Վարդանյան — ԼԴ2/0018/01/22
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 75. Քրեական պատասխանատվությունից ազատելը վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով · Հոդված 9. Քրեական օրենսդրության հետադարձ ուժը · Հոդված 57. Հիմնական և լրացուցիչ պատիժներըԱմփոփում
Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1․ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2023 թվականի փետրվարի 10-ի դատավճռով մեղադրյալ Ռ.Վարդանյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 314․2-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 444-րդ հոդվածի 1-ին մասին) նախատեսված արարքում և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 680․000 (վեց հարյուր ութսուն հազա
Ամբողջ Տեքստ
ԼԴ2/0018/01/22
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Լոռու մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր՝ Տ․Թադևոսյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Ս․Մարաբյան
դատավորներ՝ Կ․Ամիրյան
Մ․Մակյան
2024 թվականի դեկտեմբերի 18-ին քաղաք Երևանում
ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Դ․ՎԵՔԻԼՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Ռաֆիկ Կիմի Վարդանյանի վերաբերյալ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ 2023 թվականի մայիսի 31-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1․ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2023 թվականի փետրվարի 10-ի դատավճռով մեղադրյալ Ռ.Վարդանյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 314․2-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 444-րդ հոդվածի 1-ին մասին) նախատեսված արարքում և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 680․000 (վեց հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ գումարի չափով։ 2․ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Կ․Սերոբյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի մայիսի 31-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնվել է անփոփոխ։
3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանի կողմից բերվել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2023 թվականի նոյեմբերի 14-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.
4. Բողոքաբերը գտել է, որ Առաջին ատյանի դատարանը, 2023 թվականի փետրվարի 10-ին կայացված դատավճռով Ռ․Վարդանյանի նկատմամբ՝ որպես լրացուցիչ պատիժ, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը չնշանակելով, իսկ Վերաքննիչ դատարանն այն անփոփոխ թողնելով, թույլ են տվել դատական սխալ՝ նյութական օրենքի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա: Մասնավորապես, բողոքի հեղինակն արձանագրել է, որ ստորադաս դատարանները, վերլուծելով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 57-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կանոնն առ այն, որ մեկ հանցագործության համար կարող է նշանակվել միայն մեկ հիմնական պատիժ, եկել են այն եզրահանգման, որ մեղադրյալի նկատմամբ արդեն իսկ մեկ հիմնական պատիժ՝ տուգանք, նշանակված լինելու պայմաններում մեղադրյալին նաև որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով՝ վերջինիս նկատմամբ կնշանակվի երկու հիմնական պատիժ: Վերոգրյալի կապակցությամբ բողոքաբերը փաստել է, որ ի տարբերություն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314.2-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայի, որով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը հանդիսանում է լրացուցիչ (ֆակուլտատիվ) պատիժ և ՀՀ գործող քրեական օրենսգրքի ընդհանուր մասի կարգավորումների համաձայն՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կարող է կիրառվել, և՛ որպես հիմնական, և՛ որպես լրացուցիչ պատիժ: Ավելին՝ որպես լրացուցիչ պատիժ դատարանն այն կարող է նշանակել անկախ այն հանգամանքից, թե որպես հիմնական պատիժ այն սանկցիայում նախատեսված է, թե՝ ոչ: Ըստ բողոքաբերի՝ վերոգրյալ հետևությունների համար հիմք է հանդիսանում ոչ միայն այն, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 57-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կարող է կիրառվել և՛ որպես հիմնական, և՛ որպես լրացուցիչ պատիժ, այլ նաև այն, որ օրենսդիրն այդ պատժատեսակի համար, կախված նրանից, թե այն որպես լրացուցիչ պատիժ է կիրառվում, թե որպես՝ հիմնական, սահմանել է կիրառման տարբեր պայմաններ, ինչից բխում է, որ եթե անձի նկատմամբ նշանակվել է մեկ հիմնական պատիժ, օրինակ՝ տուգանք, ապա որպես լրացուցիչ պատիժ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կարող է նույնպես նշանակվել, սակայն ոչ այն պայմաններով, որոնք նախատեսված են դրա՝ որպես հիմնական պատիժ կիրառվելու դեպքում: Ելնելով վերը կատարված հետևություններից՝ բողոքաբերը փաստել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգիրքի 444-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու դեպքում հիմնական պատժի հետ որպես լրացուցիչ պատիժ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը նշանակելու օրենսդրական արգելք առկա չէ, հետևաբար ստորադաս դատարանների հետևություններն առ այն, որ մեղադրյալ Ռ․Վարդանյանի նկատմամբ տուգանքի հետ միաժամանակ որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը որպես պատիժ նշանակելու դեպքում նրա նկատմամբ միաժամանակ երկու հիմնական պատժի կնշանակվի, իրավաչափ չեն: Բացի այդ, բողոքաբերը փաստել է, որ մեղադրյալ Ռ․Վարդանյանի նկատմամբ միայն որպես հիմնական պատիժ տուգանք նշանակելով՝ հնարավոր չի լինի հասնել պատժի նպատակների իրագործմանը, իսկ վերջինիս, որոշակի (այնպիսի պաշտոններ, որոնք զբաղեցնելու դեպքում վերջինս կկրի պարտականություն՝ հայտարարագիր ներկայացնելու) պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով, կապահովվի պատժի անհատականացման սկզբունքի արդյունավետ իրացումը և մեղադրյալի կողմից տվյալ բնույթի հանցավոր վարքագիծ դրսևորելու հետագա հնարավոր ռիսկերի չեզոքացումը։ Նախորդիվ ասվածի կապակցությամբ բողոքաբերն արձանագրել է այն հանգամանքը, որ կայացված դատական ակտերում առկա չէ որևէ հիմնավորում առ այն, որ Ռ․Վարդանյանն այլևս չի կարող զբաղեցնել այնպիսի պաշտոն, որով պայմանավորված՝ կրկին չի առաջանա հայտարարագիր ներկայացնելու պարտականություն:
5. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է մասնակի՝ պատժի մասով, բեկանել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը՝ կայացնելով դրանց փոխարինող դատական ակտ, և մեղադրյալ Ռ․Վարդանյանի նկատմամբ՝ բացի նշանակված տուգանք պատժատեսակից, նշանակել նաև՝ որպես լրացուցիչ պատիժ, որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ 3 (երեք) տարի ժամկետով։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
6. Ռաֆիկ Կիմի Վարդանյանին 2022 թվականի հունիսի 16-ին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314․2 հոդվածի 1-ին մասով առաջադրվել է մեղադրանք այն բանի համար, որ․ «(...) նա 2017 թվականի նոյեմբերի 24-ից 2021 թվականի սեպտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը և հանդիսանալով համայնքային քաղաքական պաշտոն զբաղեցնող հայտարարատու պաշտոնատար անձ, ««Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-212-Ն ՀՀ օրենքի համաձայն՝ ունենալով հայտարարագրեր ներկայացնելու պարտականություն, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2022 թվականի փետրվարի 10-ի որոշմամբ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վարչական տույժի կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում, դիտավորությամբ չի ներկայացրել օրենքով նախատեսված հայտարարագիրը: Այսպես.
Ռաֆիկ Վարդանյանը Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավարի 2017 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 14 կարգադրությամբ նշանակվել է նույն համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում, ապա՝ 2021 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 49 կարգադրությամբ ազատվել է հիշյալ պաշտոնից, այսինքն՝ նշված ժամանակահատվածում նա զբաղեցրել է համայնքային քաղաքական պաշտոն։ Ռաֆիկ Վարդանյանը, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, նույն հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով կրել է պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր լրացնելու և Հանձնաժողով ներկայացնելու պարտականություն: Մինչդեռ, Հանձնաժողովի՝ 2021 թվականի սեպտեմբերի 1-ի գրությամբ պատշաճ կերպով ծանուցված լինելով հայտարարագիրը ներկայացնելու անհրաժեշտության, կարգի և ժամկետների, իսկ այն չներկայացնելու դեպքում սահմանված վարչական տույժի կիրառման մասին, 30-օրյա ժամկետում չի ներկայացրել 2020 թվականի պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիրը, որի կապակցությամբ Հանձնաժողովում 2021 թվականի դեկտեմբերի 23-ին հարուցվել և իրականացվել է վարչական վարույթ: Վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Հանձնաժողովի` 2022 թվականի փետրվարի 10-ին կայացրած թիվ ՎԻՎ/41/2021-2022 որոշմամբ Ռաֆիկ Վարդանյանի նկատմամբ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 169.28 հոդվածի 1-ին մասով կիրառվել է վարչական տույժ՝ 200.000 ՀՀ դրամի չափով, ապա՝ 2022 թվականի փետրվարի 15-ին, որոշման օրինակը գրությամբ ուղարկվել է նրան: Այնուհետև՝ 2022 թվականի փետրվարի 26-ին, Ռաֆիկ Վարդանյանը ստացել է վարչական տույժ կիրառելու մասին վերոհիշյալ որոշման օրինակը և ուղեկցական գրությունը, որոնց միջոցով պատշաճ ծանուցվել և ծանոթացել է սահմանված ժամկետում հայտարարագիրը ներկայացնելու պարտականության, իսկ այն չներկայացնելու դեպքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին, սակայն վարչական տույժի կիրառումից հետո նույնպես դիտավորությամբ չի ներկայացրել 2020 թվականի պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիրը: (...)»։[1] 7․ Առաջին ատյանի դատարանն իր 2023 թվականի փետրվարի 10-ին կայացված դատավճռով փաստել է հետևյալը․ «(...) Հաշվի առնելով, որ 2022 թվականի հուլիսի 01-ից գործողության մեջ դրված ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված տուգանք պատժատեսակի նվազագույն շեմն ավելի ցածր է /տասնապատիկից երեսնապատիկի չափով/հաշվի առնելով «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը//, քան 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի 314․2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սանկցիայով տուգանք պատժատեսակի նվազագույն շեմը /նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկից երկուհազարապատիկի չափով/, իսկ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, ուստի Դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Ռաֆիկ Կիմի Վարդանյանի նկատմամբ տուգանքի ձևով պատիժը պետք է նշանակվի 2022 թվականի հուլիսի 01-ից գործողության մեջ դրված ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայի շրջանակներում, տվյալ դեպքում տասնապատիկի չափով, այսինքն՝ 680․000 ՀՀ դրամ, քանի որ հանցանք կատարած անձի եկամտի բացակայության կամ դրա չափը պարզելու անհնարինության դեպքում տուգանքի չափը հաշվարկվում է հանցանքը կատարելու պահին նվազագույն աշխատավարձի չափով՝ տվյալ դեպքում մեղադրյալ Ռաֆիկ Վարդանյանն աշխատել է մինչև 2021 թվականի սեպտեմբերի 22-ը, իսկ նրա կատարած արարքն ավարտվել է 2022 թվականի մարտի 11-ին, այսինքն՝ Ռաֆիկ Վարդանյանի ամսական եկամուտը՝ հանցանքն ավարտվելու օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում անձի ստացած միջին ամսական եկամտի 35 տոկոսը պարզելն անհնարին է: Դատարանն, անդրադառնալով 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի 314․2-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու լրացուցիչ պատժատեսակին և սույն գործի շրջանակներում դրա կիրառման հնարավորությանն, արձանագրում է, որ 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի 314․2-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայում ուղղակիորեն ամրագրված է այս պատժատեսակը որպես լրացուցիչ պատիժ /ոչ պարտադիր/, իսկ 2022 թվականի հուլիսի 01-ից գործողության մեջ դրված ՀՀ քրեական օրենսգրքում լրացուցիչ պատժատեսակներ նշանակելու կարգավորումները նախատեսվել են օրենսգրքի ընդհանուր մասի դրույթներում, օրենսդիրը հստակեցրել է այն ուղենիշերը, որոնք պետք է կիրառվեն քննարկվող պատժատեսակը որպես լրացուցիչ պատիժ նշանակելիս: Մասնավորապես՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը որպես լրացուցիչ պատիժ կարող է նշանակվել այն դեպքում, երբ դատարանը, ելնելով հանցավորի պաշտոնավարության կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու ժամանակ նրա կատարած հանցանքի բնույթից, հնարավոր չի համարում անձի կողմից հետագա ժամանակահատվածում որոշակի պաշտոններ զբաղեցնելը կամ որոշակի գործունեությամբ զբաղվելը: Վերը նշված կարգավորումները համադրելով սույն գործի հանգամանքների հետ՝ Դատարանն արձանագրում է, որ Ռաֆիկ Կիմի Վարդանյանի նկատմամբ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու լրացուցիչ պատիժ չի կարող նշանակվել, քանի որ 2022 թվականի հուլիսի 01-ին գործողության մեջ դրված ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը նախատեսված է որպես հիմնական պատիժ և այն որպես լրացուցիչ պատիժ՝ հաշվի առնելով ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր մասի դրույթները, սույն դեպքում նշանակելու դեպքում փաստացի մեղադրյալի նկատմամբ կնշանակվի երկու հիմնական պատիժ, քանի որ թեկուզ և որպես լրացուցիչ պատիժ նշանակվելու դեպքում մեղադրյալը կկրի երկու հիմնական պատժի հետևանքները, որը հակասում է ՀՀ քրեական օրենսգրքի 57-րդ հոդվածի՝ մեկ հանցագործության համար կարող է նշանակվել միայն մեկ հիմնական պատիժ կարգավորմանը։ Բացի այդ, այս առումով հարկ է նշել նաև, որ Ռաֆիկ Կիմի Վարդանյանը Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավարի 2021 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 49 կարգադրությամբ ազատվել է զբաղեցրած պաշտոնից, հետևաբար սույն դեպքում վերը նշված իրավակարկագավորումների հիման վրա Դատարանն անհրաժեշտ չի համարում մեղադրյալ Ռաֆիկի Կիմի Վարդանյանի նկատմամբ լրացուցիչ պատժի նշանակումը։ (…)»[2]։
8. Վերաքննիչ դատարանը, 2023 թվականի մայիսի 31-ին կայացված որոշմամբ անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, փաստել է. «(…) Անդրադառնալով այն հարցին, թե հնարավոր է արդյո՞ք նոր օրենսգրքի գործողության պայմաններում անձի նկատմամբ նշանակել լրացուցիչ պատժատեսակ որևէ այլ հիմնական պատժատեսակի հետ համակցված այն դեպքում, երբ հոդվածի սանկցիայում այդ նույն լրացուցիչ պատժատեսակը նախատեսված է նաև որպես հիմնական պատիժ՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նոր օրենսգրքի պատիժ նշանակելու սկզբունքների և ընդհանուր կանոնների վերլուծությունը ցույց է տալիս, որ այն չի կարող լինել իրավաչափ, քանի որ այն ուղղակիորեն նախատեսված է քննարկվող հոդվածի սանկցիայով որպես հիմնական պատիժ, հետևաբար քրեական օրենսգրքի ընդհանուր մասի վրա հղում անելու դեպքում այն չի վերածվում լրացուցիչ պատժի, այլ շարունակում է մնալ հիմնական պատիժ, քանի որ անձի համար առաջացնում է նույն քրեաիրավական և փաստական հետևանքները՝ անկախ նրանից նշանակում է որպես հիմնական, թե լրացուցիչ պատժատեսակ: 5.8. Տվյալ դեպքում Առաջին ատյանի դատարանն անդրադառնալով 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 314․2-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու լրացուցիչ պատժատեսակին և սույն գործի շրջանակներում դրա կիրառման հնարավորությանն, արձանագրել է, որ 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 314․2-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայում ուղղակիորեն ամրագրված է այս պատժատեսակը որպես լրացուցիչ պատիժ (ոչ պարտադիր), իսկ 2021 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքում լրացուցիչ պատժատեսակներ նշանակելու կարգավորումները նախատեսվել են օրենսգրքի ընդհանուր մասի դրույթներում, օրենսդիրը հստակեցրել է այն ուղենիշերը, որոնք պետք է կիրառվեն քննարկվող պատժատեսակը որպես լրացուցիչ պատիժ նշանակելիս: Մասնավորապես՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը որպես լրացուցիչ պատիժ կարող է նշանակվել այն դեպքում, երբ դատարանը, ելնելով հանցավորի պաշտոնավարության կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու ժամանակ նրա կատարած հանցանքի բնույթից, հնարավոր չի համարում անձի կողմից հետագա ժամանակահատվածում որոշակի պաշտոններ զբաղեցնելը կամ որոշակի գործունեությամբ զբաղվելը: Վերը նշված կարգավորումները համադրելով սույն գործի հանգամանքների հետ՝ Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ Ռաֆիկ Կիմի Վարդանյանի նկատմամբ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու լրացուցիչ պատիժ չի կարող նշանակվել, քանի որ 2021 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը նախատեսված է որպես հիմնական պատիժ և այն որպես լրացուցիչ պատիժ՝ հաշվի առնելով ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր մասի դրույթները, սույն դեպքում նշանակելու դեպքում փաստացի մեղադրյալի նկատմամբ կնշանակվի երկու հիմնական պատիժ, քանի որ թեկուզ և որպես լրացուցիչ պատիժ նշանակվելու դեպքում մեղադրյալը կկրի երկու հիմնական պատժի հետևանքները, որը հակասում է ՀՀ քրեական օրենսգրքի 57-րդ հոդվածի՝ մեկ հանցագործության համար կարող է նշանակվել միայն մեկ հիմնական պատիժ կարգավորմանը, որպիսի մոտեցումն ամբողջությամբ ընդունելի է նաև Վերաքննիչ դատարանի համար։ 5.9. Վերաքննիչ դատարանի դիրքորոշումը պայմանավորված է մասնավորապես այն հանգամանքով, որ 2021 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի առաջին մասով պատիժ նշանակելու դեպքերում սանկցիայում առկա՝ տուգանք պատժատեսակը և որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկել պատժատեսակը միաժամանակ կիրառելու համար առկա է օրենսդրական արգելք, մասնավորապես որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկել պատժատեսակը 2021 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 57-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի և 61-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով համարվում է հիմնական պատիժ, իսկ տուգանքը նշանակված լինելու պայմաններում քննարկվող պատժատեսակը ևս կիրառելը կհանգեցնի երկու հիմնական պատժատեսակների միաժամանակյա կիրառ ման, ինչն անթույլատրելի է ՀՀ քրեական օրենսգրքի 57-րդ հոդվածի 4-րդ կետի ուժով։
5.10. Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանն ընդգծում է, որ եթե անգամ հիմք ընդունվի այն մեկնաբանությունը, որ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկել պատժատեսակը քննարկվող հոդվածի սանկցիայով նախատեսված հիմնական այլ պատժատեսակներից (տուգանքի, ազատության սահմանափակման, կարճաժամկետ ազատազրկման, ազատազրկման) որևէ մեկի հետ հնարավոր է նշանակել որպես լրացուցիչ պատիժ, ապա այն անհիմն է, քանի որ մեղադրյալի նկատմամբ սույն դեպքում լրացուցիչ պատժի նշանակումը ոչ թե գտնվում է դատարանի հայեցողական լիազորությունների սահմաններում, այլ առկա է ուղղակի օրենսդրական արգելք առ այն, որ մեկ հանցագործության համար կարող է նշանակվել միայն մեկ հիմնական պատիժ: Հետևաբար, բողոքը բավարարելու դեպքում կստացվի մի իրավիճակ, երբ անձի նկատմամբ մեկ հանցավոր արարքի կատարման համար կնշնանակվի երկու հիմնական պատիժ, ինչն անթույլատրելի է։ 5.11. Վերոգրյալ իրավական վերլուծություններից հետևում է, որ փաստացի նոր օրենքը հանդիսանում է անձի վիճակը բարելավող օրենք և ունի հետադարձ ուժ, քանի որ, ի տարբերություն նախկին օրենսգրքի 314.2-րդ հոդվածի սանկցիայի, որը որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկել պատժատեսակը սահմանում էր որպես լրացուցիչ պարտադիր պատժատեսակ, նոր օրենքով այն համարվում է պարզապես լրացուցիչ պատժատեսակ, ընդ որում, ինչպես արդեն նշվեց վերևում, սույն դեպքում կիրառման ոչ ենթակա: 5.12. Ամփոփելով վերը շարադրվածը՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ բողոքարկված դատական ակտով Ռաֆիկ Վարդանյանի նկատմամբ 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 314.2-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է 2021 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 1-ին մասին) նախատեսված հանցագործության կատարման համար տուգանքի հետ միաժամանակ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկել պատժատեսակը չկիրառելը հիմնավորված է ու բավարար չափով պատճառաբանված, հետևաբար ներկայացված վերաքննիչ բողոքը պետք է մերժել, իսկ Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի փետրվարի 10-ի թիվ ԼԴ2/0018/01/22 դատավճիռը՝ թողնել անփոփոխ: (…)»։[3] Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
9. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք մեղադրյալ Ռ․Վարդանյանի նկատմամբ՝ որպես լրացուցիչ պատիժ, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը չնշանակելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։
10. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»։ ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:
2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով»։ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, հանցագործություն չի համարվել։ Չի կարող նաև նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառելի է եղել քրեական հանցագործության կատարման պահին։ (…)»։ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 4-րդ հոդվածի համաձայն՝ «1. Ոչ ոք չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության այն արարքի համար, որը կատարման պահին հանցանք չի համարվել:
2. Քրեական օրենքի Հատուկ մասի նորմերն անալոգիայով կիրառելն արգելվում է:
3. Քրեական օրենքի Ընդհանուր մասի նորմերը կարող են անալոգիայով կիրառվել, եթե դա չի վատթարացնում անձի վիճակը»: ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «1. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի:
2. Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ։ (…)
6. Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ մասնակիորեն խստացնող օրենքը սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը:»: 11․ ՀՀ Սահմանադրության 72-73-րդ հոդվածներով ամրագրված երաշխիքները, որոնք նորմատիվ իրավական ակտի կիրառման սահմանադրական սկզբունք են, քրեաիրավական համակարգում առանցքային տեղ են գրավում, ինչը հատկապես ընդգծվում է այն հանգամանքով, որ փոփոխվող և զարգացող հասարակությունում կոնկրետ արարքի դեմ քրեաիրավական ներգործության նպատակահարմարությունը, դրա հանրային վտանգավորությունը կամ քրեականացված արարքը կատարած անձի իրավական վիճակը նորովի կարգավորվելու դեպքում, դատարանը, որպես քրեական դատավարությունում արդարադատության գործառույթով օժտված մարմին, պետք է քննարկման առարկա դարձնի օրենսդրական փոփոխության իրավական բնույթը, ըստ այդմ էլ՝ մինչ ընդունումը ծագած իրավահարաբերությունների վրա այն հետադարձությամբ տարածելու իրավական հնարավորությունը[4]։ Նշված սահմանադրաիրավական նորմերից են բխում նաև ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածով ամրագրված՝ քրեական օրենսդրության հետադարձ ուժ ունենալու վերաբերյալ կարգավորումները։ Մասնավորապես, հիշյալ հոդվածի վերլուծությունը ցույց է տալիս, որ արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող իրավանորմերի գործողությունը տարածվում է մինչև այդ իրավանորմի ուժի մեջ մտնելը ծագած հասարակական հարաբերությունների վրա։ Ընդ որում, նույն կարգավորումը գործում է նաև այն դեպքում, երբ նոր օրենքն անձի պատասխանատվությունը մեղմացնում է մասնակիորեն։ Այսինքն՝ նշված պարագայում նոր օրենքը հետադարձ ուժ ունի միայն այնքանով, որքանով մեղմացնում է անձի պատասխանատվությունը, այլապես՝ տվյալ նորմին ամբողջությամբ հետադարձ ուժ տալու դեպքում կխախտվեն ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով ամրագրված երաշխիքները, ինչն անթույլատրելի է։ 12․ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 50-րդ հոդվածի համաձայն՝
«(…) 2. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կիրառվում է և´ որպես հիմնական, և´ որպես լրացուցիչ պատիժ: (…) 4. Մեկ հանցագործության համար կարող է նշանակվել միայն մեկ հիմնական պատիժ: Հիմնական պատժին սույն օրենսգրքով նախատեսված կարգով և դեպքերում կարող է միացվել մեկ կամ մի քանի լրացուցիչ պատիժ: (…)»: Նույն օրենսգրքի 52-րդ հոդվածի համաձայն՝ «1. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում որոշակի պաշտոններ զբաղեցնելը, իսկ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կատարված հանցանքի բնույթի հետ կապված որոշակի գործունեությամբ զբաղվելն արգելելն է:
2. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը որպես հիմնական պատիժ սահմանվում է երկուսից յոթ տարի ժամկետով՝ դիտավորյալ հանցագործությունների համար, և մեկից հինգ տարի ժամկետով՝ անզգույշ հանցագործությունների համար, իսկ որպես լրացուցիչ պատիժ՝ մեկից երեք տարի ժամկետով:
3. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կարող է նշանակվել այն դեպքում, երբ դատարանը, ելնելով հանցավորի պաշտոնավարության կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու ժամանակ նրա կատարած հանցագործության բնույթից, հնարավոր չի գտնում պահպանել որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու նրա իրավունքը: 3.1. Եթե որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված է որպես պարտադիր լրացուցիչ պատիժ, սակայն տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու ձևով տվյալ պատժի կատարումը հնարավոր չէ հանցանք կատարած անձի` տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունենալու կամ այդ իրավունքից զրկված լինելու պատճառով, ապա պարտադիր լրացուցիչ պատիժը չի նշանակվում:
4. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կարգապահական գումարտակում պահելու, կալանքի կամ որոշակի ժամկետով ազատազրկման հետ միասին որպես լրացուցիչ պատիժ նշանակելիս լրացուցիչ պատժի ժամկետը տարածվում է հիմնական պատիժը կրելու ամբողջ ժամանակի վրա, ընդ որում, լրացուցիչ պատժի ժամկետը հաշվարկվում է հիմնական պատիժը կրելուց հետո: Մնացած դեպքերում լրացուցիչ պատժի ժամկետը հաշվարկվում է դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից:»: Նույն օրենսգրքի 314․2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հանրային ծառայության մասին» և «Կուսակցությունների մասին» օրենքներով սահմանված՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրերը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին կամ 4-րդ մասով սահմանված վարչական տույժի կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում, դիտավորությամբ չներկայացնելը` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա»։ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 3. Տուգանքը, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը և զինվորական ծառայության մեջ սահմանափակումը կիրառվում են և՛ որպես հիմնական, և՛ որպես լրացուցիչ պատիժներ:
4. Մեկ հանցագործության համար կարող է նշանակվել միայն մեկ հիմնական պատիժ: Հիմնական պատժին կարող է միացվել մեկ կամ մի քանի լրացուցիչ պատիժ»: Նույն օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն՝ «1. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելը, իսկ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը՝ կատարված հանցանքի բնույթի հետ կապված որոշակի գործունեությամբ զբաղվելն արգելելն է:
2. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը որպես հիմնական պատիժ կարող է նշանակվել սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում:
3. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը որպես հիմնական պատիժ սահմանվում է ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների համար՝ 2-7 տարի ժամկետով:
4. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը որպես լրացուցիչ պատիժ սահմանվում է ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների համար՝ 1-3 տարի, իսկ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար՝ 1-5 տարի ժամկետով:
5. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը որպես լրացուցիչ պատիժ կարող է նշանակվել այն դեպքում, երբ դատարանը, ելնելով հանցավորի պաշտոնավարության կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու ժամանակ նրա կատարած հանցանքի բնույթից, հնարավոր չի համարում անձի կողմից հետագա ժամանակահատվածում որոշակի պաշտոններ զբաղեցնելը կամ որոշակի գործունեությամբ զբաղվելը: (…)»: Նույն օրենսգրքի 444-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը կամ հայտարարագիրը օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում, չներկայացնելը՝ պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով: (…)»: 13․ Վճռաբեկ դատարանը, Արմեն Պողոսյանի գործով որոշմամբ, անդրադառնալով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու քրեաիրավական պատժատեսակի կիրառման կարգին, արձանագրել է․ «(…) ՀՀ նախկին և գործող քրեական օրենսգրքերի համապատասխան իրավանորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիմնական և լրացուցիչ պատիժների կիրառման վերաբերյալ կարգավորումներում կատարվել է սկզբունքային փոփոխություն։ Մասնավորապես, եթե նախկին օրենսգիրքն ուղղակիորեն պահանջում էր որոշ տեսակի լրացուցիչ պատիժները (այդ թվում՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը) նշանակել միայն Հատուկ մասում ամրագրված լինելու դեպքում, ապա գործող օրենսգիրքը նման պահանջ չի սահմանում՝ լրացուցիչ պատժի տեսակն ընտրելու և նշանակելու նպատակահարմարության գնահատումը թողնելով դատարանի հայեցողությանը: Ընդ որում, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի Հատուկ մասը պարունակում էր զգալի թվով հանցակազմեր, որոնց սանկցիան, բացի հիմնական պատժատեսակներից, նախատեսում էր նաև լրացուցիչ պատիժ, որի կիրառումը դատարանի համար պարտադիր էր։ Այնինչ ՀՀ գործող քրեական օրենսգրքի Հատուկ մասում լրացուցիչ պատիժներ ամրագրված չեն: Այս կապակցությամբ օրենսդրի կամքը դրսևորվում է նրանում, որ դատարանը, ղեկավարվելով կատարված արարքի համար համաչափ պատիժ նշանակելու պահանջով, իր հայեցողական լիազորությունների սահմաններում իրավասու լինի նշանակել Ընդհանուր մասում նախատեսված համապատասխան լրացուցիչ պատժատեսակը: 15․ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ինչպես նախորդ, այնպես էլ գործող ՀՀ քրեական օրենսգրքերը չեն տարբերակում հիմնական և լրացուցիչ պատիժ նշանակելու սկզբունքները և նպատակները, քանի որ բոլոր դեպքերում պատիժ նշանակելիս դատարանները պարտավոր են առաջնորդվել ՀՀ քրեական օրենսդրության ընդհանուր սկզբունքներով, դրանք են՝ օրինականություն, անձնական պատասխանատվություն, ըստ մեղքի պատասխանատվություն, արդարություն և պատասխանատվության անհատականացում: Ինչ վերաբերում է պատժի նպատակների իրացմանը, ապա անկախ նրանից, թե անձի նկատմամբ նշանակվել է հիմնական պատիժ թե հիմնական և լրացուցիչ պատիժներ համակցված, պատժի նպատակները կարող են իրացվել միայն այն դեպքում, երբ դատարանի կողմից յուրաքանչյուր կոնկրետ գործով, հաշվի առնելով, ի թիվս այլնի, հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցավորի անձը բնութագրող տվյալները և այլն, նշանակվի արդարացի պատիժ՝ հիմնված ներքին համոզմունքի վրա: 16․ Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կոնկրետ հանցագործության առանձնահատկություններից ելնելով՝ դատարանը պետք է նշանակի նաև լրացուցիչ պատիժ, եթե գալիս է այն եզրահանգման, որ միայն հիմնական պատիժ նշանակելու դեպքում հնարավոր չէ հասնել պատժի նպատակների իրացմանը, մասնավորապես՝ սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի վերասոցիալականացմանը և հետագա հանցագործությունների կանխմանը: (…) Ինչպես արդեն նշվեց, ի տարբերություն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի, որի կարգավորումների համաձայն՝ որոշ լրացուցիչ պատիժներ կարող են նշանակվել բացառապես համապատասխան հոդվածի սանկցիայում ուղղակիորեն նախատեսված լինելու դեպքում, ՀՀ գործող քրեական օրենսգիրքը նման պահանջ չի սահմանում, ինչից հետևում է, որ դատարանն իրավասու է իր հայեցողությամբ նշանակել կամ չնշանակել համապատասխան լրացուցիչ պատիժ։ Այլ կերպ, եթե դատարանը, ուսումնասիրելով վարույթի նյութերը, ներկայացված ապացույցները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցավորի անձը բնութագրող տվյալները և այլն, հանգի այն եզրակացության, որ պատժի նպատակների իրացման համար միայն հիմնական պատիժ նշանակելը բավարար չէ, ապա կարող է նշանակել նաև լրացուցիչ պատիժ՝ յուրաքանչյուր դեպքում հիմնավորելով տվյալ լրացուցիչ պատժի կիրառման անհրաժեշտությունը: Ընդ որում, դատարանին տրված այդ հայեցողական լիազորության որևէ սահմանափակում ՀՀ գործող քրեական օրենսգիրքը չի նախատեսում: 18․ Թեև ՀՀ գործող քրեական օրենսգրքի 56-րդ հոդվածում պատժի տեսակները դասակարգված են այն տրամաբանությամբ, որ յուրաքանչյուր հաջորդ պատժատեսակ առավել խիստ է, քան՝ նախորդողը, այնուամենայնիվ, նույն օրենսգրքի 57-րդ հոդվածի կարգավորումներից բխում է, որ բոլոր դեպքերում դատարանն իրավասու է հիմնական պատժի հետ համակցված կիրառել մեկ կամ մի քանի լրացուցիչ պատիժ՝ անկախ պատժի համակարգում վերջինի զբաղեցրած դիրքից և խստության աստիճանից: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ երբեմն հիմնական պատիժը (օրինակ՝ տուգանքը) կարող է նվազ խիստ լինել լրացուցիչ պատժից (օրինակ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելուց), քանի որ յուրաքանչյուր այնպիսի պատժատեսակի համար, որը կարող է կիրառվել և՛ որպես հիմնական, և՛ որպես լրացուցիչ պատիժ, սահմանված են կիրառման տարբեր պայմաններ: Հետևաբար հանցանք կատարած անձի նկատմամբ հիմնական պատիժ նշանակելիս դատարանն իրավասու է նշանակել նաև լրացուցիչ պատիժ՝ անկախ այն հանգամանքից, թե կիրառման ենթակա պատժատեսակը սահմանված է տվյալ հոդվածի սանկցիայով, թե՝ ոչ, և այն առավել խիստ է հիմնական պատժից, թե՝ ոչ։ (…) Անդրադառնալով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու լրացուցիչ պատժատեսակի կիրառման նպատակահարմարությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 5-րդ մասը հստակ կարգավորում է, թե որ դեպքում դատարանը կարող է այն նշանակել: Մասնավորապես, հիշյալ պատժատեսակը որպես լրացուցիչ պատիժ կարող է նշանակվել այն դեպքում, երբ դատարանը, ելնելով հանցավորի պաշտոնավարության կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու ժամանակ նրա կատարած հանցանքի բնույթից, հնարավոր չի համարում անձի կողմից հետագա ժամանակահատվածում որոշակի պաշտոններ զբաղեցնելը կամ որոշակի գործունեությամբ զբաղվելը: Վերը նշվածի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային որոշումներում արձանագրել է, որ այս պատժատեսակի նպատակներից է` կանխել տվյալ բնույթի հանցագործության հետագա կատարման հավանականությունը, քանի որ այս պատժատեսակը նշանակվում է հատուկ կարգավիճակ ունեցող կամ որոշակի գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ։ Այլ կերպ` տվյալ պատժատեսակի կիրառումը բխում է այն հանցագործությունների կանխման անհրաժեշտությունից, որոնք այս կամ այն առումով կապված են հանցավորի պաշտոնական դիրքի կամ մասնագիտական կամ այլ գործունեության հետ։ (…) [Դ]ատարանը հանցանք կատարած անձի նկատմամբ որոշակի պաշտոններ զբաղեցնելը կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը՝ որպես լրացուցիչ պատիժ նշանակելու համար պետք է գա այն եզրահանգման, որ առանց այդ պատժատեսակի կիրառման նվազ հավանական է հետագայում նույնաբնույթ հանցանքների չեզոքացումը: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ քննարկվող պատժատեսակի հիմնական նպատակը համանման հանցավոր արարքների հետագա կանխարգելումն է, ինչը որևէ կերպ չի կարող պայմանավորվել դատարանի կողմից անձի նկատմամբ նշանակված հիմնական պատժի տեսակով, բացառությամբ այն դեպքի, երբ տվյալ պատժատեսակն արդեն իսկ նշանակվել է որպես հիմնական պատիժ։ (…)»[5]։ Վերոգրյալի համատեքստում վերլուծության ենթարկելով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիան՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև հիշյալ հոդվածի սանկցիայում, ի թիվս այլնի, նախատեսված է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը՝ որպես հիմնական պատիժ, այնուամենայնիվ, այդ հանգամանքը դատարանին ոչ միայն չի զրկում այդ պատժատեսակը՝ որպես լրացուցիչ պատիժ, մեկ այլ հիմնական պատժատեսակի հետ համակցված կիրառելու հնարավորությունից, այլև որևէ կերպ չի սահմանափակում դատարանի հայեցողական լիազորությունը պատիժ նշանակելու հարցում։
14. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ․
- Ռ․Վարդանյանը մեղադրյալ է ներգրավվել այն բանի համար, որ նա 2017 թվականի նոյեմբերի 24-ից 2021 թվականի սեպտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը և հանդիսանալով համայնքային քաղաքական պաշտոն զբաղեցնող հայտարարատու պաշտոնատար անձ, ««Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-212-Ն ՀՀ օրենքի համաձայն՝ ունենալով հայտարարագրեր ներկայացնելու պարտականություն, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2022 թվականի փետրվարի 10-ի որոշմամբ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վարչական տույժի կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում Ռ․Վարդանյանը դիտավորությամբ չի ներկայացրել օրենքով նախատեսված հայտարարագիրը[6],
- Առաջին ատյանի դատարանի կողմից 2023 թվականի փետրվարի 10-ին կայացված դատավճռով մեղադրյալ Ռ.Վարդանյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 314․2-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 1-ին մասին) նախատեսված արարքում և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 680․000 (վեց հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ գումարի չափով։ Անդրադառնալով ամբաստանյալ Ռ․Վարդանյանի նկատմամբ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու լրացուցիչ պատժատեսակի կիրառման հնարավորությանը՝ Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ վերջինիս նկատմամբ հիշյալ պատժատեսակը որպես լրացուցիչ պատիժ չի կարող նշանակվել, քանի որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը նախատեսված է որպես հիմնական պատիժ և այն որպես լրացուցիչ պատիժ նշանակելու դեպքում մեղադրյալի նկատմամբ փաստացի կնշանակվի երկու հիմնական պատիժ, քանի որ նույնիսկ որպես լրացուցիչ պատիժ նշանակվելու դեպքում մեղադրյալը կկրի երկու հիմնական պատժի հետևանքները, որը հակասում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 57-րդ հոդվածով սահմանված՝ մեկ հանցագործության համար կարող է նշանակվել միայն մեկ հիմնական պատիժ կարգավորմանը։ Միևնույն ժամանակ, Առաջին ատյանի դատարանը հարկ է համարել փաստել, որ Ռ․Վարդանյանը Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավարի 2021 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 49 կարգադրությամբ ազատվել է զբաղեցրած պաշտոնից, հետևաբար սույն դեպքում բացակայում է մեղադրյալ Ռ․Վարդանյանի նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու անհրաժեշտությունը[7],
- ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Կ․Սերոբյանի կողմից բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը, ըստ էության համաձայնելով Առաջին ատյանի դատարանի կողմից կատարված հետևությունների հետ, բողոքարկվող դատական ակտը թողել է անփոփոխ[8]։
15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-13-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, սխալ մեկնաբանելով լրացուցիչ պատիժ նշանակելու վերաբերյալ ՀՀ գործող քրեական օրենսգրքի համապատասխան կարգավորումները, թույլ է տվել նյութական օրենքի խախտում, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի մայիսի 31-ի որոշումը բեկանելու և վարույթը ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան նոր քննության փոխանցելու համար։ Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկնել այն, որ հոդվածի սանկցիայում, ի թիվս այլնի, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը՝ որպես հիմնական պատիժ նախատեսված լինելը, որևէ կերպ չի կարող խոչընդոտել դատարանի կողմից այդ պատժատեսակը նաև որպես լրացուցիչ պատիժ նշանակելուն: Հետևաբար Վերաքննիչ դատարանի պնդումն առ այն, որ մեղադրյալ Ռ․Վադրանյանի նկատմամբ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը պատիժը կիրառելու դեպքում նրա նկատմամբ կնշանակվի երկու հիմնական պատիժ, իրավաչափ չէ, քանի որ ՀՀ գործող քրեական օրենսգրքով նախատեսված չէ որևէ արգելք այդ օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայում ամրագրված և նույն օրենսգրքի Ընդհանուր մասի ուժով և՛ որպես հիմնական, և՛ որպես լրացուցիչ նախատեսված պատիժը դատարանի կողմից նաև որպես լրացուցիչ պատիժ նշանակելու համար: 16․ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով առերևույթ առկա է քրեական հետապնդումը բացառող հանգամանք և կրկնելով նախկինում արտահայտված դիրքորոշումն առ այն, որ վճռաբեկ վերանայման սահմանները չունեն բացարձակ բնույթ, և դրանք պետք է դիտարկվեն, ի թիվս այլնի, քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու հիմքերը սահմանող հոդվածի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մաս) համատեքստում[9]՝ փաստում է, որ անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել մեղադրյալ Ռ․Վարդանյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314․2-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով դադարեցնելու հարցը: 16․1․ Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք մեղադրյալ Ռ․Վարդանյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314․2-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: 16․2․ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն`
«Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը, կամ որոնց համար նախատեսված է ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երեք տարի ժամկետով ազատազրկումը»: ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
1) երկու տարի՝ ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.
(…)
2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը: (…)
3. Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր նոր հանցանք: Այս դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքի ավարտված համարելու պահից (…)»: ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314․2-րդ հոդվածի համաձայն` «1. «Հանրային ծառայության մասին» և «Կուսակցությունների մասին» օրենքներով սահմանված՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրերը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին կամ 4-րդ մասով սահմանված վարչական տույժի կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում, դիտավորությամբ չներկայացնելը` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:»։ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն` «1. Հանցանքները դասակարգվում են չորս խմբի` ոչ մեծ ծանրության, միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր:
2. Ոչ մեծ ծանրության հանցանքներ են համարվում սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 2 տարի ժամկետով ազատազրկումը, կամ որոնց համար նախատեսված է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ:
3. Միջին ծանրության հանցանքներ են համարվում սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 5 տարի ժամկետով ազատազրկումը: (…)»։
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
1) 5 տարի՝ ոչ մեծ ծանրության հանցանքի դեպքում.
2) 10 տարի՝ միջին ծանրության հանցանքի դեպքում.
(…)»։
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը կամ հայտարարագիրը օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում, չներկայացնելը՝ պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:»։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե` (…)
12) անձը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատասխանատվությունից.
4. Սույն հոդվածի 1-ին մասի 11-14-րդ կետերով նախատեսված հանգամանքների առկայությունը քրեական հետապնդումը բացառող չէ, եթե անձն առարկում է դրա դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը: Այu դեպքում քրեական վարույթը շարունակվում է ընդհանուր կարգով, սակայն մեղադրական վերդիկտ կայացնելու դեպքում այդ անձի նկատմամբ պատիժ չի նշանակվում »: Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները սահմանող քրեադատավարական օրենսդրության վերաբերելի կարգավորումների վերլուծությունից երևում է, որ դրանցում թվարկված են օրենքով սահմանված այն հանգամանքները, որոնք բացառում են ինչպես քրեական հետապնդման հնարավորությունը, այնպես էլ քրեական գործի վարույթը: Նշված հանգամանքներից յուրաքանչյուրի բացահայտման դեպքում քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, իսկ քրեական գործի վարույթը՝ կարճման: 16․3․ Վճռաբեկ դատարանը Արամ Սարգսյանի[10] վերաբերյալ գործով որոշման մեջ, արձանագրելով, որ թեև քրեական հետապնդումը բացառող հիմքերն իրենց բովանդակությամբ, կիրառման իրավական հետևանքներով տարբեր են, այնուամենայնիվ, բոլորն էլ կրում են իմպերատիվ բնույթ և դրանցից գեթ մեկի առկայությունն արդեն իսկ բացառում է քրեական գործի վարույթը քրեական դատավարության ցանկացած փուլում: Այլ կերպ, եթե վարույթն իրականացնող մարմինը հայտնաբերում է քրեական հետապնդումը բացառող հիմքերից որևէ մեկը, ապա գործի վարույթը ենթակա է կարճման։
17. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է հետևյալը․
- Ռ․Վարդանյանն իրեն մեղսագրվող՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314․2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքը կատարել է 2022 թվականի մարտին,
- Առաջին ատյանի դատարանը 2023 թվականի փետրվարի 10-ի դատավճռով Ռ․Վարդանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314․2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ,
- Վերաքննիչ դատարանը, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Կ․Սերոբյանի վերաքննիչ բողոքը, 2023 թվականի մայիսի 31-ի որոշմամբ անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը։
18. Նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշման 16․2-16․3․-րդ կետերում վկայակոչված իրավանորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ արարքի կատարման պահին գործող ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314․2-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ գործող քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 1-ին նախատեսված հանցավոր արարքների իրավահամեմատական վերլուծությունը վկայում է, որ փոփոխվել է դրա ծանրության աստիճանը։ Մասնավորապես, նախկին քրեական օրենսդրության համաձայն՝ մեղադրյալ Ռ․Վարդանյանին մեղսագրվող արարքը դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին, իսկ գործող քրեաիրավական օրենքով այն այլևս դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին։ Այսինքն՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավադրույթի կիրառությունը մեղադրյալ Ռ․Վարդանյանի համար կառաջացնի ոչ բարենպաստ հետևանքներ, մասնավորապես՝ քրեական հետպանդումը քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների հաշվարկման մասով, ուստի այն հետադարձության կարգով ենթակա չէ կիրառման։ Ի հիմնավորումն վերոգրյալի՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 1-ին մասը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, իսկ նշված օրենսգրքի 83-րդ հոդվածով միջին ծանրության հանցագործությունների համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետ է սահմանված՝ տասը տարի, այն դեպքում, երբ նախկին քրեաիրավական օրենսդրությամբ ոչ մեծ ծանրության հանցագործությունների համար սահմանված է երկամյա վաղեմության ժամկետ։ Նախորդիվ ասվածի համատեքստում՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Ռ․Վարդանյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով դադարեցնելիս որպես հիմք պետք է ընդունել արարքի կատարման պահին գործող ՀՀ նախկին քրեական օրենսգրքի իրավակարգավորումները։
19. Քրեական հետապնդումը բացառող քննարկվող հիմքի առնչությամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները: Միևնույն ժամանակ, քրեադատավարական օրենքը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու պարտադիր նախապայման է դիտում մեղադրյալի համաձայնությունը, որի բացակայությունը ենթադրում է վարույթի շարունակում ընդհանուր կարգով: Այսինքն` այն դեպքում, երբ անձը համաձայն չէ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու, իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու հետ, նրան պետք է հնարավորություն ընձեռվի դատական քննության փուլում վիճարկելու իրեն առաջադրված մեղադրանքը: Այն դեպքում, երբ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանում է գործի դատական քննության փուլում, այդ հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ընթացակարգի իրականացման պարտականությունը կրում է դատարանը: Ընդ որում, դատական քննությունը ենթադրում է վարույթն ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններում։ Մասնավորապես, դատարանը պետք է պարզի, թե արդյոք մեղադրյալը համաձայն է, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Անձի համաձայնությունը ստանալու դեպքում` դատարանը պարտավոր է դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը, իսկ համաձայնության բացակայության դեպքում` պետք է դատական քննությունը շարունակի ընդհանուր կարգով: Ընդ որում, երբ անձն արդեն հնարավորություն է ունեցել առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում (վերջին դեպքում՝ վճռաբեկ բողոք բերելու միջոցով) վիճարկելու իրեն առաջադրված մեղադրանքը, ապա քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելիս նրա դիրքորոշումը լրացուցիչ ճշտելու անհրաժեշտությունը բացակայում է[11]։ 20․ Սույն որոշման 17-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով 16․2․-16․3․-րդ կետերում շարադրված իրավական նորմերի և դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ռ․Վարդանյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314․2-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքի՝ որպես ոչ մեծ ծանրության հանցանքի համար նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու երկամյա ժամկետը լրանալու օրվա՝ 2024 թվականի մարտի դրությամբ վերջինիս նկատմամբ կայացված և օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ չի եղել: Ուստի Ռ․Վարդանյանին քրեական պատասխանատվության ենթարկելու՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցել է և վերջինս ենթակա է քրեական պատասխանատվությունից ազատման: 21․ Հետևաբար, նկատի ունենալով, որ Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացքում առկա է քրեական հետապնդումը բացառող հանգամանք, այն է՝ քրեական գործով անցել է մեղադրյալ Ռ․Վարդանյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի փետրվարի 10-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2023 թվականի մայիսի 31-ի որոշումը պետք է ամբողջությամբ բեկանել, մեղադրյալ Ռ․Վարդանյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314․2-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, իսկ քրեական գործի վարույթը կարճել։ 21․1․ Վճռաբեկ դատարանը միաժամանակ գտնում է, որ մեղադրյալ Ռ․Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված բացակայելու արգելքն անհրաժեշտ է վերացնել: Անդրադառնալով քրեական գործով արտավարութային փաստաթուղթ ճանաչված ապացույցների տնօրինմանը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք պետք է թողնել քրեական գործի նյութերում։ Ինչ վերաբերում է դատական ծախսերի հարցին՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն պետք է համարել լուծված։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ, 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-363-րդ և 386-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Թիվ ԼԴ2/0018/01/22 քրեական գործով մեղադրյալ Ռաֆիկ Կիմի Վարդանյանի վերաբերյալ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 314․2-րդ հոդվածի 1-ին մասով Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2023 թվականի փետրվարի 10-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2023 թվականի մայիսի 31-ի որոշումն ամբողջությամբ բեկանել։
2. Ռաֆիկ Կիմի Վարդանյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 314․2-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: 3․ Ռաֆիկ Կիմի Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված բացակայելու արգելքը՝ վերացնել։ 4․ Արտավարութային փաստաթուղթ ճանաչված ապացույցները թողնել քրեական գործի նյութերում։
5․ Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
6. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու պահից:
Նախագահող` Դ․ՎԵՔԻԼՅԱՆ
Դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Ս.ՉԻՉՈՅԱՆ
Ծանոթագրություններ
[1] Տե΄ս վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 64-65:
[2] Տե΄ս վարույթի նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 126-128:
[3] Տե΄ս վարույթի նյութեր, հատոր 3-րդ, թերթ 53-55։
[4] Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Հայկ Վարդանյանի գործով 2024 թվականի հուլիսի 22-ի թիվ ՀԿԴ/0223/01/23 որոշման 13-րդ կետը։ [5] Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արմեն Պողոսյանի գործով 2024 թվականի նոյեմբերի 5-ի թիվ ԼԴ/0025/01/22 որոշումը։ [6] Տե´ս սույն որոշման 6-րդ կետը։
[7] Տե´ս սույն որոշման 7-րդ կետը։
[8] Տե´ս սույն որոշման 8-րդ կետը։
[9] Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Մխիթար Էլոյանի և այլոց գործով 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0211/01/10 որոշումը։ [10] Տե՛ս Արամ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0503/06/10 որոշման 20-րդ կետը։ [11] Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Անահիտ Սաղաթելյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ5/0022/01/10, Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11, Հրանտ Մազմանյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ԵԿԴ/0121/11/14, Ֆարիդա Ավագիմյանի գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԱՎԴ2/0016/01/14, Անդրանիկ Գրիգորյանի գործով 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԵԿԴ/0180/01/15 որոշումները։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 դեկտեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ԼԴ2/0018/01/22
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
