ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2025 թվականի դեկտեմբերի 4-ին «ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-172-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում՝ 1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1) անհատական ծանուցում՝ անձին սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով տրամադրվող տեղեկատվություն.»․ 2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2) հրապարակային ծանուցում՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված տեղեկատվություն.».
3) 4-րդ կետը «գտնվող» բառից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից վարվող» բառերով.
4) 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
5) 7-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ա. ֆիզիկական անձի դեպքում՝ անձի կողմից իր անձնական տվյալներին և փաստաթղթերին, ինչպես նաև հանրային ծառայությունների վերաբերյալ ծանուցումներին հասանելիություն ապահովելու նպատակով ստեղծված թվային միջավայր, որին մուտքն ապահովվում է անձի խիստ նույնականացման հարթակի միջոցով,»: Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածում՝ 1) 5-րդ մասից հանել «և կայքը վարող անձին փոխանցելու» բառերը.
2) 8-րդ մասի «կայքը վարող անձը» բառերը փոխարինել «գործակալությունը» բառով. 3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-11-րդ մասերով. «9. Եթե կայքում հրապարակային ծանուցման հետ մեկտեղ պետք է տեղադրվի փաստաթուղթ, ապա այն ներկայացվում է ծանուցողի կողմից վերահսկվող սերվերում տեղադրված հղման միջոցով։ 10․ Հրապարակային ծանուցման տեքստն ստանալուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, տեղադրվում է կայքում:
11. Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, ինչպես նաև նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակվելու նոտարական գործողության ընթացքում հրապարակվող հրապարակային ծանուցումը հրապարակվում է կայքում անմիջապես այն ստանալուց հետո:»: Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 7. Անհատական և հրապարակային ծանուցման համար գանձվող պետական տուրքը 1. Անհատական ծանուցման տեղադրման համար գանձվում է պետական տուրք, բացառությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տեղադրվող ծանուցումների:
2. Հրապարակային ծանուցման տեղադրման համար գանձվում է պետական տուրք, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածով, 5-րդ հոդվածի 11-րդ մասով, ինչպես նաև 10-րդ հոդվածի 3-րդ և 7-րդ մասերով նախատեսված դեպքերի:»: Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել։ Հոդված 7. Օրենքի 10-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 10. Էլեկտրոնային եղանակով ծանուցումների իրականացումը 1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները ֆիզիկական և իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերին կարող են ծանուցել սույն հոդվածով սահմանված կարգով: Եթե պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը ֆիզիկական և իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերին ծանուցել է սույն հոդվածով սահմանված կարգով, ապա անձը համարվում է պատշաճ ծանուցված:
2. Այն իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, որը միացել է հանրային տեղեկությունների ոլորտը կարգավորող օրենսդրությամբ սահմանված տվյալների փոխանակման շերտին, այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց ու անհատ ձեռնարկատերերին կարող է ծանուցել սույն հոդվածով սահմանված կարգով: Եթե անձը ծանուցվել է սույն հոդվածով սահմանված կարգով, ապա համարվում է պատշաճ ծանուցված:
3. Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ծանուցումն իրականացվում է անհատական ծանուցումը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում տեղադրելու միջոցով: Եթե անհատական ծանուցմանը կից պետք է ուղարկվի փաստաթուղթ, ապա այն ուղարկվում է ծանուցողի կողմից վերահսկվող սերվերում տեղադրված հղման միջոցով, իսկ այդ հնարավորության բացակայության դեպքում փաստաթուղթը կցվում է ծանուցմանը: Ծանուցումը տեղադրելը, անձի կողմից համակարգի անձնական էջ մուտք գործելը և ծանուցումը կարդալը հավաստվում են էլեկտրոնային համակարգի կողմից: Ծանուցման տեղադրման մասին տվյալ իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը տեղեկացվում է նաև իր տրամադրած հավելյալ էլեկտրոնային փոստի հասցեով: Եթե իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջն ուղարկված ծանուցումը տեղադրվելուց երեք օր հետո բացակայում է հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջ մուտք գործելու վերաբերյալ էլեկտրոնային հավաստումը, ապա ծանուցումն իրականացվում է հրապարակային ծանուցման միջոցով: Հրապարակային ծանուցման մեջ նշվում են ծանուցողի և ծանուցվող անձի տվյալները, ինչպես նաև տեղադրվում է հղում, որի միջոցով անձը, անցնելով նույնականացում, կարող է ծանոթանալ ծանուցման տեքստին և առկայության դեպքում՝ կից փաստաթղթերին: Հրապարակային ծանուցումը պարունակում է նաև տեղեկատվություն այն մասին, թե երբ է անձին ուղարկվել ծանուցումը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով: Իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը համարվում է պատշաճ ծանուցված Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջ մուտք գործելու օրվանից՝ անկախ իր տրամադրած հավելյալ էլեկտրոնային փոստի հասցեով ստացված տեղեկացումից, եթե այդպիսին առկա է, իսկ հրապարակային ծանուցման դեպքում իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը համարվում է պատշաճ ծանուցված Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցումը տեղադրվելու օրվանից հետո՝ հինգերորդ օրը:
4. Եթե իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը կասեցվել է կամ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի իմաստով գործունեությունը դադարեցվել է, ապա անհատական ծանուցումը սույն հոդվածով սահմանված կարգով ուղարկվում է իրավաբանական անձի դեպքում՝ գործադիր մարմնի ղեկավարին (կոլեգիալության դեպքում՝ գործադիր մարմնի բոլոր անդամներին), իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձին:
5. Ֆիզիկական անձի ծանուցումն իրականացվում է անհատական ծանուցումն անձի պաշտոնական էլեկտրոնային փոստում տեղադրելու միջոցով: Եթե անհատական ծանուցմանը կից պետք է ուղարկվի փաստաթուղթ, ապա այն ուղարկվում է ծանուցողի կողմից վերահսկվող սերվերում տեղադրված հղման միջոցով, իսկ այդ հնարավորության բացակայության դեպքում փաստաթուղթը կցվում է ծանուցմանը: Ծանուցումը տեղադրելը, ֆիզիկական անձի կողմից պաշտոնական էլեկտրոնային փոստ մուտք գործելը և ծանուցումը կարդալը հավաստվում են էլեկտրոնային համակարգի կողմից: Ծանուցման մասին տվյալ ֆիզիկական անձը տեղեկացվում է նաև իր կողմից տրամադրված հավելյալ էլեկտրոնային փոստի հասցեով, ինչպես նաև կարող է տեղեկացվել իր տրամադրած կամ իրեն պատկանող խիստ նույնականացման միջոցներին փոխկապակցված հեռախոսահամարին ուղարկված հաղորդագրությամբ: Ֆիզիկական անձը համարվում է պատշաճ ծանուցված պաշտոնական էլեկտրոնային փոստ մուտք գործելու օրվանից՝ անկախ իր տրամադրած հավելյալ էլեկտրոնային փոստի հասցեով կամ հեռախոսահամարին ստացված տեղեկացումից, եթե այդպիսին առկա է:
6. Եթե ֆիզիկական անձին ուղարկված ծանուցումը պաշտոնական էլեկտրոնային փոստում տեղադրվելուց երեք օր հետո բացակայում է ֆիզիկական անձի կողմից պաշտոնական էլեկտրոնային փոստ մուտք գործելու վերաբերյալ էլեկտրոնային հավաստումը, ապա ծանուցումը «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հիբրիդային առաքանու միջոցով պատվիրված նամակով ուղարկվում է անձի հաշվառման հասցեով: Ընդ որում, ծանուցողի կողմից վերահսկվող սերվերում տեղադրված հղման միջոցով ուղարկված ծանուցման դեպքում ապահովվում է հղման ներքո գտնվող տեղեկատվության հասանելիությունը փոստային կապի օպերատորին: Եթե գործի (վարույթի) նյութերից հետևում է, որ անձը գտնվում է ազատազրկման վայրում, զորամասում, կարգապահական գումարտակում, բուժական հիմնարկում ստանում է ստացիոնար բուժում կամ ոչ հոժարակամ հոսպիտալացվել է, ապա պատվիրված նամակն անձին ուղարկվում է այդ հաստատությունների հասցեներով:
7. Փոստային պատվիրված նամակը ֆիզիկական անձին ուղարկվելուց յոթ օր հետո, եթե բացակայում է նամակը հանձնված լինելը հաստատող փաստաթղթային կամ էլեկտրոնային հավաստումը, այդ թվում՝ երբ ֆիզիկական անձը հրաժարվում է փոստային պատվիրված նամակն ստանալուց, ապա ծանուցումն իրականացվում է հրապարակային ծանուցման միջոցով: Փոստային պատվիրված նամակն ստանալուց հրաժարվելը գրավոր արձանագրում է փոստային պատվիրված նամակը հանձնող անձը՝ նշելով հրաժարման օրը, ամիսը, տարեթիվը և ժամը:
8. Հրապարակային ծանուցման մեջ նշվում են ծանուցողի և ծանուցվող անձի տվյալները, ինչպես նաև տեղադրվում է հղում, որի միջոցով անձը, անցնելով նույնականացում, կարող է ծանոթանալ ծանուցման տեքստին և առկայության դեպքում՝ կից փաստաթղթերին: Հրապարակային ծանուցումը պարունակում է նաև տեղեկատվություն այն մասին, թե երբ է անձին ուղարկվել ծանուցումը պաշտոնական էլեկտրոնային փոստի և փոստային պատվիրված նամակի միջոցով: Սույն մասով սահմանված հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում տեղադրվելու օրվանից հետո՝ յոթերորդ օրը, ֆիզիկական անձը համարվում է պատշաճ ծանուցված:
9. Եթե առկա է ֆիզիկական անձի գրավոր համաձայնություն կամ պաշտոնական էլեկտրոնային փոստով տրված համաձայնություն կամ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բնակչության պետական ռեգիստրում հանրային ծառայությունների համարանիշի հետ փոխկապակցված թվային հաղորդակցության միջոցով տրված համաձայնություն, որով հստակ հավաստվում է, որ անձը համաձայն է ծանուցումներն ստանալ բացառապես իր պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով, ապա ֆիզիկական անձը համարվում է պատշաճ ծանուցված ծանուցումը պաշտոնական էլեկտրոնային փոստում տեղադրվելու օրվան հաջորդող երրորդ օրվանից՝ անկախ պաշտոնական էլեկտրոնային փոստ մուտք գործելու կամ ծանուցումը կարդալու մասին էլեկտրոնային հավաստման առկայությունից և առանց սույն հոդվածի 6-8-րդ մասերով սահմանված գործողությունները կատարելու, բացառությամբ այն դեպքերի, երբ գործի (վարույթի) նյութերից հետևում է, որ անձը գտնվում է ազատազրկման վայրում, զորամասում, կարգապահական գումարտակում, բուժական հիմնարկում ստանում է ստացիոնար բուժում կամ ոչ հոժարակամ հոսպիտալացվել է:
10. Անհատական և հրապարակային ծանուցումը տեղադրելու, ծանուցումը տեղադրելու մասին անձին տեղեկացնելու, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջ և պաշտոնական էլեկտրոնային փոստ մուտք գործելը և ծանուցումը կարդալը հավաստվելու, ծանուցման հետ ցանկացած գործողություն կատարելու վերաբերյալ տեղեկությունները հաշվառելու (լոգավորման) և լոգերը պահպանելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
11. Ֆիզիկական անձի պաշտոնական էլեկտրոնային փոստի տեխնոլոգիական լուծումները պետք է ապահովեն սույն հոդվածով սահմանված կարգով ուղարկվող ծանուցումների միաժամանակ տեղադրում՝ 1) հանրային տեղեկությունների ոլորտը կարգավորող օրենսդրությամբ սահմանված տեղեկությունների մուտքի միասնական հարթակի միջոցով տվյալների սուբյեկտին իր անձնական տվյալներին և փաստաթղթերին, ինչպես նաև հանրային ծառայությունների վերաբերյալ ծանուցումներին հասանելիություն ապահովելու նպատակով ստեղծված թվային միջավայրում, 2) անձի կողմից «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բնակչության պետական ռեգիստրի տվյալների սուբյեկտի կողմից մուտքագրված, բնակչության պետական ռեգիստրում հանրային ծառայությունների համարանիշի հետ փոխկապակցված թվային հաղորդակցության միջոցում:
12. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև ծանուցումներն իրականացվում են պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով, եթե էլեկտրոնային ծանուցման այլ կարգ նախատեսված չէ օրենքով, կամ այդ մարմինների միջև առկա չէ էլեկտրոնային հաղորդակցության այլ կարգ:»: Հոդված 8.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:
3. Սույն օրենքի 7-րդ հոդվածով խմբագրվող՝ Օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասն ուժի մեջ է մտնում «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքով սահմանված կարգով բնակչության պետական ռեգիստրի տվյալների սուբյեկտի կողմից մուտքագրված, բնակչության պետական ռեգիստրում հանրային ծառայությունների համարանիշի հետ փոխկապակցված թվային հաղորդակցության միջոցը լրացնելու տեխնիկական հնարավորությունը գործարկելու պահից: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2025 թ. դեկտեմբերի 22 Երևան ՀՕ-415-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 դեկտեմբերի 2025 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-415-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.01.2026-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2025.12.22-2026.01.04 Պաշտոնական հրապարակման օրը 23.12.2025 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 04.12.2025 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 22.12.2025 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2026 Հիմնական ակտ 04.12.2025, ՀՕ-415-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 09.04.2007, ՀՕ-172-Ն 09.04.2007, ՀՕ-172-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 03.07.2025, ՀՕ-233-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ 06.03.2026, N 196-Ա ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ՀՕ-415-Ն ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 4 դեկտեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ՀՕ-415-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
