Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Արշակունի — ԿԴ3/0450/02/13
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Արշակունի — ԿԴ3/0450/02/13

Վճռաբեկ դատարանԿԴ3/0450/02/1328 նոյեմբերի, 2014 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Լևոն Արշակունու ներկայացուցիչ Մարատ Գինոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.04.2014 թվականի որոշման դեմ` ըստ Լևոն Արշակունու հայցի ընդդեմ Կոմիտաս Հայրապետյանի, երրորդ անձ ՀՀ Կոտայքի մարզի Զովունու գյուղապետարանի` հողամաս մուտք գործելու արգելքները վերացնելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Լևոն Արշակունին պահանջել է պարտավորեցնել Կոմիտաս Հայրապետյանին վերացնել ՀՀ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 38-րդ փողոցի թիվ 3-3ա հասցեում գտնվող, Լևոն Արշակունուն սեփականության իրավունքով պատկանող 2 հողամաս մուտք գործելու արգելքները, այն

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ3/0450/02/13

Նախագահող դատավոր` Ա. Թումանյան

Դատավորներ`

Լ. Գրիգորյան

Գ. Մատինյան

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ3/0450/02/13

2014թ.

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

մասնակցությամբ դատավորներ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ե. ՍՈՂՈՄԱՆՅԱՆԻ

2014 թվականի նոյեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Լևոն Արշակունու ներկայացուցիչ Մարատ Գինոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.04.2014 թվականի որոշման դեմ` ըստ Լևոն Արշակունու հայցի ընդդեմ Կոմիտաս Հայրապետյանի, երրորդ անձ ՀՀ Կոտայքի մարզի Զովունու գյուղապետարանի` հողամաս մուտք գործելու արգելքները վերացնելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Լևոն Արշակունին պահանջել է պարտավորեցնել Կոմիտաս Հայրապետյանին վերացնել ՀՀ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 38-րդ փողոցի թիվ 3-3ա հասցեում գտնվող, Լևոն Արշակունուն սեփականության իրավունքով պատկանող

2

հողամաս մուտք գործելու արգելքները, այն է` հողամաս տանող ճանապարհն ազատել քարե պարսպից, ինչպես նաև Կոմիտաս Հայրապետյանից հօգուտ Լևոն Արշակունու բռնագանձել 55.000 ՀՀ դրամ` որպես փորձաքննության համար վճարված գումար, ինչպես նաև 150.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանական ծառայության գումար: ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Հեբոյան) (այսուհետ` Դատարան) 14.02.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.04.2014 թվականի որոշմամբ Կոմիտաս Հայրապետյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` բեկանվել է Դատարանի 14.02.2014 թվականի վճիռը, և գործն ուղարկվել է նոր քննության: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լևոն Արշակունու ներկայացուցիչը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 202-րդ, 277-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները:

Մասնավորապես` Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Կոմիտաս Հայրապետյանն ակնհայտորեն դուրս է եկել իր հողամասի սահմաններից, ճանապարհի վրա կատարել է ինքնակամ կառուցապատում, ինչի հաշվին դեպի Լևոն Արշակունու հողամաս տանող ընդհանուր օգտագործման ճանապարհն ավտոմեքենաների համար դարձել է անանցանելի, ուստի վիճելի պարսպի օրինական լինելը պետք է ապացուցեր պատասխանողը:

Վերաքննիչ դատարանն անհարկի հղում է կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ կետին` հաշվի չառնելով, որ վեճի առարկան ոչ թե անձի սեփական հողամասում կամ ուրիշի հողամասում ինքնակամ կառույցի իրականացումն է, այլ ընդհանուր օգտագործման, համայնքային նշանակության ճանապարհի ինքնակամ զավթումն է և ապօրինի պարսպապատումը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով երրորդ անձի ներկայացուցչի կողմից տրված հայտարարությունն այն մասին, որ ճանապարհը նեղացվել է ոչ թե Կոմիտաս Հայրապետյանի կողմից, այլ համայնքային ճանապարհի մյուս կողմում հարևանի կողմից իր հողամասը բաժանելու և ցանկապատ տեղադրելու հետևանքով, գործում առկա այլ ապացուցների պայմաններում չէր կարող դիտվել և գնահատվել ինքնակամ կառուցապատումը հերքող ապացույց:

Ավելին, Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ հարևանի կողմից 1,20 մետր ճանապարհը նեղացնելու փաստի ընդունումը ոչ մի ապացույցով հիմնավորված չէ: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.04.2014 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 14.02.2014 վճռին:

3

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) կողմից 01.12.2010 թվականին տրված թիվ 2746955 սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն` Լևոն Արշակունին ՀՀ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 38-րդ փողոցի 3-3ա հասցեում գտնվող 0034-0048 կադաստրային համարի 0,1060հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի, դրա վրա տեղակայված 44,2քմ մակերեսով մառանի և 45,2քմ մակերեսով ավտոտնակի սեփականատերն է (հատոր 1-ին, գ.թ. 87-88):

2) Կոմիտեի կողմից 03.05.2011 թվականին տրված անշարժ գույքի թիվ 2809911 սեփականության

իրավունքի

գրանցման

վկայականի

համաձայն`

Կոմիտաս

Հայրապետյանը ՀՀ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 38-րդ փողոցի թիվ 3-4ա հասցեում գտնվող 0034-0049 կադաստրային համարի 0,0960հա մակերեսով տնամերձ հողամասի սեփականատերն է:

3) Կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի կողմից տրամադրված Զովունի համայնքի կադաստրային քարտեզի համաձայն` Լևոն Արշակունուն պատկանող հողամասի հարևանությամբ գտնվում է Կոմիտաս Հայրապետյանի հողամասը: Ըստ տվյալ կադաստրային քարտեզի` Լևոն Արշակունուն պատկանող հողամաս տանող միակ ճանապարհն անցնում է պատասխանողին պատկանող հողամասի հարևանությամբ և ճանապարհի լայնությունը կազմում է 5 մետր (հատոր 1-ին, գ.թ. 83-84):

4) <<ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ>> ՍՊԸ-ի կողմից 05.08.2013 թվականին տրված թիվ 157-01/Վ-013 հաշվետվության համաձայն` ավտոտնակ և մառան մուտք գործելու համար նախատեսված ընդհանուր օգտագործման ճանապարհի ձախ կողմը սահմանազատված է մետաղական ցանկապատով, իսկ աջ կողմում կառուցված է պարիսպ: Պարիսպը կառուցված է ոչ թե մառանի շինության եզրից, այլ 61սմ-ով ներկառուցված է հետազոտվող ճանապարհի մեջ, ինչի հետևանքով երկու կողմերից մառանի և ավտոտնակի համար նախատեսված ճանապարհը նեղացել է: Կառուցված պարսպի վերջին` 2,75 մետր երկարությամբ հատվածը դեպի հետազոտվող ճանապարհ, ունի 1,32 մետր շեղություն, ինչը հարմարեցված է հետագայում հարևան տնատիրության բակ մտնող մուտքի վրա մետաղական դարպաս տեղադրելու համար: Արդյունքում ավտոտնակ և մառան մուտք գործելու համար նախատեսված ճանապարհի աջ մասում պարիսպ կառուցելու հետևանքով հետազոտվող ճանապարհի մուտքի համար մնացել է 2,12 մետր լայնությամբ հատված: Ընդ որում, մառանի կողմից հետազոտվող ճանապարհը փոքրացել է 61սմ-ով, իսկ պարիսպի վերջնամասի թեքության պատճառով` 1,32 մետրով, ընդհանուրը` 1,93 մետրով (հատոր 1-ին, գ.թ. 69-78):

6) Սույն գործում առկա չէ որևէ բավարար ապացույց այն մասին, որ վեճի առարկա ճանապարհը նեղացել է համայնքային ճանապարհի մյուս կողմում հարևանի կողմից իր հողամասը բաժանելու և ցանկապատ տեղադրելու հետևանքով, ինչպես նաև ապացույց այն մասին, որ հարևանն ընդունում է, որ 1մ 20սմ-ի չափով նեղացրել է ճանապարհը:

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:

4

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նեգատոր հայցերի գործերով ապացուցման առարական պարզելու և ապացուցման դատավարական բեռը բաշխելու հարցերին: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա, իսկ նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:

Վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 48-րդ հոդվածի իրավական վերլուծությանը: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշակություն ունեցող փաստերը` ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տեԲս, Էդգար Մարկոսյանն և

Զարուհի Գևորգյանն ընդդեմ Սեդա Սարգսյանի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը): ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի պահանջել վերացնելու իր իրավունքների ամեն մի խախտում, թեկուզև այդ խախտումները զուգորդված չեն եղել տիրապետումից զրկելու հետ: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ հոդվածում նախատեսված իրավունքի ապահովումը հնարավոր է նեգատոր հայցի միջոցով, որը որպես սեփականության իրավունքի պաշտպանության միջոց ուղղված է սեփականատիրոջ կողմից գույքի օգտագործման և/կամ փաստացի տիրապետման իրավունքների իրացման խոչընդոտների վերացմանը: Նեգատոր հայցի ներկայացման հնարավորություն առաջանում է այն դեպքում, երբ գույքի սեփականատերը և երրորդ անձը վիճելի գույքի առնչությամբ չեն գտնվում պարտավորական հարաբերությունների մեջ, և երբ թույլ տրված իրավախախտումը չի հանգեցրել գույքի նկատմամբ սեփականության սուբյեկտիվ իրավունքի դադարման: Վերոնշյալ մկենաբանությունների ընդհանրացման արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ նեգատոր հայցի ներկայացման դեպքում միաժամանակ պետք է առկա լինեն հետևյալ երկու պայմանները.

1) հայցվորը հայցի հարուցման պահին պետք է լինի գույքի սեփականատեր կամ այլ օրինական (տիտղոսային) տիրապետող,

2) հայցի ներկայացման պահին պետք է առկա լինի երրորդ անձի կողմից թույլ տրված այնպիսի գործողություն կամ անգործություն, որը խոչընդոտի գույքի սեփականտիրոջը կամ օրինական (տիղոսային) այլ տիրապետողին օգտագործել և/կամ տնօրինել գույքը: Վերոնշյալ պայմանները որպես փաստ ներառվում են նեգատոր հայցերով հարուցված գործերի ապացուցման առարկայում: Այդուհանդերձ դրանք ապացուցման առարկան կազմող միակ փաստերը չեն: Ի թիվս վերոնշյալի` ապացուցման է ենթակա նաև երրորդ փաստը, այն է` գույքի օգտագործմանը և/կամ տիրապետմանը խոչընդոտող գործողության կամ անգործության իրավական լինելու փաստը: Նեգատոր հայցը սեփականության

5

իրավունքի պաշտպանության ինքնուրույն միջոց է, որն իր հիմքում ունի փաստերի առանձնահատուկ կազմ, հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր գործով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածը կիրառելիս դատարանները պետք է հաշվի առնեն տվյալ գործով ապացուցման առարկան և դրա հիմքը, որից հետո միայն կողմերի միջև ճիշտ բաշխեն ապացուցման պարտականությունը: Հիմք ընդունելով վերոնշյալ վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նեգատոր հայցերի դեպքում դատավարական բեռը բաշխելիս հայցվորն է կրում գույքի սեփականատերը լինելու և այդ գույքի օգտագործմանը և/կամ տիրապետմանը խոչընդոտող գործողության կամ անգործության փաստերն ապացուցելու պարտականությունը: Ինչ վերաբերում է երրորդ փաստին` գործողությունների կամ անգործության հակաիրավական բնույթին, ապա հայց ներկայացնելու պահին վերջիններիս առնչությամբ գործում է հակաիրավական լինելու կանխավարկածը, քանի դեռ պատասխանողը չի ապացուցել հակառակը: Հետևաբար նշված փաստի ապացուցման դատավարական բեռը կրում է պատասխանողը:

Սույն գործով Դատարանը հայցի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ գործում առկա ապացույցներով հաստատվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածի հիմքով հայցի հիմնավորված լինելը:

Վերաքննիչ դատարանը պատասխանող Կոմիտաս Հայրապետյանի վերաքննիչ բողոքը բավարարելիս և դատական ակտը բեկանելիս հիմք է ընդունել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ կետը և հանգել այն հետևության, որ հայցվոր Լևոն Արշակունին պարտավոր էր ապացուցել, որ կառուցված պարիսպն ինքնակամ կառույց է, և այդ ինքնակամ կառույցը, գտնվելով այլ անձի սեփականությունը հանդիսացող հողամասի (ընդհանուր օգտագործման ճանապարհ) վրա, սահմանափակել է իր հողամաս մուտք գործելու հնարավորությունը: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը նշել է, որ Դատարանը չի անդրադարձել և չի գնահատել ապացույցները, մասնավորապես` տեղազննության ժամանակ երրորդ անձի ներկայացուցչի կողմից կատարված այն հայտարարությունը, որ ճանապարհը նեղացվել է ոչ թե Կոմիտաս Հայրապետյանի կողմից, այլ համայնքային ճանապարհի մյուս կողմում հարևանի կողմից իր հողամասը բաժանելու և ցանկապատ տեղադրելու հետևանքով, իսկ հարևանն ընդունում է, որ 1մետր 20սմ-ի չափով նեղացրել է ճանապարհը:

Վերը նշված մեկնաբանությունների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի որոշման իրավաչափությանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերջինս սխալ եզրահանգման է եկել Դատարանի կողմից ապացուցման բեռի բաշխման հարցը գնահատելիս: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ապացուցման առարկան են կազմում հետևյալ փաստերը`

1)

Լևոն Արշակունու` ՀՀ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 38-րդ փողոցի թիվ 3-3ա հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատեր լինելը,

2)

կառուցված քարե պարսպի հետևանքով դեպի հայցվոր Լևոն Արշակունու` ՀՀ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 38-րդ փողոցի թիվ 3-3ա հասցեում գտնվող ավտոտնակ և մառան մուտք գործելու համար նախատեսված ընդհանուր օգտագործման ճանապարհի մուտքի` պատասխանողի կողմից նեղացումը,

3)

վիճելի պարսպի օրինական լինելը:

Նշված փաստերից առաջին երկուսի ապացուցման բեռը կրում է հայցվորը, քանի որ դրանք այն իրավաբանական փաստերն են, որոնք կազմում եմ նեգատոր հայցով դատարան դիմելու պայմանները: Երրորդ փաստի ապացուցման բեռը կրում է պատասխանողը: Ընդ որում, գործում է պարսպի` առանց իրավական հիմքի կառուցված լինելու կանխավարկածը, քանի դեռ հայցվորը չի ապացուցել հակառակը:

6

Հիմք ընդունելով վերը նշվածը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում առկա` հայցվոր Լևոն Արշակունու անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականով, պատասխանող Կոմիտաս Հայրապետյանի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականով, Կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի կողմից տրամադրված Զովունի համայնքի կադաստրային քարտեզից, ինչպես նաև <<ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ>> ՍՊԸ-ի կողմից 05.08.2013 թվականին տրված թիվ 157-01/Վ-013 հաշվետվությամբ հիմնավորվում է փաստն այն մասին, որ Կոմիտաս Հայրապետյանի կողմից կառուցված վիճելի քարե պարսպի հետևանքով դեպի հայցվոր Լևոն Արշակունու` ՀՀ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 38-րդ փողոցի թիվ 3-3ա հասցեում գտնվող ավտոտնակ և մառան մուտք գործելու համար նախատեսված ընդհանուր օգտագործման ճանապարհի մուտքը նեղացվել է, և ճանապարհի մուտքի համար մնացել է 2,12 մետր լայնությամբ հատված: Ընդ որում, մառանի կողմից հետազոտվող ճանապարհը փոքրացել է 61սմ-ով, իսկ պարսպի վերջնամասի թեքության պատճառով` 1,32 մետրով, ընդհանուրը`1,93 մետրով: Սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ վիճելի քարե պարիսպն օրինական է: Վերը նշվածը հաշվի առնելով և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Լևոն Արշակունուն սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակ և մառան մուտք գործելու համար նախատեսված ընդհանուր օգտագործման ճանապարհի աջ կողմում կառուցված պարսպի հետևանքով խախտվում են նրա` որպես սեփականատիրոջ` գույքն օգտագործելու և փաստացի տիրապետելու իրավունքները: Միաժամանակ վիճելի քարե պարսպի օրինական լինելու հանգամանքը սույն գործով ապացուցված չլինելու պայմաններում, դրա բացասական հետևանքները կրում է պատասխանող կողմը, այսինքն` գործում է պարսպի հակաօրինական լինելու կանխավարկածը: Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ կետի հիմքով հայցվոր Լևոն Արշակունին պարտավոր էր ապացուցել, որ կառուցված պարիսպը ինքնակամ կառույց է, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությանբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը: Չօրինականացված ինքնակամ կառույցը պետության, համայնքի կամ այլ շահագրգիռ անձի հայցով, որի իրավունքները և օրենքով պահպանվող շահերը խախտվել են, ենթակա է քանդման,

իսկ

հողամասը`

նախկին

վիճակի

վերականգնման`

հողամասի

սեփականատիրոջ հաշվին: Ուրիշի հողամասում ինքնակամ կառույց իրականացրած անձը պարտավոր է հատուցել հողամասի սեփականատիրոջը հասցրած վնասը, ներառյալ` ինքնակամ կառույցի քանդման և հողամասի նախկին վիճակի վերականգնման ծախսերը: Վերը նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, որպես սեփականության իրավունքի պաշտպանության միջոց, իրավունք է վերապահել սեփականատիրոջը քանդելու իր հողամասում կառուցված ինքնակամ շինությունը: Այդ իսկ պատճառով այդ հիմքով հարուցված գործերի քննության համար էական նշանակություն ունի սեփականատիրոջ հողամասում գտնվող կառույցի ինքնակամ լինելու հանգամանքը, որի ապացուցման բեռը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ կետի հիմքով կրում է հողամասի սեփականատերը:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վեճը վերաբերում է ՀՀ քաղաքացիական օրենսգքրի 277-րդ հոդվածի հիմքով սեփականատիրոջ իրավունքների պաշտպանությանը, որի դեպքում գործի համար էական նշանակություն ունեցող փաստերի շրջանակը այլ է: Ավելին, սույն գործով վեճի առարկան ընդհանուր օգտագործման ճանապարհի վրա գտնվող քարե պարիսպն է, որի առկայությունն ինքնին առաջ է բերում

7

սեփականատիրոջ գույքի տիրապետումից զրկելու հետ չկապված իրավունքների խախտում:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ՀՀ քաղաքացիական օրենսգքրի 188-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթները կիրառելի չեն: Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ Դատարանը չի գնահատել տեղազննության ժամանակ երրորդ անձի ներկայացուցչի կողմից կատարված այն հայտարարությունը, որ ճանապարհը նեղացվել է ոչ թե Կոմիտաս Հայրապետյանի կողմից, այլ համայնքային ճանապարհի մյուս կողմում հարևանի կողմից իր հողամասը բաժանելու և ցանկապատ տեղադրելու հետևանքով, իսկ հարևանն ընդունում է, որ 1 մետր 20 սմ-ի չափով նեղացրել է ճանապարհը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ միայն տվյալ հայտարարությունը բավարար չէ հաստատված համարելու, որ ընդհանուր օգտագործման համայնքային ճանապարհը նեղացվել է մյուս կողմում գտնվող հարևանի կողմից, և վերջինս ընդունել է նշված փաստը:

Վերաքննիչ դատարանի նշված պատճառաբանության առնչությամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ հայցի հարուցումն ընդհանրապես, իսկ նեգատոր

հայցի

հարուցումը

մասնավորապես

անհրաժեշտ

է

դիտարկել

տնօրինչականության սկզբունքի լույսի ներքո: Սեփականատերն ինքն է որոշում, թե իր սեփականության նկատմամբ ոտնձգություն իրականացրած մեկից ավելի անձանցից որի նկատմամբ պաշտպանության ինչ միջոց պետք է ընտրել: Հետևաբար Վերաքննիչ դատարանը

նշված

պատճառաբանությամբ

չէր

կարող

միջամտել

հայցվորի

սեփականության իրավունքին:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը, համաձայն որի` գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտերի վերանայման արդյունքով վճռաբեկ դատարանը վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտը փոփոխվելու դեպքերում ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է վերաքննիչ դատարանի դատական ակտը` օրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի դատական ակտին: Այս դեպքում վճռաբեկ դատարանը լրացուցիչ պատճառաբանում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը, եթե այն թերի կամ սխալ է պատճառաբանված:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի է պատճառաբանված, ուստի Դատարանի վճռին պետք է տալ օրինական ուժ` սույն որոշման պատճառաբանություններով հանդերձ: Միաժամանակ վերոհիշյալ դիրքորոշման համար Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում, որ <<Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին>> եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

8

Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> 10.06.2014 թվականի ՀՕ-49-Ն ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.04.2014 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության

դատարանի

14.02.2014

թվականի

վճռին`

սույն

որոշման

պատճառաբանություններով:

2. Կոմիտաս Հայրապետյանից հօգուտ Լևոն Արշակունու բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող`

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Դատավորներ`

Վ. ԱԲԵԼՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Է. ՀԱՅՐԻՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
28 նոյեմբերի, 2014 թ.
Գործի #:
ԿԴ3/0450/02/13
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել