Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Շահինյան — ԵԿԴ/2499/02/10
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Շահինյան — ԵԿԴ/2499/02/10

Վճռաբեկ դատարանԵԿԴ/2499/02/1029 հունիսի, 2012 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Կարեն և Վազգեն Հարությունյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.11.2011 թվականի որոշման դեմ` ըստ Հովհաննես Շահինյանի, Սաթիկ Սեյրանյանի հայցի ընդդեմ Կարեն և Վազգեն Հարությունյանների` գումարի բռնագանձման պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Հովհաննես Շահինյանը, Սաթիկ Սեյրանյանը պահանջել են համապարտության կարգով Կարեն և Վազգեն Հարությունյաններից հօգուտ իրենց 2 բռնագանձել 110.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև 31.12.2009 թվականից 10.000 ԱՄՆ դոլարի և 16.05.2010 թվականից 100.000 ԱՄՆ դոլարի մասերով մինչև պարտավորության դա

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2499/02/10

դատարանի որոշում

2012թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2499/02/10

Նախագահող դատավոր` Ն. Տավարացյան

Դատավորներ`

Ա. Պետրոսյան

Ն. Հովսեփյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական

և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

2012 թվականի հունիսի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Կարեն և Վազգեն Հարությունյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.11.2011 թվականի որոշման դեմ` ըստ Հովհաննես Շահինյանի, Սաթիկ Սեյրանյանի հայցի ընդդեմ Կարեն և Վազգեն Հարությունյանների` գումարի բռնագանձման պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հովհաննես Շահինյանը, Սաթիկ Սեյրանյանը պահանջել են համապարտության կարգով Կարեն և Վազգեն Հարությունյաններից հօգուտ իրենց

2

բռնագանձել 110.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև 31.12.2009 թվականից 10.000 ԱՄՆ դոլարի և 16.05.2010 թվականից 100.000 ԱՄՆ դոլարի մասերով մինչև պարտավորության դադարման օրը տոկոսներ` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Էդ. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 19.08.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.11.2011 թվականի որոշմամբ Կարեն և Վազգեն Հարությունյանների վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 19.08.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ: Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Կարեն և Վազգեն Հարությունյանները:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Հովհաննես Շահինյանը, Սաթիկ Սեյրանյանը:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է <<Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին>> եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 11-րդ, 12-րդ, 47-րդ, 48-րդ, 51-րդ, 53-րդ, 54-րդ, 78-րդ, 118-րդ, 130-132-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1285-րդ, 1287-րդ հոդվածները, ՌԴ քաղաքացիական օրենսգրքի 308-րդ, 466րդ, 475-րդ, 480-րդ հոդվածները (կամ համապատասխանաբար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 346-րդ, 395-րդ, 396-րդ, 447-րդ, 481-491-րդ հոդվածները), որոնք պետք է կիրառեր, սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ, 345-րդ, 347-րդ, 362-րդ, 408-րդ հոդվածները:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը 03.12.2009 թվականի ստացականին տվել է առաջնային նշանակություն` որպես իբր բանավոր պայմանավորվածության արդյունքում կազմված պարտավորությունների մասին պատշաճ գրավոր ապացույց և պարտադիր կատարման ենթակա գործարքի ձև, մինչդեռ 09.12.2009 թվականին այլ էական պայմաններով կնքված և նոտարական կարգով վավերացված առուվաճառքի պայմանագրին տվել է երկրորդական նշանակություն` այն ընդամենը դիտելով որպես բանավոր գործարքի կատարմանն ուղղված արդյունք, ինչպես նաև եզրահանգում կատարելով, որ Հովհաննես Շահինյանն իբր դրանով իսկ պատշաճ կատարել է իր բաժնեմասը վաճառելու պարտավորությունը, իսկ բողոք բերած անձինք չեն վճարել բանավոր գործարքով պայմանավորված գումարը:

Վերաքննիչ

դատարանն

անտեսել

է

նաև,

որ

պարտավորությունը

պարտականություններ չի ստեղծում որպես կողմ չմասնակցած անձանց (երրորդ անձանց) համար, իսկ տվյալ դեպքում ապագայում նոտարական կարգով վավերացման ենթակա առուվաճառքի պայմանագիր կնքելու մտադրություն են ունեցել <<ԳՐԻԳ>> ՍՊԸի (այսուհետ` Ընկերություն) 51 տոկոսի բաժնետեր Հովհաննես Շահինյանը և Վազգեն Հարությունյանը, հետևաբար ո'չ Կարեն Հարությունյանը և ո'չ էլ Սաթիկ Սեյրանյանը 09.12.2009 թվականին կնքված պայմանագրի կողմեր չեն հանդիսացել:

3

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ տվյալ դեպքում Վազգեն Հարությունյանը և Հովհաննես Շահինյանը կնքել են նոտարական կարգով վավերացված առուվաճառքի պայմանագիր` սահմանելով դրա համար Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական

օրենսդրությանը

(նաև`

Հայաստանի

Հանրապետության

օրենսդրությանը) չհակասող բոլոր էական պայմանները, միաժամանակ նրանք չեղյալ են համարել մինչ նշված պայմանագրի կնքումը նախկին բոլոր այլ բանավոր կամ գրավոր պարտավորությունները և պայմանավորվածությունները:

Վերաքննիչ դատարանը սույն գործի քննությունը նշանակել է 09.11.2011 թվականին` ժամը 12:00-ին, իսկ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցումը Կարեն Հարությունյանը ստացել է միայն 10.11.2011 թվականին, սակայն Վերաքննիչ դատարանը, պարզելով այդ հանգամանքը, գործի քննությունը չի հետաձգել, այլ բավարար համարելով տվյալ պահին միայն Վազգեն Հարությունյանի ներկայությունը` շարունակել և ավարտել է այն:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 24.11.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության կամ այն փոփոխել` հայցը մերժել:

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Վճռաբեկ բողոքում Վազգեն Հարությունյանը նշել է, որ Սաթիկ Սեյրանյանը որպես վաճառող հանդես չի եկել, իր հետ որևէ բանավոր կամ գրավոր պայմանավորվածություն չի ունեցել և որպես ապագա գնորդ` ինքը ստացականի տակ չի ստորագրել, մինչդեռ Վազգեն Հարությունյանը հենց վճռաբեկ բողոքում նշել է նաև, որ ինքն է հանձնարարել որդուն, որպեսզի 40.000 ԱՄՆ դոլարը հանձնի Սաթիկ Սեյրանյանին, ինչն էլ հանդիսացել է Ընկերության բաժնեմասի առուվաճառքի գնի դիմաց նախապես պայմանավորված վճարվելիք գումարի մի մասը:

Ավելին, Ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմասը ձեռք բերելու պահին Հովհաննես Շահինյանը և Սաթիկ Սեյրանյանը գտնվել են օրինական ամուսնության մեջ, հետևաբար Ընկերության բաժնեմասը հանդիսացել է վերջիններիս ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը, այսինքն` բաժնեմասն ինչպես ձեռքբերման, այնպես էլ օտարման ժամանակ նրանց է պատկանել համատեղ սեփականության իրավունքով:

Ինչ վերաբերում է Վազգեն Հարությունյանի այն փաստարկին, որ ինքը Կարեն Հարությունյանին չի լիազորել բացի գումարը հանձնելուց և դրա մասին ստացական վերցնելուց որևէ այլ բան պարտավորվելու, ապա գործարքի գինը փոխադարձ համաձայնությամբ սահմանվել էր 150.000 ԱՄՆ դոլար, այսինքն` մնացած 110.000 ԱՄՆ դոլարը ենթակա էր վճարման, հետևաբար Վազգեն Հարությունյանի այն դիրքորոշումը, որ ինքը 40.000 ԱՄՆ դոլարը վճարելուց բացի որևէ այլ բան չի պարտավորվել, անհիմն է: Բողոք բերած անձանց այն պատճառաբանությունը, որ Դատարանը, 03.12.2009 թվականին կազմված ստացականին առաջնային նշանակություն տալով, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները, նույնպես անհիմն է և առարկայազուրկ, քանի որ այդ ստացականը` որպես գրավոր ապացույց, պարունակում է Վազգեն Հարությունյանի կողմից ձեռք բերված Ընկերության բաժնեմասի գնի չափի վերաբերյալ տեղեկություն, որը ստորագրվել է Վազգեն Հարությունյանի հանձնարարությամբ նրա որդու կողմից, հետևաբար սույն վեճի օբյեկտիվ լուծման համար այն ունի էական ապացուցողական նշանակություն:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի այն փաստարկին, որ նոտարական կարգով վավերացված առուվաճառքի պայմանագրով կողմերը չեղյալ են համարել մինչ դրա

4

կնքումը նախկին բոլոր այլ բանավոր կամ գրավոր պարտավորությունները և ներկայացումները, ապա այդ փաստարկը նույնպես անհիմն և առարկայազուրկ է, քանի որ Վազգեն Հարությունյանը և նրա ներկայացուցիչը հայցադիմումի պատասխանում, ինչպես նաև դատաքննության ողջ ընթացքում ցուցմունքներ են տվել այն մասին, որ 10.000 ԱՄՆ դոլարը 21.12.2009 թվականին փոխանցել են Հովհաննես Շահինյանին` նրա ընտանիքին հավատարիմ մարդու միջոցով, այսինքն` 09.12.2009 թվականի առուվաճառքի պայմանագիրը կնքվելուց հետո նույն գործարքի շրջանակներում Վազգեն Հարությունյանի պնդմամբ դեռ շարունակվել են իր և Հովհաննես Շահինյանի փոխհարաբերությունները` հատկապես գործարքի գնի` 150.000 ԱՄՆ դոլարի մասով:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 03.12.2009 թվականի ստացականի համաձայն` Սաթիկ Սեյրանյանը 03.12.2009 թվականին Կարեն Հարությունյանից ստացել է 40.000 ԱՄՆ դոլար: Ստացականում նշվել է, որ պայմանավորվածության համաձայն` ևս 10.000 ԱՄՆ դոլար պետք է տրվի 30.12.2009 թվականին, իսկ գումարի մնացած մասը` 100.000 ԱՄՆ դոլարը, պետք է տրվի մինչև 15.05.2010 թվականն ընկած ժամանակահատվածում: Ստացականի համաձայն` Սաթիկ Սեյրանյանը Հովհաննես Շահինյանի կինն է, իսկ Կարեն Հարությունյանը` Վազգեն Հարությունյանի որդին (հատոր 1-ին, գ.թ. 9):

2) 09.12.2009 թվականին ՌԴ Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքում կնքված <<Ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմասի առուվաճառքի>> թիվ 23 Ըթ 787226 պայմանագրի 1-ին կետի համաձայն` Հովհաննես Շահինյանը, ում անունից գործում է Դոնարա Կասյանը, Վազգեն Հարությունյանին վաճառեց Ընկերության կանոնադրական կապիտալում իրեն պատկանող ամբողջ բաժնեմասը: Ընկերության կանոնադրական կապիտալում Հովհաննես Շահինյանին պատկանող բաժնեմասի չափը կազմում է 51 տոկոս:

Պայմանագրի 3-րդ կետի համաձայն` Ընկերության նշված բաժնեմասի անվանական արժեքը, համաձայն Իրավաբանական անձանց միասնական պետական ռեեստրի 08.12.2009 թվականի քաղվածքի, կազմում է 5.100 ռուբլի:

Պայմանագրի 4-րդ կետի համաձայն` Ընկերության կանոնադրական կապիտալում նշված բաժնեմասը կողմերը գնահատում են 5.100 ռուբլի:

Պայմանագրի 5-րդ կետի համաձայն` Վազգեն Հարությունյանը Հովհաննես Շահինյանից գնեց Ընկերության կանոնադրական կապիտալում նշված բաժնեմասը 5.100 ռուբլով: Կողմերի միջև հաշվարկը կատարված է ամբողջությամբ: Մինչև պայմանագրի ստորագրումը Հովհաննես Շահինյանը, ում անունից գործում է Դոնարա Կասյանը, Վազգեն Հարությունյանից ստացել է 5.100 ռուբլի:

Պայմանագրի 6-րդ կետի համաձայն` նոտարի կողմից կողմերին բացատրվեց, որ գնի մասին համաձայնությունը հանդիսանում է նույն պայմանագրի էական պայման, և որ Ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմասի իրական գինն ու իսկական մտադրությունները նրանց կողմից թաքցնելու դեպքում նրանք ինքնուրույն են կրում գործարքն անվավեր ճանաչելու, ինչպես նաև այլ բացասական հետևանքների ի հայտ գալու ռիսկը:

Պայմանագրի 13-րդ կետի համաձայն` պայմանագիրը պարունակում է նույն պայմանագրի առարկայի վերաբերյալ կողմերի միջև համաձայնությունների ողջ ծավալը և չեղյալ է դարձնում բոլոր այլ բանավոր կամ գրավոր պարտավորությունները կամ ներկայացումները, որոնք կողմերը կարող էին ընդունել կամ անել մինչև նույն պայմանագրի կնքումը (հատոր 1-ին, գ.թ. 51-53):

5

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքները, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է յուրաքանչյուր ապացույց գնահատել գործում եղած բոլոր ապացույցների համակցությամբ, ինչի արդյունքում միայն հնարավոր կլինի պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը: Սույն գործով Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելու հիմքում դրել է այն հիմնավորումը, որ Վազգեն Հարությունյանի որդի Կարեն Հարությունյանի և Հովհաննես Շահինյանի կնոջ` Սաթիկ Սեյրանյանի միջև 03.12.2009 թվականին կազմված ստացականի համաձայն` Սաթիկ Սեյրանյանը 03.12.2009 թվականին Կարեն Հարությունյանից ստացել է 40.000 ԱՄՆ դոլար, ևս 10.000 ԱՄՆ դոլար Սաթիկ Սեյրանյանին պետք է տրվի 30.12.2009 թվականին, իսկ գումարի մյուս մասը` 100.000 ԱՄՆ դոլարը, պետք է տրվի մինչև 15.05.2010 թվականն ընկած ժամանակահատվածում: Այնուհետև Հովհաննես Շահինյանի ներկայացուցիչ Դոնարա Կասյանը և Վազգեն Հարությունյանը 09.12.2011 թվականին կնքել են Ընկերության կանոնադրական կապիտալում Հովհաննես Շահինյանին պատկանող ամբողջ 51 տոկոս բաժնեմասի առուվաճառքի պայմանագիր: Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ Դատարանը պատշաճ գնահատման է արժանացրել գործում առկա բոլոր ապացույցները և դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում իրավացիորեն եկել է այն եզրահանգման, որ Ընկերության բաժնեմասի օտարման արդյունքում Կարեն և Վազգեն Հարությունյանների մոտ Հովհաննես Շահինյանի, Սաթիկ Սեյրանյանի նկատմամբ ծագել է գումար վճարելու պարտավորություն:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործում առկա ապացույցները չի գնահատել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Այսպես` սույն գործի փաստերի համաձայն` 03.12.2009 թվականի ստացականով հաստատվում է այն փաստական հանգամանքը, որ Սաթիկ Սեյրանյանը` Հովհաննես Շահինյանի կինը, նույն թվականին Կարեն Հարությունյանից` Վազգեն Հարությունյանի որդուց, ստացել է 40.000 ԱՄՆ դոլար, ևս 10.000 ԱՄՆ դոլար պետք է տրվեր 30.12.2009 թվականին, իսկ գումարի մնացած մասը` 100.000 ԱՄՆ դոլարը, պետք է տրվեր մինչև 15.05.2010 թվականն ընկած ժամանակահատվածում: Միաժամանակ 09.12.2009 թվականի <<Ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմասի առուվաճառքի>> թիվ 23 Ըթ 787226 պայմանագրի 1-ին և 5-րդ կետերով հաստատվում են այն փաստական հանգամանքները, որ Հովհաննես Շահինյանը Վազգեն Հարությունյանին վաճառել է Ընկերության կանոնադրական կապիտալում իրեն պատկանող ամբողջ բաժնեմասը, Վազգեն Հարությունյանը Հովհաննես Շահինյանից գնել է Ընկերության կանոնադրական

6

կապիտալում նշված բաժնեմասը 5.100 ռուբլով, և կողմերի միջև հաշվարկը կատարվել է ամբողջությամբ, իսկ նույն պայմանագրի 13-րդ կետով հաստատվում է այն փաստական հանգամանքը, որ այդ պայմանագիրը չեղյալ է դարձնում բոլոր այլ բանավոր կամ գրավոր պարտավորությունները կամ ներկայացումները, որոնք կողմերը կարող էին ընդունել կամ անել մինչև նույն պայմանագրի կնքումը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 423-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորությունը լրիվ կամ մասնակի դադարում է օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով նախատեսված հիմքերով:

Վերոնշյալ դրույթի բովանդակության վերլուծությունից հետևում է, որ կողմերը, օգտվելով պայմանագրի ազատության սկզբունքից, կարող են չսահմանափակվել օրենքով նշված` պարտավորությունների դադարման հիմքերով և պայմանագրում նախատեսել օրենքով չսահմանված այլ հիմք:

Համադրելով վերոնշյալ դրույթը սույն գործի փաստերի հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 03.12.2009 թվականի ստացականը կազմելուց հետո 09.12.2009 թվականին կնքված <<Ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմասի առուվաճառքի>> թիվ 23 Ըթ 787226 պայմանագրի ուժով (13-րդ կետ) կողմերը դադարեցրել են բոլոր այն բանավոր կամ գրավոր պարտավորությունները կամ ներկայացումները, որոնք կողմերը կարող էին ընդունել կամ անել մինչև այդ պայմանագրի կնքումը, որպիսի փաստական հանգամանքն անտեսվել և չի գնահատվել Վերաքննիչ դատարանի կողմից:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առանց 09.12.2009 թվականի <<Ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմասի առուվաճառքի>> թիվ 23 Ըթ 787226 պայմանագիրը գնահատելու միայն 03.12.2009 թվականի ստացականի հիմքով հայցի բավարարումը չունի որևէ իրավական հիմք, և նման պայմաններում սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:

Միաժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 346-րդ հոդվածի 3-րդ կետի 1-ին պարբերության համաձայն` պարտավորությունը պարտականություններ չի ստեղծում որպես կողմ չմասնակցող անձանց (երրորդ անձանց) համար:

Վճռաբեկ դատարանը նշված դրույթի հիման վրա գտնում է, որ 09.12.2009 թվականի <<Ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմասի առուվաճառքի>> թիվ 23 Ըթ 787226 պայմանագրի կողմերն են հանդիսացել Հովհաննես Շահինյանը և Վազգեն Հարությունյանը, մինչդեռ Դատարանը սույն գործով Ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմասի վաճառքի հիմքով գումարի վճարման պարտավորություն է դրել նաև Կարեն Հարությունյանի վրա:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կարեն Հարությունյանը 03.12.2009 թվականի ստացականով ևս վճարման որևէ պարտավորություն չի ստանձնել, սակայն նշված հանգամանքները Վերաքննիչ դատարանի կողմից նույնպես անտեսվել են:

Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին, ինչպես նաև վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկներին չի անդրադառնում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից վերոգրյալ պայմանագրի անտեսման և չգնահատման պայմաններում այդ փաստարկները սույն գործի լուծման համար չունեն որևէ էական նշանակություն:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

7

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.11.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և ՆորքՄարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող`

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Դատավորներ`

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
29 հունիսի, 2012 թ.
Գործի #:
ԵԿԴ/2499/02/10
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել