Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/Գևորգյան — ԿԴ3/0032/01/19
ՎճռաբեկԿոռուպցիոն քրեականAI Ինդեքսավորված

Գևորգյան — ԿԴ3/0032/01/19

Վճռաբեկ դատարանԿԴ3/0032/01/1929 մարտի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 35. Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները
PDF

Ամփոփում

Պ Ա Ր Զ Ե Ց Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2019 թվականի ապրիլի 26-ին ՀՀ ազգային անվտանգության քննչական դեպարտամենտում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի և ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 58209819 քրեական գործը: Նախաքննության մարմնի 2019 թվականի ապրիլի 29-ի որոշմամբ Գեղամ Վաչագանի Գևորգյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդված 4-րդ մասի 2-րդ կետով: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրա

Ամբողջ Տեքստ

ԿԴ3/0032/01/19

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Կոտայքի մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր՝ Գ․Մարգարյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Նախագահող դատավոր` Կ.Ամիրյան

Դատավորներ` Ա․Հովհաննիսյան

Ս.Մարաբյան

2024 թվականի մարտի 29-ին քաղաք Երևանում

ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ե․ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ս․ՉԻՉՈՅԱՆԻ

Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով թիվ ԿԴ3/0032/01/19 քրեական գործով

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2023 թվականի մարտի 7-ի որոշման դեմ ամբաստանյալ Գեղամ Վաչագանի Գևորգյանի վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2019 թվականի ապրիլի 26-ին ՀՀ ազգային անվտանգության քննչական դեպարտամենտում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի և ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 58209819 քրեական գործը: Նախաքննության մարմնի 2019 թվականի ապրիլի 29-ի որոշմամբ Գեղամ Վաչագանի Գևորգյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդված 4-րդ մասի 2-րդ կետով: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թվականի ապրիլի 29-ի որոշմամբ Գ.Գևորգյանի նկատմամբ որպես փախանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննության մարմնի 2019 թվականի օգոստոսի 5-ին որոշմամբ Գ․Գևորգյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդված 4-րդ մասի 2-րդ կետով։ 2019 թվականի օգոստոսի 21-ին թիվ 58209819 քրեական գործն՝ ըստ մեղադրանքի Գ․Գևորգյանի մեղադրական եզրակացությամբ մուտքագրվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)։ 2020 թվականի ապրիլի 21-ին Առաջին ատյանի դատարանի որոշմամբ Գ․Գևորգյանի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչվել է թույլատրելի։

2. Առաջին ատյանի դատարանի 2021 թվականի նոյեմբերի 29-ի դատավճռով Գ․Գևորգյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում հինգ տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի համաձայն` նշանակված պատժին հաշվակցվել է 2019 թվականի ապրիլի 26-ից մինչև 2020 թվականի ապրիլի 22-ն Գ․Գևորգյանի կալանքի տակ գտնված ժամկետը և վերջնական պատիժ է թողնվել կրելու ազատազրկում չորս տարի չորս օր ժամկետով: Գ․Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը գրավը, թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելն, որից հետո գրավատու Գրիգոր Հրանտի Գևորգյանի կողմից մուծված 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ գրավի գումարը վճռվել է վերադարձնել վերջինիս: Տուժող Հ.Համբարձումյանի և վերջինիս ներկայացուցիչների կողմից ներկայացրած քաղաքացիական հայցը բավարարվել է մասնակի և ամբաստանյալ Գեղամ Վաչագանի Գևորգյանից հօգուտ տուժող Համբարձում Հովհաննիսյանի վճռվել է բռնագանձել 2.000.000 երկու միլիոն) ՀՀ դրամ գումար, որպես հանցագործությամբ պատճառված վնասի փոխհատուցում: Քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված լազերային սկավառակները, գրավատնից ստացված տեղեկանքը, Գ.Գևորգյանի վերաբերյալ ՀՀ ոստիկանության պետի հրամանի պատճենը, ՕՀՄ արդյունքները պարունակող լազերային սկավառակները, վճռվել է պահել քրեական գործում, իսկ Գ. Գևորգյանի հագուստները վերադարձնել վերջինիս: Գ․Գևորգյանի անվամբ սեփականության իրավունքով գրանցված անշարժ և շարժական գույքի վրա դրված արգելանքները դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո վճռվել է վերացնել: Դատական ծախսերի հարցը համարվել է լուծված։

3. Ամբաստանյալ Գ․Գևորգյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2023 թվականի մարտի 7-ի որոշմամբ բողոքը մասնակիորեն բավարարել է` ամբաստանյալ Գ․Գևորգյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ չորս տարի ժամկետով։ Նշանակված պատժին հաշվակցվել է 2019 թվականի ապրիլի 26-ից մինչև 2020 թվականի ապրիլի 22-ը Գ․Գևորգյանի անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ երեք տարի չորս օր ժամկետով։ Գ․Գևորգյանի նկատմամբ կիրառվել է 2018 թվականի նոյեմբերի 1-ին ընդունված՝ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի այսուհետ նաև՝ Համաներման մասին օրենք 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և ամբաստանյալ Գ․Գևորգյանը ազատվել է նշանակված պատժի կրումից։ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:

4․ Վերաքննիչ դատարանի 2023 թվականի մարտի 7-ի որոշման դեմ ամբաստանյալ Գ․Գևորգյանը վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի 2023 թվականի հուլիսի 24-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը բերվել է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոքաբերը գտել է, որ «Արտաքին դիտում», «Ներքին դիտում» և «Կաշառք տալու կամ ստանալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման արդյունքում ձեռք բերված ապացույցներն անթույլատրելի են, քանի որ դրանք իրականացվել են այն պայմաններում, երբ այլ եղանակներով ևս հնարավոր էր ստանալ ապացույցների նույնական զանգված, ուստի բացակայել է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքը: Բողոքաբերը փաստարկել է նաև, որ «Արտաքին դիտում», «Ներքին դիտում» և «Կաշառք տալու կամ ստանալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման արդյունքում ձեռք են բերվել տվյալներ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով նախատեսված հանցագործության բացահայտման նպատակով, իսկ նշված հանցագործությունը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, սակայն ստացված փաստական տվյալները ըստ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի կարող էին օգտագործվել միայն ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման նպատակով։ Բողոք բերած անձը գտել է, որ Գ․Գևորգյանի հանցավոր գործողությունների վերաբերյալ, թե Առաջին ատյանի դատարանի, թե Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնված չեն պատշաճ ընթացակարգի արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա։ 6․ Միևնույն ժամանակ բողոքաբերը նշել է, որ իրեն մեղսագրվող միջին ծանրության ենթադրյալ հանցանքը կատարելու օրվանից անցել է հինգ տարի, այսինքն լրացել են վաղեմության ժամկետները, թեև չի ընդունում, որ կատարել է հանցագործություն, սակայն չի առարկում, որպեսզի իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։ 7․ Վերոգրյալից ելնելով բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2023 թվականի մարտի 7-ի որոշումը՝ կայացնելով արդարացման դատավճիռ կամ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով դադարեցնել իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

8. Գ․Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդված 4-րդ մասի 2-րդ կետով այն բանի համար, որ «նա հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձ, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության ԿՄ վարչության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի պաշտոնը, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորություններ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի դրույթների համաձայն ունենալով հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման պարտականություններ և տեղեկացված լինելով, որ իր սպասարկման տարածքի վարչական սահմաններում գտնվող ՀՀ Կոտայքի մարզի Արամուս գյուղի բնակիչ Համբարձում Ալբերտի Հովհաննիսյանն օգտագործում է թմրանյութեր, իր պաշտոնեական լիազորությունների շրջանակներում թմրանյութի ապօրինի ձեռք բերման և պահման փաստին պաշտոնեական ընթացք տալուն ուղղված գործողություններ չկատարելու ակնհայտ ապօրինի անգործության համար, ինչպես նաև շրջապատում նրա պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող, արատավորող, այն է իրավապահ մարմինների հետ համագործակցության վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածելու սպառնալիքով, շորթմամբ 2018 թվականի հունիս ամսին Համբարձում Հովհաննիսյանից պահանջել և ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի վարչական շենքի հարակից տարածքում անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով 2.000.000 ՀՀ դրամ կաշառք:»[1]։

9. Առաջին ատյանի դատարանի 2021 թվականի նոյեմբերի 29-ի դատավճռի համաձայն՝ «(…) Անդրադառնալով սույն գործին և ստուգելով ամբաստանյալ Գեղամ Գևորգյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքի հիմնավորվածության հարցը՝ դատարանը գտնում է, որ առկա է անհամապատասխանություն նրան առաջադրված մեղադրանքում նկարագրված փաստերի և գործում առկա ապացույցներով հաստատված հանգամանքների գնահատման և որակման մասով: (…) Մինչդեռ, դատական քննության ժամանակ պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտված ապացույցների, այդ թվում՝ ամբաստանյալի և տուժողի ցուցմունքների վերլուծությունից հետևում է, որ, երբ տուժողը գտնվել է ՌԴ-ում, իրեն է զանգահարել զոքանչը և հայտնել, որ իրենց տուն Հրազդանի բաժնից ոստիկաններ են գնացել և իրեն են հարցրել: Ինքը զանգահարել է ոստիկանների կողմից թողած համարով, իրեն ասել են, որ Հրազդանի բաժնի ոստիկաններն են, երբ հետ վերադառնա Հայաստան իրենց հետ կապ հաստատի: Որից հետո ինքը զանգահարել է ամբաստանյալ Գեղամ Գևորգյանին, հայտնել է իրենց տուն այցելած ոստիկանների մասին, խնդրել է, որ նա հետաքրքրվի, պարզի, թե ինչի համար են իրեն հարցրել: Գեղամ Գևորգյանը քիչ անց զանգել է իրեն և հայտնել է, որ հեռախոսով չի կարող ասել երբ վերադառնա Հայաստան կհանդիպեն կխոսեն: Այդ զանգից մոտ 3 օր անց ինքը վերադարձել է Հայաստան, զանգել Գեղամ Գևորգյանին, նա ցերեկային ժամի այցելել է իրենց տուն և հայտնել է, որ իրեն հարցնում են կրկին թմրամիջոցների հետ առնչություն ունենալու համար և ասել է, որ այդ հարցը կարգավորելու համար նրանք պահանջում են 2.000.000 ՀՀ դրամ գումար, ինքը Գեղամին ասել է, որ մի բան անի պրծնեն, սակայն նշել է, որ ներկա պահին այդքան գումար չունի, առաջարկել է սպասել մինչև իր անձնական «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան գրավադնի, գումար վերցնի և դրանով լուծի այդ խնդիրը և Գեղամ Գևորգյանը չի առարկել: Նախաքննության և դատաքննության ընթացքում հերքվել է ոստիկանության Հրազդանի բաժնի որևէ աշխատակցի կամ առհասարակ ոստիկանության որևէ աշխատակցի կողմից տուժողի տուն այցելելու կամ տուժողին, ինչ-որ հարցով ոստիկանություն հրավիրելու վերաբերյալ: Այսինքն, դատարանը փաստում է, որ տուժող Հովհաննիսյանն, որևէ առնչություն չի ունեցել ոստիկանության հետ, հետևաբար վերոգրյալից պարզ է դառնում, որ ամբաստանյալ Գեղամ Գևորգյանը իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար հիմքեր չի ունեցել, որպիսի հանգամանքին դատարանը կանդրադառնա ստորև: (…)

Գործով ձեռք բերված ապացույցների, ամբաստանյալի, տուժողի և վկաների ցուցմունքների վերլուծությունից հետևում է, որ ամբաստանյալ Գեղամ Գևորգյանը ի սկզբանե ուղղակի դիտավորություն է ունեցել տուժողից խաբեությամբ, կաշառք ստանալու պատրվակով գումարներ հափշտակելու: (…) Մասնավորապես դատարանն այլ ապացույցների համակցությամբ «ավտո կրեդիտ» ՍՊԸ տեղեկանքի, տուժողի կողմից ներկայացված իր և ամբաստանյալի խեռախոսային խոսակցությունների ձայնագրությունների, հեռախոսահամարների վերծանումների, «ներքին դիտում», «արտաքին դիտում», «կաշառք տալու նմանակում» ՕՀ միջոցառումների արդյունքերի, արժանահավատ է համարում տուժողի ցուցմունքերն, այն մասին, որ բազմաթիվ անգամներ ամբաստանյալին տվել է գումարներ, տարբեր խնդիրների լուծման համար, ինչպես նաև, մինչև իր կողմից ՌԴ մեկնելն ամբաստանյալի կողմից 2.000.000 ՀՀ դրամ գումար պահանջելու հանգամանքը: (…)

Բացի այդ, տուժողի կողմից ամբաստանյալին փոխանցված, իբր թե 2.000.000 մլն դրամ գումարը ոստիկաններին փոխանցելու համգամանքները հաստատվել են գործով ձեռք բերված և վերը թվարկված նախաքննության կողմից իրականացված օպերատիվ հետախուզական գործողություններով և տուժողի կողմից ներկայացված հեռախոսային ձայնագրություններով, ինչպես նաև, ամբաստանյալի ցուցմունքով իրեն 2.000.000 մլն դրամ տուժողի կողմից փոխանցելու հանգամքնով: Նշված ապացույցներով էլ հիմնավորվում է տուժողի ցուցմունքներն այն մասին, որ ՌԴ-ից վերադառնալուց հետո, մեքենան գրավադրել է և 2.000.000 դրամ գումարը տվել է ամբաստանյալին: Ինքը Գեղամից հարցրել է, թե այդ երկու միլիոն գումարը տվել է Հրազդանի ոստիկաններին, Գեղամը իրեն պատասխանել է, որ տվել է: Ինքը դա տեսաձայնագրել է, որպեսզի հետո ապացուցեր, որ ինքը Գեղամին գումար է տվել: Ինքը չգիտի այդ գումարը պետք է Գեղամը ամբողջությամբ տար ոստիկաններին, թե ոչ: Գեղամը իրեն ասել է, որ պետք է ամբողջությամբ տա ոստիկաններին: Ինքը իրավապահ մարմիններին արդեն տեղեկացրել էր, ԱԱԾ-ն է տեղադրել այդ սարքը և ձայնագրությունը գնացել է: Տեսագրության մեջ, որ երևում է Գեղամը չուզենալով է իրենից գումարը վերցնում, դա նրա համար, որ դրա առաջին օրը Գեղամը իրենից գումար է ուզել, ինքը Գեղամին ասել է, որ գումարը կտանի կտա, սակայն Գեղամը իրենից նեղացել է, Գեղամին ասել է, որ չնեղանա իրենից, գնում է այդ գումարը զոքանչից վերցնի և տանի տա, Գեղամը իրեն ասել է, որ պետք չի այդ գումարը «դու քո հարցերով, ես իմ հարցերով»: (…) Հետևաբար, դատարանը գալիս է այն եզրահանգման, որ հիմնավորված և պատճառաբանված չեն ամբաստանյալ Գեղամ Գևորգյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքը կատարելու վերաբերյալ մեղադրանքի կողմի հետևությունները և նրան մեղսագրված արարքը ենթակա է որակմանª ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով: (…)

Հաշվի առնելով ամբաստանյալ Գեղամ Գևորգյանի կողմից կատարած հանցագործության բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, դրա կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցագործությունը կատարելուց հետո նրա դրսևորած վարքագիծը, խախտված հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը, ամբաստանյալի կատարած արարքի սոցիալական հետևանքները, մասնավորապես որպես ոստիկան ծանոթանալով տուժողի և նրա ընտանիքի անդամների հետ ձեռք է բերել վստահություն, պատրաստակամություն է հայտնել տուժողի ընտանիքին օգնելու տուժողին զերծ պահելու խաղատներ այցելելուց, ունեցած պարտքերը մարելու, այդ ընթացքում պարբերաբար տարբեր առիթներով տուժողից գումարներ ստանալու, տուժողի մեքենան իր անվամբ ձևակերպելու և այն մինչև դատավճռի հրապարակման օրը չվերադարձնելու հանգամանքը, միևնույն ժամանակ, դրանք համադրելով ամբաստանյալի անձի հետ այն, որ վերջինս հանդիսացել է ՀՀ ոստիկանության աշխատակից, ունենալով պարտականություն հանցագործությունների կանխելու, նախականխելու և բացահայտելու, ՀՀ Ոստիկանության հեղինակությունը և դերը բարձր պահելու, գտնում է, որ Գեղամ Գևորգյանն իր կատարած` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով նախատեսված հանցագործության համար ենթակա է պատժի այդ հանցագործությունների համար նախատեսված պատիժներից` ազատազրկման, քանի որ նրա նկատմամբ պատժի օրենքով սահմանված նպատակներին հասնելու համար պետք է նշանակել հոդվածի սանկցիայով նախատեսված խիստ պատիժը, քանի որ ավելի մեղմ պատժի նշանակումը չի արդարացնի պատժի նշանակման նպատակները (...)։»[2]։ 10․ Վերաքննիչ դատարանի 2023 թվականի մարտի 7-ի որոշման համաձայն՝ «(...) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ գործով ձեռք բերված ապացույցների վերլուծությունից հետևում է, որ ամբաստանյալ Գեղամ Գևորգյանն ի սկզբանե ուղղակի դիտավորություն է ունեցել տուժողից խաբեությամբ, կաշառք ստանալու պատրվակով գումարներ հափշտակելու: Մասնավորապես՝ տուժողը հայտնել է, որ 2017 թվականից սկսած ամբաստանյալի հետ գտնվել են մտերիմ հարաբերությունների մեջ: Գործով հաստատվել է նաև այն փաստը, որ տուժողը տարբեր անձանց ունեցել է պարտքեր, որոնք մարվել են տուժողի մոր կողմից ուղարկված գումարներով՝ ամբաստանյալի օգնությամբ: Վերաքննիչ դատարանն արժանահավատ է համարում տուժողի ցուցմունքներն այն մասին, որ բազմաթիվ անգամներ ամբաստանյալին տվել է գումարներ տարբեր խնդիրների լուծման համար, ինչպես նաև, մինչև իր կողմից ՌԴ մեկնելն ամբաստանյալի կողմից 2.000.000 ՀՀ դրամ գումար պահանջելու հանգամանքը: Վերաքննիչ դատարանն իրական է համարում տուժողի կողմից ներկայացված այն վարկածը, որ իր տուն այցելած և իբր Հրազդանի ոստիկանության աշխատակիցներ ներկայացած անձանց դեպքը կազմակերպել է ամբաստանյալ Գևորգյանը, քանի որ մինչ ՌԴ մեկնելը Գևորգյանը իրենից պահանջել է նույն չափ գումար, ինչը պահանջել էին այդ անձինք: Ամբաստանյալի և տուժողի հեռախոսահամարների վերծանումների զննությամբ հերքվել է Հրազդանի բաժնի որևէ աշխատակցի կապը վերջիններիս հետ, ինչպես նաև, տվյալ ժամանակահատվածում Արամուս գյուղի տարածքում սպասարկված լինելու փաստը: Բացի այդ, վկա Արամ Առաքելյանի ցուցմունքով, ով հանդիսացել է Ոստիկանության Հրազդանի բաժնի ՔՀԲ պետի պաշտոնը՝ հերքվել է բաժնի որևէ աշխատակցի կողմից Արամուս գյուղ այցելելու, տուժողի վերաբերյալ նյութեր նախապատրաստելու հանգամանքը: (...) Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալը, օգտվելով տուժողի հետ ունեցած որոշակի մտերիմ հարաբերություններից, չարաշահել է այդ վստահությունը և օգտագործել է նաև այն հանգամանքը, որ ինքը հանդիսանում է ՀՀ ոստիկանության աշխատակից և իբրև կարող է կատարել կաշառքի միջնորդի դեր, այն է՝ տուժողից գումարը վերցնել և փոխանցել ոստիկաններին՝ վերջիններիս կողմից անգործություն դրսևորելու համար, ինչի արդյունքում հափշտակել է տուժողին պատկանող գույքը՝ երկու միլիոն ՀՀ դրամ գումարը։ Քննության առարկա դեպքում կաշառք ստանալու հանցակազմի մասին հնարավոր կլիներ դատողություններ կատարել այն դեպքում, երբ ամբաստանյալը տուժողից գումար ստանար, պահանջեր և այլն՝ տուժողի օգտին իր՝ որպես ՀՀ ոստիկանության աշխատակցի լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ իր պաշտոնեական դիրքը ՀՀ ոստիկանության այլ աշխատակիցների մոտ օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու համար, սակայն գործով ձեռք չի բերվել վերաբերելի և թույլատրելի ապացույցների այնպիսի համակցություն, որը թույլ կտար հիմնավոր կասկածից վեր ապացուցողական շեմով հաղթահարել անմեղության կանխավարկածը և անձին մեղավոր ճանաչել կաշառք ստանալու համար։ Մասնավորապես, գործում առկա չէ որևէ ապացույց, որը կվկայեր այն մասին, որ ամբաստանյալը երկու միլիոն դրամ գումարը վերցրել է իր՝ որպես ՀՀ ոստիկանության աշխատակցի լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու համար։ Ամբաստանյալն այդ գումարը վերցրել է ոչ թե իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու համար, այլ իբրև իր գործընկեր այլ ոստիկաններին փոխանցելու նպատակով։ Այլ կերպ ասած, քննության առարկա դեպքում առավելագույնը խոսք կարող էր գնալ կաշառք ստանալու դրսևորումներից ոչ թե պաշտոնատար անձի լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու, այլ ամբաստանյալի կողմից իր պաշտոնեական դիրքը ՀՀ ոստիկանության այլ աշխատակիցների մոտ օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու հնարավոր դեպքի մասին, մինչդեռ այդ հանգամանքը նույնպես ոչ միայն չի հաստատվել, այլև հերքվել է գործում առկա մի շարք ապացույցներով, որոնց մասին առավել մանրամասն նշված է սույն որոշման ինչպես այս, այնպես էլ 7, 7․1 և 7․2 կետերում։ (…) Ինչ վերաբերում է ամբաստանյալի վերաքննիչ բողոքի այն փաստարկին, որ ««Ներքին դիտում», «արտաքին դիտում», «կաշառք տալու նմանակում» ՕՀ միջոցառումներն իրականացվել են այն պայմաններում, երբ այլ եղանակներով ևս հնարավոր էր ստանալ ապացույցների նույնական զանգված և ինչն անիրատեսական լինել չի կարող»՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ օբյեկտիվորեն որևէ այլ եղանակով հնարավոր չէր ստանալ այն տվյալները, որոնք ստացվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում։ Դրա մասին է վկայում նաև այն, որ գործով ձեռք բերված ապացույցներից հենց վերջիններս են այն առանցքային ապացույցները, որոնք հիմնավորում են տուժողի կողմից ամբաստանյալին գումար փոխանցած լինելու հանգամանքը։ Ավելին՝ պաշտպանական կողմը չի փաստարկել՝ ի՞նչ այլ եղանակներ կային, որոնք չեն կատարվել, հետևաբար՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ այս մասով վերաքննիչ բողոքի փաստարկն անհիմն է։(…) Անդրադառնալով վերաքննիչ բողոքի փաստարկին առ այն, որ ««Ներքին դիտում», «արտաքին դիտում», «կաշառք տալու նմանակում» ՕՀ միջոցառումների արդյունքների թույլատրելիության կամ դրանց օգտագործման հարցի հետ կապված հատկանշական է, որ դրանց արդյունքում ձեռք են բերվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով նախատեսված հանցագործության վերաբերյալ փաստական տվյալներ, որը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, մինչդեռ ՕՀՄ մասին օրենքի 31-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ ստացված փաստական տվյալները կարող են օգտագործվել միայն այն դեպքում, երբ ստացվել են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ փաստական տվյալներ, ինչը ևս մեկ հիմք է նշված գործողությունների արդյունքում ստացված փաստական տվյալներն անթույլատրելի համարելու համար»՝ Վերաքննիչ դատարանը նախ փաստում է, որ «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջները չեն տարածվում «Արտաքին դիտում» և «Կաշառք տալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման վրա, երկրորդ՝ «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման նպատակը միջին ծանրության հանցանքի բացահայտումը չի եղել, այլ առերևույթ առկա են եղել հիմքեր՝ կասկածելու, որ ամբաստանյալը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-րդ կետով նախատեսված ծանր հանցագործություն։ Մեղադրական եզրակացությամբ ամբաստանյալին վերագրվել է կրկին ծանր հանցագործության կատարում՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով։ Ընդ որում, կարևոր է նաև այն հանգամանքը, որ արարքի վերաորակումը կատարվել է դատարանի կողմից, իսկ դատարանի կողմից արարքի վերաորակումը չի կարող հանգեցնել օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքների անթույլատրելիության։ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ յուրաքանչյուր դեպքում պետք է պարզել վարույթն իրականացնող մարմնի բարեխղճությունը, ինչը քննարկման առարկա դեպքում հաստատված է այնքանով, որ արարքը վերաորակվել է Առաջին ատյանի դատարանի կողմից, իսկ նախաքննական մարմնի սկզբնական դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել: Ավելին, դրա մասին է վկայում նաև ՀՀ դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը, որով վերջինս խնդրել է ամբաստանյալ Գեղամ Գևորգյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու համար։ (…) Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակելիս ամենախիստ պատժաչափն ընտրելիս Առաջին ատյանի դատարանը սխալ եզրահանգման է եկել, ինչի արդյունքում ամբաստանյալի նկատմամբ նշանակել է ակնհայտ խիստ պատիժ՝ խախտելով արարքի և պատժի համաչափության սկզբունքը։ (...) 12․ Հաշվի առնելով վերոնշյալը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Գեղամ Գևորգյանի նկատմամբ պետք է կիրառել 2018 թվականի նոյեմբերի 1-ին ընդունված՝ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և ամբաստանյալ Գեղամ Գևորգյանին ազատել նշանակված պատժի կրումից։(…)»[3]։ Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք ամբաստանյալ Գ․Գևորգյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով նախատեսված հանցակազմի առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները: 12․ Բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով քրեական գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման հիմնավորվածությունը, գործը քննելիս և լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ինչպես նաև ուսումնասիրության և գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը՝ Վճռաբեկ դատարանը հանգում է հետևության, որ ստորադաս դատարանները ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով նախատեսված արարքում ամբաստանյալ Գ․Գևորգյանի մեղավորության վերաբերյալ եկել են իրավաչափ եզրահագման: Այսպես` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Գ․Գևորգյանի մեղքը հիմնավորվում և այդ մասով ամբաստանյալ Գ․Գևորգյանի վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկները հերքվում են գործում առկա ապացույցների բավարար համակցությամբ, մասնավորապես՝ «Ավտո կրեդիտ» ՍՊ ընկերության կողմից տրված տեղեկանքի, տուժողի կողմից ներկայացված հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունների, հեռախոսային վերծանումների, «Արտաքին դիտում», «Ներքին դիտում» և «Կաշառք տալու կամ ստանալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների, տուժողի ցուցմունքի՝ համաձայն որի բազամաթիվ անգամներ ամբաստանյալին տվել է գումարներ տարբեր խնդիրների լուծման համար և մինչ ՌԴ մեկնելն ամբաստանյալը իրենից պահանջել է 2․000․000 ՀՀ դրամ գումար, վկա Ա․Առաքելյանի ցուցմունքի՝ համաձայն որի հերքվել է ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժնում տուժողի վերաբերյալ նյութեր նախապատրաստելու հանգամանքը։ 12․1․ Ինչ վերաբերում է բողոքաբերի փաստարկներին այն մասին, որ «Արտաքին դիտում», «Ներքին դիտում» և «Կաշառք տալու կամ ստանալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման արդյունքում ձեռք բերված ապացույցներն անթույլատրելի են, քանի որ դրանք իրականացվել են «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջի խախտումով, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձի փաստարկները հերքվում են Վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանություններով առ այն, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների նպատակը միջին ծանրության հանցանքի բացահայտումը չի եղել, այլ առերևույթ առկա են եղել հիմքեր՝ կասկածելու, որ ամբաստանյալը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-րդ կետով նախատեսված ծանր հանցագործություն և օբյեկտիվորեն որևէ այլ եղանակով հնարավոր չէր ստանալ այն տվյալները, որոնք ստացվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում։

13. Վերոգրյալից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով նախատեսված արարքը կատարելու մեջ ամբաստանյալ Գ․Գևորգյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված են:

14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ամբաստանյալ Գ․Գևորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: 15․ ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն`

«Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը (…)»: 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի այսուհետ նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք 35-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե` (…)

6) անցել են վաղեմության ժամկետները

(…)

13) ընդունվել է համաներման մասին օրենք:

(…)

5. Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը:

6. Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ և 13-րդ կետերում նշված հիմքերով գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով»: ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն`

«1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները. (…)

2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.

(…)

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը: (…)

3. Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր նոր հանցանք: Այս դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքի ավարտված համարելու պահից»: ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի 2-րդ և 5-րդ կետերի համաձայն`

« 1. Խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետdով:

2. Խարդախությունը, որը կատարվել է՝

(…)

2) խոշոր չափերով,

(…)

5) կաշառք ստանալու պատրվակով`

18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է հետևյալը․

- Նախաքննության մարմինը Գ․Գևորգյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդված 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման համար, որը կատարել է 2018 թվականի հունիսին[4],

- Առաջին ատյանի դատարանն Գ․Գևորգյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով նախատեսված հանցագործության կատարման մեջ և պատիժ է նշանակել ազատազրկում չորս տարի չորս օր ժամկետով[5],

- Վերաքննիչ դատարանը բողոքը մասնակիորեն բավարարել է՝ ամբաստանյալ Գ․Գևորգյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ երեք տարի չորս օր ժամկետով։ Գ․Գևորգյանի նկատմամբ կիրառվել է Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և ամբաստանյալ Գ․Գևորգյանը ազատվել է նշանակված պատժի կրումից [6]։

19. Նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշման 15-17-րդ կետերում մեջբերված իրավանորմերի, դրանց վերլուծության և Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Գ․Գևորգյանը Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատավճռի համաձայն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով նախատեսված հանցագործության կատարման մեջ, որի համար նախատեսված ազատազրկման ձևով պատժի ժամկետը երկուսից հինգ տարի է, ուստի այն դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, հետևաբար ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով սահմանված հանցավոր արարքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է հինգ տարի:

20. Քրեական հետապնդումը բացառող քննարկվող հիմքի առնչությամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները: Միևնույն ժամանակ, քրեադատավարական օրենքը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու պարտադիր նախապայման է դիտում մեղադրյալի համաձայնությունը, որի բացակայությունը ենթադրում է վարույթի շարունակում ընդհանուր կարգով: Այսինքն` այն դեպքում, երբ անձը համաձայն չէ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու, իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու հետ, նրան պետք է հնարավորություն ընձեռվի դատական քննության փուլում վիճարկելու իրեն առաջադրված մեղադրանքը: Այն դեպքում, երբ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանում է գործի դատական քննության փուլում, այդ հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ընթացակարգի իրականացման պարտականությունը կրում է դատարանը: Ընդ որում, դատական քննությունը ենթադրում է վարույթն ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններում[7]։ Մասնավորապես, դատարանը պետք է պարզի, թե արդյոք ամբաստանյալը համաձայն է, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Անձի համաձայնությունը ստանալու դեպքում` դատարանը պարտավոր է դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը, իսկ համաձայնության բացակայության դեպքում` պետք է դատական քննությունը շարունակի ընդհանուր կարգով, սակայն դատավճիռ կայացնելիս` դադարեցնի անձի նկատմամբ քրեական հետապնդումը: Ընդ որում, երբ անձն արդեն հնարավորություն է ունեցել առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում (վերջին դեպքում՝ վճռաբեկ բողոք բերելու միջոցով) վիճարկելու իրեն առաջադրված մեղադրանքը, ապա քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելիս նրա դիրքորոշումը լրացուցիչ ճշտելու անհրաժեշտությունը բացակայում է:[8] 21․ Սույն որոշման 15-17-րդ, 20-րդ կետերում շարադրված իրավական նորմերի և դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով 18-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գ․Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով մեղսագրված արարքի՝ որպես միջին ծանրության հանցանքի համար ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու հնգամյա ժամկետը լրանալու օրվա՝ 2023 թվականի հունիսի դրությամբ վերջինիս նկատմամբ կայացված և օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ չի եղել: Հետևաբար, Գ․Գևորգյանին քրեական պատասխանատվության ենթարկելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վաղեմության ժամկետն անցել է և վերջինս ենթակա է քրեական պատասխանատվությունից ազատման: Հիշյալ հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում այն հանգամանքը, որ անձն արդեն իրացրել է օրենքով սահմանված կարգով իր մեղավորության հարցը համապատասխան դատական ատյաններում վիճարկելու իր իրավունքը և բերված բողոքով խնդրել է իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով[9]: Միևնույն ժամանակ, համեմատական վերլուծության ենթարկելով Համաներման մասին օրենքի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու իրավական կարգավորումները, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թեև սույն գործով Գ․Գևորգյանի նկատմամբ Վերաքննիչ դատարանի կողմից կիրառվել է Համաներման մասին օրենքի համապատասխան դրույթը և Գ․Գևորգյանն ազատվել է իր նկատմամբ նշանակված պատժից, սակայն, կոնկրետ գործով Համաներման մասին օրենքի նշված դրույթով անձին պատժից ազատելու և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված՝ քրեական հետապնդումը բացառող հանգամանքի՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքերի մրցակցության պայմաններում, պետք է նախապատվությունը տրվի երկրորդ հիմքին, քանի որ դրա կիրառման իրավական հետևանքներն առավել բարենպաստ են անձի համար: Մասնավորապես, և´Համաներման մասին օրենքի, և´ վաղեմության ժամկետի կիրառման հիմքերի միաժամանակյա առկայության պայմաններում Գ․Գևորգյանի նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառման դեպքում, վերջինս հայտնվում է անբարենպաստ վիճակում, քանի որ անձի նկատմամբ համաներման կիրառումը, որպես կանոն, հետագայում կրկին համաներման հնարավոր կիրառման արգելք է, մինչդեռ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդման դադարեցման պայմաններում՝ նման արգելք առկա չէ։ 22․ Բացի այդ, նկատի ունենալով, որ Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացքում առկա է քրեական հետապնդումը բացառող հանգամանք, այն է՝ քրեական գործով անցել են ամբաստանյալ Գ․Գևորգյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը, իսկ դրա կիրառման իրավական հետևանքներն առավել բարենպաստ են անձի համար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի 2021 թվականի նոյեմբերի 29-ին դատավճիռը և Վերաքննիչ դատարանի 2023 թվականի մարտի 7-ի որոշումը պետք է ամբողջությամբ բեկանել, ամբաստանյալ Գ․Գևորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, իսկ քրեական գործի վարույթը կարճել։ 23․ Վճռաբեկ դատարանը միաժամանակ գտնում է, որ Գ․Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված գրավն անհրաժեշտ է վերացնել և գրավի գումարը վերադարձնել գրավատուին՝ Գրիգոր Հրանտի Գևորգյանին: Հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 163-րդ հոդվածի պահանջն առ այն, որ քրեական դատավարությունում քաղաքացիական հայցը լուծվում է դատավճռով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տուժող Համբարձում Հովհաննիսյանի և վերջինիս ներկայացուցիչների քաղաքացիական հայցը պետք է թողնել առանց քննության: Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ քաղաքացիական հայցն առանց քննության թողնելու պայմաններում, Գ․Գևորգյանի՝ սեփականության իրավունքով պատկանող անշարժ և շարժական գույքերի վրա դրված արգելանքները պետք է վերացնել[10]։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 155-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, քրեական դատավարությունում հարուցված քաղաքացիական հայցը, որը դատարանի կողմից թողնվել է առանց քննության, կարող է հետագայում հարուցվել քաղաքացիական դատավարության կարգով: Անդրադառնալով քրեական գործով իրեղեն ապացույցների տնօրինմանը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրեղեն ապացույց ճանաչված լազերային սկավառակները, գրավատնից ստացված տեղեկանքը, Գ․Գևորգյանի վերաբերյալ ՀՀ ոստիկանության պետի հրամանի պատճենը, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները պարունակող լազերային սկավառակները պետք է պահել քրեական գործում, իսկ Գ․Գևորգյանի հագուստները վերադարձնել վերջինիս։ 23․ Ինչ վերաբերում է բողոքում բարձրացված մյուս իրավական հարցերին, ապա սույն դեպքում, երբ արդեն իսկ առկա է քրեական հետապնդումը բացառող հանգամանքը՝ Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի գտնում դրանց անդրադառնալը։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, 2022 թվականի հունիսի 30-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-363-րդ և 386-րդ հոդվածներով ՝ Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Ամբաստանյալ Գեղամ Վաչագանի Գևորգյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի նոյեմբերի 29-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2023 թվականի մարտի 7-ի որոշումը ամբողջությամբ բեկանել։ 2․ Գեղամ Վաչագանի Գևորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: 3․ Գեղամ Վաչագանի Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված գրավը՝ 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ գումարը, վերացնել և վճարված գումարը վերադարձնել Գրիգոր Հրանտի Գևորգյանին: Տուժող Համբարձում Հովհաննիսյանի և վերջինիս ներկայացուցիչներ՝ Ն․Սվարյանի, Ռ․Սիրեկանյանի քաղաքացիական հայցը թողնել առանց քննության: Գեղամ Վաչագանի Գևորգյանին պատկանող անշարժ և շարժական գույքի վրա դրված կալանքը վերացնել:

Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ

Դատավորներ` Ե․ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ս․ՉԻՉՈՅԱՆ

Դ.ՎԵՔԻԼՅԱՆ

Ծանոթագրություններ

[1] Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 210-211։

[2] Տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթեր 55-80։

[3] Տե՛ս քրեական գործ, հատոր 13-րդ, թերթեր 21-72։

[4] Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։

[5] Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը։

[6] Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը։

[7] Տե՛ս, mutatis mutandis, Անահիտ Սաղաթելյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ5/0022/01/10 որոշումը, Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11 որոշումը, Հրանտ Մազմանյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի մարտի 27-ի թիվ ԵԿԴ/0121/11/14 որոշումը, Ֆարիդա Ավագիմյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԱՎԴ2/0016/01/14 որոշումը, Անդրանիկ Գրիգորյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԵԿԴ/0180/01/15 որոշումը։ [8] Տե՛ս Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի՝ վերը հիշատակված որոշման 25-րդ կետը։ [9] Տե´ս որոշման 7-րդ կետը։

[10] Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արթուր Անդրեասյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0200/01/13 որոշման 20.2-րդ կետը։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
29 մարտի, 2024 թ.
Գործի #:
ԿԴ3/0032/01/19
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել