Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/Ալեքսանյան — ՀԿԴ/0002/01/23
ՎճռաբեկԿոռուպցիոն քրեականAI Ինդեքսավորված

Ալեքսանյան — ՀԿԴ/0002/01/23

Վճռաբեկ դատարանՀԿԴ/0002/01/2326 դեկտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 401. Բացառիկ վերանայման վարույթները և բացառիկ վերանայման ենթակա դատական ակտերի շրջանակը · Հոդված 403. Բացառիկ վերանայման բողոք բերելու հիմքերը
PDF

Ամփոփում

Գործի համարը: ՀԿԴ/0002/01/23 Դիմող / մեղադրյալ Անուն: Արուսյակ Ազգանուն: Ալեքսանյան Հայրանուն: Դատական ակտի ընդունման ամսաթիվը: 26.12.2024 ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք: Հոդված 401. Բացառիկ վերանայման վարույթները և բացառիկ վերանայման ենթակա դատական ակտերի շրջանակը, Հոդված 403. Բացառիկ վերանայման բողոք բերելու հիմքերը

Ամբողջ Տեքստ

ՀԿԴ/0002/01/23

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

2024 թվականի դեկտեմբերի 26-ին քաղաք Երևանում

ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև` Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Ս.ՉԻՉՈՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ` Ե․ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով թիվ ՀԿԴ/0002/01/23 Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի 2023 թվականի ապրիլի 26-ի որոշման դեմ մեղադրյալ Արուսյակ Հարությունի Ալեքսանյանի պաշտպան Ա․Մանուկյանի բացառիկ վերանայման վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1․ 2022 թվականի հոկտեմբերի 3–ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4–րդ և 5-րդ կետերով, 482–րդ հոդվածի 1–ին մասով, 46–441-րդ հոդվածի 2-րդ մասի 4–րդ և 5-րդ կետերով նախաձեռնվել է թիվ 58236222 քրեական վարույթը։ Թիվ 58236222 քրեական վարույթի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողությունը ՀՀ գլխավոր դատախազի կողմից 2022 թվականի հոկտեմբերի 5-ին հանձնարարվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանին։ ՀՀ գլխավոր դատախազի 2022 թվականի հոկտեմբերի 5–ի որոշմամբ թիվ 58236222 քրեական վարույթով նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտին։ 2022 թվականի հոկտեմբերի 17–ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից միջնորդություններ են ներկայացվել ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Հարությունի Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։ 2022 թվականի հոկտեմբերի 17–ին ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի երկու միջնորդությունները և որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Հարությունի Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն տալու մասին։ 2022 թվականի հոկտեմբերի 17–ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից որոշում է կայացվել Արուսյակ Հարությունի Ալեքսանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4–րդ և 5-րդ կետերով, 482–րդ հոդվածի 1–ին մասով քրեական հետապնդում հարուցելու մասին։ 2023 թվականի հունվարի 3-ին թիվ 58248222 քրեական վարույթով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացրած դատախազի կողմից որոշում է կայացվել մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին և նույն օրը մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ ուղարկել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ ըստ էության քննելու համար։ 2․ Առաջին ատյանի դատարանը 2023 թվականի հունվարի 18-ի որոշմամբ մեղադրյալ Ա․Ալեքսանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը՝ երեք ամիս ժամանակով, նույն ժամանակահատվածում սահմանափակելով նրա՝ այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը։ 3․ Մեղադրյալ Ա․Ալեքսանյանի պաշտպաններ Ա․Մանուկյանի, Հ․Սարգսյանի և Ե․Սարգսյանի հատուկ վերանայման բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի փետրվարի 23-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի որոշումը մասնակիորեն՝ այլ անձանց հետ հաղորդակցության սահմանափակման մասով, բեկանվել է և մեղադրյալի՝ այլ անձանց հետ հաղորդակցության սահմանափակումները վերացվել են, իսկ մնացած մասով դատական ակտը թողնվել է օրինական ուժի մեջ։

4. Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշման դեմ մեղադրյալ Ա․Ալեքսանյանի պաշտպան Ա․Մանուկյանը հատուկ վերանայման բողոքների քննության արդյունքում Վճռաբեկ դատարանը 2023 թվականի ապրիլի 26-ի որոշմամբ բողոքների վարույթը ընդունելը մերժել է։

5. ՀՀ Սահմանադրական դատարանը, քննության առնելով Ա․Ալեքսանյանի ներկայացուցիչ Ա․Մանուկյանի դիմումը, 2023 թվականի դեկտեմբերի 19-ին կայացրել է թիվ ՍԴՈ-1707 որոշումը, որով արձանագրել է, որ Վճռաբեկ դատարանի կողմից կայացված թիվ ՀԿԴ/0002/01/23 գործով 2023 թվականի ապրիլի 26-ի դատական ակտով՝ դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասի իրավական դրույթը, մեկնաբանվել և կիրառվել է ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ նախատեսված դիրքորոշումների հիման վրա տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ։ 5․1․ Մեղադրյալ Ա․Ալեքսանյանի պաշտպան Ա․Մանուկյանը՝ ՀՀ Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1707 որոշման, որպես նոր հանգամանքի առկայության հիմքով, Վճռաբեկ դատարանի 2023 թվականի ապրիլի 26-ի որոշման դեմ բացառիկ վերանայման բողոք է ներկայացրել, որի հիման վրա Վճռաբեկ դատարանի 2024 թվականի փետրվարի 9-ի որոշմամբ բացառիկ վերանայման վարույթի հարուցումը մերժվել է։ 5․2․ ՀՀ Սահմանադրական դատարանը, քննության առնելով Հ․Մամիջանյանի դիմումը 2024 թվականի հունիսի 4-ին կայացրել է թիվ ՍԴՈ-1736 որոշումը, որով արձանագրել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 401-րդ հոդվածի 2-րդ մասն այնքանով, որքանով չի նախատեսում ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման՝ որպես նոր հանգամանքի հիմքով անձի նկատմամբ կայացված՝ խափանման միջոցի կիրառման վերաբերյալ վերջնական դատական ակտը վերանայելու հնարավորություն, ճանաչվում է ՀՀ Սահմանադրության 40-րդ, 61-րդ և 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր։ 5․3․ Մեղադրյալ Ա․Ալեքսանյանի պաշտպան Ա․Մանուկյանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով, որպես նոր հանգամանք վկայակոչելով ՀՀ Սահմանադրական դատարանի 2024 թվականի հունիսի 4-ի թիվ ՍԴՈ-1736 որոշումը, բացառիկ վերանայման բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան:

6. Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 14-ի որոշմամբ մեղադրյալ Ա․Ալեքսանյանի պաշտպան Ա․Մանուկյանի բացառիկ վերանայման բողոքի հիման վրա հարուցվել է Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 26-ի որոշման բացառիկ վերանայման վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ: Բացառիկ վերանայման բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

7․ Բողոքաբերը գտել է, որ 2023 թվականի ապրիլի 26-ի թիվ ՀԿԴ/0002/01/23 որոշմամբ Վճռաբեկ դատարանը խախտել է թիվ ՀԿԴ/0002/01/23 քրեական գործով մեղադրյալ Ա․Ալեքսանյանի՝ Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորվող՝ արդար դատաքննության հիմնարար իրավունքը և գտել է, որ թիվ ՀԿԴ/0002/01/23 դատական վարույթով առկա է անվերապահ անհրաժեշտություն՝ Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 26-ի թիվ ՀԿԴ/0002/01/23 որոշումը բեկանելու միջոցով վերականգնելու թիվ ՀԿԴ/0002/01/23 քրեական գործով մեղադրյալ Ա․Ալեքսանյանի՝ Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորվող՝ արդար դատաքննության հիմնարար իրավունքը, ինչը պետք է դրսևորվի՝ մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը վերականգնելով (restitutio in integrum): 7․1․ Բողոքաբերը նշել է, որ մինչև Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 26-ի թիվ ՀԿԴ/0002/01/23 որոշմամբ թույլ տրված վերոհիշյալ իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը պետք է վերականգնվի՝ բողոքն ամբողջությամբ բավարարելով, այն է՝ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 26-ի վերոհիշյալ որոշումը բեկանելով և դատական վարույթը Վերաքննիչ դատարան փոխանցելով, որպեսզի Վերաքննիչ դատարանը կրկին քննության առնի Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հունվարի 18-ի թիվ ՀԿԴ/0002/01/23 որոշման դեմ պաշտպան Ա.Մանուկյանի այն հատուկ վերանայման բողոքը, որը վերաբերել է 2023 թվականի հունվարի 18-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի կողմից քրեադատավարական օրենքի էական, այն է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սկզբունքի խախտում թույլ տալուն՝ դրսևորված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 121-րդ հոդվածի 1-ին մասի խախտմամբ: 7․2․ Ըստ բողոքաբերի՝ մինչև Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 26-ի որոշմամբ թույլ տրված իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը չի կարող վերականգնվել այլ կերպ, քան Վճռաբեկ դատարանի կողմից վերոհիշյալ՝ բովանդակությամբ դատական ակտ կայացնելն է, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 408-րդ հոդվածի 1-ին մասը սպառիչ նախատեսում է այն, թե ինչ որոշումներ կարող է կայացնել Վճռաբեկ դատարանը բացառիկ վերանայման արդյունքում: 8․ Բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վճռաբեկ դատարանի՝ 2023թ. ապրիլի 26-ի որոշումը և թիվ ՀԿԴ/0002/01/23 դատական վարույթը փոխանցել Վերաքննիչ դատարան՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2023թ. հունվարի 18-ի որոշման դեմ պաշտպան Ա. Մանուկյանի հատուկ վերանայման այն վերաքննիչ բողոքը կրկին քննության առնելու համար: Բացառիկ վերանայման բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

9. Վճռաբեկ դատարանը մեղադրյալ Ա․Ալեքսանյանի պաշտպան Ա․Մանուկյանի վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժելու մասին 2023 թվականի ապրիլի 26-ի որոշմամբ նշել է «(…) Բողոքաբերը փաստարկել է, որ բողոքները պետք է վարույթ ընդունվեն, քանի որ առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված պայմանը, մասնավորապես` Վերաքննիչ դատարանի կողմից առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, և միաժամանակ բողոքներում բարձրացված հարցերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար: Որպես հատուկ վերանայման բողոքները վարույթ ընդունելու վերը հիշատակված պայմանի առկայության հիմնավորում բողոք բերած անձը նշել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է վարույթի հանրայնության, անձի ազատության և անձնական անձեռնմխելիության, անմեղության կանխավարկածի սկզբունքները։ Բացի այդ, ըստ բողոքաբերի՝ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 121-րդ հոդվածի 1-ին մասի միատեսակ կիրառության համար։ Բողոքաբերի փաստարկների, սույն գործի նյութերի, ինչպես նաև բողոքարկվող դատական ակտի պատճառաբանությունների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձի կողմից բավարար կերպով չի հիմնավորվել, որ Վերաքննիչ դատարանի կողմից առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, և որ միաժամանակ բողոքներում բարձրացված հարցերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, հետևաբար բացակայում են բողոքները վարույթ ընդունելու՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդված 1-ին մասի 1-ին կետով նախատեսված պայմանը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե Վճռաբեկ դատարանը գալիս է հետևության, որ վարույթ ընդունելու պայմանների հիմնավորումները բավարար չեն», ուստի ներկայացված բողոքները վարույթ ընդունելը ենթակա են մերժման:(…)»[1]: 10․ ՀՀ Սահմանադրական դատարանը, քննության առնելով Ա․Ալեքսանյանի ներկայացուցիչ Ա․Մանուկյանի դիմումը, 2023 թվականի դեկտեմբերի 19-ին կայացրած թիվ ՍԴՈ-1707 որոշմամբ արձանագրել է․ «(…) Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն գործի նյութերի ուսումնասիրությունից պարզվել է, որ ՀԿԴ/0002/01/23 քրեական գործով Վճռաբեկ դատարանի 2023 թվականի ապրիլի 26-ի որոշմամբ, Դիմողի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի հիմքերին և բողոքը վարույթ ընդունելու պայմանները հիմնավորող փաստարկներին ի պատասխան, միայն նշվել է, որ բողոքաբերի փաստարկների, գործի նյութերի, ինչպես նաև բողոքարկվող դատական ակտի պատճառաբանությունների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքաբերի կողմից բավարար կերպով չի հիմնավորվել, որ վերաքննիչ դատարանի կողմից առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, և որ միաժամանակ բողոքաբերի կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար: Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողի նկատմամբ դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ Օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասը կիրառվել է այն մեկնաբանությամբ, որի արդյունքում դատական ակտի պատճառաբանությունների փոխարեն այն պարունակում է միայն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի անբավարարության մասին եզրահանգում։ Հետևաբար՝ Դիմողի գործով Վճռաբեկ դատարանի կողմից դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ վիճարկվող իրավական դրույթը մեկնաբանվել և կիրառվել է Սահմանադրական դատարանի սույն որոշմամբ նախատեսված դիրքորոշումների հիման վրա տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ։ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական գործերով իրավակիրառ պրակտիկայում ուղենշային դեր ունի Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1628 որոշումը՝ Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումների պատճառաբանվածության կարևորության մասով: Սույնի առնչությամբ Սահմանադրական դատարանը գտնում է, որ թեև այն վերաբերում է քաղաքացիական դատավարությանը, սակայն Սահմանադրական դատարանի դիրքորոշումը հիմնված է Սահմանադրության 63-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ հանդիսացող՝ դատական ակտի պատճառաբանվածության ընդհանրական սահմանադրական պահանջին, որը նույնական է նաև քրեական դատավարության շրջանակում հատուկ վերանայման բողոքների վերաբերյալ կայացվող Վճռաբեկ դատարանի ակտերի նկատմամբ։ Հետևաբար՝ Սահմանադրական դատարանը սույն սահմանադրական վեճի լուծման նպատակով հիշյալ որոշմամբ իր արտահայտած իրավական դիրքորոշումից շեղվելու պատճառ չի տեսնում։ (…)»[2]։ 11․ Վճռաբեկ դատարանը մեղադրյալ Ա․Ալեքսանյանի պաշտպան Ա․Մանուկյանի՝ ՀՀ Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1707 որոշման, որպես նոր հանգամանքի առկայության հիմքով, Վճռաբեկ դատարանի 2023 թվականի ապրիլի 26-ի որոշման դեմ բացառիկ վերանայման բողոքի վերաբերյալ 2024 թվականի փետրվարի 9-ի բացառիկ վերանայման վարույթի հարուցումը մերժելու վերաբերյալ որոշմամբ նշել է․ «(…) Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Սահմանադրական դատարանը 2023 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ ՍԴՈ-1707 որոշմամբ արձանագրել է, որ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով, քանի որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասը դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշմամբ տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ: Սակայն, հիմք ընդունելով 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 402-րդ հոդվածի 2-րդ մասը, որում սպառիչ նախատեսված են բացառիկ վերանայման ենթակա դատական ակտերը, որոնց թվում խափանման միջոցի վերաբերյալ կայացրած ակտը ներառված չէ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Ա․Ալեքսանյանի պաշտպան Ա․Մանուկյանի բողոքի հիման վրա բացառիկ վերանայման վարույթի հարուցումը ենթակա է մերժման, քանի որ բողոքը բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ բացառիկ վերանայման։ (…)»[3]։ 12․ ՀՀ Սահմանադրական դատարանը Հ․Մամիջանյանի դիմումի հիման վրա 2024 թվականի հունիսի 4-ին կայացրած թիվ ՍԴՈ-1736 որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ․ «(…) [Ս]ահմանադրական դատարանն ընդգծում է, որ դատավարական օրենսդրությամբ սահմանված իրավակարգավորումները չպետք է խոչընդոտեն Սահմանադրական դատարանի որոշումների կատարումը, անձի խախտված իրավունքների վերականգնումը։ Անձը պետք է ունենա օրինական ուժի մեջ մտած՝ խափանման միջոցի կիրառման վերաբերյալ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքով վերանայելու բողոք ներկայացնելու հնարավորություն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է իր նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը վերանայելու համար՝ պայմանավորված Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման առկայությամբ։ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենսգրքի 401-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված արգելքի գոյությունն իմաստազրկում է որոշ դեպքերում Սահմանադրական դատարան անհատական դիմումներ ներկայացնելը, քանի որ Սահմանադրական դատարանի կողմից կայացվող որոշումը, փաստորեն, դիմողի համար կոնկրետ գործով չի կարող լինել վերջնական դատական ակտի վերանայման նախադրյալ, արգելափակվում է սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության առումով Սահմանադրական դատարանի որոշման կատարումը, փակուղի է մտնում իրավունքի գերակայության, հետևաբար՝ Սահմանադրության գերակայության երաշխավորման սկզբունքի իրացումը։ Ավելին, այդ արգելքի առկայության պայմաններում, որոշ դեպքերում հնարավորություն չի ստեղծվում անձի խախտված իրավունքների ու ազատությունների վերականգնման և պաշտպանության համար, ինչը խնդրահարույց է Սահմանադրության 61-րդ հոդվածով նախատեսված դատական պաշտպանության իրավունքի առումով: (…)

[Ս]ահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը խիստ սահմանափակել է բացառիկ վերանայման առարկայի շրջանակը՝ սահմանելով, որ բացառիկ վերանայման են ենթակա բացառապես օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատարանի որոշումը, մինչդատական ակտերի վիճարկման վարույթի շրջանակներում կայացված և օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտը, որով հաստատվում է քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու իրավաչափությունը, քրեական հետապնդումը նորոգելու անիրավաչափությունը կամ վարույթը կարճելու իրավաչափությունը, ինչպես նաև վերը թվարկված դատական ակտերի վերանայման արդյունքով վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանի կայացրած և օրինական ուժի մեջ մտած որոշումը։ Այսինքն՝ օրենսդիրը նոր հանգամանքով դատական ակտի վերանայումը հնարավոր է համարել միայն վերոնշյալ դատական ակտերի դեպքում, ըստ այդմ էլ՝ նշված դատական ակտերի շրջանակից դուրս կայացված դատական ակտի դեմ բողոք բերելը համարել է բացառիկ վերանայման վարույթի հարուցումը մերժելու հիմք։ (…)

[Ս]ահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող դրույթով օրենսդիրը չի նախատեսել անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր Դիմողի նկատմամբ կայացված՝ խափանման միջոցի կիրառման վերաբերյալ վերջնական դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը դիմողի նկատմամբ կիրառված դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր, ինչպես նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանն այդ դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն Դիմողի նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ: Սահմանադրական դատարանը գտնում է, որ թեև օրենսդրի կողմից Օրենսգրքում սահմանվել են բացառիկ վերանայմանը վերաբերելի իրավանորմեր, սակայն դրանք, իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի բացակայության պայմաններում, ամբողջապես չեն ապահովում անձի դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունն այնքանով, որքանով խափանման միջոցի կիրառման վերաբերյալ կայացված վերջնական դատական ակտով անձի հիմնարար իրավունքի խախտումը Սահմանադրական դատարանի կողմից արձանագրվելու պայմաններում չի նախատեսվում անձի նկատմամբ կայացված դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու հնարավորություն, ինչը, Սահմանադրական դատարանի գնահատմամբ, խնդրահարույց է նաև Սահմանադրության 75-րդ հոդվածի համատեքստում: Ընդ որում, Սահմանադրական դատարանը հատկապես ընդգծում է այն փաստը, որ Սահմանադրական դատարանի 2023 թվականի մայիսի 30-ի ՍԴՈ-1690 որոշման հիմքով Հայկ Մամիջանյանի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի հիմքով չվերանայելն ըստ էության հանգեցնում է դիմողի՝ Սահմանադրական դատարանի վերը նշված որոշմամբ արձանագրված՝ Սահմանադրության 40-րդ հոդվածով և 61-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված իրավունքների շարունակական խախտման։ Այսպիսով, Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենսգրքի 401-րդ հոդվածի 2-րդ մասն այնքանով, որքանով չի նախատեսում անձի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու հնարավորություն խափանման միջոցի կիրառման վերաբերյալ կայացված վերջնական դատական ակտով անձի նկատմամբ կիրառված դրույթը Սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպեu նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, անձի նկատմամբ կիրառված դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն վերջինիս նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, համահունչ չէ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին և Սահմանադրության 75-րդ հոդվածով ամրագրված սահմանադրաիրավական պահանջին, քանի որ չի երաշխավորում Սահմանադրության 61-րդ հոդվածով ամրագրված՝ հիմնական իրավունքի արդյունավետ իրացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր: (…)»[4]։ Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Սահմանադրական դատարանի՝ Հայկ Մամիջանյանի դիմումի հիման վրա կայացված 2024 թվականի հունիսի 4-ի թիվ ՍԴՈ-1736 որոշումը հիմք է Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 26-ի դատական ակտը նոր հանգամանքի առկայության ուժով վերանայելու համար:

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 352-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Բացառիկ վերանայումը կիրառվում է այն դեպքում, երբ (․․․) նոր հանգամանքի (․․․) հիմքով բողոքարկվում է սույն օրենսգրքի 401-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը»։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 401-րդ հոդվածի համաձայն` «1. Բացառիկ վերանայման վարույթներն են՝

1) նոր հանգամանքներով վարույթը.

(․․․)

2. Բացառիկ վերանայման ենթակա են՝

1) օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատարանի որոշումը․

2) մինչդատական ակտերի վիճարկման վարույթի շրջանակներում կայացված և օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտը, որով հաստատվում է քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու իրավաչափությունը, քրեական հետապնդումը նորոգելու անիրավաչափությունը կամ վարույթը կարճելու իրավաչափությունը.

3) սույն մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դատական ակտերի վերանայման արդյունքով վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանի կայացրած և օրինական ուժի մեջ մտած որոշումը»: Նույն օրենսգրքի 403-րդ հոդվածի համաձայն` «1. Նոր հանգամանքներով բողոք կարող է բերվել հետևյալ հիմքերով․ (․․․)

4) Սահմանադրական դատարանը տվյալ վարույթով դատարանի կիրառած նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն իր մեկնաբանությամբ ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ. (...)»:

15. Վճռաբեկ դատարանը Արա Բուդաղյանի վերաբերյալ գործով որոշմամբ անդրադառնալով բացառիկ վերանայման ենթակա դատական ակտերի շրջանակին նշել է․ «(…) Մեջբերված նորմերի բովանդակությունից երևում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, որպես բացառիկ վերանայման բողոք բերելու հիմք դիտարկելով Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճիռը կամ որոշումը, որով հաստատվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը կամ կողմերի միջև ձեռք բերված հաշտության համաձայնությունը (բարեկամական կարգավորումը) կամ Հայաստանի Հանրապետության կողմից արված միակողմանի հայտարարությունը, մինչդատական ակտերի վիճարկման վարույթի շրջանակներում, որպես բացառիկ վերանայման ենթակա դատական ակտեր, վկայակոչում է միայն օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնցով հաստատվում է քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու իրավաչափությունը, քրեական հետապնդումը նորոգելու անիրավաչափությունը կամ վարույթը կարճելու իրավաչափությունը: Փաստորեն, կալանքը որպես խափանման միջոց կիրառելու կամ կալանքի ժամկետը երկարաձգելու մասին մինչդատական վարույթներով կայացված դատական ակտերն ըստ գործող իրավակարգավորումների՝ ենթակա չեն բացառիկ վերանայման: (…)

[Վ]ճռաբեկ դատարանը գտնում է, որ Եվրոպական կոնվենցիայով և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված անձնական ազատությունը սահմանափակող՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու կամ կալանքի ժամկետը երկարաձգելու մասին մինչդատական վարույթներով կայացված դատական ակտերի բացառիկ վերանայման հնարավորություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նշված հիմքով նախատեսված չլինելը չի ապահովում անձնական ազատությունից զրկելու հետ կապված հարկադրանքի միջոցների կիրառումից պաշտպանվելու իրավունքի իրացման միջազգային իրավական չափանիշների կենսագործումը, ավելին՝ հակադրության մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային իրավական պարտավորությունների հետ։ Հետևաբար, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասով առ այն, որ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան՝ Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով Եվրոպական կոնվենցիայի դրույթները, Եվրոպական դատարանի վերաբերելի նախադեպային իրավունքը, եվրոպական կոնվենցիոն համակարգի սուբսիդիարության սկզբունքի կարևորությունը, ինչպես նաև արդարադատության շահը, գտնում է, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու կամ կալանքի ժամկետը երկարաձգելու մասին մինչդատական վարույթներով կայացված դատական ակտերը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նշված հիմքով բերված բացառիկ վերանայման բողոքի առկայության պայմաններում ևս ենթակա են բացառիկ վերանայման: (…)»[5]։

16․ Վճռաբեկ դատարանը սույն որոշման նախորդ կետում վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գտնում է, որ ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, այնպես էլ ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից արձանագրված խախտումների հիմքով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու կամ կալանքի ժամկետը երկարաձգելու մասին վերջնական դատական ակտերը ենթակա են բացառիկ վերանայման։ Ուստի կալանքը որպես խափանման միջոց կիրառելու կամ կալանքի ժամկետը երկարաձգելու մասին վերջնական դատական ակտերը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նշված հիմքով բերված բացառիկ վերանայման բողոքի առկայության պայմաններում ևս ենթակա են բացառիկ վերանայման: 17․ Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ՝

- Վճռաբեկ դատարանը 2023 թվականի ապրիլի 26-ի որոշմամբ մերժել է Ա․Ալեքսանյանի պաշտպան Ա․Մանուկյանի հատուկ վերանայման բողոքների վարույթը ընդունելը՝ վարույթ ընդունելու պայմանների հիմնավորումների բավարար չլինելու հիմնավորմամբ[6],

- ՀՀ Սահմանադրական դատարանը, քննության առնելով Ա․Ալեքսանյանի ներկայացուցիչ Ա․Մանուկյանի դիմումը, 2023 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ ՍԴՈ-1707 որոշմամբ արձանագրել է, որ Վճռաբեկ դատարանի կողմից կայացված թիվ ՀԿԴ/0002/01/23 գործով 2023 թվականի ապրիլի 26-ի դատական ակտով՝ դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասի իրավական դրույթը, մեկնաբանվել և կիրառվել է ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ նախատեսված դիրքորոշումների հիման վրա տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ։ Նշվածի հիմքով ՀՀ Սահմանադրական դատարանը եզրահանգել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ Վճռաբեկ դատարանի՝ հատուկ վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը՝ դրա հիմքում դրված եզրահանգման հետ մեկտեղ, պետք է պարունակի նաև դրան հանգեցրած պատճառաբանությունը։ Բացի այդ, ՀՀ Սահմանադրական դատարանը նշել է, որ Ա․Ալեքսանյանի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով[7]։

- Մեղադրյալ Ա․Ալեքսանյանի պաշտպան Ա․Մանուկյանը՝ ՀՀ Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1707 որոշման, որպես նոր հանգամանքի առկայության հիմքով, Վճռաբեկ դատարանի 2023 թվականի ապրիլի 26-ի որոշման դեմ բացառիկ վերանայման բողոք է ներկայացրել, որի հիման վրա Վճռաբեկ դատարանի 2024 թվականի փետրվարի 9-ի որոշմամբ բացառիկ վերանայման վարույթի հարուցումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ բողոքը բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ բացառիկ վերանայման[8]։

- ՀՀ Սահմանադրական դատարանը 2024 թվականի հունիսի 4-ին Հայկ Մամիջանյանի դիմումը քննության առնելով կայացրել է թիվ ՍԴՈ-1736 որոշումը, որով արձանագրել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 401-րդ հոդվածի 2-րդ մասն այնքանով, որքանով չի նախատեսում ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման՝ որպես նոր հանգամանքի հիմքով անձի նկատմամբ կայացված՝ խափանման միջոցի կիրառման վերաբերյալ վերջնական դատական ակտը վերանայելու հնարավորություն, ճանաչվում է ՀՀ Սահմանադրության 40-րդ, 61-րդ և 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր[9]։ 18․ Վերոշարադրյալ փաստական և իրավական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-16-րդ կետերում վկայակոչված իրավական նորմերի և արտահայտված իրավական դիրքորոշման լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Սահմանադրական դատարանի 2024 թվականի հունիսի 4-ի թիվ ՍԴՈ-1736 որոշումը Վճռաբեկ դատարանի 2023 թվականի ապրիլի 26-ի որոշումը վերանայելու հիմք է։

19. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ՀՀ Սահմանադրական դատարանի 2024 թվականի հունիսի 4-ի թիվ ՍԴՈ-1736 որոշումը հիմք է Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 26-ի որոշումը բեկանելու համար: 20․ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կայացված [վճիռների] հիման վրա ներպետական մակարդակով որոշակի գործեր վերաքննելու կամ վերաբացելու մասին» Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի` 2000 թվականի հունվարի 19-ի թիվ R(2000)2` անդամ պետություններին ուղղված հանձնարարականի 1-ին կետի համաձայն՝ Պայմանավորվող կողմերին կոչ է արվել երաշխավորել ազգային մակարդակով «restitutio in integrum»` հնարավորինս ապահովելու համար անհրաժեշտ համարժեք հնարավորությունների առկայությունը: Նույն հանձնարարականի 2-րդ կետի համաձայն` Նախարարների կոմիտեն խրախուսում է Պայմանավորվող կողմերին, մասնավորապես` վերլուծել իրենց ազգային իրավական համակարգերը` նպատակ հետապնդելով երաշխավորել գործի վերաքննության համար անհրաժեշտ համարժեք հնարավորությունների գոյությունն այն դեպքերի համար, երբ Եվրոպական դատարանը հայտնաբերել է Կոնվենցիայի խախտում, հատկապես երբ. (i) տուժող կողմը շարունակում է համապատասխան ներպետական որոշման ելքի պատճառով կրել շատ ծանր բացասական հետևանքներ, որոնք համարժեքորեն չեն շտկվում արդարացի հատուցման տրամադրմամբ և չեն կարող շտկվել, բացառությամբ գործի վերաքննության կամ վերաբացման միջոցով, և (ii) Դատարանի վճիռը հանգեցնում է այն եզրակացության, որ

ա) վիճարկվող ներպետական որոշումն ըստ էության հակասում է Կոնվենցիային,

բ) հայտնաբերված խախտումը հիմնված է այնպիսի ծանրության դատավարական սխալների կամ թերությունների վրա, որ լուրջ կասկածի տակ է հայտնվում բողոքի առարկա ներպետական վարույթի ելքը: 20.1. Վերոնշյալ հանձնարարականի կապակցությամբ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի մեկնաբանությունների համաձայն` կոնվենցիոն մարմինների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հատկապես քրեական իրավունքի ոլորտում գործերի վերանայումը, ներառյալ վերաբացումը, ունի հիմնարար նշանակություն։ Նշված չափանիշներից (i)-ը, ըստ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի, վերաբերում է օրինակ այն անձանց, ովքեր դատապարտվել են ազատությունից զրկելու հետ կապված երկարատև պատիժների և դեռևս գտնվում են քրեակատարողական հիմնարկում, երբ կոնվենցիոն մարմինների կողմից քննվում է գործը։ Այդ չափանիշի բավարարման համար պետք է լինի ուղիղ պատճառահետևանքային կապ` հայտնաբերված խախտման և տուժող կողմի համար առաջացած շարունակական բացասական հետևանքների միջև։ Վերոնշյալ պայմանի առկայության պարագայում, ըստ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի, (ii) խմբում ներառված չափանիշները նպատակաուղղված են ընդգծելու խախտումների բնույթը, որոնց պայմաններում գործերի վերանայումը կամ վերաբացումը հատկապես կարևոր է։ Այսպես, «ա» չափանիշին կարող են համապատասխանել այն դեպքերը, երբ օրինակ` անձի դատապարտումը ներպետական ատյանների կողմից խախտել է Կոնվենցիայի 10-րդ հոդվածն այն պատճառով, որ ներպետական մարմինների կողմից քրեորեն պատժելի դիտարկված հայտարարություններն իրավաչափորեն արվել են արտահայտվելու ազատության շրջանակներում, կամ Կոնվենցիայի 9-րդ հոդվածը, քանի որ քրեորեն պատժելի դիտարկված անձի վարքագիծը եղել է կրոնի ազատության իրավաչափ դրսևորում։ Ինչ վերաբերում է «բ» չափանիշին, ապա դրան կարող են համապատասխանել այն դեպքերը, երբ օրինակ` տուժող կողմը չի ունեցել ժամանակ և հնարավորություն կազմակերպելու իր պաշտպանությունը քրեական դատավարությունում, երբ դատապարտումը հիմնվել է խոշտանգման արդյունքում ստացված հայտարարությունների կամ այն նյութերի վրա, որոնք տուժող կողմը հնարավորություն չի ունեցել ստուգել։ Նման թերությունները պետք է լինեն այնպիսի ծանրության, որ լուրջ կասկած առաջացնեն ներպետական վարույթի արդյունքների վերաբերյալ[10]:

21. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 408-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «[Բացառիկ վերանայում իրականացնող դատարանն իրավասու է չբեկանելու բողոքարկվող դատական ակտը, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 403-րդ հոդվածով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել վարույթի արդյունքի վրա (...)»: 21.1. Վերոնշյալ իրավադրույթի կապակցությամբ ՀՀ Սահմանադրական դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել առ այն, որ. «(...) [Ի]րավաչափ նպատակ է հետապնդում վեճի առարկա դրույթով նախատեսվող լրացուցիչ պահանջը: Այն պետք է դիտարկել ոչ թե իրավունք կամ սուբյեկտիվ հայեցողություն դատական ակտն անփոփոխ թողնելու համար, այլ նորմատիվ պարտադրանք` նման հնարավոր դեպքերում ծանրակշիռ փաստարկներով հիմնավորում ներկայացնելու վերաբերյալ: Պարզապես այսպիսի իրավակարգավորումը նույնպես ենթադրում է իրավական մշակույթի պատշաճ մակարդակ և «ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում» եզրույթի հայեցողական սահմանների իրավական հստակեցում, ինչն օրենսդրի և դատական համարժեք նախադեպ ստեղծելու խնդիրն է: (...) Անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ նման փաստարկների բացակայության պայմաններում վերանայված դատական ակտի եզրափակիչ մասի անփոփոխ թողնելը կհակասի իրավունքի գերակայության սկզբունքին և իրավական պետության հիմնարար արժեքներին»[11]:

22. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ բողոքարկվող դատական ակտը վերաբերել է մեղադրյալ Ա.Ալեքսանյանի նկատմամբ դատաքննության փուլում՝ նախնական դատալսումների փուլում ընտրված խափանման միջոցին՝ կալանքին։ Այդ որոշման կայացումից հետո, Առաջին ատյանի դատարանի կողմից բազմաթիվ անգամներ քննության է առնվել մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցի փոփոխման և դրա ժամկետի երկարաձգման հարցերը, իսկ Առաջին ատյանի դատարանի 2024 թվականի մարտի 13-ի որոշմամբ մեղադրյալ Ա․Ալեքսանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոխվել է և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը[12]:

23. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 20-21.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն բողոքի քննության պահի դրությամբ Ա․Ալեքսանյանը չի կրում բողոքարկվող օրինական ուժի մեջ մտած դատական ակտից բխող որևէ բացասական հետևանք: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ա.Ալեքսանյանի նկատմամբ 3 ամիս ժամկետով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի 2023 թվականի ապրիլի 26-ի որոշումները եղել են ժամանակավոր և դրանց բեկանումը չի վերականգնի մինչ խախտումն առկա իրավիճակը:

24. Վերոգրյալի համատեքստում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի 2024 թվականի հունիսի 4-ի թիվ ՍԴՈ-1736 որոշումը հիմք չէ Վճռաբեկ դատարանի 2023 թվականի ապրիլի 26-ի որոշումը բեկանելու համար:

25. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա.Ալեքսանյանի պաշտպան Ա.Մանուկյանի վճռաբեկ բողոքը պետք է մերժել՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ, 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 361-րդ, 362-րդ, 363-րդ, 401-403-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Արուսյակ Հարությունի Ալեքսանյանի պաշտպան Ա.Մանուկյանի բացառիկ վերանայման բողոքի հիման վրա ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 26-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:

2. Բացառիկ վերանայման արդյունքում բողոքը մերժել:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

Նախագահող` Ս․ՉԻՉՈՅԱՆ

Դատավորներ՝ Ե․ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ

Ծանոթագրություններ

[1] Տե՛ս նյութեր, հատոր 3, թերթեր 151-153։

[2] Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի 2023 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ ՍԴՈ-1707 որոշումը։

[3] Տե՛ս datalex.am դատական տեղեկատվական համակարգ, քրեական գործ թիվ ՀԿԴ/0002/01/23։

[4] Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի 2024 թվականի հունիսի 4-ի թիվ ՍԴՈ-1736 որոշումը։

[5] Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արա Բուդաղյանի գործով 2022 թվականի նոյեմբերի 11-ի թիվ ԵԿԴ/0167/06/15 որոշման 17-18-րդ կետերը։ [6] Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։

[7] Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը;

[8] Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը։

[9] Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը։

[10] Տե'ս Explanatory memorandum, Council of Europe, Committee of Ministers, Recommendation R (2000)2 on the re-examination or reopening of certain cases at domestic level following judgements of the European Court of Human Rights. [11] Տե'ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2013 թվականի մայիսի 31-ի թիվ ՍԴՈ-1099 որոշման 6-րդ կետը։ [12] Տե՛ս նյութեր հատոր 6, թերթեր 102-114:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 դեկտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ՀԿԴ/0002/01/23
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել