ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՎԴ 1/0097/05/08 ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՎԴ 1/0097/05/08 ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ 1/0097/05/08 Վարչական գործ թիվ ՎԴ 1/0097/05/08 2009թ. Դատավոր՝ Հ. Հովհաննիսյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) նախագահությամբ Ս. Սարգսյանի մասնակցությամբ դատավորներ` Մ. Դրմեյանի Վ. Աբելյանի Ս. Անտոնյանի Ա. Բարսեղյանի Ե. Խունդկարյանի Է. Հայրիյանի Տ. Պետրոսյանի Ե. Սողոմոնյանի 2009 թվականի ապրիլի 30-ին դռնբաց դատական նիստում, քննելով Սյունիքի մարզի «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 12.12.2008 թվականի վճռի դեմ՝ ըստ Ընկերության հայցի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Կապանի տարածքային հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն)՝ 29.08.2008 թվականի թիվ 2314237 ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գ ործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչության 29.08.2008 թվականի թիվ 2314237 ստուգման ակտը: ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 12.12.2008 թվականի վճռով հայցը մերժվել է: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը: Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Տեսչությունը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով. Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24- րդ հոդվածի 1- ին մասը, 113-րդ և 114-րդ հոդվածները: Չի կիրառել Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին » ՀՀ օրենքի 3- րդ հոդվածի 3- րդ մասը, 6- րդ հոդվածի 2- րդ մասը, 9- րդ հոդվածի 1- ին մասի « ե » կետը, « Հարկերի մասին » ՀՀ օրենքի 30.1- րդ հոդվածի 1-ին մասը, « Լիցենզավորման մասին » ՀՀ օրենքի 43- րդ հոդվածի 12- րդ կետի 1- ին և 2- րդ ե նթակետերը, « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին » ՀՀ օրենքի 37- րդ հոդվածի 1- ին մասը , 43- րդ հոդվածի 1- ին մասի « բ » կետը, 63- րդ հոդվածի 1- ին մասի « ա » կետն ու 2- րդ մասը, որը պետք է կիրառեր, կիրառել է « Լիցենզավորման մասին » ՀՀ օրենքի 25- րդ, 27- րդ հոդվածները , 43- րդ հոդվածի 4- րդ կետը , 46- րդ հոդվածը, 48- րդ հոդվածի 6- րդ կետի 2- րդ մասը, « Հարկերի մասին » ՀՀ օրենքի 26- րդ հոդվածը , « Պետական տուրքի մասին » ՀՀ օրենքի 7- րդ հոդվածը և 19- րդ հոդվածի 11- րդ կետը, որոնք չպետք է կիրառեր : Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով. 29.08.2008 թվականի թիվ 2314237 ակտում չեն նկարագրվել այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել, խախտման կոնկրետ ժամանակը և հղում՝ համապատասխան փաստաթղթերին: Դատարանը վկայակոչել է միայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ կետը և հղում կատարել նաև «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածին,որով սահմանվում է վարչական պատասխանատվություն սահմանող սանկցիա՝ նախատեսելով տուգանք իրացման շրջանառության (համախառն եկամտի) 50 տոկոսի չափով: Ինչ վերաբերում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 12-րդ կետի 10-րդ ենթակետին, ապա այն միայն նախատեսում է, որ լիցենզավորման է ենթակա այն գործունեության տեսակը, որը վերաբերում է ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարմանը, այդ թվում՝ օգտագործմանը: Հիշատակված իրավական նորմը չի պարունակում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար նախատեսված և չկատարված որևէ պարտականություն՝ սահմանելով միայն լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները: Վիճարկվող ակտով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի ուժով Տեսչությունն Ընկերության նկատմամբ տուգանք է հաշվարկել 5.768.600 ՀՀ դրամի չափով: Սակայն, Տեսչության ղեկավարի կամ Տեսչության համապատասխան գործառույթներ իրականացնելու իրավասություն ունեցող կառուցվածքային ստորաբաժանման բաժնի պետի կողմից չի ընդունվել հարկ վճարողի հարկվող օբյեկտների և հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման, վերագնահատման) մասին համապատասխան որոշում (եզրակացություն): Բացի այդ, Տեսչության կողմից վիճարկվող ակտում ընդհանուր ձևով հիշատակվել են Ընկերության ներկայացրած հաշվետվությունները և կատարողականները՝ առանց կոնկրետ հղում կատարելու համապատասխան փաստաթղթերին, ինչպես նաև ստուգվող ժամանակաշրջանում առանց համապատասխան լիցենզիայի ձեռնարկատիրական գործունեության իրականացումից ստացված հասույթը՝ 11.537.300 ՀՀ դրամ, որի հաշվարկման վերաբերյալ ստուգողները նույնպես որևէ ուսումնասիրություն չեն կատարել: Տվյալ 11.537.300 ՀՀ դրամ գումարը որևէ կերպ չի հիմնավորվել ստուգողների կողմից, և Դատարանն իր հերթին նույնպես չի անդրադարձել տվյալ փաստին: Ստուգման ակտին որևէ փաստաթուղթ չի կցվել: Ակտում չի նշվել Ընկերության կատարած խախտման կոնկրետ ժամանակաշրջանը, հիշատակվել է միայն «ստուգվող ժամանակաշրջանը»: Այնինչ, ստուգման ժամանակաշրջանի սկիզբ է սահմանվել 21.07.2004 թվականը, իսկ ավարտ՝ 29.08.2008 թվականը: Դատարանը հաստատված է համարել Տեսչության կողմից ակտը եռօրյա ժամկետում Ընկերությանը ներկայացնելու պարտականության խախտում և նշել է, որ այնուամենայնիվ Ընկերությունն այն ստացել է և բողոքարկել դատարան: Ավելին՝ Դատարանը նշել է նաև, որ ակտը ստացել է նաև Ընկերության պետական կառավարման մարմին հանդիսացող Սյունիքի մարզպետարանը, քանի որ վերջինս բողոք է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը: Մինչդեռ, գործում առկա է միայն Տեսչության 01.09.2008 թվականի թիվ 848 գրությունը՝ հասցեագրված Ընկերությանը, և առկա չէ որևէ ապացույց Տեսչության կողմից պետական կառավարման վերադաս մարմնին վիճելի ակտի մեկ օրինակը ուղարկելու մասին: Բացի վերոգրյալը, «Կապանի տարածքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի, «Կապանի հիվանդանոց» ՓԲԸ-ի և «Սյունիքի մարզային հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ-ի միաձուլման արդյունքում Ընկերությանն են անցել նրանցից յուրաքանչյուրի ինչպես պարտականությունները, այնպես էլ իրավունքները, այդ թվում՝ 2003 և 2007 թվականներին իրավասու պետական մարմինների կողմից տրված լիցենզիաներով նախատեսված իրավունքները, այդ թվում՝ ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման օգտագործման բնագավառում իրավունքները: Պետք է նշել նաև, որ Ընկերությունը «Սյունիքի մարզային հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ-ի իրավահաջորդն է, որտեղ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզական վարչության 6-րդ բաժնի կողմից արձանագրվել էր «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի պահանջի խախտում, որի համաձայն ընկերությունը 01.10.2002 թվականից մինչև 25.01.2006 թվականն ընկած ժամանակահատվածում առանց լիցենզիայի՝ լիցենզավորման ենթակա գործունեություն էր իրականացրել: 24.08.2006 թվականին կազմվել է թիվ 1016654 ստուգման ակտը, որով վճարման է առաջադրվել 28.119.600 դրամ, որը բռնագանձելու պահանջ էր ներկայացվել ՀՀ տնտեսական դատարան: ՀՀ տնտեսական դատարանի 04.07.2007 թվականի վճռով անվավեր է ճանաչվել վերոհիշյալ ստուգման ակտը և մերժվել ներկայացված հայցապահանջը: Տեսչության 29.08.2008 թվականի թիվ 2314237 ակտի ընդունմամբ խախտվել է նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, 43-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի պահանջները: Ավելին, 2003 թվականի հնարավոր խախտումների նկատմամբ կիրառելի են «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածով նախատեսված վերջին երեք տարվա վաղեմության ժամկետը, որը դատարանը չի կիրառել: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 12.12.2008 թվականի վճիռը և այն փոփոխել՝ հայցը բավարարել, կամ գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության: 2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները Դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ և 114-րդ հոդվածները չեն խախտվել: Բողոք բերող անձի իրավական դիրքորոշումը չի բխում օրենքից, իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի խախտում չի արձանագրվել: «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության համաձայն ստուգման ակտում նկարագրվել են արձանագրված խախտումները, իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել: Բողոք բերողի իրավական դիրքորոշումը սխալ է, քանի որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածը սահմանում է ոչ թե վարչական պատասխանատվություն սահմանող սանկցիա, այլ օրենսդրությունը խախտելու համար հարկային տուգանք: Բողոք բերողի կողմից սխալ է մեկնաբանվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի դրույթները: Ստուգողների կողմից անհրաժեշտություն չլինելու պատճառով չի կիրառվել նշված հոդվածը և ՀՀ կառավարության 18.09.1998 թվականի թիվ 580 որոշումը, քանի որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն` հարկվող օբյեկտները և հարկային պարտավորությունները հաշվարկում է հարկային տեսչությունը, եթե հարկ վճարողը չի ներկայացնում «...հաշվապահական հաշվառման, նաև այլ հաշվառման փաստաթղթերը,»: Սակայն ստուգման ընթացքում հայցվորի կողմից տրամադրվել են բոլոր փաստաթղթերը, հաշվարկվել են իրացման շրջանառության ծավալները, իսկ ստուգող տեսուչները նշված փաստաթղթերի և կատարողական փաստաթղթերի հիման վրա հաշվարկել են տուգանքը: Նշված փաստի առթիվ առկա է Վճռաբեկ դատարանի 2006 թվականի թիվ 3-2388 նախադեպային որոշումը, որի համաձայն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը և ՀՀ կառավարության 18.09.1998 թվականի թիվ 580 որոշումը կիրառելի է, եթե տվյալները բավարար չեն իրացման շրջանառությունը որոշելու համար: Նշված հարցը Դատարանում չի քննարկվել և Ընկերության կողմից միջնորդություն և առարկություն չի ստացվել: Գումարի չափի վերաբերյալ հայցվոր կողմը դատարանում առարկություն չի ներկայացրել: Հետևաբար, դատարանի կողմից նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտում չի արձանագրվել և պահպանվել են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի պահանջները: Ստուգման ակտում նշված է խախտումը կատարելու վերջին ժամկետը՝ 28.08.2007 թվականը, երբ հայցվոր կողմը ստացել է համապատասխան լիցենզիան: Վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի թիվ 3-1586(ՏԴ), 28.09.2006 թվականի թիվ 3-1772 և 3-1831(ՏԴ) նախադեպային որոշումները կիրառելի չեն սույն վարչական գործի համար: Հայցվորի կողմից հայցադիմումի մեջ նշված չէ վաղեմության ժամկետի հարցը: «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը Տեսչության կողմից չի խախտվել: Ստուգման ակտը ստացել է ՀՀ Սյունիքի մարզպետարանը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝ 1. «Կապանի տարածքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի, «Կապանի հիվանդանոց» ՓԲԸ-ի և «Սյունիքի մարզային հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ-ի միաձուլման արդյունքում 05.09.2007 թվականին գրանցվել է Ընկերությունը: 2.
07.07.2008 թվականին հրապարակվել է թիվ 2314237 հանձնարարագիրը, որը Ընկերությանն է հանձնվել 16.08.2008 թվականին:
3. Ըստ վիճարկվող ակտի ստուգումը փաստացի սկսվել է 18.08.2008 թվականին և ավարտվել է 29.08.2008 թվականին:
4. Ստուգումն ընդգրկել է 21.07.2004 թվականից մինչև ստուգման ավարտը՝ 29.08.2008 թվականն ընկած ժամանակաշրջանը:
5. Ստուգման արդյունքներով կազմվել է թիվ 2314237 ստուգման ակտը, որի 4-րդ կետում արձանագրվել է հետևյալ խախտումը. «Համաձայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ կետի՝ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարումը, օգտագործումը համարվում է լիցենզավորման ենթակա գործունեություն: Ստուգվող ժամանակաշրջանում նշված տեսակի գործունեություն իրականացվել է «Կապանի տարածքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի և «Կապանի հիվանդանոց» ՓԲԸ-ի կողմից, «Կապանի հիվանդանոց» ՓԲԸ-ն 28.08.2007 թվականին ՀՀ պետատոմհսկողությունից ստացել է թիվ ՃԱՈ-110-2007 լիցենզիան, «Կապանի տարածքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ն նման լիցենզիա չի ստացել»:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ վարչական վարույթը վարչական մարմնի՝ վարչական ակտ ընդունելուն ուղղված գործունեությունն է: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ վարչական վարույթը բաղկացած է միմյանց փոխկապակցված՝ վարույթի հարուցման, ընթացիկ և եզրափակիչ փուլերից: Վարչական վարույթը հարուցվում է անձի (անձանց) դիմումի կամ վարչական մարմնի նախաձեռնությամբ: Նույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական վարույթ հարուցելու հիմքերն են՝ ա) անձի դիմումը, բողոքը, բ) վարչական մարմնի նախաձեռնությունը: Իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված դեպքերում վարչական վարույթը հարուցվում է այն գործողության (գործողությունների) սկսման օրվանից, որը նպատակամղված է վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական ակտի ընդունմանը: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի համաձայն՝ վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու հիմքերն են՝ վարչական ակտ ընդունելու վերաբերյալ օրենքի պահանջը, դրանից բխող անհրաժեշտությունը կամ օրենքով վարչական մարմնին վերապահված հայեցողական լիազորությունը: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ վարչական վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է: Օրենքով կարող են սահմանվել հատուկ՝ 30 օրից կարճ կամ ավելի երկար ժամկետներ: Վարչական վարույթի ժամկետն սկսվում է դիմումը տվյալ վարչական մարմնում մուտքագրելու օրվանից, իսկ վարչական մարմնի նախաձեռնությամբ ընդունվելիք վարչական ակտերի համար՝ նախաձեռնության օրվանից: Նշված նորմերի մեկ համատեքստում վերլուծությունից հետևում է, որ վարչական մարմինն օրենքով իրեն վերապահված հայեցողական լիազորությունները՝ իր նախաձեռնությամբ իրականացնելիս, վարչական ակտ ընդունելուն ուղղված գործունեությունը պետք է իրականացնի նախաձեռնության օրվանից սկսած 30 օրվա ընթացքում: Սույն գործի փաստերի համաձայն ստուգման հանձնարարագիրը հրապարակվել է 07.07.2008 թվականին, Ընկերությանը հանձնվել է 16.08.2008 թվականին, իսկ ստուգման ակտը կազմվել է 29.08.2008 թվականին: Այսինքն՝ տվյալ դեպքում ստուգման հանձնարարագրի հրապարակման օրը համարվում է վարչական ակտ ընդունելուն ուղղված գործունեության նախաձեռնության օր: Հաշվի առնելով, որ վարչական ակտ ընդունելուն ուղղված վարչական մարմնի գործունեությունը պետք է իրականացվի 30 օրյա ժամկետում, ստացվում է, որ հանձնարարագիրը Ընկերությանը հանձնվել և ստուգման ակտը կազմվել է օրենքով նախատեսված ժամկետի ավարտից հետո: «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության համաձայն` ստուգման ակտում պետք է նկարագրվեն արձանագրված խախտումները, այն իրավական նորմերր, որոնց պահանջները չեն կատարվել, խախտման կոնկրետ ժամանակը, հղում՝ համապատասխան փաստաթղթերին, պատասխանատվության կիրառման համապատասխան իրավական հիմքերը: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները: Իսկ նույն օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինները պարտավոր են հետևել օրենքների պահպանմանը: Սույն գործով վիճարկվող ակտում նկարագրված չէ արձանագրված խախտման կոնկրետ ժամկետները, չկա հղում համապատասխան փաստաթղթերին: Վիճարկվող ակտում ստուգումն իրականացրած անձինք արձանագրել են. «Հիմնվելով հարկ վճարողի կողմից ներկայացված հաշվետվությունների, կատարողական ակտերի վրա...», սակայն չեն մանրամասնել, թե ինչ հաշվետվությունների ու կատարողական ակտերի վերաբերյալ է իրենց կողմից կատարված գրառումը: Ավելին` ստուգումն իրականացրած անձինք իրացնելով օրենսդրի կողմից «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի զ) կետով իրենց տրված իրավունքը կարող էին ստուգման հետ կապված փաստաթղթերից կատարել լուսապատճեներ և որպես ակտի անբաժանելի մաս հանդիսացող փաստաթղթեր կցեին ստուգման ակտին, որպիսի գործողությունը կհիմնավորեր իրականացված ստուգումը գործող օրենսդրության պահանջների սահմաններում իրականացված լինելու հանգամանքը: Բացի այդ, ակտում նշված չէ պարտավորության առաջացման կոնկրետ ժամկետները: «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30 1 հոդվածի առաջին մասի համաձայն՝ հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան անմիջապեu հաջորդող երեք տարին լրացնելուց հետո: Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով, որ ստուգման ժամանակահատվածն ընդգրկել է 21.07.2004 թվականից մինչև 29.08.2008 թվականն ընկած ժամանակահատվածը, ապա պարտավորություն կարող էր առաջադրվել միայն ակտը կազմելու օրվան նախորդող երեք տարիների համար` 29.08.2005 թվականից մինչև 29.08.2008 թվականը ժամանակահատվածի համար: Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, վճռաբեկ բողոքը բավարարելու համար: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը անհրաժեշտ չի համարում անդրադառնալ բողոքի մյուս պատճառաբանություններին: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241 2 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 12.12.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող` Ս. Սարգսյան Դատավորներ` Մ. Դրմեյան Վ. Աբելյան Ս. Անտոնյան Ա. Բարսեղյան Ե. Խունդկարյան Է. Հայրիյան Տ. Պետրոսյան Ե. Սողոմոնյան Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՎԴ 1/0097/05/08 ՄԱՍԻՆ Տիպ Որոշում Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (30.04.2009-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2009.07.21/36(702).1 Հոդ.842.38 Ընդունող մարմին Վճռաբեկ դատարան Ընդունման ամսաթիվ 30.04.2009 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին Նախագահող Ստորագրման ամսաթիվ 30.04.2009 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 30.04.2009 Հիմնական ակտ 30.04.2009, Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 ապրիլի, 2009 թ.
- Գործի #:
- ՎԴ1/0097/05/08
- Դատարան:
- ՀՀ իրավական ակտեր
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
