Զաքարյան — ՍԴ/0066/01/21
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 27. Անձնական ազատությունը · Հոդված 96. Պատգամավորի անձեռնմխելիությունը · Հոդված 11. Անձի անձեռնմխելիությունըԱմփոփում
Պ Ա Ր Զ Ե Ց Գործի դատավարական նախապատմությունը. 1․ 2021 թվականի հունիսի 29-ին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 45100721 քրեական գործը։ 2021 թվականի հուլիսի 6-ին թիվ 45100721 քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթ։ 2021 թվականի հուլիսի 12-ին Մ․Զաքարյանը ձերբակալվել է, ներգրավվել որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ
Ամբողջ Տեքստ
ՍԴ/0066/01/21
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում,
նախագահող դատավոր՝ Մ․Հարությունյան
2024 թվականի մայիսի 14-ին քաղաք Երևանում
ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
Ս․ՉԻՉՈՅԱՆԻ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով թիվ ՍԴ/0066/01/21 քրեական գործով
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2021 թվականի հոկտեմբերի 28-ի որոշման դեմ ամբաստանյալ Մխիթար Սեյրանի Զաքարյանի պաշտպան Ե․Սարգսյանի վճռաբեկ բողոքը,[1]
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1․ 2021 թվականի հունիսի 29-ին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 45100721 քրեական գործը։ 2021 թվականի հուլիսի 6-ին թիվ 45100721 քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթ։ 2021 թվականի հուլիսի 12-ին Մ․Զաքարյանը ձերբակալվել է, ներգրավվել որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: 2.
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ Մ․Զաքարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
3. 2021 թվականի սեպտեմբերի 1-ին թիվ ՍԴ/0066/01/21 քրեական գործն ընդունվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) վարույթ։ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ ամբաստանյալ Մ․Զաքարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը թողնվել է անփոփոխ։
4. Վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալ Մ․Զաքարյանի պաշտպան Ե․Սարգսյանի կողմից բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2021 թվականի հոկտեմբերի 28-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի 2021 թվականի սեպտեմբերի 9-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ։
5. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Մ․Զաքարյանի պաշտպան Ե․Սարգսյանը, որը Վճռաբեկ դատարանի 2022 թվականի փետրվարի 11-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։ Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2023 թվականի հունվարի 16-ին գործը բաշխվել (հանձնվել) է ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմին։[2] Վճռաբեկ դատարանի 2024 թվականի փետրվարի 26-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
6. Բողոքաբերը գտել է, որ ստորադաս դատարանների որոշումները օրինական և հիմնավորված չեն, դրանք կայացվել են նյութական և դատավարական օրենքի այնպիսի էական խախտումներով, որոնք ազդել են գործի ելքի վրա։ Բողոքի հեղինակը միաժամանակ գտել է, որ բողոքում բարձրացված հարցերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, ինչպես նաև առերևույթ առկա է Մ․Զաքարյանի իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումներ։ 6.1. Բողոք բերած անձը մեջբերելով ՀՀ Սահմանադրության (այսուհետ նաև՝ Սահմանադրություն) 96-րդ հոդվածի 2-րդ մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածով նախատեսված իրավական կարգավորումները, գտել է, որ եթե անազատության մեջ գտնվող անձը ձեռք է բերում պատգամավորի կարգավիճակ, ապա այդ փաստի ուժով, որպես իրավական հետևանք, սկսում է գործել ազատությունից զրկելու (անազատության մեջ պահելու) մասով պատգամավորի անձեռնմխելիության մասին սահմանադրական նորմը։ Ավարտված ընտրությունների արդյունքներով արդեն իսկ ժողովրդի կողմից փաստացի ընտրված, սակայն դեռևս Ազգային ժողովի նիստ հրավիրված չլինելու զուտ տեխնիկական պատճառով պատգամավորի կարգավիճակը չստանձնած անձն արդեն իսկ պետք է օժտված լինի պատգամավորի անձեռնմխելիությամբ։ ՀՀ Ազգային ժողովի (այսուհետ նաև՝ Ազգային ժողով) պատգամավորի անձեռնմխելիությունը սահմանող Սահմանադրության 96-րդ հոդվածով և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածով նախատեսված չէ դրույթ այն մասին, որ առանց Ազգային ժողովի համաձայնության պատգամավորին ազատությունից զրկելու անթույլատրելիության վերաբերյալ դրույթը չի տարածվում մինչև պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելը կալանավորված անձին պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելուց հետո անազատության մեջ պահելու դեպքերի վրա, ուստի ակնհայտորեն պետք է հասկանալ, որ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերած յուրաքանչյուր անձի շարունակաբար կալանքի տակ պահելու համար պարտադիր անհրաժեշտ է Ազգային ժողովի համաձայնությունը։ 6.2. Բողոքաբերի պնդմամբ՝ Ազգային ժողովի պատգամավոր Մ․Զաքարյանն օգտվում է ազատությունից զրկվելու անձեռնմխելիությունից, իսկ նրան անազատության մեջ պահելու համաձայնություն տվող միակ իրավասու մարմինը՝ Ազգային ժողովն այն չի տվել, այլ կերպ ասած՝ պատգամավորական անձեռնմխելիությունը չի հաղթահարվել, ուստի բացակայում է կալանավորման այս պայմանը, հետևաբար Մ․Զաքարյանը չի կարող պահվել կալանքի տակ և անհապաղ ենթակա է կալանքից ազատման: 6․3․ Բողոքաբերի պնդմամբ՝ Մ․Զաքարյանը աճուրդով օտարել է այնպիսի հողատարածք, որը ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 16-ի N1083-Ն որոշման համաձայն՝ հանդիսացել է մասնավորեցման ենթակա հողատարածք, այսինքն՝ Մ․Զաքարյանի արարքում առկա են վարչական իրավախախտման, այլ ոչ թե հանցագործության հատկանիշներ, ուստի վերջինիս մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքի մեջ հիմնավոր կասկածը բացակայում է։ Բողոքաբերի պնդմամբ՝ Մ․Զաքարյանին մեղսագրվող գործողությունները ՀՀ քրեական օրենսգրքով ուղղակիորեն նախատեսված են որպես հանցագործություն, սակայն մեղադրանքի կողմը քրեական օրենքն ուղղակի տարածական մեկնաբանման է ենթարկել ի վնաս մեղադրյալի և օրենքի անալոգիայի կիրառմամբ քրեական օրենքով ուղղակիորեն չնախատեսված գործողությունները գնահատել է որպես պաշտոնեական դիրքի չարաշահում։ 6․4․ Բացի այդ, անդրադառնալով մեղսագրված արարքի կատարման հիմնավոր կասկածի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի այն պնդմանը, որ ներկա փուլում դատարանը զրկված է նշված հանգամանքի մասով ապացուցված և հիմնավորված եզրահանգում կատարելու հնարավորությունից՝ հաշվի առնելով այն, որ դատաքննությունը դեռևս սկսված չէ, որևէ ապացույց հետազոտված չէ և դատարանը պատշաճ ընթացակարգով նշված հարցը չի պարզել, բողոքաբերը փաստարկել է, որ այն հակասում է Վահրամ Գևորգյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի, թիվ ՍԴՈ-1453 գործով Սահմանադրական դատարանի որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումներին։ 6.5. Անդրադառնալով որպես խափանման միջոց կիրառված կալանքի հիմքին, բողոքի հեղինակը փաստարկել է, որ նախաքննության մարմինը նախաքննության ավարտին, ամփոփելով ամբողջ քրեական գործի նյութերը, արձանագրել է, որ ընդհանրապես որևէ մտավախություն առկա չէ առ այն, որ Մ․Զաքարյանը դատավարության մասնակիցների նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու եղանակով կարող է խոչընդոտել գործի քննությանը՝ փաստարկելով, որ նախաքննության ընթացքում Մ․Զաքարյանի դեմ որևէ անձ ցուցմունք չի տվել, ուստի նույնիսկ իր դեմ ցուցմունք տված անձին հակընդդեմ հարցման ենթարկելու նպատակով առերեսում չի կատարվել։ Բողոքաբերի պնդմամբ՝ մեկ այլ քրեական գործով դեռևս 2021 թվականի փետրվարի 18-ին Մ․Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել նույն հոդվածով, սակայն վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել 4․000․000 (չորս միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով գրավը, որով ապահովվել է նրա պատշաճ վարքագիծը, ինչը հիմնավորում է այն հանգամանքը, որ սույն քրեական գործի շրջանակներում ևս վերջինիս պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել գրավի կիրառմամբ։
7. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի 2021 թվականի սեպտեմբերի 9-ի և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2021 թվականի հոկտեմբերի 28-ի որոշումները, վերացնել Մ․Զաքարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը և նրա նկատմամբ կիրառել անազատության հետ չկապված որևէ այլ խափանման միջոց, այդ թվում՝ գրավ, սահմանելով գրավի չափը։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
8. Առաջին ատյանի դատարանը 2021 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) Դատարանը փաստում է, որ թիվ 69109721 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան և ընդունվել վարույթ։ Դատարանն արձանագրում է, որ նշված քրեական գործի նյութերում ամրագրված փաստական տվյալներն ու տեղեկությունները հիմք են տալիս փաստելու, որ առկա է հիմնավոր կասկած առ այն, որ Մխիթար Զաքարյանը կատարել է իրեն մեղսագրված ենթադրյալ արարքները, իսկ նշված արարքների համար նախատեսված ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը գերազանցում է մեկ տարին։ Վերոշարադրյալի համատեքստում անդրադառնալով պաշտպան Երեմ Սարգսյանի միջնորդության մեջ արծարծված այն փաստարկին, որ Մխիթար Զաքարյանին մեղադրանք է առաջադրված ենթադրյալ վարչական իրավախախտման համար, դատարանն արձանագրում է, որ ներկա փուլում դատարանը զրկված է նշված հանգամանքի մասով ապացուցված և հիմնավորված եզրահանգում կատարելու հնարավորությունից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատաքննությունը դեռևս սկսված չէ, որևէ ապացույց հետազոտված չէ և դատարանը պատշաճ ընթացակարգով նշված հարցը չի պարզել։ Նշվածի համատեքստում, դատարանն արձանագրում է, որ սույն փուլում առերևույթ բացակայում են Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդումը բացառող, ինչպես նաև մեղադրյալի կարգավիճակից բխող` պարտադիր հաղթահարման ենթակա չհաղթահարված հանգամանքներ: Վերջին հանգամանքի հետ կապված՝ դատարանը փաստում է, որ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու որոշումը կայացնելու օրվա դրությամբ Մխիթար Զաքարյանը հանդիսացել է պատգամավորի թեկնածու, ում նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90 հոդվածի 5-րդ մասով սահմանված արգելքը մինչ այդ եղել է հաղթահարված պատշաճ ընթացակարգով, որպիսի պայմաններում Սահմանադրության 96 հոդվածի 2-րդ մասի՝ «Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից (…)» դրույթը սույն գործի փաստերին վերաբերելի չէ։ Անդրադառնալով պաշտպանի այն փաստարկին, որ առկա չէ Մխիթար Զաքարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ ԿԸՀ-ի համաձայնությունը, դատարանը փաստում է, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 186-Ա որոշմամբ տվել է իր համաձայնությունը Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ՝ առանց ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հոդվածի մատնանշման։ Ավելին՝ դատարանը, մեկնաբանելով "Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք" սահմանադրական օրենքի 90 հոդվածի 5-րդ մասի դրույթները՝ արձանագրում է, որ դրանում առկա չէ իմպերատիվ պահանջ առ այն, որ յուրաքանչյուր հոդվածով քրեական հետապնդում հարուցելիս պետք է լինի ԿԸՀ-ի համաձայնությունը, այլ կերպ ասած՝ համաձայնությունը տրվում է քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, իսկ եթե քննության հետագա փուլում պարզվում է, որ պատգամավորի թեկնածուն կատարել է նաև այլ ենթադրյալ արարք, ապա այդ դեպքում կրկին անգամ համաձայնություն ստանալու անհրաժեշտությունը օրենքի տեսակետից բացակայում է։ Սույն դեպքում ԿԸՀ ստանալով ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Ա. Օսեյանի 2021 թվականի հուլիսի 8-ի միջնորդությունը՝ 2021 թվականի հուլիսի 11-ին տվել է իր համաձայնությունը, իսկ քրեական վարույթ իրականացնող մարմինը Մխիթար Զաքարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրել 2021 թվականի հուլիսի 12-ին, այսինքն՝ դատարանի համոզմամբ, 2021 թվականի հուլիսի 8-ի դրությամբ քրեական վարույթ իրականացնող մարմնի տրամադրության տակ եղել են ապացույցներ Մխիթար Զաքարյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով նախատեսված ենթադրյալ արարք կատարելու մասին, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ արարք կատարելու վերաբերյալ տվյալները ձեռք են բերվել ԿԸՀ միջնորդություն հարուցելուց հետո։ Անդրադառնալով կալանավորման հիմքերին, դատարանն արձանագրում է, որ ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2021 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ փաստել է, որ Մխիթար Զաքարյանն ազատության մեջ գտնվելու պայմաններում կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով։ Դատարանը փաստում է, որ թեպետ քրեական գործի նախաքննությունն ավարտված է, սակայն դատաքննությունը դեռևս չի սկսվել և առկա է վտանգ առ այն, որ ազատության մեջ գտնվելու պայմաններում Մխիթար Զաքարյանը կարող է ազդել դատավարության մասնակիցների վրա, այդ կերպ խոչընդոտելով գործի քննությանը։ Դատարանի մոտ նման համոզմունք է ձևավորվել հատկապես այն պատճառով, որ համաձայն մեղադրական եզրակացության և դրան կից դատակոչի ենթակա անձանց ցուցակի՝ 15 վկաներից 11-ը հանդիսանում են Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բնակիչներ, ընդ որում՝ 10-ը հանդիսանում են Մեղրի խոշորացված համայնքի ավագանու անդամներ։ Ավելին, դատարանն արձանագրում է, որ Մխիթար Զաքարյանը երկար տարիներ զբաղեցրել է նշված համայնքի ղեկավարի պաշտոնը և ունի մեծ հեղինակություն, ինչն ավելի է հիմնավոր դարձնում մտայնությունն առ այն, որ ազատության մեջ լինելու պայմաններում նա կմիջամտի քննությանը՝ հաշվի առնելով իր նախկին աշխատանքը և այն, որ նա մեղադրվում է իր պաշտոնեական դիրքի հետ սերտ կապված հանցագործություններ կատարելու մեջ։ Դատարանը գտնում է, որ առկա է մեղադրյալ Մխիթար Զաքարյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտություն, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նպատակներին հնարավոր է հասնել միայն կալանքի տակ պահելու միջոցով: Ավելին, դատարանն արձանագրում է, որ այլ խափանման միջոցներով հնարավոր չէ ապահովել և երաշխավորել մեղադրյալ Մխիթար Զաքարյանի պատշաճ վարքագիծը և հանրային շահերի համարժեք պաշտպանությունը, որպիսի պայմաններում Մխիթար Զաքարյանի պաշտպանի միջնորդությունը կալանավորում խափանման միջոցը վերացնելու և անազատության հետ չկապված խափանման միջոց կիրառելու մասին անհիմն է և ենթակա է մերժման (…)»[3]։
9. Վերաքննիչ դատարանը 2021 թվականի հոկտեմբերի 28-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) Վերը նշված իրավակարգավորումները և իրավական դիրքորոշումները կիրառելով սույն որոշման 2-3-րդ կետերում նշված փաստական տվյալների նկատմամբ հարկ է նշել, որ տվյալ դեպքում, Մխիթար Սեյրանի Զաքարյանը մեղադրվում է պետական ծառայության դեմ ուղղված դիտավորությամբ կատարվող ծանր և միջին ծանրության հանցանքներ կատարելու մեջ, որոնցից ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով որպես հիմնական պատիժ նախատեսված է բացառապես ազատազրկման ձևով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով տուգանքի կամ ազատազրկման ձևով: Դրա հետ մեկտեղ, Մխիթար Սեյրանի Զաքարյանին վերագրվող կոնկրետ արարքների առանձնահատկությունները, բնույթը, հանրային վտանգավորության աստիճանը, ենթադրաբար կատարման եղանակը (տե՛ս սույն որոշման 2-րդ կետը), գործի` ներկայացված նյութերի վերլուծությունից բխող իրադրությունն ու դրանից հետևող ողջամիտ հնարավորությունն ու հավանականությունը` ամբաստանյալի կողմից համապատասխան վարքագիծ դրսևորելու մասով, համակցության մեջ բավարար հիմք են տալիս համաձայնելու Առաջին ատյանի դատարանի եզրահանգմանը: Սույն որոշման 1-3-րդ կետերում նշված և սույն քրեական գործի Վերաքննիչ դատարանին տրամադրված վերաբերելի նյութերը հիմք են տալիս հանգելու այն հետևության, որ դեռևս չեն վերացել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերը, որպիսի հանգամանքներն իրենց հերթին հանդիսանում են կալանավորման ինքնուրույն հիմքեր և, որոնց չեզոքացման իրական և իրավաչափ երաշխիք դեռևս չեն կարող դիտարկվել նյութերում առկա, ինչպես նաև վերաքննիչ բողոքում նշված հանգամանքները: Հետևաբար, վերաքննիչ բողոքում ներկայացված փաստարկներն անհիմն են և բավարար չեն հակառակ հետևությանը հանգելու համար: Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ խափանման միջոցի հիմքերն ունեն կանխատեսական բնույթ և ժամանակի ընթացքում կարող են փոփոխվել, վերանալ, ավելանալ և նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ նշված հիմքերը կամ որևէ հիմքի բացակայության վերաբերյալ նշումը կամ հիմքի առկայության վերաբերյալ նշված հետևության հիմքում ընկած փաստական տվյալներն, ինքնին չեն բացառում, համապատասխան փաստական տվյալների առկայության պայմաններում, հետագայում այդ հիմքի առկայության վերաբերյալ հետևության հանգելու, ինչպես նաև համապատասխան հիմքի առկայության վերաբերյալ այլ հետևության հանգելու համար: Սույն որոշման նախորդ կետում նշված իրավակարգավորումները, իրավական վերլուծությունները և դիրքորոշումները կիրառելով սույն որոշման 1-3-րդ կետերում նշված փաստական տվյալների նկատմամբ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի հետևություններն իրավաչափ են և բխում են վերը նշված կետերում շարադրված փաստական տվյալներից: Մասնավորապես, սույն որոշման 1-3-րդ կետերում նշված փաստական տվյալները վկայում են այն մասին, որ այլ խափանման միջոցների այդ թվում գրավի կիրառումը տվյալ դեպքում չի կարող բավարար երաշխիք հանդիսանալ ազատության մեջ մնալու դեպքում ամբաստանյալ Մխիթար Սեյրանի Զաքարյանի հնարավոր ոչ իրավաչափ վարքագիծը կանխելու համար, հետևաբար Առաջին ատյանի դատարանի հետևությունները հիմնավոր են: Այսպես, սույն որոշմամբ շարադրված իրավադրույթների, դրանց վերլուծության արդյունքում ձևավորված դատողությունների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո հաշվի առնելով սույն որոշման նախորդ կետերում նշված քրեական գործի առանձնահատկությունները, ամբաստանյալի ենթադրյալ վարքագծի դրսևորումները, ամբաստանյալին վերագրվող արարքների բնույթն ու վտանգավորության աստիճանը և սպառնացող հնարավոր պատժի խստությունը, կալանքի համար հիմք հանդիսացած հանգամանքները, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այլ խափանման միջոցների այդ թվում գրավի կիրառման միջոցով ողջամտորեն հնարավոր չէ ապահովել ամբաստանյալի հետագա պատշաճ վարքագիծը` գործի դատական քննության ընթացքում և տվյալ դեպքում այլ խափանման միջոցները այդ թվում գրավը, դեռևս չեն կարող գործուն երաշխիք հանդիսանալ կալանավորման համապատասխան հիմքերի չեզոքացման համար: Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալին կալանքի տակ պահելն այն պայմաններում, երբ առկա է ամբաստանյալի կողմից համապատասխան վարքագիծ դրսևորելու հավանականությունը, արդարացված է և ապահովում է անձի իրավունքի սահմանափակման և հետապնդվող արդյունքի միջև անհրաժեշտ և ողջամիտ հավասարակշռություն: Հետևաբար Առաջին ատյանի դատարանի հետևություններն, իրենց էության մեջ, իրավաչափ են (մանրամասն տես սույն որոշման 3-րդ կետը): Ամփոփելով վերոգրյալը, Վերաքննիչ դատարանն հանգում է այն հետևության, որ վերաքննիչ բողոքում նշված փաստարկները բավարար չեն ամբաստանյալի նկատմամբ այլ խափանման միջոց այդ թվում գրավ կիրառելու համար և էության մեջ Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Առաջին ատյանի դատարանի կողմից նշված հետևություններին (մանրամասն տես սույն որոշման 3-րդ կետը): (…) Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքում ներկայացված մյուս փաստարկներին ու դատողություններին (մանրամասն տե'ս սույն որոշման 4-րդ կետը), ապա հարկ է արձանագրել, որ սույն որոշմամբ վերը շարադրված իրավական դիրքորոշումները, վերլուծություններն ու դատողություններն իրենց համակցության մեջ արդեն իսկ ամբողջությամբ ներառում են դրանց վերաբերյալ Վերաքննիչ դատարանի մոտեցումներն ու բարձրացված հարցերի պատասխանները, ուստի լրացուցիչ առանձին-առանձին անդրադառնալու անհրաժեշտությունը բացակայում է: (…) Այսուհանդերձ, անդրադառնալով անձեռնմխելիության վերաբերյալ հարցին, վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ պաշտպանի՝ վերաքննիչ բողոքում նշված փաստարկները չեն համապատասխանում առկա իրավական կարգավորումներին և այդ առումով Վերաքննիչ դատարանն էության մեջ իր համաձայնությունն է հայտնում Առաջին ատյանի դատարանի կողմից նշված հետևություններին (մանրամասն տես սույն որոշման 3-րդ կետը)։ Ինչ վերաբերվում է հիմնավոր կասկածի, «Մխիթար Զաքարյանի՝ ենթադրյալ վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ», «Մխիթար Զաքարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ ԿԸՀ համաձայնության բացակայության» և համապատասխան ապացույցների և փաստական տվյալների վերաբերյալ վերաքննիչ բողոքում նշված փաստարկներին (մանրամասն տես սույն որոշման 4-րդ կետը), ապա հարկ է նշել, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը կայացվել է գործի ըստ էության քննության շրջանակներում, իսկ վերաքննիչ դատարանի կողմից նշված ակտերի վերանայումը` ստորադաս դատարանի որոշումների ստուգման և վերանայման վերադաս դատական ատյանի գործառույթի շրջանակներում: Տվյալ դեպքում մրցակցող արժեքների` մի կողմից արդարադատության իրականացման դատարանի լիազորության, իսկ մյուս կողմից անձի ազատության իրավունքի և դրան հակակշռող հանրային շահի համարժեք ապահովման անհրաժեշտությունից ելնելով` քննարկվող որոշումների վերաքննիչ վերանայման սահմանները նեղ են: Մասնավորապես` քննարկվող որոշման վերանայման շրջանակներում չեն կարող քննարկվել այնպիսի հարցեր, որոնք այս կամ այն չափով առնչվում են գործի ըստ էության լուծմանը՝ այդ թվում հիմնավոր կասկածի առկայության, արարքի որակման, որոշման հիմքում դրված ապացույցների թույլատրելիության հետ կապված հարցերը և այլն: Հակառակ մոտեցումը՝ քննարկվող որոշման վերաքննիչ վերանայման սահմանների լայն մեկնաբանումը կհանգեցնի կոնկրետ գործով արդարադատություն իրականացնող առաջին ատյանի դատարանի գործունեությանն անհարկի միջամտության և կվտանգի դատավորի ներքին անկախությունը: Հետևաբար վերաքննիչ բողոքում այդ մասով բարձրացված հարցերը տվյալ դեպքում քննարկման առարկա դառնալ չեն կարող։ Անդրադառնալով վերաքննիչ բողոքում ամբաստանյալի անձի վերաբերյալ նշված փաստարկներին, (մանրամասն տե'ս սույն որոշման 4-րդ կետը), ապա հարկ է նշել, որ մեղադրյալի անձին վերաբերվող տվյալներն, ինչպես ինքնին, այնպես էլ սույն որոշմամբ նշված մյուս հանգամանքների հետ համակցության մեջ, քրեական գործի քննության տվյալ փուլում, բավարար չեն հանգելու այն հետևության, որ ամբաստանյալն ազատության մեջ մնալով կդրսևորի պատշաճ վարքագիծ կամ ամբաստանյալի պատշաճ վարքագիծը կարող է ապահովվել նաև այլ խափանման միջոցների, այդ թվում նաև գրավի կիրառման միջոցով: (…)
Այսինքն, ամբաստանյալ Մխիթար Սեյրանի Զաքարյանի նկատմամբ կիրառված կալանք խափանման միջոցն այլ խափանման միջոցներով, այդ թվում գրավով, փոփոխելու մասին ներկայացված համապատասխան միջնորդությունը մերժելու մասին որոշում կայացնելիս, Առաջին ատյանի դատարանը թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ և ըստ էության կայացրել է ճիշտ լուծող դատական ակտ, որը բեկանելու իրավաչափ հիմքեր չկան, ուստի, հիմք ընդունելով Վերաքննիչ դատարանի վերը նշված պատճառաբանություններն, այն պետք է թողնել օրինական ուժի մեջ, իսկ ամբաստանյալ Մխիթար Սեյրանի Զաքարյանի պաշտպան Երեմ Սարգսյանի վերաքննիչ բողոքը պետք է մերժել(…)»[4]։ 10․ Առաջին ատյանի դատարանի` 2022 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ թիվ ՍԴ/0066/01/21 քրեական գործն ըստ մեղադրանքի Մ․Զաքարյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, Ա․Սամվելյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, Ա․Արզումանյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, ըստ ընդդատության ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան։[5] 11․ Թիվ ՀԿԴ/0041/01/22 քրեական գործով ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 2023 թվականի սեպտեմբերի 22-ի որոշմամբ Մ․Զաքարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։[6] Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն առ այն, որ Մ․Զաքարյանին ազատությունից զրկելու համար վերջինիս կարգավիճակից բխող հաղթահարման ենթակա հանգամանքներն առերևույթ բացակայել են։
13. Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
«Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով` (…) 4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով (…)»։ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝
«1. Պատգամավորն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել պատգամավորական գործունեության շրջանակներում հայտնած կարծիքի կամ քվեարկության համար:
2. Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել յոթանասուներկու ժամից ավելի: Պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը»: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով. (…)
գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար. (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն`
«1. Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության և անձնական ազատության իրավունք:
2. Ոչ ոք չի կարող արգելանքի վերցվել և պահվել անազատության մեջ այլ կերպ, քան սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով և կարգով:
3. Կալանավորելը, կալանքի տակ պահելը, բժշկական կամ դաստիարակչական հաստատությունում անձին հարկադրաբար տեղավորելը թույլատրվում է միայն դատարանի որոշմամբ: Եթե անձն անձնական ազատությունից զրկվել է իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով, և անձին ազատությունից զրկելու պահից ողջամիտ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամվա ընթացքում դատարանը որոշում չի կայացնում անազատության մեջ նրան հետագա պահելը թույլատրելու մասին, ապա նա անհապաղ ազատ է արձակվում (…)»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝
«2. Կալանավորումը կիրառվում է միայն դատարանի որոշմամբ` մինչդատական վարույթում քննիչի կամ դատախազի միջնորդությամբ, իսկ դատարանում քրեական գործը քննելիս՝ մեղադրանքի կողմի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ: Քրեական պատասխանատվության անձեռնմխելիությունից օգտվող անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերի առկայության դեպքում դատախազը համաձայնություն ստանալու միջնորդությամբ դիմում է համապատասխան մարմիններին»։ 13․1․ ՀՀ Սահմանադրական դատարանը (այսուհետ նաև՝ Սահմանադրական դատարան)՝ անդրադառնալով Սահմանադրության 96-րդ հոդվածի կարգավորումներին, 2021 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ ՍԴՈ-1619 որոշմամբ արձանագրել է, որ չնայած հիշատակված հոդվածի «Պատգամավորի անձեռնմխելիությունը» վերտառությանը, դրանով սահմանվում են պատգամավորի սահմանադրական կարգավիճակը պայմանավորող և դրանից բխող երաշխիքներ՝ պատգամավորի ինդեմնիտետը (անպատասխանատվությունը (non-liability) (Սահմանադրության 96-րդ հոդվածի 1-ին մաս) և պատգամավորի անձեռնմխելիությունը (inviolability) (Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մաս): Ընդ որում` ինդեմնիտետը երաշխավորում է պատգամավորի՝ իր պատգամավորական գործունեության արդյունավետ իրականացումը՝ բացառելով պատգամավորի գործունեությունից բխող հայտնած կարծիքի կամ Ազգային ժողովում քվեարկության համար քրեական պատասխանատվությունն ընդհանրապես, հետևաբար նաև և քրեական հետապնդումը: Սակայն պատգամավորի՝ իր գործունեության շրջանակներում, իր գործունեությունից բխող կարծիքի համար «արտաքին» պատասխանատվության բացառումն ամենևին չի ենթադրում պատասխանատվության բացառում ընդհանրապես, և հատկապես՝ չի բացառում «ներքին» պատասխանատվությունը՝ կարգապահական պատասխանատվությունը, տարատեսակ սանկցիաների տեսքով: Ինչ վերաբերում է պատգամավորի անձեռնմխելիությանը, ապա վերջինիս տրամադրվում է որոշակի պաշտպանություն իր գործառույթների հետ չկապված արարքների համար քրեական հետապնդման հարուցումից: Միաժամանակ, դրանով տրվում է պաշտպանություն՝ պատգամավորին ազատությունից զրկելու դեպքերի համար: Հիշյալ սահմանադրական երաշխիքների տարանջատումը, Սահմանադրական դատարանի գնահատմամբ, ոչ միայն տեսական, այլև գործնական նշանակություն ունի: Այսպես օրինակ, եթե ինդեմնիտետի դեպքում քրեական պատասխանատվությունը բացառվում է պատգամավորի՝ իր գործունեությունից բխող, դրա շրջանակներում հայտնած կարծիքի համար կամ պատգամավորական գործունեության շրջանակներում կատարած քվեարկության համար, ապա պատգամավորի անձեռնմխելիության դեպքում ոչ թե բացառվում է քրեական պատասխանատվությունը, այլ դրանով պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդման հարուցման, վերջինիս ազատությունից զրկելու բարդացված ընթացակարգ է սահմանվում՝ չբացառելով պատգամավորի և՛ քրեական պատասխանատվությունը, և՛ քրեական հետապնդման հնարավորությունը, և՛ ազատությունից զրկելը: Բացի դրանից, եթե ինդեմնիտետի դեպքում նրան տրվող պաշտպանությունը չունի ժամանակային որևէ սահմանափակում, ապա պատգամավորի անձեռնմխելիության դեպքում այդպիսի պաշտպանությունն անձին տրվում է պատգամավորի լիազորությունների ժամկետով: Պատգամավորի կարգավիճակը պայմանավորող վերոնշյալ սահմանադրական երաշխիքներն ապահովում են պաշտպանության տարբեր շրջանակ ու տարբեր ժամկետներ և հետապնդում իրավաչափ նպատակներ՝ ապահովելով՝
1) պատգամավորի անկախությունը՝ անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելով ներկայացուցչական մանդատով օժտված անձի համար իր լիազորություններն արդյունավետ կերպով իրականացնելու համար՝ նրան զերծ պահելով «արտաքին» (գործադիր իշխանության, քաղաքական հակառակորդների և այլոց) հետապնդումներից և/կամ անհիմն, քաղաքականապես մոտիվացված մեղադրանքի հնարավորությունից,
2) Ազգային ժողովի՝ որպես օրենսդիր իշխանության մարմնի անկախությունը,
3) Ազգային ժողովի բնականոն գործունեությունը։
Սահմանադրական դատարանը գտել է, որ եթե անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվելու և նրա` պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու միջև ժամանակային խզումն ինքնին վկայում է իրականացվող հետապնդման և պատգամավորի խորհրդարանական գործունեության կապի բացակայության մասին, դրանից ամենևին նույն կերպ չի կարող բխեցվել այն, որ ժամանակային այդ խզմամբ ինքնաբերաբար ապահովվում է նաև Ազգային ժողովի՝ որպես օրենսդիր իշխանության մարմնի անկախությունը և դրա անխափան բնականոն գործունեությունը, քանի որ նույնիսկ նման իրավիճակում չի բացառվում, որ տեղ գտնի անձի իրավունքների այնպիսի սահմանափակում (օրինակ՝ անձը կալանավորվի), որով փաստացի բացառվի պատգամավորի կարգավիճակ ձեռք բերած անձի խորհրդարանական գործունեության հնարավորությունն ընդհանրապես՝ որպես հետևանք հանգեցնելով Ազգային ժողովի աշխատանքի խաթարմանը, վտանգելով Ազգային ժողովի անկախությունն ընդհանրապես: Վերոգրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանը գտել է, որ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումների շրջանակում սահմանադիրը տարբերակել է պատգամավորին անձեռնմխելիությամբ տրվող պաշտպանությունը՝ պաշտպանություն քրեական հետապնդման հարուցումից և պաշտպանություն ազատության զրկումից, այն հնարավոր համարելով միայն Ազգային ժողովի համաձայնությամբ՝ բացառությամբ Սահմանադրության նույն հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությամբ նախատեսված որոշակի դեպքերի: Միաժամանակ, Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ հարցը տրամագծորեն հակառակ լուծում պետք է ստանա քննարկվող դեպքում. այն պարագայում, երբ նույնիսկ անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք է բերել քրեական հետապնդման հարուցումից հետո, և մինչ այդ նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդման շարունակության համար անհրաժեշտ չէ Ազգային ժողովի համաձայնությունը, ապա բոլորովին այլ է հարցի լուծումն արդեն անձի՝ պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո նրան ազատությունից զրկելու պարագայում. տվյալ դեպքում Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված բացառիկ դեպքերից բացի, մնացած բոլոր դեպքերում անձի` պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելն անհրաժեշտաբար պայմանավորում է, որ վերջինիս ազատությունից զրկելու (իսկ մինչ այդ կարգավիճակի ձեռք բերելը ազատությունից զրկված լինելու դեպքում՝ ազատությունից զրկելը շարունակելու, այն պահպանելու) համար անվերապահորեն պետք է Ազգային ժողովի համաձայնությունը, որի բացակայությունը բացառում է պատգամավորի կարգավիճակ ունեցող անձին ազատությունից զրկելու հնարավորությունը: Ներկայացվածի հակառակ մոտեցման պարագայում կարող է վտանգվել Ազգային ժողովի բնականոն գործունեությունը և Ազգային ժողովի անկախությունը, ինչն ուղղակիորեն կհակասի Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով պատգամավորին տրված պաշտպանությանը՝ պատգամավորի կարգավիճակում գտնվող անձին ազատությունից զրկելը դարձնելով ոչ իրավաչափ: Սահմանադրական դատարանը գտել է, որ պատգամավորը, բացի Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությամբ նախատեսված բացառիկ դեպքերից, չի կարող զրկվել ազատությունից (իսկ մինչ կարգավիճակի ձեռքբերումը ազատությունից զրկված լինելու դեպքում՝ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելուց հետո շարունակել ազատությունից զրկված մնալ), եթե Ազգային ժողովը տվյալ հարցով չի տվել իր համաձայնությունը. Ազգային ժողովից բացի որևէ այլ մարմին իրավասու չէ հաղթահարել պատգամավորին անձեռնմխելիությամբ տրվող այդ պաշտպանությունը: (…)
Սահմանադրական դատարանը վերոհիշյալ որոշմամբ արձանագրել է նաև, որ իրավակիրառական պրակտիկան (մասնավորապես՝ ՍԴ/0066/01/21, ՍԴ1/0060/01/21, ԵԴ/0886/01/21 քրեական գործերով) զարգացել է սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումներին հակառակ տրամաբանությամբ, ըստ որի, անձի՝ մինչ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելը ազատությունից զրկված լինելու պարագայում պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելուց հետո նրան հետագա ազատությունից զրկելը պահպանելու, ազատությունից զրկելը շարունակելու համար Ազգային ժողովի համաձայնություն ստանալը անհրաժեշտություն չի համարվել: Այս առումով Սահմանադրական դատարանը գտել է, որ նման իրավակիրառական պրակտիկան չի բխում Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումների բովանդակությունից։ 14․ Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հուլիսի 11-ի 186-Ա որոշմամբ համաձայնություն է տրվել Մ․Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար։
- 2021 թվականի հուլիսի 12-ին Մ․Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով:
- 2021 թվականի հուլիսի 13-ին Մ․Զաքարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
- 2021 թվականի հուլիսի 22-ին Մ․Զաքարյանը գրանցվել է որպես պատգամավոր և նրան տրամադրվել է մանդատ։[7]
- Առաջին ատյանի դատարանը, 2021 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ արձանագրել է, որ տվյալ փուլում առերևույթ բացակայում են Մ․Զաքարյանի կարգավիճակից բխող` պարտադիր հաղթահարման ենթակա չհաղթահարված հանգամանքներ: Վերջին հանգամանքի հետ կապված՝ դատարանը փաստել է, որ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու որոշումը կայացնելու օրվա դրությամբ Մ․Զաքարյանը հանդիսացել է պատգամավորի թեկնածու, ում նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90 հոդվածի 5-րդ մասով սահմանված արգելքը մինչ այդ եղել է հաղթահարված պատշաճ ընթացակարգով, որպիսի պայմաններում Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից (…)» դրույթը սույն գործի փաստերին վերաբերելի չէ։[8]
- Վերաքննիչ դատարանը, 2021 թվականի հոկտեմբերի 28-ի որոշմամբ, մերժելով Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 9-ի որոշման դեմ Մ․Զաքարյանի պաշտպան Ե․Սարգսյանի կողմից բերված բողոքը, ըստ էության իր համաձայնությունն է հայտնել Առաջին ատյանի դատարանի հետևություններին։[9] 15․ Հիմք ընդունելով սույն որոշման 13-13․1․-րդ կետերում վկայակոչված իրավակարգավորումները և իրավական դիրքորոշումները, դրանք համադրելով նախորդ կետում ներկայացված փաստական հանգամանքների հետ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անազատության մեջ գտնվող՝ պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը, պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից սկսած չի կարող պահվել անազատության մեջ այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մ․Զաքարյանը 2021 թվականի հուլիսի 22-ին պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու փաստի ուժով ենթակա է եղել ազատ արձակման, քանի որ սույն գործով քրեական հետապնդում իրականացնող մարմնի կողմից ՀՀ Ազգային ժողովին չի ներկայացվել պատգամավորին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդություն, հետևաբար առկա չի եղել նաև պատգամավորին ազատությունից զրկելու վերաբերյալ Ազգային ժողովի համապատասխան համաձայնությունը։ 16․ Նախորդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ մինչ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելը ազատությունից զրկված լինելու պարագայում պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելուց հետո նրան հետագա ազատությունից զրկելը պահպանելու, ազատությունից զրկելը շարունակելու համար Ազգային ժողովի համաձայնություն ստանալու անհրաժեշտությունը բացակայում է, հիմնավոր չեն։
17. Այսպիսով, ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, սույն գործով դատական ակտեր կայացնելիս, թույլ են տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ հանգեցրել են ՀՀ Սահմանադրության 27-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ և 136-րդ հոդվածների պահանջների խախտման, ինչը համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ հիմք է Առաջին ատյանի դատարանի 2021 թվականի սեպտեմբերի 9-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2021 թվականի հոկտեմբերի 28-ի որոշումը բեկանելու համար:
18. Հաշվի առնելով սույն որոշման 15-17-րդ կետերում արտահայտած իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանն առարկայազուրկ է համարում սույն որոշման 6․3-6․5-րդ կետերում ներկայացված բողոքաբերի փաստարկներին անդրադառնալը։
19. Միևնույն ժամանակ, նկատի ունենալով, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 2023 թվականի սեպտեմբերի 22-ի որոշմամբ Մ․Զաքարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը հանցակազմի բացակայության հիմքով դադարեցնելու պայմաններում, ստորադաս դատարանների դատական ակտերի բեկանումը չի կարող առաջացնել իրավական հետևանքներ (դրանք, ունենալով ժամանակավոր բնույթ, կորցրել են իրենց իրավական նշանակությունը), ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը պետք է մերժել, ճանաչել Մ․Զաքարյանի անձնական ազատության իրավունքի խախտման փաստը, իսկ ստորադաս դատարանների դատական ակտերը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361․1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Մխիթար Սեյրանի Զաքարյանի պաշտպան Ե․Սարգսյանի վճռաբեկ բողոքը մերժել։
2. Ճանաչել Մխիթար Սեյրանի Զաքարյանի անձնական ազատության իրավունքի խախտման փաստը:
3. Թիվ ՍԴ/0066/01/21 քրեական գործով Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի սեպտեմբերի 9-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2021 թվականի հոկտեմբերի 28-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Դատավորներ` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Ս․ՉԻՉՈՅԱՆ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆ
Ծանոթագրություններ
[1] Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով: [2] Համաձայն ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի փետրվարի 9-ի ՀՕ-24-Ն սահմանադրական օրենքի 18-րդ հոդվածի 11-րդ մասի՝ կոռուպցիոն հանցագործությունների գործերով կայացված դատական ակտերի դեմ քրեական պալատի վարույթ ընդունած բողոքները ենթակա են վերաբաշխման Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատին։ [3] Տե՛ս գործի նյութեր, հատոր 1, թերթեր 33-35։
[4] Տե՛ս գործի նյութեր, հատոր 2, թերթեր 79-96։
[5] Տե՛ս www.datalex.am, «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգ, թիվ ՍԴ/0066/01/21 քրեական գործը: [6] Տե՛ս www.datalex.am, «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգ, թիվ ՀԿԴ/0041/01/22 քրեական գործը: [7] Տես՝ www.elections.am, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ 2021 թվականի հուլիսի 22-ի «Ազգային ժողովի պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու մասին» թիվ 1 արձանագրությունը։ [8] Տե՛ս որոշման 7-րդ կետը։
[9] Տե՛ս որոշման 8-րդ կետը։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 14 մայիսի, 2024 թ.
- Գործի #:
- ՍԴ/0066/01/21
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
