Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/Ասատրյան — ԵԴ/1859/01/21
ՎճռաբեկԿոռուպցիոն քրեականAI Ինդեքսավորված

Ասատրյան — ԵԴ/1859/01/21

Վճռաբեկ դատարանԵԴ/1859/01/215 մայիսի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 27. Անձնական ազատությունը · ՄԻԵԿ հոդված 5. Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք · Հոդված 135. Խափանման միջոց կիրառելու հիմքերը
PDF

Ամփոփում

Պ Ա Ր Զ Ե Ց Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2017 թվականի հուլիսի 28-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է թիվ 58212117 քրեական գործը։ Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի նոյեմբերի 3-ի որոշմամբ Վարդան Իշխանի Ասատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նույն թվականի նոյեմբերի 4-ին վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հ

Ամբողջ Տեքստ

ԵԴ/1859/01/21

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Նախագահող դատավոր՝ Ռ.Մխիթարյան

05 մայիսի 2023 թվական քաղաք Երևան

ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Կ.ԲԻՇԱՐՅԱՆԻ

Ս.ՉԻՉՈՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Վարդան Իշխանի Ասատրյանի վերաբերյալ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2022 թվականի ապրիլի 6-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանի վճռաբեկ բողոքը[1],

Պ Ա Ր Զ Ե Ց

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2017 թվականի հուլիսի 28-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է թիվ 58212117 քրեական գործը։ Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի նոյեմբերի 3-ի որոշմամբ Վարդան Իշխանի Ասատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նույն թվականի նոյեմբերի 4-ին վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 324-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2017 թվականի նոյեմբերի 9-ի որոշմամբ Վ.Ասատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով։ Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի նոյեմբերի 10-ի որոշմամբ Վ.Ասատրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում՝ այն հիմնավորմամբ, որ վերջինս, մասնակցելով վերոնշյալ միջնորդության քննարկմանը, դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալուց հետո դիմել է փախուստի։ 2021 թվականի նոյեմբերի 4-ին Վ.Ասատրյանը հայտնաբերվել է ոստիկանության աշխատակիցների կողմից։ Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի նոյեմբերի 5-ի որոշմամբ Վ.Ասատրյանին նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 324-րդ հոդվածի 2-րդ մասով և երկու դրվագ 314-րդ հոդվածի 1-ին մասով։ 2021 թվականի դեկտեմբերի 16-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)։

2. Առաջին ատյանի դատարանը, դատական քննության նախապատրաստական փուլում քննարկելով մեղադրյալ Վ.Ասատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմնավորվածության հարցը, 2021 թվականի դեկտեմբերի 29-ի որոշմամբ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխարինել է գրավով՝ դրա չափ սահմանելով 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամը, որը մուծվել է առաջին ատյանի դատարանի թիվ 900013298014 դեպոզիտ հաշվին։ Առաջին ատյանի դատարանը 2022 թվականի օգոստոսի 22-ի որոշմամբ Վ․Ասատրյանի վերաբերյալ քրեական գործն ըստ ընդդատության ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան։

3. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, Վերաքննիչ դատարանը 2022 թվականի ապրիլի 6-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 29-ի որոշումը թողնելով անփոփոխ։

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի հունվարի 30-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, իսկ նույն թվականի փետրվարի 28-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։ Հակակոռուպցիոն դատարանից 2023 թվականի ապրիլի 19-ին ստացված գրության համաձայն՝ դատաքննության ընթացքում տվյալ օվա դրությամբ հետազոտվել են գործում առկա փաստաթղթային ապացույցները, ինչից հետո, ըստ ապացույցների հետազոտման սահմանված կարգի, պետք է հարցաքննվեն վկաները, իսկ այնուհետև՝ ամբաստանյալը։ Միաժամանակ հայտնվել է, որ Վ․Ասատրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցը Հակակոռուպցիոն դատարանի կողմից չի քննարկվել, ինչպես նաև հաջորդ դատական նիստը նշանակվել է 2023 թվականի մայիսի 23-ին։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, ինչը խաթարել է արդարադատության բուն էությունը։ Բացի այդ, Վերաքննիչ դատարանի որոշումը հակասում է անձի նկատմամբ կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներին: Մասնավորապես, բողոք բերած անձը նշել է, որ ստորադաս դատարանները պատշաճ գնահատման չեն ենթարկել այն հանգամանքը, որ Վ.Ասատրյանը շուրջ չորս տարի թաքնվել է վարույթն իրականացնող մարմնից և գտնվել հետախուզման մեջ, ինչը վկայում է գործի հետագա քննության ընթացքում ևս վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու բարձր հավանականության մասին։ Բացի այդ, ըստ բողոքաբերի՝ այս համատեքստում ստորադաս դատարանները պատշաճ ուշադրության չեն արժանացրել խախտված հասարակական հարաբերությունների բնույթն ու կարևորությունը՝ այն, որ Վ.Ասատրյանին մեղսագրվում են պետական ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված ոչ մեծ, միջին ծանրության և ծանր հանցագործություններ, դրանցից յուրաքանչյուրի համար նախատեսված պատժատեսակները և պատժաչափերը, մեղսագրվող ենթադրյալ արարքների կատարման եղանակը, դրսևորման ձևը: 5.1. Բողոք բերած անձի կարծիքով՝ ստորադաս դատարանները պատշաճ գնահատման չեն ենթարկել նաև այն, որ դատաքննության ներկա փուլում, երբ գործով անցնող վկաները դեռևս չեն հարցաքննվել, մեծ է հավանականությունը, որ ազատության մեջ գտնվելու պայմաններում Վ.Ասատրյանն ինչպես անձամբ, այնպես էլ անձնական կապերն օգտագործելով կխոչընդոտի գործի քննությանը՝ գործով անցնող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով՝ հաշվի առնելով, որ վերջինս երկար տարիներ զբաղեցրել է ղեկավար պաշտոններ, նրան մեղսագրվում են պաշտոնեական դիրքն օգտագործելով ենթադրաբար կատարված հանցանքեր, նա և դատավարության որոշ մասնակիցներ աշխատել են միևնույն վայրում, մյուս հանցակիցները Վ.Ասատրյանից գտնվել են ծառայողական կախվածության մեջ: 5.2. Ինչ վերաբերում է Վ.Ասատրյանի անձը բնութագրող տվյալներին, ապա, բողոքաբերի կարծիքով, դրանք սույն գործի փաստական տվյալների պայմաններում ողջամտորեն չեն կարող դիտարկվել որպես բավարար հակակշռող գործոններ Վ.Ասատրյանի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու, այն է՝ վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և գործի քննությանը խոչընդոտելու ռիսկերը չեզոքացնելու համար։

6. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 2022 թվականի ապրիլի 6-ի որոշումը և կայացնել Վ.Ասատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու մասին որոշում։ Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները և պահանջը.

7. Մեղադրյալ Վ.Ասատրյանի պաշտպան Հ.Բաբայանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան՝ նշելով, որ Վ.Ասատրյանի նկատմամբ կալանավորումը կիրառելու որոշումն ինչպես ժամանակային նշանակության, այնպես էլ նպատակի առումով կորցրել է իր իրավական արժեքը, բացի այդ, սույն գործով ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել վերջինիս կալանավորելիս և իրենց ամբողջության մեջ բավարար են այլ խափանման միջոցների կիրառմամբ նրան կալանքից ազատ արձակելու և վարույթին մասնակցությունն ապահովելու համար։

8. Վերոշարադրյալի հիման վրա, պաշտպան պաշտպան Հ.Բաբայանը գտել է, որ ստորադաս դատարանների դատական ակտերն օրինական են և հիմնավորված, ու խնդրել է մերժել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

9. Վարդան Ասատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 324-րդ հոդվածի 2-րդ մասով և երկու դրվագ 314-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է հետևյալ արարքների համար. «(…) [Ն]ա ՀՀ բնապահպանության նախարարի 2012 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 282-Ա հրամանով զբաղեցնելով նույն նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, պաշտոնի անձնագրի համաձայն՝ ունենալով տեսչության աշխատակիցներին ցուցում տալու լիազորություն և իր համակարգմանը հանձնված համապատասխան բնագավառի գործունեությունը կազմակերպելու, բնապահպանական ստուգումներ իրականացնելու, ստուգման արդյունքներով բնապահպանական խախտման հայտնաբերման դեպքում խախտումները արձանագրելու, դրանց վերաբերյալ օրենքով սահմանված կարգով քննություն անցկացնելու պարտականություններ, պատասխանատու լինելով տեսչության առջև դրված խնդիրները և հանձնարարականները պատշաճ կատարելու համար, խմբով՝ նույն տեսչության անտառների վերահսկողության և կենսաբազմազանության բաժնի ավագ պետական տեսուչ, պաշտոնատար անձ հանդիսացող Գեորգի Պողոսյանի հետ նախնական համաձայնությամբ, «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Արծվանիկ» անտառպետության անտառապետ Ազատ Բադալյանի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար տեսչության նույն բաժնի պետի տեղակալ Վասիլ Աբրահամյանի օժանդակությամբ պահանջել և ստացել է խոշոր չափերով՝ 500.000 ՀՀ դրամ կաշառք, Գեորգի Պողոսյանի հետ ոչնչացրել են հիշյալ անտառպետությունում իրականացված ստուգման ընթացքում կազմված, պաշտոնեական փաստաթղթեր հանդիսացող հաշվեգնահատման ցուցակները, բացի այդ, խմբային շահերից ելնելով՝ պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող նույն անտառտնտեսությունում իրականացված ստուգման վերաբերյալ կազմված ակտում մտցրել է կեղծ տեղեկություններ և հանձնել՝ կատարելով պաշտոնեական կեղծիք։ Բացի այդ, Վարդան Ասատրյանը ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության մյուս աշխատակիցների հետ նախնական համաձայնությամբ, «Հայանտառ» ՊՈԱԿ «Նոյեմբերյանի անտառտնտեսություն», «Արծվաբերդի անտառտնտեսություն», «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղերում ստուգումներ իրականացնելիս չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, կատարել պաշտոնեական կեղծիք։ Այսպես.

ՀՀ բնապահպանության նախարարի 2016 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 010 հանձնարարագրով «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղում 2016 թվականի նոյեմբերի 1-ից 21-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է ստուգում։ Ստուգող խմբում, ի թիվս այլոց, ընդգրկվել են Վարդան Ասատրյանը և Գեորգի Պողոսյանը։ «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Արծվանիկ» անտառպետության տարածքում իրականացված ստուգման ընթացքում Գեորգի Պողոսյանի կողմից հայտնաբերվել են ապօրինի հատված տարբեր տեսակի ծառեր, որի արդյունքում պետությանը պատճառված վնասը կազմել է ընդհանուր՝ 738.000 ՀՀ դրամ։ Ստուգման ընթացքում Վարդան Ասատրյանը և Գեորգի Պողոսյանը, պարտավոր լինելով արձանագրել բնապահպանական օրենսդրության խախտման դեպքերը և իրենց իրավասության սահմաններում տալ համապատասխան ընթացք, իրականացնել անկողմնակալ վերահսկողություն այդ ոլորտի օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ, խմբով, տեսչության նույն բաժնի պետի տեղակալ Վասիլ Աբրահամյանի օժանդակությամբ, ապօրինի հատված ծառերի իրական ծավալները և դրա արդյունքում պատճառված վնասի չափը նվազեցնելու՝ անտառապետ Ազատ Բադալյանի օգտին ակնհայտ ապօրինի գործողությունը կատարելու համար խոշոր չափերով կաշառք ստանալու շուրջ եկել են նախնական համաձայնության։ Մասնավորապես, Ազատ Բադալյանի մտերիմ Վահրամ Մարտիրոսյանի միջնորդությամբ Վասիլ Աբրահամյանը խնդրել է Վարդան Ասատրյանին՝ անտառպետության պահաբաժիններում իրականացված ստուգումների ընթացքում հայտնաբերված ապօրինի ծառահատումների ծավալները նվազեցնել` նշելով նվազագույն վնաս և դրա դիմաց ստանալ կաշառք, ինչն ընդունել են Վարդան Ասատրյանն ու Գեորգի Պողոսյանը։ Օժանդակելով Վարդան Ասատրյանի և Գեորգի Պողոսյանի կողմից կաշառք ստանալուն՝ Վասիլ Աբրահամյանը, նրանց անունից բանակցել է անտառապետ Ազատ Բադալյանի կողմից ներկայացած Վահրամ Մարտիրոսյանի հետ, վերջինիս կողմից իր մատնանշած՝ Գոհար Ղուլարյանի անվամբ բանկային փոխանցման եղանակով 2016 թվականի նոյեմբերի 17-ին վերցրել է խոշոր չափերով կաշառքի առարկա հանդիսացող 500.000 ՀՀ դրամը։ Հաջորդ օրը, Վասիլ Աբրահամյանից ստանալով Ազատ Բադալյանի տված կաշառքը՝ Վարդան Ասատրյանը Գեորգի Պողոսյանի հետ 2016 թվականի նոյեմբերի 22-ին իր աշխատասենյակում քննարկել և Ազատ Բադալյանի օգտին ապօրինի գործողություն կատարելու՝ հայտնաբերված ապօրինի ծառահատումների ծավալները նվազեցնելու նպատակով պատռել են անտառպետության տարածքում արձանագրված ընդհանուր 231.000 ՀՀ դրամ վնասի՝ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հաշվեգնահատման ցուցակները, վերջնական արդյունքում, խմբային շահերից ելնելով, կազմել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ 2016 թվականի դեկտեմբերի 7-ի ստուգման թիվ 010 ակտը, որում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ արձանագրելով նվազեցված 507.000 ՀՀ դրամի վնաս և հանձնել։ Բացի այդ, ՀՀ բնապահպանության նախարարի 2016 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 007 հանձնարարագրով «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղում 2016 թվականի սեպտեմբերի 22-ից մինչև հոկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է ստուգում։ Ստուգող խմբում, ի թիվս այլոց, ընդգրկվել է Վասիլ Աբրահամյանը, ստուգման ընթացքը վերահսկել է տեսչության պետի տեղակալ Վարդան Ասատրյանը։ Ստուգող խմբի անդամները, ստուգման ընթացքում պարտավոր լինելով արձանագրել բնապահպանական օրենսդրության խախտման դեպքերը և իրենց իրավասության սահմաններում տալ համապատասխան ընթացք, իրականացնել անկողմնակալ վերահսկողություն այդ ոլորտի օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ, ստուգումների արդյունքում հիշյալ անտառտնտեսության 7 անտառպետության ընդհանուր 35 պահաբաժիններում հայտնաբերել են ապօրինի հատված 105 ծառ՝ բնությանը պատճառված շուրջ 2.495.000 ՀՀ դրամ վնասով։ «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն, պաշտոնատար անձ հանդիսացող Վասիլ Չիլինգարյանը հիշյալ ստուգող խմբի կողմից հայտնաբերված ապօրինի հատված ծառերի և բնությանը պատճառված վնասի իրական ծավալները թաքցնելու, դրանք նվազեցնելու, իրական վնասը ողջ ծավալով չհատուցելու և անտառտնտեսության գործունեության կառավարման ու ղեկավարման վիճակը բարենպաստ լույսի ներքո ներկայացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնից բխող հեղինակությունն ու Վասիլ Աբրահամյանի հետ ունեցած հարաբերություններն օգտագործելով՝ ներգործել է ստուգող խմբի անդամների վրա և նրանց խնդրելու եղանակով դրդել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ստուգման ակտում մտցնել կեղծ տեղեկություններ։ Այդ նպատակով Վասիլ Աբրահամյանը 2016թ. հոկտեմբերի 6-ին Իջևան քաղաքում ՀՀ նախկին բնապահպանության պետական տեսչության պետի տեղակալ, ստուգող խմբի գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող Վարդան Ասատրյանի հետ հանդիպել է Վասիլ Չիլինգարյանին, միասին քննարկել են ստուգմամբ հայտնաբերված ապօրինի հատված ծառերի և դրա արդյունքում պատճառված վնասի ծավալները նվազեցնելու հանգամանքները։ Հաջորդ օրը, անտառպետություններում հայտնաբերված ապօրինի հատված ծառերի իրական ծավալները Վասիլ Չիլինգարյանի հետ հստակեցնելուց հետո, վերջինիս դրդմամբ, ինչպես նաև անձնական և խմբային շահերից գործող Վարդան Ասատրյանի ցուցաբերած թողտվությունից օգտվելով, նրա գիտությամբ Վասիլ Աբրահամյանն իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, նշված անտառտնտեսությունում իրականացված ստուգման ընթացքում կազմված հաշվեգնահատման ցուցակներից ոչնչացրել է «Ոսկեպարի» անտառպետության 6-րդ պահաբաժնի տարածքում արձանագրված վնասի վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հաշվեգնահատման ցուցակը, ապա «Նոյեմբերյանի», «Զիկատարի» և «Դովեղի» անտառպետությունների տարածքների ստուգման վերաբերյալ կազմված հաշվեգնահատման ցուցակներում հայտնաբերված ապօրինի հատված ծառերի վնասի հաշվարկները նվազեցնելով՝ ստուգող խմբի հետ կազմել և շրջանառության մեջ դնելով՝ հանձնել է 2016 թվականի հոկտեմբերի 24-ին թվագրված, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող թիվ 005 ակտը, որում կեղծ տեղեկություններ են մտցվել անտառտնտեսության 35 պահաբաժիններում հայտնաբերված, ապօրինի հատված ծառերի քանակի և դրա հետևանքով բնությանը պատճառված վնասի վերաբերյալ։ Մասնավորապես, ապօրինի հատված 105 ծառի փոխարեն նշվել է 94 ծառ, իսկ բնությանը պատճառված շուրջ 2.495.000 ՀՀ դրամ վնասի փոխարեն արձանագրվել է 2.085.000 ՀՀ դրամի վնաս։ Նկարագրված դիտավորյալ գործողությունների հետևանքով բնությանը պատճառվել է 410.000 ՀՀ դրամի գույքային էական վնաս։ Բացի այդ, ՀՀ բնապահպանության նախարարի 2016 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 011 հանձնարարագրով «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղում 2016 թվականի նոյեմբերի 1-ից 21-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է ստուգում։ Ստուգող խմբում, ի թիվս այլոց, ընդգրկվել են Վասիլ Աբրահամյանը և Արմեն Ավագյանը։ Ստուգման ընթացքը վերահսկել է տեսչության պետի տեղակալ Վարդան Ասատրյանը։ Վերջիններս, ստուգման ընթացքում պարտավոր լինելով արձանագրել բնապահպանական օրենսդրության խախտման դեպքերը և իրենց իրավասության սահմաններում տալ համապատասխան ընթացք, իրականացնել անկողմնակալ վերահսկողություն այդ ոլորտի օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ, ստուգող խմբի կազմում իրականացված ստուգումների արդյունքում «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի 7 անտառպետության ընդհանուր 34 պահաբաժիններում արձանագրել են ապօրինի հատված 321 ծառ՝ պետությանը պատճառված շուրջ 7.100.000 ՀՀ դրամ վնասով։ «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն, պաշտոնատար անձ հանդիսացող Ավետիք Ադամյանը հիշյալ ստուգող խմբի կողմից հայտնաբերված ապօրինի հատված ծառերի և բնությանը պատճառված վնասի իրական ծավալները թաքցնելու, դրանք նվազեցնելու, իրական վնասը ողջ ծավալով չհատուցելու և անտառտնտեսության գործունեության կառավարման ու ղեկավարման վիճակը բարենպաստ լույսի ներքո ներկայացնելու անձնական շահագրգրվածությունից ելնելով, իր պաշտոնից բխող հեղինակությունն ու Վարդան Ասատրյանի, Վասիլ Աբրահամյանի հետ ունեցած հարաբերություններն օգտագործելով՝ ներգործել է ստուգող խմբի անդամների վրա և նրանց խնդրելու եղանակով դրդել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ստուգման ակտում մտցնել կեղծ տեղեկություններ։ Այդ նպատակով Վասիլ Աբրահամյանը 2016 թվականի նոյեմբերի 26-ին, Բերդ քաղաքում հանդիպել է Ավետիք Ադամյանին, նրանից վերցրել և ստուգող խմբին է տրամադրել վերը նշված ապօրինի հատված ծառերի նվազեցված՝ ընդամենը 110 ծառի և 2.198.250 ՀՀ դրամ վնասի տվյալներն անտառտնտեսության 7 անտառպետությունների միջև բաշխելու մասին տեղեկություններ։ Ավետիք Ադամյանին օգնելու հարցը քննարկելու համար նրա հետ հանդիպում է ունեցել նաև Վարդան Ասատրյանը։ Անձնական և խմբային շահերից գործող Վարդան Ասատրյանի ցուցաբերած թողտվությունից օգտվելով՝ նրա հետ համատեղ, նույն տեսչության ավագ պետական տեսուչ Արմեն Ավագյանը, պետական տեսուչ Կարեն Էրոյանցը անհիմն կերպով նվազեցրել են ապօրինի հատված ծառերի և դրա արդյունքում պատճառված վնասի ծավալները։ Մասնավորապես՝ Վարդան Ասատրյանի գիտությամբ ու թողտվությամբ, Վասիլ Աբրահամյանն Արմեն Ավագյանի հետ ոչնչացրել են անտառտնտեսության 34 պահաբաժիններից յուրաքանչյուրում արձանագրված պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող հաշվեգնահատման ցուցակներից 20-ը, իսկ մնացած 14-ի հաշվարկներում՝ կատարել անհիմն նվազեցումներ։ Այնուհետև, Վասիլ Աբրահամյանն Արմեն Ավագյանի և Կարեն Էրոյանցի հետ կազմել և շրջանառության մեջ դնելով՝ հանձնել է ստուգման վերաբերյալ 2016 թվականի դեկտեմբերի 7-ին ամսագրված, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող թիվ 021 ակտը՝ որում կեղծ տեղեկություններ են մտցվել իրականում անտառտնտեսության 34 պահաբաժիններում հայտնաբերված ապօրինի հատված ծառերի քանակի և դրա հետևանքով բնությանը պատճառված վնասի վերաբերյալ, այն է՝ ապօրինի հատված 321 ծառի փոխարեն նշվել է 110 ծառ, իսկ բնությանը պատճառված շուրջ 7.100.000 ՀՀ դրամ վնասի փոխարեն արձանագրվել է 2.198.250 ՀՀ դրամի վնաս։ Նկարագրված դիտավորյալ գործողությունների արդյունքում բնությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 4.901.750 ՀՀ դրամի գույքային վնաս, որն առաջացրել է ծանր հետևանք։ Բացի այդ, ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող թիվ 38200417 քրեական գործով քննիչի որոշման հիման վրա և բնապահպանության նախարարի 2017 թվականի մայիսի 16-ի թիվ 002 հանձնարարագրով «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղում 2017 թվականի մայիսի 18-ից մինչև հունիսի 27-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ նախկին բնապահպանության պետական տեսչության կողմից իրականացվել է ստուգում։ Ստուգող խմբում ընդգրկվել է տեսչության պետի տեղակալ Վարդան Ասատրյանը, նույն տեսչության անտառների վերահսկողության և կենսաբազմազանության բաժնի պետի տեղակալ Վասիլ Աբրահամյանը, պետական տեսուչներ Արմեն Ավագյանը, Վարդան Հարությունյանը, Վարդան Իսպիրյանը, Պարսամ Սարգսյանը, Զոհրաբ Շահինյանը, Արման Ալեքսանյանը և Տավուշի մարզպետարանի աշխատակիցները։ Ստուգող խմբի անդամները ստուգման ընթացքում պարտավոր են եղել արձանագրել բնապահպանական օրենսդրության խախտման դեպքերը և իրենց իրավասության սահմաններում տալ համապատասխան ընթացք, իրականացնել անկողմնակալ վերահսկողություն այդ ոլորտի օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ, բնապահպանական օրենսդրության խախտում հայտնաբերելիս օրենքով սահմանված դեպքերում և կարգով անցկացնել քննություն, իսկ հանցագործության հատկանիշներով բնապահպանական օրենսդրության խախտման դեպքերի մասին իրազեկել իրավապահ մարմիններին։ Մինչդեռ Վարդան Ասատրյանը անտառտնտեսության աշխատակիցների հետ ունեցած հարաբերությունները չվատթարացնելու անձնական և խմբային շահերից ելնելով՝ դիտավորյալ չի կատարել իր ծառայողական պարտականությունները՝ իր գիտությամբ և թողտվությամբ ստուգող խմբի անդամներն ամբողջական ծավալով չեն արձանագրել ստուգման ընթացքում անտառային ֆոնդ համարվող անտառտնտեսության պահաբաժիններում փաստացի հայտնաբերված ապօրինի հատված ծառերի իրական քանակն ու բնությանը պատճառված վնասի չափը, այնուհետև, վերը նկարագրված անձնական նույն շահագրգռվածությամբ, ստուգման վերաբերյալ 2017 թվականի հուլիսի 21-ին կազմվել և վարույթն իրականացնող մարմնին հանձնելու ձևով շրջանառության մեջ է դրել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող թիվ 003 կեղծ ակտը, որում մտցրել է «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղում ապօրինի հատված ծառերի քանակի և դրա արդյունքում բնությանը պատճառված վնասի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող՝ իրականից նվազ արձանագրված կեղծ տեղեկություններ, իբր ստուգմամբ հայտնաբերվել է ապօրինի հատված 916 ծառ՝ բնությանը պատճառված 35.018.000 ՀՀ դրամ վնասով»[2]։

10. Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 29-ի որոշման համաձայն՝ «(...) Մեղադրյալ Վարդան Ասատրյանի անձը բնութագրող՝ գործում առկա և դատական նիստում ներկայացված տվյալների (նախկինում դատապարտված չլինելը, մշտական բնակության վայր և բարձրագույն կրթություն ունենալը, ամուսնացած լինելը, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնելիս Հայաստանի Հանրապետության բնապահպանության բնագավառում նշանակալի ներդրում ունենալու համար «Բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար» գերատեսչական մեդալով պարգևատրվելը, կամավորական հիմունքներով արցախյան վերջին պատերազմական գործողություններին մասնակցելը, դրա ընթացքում վիրավորվելը և այդ վիճակով մարտի դաշտում մնալն ու հետագա գործողություններին մասնակցելը, դրականորեն բնութագրվելն ու պատերազմական գործողություններին ակտիվորեն մասնակցելու համար ՀՀ պաշտպանության նախարարի կողմից «Գարեգին-Նժդեհ» մեդալով պարգևատրվելը) համակարգային վերլուծությունը դատարանին հիմք են տալիս հիմնավորված ենթադրություն անել, որ գրավը կարող է ապահովել և երաշխավորել մեղադրյալ Վ.Ասատրյանի պատշաճ վարքագիծը և հանրային շահի համարժեք պաշտպանությունը, մասնավորապես՝ դատարանը գտնում է, որ այս փուլում գրավը կարող է չեզոքացնել մեղադրյալ Վ.Ասատրյանի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով դատարանում գործի քննությանը խոչընդոտելու և թաքնվելու ռիսկերը։ (…)

[Դ]ատարանը գտնում է, որ Վարդան Ասատրյանի կողմից քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով դատարանում գործի քննությանը խոչընդոտելու հավանականության նվազագույն աստիճանի պայմաններում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նպատակներին հնարավոր է հասնել մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց գրավի կիրառմամբ։ Մասնավորապես՝ նախաքննությունն ավարտվել և գործը գտնվում է դատարանի վարույթում, հետևաբար՝ դատարանի գնահատմամբ սույն գործով ազատությունից զրկելու վերոնշյալ հիմքը նախաքննությունն ավարտելուն զուգահեռ նվազել է։ Դատարանի վերոգրյալ դիրքորոշումն առավելապես պայմանավորված է նաև մեղսագրվող արարքների և գործի դատարանում քննության ժամանակահատվածով, դատակոչված անձանց ներկայիս կարգավիճակներով և այլ փաստական տվյալներով։ Ինչ վերաբերում է քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հիմքին, ապա դատարանն արձանագրում է, որ թեպետ մեղադրյալ Վ.Ասատրյանը մեկ անգամ թաքնվել է քրեական վարույթն իրականացնող մարմնից և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, սակայն հայտնաբերվելուց հետո վերջինիս կողմից ցուցաբերած վարքագիծն առավելապես վկայում է այն մասին, որ նշված հիմքը ևս նվազել է։ (…)

Ընդհանրացնելով վերոգրյալը՝ դատարանն արձանագրում է, որ (…) մեղադրյալ Վարդան Ասատրյանին մեղսագրվող ենթադրյալ արարքների բնույթի, հանրային վտանգավորության աստիճանի, դրա դրսևորման ձևի և սույն գործի փաստական հանգամանքների համատեքստում (…) վերջինիս անձը բնութագրող՝ գործում առկա և դատական նիստում ներկայացված տվյալները՝ որպես նրա ոչ իրավաչափ վարքագծի դրևսորման ռիսկերը հակակշռող գործոններ, սույն փուլում բավարար են գործի պատշաճ քննության ապահովման հանրային շահի և ամբաստանյալի անձնական ազատության միջև արդարացի հավասարակշռությունը հաստատելու համար։ Դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անազատության հետ չկապված խափանման միջոցներից գրավը կարող է լինել գործուն երաշխիք՝ ազատության մեջ գտնվելու դեպքում Վ.Ասատրյանի ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկերը չեզոքացնելու համար։ (…)»[3]։

11. Վերաքննիչ դատարանի 2022 թվականի ապրիլի 6-ի որոշման համաձայն՝

«(…) Գործի նյութերի ուսումնասիրումից (…) երևում է, որ Վ․Ասատրյանը սույն գործով անազատության մեջ է գտնվել 2021 թվականի նոյեմբերի 4-ից, նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց է ընտրվել դեռևս մինչդատական վարույթի ընթացքում՝ 2017 թվականի նոյեմբերի 9-ին, և ազատությունից զրկելու հետ կապված հիշյալ խափանման միջոցի կիրառումն էության մեջ պայմանավորվել է Վ.Ասատրյանի կողմից քննությունից թաքնվելու և քննությանը խոչընդոտելու վտանգները չեզոքացնելու անհրաժեշտությամբ։ Ընդ որում, 2017 թվականի նոյեմբերի 11-ից մինչև 2021 թվականի նոյեմբերի 4-ը գտնվելով հետախուզման մեջ՝ Վ.Ասատրյանը 2020 թվականի հոկտեմբեր ամսին զորակոչվել է բանակ, ակտիվ մասնակցություն է ունեցել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա ագրեսիվ պատերազմին, որի (…) ընթացքում վիրավորվել է, իսկ ՀՀ պաշտպանության նախարարի՝ 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ 83 հրամանով պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով։ Դրա հետ մեկտեղ, 2021 թվականի նոյեմբերի 4-ին արգելանքի վերցվելուց հետո, երբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ԵԱՔԴ/0870/06/17 որոշմամբ մերժվել է մեղադրյալի նկատմամբ ընտրված կալանք խափանման միջոցը վերահաստատելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը, մեղադրյալ Վ.Ասատրյանն ազատ է արձակվել արգելանքից, իսկ հաջորդ օրը՝ 2021 թվականի նոյեմբերի 8-ին, ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին և վերցվել արգելանքի։ Առաջին ատյանի դատարանից ստացված նյութերի և Վերաքննիչ դատարանի դատական նիստում կողմերի ներկայացրած պարզաբանումներից նաև հետևում է, որ մեղադրյալ Վ.Ասատրյանի ենթադրյալ հանցակիցների վերաբերյալ առանձնացված մասերով քրեական գործերը տարբեր ժամանակներում ուղարկվել են դատարաններ՝ ըստ էության քննության համար։ 2021 թվականի դեկտեմբերի 16-ին Վ.Ասատրյանի մասով քրեական գործը ևս մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննության համար, և այն ընդունելով վարույթ՝ Առաջին ատյանի դատարանը, դատական քննության նախապատրաստական փուլում կայացրած իր՝ 2021 թվականի դեկտեմբերի 29-ի որոշմամբ ամբաստանյալ Վ.Ասատրյանի նկատմամբ կիրառված կալանք խափանման միջոցը փոխարինել է 5․000․000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ գրավով։ Նախորդ կետում շարադրված և վերլուծված փաստական հանգամանքները համադրելով (…) մեջբերված նորմերի և իրավական դիրքորոշումների հետ` Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ Առաջին ատյանի դատարանը, հանդես գալով որպես գործով վարույթն իրականացնող մարմին, մեղադրյալ Վ.Ասատրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոփոխման հարցը լուծելիս համակողմանի գնահատման է ենթարկել ինչպես գործի հետագա քննության ընթացքում Վ.Ասատրյանի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորվելու հավանականության աստիճանը, այնպես էլ դրա նվազման տեսանկյունից գնահատման ենթակա հանգամանքները, որի արդյունքում հանգել է այնպիսի հետևության, որը անհիմն և ոչ իրավաչափ գնահատելու համար ծանրակշիռ պատճառներ ու փաստական հանգամանքներ չկան։ (…)»[4]։ Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք խափանման միջոց գրավի կիրառմամբ մեղադրյալ Վ.Ասատրյանի պատշաճ վարքագծի ապահովման հնարավորության մասին ստորադաս դատարանների հետևությունները։

13. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք: Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով՝(…)

4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով. (…)»: 13.1. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով. (…)

գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար. (…)»: 13.2. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 11-րդ հոդվածի համաձայն`«1.Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության և անձնական ազատության իրավունք:

2. Ոչ ոք չի կարող արգելանքի վերցվել և պահվել անազատության մեջ այլ կերպ, քան սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով և կարգով: (…)»: Նույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դատարանը (…) խափանման միջոց կարող [է] կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է՝

1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.

2)խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.

3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.

4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.

5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը»:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության և կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ դրա տեսակն ընտրելու հարցը լուծելիս հաշվի են առնվում`

1) վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը.

2) կասկածյալի կամ մեղադրյալի անձը. (…)»:

14. Մեջբերված նորմերի վերլուծության շրջանակներում Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ կալանավորման օրինականության և հիմնավորվածության ապահովման տեսանկյունից կարևոր է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված` կալանավորման հիմքերից որևէ մեկի կամ մի քանիսի վերաբերյալ դատական ակտում ողջամիտ հետևությունների առկայությունը` հիմնավորված վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվող տեղեկություններով, փաստերով կամ ապացույցներով[5]: Ընդ որում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածում թվարկված` մեղադրյալի հավանական գործողությունների մասին հետևությունները պետք է պայմանավորված լինեն գործի նյութերից բխող որոշ փաստական տվյալներով և պետք է հիմնված լինեն ոչ թե այդ փաստական տվյալները մեկը մյուսից անջատ, ինքնավար հետազոտման ենթարկելու, այլ դրանք իրենց համակցության մեջ գնահատման ենթարկելու արդյունքում ձևավորվող փաստարկված դատողությունների վրա[6]: 14.1. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասի շրջանակներում անդրադառնալով անձի նկատմամբ խափանման միջոց ընտրելիս նրան վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը հաշվի առնելու կարևորությանը, իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ թեև մեղադրյալին վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը չեն կարող գնահատվել որպես կալանավորման հիմնավորվածությունը հաստատելու ինքնուրույն հիմք, այնուամենայնիվ դրանք էական նշանակություն ունեն խափանման միջոցի տեսակն ընտրելիս: Մեղսագրվող հանցանքի ծանրությունը և հետևաբար նաև ակնկալվող պատժի խստությունը հանդիսանում են քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու կամ գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը գնահատելու կարևոր տարրեր և գործի նյութերից բխող մյուս հանգամանքների հետ միասին հնարավորություն են տալիս հիմնավորված ենթադրություններ անել անձի ազատության հիմնարար իրավունքը սահմանափակելու հիմքերի առկայության կամ բացակայության մասին[7]:

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.

- Վարդան Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 324-րդ հոդվածի 2-րդ մասով և երկու դրվագ 314-րդ հոդվածի 1-ին մասով[8],

- Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով Վ.Ասատրյանի անձը բնութագրող հանգամանքները, վերջինիս մեղսագրվող արարքների և քրեական գործի՝ դատարանում գտնվելու ժամանակահատվածը, դատակոչված անձանց կարգավիճակը, հայտնաբերվելուց հետո Վ.Ասատրյանի դրսևորած վարքագիծը, գտել է, որ մեղադրյալի կողմից գործի քննությանը խոչընդոտելու և վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու ռիսկերն էականորեն նվազել են, և նրա պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցի՝ գրավի կիրառմամբ[9],

- Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանը, հանդես գալով որպես գործով վարույթն իրականացնող մարմին, մեղադրյալ Վ․Ասատրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոփոխման հարցը լուծելիս համակողմանի գնահատման է ենթարկել ինչպես գործի հետագա քննության ընթացքում Վ․Ասատրյանի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորվելու հավանականության աստիճանը, այնպես էլ դրա նվազման տեսանկյունից գնահատման ենթակա հանգամանքները և արդյունքում հանգել է այնպիսի հետևության, որն անհիմն և ոչ իրավաչափ գնահատելու համար ծանրակշիռ պատճառներ ու փաստական հանգամանքներ չկան[10]։

16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-14.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները մեղադրյալ Վ.Ասատրյանի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելիս պատշաճ իրավական գնահատման չեն ենթարկել սույն գործում առկա մի շարք հանգամանքներ։ Նախևառաջ, ստորադաս դատարանները պատշաճ գնահատման չեն ենթարկել այն, որ Վ.Ասատրյանը, թաքնվելով վարույթն իրականացնող մարմնից, տևական ժամանակ՝ շուրջ չորս տարի, գտնվել է հետախուզման մեջ և հայտնաբերվել է ոստիկանության աշխատակիցների կողմից։ Մասնավորապես, ըստ գործի նյութերի՝ 2017 թվականի նոյեմբերի 9-ին, երբ Առաջին ատյանի դատարանը քննարկել է Վ.Ասատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը, վերջինս, մասնակցելով հիշյալ միջնորդության քննարկմանը, դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալուց հետո, դիմել է փախուստի և հայտնաբերվել շուրջ չորս տարի անց՝ 2021 թվականի նոյեմբերի 4-ին։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, սույն գործի փաստական հանգամանքների համատեքստում, նշվածն ուներ ծանրակշիռ նշանակություն՝ ազատության մեջ գտնվելու դեպքում Վ.Ասատրյանի կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հավանականությունը գնահատելիս։ Վերոգրյալի հետ մեկտեղ, ստորադաս դատարանները պատշաճ գնահատման չեն ենթարկել նաև Վ.Ասատրյանին մեղսագրվող ենթադրյալ արարքների բնույթը և հանրային վտանգավորության աստիճանը: Մասնավորապես, այս առումով գնահատման չեն ենթարկվել, որ մեղադրյալ Վ.Ասատրյանին, ի թիվս այլնի, մեղսագրվում են ոչ մեծ, միջին ծանրության և ծանր հանցագործություններ՝ պաշտոնական փաստաթղթեր ոչնչացնելը, պաշտոնեական կեղծիքը, կաշառք ստանալը և պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որոնք ոտնձգում են այնպիսի կարևոր արժեքների դեմ, ինչպիսիք են Հայաստանի Հանրապետությունում կառավարման և պետական ծառայության սահմանված կարգը: Բացի այդ, հաշվի չի առնվել Վ.Ասատրյանին մեղսագրվող ենթադրյալ մի շարք հանցագործությունների կատարման հանգամանքները՝ վերագրվող արարքների կատարման եղանակը, ենթադրյալ գործողությունների բնույթը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, դրանցում Վ.Ասատրյանի ունեցած որոշակի ակտիվ դերակատարումը, մասնավորապես այն, որ ըստ առաջադրված մեղադրանքի՝ Վ․Ասատրյանն իրեն մեղսագրվող հանցանքերը կատարել է խմբի կազմում, պաշտոնատար անձ հանդիսացող անձանց հետ հանցակցությամբ, ինչպես նաև մեղսագրվող ենթադրյալ հանցանքներից յուրաքանչյուրի համար նախատեսված պատժատեսակն ու պատժաչափը։ Միևնույն ժամանակ, հարկ է նկատել, որ մեջբերված փաստական հանգամանքների համատեքստում ստորադաս դատարանները պատշաճ ուշադրության չեն արժանացրել Վ.Ասատրյանի անձը բնութագրող տվյալները։ Այսպես՝ մեղադրյալը 2012 թվականից զբաղեցրել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալի պաշտոնը, նրան մեղսագրվում են պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, հանցակցությամբ, իր ծառայողական գործունեության ոլորտում ենթադրաբար կատարված հանցավոր արարքներ, իսկ սույն գործի հետ առնչություն ունեցող անձինք վերջինիցս գտնվել են ծառայողական կախվածության և ենթակայության հարաբերությունների մեջ։ Վերոնշյալը ողջամտորեն ենթադրում է որոշակի հեղինակություն և կապեր, ուստի, այս առումով անհրաժեշտ է հաշվի առնել ինչպես Դավիթ Համբարձումյանի գործով Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները[11], այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձևավորված կայուն նախադեպային իրավունքն այն մասին, որ ի թիվս այլնի, անձի ազատության իրավունքի սահմանափակման հարցը լուծելիս, առանձնահատուկ դերակատարում ունի նրա` հասարակությունում ունեցած դերը, զբաղեցրած պաշտոնն ու հնարավոր ազդեցությունը գործով անցնող վկաների վրա, նրա հնարավորությունները խոչընդոտելու մինչդատական վարույթի բնականոն ընթացքի[12]։ Այդ համատեքստում անձի ազատության իրավունքի սահմանափակման հարցը լուծելիս, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաշվի է առել, օրինակ, անձի նախկինում ոստիկան հանդիսանալը և իր նախկին ծառայողական գործունեության հետ սերտ կապված հանցագործություն կատարելու մեջ մեղադրվելը՝ ազատության մեջ գտնվելու դեպքում գործի քննությանը միջամտելու հավանականությունը գնահատելու տեսանկյունից[13]։ Ընդ որում, անհրաժեշտ է նկատել, որ Առաջին ատյանի դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցի հարցը լուծելիս սույն գործով դատաքննությունը դեռևս չէր սկսվել, որևէ ապացույց դատաքննությամբ չէր հետազոտվել, իսկ Վ.Ասատրյանին մեղսագրվում են մի շարք հանցավոր արարքներ, որոնք ենթադրաբար կատարվել են խմբի կազմում։ Հետևաբար, վերոնշյալ փաստական հանգամանքները բավարար հիմքեր են տալիս ենթադրելու, որ ազատության մեջ գտնվելու դեպքում Վ.Ասատրյանը, պաշտոնից բխող ազդեցությունն օգտագործելով, կարող է դրսևորել ոչ իրավաչափ վարքագիծ՝ դատավարության մյուս մասնակիցների վրա անօրինական ազդեցություն գործադրելու եղանակով խոչընդոտել գործի քննությանը: 16.1. Ինչ վերաբերում է ստորադաս դատարանների այն դիրքորոշմանը, որ դատական ակտերը կայացնելիս հաշվի են առել Վ.Ասատրյանի անձը դրականորեն բնութագրող տվյալները, մեղսագրվող արարքների կատարման ու գործի՝ դատարանում քննվելու ժամանակահատվածը, ապա դրանք, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, սույն որոշմամբ արձանագրված փաստական տվյալների պայմաններում ողջամտորեն չեն կարող դիտարկվել որպես բավարար հակակշռող գործոններ Վ.Ասատրյանի ոչ պատշաճ վարքագծի դրսևորման ռիսկերը չեզոքացնելու համար։

17. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, մեղադրալ Վ.Ասատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը գրավով փոխարինելու որոշում կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշումը օրինական ուժի մեջ թողնելիս, հաշվի չեն առել և պատշաճ վերլուծության չեն ենթարկել վերոնշյալ հանգամանքները, որոնք համակցության մեջ ծանրակշիռ էին՝ եզրահանգելու, որ մեղադրյալի կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և դատարանում գործի քննությանը խոչընդոտելու բարձր հավանականությունը շարունակում է առկա լինել և չի կարող չեզոքացվել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցի կիրառմամբ։ Այլ կերպ, ստորադաս դատարանները համակողմանի գնահատման չեն ենթարկել այն, որ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը կայացնելուց անմիջապես հետո վարույթն իրականացնող մարմնից տևական ժամանակ (շուրջ 4 տարի) թաքնվելու, հետախուզման շրջանակներում Վ.Ասատրյանի հայտնաբերվելու պարագայում՝ վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և պաշտոնից բխող ազդեցությունն օգտագործելով սույն գործով անցնող դատավարության մասնակիցների նկատմամբ հնարավոր անօրինական ազդեցություն գործադրելու բարձր հավանականության պայմաններում գրավը չէր կարող լինել արդյունավետ իրավական ներգործության միջոց, որը կկաշկանդեր Վ.Ասատրյանին դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ և գրավի առարկան գրավատուի կողմից կորցնելու վտանգի սպառնալիքով կչեզոքացներ նրա ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկը։

18. Վերահաստատելով նախկինում արտահայտված դիրքորոշումն առ այն, որ որպես վարույթն իրականացնող մարմին հանդես եկող Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելիս Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտը պետք է հիմնված լինի ծանրակշիռ փաստական հանգամանքների վրա և ունենա պատճառաբանվածության առավել բարձր չափանիշ[14]՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ իրավիճակում Վերաքննիչ դատարանի եզրահանգումը՝ այնպիսի ծանրակշիռ պատճառների և իրական փաստական հանգամանքների բացակայության վերաբերյալ, որոնք կարող էին հիմք տալ արձանագրելու, որ մեղադրյալ Վ.Ասատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը գրավով փոխարինելու մասին որոշում կայացնելով Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ, հիմնավոր չէ։

19. Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետևությունն առ այն, որ գրավը կարող է լինել արդյունավետ միջոց՝ չեզոքացնելու համար ազատության մեջ գտնվելու դեպքում մեղադրյալ Վ․Ասատրյանի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականությունը, հիմնավոր չէ։

20. Այսպիսով, ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները սույն գործով դատական ակտեր կայացնելիս թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ և 143-րդ հոդվածների պահանջների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն՝ հիմք են ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Վ․Ասատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, պետք է թողնել անփոփոխ, իսկ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ 900013298014 դեպոզիտ հաշվին որպես գրավի գումար մուժված 5․000․000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ գումարը՝ վերադարձնել գրավատուին։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Մեղադրյալ Վարդան Իշխանի Ասատրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և գրավը որպես խափանման միջոց կիրառելու մասին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 29-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2022 թվականի ապրիլի 6-ի որոշումն ամբողջությամբ բեկանել։

2. Մեղադրյալ Վարդան Ասատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնել անփոփոխ։

3. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ 900013298014 դեպոզիտ հաշվին որպես գրավի գումար մուժված 5․000․000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ գումարը վերադարձնել գրավատուին։

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ

Դատավորներ` Կ.ԲԻՇԱՐՅԱՆ

Ս.ՉԻՉՈՅԱՆ

Ծանոթագրություններ

[1] Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով: [2] Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 99-106:

[3] Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 152-165:

[4] Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 99-121:

[5] Տե՛ս, մասնավորապես, Վճռաբեկ դատարանի` թիվ ՎԲ-132/07, ԱՎԴ/0022/06/08, ԼԴ/0197/06/08, ԵԿԴ/0580/06/09, ԵԿԴ/0678/06/10, ՏԴ/0052/06/14, ԵԱՔԴ/0386/06/15 և այլ գործերով կայացված որոշումները: [6] Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Տիգրան Պետրոսյանի գործով 2017 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ԵԿԴ/0084/06/16 որոշման 13-րդ կետը, mutatis mutandis, Վալերի Հակոբյանի գործով 2020 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ ԵԴ/0548/06/19 որոշումը։ [7] Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Վահագն Պողոսյանի գործով 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԿԴ1/0062/06/12 որոշումը: [8] Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։

[9] Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։

[10] Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը։

[11] Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Դավիթ Համբարձումյանի գործով 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ԵԴ/0700/06/18 որոշումը, կետ 16: [12] Տե՛ս Մարու իրավունքների եվրոպական դատարանի` Neumeister v. Austria գործով 1968 թվականի հունիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 1936/63, Gabor Nagy v. Hungary (No. 2) գործով 2017 թվականի ապրիլի 11-ի վճիռը, գանգատ թիվ 73999/14, կետ 70: [13] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Khanzadyan v. Armenia գործով 2014 թվականի մարտի 11-ի որոշումը, գանգատ թիվ 68571/11: [14] Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արման և Արքա Մադաթյանների գործով 2020 թվականի մայիսի 26-ի թիվ ԱՐԴ/0152/01/19 որոշումը։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
5 մայիսի, 2023 թ.
Գործի #:
ԵԴ/1859/01/21
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել