Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/Ասրյան — ԵԴ/0259/01/18
ՎճռաբեկԿոռուպցիոն քրեականAI Ինդեքսավորված

Ասրյան — ԵԴ/0259/01/18

Վճռաբեկ դատարանԵԴ/0259/01/186 մարտի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի նախադեպային շտեմարանում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 311.1. Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը
PDF

Ամփոփում

Պ Ա Ր Զ Ե Ց Գործի դատավարական նախապատմությունը․ 1․ 2017 թվականի նոյեմբերի 28-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է թիվ 62242817 քրեական գործը։ 2017 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ թիվ 62242817 քրեական գործը միացվել է թիվ 86155717 քրեական գործին: 2018 թվականի մարտի 4-ին Մելիք Ասրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգր

Ամբողջ Տեքստ

ԵԴ/0259/01/18

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ԵԴ/0259/01/18

Նախագահող դատավոր՝ Մ․Արղամանյան

Դատավորներ՝ Ա․Ազարյան

Ա․Մնացականյան

06 մարտի 2023 թվական քաղաք Երևան

ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Ս.ՉԻՉՈՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ՝ Կ.ԲԻՇԱՐՅԱՆԻ

Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով Մելիք Ասրյանի վերաբերյալ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)` 2020 թվականի հոկտեմբերի 8-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Դավթյանի վճռաբեկ բողոքը[1],

Պ Ա Ր Զ Ե Ց

Գործի դատավարական նախապատմությունը․

1․ 2017 թվականի նոյեմբերի 28-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է թիվ 62242817 քրեական գործը։ 2017 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ թիվ 62242817 քրեական գործը միացվել է թիվ 86155717 քրեական գործին: 2018 թվականի մարտի 4-ին Մելիք Ասրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: 2018 թվականի մարտի 23-ի որոշմամբ թիվ 86155717 և 62247317 քրեական գործերը միացվել են թիվ 12110917 քրեական գործին։ 2018 թվականի ապրիլի 5-ին որոշում է կայացվել Էդգար Տոնոյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 312.1 հոդվածի 1-ին մասով՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով, քրեական հետապնդում չիրականացնելու մասին: 2018 թվականի ապրիլի 5-ին Մելիք Ասրյանի վերաբերյալ թիվ 62210418 գործն անջատվել է թիվ 12110917 քրեական գործից։ 2018 թվականի ապրիլի 18-ին թիվ 62210418 քրեական գործը՝ ըստ մեղադրանքի Մելիք Հենրիկի Ասրյանի, ՀՀ քրեական օրենսգրքի 311.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան): Առաջին ատյանի դատարանի 2018 թվականի հուլիսի 24-ի որոշմամբ Մելիք Ասրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխարինվել է գրավով՝ գրավի չափ սահմանելով երկու միլիոն (2․000․000) ՀՀ դրամ գումարը։ 2․ Առաջին ատյանի դատարանի 2019 թվականի դեկտեմբերի 20-ի դատավճռով Մելիք Ասրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 311.1 հոդվածի 1-ին մասով և «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի կիրառմամբ ազատվել է քրեական պատասխանատվությունից: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված գրավը թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ 3․ Վերաքննիչ դատարանի 2020 թվականի հոկտեմբերի 8-ի որոշմամբ մեղադրող Վ.Դոլմազյանի, տուժողի ներկայացուցիչ Ռ.Ռևազյանի, պաշտպաններ Գ.Գալիկյանի և Ա.Ղազարյանի վերաքննիչ բողոքները մերժվել են, իսկ Առաջին ատյանի դատարանի 2019 թվականի դեկտեմբերի 20-ի դատավճիռը՝ թողնվել անփոփոխ: 4․ Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազ Ա․Դավթյանը։ 2021 թվականի մայիսի 18-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը ՀՀ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ։ Վճռաբեկ դատարանի 2022 թվականի նոյեմբերի 15-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը․

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով․

5․ Բողոք բերած անձը գտել է, որ Վերաքննիչ դատարանի 2020 թվականի հոկտեմբերի 8-ի որոշմամբ թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա։ Բողոքաբերը, մասնավորապես, փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից սխալ են կիրառվել ՀՀ քրեական օրենսգրքի 7-րդ և 311.1 հոդվածները, խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ, 25-րդ, 35-րդ, 126, 127-րդ և 358-րդ հոդվածների պահանջները, ինչը հանգեցրել է ապացույցների սխալ գնահատման, հանցավոր արարքի սխալ որակման, և ամբաստանյալը քրեական պատասխանատվությունից անհիմն ազատվել է։ Ի հիմնավորումն բողոքի հիմքի՝ բողոքաբերն իր անհամաձայնությունն է հայտնել ստորադաս դատարանների այն հետևություններին, որ Մելիք Ասրյանի արարքում բացակայում է շորթմամբ ապօրինի վարձատրություն ստանալու որակյալ հանցակազմը՝ փաստարկելով, որ Մելիք Ասրյանն անազատության մեջ գտնվող, մի շարք հիվանդություններով տառապող, նյութապես անապահով վիճակում գտնվող Էդգար Տոնոյանին դրել է այնպիսի պայմանների մեջ, որ նա հարկադրված է եղել ապօրինի վարձատրություն տալ` իր իրավունքներին և օրենքով պաշտպանվող շահերին սպառնացող վտանգը կանխելու համար։ 5․1․ Անդրադառնալով ամբաստանյալ Մելիք Ասրյանի նկատմամբ համաներման մասին օրենքի կիրառման իրավաչափությանը՝ բողոքաբերը գտել է, որ Առաջին ատյանի դատարանը, Մելիք Ասրյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 311.1 հոդվածի 1-ին մասով, պետք է նշանակեր հիմնական և լրացուցիչ պատիժ և «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի կիրառմամբ նրան ազատեր միայն հիմնական պատժից, մինչդեռ, դատավճռով առանց պատիժ նշանակելու՝ նրան ազատել է քրեական պատասխանատվությունից այն պայմաններում, երբ Մելիք Ասրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործով վարույթը կարճելու օրենսդրական հիմքերը բացակայել են։ 6․ Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է արարքի վերաորակման և համաներման մասին օրենքի կիրառմամբ Մելիք Ասրյանին քրեական պատասխանատվությունից ազատելու մասով բեկանել Վերաքննիչ դատարանի 2020 թվականի հոկտեմբերի 8-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները․

7․ Նախաքննության մարմնի կողմից Մելիք Ասրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի կատարման համար․ «(…) [Նա], հանդիսանալով պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող, անձամբ դրամի տեսքով, ակնհայտ ապօրինի անգործություն դրսևորելով, շորթմամբ, իր համար ստացել է ապօրինի վարձատրություն, վարձատրություն տվողի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու և իր ծառայողական դիրքն օգտագործելով՝ ծառայության գծով հովանավորչության համար: Այսպես․ Մ․Ասրյանը, 12․07․2006թ․ մինչև 17․03․2017թ․ ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում հանդիսացող քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի երրորդ կարգի մասնագետի պաշտոնը, ունենալով «Արդարադատության ենթասպա» հատուկ կոչումը, հիշյալ պաշտոնին նշանակվելու մասին հրամանի, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի, «Քրեակատարողական ծառայության մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց մասին» ՀՀ օրենքների, ՀՀ կառավարության 26․05․2006թ․ N 825-Ն որոշման, ՀՀ կառավարության 03․08․2006թ․ N 1543-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի դրույթների ուժով հանդիսանալով պետական ծառայող, օժտված լինելով իր իրավասության սահմաններում որոշում կայացնելու լիազորությամբ, միևնույն ժամանակ՝ ՀՀ արդարադատության նախարարի 22․08․2016թ․ N 357-Ա հրամանի համաձայն՝ ընդգրկված լինելով հանրային ծառայության պաշտոնների անվանացանկում՝ հաստիքացուցակում, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի դրույթների ուժով հանդիսացել է պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող: Որպես «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի երրորդ կարգի մասնագետ Մ.Ասրյանը, հերթափոխային ծառայության ընթացքում, ի թիվս այլ լիազորությունների, իրավասու լինելով ընդունել «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավորներին և դատապարտյալներին, նրանց ցուցաբերել բժշկական օգնություն, իրականացնել բժիշկ մասնագետի կողմից արված նշանակումները, ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալ Էդգար Ղուկասի Տոնոյանի նկատմամբ ակնհայտ ապօրինի անգործություն դրսևորելու՝ հասանելիք դեղորայքը ժամանակին չտրամադրելու սպառնալիքով, օգտվելով իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող դատապարտյալի վիճակից, նրան դնելով այնպիսի իրադրության մեջ, որ վերջինը հարկադրված լինի ապօրինի վարձատրությամբ ստանալ իրեն հասանելիք դեղորայքը, այդ կերպ պաշտպանել իր օրինական շահերը, շորթմամբ, 2016 թվականի վերջին եռամսյակում Է.Տոնոյանից պահանջել և թիվ 012 խցում անձամբ ստացել է 120.000 ՀՀ դրամ և մեկ օծանելիք՝ դրա դիմաց տրամադրելով դեղորայքն ու խոստանալով հետագայում ծառայողական դիրքն օգտագործել դատապարտյալի օգտին՝ ծառայության գծով հովանավորչություն դրսևորելու համար (…)[2]»։ 8․ Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն՝ «(…) Դատարանը գալիս է այն եզրահանգման, որ Մելիք Հենրիկի Ասրյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող, անձամբ ստացել է ապօրինի վարձատրություն՝ Էդգար Տոնոյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու համար: (…)։

Քրեական գործում առկա ողջ նյութերի հետազոտությունից պարզ է դառնում, որ Մելիք Ասրյանի կողմից շորթմամբ գումար պահանջելու հանգամանքը բացակայում է, քանի որ ապօրինի վարձատրություն տալը պայմանավորվել է երկու կողմի համար փոխշահավետ համագործակցության հետևանքով: Այսպես, շորթման փաստի մասին ուղղակիորեն ցուցմունք է տվել միայն սույն քրեական գործով տուժող Էդգար Տոնոյանը, իսկ որպես անուղղակի ապացույց հանդիսանում է Վարդգես Գևորգյանի ցուցմունքը, ով դեպքին, դրան նախորդող և հաջորդող ժամանակահատվածում ընթացող իրադարձություններին ներկա չի եղել, այլ դրա մասին տեղեկացել է Էդգար Տոնոյանից՝ դրանից շուրջ 4-5 ամիս անց (քանի որ վերջինը 012 խուց է տեղափոխվել 2017 թվականի ապրիլի 20-ից) և իր ցուցմունքում հայտնել է, որ Էդգար Տոնոյանն է պատմել, որ Մելիք Ասրյանը գումար է պահանջել: Ավելին՝ Վարդգես Գևորգյանը ցուցմունքով հայտնել է, որ Մելիք Ասրյանը դիտավորյալ ձգձգել և չի տվել Էդգար Տոնոյանին հասանելի հոգեմետ դեղերը, այնինչ Էդգար Տոնոյանը նշել է, որ չի եղել դեպք, որ դեղերը չտան, սակայն մշտապես ուշ ժամերի են տվել: Ընդ որում, դեղերը տրամադրված լինելու փաստը հաստատվում է նաև այլ ցուցմունքներով: Քրեական գործով անցնող մյուս վկաները, մասնավորապես՝ Ալեն Զոզայանը, Թաթուլ Հակոբյանը, ովքեր դեպքի պահին եղել են նույն տարածքում՝ 012 խցում և դրա դրսի հատվածում, գումար ստանալու մասին որևէ տեղեկություն չեն ունեցել, չեն տեսել և լսել, որ Էդգար Տոնոյանը գումար ու դուխի տա Մելիք Ասրյանին, այլ դրա մասին տեղեկացել են միայն տեսագրությունը դիտելուց հետո: Իսկ դեպքի վայրում եղած մյուս վկան՝ Գուրգեն Ասատրյանը, թեև հաստատել է, որ տեղյակ է եղել տեսանկարահանման մասին, իմացել է, որ Մելիք Ասրյանը գումար է պահանջել Էդգար Տոնոյանից, սակայն չի կարծել, որ դեղերը դիտավորյալ ուշ տրված լինեն: Ավելին՝ տեսագրությունը նույնպես չի վկայում, որ Մելիք Ասրյանը շորթմամբ՝ հարկադրանքի և սպառնալիքի միջոցով է ապօրինի վարձատրություն ստացել, այլ ընդհակառակը՝ տեսագրությունից երևում է, որ Մելիք Ասրյանը և Էդգար Տոնոյանը միմյանց հետ հանգիստ զրուցել են և գտնվել են բավականին ջերմ հարաբերութունների մեջ: Ընդ որում, նման հարաբերությունների մասին կարող է վկայել նաև այն փաստը, որ Էդգար Տոնոյանը Մելիք Ասրյանին գումարի հետ միասին տվել է նաև դուխի, որի վերաբերյալ ինչպես նախաքննության, այնպես էլ դատական նիստերի ընթացքում որևէ տրամաբանված պատճառաբանություն չի բերվել: Այսինքն՝ Դատարանի համար անհասկանալի է, թե ինչու սպառնալիքի, հարկադրանքի կամ այլ ներգործության ազդեցության տակ գտնվող անձը բացի գումարից, իր կամքով պետք է ինչ-որ բան նվիրեր շորթում իրականացնողին: Հետևաբար, նշվածը ևս խոսում է, որ կողմերը շատ ավելի գործել են փոխհամաձայնության շրջանակներում և երկուսն էլ որոշակի շահագրգռվածություն են ունեցել տեղի ունեցող «գործարքից», քան այն մասին, որ տուժող Էդգար Տոնոյանը հարկադրված, շորթման հետևանքով գումար է տվել Մելիք Ասրյանին: Ավելին՝ փոխադարձ համագործակցության, մեղադրյալի և տուժողի լավ հարաբերությունների մասին կարող է վկայել նաև այն, որ 2016 թվականի դեկտեմբերին մեղադրյալը խիստ նկատողություն է ստացել Էդգար Տոնոյանի անալիզները քրեակատարողական հիմնարկից դուրս տանելու համար: Այսինքն՝ Մելիք Ասրյանը, իրեն վտանգի տակ դնելով, տուժողի օգտին կատարել է գործողություն, ինչը մեկ անգամ ևս ողջամտորեն հանգեցնում է այն գնահատականին, որ տուժողը և ամբաստանյալը տևական ժամանակ գտնվել են նորմալ հարաբերությունների մեջ և միմյանց օգտին փոխադարձ գործողություններ են կատարել: Շորթման փաստի գնահատման տեսանկյունից Դատարանի համար հատկանշական է նաև տուժողի անձը, քանի որ քրեական գործով անցնող վկաները հայտնել են, որ Էդգար Տոնոյանը հանդիսանում է բողոքավոր անձ, իսկ վերջինը նույնպես հաստատել է այդ հանգամանքը և ավելացրել, որ իրեն ճանաչում են որպես գրող-ջնջող անձի. ինքը յուրաքանչյուր հնարավոր ապօրինության կամ իրավունքների խախտման մասին բարձրաձայնում է: Նման պայմաններում իրատեսական չէ, որ Էդգար Տոնոյանից 2016 թվականի վերջին եռամսյակում տեղի ունենա շորթում, իսկ վերջինը հանցագործության մասին հաղորդում ներկայացնի շուրջ մեկ տարի անց՝ 2017 թվականի նոյեմբերի 27-ին: Այսինքն՝ Դատարանի համար պարզ չէ, թե ինչու իր իրավունքները հստակ պաշտպանող, իրավունքների խախտման մասին բարձրաձայնող անձն իրենից շորթմամբ ապօրինի վարձատրություն ստանալու մասին հայտնել է դեպքից մեկ տարի անց, առավել ևս այն պայմաններում, երբ տուժողը հավաստել է, որ իր բողոքների պատճառով քրեակատարողական հիմնարկի մի շարք աշխատակիցներ, այդ թվում՝ բուժակներ, տեղափոխվել են այլ քրեակատարողական հիմնարկներ: Այլ խոսքով՝ Դատարանի համար առնվազն տարօրինակ է, որ քրեակատարողական հիմնարկում պատժի կրման ընթացքում Էդգար Տոնոյանը, չունենելով որևէ կաշկանդվածություն տարբեր հարցերի վերաբերյալ բողոքներ ներկայացնելու, դիմումներ գրելու, այդ թվում նաև՝ այլ պետական մարմիններին, սակայն հասանելիք դեղերը ժամանակին ստանալու շուրջ ենթարկվել է հարկադրանքի և շորթման: (…)։

Այսպիսով՝ Դատարանը գտնում է, որ Մելիք Ասրյանի կատարած արարքը չի համապատասխանում ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին, այլ առաջադրված մեղադրանքը ենթակա է վերաորակման ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 1-ին մասով: Սույն գործով Մելիք Հենրիկի Ասրյանը մեղավոր է ճանաչվել 2016 թվականի վերջին եռամսյակում կատարած ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման մեջ, որի համար նախատեսված է պատիժ՝ ազատազրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Տվյալ դեպքում ստացվել է այնպես, որ Մելիք Ասրյանը մեղավոր է ճանաչվել այնպիսի արարքի կատարման մեջ, որ նույնիսկ ամենից խիստ պատիժը նշանակելու դեպքում վերջինը Համաներման մասին օրենքի կիրառմամբ պետք է ազատվի նշանակված պատժից: Միևնույն ժամանակ, Մելիք Ասրյանին, եթե ի սկզբանե մեղադրանք առաջադրված լիներ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 1-ին մասով, ապա վերջինի համաձայնության դեպքում սույն քրեական գործի վարույթը ենթակա էր կարճման, իսկ քրեական հետապնդումը՝ դադարեցման: Այսինքն, տվյալ դեպքում անձի նկատմամբ պատիժ նշանակելը կկրի ձևական բնույթ, քանի որ Մելիք Ասրյանը մեղավոր է ճանաչվել այնպիսի արարք կատարելու համար, որով ինքնըստինքյան քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման և որևէ կերպ պայմանավորված չէ Դատարանի կողմից նշանակվելիք պատժի չափով, ուստի Մելիք Ասրյանին առանց պատիժ նշանակելու պետք է ազատել քրեական պատասխանատվությունից: Միաժամանակ, Դատարանը հարկ է համարում արձանագրել, որ սույն քրեական գործով, դատավարական տեխնիկայի առումով, հնարավոր չէր կայացնել քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում, քանի որ անհրաժեշտ էր քննարկել անձի մեղավորության հարցը, ինչից հետո միայն կատարել մեղսագրվող արարքի վերաորակում, որն էլ հնարավոր էր կատարել միայն դատավճռով: Հիմք ընդունելով վերը նշվածը և նկատի ունենալով, որ Մելիք Ասրյանի վերաբերյալ քրեական գործի քննությունն ավարտվել է՝ Դատարանը գտնում է, որ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի կիրառմամբ Մելիք Հենրիկի Ասրյանին պետք է ազատել քրեական պատասխանատվությունից (…)[3]»։

9. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է․ «(…) Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ «հիմնավոր կասկածից» վեր ապացուցողական չափանիշով հաստատված համարելով պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող Մելիք Ասրյանի կողմից դատապարտյալ Էդգար Տոնոյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու համար ապօրինի վարձատրություն՝ 120.000 ՀՀ դրամ ստանալու հանգամանքը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը գործով ձեռք բերված ապացույցների վերլուծության ու գնահատման արդյունքում իրավացիորեն հանգել է հետևության, որ կոնկրետ դեպքում բացակայում է արարքը ծանրացնող հանգամանքում, այն է՝ շորթմամբ կատարելու բաղադրիչը, հետևաբար նրան մեղսագրված հանցանքը ենթակա է վերաորակման ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 1-ին մասով: (…)։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Մելիք Ասրյանին մեղավոր ճանաչվելով ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 1-ին մասով, համաներման ակտի կիրառմամբ նրան իրավացիորեն ազատել է քրեական պատասխանատվությունից։ Այս առումով նույնպես առաջին ատյանի դատարանի հետևությունները հիմնավորված ու պատճառաբանված են և դրանք համապատասխանում են ինչպես ՀՀ քրեական դատավարության օրենսդրության, այնպես էլ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին 01.11.2018թ-ի ՀՀ օրենքի դրույթներին (…)[4]»։ Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը․

10․ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կաշառք կամ ապօրինի վարձատրություն շորթելու հանցակազմերի մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման և իրավունքի զարգացման խնդիր։ Ուստի, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղենիշային լինել համանման փաստական հանգամանքներ ունեցող գործերով միատեսակ իրավակիրառ պրակտիկայի ձևավորման համար։ 11․ Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է․ հիմնավորվա՞ծ են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն առ այն, որ ամբաստանյալ Մելիք Ասրյանի արարքում բացակայում են շորթմամբ ապօրինի վարձատրություն ստանալու հանցակազմի հատկանիշները։

12. «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր Կողմ պետք է ընդունի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են, իր ներպետական իրավունքին համապատասխան, քրեականացնելու որևէ պետական պաշտոնյայի` դիտավորությամբ, ուղղակիորեն կամ անուղղակիորեն` նրա կամ ուրիշ որևէ մեկի համար անհիմն որևէ օգուտ պահանջելը կամ ստանալը կամ նման օգուտի առաջարկ կամ խոստում ընդունելը, որպեսզի այդ պաշտոնյան իր իրավասության շրջանակներում որևէ գործողություն կատարի կամ դրա կատարումից ձեռնպահ մնա»։ «Կոռուպցիայի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայի 15-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է ձեռնարկի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել քրեական իրավախախտում սահմանելու համար, երբ դրանք կատարվում են միտումնավոր. (...) շորթումը կամ պաշտոնատար անձի կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն` անձամբ պաշտոնատար անձի կամ այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար որևէ ոչ իրավաչափ առավելություն ընդունելը նրա համար, որ այդ պաշտոնատար անձը կատարի որևէ գործողություն կամ չկատարի որևէ գործողություն իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս»։ 13․ ՀՀ սահմանադրական դատարանը, գտնելով, որ 1999 թվականի հունվարի 27-ին Ստրասբուրգում ստորագրված՝ «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի կոնվենցիայում (կից հայտարարություններով) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը, միաժամանակ արձանագրել է․ «Քննության առարկա կոնվենցիայի 2-րդ, 3-րդ, 7-րդ, 8-րդ 12-րդ, 14-րդ հոդվածները համապատասխանաբար սահմանում են պետական պաշտոնյաների ակտիվ և պասիվ կաշառակերության (…) հանցագործությունների հանցակազմերը։ Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, իր ներպետական իրավունքին համապատասխան, ընդունել այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են քրեականացնելու համար․

- ազգային պետական պաշտոնյաների՝ կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով նախատեսված արարքները և հանցակցությունն այդ արարքներին, (…)[5]»։ 13․1․ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» 2008 թվականի մայիսի 24-ի ՀՕ-49-Ն օրենքով Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը լրացվել է պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու համար քրեական պատասխանատվություն նախատեսող 311․1 հոդվածով, որի համաձայն՝ «1. Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը, այսինքն` պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը` վարձատրություն տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի կողմից իր լիազորությունների շրջանակներում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ իր պաշտոնեական կամ ծառայողական դիրքն օգտագործելով` այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար։ (…):

3․ Նույն արարքը, որը կատարվել է`

1) շորթմամբ (…)»:

13.2. Այսպիսով, հիմք ընդունելով սույն որոշման 12-13․1-րդ կետերում մեջբերված իրավադրույթներն ու իրավական դիրքորոշումը, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ինչպես պաշտոնատար անձի կողմից կաշառք, այնպես էլ որպես այդպիսին չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը հավասարապես վտանգավոր կոռուպցիոն երևույթներ են, իսկ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու արարքի քրեականացումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններով: Ընդ որում, «Կոռուպցիայի մասին» քաղաքացիական իրավունքի կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն՝ կոռուպցիան ենթադրում է ոչ միայն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կաշառք, այլև ցանկացած անհիմն օգուտ կամ այդպիսի օգուտի խոստում պահանջելը, առաջարկելը, տալը կամ ընդունելը։ Պետք է նկատել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ և 311․1 հոդվածներով նախատեսված հանցակազմերը միմյանցից տարբերվում են միայն հանցագործության սուբյեկտով, իսկ հանցակազմի օբյեկտիվ և սուբյեկտիվ մնացած հատկանիշները նույնանում են։ Այդ իսկ պատճառով 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքով քննարկվող հանցակազմերը միավորվել են՝ պայմանավորված այն հանգամանքով, որ պաշտոնատար անձի հասկացությունն օրենսդրորեն ընդլայնվել է՝ որպես այդպիսին դիտարկելով նաև հանրային ծառայողին և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց։ 14․ Վճռաբեկ դատարանը կաշառք պահանջելու և շորթմամբ կաշառք ստանալու հանցակազմերի տարբերակման հարցին անդրադարձել է Էդուարդ Զաքարյանի և այլոց վերաբերյալ գործով կայացված որոշման շրջանակներում՝ արտահայտելով հետևյալ իրավական դիրքորոշումը․ «[Ա]յն դեպքերում, երբ պահանջը զուգորդվում է սպառնալիքով, մասնավորապես` կաշառք չտալու դեպքում անձի իրավունքներն ու օրինական շահերը ոտնահարելու վերաբերյալ կամ անձին այնպիսի պայմանների մեջ դնելով, որ վերջինս հարկադրված լինի կաշառք տալ` իր իրավունքներին և օրենքով պաշտպանվող շահերին սպառնացող հնարավոր վտանգը կանխելու համար, արարքը պետք է որակել որպես շորթմամբ կաշառք պահանջել։ Այլ խոսքով` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված «պահանջի» և ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված «շորթման» սահմանազատման հիմքում պետք է դրվի սպառնալիքի առկայության հանգամանքը։ (…):

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ քննարկվող ծանրացնող հանգամանքն առկա է, եթե կաշառք տվողը օրինական շահեր է ունեցել, հակառակ դեպքում սպառնալիքով զուգորդված պահանջը պետք է որակվի 311-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով[6]»։ 14․1․ Սույն որոշման նախորդ կետում մեջբերված՝ կաշառքի շորթման հանցակազմի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները հավասարապես կիրառելի են նաև ՀՀ քրեական օրենսգրքի 311․1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն շորթելու որակյալ հանցակազմի նկատմամբ։ Մասնավորապես, եթե ապօրինի վարձատրության պահանջը զուգորդվում է անձի իրավունքներն ու օրինական շահերը ոտնահարելու սպառնալիքով, ներառյալ՝ անձին այնպիսի վիճակի մեջ դնելով, որ վերջինս հարկադրված լինի վարձատրություն տալ` իր իրավունքներին և օրենքով պաշտպանվող շահերին սպառնացող հնարավոր վտանգը կանխելու համար, ապա արարքը պետք է որակվի քննարկվող ծանրացնող հանգամանքով։

15. Վերահաստատելով և զարգացնելով Էդ․ Զաքարյանի և այլոց վերաբերյալ որոշման շրջանակներում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ կաշառք կամ ապօրինի վարձատրություն շորթելու որակյալ հանցակազմի առկայությունը հավաստելու տեսանկյունից կարևոր է կաշառք և/կամ ապօրինի վարձատրություն ստացողի և տվողի հարաբերությունների բնույթի, վերջինիս կարգավիճակի, առողջական վիճակի, կախվածության հարաբերությունների առկայության, ինչպես նաև խոցելի վիճակում գտնվելու վերաբերյալ գործում առկա այլ փաստական տվյալների համակողմանի գնահատումը։ Մասնավորապես, եթե վերոնշյալ հանգամանքների՝ իրենց ամբողջության մեջ դիտարկումը վկայում է, որ թեև պաշտոնատար անձի կամ որպես այդպիսին չհանդիսացող հանրային ծառայողի կողմից կաշառք կամ ապօրինի վարձատրություն պահանջելիս կամ ստանալիս անձի իրավուքները, ազատությունները կամ օրինական շահերը ոտնահարելու ուղղակի սպառնալիք չի տրվել, սակայն իրենից որոշակի առումով կախվածության կամ խոցելի վիճակում գտնվող անձը դրվել է այնպիսի պայմաններում, որ ստիպված՝ իր իրավունքները, ազատությունները կամ օրինական շահերը պաշտպանելու նպատակով, տվել է կաշառք կամ ապօրինի վարձատրություն, ապա քննարկվող հանցակազմերի ծանրացնող հանգամանքը՝ շորթմամբ կատարված լինելը, առկա է։ Վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ անձի իրավունքները, ազատությունները և օրինական շահերը ոտնահարելու համապատասխան սուբյեկտի սպառնալիքը կարող է ունենալ ոչ միայն ուղղակի և խոսքային (վերբալ), այլ նաև ոչ խոսքային ու վարքագծի այնպիսի արտահայտում, որպիսին ունակ կլինի հարկադրելու ոտնձգության հասցեատիրոջը տալ կաշառք կամ ապօրինի վարձատրություն՝ իր իրավունքները, ազատությունները կամ օրինական շահերը պաշտպանելու համար։ 15․1․ Այս համատեքստում դիտարկելով ազատությունից զրկված և հատկապես առողջական որոշակի խնդիրներ ունեցող անձանցից կաշառք և/կամ ապօրինի վարձատրություն պահանջելու կամ ստանալու դեպքերը՝ պետք է նկատի ունենալ, որ վերոնշյալ անձինք, իրենց կարգավիճակով պայմանավորված, արդեն իսկ գտնվում են խոցելի վիճակում։ Այսպես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան) իր նախադեպային իրավունքի շրջանակներում մշտապես ընդգծել է, որ անազատության մեջ գտնվող անձինք խոցելի վիճակում են, և ազգային իշխանություններն ունեն նրանց առողջությունն ու բարօրությունը պաշտպանելու պարտականություն[7]։ Ազատությունից զրկելու պայմաններն անձի մոտ որևէ դեպքում չպետք է վախի, անհանգստության և ստորադասության զգացումներ առաջացնեն, քանի որ դրանք ունեն անձի ֆիզիկական ու մտավոր դիմակայությունը կոտրելու և նրան նվաստացնելու հատկություն[8]։ Անդրադառնալով մտավոր առողջության խնդիրներ ունեցող անձանց ազատությունից զրկելու պայմաններին՝ Եվրոպական դատարանը փաստել է, որ նրանք, հասարակ բանտարկյալների համեմատ, խոցելի են, իսկ բանտախցում կեցության որոշակի պայմանները կարող են հանգեցնել վերջիններիս առողջության համար վտանգի, իրենց ստորադաս վիճակում զգալու ռիսկի, ինչպես նաև սթրեսի ու անհանգստության առաջացման։ Վերոնշյալի հաշվառմամբ՝ Եվրոպական դատարանն ընդգծել է, որ այդպիսի իրավիճակն առաջացնում է Եվրոպական կոնվենցիայի պահպանության նկատմամբ հսկողության առնչությամբ հատուկ զգոնություն դրսևորելու պարտականություն[9]։ Մտավոր առողջության խնդիրներ ունեցող անձանց դեպքում ազատությունից զրկելու պայմանների համապատասխանությունը Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի պահանջներին պարզելու համար պետք է հաշվի առնել վերոնշյալ անձանց խոցելիությունը և որոշ դեպքերում հստակ կերպով կամ ընդհանրապես բողոքելու նրանց անկարողությունը, թե ինչպես է որևէ կոնկրետ վերաբերմունք ազդել իրենց վրա։ Եվրոպական դատարանն ընդհանուր առմամբ արձանագրել է, որ մտավոր առողջության խնդիրներ ունեցող դատապարտյալները հատուկ վերաբերմունքի կարիք ունեն[10]։

16. Ընդհանրացնելով սույն որոշման 14․1-15-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումները, դրանք դիտարկելով Եվրոպական դատարանի՝ սույն որոշման նախորդ կետում մեջբերված նախադեպային իրավունքի լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ազատությունից զրկված անձից կաշառք կամ ապօրինի վարձատրություն ստանալու մասին վկայող փաստերի առկայության դեպքում, ի թիվս գործի այլ փաստական հանգամանքների, պետք է պարտադիր քննարկման առարկա դառնա անազատության մեջ գտնվող անձի վիճակի խոցելիությունը՝ պայմանավորված քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ ունեցած հարաբերությունների բնույթով, կախվածության առկայությամբ, առողջական վիճակով և այլ հանգամանքներով։ Վերոգրյալ հանգամանքներն անձի մոտ կարող են անհանգստության, վախի կամ ստորադասության զգացումներ առաջացնել՝ այդ կերպ կոտրելով նրա ֆիզիկական և, հատկապես, հոգեբանական դիմադրությունը, ու վերջինս հարկադրված, այլընտրանք չունենալով, ստիպված լինի կատարելու որոշակի գործողություն կամ դրսևորելու անգործություն՝ իր իրավունքները, ազատությունները և օրինական շահերն անազատության մեջ գտնվելու պայմաններում պաշտպանելու համար։ Այլ կերպ ասած՝ պաշտոնատար անձի, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի արարքն ազատությունից զրկված անձից շորթմամբ կաշառք կամ ապօրինի վարձատրություն ստանալու որակյալ հանցակազմով որակելու համար բավարար է, որ պաշտոնատար անձը կամ այդպիսին չհամարվող հանրային ծառայողը, ում վրա դրված է անազատության մեջ գնվող անձի ֆիզիկական և հոգեկան առողջության պահպանման պոզիտիվ պարտականություն, անձին դնի այնպիսի պայմանների մեջ, որ վերջինս, հաշվի առնելով համապատասխան անձից անազատության պայմաններում իր կախվածության վիճակը, այլ ընդունելի այլընտրանք չունենալով, իր իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու համար պաշտոնատար անձին կամ այդպիսին չհանդիսացող հանրային ծառայողին հարկադրված կաշառք կամ ապօրինի վարձատրություն տա։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ համապատասխան սուբյեկտի կողմից անձին որոշակի գործողություններ կատարելուն կամ կատարելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու իրատեսականությունն էլ ավելի է ընդգծվում, երբ սպառնալիքն արտահայտվում է անազատության մեջ գտնվող, առողջական (այդ թվում՝ հոգեկան) խնդիրներ ունեցող անձի առողջության պահպանման, ինչպես նաև բուժման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու և միջոցներ տրամադրելու պարտականությունը դիտավորությամբ, իր անօրինական պահանջի կատարմանը հասնելու նպատակով չկատարելով։ 17․ Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Մելիք Ասրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311․1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինս ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալ Էդգար Տոնոյանի նկատմամբ ակնհայտ ապօրինի անգործություն դրսևորելու՝ հասանելիք դեղորայքը ժամանակին չտրամադրելու սպառնալիքով, օգտվելով իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող դատապարտյալի վիճակից, շորթմամբ պահանջել և անձամբ ստացել է 120.000 ՀՀ դրամ և մեկ օծանելիք՝ դրա դիմաց տրամադրելով դեղորայքն ու խոստանալով հետագայում ծառայողական դիրքն օգտագործել դատապարտյալի օգտին՝ ծառայության գծով հովանավորչություն դրսևորելու համար[11]։ 17․1. Առաջին ատյանի դատարանը Մելիք Ասրյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 311.1 հոդվածի 1-ին մասով՝ գտնելով, որ վերջինիս արարքում բացակայում է հանցանքը շորթմամբ կատարելու ծանրացնող հանգամանքը։ Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ․

- Մելիք Ասրյանի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը պայմանավորված է եղել երկու կողմի համար փոխշահավետ համագործակցությամբ,

- շորթման փաստի մասին ուղղակի ցուցմունք է տվել միայն քրեական գործով տուժող Էդգար Տոնոյանը, իսկ Վարդգես Գևորգյանի ցուցմունքն անուղղակի ապացույց է, ով դեպքին, դրան նախորդող և հաջորդող իրադարձություններին ներկա չի եղել, այլ դրա մասին տեղեկացել է Էդգար Տոնոյանից՝ դեպքից շուրջ 4-5 ամիս անց,

- տեսագրությունը նույնպես չի վկայում, որ Մելիք Ասրյանը շորթմամբ՝ հարկադրանքի և սպառնալիքի միջոցով է ապօրինի վարձատրություն ստացել, այլ ընդհակառակը՝ տեսագրությունից երևում է, որ Մելիք Ասրյանը և Էդգար Տոնոյանը միմյանց հետ հանգիստ զրուցել են և գտնվել են բավականին ջերմ հարաբերութունների մեջ,

- նման հարաբերությունների մասին է վկայում նաև այն փաստը, որ Էդգար Տոնոյանը գումարի հետ միասին տվել է նաև օծանելիք, որի վերաբերյալ ինչպես նախաքննության, այնպես էլ դատական նիստերի ընթացքում որևէ տրամաբանված պատճառաբանություն չի ներկայացրել,

- փոխադարձ համագործակցության մասին է վկայում նաև այն, որ 2016 թվականի դեկտեմբերին մեղադրյալը խիստ նկատողություն է ստացել Էդգար Տոնոյանի անալիզները քրեակատարողական հիմնարկից դուրս տանելու համար: Այսինքն՝ Մելիք Ասրյանը, իրեն վտանգի տակ դնելով, տուժողի օգտին կատարել է գործողություն, ինչը մեկ անգամ ևս ողջամտորեն հանգեցնում է այն գնահատականին, որ տուժողը և ամբաստանյալը տևական ժամանակ գտնվել են նորմալ հարաբերությունների մեջ և միմյանց օգտին փոխադարձ գործողություններ են կատարել,

- քրեական գործով անցնող վկաների և Էդգար Տոնոյանի ցուցմունքների համաձայն՝ վերջինս հանդիսում է բողոքավոր անձ, սակայն դեպքից շուրջ մեկ տարի անց է հանցագործության վերաբերյալ հաղորդում ներկայացրել[12]։ Վերաքննիչ դատարանն ամբողջությամբ համաձայնել է Առաջին ատյանի դատարանի դատավճռում ներկայացված պատճառաբանությունների հետ և դատական ակտը թողել է անփոփոխ[13]։ 18․ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստական տվյալներից բխում է հետևյալը․

- դատապարտյալ Էդգար Տոնոյանն ամեն օր ընդունել է հոգեմետ դեղեր, մասնավորապես, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից առգրավված բժշկական ամբուլատոր քարտի զննության համաձայն՝ Էդգար Տոնոյանին 2015 թվականի հունիսի 28-ից մինչև 2017 թվականի նոյեմբերի 28-ը տարբեր մարմինների կողմից նշանակվել են հոգեմետ դեղորայք՝ «Լորազեպամ», «Ամիտրիպտիլին», «Դիազեպամ», «Կարբամազեպին», «Ազալեպտին», «Սիպազոն»,

- Էդգար Տոնոյանի դատաքննական ցուցմունքների համաձայն՝ ինքն ամեն օր հոգեմետ դեղեր է ստացել, իսկ Մելիք Ասրյանն իրեն հասանելիք դեղերի տրամադրումը մշտապես ուշացրել է: Եղել են դեպքեր՝ դեղերը տրվել են գիշերը 02:00-ից մինչև 03:00-ն ընկած հատվածում, այնինչ պետք է տրամադրվեին ժամը 20:00-ից 21:00-ի սահմաններում, իսկ ինքը, եթե դեղերը չի խմում, չի կարողանում քնել, դեպրեսիայի մեջ է ընկնում, հնարավոր է՝ ուշագնաց լինի,

- վկա Գուրգեն Ասատրյանի դատաքննական ցուցմունքների համաձայն՝ Էդգար Տոնոյանն իրեն ասել է, որ Մելիք Ասրյանը գումար է ուզել, որպեսզի հոգեմետ դեղերը ժամանակին տա: Չի եղել դեպք, որ Էդգարի դեղերն ընդհանրապես չտան, սակայն բերում էին տարբեր ժամերի, ուշացումներով, իսկ գումարը տվել է, որպեսզի դեղերը ժամանակին տրամադրեն: Եթե Էդգարը հոգեմետ դեղերն ուշ էր խմում, ընկնում էր դեպրեսիայի մեջ: Էդգարն ասել է, որ Մելիք Ասրյանը 120.000 կամ 130.000 ՀՀ դրամ է պահանջել՝ շեշտելով, որ ստիպված է գումարը տալիս, որպեսզի դեղերը ժամանակին տան։ Գուրգեն Ասատրյանն իր ցուցմունքում նշել է նաև, որ չի կարծում, որ դեղերը դիտավորյալ ուշ տրված լինեն,

- վկա Վարդգես Գևորգյանի նախաքննական ցուցմունքների համաձայն՝ Էդգար Տոնոյանն իրեն և Գևորգ Հարությունյանին պատմել է, որ բուժակներից մեկը, եթե չի սխալվում Մելիք Ասրյանը, դիտավորյալ ձգձգել է և չի տվել իրեն հասանելիք հոգեմետ դեղերը։ Դրանք ժամանակին տալու համար բուժակը գումար է պահանջել, իսկ Էդգարը ստիպված, քանի որ չի կարողացել առանց այդ դեղերի, համաձայնվել է՝ վճարելով նրա պահանջած 100.000 կամ 120.000 ՀՀ դրամը, որից հետո նոր միայն վերջինը սկսել է ժամանակին տալ Էդգարի դեղերը[14]: 18․1․ Այսպիսով, սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ Էդգար Տոնոյանն իր առողջական վիճակի պատճառով ամեն օր ընդունել է հոգեմետ դեղեր, իսկ գործի նյութերում առկա տվյալներով հաստատվել է, որ նրան հասանելիք դեղերը Մելիք Ասրյանի կողմից մշտապես ուշացվել են և ժամանակին չեն տրամադրվել։ Գործի նյութերով հաստատվել է նաև, որ դեղերը ժամանակին չընդունելը բացասաբար է անդրադարձել Էդգար Տոնոյանի վրա՝ վերջինս չի կարողացել քնել, ընկել է դեպրեսիայի մեջ։ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերոնշյալ հանգամանքները հաստատվում են Էդգար Տոնոյանի, Գուրգեն Ասատրյանի և Վարդգես Գևորգյանի, ըստ էության, նույնաբովանդակ ցուցմունքներով։ Այսպես՝ Գուրգեն Ասատրյանը ևս փաստել է, որ տուժողին հասանելիք դեղերը բերել են տարբեր ժամերի, ուշացումներով, ինչի պատճառով վերջինս ընկնում էր դեպրեսիայի մեջ, թեև, իր կարծիքով, ուշացումները դիտավորյալ չեն եղել։ Միաժամանակ, Գուրգեն Ասատյանն իր ցուցմունքում նշել է, որ ըստ Էդգար Տոնոյանի՝ ինքն ստիպված է եղել գումարը տալ, որպեսզի դեղերը ժամանակին տրամադրվեն։ Նույնաբովանդակ ցուցմունքներ է տվել նաև գործով վկա Վարդգես Գևորգյանը, ով թեև դեպքին և դրան նախորդող ու հաջորդող իրադարձություններին անմիջականորեն ներկա չի գտնվել, սակայն Էդգար Տոնոյանի պատմածով հայտնել է փաստական տվյալներ, որոնք, ըստ էության, համընկնում են Գուրգեն Ասատրյանի կողմից տրված ցուցմունքներին։ 19․ Սույն որոշման 18-18․1-րդ կետերում մեջբերված և վերլուծված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 15-16-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները գործի փաստական հանգամանքներն իրենց համակցության մեջ պատշաճ վերլուծության և գնահատման չեն ենթարկել։ Այսպես՝ Առաջին ատյանի դատարանը, ամբաստանյալ Մելիք Ասրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311․1 հոդվածի 1-ին մասով մեղավոր ճանաչելիս, իսկ Վերաքննիչ դատարանը վերոնշյալ դատական ակտն անփոփոխ թողնելիս, որևէ գնահատման չեն արժանացրել ապօրինի վարձատրություն ստացողի և տվողի հարաբերությունների բնույթը, սույն գործով տուժողի՝ քրեակատարողական հիմնարկում ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալի կարգավիճակ ունենալու հանգամանքը, առողջական վիճակը, քրեակատարողական հիմնարկի վարչակազմից հնարավոր կախվածության հարաբերությունների առկայությունը։ Մասնավորապես, ստորադաս դատարաններն ամբաստանյալի արարքում շորթման ծանրացնող հանգամանքի բացակայությունն արձանագրելիս քննարկման առարկա չեն դարձրել այն հանգամանքները, որ․

- Էդգար Տոնոյանը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ է կրել, այսինքն՝ գտնվել է անազատության մեջ,

- Էդգար Տոնոյանն ունեցել է առողջական խնդիրներ և ամեն օր հոգեմետ դեղեր է ընդունել,

- դեղերը մշտապես ուշացումով են տրամադրվել,

- դեղերն ուշ ընդունելու պատճառով Էդգար Տոնոյանի մոտ վրա են հասել մի շարք հոգեբանական խնդիրներ։ Այնինչ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հանցանքը շորթմամբ կատարելու ծանրացնող հանգամանքի առկայության կամ բացակայության մասին ստորադաս դատարանների հետևությունները նախ և առաջ պետք է կառուցվեին վերոնշյալ հանգամանքները գործում առկա՝ Մելիք Ասրյանի կողմից 120․000 ՀՀ դրամ գումարը փաստացի ստանալու և այդ գումարը Էդգար Տոնոյանի կողմից հարկադրված տալու վերաբերյալ փաստական տվյալների լույսի ներքո համակողմանի գնահատման ենթարկելու արդյունքում։ Այսպիսով, ընդհանրացնելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարաններն ընդհանրապես քննարկման առարկա չեն դարձրել անազատության մեջ գտնվող դատապարտյալ Էդգար Տոնոյանի վիճակի խոցելիությունը՝ պայմանավորված քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ ունեցած հարաբերությունների բնույթով, կախվածության առկայությամբ, առողջական վիճակով։ Մինչդեռ, վերոգրյալ հանգամանքներն անձի մոտ կարող էին անհանգստության, վախի կամ ստորադասության զգացումներ առաջացնել՝ այդ կերպ կոտրելով նրա ֆիզիկական և, հատկապես, հոգեբանական դիմադրությունը, ու վերջինս հարկադրված, այլ ընդունելի այլընտրանք չունենալով, ստիպված կատարեր որոշակի գործողություն՝ իր իրավունքները և օրինական շահերն անազատության մեջ գտնվելու պայմաններում պաշտպանելու համար։ 20․ Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի կողմից որպես ամբաստանյալ Մելիք Ասրյանին մեղսագրված արարքում շորթման բաղադրիչի բացակայության հիմնավորում ներկայացված այն փաստարկներին, որ տեսագրությունը նույնպես չի վկայում, որ Մելիք Ասրյանը շորթմամբ՝ հարկադրանքի և սպառնալիքի միջոցով է ապօրինի վարձատրություն ստացել, այլ ընդհակառակը՝ տեսագրությունից երևում է, որ Մելիք Ասրյանը և Էդգար Տոնոյանը միմյանց հետ հանգիստ զրուցել են և գտնվել են բավականին ջերմ հարաբերութունների մեջ, և որ նման հարաբերությունների մասին է վկայում նաև այն փաստը, որ Էդգար Տոնոյանը գումարի հետ միասին տվել է նաև օծանելիք, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նախ՝ ապօրինի վարձատրություն շորթելու որակյալ հանցակազմի առկայության համար ամենևին պարտադիր չէ, որ հանցավորն ուղղակիորեն սպառնալիք ներկայացնի կամ հարկադրանք կիրառի․ վերոնշյալ ծանրացնող հանգամանքն առկա է նաև այն դեպքում, երբ հանցավորն անձին դնում է այնպիսի պայմանների մեջ, որ վերջինս, իր իրավունքները, ազատությունները կամ օրինական շահերը պաշտպանելու նպատակով, ստիպված տալիս է ապօրինի վարձատրություն։ Բացի այդ, Առաջին ատյանի դատարանը Մելիք Ասրյանի և Էդգար Տոնոյանի՝ տեսագրությունից երևացող ենթադրյալ ջերմ հարաբերությունների մեջ գտնվելը և օծանելիք տալը չի դիտարկել դատապարտյալի՝ անազատության մեջ գտնվելու և իր առողջական վիճակի պատճառով քրեակատարողական հիմնարկի վարչակազմից որոշակի կախվածության մեջ լինելու հանգամանքների համատեքստում, քանի որ դրանք տուժողի մոտ օբյեկտիվորեն կարող էին վախի և իր իրավունքների ու օրինական շահերի համար անհանգստության զգացումներ առաջացնել՝ պայմանավորելով նրա հետագա վարքագիծը։ Ինչ վերաբերում է Առաջին ատյանի դատարանի դատական ակտում բերված այն պատճառաբանությանը, որ «դատարանի համար պարզ չէ, թե ինչու իր իրավունքները հստակ պաշտպանող, իրավունքների խախտման մասին բարձրաձայնող անձն իրենից շորթմամբ ապօրինի վարձատրություն ստանալու մասին հայտնել է դեպքից մեկ տարի անց, առավել ևս այն պայմաններում, երբ տուժողը հավաստել է, որ իր բողոքների պատճառով քրեակատարողական հիմնարկի մի շարք աշխատակիցներ, այդ թվում՝ բուժակներ, տեղափոխվել են այլ քրեակատարողական հիմնարկներ», ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ենթադրյալ հանցագործության դեպքի մասին ուշ հայտնելու փաստը կարևորելիս ստորադաս դատարանը հաշվի չի առել Էդգար Տոնոյանի՝ անազատության մեջ գտնվելու հանգամանքով պայմանավորված՝ վախի հնարավոր գործոնը։ 20․1․ Վերոշարադրյալի կապակցությամբ պետք է փաստել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վատ վերաբերմունքի վերաբերյալ դիմումատուների ներկայացրած բողոքների հիմնավոր լինելու հարցի առնչությամբ բազմիցս ընդգծել է, որ ենթադրյալ վատ վերաբերմունքի դեպքի և դրանից տուժած անձանց կողմից հանցագործության վերաբերյալ հաղորդում ներկայացնելու միջև որոշակի ժամանակ անցած լինելու հանգամանքը չի կարող վատ վերաբերմունքի բացակայության մասին վկայող բավարար ապացույց համարվել։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր այս դիրքորոշումը պայմանավորում է ենթադրյալ վատ վերաբերմունքից տուժած անձի մոտ սթրեսի, տրավմայի, անօգնականության և վախի զգացողությունների առաջացման հետ՝ հատկապես այն դեպքերում, երբ ենթադրյալ վատ վերաբերմունքից տուժած անձը, անազատության մեջ լինելով, շարունակում է ենթադրյալ վատ վերաբերմունք կիրառած անձից կախվածության մեջ գտնվել[15]։ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ թեև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերոշարադրյալ դիրքորոշումը ձևավորել է ենթադրյալ վատ վերաբերմունքից տուժած անձի կողմից բերված բողոքի հիմնավորվածության հարցի առնչությամբ, այնուամենայնիվ, այդ դիրքորոշումը բովանդակային առումով կիրառելի է նաև անազատության մեջ գտնվող անձի կողմից քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների այլ գործողությունների մասին արված հայտարարությունների հիմնավորվածության նկատմամբ։ Հետևաբար, Վճռաբեկ դատարանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումների լույքի ներքո արձանագրում է, որ Մելիք Ասրյանին մեղսագրվող հանցանքում շորթման որակյալ հանցակազմի բացակայությունը չի կարող հիմնավորվել Էդգար Տոնոյանի կողմից Մելիք Ասրյանի գործողությունների վերաբերյալ դեպքից շուրջ մեկ տարի հետո հանցագործության վերաբերյալ հաղորդում տալու հանգամանքով՝ հաշվի առնելով, որ Էդգար Տոնոյանը ենթադրյալ հանցագործության դեպքից հետո շարունակել է անազատության և ամբաստանյալ Մելիք Ասրյանից կախվածության մեջ գտնվել, որպիսի հանգամանքը ստորադաս դատարանների կողմից պատշաճ վերլուծության և գնահատման չի ենթարկվել։ 20․2․ Անդրադառնալով Մելիք Ասրյանի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը երկու կողմի համար փոխշահավետ համագործակցությամբ պայմանավորված լինելու մասին Առաջին ատյանի դատարանի հետևությանը՝ Վճռաբեկ դատարանն այդպիսին հիմնազուրկ է գնահատում՝ նկատի ունենալով, որ իրեն հասանելիք հոգեմետ դեղերը ստանալու դիմաց վարձատրություն տալն Էդգար Տոնոյանի շահերից բխելու հանգամանքը չի կարող ունենալ իր տրամաբանական բացատրությունը։ Ստորադաս դատարանի այս հետևության հիմքում դրված փաստարկները հնարավորություն չեն տալիս պատասխանելու այն հարցին, թե ինչով կարող էր պայմանավորված լինել Էդգար Տոնոյանի համար նման «գործարքի» շահեկան լինելը, իսկ Էդգար Տոնոյանի հետազոտության նմուշները քրեակատարողական հիմնարկից դուրս տանելու համար 2016 թվականի դեկտեմբերին Մելիք Ասրյանի խիստ նկատողություն ստացած լինելու հանգամանքն ինքնին բավարար չէ գնահատելու, որ տուժողը և ամբաստանյալը տևական ժամանակ գտնվել են նորմալ հարաբերությունների մեջ և միմյանց օգտին փոխադարձ գործողություններ են կատարել։ 21․ Այսպիսով, ընդհանրացնելով սույն որոշման 17-20․2-րդ կետերում մեջբերված փաստական տվյալները և դրանց վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետևություններն առ այն, որ ամբաստանյալ Մելիք Ասրյանի արարքում բացակայում են շորթմամբ ապօրինի վարձատրություն ստանալու հանցակազմի հատկանիշները, հիմնավորված չեն։

22. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 311․1 հոդվածի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ, 25-րդ, 126-րդ և 127-րդ հոդվածների ոչ ճիշտ կիրառում։ Այսինքն՝ թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ և 398-րդ հոդվածներով նախատեսված նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և հիմք են Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան՝ նոր քննության ուղարկելու համար։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է վերացնի արձանագրված խախտումները և ամբաստանյալ Մելիք Ասրյանին մեղսագրվող արարքի որակման հարցը քննարկելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ հանգի համապատասխան հետևության։

23. Անդրադառնալով բողոքաբերի՝ սույն որոշման 5.1 կետում ներկայացված փաստարկներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերի կողմից բարձրացված վերոհիշյալ հարցը հնարավոր կլինի քննարկման առարկա դարձնել միայն գործի նոր քննության ընթացքում՝ արարքի որակման վերաբերյալ համապատասխան հետևության գալուց հետո։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361․1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Ամբաստանյալ Մելիք Հենրիկի Ասրյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2019 թվականի դեկտեմբերի 20-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2020 թվականի հոկտեմբերի 8-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Ամբաստանյալ Մելիք Հենրիկի Ասրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված գրավը թողնել անփոփոխ։ 3․ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող` Ս.ՉԻՉՈՅԱՆ

Դատավորներ` Կ.ԲԻՇԱՐՅԱՆ

Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ

Ծանոթագրություններ

[1] Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով: [2] Տե՛ս քրեական գործ, հատոր 1, էջեր 142-143։

[3] Տե՛ս քրեական գործ, հատոր 3, էջեր 154-160։

[4] Տե՛ս քրեական գործ, հատոր 5, էջեր 52-58։

[5] Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի 2004 թվականի մարտի 30-ի թիվ ՍԴՈ-483 որոշման 2-րդ կետը։

[6] Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Էդուարդ Զաքարյանի և այլոց վերաբերյալ գործով 2014 օգոստոսի 15-ի թիվ ԵԿԴ/0002/01/03 որոշման 24-րդ կետը։ [7] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` MUSTAFAYEV v. AZERBAIJAN գործով 2017 թվականի օգոստոսի 4-ի վճիռը, գանգատ թիվ 47095/09, 53-54 կետեր։ [8] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` SELMOUNI v. FRANCE գործով 1999 թվականի հուլիսի 28-ի վճիռը, գանգատ թիվ 25803/94, կետ 99։ [9] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` ROOMAN v. BELGIUM գործով 2019 թվականի հունվարի 31-ի վճիռը, գանգատ թիվ 18052/11, կետ 145։ [10] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` SŁAWOMIR MUSIAŁ v. POLAND գործով 2009 թվականի հունիսի 5-ի վճիռը, գանգատ թիվ 28300/06, կետ 87։ [11] Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը։

[12] Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։

[13] Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

[14] Տե՛ս քրեական գործ, հատոր 3, էջեր 140-161

[15] Տե՛ս, ի թիվս այլոց, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Զալյանը և այլոք ընդդեմ Հայաստանի (գանգատներ թիվ 36894/04 և 3521/07, կետ 270), Հարությունյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 36549/03, կետ 65), Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի (գանգատներ թիվ 9935/06 և 23339/06, կետ 102) գործերով վճիռները։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
6 մարտի, 2023 թ.
Գործի #:
ԵԴ/0259/01/18
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել