Վարոսյան — ԵԴ/0009/11/20
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 62. Կասկածյալը · Հոդված 63. Կասկածյալի իրավունքները և պարտականությունները · Հոդված 290. Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների անօրինականԱմփոփում
Պ Ա Ր Զ Ե Ց Գործի դատավարական նախապատմությունը. 1. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 308-րդ հոդվածի 1-ին մասով և 310-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված թիվ 62213619 քրեական գործով 2019 թվականի նոյեմբերի 1-ին Արտակ Միշայի Վարոսյանը հարցաքննվել է որպես վկա։ 1.1. 2019 թվականի նոյեմբերի 6-ին Ա․Վարոսյանի՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչ Ա.Թադևոսյանին (այսուհետ նաև՝ Նախաքննության մարմին) ներկայացված միջնորդությանը վերջինս 2019 թվականի նոյեմբերի 8-ին պատասխանել է գրությամբ։
Ամբողջ Տեքստ
ԵԴ/0009/11/20
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Նախագահող դատավոր՝ Ա.Վարդանյան
2024 թվականի ապրիլի 15-ին քաղաք Երևանում
ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2020 թվականի հունիսի 16-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի վճռաբեկ բողոքը[1],
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 308-րդ հոդվածի 1-ին մասով և 310-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված թիվ 62213619 քրեական գործով 2019 թվականի նոյեմբերի 1-ին Արտակ Միշայի Վարոսյանը հարցաքննվել է որպես վկա։ 1.1. 2019 թվականի նոյեմբերի 6-ին Ա․Վարոսյանի՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչ Ա.Թադևոսյանին (այսուհետ նաև՝ Նախաքննության մարմին) ներկայացված միջնորդությանը վերջինս 2019 թվականի նոյեմբերի 8-ին պատասխանել է գրությամբ։ 1.2. 2019 թվականի նոյեմբերի 21-ին Ա.Վարոսյանի ներկայացուցիչ Գ.Միքայելյանը քննիչի գործողությունների դեմ բողոք է ներկայացրել դատախազին, որին ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Վ.Դոլմազյանը պատասխանել է գրությամբ։
2. 2020 թվականի հունվարի 9-ին Ա.Վարոսյանի ներկայացուցիչ Գ.Միքայելյանի կողմից դատախազի անգործության դեմ բողոք է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)։ Առաջին ատյանի դատարանի 2020 թվականի ապրիլի 7-ի որոշմամբ Ա.Վարոսյանի ներկայացուցիչ Գ.Միքայելյանի բողոքը՝ Ա.Վարոսյանի իրավունքների խախտումը վերացնելու մասին, մերժվել է։
3. Ա.Վարոսյանի պաշտպան Գ.Միքայելյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2020 թվականի հունիսի 16-ի որոշմամբ մասնակիորեն բավարարել է բողոքը, բեկանել և փոփոխել է Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ պարտավորեցնելով վարույթն իրականացնող մարմնին վերացնել Ա.Վարոսյանի իրավունքների խախտումը։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանը վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի 2020 թվականի հոկտեմբերի 5-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: 2023 թվականի հունվարի 16-ին գործը բաշխվել (հանձնվել) է ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմին[2]։ Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
4․1․ Վճռաբեկ դատարանի 2024 թվականի ապրիլի 3-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ: Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոք բերած անձը գտել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավոր չէ, Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա։ 5.1. Բողոքաբերն իր անհամաձայնությունն է հայտնել Վերաքննիչ դատարանի այն պնդմանը, որ կասկածյալի համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված իրավունքների մասին ծանուցմամբ վկա Ա.Վարոսյանը բովանդակային առումով ձեռք է բերել կասկածյալի դատավարական կարգավիճակ։ 5.2. Բողոք բերած անձը, վկայակոչելով Նորիկ Պողոսյանի գործով Վճռաբեկ դատարանի որոշումը, գտել է, որ քննիչի կողմից վկային հարցաքննության ժամանակ նախապես կասկածյալի իրավունքների մասին ծանուցելն ինքնին չի վկայում, որ սույն գործով Ա.Վարոսյանի հարցաքննության հանգամանքները նույնանման են նշված գործի հանգամանքներին։ 5.3. Ըստ բողոքի հեղինակի՝ մեկ այլ քննչական գործողության՝ խուզարկության կատարման փաստն անձի մոտ ինքնին չի առաջացնում դատավարական կարգավիճակ կամ հանգեցնում դրա փոփոխության։ Բացի այդ, բողոքաբերը փաստարկել է, որ Ա.Վարոսյանը դատավարության մասնակցի կարգավիճակ չի ունեցել, հետևաբար վարույթն իրականացնող մարմինը լիազորված չէր քննության առնելու միջնորդություն ներկայացնելու իրավունք չունեցող քրեական դատավարությանը մասնակցող անձի կողմից ներկայացված միջնորդությունը, իսկ հսկողություն իրականացնող դատախազը՝ քննության առնելու վերջինիս բողոքը։ 5.4. Բողոք բերած անձը նշել է, որ Վերաքննիչ դատարանը Ա.Վարոսյանի ցուցմունքը որպես ապացույց օգտագործելու թույլատրելիության գնահատումը դարձրել է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա, քանի որ Ա.Վարոսյանի ցուցմունքի բովանդակության վերաբերյալ գնահատականներ է տվել ու գտել, որ Ա.Վարոսյանին ուղղված քննիչի հարցադրումները վկայել են հանցանք կատարած լինելու կասկածանքի առկայության մասին, և որ վերջինիս բովանդակային առումով շնորհվել է կասկածյալի դատավարական կարգավիճակ։
6. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը, կայացնել նոր դատական ակտ՝ մերժելով Գ.Միքայելյանի վերաքննիչ բողոքը։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող թիվ 62213619 քրեական գործով 2019 թվականի նոյեմբերի 1-ին Ա.Վարոսյանի՝ որպես վկա հարցաքննության արձանագրության համաձայն՝ վերջինիս պարզաբանվել են վկայի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածով սահմանված իրավունքներն ու պարտականությունները։ Նշված դատավարական փաստաթղթում առկա՝ իրավունքների և պարտականությունների ծանուցման մասին արձանագրության համաձայն՝ «(…) ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ա.Թադևոսյանս, կազմեցի սույն արձանագրությունն այն մասին, որ պարզելով, որ հարցաքննվող վկան հարցաքննության ընթացքում կարող է հայտնել տեղեկություններ, որոնք փաստեն նրա մասնկացությունը որևէ հանցանքի կատարմանը կամ նրան տրվեն հարցեր, որոնք ուղղված լինեն նրա կողմից որևէ հանցանք կատարած լինելու հանգամանքի բացահայտմանը, ուստի հիմք ընդունելով Եվրոպական դատարանի Էկլեն ընդդեմ Գերմանիայի թիվ 81380/78 և Վճռաբեկ դատարանի թիվ ՀՅՔՐԴ/0153/01/18 նախադեպային որոշումները, վկային պարզաբանեցի, որ այդ պահից սկսած նա փաստացի գտնվելու է կասկածյալի կարգավիճակում, ուստի հարցաքննության ընթացքում կարող է օգտվել կասկածյալի իրավունքներից՝ այդ թվում հրաժարվել ցուցմունքներ տալուց, իսկ հրավիրված փաստաբանը կարող է օգտվել պաշտպանի իրավունքներից։ Միաժամանակ վկայի ներկայացրեցի կասկածյալի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածով սահմանված իրավունքներն ու պարտականությունները (…)»[3]։
8. Ա.Վարոսյանի կողմից Նախաքննության մարմնին ներկայացված միջնորդության համաձայն՝ «1. Ինձ համար, որպես ոչ իրավաբանի, մատչելի ձևով գրավոր պարզաբանել, թե կոնկրետ ի՞նչ կասկածանքի շուրջ եմ հարցաքննվել, կոնկրետ ի՞նչ կասկածանքից ելնելով եք ինձ օժտել կասկածյալին վերաբերելի իրավունքներով, կոնկրետ ի՞նչ գործողություններ եմ կատարել ես, կամ կոնկրետ ի՞նչ գործողությունների կատարման վերաբերյալ է կասկածանքը և այդ ենթադրյալ գործողություններն ի՞նչ իրավաբանական որակում ունեն, այսինքն՝ քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածով նախատեսված արարքի կատարման մեջ եմ կասկածվում։
2. Ծանոթացման, այդ թվում՝ նաև պատճենահանման համար ներկայացնել իմ մասնակցությամբ կամ իմ ներկայությամբ կատարված բոլոր քննչական գործողությունների վերաբերյալ կազմված բոլոր արձանագրությունները։
3. Ծանոթացման, այդ թվում՝ նաև պատճենահանման համար ներկայացնել գործով փորձաքննություններ, մասնագիտական ստուգումներ նշանակելու մասին բոլոր որոշումները, ինչպես նաև դրանց եզրակացություններն ու կազմված ակտերը»[4]։ 8.1. Նախաքննության մարմնի 2019 թվականի նոյեմբերի 8-ի գրության համաձայն՝ «(…) Վարույթումս քննվող թիվ 62213619 քրեական գործով Դուք որպես վկա հարցաքննվել եք 14.06.2019թ., ապա՝ վկայի կարգավիճակով լրացուցիչ հարցաքննվել եք 01.11.2019թ.,։ 01.11.2019թ. հարցաքննության ընթացքում Ձեզ մեկ անգամ ևս գրավոր պարզաբանվել են վկայի իրավունքներն ու պարտականությունները. միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վկան հարցաքննության ընթացքում կարող է հայտնել տեղեկություններ, որոնք փաստեն նրա մասնակցությունը որևէ հանցանքի կատարմանը կամ նրան կարող է տրվեն հարցեր, որոնք ուղղված լինեն նրա կողմից որևէ հանցանք կատարած լինելու հանգամանքի բացահայտմանը, ուստի, հիմք ընդունելով Եվրոպական դատարանի՝ Էկլեն ընդդեմ Գերմանիայի թիվ 81380/78 և ՀՀ Վճռաբեկ դատարանի ՀՅՔՐԴ/0153/01/08 նախադեպային որոշումները, Ձեզ բացատրվել են նաև կասկածյալի իրավունքներն ու պարտականությունները։ Երկրորդ՝ Ձեր դիմումը, անկախ դրա վերնագրից, որպես միջնորդություն չի կարող դիտարկվել, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի համաձայն՝ վկան միջնորդություններ ներկայացնելու իրավասությամբ օժտված չէ։ Երրորդ՝ Ձեզ կասկածյալի կարգավիճակ տրված չէ, այն տրվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված առանձին ընթացակարգով, բացի այդ, տվյալ պահին ոչ ձևական /փաստաթղթային/, և ոչ էլ բովանդակային /գործնական/ առումով Ձեզ քրեական մեղադրանք ներկայացված չի եղել, Ձեր նկատմամբ չեն ձեռնարկվել միջոցներ, որոնք էականորեն ներգործել են Ձեր դրության վրա»[5]։ 8.2. ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Վ.Դոլմազյանը 2019 թվականի նոյմբերի 28-ի գրությամբ Ա.Վարոսյանի ներկայացուցիչ Գ.Միքայելյանին պատասխանել է, որ. «(…) Դատավարության մասնակից չհանդիսանալու պատճառաբանությամբ սույն քրեական գործով քննիչի կամ դատախազի գործողությունների և որոշումների դեմ բողոք բերելու իրավունքից չեք կարող օգտվել, քանզի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի գործողությունները և որոշումները կարող են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով բողոքարկվել դատավարության մասնակիցների կողմից։ Միաժամանակ, տեղեկացնում եմ, որ Արտակ Վարոսյանը հիշյալ քրեական գործով դատավարության մասնակցի դատավարական կարգավիճակ չունի, իսկ նրան որպես վկա հարցաքննելիս այդ քննչական գործողության ժամանակ հավելյալ՝ լռելու իրավունք է վերապահվել, որի պարզաբանումը տրվել է քննիչի կողմից այդ իրավունքը հարցաքննվող Արտակ Վարոսյանին տրամադրելիս»[6]։
9. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն՝ «(…) [Վ]կայի դատավարական կարգավիճակում գտնվող անձին հարցաքննելիս կասկածյալի իրավունքների ու պարտականությունների պարզաբանման ընթացակարգ ՀՀ քրեական դատավարության օրենսդրությունը չի նախատեսում: Նման կերպ հարցաքննությունների իրականացումը միտված է անձի իրավունքների առավելագույնս ապահովմանը և Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով հաստատված երաշխիքների տրամադրմանը: Դատարանի համար ընդունելի է, որ ձևական (փաստաթղթային) իմաստով կասկածյալի և բովանդակային (գործնական) իմաստով կասկածյալի իրավունքները չեն կարող միմյանցից տարբերվել և բովանդակային իմաստով կասկածյալին միայն լռելու և պաշտպանի միջոցով հանդես գալու իրավունքի տրամադրումն իրավաչափ չէ և այս դեպքում ևս անձը պետք է ունենա «քրեական մեղադրանք»-ից պաշտպանվելու այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք կարող են ունենալ այն անձինք, ում վերաբերյալ խափանման միջոց է ընտրված: Ա.Վարոսյանին վկայի կարգավիճակով հարցաքննելիս նրան կասկածյալի կարգավիճակից բխող իրավունքներով օժտած լինելու հիմքերը սույն դեպքում բացակայում են, քանի որ ինչպես երևում է քննիչի կողմից 01.11.2019թ. կազմած արձանագրությունից, վերջինս այդ արձանագրությամբ նշել է ապագայում նման հնարավոր կարգավիճակից բխող իրավունքներով օժտելու հավանականության մասին, սակայն ամբողջ արձանագրությունից երևում է, որ ի վերջո` մինչև արձանագրության կազմման ավարտը, նման կարգավիճակից բխող իրավունքներ այնուամենայնիվ չի տրվել Ա.Վարոսյանին: Այսինքն այն պահը, երբ ըստ քննիչի Ա.Վարոսյանը կարող էր օգտվել կասկածյալի իրավունքներից, նշված հարցաքննության ընթացքում այդպես էլ չի արձանագրվել, այդպիսի փաստացի կարգավիճակ նրան չի տրվել: Ինչ վերաբերվում է այդ հարցաքննության ընթացքում կասկածյալի կարգավիճակից բխող իրավունքներ չտրամադրելու իրավաչափության հարցին, այն է` բովանդակային առումով առկա է «քրեական մեղադրանք», ապա այս տեսանկյունից հարկ է նկատել, որ այն դուրս է մինչդատական վարույթի շրջանակներում դատական վերահսկողության շրջանակներից, քանի որ այդպիսի գործողության իրավաչափությունը գնահատելուն ուղղված դատողություններ կատարելու արդյունքում իրավունքի խախտում արձանագրելու դեպքում այդ արձանագրությունը կդառնա մեղադրանքի հիմքում օգտագործման ոչ ենթակա ապացույց, քանի որ դրանով կփաստվի պաշտպանության իրավունքի խախտում, իսկ իրավաչափ համարվելու դեպքում` քրեադատավարական օրենքի պահանջների պահպանմամբ ձեռք բերված ապացույց, ինչպիսի հարցերին այս փուլում դատարանը գնահատականներ տալու իրավասություն չունի, քանի որ ապացույցի օգտագործման թույլատրելիության հարցը կարող է որոշել միայն վարույթն իրականացնող մարմինը: Դատարանն արձանագրում է, որ հարցաքննության ընթացքում Ա.Վարոսյանը փաստացի չի օգտվել կասկածյալի իրավունքներից ու չի կրել կասկածյալի պարտականությունները, իսկ վկան` համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի` միջնորդություններ ներկայացնելու իրավունք չունի, հետևաբար վարույթն իրականացնող մարմինը և դատախազը գրությամբ պարզաբանում տալով անձի իրավունքների և օրինական շահերի խախտում թույլ չեն տվել(…)» [7]։
10. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(…)[Կ]ասկածյալ Ա.Վարոսյանի՝ սույն բողոքի շրջանակներում վիճարկվող իրավունքների խախտման մասին բողոքների քննությունը դատավարության հետագա փուլ՝ դատարան տեղափոխելը կբովանդակազրկի մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ինստիտուտի դերն ու նշանակությունը, որը կոչված է դեռևս հետաքննության և նախաքննության փուլերից, հնարավորինս սեղմ ժամկետում վերացնելու անձի իրավունքների, տվյալ դեպքում՝ պաշտպանության իրավունքի էական խախտումները, արագորեն վերականգնելու դրանց հետևանքները, որոնց արդյունքներով հնարավոր է նաև վարույթի ավարտը և կիրառված դատավարական հարկադրանքի միջոցների դադարեցումը դատավարության հենց այդ (մինչդատական) փուլերում: Ինչ վերաբերում է Ա.Վարոսյանի տված ցուցմունքների թույլատրելիության կամ անթույլատրելիության, դրանց օգտագործման հնարավորության հարցի արձանագրմանը, որը գտնվում է բացառապես վարույթն իրականացող մարմինների իրավասության ներքո, ապա Առաջին ատյանի դատարանի այդ հետևության հետ Վերաքննիչ դատարանը համակարծիք է: Ա. Դատավարական կարգավիճակ չունեցող անձի կողմից իր իրավունքներին և օրինական շահերին վերաբերող որոշումների, գործողությունների և անգործության վիճարկելու իրավունքի դատական ստուգում. (…)
Ա.Վարոսյանի ներկայացրած բողոքը ենթակա էր և ենթակա է քննարկման և դատական ստուգման /նաև վերաքննիչ և վճռաբեկ ատյաններում/ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կարգով, այսինքն՝ առնվազն որպես շահագրգիռ անձ, Ա.Վարոսյանն օժտված էր Քննիչի և Դատախազի պարզաբանումները դատական կարգով (դիմում կամ բողոք ներկայացնելու եղանակով) վիճարկելու իրավական հնարավորությամբ, դրա վերաբերյալ քրեական հետապնդման վերոնշյալ մարմինների հակափաստարկը՝ Ա.Վարոսյանի դատավարության մասնակից չհանդիսանալու և միջնորդություն ներկայացնելու իրավունք չունենալու վերաբերյալ, հիմնավորված, իսկ այն ընդունած Առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունն ու հետևությունն իրավաչափ չեն: Բ. 2019 թվականի նոյեմբերի 1-ին հարցաքննված Ա.Վարոսյանի դատավարական կարգավիճակի ստուգում և դրանով ուրվագծվող նրա իրավունքների սահմանների արձանագրում. (...)
Հարցաքննության բուն գործընթացը սկսվել է «այդ պահից սկսած կասկածյալի կարգավիճակում գտնվելու, ուստի և հարցաքննության ընթացքում կասկածյալի իրավունքներից օգտվելու», այդ թվում՝ լռելու, հարցաքննվողի կողմից հրավիրված փաստաբանի՝ պաշտպանի իրավունքներից լիարժեքորեն օգտվելու իրավունքների պարզաբանմամբ, որից հետո Ա.Վարոսյանին ներկայացվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածով թվարկված կասկածյալի իրավունքներն ու պարտականությունները, մասնավորապես նաև՝ կասկածանքի էությանը և բովանդակությանը, նրան վերագրվող արարքի փաստական կողմին և իրավաբանական որակման մասին իմանալու, լռելու, միջնորդություններ հարուցելու, իր մասնակցությամբ կամ ներկայությամբ իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արձանագրություններին ծանոթանալու, քրեական վարույթն իրականացնող մարմնի միջոցով փորձաքննությունների և մասնագիտական ստուգումների վերաբերյալ որոշումներին ծանոթանալու, այդ որոշումներին ծանոթանալու և պատճեններ ստանալու իրավունքները: Վերոնշյալ իրավունքներից Ա.Վարոսյանը տվյալ հարցաքննության ողջ ընթացքում, համաձայն հարցաքննության արձանագրության գրառումների, փաստացի չի օգտվել, մասնավորապես՝ պաշտպան չի պահանջել, կասկածանքի էությունը և բովանդակությունը, նրան վերագրվող արարքի փաստական կողմն ու իրավաբանական որակումը պարզաբանելու խնդրանքով քննիչին չի դիմել (այդ հարցում նաև Քննիչը նախաձեռնություն չի ցուցաբերել), չի լռել և պատասխանել է Քննիչի կողմից նրան առաջադրված բոլոր գրավոր հարցադրումներին, որևէ նյութի կամ ապացույցի, մասնագիտական ստուգում կամ փորձաքննություն նշանակելու որոշումների, փորձագիտական եզրակացությունների կամ մասնագիտական ակտի ծանոթանալու միջնորդություն չի ներկայացրել, դրանց չի ծանոթացվել: Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ընդհուպ մինչև տվյալ հարցաքննությունը սկսելն Ա.Վարոսյանը ձերբակալված չէր, նրա նկատմամբ խափանման միջոց չէր ընտրվել, հետևաբար՝ քրեադատավարական օրենքի (ձևական) առումով նա չուներ կասկածյալի դատավարական կարգավիճակ: Սակայն, քննիչի կողմից տվյալ քննչական գործողության ընթացքում, ինչպես նաև դրանից առաջ այնպիսի միջոցներ ձեռնարկելը, ինչպիսիք են՝ նախկինում էլ վկայի կարգավիճակում հարցաքննելը, սակայն միայն 2019 թվականի նոյեմբերի 1-ին կասկածյալի իրավունքներն ու պարտականությունները նրան պարզաբանելը, ոստիկանների չարաշահումների փաստով հարուցված քրեական գործով նրանց գումարներ տրամադրելու, այդ կամ այլ կերպ առնչվելու վերաբերյալ հարցադրումներ ձևակերպելն ու Ա.Վարոսյանին ուղղելը վկայում են հանցագործության մեջ Ա.Վարոսյանի նկատմամբ ծագած կասկածանքի առկայության մասին, որի պայմաններում վերջինս կարող էր օգտվել բովանդակային առումով կասկածյալի կարգավիճակից բխող բոլոր իրավունքներից, ընդ որում՝ դեռևս այդ հարցաքննության ընթացքում, օրինակ՝ հարցաքննողից իր նկատմամբ ծագած կասկածանքի էության վերաբերյալ պարզաբանում պահանջելու, որոշակի հարցերի պատասխանելու համար մասնագիտական ստուգում կամ փորձաքննություն նշանակելու որոշումներին կամ դրանց արդյունքներին ծանոթանալու միջնորդություն ներկայացնելու և այլ եղանակներով, հատկապես այն իրավիճակում, երբ Քննիչը հենց այդ հարցաքննության սկզբնամասում պարզաբանել էր Ա.Վարոսյանի այդ իրավունքները: ․․․ Քննիչը պարտավոր էր Ա.Վարոսյանին պարզաբանել կասկածյալի իրավունքները և պարտականությունները, ավելին՝ ապահովել այդ իրավունքներից օգտվելու հնարավորությունը: Ընդ որում, Ա.Վարոսյանի իրավունքները և պարտականությունները պետք է պարտադիր պարզաբանվեին նախքան նրա մասնակցությամբ կատարվող քննչական գործողության՝ 2019թ. նոյեմբերի 1-ի հարցաքննության սկսվելը և նրա կողմից՝ որպես դատավարության մասնակից որևէ դիրքորոշում արտահայտելը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդված): Ա.Վարոսյանին կասկածյալի դատավարական կարգավիճակ ժամանակավորապես շնորհելը նպատակաուղղված էր տվյալ հարցաքննության արդյունքներով ապացուցողական արժեք ներկայացնող փաստական տվյալներ ստանալն ու օգտագործելը երաշխավորելուն, ընդ որում, այն կարող էր օգտագործվել նաև Ա.Վարոսյանի դեմ, որպիսի պայմաններում այն չէր կարող ձեռք բերվել անօրինական գործողություններով, նրա պաշտպանական իրավունքի խախտմամբ, ինչը ենթադրում է, որ Քննիչը կրում էր պոզիտիվ պարտականություն երաշխավորելու Ա.Վարոսյանի կողմից կասկածյալի իրավունքների ողջ կազմից փաստացի օգտվելու հնարավորությունը: Տվյալ հարցաքննության օրը Ա.Վարոսյանի աշխատավայրում կատարվել է խուզարկություն, որի վերաբերյալ դատարանի որոշման մեջ առկա են եղել Ա.Վարոսյանի կողմից հանցանք կատարելու՝ ոստիկաններին կաշառք տալու վերաբերյալ Քննիչի կասկածը հիմնավորող լրացուցիչ տվյալներ: Քննիչը տվյալ հարցաքննության ժամանակ Ա.Վարոսյանին անձամբ պարզաբանել է կասկածյալի բոլոր իրավունքները, ընդ որում՝ մինչև բուն հարցաքննության սկիզբը, ու թեև կասկածյալի կարգավիճակ շնորհելը և նրան միայն որոշակի իրավունքներով օժտելը Քննիչն արհեստականորեն սահմանափակել է որոշակի ժամկետով՝ մինչև տվյալ հարցաքննության ավարտը, սակայն գիտակցել է, որ այդ հարցաքննության ավարտով Ա.Վարոսյանի նկատմամբ ծագած կասկածանքը, հետևաբար՝ նաև բովանդակային առումով կասկածյալի դատավարական կարգավիճակը շարունակում է պահպանվել (տվյալ հարցաքննության արդյունքներով առնվազն չի հերքվել), որի առհավատչյան է նրա աշխատավայրում խուզարկություն կատարելու փաստը, դատարանի որոշման մեջ այդ կասկածանքի առկայության վերաբերյալ Քննիչի դիրքորոշումը հաստատող ձևակերպումները, ինչպես նաև տվյալ գործով ներկա պահին Ա.Վարոսյանին որպես մեղադրյալ ներգրավված լինելու փաստը (կողմերը վերաքննիչ ատյանում այդ հանգամանքը ևս չեն վիճարկել): Նման պայմաններում, հաշվի առնելով, որ ոստիկանների կողմից ենթադրաբար կատարված հանցագործություններին առնչվելու վերաբերյալ Ա.Վարոսյանի նկատմամբ ծագած կասկածանքը չէր վերացել և բովանդակային առումով կասկածյալի կարգավիճակ ստացած անձը՝ Ա.Վարոսյանը իրավունք ուներ առանց որևէ սահմանափակման օգտվել դատավարության տվյալ փուլում կասկածյալի համար օրենքով նախատեսված անխտիր բոլոր իրավունքներից՝ Քննիչը պարտավոր էր ցուցաբերել բավարար հետևողականություն այդ իրավունքներից օգտվելու փաստացի հնարավարությունն ապահովելու տեսանկյունով անգամ տվյալ հարցաքննության արձանագրությունը կազմելուց հետո՝ կասկածյալ Ա.Վարոսյանի միջնորդությունը /դիմումը/ քննարկելիս: Վերաքննիչ դատարանը նաև փաստում է, որ Ա.Վարոսյանի կողմից քննիչին հասցեագրված նամակը վերնագրվել է որպես միջնորդություն, ինչը, վերը նշված վերլուծության համատեքստում, իրավաչափ մոտեցում է, ուստի քրեական հետապնդման մարմինները պարտավոր էին քննարկել և քրեադատավարական օրենքով սահմանված կարգով լուծել այն՝ բավարարելով այն կամ կայացնելով մերժման մասին պատճառաբանված որոշում: Ավելին, նույնիսկ դատավարական ձևի խախտմամբ ներկայացված լինելը քրեական հետապնդման մարմիներին չէր ազատում այն որպես դիմում ընդունելու, օրենքով սահմանված կարգով և ժամկետում քննության առնելու, դրա քննարկման արդյունքներով պատճառաբանված որոշումներ կայացնելու և դիմողին հայտնելու պարտականությունից, որը ևս պատշաճ կարգով չի կատարվել: ․․․ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Քննիչը 2019թ.նոյեմբերի 8-ի պարզաբանմամբ անհիմն կերպով սահմանափակել է նախաքննության տվյալ փուլում կասկածյալ Ա.Վարոսյանին հասու քննչական և դատավարական գործողությունների արձանագրություններին, փորձաքննություն և մասնագիտական ստուգումներ նշանակելու մասին որոշումներին, դրանց արդյունքներին ծանոթանալու և/կամ լուսապատճենները ստանալու իրավունքը, դրանով իսկ Քննիչը խախտել է իր իսկ կողմից կասկածյալ Ա.Վարոսյանին պարզաբանված, սակայն փաստացի չերաշխավորված այդ իրավունքները: Տվյալ պայմաններում քրեական հետապնդման մարմինը կարող է և պարտավոր վերականգնել Ա.Վարոսյանի իրավունքների խախտումները, եթե հայցվող վերոնշյալ դատավարական փաստաթղթերը նրան մինչ օրս հասու չեն դարձել (Ա.Վարոսյանը նույն գործով ձևական առումով ունի մեղադրյալի կարգավիճակ և կարող էր ծանոթանալ նաև քննարկվող փաստաթղթերին): Գ. Առաջին ատյանի դատարանի որոշման պատճառաբանվածության դատական ստուգում.
(...)
Տվյալ հարցի համատեքստում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Ա.Վարոսյանի միջնորդությունը ըստ էության քննության չառնելու (Քննիչի կողմից) և դրա դեմ ներկայացված բողոքի քննությունից հրաժարվելու վերաբերյալ (Դատախազի կողմից) պարզաբանումներ տալով՝ քրեական հետապնդման այդ մարմինները իրենց հետևությունները ոչ միայն պատշաճ կարգով չեն պատճառաբանել, այլև չեն պահպանել միջնորդությունը և դրա դեմ ներկայացված բողոք լուծելու դատավարական ձևը (պետք է կայացնեին որոշումներ): Սույն դատական ակտում ներկայացված վերլուծության և արձանագրված հետևությունների արդյունքներով Վերաքննիչ դատարանը փաստում է, որ պատշաճ կարգով պատճառաբանված չէ նաև քրեական հետապնդման վերոնշյալ մարմինների անգործության դեմ բերված բողոքը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը և նման դատական ակտ կայացնելիս դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ Ա.Վարոսյանի դատավարական իրավունքների խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա (…)[8]»։ Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյո՞ք Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ վարույթն իրականացնող մարմինը, Ա.Վարոսյանին կասկածյալի իրավունքների ու պարտականությունների մասին ծանուցելով, բովանդակային առումով շնորհել է կասկածյալի դատավարական կարգավիճակ, ուստի վերջինս իրավունք ուներ առանց որևէ սահմանափակման օգտվել դատավարության տվյալ փուլում կասկածյալի համար օրենքով նախատեսված բոլոր իրավունքներից։
12. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Կասկածյալ է այն անձը՝
1) որը ձերբակալվել է հանցանք կատարելու մեջ կասկածվելու պատճառով,
2) որի նկատմամբ մինչև մեղադրանք առաջադրելը խափանման միջոց ընտրելու մասին որոշում է կայացված»։ Նույն օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
«1. Կասկածյալն ունի պաշտպանության իրավունք։ Քրեական վարույթն իրականացնող մարմինը կասկածյալին հնարավորություն է ընձեռնում օրենքով չարգելված բոլոր միջոցներով իրականացնելու պաշտպանության իր իրավունքը։»։ 12.1. Կասկածյալի դատավարական կարգավիճակի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը Նորիկ Պողոսյանի գործով որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ ՀՀ քրեադատավարական օրենսդրությունը կասկածյալի կարգավիճակ ձեռք բերելը կապում է օրենքով նախատեսված գործողությունների կատարման կամ որոշման կայացման պահի հետ: Մասնավորապես, ձերբակալվածի, հետևաբար նաև կասկածյալի կարգավիճակ ձեռք բերելու համար անձը պետք է (1) փաստացի զրկվի ազատությունից, (2) բերվի իրավասու մարմնի մոտ, (3) պետք է կազմվի ձերբակալման արձանագրություն և (4) այդ մասին պետք է նրան հայտարարվի: Այսպիսով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով անձը կարող է ձերբակալվածի, հետևաբար նաև կասկածյալի կարգավիճակ ստանալ վերջին` չորրորդ գործողությունը կատարելու պահից, այսինքն` քրեական հետապնդման մարմնում ձերբակալման արձանագրության մասին անձին հայտարարելու պահից: Կամ կասկածյալի կարգավիճակ ձեռք բերելու համար անձի նկատմամբ պետք է խափանման միջոց ընտրելու մասին որոշում կայացվի[9]։ Նույն որոշմամբ Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Գագիկ Միքայելյանի գործով արտահայտված այն իրավական դիրքորոշմանը, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի հիման վրա` «քրեական մեղադրանք» հասկացությունը պետք է հասկացվի ոչ թե ձևական (փաստաթղթային), այլ բովանդակային (գործնական) իմաստով (Դեվեերն ընդդեմ Բելգիայի (Deweer v. Belgium) գործով վճիռ, 1980թ. փետրվարի 27, գանգատ թիվ 6903/75, կետ 44): Այսինքն` անձի նկատմամբ «մեղադրանքի» առկայության մասին կարող է վկայել նաև այնպիսի միջոցներ ձեռնարկելը, որոնք ենթադրում են հանցագործության մեջ կասկածանքի առկայություն, ինչպես նաև էականորեն ներգործում են կասկածվող անձի դրության վրա (Էկլեն ընդդեմ Գերմանիայի (Eckle v. Germany) գործով վճիռ, 1982թ. հուլիսի 15, գանգատ թիվ 8130/78, կետ 73, Շուբինսկին ընդդեմ Սլովենիայի (Šubinski v. Slovenia) գործով վճիռ, 2007թ. հունվարի 18, գանգատ թիվ 19611/04, կետ 62,Գ.Կ.-ն ընդդեմ Լեհաստանի (G.K. v. Poland) գործով վճիռ, 2004թ. հունվարի 20, գանգատ թիվ 38816/97, կետ 98): Ընդ որում, մինչդատական վարույթի նկատմամբ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի կիրառման եղանակը պայմանավորված է տվյալ վարույթի առանձնահատկություններով (Շաբելնիկն ընդդեմ Ուկրաինայի (Shabelnik v. Ukraine) գործով վճիռ, 2009թ. փետրվարի 19, գանգատ թիվ 16404/03, կետ 52) (…)[10]։ Արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ մինչդատական վարույթն իրականացնող մարմինը, տեղեկություններ ունենալով, որ Ն.Պողոսյանն ապօրինի թմրամիջոց է իրացրել, վերջինիս քրեական գործի վարույթին ներգրավել և հարցաքննել է որպես վկա, նախազգուշացրել ակնհայտ սուտ ցուցմունք տալու և ցուցմունք տալուց հրաժարվելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին և հարցաքննության ընթացքում առաջադրել է հանցագործության կատարման մեջ Ն.Պողոսյանին մերկացնող հարցեր[11]:
13. Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ մեղադրյալի (կասկածյալի) պաշտպանության իրավունքը քրեական դատավարության հիմնարար սկզբունքներից մեկն է, այն նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված «զենքերի հավասարության» և ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ ամրագրված մրցակցության սկզբունքների ապահովման կարևորագույն երաշխիք է: Մեղադրյալի (կասկածյալի) պաշտպանության իրավունքը նրան վերապահված դատավարական իրավունքների ամբողջությունն է, որը նրան հնարավորություն է տալիս հանդես գալու որպես դատավարության ինքնուրույն սուբյեկտ, լրիվ կամ մասնակիորեն հերքելու իրեն վերագրվող հանցանքը կատարած լինելու պնդումը, ինչպես նաև պաշտպանելու իր իրավունքներն ու օրինական շահերը: Պաշտպանության իրավունքն անձի համար գործուն «զենք» է` դիմակայելու իշխանական լիազորություններով օժտված պետական մարմինների գործողություններին: Այս առումով պաշտպանության իրավունքը քրեական դատավարության խնդիրների, մասնավորապես՝ հանցավոր արարքի հետ կապված պետական իշխանության ինքնիրավ գործողություններից և չարաշահումներից անձի պաշտպանության, ինչպես նաև անօրինական կամ առանց անհրաժեշտության դատավարական հարկադրանքի միջոցների, պատժի, իրավունքների և ազատությունների այլ սահմանափակման չենթարկվելու (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ, 2-րդ մասի 3-րդ կետ) իրացման միջոցներից է)[12]: Ընդ որում, կոնվենցիոնալ և ներպետական իրավական կարգավորումների վերլուծությունից բխում է, որ պաշտպանության իրավունքը ներառում է նաև որոշակի կոնկրետ իրավունքների ոչ սահմանափակ շրջանակ, որոնց զգալի մասից (օրինակ՝ իր իրավունքների, իրեն ազատությունից զրկելու պատճառների մասին տեղեկացվելու, իրավաբանական օգնություն ստանալու իրավունք) անձին օգտվելու հնարավորություն պետք է տրամադրվի հանցանք կատարած լինելու կասկածի մասին իրեն պաշտոնապես տեղեկացնելու վաղ փուլից սկսած՝ անկախ կասկածյալ (մեղադրյալի) դատավարական կարգավիճակի առկայությունից։ 13.1. Այս առնչությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում վերաբերելի մասով վկայակոչել նաև քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ անձին որպես հանցանք կատարող մատնանշելու իրավական հետևանքների առումով դիրքորոշումն առ այն, որ նման մատնանշումն ինքնին չի հանգեցնի անձի իրավունքների խախտման, եթե վերջինս պատշաճ կարգով տեղեկացվում է պաշտպանության իրավունքի մասին և նրա համար ապահովվում են դրա բովանդակությունը կազմող նվազագույն իրավունքների իրացման համար անհրաժեշտ դատավարական երաշխիքները[13]։
14. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փաստացի քրեական հետապնդման ներքո գտնվող անձին կասկածյալի կամ մեղադրյալի վերաբերելի իրավունքների մասին ծանուցելը վերջինիս դե յուրե կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ շնորհելու ընթացակարգ չի ենթադրում: Դա կոչված է ապահովելու, մասնավորապես հարցաքննության պարագայում, մերկացնող հարցեր տալու և դրանով իսկ փաստացի քրեական հետապնդում իրականացնելու մասին պատշաճ ծանուցումը և կոնկրետ քննչական գործողության ընթացքում, անկախ դե յուրե կարգավիճակից, կասկածյալի կամ մեղադրյալի պաշտպանության իրավունքից բխող դատավարական երաշխիքներից օգտվելու հնարավորության ընձեռումը:
15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.
- 2019 թվականի նոյեմբերի 1-ին Ա.Վարոսյանը հարցաքննվել է որպես վկա։ Միևնույն ժամանակ Նախաքննության մարմինը վերջինիս ծանուցել է, որ այն պահից սկսած, երբ նրան տրվեն հարցեր, որոնք ուղղված կլինեն նրա կողմից որևէ հանցանք կատարած լինելու հանգամանքի բացահայտմանը, նա փաստացի գտնվելու է կասկածյալի կարգավիճակում, ուստի հարցաքննության ընթացքում կարող է օգտվել կասկածյալի իրավունքներից՝ այդ թվում հրաժարվել ցուցմունքներ տալուց, իսկ հրավիրված փաստաբանը կարող է օգտվել պաշտպանի իրավունքներից։ Միաժամանակ վկային պարզաբանվել են կասկածյալի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածով սահմանված իրավունքներն ու պարտականությունները[14],
- Առաջին ատյանի դատարանը, մերժելով Ա.Վարոսյանի ներկայացուցիչ Գ.Միքայելյանի բողոքը, գտել է, որ հարցաքննության ընթացքում Ա.Վարոսյանը փաստացի չի օգտվել կասկածյալի իրավունքներից ու չի կրել կասկածյալի պարտականություններ, իսկ վկան՝ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի՝ միջնորդություններ ներկայացնելու իրավունք չունի, հետևաբար Նախաքննության մարմինը և դատախազը, վերջինիս ներկայացրած միջնորդությանը գրությամբ պատասխանելով, անձի իրավունքների և օրինական շահերի խախտում թույլ չեն տվել[15],
- Վերաքննիչ դատարանը, մասնակիորեն բավարարելով Գ.Միքայելյանի բողոքը, արձանագրել է, որ 2019 թվականի նոյեմբերի 1-ի հարցաքննության ժամանակ Ա.Վարոսյանին կասկածյալի իրավունքներն ու պարտականությունները պարզաբանելը, ոստիկանների չարաշահումների փաստով հարուցված քրեական գործով նրանց գումարներ տրամադրելու վերաբերյալ հարցադրումներ ձևակերպելը վկայում են Ա.Վարոսյանի կողմից հանցանք կատարած լինելու կասկածանքի առկայության մասին, որի պայմաններում վերջինս կարող էր օգտվել բովանդակային առումով կասկածյալի կարգավիճակից բխող բոլոր իրավունքներից, ընդ որում՝ դեռևս այդ հարցաքննության ընթացքում, օրինակ՝ հարցաքննողից իր նկատմամբ ծագած կասկածանքի էության վերաբերյալ պարզաբանում պահանջելու, որոշակի հարցերի պատասխանելու համար մասնագիտական ստուգում կամ փորձաքննություն նշանակելու որոշումներին կամ դրանց արդյունքներին ծանոթանալու, միջնորդություն ներկայացնելու և այլ եղանակներով: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը փաստել է, որ Ա.Վարոսյանը, ում Նախաքննության մարմինը շնորհել էր բովանդակային առումով դատավարության մասնակցի՝ կասկածյալի կարգավիճակ, այդ պահից ևեթ իրավունք ուներ իմանալու իր ընտրած դիրքորոշման իրավական հետևանքները, իր մասնակցությամբ կատարվող դատավարական գործողությունների նշանակությունը և այդ իրավունքները չէին կարող սահմանափակվել, քանի դեռ Ա.Վարոսյանի կողմից հանցանք կատարած լինելու կասկածը չէր հերքվել (օրինակ՝ քրեական հետապնդում չիրականացնելու որոշում կայացնելով կամ կասկածյալի կարգավիճակում հարցաքննելուց հետո 7-օրյա ժամկետը լրանալու դեպքում նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշում չկայացնելով): Վերաքննիչ դատարանը գտել է նաև, որ Ա.Վարոսյանին կասկածյալի դատավարական կարգավիճակ ժամանակավորապես շնորհելը նպատակուղղված է եղել տվյալ հարցաքննության արդյունքներով ապացուցողական արժեք ներկայացնող փաստական տվյալներ ստանալն ու օգտագործելը երաշխավորելուն, այդ թվում՝ նաև Ա.Վարոսյանի դեմ, որպիսի պայմաններում Նախաքննության մարմինը պոզիտիվ պարտականություն էր կրում երաշխավորելու Ա.Վարոսյանի կողմից կասկածյալի իրավունքների ողջ կազմից փաստացի օգտվելու հնարավորությունը[16]։
16. Սույն որոշման 12-14-րդ կետերում շարադրված իրավական նորմերի և դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դե յուրե վկայի կարգավիճակում գտնվող անձին նախքան հարցաքննությունը սկսելու մերկացնող հարցեր տալու պարագայում պաշտպանության իրավունքից նվազագույն երաշխիքներից օգտվելու հնարավորության մասին ծանուցելը վերջինիս մեխանիկորեն կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ չի շնորհում: Վերոնշյալ ծանուցման նպատակը փաստացի քրեական հետապնդման ներքո գտնվող անձին հարցաքննության ընթացքում կասկածյալի կամ մեղադրյալի վերաբերելի իրավունքներից օգտվելու հնարավորություն ընձեռելն է՝ փաստացի քրեական հետապնդման ներքո գտնվող անձից պաշտպանության իրավունքի նվազագույն երաշխիքների խախտմամբ փաստական տվյալներ ձեռք բերելը բացառելու համար: Վերոշարադրյալ դիրքորոշումը կիրառելով նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքների նկատմամբ՝ Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Առաջին ատյանի դատարանի այն դիրքորոշմանը, որ վկայի դատավարական կարգավիճակում գտնվող անձին հարցաքննելիս կասկածյալի իրավունքների ու պարտականությունների պարզաբանման ընթացակարգ ՀՀ քրեական դատավարության օրենսդրությունը չի նախատեսում, իսկ նման կերպ հարցաքննությունների իրականացումը միտված է անձի իրավունքների առավելագույնս ապահովմանը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Նախաքննության մարմինը, Ա.Վարոսյանին մերկացնող հարցեր տալու պահից սկսկած կասկածյալի կարգավիճակից բխող իրավունքներից օգտվելու հնարավորության մասին պարզաբանելով, վերջինիս դե յուրե կասկածյալի դատավարական կարգավիճակ չի շնորհել, այլ պատշաճ ծանուցել է փաստացի քրեական հետապնդման պարագայում պաշտպանության իրավունքից բխող երաշխիքներից օգտվելու հնարավորության մասին: Այս առնչությամբ, Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է արտահայտում բողոքաբերի այն փաստարկին, որ սույն գործի փաստական հանգամանքները նույնանման չեն Նորիկ Պողոսյանի վերաբերյալ գործի հանգամանքներին այնքանով, որ վերջինս առհասարակ ծանուցված չի եղել փաստացի քրեական հետապնդման տակ գտնվելով պաշտպանության իրավունքից օգտվելու հնարավորության մասին:
17. Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշմանը, որ Ա.Վարոսյանին ուղղված՝ Նախաքննության մարմնի հարցադրումները վկայել են հանցանք կատարած լինելու կասկածի առկայության մասին, և որ Ա.Վարոսյանին կասկածյալի դատավարական կարգավիճակ ժամանակավորապես շնորհելը նպատակաուղղված է եղել տվյալ հարցաքննության արդյունքներով ապացուցողական արժեք ներկայացնող փաստական տվյալներ ստանալուն ու օգտագործելուն, Վճռաբեկ դատարանը կրկնում է մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության առարկայի շրջանակի հստակեցման նպատակով մշակած այն սկզբունքը, որ գործի նախնական քննության փուլում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված որոշումներից զատ, դատարան կարող են բողոքարկվել քրեական հետապնդման մարմինների այն բոլոր որոշումներն ու գործողությունները (անգործությունը), որոնց բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս անհնար է, կամ այն կհանգեցնի անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման[17]։ Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ նախաքննության մարմնի կողմից իրականացվող ապացուցողական գործունեությանը (ապացույցներ հավաքելը, ստուգելը և գնահատելը) դատարանի միջամտությունը ոչ միայն չի բխում մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող դատական վերահսկողության խնդիրներից, այլև նման միջամտության անթույլատրելիությունն անհրաժեշտ նախապայման է դատարանի անկողմնակալության և անմեղության կանխավարկածի սկզբունքների պահպանության համար[18]։
18. Վերոշարադյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիմնավորված չէ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ վարույթն իրականացնող մարմինը, Ա.Վարոսյանին կասկածյալի իրավունքների ու պարտականությունների մասին ծանուցելով, բովանդակային առումով շնորհել է կասկածյալի դատավարական կարգավիճակ, ուստի վերջինս իրավունք ուներ առանց որևէ սահմանափակման օգտվել դատավարության տվյալ փուլում կասկածյալի համար օրենքով նախատեսված բոլոր իրավունքներից։
19. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանը, դատական ակտ կայացնելիս, թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, հիմք է Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի հունիսի 16-ի դատական ակտը բեկանելու համար: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի 2020 թվականի ապրիլի 7-ի որոշմանը։
21. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Արտակ Միշայի Վարոսյանի ներկայացուցիչ Գ.Միքայելյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի հունիսի 16-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թվականի ապրիլի 7-ի որոշմանը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Դատավորներ` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Ս.ՉԻՉՈՅԱՆ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆ
Ծանոթագրություններ
[1] Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով: [2] Համաձայն Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հունվարի 5-ի թիվ ԲԴԽ-2-Ն-1 որոշման՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատում՝ վարույթ ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ մինչդատական վարույթներով կայացված դատական ակտերի դեմ բերված բողոքներով գործերը վերաբաշխվել են ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորների միջև։ [3] Տե՛ս գործի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 42-61։
[4] Տե՛ս գործի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 15-16։
[5] Տե՛ս գործի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 17-18։
[6] Տե՛ս գործի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 25-26։
[7] Տե՛ս գործի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 65-69։
[8] Տե՛ս գործի նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 41-57:
[9] Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Նորիկ Պողոսյանի գործով 2010 թվականի մարտի 26-ի թիվ ՀՅՔՐԴ2/0153/01/08 որոշման 19-րդ կետը։ [10] Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գագիկ Միքայելյանի գործով 2009 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԱԴԴ/0085/06/09 որոշման 21-րդ կետը։ [11] Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Նորիկ Պողոսյանի գործով վերը հիշատայված որոշման 21-րդ կետը:
[12] Տե´ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Նորիկ Պողոսյանի գործով վերը հիշատակված որոշման 25-րդ կետը, Հեղինե Գալստյանի գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԼԴ/0051/01/14 որոշման 29-րդ կետը, Հայկ Սիմոնյանի գործով 2017 օգոստոսի 30-ի թիվ ԵԱԴԴ/0027/01/15 որոշման 13-րդ կետը, Արթուր Մամաջանյանի գործով 2017 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ԼԴ2/0055/01/15 որոշման 21-րդ կետը։ [13] Տե´ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Արթուր Կարապետյանի գործով թիվ ԵԿԴ/0201/11/17 որոշման 2019 թվականի հունիսի 12-ի որոշման 19-րդ կետը։ [14] Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
[15] Տե՛ս սույն որոշման 8.1-րդ և 8.2-րդ կետերը։
[16] Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։
[17] Տե՛ս Վճռաբեկ դատարանի`Վարուժան Մանուկյանի գործով 2010 թվականի նոյեմբերի 5-ի թիվ ԵԿԴ/0060/11/10 որոշման 16-րդ կետը։ [18] Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Հմայակ Արսենյանի գործով 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԵԿԴ/0125/11/12 որոշման 13-րդ կետը, «Էլիտա էսվե», «Էլիտ էսվե» և «Պրեստիժ լենդ» ՍՊԸ-ների գործով 2021 թվականի սեպտեմբերի 7-ի թիվ ԵԴ/0957/11/19 որոշման 11.1-րդ կետը։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 15 ապրիլի, 2024 թ.
- Գործի #:
- ԵԴ/0009/11/20
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
