Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/Մաթևոսյան — ՀԿԴ/0121/01/22
ՎճռաբեկԿոռուպցիոն քրեականAI Ինդեքսավորված

Մաթևոսյան — ՀԿԴ/0121/01/22

Վճռաբեկ դատարանՀԿԴ/0121/01/2226 օգոստոսի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 3. Սույն օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացությունները · Հոդված 9. Քրեական օրենսդրության հետադարձ ուժը · Հոդված 439. Պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու նպատակով ապօրինի վարձատրություն տալը
PDF

Ամփոփում

Գործի համարը: ՀԿԴ/0121/01/22 Դիմող / մեղադրյալ Անուն: Միհրդատ Ազգանուն: Մաթևոսյան Հայրանուն: Դատական ակտի ընդունման ամսաթիվը: 26.08.2024 ՀՀ Քրեական օրենսգիրք: Հոդված 3. Սույն օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացությունները, Հոդված 9. Քրեական օրենսդրության հետադարձ ուժը, Հոդված 439. Պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու նպատակով ապօրինի վարձատրություն տալը

Ամբողջ Տեքստ

ՀԿԴ/0121/01/22

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության

հակակոռուպցիոն դատարան,

նախագահող դատավոր՝ Տ․Դավթյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,

նախագահող դատավոր` Ա․Հովհաննիսյան

2024 թվականի օգոստոսի 26-ին քաղաք Երևանում

ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆԻ

Ս.ՉԻՉՈՅԱՆԻ

Դ․ՎԵՔԻԼՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով Միհրդատ Միշայի Մաթևոսյանի վերաբերյալ

ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2024 թվականի մարտի 7-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանի վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2023 թվականի սեպտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) է ստացվել թիվ 62239022 քրեական գործն ըստ մեղադրանքի Մ․Մաթևոսյանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 312․2-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ), և մյուսների։

2. Հիմնական դատալսումների ընթացքում, Առաջին ատյանի դատարանի 2024 թվականի հունվարի 26–ի որոշմամբ պաշտպան Գ․Գրիգորյանի միջնորդությունը բավարարվել է և մեղադրյալ Մ․Մաթևոսյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312․2-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ) հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։

3. ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Կ․Սերոբյանի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի 2024 թվականի մարտի 7-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի 2024 թվականի հունվարի 26-ի որոշումը թողնվել է անփոփոխ։

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2024 թվականի մարտի 7-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, դրանք հիմնավորող փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքաբերը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը վիճարկվող որոշմամբ թույլ է տվել դատական սխալ՝ նյութական օրենքի խախտում, այն է՝ սխալ է մեկնաբանել և կիրառել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով, 9-րդ և 83-րդ հոդվածներով, ինչպես նաև ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված իրավադրույթները, ինչն ազդել է վարույթի ելքի վրա։ 5․1․ Այսպես՝ բողոքաբերը, մեջբերելով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի, 439-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի, կարգավորումները, նշել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքով հանցագործությամբ պատճառված վնասի, այդ թվում՝ ապօրինի վարձատրություն տալու և ստանալու չափերը, բացառությամբ հատուկ մասում նախատեսված դեպքերի, տեղ են գտել ոչ թե կոնկրետ հոդվածներում, այլ ներառվել են քրեական օրենսգրքի հիմնական հասկացությունները սահմանող 3-րդ հոդվածում: Ընդ որում՝ նախատեսվել են հստակ և կոնկրետ չափեր, որոնք վերաբերելի են ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասում տեղ գտած բոլոր հանցակազմերին, այդ թվում՝ ապօրինի վարձատրություն տալուն, ինչի մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ նշված հանցակազմը, ի թիվս այլնի, նախատեսում է նաև հիշյալ արարքը որակյալ դարձնող հանգամանքները, մասնավորապես՝ հանցանքը խոշոր և առանձնապես խոշոր չափերով կատարելը: Բողոքաբերի պնդմամբ՝ ստորադաս դատարանները դատական ակտեր կայացնելիս հաշվի չեն առել քննարկվող նորմերը դրանք ընդունող մարմնի կողմից հետապնդվող նպատակի համատեքստում մեկնաբանելու պահանջը, որպիսի նպատակի հետ անհամատեղելի է այն փաստարկը, որը ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով սահմանված նորմը կիրառելի չէ ապօրինի վարձատրություն տալու չափերի նկատմամբ: 5․2․ Միևնույն ժամանակ, բողոքի հեղինակը, մեջբերելով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 8-րդ, 9-րդ, 83-րդ, 439-րդ, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ, 312․2-րդ հոդվածների կարգավորումները, և դրանց լույսի ներքո անդրադառնալով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով Մ․Մաթևոսյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312․2-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ) քրեական հետապնդումը դադարեցնելու իրավաչափությանը, նշել է, որ Մ․Մաթևոսյանին վերագրվող հանցանքները դասվել են միջին ծանրության հանցագործությունների շարքին, որոնց կատարման համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը հանդիսացել է հինգ տարին: Մ․Մաթևոսյանի արարքները ներկայումս համապատասխանում են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 439-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին, որը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, իսկ դրա կատարման համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետ է սահմանվել տասը տարին: Բողոքաբերի պնդմամբ՝ եթե Մ․Մաթևոսյանի արարքին տրվել է իրավական գնահատական ՀՀ գործող քրեական օրենսգրքի կարգավորումներով այն պատճառաբանությամբ, որ այդ օրենքը մեղմացնում է անձի պատիժը, ապա վերջինիս քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետները պետք է ևս հաշվարկվեն նույն օրենսգրքի դրույթներին համապատասխան:

6. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի մարտի 7-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Մ․Մաթևոսյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312․2–րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ) այն բանի համար, որ ․ «(…) Նա 2021 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին և 2021 թվականի դեկտեմբերի 7-ից 8-ն ընկած ժամանակահատվածում Վիգեն Գրիգորյանին երկու դրվագով անձամբ տվել է խոշոր չափերով ապօրինի վարձատրություն, որպեսզի նա, իր իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելով, նպաստի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի լիազորությունների շրջանակներում գործողություն կատարելուն։ Այսպես՝ Միհրդատ Մաթևոսյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ՓԾ ՀԱԷԿ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատի խմբի հրամանատար Արտակ Պետիկի Բեյբությանից տեղեկացված լինելով, որ վերջինի ծանոթ Վիգեն Գրիգորյանը մտերիմ հարաբերություններ ունի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի հետ, որպիսի հանգամանքով պայմանավորված՝ ունի որդուն՝ Մանվել Մաթևոսյանին, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունում աշխատանքի ընդունելու հարցը գումարի դիմաց լուծելու իրական հնարավորություն, ինչի մասին Վիգեն Գրիգորյանը մինչ այդ հայտարարել էր Արտակ Բեյբությանին։ Վերջինի միջոցով Միհրդատ Մաթևոսյանը կապ է ստեղծել Վիգեն Գրիգորյանի հետ և նրա հետ ունեցած քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2021 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Արմավիրի մարզի Արշալույս համայնքում Միհրդատ Մաթևոսյանը Վիգեն Գրիգորյանին տվել է խոշոր չափերով՝ 819.876 ՀՀ դրամին համարժեք 1.700 ԱՄՆ դոլար գումարի տեսքով ապօրինի վարձատրություն: Այնուհետև՝ 2021 թվականի նոյեմբերի 19-ին Մանվել Մաթևոսյանը նշանակվել է ՀՀ ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության «ՀԱԷԿ»-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատի հրշեջ փրկարարի պաշտոնին Բացի այդ, Միհրդատ Մաթևոսյանը, կրկին Արտակ Պետիկի Բեյբությանից տեղեկացված լինելով, որ վերջինի ծանոթ Վիգեն Գրիգորյանը մտերիմ հարաբերություններ ունի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի հետ, որպիսի հանգամանքով պայմանավորված՝ ունի իր ազգականին՝ Էդգար Ծատուրյանին, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունում աշխատանքի ընդունելու հարցը գումարի դիմաց լուծելու իրական հնարավորություն, ինչի մասին Վիգեն Գրիգորյանը մինչ այդ հայտարարել էր, Արտակ Բեյբությանի միջոցով դարձյալ կապ է ստեղծել Վիգեն Գրիգորյանի հետ: Վերջինի հետ ունեցած քննարկումների և սակարկությունների արդյունքում՝ Էդգար Ծատուրյանին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունում աշխատանքի ընդունելու համար, Միհրդատ Մաթևոսյանը երկու չափաբաժնով՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ին Արմավիրի մարզի Արշալույս համայնքում և դեկտեմբերի 8-ին Արմավիրի մարզի Աղավնատուն համայնքում՝ Վիգեն Գրիգորյանին տվել է ընդհանուր խոշոր չափերով՝ 834.751 ՀՀ դրամին համարժեք 1.700 ԱՄՆ դոլար գումարի տեսքով ապօրինի վարձատրություն (...)»[1]:

8. Քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն. «(...) ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պահանջագրի համաձայն՝ Միհրդատ Մաթևոսյանի վերաբերյալ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանում բացի սույն գործի տվյալներից՝ վերջինի դատապարտման, պատժի կրման, պատժից ազատման, հետախուզման մեջ գտնվելու, ինչպես նաև նրա նկատմամբ ներում շնորհելու կամ համաներում կիրառելու վերաբերյալ տեղեկություններ չկան։ Վերոգրյալ իրավական նորմերի և ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Դատարանն փաստում է, որ սույն գործով Միհրդատ Մաթևոսյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը լուծելիս ՀՀ քրեական օրենսգիրքն անձի վիճակը բարելավում է, իսկ ենթադրյալ արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված է, որ նմանատիպ նորմերը ևս ունեն հետադարձ ուժ, ուստի այն ունի հետադարձ ուժ և դրա՝ անձի վիճակը բարելավող դրույթները տարածվում են մինչև դրա ուժի մեջ մտնելը ենթադրաբար հանցանք կատարած Միհրդատ Մաթևոսյանի նկատմամբ։ Տվյալ դեպքում տեղի է ունեցել նյութական օրենսդրության փոփոխություն, որը կիրառելի է սույն փաստական հանգամանքների նկատմամբ։ Այսպես՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը մեղսագրվող արարքի խոշոր չափ էր համարում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հազարապատիկը չգերազանցող գումարը (արժեքը), իսկ առանձնապես խոշոր չափ՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը): 2022 թվականի հուլիսի 1–ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 3–րդ հոդվածի 3–րդ մասի 17–րդ կետի համաձայն՝ հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը` սույն օրենսգրքում հափշտակված գույքի, պատճառված գույքային վնասի, հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի մանր չափ է համարվում 500.000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), առանձնապես խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը), բացառությամբ սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերի։ Տվյալ դեպքում Միհրդատ Մաթևոսյանին առաջադրվել է մեղադրանք 1.700 ԱՄՆ դոլարին համարժեք 819.876 ՀՀ դրամ և 1.700 ԱՄՆ դոլարին համարժեք 834.751 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն տալու համար, որոնք ենթադրաբար կատարվել են ՀՀ քրեական նախկին օրենսգրքի գործողության ժամանակ և համապատասխանել է առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն տալուն։ Իրականացված օրենսդրական փոփոխությունների արդյունքում ՀՀ քրեական նոր օրենսգիրքը, ի տարբերություն կաշառք կամ ապօրինի վարձատրություն ստանալու չափերի, չի սահմանում դրանց տալու չափեր, քանի որ քրեական օրենսդրության մեջ նկարագրված են միայն հափշտակված գույքի, պատճառված գույքային վնասի, հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը, այլ ոչ թե դրանք տալու, փոխանցելու, հանձնելու, հետևաբար՝ բացակայում է այն որակյալ դարձնող հանգամանքը և անձի արարքը ենթակա է վերաորակման ՀՀ քրեական օրենսգրքի 439–րդ հոդվածի 1–ին մասով։ Այլ կերպ ասած՝ գործող ՀՀ քրեական օրենսգրքի պայմաններում անկախ փոխանցված կամ տրված գումարի չափից, անձին չի կարող մեղադրանք առաջադրվել համապատասխան հոդվածի այն ծանրացնող կամ առավել ծանրացնող հանգամանքներով, որոնք կապված են չափերի հետ՝ խոշոր կամ առանձնապես խոշոր չափերով կատարված, քանի որ օրենսգիրքն այդ չափերը չի սահմանել, դրանց վերաբերյալ դրույթ չի նախատեսել, ուստի այլ ծանրացնող հանգամանքների բացակայության դեպքում, յուրաքանչյուր պարագայում ապօրինի վարձատրություն տալը պետք է որակվի որպես հասարակ հանցակազմով կատարված։ Սույն դեպքում, նկատի ունենալով, որ Միհրդատ Մաթևոսյանին առաջադրված մեղադրանքը որակյալ դարձնող հանգամանք բացառապես հանդիսացել է գումարի չափը, որը ինչպես արդեն իսկ նշվել է ՀՀ քրեական օրենսգրքով որոշակիացված և նախատեսված չէ, որպես պատիժը մեղմացնող օրենք պետք է տալ հետադարձ ուժ և արձանագրել, որ վերջինի կատարած արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի օրենսգրքի 439–րդ հոդվածի 1–ին մասին։ Ուստի տեղի է ունեցել անձի վիճակը բարելավվող օրենսդրական փոփոխություն և վերջինի ենթադրաբար կատարած արարքի իրավական գնահատականը որոշելիս կիրառելի է ոչ թե արարքի կատարման պահին գործող, այսինքն՝ 2003 թվականի ապրիլի 18–ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը, այլ 2021 թվականի մայիսի 25–ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը։ Հետևաբար՝ Միհրդատ Մաթևոսյանին մեղսագրվող արարքները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 439–րդ հոդվածի 1–ին մասին /2 դրվագ/ որն, ըստ բնույթի և հանրության համար վտանգավորության աստիճանի, դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին։ Ելնելով վերոգրյալից՝ Դատարանը գտնում է, որ Միհրդատ Մաթևոսյանին մեղսագրվող 2003 թվականի ապրինի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքի 312.2-րդ հոդվածի 2–րդ մասով նախատեսված արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 439–րդ հոդվածի 1–ին մասին։ Անդրադառնալով հանրային մեղադրողի այն դիրքորոշմանը, որ որպես ապօրինի վարձատրություն տալու խոշոր և առանձնապես խոշոր չափ պետք է հիմք ընդունել ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով սահմանված չափերը, քանի որ դա բխում է քրեական օրենսգրքի նպատակից, ապա Դատարանը, ինչպես 2023 թվականի դեկտեմբերի 22–ին Տիգրան Գասպարյանի վերաբերյալ կայացված որոշմամբ, այնպես էլ ներկայում գտնում է, որ նմանատիպ մեկնաբանումն ուղղակիորեն կհակասի ՀՀ քրեական օրենսգրքի սկզբունքներին։ Դատարանի դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ արարքի կատարման պահին գործող՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը սահմանում էր իմպերատիվ արգելք՝ քրեական օրենքն անալոգիայով կիրառելու հարցում, մասնավորապես՝ նույն օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քրեական օրենքն անալոգիայով կիրառելն արգելվում է։ Միաժամանակ, ՀՀ քրեական օրենսգրքի 4-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն՝ քրեական օրենքի Հատուկ մասի նորմերն անալոգիայով կիրառելն արգելվում է: Քրեական օրենքի Ընդհանուր մասի նորմերը կարող են անալոգիայով կիրառվել, եթե դա չի վատթարացնում անձի վիճակը: Չնայած այն հանգամանքին, որ հանրային մեղադրողի նշած չափերը նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր մասում, սակայն դրանց կիրառումը վատթարացնում է անձի վիճակը, քանի որ այդ չափերը հիմք ընդունելու պայմաններում, այն դեպքում, երբ դրանք նախատեսված չեն տալու, հանձնելու, փոխանցելու համար, անձի համար կնախատեսեն ավելի խիստ պատասխանատվություն, ուստի անալոգիայի կիրառմամբ անձի վիճակն ինքնըստինքյան կվատթարացվի։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ Դատարանը գտնում է, որ հանրային մեղադրողի դիրքորոշումն անընդունելի է և չի բխում ՀՀ քրեական օրենսգրքի դրույթներից, ավելին՝ հակասում է դրանց։ ՀՀ քրեական օրենսգրքի 83–րդ հոդվածի 1–ին մասի 1–ին կետի համաձայն՝ անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել է 5 տարի, իսկ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75–րդ հոդվածի 1–ին մասի 1–ին կետի համաձայն՝ անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են 2 տարի։ Վերոգրյալի արդյունքում Դատարանը գալիս է այն եզրահանգման, որ վաղեմության ժամկետի մասով կատարված օրենսդրական փոփոխությունները կիրառելի չեն Միհրդատ Մաթևոսյանի նկատմամբ, քանի որ այդ փոփոխությունը չի բարելավում, ավելին՝ վատթարացնում է անձի իրավական վիճակը։ Դատարանի դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ կատարված օրենսդրական փոփոխությունները՝ վաղեմության ժամկետների հաշվարկման տեսանկյունից, վատթարացնում են անձի վիճակը, քանի որ արարքի կատարման պահին գործող, այսինքն՝ 2003 թվականի ապրիլի 18–ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով, անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել է 2 տարի, իսկ նոր օրենսդրական փոփոխությունների արդյունքում նշված ժամկետն ավելացվել՝ խստացվել է՝ դառնալով 5 տարի։ Միհրդատ Մաթևոսյանն իրեն մեղսագրվող արարքներից առաջինը ենթադրաբար կատարել է 2021 թվականի հուլիս–օգոստոս ամիսներին, իսկ մյուսը՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ից 8-ն ընկած ժամանակահատվածում և այդ ժամանակ գործող օրենքն է հանդիսացել 2003 թվականի ապրիլի 18–ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը, որից հետո՝ 2022 թվականի հուլիսի 1–ին ուժի մեջ է մտել նոր ՀՀ քրեական օրենսգիրքը։ Հաշվի առնելով այն, որ արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են դա կատարելու ժամանակ գործող օրենքով, իսկ հետադարձության կանոններով նոր օրենսգիրքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ արարքի հանցավորությունը վերացնում է, պատիժը մեղմացնում կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավվում է և նկատի ունենալով, որ տվյալ պարագայում նոր օրենսդրությունը ոչ միայն անձի վիճակը չի բարելավվում, այլ ընդհակառակը՝ վատթարացնում է, ուստի Միհրդատ Մաթևոսյանի նկատմամբ վաղեմության ժամկետների հաշվարկման տեսանկյունից կիրառելի է արարքը կատարելու պահին գործող՝ 2003 թվականի ապրիլի 18–ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը։ Դատարանը, հաշվի առնելով, որ բացակայում են վաղեմության ժամկետի կասեցման, ընդհատման հիմքերը և նկատի ունենալով, որ մեղադրյալ Միհրդատ Մաթևոսյանին մեղսագրվող ոչ մեծ ծանրության հանցանքերն ավարտված համարելու օրվանից (վերջին ենթադրյալ գործողությունը կատարվել է 2021 թվականի դեկտեմբերի 8-ին) անցել է 2 տարի, գտնում է, որ թիվ ՀԿԴ/0121/01/22 քրեական գործով Միհրդատ Մաթևոսյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18–ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 312.2-րդ հոդվածի 2–րդ մասով /2 դրվագ/ (համապատաստխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 439–րդ հոդվածի 1–ին մասին) իրականացվող քրեական հետապնդումը պետք է դադարեցնել՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով: Ինչ վերաբերում է հնարավոր այն մեկնաբանմանը, որ վաղեմության ժամկետները պետք է հաշվել նոր ՀՀ քրեական օրենսգրքով և այն ոչ մեծ ծանրության հանցանքի համար անցած կհամարվի հանցանքը կատարելուց 5 տարի անց, ապա Դատարանը համակարծիք չէ այդ պնդմանը, քանի որ մասնակիորեն բարելավող և մասնակիորեն վատթարացնող օրենքը հետադարձ ուժ ունի միայն բարելավող մասով։ Ավելին՝ հարկ է նկատել այն հանգամանքը, որ հետադարձ ուժ է տրվում բացառապես նոր օրենսգրքով նախատեսված պատժին, այսինքն՝ համարվում է, որ ենթադրաբար կատարված հանցանքների համար նախատեսված առավել խիստ պատիժը հանդիսանում է 2 տարի ժամկետով ազատազրկումը, իսկ մյուս բոլոր հարցերը շարունակվում են լուծվել արարքի կատարման պահին գործող օրենքով, ինչպես որ սահմանված է ՀՀ քրեական օրենսգրքով։ Այլ կերպ ասած՝ Դատարանը գտնում է, որ անձի նկատմամբ կիրառվում է բացառապես իր կողմից կատարված արարքի պահին գործող օրենքը՝ իր բոլոր կարգավորումներով հանդերձ։ Միաժամանակ նոր օրենսդրությանը հետադարձ ուժ է տրվում ոչ թե ամբողջությամբ, այլ յուրաքանչյուր դրույթ առանձին-առանձին։ Եվ այն դրույթը, որը բարելավում է անձի վիճակը, այդ մասով կիրառվում է նոր օրենսդրությունը, իսկ այն դրույթները, որոնք արարքի կատարման պահին գործող օրենքի համեմատ ավելի վատթարացնում են անձի վիճակը կամ ըստ էության որևէ փոփոխության չեն ենթարկվում, ապա դրանց հետադարձ ուժ չի տրվում, և բացի բարելավող դրույթից, մյուս բոլոր հարցերը շարունակվում են լուծվել արարքի կատարման պահին գործող օրենքով։ Տվյալ դեպքում վաղեմության ժամկետը ոչ մեծ ծանրության հանցագործության համար 5 տարի սահմանելը հանդիսանում է անձի վիճակն այլ կերպ վատթարացնող և չի կարող կիրառելի համարվել մինչ այդ նորմն ուժի մեջ մտնելը հանցանք կատարած անձի նկատմամբ։ Դատարանի դիրքորոշումը բխում է ինչպես ենթադրյալ հանցանքները կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգիրքի այն նորմից, որ հետադարձ ուժ ունի նաև հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը, այնպես էլ 2022 թվականի հուլիսի 1-ից գործող ՀՀ քրեական օրենսգրքի 8–րդ հոդվածի 1–ին մասից, որով սահմանված է նաև, որ արարքի քրեաիրավական այլ հետևանքները (ինչպիսին հանդիսանում է վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հարցը) որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով: Այսպես՝ արարքի կատարման ժամանակ ոչ մեծ ծանրության հանցագործության համար որպես վաղեմության ժամկետ սահմանված է եղել 2 տարի, իսկ ներկայում գործող ՀՀ քրեական օրենսգիրքը այդ ժամկետը սահմանում է 5 տարի, որը նախ այլ կերպ վատթարացնում է անձի իրավական վիճակը և չի կարող կիրառվել մինչ այդ օրենքն ընդունվելը հանցանք կատարած անձի նկատմամբ, ապա նաև՝ որպես այլ քրեաիրավական հետևանք՝ ենթակա է կիրառման արարքի կատարման պահին գործող օրենքը, որը ինչպես արդեն իսկ նշվել է վաղեմության ժամկետ սահմանել է 2 տարի։ Այլ խոսքով՝ ինչպես նախկին, այլպես էլ գործող ՀՀ քրեական օրենսգրքերով սահմանված է, որ այլ կերպ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի, միաժամանակ գործող ՀՀ քրեական օրենսգիրքը նախատեսում է, որ այլ կերպ բարելավող օրենքը կարող է կիրառվել եթե նախատեսված է օրենքով, չնայած նրան, որ արարքը կատարելու պահին գործող օրենքով պարտադիր հետադարձ ուժ պետք է տրվեր նաև անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքին, ինչը վկայում է, որ նոր օրենքը վատթարացնում է անձի վիճակը և վաղեմության ժամկետի հաշվարկման տեսանկյունից (ժամկետն ավելացել է) չի կարող հետադարձ ուժ ունենալ, առավել ևս այն դեպքում, երբ ներկայում գործող օրենսգրքով հստակ սահմանված է, որ արարքի հանցավորությունը, պատժելիությունը և քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ վաղեմության ժամկետը, որպես քրեաիրավական այլ հետևանք, ենթակա է հաշվարկման այն կատարելու ժամանակ գործող օրենքով, եթե նոր օրենսգրքով անձի վիճակը չի բարելավվել։ Այսպիսով՝ Դատարանն արձանագրում է, որ քրեական հետապնդման վաղեմության ժամկետների հաշվարկը նոր օրենսդրությամբ հաշվարկելու պայմաններում հետադարձ ուժ կտրվի անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքին։ Անդրադառնալով Միհրդատ Մաթևոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցին հարցին՝ Դատարանը գտնում է, որ վերջինի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին, որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ենթակա է վերացման (...)»[2]։

9. Առաջին ատյանի դատարանի որոշումն անփոփոխ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն. «(...) Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նախ և առաջ անդրադառնալ սույն գործով հետադարձության կարգով 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև 2021 թվականին ընդունված քրեական օրենսգիրք) կիրառելիության, ինչպես նաև նույն օրենսգրքով սահմանված՝ ապօրինի վարձատրություն տալու հանցակազմի առարկա հանդիսացող՝ ապօրինի վարձատրության չափերի վերաբերյալ հարցին։ Այսպես, 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ: (…):

Նույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետն ամրագրում է. «Հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը՝ սույն օրենսգրքում հափշտակված գույքի, պատճառված գույքային վնասի, հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի մանր չափ է համարվում 500.000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը)»: Նույն օրենսգրքի 4-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը սահմանում են. «2. Քրեական օրենքի Հատուկ մասի նորմերն անալոգիայով կիրառելն արգելվում է։

3. Քրեական օրենքի Ընդհանուր մասի նորմերը կարող են անալոգիայով կիրառվել, եթե դա չի վատթարացնում անձի վիճակը։»։ 5.1.2. Սահմանադրության 79-րդ հոդվածն ամրագրում է. «Հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ»։ Հիմք ընդունելով վերը շարադրված վերլուծությունը՝ Վերաքննիչ դատարանը նախ հարկ է համարում նշել, որ 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 439-րդ հոդվածով սահմանված՝ ապօրինի վարձատրություն տալու հանցակազմի պարագայում օրենսդիրը, որպես այդ հանցանքը որակյալ դարձնող հանգամանքներ դիտարկելով «խոշոր չափը» և «առանձնապես խոշոր չափը», միևնույն ժամանակ, օրենսգրքի հատուկ մասում չի նախատեսել, թե խնդրո առարկա հանցակազմի առարկայի ո՞ր չափն է համարվում խոշոր, ո՞րը՝ առանձնապես խոշոր: Դրա հետ մեկտեղ հարկ է փաստել, որ նույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետում օրենսդիրը սահմանել է հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը, ինչից, սակայն, հետևում է, որ սահմանված այդ չափերը վերաբերելի չեն ապօրինի վարձատրություն տալու հանցակազմին, քանի որ «հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույք կամ օգուտ չափ» եզրույթը որևէ կերպ չի կարող նույնացվել ապօրինի վարձատրություն տալու դեպքում դրա առարկայի չափի հետ: Այլ կերպ` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ քննարկվող նորմը չի սահմանել ապօրինի վարձատրություն տալու հանցակազմի առարկա հանդիսացող՝ վարձատրության չափը: Վերոգրյալի հետ մեկտեղ Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի ձևավորած և վերը մեջբերված նախադեպային իրավական դիրքորոշումները, հարկ է համարում նշել, որ տվյալ դեպքում առկա օրենսդրական բացը չի կարող վերացվել, հաղթահարվել կամ լրացվել դատական մեկնաբանման միջոցով, քանի որ օրինականության սկզբունքի անքակտելի տարրն է քրեական օրենքը տարածական մեկնաբանելու և անալոգիայով կիրառելու արգելքը: Ընդ որում, պետք է փաստել, որ 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 4-րդ հոդվածի 3-րդ մասը ուղղակիորեն արգելում է քրեական օրենքի ընդհանուր մասի նորմերի անալոգիայով կիրառումը, եթե դա վատթարացնում է անձի վիճակը։ Այսպիսով, հաշվի առնելով այն, որ «խոշոր չափ» և «առանձնապես խոշոր չափ» հասկացություններն ինքնին ենթադրում են չափելի երևույթներ, և դրանք, օգտագործվելով քանակի, կշռի կամ արժեքի հատկանիշներով օժտված առարկաները բնութագրելիս, պայմանավորված չեն գործի կոնկրետ հանգամանքներով և օբյեկտիվորեն կարող են սահմանվել դրանցից վերացարկված, նկատի ունենալով նաև, որ քրեական օրենքի տարածական մեկնաբանումը և ընդհանուր մասի նորմերի՝ անձի վիճակի վատթարացման դեպքում անալոգիայով կիրառելը անթույլատրելի է` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 439-րդ հոդվածի իմաստով «խոշոր չափ» և «առանձնապես խոշոր չափ» հասկացությունների բովանդակությունը նույն օրենսգրքի ընդհանուր կամ հատուկ մասում սահմանված չլինելը օրենսդրական բաց է, որի հետևանքով նշյալ օրենսգրքի 439-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը և 3-րդ մասի 2-րդ կետը չեն համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին (բավարար չափով կանխատեսելի չեն), հետևաբար նաև դրանք անձին մեղադրելու հիմք չեն։ 5.3. Հիմք ընդունելով վերոշարադրյալը, և այդ համատեքստում նկատի ունենալով նաև 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը, նույն օրենսգրքի 439-րդ հոդվածով սահմանված ապօրինի վարձատրություն տալու հանցակազմի իմաստով «խոշոր չափ» և «առանձնապես խոշոր չափ» եզրույթների վերաբերյալ նախորդ կետում արված վերլուծությունը՝ Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Առաջին ատյանի դատարանի, ըստ էության, այն դատողությանը, որ մեղադրյալ Միհրդատ Մաթևոսյանին մեղսագրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի (ընդունված՝ 18.04.2003,ՀՕ-528-Ն) 312.2-րդ հոդվածի 2-րդ մասով` 2 (երկու) դրվագ, նախատեսված հանցավոր արարքները համապատասխանում են 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 439-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքին, հետևաբար, Միհրդատ Մաթևոսյանին մեղսագրվող արարքները պետք է գնահատել՝ որպես ենթադրաբար ապօրինի վարձատրություն տալու հասարակ տեսակ, որը ոչ մեծ ծանրության հանցանք է: 5.4. Անդրադառնալով վաղեմության ժամկետների և դրանց հաշվարկման կարգի վերաբերյալ բողոքում բերված փաստարկներին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է հետևյալը. 2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով»: 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է. «Արարքի հանցավորությունը, պատժելիությունը և քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով»: Նույն օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերը համապատասխանաբար սահմանում են. «1. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի:

6. Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ մասնակիորեն խստացնող օրենքը սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»: 2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները

1) երկու տարի՝ ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից,

(...) 2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը։ (...)»: 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի համաձայն. «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել են հետևյալ ժամկետները,

1) 5 տարի՝ ոչ մեծ ծանրության հանցանքի դեպքում

(...) 2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից մինչև անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելը (...)»: 5.4.1. Վերը մեջբերված նորմերի, մասնավորապես՝ 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված իրավադրույթի առնչությամբ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ հիշյալ նորմի բովանդակությունից հետևում է, որ հետադարձ ուժ ունի ոչ միայն պատիժը, այլև պատասխանատվությունը մեղմացնող օրենքը: Այլ կերպ՝ 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ պատիժը մեղմացնող օրենսդրությանը հետադարձ ուժ տալու վերաբերյալ նորմը պետք է դիտարկել նույն հոդվածի 6-րդ մասում սահմանված կանոնի հետ համակցված՝ հաշվի առնելով, որ հետադարձ ուժ ունի նաև պատասխանատվությունը մեղմացնող օրենքը և հակառակը՝ պատասխանատվությունը միաժամանակ խստացնող օրենքը չունի հետադարձ ուժ: Վերաքննիչ դատարանի սույն դիտարկումը հիմնված է Վճռաբեկ դատարանի ձևավորած հետևյալ նախադեպային իրավական դիրքորոշման վրա. «(…) Թեև ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասում խոսք է գնում պատիժը մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու մասին, այնուամենայնիվ, նույն հոդվածի 6-րդ մասում օրենսդիրն օգտագործում «պատասխանատվություն» եզրույթը՝ ընդգծելով, որ պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ մասնակիորեն խստացնող օրենքը հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեջբերված նորմերը փոխլրացնում են միմյանց և արտահայտում են օրենսդրի կամքը՝ դրանք մեկնաբանելու համակցված կերպով, այն է՝ պատժի մեղմացման շրջանակներում դիտարկելով նաև պատասխանատվության մեղմացումը և հակառակը (...)» (տե՛ս թիվ ԵԴ/1424/01/21 գործով Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 10-ի որոշման 20-րդ կետը): Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ նույն որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանը փաստել է նաև, ի թիվս այլնի, հետևյալը. «(...) (Քրեական պատասխանատվությունը բարդ և բազմաբովանդակ երևույթ է, որի էության, բովանդակության և ծավալների առումով դոկտրինալ աղբյուրներում մինչ այժմ միասնական ընդունված որևէ սահմանում առկա չէ: Միևնույն ժամանակ, կարելի է փաստել, որ քրեական պատասխանատվությունը ծագում է հանցանք կատարելու փաստով և ենթադրում է անձի պարտականությունը՝ կրելու պատասխանատվություն իր կատարած հանցանքի համար, արտահայտվում է պետության կողմից անձի արարքին տրվող բացասական գնահատականով և, որպես կանոն, եզրափակվում դատարանի դատավճռով անձի նկատմամբ քրեական պատժի նշանակմամբ: Վերոնշյալից հետևում է, որ քրեական պատասխանատվությունը շատ ավելի լայն երևույթ է և իր մեջ, ի թիվս այլնի, ներառում է նաև հանցանք կատարած անձի նկատմամբ նշանակվող պատիժը, այլ կերպ՝ քրեական պատասխանատվությունը և պատիժը հարաբերակցվում են որպես ամբողջ և մաս։ Ընդ որում, թեև քրեական պատասխանատվության իրագործման հիմնական ձևը հենց քրեական պատիժն է, այնուամենայնիվ, շատ դեպքերում քրեական պատասխանատվությունը կարող է իրագործվել՝ առանց վերոնշյալ փուլին հասնելու, օրինակ՝ քրեական պատասխանատվությունից ազատում նախատեսող նորմերի կենսագործման արդյունքում, մինչդեռ պատիժը քրեական պատասխանատվության սահմաններից դուրս գոյություն ունենալ չի կարող (...)»: 5.4.2. Սույն որոշման նախորդ կետում արված արձանագրումների հետ մեկտեղ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ 2003 և 2021 թվականներին ընդունված քրեական օրենսգրքերի համապատասխանաբար 75-րդ և 83-րդ հոդվածների համեմատաիրավական վերլուծությունը վկայում է, որ 2021 թվականին ընդունված քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների մասով տվյալ դեպքում անձի վիճակը վատթարացող օրենք է և կիրառելի չէ մեղադրյալ Միհրդատ Մաթևոսյանի նկատմամբ, քանի որ նախ՝ սահմանում է վաղեմության ավելի երկար ժամկետներ, բացի այդ, վաղեմության ժամկետը, ի տարբերություն 2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի, հաշվարկվում է մինչև անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելը։ 5.4.3. Վերը շարադրված վերլուծությունը համադրելով սույն վարույթի փաստերի հետ և բողոքի հիմքերի ու դրանք հիմնավորող փաստարկների սահմաններում դատական ստուգման ենթարկելով վիճարկվող որոշման իրավաչափությունը՝ Վերաքննիչ դատարանը ընդունելի չի համարում բողոքաբերի, ըստ էության, այն դիտարկումները, որ Առաջին ատյանի դատարանը տվյալ դեպքում ճիշտ չի կիրառել նյութական օրենքը: Այլ կերպ՝ հաշվի առնելով 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 8-րդ և 9-րդ հոդվածների 1-ին մասերը, ըստ որոնց՝ արարքի ինչպես հանցավորությունը և պատժելիությունը, այնպես էլ քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով, իսկ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի, նկատի ունենալով նաև նույն օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված քրեաիրավական նորմի, այդ թվում՝ դրանում ամրագրված «պատասխանատվություն» եզրույթի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի ձևավորած և սույն որոշման 5.4.1.-րդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումները՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, Միհրդատ Մաթևոսյանին մեղսագրված արարքների համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների հաշվարկման մասով առաջնորդվելով ենթադրյալ հանցավոր արարքները կատարելու պահին գործող՝ 2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի դրույթներով, գործել է իրավաչափ (...) [3]»: Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է․ իրավաչա՞փ են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն առ այն, որ ամբաստանյալ Մ․Մաթևոսյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312․2-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրվող արարքները համապատասխանում են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 439-րդ հոդվածի 1-ին մասին։ 11․ ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»։ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, հանցագործություն չի համարվել (…)»։ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 4-րդ հոդվածի համաձայն՝ «1. Ոչ ոք չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության այն արարքի համար, որը կատարման պահին հանցանք չի համարվել:

2. Քրեական օրենքի Հատուկ մասի նորմերն անալոգիայով կիրառելն արգելվում է:

3. Քրեական օրենքի Ընդհանուր մասի նորմերը կարող են անալոգիայով կիրառվել, եթե դա չի վատթարացնում անձի վիճակը»: 11.1. Մեջբերված նորմերը Վճռաբեկ դատարանը բազմիցս վերլուծության է ենթարկել իր նախադեպային որոշումների շրջանակներում՝ ընդգծելով, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր, որը բացարձակ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից որևէ շեղում անթույլատրելի է: Արարքի հանցավորությունն ու պատժելիությունը պետք է նախատեսված լինեն իրավական որոշակիության չափանիշին բավարարող օրենքով, ինչը ենթադրում է, որ անձը համապատասխան դրույթի տառացի ընկալումից և, անհրաժեշտության դեպքում, դրա կապակցությամբ դատարանների տված մեկնաբանությունից պետք է հասկանա, թե որ գործողությունների և անգործության համար է քրեական պատասխանատվություն նախատեսվում և ինչ պատիժ կնշանակվի այդ գործողությունների կատարման և/կամ անգործության համար[4]։ Անդրադառնալով դատական մեկնաբանության սահմաններին և օրենսդրական բացի հաղթահարման հիմնախնդրին՝ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ օրենքի՝ իրավական որոշակիության չափանիշին բավարարելն առաջին հերթին օրենսդրական կարգավորման խնդիր է, իսկ դատական մեկնաբանումը լրացնող դերակատարություն ունի: ՀՀ քրեական օրենսգրքի որևէ նորմում առկա օրենսդրական բացը չի կարող վերացվել, հաղթահարվել կամ լրացվել դատական մեկնաբանման միջոցով, քանի որ օրինականության սկզբունքի անքակտելի տարրն է քրեական օրենքը տարածական մեկնաբանելու և անալոգիայով կիրառելու արգելքը: Վերոնշյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը նշել է, որ եթե հանցակազմի պարտադիր հատկանիշը սահմանող հասկացության բովանդակության բացահայտումը կախված չէ գործի կոնկրետ հանգամանքներից, կարող է սահմանվել դրանցից վերացարկված, սակայն սահմանված չէ օրենքով, դատարանը, չունենալով գնահատման օբյեկտիվ չափանիշներ, զրկված է դրանք մեկնաբանելու հնարավորությունից: «Խոշոր չափ» և «առանձնապես խոշոր չափ» հասկացություններն ինքնին ենթադրում են չափելի երևույթներ։ Դրանք, օգտագործվելով քանակի, կշռի կամ արժեքի հատկանիշներով օժտված առարկաները բնութագրելիս, պայմանավորված չեն գործի կոնկրետ հանգամանքներով և օբյեկտիվորեն կարող են սահմանվել (և սահմանվում են) դրանցից վերացարկված։ Այսպես, ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի մի շարք նորմերում օգտագործելով «խոշոր չափ» և/ կամ «առանձնապես խոշոր չափ» եզրույթները՝ օրենսդիրը միաժամանակ հստակ սահմանել է, թե կոնկրետ առարկայի որ չափն է համարվում խոշոր, որը՝ առանձնապես խոշոր։ Հակառակ դեպքում իրավակիրառ մարմնի կողմից քննարկվող հասկացությունների կիրառումը կհանգեցնի կամայական մեղադրման, դատապարտման և պատժման, քանի որ գործի հանգամանքներով պայմանավորված չլինելու դեպքում բացակայում են իրավակիրառ մարմնի, այդ թվում՝ դատարանի կողմից այդ հասկացությունների բովանդակությունը որոշելու օբյեկտիվ չափանիշները[5]։ 12․ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ «1. Սույն օրենսգրքում օգտագործվում են հետևյալ հասկացությունները. (…)

17) հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը` սույն օրենսգրքում հափշտակված գույքի, պատճառված գույքային վնասի, հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի մանր չափ է համարվում 500.000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), առանձնապես խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը), բացառությամբ սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերի (…)»։ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 439-րդ հոդվածի համաձայն՝ «1. Պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած ազդեցությունն օգտագործելու նպատակով ապօրինի վարձատրություն տալը՝ պաշտոնատար անձի նկատմամբ իրական կամ ենթադրյալ ազդեցություն ունեցող անձին կամ նրա մատնանշած անձին, այդ ազդեցությունն օգտագործելու նպատակով անձամբ կամ միջնորդի միջոցով նրա կամ այլ անձի համար գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն առաջարկելը, խոստանալը կամ տրամադրելը` վարձատրություն տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունների կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով գործողություն կատարելու կամ չկատարելու համար՝ պատժվում է (…)։

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

(…)

2) խոշոր չափերով կամ

(…)

պատժվում է (…)։

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

(…)

2) առանձնապես խոշոր չափերով`

պատժվում է (…)»:

Ի տարբերություն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքով հափշտակության, պատճառված գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը սահմանվում են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածով՝ օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացությունների ներքո։ Վերոնշյալ չափերը ընդհանուր են ՀՀ գործող քրեական օրենսգրքի հատուկ մասով սահմանված բոլոր այն հանցակազմերի համար, որոնցում հանցագործության չափերը նախատեսված են որպես հանցակազմի պարտադիր հատկանիշ կամ հանցակազմը որակյալ կամ առավել որակյալ դարձնող հանգամանք, եթե կոնկրետ հանցակազմի շրջանակում այլ չափ սահմանված չէ (օրինակ՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի հոդվածներ 267-ը, 282-ը, 290-ը և այլն)։ 12․1․ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածով նախատեսված կաշառք տալու հանցակազմը որակյալ դարձնող «խոշոր» և «առանձնապես խոշոր» չափ հասկացությունների առնչությամբ Վճռաբեկ դատարանը Սարգիս Գրիգորյանի գործով արձանագրել է, որ դրանք չափելի երևույթների են, ուստի օրենսդիրը կա՛մ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի շրջանակներում՝ ընդհանուր հասկացությունների ներքո, կա՛մ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածով պետք է հստակ սահմաներ, թե կաշառք տալու հանցակազմի պարագայում որ չափն է համարվում խոշոր, որը՝ առանձնապես խոշոր, մինչդեռ, քրեական օրենսգրքի վերաբերելի նորմերի վերլուծությունը ցույց է տալիս, որ կաշառք տալու հանցակազմի պարագայում կաշառքի առարկայի խոշոր և առանձնապես խոշոր չափերը չեն բացահայտվել։ Այսպես՝ օրենսգրքի 3-րդ հոդվածի 17-րդ կետում խոսքը գնում է միայն հափշտակության, պատճառված գույքային վնասի, հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերի մասին, իսկ կաշառք տալու դեպքում կաշառքի առարկայի չափերը չեն կարող նույնացվել դրանցից որևէ մեկի հետ։ Անդրադառնալով հնարավոր այն մեկնաբանությանը, որ կաշառք տալու չափերը կարող են դիտարկվել հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի ներքո, Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ նման մեկնաբանումը կլինի խիստ տարածական և չի համապատասխանի օրենքի որոշակիության չափանիշներին, քանի որ վերոնշյալ դեպքում խոսքը գնում է գույքը կամ օգուտը հանցավոր ճանապարհով ձեռք բերելու կամ ստանալու, այլ ոչ թե տալու մասին։ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ առկա է օրենսդրական բաց, ինչը որևէ պարագայում չի կարող լրացվել կամ հաղթահարվել դատական մեկնաբանության միջոցով, քանզի դատական մեկնաբանման շրջանակները խստորեն սահմանափակված են օրինականության սկզբունքով, իսկ օրինականության սկզբունքի անքակտելի տարրն է քրեական օրենքը տարածական մեկնաբանելու և անալոգիայով կիրառելու արգելքը։ Արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը և 3-րդ մասի 2-րդ կետը չեն համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, բավարար չափով կանխատեսելի չեն, ուստի չեն կարող անձին դատապարտելու հիմք հանդիսանալ[6]։ 13․ Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ

- Մ․Մաթևոսյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312․2-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ) նախատեսված այն հանցավոր արարքների համար, որ նա 2021 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին և 2021 թվականի դեկտեմբերի 7-ից 8-ն ընկած ժամանակահատվածում Վ․Գրիգորյանին երկու դրվագով անձամբ տվել է խոշոր չափերով ապօրինի վարձատրություն, որպեսզի նա, իր իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելով, նպաստի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի լիազորությունների շրջանակներում գործողություն կատարելուն[7],

- Առաջին ատյանի դատարանը փաստել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի պայմաններում անկախ փոխանցված կամ տրված գումարի չափից, անձին չի կարող մեղադրանք առաջադրվել համապատասխան հոդվածի այն ծանրացնող կամ առավել ծանրացնող հանգամանքներով, որոնք կապված են չափերի հետ՝ խոշոր կամ առանձնապես խոշոր չափերով կատարված, քանի որ օրենսգիրքն այդ չափերը չի սահմանել, դրանց վերաբերյալ դրույթ չի նախատեսել, ուստի այլ ծանրացնող հանգամանքների բացակայության դեպքում, յուրաքանչյուր պարագայում ապօրինի վարձատրություն տալը պետք է որակվի որպես հասարակ հանցակազմով կատարված։ Արդյունքում Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ Մ․Մաթևոսյանին մեղսագրվող արարքները համապատասխանում են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 439–րդ հոդվածի 1–ին մասին, քանի որ առաջադրված մեղադրանքները որակյալ դարձնող հանգամանք բացառապես հանդիսացել է գումարի չափը, ուստի որպես պատիժը մեղմացնող օրենք ՀՀ գործող քրեական օրենսգրքի դրույթները կիրառելի են մեղադրյալի նկատմամբ և ունեն հետադարձ ուժ[8]։

- Վերաքննիչ դատարանն ամբողջությամբ ընդունելի է համարել Առաջին ատյանի դատարանի որոշման պատճառաբանությունները և արձանագրել, որ տվյալ դեպքում առկա է օրենսդրական բաց, որը չի կարող վերացվել, հաղթահարվել կամ լրացվել դատական մեկնաբանության միջոցով[9]։ 14․ Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշման 11-12.1.-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը կա՛մ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի շրջանակներում՝ ընդհանուր հասկացությունների ներքո, կա՛մ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 439-րդ հոդվածով պետք է հստակ սահմաներ, թե պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու նպատակով ապօրինի վարձատրություն տալու հանցակազմի պարագայում որ չափն է համարվում խոշոր, որը՝ առանձնապես խոշոր, մինչդեռ, քրեական օրենսգրքի վերաբերելի նորմերի վերլուծությունը ցույց է տալիս, որ հիշյալ հանցակազմի առարկայի խոշոր և առանձնապես խոշոր չափերը չեն բացահայտվել։ Այլ կերպ՝ քննարկվող դեպքում առկա է օրենսդրական բաց, ինչը որևէ պարագայում չի կարող լրացվել կամ հաղթահարվել դատական մեկնաբանության միջոցով, քանզի դատական մեկնաբանման շրջանակները խստորեն սահմանափակված են օրինականության սկզբունքով, իսկ օրինականության սկզբունքի անքակտելի տարրն է քրեական օրենքը տարածական մեկնաբանելու և անալոգիայով կիրառելու արգելքը։ Այսպիսով, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 439-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, բավարար չափով կանխատեսելի չէ, ուստի չի կարող անձին դատապարտելու հիմք լինել։ Վերոգրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների հետևություններն առ այն, որ ամբաստանյալ Մ․Մաթևոսյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312․2-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ) մեղսագրվող արարքները համապատասխանում են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 439-րդ հոդվածի 1-ին մասին (2 դրվագ), իրավաչափ են։ Անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկներին, որ ստորադաս դատարանները սխալ են մեկնաբանել ՀՀ գործող քրեական օրենսգրքի քննարկվող նորմերը՝ անտեսելով, հատկապես, քննարկվող նորմերը դրանք ընդունող մարմնի կողմից հետապնդվող նպատակի համատեքստում մեկնաբանելու պահանջը, որպիսի նպատակի հետ անհամատեղելի է այն փաստարկը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով սահմանված նորմը կիրառելի չէ ապօրինի վարձատրություն տալու չափերի նկատմամբ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ օրինականության սկզբունքը և «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» կանոնը պահանջում են, որ հանցավոր համարվող արարքները սահմանվեն բացառապես օրենքով և նկարագրվեն իրավական որոշակիության չափանիշին բավարարող եղանակով՝ բացառելով դրանց շատ լայն և տարածական մեկնաբանումը։ Վերոնշյալը սահմանադրորեն և միջազգային կոնվենցիաներով ամրագրված հիմնարար սկզբունք է և բացարձակ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, որից որևէ շեղում և բացառություն նախատեսված չէ՝ նույնիսկ պատերազմի կամ ազգի կյանքին սպառնացող այլ արտակարգ դրության ժամանակ[10]։ Հետևաբար, եթե քրեաիրավական նորմը չի բավարարում «օրենքին» ներկայացվող որակական չափանիշներին, այն չի կարող դրվել անձի դատապարտման հիմքում, որքան էլ որ կատարված արարքը լինի վտանգավոր և, ընդհանուր առմամբ, բխի օրենսդրի նպատակներից։

15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է․ իրավաչա՞փ են արդյոք ստորադաս դատարանների հետևությունները՝ Մ․Մաթևոսյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով դադարեցնելու վերաբերյալ:

16. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»։ ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:

2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով»։ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «1. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի:

2. Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ։ (...)

4. Հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթե դա նախատեսված է օրենքով։ (...)

6. Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ մասնակիորեն խստացնող օրենքը սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»: 16․1․ ՀՀ Սահմանադրության 72-73-րդ հոդվածներով ամրագրված երաշխիքները, որոնք նորմատիվ իրավական ակտի կիրառման սահմանադրական սկզբունք են, քրեաիրավական համակարգում առանցքային տեղ են գրավում, ինչը հատկապես ընդգծվում է այն հանգամանքով, որ փոփոխվող և զարգացող հասարակությունում կոնկրետ արարքի դեմ քրեաիրավական ներգործության նպատակահարմարությունը, դրա հանրային վտանգավորությունը կամ քրեականացված արարքը կատարած անձի իրավական վիճակը նորովի կարգավորվելու դեպքում, դատարանը, որպես քրեական դատավարությունում արդարադատության գործառույթով օժտված մարմին, պետք է քննարկման առարկա դարձնի օրենսդրական փոփոխության իրավական բնույթը, ըստ այդմ էլ՝ մինչ ընդունումը ծագած իրավահարաբերությունների վրա այն հետադարձութամբ տարածելու իրավական հնարավորությունը։ Հարկ է արձանագրել, որ ՀՀ Սահմանադրությամբ՝ ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության կանոնակարգումը հիմնվում է այն տրամաբանության վրա, որ իրավական ակտերի հետադարձ ուժով գործողության մերժումն ընդհանուր կանոն է, իսկ այդ ակտերի հետադարձ ուժով գործողության հնարավորությունը՝ բացառություն ընդհանուր կանոնից[11]։ Ընդ որում, բացառություններն իրենց հերթին տարբեր են. ա) երբ սահմանադիրը բացառում է որևէ հայեցողություն դրսևորելու հնարավորությունը՝ սահմանելով հետադարձության ուղիղ պահանջ, օրինակ, արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն օժտված է անմիջական գործողությամբ և բ) երբ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտին հետադարձ ուժ հաղորդելու լիազորությունը թողնվում է իրավասու՝ այդ ակտն ընդունող մարմնի հայեցողությանը, օրինակ, անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով[12]: Տարբերակման այս գաղափարն իր արտացոլումն է գտել նաև ՀՀ գործող քրեական օրենսգրքում. այսպես՝ օրենսգրքի 8-րդ և 9-րդ հոդվածների համադրված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող նորմի համար նախատեսվում է հետադարձ ազդեցության անմիջական պահանջ, մինչդեռ անձի վիճակն այլ կերպ բարելավող դրույթի հետադարձությունը պայմանավորվում է օրենքով նախատեսված լինելու հանգամանքով[13]։ 17․ Վճռաբեկ դատարանը, Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի վերաբերյալ գործով որոշմամբ անդրադառնալով քրեական օրենսդրության հետադարձությամբ կիրառման դեպքերին, արձանագրել է, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվարկման տեսանկյունից քրեական նոր օրենքով անձին մեղսագրված հանցանքի տեսակի փոփոխությունն ինքնին չի կարող հետադարձ ներգործություն ունենալ, այսինքն, այս հարցի շրջանակներում օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու ինքնուրույն ցուցիչ չէ, և տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու մասին կարելի է խոսել բացառապես քրեական պատասխանատվությունից ազատելու ինստիտուտը կանոնակարգող՝ ՀՀ նախկին և գործող քրեական օրենսգրքերի ընդհանուր նորմերի հետ համադրված գնահատելու պարագայում։ Միևնույն ժամանակ անդրադառնալով օրենսդրական փոփոխությունների արդյունքում հանցանքի տեսակի և վաղեմության ժամկետների փոփոխության իրավիճակներին, մասնավորապես՝ այն դեպքին, երբ արարքի (հանցանքի) ծանրության աստիճանը նվազում է, իսկ այդ արարքի համար սահմանված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը չի փոփոխվում, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդրական փոփոխության արդյունքում պատժի մեղմացման հետևանքով նախկինում ծանր համարվող հանցանքը միջին ծանրության հանցանք հանդիսանալու դեպքում կիրառելի է մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու կանոնը՝ հանցանքի տեսակի և պատժի մասով, այսինքն՝ արարքը պետք է որակվի ՀՀ գործող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ անթույլատրելի է օրենքի փոփոխության արդյունքում հետադարձության կանոնների կիրառմամբ ստացված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը (տասը տարին) համեմատել ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի (հինգ տարի) հետ։ Նման համեմատությունը սկզբունքորեն չի համապատասխանի ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնի էությանն ու նշանակությանը: Հակառակ մոտեցումը հանգեցնում է այնպիսի իրավիճակի, որ արարքի կատարման պահին ծանր հանցագործություն համարվող արարքի պարագայում անձի նկատմամբ կիրառվում է արարքի կատարման պահին միջին ծանրության հանցանքի համար նախատեսված կարգավորումը, որը որևէ պարագայում կիրառելի չէր[14]։ 18․ Նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, հաշվի առնելով սույն վարույթի փաստական հանգամանքները, անհրաժեշտ է դիտարկել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312․2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքն անձին մեղսագրված լինելու դեպքը։ Այսպես՝ խոշոր չափերով իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու համար ապօրինի վարձատրություն տալը, համաձայն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի, դասվում էր միջին ծանրության հանցագործությունների շարքին, որի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը հինգ տարի էր։ ՀՀ գործող քրեական օրենսդրությամբ 439-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքը դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին։ Միևնույն ժամանակ, օրենսդիրը ՀՀ գործող քրեական օրենսգրքի ընդհանուր մասում՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու կարգը սահմանող 83-րդ հոդվածում սահմանել է, որ ոչ մեծ ծանրության հանցանքի դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել է հինգ տարի։ Ուստի, ստացվում է, որ պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու նպատակով ապօրինի վարձատրություն տալը գործող քրեական օրենսգրքով թեև դասվել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին, սակայն քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի տեսանկյունից երկու օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումը, ըստ որի՝ պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու նպատակով ապօրինի վարձատրություն տալու մեջ մեղադրվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքի կատարման պահից անցել է հինգ տարի։ Վերոգրյալից հետևում է, որ գործող քրեական օրենսդրությամբ հանցանքի տեսակի փոփոխությունը քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների տեսանկյունից անձի համար որևէ բարենպաստ հետևանք չի առաջացնում, քանզի վաղեմության ժամկետի առումով քրեական օրենսդրության նախկին և ներկա կարգավորումները նույնական են։ Այլ խոսքով՝ պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու նպատակով ապօրինի վարձատրություն տալու հանցանքի տեսակի փոփոխության հետևանքով քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետը, նախկին օրենսգրքի համեմատ, փոփոխությունների չի ենթարկվել, ուստի, քննարկվող դեպքում, քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը ենթակա է լուծման՝ արարքի կատարման պահին գործող, ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցագործության կատարման համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվառմամբ։

19. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ․

- Մ․Մաթևոսյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312․2-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ) նախատեսված այն հանցավոր արարքների համար, որ նա 2021 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին և 2021 թվականի դեկտեմբերի 7-ից 8-ն ընկած ժամանակահատվածում Վ․Գրիգորյանին երկու դրվագով անձամբ տվել է խոշոր չափերով ապօրինի վարձատրություն, որպեսզի նա, իր իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելով, նպաստի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի լիազորությունների շրջանակներում գործողություն կատարելուն[15],

- Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ Մ․Մաթևոսյանին մեղսագրվող ենթադրյալ արարքները համապատասխանում են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 439-րդ հոդվածի 1-ին մասին, որը դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին։ Արդյունքում Առաջին ատյանի դատարանը գտել է, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը ենթակա է հաշվարկման Մ․Մաթևոսյանին մեղսագրվող ենթադրյալ հանցանքների կատարման պահին գործող օրենսգրքով ոչ մեծ ծանրության հանցագործությունների համար սահմանված վաղեմության ժամկետի հաշվարկման կանոնով[16],

- Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ 2021 թվականին ընդունված քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների մասով տվյալ դեպքում անձի վիճակը վատթարացող օրենք է և կիրառելի չէ մեղադրյալ Մ․Մաթևոսյանի նկատմամբ, քանի որ նախ՝ սահմանում է վաղեմության ավելի երկար ժամկետներ, բացի այդ, վաղեմության ժամկետը, ի տարբերություն 2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի, հաշվարկվում է մինչև անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելը։ Արդյունքում, Վերաքննիչ դատարանը գտել է, որ Առաջին ատյանի դատարանը, Մ․Մաթևոսյանին մեղսագրվող արարքների համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների հաշվարկման մասով առաջնորդվելով ենթադրյալ հանցավոր արարքները կատարելու պահին գործող քրեական օրենսգրքի դրույթներով, գործել է իրավաչափ: 20․ Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 16-18-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև Մ․Մաթևոսյանին վերագրվող հանցանքները ՀՀ գործող քրեական օրենսգրքով դասվել են ոչ մեծ ծանրության հանցանքների շարքին, սակայն նույն օրենսգրքի՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելը կանոնակարգող նորմերի համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ օրենսդրական այդ փոփոխությունը Մ․Մաթևոսյանի համար վաղեմության ժամկետների առումով բարենպաստ հետևանքներ չի առաջացնում, քանզի երկու օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումն առ այն, որ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքները ավարտվելուն հաջորդող օրվանից անցել է հինգ տարի։ Մասնավորապես, արարքի կատարման պահին մեղադրյալին վերագրվող հանցանքները եղել են միջին ծանրության, որի վաղեմության ժամկետը հինգ տարի է: ՀՀ գործող քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու արդյունքում մեղադրյալին վերագրվող հանցանքները դասվել են ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին, որոնց վաղեմության ժամկետը ևս հինգ տարի է: Այսինքն՝ թե՛ նախկին, թե՛ գործող քրեական օրենսդրությունները թույլ են տալիս մեղադրյալ Մ․Մաթևոսյանին վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով ազատել քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելու օրվանից անցել է հինգ տարի։ Մինչդեռ, ստորադաս դատարանների մոտեցումը ոչ իրավաչափորեն հանգեցրել է նրան, որ վերագրվող ենթադրյալ արարքները կատարելուց շուրջ երկու տարի անց մեղադրյալ Մ․Մաթևոսյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից, այն դեպքում, երբ, և՛ նախկին, և՛ գործող քրեական օրենքի համաձայն, վերջինիս քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը հինգ տարի է։

21. Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների հետևությունն առ այն, որ մեղադրյալ Մ․Մաթևոսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով վերջինիս քրեական պատասխանատվությունից ազատելու հարցը լուծելիս վաղեմության ժամկետը ենթակա է հաշվարկման արարքի կատարման պահին գործող՝ ոչ մեծ ծանրության հանցագործությունների վաղեմության ժամկետի հաշվարկման կանոնով, իրավաչափ չէ։

22. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը՝ դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է` կիրառել են 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-րդ կետը, որը սույն վարույթով ենթակա չէր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար։ Հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Մ․Մաթևոսյանի պաշտպան Գ․Գրիգորյանի միջնորդությունը պետք է մերժել։ 23․ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, պետք է ըստ էության քննության առնի Մ․Մաթևոսյանի վերաբերյալ քրեական գործը և արդյունքում հանգի համապատասխան հետևության։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ ու 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ՀԿԴ/0121/01/22 քրեական գործով Միհրդատ Միշայի Մաթևոսյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի հունվարի 26–ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի մարտի 7-ի որոշումը բեկանել և պաշտպան Գ․Գրիգորյանի միջնորդությունը մերժել։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

Նախագահող` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ

Դատավորներ` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ

Ս.ՉԻՉՈՅԱՆ

Դ․ՎԵՔԻԼՅԱՆ

Ծանոթագրություններ

[1] Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 1-113։

[2] Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 123-137։

[3] Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 21-42։

[4] Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Վարուժան Ավետիսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ՍԴ3/0013/01/11, Դավիթ Սիմիդյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԷԴ/0122/01/13, Վարդան Ղազարյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԱՎԴ/0002/01/14 որոշումները։ [5] Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Դավիթ Սիմիդյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ին կայացված թիվ ԵԷԴ/0122/01/13 որոշումը։ [6] Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Սարգիս Գրիգորյանի գործով 2024 թվականի հուլիսի 26-ի թիվ ԵԷԴ/0122/01/13 որոշումը [7] Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

[8] Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը

[9] Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։

[10] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ C.R. v. THE UNITED KINGDOM գործով 1995 թվականի նոյեմբերի 22-ի վճիռը, գանգատ թիվ 20190/92, §32, S.W. v. THE UNITED KINGDOM գործով 1995 թվականի նոյեմբերի 22-ի վճիռը, գանգատ թիվ 20166/92, §34։ [11] Տե՛ս, mutatis mutandis, ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2011 թվականի նոյեմբերի 29-ի թիվ ՍԴՈ-1000 որոշումը։ [12] Տե՛ս, mutatis mutandis, ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշումը։ [13] Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Վանիկ Առուստամյանի գործով 2024 թվականի փետրվարի 22-ի թիվ ԼԴ/0004/12/22 որոշումը։ [14] Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի գործով 2024 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԱՔԴ/0196/01/17 որոշումը։ [15] Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

[16] Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 օգոստոսի, 2024 թ.
Գործի #:
ՀԿԴ/0121/01/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել