Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/Թասլաքյան — ՀԿԴ/0001/01/23
ՎճռաբեկԿոռուպցիոն քրեականAI Ինդեքսավորված

Թասլաքյան — ՀԿԴ/0001/01/23

Վճռաբեկ դատարանՀԿԴ/0001/01/2320 նոյեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 9. Քրեական օրենսդրության հետադարձ ուժը
PDF

Ամփոփում

Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2023 թվականի մարտի 30-ի որոշմամբ մեղադրյալ Ս․Թասլաքյանի պաշտպան Մ․Մելքոնյանի միջնորդությունը բավարարվել է մասնակի, Ս․Թասլաքյանի նկատմամբ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 445-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, իսկ վերջինիս նկատմամբ նույն օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով իրականացվող քրեական հետապնդումը՝ տուժողի հետ հաշտվելու հիմքով

Ամբողջ Տեքստ

ՀԿԴ/0001/01/23

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության

հակակոռուպցիոն դատարան,

նախագահող դատավոր՝ Ա․Գրիգորյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Կ․Ամիրյան

2024 թվականի նոյեմբերի 20-ին քաղաք Երևանում

ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Դ․ՎԵՔԻԼՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ

Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆԻ

Ս.ՉԻՉՈՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով Սարգիս Անդրանիկի Թասլաքյանի վերաբերյալ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի մայիսի 18-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2023 թվականի մարտի 30-ի որոշմամբ մեղադրյալ Ս․Թասլաքյանի պաշտպան Մ․Մելքոնյանի միջնորդությունը բավարարվել է մասնակի, Ս․Թասլաքյանի նկատմամբ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 445-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, իսկ վերջինիս նկատմամբ նույն օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով իրականացվող քրեական հետապնդումը՝ տուժողի հետ հաշտվելու հիմքով դադարեցնելու մասով մերժվել է։

2. Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Գ․Սաֆարյանի կողմից բերված հատուկ վերանայման բողոքը Վերաքննիչ դատարանի 2023 թվականի մայիսի 18-ի որոշմամբ մերժվել է։

3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի հունիսի 26-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

4. Բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավոր չէ, դրանով առերևույթ թույլ է տրվել դատական սխալ՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ և 83-րդ հոդվածների խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա։ Մասնավորապես, անդրադառնալով Ս․Թասլաքյանի նկատմամբ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական հետապնդումը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով դադարեցնելու իրավաչափությանը՝ բողոքաբերը փաստել է, որ Ս․Թասլաքյանին վերագրվող պաշտոնեական կեղծիքն ավարտվել է 2019 թվականի հուլիսի 12-ին, և ենթադրյալ հանցանքը կատարելու պահին այդ արարքը համապատասխանել է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 314-րդ հոդվածի 1-ին մասին, ինչը միջին ծանրության հանցանք է, որի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը, նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, 5 տարի է։ Միևնույն ժամանակ, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը ոչ մեծ ծանրության հանցանք է, որի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը, նույն օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, նույնպես 5 տարի է: Վերոգրյալի հիման վրա բողոքաբերն արձանագրել է, որ երկու դեպքում էլ վերը նկարագրված ենթադրյալ պաշտոնեական կեղծիքը կատարելու համար Ս․Թասլաքյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը 5 տարի է, և այն լրանում է 2024 թվականի հուլիսի 12-ին: Բողոքաբերը միաժամանակ նշել է, որ վաղեմության ժամկետներին վերաբերող իրավանորմերը համարվում են ոչ թե արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող, այլ համապատասխան պայմանների առկայության դեպքում՝ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող նորմեր: Ուստի ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավադրույթը կիրառելու դեպքում մեղադրյալ Ս․Թասլաքյանի նկատմամբ նույն օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական հետապնդումը քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով դադարեցման ենթակա չէր՝ նկատի ունենալով, որ վաղեմության ժամկետներին վերաբերող իրավանորմերի հետադարձ ուժ ունենալն օրենքով նախատեսված չէ։ Ամփոփելով վերոգրյալը՝ բողոքաբերն արձանագրել է, որ ստորադաս դատարանները ճիշտ չեն կիրառել նյութական օրենքը, ինչի արդյունքում Ս․Թասլաքյանի նկատմամբ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական հետապնդումը վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ անհիմն դադարեցվել է:

5. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ։ Հատուկ վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

6. 2022 թվականի դեկտեմբերի 15-ին Ս․Թասլաքյանի նկատմամբ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 445-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում այն հանցավոր արարքների կատարման համար, որ․ «(…) [Նա], 2017 թվականի նոյեմբերի 23-ից մինչև 2019 թվականի մայիսի 08-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ նաև՝ Կոմիտե) «Հրազդան» սպասարկման գրասենյակի պետի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, Կոմիտեի նախագահի 2011 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 369 Լ հրամանի N 68 հավելվածի համաձայն՝ մշտապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներ, պաշտոնեական դիրքը (ծառայողական լիազորությունները) օգտագործելով, խարդախության եղանակով՝ խաբեությամբ հափշտակել է ուրիշի գույքը, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք: Այսպես.

Սարգիս Անդրանիկի Թասլաքյանը, զբաղեցնելով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Հրազդան» սպասարկման գրասենյակի պետի պաշտոնը, 2018 թվականի օգոստոսին, քննությամբ չպարզված օրը, իր աշխատասենյակում, Վանիկ Ղարախանյանի կողմից Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 65 շենքի հետնամասում ինքնակամ կառուցված, փաստացի նույն քաղաքի բնակիչ Սամվել Չատյանի կողմից օգտագործված և Անահիտ Գրիգորյանին վաճառված քարաշեն ավտոտնակի նկատմամբ վերջինիս (գնորդի) սեփականության իրավունքը մեկ ամսվա ընթացքում գրանցելու կեղծ խոստում տալով՝ շահադիտական նպատակով, պաշտոնեական դիրքն (ծառայողական լիազորություններն) օգտագործելով, խաբեությամբ՝ իբրև պետական տուրքի վճար՝ Սամվել Չատյանից պահանջել և ստացել է 300.000 ՀՀ դրամ, որն անձամբ տնօրինելով՝ խարդախության եղանակով հափշտակել է։ Այնուհետև, կատարված հափշտակությունը քողարկելու՝ անշարժ գույքի նկատմամբ Անահիտ Գրիգորյանի սեփականության իրավունքը գրանցելու վերաբերյալ տրված կեղծ խոստումը կատարելու պատրանք ստեղծելու և այդ կերպ հիշյալ հանցանքի մասին Սամվել Չատյանի կամ այլ անձի կողմից իրավապահ մարմիններին հաղորդում տալը կանխելու անձնական այլ դրդումներով, Սարգիս Թասլաքյանը կատարել է պաշտոնեական կեղծիք, այն է՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Հրազդան» սպասարկման գրասենյակում, պաշտոնեական դիրքն (ծառայողական լիազորություններն) օգտագործելով, Կոմիտեի նախագահի՝ 2011 թվականի նոյեմբերի 17-ի N 320-Ն հրամանով հաստատված և հիշյալ սպասարկման գրասենյակին տրամադրված՝ ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի ձևաթղթի օգտագործմամբ, օգտվելով անշարժ գույքի գրանցման համակարգում պարունակվող տեղեկություններին հասանելիություն ունենալու հանգամանքից, 2019 թվականի ապրիլ-մայիսին (մինչև 08.05.2019թ.) կազմել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ակնհայտ կեղծ վկայական՝ իբր Կոտայքի մարզի Հրազդան համայնք, Միկրոշրջան թաղամաս 64 շենք, ավտոտնակ 8 հասցեի անշարժ գույքն Անահիտ Գրիգորյանի անվամբ սեփականության իրավունքով գրանցելու վերաբերյալ, որում մտցրել է վերոհիշյալ համակարգում առկա՝ 2018 թվականի դեկտեմբերի 24-ին Հրազդան համայնք, Միկրոշրջան թաղամաս, 88/28 հասցեում՝ Վահե Եղիշեի Ավագյանի անվամբ սեփականության իրավունքով գրանցված անշարժ գույքի՝ ավտոտնակի կադաստրային ծածկագրի (07-001-0146-0228) տվյալները, և այն 2019 թվականի հուլիսի 12-ին տրամադրելով Արմինե Գրիգորյանին՝ դրել է շրջանառության մեջ: (…)»[1]:

7. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի մարտի 30-ի որոշմամբ արձանագրվել է հետևյալը․ «(...) [Դ]ատարանն արձանագրում է, որ Սարգիս Թասլաքյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքն ավարտված է համարվում 2019 թվականի հուլիսի 12-ից հետևաբար վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով վերջինիս նկատմամբ քրեական հետապնդման դադարեցումը կարող է կիրառվել 2021 թվականի հուլիսի 12-ից հետո ընկած ժամանակահատվածում: Այսինքն՝ 2021 թվականի հուլիսի 13-ի դրությամբ, հանցանքն ավարտված համարելու պահից անցել է 2 տարի ժամանակ: (…) [Հ]աշվի առնելով այն, որ Սարգիս Թասլաքյանին մեղսագրվում է արարք, որը կատարվել է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի գործողության ժամանակ, նշված արարքի համար՝ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասը պատիժ է նախատեսում առավելագույնը երկու տարի ժամկետով, այսինքն Սարգիս Թասլաքյանին ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրվող արարքը դասվում է ոչ մեծ ծանրության հանցանքների շարքին, ինչի հիման վրա Դատարանն արձանագրում է, որ տվյալ պայմաններում կիրառելի են ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները: Ուստի վերոգրյալի հիման վրա և հաշվի առնելով ամբաստանյալի համաձայնությունը՝ ոչ արդարացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, ինչպես նաև վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու արգելքների բացակայությունը՝ Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Սարգիս Թասլաքյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի և նույն հոդվածի 4-րդ մասի հիմքերով՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու պատճառաբանությամբ։ (…)»[2]։

8. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի վիճարկվող որոշումը, արձանագրել է հետևյալը․ «(…) 2003 և 2021 թվականներին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքերի համապատասխանաբար 75-րդ և 83-րդ հոդվածների համեմատաիրավական վերլուծությունը վկայում է, որ 2021 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների մասով տվյալ դեպքում անձի վիճակը վատթարացող օրենք է և կիրառելի չէ ամբաստանյալ Ս․ Թասլաքյանի նկատմամբ, քանի որ նախ՝ սահմանում է վաղեմության ավելի երկար ժամկետներ, բացի այդ, վաղեմության ժամկետը, ի տարբերություն 2003 թվականին ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի, հաշվարկվում է մինչև անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելը։ Այսպես․ Սարգիս Թասլաքյանին վերագրվում է արարք, որը կատարվել է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի գործողության ժամանակ և վերջինիս վերագրվող արարքը համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասին, որով նախատեսված պատժատեսակ է նաև ազատազրկումը՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։ Այսինքն, Սարգիս Թասլաքյանին ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով վերագրվող արարքը դասվում է ոչ մեծ ծանրության հանցանքների շարքին։ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ քննության առարկա դեպքի նկատմամբ կիրառելի է ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասը՝ հետևյալ հիմնավորմամբ. 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքին, որը հանդես է գալիս որպես պատիժը մեղմացնող օրենք և ունի հետադարձ ուժ: Միաժամանակ, 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը դասվում է ոչ մեծ ծանրության հանցանքների շարքին, որի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը, նույն օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, 5 տարի է, ինչը մեղադրյալի համար առավել խիստ և անբարենպաստ կարգավորում է, քան 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի՝ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ մասով նախատեսված արարքին համապատասխանեցման արդյունքում այդ հոդվածի ծանրությանը համարժեք 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի ոչ մեծ ծանրության հանցանքների համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը, որը համաձայն այդ օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ 2 տարի է: Այսինքն, 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասը՝ պատիժը մեղմացնելու առումով հանդիսանում է պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող, միաժամանակ այդ արարքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի առումով՝ նույն օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հետ փոխկապակցվածությամբ, պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող օրենք, հետևաբար, 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով ձևակերպված «սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան» (այսինքն, մեղմացնող մասով կիրառելով այդ հոդվածի 2-րդ մասով, իսկ խստացնող մասով այդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգավորումները) պայմանի կիրառմամբ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասը հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որով մեղմացնում է պատասխանատվությունը։

8. Այսպիսով, նկատի ունենալով, որ ամբաստանյալ Սարգիս Թասլաքյանին մեղսագրված արարքը համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասին, որը դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին և որի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն 2 տարի է՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, Սարգիս Թասլաքյանին մեղսագրված արարքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի հաշվարկման մասով առաջնորդվելով ենթադրյալ հանցավոր արարքը կատարելու պահին գործող՝ 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի դրույթներով, գործել է իրավաչափ: (…)»[3]։ Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

9. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք մեղադրյալ Ս․Թասլաքյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։

10. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»։ ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:

2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով»։ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «1. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի:

2. Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ։ (...)

4. Հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթե դա նախատեսված է օրենքով։ (...)

6. Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ մասնակիորեն խստացնող օրենքը սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»: 11․ ՀՀ Սահմանադրության 72-րդ և 73-րդ հոդվածներով ամրագրված երաշխիքները, որոնք նորմատիվ իրավական ակտի կիրառման սահմանադրական սկզբունք են, քրեաիրավական համակարգում առանցքային տեղ են գրավում, ինչը հատկապես ընդգծվում է այն հանգամանքով, որ փոփոխվող և զարգացող հասարակությունում կոնկրետ արարքի դեմ քրեաիրավական ներգործության նպատակահարմարությունը, դրա հանրային վտանգավորությունը կամ քրեականացված արարքը կատարած անձի իրավական վիճակը նորովի կարգավորվելու դեպքում, դատարանը, որպես քրեական դատավարությունում արդարադատության գործառույթով օժտված մարմին, պետք է քննարկման առարկա դարձնի օրենսդրական փոփոխության իրավական բնույթը, ըստ այդմ էլ՝ մինչ ընդունումը ծագած իրավահարաբերությունների վրա այն հետադարձությամբ տարածելու իրավական հնարավորությունը։ Հարկ է արձանագրել, որ ՀՀ Սահմանադրությամբ՝ ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության կանոնակարգումը հիմնվում է այն տրամաբանության վրա, որ իրավական ակտերի հետադարձ ուժով գործողության մերժումն ընդհանուր կանոն է, իսկ այդ ակտերի հետադարձ ուժով գործողության հնարավորությունը՝ բացառություն ընդհանուր կանոնից[4]։ Ընդ որում, բացառություններն իրենց հերթին տարբեր են. ա) երբ սահմանադիրը բացառում է որևէ հայեցողություն դրսևորելու հնարավորությունը՝ սահմանելով հետադարձության ուղիղ պահանջ, օրինակ, արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն օժտված է անմիջական գործողությամբ և բ) երբ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտին հետադարձ ուժ հաղորդելու լիազորությունը թողնվում է իրավասու՝ այդ ակտն ընդունող մարմնի հայեցողությանը, օրինակ, անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով[5]: Տարբերակման այս գաղափարն իր արտացոլումն է գտել նաև ՀՀ գործող քրեական օրենսգրքում. այսպես՝ օրենսգրքի 8-րդ և 9-րդ հոդվածների համադրված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող նորմի համար նախատեսվում է հետադարձ ազդեցության անմիջական պահանջ, մինչդեռ անձի վիճակն այլ կերպ բարելավող դրույթի հետադարձությունը պայմանավորվում է օրենքով նախատեսված լինելու հանգամանքով[6]։ 12․ Վճռաբեկ դատարանը, Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի վերաբերյալ գործով որոշմամբ անդրադառնալով քրեական օրենսդրության հետադարձությամբ կիրառման դեպքերին, արձանագրել է, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվարկման տեսանկյունից քրեական նոր օրենքով անձին մեղսագրված հանցանքի տեսակի փոփոխությունն ինքնին չի կարող հետադարձ ներգործություն ունենալ, այսինքն, այս հարցի շրջանակներում օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու ինքնուրույն ցուցիչ չէ, և տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու մասին կարելի է խոսել բացառապես քրեական պատասխանատվությունից ազատելու ինստիտուտը կանոնակարգող՝ ՀՀ նախկին և գործող քրեական օրենսգրքերի ընդհանուր նորմերի հետ համադրված գնահատելու պարագայում։ Միևնույն ժամանակ անդրադառնալով օրենսդրական փոփոխությունների արդյունքում հանցանքի տեսակի և վաղեմության ժամկետների փոփոխության իրավիճակներին, մասնավորապես՝ այն դեպքին, երբ արարքի (հանցանքի) ծանրության աստիճանը նվազում է, իսկ այդ արարքի համար սահմանված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը չի փոփոխվում, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդրական փոփոխության արդյունքում պատժի մեղմացման հետևանքով նախկինում ծանր համարվող հանցանքը միջին ծանրության հանցանք հանդիսանալու դեպքում կիրառելի է մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու կանոնը՝ հանցանքի տեսակի և պատժի մասով, այսինքն՝ արարքը պետք է որակվի ՀՀ գործող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ անթույլատրելի է օրենքի փոփոխության արդյունքում հետադարձության կանոնների կիրառմամբ ստացված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը (տասը տարին) համեմատել ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի (հինգ տարի) հետ։ Նման համեմատությունը սկզբունքորեն չի համապատասխանի ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնի էությանն ու նշանակությանը: Հակառակ մոտեցումը հանգեցնում է այնպիսի իրավիճակի, որ արարքի կատարման պահին ծանր հանցագործություն համարվող արարքի պարագայում անձի նկատմամբ կիրառվում է արարքի կատարման պահին միջին ծանրության հանցանքի համար նախատեսված կարգավորումը, որը որևէ պարագայում կիրառելի չէ[7]։ 13․ Նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը, իր մի շարք գործերով կայացված որոշումներով անդրադառնալով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքն անձին մեղսագրված լինելու դեպքին, արձանագրել է, որ պաշտոնեական կեղծիք կատարելու հանցանքը, համաձայն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի, դասվում էր միջին ծանրության հանցագործությունների շարքին, որի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը հինգ տարի էր։ ՀՀ գործող քրեական օրենսդրությամբ 445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքը դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին։ Միևնույն ժամանակ, օրենսդիրը ՀՀ գործող քրեական օրենսգրքի ընդհանուր մասում՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու կարգը սահմանող 83-րդ հոդվածում, սահմանել է, որ ոչ մեծ ծանրության հանցանքի դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել է հինգ տարի։ Ուստի ստացվում է, որ պաշտոնեական կեղծիք կատարելը գործող քրեական օրենսգրքով թեև դասվել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին, սակայն քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի տեսանկյունից երկու օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումը, ըստ որի՝ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքի կատարման պահից անցել է հինգ տարի։ Վերոգրյալից հետևում է, որ գործող քրեական օրենսդրությամբ հանցանքի տեսակի փոփոխությունը քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների տեսանկյունից անձի համար որևէ բարենպաստ հետևանք չի առաջացնում, քանզի վաղեմության ժամկետի առումով քրեական օրենսդրության նախկին և ներկա կարգավորումները նույնական են։ Այլ խոսքով՝ պաշտոնեական կեղծիք կատարելու հանցանքի տեսակի փոփոխության հետևանքով քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետը, նախկին օրենսգրքի համեմատ, փոփոխությունների չի ենթարկվել, ուստի քննարկվող դեպքում քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հարցը ենթակա է լուծման՝ տվյալ արարքի համար դրա կատարման պահին գործող քրեական օրենսդրությամբ նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվառմամբ[8]։

14. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ․

- մեղադրյալ Ս․Թասլաքյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում այն բանի համար, որ նա, 2017 թվականի նոյեմբերի 23-ից մինչև 2019 թվականի մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Հրազդան» սպասարկման գրասենյակի պետի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2011 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 369 Լ հրամանի N 68 հավելվածի համաձայն՝ մշտապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներ, պաշտոնեական դիրքն (ծառայողական լիազորությունները) օգտագործելով, 2018 թվականի օգոստոսին, քննությամբ չպարզված օրը, խարդախության եղանակով՝ խաբեությամբ հափշտակել է ուրիշի գույքը, ինչպես նաև 2019 թվականի հուլիսի 12-ին կատարել է պաշտոնեական կեղծիք[9],

- Առաջին ատյանի դատարանը, փաստելով, որ Ս․Թասլաքյանին մեղսագրվող արարքը կատարվել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի գործողության ժամանակ, իսկ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով նրան մեղսագրվող արարքը դասվում է ոչ մեծ ծանրության հանցանքների շարքին, գտել է, որ տվյալ դեպքում կիրառելի են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները, ինչի արդյունքում մեղադրյալ Ս․Թասլաքյանի նկատմամբ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով[10],

- Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ 2003 և 2021 թվականներին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքերի համապատասխանաբար 75-րդ և 83-րդ հոդվածների համեմատաիրավական վերլուծությունը վկայում է, որ 2021 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների մասով տվյալ դեպքում անձի վիճակը վատթարացող օրենք է և կիրառելի չէ ամբաստանյալ Ս․Թասլաքյանի նկատմամբ, քանի որ նախ՝ սահմանում է վաղեմության ավելի երկար ժամկետներ, բացի այդ, վաղեմության ժամկետը, ի տարբերություն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի, հաշվարկվում է մինչև անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելը։ Արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Ս․Թասլաքյանին վերագրված արարքների համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների հաշվարկման մասով գործել է իրավաչափ[11]։

15. Նախորդ կետում շարադրված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-13-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Ս․Թասլաքյանին մեղսագրվող հանցանքը թեև ՀՀ գործող քրեական օրենսգրքի դրույթների համաձայն՝ դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին, սակայն նույն օրենսգրքի՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելուն վերաբերող իրավանորմերի համակարգային վերլուծությունը վկայում է, որ կատարված օրենսդրական փոփոխությունները Ս․Թասլաքյանի համար վաղեմության ժամկետների հաշվարկման առումով բարենպաստ հետևանքներ չեն առաջացնում, քանզի երկու օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումը։ Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ինչպես նախկին, այնպես էլ գործող քրեական օրենսդրությունները թույլ են տալիս մեղադրյալ Ս․Թասլաքյանին վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով ազատել քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելու օրվանից անցել է հինգ տարի։ Նախորդիվ ասվածից հետևում է, որ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով գործող քրեաիրավական օրենքով ոչ մեծ ծանրության, իսկ նախկին քրեական օրենսդրությամբ միջին ծանրության հանցագործությունների համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների հաշվարկման առումով սահմանվել է նույնանման ժամկետ՝ հինգ տարի, որի լրանալու դեպքում միայն կարող է դադարեցվել մեղադրյալ Ս․Թասլաքյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը։ Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանների մոտեցումը ոչ իրավաչափորեն հանգեցրել է նրան, որ մեղադրյալ Ս․Թասլաքյանին վերագրվող ենթադրյալ արարքը կատարվելուց դեռևս հինգ տարին չլրացած նա ազատվել է քրեական պատասխանատվությունից, այն դեպքում, երբ և՛ վերագրվող ենթադրյալ արարքի կատարման ժամանակ, և՛ գործող քրեական օրենքի համաձայն՝ Ս․Թասլաքյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը եղել է հինգ տարի։

16. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետևությունն առ այն, որ մեղադրյալ Ս․Թասլաքյանի նկատմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը լուծելիս վաղեմության ժամկետը ենթակա է հաշվարկման արարքի կատարման պահին գործող քրեական օրենքով ոչ մեծ ծանրության հանցագործությունների համար սահմանված վաղեմության ժամկետի հաշվարկման կանոնով, իրավաչափ չէ։

17. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Ս․Թասլաքյանին մեղսագրվող ենթադրյալ հանցանքը՝ պաշտոնեական կեղծիքը, ավարտվել է 2019 թվականի հուլիսի 12-ին[12], իսկ համաձայն սույն որոշման 13-րդ և 15-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների՝ տվյալ հանցանքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետ է հանդիսանում 5 տարին, որը լրացել է 2024 թվականի հուլիսի 12-ին: Ուստի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական պատասխանատվության ենթարկելու հնգամյա ժամկետը լրանալու օրվա դրությամբ Ս․Թասլաքյանի նկատմամբ կայացված և օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ չի եղել՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ս․Թասլաքյանին քրեական պատասխանատվության ենթարկելու՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն այլևս անցել է և նա ենթակա է քրեական պատասխանատվությունից ազատման: 17.1 Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը՝ դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է` կիրառել են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որը սույն վարույթով ենթակա չէր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար։ Սակայն, նկատի ունենալով, որ Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացքում ի հայտ է եկել քրեական հետապնդումը բացառող նոր հանգամանք, այն է՝ քրեական գործով անցել են մեղադրյալ Ս․Թասլաքյանին քրեական պատասխանատվության ենթարկելու ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված վաղեմության ժամկետները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանի կողմից բերված հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման, իսկ ստորադաս դատարանների դատական ակտերը պետք է թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ ու 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանի վճռաբեկ բողոքը մերժել։ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի մարտի 30-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի մայիսի 18-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։ 2․ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

Նախագահող` Դ․ՎԵՔԻԼՅԱՆ

Դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ա․ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ

Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆ

Ս․ՉԻՉՈՅԱՆ

Ծանոթագրություններ

[1] Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթ 12։

[2] Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 36-37։

[3] Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 68-70։

[4] Տե՛ս, mutatis mutandis, ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2011 թվականի նոյեմբերի 29-ի թիվ ՍԴՈ-1000 որոշումը։ [5] Տե՛ս, mutatis mutandis, ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշումը։ [6] Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Վանիկ Առուստամյանի գործով 2024 թվականի փետրվարի 22-ի թիվ ԼԴ/0004/12/22 որոշումը։ [7] Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի գործով 2024 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԱՔԴ/0196/01/17 որոշումը։ [8] Տե՛ս, ի թիվս այլնի, Վճռաբեկ դատարանի՝ Գևորգ Դուրյանի գործով 2024 թվականի հունիսի 12-ի թիվ ՀԿԴ/0113/01/23 և Արմեն Սանթրոսյանի գործով 2024 թվականի հուլիսի 15-ի թիվ ՀԿԴ2/0003/01/23, Ելվինա Հովհաննիսյանի գործով 2024 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ ՀԿԴ/0094/01/23, Նազիկ Ամիրյանի գործով 2024 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ ՀԿԴ/0094/01/23 որոշումները։ [9] Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։

[10] Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

[11] Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

[12] Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
20 նոյեմբերի, 2024 թ.
Գործի #:
ՀԿԴ/0001/01/23
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել