Ալեքսանյան
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 61. Դատական պաշտպանության իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը · Հոդված 63. Արդար դատաքննության իրավունքը · ՄԻԵԿ հոդված 6. Արդար դատաքննության իրավունքԱմփոփում
Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 12-ի որոշմամբ բավարարվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետ Վ․Պետրոսյանի միջնորդությունը, և թույլատրվել 2 (երկու) ամիս ժամկետով Արուսյակ Հարությունի Ալեքսանյանի նկատմամբ իրականացնել «Թվային, այդ թվում՝ հեռախոսային խոսակցությունների վերահսկում», «Ներքին դիտում» և «Արտաքին դիտում» համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ նա
Ամբողջ Տեքստ
36/01․09․2022
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր՝ Դ․Արղամանյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր` Մ․Մելքոնյան
2024 թվականի հոկտեմբերի 23-ին քաղաք Երևանում
ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Դ․ՎԵՔԻԼՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2022 թվականի նոյեմբերի 11-ի որոշման դեմ մեղադրյալ Էրիկ Սարգսի Ալեքսանյանի պաշտպան Զ․Հարությունյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1.
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 12-ի որոշմամբ բավարարվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետ Վ․Պետրոսյանի միջնորդությունը, և թույլատրվել 2 (երկու) ամիս ժամկետով Արուսյակ Հարությունի Ալեքսանյանի նկատմամբ իրականացնել «Թվային, այդ թվում՝ հեռախոսային խոսակցությունների վերահսկում», «Ներքին դիտում» և «Արտաքին դիտում» համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան), քննարկելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետի պարտականությունները կատարող Ս․Սարգսյանի միջնորդությունը, 2022 թվականի սեպտեմբերի 1-ի որոշմամբ թույլատրել է Ա․Ալեքսանյանի նկատմամբ իրականացվող «Թվային, այդ թվում՝ հեռախոսային խոսակցությունների վերահսկում», «Ներքին դիտում» և «Արտաքին դիտում» համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ժամկետը երկարաձգել 2 (երկու) ամսով՝ մինչև 2022 թվականի նոյեմբերի 12-ը։ 2․ 2022 թվականի հոկտեմբերի 17-ին թիվ 58236222 քրեական վարույթով Էրիկ Սարգիսի Ալեքսանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով հարուցվել է հանրային քրեական հետապնդում: 3․ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 1-ի որոշման դեմ մեղադրյալ Է․Ալեքսանյանի պաշտպան Գ․Պապոյանի կողմից բերվել է հատուկ վերանայման բողոք, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան)՝ 2022 թվականի նոյեմբերի 11-ի որոշմամբ թողնվել է առանց քննության:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ մեղադրյալ Է․Ալեքսանյանի պաշտպան Զ․Հարությունյանը բերել է վճռաբեկ բողոք, որը ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի՝ 2023 թվականի հունվարի 5-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականցման գրավոր ընթացակարգ։ 2023 թվականի հունվարի 16-ին գործը բաշխվել (հանձնվել) է ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմին[1]։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոքաբերը, մեջբերելով ՀՀ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների մի շարք որոշումներ, պնդել է, որ Ա.Ալեքսանյանի նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներն անմիջականորեն առնչվում են նաև մեղադրյալ Է.Ալեքսանյանի իրավունքներին և օրինական շահերին, վկայում են վերջինիս մասնավոր կյանքի իրավունքի սահմանափակման մասին: Մասնավորապես՝ բողոքի հեղինակը փաստել է, որ Ա․Ալեքսանյանի նկատմամբ «Ներքին դիտում» ՕՀ միջոցառման արդյունքները պարունակող լազերային սկավառակի զննության արդյունքում պարզվել է, որ ձայնային ֆայլերի մեջ արձանագրված խոսակցությունները, ըստ նախաքննության մարմնի, տեղի են ունենում Է․Ալեքսանյանի և Ա․Ալեքսանյանի միջև։ Հետևաբար Առաջին ատյանի դատարանի՝ Ա․Ալեքսանյանի նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելը թույլատրելու մասին որոշումներով սահմանափակվել է նաև Է․Ալեքսանյանի հաղորդակցության գաղտնիության իրավունքը։ Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ կատարված ՕՀՄ-ի արդյունքները ծառայել են Է․Ալեքսանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու և իբրև փաստական հիմք են հանդիսացել վերջինիս նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառելու համար: Ուստի, բողոքաբերը գտել է, որ Է․Ալեքսանյանը միանշանակ պետք է դիտվի որպես շահագրգիռ անձ և լիարժեք իրավունք ունենա վիճարկելու Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշումը: Բողոքաբերը նաև հավելել է, որ իրականացված «Ներքին դիտում» ՕՀ միջոցառման արդյունքների բովանդակային պարզ ուսումնասիրությունը թույլ է տալիս հանգելու հետևության, որ տվյալ միջոցառման իրականացման ընթացքում Է․Ալեքսանյանի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ տեղի է ունեցել միջամտություն: Մասնավորապես վերահսկվել են, ի թիվս այլնի, մասնավոր, ընկերական խոսակցություններ, որոնց ընթացքում քննարկվել են թե՛ Է․Ալեքսանյանի, թե՛ Ա․Ալեքսանյանի մասնավոր կյանքի դրվագներ, այլ անձանց հետ ունեցած անձնական բնույթի խոսակցություններ և այլն։ Այլ հարց է, թե որքանով է այսպիսի միջամտությունն ուղղակի կամ անուղղակի վնաս պատճառել Է․Ալեքսանյանին կամ ազդեցություն թողել նրա լեգիտիմ շահերի վրա։ Ամփոփելով վերոգրյալը՝ բողոքաբերը գտել է, որ բողոքարկվող դատական ակտում Է․Ալեքսանյանի՝ շահագրգիռ անձ չհանդիսանալու վերաբերյալ տրված մեկնաբանությունը հակասում է ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1526 որոշմամբ բացահայտված շահագրգիռ անձ եզրույթի և նրա բողոքարկման իրավունքի սահմանադրաիրավական բովանդակությանը, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի կողմից շահագրգիռ անձ եզրույթին տրված մեկնաբանությանը։ Արդյունքում բողոքաբերը գտել է, որ վիճարկվող դատական ակտով Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին՝ Է․Ալեքսանյանի շահագրգիռ անձ հանդիսանալու մասով, տրվել է սխալ մեկնաբանություն, որը հակասում է նաև ՀՀ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների կողմից վերոնշյալ իրավադրույթի վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումներին:
6. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 11-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության: Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. 2022 թվականի սեպտեմբերի 1-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանը, բավարարելով Ա․Ալեքսանյանի նկատմամբ իրականացվող «Թվային, այդ թվում՝ հեռախոսային խոսակցությունների վերահսկում», «Ներքին դիտում» և «Արտաքին դիտում» համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ժամկետը երկարաձգելու մասին միջնորդությունը, նշել է հետևյալը․ «(…) Նկատի ունենալով, որ ներկայացված նյութերը պարունակում են տեղեկություններ Արուսյակ Հարությունի Ալեքսանյանի կողմից առերևույթ ծանր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքի կատարման և այդ հանցավոր գործունեությունը վերջինիս կողմից շարունակելու հավանականության մասին, միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հնարավոր չի եղել ձեռք բերել ենթադրյալ հանցագործության բացահայտման և հանցավոր գործունեության շարունակումը կանխելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը, իսկ այլ եղանակով ողջամտորեն հնարավոր չէ այդ տեղեկատվության ձեռքբերումը, և գտնելով, որ ենթադրյալ հանցանք կատարած անձին հանցանքի կատարման պահին կամ դրանից անմիջապես հետո բացահայտելու, ինչպես նաև նրա կողմից հանցավոր գործունեության շարունակումը հայտնաբերելու և կանխելու նպատակով Արուսյակ Հարությունի Ալեքսանյանի նկատմամբ իրականացվող «թվային, այդ թվում՝ հեռախոսային խոսակցությունների վերահսկում», «ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «արտաքին դիտում» համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ժամկետը երկարաձգելու անհրաժեշտության մասին ներկայացվել են բավարար հիմնավորումներ՝ Դատարանը գտնում է, որ նշված օպերատիվ-հետախուզական միջոցառումները ևս երկու ամիս ժամկետով իրականացնելը թույլատրելու անհրաժեշտությունը բխում է ենթադրյալ առանձնապես ծանր հանցագործության կատարումը բացահայտելու, հանցավոր գործունեության հավանական շարունակումը կանխելու հանրային շահը տվյալ իրավիճակում գերակայում է Արուսյակ Հարությունի Ալեքսանյանի անձնական կյանքի գաղտնիության իրավունքին: (…)»[2]։ 8․ Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 11-ի որոշմամբ արձանագրվել է հետևյալը. «(…) Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից պարզվում է, որ․ Առաջին ատյանի դատարանի 12.07.2022 թվականի որոշմամբ Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ թույլատրվել է երկու ամիս ժամկետով օպերատիվ- հետախուզական միջոցառումներ իրականացնել, իսկ 01.09.2022 թվականի որոշմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ժամկետը երկարաձգվել է երկու ամիս ժամանակով՝ մինչև 12.11.2022 թվականը: Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 46-441 հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ 17.10.2022 թվականին՝ ժամը 13.47-ին Էրիկ Ալեքսանյանը ձերբակալվել է, իսկ 17.10.2022 թվականին վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը երկու ամիս ժամկետով: (…) Սույն որոշմամբ վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների կիրառմամբ՝ Վերաքննիչ դատարանը, սույն գործի փաստական հանգամանքների շրջանակներում՝ գնահատելով Է.Ալեքսանյանի կողմից Առաջին ատյանի դատարանի` 01.09.2022 թվականի որոշումը բողոքարկելու իրավասությունը, արձանագրում է, որ վերջինիս պաշտպան Գ.Պապոյանի կողմից չի ներկայացվել փաստական տվյալներ և չի հիմնավորվել, որ այդ որոշման հիման վրա միջամտություն է տեղի ունեցել Է.Ալեքսանյանի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին, որն ուղղակի կամ անուղղակի վնաս է պատճառել իրեն կամ ազդեցություն է թողել իր լեգիտիմ շահերի վրա: Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում փաստել, որ օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման արդյունքում` ձեռքբերված փաստական տվյալների հիման վրա անձին որպես մեղադրյալ ներգրավելը և մեղադրանք առաջադրելն ինքնին չի կարող վկայել Վճռաբեկ դատարանի որոշմամբ վկայակոչված չափանիշները հաղթահարված գնահատելու համար, հետևաբար, բողոքաբերի կողմից ներկայացված հիմնավորումների պայմաններում, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Է.Ալեքսանյանն Առաջին ատյանի դատարանի 01.09.2022 թվականի որոշումը բողոքարկելու իրավունք չունի: Վերաքննիչ դատարանն արձանագրում է նաև, որ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների պայմաններում դիմողը զրկված չէ այլ ընթացակարգերով, այդ թվում՝ վերաբերելի չափանիշների և պայմանների առկայության դեպքում հետագա դատական վերահսկողության կարգով կամ դատական քննության շրջանակներում ստանալ արդյունավետ դատական պաշտպանություն, մասնավորապես՝ վիճարկել այդ ապացույցի ձեռք բերման թույլատրելիությունը, հետևաբար, տվյալ դեպքում չեն սահմանափակվում նաև անձի ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով նախատեսված արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները: Ամփոփելով վերոգրյալը, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Բողոքաբերի ներկայացրած վերաքննիչ բողոքը ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն պետք է թողնել առանց քննության, քանի որ հատուկ վերանայման բողոքը բերել է այն անձը, որն այն ներկայացնելու իրավունք չուներ: (…)»[3]։ Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
9. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք Ա․Ալեքսանյանի նկատմամբ օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու ժամկետը երկարաձգելու թույլտվություն տալու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ մեղադրյալ Է․Ալեքսանյանի պաշտպան Գ․Պապոյանի կողմից բերված վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները։
10. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»: ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Եվրոպական կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, (…) նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»: Եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածը սահմանում է․ «Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 353-րդ հոդվածի համաձայն՝
«1. Դատական վերանայման բողոք բերելու իրավունք ունեն՝
1) վարույթի մասնավոր մասնակիցը.
2) վարույթի մասնավոր մասնակից չհանդիսացող անձը, եթե դատական ակտն ուղղակիորեն վերաբերում է նրա իրավաչափ շահերին.
3) դատախազը:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված անձանց կողմից կամ ի շահ նրանց դատական վերանայման բողոքը կարող է բերվել միայն դատական ակտի` այդ անձանց մասնավոր շահերին առնչվող մասով:»։
11. ՀՀ Սահմանադրական դատարանը, 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշմամբ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, դատական մատչելիության իրավունքի վերաբերյալ, ի թիվս այլնի, նշել է.
- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,
- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով՝ դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և իր ծանրությամբ չհանգեցնի իրավունքի էության խախտման[4]: 12․ Արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող՝ դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ նաև՝ Եվրոպական դատարան) արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.
- դատարանի մատչելիության իրավունքը բացարձակ չէ, և պետությունները կարող են այն իրացնելու հնարավորությունը պայմանավորել որոշակի պահանջներով և չափանիշներով[5],
- պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը[6],
- ներպետական դատական ատյանները դատավարական կանոնները կիրառելիս պետք է ձեռնպահ մնան դրանց չափազանցված ձևականացումից, որն իր ազդեցությունը կունենա դատավարության արդարացիության վրա [7]:
13. Արդար դատաքննության իրավունքի համատեքստում կարևորելով դատարանի մատչելիության իրավունքը` Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ․ «Դատական մատչելիության իրավունքը պետք է լինի իրական և ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում` ողջամիտ սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա: Դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սահմանափակումները չպետք է ձևական բնույթ կրեն, որպեսզի շահագրգիռ անձը հավասար պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքի իրացման հնարավորություն ունենա: Հակառակ դեպքում կխախտվեն անձի՝ դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքները»[8]:
14. Վճռաբեկ դատարանը, Գոռ Սարգսյանի վերաբերյալ գործով որոշմամբ բացահայտելով օպերատիվ-հետախուզական միջոցառումների հետախուզական-որոնողական բնույթը, արձանագրել է, որ դրանց արդյունքում միջամտություն է տեղի ունենում մարդու հիմնարար իրավունքներին և ազատություններին, որոնց առնչությամբ պետք է պահպանվեն պետության ստանձնած պոզիտիվ և նեգատիվ պարտավորությունները[9]։ Վճռաբեկ դատարանը նաև փաստել է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների նկատմամբ իրականացվող միջամտության ծավալներն անհամեմատ ընդարձակ են։ Ավելին, որոշ դեպքերում դրանք նույնիսկ «թիրախավորում» են անորոշ թվով անձանց շրջանակի, ինչն էլ օպերատիվ-հետախուզական միջոցառումները, քննչական գործողությունների համեմատ, դարձնում է հանցավոր դեպքի բացահայտման առավել ծայրահեղ միջոց։ Ուստի, օժտված լինելով հանցագործությունների բացահայտման բարձր արդյունավետությամբ՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների գործիքակազմը գործնականում կարող է «թիրախավորել» ոչ միայն այն անձանց, ովքեր ուղղակի առնչություն են ունեցել հանցավոր դեպքին (օրինակ՝ հանդիսացել են հանցագործությանն օժանդակող), այլ նաև անուղղակի առնչություն ունեցողներին (օրինակ՝ դեպքի վայրով անցնող անձանց)։ Նման պայմաններում, անհրաժեշտություն է առաջանում հստակեցնել այդ երկու խումբ անձանց նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների կապակցությամբ արդյունավետ իրավական պաշտպանություն հայցելու կառուցակարգը և այն չափանիշը, որի պայմաններում այդ կառուցակարգը կարող է գործադրվել[10]։ 15․ Նախորդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում Վճռաբեկ դատարանը հատկապես կարևոր է համարել ընդգծել օպերատիվ-հետախուզական միջոցառումների կապակցությամբ իրավական պաշտպանություն հայցելու կառուցակարգի արդյունավետության ապահովման անհրաժեշտությունը, որի առումով հատկանշական են նաև Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումները Եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածի առնչությամբ։ Մասնվորապես, մի շարք գործերով Եվրոպական դատարանն ընդգծել է, որ նշված հոդվածը պահանջում է, որ ներպետական պաշտպանության միջոց առկա լինի Եվրոպական կոնվենցիայով նախատեսված՝ «վիճարկելի» բողոքի էությունը քննելու և համապատասխան օգնություն տրամադրելու համար, չնայած որ պայմանավորվող պետություններին տրվում է որոշակի թույլատրելի հայեցողության շրջանակ՝ կապված այն ձևի հետ, որով նրանք կատարում են Եվրոպական կոնվենցիայի այս դրույթով նախատեսված իրենց պարտականությունները[11]։ Բացի այդ, Եվրոպական դատարանը կարևորել է, որ 13-րդ հոդվածով պահանջվող պաշտպանության միջոցը պետք է լինի «արդյունավետ»՝ ինչպես գործնականում, այնպես էլ օրենսդրության մեջ, ընդ որում՝ դրա կիրառումը չպետք է անարդարացիորեն խոչընդոտվի պետության գործողություններով կամ բացթողումներով[12]։
16. Արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող՝ դատարանի մատչելիության իրավունքի համատեքստում, ինչպես նաև Եվրոպական դատարանի վերաբերելի գնահատականների հիման վրա Վճռաբեկ դատարանն Արա Շահնազարյանի վերաբերյալ գործով վերահսկողության գաղտնի միջոցառումների իրականացումը թույլատրելու վերաբերյալ դատական ակտը ստուգելու «արդյունավետ վերահսկողության» միջոց է դիտարկել բացառապես դրա իրավաչափության վիճարկումը վերադասության կարգով։ Նախնական դատական վերահսկողության ենթակա օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրավաչափության՝ վերադասության կարգով վիճարկելու սուբյեկտային կազմի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գաղտնի միջոցառումների «արդյունավետ վերահսկողության» հիշյալ մեխանիզմը կարող է գործադրվել այն դեպքում, երբ այդ միջոցառման արդյունքում անձը դարձել է մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտման զոհ։ Վերոգրյալի հետ մեկտեղ, հաշվի առնելով, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրենց բնույթով կարող են թիրախավորել» անորոշ թվով անձանց շրջանակ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ տվյալ պարագայում օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշման իրավաչափությունը վիճարկելու հնարավորությունը գնահատելու համար կիրառվում է երկաստիճան թեստ՝ բաղկացած հետևյալ հարցերից.
ա) արդյո՞ք անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ տեղի է ունեցել միջամտություն,
բ) եթե այո, ապա արդյո՞ք այդպիսի միջամտությունն ուղղակի կամ անուղղակի վնաս է պատճառել անձին կամ ազդեցություն թողել իր լեգիտիմ շահերի վրա։ Միաժամանակ ընդգծվել է, որ վերոնշյալ վերջին չափանիշն իրավակիրառ պրակտիկայում չպետք է այն աստիճան ձևականացվի (excessive formalism), որ անձը մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ տեղի ունեցած միջամտության պայմաններում զրկվի օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշման իրավաչափությունը ստուգման ենթարկելու հնարավորությունից։ Մյուս կողմից նշվել է, որ շահագրգիռ անձինք, իրենց բողոքը ներկայացնելիս պետք է հիմնավորեն վերոնշյալ չափանիշների առկայությունը։ Այս առումով Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման արդյունքում ձեռքբերված փաստական տվյալների հիման վրա անձին որպես մեղադրյալ ներգրավելը և մեղադրանք առաջադրելն ինքնին չի կարող վկայել վերոնշյալ չափանիշները հաղթահարված գնահատելու համար։ Մասնավորապես, անձանց նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռքբերված տվյալների հիման վրա կարող են որպես մեղադրյալ ներգրավվել երրորդ անձինք: Նշվածը՝ խնդրո հարցի համատեքստում չի կարող դիտարկվել որպես լեգիտիմ շահի պաշտպանության մեխանիզմ, եթե այդ երրորդ անձանց որևէ իրավունք չի ենթարկվել միջամտության բուն օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման շրջանակներում։ Նրանք կարող են հետագայում՝ հնարավոր քրեական վարույթի շրջանակներում վիճարկել մեղադրանքի հիմքում դրված այդ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում ձեռքբերված փաստական տվյալների թույլատրելիությունը[13]։
17. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ․
- Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 12-ի որոշմամբ թույլատրվել է 2 (երկու) ամիս ժամկետով Ա․Ալեքսանյանի նկատմամբ իրականացնել «Թվային, այդ թվում՝ հեռախոսային խոսակցությունների վերահսկում», «Ներքին դիտում» և «Արտաքին դիտում» համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ[14],
- 2022 թվականի սեպտեմբերի 1-ին կայացված որոշմամբ Առաջին ատյանի դատարանի կողմից թույլատրվել է Ա․Ալեքսանյանի նկատմամբ իրականացվող «Թվային, այդ թվում՝ հեռախոսային խոսակցությունների վերահսկում», «Ներքին դիտում» և «Արտաքին դիտում» համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ժամկետը երկարաձգել 2 (երկու) ամսով՝ մինչև 2022 թվականի նոյեմբերի 12-ը[15],
- 2022 թվականի հոկտեմբերի 17-ին թիվ 58236222 քրեական վարույթով Է․Ալեքսանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով հարուցվել է հանրային քրեական հետապնդում[16],
- քննարկելով Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 1-ի որոշման դեմ մեղադրյալ Է․Ալեքսանյանի պաշտպան Գ․Պապոյանի բողոքը՝ Վերաքննիչ դատարանը 2022 թվականի նոյեմբերի 11-ի որոշմամբ այն թողել է առանց քննության: Վերաքննիչ դատարանը գտել է, որ մեղադրյալ Է․Ալեքսանյանը կամ նրա պաշտպանը տվյալ դեպքում չունեին վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունք։ Վերաքննիչ դատարանը մասնավորապես նշել է, որ պաշտպան Գ.Պապոյանի կողմից չի ներկայացվել փաստական տվյալներ և չի հիմնավորվել, որ Առաջին ատյանի դատարանի որոշման հիման վրա միջամտություն է տեղի ունեցել Է.Ալեքսանյանի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին, որն ուղղակի կամ անուղղակի վնաս է պատճառել նրան կամ ազդեցություն է թողել նրա լեգիտիմ շահերի վրա: Ընդ որում, Վերաքննիչ դատարանը գտել է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման արդյունքում ձեռքբերված փաստական տվյալների հիման վրա անձին որպես մեղադրյալ ներգրավելը և մեղադրանք առաջադրելն ինքնին չի կարող վկայել Վճռաբեկ դատարանի Արա Շահնազարյանի վերաբերյալ գործով որոշմամբ արձանագրված չափանիշները հաղթահարված համարելու համար։ Վերաքննիչ դատարանը նաև փաստել է, որ Է.Ալեքսանյանը զրկված չէ այլ ընթացակարգերով, այդ թվում՝ վերաբերելի չափանիշների և պայմանների առկայության դեպքում հետագա դատական վերահսկողության կարգով կամ դատական քննության շրջանակներում ստանալ արդյունավետ դատական պաշտպանություն[17]։
18. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-16-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, բացառելով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառման ժամկետի երկարաձգումը թույլատրող որոշումը մեղադրյալ Է.Ալեքսանյանի կողմից վերադասության կարգով բողոքարկելու հնարավորությունը, հատուկ վերանայման բողոքին կից ներկայացված նյութերի շրջանակում պատշաճ վերլուծության ու իրավական գնահատման չի ենթարկել տեղեկատվությունն այն մասին, որ Ա․Ալեքսանյանի նկատմամբ իրականացված «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում միջամտություն է տեղի ունեցել Է․Ալեքսանյանի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին։ Մասնավորապես, ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի երկրորդ բաժնի ավագ քննիչ Ն․Այվազյանի կողմից 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կազմված «Զննում կատարելու մասին» արձանագրությամբ փաստվում է, որ Ա․Ալեքսանյանի աշխատասենյակում «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման ընթացքում վերահսկման են ենթարկվել վերջինիս և Է․Ալեքսանյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունները[18]։ Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարան ներկայացված նյութերով հիմնավորվել է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 1-ի որոշման հիման վրա առերևույթ միջամտություն է տեղի ունեցել Է․Ալեքսանյանի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին։ Միևնույն ժամանակ, հարկ է ընդգծել, որ բողոքի հեղինակը նաև հիմնավորել է, որ մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ միջամտությունն առերևույթ ազդեցություն է թողել Է․Ալեքսանյանի լեգիտիմ շահերի վրա։ Ամփոփելով վերագրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ բողոքաբերի կողմից հիմնավորվել է Արա Շահնազարյանի վերաբերյալ գործով որոշմամբ ձևակերպված՝ բողոքարկման իրավասության իրավական չափորոշիչների առկայությունը, ինչով էլ պայմանավորվում է Ա․Ալեքսանյանի նկատմամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների ժամկետը երկարաձգելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումը վերադասության կարգով վիճարկելու Է․Ալեքսանյանի իրավունքը։ 19․ Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն պնդմանը, որ անձին որպես մեղադրյալ ներգրավելը և մեղադրանք առաջադրելն ինքնին չի կարող վկայել Արա Շահնազարյանի վերաբերյալ որոշմամբ մշակված չափանիշները հաղթահարված լինելու մասին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն անհիմն է և չի բխում նշված նախադեպային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներից։ Նախորդիվ ասվածի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել այն հանգամանքը, որ հիշյալ դատական նախադեպի շրջանակում մշակված իրավական չափորոշիչների միաժամանակյա առկայության պայմաններում է միայն հնարավոր փաստել վերադասության կարգով օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու վերաբերյալ որոշումը երրորդ անձանց կողմից բողոքարկելու իրավունքի առկայությունը[19], որը տվյալ պարագայում մեղադրյալ Է․Ալեքսանյանի պաշտպան Գ․Պապոյանի կողմից հատուկ վերանայման բողոքում հիմնավորվել է։ 19․1․ Մասնավորապես Վերաքննիչ դատարանը հատուկ վերանայման բողոքը վարույթ ընդունելու պայմանների առկայության մասով պատշաճ վերլուծության չի ենթարկել տվյալներն առ այն, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 1-ի որոշման հիման վրա իրականացված «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման ընթացքում վերահսկման են ենթարկվել Ա․Ալեքսանյանի և Է․Ալեքսանյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունները, ինչպես նաև այն հանգամանքը, որ Է․Ալեքսանյանի նկատմամբ հետագայում հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Միաժամանակ, ինչպես պաշտպան Գ․Պապոյանը հատուկ վերանայման բողոքում, այնպես էլ Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել են Է․Ալեքսանյանի ձերբակալման և նրա նկատմամբ կալանք խափանման միջոց կիրառվելու հանգամանքները, ինչը նույնպես կարող էր վկայել վերջինիս լեգիտիմ շահերի վրա առերևույթ ազդեցություն թողնելու մասին։ Այսպիսով՝ վերոհիշյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի այն հետևությունը, որ Է․Ալեքսանյանի պաշտպան Գ․Պապոյանն Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 1-ի որոշումը բողոքարկելու իրավունք չի ունեցել։ Հետևաբար Ա.Ալեքսանյանի նկատմամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների ժամկետը երկարաձգելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Է․Ալեքսանյանի պաշտպան Գ․Պապոյանի կողմից բերված հատուկ վերանայման բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի եզրահանգումը հիմնավոր չէ։
20. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հատուկ վերանայման բողոքն առանց քննության թողնելը primа facie անհամաչափորեն սահմանափակել է Է.Ալեքսանյանի՝ դատարանի մատչելիության իրավունքը, արդյունքում թույլ է տրվել քրեադատավարական օրենքի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է վարույթի ելքի վրա, ինչպես նաև հանգեցրել է վարույթի հանրայնության սկզբունքի խախտման, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ և 362-րդ հոդվածների համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 11-ի որոշումը բեկանելու և վարույթը ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան նոր քննության փոխանցելու համար[20]։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ 361-րդ, 363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Մեղադրյալ Էրիկ Սարգսի Ալեքսանյանի պաշտպան Գ․Պապոյանի հատուկ վերանայման բողոքն առանց քննության թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 11-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։
Նախագահող` Դ․ՎԵՔԻԼՅԱՆ
Դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ
Ծանոթագրություններ
[1] Համաձայն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի փետրվարի 9-ի ՀՕ-24-Ն սահմանադրական օրենքի 18-րդ հոդվածի 11-րդ մասի՝ կոռուպցիոն հանցագործությունների գործերով կայացված դատական ակտերի դեմ քրեական պալատի վարույթ ընդունած բողոքները ենթակա են վերաբաշխման Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատին։ [2] Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 29-30:
[3] Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթ 92-րդ:
[4] Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշման 4.1-րդ կետը: [5] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Luordo v. Italy գործով 2003 թվականի հոկտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 32190/96, 85-րդ կետ, Staroszczyk v. Poland գործով 2007 թվականի հուլիսի 9-ի վճիռը, գանգատ թիվ 59519/00, 124-րդ կետ, Stanev v. Bulgaria գործով 2012 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 36760/06, 230-րդ կետ: [6] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Luordo v. Italy գործով 2003 թվականի հոկտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 32190/96, 85-րդ կետ, Staroszczyk v. Poland գործով 2007 թվականի հուլիսի 9-ի վճիռը, գանգատ թիվ 59519/00, 124-րդ կետ, Stanev v. Bulgaria գործով 2012 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 36760/06, 230-րդ կետ: [7] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Walchli v. France գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 35787/03, 29-րդ կետ: [8] Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արթուր Այվազյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՇԴ2/0007/15/12 որոշումը, 16-րդ կետ, Լևոն Հարությունյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0337/06/15 որոշումը, 13-րդ կետ: [9] Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գոռ Սարգսյանի գործով 2019 թվականի ապրիլի 11-ի թիվ ԵԿԴ/0229/01/16 որոշումը, 17.1-17.2 կետեր: [10] Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արա Շահնազարյանի գործով 2022 թվականի հունիսի 30-ի թիվ Բ-3683/20 որոշման 12-րդ կետը: [11] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Petropavlovskis v. Latvia գործով 2015 թվականի հունվարի 13-ի վճիռը, գանգատ թիվ 44230/06, 91-րդ կետ: [12] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Paul and Audrey Edwards v. The United Kingdom գործով 2002 թվականի մարտի 14-ի վճիռը, գանգատ թիվ 46477/99, 96-97-րդ կետեր: [13] Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արա Շահնազարյանի գործով 2022 թվականի հունիսի 30-ի թիվ Բ-3683/20 որոշումը։ Ինչպես նաև տե՛ս, mutatis mutandis, Գևորգ Աթաբեկյանի գործով 2022 թվականի նոյեմբերի 4-ի թիվ 39/14.06.2021, Արթուր Ներկարարյանի և Արսեն Մալերյանի գործով 2024 թվականի մարտի 1-ի թիվ 33/15.09.2021 որոշումները: [14] Տե՛ս սույն որոշման 1-ին կետը:
[15] Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
[16] Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:
[17] Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
[18] Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1-ին, «Զննում կատարելու մասին» 2022 թվականի հոկտեմբերի 6-ի արձանագրություն, թերթեր 79-86: [19] Տե՛ս, Վճռաբեկ դատարանի՝ Արթուր Ներկարարյանի և Արսեն Մալերյանի գործով 2024 թվականի մարտի 1-ի թիվ 33/15.09.2021 որոշումը։ [20] Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 և Ավաթ Ամինիի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումները:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 23 հոկտեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
