Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/Մուրադյան — ԵԴ/0346/01/20
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Մուրադյան — ԵԴ/0346/01/20

Վճռաբեկ դատարանԵԴ/0346/01/2030 հոկտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 313. Դատական նիստում որոշում կայացնելու կարգը · Հոդված 376.1 . Առաջին ատյանի դատարանի դատական ակտերի բողոքարկումը
PDF

Ամփոփում

Պ Ա Ր Զ Ե Ց Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2018 թվականի նոյեմբերի 7-ին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 61211918 քրեական գործը։ Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի մարտի 29-ի որոշմամբ թիվ 61211918 քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 69102719 քրեական գործը, որը միացվել է թիվ 61211918 քրեական գործին: Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի օգոստոսի 27-ի որոշումն

Ամբողջ Տեքստ

ԵԴ/0346/01/20

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Ա.Ազարյան

2024 թվականի հոկտեմբերի 30-ին քաղաք Երևանում

ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ՝ Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ

Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի մարտի 9-ի որոշման դեմ ամբաստանյալ Գրիշա Մուրադյանի պաշտպան Լ.Ասլանյանի, դիմողներ Սահակ Մինասյանի, Գևորգ Գասպարյանի, Արա Գրիգորյանի և նրանց ներկայացուցիչ Գ.Ավետիսյանի վճռաբեկ բողոքները[1],

Պ Ա Ր Զ Ե Ց

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2018 թվականի նոյեմբերի 7-ին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 61211918 քրեական գործը։ Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի մարտի 29-ի որոշմամբ թիվ 61211918 քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 69102719 քրեական գործը, որը միացվել է թիվ 61211918 քրեական գործին: Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի օգոստոսի 27-ի որոշումներով «Լայթէկո» և «Ֆենհալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները ճանաչվել են տուժողներ, Գ.Գասպարյանը ճանաչվել է «Լայթէկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչ, իսկ Ա.Գրիգորյանը` «Ֆենհալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչ: Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի դեկտեմբերի 4-ի որոշմամբ Գրիշա Հայկազի Մուրադյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: 2020 թվականի մարտի 6-ին տուժող «Լայթէկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և վերջինիս ներկայացուցիչ Գ.Գասպարյանի, ինչպես նաև տուժող «Ֆենհալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և վերջինիս ներկայացուցիչ Ա.Գրիգորյանի դատավարական կարգավիճակները դադարեցվել են: Նույն օրը Գ.Մուրադյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: 2020 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ թիվ 61211918 քրեական գործից անջատվել է թիվ 69102719 քրեական գործը, և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։

2. Քրեական գործի դատական քննության ընթացքում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 3-ի արձանագրային որոշմամբ «Ֆենհալ» և «Լայթէկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների ներկայացուցիչ Գ.Ավետիսյանի միջնորդությունը` վերոնշյալ ընկերություններին տվյալ քրեական գործով տուժողներ ճանաչելու վերաբերյալ, մերժվել է: 2.1. «Ֆենհալ» և «Լայթէկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների ներկայացուցիչ Տ.Հակոբյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2021 թվականի մայիսի 18-ի որոշմամբ բողոքը բավարարել է մասնակիորեն, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 3-ի արձանագրային որոշումը բեկանել է և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։ 2.2. Պաշտպան Լ.Ասլանյանի վճռաբեկ բողոքի քննության արդյունքում Վճռաբեկ դատարանը 2022 թվականի ապրիլի 4-ի որոշմամբ բողոքը բավարարել է և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի վերոնշյալ որոշումը բեկանել՝ օրինական ուժ տալով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2020 թվականի նոյեմբերի 3-ի որոշմանը:

3. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2022 թվականի հունվարի 13-ի արձանագրային որոշմամբ դիմողների ներկայացուցիչ Գ.Ավետիսյանի միջնորդությունը բավարարվել է և «Էրստեդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Սահակ Մինասյանը ճանաչվել է տուժողի ներկայացուցիչ։ Նույն դատական նիստի ընթացքում ներկայացուցիչ Գ.Ավետիսյանի մեկ այլ միջնորդությունը՝ «Ֆենհալ» և «Լայթէկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին քրեական գործով տուժողներ ճանաչելու վերաբերյալ, Առաջին ատյանի դատարանի արձանագրային որոշմամբ մերժվել է:

4. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ 2022 թվականի մարտի 9-ի որոշմամբ ամբաստանյալ Գ.Մուրադյանի պաշտպան Լ.Ասլանյանի, «Լայթէկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Գ.Գասպարյանի, «Ֆենհալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ա.Գրիգորյանի և նրանց ներկայացուցիչ Գ.Ավետիսյանի վերաքննիչ բողոքները բավարարվել են մասնակիորեն, Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հունվարի 13-ի արձանագրային որոշումները բեկանվել են, և գործն ուղարկվել նույն դատարան՝ նոր քննության։

5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալ Գ.Մուրադյանի պաշտպան Լ.Ասլանյանը, դիմողներ Ս.Մինասյանը, Գ.Գասպարյանը, Ա.Գրիգորյանը և նրանց ներկայացուցիչ Գ.Ավետիսյանը բերել են վճռաբեկ բողոքներ, որոնք Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի մայիսի 27-ի որոշմամբ ընդունել են վարույթ։ 2022 թվականի հուլիսի 14-ին գործը բաշխվել (հանձնվել) է ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմին։ Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 4-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։ Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջները.

Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով․

I. Ամբաստանյալ Գ.Մուրադյանի պաշտպան Լ.Ասլանյանի բողոքի փաստարկները.

6. Ամբաստանյալի պաշտպան Լ.Ասլանյանը գտել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է և սխալ պատճառաբանված, ինչի արդյունքում խախտվել են ամբաստանյալ Գ.Մուրադյանի իրավունքներն ու օրինական շահերը, մասնավորապես՝ պաշտպանության իրավունքը։ Բողոքաբերը փաստարկել է, որ Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն մերժել է միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի փաստական նկարագրի մեջ նշված ընկերություններին վնաս պատճառելու վերաբերյալ ձևակերպում առկա չէ, հետևաբար նշված ընկերությունները չեն կարող տուժող ճանաչվել։ 6.1. Բողոքի հեղինակը փաստարկել է նաև, որ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 78-րդ և 93-րդ հոդվածներով սահմանված են քրեական գործով վարույթին որպես տուժողի ներկայացուցիչ մասնակցելն արգելող հիմքերը, որոնցից է գործին որպես վկա մասնակցելը, իսկ սույն քրեական գործով «Էրստեդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչ Ս.Մինասյանը որպես վկա հարցաքննվել է թե՛ տուժողի ներկայացուցչի դատավարական կարգավիճակ ստանալուց առաջ, թե՛ հետո, ուստի առկա են Ս.Մինասյանի՝ որպես տուժողի ներկայացուցչի դատավարական կարգավիճակը դադարեցնելու հիմքերը։

6.2. Բողոք բերած անձը նշել է նաև, որ վերաքննիչ վերանայման գործիքակազմը բավարար էր Առաջին ատյանի դատարանի արձանագրային որոշման պատճառաբանվածությունը լրացնելու և վերջնական դատական ակտ կայացնելու համար՝ միաժամանակ նշելով, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտը բեկանելու անվերապահ հիմք մատնանշել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածով նախատեսված՝ պատճառաբանական մասի բացակայությունը, մինչդեռ Վերաքննիչ դատարանը ևս թույլ է տվել այդպիսի սխալ։ 6.3. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի մարտի 9-ի որոշումը՝ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հունվարի 13-ի արձանագրային որոշումը՝ «Ֆենհալ» և «Լայթէկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին տուժող ճանաչելու միջնորդությունը մերժելու մասով, կամ ամբողջությամբ բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հունվարի 13-ի ու Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի մարտի 9-ի որոշումները և կայացնել նոր դատական ակտ՝ մերժելով Ս.Մինասյանին տուժող «Էրստեդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչ ճանաչելու միջնորդությունը, կամ բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության։ II. Դիմողների և նրանց ներկայացուցիչ Գ.Ավետիսյանի բողոքի փաստարկները.

7. Դիմողները և նրանց ներկայացուցիչ Գ.Ավետիսյանը գտել են, որ Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է, չպատճառաբանված, ինչի արդյունքում խախտվել են նաև ամբաստանյալ Գ.Մուրադյանի հանցավոր գործողությունների հետևանքով տուժած «Լայթէկո» և «Ֆենհալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների, նրանց ներկայացուցիչների հիմնարար իրավունքներն ու օրենքով պաշտպանվող շահերը, ուստի այն ենթակա է բեկանման։ Բողոքաբերները գտել են, որ որոշումը չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներից, իսկ ընկերությունները կրել և շարունակում են կրել նյութական և բարոյական վնասներ։ 7.1. Բողոքի հեղինակները նշել են նաև, որ տուժող ճանաչելու պահանջի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումը ենթակա է բողոքարկման բացառապես դիմողի կողմից և այն դեպքում, երբ դատարանը հրաժարվում է դատավարության մասնակից չհանդիսացող անձին՝ դիմողին, դատավարության մասնակից, սույն դեպքում՝ տուժող ճանաչելուց, մինչդեռ տվյալ դեպքում բողոքը բերվել էր դատավարության այլ մասնակցի՝ ամբաստանյալի պաշտպանի կողմից, ով օրենքի ուժով նման բողոք բերելու իրավունք չուներ։ Ավելին՝ պաշտպան Լ.Ասլանյանը չի նշել՝ նախաքննության ընթացքում տուժողի ներկայացուցիչ հանդիսացած Ս.Մինասյանի իրավունքների ճանաչումը դատարանում ինչո՞վ է խախտել կամ խախտում ամբաստանյալ Գ.Մուրադյանի իրավունքները։ 7.2. Միևնույն ժամանակ, բողոքաբերները փաստարկել են, որ պաշտպան Լ.Ասլանյանի վերաքննիչ բողոքը ժամկետանց է, ուստի այն պետք է թողնվեր առանց քննության։ 7.3. Բողոք բերած անձինք փաստարկել են նաև, որ վերանայման գործիքակազմը Վերաքննիչ դատարանին հնարավորություն էր տալիս Առաջին ատյանի դատարանի որոշման կապակցությամբ լիարժեք և հիմնավոր հետևություններ անելու և նոր որոշում կայացնելու համար։ 7.4. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակները խնդրել են բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի մարտի 9-ի թիվ որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ գործով տուժողներ ճանաչել «Լայթէկո» և «Ֆենհալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին, տուժողների ներկայացուցիչներ՝ համապատասխանաբար Գ.Գասպարյանին և Ա.Գրիգորյանին, կամ բողոքը բավարարել և գործը վերադարձնել ստորադաս դատարան՝ նոր քննության։ Վճռաբեկ բողոքների պատասխանները.

8. Ամբաստանյալի պաշտպան Լ.Ասլանյանը ներկայացրած վճռաբեկ բողոքի պատասխանում նշել է, որ Առաջին ատյանի դատարանի՝ քրեադատավարական օրենքի էական խախտմամբ կայացված որոշումը ենթակա է վերաքննության կարգով բողոքարկման, հակառակ դեպքում, այդպիսի որոշման բողոքարկման հնարավորություն չընձեռնելու միջոցով ամբաստանյալի դատարանի մատչելիության իրավունքը սահմանափակելը խաթարում է այդ հիմնարար իրավունքի բուն էությունը։ Լ.Ասլանյանը նշել է նաև, որ իր կողմից պահպանվել է Վերաքննիչ դատարան բողոքարկման 10-օրյա ժամկետը։ Անդրադառնալով դիմողների և նրանց ներկայացուցիչ Գ.Ավետիսյանի՝ «Լայթէկո» և «Ֆենհալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին տուժող ճանաչելու պահանջին՝ պաշտպանը փաստարկել է, որ վերոնշյալ հարցի վերաբերյալ արդեն իսկ մեկ անգամ Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանը, մերժելով նշված ընկերություններին տուժող ճանաչելու միջնորդությունը, օրինական և պատճառաբանված որոշում է կայացրել։ Վերոշարադրյալի հիման վրա պաշտպան Լ.Ասլանյանը խնդրել է մերժել դիմողների և նրանց ներկայացուցիչ Գ.Ավետիսյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը։ 8.1. Դիմողների ներկայացուցիչ Գ.Ավետիսյանը ներկայացրած վճռաբեկ բողոքի պատասխանում նշել է, որ պաշտպան Լ.Ասլանյանն Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հունվարի 13-ի որոշման դեմ վերաքննության կարգով բողոք ներկայացնելու իրավունք ունեցող սուբյեկտ չէ, բացի այդ, վերջինս այն ներկայացրել է ժամկետանց։ Միևնույն ժամանակ նշել է, որ ամբաստանյալ Գ.Մուրադյանի պաշտպան Լ.Ասլանյանը նույն հիմքերով չի բողոքարկել Ս․Մինասյանին տուժողի ներկայացուցիչ ճանաչելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը, հետևաբար վճռաբեկության կարգով բողոքարկելու իրավունք չուներ։ Վերոշարադրյալի հիման վրա դիմողների ներկայացուցիչ Գ.Ավետիսյանը խնդրել է ամբաստանյալ Գ.Մուրադյանի պաշտպան Լ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը թողնել առանց քննության կամ մերժել այն վարույթ ընդունելը։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

9. Նախաքննության մարմնի կողմից Գրիշա Մուրադյանին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ․ «(…) [Ն]ա, 2002 թվականի նոյեմբերի 27-ից մինչև 2014 թվականի հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետի պաշտոնը, հանդիսանալով մշտական հիմունքներով տնօրինչական-կառավարչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությամբ և խմբային շահերից ելնելով` իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և չի կատարել ծառայողական պարտականությունները, որի հետևանքով «Էրստեդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս (…)»[2]։

10. Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հունվարի 13-ի արձանագրային որոշմամբ Գ.Ավետիսյանի միջնորդությունը բավարարվել է, և «Էրստեդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ս.Մինասյանը ճանաչվել է որպես տուժողի ներկայացուցիչ այն հիմնավորմամբ, որ կազմակերպության տնօրենի կողմից մեկ կամ մի քանի անգամ հարցաքննված լինելը չի կարող սահմանափակել վերջինիս իրավունքը՝ ներկայացնելու նշված ընկերության շահերը որպես տուժողի ներկայացուցիչ, և նման որոշում կայացնելը չի կարող սահմանափակել պաշտպանության կողմի որևէ իրավունք կամ շահ։ 10.1. Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հունվարի 13-ի արձանագրային որոշմամբ դիմողների ներկայացուցչի միջնորդությունը՝ «Ֆենհալ» և «Լայթէկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին տվյալ քրեական գործով տուժող ճանաչելու մասին մերժվել է՝ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի փաստական նկարագրի մեջ վերոնշյալ ընկերություններին վնաս պատճառելու վերաբերյալ ձևակերպում առկա չլինելու պատճառաբանությամբ[3]:

11. Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի մարտի 9-ի որոշման համաձայն՝ «(…) Սույն գործով Վերաքննիչ դատարանը նախ հարկ է համարում անդրադառնալ այն հարցին, թե տուժող ճանաչելու կամ տուժող ճանաչելը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա է, թե ոչ։ (…)

Վերոհիշյալ իրավական նորմերի, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշման լույսի ներքո անդրադառնալով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2022թ. հունվարի 13-ի արձանագրային որոշմանը, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այն ենթակա է վերաքննության կարգով բողոքարկման: (…)

Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող՝ Գրիշա Հայկազի Մուրադյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով թիվ ԵԴ/0346/01/20 քրեական գործով՝ «Էրստեդ» ՍՊ ընկերության տնօրեն Սահակ Մինասյանը, «ԼայթԷկո» ՍՊ ընկերության տնօրեն Գևորգ Գասպարյանը, «Ֆենհալ» ՍՊ ընկերության տնօրեն Արա Գրիգորյանը և նրանց ներկայացուցիչ Գագիկ Ավետիսյանը միջնորդություն են ներկայացրել՝ «Էրստեդ» ՍՊ ընկերությանը, «ԼայթԷկո» ՍՊ ընկերությանը և «Ֆենհալ» ՍՊ ընկերությանը տուժողներ և քաղաքացիական հայցվորներ ճանաչելու, Սահակ Մինասյանին «Էրստեդ» ՍՊ ընկերության ներկայացուցիչ ճանաչելու, Գևորգ Գասպարյանին «ԼայթԷկո» ՍՊ ընկերության ներկայացուցիչ ճանաչելու, իսկ Արա Գրիգորյանին «Ֆենհալ» ՍՊ ընկերության ներկայացուցիչ ճանաչելու մասին: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2022թ. հունվարի 13-ի դատական նիստում՝ արձանագրային որոշմամբ՝ Սահակ Մինասյանը ներգրավվել է որպես տուժող «Էրստեդ» ՍՊ ընկերության ներկայացուցիչ: Իսկ միջնորդությունը՝ «ԼայթԷկո» ՍՊ ընկերությանը և «Ֆենհալ» ՍՊ ընկերությանը տուժողներ և քաղաքացիական հայցվորներ ճանաչելու, Գևորգ Գասպարյանին «ԼայթԷկո» ՍՊ ընկերության ներկայացուցիչ ճանաչելու, և Արա Գրիգորյանին «Ֆենհալ» ՍՊ ընկերության ներկայացուցիչ ճանաչելու մասով, մերժվել է: Վերաքննիչ դատարանում դատական վերանայման առարկան սահմանափակվում է միայն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի օրինականության և հիմնավորվածության ստուգմամբ: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն դեպքում առաջին ատյանի դատարանի կողմից վերոհիշյալ միջնորդության վերաբերյալ արձանագրային որոշում կայացնելու հանգամանքն օբյեկտիվորեն սահմանափակում է Վերաքննիչ դատարանի հնարավորությունը՝ լիարժեք դատական ստուգման ենթարկելու բողոքարկվող դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը: Հիմք ընդունելով վերոգրյալը` Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ չի համարում քննության առնել բողոքաբերների ներկայացված, վերաքննիչ բողոքներում շարադրված՝ իրավունքի նորմերի ենթադրյալ խախտումների վերաբերյալ փաստարկները: Դրանց հնարավոր կլինի անդրադառնալ միայն սույն որոշման մեջ արձանագրված դատավարական իրավունքի խախտումը վերացնելուց հետո: Այսպիսով, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ առաջին ատյանի դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջների խախտում, ինչն իր բնույթով էական է և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է դատական ակտը բեկանելու համար։ (…)»[4]: Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը․

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Առաջին ատյանի դատարանի՝ դատաքննության փուլում տուժողի ներկայացուցիչ ճանաչելու մասին որոշումը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա լինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը։

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3761 հոդվածի համաձայն՝ «Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են՝

1) առաջին ատյանի դատարանների՝ գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերը.

2) առաջին ատյանի դատարանների՝ գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերն այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը. 2.1) առաջին ատյանի դատարանների` գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով.

3) առաջին ատյանի դատարանների՝ գործով վարույթը կասեցնելու որոշումները.

4) առաջին ատյանի դատարանների՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` խուզարկության, առգրավման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման, ինչպես նաև նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման, կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունների կասեցման վերաբերյալ որոշման իրավաչափությունը հաստատելու մասին որոշումները. 4.1) առաջին ատյանի դատարանի՝ համագործակցության վարույթով դատաքննությունը հատուկ կարգով անցկացնելը մերժելու և գործի քննությունն ընդհանուր կարգով շարունակելու մասին որոշումը. 4.2) առաջին ատյանի դատարանի՝ հեռակա կարգով դատական քննություն իրականացնելը մերժելու մասին որոշումը.

5) առաջին ատյանի դատարանի՝ հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների (անգործության) դեմ բողոքների կապակցությամբ կայացված որոշումները.

6) հանձնման մասին դատարանի որոշումները.

7) սույն օրենսգրքի 49 գլխով նախատեսված հարցերի կապակցությամբ դատարանի կայացրած որոշումները.

8) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ այլ դատական ակտեր»:

14. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ինչպես մեջբերված, այնպես էլ որևէ այլ հոդվածով դատական քննության փուլում կայացված՝ տուժողի ներկայացուցիչ ճանաչելու միջնորդությունը բավարարելու մասին որոշումների վերաքննության կարգով բողոքարկման հնարավորություն նախատեսված չէ։ Կիրառելով մեկնաբանման expression unius կանոնը, որի համաձայն՝ սպառիչ ցանկում որևէ տարր չներառելը պետք է մեկնաբանել դրա բացառման իմաստով, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դատական քննության ընթացքում տուժողի ներկայացուցիչ ճանաչելու միջնորդությունը բավարարելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումն ինքնին վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորություն ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում, այսինքն` այդ որոշումը վերաքննիչ բողոքարկման ենթակա չէ։ 14.1. Ընդ որում, հարկ է նկատել, որ վերոնշյալ դիրքորոշումը բխում է նաև 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումներից։ Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի 352-րդ հոդվածը, սահմանելով դատական վերանայման կառուցակարգերը և դրանցում ընդգրկված բողոքարկման ենթակա դատական ակտերի շրջանակը, դատական քննության փուլում տուժողի ներկայացուցիչ ճանաչելու վերաբերյալ կայացված որոշման բողոքարկման հնարավորություն չի նախատեսում` այդպիսով պահպանելով վերոնշյալ որոշումների վերաքննիչ բողոքարկման առարկա չհանդիսանալու մոտեցումը։ 14.2. Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Վճռաբեկ դատարանի՝ Մարետա Անտոնյանի գործով[5] արտահայտված իրավական դիրքորոշումները սույն դեպքում կիրառելի չեն, քանի որ դրանք վերաբերում են տուժող (տուժողի իրավահաջորդ) ճանաչելը մերժելու մասին որոշման բողոքարկման հնարավորությանը։

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ՝

- Առաջին ատյանի դատարանը դատական քննության ընթացքում 2022 թվականի հունվարի 13-ի արձանագրային որոշմամբ դիմողների ներկայացուցիչ Գ.Ավետիսյանի միջնորդությունը բավարարել է և «Էրստեդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Սահակ Մինասյանին ճանաչել է տուժողի ներկայացուցիչ[6],

- Վերաքննիչ դատարանը, 2022 թվականի մարտի 9-ին քննության առնելով նաև վերը նշված որոշման դեմ ամբաստանյալ Գ.Մուրադյանի պաշտպան Լ.Ասլանյանի վերաքննիչ բողոքը, բեկանել է ստորադաս դատարանի որոշումը և գործն ուղարկել նոր քննության[7]։

16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-14.2-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, անտեսելով, որ տուժողի ներկայացուցիչ ճանաչելու միջնորդությունը բավարարելու մասին դատական քննության փուլում կայացված՝ Առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորություն ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում, ամբաստանյալ Գ.Մուրադյանի պաշտպանի վերաքննիչ բողոքի հիման վրա դատական ստուգման է ենթարկել Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հունվարի 13-ի արձանագրային որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը։

17. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից «Էրստեդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ս.Մինասյանին տուժողի ներկայացուցիչ ճանաչելու միջնորդությունը դատական քննության փուլում բավարարելու մասին Առաջին ատյանի դատարանի արձանագրային որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը վերաքննության կարգով քննության առնելն իրավաչափ չէ։

18. Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը բողոքաբեր Լ.Ասլանյանի՝ սույն որոշման 6.1-րդ կետում նշված փաստարկներին անդրադառնալն առարկայազուրկ է համարում։ 18.1. Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքն օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացված լինելու վերաբերյալ դիմողների և նրանց ներկայացուցիչ Գ.Ավետիսյանի՝ սույն որոշման 7.2-րդ կետում նշված փաստարկին, ապա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այն անհիմն է։ Մասնավորապես, սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հունվարի 13-ի արձանագրային որոշման դեմ վերաքննիչ բողոքը պաշտպան Լ.Ասլանյանը ներկայացրել է 2022 թվականի հունվարի 24-ին[8] (հունվարի 23-ը եղել է ոչ աշխատանքային օր)՝ բողոքարկման տասնօրյա ժամկետի պահպանմամբ:

19. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյոք Առաջին ատյանի դատարանի արձանագրային որոշումները բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը:

20. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Գործի քննությունը դատարանում կատարվում է միայն ամբաստանյալի նկատմամբ և միայն այն մեղադրանքի սահմաններում, որով նրան մեղադրանք է առաջադրվել»: Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում մշտապես ընդգծել է, որ. «(…) [Ը]նդհանուր կանոնի համաձայն` գործի դատական քննությունը սահմանափակված է մեղադրանքի այն ծավալով, որն առաջադրվել է ամբաստանյալին (…)։ Հիշյալ կանոնից բացառություն են մեղադրողի կողմից մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու դեպքերը, որոնց կառուցակարգը նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածով։ Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ բացակայում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածով նախատեսված բացառության կանոնը, պետք է գործի ընդհանուր կանոնը, որից ցանկացած շեղում կհանգեցնի ամբաստանյալի արդար դատաքննության իրավունքի, հետևաբար` օրինականության սկզբունքի խախտման (…)»[9]։ 20.1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 313-րդ հոդվածի համաձայն՝ «1. Այն բոլոր հարցերի առթիվ, որոնք լուծվում են դատարանի կողմից դատական քննության ժամանակ, դատարանը որոշումներ է կայացնում:

2. Գործը լրացուցիչ քննության ուղարկելու, կարճելու կամ կասեցնելու, խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու, բացարկների, փորձաքննություն նշանակելու մասին որոշումները դատարանը կայացնում է խորհրդակցական սենյակում և դրանք պետք է շարադրված լինեն առանձին փաստաթղթերի ձևով` ստորագրված դատարանի ամբողջ կազմի կողմից:

3. Մյուս բոլոր որոշումները դատարանի հայեցողությամբ կարող են կայացվել կամ վերոհիշյալ կարգով, կամ տեղում դատավորների խորհրդակցելուց հետո` որոշումը մտցնելով դատական նիստի արձանագրության մեջ:

4. Դատական քննության ժամանակ դատարանի կայացրած որոշումները հրապարակվում են»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 2. Դատարանի դատավճիռն օրինական է, եթե այն կայացվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, սույն օրենսգրքի և այն օրենքների պահանջների պահպանմամբ, որոնց նորմերը կիրառվում են տվյալ քրեական գործը լուծելիս: (...)

4. Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները»: Նույն օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Վերաքննիչ դատարանը դատական ակտը կայացնում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կանոններով (…)»։

21. Դատական ակտի պատճառաբանվածության չափանիշի առնչությամբ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում մշտապես ընդգծել է, որ դատական ակտերի պատճառաբանման պահանջը ոչ միայն արդարացիության կարևոր բաղադրատարր է, այլև անձի արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացման կարևոր երաշխիք, ինչը դատավարության մասնակիցներին պաշտպանում է կամայականություններից: Դատական ակտի պատճառաբանվածությունը կոչված է պարզաբանելու, թե ինչու է դատարանը եկել այս կամ այն հետևության, որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս, և միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծում վերադաս դատարանի կողմից դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման համար: Քրեական դատավարության ցանկացած փուլում դատարանի կողմից չհիմնավորված, չպատճառաբանված (կամ ոչ պատշաճ պատճառաբանված) որոշումների կայացումն անընդունելի է[10]: 21.1. Վճռաբեկ դատարանը Էրիկ Մարգարյանի գործով արձանագրել է, որ դատական ակտի պատճառաբանվածության չափանիշը վերաբերելի է նաև վերաքննիչ դատարանի կողմից կայացվող դատական ակտերին։ Հետևաբար, յուրաքանչյուր դեպքում դատական ակտ կայացնելիս վերաքննիչ դատարանը պարտավոր է պատճառաբանել, թե ինչու է եկել այս կամ այն հետևության, և որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս[11]։ Դատական ակտին ներկայացվող պահանջների առնչությամբ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում մշտապես ընդգծել է, որ դատարանի պատճառաբանությունները ոչ միայն պետք է կառուցվեն տրամաբանորեն կապված և գործի փաստական հանգամանքներից բխող հստակ, որոշակի և համոզիչ հետևությունների վրա, այլև դատական ակտի կառուցվածքային տարբեր մասերում արված դատողությունները պետք է համապատասխանեն միմյանց, ունենան ներքին միասնություն և տրամաբանական կապ: Դատական ակտում պետք է բացառվեն ներքին հակասությունները, իրարամերժ դատողությունները, քանի որ հակառակ դեպքում այդպիսի դատական ակտի տրամաբանությունը կխարխլվի, իսկ քրեական դատավարության խնդիրները չեն իրագործվի[12]:

22. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Գ.Մուրադյանին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ նա, 2002 թվականի նոյեմբերի 27-ից մինչև 2014 թվականի հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետի պաշտոնը, հանդիսանալով մշտական հիմունքներով տնօրինչական-կառավարչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությամբ և խմբային շահերից ելնելով` իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և չի կատարել ծառայողական պարտականությունները, որի հետևանքով «Էրստեդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս[13]։ Քրեական գործի դատական քննության ընթացքում դիմողների ներկայացուցիչ Գ.Ավետիսյանը միջնորդություն է ներկայացրել «Ֆենհալ» և «ԼայթԷկո» ՍՊ ընկերություններին գործով տուժող ճանաչելու վերաբերյալ, որն Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հունվարի 13-ի արձանագրային որոշմամբ մերժվել է այն պատճառաբանությամբ, որ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի փաստական նկարագրի մեջ ենթադրյալ հանցանքի կատարմամբ նշված կազմակերպություններին վնաս պատճառելու մասին ձևակերպում առկա չէ[14]։ Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը և գործն ուղարկելով նույն դատարան նոր քննության, արձանագրել է, որ սույն դեպքում Առաջին ատյանի դատարանի կողմից վերոհիշյալ միջնորդության վերաբերյալ արձանագրային որոշում կայացնելու հանգամանքն օբյեկտիվորեն սահմանափակում է Վերաքննիչ դատարանի հնարավորությունը՝ լիարժեք դատական ստուգման ենթարկելու բողոքարկվող դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը[15]։

23. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով 20-21.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը նախևառաջ փաստում է, որ Գ.Մուրադյանին առաջադրված մեղադրանքի փաստական նկարագրի[16] պայմաններում հիմնավոր է Առաջին ատյանի դատարանի այն հետևությունը, որ Գ.Մուրադյանի մեղադրանքի փաստական նկարագրի մեջ «Ֆենհալ» և «Լայթէկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին վնաս պատճառելու դրվագների վերաբերյալ ձևակերպում առկա չէ, հետևաբար նշված ընկերությունները գործի դատական քննության փուլում չէին կարող քրեական գործով տուժողներ ճանաչվել, քանի դեռ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածով նախատեսված կարգով չէր փոփոխվել և չէր լրացվել[17]: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 313-րդ հոդվածի վերլուծության հիման վրա փաստում է, որ քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված է դատական քննության ժամանակ լուծվող հարցերի կապակցությամբ դատարանի կողմից որոշումների կայացման երկու կարգ. կամ դատարանը որոշում է կայացնում առանձին փաստաթղթի ձևով՝ խորհրդակցական սենյակում, կամ որոշումը կայացնում է դատական նիստի ընթացքում՝ այն ներառելով դատական նիստի արձանագրության մեջ: Ընդ որում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ մասում օրենսդիրը սպառիչ ամրագրել է այն որոշումների ցանկը, որոնք կարող են կայացվել միայն խորհրդակցական սենյակում՝ շարադրված առանձին փաստաթղթի ձևով՝ մյուս բոլոր որոշումները խորհրդակցական սենյակում կամ տեղում՝ դատական նիստի ընթացքում կայացնելու կարգի ընտրությունը թողնելով դատարանի հայեցողությանը: Սույն գործի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը կայացրել է տուժող ճանաչելու միջնորդությունը մերժելու մասին որոշում, որը ներառված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ մասում: Այսինքն՝ նշված միջնորդության վերաբերյալ արձանագրային որոշում կայացնելով և այն դատական նիստի ընթացքում պատճառաբանելով՝ Առաջին ատյանի դատարանն օգտվել է օրենսդրորեն իրեն վերապահված հայեցողությունից և որևէ խախտում թույլ չի տվել: Հետևաբար, նման պայմաններում սահմանափակված չի եղել Վերաքննիչ դատարանի հնարավորությունը՝ լիարժեք դատական ստուգման ենթարկելու բողոքարկվող դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը՝ անկախ Առաջին ատյանի դատարանի կողմից որոշումն առանձին փաստաթղթի ձևով կայացված չլինելու հանգամանքից։

24. Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանի արձանագրային որոշումը բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավոր չէ:

25. Ամփոփելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի պահանջների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, և, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, հիմք են ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու համար: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Էրստեդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ս.Մինասյանին տուժողի ներկայացուցիչ ճանաչելու միջնորդությունը բավարարելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումն այնքանով, որքանով վերաքննիչ բողոքարկման ենթակա չէր, իսկ «Ֆենհալ» և «Լայթէկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների ներկայացուցչի միջնորդությունը մերժելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ նշված ընկերություններին որպես տուժող չճանաչելու մասին, օրինական է, հիմնավորված և պատճառաբանված, Առաջին ատյանի դատարանը թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հունվարի 13-ի արձանագրային որոշումներին` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

26. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361․1, 403-406-րդ, 415.1, 418.1, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքները բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Գրիշա Հայկազի Մուրադյանի գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2022 թվականի մարտի 9-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` «Էրստեդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Սահակ Մինասյանին տուժողի ներկայացուցիչ ճանաչելու մասին միջնորդությունը բավարարելու և «Ֆենհալ» և «Լայթէկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին տուժող ճանաչելու միջնորդությունը մերժելու մասին 2022 թվականի հունվարի 13-ի արձանագրային որոշումներին` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ Դատավորներ` Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ

Դ.ՎԵՔԻԼՅԱՆ

Ծանոթագրություններ

[1] Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքները քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով։ [2] Տե՛ս քրեական գործի հավելված, հատոր 2-րդ, թերթեր 43-46:

[3] Տե՛ս քրեական գործի հավելված, հատոր 2-րդ, 2022 թվականի հունվարի 13-ի դատական նիստի արձանագրությունը, թերթեր 55-59։ [4] Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 143-158։

[5] Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Մարետա Անտոնյանի գործով 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ԵՇԴ/0010/01/17 որոշումը։ [6] Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։

[7] Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը։

[8] Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 124։

[9] Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Էդուարդ Նագդալյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0108/01/14 որոշման 19-րդ կետը: [10] Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Ֆրունզիկ Գալստյանի գործով 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09, Գևորգ Խնուսյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0030/01/12, Արսեն Մակարյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0016/11/15, Արամայիս Հակոբյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0224/01/14, Մարտուն Հակոբյանի գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԱՐԴ1/0005/11/16, Արարատ Սարգսյանի գործով 2019 թվականի հունիսի 12-ի թիվ ԵԱԴԴ/0005/01/17 որոշումները: [11] Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Էրիկ Մարգարյանի գործով 2014 թվականի մարտի 28-ի թիվ ՍԴ3/0045/01/13 որոշման 13-րդ կետը: [12] Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Գեղամ Ղազարյանի գործով 2012 թվականի մարտի 30-ի թիվ ԱՐԴ/0121/01/11, Աննա Հարությունյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵՇԴ/0110/01/11, Արթուր Մադոյանի գործով 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԿԴ/0303/01/15 որոշումները: [13] Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։

[14] Տե՛ս սույն որոշման 10.1-րդ կետը։

[15] Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը։

[16] Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։

[17] Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գրիշա Մուրադյանի գործով 2022 թվականի ապրիլի 4-ի թիվ ԵԴ/0346/01/20 որոշումը։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 հոկտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ԵԴ/0346/01/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել