Ոսկերչյան — ԵԿԴ/0044/01/09
Վճռաբեկ դատարանի նախադեպային շտեմարանում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՄԻԵԿ հոդված 46. Վճիռների պարտադիր ուժն ու կատարումը · Հոդված 426.4. Գործերի վերանայման հիմքերն ու ժամկետները նոր հանգամանքների հետևանքովԱմփոփում
Պ Ա Ր Զ Ե Ց Գործի դատավարական նախապատմությունը. 1. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2009 թվականի հուլիսի 10-ի դատավճռով ամբաստանյալ Գրիգոր Հարությունի Ոսկերչյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 301-րդ հոդվածով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ 2009 թվականի հունիսի 19-ի՝ «Համաներում հայտարարելու մասին» որոշման 2-րդ կետի 6-րդ ենթակետի հիման վրա`
Ամբողջ Տեքստ
ԵԿԴ/0044/01/09
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
11 նոյեմբերի 2022 թվական ք.Երևան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
քարտուղարությամբ՝ Մ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
մասնակցությամբ դատախազ՝ Կ.ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ
դռնբաց դատական նիստում քննության առնելով Գրիգոր Հարությունի Ոսկերչյանի վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ 2009 թվականի նոյեմբերի 25-ի որոշման դեմ Գրիգոր Հարությունի Ոսկերչյանի այրի Մարինե Հարությունյանի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանի՝ նոր հանգամանքի հիմքով ներկայացված վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1.
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2009 թվականի հուլիսի 10-ի դատավճռով ամբաստանյալ Գրիգոր Հարությունի Ոսկերչյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 301-րդ հոդվածով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ 2009 թվականի հունիսի 19-ի՝ «Համաներում հայտարարելու մասին» որոշման 2-րդ կետի 6-րդ ենթակետի հիման վրա` Գ.Ոսկերչյանն ազատվել է պատիժը կրելուց։ 2.
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)՝ 2009 թվականի սեպտեմբերի 22-ի որոշմամբ ամբաստանյալ Գ.Ոսկերչյանի և նրա պաշտպաններ Մ.Շուշանյանի ու Ս.Ոսկանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հուլիսի 10-ի դատավճիռը՝ թողնվել օրինական ուժի մեջ:
3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալ Գ.Ոսկերչյանի և նրա պաշտպան Մ.Շուշանյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի՝ 2009 թվականի նոյեմբերի 25-ի որոշմամբ վերադարձվել է։
4. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան), հիմք ընդունելով Գրիգոր Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի գործով ՀՀ Կառավարության միակողմանի հայտարարությունը, 2021 թվականի դեկտեմբերի 14-ի որոշմամբ Գ.Ոսկերչյանի գանգատը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Եվրոպական կոնվենցիա) 37-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի հիման վրա հանել է իր կողմից քննվող գործերի ցուցակից։
5. 2022 թվականի ապրիլի 20-ին Գ.Ոսկերչյանի[1] այրի Մարինե Հարությունյանի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը, որպես նոր հանգամանք վկայակոչելով Գրիգոր Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի որոշումը, բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան: Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի հուլիսի 25-ի որոշմամբ հարուցվել է նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վարույթ և բողոքն ընդունվել է Վճռաբեկ դատարանի վարույթ[2]։ Վճռաբեկ դատարանը 2022 թվականի հոկտեմբերի 28-ին որոշում է կայացրել վճռաբեկ բողոքը դատական նիստում քննության առնելու մասին: Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
6. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Բողոքաբերը փաստել է, որ Գրիգոր Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի որոշումը նոր հանգամանք է՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2009 թվականի սեպտեմբերի 22-ի որոշումը վերանայելու, այն բեկանելու և Գ.Ոսկերչյանին արդարացնելու համար, քանի որ ՀՀ Կառավարությունը միակողմանի հայտարարությամբ ընդունել է, որ տեղի է ունեցել Գ.Ոսկերչյանի՝ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով, 6-րդ հոդվածի 3-րդ կետի «ա», «բ» և «դ» ենթակետերով և 10-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների խախտում, ինչի հիման վրա էլ Եվրոպական դատարանը որոշել է գանգատը հանել քննվող գործերի ցուցակից։
7. Վերոգրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է ամբողջությամբ բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2009 թվականի սեպտեմբերի 22-ի որոշումը, և ճանաչել ու հռչակել Գ.Ոսկերչյանի անմեղությունը մեղսագրված արարքում: Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
8. Գրիգոր Ոսկերչյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. «(…) [Նա] մի խումբ անձանց հետ կազմակերպել է զանգվածային անկարգություններ, որպիսի գործողություններն արտահայտվել են հետևյալում. Գրիգոր Ոսկերչյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Հակոբ Հակոբյանը, Սասուն Միքայելյանը, Մյասնիկ Մալխասյանը, Շանթ Հարությունյանը, Սուրեն Սիրունյանը, Նիկոլ Փաշինյանը, Խաչատուր Սուքիասյանը, Համլետ Հովհաննիսյանը, Վիրաբ Մանուկյանը և մյուսները երկրում ներքաղաքական վիճակն ապակայունացնելու և զանգվածային անկարգություններ հրահրելու դիտավորությամբ կազմակերպել ու անմիջականորեն իրականացրել են հանցավոր մտադրությունն ի կատար ածելուն ուղղված գործողություններ։ Հասարակության լայն շրջաններում դժգոհություն առաջացնելու, մարդկանց նոր զանգվածներ ներգրավելու մղումով, ինչպես նաև որպես պետական իշխանության ներկայացուցիչների նկատմամբ ուժ գործադրելու պատրաստակամության դրսևորում, Գրիգոր Ոսկերչյանը և մյուսները, տարբեր միջոցներով` իրենց շրջապատի նկատմամբ անձնական և ծառայողական ազդեցություն գործադրելով, հարկադրելով, խոստումների և որոշակի վարձատրության դիմաց հավաքագրելով մարդկանց հոծ բազմություն, վերջիններիս ներգրավել են 2008թ. փետրվարի 20-ից Երևան քաղաքում անցկացվող զանգվածային հրապարակային միջոցառումներին, որտեղ ամբոխավարական կրքեր հրահրելու եղանակով բազմությանը տրամադրել, նախապատրաստել են անհնազանդության և զանգվածային բռնարարքների։ Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ իրագործելու մտադրությամբ խմբի անդամները, ինչպես անձամբ, այնպես էլ իրենց հետ համագործակցող այլ անձանց միջոցով, կազմավորել են զանգվածային բռնարարքների կատարմանը պատրաստ անձանց խմբեր և կազմակերպել նրանց շրջանում ապօրինի կերպով ձեռք բերված հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, պայթուցիկ սարքերի, ինչպես նաև մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված տարատեսակ առարկաների բաշխում։ Մասնավորապես, Գրիգոր Ոսկերչյանը, նյութապես շահագրգռելով, անձամբ և Խաչիկ Մարտիրոսյանի միջոցով Աբովյան քաղաքից ու Կոտայքի մարզի տարբեր բնակավայրերից հավաքագրել է Արիստակես Վարդանյանին, Խամո Նամադյանին, Լուիզա Ստեփանյանին, Պետրոս Պետրոսյանին, Սարգիս Բադիկյանին, Կարեն Ստեփանյանին, Սարգիս Խաչիկյանին, Ռոբերտ Սարգսյանին, Աբրահամ Մաթևոսյանին, Ռոստամ Պետրոսյանին, Կարինե Գասպարյանին, Հակոբ Աթաբեկյանին, Համլետ Հայրապետյանին, Վահագն Մանուկյանին, Շավարշ Մանուկյանին և մարդկանց նոր խմբեր, ապահովել նրանց տեղափոխումը Երևան՝ զանգվածային միջոցառումներին մասնակցելու համար, անմիջականորեն ղեկավարել ու առաջնորդել է նրանց։ Օգտագործելով Աբովյանի նախկին քաղաքապետի, ԱԺ նախկին պատգամավորի աշխատանքային փորձը, համաքաղաքացիների շրջանում ունեցած իր ազդեցությունը` հավաքված բազմությանն առավել ոգևորելու, 2008թ. մարտի 1-ին Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ իրագործելու, դրանց կատարմանը մարդկանց ներկայությունն ապահովելու և նոր զանգվածներ ընդգրկելու նպատակով 2008թ. փետրվարի 29-ի երեկոյան դիմել է «Ազատության» հրապարակում հավաքված Կոտայքի մարզի բնակիչներին և նրանց հորդորել տուն չգնալ, գիշերել հրապարակի տարածքում` հայտարարելով, որ այս գիշերը կարևոր է բոլորի համար, շատ մարդ է պետք լինելու, դրա դիմաց խոստացել է նյութական փոխհատուցում, իսկ առավել ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար` պարգևատրումներ՝ նույնիսկ պաշտոնների նշանակման ձևով։ 2008թ. մարտի 1-ի վաղ առավոտյան, երբ ոստիկանության աշխատակիցները, իրացնելով Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու նպատակով հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, պայթուցիկ սարքերի, մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված այլ առարկաների ապօրինի շրջանառության մասին օպերատիվ տեղեկությունը, փորձել են Ազատության հրապարակում հայտնաբերել և առգրավել դրանք, զանգվածային միջոցառման կազմակերպիչների հրահանգով հրապարակում գտնվող բազմության մի ստվար զանգված հանրավտանգ հիշյալ պարագաների օգտագործմամբ դիմադրություն է ցույց տվել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել վերջիններիս նկատմամբ։ Այնուհետև, զանգվածային միջոցառման մասնակիցները Գրիգոր Ոսկերչյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Նիկոլ Փաշինյանի, Սուրեն Սիրունյանի, վերը թվարկված նրանց մյուս հանցակիցների ուղղորդմամբ և հրահանգով տեղափոխվել, Վիրաբ Մանուկյանի և այլոց կազմակերպմամբ հասարակական և մասնավոր տրանսպորտային միջոցները դիտավորությամբ վնասելով, շահագործումից դուրս բերելով և արգելապատնեշներ կառուցելով, դիրքավորվել են Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում, որտեղ վերջիններս հրահրել, կազմակերպել, անմիջականորեն ղեկավարել են զանգվածային անկարգությունները. մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված և ձեռնահաս այլ միջոցներով զինվելու ու հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու, վերջիններիս օրինական պահանջներին ակտիվորեն չենթարկվելու հրահանգներ են տվել, իրենց իսկ հավաքագրած անձանց միջոցով ներգրավել են նոր մարդկանց, ամբոխի առավել ագրեսիվ զանգվածին բաժանել զենքեր, մարմնական վնասվածքներ պատճառելու, հրկիզումներ ու ավերումներ առաջացնելու համար հարմարեցված մետաղական ձողեր, մահակներ, ամրաններից պատրաստված «ոզնի» կոչվող սրածայր մետաղական կոնստրուկցիաներ, բենզինով լցված շշեր` «Մոլոտովի կոկտեյլ» և այլ պարագաներ։ Արդյունքում` 2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Մյասնիկյանի արձանի և Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքում, Երևանի Գր. Լուսավորիչ, Մաշտոց, Լեո և Պարոնյան փողոցներում հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և սարքեր գործադրելով կատարվել են զանգվածային անկարգություններ, որոնց ընթացքում զինված դիմադրություն է ցույց տրվել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներին, տարբեր ծանրության աստիճանների մարմնական վնասվածքներ են ստացել 187 ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայող ու ոստիկանության աշխատակից, 32 քաղաքացիական անձ, ջարդերի, գույքի դիտավորյալ ոչնչացման, վնասելու և թալանելու հետևանքով ՀՀ ոստիկանությանը պատճառվել է 25.980.093 դրամի վնաս, Երևան քաղաքին և Կենտրոն թաղային համայնքին` 69.288.760 դրամի վնաս, իրավաբանական անձանց` 339.954.866 դրամի վնաս, հրկիզվել և վնասվել է 92 տրանսպորտային միջոց, որի հետևանքով ՀՀ ոստիկանությանը, քաղաքացիներին և ուղևորափոխադրող ընկերություններին պատճառվել է ընդհանուր առմամբ 70.854.525 դրամի վնաս։ Տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում ստացած մարմնական վնասվածքներից մահացել է 10 անձ։ Զինված հարձակումները և զանգվածային անկարգությունները դադարել են միայն արտակարգ դրություն հայտարարելուց և իրավապահների կողմից դրանք կանխելուց հետո»[3]:
9. Առաջին ատյանի դատարանը 2009 թվականի հուլիսի 10-ի դատավճռով արձանագրել է. «(…) [Ն]ախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Գ.Ոսկերչյանը հանդես է եկել իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերով, ինչը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներին։ Սակայն, ճիշտ պարզելով գործի փաստական հանգամանքները, որոնք հաստատվել են նաև դատաքննությամբ ձեռք բերված և հետազոտված ապացույցներով, նախաքննության մարմինը Գ.Ոսկերչյանի գործողություններին տվել է ոչ ճիշտ քրեաիրավական գնահատական, ուստի նրա արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասից պետք է վերաորակել նույն օրենսգրքի 301-րդ հոդվածով։ (…)»[4]։
10. Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, 2009 թվականի սեպտեմբերի 22-ի որոշմամբ արձանագրել է. «(…) Տվյալ դեպքում ընդհանուր իրավասության դատարանի կողմից մեղադրանքի վերաորակումը չի վատթարացրել ամբաստանյալի վիճակը, քանի որ նա մեղադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, որով սահմանվում է ազատազրկում 4-ից 10 տարի ժամկետով, մինչդեռ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով նախատեսված արարքները պատժվում են առավելագույնը 3 տարի ժամկետով ազատազրկմամբ: Չի խախտվել նաև ամբաստանյալի պաշտպանության իրավունքը, քանի որ վերջինիս մեղավորության վերաբերյալ դատարանի հետևությունը հիմնված է միայն դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա, դատաքննության ընթացքում ամբաստանյալին բացատրվել են նրա իրավունքները, վերջինիս համար փաստացի ապահովվել է օրենքով չարգելված բոլոր միջոցներով մեղադրանքից պաշտպանվելու լիարժեք հնարավորությունը: (...) [Դ]ատավճիռը հիմնավորված է և պատճառաբանված, հետևաբար Գ.Ոսկերչյանին արդարացնելու, բերված վերաքննիչ բողոքը բավարարելու հիմքեր չկան (…)»[5]:
11. Եվրոպական դատարանը Գրիգոր Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի գործով 2021 թվականի դեկտեմբերի 14-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը՝ «(…) Կառավարությունը 2020 թվականի օգոստոսի 11-ի գրությամբ Դատարանին տեղեկացրել է, որ գանգատի այս մասով բարձրացված խնդրի լուծման նպատակով առաջարկում է միակողմանի հայտարարություն անել: Նրանք այնուհետև Դատարանից խնդրել են գանգատը հանել քննվող գործերի ցուցակից՝ համաձայն Կոնվենցիայի 37-րդ հոդվածի։ Հայտարարության բովանդակությունը հետևյալն է.
«Ես՝ պրն Եղիշե Կիրակոսյանս, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչս, սույնով հայտարարում եմ, որ Հայաստանի իշխանության մարմիններն ընդունում են, որ տվյալ գործում տեղի է ունեցել դիմումատուի՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով, 6-րդ հոդվածի 3 կետի «ա», «բ» և «դ» ենթակետերով և 10-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների խախտում: Կառավարությունը, ընդունելով դիմումատուի իրավունքների խախտման փաստը, առաջարկում է դիմումատու Գրիգոր Ոսկերչյանին վճարել 12.150 եվրո (տասներկու հազար հարյուր հիսուն եվրո)՝ որպես նրա կողմից կրած ցանկացած և բոլոր վնասների, ինչպես նաև ծախսերի և ծախքերի հատուցում։ (...)
Դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիայի 37-րդ հոդվածով սահմանվում է, որ Դատարանը քննության ցանկացած փուլում կարող է որոշել գանգատը հանել գործերի ցուցակից, եթե հանգամանքները հանգեցնում են այդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ» կամ «գ» ենթակետերում նշված եզրակացություններից որևէ մեկին։ 37-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով Դատարանին մասնավորապես իրավունք է վերապահվում գործը հանել քննվող գործերի ցուցակից, եթե՝ «Դատարանի կողմից հիմք ընդունված որևէ այլ պատճառով գանգատի քննությունը շարունակելն արդարացված չէ»։ Այն վերահաստատում է նաև, որ որոշ հանգամանքներում Դատարանը կարող է գանգատը հանել գործերի ցուցակից՝ 37-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն՝ պատասխանող Կառավարության կողմից միակողմանի հայտարարության հիման վրա, նույնիսկ եթե դիմումատուն ցանկություն է հայտնում, որ գործի քննությունը շարունակվի։ (...)
Դատարանը մի շարք գործերով ձևավորել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով և 3-րդ կետի «ա», «բ» և «դ» ենթակետերով և 10-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների խախտման վերաբերյալ բողոքների մասով իր գործելակերպը (տե՛ս, օրինակ, Պելիսիեն և Սասին ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ] [Pélissier and Sassi v.France [GC]], թիվ 25444/94, §§ 51-54, ՄԻԵԴ 1999-II, Շաչաշվիլին ընդդեմ Գերմանիայի [ՄՊ] [Schatschaschwili v. Germany [GC]], թիվ 9154/10, §§ 110 - 131, ՄԻԵԴ 2015, և Սյուրեկն ընդդեմ Թուրքիայի (թիվ 1) [ՄՊ] [Sürek v. Turkey (no. 1) [GC]], թիվ 26682/95, §§ 58 և 61, ՄԻԵԴ 1999- IV): Հաշվի առնելով Կառավարության հայտարարության մեջ բերված փաստարկների բնույթը, ինչպես նաև առաջարկվող փոխհատուցման գումարը, որը համապատասխանում է նմանատիպ գործերով շնորհված գումարի չափին, Դատարանը համարում է, որ գանգատի քննությունը շարունակելն այլևս արդարացված չէ (37-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետ): Բացի այդ, հաշվի առնելով վերոնշյալ դիտարկումները և մասնավորապես այս հարցի վերաբերյալ գոյություն ունեցող հստակ և ծավալուն նախադեպային իրավունքը՝ Դատարանը համոզված է, որ մարդու իրավունքների նկատմամբ հարգանք դրսևորելու պարտավորությունը, ինչպես սահմանված է Կոնվենցիայով և դրան կից արձանագրություններով, չի պահանջում շարունակել գանգատի քննությունը (37-րդ հոդվածի 1-ին կետ՝ վերջում): (...)
Այս հիմնավորմամբ Դատարանը միաձայն՝
Նկատի է առնում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «ա», «բ» և «դ» ենթակետերի և 10-րդ հոդվածի մասով պատասխանող Կառավարության հայտարարության պայմանները, ինչպես նաև դրանցով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու եղանակները. Որոշում է գանգատը հանել իր կողմից քննվող գործերի ցուցակից՝ համաձայն Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի (...)»[6]: Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
12. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ միակողմանի հայտարարությունը հաստատելու մասին Եվրոպական դատարանի որոշումը որպես նոր հանգամանք դիտարկելու հարցի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր։ Ուստի անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:
13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Եվրոպական դատարանի՝ Գրիգոր Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի գործով 2021 թվականի դեկտեմբերի 14-ի որոշումը հիմք է Վճռաբեկ դատարանի՝ 2009 թվականի նոյեմբերի 25-ի որոշումը վերանայելու համար:
14. Եվրոպական կոնվենցիայի 37-րդ հոդվածի համաձայն՝ «1. Դատարանը քննության ցանկացած փուլում կարող է որոշել գանգատը հանել գործերի ցուցակից, եթե հանգամանքները հանգեցնում են այն եզրակացության, թե՝
ա. դիմողը մտադիր չէ հետամուտ լինել իր գանգատին,
բ. վեճն արդեն կարգավորվել է,
գ. Դատարանի կողմից հիմք ընդունված որևէ այլ պատճառով գանգատի քննությունը շարունակելն արդարացված չէ: Այդուհանդերձ, Դատարանը շարունակում է գանգատի քննությունը, եթե դա է պահանջում սույն Կոնվենցիայով և նրան կից Արձանագրություններով սահմանված իրավունքների հարգումը:
2. Դատարանը կարող է որոշել գանգատը վերստին ընդգրկել գործերի ցուցակում, եթե գտնում է, որ հանգամանքներն արդարացնում են դա»: 14.1. Եվրոպական դատարանի կանոնակարգի (այսուհետ` Կանոնակարգ) 62Ա1 կանոնի համաձայն` «1. (Ա) Եթե գանգատաբերը մերժում է Դատարանի կանոնակարգի 62-րդ կանոնով սահմանված բարեկամական կարգավորման պայմանները, Բարձր պայմանավորվող կողմը կարող է Դատարան ուղարկել խնդրանք` քննության ենթակա գործերի ցուցակից գանգատը հանելու վերաբերյալ` համաձայն Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի: (Բ) Նման խնդրանքն ուղեկցվում է հայտարարությամբ, որով պատասխանող պետությունը հստակ հասկանալի կերպով պետք է ընդունի, որ գանգատաբեր անձի գործով տեղի է ունեցել Կոնվենցիայի խախտում` միաժամանակ իր վրա վերցնելով պարտականություն հատուցելու գանգատաբեր անձին պատճառված վնասները, և, եթե անհրաժեշտ է, նաև ձեռնարկելու միջոցներ խախտման հետևանքները վերացնելու համար (…)»: 14.2. Եվրոպական դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ Եվրոպական կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի (գ) ենթակետի հիման վրա գանգատը գործերի ցուցակից հանելու մասին որոշում կայացնելիս պետք է հաշվի առնվեն հետևյալ հանգամանքները՝
- գանգատի բնույթը,
- նմանատիպ գործերով Եվրոպական դատարանի կողմից կախկինում կայացված վճիռների կատարման համատեքստում կառավարության կողմից ձեռնարկված միջոցների բնույթը, շրջանակը և դրանց ազդեցությունը խնդրո առարկա գործի վրա,
- միակողմանի հայտարարությամբ զիջումների բնույթը, մասնավորապես՝ Եվրոպական կոնվենցիայի խախտման ճանաչումը և նման խախտման համար համապատասխան փոխհատուցման վճարումը,
- խնդրի առնչությամբ համապատասխան կամ «հստակ և ծավալուն» նախադեպային իրավունքի առկայությունը, այլ կերպ՝ արդյոք բարձրացված հարցերը նույնական են Եվրոպական դատարանի կողմից նախկինում կայացված վճիռներով որոշված հարցերի հետ,
- այն եղանակը, որով Կառավարությունը մտադիր է փոխհատուցում տրամադրել դիմումատուին, և արդյոք դա հնարավոր է դարձնում վերացնել ենթադրյալ խախտման հետևանքները[7]։ 14.3. Այս վերջին հանգամանքի առնչությամբ Եվրոպական դատարանն ընդգծել է, որ վճռով Եվրոպական կոնվենցիայի խախտում արձանագրելու դեպքում պետությանը խախտումը վերացնելուն և մինչև խախտումը եղած վիճակը վերականգնելուն պարտավորեցնելու սկզբունքը կիրառելի է նաև միակողմանի հայտարարության դեպքում[8]: Իսկ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ գործի վերաբացումը որոշակի հանգամանքներում մինչև խախտումը եղած վիճակը՝ restitutio in integrum, վերականգնելու առավել արդյունավետ, եթե ոչ միակ միջոցն է[9]: Այսինքն՝ Եվրոպական դատարանը կարևոր է համարում, որ գործի վերաբացման առումով ներպետական օրենսդրությամբ նախատեսված հնարավորությունները Կառավարության միակողմանի հայտարարությունը հաստատելու մասին որոշման դեպքում համարժեք լինեն վճռի կայացման դեպքում նախատեսված հնարավորություններին[10]։ 14.4. Այսպես, Եվրոպական դատարանը որոշ դեպքերում չի ընդունել պետության միակողմանի հայտարարությունն այն պատճառով, որ ազգային օրենսդրությամբ նախատեսված չէ ներպետական մակարդակով գործի վերաբացման հնարավորություն։ Այսպես, օրինակ, Ռուսաստանի Դաշնության դեմ գործերից մեկով կայացված վճռով Եվրոպական դատարանը չի հաստատել Ռուսաստանի Դաշնության կառավարության միակողմանի հայտարարությունը` իրավունքի խախտման փաստն ընդունելու և արդարացի փոխհատուցում տրամադրելու մասին՝ նշելով, որ Կառավարությունը չի պարտավորվել վերաբացել գործի քննությունը ներպետական մակարդակում կամ երաշխավորել նոր դատավարություն` Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված երաշխիքների ապահովմամբ։ Միևնույն ժամանակ, Եվրոպական դատարանն արձանագրել է, որ գործով վկայակոչվող իրավունքի խախտման բնույթն այնպիսին է, որ դիմողի արդար դատաքննության իրավունքի խախտման հետևանքները չեն կարող վերացվել առանց գործի վերաբացման, իսկ ներպետական օրենքը հնարավորություն է տալիս գործի վերաբացում միայն դատարանի կողմից Եվրոպական կոնվենցիայի խախտում գտնելու դեպքում։ Արդյունքում, Ռուսաստանի Դաշնության Կառավարության միակողմանի հայտարարությունը չի ընդունվել, քանի որ գանգատը քննման ենթակա գործերի ցանկից հանելու մասին Եվրոպական դատարանի որոշման հիմքով գործի վերաբացման վերաբերյալ կարգավորում ներպետական օրենքը չի նախատեսել[11]։ 14.5. Համանման կերպով, մի շարք գործերով Եվրոպական դատարանը չի հաստատել Կառավարության միակողմանի հայտարարությունը` նշելով, որ ներպետական օրենսդրությամբ նախատեսված չէ գործի վերաբացման հնարավորություն[12]: 14.6. Ընդ որում, Եվրոպական դատարանն ընդունելի է համարում ոչ միայն ներպետական օրենքում բարեկամական կարգավորումը կամ միակողմանի հայտարարությունը հաստատելու մասին դատարանի որոշումը որպես գործի վերաբացման հիմք ուղղակի նախատեսելը[13], այլ ձևավորված իրավակիրառ պրակտիկայում ներպետական օրենքի մեկնաբանությունն այն հաշվով, որ հնարավոր լինի գործի վերաբացումը միակողմանի հայտարարության հիմքով[14]։ 14.7. Այսպես, օրինակ, Վրաստանի դեմ գործերից մեկով Եվրոպական դատարանը, անդրադառնալով դիմումատուի այն առարկությանը, որ Կառավարության միակողմանի հայտարարության դեպքում չի կարողանա պահանջել կրկնակի քննություն և այդպիսով ամբողջական վերականգնել իր հեղինակությունը, նախ փաստել է, որ քրեական վարույթի վերաբացման համատեքստում ներպետական օրենքի համապատասխան դրույթը հստակ նախատեսում է, որ ոչ միայն դատարանի վճիռը, այլև Եվրոպական կոնվենցիայի դրույթի խախտման մասին եզրակացություն պարունակող որոշումը կարող է գործի վերաբացման հիմք լինել: Հաշվի առնելով Եվրոպական կոնվենցիայով, ինչպես նաև Եվրոպական դատարանի կանոնակարգով սահմանված ընթացակարգերը՝ Եվրոպական դատարանն արդյունքում եզրահանգել է, որ միակ հնարավոր որոշումը, որը կարող է հղում պարունակել Եվրոպական կոնվենցիայի որևէ դրույթի խախտման, Կառավարության միակողմանի հայտարարության հիման վրա գործը ցուցակից հանելու որոշումն է[15]:
15. Վերոնշյալ կոնվենցիոնալ նորմի, Եվրոպական դատարանի կանոնակարգի 62Ա1 կանոնի, ինչպես նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վերլուծությունից բխում է, որ միակողմանի հայտարարությունը, ի թիվս այլնի, ենթադրում է, որ պետությունը հստակ ճանաչում է Եվրոպական կոնվենցիայի կոնկրետ դրույթի կամ դրույթների խախտումը և պարտականություն է ստանձնում միջոցներ ձեռնարկել խախտման հետևանքները վերացնելու և (կամ) մինչև խախտումը եղած վիճակը վերականգնելու համար: Ինչպես բխում է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վերլուծությունից, միակողմանի հայտարարության հիման վրա գանգատը գործերի ցուցակից հանելու մասին որոշում կայացնելու հիմքը, ի թիվս այլնի, պետության կողմից Եվրոպական կոնվենցիայի խախտման փաստի ճանաչումն է, և այդ խախտման հետևանքները վերացնելու հանձնառություն ստանձնելը: Հետևաբար, Եվրոպական կոնվենցիայի որևէ դրույթի խախտման մասին հղում պարունակող, միակողմանի հայտարարության հիման վրա գանգատը գործերի ցուցակից հանելու մասին Եվրոպական դատարանի որոշումը, ինչպես և վճռի պարագայում, հավասարապես պարտավորեցնում է պետությանը միջոցներ ձեռնարկել խախտման հետևանքները վերացնելու ուղղությամբ, այդ թվում՝ գործը վերաբացելու եղանակով, ուստի այդ որոշման հիման վրա գործի վերաբացման հնարավորության բացառումն անհամատեղելի կլինի Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին:
16. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ`ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 426.1-ին հոդվածի համաձայն` «1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը։
2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը»։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի համաձայն` «1. Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են հետևյալ դեպքերում. (…)
2) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը. (…)»։
17. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերոնշյալ նորմերի վերլուծությունից բխում է, որ նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերի վերանայման հիմք է ոչ միայն Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով, այլ նաև որոշմամբ հիմնավորված անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը: Սույն որոշման 14-15-րդ կետերում ներկայացված իրավական դիրքորոշման հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ միակողմանի հայտարարության հիման վրա գանգատը գործերի ցուցակից հանելու մասին Եվրոապական դատարանի որոշումը ևս հիմք է նոր հանգամանքի հետևանքով դատական ակտի վերանայման համար:
18. Հետևաբար, Եվրոպական դատարանի՝ Գրիգոր Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի գործով 2021 թվականի դեկտեմբերի 14-ի որոշումը հիմք է Վճռաբեկ դատարանի՝ 2009 թվականի նոյեմբերի 25-ի որոշումը վերանայելու համար:
19. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Գրիգոր Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի որոշումը հիմք է Առաջին ատյանի դատարանի` 2009 թվականի հուլիսի 10-ի դատավճիռը և Վերաքննիչ դատարանի՝ 2009 թվականի սեպտեմբերի 22-ի որոշումը բեկանելու համար:
20. Եվրոպական կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործի վերաբերյալ, որում նրանք կողմեր են»: Սկոցցարին և Ջունտան ընդդեմ Իտալիայի գործով Եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ. «(…) վճիռը, որով Դատարանը խախտում է արձանագրում, պատասխանող պետության վրա իրավական պարտավորություն է դնում ոչ միայն շահագրգիռ անձանց վճարել արդարացի փոխհատուցման կարգով տրամադրվելիք գումարները, այլ նաև Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ ընտրել ընդհանուր և/կամ անհրաժեշտության դեպքում անհատական միջոցներ, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել ներպետական իրավական համակարգում՝ վերջ տալու համար Դատարանի արձանագրած խախտումներին և հնարավորինս շտկելու դրանց հետևանքները: Բացի այդ, Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ պետությունը ազատ է Կոնվենցիայի 46-րդ հոդվածով ստանձնած իր պարտավորությունների կատարման միջոցների ընտրության հարցում` պայմանով, որ դրանք համատեղելի են Դատարանի վճռի մեջ տեղ գտած եզրակացությունների հետ»[16]: Սելջուկը և Ասկերն ընդդեմ Թուրքիայի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ. «Կոնվենցիայի խախտում արձանագրած Դատարանի վճռով պատասխանող պետության վրա պարտավորություն է դրվում դադարեցնել խախտումը և դրա հետևանքների համար այնպիսի հատուցում տրամադրել, որ հնարավորինս վերականգնվի խախտումից առաջ առկա իրավիճակը (restitutio in integrum): Եթե restitutio in integrum-ը գործնականում հնարավոր չէ, ապա պատասխանող պետությունն ազատ է վճիռը կատարելու միջոցների ընտրության հարցում (…)»[17]:
21. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի համաձայն՝ «1.Նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքով հարուցված վարույթով դատարանը գործի քննության արդյունքում կայացնում է դատական ակտ` սույն օրենսգրքով նախատեսված ընդհանուր կարգով:
2. Այդ վարույթի արդյունքում կայացված դատական ակտում դատարանը կարող է չփոփոխել վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 426.3 կամ 426.4 հոդվածներով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել գործի ելքի վրա (…)»:
22. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով 2013 թվականի մայիսի 31-ին կայացված ՍԴՈ-1099 որոշմամբ ՀՀ Սահմանադրական դատարանն իրավաչափ է համարել նոր (նոր երևան եկած) հանգամանքի հիմքով հարուցված վարույթով բողոքարկվող դատական ակտի եզրափակիչ մասն անփոփոխ թողնելու օրենսդրական հնարավորությունը` պայմանով, որ ներկայացվեն ծանրակշիռ փաստարկներ այն մասին, որ համապատասխան հանգամանքը չի ազդում գործի ելքի վրա: Այլ կերպ ասած՝ այն դեպքում, երբ նոր հանգամանքն ըստ էության կասկածի տակ չի կարող դնել գործի ելքը, ուստի դրա հիման վրա գործի կրկին քննությունը չի կարող ծառայել իր restitutio in integrum հնարավորինս ապահովելու նպատակին՝ այդպիսին կատարելը կդառնա ինքնանպատակ, ավելին, կհակասի իրավական որոշակիության սկզբունքին:
23. Դատական ակտի վերաբացումը կամ գործի նոր քննությունը` որպես մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը վերականգնելու անհատական միջոց, նախատեսված է նաև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի` Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռների հիման վրա ներպետական մակարդակում որոշ գործերի վերաքննության կամ վերաբացման մասին 2000 թվականի հունվարի 19-ի հանձնարարականում, որին ՀՀ Սահմանադրական դատարանը 2013 թվականի մայիսի 31-ի ՍԴՈ-1099 որոշման մեջ ևս հղում է կատարել: Վերոնշյալ հանձնարարականի համաձայն՝ անհատական միջոցառումների ձեռնարկումն անհրաժեշտ է հետևյալ երկու պայմանների պարտադիր առկայության պարագայում, այն է՝ նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը պետք է իր բնույթով լինի այնպիսին, որ լուրջ կասկած հարուցի ներպետական մարմիններում բողոքարկման առարկա վարույթի ելքի արդյունքների կապակցությամբ և դիմումատուն պետք է շարունակի կրել խնդրո առարկա ներպետական որոշման բացասական հետևանքները, որոնք բավարար չափով չեն վերականգնվում արդարացի փոխհատուցմամբ և չեն կարող վերացվել այլ կերպ, քան դատական ակտի վերանայմամբ կամ գործի վերաբացմամբ:
24. Վերոնշյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված մոտեցումը կիրառելի է նաև այն դեպքում, երբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման հիմքը՝ որպես նոր հանգամանք, միակողմանի հայտարարության հիման վրա գանգատը գործերի ցուցակից հանելու մասին Եվրոպական դատարանի որոշումն է։ Այսինքն՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ միակողմանի հայտարարության հիման վրա գանգատը գործերի ցուցակից հանելու մասին Եվրոպական դատարանի որոշումը չպետք է միանշանակ կերպով դիտարկվի որպես գործերի վերաբացման անվերապահ հիմք։ Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ներպետական դատարանը պետք է գնահատի, թե արդյո՞ք գործով կայացված վերջնական դատական ակտի բեկանումը restitutio in integrum ապահովելու լավագույն միջոցն է։
25. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճռով և Մյասնիկ Մալխասյանն ընդդեմ Հայաստանի գործով 2020 թվականի հոկտեմբերի 15-ի վճիռներով արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.
ա) Ազատության հրապարակում անցկացված ցույցերը եղել են խաղաղ հավաքներ և, ըստ էության, քաղաքական նշանակություն ունեցող հասարակական այնպիսի հարցի մասին արտահայտվելու հարթակ, որն ուղղակիորեն կապված է ժողովրդավարության իրականացման հետ և լուրջ մտահոգության առարկա է եղել Հայաստանի հասարակության լայն հատվածի համար[18],
բ) ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի կողմից լրջորեն կասկածի տակ է դրվել այն վարկածը, ըստ որի՝ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձություններն ընդդիմության առաջնորդների՝ պետական իշխանությունը բռնի զավթելու կամ այլ կերպ ասած՝ հեղաշրջում կատարելու ծրագրված և կազմակերպված փորձի մասն են կազմել, և փաստորեն այդ քրեական հետապնդումները համարվել են ամենայն հավանականությամբ զգալի քաղաքական շարժառիթներ ունեցող: Առկա չէ որևէ ապացույց, որը կստիպի Եվրոպական դատարանին կասկածի տակ դնել վերոհիշյալ զեկույցներով ձեռք բերված եզրահանգումների իսկությունը[19]։
գ) առկա չեն համոզիչ ապացույցներ առ այն, որ Ազատության հրապարակում զենք է կուտակվել՝ զանգվածային անկարգություններ հրահրելու նպատակով[20]։
26. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.
- Գ.Ոսկերչյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար[21],
- Առաջին ատյանի դատարանը 2009 թվականի հուլիսի 10-ին կայացրած մեղադրական դատավճռով փաստել է, որ նախաքննության մարմինը, թեև ճիշտ է պարզել գործի փաստական հանգամանքները, որոնք հաստատվել են նաև դատաքննությամբ ձեռք բերված և հետազոտված ապացույցներով, սակայն Գ.Ոսկերչյանի գործողություններին տվել է ոչ ճիշտ քրեաիրավական գնահատական, ուստի նրա արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասից վերաորակել է նույն օրենսգրքի 301-րդ հոդվածով[22],
- Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, դատական ակտում նշել է, որ ստորադաս դատարանի դատավճիռը հիմնավորված է և պատճառաբանված, հետևաբար Գ.Ոսկերչյանին արդարացնելու, բերված վերաքննիչ բողոքը բավարարելու հիմքեր չկան [23]:
27. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 20-24-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների, ինչպես նաև սույն որոշման 25-րդ կետում նշված Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի և Մյասնիկ Մալխասյանն ընդդեմ Հայաստանի գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում փաստել, որ Գ.Ոսկերչյանին առաջադրված մեղադրանքի նույնական փաստական հանգամանքների վերաբերյալ Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի շրջանակներում միջազգային դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները և կատարված արձանագրումները prima facie ստվերում են նրան առաջադրված մեղադրանքը, նկատի ունենալով նաև մեղադրանքի փաստական հանգամանքների անմիջական փոխկապակցվածությունը արտահայտվելու ազատության իրավունքի հետ՝ երաշխավորված Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով։
28. Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Գ.Ոսկերչյանին առաջադրված մեղադրանքի փաստական հանգամանքների ամբողջությունը բավարար չէ նրան՝ իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու մեջ մեղավոր ճանաչած դատական ակտերն օրինական ուժի մեջ թողնելու համար, նկատի ունենալով, որ դրանք անհամատեղելի են Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի հետ։
29. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Գրիգոր Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի որոշումը հիմք է Առաջին ատյանի դատարանի` 2009 թվականի հուլիսի 10-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2009 թվականի սեպտեմբերի 22-ի որոշումը բեկանելու համար:
30. Վերը նշվածը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս վերանայելու Վճռաբեկ դատարանի` 2009 թվականի նոյեմբերի 25-ի որոշումը և բեկանելու ստորադաս դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը, ճանաչելու և հռչակելու Գ.Ոսկերչյանի անմեղությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքում` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
31. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 415.1-րդ, 418-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-րդ, 426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ վճռաբեկ դատարանի` 2009 թվականի նոյեմբերի 25-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:
2. Վերանայման արդյունքում Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2009 թվականի հուլիսի 10-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2009 թվականի սեպտեմբերի 22-ի որոշումը բեկանել և փոփոխել:
3. Գրիգոր Հարությունի Ոսկերչյանին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքում ճանաչել անմեղ և արդարացնել՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող` Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
Ծանոթագրություններ
[1] Գրիգոր Հարությունի Ոսկերչյանը մահացել է 2021 թվականի ապրիլի 11-ին, տե'ս մահվան վկայականը, քրեական գործ, հատոր 12, թերթ 9: [2] Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 9-րդ մասի՝ Վճռաբեկ բողոքը քննվում է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։ [3] Տե՛ս քրեական գործ, հատոր 10, թերթեր 67-74
[4] Տե՛ս նույն տեղում:
[5] Տե՛ս քրեական գործ, հատոր 10-րդ, թերթեր 189-197:
[6] Տե՛ս քրեական գործ, հատոր 12-րդ, թերթեր 12-18:
[7] Տե՛ս, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Tahsin Acar v. Turkey գործով 2003 թվականի մայիսի 6-ի վճիռը, գանգատ թիվ 26307/95, կետեր 75-77: [8] Տե՛ս, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Cereale Flor S.a. And Rosca v. Moldova գործով 2017 թվականի փետրվարի 14-ի վճիռը, գանգատներ թիվ 24042/09 և 3159/10, կետեր 28: [9] Տե՛ս, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Davydov v. Russia գործով 2014 թվականի հոկտեմբերի 30-ի վճիռը, գանգատ թիվ 18967/07, կետ 27, Malininas v. Lithuania գործով 2008 թվականի հուլիսի 1-ի վճիռը, գանգատ թիվ 10071/04, կետ 43, Popov v. Russia գործով 2006 թվականի հուլիսի 13-ի վճիռը, գանգատ թիվ 26853/04, կետ 263: [10] Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Igranov and others v. Russia գործով 2018 թվականի մարտի 20-ի վճիռը, գանգատներ թիվ 42399/13 և այլ, 26-րդ կետ։ [11] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Rozhin v. Russia գործով 2011 թվականի դեկտեմբերի 6-ի վճիռը, գանգատ թիվ 50098/07, կետ 23։ [12] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Vojtěchová v. Slovakia գործով 2012 թվականի սեպտեմբերի 25-ի վճիռը, գանգատ թիվ 59102/08, 26-28-րդ կետեր, Hakimi v. Belgium գործով 2010 թվականի հունիսի 29-ի վճիռը, գանգատ թիվ 665/08, 29-րդ կետ, Davydov v. Russia գործով 2014 թվականի հոկտեմբերի 30-ի վճիռը, գանգատ թիվ 18967/07, 31-32-րդ կետեր։ [13] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Eroğlu and Akdemir v. Turkey գործով 2019 թվականի ապրիլի 2-ի որոշումը, գանգատ թիվ 6337/10։ [14] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Tabagari v. Georgia գործով 2013 թվականի հունիսի 18-ի որոշումը, գանգատներ թիվ 70820/10 և 60870/11, Mazanashvili v. Georgia գործով 2014 թվականի հունվարի 24-ի որոշումը, գանգատ թիվ 19882/07, Vashakidze v. Georgia գործով 2014 թվականի հունվարի 28-ի որոշումը, գանգատ թիվ 41359/08, Manukian v. Georgia գործով 2016 թվականի մայիսի 3-ի որոշումը, գանգատ թիվ 49448/08։ [15] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Taktakishvili v. Georgia գործով 2013 թվականի հունիսի 18-ի որոշումը, գանգատ թիվ 46055/06, կետ 22: [16] Տե՛ս Եվրոպական դատարանի՝ Scozzari and Giunta v. Italy գործով 2000 թվականի հուլիսի 13-ի վճիռը, գանգատներ թիվ 39221/98 և 41963/98, կետեր 249-250։ [17] Տե՛ս Եվրոպական դատարանի՝ Selcuk and Asker v. Turkey գործով 1998 թվականի ապրիլի 24-ի վճիռը, գանգատներ թիվ 23184/94 և 23185/94, կետ 125։ [18] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Mushegh Saghatelyan v. Armenia գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճիռը, գանգատ թիվ 23086/08, կետեր 230-233 և 246, Myasnik Malkhasyan v. Armenia գործով 2020 թվականի հոկտեմբերի 15-ի վճիռը, գանգատ թիվ 49020/08, կետ 72։ [19] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Myasnik Malkhasyan v. Armenia գործով վերը հիշատակված վճիռը, կետ 80: [20] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Mushegh Saghatelyan v. Armenia գործով վերը հիաշատակված վճիռը, կետեր 230 և 245: [21] Տե՛ս մանրամասն սույն որոշման 8-րդ կետը։
[22] Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։
[23] Տե'ս սույն որոշման 10-րդ կետը։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 11 նոյեմբերի, 2022 թ.
- Գործի #:
- ԵԿԴ/0044/01/09
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
