Մկրտչյան — ՎԴ/15829/05/25
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըԳործ հարուցելու հիմքը և հայցի տեսակներըԱմփոփում
քննելով Գարեգին Մկրտչյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 11.11.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Գարեգին Մկրտչյանի ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության՝ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկ Գևորգ Երիցյանի` 13.08.2023 թվականի վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանն ուղղված կատարմամբ և փաստացի իրեն սպառած գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին, Պ Ա Ր Զ Ե Ց 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Գարեգին Մկրտչյանը պահանջել է ոչ իրավաչափ ճա
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/15829/05/25
դատարանի որոշում 2026թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/15829/05/25
Նախագահող դատավոր՝ Ռ. Խանդանյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող
զեկուցող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2026 թվականի ապրիլի 17-ին
գրավոր ընթացակարգով քննելով Գարեգին Մկրտչյանի վճռաբեկ բողոքը
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 11.11.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Գարեգին Մկրտչյանի ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության՝ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկ Գևորգ Երիցյանի` 13.08.2023 թվականի վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանն ուղղված կատարմամբ և փաստացի իրեն սպառած գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Գարեգին Մկրտչյանը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկ Գևորգ Երիցյանի՝ 13.08.2023 թվականի վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանն ուղղված կատարմամբ և փաստացի իրեն սպառած գործողությունը։ ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ե. Առաքելյան) (այսուհետ` Դատարան) 29.09.2025 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.11.2025 թվականի որոշմամբ Գարեգին Մկրտչյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 29.09.2025 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գարեգին Մկրտչյանը (ներկայացուցիչ՝ Սուրեն Հարությունյան)։ Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, խախտել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 10․12․1948 թվականի 217 Ա (III) բանաձևի համաձայն ընդունված և հռչակված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 8-րդ և 10-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ Սահմանադրության 50–րդ հոդվածի 1–ին մասը և 63-րդ հոդվածը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 69–րդ հոդվածի 1–ին մասը և 70–րդ հոդվածը: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը ստորադաս դատարանի կողմից վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունից բխող իրավահարաբերություններին բացառապես քրեաիրավական գնահատական տալը որակել է իրավաչափ, ինչի արդյունքում հայցվորը զրկվել է դատարան դիմելու իրավունքից։ Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 11.11.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել Դատարանի 29.09.2025 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը։
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտման հետևանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով. Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը.
- արդյո՞ք վարչական մարմնի՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանն ուղղված կատարմամբ և փաստացի իրեն սպառած գործողությունը կարող է դառնալ դատական վերահսկողության ինքնուրույն առարկա։ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք: ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...): ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`
1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե`
ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,
բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.
2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.
3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վկայակոչված իրավանորմերով երաշխավորվում է յուրաքանչյուր «շահագրգիռ անձի»՝ իր իրավունքների և ազատությունների պաշտպանության համար վարչական դատարան դիմելու իրավունքը: Թեև դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն ամրագրված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ՝ Եվրոպական դատարան) այն ճանաչել է որպես արդար դատաքննության իրավունքի անբաժանելի տարր: Այսպես, Եվրոպական դատարանի կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Kreuz v. Poland (28249/95) գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ): Միաժամանակ, Եվրոպական դատարանի տեսանկյունից` դատարան դիմելու մատչելիության իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե'ս, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom թիվ 18139/91 գանգատով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռ, կետ 59): Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև` համաչափության առումով (տե'ս, Khalfaoui v. France թիվ 34791/97 գանգատով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռ, կետ 36): Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե'ս, Dumitru Gheorghe v. Romania թիվ 33883/06 գանգատով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռ, կետ 28)։ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկով արձանագրել է, որ դատարանի մատչելիության, մասնավորապես, ՀՀ վարչական դատարանի մատչելիության իրավունքի իրավաչափ սահմանափակումներն օրենսդիրը սահմանել է՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում հայցադիմում ներկայացնելու համար որոշակի իրավական պահանջներ ու պայմաններ ամրագրելու միջոցով, որոնք վերաբերում են ինչպես հայցադիմումի ներկայացման կարգին ու ժամկետներին, այնպես էլ ձևին և բովանդակությանը: Միաժամանակ սահմանված են այդ պահանջներն ու պայմանները չպահպանելու իրավական հետևանքները, այն է՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և 80-րդ հոդվածի 1-ին մասն սպառիչ կերպով սահմանում են համապատասխանաբար հայցադիմումը վերադարձնելու և հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքերը: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են այն պայմանները, որոնց առկայությունն օրենքի ուժով անհնարին է դարձնում տվյալ հայցադիմումի հիման վրա արդարադատության իրականացումը (տե՛ս, Սյուզաննա Գևորգյանն ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի թիվ ՎԴ/3560/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01․09․2023 թվականի որոշումը)։ Վերոգրյալ իրավական դիրքորոշումների համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հայցադիմումի վարույթ ընդունելը մերժելու հիմքին, որպես դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման, ըստ որի՝ վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցը ենթակա չէ դատարանում քննության։ ՀՀ վճռաբեկ դատարանը, բացահայտելով հայցադիմումի ընդունումը մերժելու նշված հիմքի բովանդակությունը, արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը որդեգրել է այն կառուցակարգը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ամրագրված՝ «հայցը ենթակա չէ դատարանում քննության» արտահայտությունը և նույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ամրագրված՝ «վեճը ենթակա չէ որևէ դատարանում քննության» արտահայությունն ունեն միևնույն նշանակությունը, որը հանգում է հետևյալին. վարչական դատարանում գործ չի կարող հարուցվել, իսկ հարուցված գործի վարույթը ենթակա է կարճման, եթե այդ գործի հիմքում ընկած վեճը (հայցապահանջի հիմքում ընկած վիճելի իրավահարաբերությունը, հայցադիմումով դատարանի առջև բարձրացված հարցը) ենթակա չէ Հայաստանի Հանրապետությունում գործող առաջին ատյանի որևէ (ինչպես ընդհանուր իրավասության, այնպես էլ մասնագիտացված) դատարանում քննության: Հետևաբար վեճը (հայցը) դատարանի քննությանը ենթակա չլինելու հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելիս կամ այդ հիմքով գործի վարույթը կարճելիս վարչական դատարանը պարտավոր է ցույց տալ այն իրավական և փաստական հանգամանքները, որոնք վկայում են այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում գործող առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված բոլոր դատարաններն իրավասու չեն քննելու և լուծելու տվյալ վեճը (տե՛ս, «Օլիմպ» արտադրական կոոպերատիվն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0998/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30․11․2018 թվականի որոշումը)։ Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ վարչական դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա կարող է հայցադիմումի ընդունումը մերժել միայն այն պարագայում, երբ վեճը ենթակա չէ Հայաստանի Հանրապետությունում գործող առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված որևէ դատարանի քննությանը (․․․)։ Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ ՀՀ վարչական դատարանին գործերի առարկայական ընդդատության ընդհանուր շրջանակը սահմանվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածով։ Նշված հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, ներառյալ հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը, վարչական մարմինների միջև այն վեճերը, որոնք ենթակա չեն լուծման վերադասության կարգով, հանրային իրավունքի բնագավառում գործող կամ գործելու նպատակ ունեցող միավորումների, ներառյալ` արհեստակցական միությունների գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ վեճերով գործերը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա չեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի (․․․) ենթակայությանը վերապահված գործերը, ընդհանուր իրավասության դատարանի ենթակայությանը վերապահված քրեական գործերը, ինչպես նաև պատժի կատարման հետ կապված գործերը։ Վարչական դատարանին գործերի առարկայական ընդդատության ընդհանուր կանոնի համաձայն՝ վարչական դատարանի ընդդատությանն են վերապահված հանրային իրավահարաբերություններից ծագող գործերը։ Այսինքն՝ վարչական դատարանին ընդդատյա գործերի առաջնային տարբերակիչ հատկանիշը վիճելի իրավահարաբերության հանրային բնույթն է։ Միաժամանակ նշված ընդհանուր կանոնից կատարված են հետևյալ բացառությունները․ վարչական դատարանին ընդդատյա չեն հանրային իրավահարաբերություններից ծագող՝
- ՀՀ սահմանադրական դատարանի ենթակայությանը վերապահված գործերը,
- ընդհանուր իրավասության դատարանի ենթակայությանը վերապահված քրեական գործերը,
- պատժի կատարման հետ կապված գործերը։
Այսինքն՝ վարչական դատարանի իրավասության տիրույթում են հանրային իրավահարաբերություններից ծագող այն բոլոր գործերը, որոնց ընդդատությունն օրենքով վերապահված չէ ՀՀ սահմանադրական դատարանին, ընդհանուր իրավասության դատարանին և որոնք կապված չեն պատժի կրման հետ։ Այլ կերպ՝ վարչական դատարանին ընդդատյա չեն հանրային հարաբերություններից բխող այն գործերը, որոնց քննության իրավասությունն օրենքով հատուկ վերապահված է այլ դատարանի (տե՛ս, Սյուզաննա Գևորգյանն ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի թիվ ՎԴ/3560/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01․09․2023 թվականի որոշումը)։ Այսպիսով, Վճռաբեկ դատարանը վերստին շեշտադրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառման հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելու վարչական դատարանի լիազորության կիրառման համար բացառիկ նախապայման է հանդիսանում վեճը առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված որևէ դատարանի քննությանը ենթակա չլինելու հանգամանքը։ Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև վարչական մարմնի կողմից իրականացվող արտաքին ներգործություն ունեցող գործունեությանը՝ որպես վարչական դատավարության կարգով դատական վերահսկողության առարկայի։ Այսպես, ՀՀ Սահմանադրության՝ «Պատշաճ վարչարարության իրավունքը» վերտառությամբ 50-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի և ողջամիտ ժամկետում քննության իրավունք: Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, ում նույն կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետի իմաստով վարչական մարմիններ են Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմինները՝ Հայաստանի Հանրապետության նախարարությունները, ինչպես նաև Հանրապետության ողջ տարածքում վարչարարություն իրականացնող պետական այլ մարմինները։ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի իմաստով վարչարարությունը վարչական մարմինների արտաքին ներգործություն ունեցող այն գործունեությունն է, որը եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտերի ընդունմամբ, ինչպես նաև գործողությունը կամ անգործությունն, որն անձանց համար առաջացնում է փաստական հետևանքներ։ Նախկինում կայացված որոշումներից մեկով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական մարմինների հիմնական գործառութային նպատակը Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված պատվիրանների կատարումն է՝ իրավական պետության սկզբունքներին և կանոններին համապատասխան: Վարչական մարմինների հետ հարաբերություններում ֆիզիկական ու իրավաբանական անձանց` ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության պատշաճ երաշխիք ապահովելու նպատակով ՀՀ Ազգային ժողովի կողմից 18.02.2004 թվականին ընդունվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը, որի 1-ին հոդվածում ամրագրվել է, որ նույն օրենքը սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու, վարչական ակտերը, վարչական մարմինների գործողությունները և անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի կատարման, վարչական ծախսերի, ինչպեu նաև վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված` վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև ծագած հարաբերությունները: Վարչարարության հիմնարար սկզբունքները, որոնք իրենց ամրագրում են ստացել վերոգրյալ օրենքի 2-րդ գլխում, վարչական իրավունքի ոլորտում որոշակիացնում են սահմանադրական սկզբունքները՝ հանդիսանալով վարչարարության նորմատիվ ուղենիշեր: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչարարության հիմնարար սկզբունքները վարչական իրավունքի առանցքային հիմնադրույթներն են, որոնք, ընդհանուր առմամբ, ուղղորդում են վարչական մարմինների ցանկացած գործունեություն: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչարարության հիմնարար սկզբունքների կարգավորիչ դերը կայանում է նրանում, որ վարչական մարմինների կողմից իրականացվող վարչարարությունը պետք է համապատասխանի նշված սկզբունքներին: (…) ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել հատուկ ընդգծել, որ օրինականության սահմանադրական սկզբունքն ուղղակիորեն պահանջում է, որպեսզի գործադիր իշխանության մարմինների գործունեությունը հիմնված լինի Սահմանադրության և օրենքի վրա: Օրենքի գերակայությունը նշանակում է, որ որևէ վարչարարություն չի կարող հակասել օրենքին կամ օրենքի ուժով վարչական մարմնի համար պարտադիր այլ իրավական ակտերին: Օրենքը գերակայում է վարչարարության հանդեպ, հետևաբար, ցանկացած վարչարարություն ենթարկվում, ստորադասվում է օրենքին թե՛ ըստ ձևի, թե՛ ըստ բովանդակության, հետևաբար ակներև է, որ վարչարարությունը եզրափակող իրավական ակտերը (նորմատիվ և վարչական) կամ ռեալ ակտերը (գործողությունները և անգործությունը) նույնպես պետք է համապատասխանեն օրենքին: Դրանք պետք է ընդունվեն կամ ձեռնարկվեն օրենքով սահմանված կարգով: Ամբողջ վերոգրյալից հետևում է, որ վարչական մարմինների կողմից իրականացվող ցանկացած գործողություն պետք է համապատասխանի Սահմանադրությանն ու օրենքներին։ Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչարարությունը բնորոշվում է որպես վարչական մարմինների արտաքին ներգործություն ունեցող գործունեություն, որը եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտերի ընդունմամբ, ինչպես նաև գործողություն կամ անգործություն, որն անձանց համար առաջացնում է փաստական հետևանքներ։ (…) իրավական պետությունում, ինչպիսին է Հայաստանի Հանրապետությունը, վարչական մարմինների կողմից իրականացվող արտաքին ներգործություն ունեցող ոչ մի գործողություն չի կարող հակասել օրենսդրությանը: Ընդ որում, նշված պահանջը վերաբերում է ինչպես նյութաիրավական, այնպես էլ ընթացակարգային իրավանորմերին, քանի որ վարչական մարմինների գործունեության իրավաչափության միակ չափանիշը նյութական իրավունքը չէ և վարչական մարմնի գործունեությունը պետք է համապատասխանի նաև օրենսդրի կողմից սահմանված ընթացակարգային պահանջներին (…) (տե'ս, Գոհար Հակոբյանն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/8932/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.05.2022 թվականի որոշումը): Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական մարմնի արտաքին ներգործություն ունեցող որևէ գործունեություն բնավ ինքնանպատակ չէ և պետք է հետապնդի նպատակներ, որոնց հասնելով էլ՝ այդ գործունեությունը պետք է եզրափակվի: Վարչական մարմինը չի կարող գործունեություն ծավալել լոկ գործելու պատրանք առաջացնելու համար: Դա էական չափով հարկատուների միջոցների հաշվին գոյացող պետական բյուջեի միջոցների վատնում կլինի: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական մարմինների արտաքին ներգործությանն ուղղված գործունեությունը պետք է իր տրամաբանական ավարտին հասնի, արտահայտվելով որոշակի վարչական (իրավական) ակտի կամ փաստացի ներգործության տեսքով: Այդ գործունեությունը, ըստ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի, եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտի ընդունմամբ, ինչպես նաև գործողությամբ կամ անգործությամբ, որն անձանց համար առաջացնում է փաստական հետևանքներ: Այլ կերպ ասած վարչարարության արդյունքը վրա է հասնում հետևյալ եղանակներով.
- վարչական կամ նորմատիվ ակտի ընդունում,
- ռեալ ակտի ընդունում (գործողության կամ անգործության կատարում) (տե'ս, «Էյ Քեյ Էյ Ջի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արբեն Ղուլյանն ընդդեմ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի թիվ ՎԴ/11082/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.12.2021 թվականի որոշումը): ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչարարությունը բնորոշվում է հանրային իրավունքի բնագավառին առնչվելու հանգամանքով: Դա պետք է լինի վարչական մարմնի հանրային իրավունքի բնագավառում որոշակի հարցի լուծմանն ուղղված գործողություն, իսկ հանրային իրավունքի բնագավառը նշանակում է անձի հարաբերություններ պետության հետ, որը հանդես է գալիս որպես հանրային իշխանության կրող (տե'ս, ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Հայկ Մարգարյանի թիվ ԵԱՔԴ/1369/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.12.2010 թվականի որոշումը): ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ փաստել է, որ ինչպես ցանկացած հարաբերություն, այնպես էլ իրավական նորմերի միջոցով կարգավորվող հասարակական հարաբերությունը` իրավահարաբերությունը, որոշակի փոխկապակցված տարրերի (սուբյեկտ, օբյեկտ և բովանդակություն) ամբողջություն (համակարգ) է, որոնց բովանդակային-որակական տարբերությունը հնարավորություն է տալիս իրավահարաբերությունները տարանջատելու միմյանցից: Մասնավորապես` հանրային իրավահարաբերությունը մասնավոր հարաբերությունից տարանջատվում է թե՛ սուբյեկտային կազմով, թե՛ բովանդակությամբ և թե՛ օբյեկտով: Այդ տարրերն առանձին-առանձին անհրաժեշտ են, իսկ իրենց համակցության մեջ բավարար են, որպեսզի փաստվի իրավահարաբերության հանրային լինելու հանգամանքը: Իրավահարաբերությունը հանրային հատկանիշով բնութագրելու համար նախևառաջ անհրաժեշտ է, որ հարաբերության կողմ հանդես գա հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտը (վարչական մարմիններ, դրանց պաշտոնատար անձինք, այդ թվում` պետական և համայնքային ծառայողներ): Մինչդեռ հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտի` իրավահարաբերության կողմ լինելը դեռևս չի նշանակում, որ իրավահարաբերությունը հանրային բնույթի է, քանի որ հանրային բնույթը` որպես իրավահարաբերության բնութագրիչ, ծավալային առումով ներառում է իրավահարաբերության թե՛ սուբյեկտային կազմը, թե՛ օբյեկտը, թե՛ բովանդակությունը և ի հայտ է գալիս միայն վերոնշյալ երեք տարրերի համակցությամբ։ (…) հանրային է այն իրավահարաբերությունը, որում կողմերից մեկի դերում անպայմանորեն հանդես է գալիս հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտը, որն այդ հարաբերության ընթացքում հանրային շահի իրացման կապակցությամբ իրացնում է օրենքով սահմանված իր հանրային իշխանական լիազորությունները (տե՛ս, «Վեստ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության, երրորդ անձ «ՄաքԴոնալդս Քորփորեյշն» ընկերության թիվ ՎԴ/0830/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը)։ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ վարչարարությունն իրականացնելիս վարչական մարմինները պարտավոր են գործել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված (…) իրավունքների ու ազատությունների իրականացման համար խոչընդոտներ չհարուցելու, դրանց իրականացման համար Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով անհրաժեշտ պայմաններ ապահովելու և նրանց վրա ոչ իրավաչափորեն որևէ պարտականություն չդնելու հաշվառմամբ (տե'ս, Նարինե Չարչյանը, Վահե և Աննա Տեր-Եսայաններն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/11139/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.09.2021 թվականի որոշումը): Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, ՀՀ վճռաբեկ դատարանն ամրագրել է, որ անկախ վարչարարության եզրափակման ձևից՝ նորմատիվ, վարչական կամ ռեալ ակտի ընդունմամբ, ցանկացած տեսակի վարչարարություն ունի արտաքին ներգործության պարտադիր հատկանիշ։ Այլ կերպ ասած, անկախ այն հանգամանքից, թե վարչական մարմնի գործողություններն ուղղված են նորմատիվ կամ վարչական ակտի ընդունմանը, թե ինքնին անձանց համար առաջացնում են փաստական հետևանքներ, դրանք հանդիսանում են վարչարարություն, եթե, ի թիվս այլնի, օժտված են «արտաքին ներգործություն» պարտադիր հատկանիշով։ Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ցանկացած տեսակի վարչարարության պարտադիր հատկանիշ է հանդիսանում նաև անձանց համար փաստական հետևանքներ առաջացնելը։ Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ ռեալ ակտի ընդունմամբ եզրափակվող վարչարարության արտաքին ներգործությունը կարող է հանգեցնել հետևյալ փաստական հետևանքներին՝
- վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը բարելավում է անձի փաստացի դրությունը,
- վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը վատթարացնում է անձի փաստացի դրությունը։ Ելներով վերոգրյալից և անդրադառնալով վարչական մարմինների՝ վարչական ակտի ընդունմանը չուղղված գործունեության առանձնահատկություններին, ՀՀ վճռաբեկ դատարանն ամրագրել է, որ վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը հանդիսանում է նորմատիվ կամ վարչական ակտ ընդունելուն չուղղված վարչարարություն, եթե միաժամանակ առկա են հետևյալ բոլոր պայմանները.
1) ռեալ ակտ ընդունելուն ուղղված վարչական մարմինների գործունեությունը՝
- պետք է հիմնված լինի Սահմանադրության և օրենքի (նյութաիրավական ու ընթացակարգային) վրա,
- պետք է իրականացվի հանրային իրավունքի բնագավառում,
- պետք է հետապնդի օրենքով սահմանված նպատակներ, որոնց հասնելով վարչարարությունը պետք է եզրափակվի,
2) ռեալ ակտ կայացնելուն ուղղված վարչական մարմինների գործունեության արդյունքում կատարվող գործողությունը կամ դրսևորվող անգործությունը՝
- պետք է ունենա արտաքին ներգործության պարտադիր հատկանիշ,
- անձի համար պետք է առաջացնի փաստական հետևանքներ՝ բարելավի կամ վատթարացնի անձի փաստացի դրությունը (տե'ս, Լիլիթ Խաչատրյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության թիվ ՎԴ/0488/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.03.2025 թվականի որոշումը): Ողջ վերոգրյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում քննարկման առարկա դարձնել վարչական մարմնի կողմից վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության, ինչպես նաև դրա կազմմանն ուղղված վարչական մարմնի գործողության իրավական բնույթը, ըստ այդմ՝ դրանց իրավաչափության վարչադատական կարգով ստուգման մեխանիզմները։ Այսպես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներ են համարվում ցանկացած այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով մարմինները (պաշտոնատար անձինք) հաստատում են վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունը այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ: Այդ տվյալները հաստատվում են հետևյալ միջոցներով` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ, (․․․)։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 254-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրությունը կազմում են վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացնելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները (պաշտոնատար անձինք) (…): Նույն օրենսգրքի 255-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ նշվում է` դրա կազմելու ամսաթիվն ու տեղը, արձանագրությունը կազմող անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը. տեղեկություններ խախտողի անձի մասին. վարչական իրավախախտման կատարման տեղը, ժամանակը և էությունը. այն նորմատիվ ակտը, որը պատասխանատվություն է նախատեսում տվյալ իրավախախտման համար. վկաների և տուժողների ազգանունները և հասցեները, եթե այդպիսիք կան. խախտողի բացատրությունը. գործի լուծման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ: Արձանագրությունը ստորագրում են այն կազմող անձը և վարչական իրավախախտում կատարած անձը. վկաների և տուժողների առկայության դեպքում արձանագրությունը կարող են ստորագրել նաև այդ անձինք: (…):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկով արձանագրել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթն առանձին տեսակի վարչական վարույթ է, որը մեկնարկում է վարչական արձանագրության կազմմամբ (հարուցման փուլ), որի ընթացիկ փուլում վարչական վարույթն իրականացնող մարմնի (պաշտոնատար անձի) խնդիրն է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ հոդվածով սահմանված ապացույցների գնահատման արդյունքում բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 247-րդ և 279-րդ հոդվածներում նշված հանգամանքները, և երկամսյա ժամկետում վարչական վարույթը եզրափակել կա՛մ վարչական տույժ նշանակելու մասին որոշմամբ, կա՛մ վարույթը կարճելու մասին որոշմամբ (եզրափակիչ փուլ) (տե՛ս, Աշոտ Ազիզյանն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/9371/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.10.2023 թվականի որոշումը): Վերոգրյալ իրավակարգավորումների և ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների համադրման արդյունքում՝ Վճռաբեկ դատարանը վերստին արձանագրում է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը մեկնարկում է վարչական մարմնի կողմից վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմամբ։ Միաժամանակ, վարչական իրավախախտման գործի վերաբերյալ վարչական վարույթի ընթացքում, ի թիվս այլնի, որպես ապացույց, հանդիսանում է նաև վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, որի կազմմանը ներկայացվող պահանջները օրենսդիրը սահմանել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածով։ Այսպիսով, վարչական իրավախախտման գործի վերաբերյալ վարչական վարույթը վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմամբ հարուցվելու և համապատասխան վարչական ակտի ընդունմամբ եզրափակվելու, ինչպես նաև վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, որպես վարչական իրավախախտման գործի ապացույց, հանդիսանալու իրավակարգավորումների հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության իրավաչափությունը, որպես կանոն, կարող է ստուգվել վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը եզրափակող վարչական ակտի իրավաչափության գնահատման՝ վիճարկման վարույթի շրջանակում։ Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նկատել, որ իրավակիրառ պրակտիկայում կարող են լինել դեպքեր, երբ վարչական իրավախախտման գործի վերաբերյալ վարույթը եզրափակվի ոչ թե վարչական ակտի ընդունմամբ, այլ այն եզրափակվի ռեալ ակտի ընդունմամբ, մասնավորապես վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմամբ։ Նշված դեպքերում անձի իրավունքներին և ազատություններին արտաքին ներգործությունը տեղի է ունենում ոչ թե վարչական ակտով, այլ գործողությամբ՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմամբ, այլ խոսքով՝ ռեալ ակտի ընդունմամբ։ Քննարկման առարկա դարձնելով նշված իրավիճակներում անձի դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավորությունը և հիմք ընդունելով սույն որոշմամբ կատարված իրավական վերլուծություննները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բոլոր այն դեպքերում, երբ վարչական մարմնի կողմից իրականացված վարչարարությունը եզրափակվում է ռեալ ակտի ընդունմամբ, ի մասնավորի՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմամբ, ապա տվյալ արձանագրության կազմմանն ուղղված վարչական մարմնի գործողությունը վարչական դատավարության կարգով կարող է դառնալ վերահսկողության ինքնուրույն առարկա, հետևաբար նշված իրավահարաբերությունից ծագող վեճը ենթակա է քննության ՀՀ վարչական դատարանում։ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ 13.08.2023 թվականին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկ Գևորգ Երիցյանի կողմից կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, ըստ որի՝ Մաշտոցի պողոտայում 03.50 Տ/Մ վարելու իրավունքից զրկված անձը հրաժարվել է /խուսափել է/ սթափության վիճակի զննություն անցնելուց (էլեկտրոնային գործ)։ Վարչական իրավախախտման վերաբերյալ վերոնշյալ արձանագրությունը կազմվելուց հետո որևէ վարչական ակտ չի կայացվել (էլեկտրոնային գործ)։ Ըստ հայցադիմումի՝ վարչական իրավախախտման վերաբերյալ նշված արձանագրության հիման վրա 14.04.2025 թվականին կայացվել է հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում, որով թիվ 60-0352-24 քրեական վարույթով Գարեգին Արմենի Մկրտչյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, այն պատճառով, որ վերջինս 2023 թվականի օգոստոսի 13-ին ժամը 03։50-ի սահմաններում, վարել է «Մերսեդես» մակնիշի 10 GH 001 հաշվառման համարանիշի ավտոմեքենան՝ զրկված լինելով վարելու իրավունքից և հրաժարվել է սթափության վիճակի զննություն անցնելուց (էլեկտրոնային գործ)։ Դիմելով դատարան՝ հայցվորը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել 13.08.2023 թվականի ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկ Գևորգ Երիցյանի վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմման ուղղված կատարմամբ և փաստացի իրեն սպառած գործողությունը։ Դատարանը 29.09.2025 թվականին կայացրել է «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշում՝ հետևյալ հիմնավորմամբ. «(...) հայցվորը խնդրել է ոչ իրավաչափ ճանաչել 13.08.2023թ. ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկ Գևորգ Երիցյանի վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանն ուղղված կատարմամբ և փաստացի իրեն սպառած գործողությունը։ (…) 13.08.2023թ. վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմվելուց հետո վարչական ակտ չի կայացվել։ 13.08.2023թ. վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության հիման վրա 14.04.2025թ. կայացվել է հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում, որով թիվ 60-0350-24 քրեական վարույթով Գարեգին Արմենի Մկրտչյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, այն բանի համար, որ վերջինս 13.08.2023թ. ժամը 03։50-ի սահմաններում վարել է «Մերսեդես» մակնիշի 10 GH 001 հաշվառման համարանիշի ավտոմեքենան՝ զրկված լինելով վարելու իրավունքից և հրաժարվել է սթափության վիճակի զննություն անցնելուց։ Ինչպես պարզ է դառնում ներկայացված հայցադիմումից վարչական ակտ չի ընդունվել, այլ կազմված արձանագրության հիման վրա Գարեգին Արմենի Մկրտչյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Այսինքն՝ տվյալ դեպքում խոսքը չի վերաբերում ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթ իրականացնելուն, քանի որ դրա արդյունքում վարչական իրավախախտման վերաբերյալ վարչական ակտ չի ընդունվել, արձանագրության կազմմամբ վարույթը չի եզրափակվել նաև հայցվորի համար փաստական հետևանքների առաջացմամբ, քանի որ կազմված արձանագրության արդյունքում անձի պատասխանատվության հարցը որոշվելու է քրեաիրավական օրենսդրության շրջանակներում։ (…): (...) հայցվոր Գարեգին Արմենի Մկրտչյանի կողմից ներկայացված հայցադիմումը վերը նշված պատճառաբանությունների հիման վրա ենթակա չէ դատարանում քննության, հետևաբար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ներկայացված հայցադիմումի ընդունումը ենթակա է մերժման։»։ Վերաքննիչ դատարանի 11.11.2025 թվականի որոշմամբ Գարեգին Մկրտչյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժվել է՝ հետևյալ պատճառաբանությամբ. «(...) ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսված են վարչական նախադատելիությամբ հանցակազմեր, որոնցից է, ի թիվս այլնի, ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմը։ Վարչական նախադատելիությամբ հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթներով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը ճանաչվում է որպես քրեադատավարական ապացույց՝ արտավարութային փաստաթուղթ։ Իր հերթին քրեական դատարանն իրավասու է գնահատել ցանկացած ապացույցի, այդ թվում՝ արտավարութային փաստաթուղթ ճանաչված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության վերաբերելիությունը, թույլատրելիությունը և հավաստիությունը։ Նշված ապացույցի թույլատրելիության որոշման շրջանակներում ստուգվում է դրա՝ թե՛ դատավարական եղանակով ձեռք բերելու օրինականությունը, թե՛ ճյուղային օրենսդրության ֆորմալ-իրավաբանական պահանջներին համապատասխանությունը, իսկ անթույլատրելի ճանաչվելու դեպքում՝ այն չի կարող դրվել մեղադրանքի հիմքում։ Այսպիսով, ամբողջ նշվածի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ 13.08.2023 թվականի վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմման արդյունքում իրավասու մարմնի կողմից հայցվորի նկատմամբ հանրային քրեական հետապնում հարուցելու մասին որոշման կայացման պայմաններում իրավաչափ է սույն գործով ներկայացված հայցադիմումի ընդունումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով մերժման ենթակա լինելու վերաբերյալ Դատարանի եզրահանգումը, և որ վերաքննիչ բողոքում նշվածը հիմք չէ թիվ ՎԴ/15829/05/25 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 29.09.2025 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար»: Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը. Նախ, հարկ է նկատել, որ Դատարանը հայցադիմումի ընդունումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ վարչական մարմնի կողմից վարչական ակտ չի ընդունվել, այլ՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության հիման վրա հայցվոր Գարեգին Մկրտչյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որի շրջանակում էլ որոշվելու է հայցվորի պատասխանատվության ենթարկվելու հարցը, որպիսի իրավական դիրքորոշման հետ համաձայնել է նաև Վերաքննիչ դատարանը։ Այնինչ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում վարչական մարմնի կողմից նախաձեռնված վարչարարությունն ավարտվել է վարչական մարմնի կողմից վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմամբ՝ ռեալ ակտի ընդունմամբ։ Մասնավորապես, թեև վարչական մարմնի կողմից 13․08․2023 թվականի արձանագրության կազմումն ուղղված է եղել վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ նախաձեռնելուն, սակայն հետագայում, նշված արձանագրության հիման վրա վարչական ակտ չընդունվելու պարագայում, այն, ի թիվս այլնի, հիմք է հանդիսացել հայցվորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելու համար։ Այսինքն՝ նշված արձանագրությունը ծառայել է որպես իրավական հիմք հետագայում հայցվորի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու համար։ Նկատի ունենալով, որ տվյալ դեպքում պատասխանողի կողմից իրականացված վարչարարությունը եզրափակվել է ռեալ ակտի ընդունմամբ, ի մասնավորի՝ 13.08.2023 թվականի վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմամբ, որը փաստացի վատթարացրել է հայցվորի փաստացի և իրավական դրությունը, մասնավորապես հանդիսացել է հիմք՝ հայցվորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համար՝ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում հայցվորը պետք է ունենա հնարավորություն՝ նշված ռեալ ակտի դեմ իրացնելու ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված դատական պաշտպանության իր իրավունքը, իսկ քննարկվող իրավահարաբերությունից ծագող վեճը ենթակա է ՀՀ վարչական դատարանի քննությանը։ Հետևաբար ոչ իրավաչափ է հակառակի վերաբերյալ ստորադաս դատարանների եզրահանգումները։ Ամփոփելով ողջ վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Դատարանը, արձանագրելով, որ տվյալ դեպքում վեճը ենթակա չէ դատարանում քննության և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով կայացնելով «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշում, սահմանափակել է Գարեգին Մկրտչյանի դատարանի մատչելիության իրավունքը՝ սխալ մեկնաբանելով նշված նորմը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից: Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 11.11.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար: Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 163-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 11.11.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 29.09.2025 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ: Նախագահող
Զեկուցող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 17 ապրիլի, 2026 թ.
- Գործի #:
- ՎԴ/15829/05/25
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
