Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/Գևորգյան — ԵԴ/0513/11/20
ՎճռաբեկԿոռուպցիոն քրեականAI Ինդեքսավորված

Գևորգյան — ԵԴ/0513/11/20

Վճռաբեկ դատարանԵԴ/0513/11/2026 սեպտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 386. Վերաքննիչ վերանայման առարկան
PDF

Ամփոփում

Պ Ա Ր Զ Ե Ց Գործի դատավարական նախապատմությունը. 1․ 2020 թվականի մարտի 11-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում (այսուհետ նաև՝ Նախաքննության մարմին) 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 314․3-րդ հոդվածի 2-րդ մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 310․1-ին հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 62206020 քրեական գործը։ 1․1․ Նախաքննության մարմնի 2020 թվականի ապրիլի 7-ի որոշմամբ Արթուր Սամվելի Գևորգյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրե

Ամբողջ Տեքստ

ԵԴ/0513/11/20

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Տ․Սահակյան

2024 թվականի սեպտեմբերի 26-ին քաղաք Երևանում

ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ

Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2021 թվականի փետրվարի 22-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Դավթյանի վճռաբեկ բողոքը[1],

Պ Ա Ր Զ Ե Ց

Գործի դատավարական նախապատմությունը.

1․ 2020 թվականի մարտի 11-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում (այսուհետ նաև՝ Նախաքննության մարմին) 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 314․3-րդ հոդվածի 2-րդ մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 310․1-ին հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 62206020 քրեական գործը։ 1․1․ Նախաքննության մարմնի 2020 թվականի ապրիլի 7-ի որոշմամբ Արթուր Սամվելի Գևորգյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314․3-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 310․1 հոդվածի 1-ին մասով։ 1․2․ Նախաքննության մարմնի՝ նույն օրվա մեկ այլ որոշմամբ թիվ 62206020 քրեական գործով կալանք է դրվել մեղադրյալ Ա․Գևորգյանին պատկանող, Հայաստանի Հանրապետությունում գտնվող գույքերի, այդ թվում՝ դրամական միջոցների վրա։ Նախաքննության մարմնի՝ նույն օրվա մեկ այլ որոշմամբ թիվ 62206020 քրեական գործով կալանք է դրվել մեղադրյալ Ա․Գևորգյանին պատկանող, Ամերիկայի Միացյալ Նահագներ, Լոս Անջելես վարչաշրջան, Գլենդեյլ, 1426 Մերրիման ԴՐ հասցեում գտնվող առանձնատան վրա։ 1․3․ Վերոնշյալ որոշումների դեմ մեղադրյալ Ա․Գևորգյանի պաշտպաններ Հ․Անանյանը և Լ․Ասլանյանը բողոք են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, որը ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Ա․Մարգարյանի (այսուհետ նաև՝ Դատախազ) 2020 թվականի մայիսի 14-ի որոշմամբ մերժվել է։ 2․ 2020 թվականի հունիսի 2-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) է ստացվել Նախաքննության մարմնի՝ «Մեղադրյալի գույքի վրա կալանք դնելու մասին» 2020 թվականի ապրիլի 7-ի որոշումների և Դատախազի՝ «Բողոքը մերժելու մասին» 2020 թվականի մայիսի 14-ի որոշման դեմ մեղադրյալ Ա․Գևորգյանի պաշտպաններ Հ․Անանյանի և Լ․Ասլանյանի բողոքը։ 2․1․ Առաջին ատյանի դատարանի 2020 թվականի դեկտեմբերի 16-ի որոշմամբ բողոքը բավարարվել է և վարույթն իրականացնող մարմինը պարտավորեցվել է եռօրյա ժամկետում վերացնել թիվ 62206020 քրեական գործով Նախաքննության մարմնի 2020 թվականի ապրիլի 7-ի որոշումներով մեղադրյալ Ա․Գևորգյանի իրավունքների և ազատությունների, մասնավորապես, սեփականության իրավունքի խախտումը։

3. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի 2021 թվականի փետրվարի 22-ի որոշմամբ բողոքը մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ թողնվել օրինական ուժի մեջ։

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Դավթյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2021 թվականի հուլիսի 16-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: 2021 թվականի օգոստոսի 5-ին Վճռաբեկ դատարան է ստացվել մեղադրյալ Ա․Գևորգյանի պաշտպաններ Հ․Անանյանի և Լ․Ասլանյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանը, որով վերջինները խնդրել են ամբողջությամբ մերժել Դատախազի բողոքը, և օրինական ուժի մեջ թողնել ստորադաս դատարանների որոշումները։ 2023 թվականի հունվարի 16-ին գործը բաշխվել (հանձնվել) է ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմին[2]։ 4․1․ Վճռաբեկ դատարանի 2024 թվականի մայիսի 8-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

5. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավոր չէ, Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա, հետևաբար դատական ակտը ենթակա է բեկանման: 5․1․ Մասնավորապես՝ բողոքաբերը գտել է, որ բողոքարկվող դատական ակտում Վերաքննիչ դատարանը որևէ կերպ չի անդրադարձել վերաքննիչ բողոքում նշված՝ գույքի վրա կալանք դնելու իրավական հիմքերին և Առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունների դեմ բերված փաստարկներին, այլ վկայակոչելով օրենսդրական դրույթները և Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, պարզապես արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ չեն տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ վիճարկվող որոշումը բեկանելու և փոփոխելու համար, հետևաբար Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտը պատճառաբանված չէ։ 5․2․ Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ գործով ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ մեղադրյալ Ա.Գևորգյանը 2011 թվականի ապրիլի 6-ին 490.000 ԱՄՆ դոլարով ձեռք է բերել Լոս Անջելես վարչաշրջանի Վուդլենդ Հիլսի 22619 Հոլանդա ՌԴ-ի հասցեի անշարժ գույքը, 2015 թվականի օգոստոսի 10-ին 520.000 ԱՄՆ դոլարով ձեռք է բերել Գլենդեյլի Քեմփբլ փողոցի 1130 շենքի 104 բնակարանը, իսկ 2016 թվականի հունիսի 2-ին՝ Վելլի Վիլիջ թաղամասի Ուիթսեթ ավենյուի 4832 շենքի 103 բնակարանը։ 2016 թվականի նոյեմբերի 15-ին հայկական մամուլը գրել է Ա․Գևորգյանի կողմից ԱՄՆ, Կալիֆորնիա նահանգում գնված հիշյալ երկու բնակարանների մասին, մինչդեռ Ա.Գևորգյանը հերքել է դրանք իրեն պատկանելու հանգամանքը՝ հայտարարելով, որ կարող է փաստաթղթեր ցույց տալ, որ Ա․Գևորգյան անուն-ազգանունով անձանց պատկանող երեք տասնյակ գույք կա ԱՄՆ-ում՝ ակնարկելով, որ դրանք իր հետ կապ չունեն։ Բացի այդ, Ա.Գևորգյանի մեղադրանքի ծավալում ընդգրկված՝ 739.625.000 ՀՀ դրամին համարժեք` 1.525.000 ԱՄՆ դոլարով ձեռք բերված՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Լոս Անջելես վարչաշրջան, Գլենդեյլ, 1426 Մերրիման ԴՐ հասցեում գտնվող անշարժ գույքը, Ա.Գևորգյանը 2020 թվականի հունվարի 15-ին վաճառել է «Արվիվի» ընկերությանը: 5․3․ Նշվածի համատեքստում բողոքաբերը գտել է, որ ձեռք բերված վերոգրյալ փաստական տվյալներն առնվազն ողջամիտ ենթադրություն են ձևավորում առ այն, որ մամուլի կողմից Ա.Գևորգյանին պատկանող վերոգրյալ անշարժ գույքերի մասին հրապարակումներ կատարելուց հետո, վերջինը, փորձելով թաքցնել այդ գույքերն իրեն պատկանելու հանգամանքը, դրանք անվանափոխել է իրեն պատկանող ընկերության անվամբ, այնուհետև վաճառել, ուստի նման պայմաններում Ա.Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու որոշումներով վարույթն իրականացնող մարմնի կողմից վկայակոչված իրավական հիմքերը, մասնավորապես այն, որ Ա․Գևորգյանը կարող է անձամբ կամ իր մերձավոր ազգականների միջոցով օտարելու եղանակով թաքցնել, սպառել իրեն պատկանող շարժական և անշարժ գույքը, հիմնավոր է և բխում է քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներից։ Ավելին՝ բողոքաբերը գտել է, որ քրեադատավարական հարկադրանքի տվյալ միջոցի կիրառման համար հիմք է մեղադրյալի կողմից բռնագրավման ենթակա գույքը թաքցնելու, փչացնելու կամ սպառելու՝ գործի նյութերից բխող ենթադրությունը և ոչ թե այդպիսի գործողություն կատարելու փաստը, որպիսի պայմաններում Առաջին ատյանի դատարանի հետևությունը, թե վարույթն իրականացնող մարմինը պատշաճորեն չի հիմնավորել գույքի վրա կալանք դնելու՝ օրենքով նախատեսված հիմքերը, անհիմն են, չեն բխում քրեական գործի նյութերից և տվյալ քրեադատավարական հարկադրանքի միջոցը կիրառելու վերաբերյալ օրենսդրական պահանջներից: Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի դատական ակտում արձանագրված՝ գույքի վրա կալանք դնելու նպատակի մասին այն եզրահանգմանը, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից մեղադրյալ Ա.Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու մասին որոշումներով որպես նպատակ պետք է նշված լիներ գույքի հնարավոր բռնագրավման ապահովումը, մինչդեռ կայացված որոշումներում քննիչը որևէ հիմնավորում այդ կապակցությամբ չի նշել՝ բողոքաբերը փաստել է, որ հիշյալ որոշումներով վարույթն իրականացնող քննիչն արձանագրել է, որ 2020 թվականի ապրիլի 7-ին որոշում է կայացվել Ա․Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, այնուհետև վկայակոչել է նշված հարկադրանքի միջոցի կիրառման նպատակները սահմանող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները, և արձանագրելով, որ Ա.Գևորգյանին մեղսագրված ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-ին հոդվածի 1-ին մասի սանկցիան որպես պատժատեսակ նախատեսում է նաև գույքի բռնագրավումը, ի թիվս այլ նպատակների, արձանագրել է, որ Ա.Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու անհրաժեշտությունը պայմանավորված է նաև գույքի հնարավոր բռնագանձումն ապահովելու հանգամանքով, որպիսի պայմաններում Առաջին ատյանի դատարանի եզրահանգումը, թե վարույթն իրականացնող քննիչը կայացված որոշումներով որպես նպատակ գույքի բռնագրավումը չի նշել և չի պատճառաբանել, անհիմն է: 5․4․ Բողոքաբերը միաժամանակ նշել է, որ քննության տվյալ փուլում հնարավոր չի եղել որոշել գույքի այն հստակ չափը, որն անհրաժեշտ կլինի դատական ծախսերն ապահովելու համար: Դրանով պայմանավորված՝ քննարկվող սահմանափակող դատավարական միջոցը գործադրվել է համապատասխան սուբյեկտի փաստացի ամբողջ գույքի վրա՝ հետագայում դրանով ապահովվող քրեաիրավական և քրեադատավարական հետևանքների կիրառման անհնարինությունը բացառելու համար: Այս համատեքստում բողոքաբերը գտել է, որ պետք է հաշվի առնել նաև, որ միայն գույքի հնարավոր բռնագրավման ենթակա գումարը նախաքննության տվյալ փուլում կազմում է առնվազն 725.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Նշված գումարի չափի մեծությունը չի կարող ակնհայտորեն չհամապատասխանել Ա.Գևորգյանին պատկանող և արգելադրված գույքերի արժեքներին: Այլ խոսքով, առկա չէ իրավիճակ, որ բռնագրավման ենթակա փոքր չափի գումարի պայմաններում արգելանք է դրվել այդ գումարի չափն ակնհայտորեն գերազանցող գույքի վրա: 6․ Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի 2020 թվականի դեկտեմբերի 16-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2021 թվականի փետրվարի 22-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ մերժելով մեղադրյալ Ա․Գևորգյանի պաշտպանների կողմից ներկայացված բողոքը։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7․ Արթուր Սամվելի Գևորգյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան ՀՀ քրեական օրենսգրքի 314․3-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 310․1-ին հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքների համար, որ․ «(…) Նա հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած իր՝ 2017 և 2018 թվականների գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց, ինչպես նաև 2019 թվականի հունվարի 14-ին պաշտոնից ազատվելուց հետո պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերում թաքցրել է իրեն պատկանող անշարժ գույքերի, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում բաժնեմաս ունենալու մասին հայտարարագրման ենթակա տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքերի չհայտարարագրմանը, բացի այդ, հաշվետու ժամանակահատվածում ապօրինի հարստացել է՝ Արթուր Գևորգյանի գույքի ավելացումն էականորեն գերազանացել է նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով: Այսպես.

Արթուր Գևորգյանը, 2015 թվականի մայիսի 31-ից 2019 թվականի հունվարի 14-ն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հայտարարատու պաշտոնատար անձ, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած իր՝ 2017 և 2018 թվականների գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերում թաքցրել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում իրեն պատկանող առանձնապես խոշոր չափերով երեք անշարժ գույքի՝ 2011 թվականի ապրիլի 6-ին 490.000 ԱՄՆ դոլարով ձեռք բերած՝ Լոս Անջելես վարչաշրջանի Վուդլենդ Հիլսի 22619 Հոլանդա ՌԴ-ի, 2015 թվականի օգոստոսի 10-ին 520.000 ԱՄՆ դոլարով ձեռք բերած՝ Գլենդեյլի Քեմփբլ փողոցի 1130 շենքի 104 բնակարանի, 2016 թվականի հունիսի 2-ին Վելլի Վիլիջ թաղամասի Ուիթսեթ ավենյուի 4832 շենքի 103 բնակարանի, ինչպես նաև «Արվիվի» ՍՊԸ-ում 100 տոկոս բաժնեմաս ունենալու վերաբերյալ հայտարարագրման ենթակա տվյալները: Բացի այդ, Արթուր Գևորգյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած իր՝ 2018 թվականի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց, ինչպես նաև 2019 թվականի հունվարի 14-ին պաշտոնից ազատվելուց հետո պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց վերաբերյալ հայտարարագրերում անփոփոխ հայտարարագրել է 50.000.000 ՀՀ դրամ, 1.600.000 ԱՄՆ դոլար և 150.000 Եվրո: Մինչդեռ, 2019 թվականի հունվարի 10-ին Արթուր Գևորգյանը 739.625.000 ՀՀ դրամին համարժեք՝ 1.525.000 ԱՄՆ դոլարով, որից 800.000 ԱՄՆ դոլարը` վարկային միջոցներով, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Լոս Անջելես վարչաշրջան, Գլենդեյլ, 1426 Մերրիման ԴՐ հասցեում ձեռք է բերել առանձնատուն, ինչի մասին հայտարարագրման ենթակա տվյալը թաքցրել է 2019 թվականի հունվարի 14-ին պաշտոնից ազատվելուց հետո պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց վերաբերյալ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած իր հայտարարագրում: Այսպիսով, Արթուր Գևորգյանը չի հայտարարագրել իր` առանձնապես խոշոր չափերով՝ 1.000.000 ՀՀ դրամը գերազանցող հիշյալ անշարժ գույքը և հաշվետու ժամանակահատվածում ապօրինի հարստացել է, քանի որ 2019 թվականի հունվարի 10-ին ԱՄՆ-ում հիշյալ առանձնատան ձեռք բերումով Արթուր Գևորգյանի գույքի ավելացումն էականորեն գերազանացել է նրա՝ վերը նշված հայտարարագրերում արտացոլված օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով: (…)»[3]։

8. Մեղադրյալ Ա․Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու մասին 2020 թվականի ապրիլի 7-ի որոշումների համաձայն` Նախաքննության մարմինը, մեջբերելով քրեական գործի դատավարական նախապատմությունը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, ՀՀ քրեական օրենսգրքի 310․1-ին հոդվածի 1-ին մասը, ՀՀ քրեական օրենսգրքի 103.1-ին հոդվածի 1-ին մասը, գտել է, որ Ա․Գևորգյանը կարող է անձամբ կամ իր մերձավոր ազգականների միջոցով օտարելու եղանակով թաքցնել, սպառել իրեն պատկանող շարժական և անշարժ գույքը, ուստի ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-233-րդ հոդվածներով, որոշել է գույքի հնարավոր բռնագրավումը, բռնագանձումն ու դատական ծախսերն ապահովելու համար կալանք դնել մեղադրյալ Ա․Գևորգյանին պատկանող՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվող գույքերի, այդ թվում՝ դրամական միջոցների վրա, ինչպես նաև մեղադրյալ Ա․Գևորգյանին պատկանող, Ամերիկայի Միացյալ Նահագներ, Լոս Անջելես վարչաշրջան, Գլենդեյլ, 1426 Մերրիման ԴՐ հասցեում գտնվող առանձնատան վրա[4]։

9. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն՝ «(…) Անդրադառնալով գույքի վրա կալանք դնելու որպես քրեադատավարական հարկադրանքի միջոցի իրավական հիմքերին, դատարանն արձանագրում է, որ 2020 թվականի ապրիլի 7-ին քննիչի որոշմամբ կալանք է դրվել մեղադրյալ Ա.Գևորգյանին պատկանող, ՀՀ-ում գտնվող գույքերի, այդ թվում՝ դրամական միջոցների վրա, նույն օրը մեկ այլ որոշմամբ կալանք է դրվել մեղադրյալ Ա.Գևորգյանին պատկանող, ԱՄՆ, Լոս Անջելես վարչաշրջան, Գլենդեյլ, 1426 Մերրիման ԴՐ հասցեում գտնվող առանձնատան վրա այն հիմնավորմամբ, որ Ա.Գևորգյանը բարձրաստիճան պաշտոնատար անձ է եղել, ինչը հիմք է հանդիսանում ենթադրելու, որ նա կարող է անձամբ կամ իր մերձավոր ազգականների միջոցով օտարելու եղանակով թաքցնել, սպառել իրեն պատկանող նշյալ գույքերը։ Դատական նիստի ժամանակ դատախազը հավելեց, որ քննիչի նշյալ որոշումների կայացման համար փաստական հիմք է հանդիսացել նաև վարույթն իրականացնող մարմնի ողջամիտ եզրահանգումն առ այն, որ ԱՄՆ ՀԴԲ իրավական հարցերով տարածաշրջանային կցորդից 23.03.2020 թվականին ստացված փաստաթղթերում առկա տեղեկատվությունից երևում է, որ Ա.Գևորգյանն իրեն պատկանող որոշ գույքեր օտարել է, ինչն էլ հիմք է հանդիսանում այն ողջամիտ եզրահանգմանը հանգելու, որ հանրության կողմից իրեն պատկանող գույքերի մասին իրազեկվելուց հետո Ա.Գևորգյանը փորձել է դրանք թաքցնել օտարելու միջոցով: Դատարանը, հետազոտելով նշյալ փաստաթուղթը, արձանագրում է, որ դրանում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ առերևույթ Ա.Գևորգյանը 2020 թվականի հունվարի 15-ին վաճառել է Լոս Անջելես վարչական շրջան, ԿԱ91202-1709, Գլենդեյլ, 1426 Մերրիման ԴՐ հասցեում գտնվող գույքը «Արվիվի» ՍՊԸ ընկերությանը, որի սեփականատերը, սակայն, հանդիսանում է հենց ինքը։ Ինչ վերաբերում է սեփականության իրավունքով Ա.Գևորգյանին պատկանող մյուս անշարժ գույքերին, ապա նշյալ փաստաթղթի ուսումնասիրությունից առերևույթ բխում է, որ դրանք շարունակում են մնալ Ա.Գևորգյանի սեփականության ներքո։ Հետևաբար, անհիմն է վարույթն իրականացնող մարմնի այն եզրահանգումն, որ Ա.Գևորգյանն իրեն պատկանող որոշ գույքեր օտարել է, ինչն էլ հիմք է հանդիսանում այն ողջամիտ եզրահանգմանը հանգելու, որ հանրության կողմից իրեն պատկանող գույքերի մասին իրազեկվելուց հետո Ա.Գևորգյանը փորձել է դրանք թաքցնել օտարելու միջոցով: Վերոգրյալի համատեքստում դատարանն արձանագրում է, որ վարույթն իրականացնող մարմինը պատշաճորեն չի հիմնավորել գույքի վրա կալանք դնելու` օրենքով նախատեսված հիմքերը: Մասնավորապես, ՀՀ-ում և ԱՄՆ-ում Ա.Գևորգյանին պատկանող թվով 10 անշարժ գույքերից Ա.Գևորգյանը, ըստ գործում առկա նյութերի, օտարել է ընդամենը մեկը, ընդ որում այն վաճառել է իրեն պատկանող ընկերությանը, ինչը չի կարող համոզիչ փաստարկ հանդիսանալ արձանագրելու համար այն, որ Ա.Գևորգյանը փորձել է իրեն պատկանող գույքը թաքցնել օտարելու միջոցով: Միևնույն ժամանակ, դատարանն հարկ է համարում ընդգծել, որ բողոքաբերի ներկայացուցչի կողմից դատարան է ներկայացվել 2020 թվականի ապրիլի 13-ին թվագրված նոտարական վավերացմամբ փաստաթուղթ, ըստ որի` Ա.Գևորգյանը ԱՄՆ Լոս Անջելես վարչաշրջան, Գլենդեյլ, 1426 Մերրիման Դր հասցեում գտնվող առանձնատան սեփականատեր է դարձել 2019 թվականի մարտի 6-ին, ընդ որում, Ա.Գևորգյանը միայն 2019 թվականի մարտի 1-ին է ուղարկել անշարժ գույքի գնման գործարքը փակելու համար մնացած գումարը, որը կազմել է 702․270.79 ԱՄՆ դոլար, մինչդեռ ըստ Ա.Գևորգյանին առաջադրված մեղադրանքի՝ հիշյալ հասցեում գտնվող առանձնատունը Ա.Գևորգյանը ձեռք է բերել 2019 թվականի հունվարի 10-ին։ Այսինքն բողոքաբերի ներկայացուցչի կողմից ներկայացված նշյալ փաստաթուղթն առերևույթ ուղղակի հակասության մեջ է գտնվում մեղադրանքում հաստատված համարվող այն փաստի հետ, որ խնդրո առարկա առանձնատունը Ա.Գևորգյանը ձեռք է բերել 2019 թվականի հունվարի 10-ին: (…)

Գույքի վրա կալանք դնելու իրականացման նպատակներին անդրադառնալով դատարանն իրավաչափ է համարում բողոքաբերի ներկայացուցչի այն փաստարկը, ըստ որի՝ դատախազը որևէ կերպ չի հիմնավորել Ա.Գևորգյանի նկատմամբ կիրառվելիք ՀՀ քրեական օրենսգրքի 103.1 հոդվածի անհրաժեշտությունը, քանի որ սույն գործով Ա.Գևորգյանին չի վերագրվել հանցագործության կատարման արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված գույք, ինչի պայմաններում միայն հնարավոր կլիներ քննարկել ՀՀ քրեական օրենսգրքի 103.1 հոդվածի կիրառման անհրաժեշտությունը։ Դատարանն արձանագրում է, որ Ա.Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310.1 հոդվածի 1-ին մասով և 314.3 հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքների կատարման համար։ Ընդ որում, Ա.Գևորգյանին մեղսագրվող արարքներից միայն ՀՀ քրեական օրենսգրքի 310.1 հոդվածով նախատեսված արարքի համար է օրենսդիրը որպես լրացուցիչ պատժատեսակ նախատեսել գույքի բռնագրավումը։ Այսինքն՝ գույքի վրա կալանք դնելու մասին որոշում կայացնելն ունի հստակ ուրվագծված նպատակ․ այն է՝ ի թիվս այլնի, ապահովել գույքի հնարավոր բռնագրավումը։ Հետևաբար, այս համատեքստում Ա.Գևորգյանին առաջադրված մեղադրանքի շրջանակներում նրան պատկանող գույքի վրա կալանքի մասին որոշման կայացման նպատակը պետք է լիներ գույքի հնարավոր բռնագրավման ապահովումը։ Մինչդեռ քննիչը որևէ հիմնավորում այդ կապակցությամբ չի նշել իր որոշմամբ, իսկ դատախազը փորձելով հիմնավորել քննիչի որոշման իրավաչափությունը, գույքի վրա կալանք դնելը պատճառաբանել է նաև գույքի բռնագանձման անհրաժեշտությամբ, ինչը սակայն չի բխում սույն գործի նյութերից: Դատարանը հարկ է համարում ընդգծել, որ վարույթն իրականացնող մարմնի որոշումների մեջ խնդրահարույց է նաև այն հանգամանքը, որ դրանում հստակ նշում չի արվել այն մասին, թե ինչ արժեքի գույքի վրա պետք է կալանք դնել, ավելին՝ անգամ չի պարզվել այն գույքի արժեքը, որի վրա դրվել է կալանքը, մինչդեռ օրենքը հստակ սահմանում է, որ պետք է կալանք դրվի որոշակի արժեքով գույքի վրա, այլ ոչ թե ամբողջ, ընդ որում՝ այն որոշվում է շուկայական արժեքով, և ըստ անհրաժեշտության կարող է ներգրավվել ապրանքագետ-մասնագետ այդ արժեքը որոշելու համար կամ նշանակվել փորձաքննություն։ (…) Նման պայմաններում դատարանը գտնում է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից 07.04.2020 թվականի գույքի վրա կալանք դնելու մասին որոշումներով խախտվել են մեղադրյալ Արթուր Գևորգյանի իրավունքները և ազատությունները, ինչը ենթակա է վերացման։ (…)»[5]։

10. ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Ա․Մարգարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի համաձայն՝ «(…) Ձեռք բերված վերոգրյալ փաստական տվյալները առնվազն ողջամիտ ենթադրություն են ձևավորում առ այն, որ մամուլի կողմից Ա․Գևորգյանին պատկանող վերոգրյալ անշարժ գույքերի մասին հրապարակումներ կատարելուց հետո, վերջինս, փորձել է թաքցնել այդ գույքերի իրեն պատկանելու հանգամանքը, դրանք անվանափոխել է իրեն պատկանող ընկերության անվամբ, այնուհետև վաճառել։ Նման պայմաններում Ա.Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու որոշումներով՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից վկայակոչված իրավական հիմքերը, մասնավորապես այն, որ Արթուր Գևորգյանը կարող է անձամբ կամ իր մերձավոր ազգականների միջոցով օտարելու եղանակով՝ թաքցնել, սպառել իրեն պատկանող շարժական և անշարժ գույքը, հիմնավոր է, բխում է քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներից։ Հատկանշական է, որ նման փաստական տվյալների առկայության պայմաններում, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենսդիրը նշված քրեադատավարական հարկադրանքի միջոցի կիրառման հիմք է նախատեսել մեղադրյալի կողմից բռնագրավման ենթակա գույքը թաքցնելու, փչացնելու կամ սպառելու՝ գործի նյութերից բխող ենթադրությունը և ոչ թե այդպիսի գործողություն կատարելու փաստը, վիճարկվող դատական ակտով արձանագրվել է, թե վարույթն իրականացնող մարմինը պատշաճորեն չի հիմնավորել գույքի վրա կալանք դնելու՝ օրենքով նախատեսված հիմքերը, մասնավորապես, ՀՀ-ում և ԱՄՆ-ում Ա.Գևորգյանն իրեն պատկանող թվով 10 անշարժ գույքերից օտարել է միայն մեկը, որպիսի պատճառաբանությունները անհիմն են, չեն բխում քրեական գործի նյութերից և տվյալ քրեադատավարական հարկադրանքի միջոցը կիրառելու վերաբերյալ օրենսդրական պահանջներից։ (…)։ Ինչ վերաբերում է վիճարկվող դատական ակտով արձանագրված՝ գույքի վրա կալանք դնելու նպատակին, մասնավորապես, այն եզրահանգմանը, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից մեղադրյալ Ա.Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու մասին որոշումներով որպես նպատակ պետք է նշված լիներ գույքի հնարավոր բռնագրավման ապահովումը, մինչդեռ կայացված որոշումներում քննիչը որևէ հիմնավորում այդ կապակցությամբ չի նշել, նշել է, որ հիշյալ որոշումներով՝ վարույթն իրականացնող քննիչն արձանագրել է, որ 2020թ. ապրիլի 7-ին որոշում է կայացվել Արթուր Սամվելի Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, այնուհետև՝ վկայակոչել է նշված հարկադրանքի միջոցի կիրառման նպատակները սահմանող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները և արձանագրելով, որ Ա.Գևորգյանին մեղսագրված ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիան որպես պատժատեսակ նախատեսվում է նաև գույքի բռնագրավումը, ի թիվս այլ նպատակների, արձանագրել է, որ Ա.Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու անհրաժեշտությունը պայմանավորված է նաև գույքի հնարավոր բռնագանձումն ապահովելու հանգամանքով, որպիսի պայմաններում Առաջին ատյանի դատարանի եզրահանգումը, թե վարույթն իրականացնող քննիչը կայացված որոշումներով որպես նպատակ գույքի բռնագրավումը չի նշել և չի պատճառաբանել, անհիմն է։ Միաժամանակ, անհայտ է, թե վերոգրյալ պայմաններում դատարանը նշված նպատակի հիմնավորման վերաբերյալ ինչ լրացուցիչ պատճառաբանություններ է ակնկալել։ Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի կողմից խնդրահարույց դիտված այն հանգամանքին, որ վարույթն իրականացնող քննիչի որոշումներում՝ բացակայում է հստակ նշում, թե ինչ արժեքի գույքի վրա պետք է կալանք դնել և չի պարզվել գույքերի արժեքները, նշել է, որ գույքի հնարավոր բռնագրավման և դատական ծախսերի ապահովման անհրաժեշտությունն առաջ է գալիս ոչ թե դրանց իրական, այլ հնարավոր առկայությամբպայմանավորված և նախաքննության տարբեր փուլերում այդ գումարը կարող է աճել։ Հակառակ մեկնաբանության դեպքում գույքի բռնագրավման և դատական ծախսերի ապահովման համար գույքի վրա կալանք դնելու իրավակարգավորումը, այնքանով, որքանով այդպիսի հարցեր նախաքննության փուլում չի քննարկվում, կդառնա ինքնանպատակ և անիրագործելի։ Նշված պատճառաբանությունը պայմանավորած է նաև առանձին դեպքերում արգելադրվող գույքի խիստ որոշակի չափը սահմանելու անհնարինությամբ։ Այսինքն` քննության տվյալ փուլում հնարավոր չի եղել որոշել գույքի այն հստակ չափը, որն անհրաժեշտ կլինի դատական ծախսերն ապահովելու համար։ Դրանով պայմանավորված՝ քննարկվող սահմանափակող դատավարական միջոցը գործադրվել է համապատասխան սուբյեկտի փաստացի ամբողջ գույքի վրա՝ հետագայում՝ դրանով ապահովվող՝ քրեաիրավական և քրեադատավարական հետևանքների կիրառման անհնարինությունը բացառելու համար։ (…)

Այս համատեքսում պետք է հաշվի առնել նաև, որ միայն գույքի հնարավոր բռնագրվման ենթակա գումարը նախաքննության տվյալ փուլում կազմում է առնվազն 725,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Նշված գումարի չափի մեծությունը չի կարող ակնհայտորեն չհամապատասխանել Ա.Գևորգյանին պատկանող և արգելադրված գույքերի արժեքներին։ Այլ խոսքով, առկա չէ իրավիճակ, որ բռնագրավման ենթակա փոքր չափի գումարի պայմաններում արգելանք է դրվել ակնհայտորեն այդ գումարի չափը գերազանցող գույքի վրա։ (…)»[6]։

11. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(…) [Վ]երաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի հետևությունները՝ Արթուր Գևորգյանի խախտված իրավունքների և ազատությունների և դրանք վերացնելու՝ վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին իրավաչափ են, կայացված դատական ակտով Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ չեն տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք հանգեցրել են դատական սխալի և կարող են հիմք հանդիսանալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թվականի դեկտեմբերի 16-ի որոշումը բեկանելու և փոփոխելու համար։(…)»[7]: Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյո՞ք մեղադրյալ Ա․Գևորգյանին պատկանող անշարժ գույքի վրա կալանք դնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները։

13. ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը»: ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք: (…)

3. Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով (…)»: 13․1․ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածի համաձայն՝ «1. Գույքի վրա կալանք դնելը կիրառվում է քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումը, բռնագանձումը և դատական ծախսերն ապահովելու համար: (…)։

4. Կալանք չի կարող դրվել այն գույքի վրա, որի վրա օրենքի համաձայն չի կարող տարածվել բռնագանձում»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի համաձայն՝ «1. Գույքի վրա կալանք դնելը քրեական վարույթն իրականացնող մարմինների կողմից կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ գործով հավաքված ապացույցները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը, մեղադրյալը կամ այն անձը, որի մոտ գտնվում է գույքը, կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել բռնագրավման ենթակա գույքը: 1.1. Քրեական վարույթն իրականացնող մարմինն անհապաղ կալանք է դնում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 103.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված բռնագանձման ենթակա գույքի վրա: (...)։

3. Գույքի վրա կալանք դնելու մասին որոշման մեջ պետք է նշվի կալանքի ենթակա գույքը, ինչպես նաև գույքի այն արժեքը, որի վրա բավական է կալանք դնել` քաղաքացիական հայցը և դատական ծախսերն ապահովելու համար: (...)»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1–ին մասի համաձայն՝ «Կալանքի ենթակա գույքի արժեքը որոշվում է դրա շուկայական գնով»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 235-րդ հոդվածի համաձայն` «(...) 3. Գույքի վրա կալանք դնելիս հնարավորության դեպքում ներգրավվում է մասնագետ-ապրանքագետ, որը որոշում է դրա մոտավոր արժեքը: (...)»: 13.2. Վճռաբեկ դատարանը, Ալլա Սեկոյանի գործով որոշմամբ քննարկելով գույքի վրա կալանք դնելու ինստիտուտը, արձանագրել է, որ իր սեփականությունը հանդիսացող գույքն իր հայեցողությամբ տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու՝ անձի սահմանադրական իրավունքը սահմանափակող քրեադատավարական հարկադրանքի այս միջոցի իրավաչափ կիրառման համար վարույթն իրականացնող մարմինն ընդհանուր շահի և անհատի` իր գույքից անարգել օգտվելու իրավունքի պաշտպանության պահանջների միջև պարտավոր է ապահովել արդարացի հավասարակշռություն[8]։ 14․ ՀՀ Սահմանադրության 172-րդ հոդվածի համաձայն՝ «Վերաքննիչ դատարաններն առաջին ատյանի դատարանների դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայող դատական ատյան են»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 386-րդ հոդվածի համաձայն՝ «Վերաքննիչ բողոքի հիման վրա վերաքննիչ դատարանը ստուգում է գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման ճշտությունը, ինչպես նաև գործը քննելիս և լուծելիս քրեական դատավարական օրենքի նորմերի պահպանումը»: 14.1 Դատական վերանայման իրավունքի համատեքստում, դատարանների գործառութային տարանջատմանը ՀՀ Սահմանադրական դատարանն անդրադարձել է թիվ ՍԴՈ-719 որոշմամբ՝ արձանագրելով, որ տարբեր ատյանների դատարանները միմյանցից տարբերվում են իրենց իրավասությունների շրջանակով։ Տվյալ դատական ատյանի իրավասությունների շրջանակով են պայմանավորված այդ դատարանի կողմից ընդունվող դատական ակտերի բնույթն ու բովանդակությունը. յուրաքանչյուր դատական ատյանի կողմից ընդունվող ակտը հանդիսանում է տվյալ դատական ատյանի իրավասությունների և գործառույթների կրողը։ Հետևաբար, հաշվի առնելով, որ յուրաքանչյուր դատական ատյանի գործառույթի իրացման արդյունքում անձի իրավունքների դատական պաշտպանությունը նոր որակ է ստանում, յուրաքանչյուր դատական ատյանի կողմից իր գործառույթների իրականացման արդյունքում ընդունված դատական ակտն իր ինքնուրույն դերակատարությունն ունի դատական պաշտպանության իրավունքի իրացման ողջ գործընթացում[9]։ Անդրադառնալով վերաքննության կարգով դատական ակտերի օրինականության և հիմնավորվածության ստուգմանը՝ Վճռաբեկ դատարանը Հրայր Հովսեփյանի գործով որոշմամբ արձանագրել է, որ «վերաքննություն» բառը ծագում է լատիներեն «appelarel» բառից և թարգմանաբար նշանակում է բողոքարկում, որն իրենից ենթադրում է ստորադաս դատարանի կողմից կայացված դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգում։ Այսինքն՝ վերաքննիչ դատարանը, սահմանափակ վերաքննության մոդելի պայմաններում, կաշկանդված լինելով վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններով, վերանայում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը։ Նման պայմաններում, պետք է փաստել, որ եթե առաջին ատյանի դատարանը լրիվ ծավալով քննության է առնում բողոքը և կայացված որոշմամբ լուծում ներկայացված պահանջի հիմնավորվածության ու իրավաչափության հարցը, ապա վերաքննիչ դատարանը, որպես կանոն, վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայում է առաջին ատյանի դատարանի կողմից բողոքի առնչությամբ տրված լուծման հիմնավորվածությունը և իրավաչափությունը։ Այդ համատեքստում վերաքննիչ դատարանի մատչելիությունն անձի համար երաշխավորվում է հենց այդ նպատակով՝ ստուգման ենթարկելու իր իրավունքներին և օրինական շահերին առնչվող դատական ակտը։ Հարկ է նկատել, որ այս սահմանով են տարանջատվում առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների գործառույթները, այդ դատարանների առջև դրված խնդիրները և հետապնդվող նպատակները։ Հակառակ պարագայում, երբ վերաքննիչ դատարանն իր կարգավիճակով ստանձնի առաջին ատյանի դատարանի դերը, ոչ միայն կխախտվի այդ դատարանների միջև ձևավորված գործառութային կապը, այլ նաև անհամաչափորեն կսահմանափակվի անձի՝ վերաքննության մատչելիության իրավունքը, և վերջինս կզրկվի իր վերաբերյալ կայացված դատական ակտը ստուգման ենթարկելու հնարավորությունից[10]։

15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածը սահմանում է.

«1. Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից: (…)

5. Բողոքը ճանաչելով հիմնավորված` դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին (…)։»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի համաձայն` «1. Դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված: (…)

4. Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրված բոլոր հետևությունները և որոշումները»: 15.1 Վճռաբեկ դատարանի կայուն նախադեպային իրավունքում ձևավորած դիրքորոշումների համաձայն՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը դատավարական օրենքով նախատեսված միջոցների համակարգ է, որն ուղղված է դատական իշխանության սահմանադրական գործառույթների իրականացմանը գործի մինչդատական վարույթում` նպատակ ունենալով թույլ չտալու անձի իրավունքների և ազատությունների անօրեն ու չհիմնավորված սահմանափակումներ, ինչպես նաև վերականգնելու խախտված իրավունքներն ու ազատությունները։ Մինչդատական վարույթն իրականացնող մարմնի որոշումների և գործողությունների դեմ իրավասու անձի կողմից բողոք բերելու դեպքում (եթե այդ որոշումները կամ գործողությունները ենթակա են դատական բողոքարկման) դատարանը պարտավոր է ստուգել բողոքարկված որոշումների կամ գործողությունների օրինականությունն ու հիմնավորվածությունը, պարզել, թե արդյոք առկա է անձի իրավունքների և ազատությունների խախտում, արդյունքում` կայացնել հիմնավորված և պատճառաբանված որոշում` թույլ տրված օրինախախտումը վերացնելու և անձի խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնելու վերաբերյալ իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) պարտականությունը սահմանելու կամ բողոքը մերժելու մասին[11]։ Միևնույն ժամանակ դատական վերահսկողությունն անձի սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանության կարևորագույն երաշխիքներից է, ինչն էականորեն բարձրացնում է քրեական դատավարության այդ փուլում դատարանների կողմից կայացվող որոշումների իրավական նշանակությունը: Ուստի մինչդատական վարույթն իրականացնող մարմնի որոշումների և գործողությունների օրինականության և հիմնավորվածության ստուգման արդյունքում դատարանների կողմից օրինականությունից շեղվող, չհիմնավորված, չպատճառաբանված կամ ոչ պատշաճ պատճառաբանված որոշումների կայացումն անընդունելի է: Վերոգրյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանը գտել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածով սահմանված` դատավճռին ներկայացվող օրինականության, հիմնավորվածության և պատճառաբանվածության պահանջները վերաբերելի են նաև մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող դատական վերահսկողության շրջանակներում կայացվող դատական ակտերին (որոշումներին)[12]: 15․2․ Ավելին՝ դատական ակտի պատճառաբանված լինելու հատկանիշի առնչությամբ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում մշտապես ընդգծել է, որ դատական ակտերի պատճառաբանման պահանջը ոչ միայն արդարացիության կարևոր բաղադրատարր է, այլև անձի արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացման կարևոր երաշխիք, ինչը դատավարության մասնակիցներին պաշտպանում է կամայականություններից: Դատական ակտի պատճառաբանվածությունը կոչված է պարզաբանելու, թե ինչու է դատարանը եկել այս կամ այն հետևության, որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս, և միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծում վերադաս դատարանի կողմից դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման համար: Քրեական դատավարության ցանկացած փուլում դատարանի կողմից չհիմնավորված, չպատճառաբանված (կամ ոչ պատշաճ պատճառաբանված) որոշումների կայացումն անընդունելի է: Ընդ որում, դատական ակտի պատճառաբանությունների հիմքում չեն կարող դրվել վերացական, ընդհանուր բնույթի դատողություններ: Պատճառաբանությունը պետք է կառուցվի տրամաբանորեն կապված և գործի փաստական հանգամանքներից բխող հստակ, որոշակի և համոզիչ հետևությունների վրա, ուստիև դատական ակտի պատճառաբանությունների հիմքում վերացական, ընդհանրական դատողությունների առկայությունն անմիջականորեն վկայում է այդպիսի պատճառաբանության ոչ պատշաճ լինելու մասին։ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտի պատճառաբանվածության վերոնշյալ պահանջների պահպանման պարագայում միայն վճռաբեկ դատարանը հնարավորություն կունենա ստուգել կայացված դատական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը[13]։

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ․

- Ա․Գևորգյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314․3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310․1-ին հոդվածի 1-ին մասով հանրորեն վտանգավոր այն արարքների համար, որ նա հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած իր՝ 2017 և 2018 թվականների գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց, ինչպես նաև 2019 թվականի հունվարի 14-ին պաշտոնից ազատվելուց հետո պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերում թաքցրել է իրեն պատկանող անշարժ գույքերի, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում բաժնեմաս ունենալու մասին հայտարարագրման ենթակա տվյալները[14],

- Ա․Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու մասին որոշումների համաձայն` Նախաքննության մարմինը գտել է, որ Ա․Գևորգյանը կարող է անձամբ կամ իր մերձավոր ազգականների միջոցով օտարելու եղանակով թաքցնել, սպառել իրեն պատկանող շարժական և անշարժ գույքը, ուստի որոշել է գույքի հնարավոր բռնագրավումը, բռնագանձումն ու դատական ծախսերն ապահովելու համար կալանք դնել մեղադրյալ Ա․Գևորգյանին պատկանող՝ ՀՀ-ում գտնվող գույքերի, այդ թվում՝ դրամական միջոցների վրա, ինչպես նաև մեղադրյալ Ա․Գևորգյանին պատկանող, Ամերիկայի Միացյալ Նահագներ, Լոս Անջելես վարչաշրջան, Գլենդեյլ, 1426 Մերրիման ԴՐ հասցեում գտնվող առանձնատան վրա[15],

- Առաջին ատյանի դատարանը, բավարարելով Ա․Գևորգյանի ներկայացուցիչների բողոքը և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնելով եռօրյա ժամկետում վերացնելու թիվ 62206020 քրեական գործով Նախաքննության մարմնի 2020 թվականի ապրիլի 7-ի որոշումներով մեղադրյալ Ա․Գևորգյանի իրավունքների և ազատությունների, մասնավորապես, սեփականության իրավունքի խախտումը՝ կալանադրված գույքերը կալանքից հանելու միջոցով, գտել է, որ բողոքաբերի գույքի վրա կալանք դնելու մասին որոշումներով խախտվել է նրա սեփականության իրավունքը, իսկ դատախազի կողմից ներկայացված հիմնավորումները չեն կարող հիմք հանդիսանալ այդ որոշումներն իրավաչափ համարելու համար[16],

- Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, իր հերթին փաստել է, որ Առաջին ատյանի դատարանի հետևությունները՝ Ա․Գևորգյանի խախտված իրավունքների և ազատությունների և դրանք վերացնելու՝ վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին իրավաչափ են, կայացված դատական ակտով Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ չեն տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք հանգեցրել են դատական սխալի և կարող են հիմք հանդիսանալ Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու և փոփոխելու համար[17]։

17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-15.2-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտում արտացոլված հետևությունները բավարար չափով պատճառաբանված չեն։ Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանն, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, դատական ակտի պատճառաբանության հիմքում դրել է այն ընդհանրական դատողությունը, թե Առաջին ատյանի դատարանի հետևությունները՝ Ա․Գևորգյանի խախտված իրավունքների և ազատությունների և դրանք վերացնելու՝ վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին իրավաչափ են, իսկ կայացված դատական ակտով Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ չեն տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք հանգեցրել են դատական սխալի և կարող են հիմք հանդիսանալ Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու և փոփոխելու համար՝ չպարզաբանելով, թե մասնավորապես ո՞ր հանգամանքների գնահատման արդյունքում է Վերաքննիչ դատարանը հանգել նման հետևության: Այլ կերպ՝ Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել է մասնավորապես այն հայեցակարգը, որ յուրաքանչյուր դեպքում դատական ակտի պատճառաբանությունը պետք է կառուցվի տրամաբանորեն կապված և գործի փաստական հանգամանքներից բխող հստակ, որոշակի և համոզիչ հետևությունների վրա, ուստի դատական ակտի պատճառաբանությունների հիմքում վերացական, ընդհանրական դատողությունների առկայությունն անմիջականորեն վկայում է այդպիսի պատճառաբանության ոչ պատշաճ լինելու մասին։ 17․1․ Մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, բողոքի քննության արդյունքում կայացված որոշմամբ, չի անդրադարձել վերաքննիչ բողոքի հիմքերին և հիմնավորումներին, իրավական պատշաճ գնահատականի չի արժանացրել Առաջին ատյանի դատարանի որոշման իրավաչափության գնահատման տեսանկյունից առանցքային նշանակություն ունեցող այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք ուղղակիորեն առնչվում են մեղադրյալ Ա․Գևորգյանի սեփականության իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակումը բացառող քրեադատավարական հարկադրանքի՝ քննարկվող միջոցի կիրառման անհրաժեշտությանը, դրա կիրառման հիմքերին և նպատակներին, ինչպես նաև դատական ծախսերն ապահովելու համար գույքի հստակ չափը որոշելու անհնարինությանը։ Հետևաբար Վերաքննիչ դատարանը, չանդրադառնալով Դատախազի բողոքի հիմքերին, հիմնավորումներին և կայացնելով չպատճառաբանված դատական ակտ, խախտել է հանրային և մասնավոր շահերի միջև առկա «արդարացի հավասարակշռությունը»: 17․2․ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ տվյալ դեպքում վերաքննիչ բողոքում բարձրացված կոնկրետ փաստարկների առնչությամբ Վերաքննիչ դատարանի կողմից ներկայացված որևէ պատճառաբանության բացակայությունն ինքնին օբյեկտիվորեն սահմանափակում է վերադաս դատական ատյանի հնարավորությունը` լիարժեք դատական ստուգման ենթարկելու բողոքարկվող դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը և կայացնելու արդարացի որոշում, այլ կերպ՝ դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման սկզբունքի համատեքստում, Վճռաբեկ դատարանը, լինելով սահմանափակված վիճարկվող դատական ակտում քննարկված հարցերի շրջանակով, չի կարող անդրադառնալ Վերաքննիչ դատարանի կողմից քննարկման առարկա չդարձված հանգամանքներին։ 18․ Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի 2020 թվականի դեկտեմբերի 16-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավորված և պատճառաբանված չեն, ուստի Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջների խախտում, ինչն իր բնույթով էական է և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է Վերաքննիչ դատարանի 2021 թվականի փետրվարի 22-ի որոշումը բեկանելու և գործը ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան` նոր քննության ուղարկելու համար[18]։ 19․Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է վերացնի սույն որոշմամբ արձանագրված խախտումները՝ քննարկման առարկա դարձնելով Նախաքննության մարմնի 2020 թվականի ապրիլի 7-ի որոշումներով մեղադրյալ Արթուր Սամվելի Գևորգյանի իրավունքների և ազատությունների, մասնավորապես, սեփականության իրավունքի խախտումը վերացնելու պարտավորություն սահմանելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Ա․Մարգարյանի կողմից բերված վերաքննիչ բողոքի հիմքերն ու հիմնավորումները, իսկ արդյունքում հանգի համապատասխան հետևության։ 20․ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361․1-րդ, 398-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Թիվ ԵԴ/0513/11/20 գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թվականի դեկտեմբերի 16-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2021 թվականի փետրվարի 22-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դատավորներ` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ

Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆ

Ծանոթագրություններ

[1] Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով: [2] Համաձայն Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հունվարի 5-ի թիվ ԲԴԽ-2-Ն-1 որոշման՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատում՝ վարույթ ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ մինչդատական վարույթներով կայացված դատական ակտերի դեմ բերված բողոքներով գործերը վերաբաշխվել են ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորների միջև։ [3] Տե՛ս գործի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 40-41:

[4] Տե՛ս գործի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 13-16։

[5] Տե՛ս գործի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 123-130։

[6] Տե՛ս գործի նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 1-9։

[7] Տե՛ս գործի նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 42-56։

[8] Տե՛ս Ալլա Սեկոյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԿԴ/0185/11/11 որոշման 14-րդ կետը։ [9] Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2007 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ՍԴՈ-719 որոշման 5-րդ կետը։ [10] Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշման 15-րդ կետը։ [11] Տե՛ս Ներսես Միսակյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08 որոշման 12-րդ կետը, Վլադիմիր Բաղդասարյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԳԴ4/0002/01/11 որոշման 22-րդ կետը։ [12] Տե՛ս Ֆրունզե Գալստյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09 որոշման 17-րդ կետը։ [13] Տե´ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Ֆրունզիկ Գալստյանի վերաբերյալ գործով 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09, Գևորգ Խնուսյանի վերաբերյալ գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0030/01/12, Արսեն Մակարյանի վերաբերյալ գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվԵԿԴ/0016/11/15, Արամայիս Հակոբյանի վերաբերյալ գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0224/01/14, Մարտուն Հակոբյանի վերաբերյալ գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԱՐԴ1/0005/11/16, Էրիկ Մարգարյանի վերաբերյալ գործով 2014 թվականի մարտի 28-ի թիվ ՍԴ3/0045/01/13 որոշումները։ [14] Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

[15] Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

[16] Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։

[17] Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը։

[18] Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Ավաթ Ամինիի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումը։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 սեպտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ԵԴ/0513/11/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել