Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/Խաչատրյան — ՀԿԴ/0054/06/23
ՎճռաբեկԿոռուպցիոն քրեականAI Ինդեքսավորված

Խաչատրյան — ՀԿԴ/0054/06/23

Վճռաբեկ դատարանՀԿԴ/0054/06/2322 մարտի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 108. Ձերբակալման տեսակները և ժամկետի հաշվարկը · Հոդված 111. Ձերբակալումը ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար
PDF

Ամփոփում

Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2021 թվականի դեկտեմբերի 1-ին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է թիվ 58233221 քրեական գործը։ 2023 թվականի փետրվարի 16-ին Դավիթ Սերժի Խաչատրյանի նկատմամբ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 46-445-րդ հոդվածի 1-ին մասով և 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարո

Ամբողջ Տեքստ

ՀԿԴ/0054/06/23

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության

հակակոռուպցիոն դատարան,

նախագահող դատավոր` Վ.Սարգսյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Ա.Հովհաննիսյան

2024 թվականի մարտի 22-ին քաղաք Երևանում

ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ

Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Դավիթ Սերժի Խաչատրյանի վերաբերյալ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի մարտի 20-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2021 թվականի դեկտեմբերի 1-ին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է թիվ 58233221 քրեական գործը։ 2023 թվականի փետրվարի 16-ին Դավիթ Սերժի Խաչատրյանի նկատմամբ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 46-445-րդ հոդվածի 1-ին մասով և 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ 2023 թվականի փետրվարի 17-ին որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող Դավիթ Խաչատրյանին ձերբակալելու մասին։ 2023 թվականի փետրվարի 17-ին Դավիթ Խաչատրյանը ձերբակալվել է, և նույն օրը նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 46-445-րդ հոդվածի 1-ին մասով և 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ 2023 թվականի փետրվարի 17-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի երկրորդ վարչության ՀԿԳ ավագ քննիչ Բ.Չիլինգարյանը միջնորդություն է հարուցել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ մեղադրյալ Դավիթ Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին։

2. ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) 2023 թվականի փետրվարի 18-ի որոշմամբ մեղադրյալ Դ.Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է։ Նույն որոշմամբ երկու ամիս ժամկետով սահմանափակվել է մեղադրյալի՝ այլ անձանց հետ (բացառությամբ մերձավոր ազգականների) հաղորդակցվելու իրավունքը։

3. Մեղադրյալ Դ.Խաչատրյանի պաշտպան Գ.Դավթյանի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի մարտի 20-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 18-ի որոշումը մասնակիորեն բեկանել է՝ արձանագրելով Դ.Խաչատրյանի ձերբակալման ընթացքում նրա իրավունքների խախտման փաստը, իսկ մնացած մասով որոշումը թողնվել է անփոփոխ՝ հիմք ընդունելով որոշմամբ շարադրված հիմնավորումները։

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ հատուկ վերանայման բողոքներ են բերել մեղադրյալ Դ․Խաչատրյանի պաշտպան Գ․Դավթյանը և ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը։ Վճռաբեկ դատարանի 2023 թվականի ապրիլի 26-ի որոշմամբ պաշտպան Գ․Դավթյանի բողոքը վարույթ ընդունելը մերժվել է։ Նույն օրվա մեկ այլ որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի բողոքն ընդունվել է վարույթ և սահմանվել է բողոքի քննության գրավոր ընթացակարգ: Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, դրանք հիմնավորող փաստարկները և պահանջը.

Հատուկ վերանայման բողոքը քննվում է հետևալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոք բերած անձը գտել է, որ Վերաքննիչ դատարանը յուրովի է մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ և 111-րդ հոդվածները, ինչի արդյունքում թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում։ Միաժամանակ, նշել է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար։ 5.1. Մասնավորապես, բողոքի հեղինակը գտել է, որ անձը մեղադրյալի դատավարական կարգավիճակ ձեռք է բերում այն ժամանակ, երբ դատախազի կողմից հարուցվում է հանրային քրեական հետապնդում, հետևաբար, ըստ բողոքաբերի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածով նախատեսված ռեժիմով հնարավոր է ձերբակալել նաև այն մեղադրյալին, ում դեռևս մեղադրանք ներկայացված չէ։ 5.2. Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի կողմից վկայակոչված՝ Ռոբերտ Հակոբյանի գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի ապրիլի 18-ի թիվ ԵԱՔԴ/0218/06/12 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշմանը, բողոքի հեղինակը նշել է, որ գործող քրեական դատավարության օրենսգրքով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ստանալու կարգավորումներն էականորեն տարբերվում են նախկին քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումներից, որպիսի պայմաններում նշված որոշմամբ արտահայտված դիրքորոշումները սույն գործով կիրառելի չեն։ Նման պայմաններում, բողոքաբերը ոչ իրավաչափ է համարել Վերաքննիչ դատարանի այն դատողությունը, որ անձն արդեն իսկ պետք է ունեցած լինի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, որպիսի պայմաններում համարվի ազատության մեջ գտնվող մեղադրյալ։ 5.3. Բացի այդ, բողոքաբերը գտել է, որ մեղադրյալին ձերբակալելու հարցը քննարկելիս, օրենսդիրը պարտադիր չի համարում, որ վերջինս տեղեկացված լինի իր նկատմամբ հարուցված և իրականացվող քրեական հետապնդման մասին, հետևաբար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի տրամաբանությունից չի բխում անձին նշված ռեժիմով ձերբակալելիս վերջինին մեղադրանք ներկայացված լինելու որևէ պարտադիր պահանջ։

6. Վերոշարադրյալի հիման վրա՝ բողոքի հեղինակը խնդրել է մասնակի՝ Դ.Խաչատրյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու մասով բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի մարտի 20-ի որոշումը՝ մերժելով Դ.Խաչատրյանի պաշտպան Գ.Դավթյանի կողմից ներկայացված հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը։ Հատուկ վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. 2023 թվականի փետրվարի 16-ի որոշմամբ Դ.Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 46-445-րդ հոդվածի 1-ին մասով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ «նա, զբաղեցնելով «Բազալտշին» արտադրական կոոպերատիվի նախագահի պաշտոնը, օգտագործելու նպատակով, 2020-2021 թվականների ընթացքում այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, կատարել է իրավունք վերապահող փաստաթղթերի կեղծիք, միաժամանակ՝ միջոց տրամադրելու եղանակով խոչընդոտները վերացնելով՝ օժանդակել է «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Գրիշա Մարգարյանի կողմից ծառայողական լիազորություններն օգտագործելով, վատնման եղանակով ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակությանը և պաշտոնեական կեղծիքի կատարմանը, որպիսի գործողությունները դրսևորվել են հետևյալում (…)»[1]:

8. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 18-ի որոշման համաձայն՝ «(…) Ստուգելով անձի ձերբակալման իրավաչափությունը՝ Դատարանն արձանագրում է, որ 2023 վականի փետրվարի 17-ի՝ «Մեղադրյալին ձերբակալելու մասին» որոշմամբ քննիչը որպես ձերբակալման հիմք է նշել մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտությունը, ուստի Դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Դավիթ Սերժի Խաչատրյանին ձերբակալելու հիմքն առկա է: Միևնույն ժամանակ, նույն որոշմամբ, որպես ձերբակալման նպատակ է նշվել մեղադրյալի փախուստը կանխելը, ինչպես նաև նրա կողմից իր վրա դրված պարտականությունների կատարումն ապահովելը: Վերոգրյալ պայմաններում, հաշվի առնելով ձերբակալում հարկադրանքի միջոցի համար նախատեսվող կասկածների (նաև ձերբակալման նպատակների վերաբարյալ) նվազ շեմը՝ Դատարանը գտնում է, որ Դավիթ Սերժի Խաչատրյանին արգելանքի վերցնելու պահի դրությամբ վարույթն իրականացնող մարմինը բավարար տվյալներ է ունեցել ողջամիտ ենթադրություն կատարելու առ այն, որ արգելանքի չվերցվելու դեպքում նա կարող է դիմել փախուստի: Վերոգրյալի արդյունքում Դատարանը հանգում է այն հետևության, որ Դավիթ Սերժի Խաչատրյանի ձերբակալումն իրավաչափ է, և ձերբակալելու արդյունքում տեղի չի ունեցել վերջինիս անձնական անձեռնմխելիության և ազատության իրավունքի անհամաչափ սահմանափակում (…)[2]։»։

9. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է. «(…) Վերը շարադրված իրավական նորմերը համադրելով սույն վարույթի փաստերի հետ և բողոքի հիմքերի ու դրանք հիմնավորող փաստարկների սահմաններում դատական ստուգման ենթարկելով վիճարկվող դատական ակտի իրավաչափությունը՝ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նախևառաջ անդրադառնալ ձերբակալման իրավաչափության հարցի վերաբերյալ բողոքաբերի փաստարկներին: Այդ առումով Վերաքննիչ դատարանը նախ հարկ է համարում նշել, որ Վճռաբեկ դատարանն իր ձևավորած նախադեպային իրավունքում մեղադրյալի դատավարական կարգավիճակ ստանալու հանգամանքի վերաբերյալ, ի թիվս այլնի, նշել է հետևյալը. «(...) [Կ]ալանավորումը կարող է կիրառվել միայն մեղադրյալի նկատմամբ: Այսինքն՝ այն անձի նկատմամբ, ով հաջորդաբար անցել է մեղադրյալի կարգավիճակ ձեռք բերելու հետևյալ փուլերը՝

ա) անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման կայացում,

բ) անձին որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մասին տեղեկացում,

գ) առաջադրված մեղադրանքի էության պարզաբանում,

դ) անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման պատճենի և մեղադրյալի իրավունքների և պարտականությունների ցանկի հանձնում: Շարադրված հաջորդականությամբ կատարված գործողությունների արդյունքում է, որ անձին օրենքով սահմանված կարգով մեղադրանք է առաջադրվում, և նա ձեռք է բերում մեղադրյալի դատավարական կարգավիճակ: Ընդ որում, նշված բոլոր գործողությունների կատարումը պետք է հավաստվի համապատասխան փաստաթղթերով և հաստատվի մեղադրյալի և քննիչի ստորագրությամբ, իսկ մեղադրյալի կողմից ստորագրելուց հրաժարվելու դեպքում քննիչի համապատասխան նշումով: Վերոգրյալի հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ այն դեպքում, երբ անձը թաքնվում է քննությունից, նրա նկատմամբ կալանքը որպես խափանման կիջոց ընտրելու համար բավարար է նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման կայացումը՝ պայմանով, որ հետագայում, հայտնաբերվելուց հետո նա կտեղեկացվի որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մասին, նրան կպարզաբանվի առաջադրված մեղադրանքի էությունը, և նրան կհանձնվեն որպես մեղադրյալ նորգրավելու մասին որոշման պատճենը և մեղադրյալի իրավունքների և պարտականությունների ցանկը, ապա անհապաղ (72 ժամվա ընթացքում) կտարվի դատավորի մոտ (…)»։ (տե՛ս Ռ.Հակոբյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի ապրիլի 18-ի թիվ ԵԱՔԴ/0218/06/12 որոշման 15-րդ կետը)։ Վերոգրյալի համատեքստում Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ սույն վարույթի փաստերի ուսումնասիրությունից հետևում է, որ՝

- Դատախազի կողմից 2023 թվականի փետրվարի 16-ին՝ ժամը 23:50-ին, կայացվել է Դավիթ Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում, որը քննիչին հասանելի է դարձել փետրվարի 17-ին՝ ժամը 05:55-ին,

- 2023 թվականի փետրվարի 17-ին՝ ժամը 10:20-ին Դավիթ Խաչատրյանը ՔԴՕ 111-րդ հոդվածով նախատեսված ռեժիմով ձերբակալվել է վերջինի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու նպատակով դատարան ներկայացնելու համար,

- 2023 թվականի փետրվարի 17-ին՝ ժամը 12:05-ին քննիչի կողմից Դավիթ Խաչատրյանին ներկայացվել է մեղադրանք: Հիմքում ունենալով Վճռաբեկ դատարանի ձևավորած և վերը մեջբերված իրավական դիրքորոշումները, որոնք բովանդակային առումով չեն հակասում 2022 թվականի հուլիսի 1-ից ոժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումներին, և նաև դրանց համատեքստում գնահատելով նախորդ կետում մատնանշված փաստական տվյալները՝ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ ՔԴՕ 111-րդ հոդվածով նախատեսված ռեժիմով ձերբակալման համար նախքան ձերբակալումն անձն արդեն իսկ պետք է ունեցած լինի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, որպիսի պայմաններում համարվի ազատության մեջ գտնվող մեղադրյալ, ինչը, սակայն, սույն վարույթի շրջանակներում խախտվել է՝ հաշվի առնելով այն, որ Դ.Խաչատրյանը մեղադրյալի կարգավիճակ ստացել է ձերբակալվելուց (ձերբակալվել է 2023 թվականի փետրվարի 17-ին՝ ժամը 10:20-ին) հետո՝ 2023 թվականի փետրվարի 17-ին՝ ժամը 12:05-ին, երբ քննիչի կողմից Դավիթ Խաչատրյանին ներկայացվել է մեղադրանք: Այսինքն՝ Դ.Խաչատրյանը փաստացի ազատության մեջ գտնվող մեղադրյալ չի եղել և մեղադրյալի կարգավիճակ ստացել է արդեն անազատության մեջ: Վերոգրյալի կապակցությամբ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերջինի ձերբակալումն իրականացվել է քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածով սահմանված պայմանների խախտմամբ, ուստի ձերբակալման իրավաչափության ստուգման արդյունքում Առաջին ատյանի դատարանի կողմից արվել է սխալ հետևություն՝ ձերբակալումն իրավաչափ համարելով: Այլ կերպ՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը տվյալ դեպքում թույլ է տվել դատավարական իրավունքի խախտում, ինչը նույն օրենսգրքի 362-րդ հուվածի համաձայն՝ քրեադատավարական օրենքի էական խախտում է և հիմք Առաջին ատյանի դատարանի փճարկվող որոշումն այդ մասով բեկանելու համար: Այսպիսով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ պետք է արձանագրել Դավիթ Խաչատրյանի ձերբակալման ընթացքում նրա իրավունքների խախտման փաստը՝ դրանից բխող օրենքի պահանջների կատարումն ապահովելու նպատակով սույն որոշումն ուղարկելով իրավասու մարմին, ինչպես նաև նրան պարզաբանելով քաղաքացիական դատավարության կարգով հատուցում ստանալու իր իրավունքը: (…) [3]»։ Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ մեղադրյալ Դ.Խաչատրյանի ձերբակալումն իրականցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածով սահմանված պայմանների խախտմամբ։

11. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով` (...)

4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով. (…)»: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով. (...)

զ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը՝ նրա անօրինական մուտքը երկիր կանխելու նպատակով, կամ այն անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը, որի դեմ միջոցներ են ձեռնարկվում` նրան արտաքսելու կամ հանձնելու նպատակով»: Վճռաբեկ դատարանը, Եվրոպական դատարանի դիրքորոշումների հաշվառմամբ, արձանագրում է, որ ցանկացած դեպքում անձին ազատությունից զրկելու ընթացակարգը պետք է համապատասխանի ներպետական օրենսդրության պահանջներին[4], իսկ անձին ազատությունից զրկելու օրինականության ապացուցման բեռը կրում են քրեական հետապնդման մարմինները, եթե արգելանքի վերցվելու պահից անձը գտնվել է նրանց իրավասության ներքո և բացակայում է հակառակը հիմնավորող համոզիչ, օբյեկտիվ բնույթ կրող փաստական տվյալ[5]: Ձերբակալման և կալանավորման հարաբերակցությանը անդրադարձել է ՀՀ Սահմանադրական դատարանը՝ թիվ ՍԴՈ-827 որոշմամբ՝ ընդգծելով հետևյալը. «(…) «Ձերբակալում» և «կալանավորում» ինստիտուտների` օրենսդրությամբ սահմանված նպատակների և հիմքերի ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրահանգել, որ այդ ինստիտուտներն ունեն ինքնուրույն բովանդակություն, հետապնդում են միմյանցից ըստ էության տարբերվող նպատակներ, ունեն կիրառման միմյանցից էապես տարբերվող հիմքեր: Դրանցից յուրաքանչյուրն օրենսդիրն ընտրել է որպես ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 1-ին մասով մատնանշված առանձին նպատակների հասնելու ինքնուրույն դատավարական միջոց, և կիրառվում է տարբեր հիմքերի առկայությամբ: Հետևաբար, դրանցից յուրաքանչյուրը, առանց որևէ փոխպայմանավորվածության, փոխկապակցվածության և հաջորդականության, ինքնուրույնաբար կարող է կիրառվել, երբ առկա են դրանով հետապնդվող նպատակները և դրա կիրառման համար անհրաժեշտ հիմքերը»[6]: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի համաձայն՝ «Մեղադրյալ է այն անձը, որի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, և որի նկատմամբ միաժամանակ առկա չէ օրինական ուժի մեջ մտած քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կամ մեղադրական կամ արդարացման դատավճիռ»։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Ձերբակալումը կարող է կիրառվել՝

1) հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում.

2) ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար.

3) խափանման միջոցի պայմանները խախտած մեղադրյալի նկատմամբ:»

Նույն օրենսգրքի 111-րդ հոդվածի համաձայն՝ «1. Ազատության մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտության դեպքում քննիչն իրավասու է որոշում կայացնելու մեղադրյալին ձերբակալելու մասին: Որոշման մեջ նշվում են այն կազմելու տարին, ամիսը, օրը, մեղադրյալի տվյալները, ձերբակալման հիմքը և պատճառները, ինչպես նաև հետաքննության այն մարմինը, որին հանձնարարվում է ձերբակալման իրականացումը:

2. Հետաքննիչը մեղադրյալին ձերբակալելուց առաջ ստորագրությամբ նրան է հանձնում ձերբակալման որոշման պատճենը: Ազատությունից փաստացի զրկվելուց անմիջապես հետո մեղադրյալը բերվում է քննիչի մոտ: Մեղադրյալին քննիչի մոտ բերելու փաստն ամրագրվում է անձի ձերբակալման արձանագրության մեջ: Արձանագրության մեջ նշվում են մեղադրյալի անունը, ազգանունը, հայրանունը, նրան ազատությունից փաստացի զրկելու տարին, ամիսը, օրը, ժամը, րոպեն, վայրը, պայմանները և հիմքերը, ձերբակալում իրականացրած հետաքննիչի անունը, ազգանունը, պաշտոնը, կոչումը, ձերբակալված մեղադրյալի հայտարարությունները, ձերբակալված մեղադրյալին քննիչի մոտ բերելու և արձանագրություն կազմելու տարին, ամիսը, օրը, ժամը և րոպեն:

3. Ձերբակալման որոշմանը որպես դրա բաղկացուցիչ մաս կցվում է ձերբակալման արձանագրությունը: Ձերբակալման որոշման և ձերբակալման արձանագրության պատճեններն անհապաղ ուղարկվում են հսկող դատախազին:

4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով իրականացված ձերբակալումը չի կարող տևել 24 ժամից ավելի: Նշված հիմքով ձերբակալված մեղադրյալը պետք է դատարան տարվի ոչ ուշ, քան ձերբակալման պահից 12 ժամվա ընթացքում: Հակառակ դեպքում անձը պետք է ազատ արձակվի:

5. Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով ձերբակալված մեղադրյալը ձերբակալման պահից 24 ժամվա ընթացքում դատարանի որոշմամբ չի կալանավորվում, ապա նա ենթակա է անհապաղ ազատ արձակման: Կալանավորման հարցը քննարկելիս դատարանը պետք է ստուգի նաև ձերբակալման իրավաչափությունը»։

12. Սույն որոշմամբ վկայակոչված իրավանորմերի և մեջբերված կոնվենցիոն ու սահմանադրական դրույթների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասից անմիջականորեն հետևում է, որ օրենսդիրը նախատեսել է ձերբակալման երեք տեսակ՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում, ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար և խափանման միջոցի պայմանները խախտած մեղադրյալի նկատմամբ։ Ընդ որում, նույն օրենսգրքի 109-112-րդ հոդվածների համադրված վերլուծությունից երևում է, որ այդ տեսակներից յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ իրավաչափության պայմանները և կիրառման չափանիշները։ Այսպես, Վճռաբեկ դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածի վերլուծության հիման վրա փաստում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված կարգով ազատության մեջ գտնվող մեղադրյալի ձերբակալման իրավաչափ նպատակը վերջինիս դատարան ներկայացնելն է՝ կալանավորման անհրաժեշտության հարցը քննարկելու համար։ Հետևաբար, նշված հիմքով անձին ձերբակալելու պայմաններից մեկը վերջինիս օրենքով սահմանված կարգով մեղադրյալի դատավարական կարգավիճակ տրված լինելն է, որը համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի՝ հաստատվում է գործի նյութերում անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշման առկայությամբ։ Այլ կերպ, նշված հիմքով ձերբակալումը կարող է կիրառվել միայն մեղադրյալի նկատմամբ, այսինքն՝ այն աձնի, ում նկատմամբ որոշում է կայացվել հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածով սահմանված մեղադրյալի ձերբակալման ինստիտուտի գործադրման համար չի պահանջվում, որպեսզի մինչև ձերբակալումը անձին մեղադրանք ներկայացված լինի և վերջինս նախապես տեղյակ լինի իր նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդման մասին:

13. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ.

- 2023 թվականի փետրվարի 16-ին Դ.Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 46-445-րդ հոդվածի 1-ին մասով և 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

- 2023 թվականի փետրվարի 17-ին Դավիթ Խաչատրյանը ձերբակալվել է, և նույն օրը նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 46-445-րդ հոդվածի 1-ին մասով և 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։

- Առաջին ատյանի դատարանն արձանագրելով, որ Դավիթ Խաչատրյանի ձերբակալումն իրավաչափ է, և ձերբակալելու արդյունքում տեղի չի ունեցել վերջինիս անձնական անձեռնմխելիության և ազատության իրավունքի անհամաչափ սահմանափակում՝ 2023 թվականի փետրվարի 18-ի որոշմամբ բավարարվել է մեղադրյալ Դ.Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի երկրորդ վարչության ՀԿԳ ավագ քննիչ Բ.Չիլինգարյանի միջնորդությունը[7]։

- Մեղադրյալ Դ.Խաչատրյանի պաշտպան Գ.Դավթյանի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածով նախատեսված ռեժիմով ձերբակալման համար նախքան ձերբակալումն անձն արդեն իսկ պետք է ունեցած լինի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, որպիսի պայմաններում համարվի ազատության մեջ գտնվող մեղադրյալ, ինչը, սակայն, սույն վարույթի շրջանակներում խախտվել է՝ հաշվի առնելով այն, որ Դ.Խաչատրյանին մեղադրանք է ներկայացվել ձերբակալվելուց հետո։ Այսինքն՝ Դ.Խաչատրյանը փաստացի ազատության մեջ գտնվող մեղադրյալ չի եղել և մեղադրյալի կարգավիճակ ստացել է արդեն անազատության մեջ[8]։

14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-12-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափորեն հանգել է հետևության, որ Դ.Խաչատրյանի ձերբակալումն իրականացվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածով սահմանված պայմանների խախտմամբ։ Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է այն հանգամանքով, որ սույն գործի շրջանակներում Դ․Խաչատրյանին ձերբակալելիս հիմնավորված է եղել, ինչպես վերջինիս մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունենալու հանգամանքը, այնպես էլ ձերբակալման իրավաչափ նպատակը, այն է՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտությունը որոշելու համար դատարան ներկայացնելը։ 15․ Միևնույն ժամանակ, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշմանը, որ նախքան ձերբակալումն անձին պետք է մեղադրանք ներկայացված լինի, որպեսզի վերջինս համարվի ազատության մեջ գտնվող մեղադրյալ, ինչպես նաև որպես վերոնշյալի փաստարկ Վճռաբեկ դատարանի` Ռոբերտ Հակոբյանի գործով որոշումը մատնանշելուն՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այդ որոշման շրջանակներում արտահայտված իրավական դիրքորոշումը սույն գործով կիրառելի չէ, քանի որ այն վերաբերում է ոչ թե ձերբակալման, այլ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու պայմաններին։ Մասնավորապես, վերոնշյալ որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քրեական վարույթն իրականացնող մարմնի` կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության քննարկման արդյունքներով դատարանն ի թիվս այլնի պետք է ստուգի, թե նախաքննության մարմնի կողմից ներկայացվել են արդյոք համապատասխան տեղեկություններ, փաստեր կամ ապացույցներ այն մասին, որ անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել, անձը տեղեկացվել է այդ որոշման մասին, բացի այդ, նրան պարզաբանվել է առաջադրված մեղադրանքի էությունը, և հանձնվել են որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման պատճենն ու մեղադրյալի իրավունքների և պարտականությունների ցանկը: Հակառակ պարագայում, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անձի կալանավորումը կհամարվի կամայական և անօրինական: Վերոգրյալի առնչությամբ հարկ է նկատել, որ ձերբակալումից հետո՝ նախքան կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության քննությունը, Դ.Խաչատրյանին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով մեղադրանք է ներկայացվել, մասնավորապես վերջինիս հանձնվել է քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման պատճենը, պարզաբանվել է մեղադրանքի փաստական հիմքը և իրավական գնահատականը, ինչպես նաև վերջինիս պարզաբանվել է մեղադրյալի իրավունքները և պարտականությունները, հանձնվել է դրանց ցանկը: Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևության, որ Դ.Խաչատրյանի ձերբակալումն եղել է իրավաչափ, և ձերբակալման արդյունքում տեղի չի ունեցել վերջինի անձնական անձեռնմխելիության և ազատության իրավունքի անհամաչափ սահմանափակում։

16. Ամփոփելով՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել քրեադատավարական նորմերը, որը հանգեցրել է չհիմնավորված որոշման կայացմանը։ Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, ընդհանրական մեկնաբանելով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու պայմանները, դրանք տարածել է նաև ձերբակալման իրավաչափության գնահատման պայմանների վրա։

17. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, մասնակիորեն բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, արձանագրելով ձերբակալման ընթացքում մեղադրյալ Դ.Խաչատյանի իրավունքների խախտման փաստը՝ թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածով նախատեսված քրեադատավարական օրենքի խախտում, որն իր բնույթով էական է և հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը մասնակիորեն բեկանելու համար։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Դ․Խաչատրյանի ձերբակալումն իրավաչափ ճանաչելիս կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի անհրաժեշտ է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2023 թվականի մարտի 20-ի որոշումն ու օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 18-ի որոշմանը[9]` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

18. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ, 400-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Թիվ ՀԿԴ/0054/06/23 գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի մարտի 20-ի որոշումը մասնակիորեն՝ մեղադրյալ Դ.Խաչատրյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու մասով բեկանել և օրինական ուժ տալ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 18-ի որոշմանը՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։

Նախագահող` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դատավորներ` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ

Դ.ՎԵՔԻԼՅԱՆ

Ծանոթագրություններ

[1] Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 515-520:

[2] Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 32-55։

[3] Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 99-124։

[4] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Mooren v. Germany [GC] գործով 2009 թվականի հուլիսի 9-ի վճիռը, գանգատ թիվ 11364/03, 72-րդ կետ։ [5] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Zalyan and others v. Armenia գործով 2016 թվականի մարտի 17-ի վճիռը, գանգատներ թիվ 36894/04 և 3521/07, 302-312-րդ կետեր։ [6] Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2009 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ ՍԴՈ-827 որոշման 6-րդ կետը: [7] Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

[8] Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։

[9] Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18, Ավաթ Ամինիի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումները։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
22 մարտի, 2024 թ.
Գործի #:
ՀԿԴ/0054/06/23
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել