Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/Հակոբյան — ՀԿԴ1/0028/01/22
ՎճռաբեկԿոռուպցիոն քրեականAI Ինդեքսավորված

Հակոբյան — ՀԿԴ1/0028/01/22

Վճռաբեկ դատարանՀԿԴ1/0028/01/2216 դեկտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 3. Սույն օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացությունները · Հոդված 9. Քրեական օրենսդրության հետադարձ ուժը · Հոդված 436. Կաշառք տալը
PDF

Ամփոփում

Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2022 թվականի սեպտեմբերի 8-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) է ստացվել առարկայական ընդդատության հիմքով Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանից ուղարկված քրեական գործն ըստ մեղադրանքի Կարեն Վարդանի Հակոբյանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ու 38-312-րդ հոդվածի 1-ին մասով (տասը դրվագ), և մյուսների։ 2․ Գործի դատաքննության ընթացքում Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի մարտի 27-ի որոշմամբ

Ամբողջ Տեքստ

ՀԿԴ1/0028/01/22

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության

հակակոռուպցիոն դատարան,

նախագահող դատավոր՝ Մ․Մոսինյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,

նախագահող դատավոր՝ Ա․Նահապետյան

2024 թվականի դեկտեմբերի 16-ին քաղաք Երևանում

ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ`

մասնակցությամբ դատավորներ՝

Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ

Ս․ՉԻՉՈՅԱՆԻ

Դ․ՎԵՔԻԼՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով Կարեն Վարդանի Հակոբյանի վերաբերյալ

ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ 2024 թվականի մայիսի 27-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2022 թվականի սեպտեմբերի 8-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) է ստացվել առարկայական ընդդատության հիմքով Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանից ուղարկված քրեական գործն ըստ մեղադրանքի Կարեն Վարդանի Հակոբյանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ու 38-312-րդ հոդվածի 1-ին մասով (տասը դրվագ), և մյուսների։ 2․ Գործի դատաքննության ընթացքում Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի մարտի 27-ի որոշմամբ պաշտպան Ս․Սեդոյանի միջնորդությունը բավարարվել է, և Կ․Հակոբյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ու 38-312-րդ հոդվածի 1-ին մասով (տասը դրվագ) քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։

3. Լոռու մարզի դատախազ Ա․Շահբազյանի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանն իր՝ 2024 թվականի մայիսի 27-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի որոշումը թողել է անփոփոխ։

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը բերել է հատուկ վերանայման բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 21-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

5․ Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական օրենքի խախտում և քրեադատավարական օրենքի այնպիսի խախտում, որի արդյունքում խաթարվել է արդարադատության բուն էությունը, և միաժամանակ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն։ 5․1․ Մասնավորապես, ըստ բողոքի հեղինակի՝ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով (այսուհետ նաև՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) հանցագործությամբ պատճառված վնասի, այդ թվում՝ կաշառք տալու և ստանալու չափերը, բացառությամբ հատուկ մասում նախատեսված դեպքերի, տեղ են գտել ոչ թե կոնկրետ հոդվածներում, այլ ներառվել են նշված օրենսգրքի՝ հիմնական հասկացությունները սահմանող 3-րդ հոդվածում։ Ընդ որում, նախատեսվել են հստակ և կոնկրետ չափեր, որոնք վերաբերելի են օրենսգրքի հատուկ մասում տեղ գտած բոլոր հանցակազմերին, այդ թվում՝ կաշառք տալուն։ Բողոքաբերի պնդմամբ՝ տվյալ դեպքում հաշվի չի առնվել օրենսդրի նպատակը՝ նկատի ունենալով, որ ՀՀ գործող քրեական օրենսգիրքը, ի թիվս այլնի, նպատակ է հետապնդել հանցավորության, այդ թվում՝ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի գործում ապահովելու արդյունավետ միջոց, մինչդեռ նույն օրենսգրքում տեղ գտած կաշառք տալու չափերին առնչվող քրեաիրավական նորմին տալով սխալ մեկնաբանություն՝ Վերաքննիչ դատարանը շեղվել է նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակից, որպիսի մոտեցումը չի բխում նաև նշված օրենսգրքի 2-րդ հոդվածի կարգավորումներից։ Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի դիտարկմանն առ այն, որ տվյալ դեպքում առկա է օրենքի բաց, որը չի կարող հաղթահարվել, վերացվել կամ լրացվել դատական մեկնաբանության միջոցով, ապա գտնում է, որ այն հիմնավոր չէ, քանի որ օրենքի ենթադրյալ բացը ստորադաս դատարանները ստեղծել են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 17-րդ կետում տեղ գտած նորմին սահմանափակ, տառացի մեկնաբանություն տալով՝ չբացահայտելով այն ընդունող մարմնի նպատակը։ 5․2․ Բողոքաբերը միաժամանակ նշել է, որ կաշառք տալու հանցակազմը որակյալ դարձնող հանցագործության առարկայի չափերի փոփոխության հետևանքով տվյալ դեպքում տեղի է ունեցել արարքի մասնակի ապաքրեականացում, որի արդյունքում Կ․Հակոբյանի արարքը ենթակա է որակման ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որը դասվում է միջին ծանրության հանցանքների շարքին, և դրա վաղեմության ժամկետը տասը տարի է, իսկ կատարման պահին գործող օրենսգրքով այն դասվել է ծանր հանցագործությունների շարքին։ Մինչդեռ ստորադաս դատարանը Կ․Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս հիմք է ընդունել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով միջին ծանրության հանցագործության համար նախատեսված վաղեմության ժամկետը՝ անտեսելով այն հանգամանքը, որ հանցանքի կատարման պահին Կ․Հակոբյանի արարքը եղել է ոչ թե միջին ծանրության, այլ ծանր հանցանք, որի վաղեմության ժամկետն արարքի կատարման պահին գործող օրենքով եղել է տասը տարի։

6. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանել և կայացնել դրան փոխարինող դատական ակտ։ Հատուկ վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Կ․Հակոբյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-312-րդ հոդվածի 1-ին մասով (տասը դրվագ) մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ․ «[Ն]ա, մտերիմ հարաբերությունների մեջ գնվելով ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներ Թամազ Ֆերոյանի և Արկադի Պապյանի հետ, օժանդակել է վերջիններիս կողմից նույն քրեակատարողական հիմնարկի պետ Գևորգ Մկրտչյանին, երկու դեպքով պետի տեղակալ Անդրանիկ Թումանյանին, օպերատիվ բաժանմունքի պետ Ռուբեն Կիրակոսյանին, հերթապահ խմբի պատասխանատու հերթապահներ Էդվարդ Քառյանին, Արտակ Պարսամյանին, Անդրանիկ Տիտանյանին և Վարդան Գևորգյանին, օպերատիվ բաժանմունքի աշխատակից Վահե Ամիրխանյանին, հիմնարկի անվտանգության ապահովման բաժանմունքի պետի պաշտոնակատար Միքայել Ղարաքիշյանի, հանձնուքների ընդունման բաժնի աշխատակից Լիաննա Ոսկանյանին կաշառք տալուն: Այսպես՝

Կարեն Հակոբյանը, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արկադի Պապյանի հետ, վերջինիս միջոցով 2016թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում ծանոթացել է նույն քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալ, նշված քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների շրջանում քրեական հեղինակություն վայելող Թամազ Ֆերոյանի հետ: Կարեն Հակոբյանը, 2016թ. դեկտեմբեր ամսից սկսած ակտիվ հեռախոսակապի մեջ գտնվելով Թամազ Ֆերոյանի և Արկադի Պապյանի հետ, վերջիններիցս տեղեկացել է, որ «Վանաձոր» ՔԿՀ-ի պետ Գևորգ Մկրտչյանը, ծառայության գծով հովանավորչության և թողտվության համար, Թամազ Ֆերոյանի և Արկադի Պապյանի, ինչպես նաև վերջիններիս «հովանավորության» տակ գտնվող անձանց օգտին իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, իսկ առանձին դեպքերում՝ անգործություն դրսևորելու համար նրանցից պահանջել է յուրաքանչյուր ամիս որպես կաշառք տալ 250.000-300.000 ՀՀ դրամ գումար: Թամազ Ֆերոյանի և Արկադի Պապյանի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու հանցավոր նպատակներն իրականացնելուն օժանդակելու՝ հնարավոր խոչընդոտները վերացնելու համար Կարեն Հակոբյանը 2016թ. դեկտեմբեր ամսից մինչև 2017թ. հոկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում քննությամբ չպարզված անձանցից հավաքագրել, իր մոտ է պահել որոշակի գումարներ և դրանց մի մասը՝ կաշառքի առարկա հանդիսացող առանձնապես խոշոր չափերի՝ 2.750.000 ՀՀ դրամը Վանաձոր քաղաքի տարբեր թաղամասերում անձամբ տվել է պաշտոնատար անձ Գևորգ Մկրտչյանին, այդ թվում՝ 2017թ. օգոստոսի 5-ին տվել է 650.000 ՀՀ դրամ, սեպտեմբերի 03-ին և հոկտեմբերի 07-ին՝ 150.000-ական ՀՀ դրամ, ինչի հետևանքով քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող հիշյալ դատապարտյալներին, նրանց խցակիցներին և վերջիններիս «հովանավորչությունից» օգտվող այլ դատապարտյալներին պատիժը կրելու ընթացքում տրվել են արտոնություններ՝ քրեակատարողական հիմնարկ են մտցվել արգելված իրեր, դատապարտյալները զբաղվել են թղթախաղերով, անարգել դուրս են եկել իրենց խցերից, տեղաշարժվել փակ ռեժիմային գոտու տարածքում, օգտագործել ալկոհոլ ու թմրանյութեր, շահագործել բջջային հեռախոսներ, իսկ քրեակատարողական հիմնարկի խցերի նախատեսված և ոչ նախատեսված խուզարկություններն առանձին դեպքերում կրել են ձևական բնույթ: Բացի այդ, Կարեն Հակոբյանը ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր, մասնավորապես՝ բջջային հեռախոսներ և ինտերնետ հասանելիության սարք անցկացնելու, ինչպես նաև դատապարտյալներին այլ արտոնություններ տրամադրելու համար Արկադի Պապյանի և Թամազ Ֆերոյանի հանձնարարությամբ 2017թ. մայիս ամսին ծանոթացել և ակտիվ կապի մեջ է գտնվել քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի պետ Ռուբեն Կիրակոսյանի հետ: Այնուհետև Վանաձոր քաղաքում տեղակայված տարբեր հացատներում և ռեստորաններում պատվիրված սննդամթերքի գումարը վճարելու համար 2017թ. հունիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսներին կաշառք տվող Թամազ Ֆերոյանին և Արկադի Պապյանին օժանդակելու նպատակով պաշտոնատար անձ Ռուբեն Կիրակոսյանին է փոխանցել դատապարտյալների կողմից որպես կաշառք տրված 20.000, 40.000 և 60.000 ՀՀ դրամ գումարները: Նույն ժամանակահատվածում Ռուբեն Կիրակոսյանի կողմից օգտագործվող բջջային հեռախոսահամարը լիցքավորելու, ինչպես նաև նրա «Իդրամ» վճարային համակարգի թիվ 952349774 հաշվեհամարին վճարումներ կատարելու եղանակով դատապարտյալ Թամազ Ֆերոյանի պահանջով փոխանցել է որպես կաշառք տրված գումարները, մասնավորապես՝ մի դեպքում 8.000 ՀՀ դրամ, մեկ այլ դեպքում՝ 10.000 ՀՀ դրամ, իսկ երրրորդ դեպքում՝ 30.000 ՀՀ դրամ։ Դրանից բացի, Կարեն Հակոբյանը 2017թ. հունիսի 8-ին «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Թամազ Ֆերոյանին օժանդակելու դիտավորությամբ, նրա պահանջով հիմնարկի դատապարտյալների համար որպես օգնություն հանձնուք բերված միսն ընդունելու համար հանձնուքների ընդունման բաժնի աշխատակից, պաշտոնատար անձ Լիաննա Ոսկանյանին է տվել Թ.Ֆերոյանի կողմից որպես կաշառք տրված 5000 ՀՀ դրամ գումարը: Այնուհետև, Կարեն Հակոբյանը անազատության մեջ գտնվող դատապարտյալ Թամազ Ֆերոյանին օժանդակելու նպատակով 2017թ. հունիսի 20-ին նրա մատնանշած, քննությամբ ինքնությունը չպարզված անձանցից հավաքագրած և իր մոտ պահվող գումարներից 20.000 ՀՀ դրամ է տվել ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի պատասխանատու-հերթապահ, պաշտոնատար անձ Անդրանիկ Տիտանյանին, ինչի արդյունքում վերջինս իր հերթապահության օրերին տարբեր տեսակի առավելություններ և արտոնություններ է տվել դատապարտյալ Թամազ Ֆերոյանին և նրա «հովանավորության» տակ եղած դատապարտյալներին ու կալանավորված անձանց։ Որից հետո, Կարեն Հակոբյանը 2017թ. հուլիսի 3-ին Թամազ Ֆերոյանի հանձնարարությամբ, նրան օժանդակելու դիտավորությամբ, Վանաձոր քաղաքում հանդիպել է աշխատանքային ընկերների հետ ծննդյան տարեդարձը նշող ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետի պաշտոնակատար, պաշտոնատար անձ Միքայել Արամի Ղարաքիշյանին և վերջինիս կողմից ծառայության գծով հովանավորչության և թողտվության համար, պատժի կրման ընթացքում Թամազ Ֆերոյանի օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, իսկ առանձին դեպքերում անգործություն դրսևորելու համար որպես կաշառք Թամազ Ֆերոյանին պատկանող, իր մոտ հավաքված գումարներից տվել է 50.000 ՀՀ դրամ գումար: Դրանից բացի, Կարեն Հակոբյանը 2017թ. հուլիսի 13-ին՝ ժամը 22։10-ի սահմաններում, Թամազ Ֆերոյանի հանձնարարությամբ, նրան օժանդակելու դիտավորությամբ, ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿ հիմնարկի վարչական շենքի մոտ հանդիպել է նույն քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահ, պաշտոնատար անձ Էդվարդ Քառյանին և ծառայության գծով հովանավորչության ու թողտվության համար, պատժի կրման ընթացքում Թամազ Ֆերոյանի օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, իսկ առանձին դեպքերում՝ անգործություն դրսևորելու համար իր մոտ հավաքված գումարներից «Վանաձոր» ՔԿՀ-ի մուտքի մոտ Էդվարդ Քառյանին է տվել 70.000 ՀՀ դրամ կաշառք: Բացի այդ, Կարեն Հակոբյանը 2017թ. հուլիսի 30-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Թամազ Ֆերոյանին օժանդակելու դիտավորությամբ, նրա հանձնարարությամբ Վանաձոր քաղաքում հանդիպել է ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿ հիմնարկի օրվա պատասխանատու հերթապահ, պաշտոնատար անձ Արտակ Պարսամյանին և վերջինիս կողմից ծառայության գծով հովանավորչության և թողտվության համար, պատժի կրման ընթացքում Թամազ Ֆերոյանի օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, իսկ առանձին դեպքերում՝ անգործություն դրսևորելու կամ իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար որպես կաշառք Թամազ Ֆերոյանին պատկանող, իր մոտ հավաքված գումարներից տվել է 20.000 ՀՀ դրամ կաշառք։ Այնուհետև, Կարեն Հակոբյանը 2017թ. օգոստոս ամսվա ընթացքում Թամազ Ֆերոյանին օժանդակելու դիտավորությամբ, նրա հանձնարարությամբ և վերջինիս կողմից նշված, քննությամբ չպարզված անձից վերցրել է 50.000 ՀՀ դրամ գումար և այն ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում՝ հիմնարկի պետի տեղակալ, պաշտոնատար անձ Անդրանիկ Թումանյանի աշխատասենյակում, որպես կաշառք տվել է վերջինիս՝ քրեակատարողական հիմնարկի ինքնությունը չպարզված՝ դատապարտյալին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց», քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու համար։ Դրանից բացի, Կարեն Հակոբյանը օգոստոս ամսվա երեք տարբեր օրերի ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալ Արկադի Պապյանի հանձնարարությամբ, նրան օժանդակելու նպատակով Վանաձոր քաղաքում հանդիպել է պաշտոնատար անձ Անդրանիկ Թումանյանին և երկու անգամ նրան տվել կաշառքի առարկա հանդիսացող 10.000-ական ՀՀ դրամ գումարներ և 139.000 ՀՀ դրամ արժողության «Սամսունգ Ա3» մոդելի բջջային հեռախոս, ինչի արդյունքում դատապարտյալ Արկադի Պապյանը և նրա հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող այլ դատապարտյալներ հնարավորություն են ունեցել ազատորեն տեղաշարժվել փակ ռեժիմային գոտու տարածքում, օգտագործել արգելված իր հանդիսացող բջջային հեռախոսներ և այլ տեխնիկական սարքեր, չնախատեսված ժամերի սնունդ և այլ իրեր ստանալ, կատարել այլ ապօրինի գործողություններ։ Բացի այդ, 2017թ. սեպտեմբերի 1-ին կաշառք տվող Թամազ Ֆերոյանին օժանդակելու նպատակով՝ կաշառքի առարկա հանդիսացող 20.000 ՀՀ դրամ գումարը «Իդրամ» վճարային համակարգի թիվ 947454961 հաշվեհամարին վճարելու եղանակով փոխանցել է ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի օպերատիվ բաժանմունքի աշխատակից, պաշտոնատար անձ Վահե Հարազատի Ամիրխանյանին, ինչի արդյունքում վերջինս՝ որպես օպերատիվ ծառայող նրան հեռու է պահել օպերատիվ տեսադաշտից, տվել այլ արտոնություններ: Այնուհետև, Կարեն Հակոբյանը 2017թ. սեպտեմբերի 6-ին Թամազ Ֆերոյանի հանձնարարությամբ, նրան օժանդակելու դիտավորությամբ, ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿ հիմնարկի վարչական շենքի մոտ հանդիպել է նույն քրեակատարողական հիմնարկի օրվա պատասխանատու հերթապահ, պաշտոնատար անձ Վարդան Գևորգյանին և ծառայության գծով հովանավորչության ու թողտվության համար, պատժի կրման ընթացքում Թամազ Ֆերոյանի օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, իսկ առանձին դեպքերում՝ անգործություն դրսևորելու համար իր մոտ հավաքված գումարներից «Վանաձոր» ՔԿՀ-ի մուտքի մոտ Վարդան Գևորգյանին է տվել 15.000 ՀՀ դրամ կաշառք»[1]: 8․ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի մարտի 27-ի որոշման համաձայն՝ «(...) [Թ]եև գործող ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածով որպես կաշառք տալու հանցակազմի ծանրացնող և առավել ծանրացնող հանգամանքներ են նախատեսված խոշոր չափը և առանձնապես խոշոր չափը, սակայն օրենսդրի կողմից չի սահմանվել, թե հանցակազմի առարկայի որ չափն է համարվում խոշոր, որը՝ առանձնապես խոշոր։ Մասնավորապես, գործող ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասով կաշառք տալու հանցակազմի մասով որևէ չափ սահմանված չէ, իսկ նույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով սահմանված չափերը վերաբերելի չեն կաշառք տալու հանցակազմին, քանի որ «հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույք կամ օգուտ չափ» եզրույթը որևէ կերպ չի կարող նույնացվել կաշառք տալու դեպքում կաշառքի առարկայի չափի հետ: Այսպիսով, Դատարանը փաստում է, որ գործող ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված չէ կաշառք տալու հանցակազմի առարկա կաշառքի չափը, իսկ նշված օրենսդրական բացը չի կարող հաղթահարվել դատական մեկնաբանման միջոցով։ Վերոգրյալի հաշվառմամբ Դատարանն արձանագրում է, որ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի իմաստով խոշոր չափ և առանձնապես խոշոր չափ հասկացությունների բովանդակությունը նույն օրենսգրքի ընդհանուր կամ հատուկ մասում սահմանված չլինելն օրենսդրական բաց է, ուստի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը և 3-րդ մասի 2-րդ կետը չեն համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, հետևաբար դրանք անձին մեղսագրվել չեն կարող։ (…)

Ամբաստանյալ Կարեն Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 1-ին մասին) և 38-312-րդ հոդվածի 1-ին մասով (10 դրվագ) մեղսագրված՝ որպես միջին ծանրության հանցագործությունների համար ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու հնգամյա ժամկետը լրացել է 2022 թվականի հոկտեմբերի 07-ին։ Այդ պահի դրությամբ նրա նկատմամբ կայացված օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ չի եղել, մինչև քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելը Կարեն Հակոբյանի կողմից միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարած լինելու, քննությունից կամ դատից խուսափելու վերաբերյալ ապացույցներ կամ փաստարկներ Դատարանին չեն ներկայացվել: Այլ կերպ ասած` քրեական գործով ձեռք բերված ապացույցներով, այլ փաստական տվյալներով և ըստ 2024 թվականի մարտի 27-ի՝ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանում առկա տեղեկատվության չի հաստատվում վաղեմության ժամկետի ընթացքը կասեցված կամ ընդհատված լինելու հանգամանքը: Հետևաբար, ամբաստանյալ Կարեն Հակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 1-ին մասին) և 38-312-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 1-ին մասին) (10 դրվագ) հարուցված քրեական հետապնդումը պետք է դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով՝ նկատի ունենալով, որ սույն գործով առկա է նաև վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու դատավարական պայման, այն է՝ ամբաստանյալի համաձայնությունը. ամբաստանյալ Կարեն Հակոբյանը դատական նիստի ընթացքում չի առարկել և տվել է իր համաձայնությունը, որպեսզի այդ հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի։ (…)»[2]: 9․ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով վիճարկվող դատական ակտը, իր՝ 2024 թվականի մայիսի 27-ի որոշման մեջ նշել է․ «(…) Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Առաջին ատյանի դատարանի այն դատողությանը, որ «ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածով որպես կաշառք տալու հանցակազմի ծանրացնող և առավել ծանրացնող հանգամանքներ են նախատեսված խոշոր չափը և առանձնապես խոշոր չափը, սակայն օրենսդրի կողմից չի սահմանվել, թե հանցակազմի առարկայի որ չափն է համարվում խոշոր, որը՝ առանձնապես խոշոր։ Մասնավորապես, գործող ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասով կաշառք տալու հանցակազմի մասով որևէ չափ սահմանված չէ, իսկ նույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով սահմանված չափերը վերաբերելի չեն կաշառք տալու հանցակազմին, քանի որ «հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույք կամ օգուտ չափ» եզրույթը որևէ կերպ չի կարող նույնացվել կաշառք տալու դեպքում կաշառքի առարկայի չափի հետ: Այսպիսով, Դատարանը փաստում է, որ գործող ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված չէ կաշառք տալու հանցակազմի առարկա կաշառքի չափը, իսկ նշված օրենսդրական բացը չի կարող հաղթահարվել դատական մեկնաբանման միջոցով։ Վերոգրյալի հաշվառմամբ Դատարանն արձանագրում է, որ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի իմաստով խոշոր չափ և առանձնապես խոշոր չափ հասկացությունների բովանդակությունը նույն օրենսգրքի ընդհանուր կամ հատուկ մասում սահմանված չլինելն օրենսդրական բաց է, ուստի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը և 3-րդ մասի 2-րդ կետը չեն համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, հետևաբար դրանք անձին մեղսագրվել չեն կարող»: (…)

Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը անդրադառնալով դատախազի այն փաստարկներին, որ «Դատարանը, Կարեն Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս, հիմք է ընդունել 18.04.2003 թվականի ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով նախատեսված միջին ծանրության հանցագործության վաղեմության ժամկետը (5 տարի), անտեսելով այն հանգամանքը, որ հանցանքի կատարման պահին Կարեն Հակոբյանի արարքը հանդիսացել է, ոչ թե միջին, այլ ծանր հանցանք, որի վաղեմության ժամկետը արարքի կատարման պահին գործող օրենքով եղել է 10 տարի»՝ արձանագրում է, որ 2003 և 2021 թվականներին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքերի համապատասխանաբար 75-րդ և 83-րդ հոդվածների համեմատաիրավական վերլուծությունը վկայում է, որ 2021 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների մասով տվյալ դեպքում անձի վիճակը վատթարացող օրենք է և կիրառելի չէ մեղադրյալ Կարեն Հակոբյանի նկատմամբ, քանի որ նախ՝ սահմանում է վաղեմության ավելի երկար ժամկետներ, բացի այդ, վաղեմության ժամկետը, ի տարբերություն 2003 թվականին ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի, հաշվարկվում է հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից մինչև անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելը։ (…)

Մեղադրանքի բովանդակությունից պարզ է դառնում (…), որ Կարեն Հակոբյանը իրեն վերագրվող հանցավոր արարքներից վերջինն ավարտել է 2017 թվականի հոկտեմբերի 07-ին, ուստի, հաշվի առնելով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված պահանջը՝ հարկ է արձանագրել, որ անցել է մեղադրյալ Կարեն Հակոբյանին քրեական պատասխանատվության ենթարկելու օրենքով սահմանված 5 տարի ժամկետը և վաղեմության ժամկետների ընթացքն ընդհատված չի եղել։ (…)

Ամփոփելով վերոգրյալը՝ Վերաքննիչ դատարանը հանգում է հետևության, որ Առաջին ատյանի դատարանը բավարարելով պաշտպան Սևակ Սեդոյանի միջնորդությունը և դադարեցնելով Կարեն Հակոբյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 1-ին մասին) և 10 դրվագ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 1-ին մասին) հանրային քրեական հետապնդումը՝ թույլ չի տվել դատական սխալ, որը կարող է հանգեցնել բողոքարկված դատական ակտի բեկանման կամ փոփոխման, փոխարենը՝ ստորադաս դատարանը կայացրել է ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, որպիսի հանգամանքներում դատախազի կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքը ենթակա է մերժման։ (…)»[3]։ Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է․ իրավաչա՞փ է արդյոք ստորադաս դատարանների հետևությունն առ այն, որ Կ․Հակոբյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղսագրվող արարքը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 1-ին մասին։

11. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն`

«Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»։ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, հանցագործություն չի համարվել։ (…)»։ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 4-րդ հոդվածի համաձայն՝

«1. Ոչ ոք չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության այն արարքի համար, որը կատարման պահին հանցանք չի համարվել:

2. Քրեական օրենքի Հատուկ մասի նորմերն անալոգիայով կիրառելն արգելվում է։

3. Քրեական օրենքի Ընդհանուր մասի նորմերը կարող են անալոգիայով կիրառվել, եթե դա չի վատթարացնում անձի վիճակը»։ Մեջբերված նորմերը Վճռաբեկ դատարանը բազմիցս վերլուծության է ենթարկել իր նախադեպային որոշումների շրջանակներում՝ ընդգծելով, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր, որը բացարձակ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից որևէ շեղում անթույլատրելի է: Արարքի հանցավորությունն ու պատժելիությունը պետք է նախատեսված լինեն իրավական որոշակիության չափանիշին բավարարող օրենքով, ինչը ենթադրում է, որ անձը համապատասխան դրույթի տառացի ընկալումից և, անհրաժեշտության դեպքում, դրա կապակցությամբ դատարանների տված մեկնաբանությունից պետք է հասկանա, թե որ գործողությունների և անգործության համար է քրեական պատասխանատվություն նախատեսվում և ինչ պատիժ կնշանակվի այդ գործողությունների կատարման և/կամ անգործության համար[4]։ Անդրադառնալով դատական մեկնաբանության սահմաններին և օրենսդրական բացի հաղթահարման հիմնախնդրին՝ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ օրենքի՝ իրավական որոշակիության չափանիշին բավարարելն առաջին հերթին օրենսդրական կարգավորման խնդիր է, իսկ դատական մեկնաբանումը լրացնող դերակատարություն ունի: ՀՀ քրեական օրենսգրքի որևէ նորմում առկա օրենսդրական բացը չի կարող վերացվել, հաղթահարվել կամ լրացվել դատական մեկնաբանման միջոցով, քանի որ օրինականության սկզբունքի անքակտելի տարրն է քրեական օրենքը տարածական մեկնաբանելու և անալոգիայով կիրառելու արգելքը: Վերոնշյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը նշել է, որ եթե հանցակազմի պարտադիր հատկանիշը սահմանող հասկացության բովանդակության բացահայտումը կախված չէ գործի կոնկրետ հանգամանքներից, կարող է սահմանվել դրանցից վերացարկված, սակայն սահմանված չէ օրենքով, դատարանը, չունենալով գնահատման օբյեկտիվ չափանիշներ, զրկված է դրանք մեկնաբանելու հնարավորությունից: «Խոշոր չափ» և «առանձնապես խոշոր չափ» հասկացություններն ինքնին ենթադրում են չափելի երևույթներ։ Դրանք, օգտագործվելով քանակի, կշռի կամ արժեքի հատկանիշներով օժտված առարկաները բնութագրելիս, պայմանավորված չեն գործի կոնկրետ հանգամանքներով և օբյեկտիվորեն կարող են սահմանվել (և սահմանվում են) դրանցից վերացարկված։ Այսպես, ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի մի շարք նորմերում օգտագործելով «խոշոր չափ» և/ կամ «առանձնապես խոշոր չափ» եզրույթները՝ օրենսդիրը միաժամանակ հստակ սահմանել է, թե կոնկրետ առարկայի որ չափն է համարվում խոշոր, որը՝ առանձնապես խոշոր։ Հակառակ դեպքում իրավակիրառ մարմնի կողմից քննարկվող հասկացությունների կիրառումը կհանգեցնի կամայական մեղադրման, դատապարտման և պատժման, քանի որ գործի հանգամանքներով պայմանավորված չլինելու դեպքում բացակայում են իրավակիրառ մարմնի, այդ թվում՝ դատարանի կողմից այդ հասկացությունների բովանդակությունը որոշելու օբյեկտիվ չափանիշները[5]։ 12․ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝

«1. Սույն օրենսգրքում օգտագործվում են հետևյալ հասկացությունները.

(…)

17) հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը` սույն օրենսգրքում հափշտակված գույքի, պատճառված գույքային վնասի, հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի մանր չափ է համարվում 500.000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), առանձնապես խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը), բացառությամբ սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերի. (…)»։ Նույն օրենսգրքի 436-րդ հոդվածի համաձայն՝

«1. Կաշառք տալը՝ պաշտոնատար անձին կամ նրա մատնանշած անձին անձամբ կամ միջնորդի միջոցով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն խոստանալը, առաջարկելը կամ տրամադրելը՝ պաշտոնատար անձի իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին գործողություն կատարելու կամ չկատարելու համար՝ (…)

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

(…)

2) խոշոր չափերով կամ

(…)

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

(…)

2) առանձնապես խոշոր չափերով`

(…)»։

13․ Վճռաբեկ դատարանը, Սարգիս Գրիգորյանի վերաբերյալ գործով որոշմամբ համեմատական վերլուծության ենթարկելով ՀՀ գործող քրեական օրենսգրքի՝ սույն որոշման նախորդ կետում մեջբերված նորմերի և ՀՀ նախկին քրեական օրենսգրքի վերաբերելի նորմերի դրույթները, արձանագրել է, որ ի տարբերություն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքով հափշտակության, պատճառված գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը սահմանվում են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածով՝ օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացությունների ներքո։ Վերոնշյալ չափերն ընդհանուր են ՀՀ գործող քրեական օրենսգրքի հատուկ մասով սահմանված բոլոր այն հանցակազմերի համար, որոնցում հանցագործության չափերը նախատեսված են որպես հանցակազմի պարտադիր հատկանիշ կամ հանցակազմը որակյալ կամ առավել որակյալ դարձնող հանգամանք, եթե կոնկրետ հանցակազմի շրջանակում այլ չափ սահմանված չէ (օրինակ՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի հոդվածներ 267-ը, 282-ը, 290-ը և այլն)։ Միևնույն ժամանակ, անդրադառնալով կոնկրետ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածով նախատեսված կաշառք տալու հանցակազմը որակյալ դարձնող «խոշոր» և «առանձնապես խոշոր» չափ հասկացություններին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերջիններիս պարագայում գործ ունենք չափելի երևույթների հետ, ուստի օրենսդիրը կա՛մ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի շրջանակներում՝ ընդհանուր հասկացությունների ներքո, կա՛մ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածով պետք է հստակ սահմաներ, թե կաշառք տալու հանցակազմի պարագայում որ չափն է համարվում խոշոր, որը՝ առանձնապես խոշոր։ Մինչդեռ, քրեական օրենսգրքի վերաբերելի նորմերի վերլուծությունը ցույց է տալիս, որ կաշառք տալու հանցակազմի պարագայում կաշառքի առարկայի խոշոր և առանձնապես խոշոր չափերը չեն բացահայտվել։ Անդրադառնալով հնարավոր այն մեկնաբանությանը, որ կաշառք տալու չափերը կարող են դիտարկվել հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի ներքո՝ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ նման մեկնաբանումը կլինի խիստ տարածական և չի համապատասխանի օրենքի որոշակիության չափանիշներին, քանի որ վերոնշյալ դեպքում խոսքը գնում է գույքը կամ օգուտը հանցավոր ճանապարհով ձեռք բերելու կամ ստանալու, այլ ոչ թե տալու մասին։ Ընդհանրացնելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի իմաստով «խոշոր չափ» և «առանձնապես խոշոր չափ» հասկացություններն օրենսդրորեն բացահայտված չեն, մասնավորապես՝ սահմանված չէ, թե կաշառք տալու հանցակազմի պարագայում կաշառքի առարկայի որ չափն է համարվում խոշոր, իսկ որը՝ առանձնապես խոշոր։ Այլ կերպ՝ առկա է օրենսդրական բաց, ինչը որևէ պարագայում չի կարող լրացվել կամ հաղթահարվել դատական մեկնաբանության միջոցով, քանզի դատական մեկնաբանման շրջանակները խստորեն սահմանափակված են օրինականության սկզբունքով, իսկ օրինականության սկզբունքի անքակտելի տարրն է քրեական օրենքը տարածական մեկնաբանելու և անալոգիայով կիրառելու արգելքը։ Արդյունքում՝ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը և 3-րդ մասի 2-րդ կետը չեն համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, բավարար չափով կանխատեսելի չեն, ուստի չեն կարող անձին դատապարտելու հիմք լինել[6]։

14. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ․

- Կ․Հակոբյանին, ի թիվս այլնի, մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ առանձնապես խոշոր չափով կաշառք տալու օժանդակության համար[7],

- Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի իմաստով խոշոր չափ և առանձնապես խոշոր չափ հասկացությունների բովանդակությունը նույն օրենսգրքի ընդհանուր կամ հատուկ մասում սահմանված չլինելն օրենսդրական բաց է, ուստի նշված հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը և 3-րդ մասի 2-րդ կետը չեն համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, հետևաբար դրանք անձին մեղսագրվել չեն կարող։ Արդյունքում, Առաջին ատյանի դատարանը հանգել է այն հետևության, որ Կ․Հակոբյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղսագրված արարքը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 1-ին մասին[8],

- Վերաքննիչ դատարանը, ըստ էության, համաձայնել է Առաջին ատյանի դատարանի դատողությունների հետ[9]։ 15․ Նախորդ կետում վկայակոչված փաստերը գնահատելով սույն որոշման 11-13-րդ կետերում մեջբերված նորմերի և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետևությունն առ այն, որ Կ․Հակոբյանին մեղսագրվող արարքը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 1-ին մասին, իրավաչափ է։ Ինչ վերաբերում է բողոքաբերի պնդումներին առ այն, որ դատարաններն օրենքի ենթադրյալ բացը ստեղծել են՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 17-րդ կետում տեղ գտած նորմին սահմանափակ, տառացի մեկնաբանում տալով, և որ տվյալ դեպքում հաշվի չի առնվել օրենսդրի նպատակը՝ նկատի ունենալով, որ ՀՀ գործող քրեական օրենսգիրքը, ի թիվս այլնի, նպատակ է հետապնդել հանցավորության, այդ թվում՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարի գործում ապահովելու արդյունավետ միջոց, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ օրինականության սկզբունքը և «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» կանոնը պահանջում են, որ հանցավոր համարվող արարքները սահմանվեն բացառապես օրենքով և նկարագրվեն իրավական որոշակիության չափանիշին բավարարող եղանակով՝ բացառելով դրանց շատ լայն և տարածական մեկնաբանումը։ Վերոնշյալը սահմանադրորեն և միջազգային կոնվենցիաներով ամրագրված հիմնարար սկզբունք է և բացարձակ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, որից որևէ շեղում և բացառություն նախատեսված չէ՝ նույնիսկ պատերազմի կամ ազգի կյանքին սպառնացող այլ արտակարգ դրության ժամանակ[10]։ Հետևաբար, եթե քրեաիրավական նորմը չի բավարարում «օրենքին» ներկայացվող որակական չափանիշներին, այն չի կարող դրվել անձի դատապարտման հիմքում, որքան էլ որ կատարված արարքը լինի վտանգավոր և, ընդհանուր առմամբ, բխի օրենսդրի նպատակներից։

16. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է․ իրավաչա՞փ է արդյոք ստորադաս դատարանների հետևությունը՝ Կ․Հակոբյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդումը քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով դադարեցնելու վերաբերյալ: 17․ ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն՝

«Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»։ ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն՝

«1. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:

2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով»։ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝

«1. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի:

2. Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ։ (...)

4. Հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթե դա նախատեսված է օրենքով։ (...)

6. Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ մասնակիորեն խստացնող օրենքը սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»: ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի համաձայն՝

«1. Պաշտոնատար անձին կաշառք տալը, այսինքն` պաշտոնատար անձին անձամբ կամ միջնորդի միջոցով նրա կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն խոստանալը կամ առաջարկելը կամ տրամադրելը` իր կամ իր ներկայացրած անձանց օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով: (…)

3. Կաշառք տալը, որը կատարվել է`

1) առանձնապես խոշոր չափերով,

(…)

պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով:

(…)»։

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

«Կաշառք տալը՝ պաշտոնատար անձին կամ նրա մատնանշած անձին անձամբ կամ միջնորդի միջոցով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն խոստանալը, առաջարկելը կամ տրամադրելը՝ պաշտոնատար անձի իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին գործողություն կատարելու կամ չկատարելու համար՝ պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»։ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն՝

…

3. Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը:

4. Ծանր հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը: (…)»։

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն՝

(…)

3. Միջին ծանրության հանցանքներ են համարվում սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 5 տարի ժամկետով ազատազրկումը:

4. Ծանր հանցանքներ են համարվում սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 10 տարի ժամկետով ազատազրկումը: (…):

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն՝

«1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները. (…)

2) հինգ տարի` միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.

3) տասը տարի` ծանր հանցանքն ավարտված համարելու օրվանից.

(…)»։

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել են հետևյալ ժամկետները. (…)

2) 10 տարի՝ միջին ծանրության հանցանքի դեպքում.

3) 15 տարի՝ ծանր հանցանքի դեպքում.

…:

17․1․ ՀՀ Սահմանադրության 72-րդ և 73-րդ հոդվածներով ամրագրված երաշխիքները, որոնք նորմատիվ իրավական ակտի կիրառման սահմանադրական սկզբունք են, քրեաիրավական համակարգում առանցքային տեղ են գրավում, ինչը հատկապես ընդգծվում է այն հանգամանքով, որ փոփոխվող և զարգացող հասարակությունում կոնկրետ արարքի դեմ քրեաիրավական ներգործության նպատակահարմարությունը, դրա հանրային վտանգավորությունը կամ քրեականացված արարքը կատարած անձի իրավական վիճակը նորովի կարգավորվելու դեպքում, դատարանը՝ որպես քրեական դատավարությունում արդարադատության գործառույթով օժտված մարմին, պետք է քննարկման առարկա դարձնի օրենսդրական փոփոխության իրավական բնույթը, ըստ այդմ էլ՝ մինչ ընդունումը ծագած իրավահարաբերությունների վրա այն հետադարձությամբ տարածելու իրավական հնարավորությունը։ Հարկ է արձանագրել, որ ՀՀ Սահմանադրությամբ ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության կանոնակարգումը հիմնվում է այն տրամաբանության վրա, որ իրավական ակտերի հետադարձ ուժով գործողության մերժումն ընդհանուր կանոն է, իսկ այդ ակտերի հետադարձ ուժով գործողության հնարավորությունը՝ բացառություն ընդհանուր կանոնից[11]։ Ընդ որում, բացառություններն իրենց հերթին տարբեր են. ա) երբ սահմանադիրը բացառում է որևէ հայեցողություն դրսևորելու հնարավորությունը՝ սահմանելով հետադարձության ուղիղ պահանջ, օրինակ, արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն օժտված է անմիջական գործողությամբ և բ) երբ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտին հետադարձ ուժ հաղորդելու լիազորությունը թողնվում է իրավասու՝ այդ ակտն ընդունող մարմնի հայեցողությանը, օրինակ, անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով[12]: Տարբերակման այս գաղափարն իր արտացոլումն է գտել նաև ՀՀ գործող քրեական օրենսգրքում. այսպես՝ օրենսգրքի 8-րդ և 9-րդ հոդվածների համադրված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող նորմի համար նախատեսվում է հետադարձ ազդեցության անմիջական պահանջ, մինչդեռ անձի վիճակն այլ կերպ բարելավող դրույթի հետադարձությունը պայմանավորվում է օրենքով նախատեսված լինելու հանգամանքով[13]։ 18․ Վճռաբեկ դատարանը, Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի վերաբերյալ գործով որոշմամբ անդրադառնալով քրեական օրենսդրության հետադարձությամբ կիրառման դեպքերին, արձանագրել է, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվարկման տեսանկյունից քրեական նոր օրենքով անձին մեղսագրված հանցանքի տեսակի փոփոխությունն ինքնին չի կարող հետադարձ ներգործություն ունենալ, այսինքն, այս հարցի շրջանակներում օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու ինքնուրույն ցուցիչ չէ, և տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու մասին կարելի է խոսել բացառապես քրեական պատասխանատվությունից ազատելու ինստիտուտը կանոնակարգող՝ ՀՀ նախկին և գործող քրեական օրենսգրքերի ընդհանուր նորմերի հետ համադրված գնահատելու պարագայում։ Միևնույն ժամանակ անդրադառնալով օրենսդրական փոփոխությունների արդյունքում հանցանքի տեսակի և վաղեմության ժամկետների փոփոխության իրավիճակներին, մասնավորապես՝ այն դեպքին, երբ արարքի (հանցանքի) ծանրության աստիճանը նվազում է, իսկ այդ արարքի համար սահմանված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը չի փոփոխվում, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդրական փոփոխության արդյունքում պատժի մեղմացման հետևանքով նախկինում ծանր համարվող հանցանքը միջին ծանրության հանցանք հանդիսանալու դեպքում կիրառելի է մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու կանոնը՝ հանցանքի տեսակի և պատժի մասով, այսինքն՝ արարքը պետք է որակվի ՀՀ գործող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ անթույլատրելի է օրենքի փոփոխության արդյունքում հետադարձության կանոնների կիրառմամբ ստացված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը (տասը տարին) համեմատել ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի (հինգ տարի) հետ։ Նման համեմատությունը սկզբունքորեն չի համապատասխանի ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնի էությանն ու նշանակությանը: Հակառակ մոտեցումը հանգեցնում է այնպիսի իրավիճակի, որ արարքի կատարման պահին ծանր հանցագործություն համարվող արարքի պարագայում անձի նկատմամբ կիրառվում է արարքի կատարման պահին միջին ծանրության հանցանքի համար նախատեսված կարգավորումը, որը որևէ պարագայում կիրառելի չէր[14]։ 18․1․ Նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը, Ռոբերտ Գրիգորյանի վերաբերյալ գործով որոշմամբ անդրադառնալով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքն անձին մեղսագրված լինելու դեպքին, արձանագրել է, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալը, համաձայն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի, դասվում էր ծանր հանցագործությունների շարքին, որի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը տասը տարի էր։ ՀՀ գործող քրեական օրենսգրքով 436-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին։ Միևնույն ժամանակ, օրենսդիրը ՀՀ գործող քրեական օրենսգրքի ընդհանուր մասում՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու կարգը սահմանող 83-րդ հոդվածում, սահմանել է, որ միջին ծանրության հանցանքի դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել է տասը տարի[15]։ 19․ Վերահաստատելով վերը մեջբերված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կ․Հակոբյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղսագրված արարքը ՀՀ գործող քրեական օրենսգրքի առկա կարգավորումների համատեքստում թեև դասվել է միջին ծանրության հանցագործությունների շարքին, սակայն քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի տեսանկյունից երկու օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումը, ըստ որի՝ 2․750․000 ՀՀ դրամի չափով կաշառք տալու օժանդակության մեջ մեղադրվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքի կատարման պահից անցել է տասը տարի։ Վերոգրյալից հետևում է, որ գործող քրեական օրենսդրությամբ հանցանքի տեսակի փոփոխությունը քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների տեսանկյունից Կ․Հակոբյանի համար որևէ բարենպաստ հետևանք չի առաջացնում, քանզի վաղեմության ժամկետի առումով քրեական օրենսդրության նախկին և ներկա կարգավորումները նույնական են։ Այլ խոսքով՝ տվյալ դեպքում կաշառք տալու օժանդակության հանցանքի տեսակի փոփոխության հետևանքով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը, նախկին օրենսգրքի համեմատ, փոփոխությունների չի ենթարկվել, ուստի քննարկվող դեպքում քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը ենթակա է լուծման՝ տվյալ արարքի համար դրա կատարման պահին գործող քրեական օրենսդրությամբ նախատեսված ծանր հանցագործության համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվառմամբ։ 20․ Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.

- Կ․Հակոբյանին, ի թիվս այլնի, մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ առանձնապես խոշոր չափով կաշառք տալու օժանդակության համար[16],

- Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ Կ․Հակոբյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղսագրված արարքը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 1-ին մասին, և այդ արարքը, ըստ էության, դիտարկելով որպես միջին ծանրության հանցագործություն՝ գտել է, որ դրա համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների հաշվարկման մասով կիրառելի է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հնգամյա ժամկետը, որը լրացել է 2022 թվականի հոկտեմբերի 7-ին։ Արդյունքում Առաջին ատյանի դատարանը հանգել է այն հետևության, որ Կ․Հակոբյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդումը ևս պետք է դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով[17],

- Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ 2003 և 2021 թվականներին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքերի համապատասխանաբար 75-րդ և 83-րդ հոդվածների համեմատաիրավական վերլուծությունը վկայում է, որ 2021 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների մասով տվյալ դեպքում անձի վիճակը վատթարացնող օրենք է և կիրառելի չէ Կ․Հակոբյանի նկատմամբ, քանի որ նախ՝ սահմանում է վաղեմության ավելի երկար ժամկետներ, բացի այդ, վաղեմության ժամկետը, ի տարբերություն 2003 թվականին ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի, հաշվարկվում է հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից մինչև անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելը։ Արդյունքում Վերաքննիչ դատարանը հանգել է այն հետևության, որ վարույթի նյութերում առկա են քրեաիրավական օրենքը հետադարձությամբ կիրառելու իրավաչափ նախադրյալներ, որի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանը հանգել է ողջամիտ հետևության[18]։ 21․ Նախորդ կետում շարադրված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 17-19-րդ կետերում վկայակոչված նորմերի և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև Կ․Հակոբյանին վերագրվող՝ 2․750․000 ՀՀ դրամի չափով կաշառք տալու օժանդակությունը ՀՀ գործող քրեական օրենսգրքով դասվել է միջին ծանրության հանցանքների շարքին, սակայն վաղեմության ժամկետի հաշվարկի առումով օրենսդրական այդ փոփոխությունը Կ․Հակոբյանի համար բարենպաստ հետևանքներ չի առաջացնում, քանզի թե՛ նախկին, թե՛ գործող քրեական օրենքով անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նշված արարքը կատարելուց անցել է տասը տարի: Մասնավորապես ամբաստանյալ Կ․Հակոբյանին վերագրվող վերոնշյալ հանցանքը կատարման պահին եղել է ծանր, որի վաղեմության ժամկետը տասը տարի է: ՀՀ գործող քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու արդյունքում այդ հանցանքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, որի վաղեմության ժամկետը նույնպես տասը տարի է: Ուստի թե՛ նախկին, թե՛ գործող քրեական օրենսդրությունները թույլ են տալիս Կ․Հակոբյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղսագրվող հանցագործության վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով ազատել քրեական պատասխանատվությունից, եթե նշված հանցանքն ավարտվելու օրվանից անցել է տասը տարի։ Մինչդեռ ստորադաս դատարանների մոտեցումը ոչ իրավաչափորեն հանգեցրել է նրան, որ վերագրվող ենթադրյալ արարքը կատարելուց ընդամենը վեց տարի հինգ ամիս քսան օր անց Կ․Հակոբյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից այն դեպքում, երբ և՛ վերագրվող ենթադրյալ արարքի կատարման ժամանակ, և՛ գործող քրեական օրենքի համաձայն՝ այդ արարքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը տասը տարի է։

22. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կ․Հակոբյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդումը վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով դադարեցնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունն իրավաչափ չէ: 23․ Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը՝ դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է` կիրառել են 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որը տվյալ դեպքում ենթակա չէր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, ստորադաս դատարանների դատական ակտերը մասնակիորեն՝ Կ․Հակոբյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդումը վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով դադարեցնելու մասով, բեկանելու հիմք է։ Միևնույն ժամանակ, հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կ․Հակոբյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդումը վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով դադարեցնելու մասով պաշտպան Ս․Սեդոյանի միջնորդությունը պետք է մերժել: Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը նաև գտնում է, որ Կ․Հակոբյանի վերաբերյալ վարույթը` ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, պետք է փոխանցել Առաջին ատյանի դատարան` ըստ էության քննությունը շարունակելու համար[19]: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ ու 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Կարեն Վարդանի Հակոբյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի մարտի 27-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի մայիսի 27-ի որոշումը մասնակիորեն՝ Կարեն Վարդանի Հակոբյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդումը դադարեցնելու մասով, բեկանել։ 2․ Կարեն Վարդանի Հակոբյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդումը դադարեցնելու մասով պաշտպան Ս․Սեդոյանի միջնորդությունը մերժել և վարույթը փոխանցել ՀՀ հակակոռուպցիոն դատարան։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

Նախագահող` Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ

Դատավորներ` Ե․ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ա․ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ

Ս․ՉԻՉՈՅԱՆ

Դ.ՎԵՔԻԼՅԱՆ

Ծանոթագրություններ

[1] Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 80-82։

[2] Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 101-112։

[3] Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 32-49։

[4] Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Վարուժան Ավետիսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ՍԴ3/0013/01/11, Դավիթ Սիմիդյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԷԴ/0122/01/13, Վարդան Ղազարյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԱՎԴ/0002/01/14 որոշումները։ [5] Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Դավիթ Սիմիդյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ին կայացված թիվ ԵԷԴ/0122/01/13 որոշումը։ [6] Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Սարգիս Գրիգորյանի գործով 2024 թվականի հուլիսի 26-ի թիվ ՀԿԴ/0054/01/22 որոշման 11․1-12-րդ կետերը։ [7] Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

[8] Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

[9] Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։

[10] Այս կապակցությամբ տե՛ս նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ C.R. v. THE UNITED KINGDOM գործով 1995 թվականի նոյեմբերի 22-ի վճիռը, գանգատ թիվ 20190/92, §32, S.W. v. THE UNITED KINGDOM գործով 1995 թվականի նոյեմբերի 22-ի վճիռը, գանգատ թիվ 20166/92, §34։ [11] Տե՛ս, mutatis mutandis, ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2011 թվականի նոյեմբերի 29-ի թիվ ՍԴՈ-1000 որոշումը։ [12] Տե՛ս, mutatis mutandis, ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշումը։ [13] Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Վանիկ Առուստամյանի գործով 2024 թվականի փետրվարի 22-ի թիվ ԼԴ/0004/12/22 որոշումը։ [14] Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի գործով 2024 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԱՔԴ/0196/01/17 որոշումը։ [15] ՀՀ վճռաբեկ դատարանի՝ Ռոբերտ Գրիգորյանի վերաբերյալ գործով 2024 թվականի օգոստոսի 28-ի թիվ ՀԿԴ2/0023/01/22 որոշումը։ [16] Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

[17] Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

[18] Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։

[19] Այս կապակցությամբ տե՛ս նաև Վճռաբեկ դատարանի՝ Նարեկ Պեպանյանի վերաբերյալ գործով 2024 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԱՔԴ/0150/01/16 որոշումը։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
16 դեկտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ՀԿԴ1/0028/01/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել