Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/Հարությունյան — ԱՎԴ/0014/15/21
ՎճռաբեկԿոռուպցիոն քրեականAI Ինդեքսավորված

Հարությունյան — ԱՎԴ/0014/15/21

Վճռաբեկ դատարանԱՎԴ/0014/15/213 դեկտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 135. Խափանման միջոց կիրառելու հիմքերը · Հոդված 143. Գրավը
PDF

Ամփոփում

Պ Ա Ր Զ Ե Ց Գործի դատավարական նախապատմությունը. 1․ 2020 թվականի հունիսի 29-ին ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 37154520 քրեական գործը: 2020 թվականի օգոստոսի 12-ին Մուրադ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Նույն օրը մեղադրյալ Մ․Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է 9․500․000 ՀՀ դրամ գումարի չափով գրավը։ 2020 թվականի օգոստոսի 15-ին ՀՀ Արարատի և Վայոց ձորի մա

Ամբողջ Տեքստ

ԱՎԴ/0014/15/21

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Տ.Սիմոնյան

2024 թվականի դեկտեմբերի 3-ին քաղաք Երևանում

ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ

Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆԻ

Ս.ՉԻՉՈՅԱՆԻ

Դ․ՎԵՔԻԼՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2022 թվականի հունվարի 17-ի որոշման դեմ մեղադրյալ Մուրադ Մարութի Հարությունյանի պաշտպաններ Կ․Մեժլումյանի և Է․Բեգլարյանի վճռաբեկ բողոքը[1],

Պ Ա Ր Զ Ե Ց

Գործի դատավարական նախապատմությունը.

1․ 2020 թվականի հունիսի 29-ին ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 37154520 քրեական գործը: 2020 թվականի օգոստոսի 12-ին Մուրադ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Նույն օրը մեղադրյալ Մ․Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է 9․500․000 ՀՀ դրամ գումարի չափով գրավը։ 2020 թվականի օգոստոսի 15-ին ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նախաքննության մարմնի կողմից մեղադրյալ Մ․Հարությունյանի նկատմամբ կիրառված 9․500․000 ՀՀ դրամի չափով գրավը նվազեցվել է, և գրավի չափ է սահմանվել 4․500․000 ՀՀ դրամը։ 2․ 2021 թվականի հուլիսի 2-ին ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 37157821 քրեական գործը: 3․ 2021 թվականի հուլիսի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ Գ․Վիրաբյանի որոշմամբ թիվ 37154520 քրեական գործը միացվել է թիվ 37157821 քրեական գործին, և նախաքննությունը շարունակվել է 37157821 համարի ներքո։ 2021 թվականի հուլիսի 5-ին Մուրադ Հարությունյանին նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։ 4․ 2021 թվականի նոյեմբերի 18-ին ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ՀՀ Վայոց ձորի մարզի դատախազության դատախազ Կ․Կարապետյանի այսուհետ նաև՝ Դատախազ) միջնորդությունը՝ թիվ 37157821 քրեական գործով մեղադրյալ Մ․Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված գրավը պետության եկամուտ դարձնելու վերաբերյալ, ըստ ընդդատության ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)։ 5․ 2021 թվականի դեկտեմբերի 14-ին Առաջին ատյանի դատարանի որոշմամբ Դատախազի միջնորդությունը մերժվել է:

6. ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Ն․Մովսիսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի 2022 թվականի հունվարի 17-ի որոշմամբ բողոքը բավարարվել է, Առաջին ատյանի դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 14-ի որոշումը բեկանվել և փոփոխվել է՝ մեղադրյալ Մ․Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված 4․500․000 ՀՀ դրամի չափով գրավը դարձնելով պետության եկամուտ։ 7.Վերաքննիչ դատարանի 2022 թվականի հունվարի 17-ի որոշման դեմ մեղադրյալ Մ․Հարությունյանի պաշտպաններ Կ․Մեժլումյանը և Է․Բեգլարյանը վճռաբեկ բողոք են բերել, որը Վճռաբեկ դատարանի 2022 թվականի օգոստոսի 15-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։ 2023 թվականի հունվարի 16-ին գործը բաշխվել (հանձնվել) է ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմին։ 7․1․ Վճռաբեկ դատարանի 2024 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ: Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

8․ Բողոքաբերները գտել են, որ Վերաքննիչ դատարանի կողմից առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, այն է՝ խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի պահանջը։ Բողոքաբերը փաստարկել է նաև, որ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի միատեսակ կիրառության համար: 8.1․ Բողոքի հեղինակները գտել են, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն առ այն, որ Մ․Հարությունյանը կատարել է քրեական օրենքով չթույլատրված արարք, ըստ էության խախտում է Մ.Հարությունյանի անմեղության կանխավարկածը, քանի որ «քրեական օրենքով չթույլատրված արարք» կատարելը և «հանցանք» կատարելը նույնական են, և Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները չեն բխում ՀՀ քրեական օրենսգրքի նորմերից։ 9․ Բողոքաբերները նշել են, որ առկա է նաև օրենքի միատեսակ կիրառության ապահովման և իրավունքի զարգացման խնդիր, քանի որ թիվ ԵԴ/1098/01/19 քրեական գործով դատարանը արձանագրել է, որ անձի կողմից քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելը կարող է հաստատվել միայն օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայության դեպքում՝ մերժելով այդ հիմքով գրավի գումարը պետականացնելը, իսկ թիվ ՍԴ1/0056/01/21 գործով դատարանն, առանց օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայության, որոշել է գրավի գումարը պետականացնել։ 10․ Վերոգրյալից ելնելով՝ բողոքաբերները խնդրել են բեկանել Վերաքննիչ դտարանի 2022 թվականի հունվարի 17-ի որոշումը՝ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 14-ի որոշումը։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

11. Մուրադ Մարութի Հարությունյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ․ «Նա հանդիսանալով «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Վայոց ձորի անտառնտեսություն» մասնաճյուղի տնօրեն, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներով և համաձայն 2005 թվականի սեպտեմբերի 12-ին գործատու՝ «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքված թիվ 18 պայմանագրի և այդ պայմանագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին 2007 թվականի հոկտեմբերի 10-ին կնքված համաձայնագրի, «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղում իրականացնելով մասնաճյուղի ընթացիկ գործունեության կազմակերպում և ղեկավարում, կրելով պատասխանատվություն գործատուի հանձնարարությունների և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար, կատարելով աշխատանքի բաշխում աշխատողների միջև, պարտավոր լինելով մասնաճյուղի ընթացիկ ղեկավարումը պատշաճ մակարդակով իրականացնելու մասնաճյուղի կանոնադրության և կնքված պայմանագրին համապատասխան, իրեն վստահված մասնաճյուղի միջոցներից հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, 2016 թվականի հունվարի 1-ից 2020 թվականի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում, շարունակաբար վատնելու եղանակով հափշտակել է «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը պատկանող, առանձնապես խոշոր չափերով՝ 11.476.359 ՀՀ դրամ գումարը, ինչն արտահայտվել է հետևյալում. Մուրադ Հարությունյանը, 2005 թվականի սեպտեմբերի 12-ից լինելով «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպության «Եղեգիսի անտառտնտեսություն» մասնաճյուղի, այնուհետև 2007 թվականի հոկտեմբերի 1-ի համաձայնագրով նույն ՊՈԱ կազմակերպության «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն, ունենալով հափշտակություն կատարելու միասնական դիտավորություն, անձնական և այլ շահագրգռվածությունից ելնելով, միջնորդել է «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպության տնօրինությանն իր կնոջը՝ Մարինե Վեմիրի Հարությունյանին, ընդունել աշխատանքի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղում որպես պահակ, ով 2008 թվականի սեպտեմբերի 3-ին ՊՈԱ կազմակերպության տնօրենի թիվ 174-Ա հրամանով հրամանագրվել է նշված մասնաճյուղում որպես պահակ ու նույն օրը նրա հետ կնքվել է աշխատանքային թիվ 3729 պայմանագիրը, սակայն 2016 թվականի հունվարի ամսից մինչև 2018 թվականի հուլիսի ամիսը ներառյալ փաստացի աշխատանքի չներկայանալու և պայմանագրով նախատեսված աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում նրա տվյալները ներառվել են կազմակերպության աշխատավարձերի ցուցակներում ու նշված ժամանակահատվածում՝ յուրաքանչյուր ամիս, շարունակաբար կազմակերպության միջոցներից նրան վճարվել է ընդհանուր 1․690․525 ՀՀ դրամ գումար։ Այնուհետև, Մուրադ Հարությունյանը միջնորդել է «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպության տնօրինությանն իր ընկերոջ որդուն՝ Ալիկ Զավենի Մաթևոսյանին, «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղում ընդունել աշխատանքի որպես վարորդ, ով 2009 թվականի մարտի 11-ին ՊՈԱ կազմակերպության տնօրենի թիվ 31-Ա հրամանով հրամանագրվել է մասնաճյուղում որպես վարորդ ու նույն օրը նրա հետ կնքվել է աշխատանքային թիվ 4043 պայմանագիրը, սակայն 2016 թվականի հունվար ամսից մինչև 2020 թվականի հունիս ամիսը փաստացի աշխատանքի չներկայանալու և պայմանագրով նախատեսված աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում նրա տվյալները ներառվել են կազմակերպության աշխատավարձերի ցուցակներում ու նշված ժամանակահատվածում՝ յուրաքանչյուր ամիս, շարունակաբար կազմակերպության միջոցներից նրան վճարվել է ընդհանուր 3․109․920 ՀՀ դրամ գումար։ Այնուհետև, Մուրադ Հարությունյանը միջնորդել է «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպության տնօրինությանն իր հարազատ եղբորը՝ Վոլոդյա Մարութի Հարությունյանին, ընդունել աշխատանքի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղում որպես Արտավանի անտառապետության թիվ 2 պահաբաժնի անտառապահ, ով 2010 թվականի հուլիսի 22-ին ՊՈԱ կազմակերպության տնօրենի թիվ 392-Ա հրամանով հրամանագրվել է մասնաճյուղում որպես Արտավանի անտառապետության թիվ 2 պահաբաժնի անտառապահ ու նույն օրը նրա հետ կնքվել է աշխատանքային թիվ 6193 պայմանագիրը, սակայն 2016 թվականի հունվար ամսից մինչև 2019 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ փաստացի աշխատանքի չներկայանալու և պայմանագրով նախատեսված աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում նրա տվյալները ներառվել են կազմակերպության աշխատավարձերի ցուցակներում ու նշված ժամանակահատվածում՝ յուրաքանչյուր ամիս, շարունակաբար կազմակերպության միջոցներից նրան վճարվել է ընդհանուր 3․265․684 ՀՀ դրամ գումար։ Այնուհետև, Մուրադ Հարությունյանը միջնորդել է «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպության տնօրինությանն իր հարազատ եղբոր փեսային՝ Սիրաս Հեկտորի Հարությունյանին ընդունել աշխատանքի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղում որպես անտառային տեխնիկ, ով 2014 թվականի օգոստոսի 1-ին ՊՈԱ կազմակերպության տնօրենի թիվ 374-Ա հրամանով հրամանագրվել է մասնաճյուղում որպես անտառային տեխնիկ, սակայն 2015 թվականի հունվար ամսից մինչև 2016 թվականի օգոստոս ամիսը ներառյալ փաստացի աշխատանքի չներկայանալու և աշխատանքի ընդունման հրամանով նախատեսված գործառութային պարտականությունները չկատարելու պայմաններում նրա տվյալները ներառվել են կազմակերպության աշխատավարձերի ցուցակներում ու նշված ժամանակահատվածում՝ յուրաքանչյուր ամիս, շարունակաբար կազմակերպության միջոցներից նրան վճարվել է ընդհանուր 1․721․550 ՀՀ դրամ գումար։ Շարունակելով իր հանցավոր գործունեությունը՝ Մուրադ Հարությունյանը միջնորդել է «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպության տնօրինությանն իր ծանոթ Գևորգ Զաքարի Ավետիսյանին ընդունել աշխատանքի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղում որպես Արենիի անտառապետության թիվ 5 պահաբաժնի անտառապահ, ով 2013 թվականի սեպտեմբերի 10-ին ՊՈԱ կազմակերպության տնօրենի թիվ 527-Ա հրամանով հրամանագրվել է մասնաճյուղում որպես թիվ 5 պահաբաժնի անտառապահ, սակայն 2019 թվականի հունվարի ամսից մինչև 2017 թվականի սեպտեմբերի 11-ը ներառյալ ժամանակահատվածում փաստացի աշխատանքի չներկայանալու և աշխատանքի ընդունման հրամանով նախատեսված գործառութային պարտականությունները չկատարելու պայմաններում նրա տվյալները ներառվել են կազմակերպության աշխատավարձերի ցուցակներում ու նշված ժամանակահատվածում՝ յուրաքանչյուր ամիս, շարունակաբար կազմակերպության միջոցներից նրան վճարվել է ընդհանուր 1․688․550 ՀՀ դրամ գումար։ Այսպիսով Մուրադ Հարությունյանը վատման եղանակով հափշտակել է «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով, ընդհանուր՝ 11․4765․359 ՀՀ դրամ գումարը։ Բացի այդ, Մուրադ Հարությունյանն իր ենթակայության ներքո աշխատող Արմեն Պարույրի Բաբայանի հետ նախապես՝ մինչև հանցագործությունը սկսելը, պայմանավորվել է հանցանքը՝ ամբողջովին արգելված կենդանու՝ բեզոարյան այծի որսը համատեղ կատարելու մասին, իր կողմից վարած «Ուազ» մակնիշի 609 LL 62 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով 2021 թվականի հուլիսի 2-ի, քննությամբ չպարզված ժամին գնացել են Արենի համայնքի Ելփին բնակավայրի «Արդարազ» կոչվող տեղամաս, որտեղ Արմեն Բաբայանն իրեն պատկանող «ԻԺ» մոդելի 16մմ տրամաչափի 19503-59 գործարանային համարով երկփողանի հրացանից երկու կրակոցի միջոցով ապօրինի որսացել է բնական ազատության վիճակում գտնվող որսն ամբողջովին արգելված մեկ հատ բեզոարյան այծ՝ կենդանական աշխարհին պատճառելով խոշոր չափերով՝ 3.000.000 ՀՀ դրամի գույքային վնաս։ Ապօրինի որս հանդիսացող բեզոարյան այծի լեշն իր վարած «Ուազ» մակնիշի 609 LL 62 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով «Արդարազ» կոչվող տեղամասից տեղափոխելիս հասնելով Ելփին բնակավայրի «Զաղա» կոչվող տեղամաս, նկատել է ոստիկանության ծառայողներին և, զգալով բացահայտման իրական վտանգ չի ենթարկվել վերջիններիս կողմից իրեն ուղղված՝ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու օրինական պահանջին, դիմել է փախուստի և, հասնելով նույն բնակավայրի «Քարի տակ» կոչվող տեղամասում գտնվող, Ելփին բնակավայրի բնակչուհի Քանաքարա Միքայելյանին պատկանող հողամասի մոտ բեզոարյան այծի լեշն ավտոմեքենայից նետել են հարակից առուն, որը հայտնաբերվել է նշյալ վայրում ոստիկանության ծառայողների կողմից ու վերցվել։»[2]։ 12․ 2021 թվականի նոյեմբերի 18-ին Դատախազի կողմից ներկայացված միջնորդության համաձայն՝ «(...) Նկատի ունենալով այն, որ Մուրադ Հարությունյանը դատարանի կողմից 15․08․2020թ․ իր նկատմամբ որպես խափանման միջոց գրավը կիրառված լինելու պայմաններում 02․07․2021թ․ առերևույթ կատարել է նոր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցանք, այն է՝ խախտել է ընտրված խափանման միջոցի պայմանները, չի դրսևորել պատշաճ վարքագիծ, 06․07․2021թ Վայոց ձորի մարզի դատախազությունում որոշում է կայացվել թիվ 37157821 քրեական գործով մեղադրյալ Մուրադ Մարութի Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված գրավը վերացնելու մասին։ Նույն օրը՝ 06․07․2021թ․-ին, վարույթն իրականացնող քննիչի կողմից միջնորդություն է հարցուցվել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալ Մ․Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, որը դատարանի 07․07․2021թ․ որոշմամբ բավարարվել է։ Դատարանի որոշմամբ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 22․07․2021թ․ որոշմամբ մերժվել է։ (...)»[3]։ 13․ Առաջին ատյանի դատարանի` խափանման միջոց գրավը պետության եկամուտ դարձնելու վերաբերյալ միջնորդությունը քննարկելու մասին 2021 թվականի դեկտեմբերի 14-ի որոշման համաձայն՝«(...) Դատարանն արձանագրում է, որ Մուրադ Հարությունյանը դատարանի կողմից 15․08․2020թ․ իր նկատմամբ որպես խափանման միջոց գրավը կիրառված լինելու պայմաններում 02․07․2021թ․ առերևույթ կատարել է նոր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցանք, սակայն մեղադրյալ Մ․Հարությունյանի կողմից տվյալ արարքը կատարելու վերաբերյալ առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, ուստի վերը նշված իրավակարգավորումների, այդ թվում նաև՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 8-րդ մասի լույսի ներքո մեղադրյալի կողմից չթույլատրված արարքի կատարումը չի կարող համարվել հաստատված հանգամանք կամ փաստ, քանի որ այդ պարագայում կխախտվի անձի անմեղության կանխավարկածը, մինչդեռ անձի կողմից չթույլատրված արարքի կատարելը կարող է հաստատված համարվել միայն օրինական ուժի մեջ մտած դատավճիռ առկայության պայմաններում։ Դատարանն ընդունելի է համարում պաշտպանական կողմի ներկայացված մոտեցումն առ այն, որ մինչդատական վարույթի կամ դատական քննության ընթացքում գրավը կարող է պետության եկամուտ դարձվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով նախատեսված բոլոր հիմքերի դեպքում, բացի քրեական օրենքով չթույլատրված նոր արարք կատարելու դեպքում՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի բացակայության պայմաններում։ Ելնելով վերոգրյալից Դատարանը գտնում է, որ Մ․Հարությունյանի կողմից մուծված գրավը պետք է թողնել ՀՀ դատախազության դեպոզիտ հաշվին, մինչև միջնորդության մեջ նշված նոր ենթադրյալ հանցանքի վերաբերյալ վերջնական դատավարական ակտի ուժի մեջ մտնելը։ (...)»[4]։

14. Վերաքննիչ դատարանի 2022 թվականի հունվարի 17-ի որոշման համաձայն՝ «(...) Հարկ է փաստել, որ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը յուրովի է մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթները, կատարել է եզրահանգումներ, որոնք ամենևին չեն բխում օրենսդրական կարգավորումներից, անհիմն կերպով ինքնուրույն դիֆերենցել, տարանջատել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հոդված 135-ով նախատեսված խափանման միջոց կիրառելու հիմքերը այն համատեքստում, որ դրանք ընդունելի են գրավը պետության եկամուտ դարձնելու առումով, բացառությամբ մեկ հիմքից, այն է՝ քրեական օրենքով չթույլատրված նոր արարք կատարելը։ Այս մոտեցումն ընդունելի չէ և չի բխում խափանման միջոցների հասկացությունից, էությունից, դրանց կիրառման պայմաններից և հիմքերից։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Եթե կասկածյալը կամ մեղադրյալը կատարել է սույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք, ապա գրավը պետության եկամուտ է դարձվում դատարանի որոշմամբ` դատախազի միջնորդության հիման վրա, իսկ քրեական գործը դատարանում քննելիս` նաև դատարանի նախաձեռնությամբ: Գրավը պետության եկամուտ դարձնելու կամ միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատարան»։ Այս դրույթի վերլուծությունից ակնհայտ է, որ օրենքը որևէ տարբերակում չի նախատեսում հոդված 135-ի 1-ին մասով նախատեսված արարքների միջև և դրանցից ցանկացածը կատարելու պարագայում գրավը պետության եկամուտ է դարձվում դատարանի որոշմամբ՝ դատախազի միջնորդության հիման վրա։ Այդ դրույթն իմպերատիվ է և ենթակա չէ տարամեկնաբանությունների։ Բացի դա՝ հարկ է նկատել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հոդված 135-ի 1-ին մասի 3-րդ կետը սահմանում է՝ «կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք» ձևակերպումը։ Այս դրույթն ամենևին պատահական չէ, քանզի օրենսդիրը նշել է ոչ թե անձի կողմից հանցանք կատարելու մասին, որպիսի հանգամանքը կարող է փաստվել բացառապես օրինական ուժի մեջ մտած դատավճռով, այլ կիրառել է «քրեական օրենքով չթույլատրված արարք» ձևակերպումը, որը երբևէ չպետք է նույնացվի «հանցանք» կամ «հանցագործություն» հասկացությունների հետ։ Հանցանքը՝ միմյանց հետ փոխկապակցված չորս տարրերի համադրություն է, իսկ հանցագործության օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ հանդիսացող արարքի նշումը չի կարող նույնանալ հանցակազմի բոլոր տարրերի և հատկանիշների առկայության հետ։ Այս համատեքստում՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի մոտեցումը իրավաչափ համարվել չի կարող և խաթարում է քննարկվող խափանման միջոցի կիրառման և մեղադրյալի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու պարագայում՝ համապատասխան բացասական հետևանքների առաջացման ինստիտուտի էությունը և բովանդակությունը (...)» [5]։ Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

16. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է․ իրավաչա՞փ է արդյոք օրինական ուժի մեջ մտած համապատասխան դատական ակտի բացակայության պայմաններում մեղադրյալի կողմից քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու հիմքով գրավը պետության եկամուտ դարձնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը։

17. Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Եվրոպական կոնվենցիա) 6-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք, ով մեղադրվում է քրեական հանցագործություն կատարելու մեջ, համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքին համապատասխան»: ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածի համաձայն` «Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»: 17․1․ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետի մեկնաբանման շրջանակներում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

- անմեղության կանխավարկածի խախտում է այն դեպքը, երբ դատական որոշման կամ պաշտոնատար անձի կողմից արված հայտարարության մեջ կարծիք է արտահայտվում հանցանքի կատարման մեջ մեղադրվող անձի մեղքի վերաբերյալ՝ նախքան նրա մեղքը կհաստատվի օրենքով սահմանված կարգով[6],

- անմեղության կանխավարկածը որպես քրեական գործի վարույթի դատավարական երաշխիք, ի թիվս այլնի, որոշակի պահանջներ է սահմանում՝ կապված դատական իշխանության մարմինների կամ այլ հանրային պաշտոնատար անձանց կողմից կասկածյալի (մեղադրյալի, ամբաստանյալի) մեղավորության վերաբերյալ կանխակալ արտահայտությունների հետ[7]՝ շեշտադրելով վերջիններիս կողմից կատարվող հայտարարություններում բառերի ընտրության կարևորությունն այն դեպքում, երբ խոսքը գնում է հանցանքի կատարման մեջ օրենքով սահմանված կարգով չմեղադրված և չդատապարտված անձանց մասին[8]։ 18․ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի այսուհետ նաև՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրիրք 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: (…)»:

19. Անմեղության կանխավարկածի սկզբունքի վերաբերյալ սահմանադրաիրավական և քրեադատավարական վերոնշյալ նորմերի վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն Արմեն Բաղդասարյանի գործով արձանագրել է, որ հանցագործության կատարման մեջ կասկածվողի կամ մեղադրվողի մեղքն ապացուցված կարող է համարվել միայն դատարանի` օրենքով սահմանված կարգով կայացված և օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Այլ խոսքով՝ կասկածյալի կամ մեղադրյալի մեղավորությունը կարելի է հաստատված համարել միայն այն դեպքում, երբ առկա է օրինական ուժի մեջ մտած դատավճիռ[9]: 19.1. Վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ գործնականում անմեղության կանխավարկածը կարող է խախտվել՝ իր բնույթով ընթացակարգային և նյութական առումներով։ Օրինակ՝ ընթացքի մեջ գտնվող վարույթի շրջանակներում անձի անմեղության կանխավարկածը խախտող հայտարարություններ անելը, որը չի ազդում գործով վերջնական որոշման կայացման վրա, անմեղության կանխավարկածի ընթացակարգային խախտում է։ Մինչդեռ, անմեղության կանխավարկածի այնպիսի խախտումները, որոնք պաշտպանության կողմի ապացույցների անտեսմամբ, ազդում են դատական ակտի կամ այլ վերջնական որոշման բովանդակության վրա, իրենց բնույթով նյութական են[10]։ 20․ ՀՀ քրեական դատավարության նախկին օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

«Դատարանը, դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը խափանման միջոց կարող են կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է`

1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.

2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.

3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.

4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.

5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը։ (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերի համաձայն՝

«8. Եթե կասկածյալը կամ մեղադրյալը կատարել է սույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք, ապա գրավը պետության եկամուտ է դարձվում դատարանի որոշմամբ` դատախազի միջնորդության հիման վրա, իսկ քրեական գործը դատարանում քննելիս` նաև դատարանի նախաձեռնությամբ: Գրավը պետության եկամուտ դարձնելու կամ միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատարան:

9. Գրավը վերադարձվում է գրավատուին այն դեպքերում, երբ չի ապացուցվել սույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներ կատարելու հանգամանքը, կամ գրավը` որպես խափանման միջոց, վերացվել կամ փոխվել է: Գրավը վերադարձնելու մասին որոշումն ընդունում է քրեական վարույթն իրականացնող մարմինը` համապատասխան խափանման միջոցը վերացնելու կամ փոխելու մասին որոշում կայացնելու հետ միաժամանակ (…)»: 21․ Վճռաբեկ դատարանը, համալիր վերլուծության ենթարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով և 143-րդ հոդվածի 8-9-րդ կետերով նախատեսված կարգավորումները, Առուշ Առուշանյանի վերաբերյալ գործով արձանագել է, որ ի տարբերություն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մյուս հիմքերի, գրավը պետության եկամուտ դարձնելու համատեքստում, դատարանի կողմից քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու հանգամանքը կարող է ապացուցված համարվել միայն դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով, իսկ քրեական գործի քննության փուլում գրավը պետության եկամուտ դարձնելու հարցը ենթակա է լուծման վերջնական դատական ակտով, հակառակ պարագայում վարույթն իրականացնող մարմնի՝ տվյալ դեպքում դատարանի գործողությունները ինքնին կհանգեցնեն անձի անմեղության կանխավարկածի խախտման։ Վերոնշյալ որոշմամբ Վճռաբեկ դատարանը արձանագրել է նաև, որ ստորադաս դատարանների հետևություններն առ այն, որ անձն իր նկատմամբ որպես խափանման միջոց գրավ ընտրված լինելու պայմաններում ենթադրաբար կատարել է քրեական օրենքով չթույլատրված նոր արարք, իրավաչափ չէ, քանի որ անձի նկատմամբ մեղադրանք առաջադրած լինելը և քրեական գործը դատարանի վարույթում գտնվելը դեռևս չի կարող հաստատված համարել անձի կողմից այդ գործով իրեն մեղսագրվող արարքների կատարման փաստը։ Վճռաբեկ դատարանը, համեմատական վերլուծության ենթարկելով 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում նախատեսված գրավը պետության եկամուտ դարձնելու հիմքերն, արձանագրել է, որ ի տարբերություն 2020 թվականի ապրիլի 14-ի խմբագրությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը մեղադրյալի կողմից մեկ այլ հանցանք կատարելը չի նախատեսել գրավը պետության եկամուտ դարձնելու հիմք՝ դրանով իսկ բացառելով վարույթն իրականացնող մարմնի կողմից անձի անմեղության կանխավարկածի խախտումը։ Բացի այդ, Վճռաբեկ դատարանը փաստել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերը և գրավը պետության եկամուտ դարձնելու հիմքերը նույնական են, մինչդեռ 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ գրավը պետության եկամուտ է դառնում եթե 1 մեղադրյալը թաքնվել է վարույթն իրականացնող մարմնից, 2 պարբերաբար չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնի հրավերով կամ 3 էապես խոչընդոտել է վարույթին, ուստի նշված հիմքերը չեն նույնանում 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերին[11]։ 22․ Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

-Նախաքննության մարմնի կողմից թիվ 37154520 քրեական գործով 2020 թվականի օգոստոսի 12-ին Մ․Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ 2020 թվականի օգոստոսի 15-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 4.500.000 ՀՀ դրամի չափով գրավը[12],

- 2021 թվականի հուլիսի 2-ին ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 37157821 քրեական գործը, այնուհետև նշված քրեական գործին է միացվել է թիվ 37154520 քրեական գործը [13],

- Առաջին ատյանի դատարանի որոշմամբ՝ Դատախազի 2021 թվականի օգոստոսի 23-ի միջնորդությունը՝ թիվ 37157821 քրեական գործով մեղադրյալ Մ․Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված գրավը պետության եկամուտ դարձնելու մասին, մերժվել է այն պատճառաբանությամբ, որ Մ․Հարությունյանը դատարանի կողմից 2020 թվականի օգոստոսի 15-ին իր նկատմամբ որպես խափանման միջոց գրավը կիրառված լինելու պայմաններում 2021 թվականի հուլիսի 2-ին առերևույթ կատարել է նոր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցանք, սակայն մեղադրյալ Մ․Հարությունյանի կողմից տվյալ արարքը կատարելու վերաբերյալ առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, ուստի մեղադրյալի կողմից չթույլատրված արարքի կատարումը չի կարող համարվել հաստատված հանգամանք կամ փաստ, քանի որ այդ պարագայում կխախտվի անձի անմեղության կանխավարկածը [14],

- Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, արձանագրել է, որ օրենքը որևէ տարբերակում չի նախատեսում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-ի հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների միջև, և դրանցից ցանկացածը կատարելու պարագայում գրավը պետության եկամուտ է դարձվում դատարանի որոշմամբ՝ դատախազի միջնորդության հիման վրա, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-ի հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը սահմանում է՝ «քրեական օրենքով չթույլատրված արարք» ձևակերպումը, որը երբևէ չպետք է նույնացվի «հանցանք» կամ «հանցագործություն» հասկացությունների հետ։ Այս համատեքստում Առաջին ատյանի դատարանի մոտեցումը իրավաչափ համարվել չի կարող և խաթարում է քննարկվող խափանման միջոցի կիրառման և մեղադրյալի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու պարագայում՝ համապատասխան բացասական հետևանքների առաջացման ինստիտուտի էությունը և բովանդակությունը[15]։ 23․ Նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշման 17-21-րդ կետերում վկայակոչված իրավական նորմերի և շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի հետևություններն առ այն, որ օրենքը որևէ տարբերակում չի նախատեսում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-ի հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների միջև և դրանցից ցանկացածը կատարելու պարագայում գրավը պետության եկամուտ է դարձվում դատարանի որոշմամբ, իրավաչափ չէ, քանի որ Մ․Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով մեղադրանք առաջադրած լինելը չի կարող հիմք հանդիսանալ հաստատված համարելու Մ․Հարությունյանի կողմից այդ գործով իրեն մեղսագրվող արարքների կատարման փաստը։ Հետևաբար Մ․Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով մեղադրանք առաջադրած լինելու փաստը, որպես քրեական օրենքով չթույլատրված նոր արարքի կատարումը հաստատող հանգամանք դիտարկելը և այդ հիմքով գրավը պետության եկամուտ դարձնելը հանգեցրել է Մ․Հարությունյանի անմեղության կախվարկածի խախտման։ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ դատարանի կողմից քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու հանգամանքը, գրավը պետության եկամուտ դարձնելու համատեքստում, կարող է ապացուցված համարվել միայն դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով, իսկ քրեական գործի քննության փուլում գրավը պետության եկամուտ դարձնելու հարցը լուծման է ենթակա միայն եզրափակիչ դատական ակտով։ 24․ Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարույթով Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի պահանջների խախտում, որն իր բնույթով էական է, և Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 419-րդ հոդվածների համաձայն, բեկանելու Վերաքննիչ դատարանի 2022 թվականի հունվարի 17-ի որոշումը։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանը թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ և կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ուստի անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 14-ի որոշմանը։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1․ Թիվ ԱՎԴ/0014/15/21 գործով մեղադրյալ Մուրադ Մարութի Հարությունյանի պաշտպաններ Կ․Մեժլումյանի և Է․Բեգլարյանի վճռաբեկ բողոքը բավարարել։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2022 թվականի հունվարի 17-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 14-ի որոշմանը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դատավորներ` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ

Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆ

Ս.ՉԻՉՈՅԱՆ

Դ․ՎԵՔԻԼՅԱՆ

Ծանոթագրություններ

[1] Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով: [2] Տե՛ս գործի նյութեր, թերթեր 38-39։

[3] Տե՛ս գործի նյութեր, թերթեր 2-4։

[4] Տե՛ս գործի նյութեր, հատոր 1, թերթ 25-33։

[5] Տե՛ս գործի նյութեր, հատոր 2, թերթեր 22-34։

[6] Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Garycki v. Poland գործով 2007 թվականի փետրվարի 6-ի վճիռը, գանգատ թիվ 14348/02, 66-րդ կետ։ [7] Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Allenet de Ribemont v. France գործով 1996 թվականի օգոստոսի 7-ի վճիռը, գանգատ թիվ 15175/89, 35-36-րդ կետեր, Nesták v. Slovakia գործով 2007 թվականի փետրվարի 27-ի վճիռը, գանգատ թիվ 65559/01, 88-րդ կետ։ [8] Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Daktaras v. Lithuania գործով 2000 թվականի հոկտեմբերի 10-ի վճիռը, գանգատ թիվ 42095/98, 41-րդ կետ: [9] Տե'ս Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Բաղդասարյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԵԱՔԴ/0009/11/13 որոշման 14-րդ կետը։ [10] Տե'ս Վճռաբեկ դատարանի՝ Սեդրակ Քոչարյանի գործով 2022 թվականի նոյեմբերի 24-ի թիվ ԵԴ/0112/11/19 որոշման 14-րդ կետը, Amal Clooney, Philippa Webb, The Right to a Fair Trial in International Law, Oxford University Press (2020) էջ 249։ [11] Տե'ս Վճռաբեկ դատարանի՝ Առուշ Առուշանյաի գործով 2024 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ՍԴ/0043/01/2 որոշումը։ [12] Տե΄ս գործի նյութեր, հատոր 1, թերթեր 10-16։

[13] Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 6-9։

[14] Տե՛ս մանրամասն սույն որոշման 13-րդ կետը։

[15] Տե΄ս մանրամասն սույն որոշման 14-րդ կետը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
3 դեկտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ԱՎԴ/0014/15/21
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել