվորին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված շինությունը, իսկ դիմումին կից, ի թիվս այլնի, ներկայացվել է սեփականության վկայականի պատճենը (հատոր 1-ին, գ․թ․ 20)։

- Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ ■■■[21]վկայականի համաձայն՝ 23․09․2022 թվականին ■■■[22] հողամասի (կադաստրային ծածկագիր՝ ■■■[23]) նկատմամբ Սպարտակ Պողոսյանի անվամբ կատարվել է սեփականության իրավունքի պետական գրանցում։ Գրանցման համար հիմք է հանդիսացել 16․09․2022 թվականի հ․ 11092 առուվաճառքի պայմանագիրը (հատոր 1-ին, գ․թ․ 34, լազերային կրիչ)։ Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պատասխանողի կողմից դատարան ներկայացված վարչական վարույթի նյութերով, մասնավորապես, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ ■■■[24]վկայականով հաստատվում է ■■■[25] հողամասի (կադաստրային ծածկագիր՝ ■■■[26]) նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքը 23․09․2022 թվականին՝ նախքան Երևանի քաղաքապետարան օրինականացման դիմում ներկայացնելը, գրանցված լինելու հանգամանքը։ Հետևաբար, նշված ապացույցի գոյությամբ հերքվում է Վերաքննիչ դատարանի դիտարկումն առ այն, որ հայցվորի՝ ■■■[27]հողամասի (կադաստրային ծածկագիր՝ ■■■[28]) նկատմամբ սեփականության իրավունքի ծագումը հաջորդել է հայցվորի կողմից նույն հողամասում առկա ինքնակամ կառույցն օրինականացնելու դիմումը Երևանի քաղաքապետարան ներկայացնելուն։ Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ ■■■[29]վկայականի համաձայն՝ 31․10․2022 թվականին նույն գույքի՝ ■■■[30]հողամասի (կադաստրային ծածկագիր՝ ■■■[31]) նկատմամբ Սպարտակ Պողոսյանի անվամբ, ըստ էության, կրկին կատարվել է սեփականության իրավունքի գրանցում, որի համար հիմք է հանդիսացել 16․09․2022 թվականի հ․ 11092 առուվաճառքի պայմանագիրը և որակավորման վկայական ունեցող անձի կողմից կազմված շինության հատակագիծը (հատոր 1-ին, գ․թ․ 16)։ Վերոգրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված և դատարան ներկայացված ապացույցներն ամբողջ ծավալով ուսումնասիրության առարկա չդարձնելու արդյունքում Վերաքննիչ դատարանը եկել է ոչ իրավաչափ եզրահանգման՝ ■■■[32] հողամասում առկա ինքնակամ կառույցն օրինականացնելու դիմում ներկայացնելու պահին հայցվորի՝ նշված հողամասի սեփականատեր չհանդիսանալու, դիմումին կից ■■■[33] հողամասի նկատմամբ գրանցված սեփականության իրավունքի վկայականը չներկայացնելու, ըստ այդմ՝ դիմումը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «դ» և «ե» ենթակետերի (այն է՝ վարչական մարմին դիմումը ներկայացվում է գրավոր և պետք է պարունակի` «դ» դիմումով ներկայացվող պահանջը (դիմումի առարկա), «ե» դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը (եթե այդպիսիք ներկայացվում են)), պահանջներին չհամապատասխանելու, և հայցվող բարենպաստ վարչական ակտի՝ նույն օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի ուժով առոչինչ վարչական ակտ հանդիսանալու հիմքով հայցվող վարչական ակտն օրենքի ուժով ընդունված չհամարվելու վերաբերյալ։ Վերոգրյալ հիմնավորումներով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ, 28-րդ և 29-րդ հոդվածների խախտմամբ, ինչի արդյունքում խաթարվել է արդարադատության բուն էությունը։ Միաժամանակ, նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը բողոքարկվող դատական ակտը կայացրել է առանց վերաքննիչ բողոքի հիմքերը քննության առարկա դարձնելու, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ակտը պետք է բեկանել և ուղարկել նույն դատարան՝ նոր քննության վերաքննիչ բողոքի հիմքերը գնահատելու համար։ Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործն ամբողջ ծավալով նույն դատարան նոր քննության ուղարկելու համար։

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ․ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որոնք իրենց նպատակին չեն ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին: Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 17․11․2025 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ: Նախագահող

Զեկուցող

Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Ռ․ ՀԱԿՈԲՅԱՆ

Ծանոթագրություններ

[1] Հանդիսանում է անձնական տվյալ

[2] Հանդիսանում է անձնական տվյալ

[3] Հանդիսանում է անձնական տվյալ

[4] Հանդիսանում է անձնական տվյալ

[5] Հանդիսանում է անձնական տվյալ

[6] Հանդիսանում է անձնական տվյալ

[7] Հանդիսանում է անձնական տվյալ

[8] Հանդիսանում է անձնական տվյալ

[9] Հանդիսանում է անձնական տվյալ

[10] Հանդիսանում է անձնական տվյալ

[11] Հանդիսանում է անձնական տվյալ

[12] Հանդիսանում է անձնական տվյալ

[13] Հանդիսանում է անձնական տվյալ

[14] Հանդիսանում է անձնական տվյալ

[15] Հանդիսանում է անձնական տվյալ

[16] Հանդիսանում է անձնական տվյալ

[17] Հանդիսանում է անձնական տվյալ

[18] Հանդիսանում է անձնական տվյալ

[19] Հանդիսանում է անձնական տվյալ

[20] Հանդիսանում է անձնական տվյալ

[21] Հանդիսանում է անձնական տվյալ

[22] Հանդիսանում է անձնական տվյալ

[23] Հանդիսանում է անձնական տվյալ

[24] Հանդիսանում է անձնական տվյալ

[25] Հանդիսանում է անձնական տվյալ

[26] Հանդիսանում է անձնական տվյալ

[27] Հանդիսանում է անձնական տվյալ

[28] Հանդիսանում է անձնական տվյալ

[29] Հանդիսանում է անձնական տվյալ

[30] Հանդիսանում է անձնական տվյալ

[31] Հանդիսանում է անձնական տվյալ

[32] Հանդիսանում է անձնական տվյալ

[33] Հանդիսանում է անձնական տվյալ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 սեպտեմբերի, 2026 թ.
Գործի #:
ՎԴ/1211/05/23
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել