Զաքարյան — ՀԿԴ1/0043/01/22
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 3. Սույն օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացությունները · Հոդված 9. Քրեական օրենսդրության հետադարձ ուժը · Հոդված 83. Քրեական պատասխանատվությունից ազատելը վաղեմության ժամկետն անցնելու հետևանքովԱմփոփում
Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)` 2023 թվականի մարտի 30-ի որոշմամբ ամբաստանյալ Ա․Զաքարյանի պաշտպան Ա.Հայրապետյանի միջնորդությունը բավարարվել է, և Ա.Զաքարյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ 2. ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գոր
Ամբողջ Տեքստ
ՀԿԴ1/0043/01/22
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության
հակակոռուպցիոն դատարան,
Նախագահող դատավոր՝ Մ․Մոսինյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
Նախագահող դատավոր՝ Ա․Հովհաննիսյան
2024 թվական նոյեմբերի 14-ին քաղաք Երևանում
ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
Դ․ՎԵՔԻԼՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով Արտակ Զաքարյանի վերաբերյալ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)` 2023 թվականի մայիսի 25-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա․Պողոսյանի հատուկ վերանայման բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)` 2023 թվականի մարտի 30-ի որոշմամբ ամբաստանյալ Ա․Զաքարյանի պաշտպան Ա.Հայրապետյանի միջնորդությունը բավարարվել է, և Ա.Զաքարյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։
2. ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Ա.Նշանյանի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանն իր՝ 2024 թվականի մայիսի 25-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի որոշումը թողել է անփոփոխ։
3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա․Պողոսյանը բերել է հատուկ վերանայման բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 7-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
4․ Ըստ բողոքի հեղինակի՝ Վերաքննիչ դատարանի դատական ակտով թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական օրենքի խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա։ Միաժամանակ, բողոքում բարձրացված հարցերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու համար։ 4․1․ Ըստ բողոքաբերի՝ վիճարկվող որոշմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, նեղ մեկնաբանելով 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով նախատեսված չափերը, արձանագրել է, որ հիշյալ քրեաիրավական նորմերով կաշառք տալու դեպքում դրա առարկայի չափի մասին խոսք չկա և հանգել սխալ հետևության, որ կաշառք տալու դեպքում, անկախ կաշառքի առարկայի չափից, այն կարող է որակվել միայն այդ հանցանքի հասարակ ձևով: Բողոքաբերի պնդմամբ՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքով հանցագործությամբ պատճառված վնասի, այդ թվում' կաշառք տալու և ստանալու չափերը, բացառությամբ հատուկ մասում նախատեսված դեպքերի, տեղ են գտել ոչ թե կոնկրետ հոդվածներում, այլ ներառվել են հիմնական հասկացությունները սահմանող ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածում: 4․2․ Ըստ այդմ, բողոքաբերը փաստել է, որ Ա․Զաքարյանի արարքը ենթակա է որակման ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասով, որը դասվում է միջին ծանրության հանցանքների շարքին, իսկ կատարման պահին գործող օրենսգրքով այն դասվել է ծանր հանցագործությունների շարքին: Բողոքաբերը միաժամանակ նշել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածով միջին ծանրության հանցագործության վաղեմության ժամկետը 10 տարի է, իսկ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն՝ ծանր հանցագործության վաղեմության ժամկետն է 10 տարի: Ա․Զաքարյանի արարքի մասնակի ապաքրեականացման (փոխվել է կաշառքի առարկայի չափը) հանգամանքով պայմանավորված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի նորմի կիրաման ուժով վերջինիս արարքը համապատասխանել է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին, որը հանդիսանում է միջին ծանրության հանցանք, որի վաղեմության ժամկետը 10 տարի է, մինչդեռ Առաջին ատյանի դատարանն Ա․Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս հիմք է ընդունել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով նախատեսված միջին ծանրության հանցագործության վաղեմության ժամկետը (5 տարի)՝ անտեսելով այն հանգամանքը, որ հանցանքի կատարման պահին Ա․Զաքարյանի արարքը հանդիսացել է, ոչ թե միջին, այլ՝ ծանր հանցանք, որի վաղեմության ժամկետն արարքի կատարման պահին գործող օրենքով եղել է 10 տարի: Այլ կերպ՝ Ա․Զաքարյանի վիճակը բարելավող օրենքին (արարքի մասնակի ապաքրեականացման հիմքով) իրավացիորեն հետադարձ ուժ տալով՝ Առաջին ատյանի դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 8-րդ և 9-րդ հոդվածների դրույթների խախտմամբ միաժամանակ կրկնակի հետադարձ ուժ է տվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի դրույթներին՝ անտեսելով այն հանգամանքը, որ արարքի կատարման պահին գործող օրենքով Ա․Զաքարյանի արարքը հանդիսացել է ծանր հանցագործություն, որի վաղեմության ժամկետը 10 տարի է: 4․3․ Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ ամբաստանյալ Ա․Զաքարյանի պաշտպան Ա.Հայրապետյանը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով Ա․Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանին ներկայացրած իր միջնորդությամբ նշել է, որ Ա․Զաքարյանն իրեն առաջադրված մեղադրանքում մեղավորության հարցի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնում, սակայն ցանկանում է, որ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի: Ներկայացված միջնորդությանը միացել է նաև ամբաստանյալ Ա․Զաքարյանը և դատական նիստի ընթացքում տվել իր համաձայնությունը, որ նշված հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի: Մինչդեռ, Առաջին ատյանի դատարանն Ա․․Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնելիս, հիմք է ընդունել միայն վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ վերջինիս համաձայնությունը՝ անտեսելով այն հանգամանքը, որ տվյալ դեպքում ամբաստանյալ Ա․Զաքարյանը մեղավորության վերաբերյալ դիրքորոշում չհայտնելով՝ չի ընդունել իրեն մեղսագրված արարքը կատարած լինելու հանգամանքը՝ ըստ էության առարկելով դրա դեմ, որպիսի պայմաններում վաղեմության ժամկետն անցնելու հանգամանքի առկայությունը չէր կարող դիտվել որպես քրեական հետապնդումը բացառող հանգամանք, և քրեական վարույթը պետք է շարունակվեր ընդհանուր կարգով:
5. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի մայիսի 25-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ։ Հատուկ վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
6. Ամբաստանյալ Ա․Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար որ․ «(…) [ն]ա իր որդուն պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար, Վահե Ներսիսյանի դրդմամբ փորձել է պաշտոնատար անձանց տալ առանձնապես խոշոր չափերով կաշառք: Այսպես. Վահե Մեջյումի Ներսիսյանը 2017թ. իր ծանոթ Արտակ Ալբերտի Զաքարանից պարտքով վերցրել է 3.600 ԱՄՆ դոլար գումար, որից 600 ԱՄՆ դոլարը հետ է վերադարձրել, իսկ մնացած 3.000 ԱՄՆ դոլարը խոստացած ժամկետում վերադարձնել չի կարողացել։ Այնուհետև Արտակ Զաքարյանի առանձնապես խոշոր չափերով գույքը խաբեության, և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակելու դիտավորությամբ, Վահե Ներսիսյանը 2017թ. կեսերին նրա մոտ պատրանք է ստեղծել, թե իբր կարող է 10.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց իր ծանոթ պաշտոնատար անձանց ու բժիշկ մասնագետներին կաշառք տալու և վերջիններիս կողմից Արտակ Զաքարյանի որդուն՝ 2004 թվականի ծնված, նախազորակոչիկ Մերուժան Զաքարյանի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական կեղծ ախտորոշումներ ձևակերպելու և փաստաթղթեր պատրաստելու միջոցով զորակոչային տարիքում լուծել Մերուժան Զաքարյանի պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցը և հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով՝ դրդել է Արտակ Զաքարյանին իր միջոցով պաշտոնատար անձանց և բժիշկ մասնագետներին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալ: Արտակ Զաքարյանն ընդունել է Վահե Ներսիսյանի՝ առանձնապես խոշոր չափերի՝ 4.810.000 դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար գումարի չափով կաշառք տալու միջոցով որդուն պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու առաջարկը և հավատալով Վահե Ներսիսյանի խոստումներին՝ նրա հետ 2017թ. կեսերին ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում համաձայնել է մինչ այդ Վահե Ներսիսյանին տված 1.443.000 ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլարը վերջինիս միջոցով որպես կաշառք տալ պաշտոնատար անձանց և բժիշկ մասնագետներին՝ միաժամանակ խոստանալով մնացածը վճարել մաս-մաս: Այնուհետև շարունակելով իր հանցավոր մտադրությունը՝ 2018թ. վերջերին Վահե Ներսիսյանն իբրև պաշտոնատար անձանց և բժիշկ մասնագետներին կաշառք տալու համար Արտակ Զաքարյանից պահանջել է ևս 1.452.000 ՀՀ դրամին համարժեք 3.000 ԱՄՆ դոլար գումար: Արտակ Զաքարյանը հայտնել է, որ այդ պահին նշված գումարը չունի և Վահե Ներսիսյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել խոստացած գումարն իր փոխարեն վերջինիս կողմից պաշտոնատար անձանց և բժիշկ մասնագետներին կաշառք տալու շուրջ՝ հետագայում այն Վահե Ներսիսյանին վերադարձնելու պայմանով, իսկ արդյունքում մնացած 4.000 ԱՄՆ դոլարը Վահե Ներսիսյանին փոխանցել մաս-մաս՝ յուրաքանչյուր տարի 1.000 ԱՄՆ դոլարի չափով: Սակայն Արտակ Զաքարյանն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել, քանի որ Վահե Ներսիսյանը կաշառք տալու պատրվակով Արտակ Զաքարյանից ստացած 1.443.000 ՀՀ դրամին համարժեք 3.000 ԱՄՆ դոլար գումարը խարդախությամբ՝ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է: (...)»[1]: 7․ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի մարտի 30-ի որոշման համաձայն՝ «(...) Դատարանն արձանագրում է, որ արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1- ին կետով որակելու համար անհրաժեշտ է, որ անձը խոստանա կամ առաջարկի կամ տրամադրի 5 միլիոն ՀՀ դրամը գերազանցող գումար: (...) Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորումների՝ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների դեպքում 4.810.000 ՀՀ դրամը համարվում է առանձնապես խոշոր չափ, մինչդեռ գործող ՀՀ քրեական օրենսգրքով այն արդեն համարվում է խոշոր չափ, քանի որ չի գերազանցում 5 միլիոն ՀՀ դրամը: Այսինքն, գործող ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորումների պարագայում Արտակ Զաքարյանի կողմից ենթադրաբար կատարված արարքն, առերևույթ, ըստ բնույթի և հանրության համար վտանգավորության աստիճանի միջին ծանրության հանցագործություն է (ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մաս, որը համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին): Ամբաստանյալ Արտակ Զաքարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրացել է: Մասնավորապես, Արտակ Զաքարյանին մեղսագրվող արարքի վաղեմության հնգամյա ժամկետը լրացել է 2022 թվականին, այդ պահի դրությամբ նրա նկատմամբ կայացված, օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ չի եղել, մինչև քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելը Արտակ Զաքարյանի կողմից միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարած լինելու, քննությունից կամ դատից խուսափելու վերաբերյալ ապացույցներ կամ փաստարկներ Դատարանին չեն ներկայացվել: Այլ կերպ ասած՝ քրեական գործով ձեռք բերված ապացույցներով, այլ փաստական տվյալներով և ըստ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի կողմից 20.03.2023թ. տրված տեղեկատվության՝ չի հաստատվում վաղեմության ժամկետի ընթացքը կասեցված կամ ընդհատված լինելու հանգամանքը։ Հետևաբար, Արտակ Զաքարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով՝ նկատի ունենալով, որ սույն գործով առկա է նաև վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու դատավարական պայման, այն է՝ ամբաստանյալի համաձայնությունը. ամբաստանյալ Արտակ Զաքարյանը դատական նիստի ընթացքում չի առարկել և տվել է իր համաձայնությունը, որպեսզի այդ հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի և քրեական գործով վարույթը կարճվի: (...)»[2]: 8․ Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի մայիսի 25-ի որոշման համաձայն՝ «(…) [Ն]կատի ունենալով նաև 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը, նույն օրենսգրքի 436-րդ հոդվածով սահմանված կաշառք տալու հանցակազմի իմաստով «խոշոր չափ» և «առանձնապես խոշոր չափ» եզրույթների վերաբերյալ նախորդ կետում արված վերլուծությունը, ելնելով նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված դրույթներից՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ մասնակի սխալ է Առաջին ատյանի դատարանի հետևյալ դիտարկումը. «Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորումների՝ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների դեպքում 4.810.000 ՀՀ դրամը համարվում է առանձնապես խոշոր չափ, մինչդեռ գործող ՀՀ քրեական օրենսգրքով այն արդեն համարվում է խոշոր չափ, քանի որ չի գերազանցում 5 միլիոն ՀՀ դրամը: Այսինքն, գործող ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորումների պարագայում Արտակ Զաքարյանի կողմից ենթադրաբար կատարված արարքն, առերևույթ, ըստ բնույթի և հանրության համար վտանգավորության աստիճանի միջին ծանրության հանցագործություն է (ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մաս, որը համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին)»: Այլ կերպ՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալին ՀՀ քրեական օրենսգրքի (ընդունված՝ 18.04.2003, ՀՕ-528-Ն) 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղսագրված արարքը վերոշարադրյալի պայմաններում համապատասխանում է կաշառք տալու փորձի հասարակ հանցակազմի հատկանիշներին (2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 1-ին մաս, որը համապատասխանում է 2021 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 44-436-րդ հոդվածի առաջին մասին)։ (…)
2003 և 2021 թվականներին ընդունված քրեական օրենսգրքերի համապատասխանաբար 75-րդ և 83-րդ հոդվածների համեմատաիրավական վերլուծությունը վկայում է, որ 2021 թվականին ընդունված քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների մասով տվյալ դեպքում անձի վիճակը վատթարացող օրենք է և կիրառելի չէ ամբաստանյալ Արտակ Զաքարյանի նկատմամբ, քանի որ նախ՝ սահմանում է վաղեմության ավելի երկար ժամկետներ, բացի այդ, վաղեմության ժամկետը, ի տարբերություն 2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի, հաշվարկվում է մինչև անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելը: Վերոգրյալի հետ մեկտեղ նկատի ունենալով, որ ամբաստանյալ Արտակ Զաքարյանին մեղսագրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի (ընդունված՝ 18.04.2003,ՀՕ-528-Ն) 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքը համապատասխանում է կաշառք տալու փորձի հասարակ հանցակազմի հատկանիշներին, ինչը թե՛ 2003, թե՛ 2021 թվականներին ընդունված քրեական օրենսգրքերով դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, ինչպես նաև 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 9- րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա հաշվի առնելով, որ պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ մասնակիորեն խստացնող օրենքը հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որով մեղմացնում է պատասխանատվությունը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, Ա.Զաքարյանին մեղսագրված արարքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների հաշվարկման մասով առաջնորդվելով ենթադրյալ հանցավոր արարքը կատարելու պահին գործող՝ 2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի դրույթներով, գործել է իրավաչափ: (…)
Բողոքաբերը ներկայացված բողոքում նշել է նաև հետևյալը. «Դատարանն Արտակ Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնելիս, հիմք է ընդունել միայն վաղեմության ժամկետն անցնելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ վերջինիս համաձայնությունը, անտեսելով այն հանգամանքը, որ տվյալ դեպքում ամբաստանյալ Արտակ Զաքարյանը մեղավորության վերաբերյալ դիրքորոշում չհայտնելով՝ չի ընդունել իրեն մեղսագրված արարքը կատարած լինելու հանգամանքը՝ ըստ էության առարկելով դրա դեմ, որպիսի պայմաններում վաղեմության ժամկետն անցնելու հանգամանքի առկայությունը չէր կարող դիտվել որպես քրեական հետապնդումը բացառող հանգամանք և քրեական վարույթը պետք է շարունակվեր ընդհանուր կարգով»: Վերաքննիչ դատարանը բողոքի հեղինակի վերոգրյալ դիտարկումը անհիմն է համարում՝ հաշվի առնելով հետևյալ հանգամանքները. նախ՝ ինչպես հետևում է քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից, Առաջին ատյանի դատարանը գործի քննությունն իրականացնում է ոչ թե 2021, այլ 1998 թվականին ընդունված քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, որի 35-րդ հոդվածի 6-րդ մասը, ի թիվս այլնի, սահմանում է, որ քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է ամբաստանյալը: Իսկ ինչպես հետևում է նյութերի ուսումնասիրությունից, այդ թվում՝ բողոքաբերի փաստարկներից, Ա. Զաքարյանը համապատասխան հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելուն չի առարկել: Բացի վերոգրյալը, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ ենթադրաբար բողոքաբերի փաստարկները կառուցվել են 2021 թվականի քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված այն նորմի վրա, ըստ որի՝ համապատասխան հանգամանքի առկայությունը քրեական հետապնդումը բացառող չէ, եթե անձն առարկում է դրա դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը: Վերաքննիչ դատարանը փաստում է, որ թեև այդ նորմը սույն դեպքում կիրառելի չէ, այնուամենայնիվ, հարկ է նշել, որ դրանից նույնպես չի բխում, որ այն դեպքում, երբ ամբաստանյալը, գիտակցելով ոչ ռեաբիլիտացիող հիմքով քրեական հետապնդման դադարեցման հետևանքները, այդպիսի հիմքով քրեական հետապնդման դադարեցմանը տալիս է համաձայնություն, սակայն միևնույն ժամանակ, օրինակ, մեղավորության վերաբերյալ դիրքորոշում չի հայտնում, ապա վերջին հանգամանքի առկայությունը կարող է մեկնաբանվել՝ որպես առարկության ներկայացում: Այլ կերպ՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ 2021 թվականին ընդունված քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ «եթե անձն առարկում է դրա դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը» ձևակերպումը վկայում է, որ մեղսագրված արարքը չկատարելը վերաբերում է առարկության հիմքին, այսինքն՝ վերաբերելի է այն դեպքերի համար, երբ ամբաստանյալը առարկություն է ներկայացնում: Սակայն եթե ամբաստանյալը, գիտակցելով ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդման դադարեցման հետևանքները, ընդհանրապես չի առարկում այդ հիմքով քրեական հետապնդման դադարեցմանը, ապա մեղավորության վերաբերյալ դիրքորոշում չհայտնելը չի կարող դիտարկվել՝ որպես առարկության ներկայացում ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդման դադարեցմանը, ավելին՝ այդպիսի դիրքորոշումը չի կարող հավասարեցվել նրան, որ ամբաստանյալը չի ընդունել իրեն մեղսագրված արարքը կատարած լինելու հանգամանքը (…)»[3]։ Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է․ իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ ամբաստանյալ Ա․Զաքարյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղսագրվող արարքը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասին։ 10․ ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»։ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, հանցագործություն չի համարվել (…)»։ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 4-րդ հոդվածի համաձայն՝ «1. Ոչ ոք չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության այն արարքի համար, որը կատարման պահին հանցանք չի համարվել:
2. Քրեական օրենքի Հատուկ մասի նորմերն անալոգիայով կիրառելն արգելվում է:
3. Քրեական օրենքի Ընդհանուր մասի նորմերը կարող են անալոգիայով կիրառվել, եթե դա չի վատթարացնում անձի վիճակը»: Մեջբերված նորմերը Վճռաբեկ դատարանը բազմիցս վերլուծության է ենթարկել իր նախադեպային որոշումների շրջանակներում՝ ընդգծելով, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր, որը բացարձակ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից որևէ շեղում անթույլատրելի է: Արարքի հանցավորությունն ու պատժելիությունը պետք է նախատեսված լինեն իրավական որոշակիության չափանիշին բավարարող օրենքով, ինչը ենթադրում է, որ անձը համապատասխան դրույթի տառացի ընկալումից և, անհրաժեշտության դեպքում, դրա կապակցությամբ դատարանների տված մեկնաբանությունից պետք է հասկանա, թե որ գործողությունների և անգործության համար է քրեական պատասխանատվություն նախատեսվում և ինչ պատիժ կնշանակվի այդ գործողությունների կատարման և/կամ անգործության համար[4]։ Անդրադառնալով դատական մեկնաբանության սահմաններին և օրենսդրական բացի հաղթահարման հիմնախնդրին՝ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ օրենքի՝ իրավական որոշակիության չափանիշին բավարարելն առաջին հերթին օրենսդրական կարգավորման խնդիր է, իսկ դատական մեկնաբանումը լրացնող դերակատարություն ունի: ՀՀ քրեական օրենսգրքի որևէ նորմում առկա օրենսդրական բացը չի կարող վերացվել, հաղթահարվել կամ լրացվել դատական մեկնաբանման միջոցով, քանի որ օրինականության սկզբունքի անքակտելի տարրն է քրեական օրենքը տարածական մեկնաբանելու և անալոգիայով կիրառելու արգելքը: Վերոնշյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը նշել է, որ եթե հանցակազմի պարտադիր հատկանիշը սահմանող հասկացության բովանդակության բացահայտումը կախված չէ գործի կոնկրետ հանգամանքներից, կարող է սահմանվել դրանցից վերացարկված, սակայն սահմանված չէ օրենքով, դատարանը, չունենալով գնահատման օբյեկտիվ չափանիշներ, զրկված է դրանք մեկնաբանելու հնարավորությունից: «Խոշոր չափ» և «առանձնապես խոշոր չափ» հասկացություններն ինքնին ենթադրում են չափելի երևույթներ։ Դրանք, օգտագործվելով քանակի, կշռի կամ արժեքի հատկանիշներով օժտված առարկաները բնութագրելիս, պայմանավորված չեն գործի կոնկրետ հանգամանքներով և օբյեկտիվորեն կարող են սահմանվել (և սահմանվում են) դրանցից վերացարկված։ Այսպես, ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի մի շարք նորմերում օգտագործելով «խոշոր չափ» և/ կամ «առանձնապես խոշոր չափ» եզրույթները՝ օրենսդիրը միաժամանակ հստակ սահմանել է, թե կոնկրետ առարկայի որ չափն է համարվում խոշոր, որը՝ առանձնապես խոշոր։ Հակառակ դեպքում իրավակիրառ մարմնի կողմից քննարկվող հասկացությունների կիրառումը կհանգեցնի կամայական մեղադրման, դատապարտման և պատժման, քանի որ գործի հանգամանքներով պայմանավորված չլինելու դեպքում բացակայում են իրավակիրառ մարմնի, այդ թվում՝ դատարանի կողմից այդ հասկացությունների բովանդակությունը որոշելու օբյեկտիվ չափանիշները[5]։ 11․ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ «1. Սույն օրենսգրքում օգտագործվում են հետևյալ հասկացությունները. (…)
17) հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը` սույն օրենսգրքում հափշտակված գույքի, պատճառված գույքային վնասի, հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի մանր չափ է համարվում 500.000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), առանձնապես խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը), բացառությամբ սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերի (…)»։ Նույն օրենսգրքի 436-րդ հոդվածի համաձայն՝ «1. Կաշառք տալը՝ պաշտոնատար անձին կամ նրա մատնանշած անձին անձամբ կամ միջնորդի միջոցով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն խոստանալը, առաջարկելը կամ տրամադրելը՝ պաշտոնատար անձի իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին գործողություն կատարելու կամ չկատարելու համար՝ պատժվում է (…)։
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
(…)
2) խոշոր չափերով կամ
(…)
պատժվում է (…)։
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ (…)
2) առանձնապես խոշոր չափերով`
պատժվում է (…)»:
Ի տարբերություն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքով հափշտակության, պատճառված գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը սահմանվում են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածով՝ օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացությունների ներքո։ Վերոնշյալ չափերն ընդհանուր են ՀՀ գործող քրեական օրենսգրքի հատուկ մասով սահմանված բոլոր այն հանցակազմերի համար, որոնցում հանցագործության չափերը նախատեսված են որպես հանցակազմի պարտադիր հատկանիշ կամ հանցակազմը որակյալ կամ առավել որակյալ դարձնող հանգամանք, եթե կոնկրետ հանցակազմի շրջանակում այլ չափ սահմանված չէ (օրինակ՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի հոդվածներ 267-ը, 282-ը, 290-ը և այլն)։ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածով նախատեսված կաշառք տալու հանցակազմը որակյալ դարձնող «խոշոր» և «առանձնապես խոշոր» չափ հասկացությունների առնչությամբ Վճռաբեկ դատարանը Սարգիս Գրիգորյանի գործով արձանագրել է, որ դրանք չափելի երևույթների են, ուստի օրենսդիրը կա՛մ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի շրջանակներում՝ ընդհանուր հասկացությունների ներքո, կա՛մ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածով պետք է հստակ սահմաներ, թե կաշառք տալու հանցակազմի պարագայում որ չափն է համարվում խոշոր, որը՝ առանձնապես խոշոր, մինչդեռ, քրեական օրենսգրքի վերաբերելի նորմերի վերլուծությունը ցույց է տալիս, որ կաշառք տալու հանցակազմի պարագայում կաշառքի առարկայի խոշոր և առանձնապես խոշոր չափերը չեն բացահայտվել։ Այսպես՝ օրենսգրքի 3-րդ հոդվածի 17-րդ կետում խոսքը գնում է միայն հափշտակության, պատճառված գույքային վնասի, հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերի մասին, իսկ կաշառք տալու դեպքում կաշառքի առարկայի չափերը չեն կարող նույնացվել դրանցից որևէ մեկի հետ։ Անդրադառնալով հնարավոր այն մեկնաբանությանը, որ կաշառք տալու չափերը կարող են դիտարկվել հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի ներքո, Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ նման մեկնաբանումը կլինի խիստ տարածական և չի համապատասխանի օրենքի որոշակիության չափանիշներին, քանի որ վերոնշյալ դեպքում խոսքը գնում է գույքը կամ օգուտը հանցավոր ճանապարհով ձեռք բերելու կամ ստանալու, այլ ոչ թե տալու մասին։ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ առկա է օրենսդրական բաց, ինչը որևէ պարագայում չի կարող լրացվել կամ հաղթահարվել դատական մեկնաբանության միջոցով, քանզի դատական մեկնաբանման շրջանակները խստորեն սահմանափակված են օրինականության սկզբունքով, իսկ օրինականության սկզբունքի անքակտելի տարրն է քրեական օրենքը տարածական մեկնաբանելու և անալոգիայով կիրառելու արգելքը։ Արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը և 3-րդ մասի 2-րդ կետը չեն համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, բավարար չափով կանխատեսելի չեն, ուստի չեն կարող անձին դատապարտելու հիմք հանդիսանալ[6]։ 12․ Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ.
- Ա․Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված այն հանցավոր արարքի համար, որ նա իր որդուն պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար Վ․Ներսիսյանի դրդմամբ փորձել է պաշտոնատար անձանց տալ առանձնապես խոշոր չափերով կաշառք [7],
- Առաջին ատյանի դատարանը փաստել է, որ համաձայն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի կարգավորումների՝ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների դեպքում 4.810.000 ՀՀ դրամը համարվում է առանձնապես խոշոր չափ, մինչդեռ ՀՀ գործող քրեական օրենսգրքով այն արդեն համարվում է խոշոր չափ, քանի որ չի գերազանցում 5 միլիոն ՀՀ դրամը: Այսինքն` ՀՀ գործող քրեական օրենսգրքի կարգավորումների պարագայում Ա․Զաքարյանի կողմից ենթադրաբար կատարված արարքն, առերևույթ, ըստ բնույթի և հանրության համար վտանգավորության աստիճանի` միջին ծանրության հանցագործություն է[8],
- Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալ Ա․Զաքարյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղսագրված արարքը համապատասխանում է կաշառք տալու փորձի հասարակ հանցակազմի հատկանիշներին, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 44-436-րդ հոդվածի առաջին մասին[9]։ 13․ Նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշման 10-11-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 439-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, բավարար չափով կանխատեսելի չէ, ուստի չի կարող անձին դատապարտելու հիմք լինել։ Վերոգրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ ամբաստանյալ Ա․Զաքարյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղսագրվող արարքը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասին, իրավաչափ է։ Անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկին, որ «ՀՀ գործող քրեական օրենսգրքով հանցագործությամբ պատճառված վնասի, այդ թվում ` կաշառք տալու և ստանալու չափերը, բացառությամբ հատուկ մասում նախատեսված դեպքերի, տեղ են գտել ոչ թե կոնկրետ հոդվածներում, այլ ներառվել են հիմնական հասկացությունները սահմանող ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածում»` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ օրինականության սկզբունքը և «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» կանոնը պահանջում են, որ հանցավոր համարվող արարքները սահմանվեն բացառապես օրենքով և նկարագրվեն իրավական որոշակիության չափանիշին բավարարող եղանակով՝ բացառելով դրանց շատ լայն և տարածական մեկնաբանումը։ Վերոնշյալը սահմանադրորեն և միջազգային կոնվենցիաներով ամրագրված հիմնարար սկզբունք է և բացարձակ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, որից որևէ շեղում և բացառություն նախատեսված չէ՝ նույնիսկ պատերազմի կամ ազգի կյանքին սպառնացող այլ արտակարգ դրության ժամանակ[10]։ Հետևաբար, եթե քրեաիրավական նորմը չի բավարարում «օրենքին» ներկայացվող որակական չափանիշներին, այն չի կարող դրվել անձի դատապարտման հիմքում, որքան էլ որ կատարված արարքը լինի վտանգավոր և, ընդհանուր առմամբ, բխի օրենսդրի նպատակներից։
14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է․ իրավաչա՞փ են արդյոք Ա.Զաքարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով դադարեցնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները: 15․ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի համաձայն՝ «1. Պաշտոնատար անձին կաշառք տալը, այսինքն՝ պաշտոնատար անձին անձամբ կամ միջնորդի միջոցով նրա կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն խոստանալը կամ առաջարկելը կամ տրամադրելը՝ իր կամ իր ներկայացրած անձանց օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: …
3. Կաշառք տալը, որը կատարվել է՝
1) առանձնապես խոշոր չափերով,
…
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի համաձայն՝ «1. Կաշառք տալը՝ պաշտոնատար անձին կամ նրա մատնանշած անձին անձամբ կամ միջնորդի միջոցով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն խոստանալը, առաջարկելը կամ տրամադրելը՝ պաշտոնատար անձի իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին գործողություն կատարելու կամ չկատարելու համար՝ պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: …»։
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն՝ … 3. Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը:
4. Ծանր հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը: …: ՀՀ գործող քրեական օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն՝ (…) 3. Միջին ծանրության հանցանքներ են համարվում սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 5 տարի ժամկետով ազատազրկումը:
4. Ծանր հանցանքներ են համարվում սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 10 տարի ժամկետով ազատազրկումը: (…): ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները. (…)
2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.
3) տասը տարի՝ ծանր հանցանքն ավարտված համարելու օրվանից. (…)»։
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ 1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել են հետևյալ ժամկետները. …
2) 10 տարի՝ միջին ծանրության հանցանքի դեպքում.
3) 15 տարի՝ ծանր հանցանքի դեպքում. …:
16․ Վճռաբեկ դատարանը, Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի վերաբերյալ գործով որոշմամբ անդրադառնալով քրեական օրենսդրության հետադարձությամբ կիրառման դեպքերին, արձանագրել է, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվարկման տեսանկյունից քրեական նոր օրենքով անձին մեղսագրված հանցանքի տեսակի փոփոխությունն ինքնին չի կարող հետադարձ ներգործություն ունենալ, այսինքն, այս հարցի շրջանակներում օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու ինքնուրույն ցուցիչ չէ, և տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու մասին կարելի է խոսել բացառապես քրեական պատասխանատվությունից ազատելու ինստիտուտը կանոնակարգող՝ ՀՀ նախկին և գործող քրեական օրենսգրքերի ընդհանուր նորմերի հետ համադրված գնահատելու պարագայում։ Միևնույն ժամանակ անդրադառնալով օրենսդրական փոփոխությունների արդյունքում հանցանքի տեսակի և վաղեմության ժամկետների փոփոխության իրավիճակներին, մասնավորապես՝ այն դեպքին, երբ արարքի (հանցանքի) ծանրության աստիճանը նվազում է, իսկ այդ արարքի համար սահմանված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը չի փոփոխվում, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդրական փոփոխության արդյունքում պատժի մեղմացման հետևանքով նախկինում ծանր համարվող հանցանքը միջին ծանրության հանցանք հանդիսանալու դեպքում կիրառելի է մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու կանոնը՝ հանցանքի տեսակի և պատժի մասով, այսինքն՝ արարքը պետք է որակվի ՀՀ գործող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ անթույլատրելի է օրենքի փոփոխության արդյունքում հետադարձության կանոնների կիրառմամբ ստացված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը (տասը տարին) համեմատել ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի (հինգ տարի) հետ։ Նման համեմատությունը սկզբունքորեն չի համապատասխանի ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնի էությանն ու նշանակությանը: Հակառակ մոտեցումը հանգեցնում է այնպիսի իրավիճակի, որ արարքի կատարման պահին ծանր հանցագործություն համարվող արարքի պարագայում անձի նկատմամբ կիրառվում է արարքի կատարման պահին միջին ծանրության հանցանքի համար նախատեսված կարգավորումը, որը որևէ պարագայում կիրառելի չէր[11]։
17. Նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, հաշվի առնելով սույն վարույթի փաստական հանգամանքները՝ անհրաժեշտ է դիտարկել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքն անձին մեղսագրված լինելու դեպքը։ Այսպես, առանձնապես խոշոր չափերով կաշառք տալը, համաձայն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի, դասվում էր ծանր հանցագործությունների շարքին, որի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը տասը տարի էր։ ՀՀ գործող քրեական օրենսգրքով 436-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին։ Միևնույն ժամանակ, օրենսդիրը ՀՀ գործող քրեական օրենսգրքի ընդհանուր մասում՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու կարգը սահմանող 83-րդ հոդվածում, սահմանել է, որ միջին ծանրության հանցանքի դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել է տասը տարի։ Ուստի ստացվում է, որ Ա․Զաքարյանին մեղսագրվող արարքը՝ 4․810․000 ՀՀ դրամի չափով կաշառք տալու փորձը, ՀՀ գործող քրեական օրենսգրքով թեև դասվել է միջին ծանրության հանցագործությունների շարքին, սակայն քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի տեսանկյունից երկու օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումը, ըստ որի՝ նշված գումարի չափով կաշառք տալու փորձի մեջ մեղադրվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքի կատարման պահից անցել է տասը տարի։ Վերոգրյալից հետևում է, որ գործող քրեական օրենսդրությամբ հանցանքի տեսակի փոփոխությունը քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների տեսանկյունից անձի համար որևէ բարենպաստ հետևանք չի առաջացնում, քանզի վաղեմության ժամկետի առումով քրեական օրենսդրության նախկին և ներկա կարգավորումները նույնական են։ Այլ խոսքով՝ տվյալ դեպքում հանցանքի տեսակի փոփոխության հետևանքով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը, նախկին օրենսգրքի համեմատ, փոփոխությունների չի ենթարկվել, ուստի, քննարկվող դեպքում, քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը ենթակա է լուծման՝ տվյալ արարքի համար դրա կատարման պահին գործող քրեական օրենսդրությամբ նախատեսված ծանր հանցագործության կատարման համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվառմամբ։
18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.
- Ա.Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով[12],
- Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալ Ա․Զաքարյանին մեղսագրված՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասին, որը միջին ծանրության հանցանք է: Միևնույն ժամանակ, Առաջին ատյանի դատարանը փաստել է, որ ամբաստանյալ Ա․Զաքարյանի կողմից իրեն մեղսագրվող արարքը ենթադրաբար կատարվելուց հետո անցել է հինգ տարուց ավել ժամանակ, և քրեական գործի նյութերում մեղսագրվող արարքի կատարումից հետո վերջինիս կողմից նոր հանցանք կատարելու և քննությունից կամ դատից խուսափելու վերաբերյալ փաստական տվյալները բացակայում են, ուստի Ա․Զաքարյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով[13],
- Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալ Ա․Զաքարյանին մեղսագրված՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասին, ինչը թե՛ 2003, թե՛ 2021 թվականներին ընդունված քրեական օրենսգրքերով դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին։ Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանն ընդգծել է, որ ՀՀ նախկին և գործող քրեական օրենսգրքերի համապատասխանաբար 75-րդ և 83-րդ հոդվածների համեմատաիրավական վերլուծությունը վկայում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների մասով տվյալ դեպքում անձի վիճակը վատթարացող օրենք է և կիրառելի չէ ամբաստանյալ Ա․Զաքարյանի նկատմամբ, քանի որ նախ՝ սահմանում է վաղեմության ավելի երկար ժամկետներ, բացի այդ, վաղեմության ժամկետը, ի տարբերություն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի, հաշվարկվում է մինչև անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելը։ Արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ Առաջին ատյանի դատարանը, Ա․Զաքարյանին մեղսագրված արարքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի հաշվարկման մասով գործել է իրավաչափ[14]։ 19․ Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 15-17-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև Ա․Զաքարյանին վերագրվող հանցանքը ՀՀ գործող քրեական օրենսգրքով դասվել է միջին ծանրության հանցանքների շարքին, սակայն վաղեմության ժամկետի հաշվարկի առումով օրենսդրական այդ փոփոխությունը բարենպաստ հետևանքներ չի առաջացնում, քանզի թե՛ նախկին, թե՛ գործող քրեական օրենքով անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքը կատարելուց անցել է տասը տարի: Մասնավորապես, արարքի կատարման պահին ամբաստանյալին վերագրվող հանցանքը եղել է ծանր, որի վաղեմության ժամկետը տասը տարի է: ՀՀ գործող քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու արդյունքում ամբաստանյալին վերագրվող հանցանքը դասվել է միջին ծանրության հանցագործությունների շարքին, որի վաղեմության ժամկետը նույնպես տասը տարի է: Ուստի թե՛ նախկին, թե՛ գործող քրեական օրենսդրությունները թույլ են տալիս ամբաստանյալ Ա․Զաքարյանին վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով ազատել քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելու օրվանից անցել է տասը տարի։ Մինչդեռ, ստորադաս դատարանների մոտեցումը ոչ իրավաչափորեն հանգեցրել է նրան, որ վերագրվող ենթադրյալ արարքը կատարելուց ընդամենը 5 տարուց փոքր-ինչ ավել ժամանակ անց ամբաստանյալ Ա․Զաքարյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից, այն դեպքում, երբ, և՛ վերագրվող ենթադրյալ արարքի կատարման ժամանակ, և՛ գործող քրեական օրենքի համաձայն, վերջինիս քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը տասը տարի է։
20. Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետևությունն առ այն, որ ամբաստանյալ Ա․Զաքարյանի նկատմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը լուծելիս վաղեմության ժամկետը ենթակա է հաշվարկման արարքի կատարման պահին գործող՝ միջին ծանրության հանցագործությունների վաղեմության ժամկետի հաշվարկման կանոնով, իրավաչափ չէ։
21. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանը՝ դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է` կիրառել են 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որը սույն գործով ենթակա չէր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, հիմք է Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի մարտի 30-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2023 թվականի մայիսի 25-ի որոշումը բեկանելու համար։ Միևնույն ժամանակ, հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ա․Զաքարյանի պաշտպան Ա․Հայրապետյանի միջնորդությունը պետք է մերժել։ 22․ Վերոգրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով նաև Ռեբեկա Գրիգորյանի վերաբերյալ գործով արտահայտված իրավական դիրքորոշումները, գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը պետք է ըստ էության քննության առնի Ա․Զաքարյանի վերաբերյալ քրեական գործը և դրա արդյունքում հանգի համապատասխան հետևության[15]։ 23․ Ինչ վերաբերում է բողոքաբերի՝ սույն որոշման 4․3-րդ կետում ներկայացված փաստարկներին, ապա սույն դեպքում, Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ եթե անձը, գիտակցելով ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդման դադարեցման հետևանքները, համաձայնություն է տալիս տվյալ հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուն, ապա նրա կողմից մեղավորության վերաբերյալ դիրքորոշում չհայտնելը չի կարող դիտարկվել որպես առարկություն՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ ու 386-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Արտակ Զաքարյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի` 2023 թվականի մարտի 30-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի մայիսի 25-ի որոշումը բեկանել և պաշտպան Ա.Հայրապետյանի միջնորդությունը մերժել։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
Նախագահող` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Դատավորներ` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆ
Ս.ՉԻՉՈՅԱՆ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆ
Ծանոթագրություններ
[1] Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 3-4։
[2] Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 77-78։
[3] Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 19-23։
[4] Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Վարուժան Ավետիսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ՍԴ3/0013/01/11, Դավիթ Սիմիդյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԷԴ/0122/01/13, Վարդան Ղազարյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԱՎԴ/0002/01/14 որոշումները։ [5] Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Դավիթ Սիմիդյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ին կայացված թիվ ԵԷԴ/0122/01/13 որոշումը։ [6] Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Սարգիս Գրիգորյանի գործով 2024 թվականի հուլիսի 26-ի թիվ ՀԿԴ/0054/01/22 որոշումը: [7] Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։
[8] Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
[9] Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
[10] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ C.R. v. THE UNITED KINGDOM գործով 1995 թվականի նոյեմբերի 22-ի վճիռը, գանգատ թիվ 20190/92, §32, S.W. v. THE UNITED KINGDOM գործով 1995 թվականի նոյեմբերի 22-ի վճիռը, գանգատ թիվ 20166/92, §34։ [11] Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի գործով 2024 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԱՔԴ/0196/01/17 որոշումը։ [12] Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:
[13] Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
[14] Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
[15] Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Ռեբեկա Գրիգորյանի գործով 2024 թվականի օգոստոսի 29-ի թիվ ՀԿԴ/0094/01/23 որոշումը։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 14 նոյեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ՀԿԴ1/0043/01/22
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
