Վարդանյան — ՀԿԴ/0223/01/23
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 9. Քրեական օրենսդրության հետադարձ ուժըԱմփոփում
Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2022 թվականի մայիսի 30-ին Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 62224422 քրեական գործը և ընդունվել վարույթ։ 2023 թվականի սեպտեմբերի 6-ին մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել Հ․Վարդանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին և նրան մեղադրանք է ներկայացվել 2021
Ամբողջ Տեքստ
ՀԿԴ/0223/01/23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության
հակակոռուպցիոն դատարանի որոշում,
նախագահող դատավոր` Տ․Դավթյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշում,
նախագահող դատավոր` Մ․Մակյան
դատավորներ՝ Ա․Հովհաննիսյան
Ա․Նահապետյան
2024 թվականի հուլիսի 22-ին քաղաք Երևանում
ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան), Նախագահությամբ՝ Ա․ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
Դ․ՎԵՔԻԼՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով Հայկ Յուրիի Վարդանյանի վերաբերյալ
ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2024 թվականի մարտի 26-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2022 թվականի մայիսի 30-ին Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 62224422 քրեական գործը և ընդունվել վարույթ։ 2023 թվականի սեպտեմբերի 6-ին մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել Հ․Վարդանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին և նրան մեղադրանք է ներկայացվել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 445-րդ հոդվածի 1-ին մասով։ 2․ 2023 թվականի հոկտեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) է ստացվել թիվ ՀԿԴ/0223/01/23 քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Հ․Վարդանյանի՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 445-րդ հոդվածի 1-ին մասով։
3. Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի դեկտեմբերի 26-ի դատավճռով Հ․Վարդանյանը մեղավոր է ճանաչվել, ի թիվս այլնի, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ և քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով ազատվել է քրեական պատասխանատվությունից։
4. Վերոհիշյալ դատավճռի դեմ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Ս․Մարգարյանի կողմից բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի 2024 թվականի մարտի 26-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնվել է անփոփոխ։
5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2023 թվականի մայիսի 15-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
6. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ ստորադաս դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական օրենքի խախտում, մասնավորապես՝ խախտվել են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 8-9-րդ և 83-րդ հոդվածների պահանջները, ինչպես նաև սխալ են մեկնաբանվել և կիրառվել վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ նյութական իրավունքի նորմերը, մասնավորապես՝ կիրառվել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածը, որը ենթակա չէր կիրառման և չի կիրառվել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածը, որը ենթակա էր կիրառման, ինչի արդյունքում առանց իրավաչափ հիմքի անփոփոխ է թողնվել Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի դեկտեմբերի 26-ի դատավճիռը, որն ազդել է վարույթի ելքի վրա, և միաժամանակ բողոքում բարձրացված հարցի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։ 6.1. Այսպես՝ բողոքաբերը, մեջբերելով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ, 445-րդ, 17-րդ հոդվածների, 83-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի, 19-րդ հոդվածի, 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կարգավորումները, և դրանց լույսի ներքո անդրադառնալով Հ․Վարդանյանի նկատմամբ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու իրավաչափությանը, նշել է, որ Հ․Վարդանյանին վերագրվող պաշտոնեական կեղծիքի կատարումն ավարտվել է 2021 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին: Ենթադրյալ հանցանքը կատարելու պահին Հ․Վարդանյանի արարքը համապատասխանել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասին (միջին ծանրության հանցանք), որի համար քրեական պատախանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը, նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, 5 տարի է: ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը ոչ մեծ ծանրության հանցանք է, որի համար քրեական պատախանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը նույն օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նույնպես 5 տարի է, որը դեռևս չի անցել: 6․2․ Բողոքաբերի պնդմամբ՝ Հ.Վարդանյանի վիճակը բարելավող օրենքին (պատժի մեղմացման հիմքով) իրավացիորեն հետադարձ ուժ տալով՝ ստորադաս դատարանները, ՀՀ քրեական օրենսգրքի 8-րդ և 9-րդ հոդվածների դրույթների խախտմամբ, միաժամանակ կրկին հետադարձ ուժ են տվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի՝ վաղեմության ժամկետները սահմանող դրույթներին այն դեպքում, երբ արարքի կատարման պահին գործող օրենքով Հ.Վարդանյանի կատարած արարքը հանդիսացել է միջին ծանրության հանցագործություն, որի դեպքում անձին քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը 5 տարի է:
7. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի մարտի 26-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
8. Հ․Վարդանյանին, ի թիվս այլնի, մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 445–րդ հոդվածի 1–ին մասով այն բանի համար, որ ․ «(...) [Ն]ա 2021 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին՝ որպես զորամասի հրամանատարի կողմից կազմված հանձնաժողովի անդամ, ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրենց զորամաս մատակարարված մի շարք զինտեխնիկաներ, որոնց թվում՝ 2020 թվականի դեկտեմբերի 19-ին կնքված թիվ «ДР02/0343/ГД20» պայմանագրով նախատեսված թվով 4 միավոր «ՈՒՐԱԼ 58491 H» շարժական արհեստանոցները: Նշված 4 միավոր «ՈՒՐԱԼ 58491 H» շարժական արհեստանոցները զորամասերին տրամադրելու նպատակով կազմվել են ընդունման և ի պահ հանձնելու վերաբերյալ ակտեր, որոնց համաձայն' ՀՀ ՊՆ 84022 զորամաս ընդունված գույքն ի պահ է հանձնվում զորամասի պահեստին: Ավտոտեխնիկայի հետ հանձնվել են նաև տեխնիկական բնութագրի վերաբերյալ փաստաթղթերը, որոնցում ներառված են ավտոմեքենաների տեխնիկական վիճակի մասին ակտերի հավելվածները: Արհեստանոցային պիտույքների «Հավելված 1» լրակազմի անվանացուցակում նշված են եղել ավտոմեքենաներում առկա ամբողջական գույքի անվանումները: Հայկ Վարդանյանը, որպես հանձնաժողովի անդամ, քննությամբ չպարզված տարբեր օրերի (2021 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին) իրականացրել է 4 միավոր «ՈՒՐԱԼ, 58491 H» շարժական արհեստանոցների ընդունում: Ընդունման ընթացքում ստուգվել է ավտոմեքենաների ամբողջականությունը, սարքինությունը, համապատասխանությունը փաստաթղթերին, և մինչ դրանք կապարակնքելը, Հայկ Վարդանյանը շարժական արհեստանոցներից դուրս է հանել «Защищенный ноутбук для выполнения программной диагностики (без ПО и специальных переходников)» և «Дрель ручная электрическая» անվանումներով նյութական միջոցները, այն է՝ թվով 4 «DURABOOK» ապրանքանիշի՝ ընդհանուրը 4.379.994 ՀՀ դրամ արժողության դյուրակիր համակարգիչները և թվով 4 «TOTAL» ապրանքանիշի՝ ընդհանուր 132.368 ՀՀ դրամ արժողության էլեկտրական պտուտակահանները: Վերոնշյալ գույքը հափշտակելուց հետո Հայկ Յուրիի Վարդանյանը, շահադիտական նպատակով, իր կողմից հափշտակված առանձնապես խոշոր չափերի գույքի վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող արհեստանոցային պիտույքների «Հավելված 1» լրակազմի անվանացուցակում ռուսալեզու տեղեկատվությունը փոփոխման է ենթարկել, մասնավորապես, նշված հավելվածից հանել է «Защищенный ноутбук для выполнения программной диагностики (без по и специальных переходников)» և «Дрель ручная электрическая» նյութական միջոցների անվանումները և կազմել է նոր ռուսալեզու հավելված, այսինքն՝ կազմել է կեղծ փաստաթուղթ, որը հիշյալ ավտոմեքենաների հետ միասին հանձնել է 40133, 95532, 40861 և 23032 զորամասերին (․ ․ ․)»։[1]
9. Առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճռի համաձայն․ «(...) Ինչ վերաբերում է մեղադրյալի կողմից կատարված ՀՀ քրեական օրենսգրքի 445–րդ հոդվածի 1–ին մասով նախատեսված արարքին, ապա հարկ է արձանագրել, որ լրացել են մեղադրյալին մեղսագրվող արարքի վաղեմության ժամկետները, ուստի վերջինը ենթակա է ազատման քրեական պատասխանատվությունից: (․ ․ ․)
Հայկ Վարդանյանը նախկինում դատապարտված չի եղել և բացի սույն գործի տվյալներից՝ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պահանջագրում վերջինի վերաբերյալ առկա չէ այլ տեղեկատվություն։ Սույն քրեական գործով Հայկ Վարդանյանին մեղսագրվող ենթադրյալ արարքը կատարվել է 2021 թվականի հուլիս–օգոստոս ամիսներին։ Դատարանն արձանագրում է, որ 2022 թվականի հուլիսի 1–ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 83–րդ հոդվածի 1–ին մասի 2–րդ կետի համաձայն՝ անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել է 5 տարի, իսկ 2003 թվականի ապրիլի 18–ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75–րդ հոդվածի 1–ին մասի 1–ին կետի համաձայն՝ 2 տարի։ (․ ․ ․)
[Դ]ատարանը գալիս է այն եզրահանգման, որ կատարված օրենսդրական փոփոխությունները՝ վաղեմության ժամկետների հաշվարկման մասով՝ կիրառելի չեն մեղադրյալի նկատմամբ, քանի որ գործող ՀՀ քրեական օրենսգիրքն այդ մասով վատթարացնում է անձի իրավական վիճակը: Այսպես՝ 2003 թվականի ապրիլի 18–ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 314–րդ հոդվածի 1–ին մասը համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1–ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 445–րդ հոդվածի 1–ին մասին։ Նշված օրենսդրական փոփոխությունը կիրառելի է Հայկ Վարդանյանի նկատմամբ, քանի որ ՀՀ քրեական նոր օրենսգրքով մեղսագրվող արարքի համար սահմանված պատիժը մեղմացվել է, այն է՝ նախկին օրենսգիրքը մեղսագրվող արարքների համար որպես պատիժ էր նախատեսում ազատազրում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով և հանդիսանում էր միջին ծանրության հանցագործություն, իսկ նոր օրենսգիրքը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով և հանդիսանում է ոչ մեծ ծանրության հանցանք, այդ իսկ պատճառով՝ հանրային մեղադրողի կողմից հանրային քրեական հետապնդում է հարուցվել հենց ՀՀ քրեական օրենսգրքի 445–րդ հոդվածի 1–ին մասով։ Հայկ Վարդանյանն իրեն մեղսագրվող արարքը կատարել է 2021 թվականի հուլիս–օգոստոս ամիսներին, իսկ մեղսագրվող արարքը կատարելու պահին գործել է 2003 թվականի ապրիլի 18–ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը, որով ոչ մեծ ծանրության հանցագործությունների վաղեմության ժամկետ սահմանվում էր 2 տարի։ Վերոգրյալ իրավական նորմերի և ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Դատարանը փաստում է, որ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքն անձի վիճակն այլ կերպ բարելավվում է, իսկ ենթադրյալ արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված է, որ նմանատիպ նորմերը ևս ունեն հետադարձ ուժ, ուստի սույն դեպքում վաղեմության ժամկետները պետք է հաշվել արարքի կատարման ժամանակ գործող օրենքով, որով ինչպես արդեն իսկ նշվել է՝ վաղեմության ժամկետները լրացել են։ Ինչ վերաբերում է հնարավոր այն մեկնաբանմանը, որ վաղեմության ժամկետները պետք է հաշվել նոր ՀՀ քրեական օրենսգրքով և այն ոչ մեծ ծանրության հանցանքի համար անցած կհամարվի հանցանքը կատարելուց 5 տարի անց, ապա Դատարանը համակարծիք չէ այդ պնդմանը, քանի որ մասնակիորեն բարելավող և մասնակիորեն վատթարացնող օրենքը հետադարձ ուժ ունի միայն բարելավող մասով։ Ավելին՝ հարկ է նկատել այն հանգամանքը, որ հետադարձ ուժ է տրվում բացառապես նոր օրենսգրքով նախատեսված պատժին, այսինքն՝ համարվում է, որ ենթադրաբար կատարված հանցանքների համար նախատեսված առավել խիստ պատիժը հանդիսանում է 2 տարի ժամկետով ազատազրկումը, իսկ մյուս բոլոր հարցերը շարունակվում են լուծվել արարքի կատարման պահին գործող օրենքով, ինչպես որ սահմանված է ՀՀ քրեական օրենսգրքով։ Այլ կերպ ասած՝ Դատարանը գտնում է, որ անձի նկատմամբ կիրառվում է բացառապես իր կողմից կատարված արարքի պահին գործող օրենքը՝ իր բոլոր կարգավորումներով հանդերձ։ Միաժամանակ նոր օրենսդրությանը հետադարձ ուժ է տրվում ոչ թե ամբողջությամբ, այլ յուրաքանչյուր դրույթ առանձին-առանձին։ Եվ այն դրույթը, որը բարելավում է անձի վիճակը, այդ մասով կիրառվում է նոր օրենսդրությունը, իսկ այն դրույթները, որոնք արարքի կատարման պահին գործող օրենքի համեմատ ավելի վատթարացնում են անձի վիճակը կամ ըստ էության որևէ փոփոխության չեն ենթարկվում, ապա դրանց հետադարձ ուժ չի տրվում, և բացի բարելավող դրույթից, մյուս բոլոր հարցերը շարունակվում են լուծվել արարքի կատարման պահին գործող օրենքով։ Տվյալ դեպքում վաղեմության ժամկետը ոչ մեծ ծանրության հանցագործության համար 5 տարի սահմանելը հանդիսանում է անձի վիճակն այլ կերպ վատթարացնող և չի կարող կիրառելի համարվել մինչ այդ նորմն ուժի մեջ մտնելը հանցանք կատարած անձի նկատմամբ։ Դատարանի դիրքորոշումը բխում է ինչպես ենթադրյալ հանցանքները կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգիրքի այն նորմից, որ հետադարձ ուժ ունի նաև հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը, այնպես էլ 2022 թվականի հուլիսի 1-ից գործող ՀՀ քրեական օրենսգրքի 8–րդ հոդվածի 1–ին մասից, որով սահմանված է նաև, որ արարքի քրեաիրավական այլ հետևանքները (ինչպիսին հանդիսանում է վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հարցը) որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով: Այսպես՝ արարքի կատարման ժամանակ ոչ մեծ ծանրության հանցագործության համար որպես վաղեմության ժամկետ սահմանված է եղել 2 տարի, իսկ ներկայում գործող ՀՀ քրեական օրենսգիրքը այդ ժամկետը սահմանում է 5 տարի, որը նախ այլ կերպ վատթարացնում է անձի իրավական վիճակը և չի կարող կիրառվել մինչ այդ օրենքն ընդունվելը հանցանք կատարած անձի նկատմամբ, ապա նաև՝ որպես այլ քրեաիրավական հետևանք՝ ենթակա է կիրառման արարքի կատարման պահին գործող օրենքը, որը ինչպես արդեն իսկ նշվել է վաղեմության ժամկետ սահմանել է 2 տարի։ Այլ խոսքով՝ ինչպես նախկին, այլպես էլ գործող ՀՀ քրեական օրենսգրքերով սահմանված է, որ այլ կերպ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի, միաժամանակ գործող ՀՀ քրեական օրենսգիրքը նախատեսում է, որ այլ կերպ բարելավող օրենքը կարող է կիրառվել եթե նախատեսված է օրենքով, չնայած նրան, որ արարքը կատարելու պահին գործող օրենքով պարտադիր հետադարձ ուժ պետք է տրվեր նաև անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքին, ինչը վկայում է, որ նոր օրենքը վատթարացնում է անձի վիճակը և վաղեմության ժամկետի հաշվարկման տեսանկյունից (ժամկետն ավելացել է) չի կարող հետադարձ ուժ ունենալ, առավել ևս այն դեպքում, երբ ներկայում գործող օրենսգրքով հստակ սահմանված է, որ արարքի հանցավորությունը, պատժելիությունը և քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ վաղեմության ժամկետը, որպես քրեաիրավական այլ հետևանք, ենթակա է հաշվարկման այն կատարելու ժամանակ գործող օրենքով, եթե նոր օրենսգրքով անձի վիճակը չի բարելավվել։ Այսպիսով՝ Դատարանն արձանագրում է, որ քրեական հետապնդման վաղեմության ժամկետների հաշվարկը նոր օրենսդրությամբ հաշվարկելու պայմաններում հետադարձ ուժ կտրվի անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքին։ Դատարանը, նկատի ունենալով, որ Հայկ Վարդանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ, որի կատարումն ավարտվել է 2021 թվականի հուլիս–օգոստոս ամիսներին և այն ոչ մեծ ծանրության հանցագործություն է, գտնում է, որ վերջինին պետք է ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով, քանի որ 2023 թվականի օգոստոսի 31-ին լրացել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների համար սահմանված 2 տարվա վաղեմության ժամկետը: Անդրադառնալով Հայկ Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցին հարցին՝ Դատարանը գտնում է, որ մեղադրյալի նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, պետք է թողնել անփոփոխ, իսկ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ենթակա է վերացման»[2]։
10. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, արձանագրել է հետևյալը. «(...) [2]003 և 2021 թվականներին ընդունված քրեական օրենսգրքերի՝ համապատասխանաբար 75-րդ և 83-րդ հոդվածների համեմատական, իրավական վերլուծությունը վկայում է, որ 2021 թվականին ընդունված քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների մասով տվյալ դեպքում անձի վիճակը վատթարացող օրենք է և կիրառելի չէ մեղադրյալի նկատմամբ, քանի որ նախ՝ սահմանում է քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ավելի երկար ժամկետներ, բացի այդ՝ վաղեմության ժամկետը, ի տարբերություն 2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի, հաշվարկվում է մինչև անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելը՝ մինչդեռ նախկինում գործող իրավակարգավորումների համաձայն՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը հաշվարկվում էր անձի կողմից կատարած հանցանքն ավարտվելու օրվանից մինչև գործով կայացված վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրը։ Հետևաբար, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում վաղեմության առումով կիրառելի են 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի դրույթները՝ որոնք առավել բարենպաստ են մեղադրյալի համար։ Անդրադառնալով Բողոքաբերի այն փաստարկին, որ՝ «(…) Հայկ Յուրիի Վարդանյանին վերագրվող պաշտոնեական կեղծիքի կատարումն ավարտվել է 2021 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին։ Ավելին, ենթադրյալ հանցանքը կատարելու պահին նրա արարքը համապատասխանել է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասին, որը միջին ծանրության հանցանք է, որի համար քրեական պատախանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, 5 տարի է։ Միաժամանակ, ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը հանդիսանում է ոչ մեծ ծանրության հանցանք, որի համար քրեական պատախանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը, ՀՀ քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, նույնպես 5 տարի է։ Վերոգրյալից բխում է, որ Հայկ Վարդանյանի կողմից ենթադրյալ պաշտոնեական կեղծիքը կատարելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը 5 տարի է, որը դեռևս չի անցել (…)», Վերաքննիչ դատարանը փաստում է, որ 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ հետադարձ ուժ ունի ոչ միայն պատիժը, այլև պատասխանատվությունը մեղմացնող օրենքը։ Այլ կերպ՝ 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ պատիժը մեղմացնող օրենսդրությանը հետադարձ ուժ տալու վերաբերյալ նորմը պետք է դիտարկել նույն հոդվածի 6-րդ մասում սահմանված կանոնի հետ համակցված՝ հաշվի առնելով, որ հետադարձ ուժ ունի նաև պատասխանատվությունը մեղմացնող օրենքը, քանի որ պատժի հարցերը կազմում են պատասխանատվության միայն մի մասը, հետևաբար՝ քրեական պատասխանատվությունը և պատիժը միմյանց հետ հարաբերակցվում են՝ ամբողջի (պատասխանատվություն) և մասի (պատիժ) համատեքստում: Ամփոփելով վերագրյալը, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատավճռի մեջ տեղ գտած հետևությունները հիմնավոր են և բխում են գործի նյութերից։ Բողոքարկված դատական ակտն օրինական է, ուստի այն բեկանելու և փոփոխելու հիմքեր առկա չեն։ Ավելին, Վերաքննիչ դատարանն ընդգծում է, որ բողոքարկվող որոշմամբ պահպանված է հանրային և մասնավոր շահերի ողջամիտ հավասարակշռությունը՝ հետևաբար վերաքննիչ բողոքը ենթակա է մերժման (...)»[3]։ Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ են արդյո՞ք մեղադրյալ Հ․Վարդանյանին ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման համար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։
12. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»։ ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:
2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով»։
13. ՀՀ Սահմանադրության վերոհիշյալ հոդվածներով ամրագրված երաշխիքը, որը նորմատիվ իրավական ակտի կիրառման սահմանադրական սկզբունք է, քրեաիրավական համակարգում առանցքային տեղ է գրավում, որը հատկապես ընդգծվում է այն հանգամանքով, որ փոփոխվող և զարգացող հասարակությունում կոնկրետ արարքի դեմ քրեաիրավական ներգործության նպատակահարմարությունը, դրա հանրային վտանգավորությունը կամ քրեականացված արարքը կատարած անձի իրավական վիճակը նորովի կարգավորվելու դեպքում, դատարանը, որպես քրեական դատավարությունում արդարադատության գործառույթով օժտված մարմին, պետք է քննարկման առարկա դարձնի օրենսդրական փոփոխության իրավական բնույթը, ըստ այդմ էլ՝ մինչ ընդունումը ծագած իրավահարաբերությունների վրա այն հետադարձութամբ տարածելու իրավական հնարավորությունը։ Հարկ է արձանագրել, որ ՀՀ Սահմանադրությամբ՝ ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության կանոնակարգումը հիմնվում է այն տրամաբանության վրա, որ իրավական ակտերի հետադարձ ուժով գործողության մերժումն ընդհանուր կանոն է, իսկ այդ ակտերի հետադարձ ուժով գործողության հնարավորությունը՝ բացառություն ընդհանուր կանոնից[4]։ Ընդ որում, բացառություններն իրենց հերթին տարբեր են. ա) երբ սահմանադիրը բացառում է որևէ հայեցողություն դրսևորելու հնարավորությունը՝ սահմանելով հետադարձության ուղիղ պահանջ, օրինակ, արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն օժտված է անմիջական գործողությամբ և բ) երբ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտին հետադարձ ուժ հաղորդելու լիազորությունը թողնվում է իրավասու՝ այդ ակտն ընդունող մարմնի հայեցողությանը, օրինակ, անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով[5]: Տարբերակման այս գաղափարն իր արտացոլումն է գտել նաև ՀՀ գործող քրեական օրենսգրքում. այսպես՝ օրենսգրքի 8-րդ և 9-րդ հոդվածների համադրված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող նորմի համար նախատեսվում է հետադարձ ազդեցության անմիջական պահանջ, մինչդեռ անձի վիճակն այլ կերպ բարելավող դրույթի հետադարձությունը պայմանավորվում է օրենքով նախատեսված լինելու հանգամանքով[6]։ 14․ Վճռաբեկ դատարանը, Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի վերաբերյալ գործով որոշմամբ անդրադառնալով քրեական օրենսդրության հետադարձությամբ կիրառման դեպքերին, արձանագրել է, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվարկման տեսանկյունից քրեական նոր օրենքով անձին մեղսագրված հանցանքի տեսակի փոփոխությունն ինքնին չի կարող հետադարձ ներգործություն ունենալ, այսինքն, այս հարցի շրջանակներում օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու ինքնուրույն ցուցիչ չէ, և տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու մասին կարելի է խոսել բացառապես քրեական պատասխանատվությունից ազատելու ինստիտուտը կանոնակարգող՝ ՀՀ նախկին և գործող քրեական օրենսգրքերի ընդհանուր նորմերի հետ համադրված գնահատելու պարագայում։ Միևնույն ժամանակ անդրադառնալով օրենսդրական փոփոխությունների արդյունքում հանցանքի տեսակի և վաղեմության ժամկետների փոփոխության իրավիճակներին, մասնավորապես՝ այն դեպքին, երբ արարքի (հանցանքի) ծանրության աստիճանը նվազում է, իսկ այդ արարքի համար սահմանված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը չի փոփոխվում, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդրական փոփոխության արդյունքում պատժի մեղմացման հետևանքով նախկինում ծանր համարվող հանցանքը միջին ծանրության հանցանք հանդիսանալու դեպքում կիրառելի է մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու կանոնը՝ հանցանքի տեսակի և պատժի մասով, այսինքն՝ արարքը պետք է որակվի ՀՀ գործող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ անթույլատրելի է օրենքի փոփոխության արդյունքում հետադարձության կանոնների կիրառմամբ ստացված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը (տասը տարին) համեմատել ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի (հինգ տարի) հետ։ Նման համեմատությունը սկզբունքորեն չի համապատասխանի ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնի էությանն ու նշանակությանը: Հակառակ մոտեցումը հանգեցնում է այնպիսի իրավիճակի, որ արարքի կատարման պահին ծանր հանցագործություն համարվող արարքի պարագայում անձի նկատմամբ կիրառվում է արարքի կատարման պահին միջին ծանրության հանցանքի համար նախատեսված կարգավորումը, որը որևէ պարագայում կիրառելի չէ[7]։ 15․ Նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, հաշվի առնելով սույն գործի փաստական հանգամանքները, անհրաժեշտ է դիտարկել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքն անձին մեղսագրված լինելու դեպքը։ Այսպես՝ պաշտոնեական կեղծիք կատարելու հանցանքը, համաձայն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի, դասվում էր միջին ծանրության հանցագործությունների շարքին, որի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը հինգ տարի էր։ ՀՀ գործող քրեական օրենսդրությամբ 445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքը դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին։ Միևնույն ժամանակ, օրենսդիրը ՀՀ գործող քրեական օրենսգրքի ընդհանուր մասում՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու կարգը սահմանող 83-րդ հոդվածում սահմանել է, որ ոչ մեծ ծանրության հանցանքի դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել է հինգ տարի։ Ուստի, ստացվում է, որ պաշտոնեական կեղծիք կատարելը գործող քրեական օրենսգրքով թեև դասվել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին, սակայն քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի տեսանկյունից երկու օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումը, ըստ որի՝ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքի կատարման պահից անցել է հինգ տարի։ Վերոգրյալից հետևում է, որ գործող քրեական օրենսդրությամբ հանցանքի տեսակի փոփոխությունը քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների տեսանկյունից անձի համար որևէ բարենպաստ հետևանք չի առաջացնում, քանզի վաղեմության ժամկետի առումով քրեական օրենսդրության նախկին և ներկա կարգավորումները նույնական են։ Այլ խոսքով՝ պաշտոնեական կեղծիք կատարելու հանցանքի տեսակի փոփոխության հետևանքով քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետը, նախկին օրենսգրքի համեմատ, փոփոխությունների չի ենթարկվել, ուստի, քննարկվող դեպքում, քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հարցը ենթակա է լուծման՝ արարքի կատարման պահին գործող, ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցագործության կատարման համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվառմամբ։
16. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- մեղադրյալ Հ․Վարդանյանին վերագրվել է 2021 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին պաշտոնեական կեղծիքի կատարում, որը որակվել է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով[8],
- Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ մեղադրյալ Հ․Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 445–րդ հոդվածի 1–ին մասով մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքի կատարման պահին՝ 2021 թվականի հուլիս–օգոստոս ամիսներին, գործել է 2003 թվականի ապրիլի 18–ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը, և արարքը համապատասխանել է նշված օրենսգրքի 314–րդ հոդվածի 1–ին մասին, որը հանդիսանում է միջին ծանրության հանցագործություն, իսկ դրա կատարման համար պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետ է համարվել 5 տարին։ Միաժամանակ ՀՀ գործող քրեական օրենսգրքով նշված արարքը հանդիսանում է ոչ մեծ ծանրության հանցագործություն, որի կատարման համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը արարքի կատարման պահին գործող օրենսգրքով սահմանվել է 2 տարին։ Արդյունքում, Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ կատարված օրենսդրական փոփոխությունները՝ վաղեմության ժամկետների հաշվարկման մասով, կիրառելի չեն մեղադրյալի նկատմամբ, քանի որ գործող ՀՀ քրեական օրենսգիրքն այդ մասով վատթարացնում է անձի իրավական վիճակը,[9]
- Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ գտնելով, որ դրանում տեղ գտած հետևությունները հիմնավոր են և բխում են գործի նյութերից, այն օրինական է, ուստի բեկանելու և փոփոխելու հիմքեր առկա չեն[10]։
17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-15-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Հ․Վարդանյանին վերագրվող՝ պաշտոնատար անձի կողմից կեղծ փաստաթուղթ կազմելը թեև ՀՀ գործող քրեական օրենսգրքով դասվել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին, սակայն նույն օրենսգրքի՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելը կանոնակարգող նորմերի համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ օրենսդրական այդ փոփոխությունը Հ․Վարդանյանի համար վաղեմության ժամկետների առումով բարենպաստ հետևանքներ չի առաջացնում, քանզի երկու օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումն առ այն, որ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքը կատարելուց անցել է հինգ տարի։ Այսինքն՝ թե՛ նախկին, թե՛ գործող քրեական օրենսդրությունները թույլ են տալիս մեղադրյալ Հ․Վարդանյանին վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով ազատել քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելու օրվանից անցել է հինգ տարի։ Մինչդեռ, ստորադաս դատարանների մոտեցումը ոչ իրավաչափորեն հանգեցրել է նրան, որ վերագրվող ենթադրյալ արարքները կատարելուց շուրջ երկու տարի անց մեղադրյալ Հ․Վարդանյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից, այն դեպքում, երբ, և՛ վերագրվող ենթադրյալ արարքի կատարման պահին, և՛ գործող քրեական օրենքի համաձայն, վերջինիս քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը հինգ տարի է։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ տվյալ դեպքում առկա է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված իրավիճակը։
16. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետևությունն առ այն, որ մեղադրյալ Հ․Վարդանյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով վերջինիս քրեական պատասխանատվությունից ազատելու հարցը լուծելիս վաղեմության ժամկետը ենթակա է հաշվարկման արարքի կատարման պահին գործող՝ ոչ մեծ ծանրության հանցագործությունների վաղեմության ժամկետի հաշվարկման կանոնով, իրավաչափ չէ։
17. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանը՝ դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է` կիրառել են 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որը սույն գործով ենթակա չէր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածի, հիմք է Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի դեկտեմբերի 26-ի դատավճիռը մասնակի՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով Հ․Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման համար քրեական պատասխանատվությունից ազատելու մասով, և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի մարտի 26-ի որոշումը բեկանելու և վարույթը ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության փոխանցելու համար։ 18․ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր քննության ընթացքում ՀՀ հակակոռուպցիոն դատարանը, հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, պետք է անդրադառնա Հ․Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար քրեական պատասխանատվության ենթարկելու հարցին և արդյունքում հանգի համապատասխան հետևության։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ ու 386-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Թիվ ՀԿԴ/0223/01/23 քրեական գործով Հայկ Յուրիի Վարդանյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 2023 թվականի դեկտեմբերի 26-ի դատավճիռը մասնակի՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով Հայկ Յուրիի Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար քրեական պատասխանատվությունից ազատելու մասով, և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի մարտի 26-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
Նախագահող` Ա․ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Դատավորներ` Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆ
Ս․ՉԻՉՈՅԱՆ
Դ․ՎԵՔԻԼՅԱՆ
Ծանոթագրություններ
[1] Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 210-222։
[2] Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 42-61։
[3] Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 4, թերթեր 38-59։
[4] Տե՛ս, mutatis mutandis, ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2011 թվականի նոյեմբերի 29-ի թիվ ՍԴՈ-1000 որոշումը։ [5] Տե՛ս, mutatis mutandis, ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշումը։ [6] Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Վանիկ Առուստամյանի գործով 2024 թվականի փետրվարի 22-ի թիվ ԼԴ/0004/12/22 որոշումը։ [7] Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի գործով 2024 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԱՔԴ/0196/01/17 որոշումը։ [8] Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
[9] Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։
[10] Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 22 հուլիսի, 2024 թ.
- Գործի #:
- ՀԿԴ/0223/01/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
