Թաթոսյան — ՍԴ/0154/01/20
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 358. Դատավճռի օրինական, հիմնավորված և պատճառաբանված լինելը · Հոդված 23. Դատական պաշտպանության ապահովումըԱմփոփում
Պ Ա Ր Զ Ե Ց Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2019 թվականի մարտի 27-ին ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 214-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է թիվ 51151819 քրեական գործը և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու նպատակով: 2019 թվականի մարտի 28-ին թիվ 51151819 քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունի
Ամբողջ Տեքստ
ՍԴ/0154/01/20
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Սյունիքի մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր՝ Ն․Օհանյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Ս.Համբարձումյան
դատավորներ՝ Ա․Բեկթաշյան
Ա․Վարդանյան
2024 թվականի նոյեմբերի 26-ին քաղաք Երևանում
ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
Դ․ՎԵՔԻԼՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով Նաիրի Կամոյի Թաթոսյանի վերաբերյալ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2022 թվականի սեպտեմբերի 6-ի որոշման դեմ ամբաստանյալ Նաիրի Կամոյի Թաթոսյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2019 թվականի մարտի 27-ին ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 214-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է թիվ 51151819 քրեական գործը և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու նպատակով: 2019 թվականի մարտի 28-ին թիվ 51151819 քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի (այսուհետ նաև՝ Նախաքննության մարմին) վարույթ։ Նախաքննության մարմնի 2019 թվականի մարտի 28-ի որոշմամբ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերությունը ճանաչվել է տուժող։ 2019 թվականի մարտի 29-ին Նաիրի Կամոյի Թաթոսյանը ձերբակալվել է։
Նախաքննության մարմնի 2019 թվականի մարտի 31-ի որոշմամբ Ն․Թաթոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով: Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թվականի ապրիլի 1-ի որոշմամբ Ն․Թաթոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Նույն որոշմամբ Ն․Թաթոսյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է ընտրվել 1․500․000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով գրավը, և 2019 թվականի ապրիլի 2-ին՝ գրավը մուծված լինելը հավաստող փաստաթուղթը վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելուց հետո, Ն․Թաթոսյանն ազատ է արձակվել արգելանքից: Նախաքննության մարմնի 2020 թվականի նոյեմբերի 26-ի որոշմամբ Ն․Թաթոսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է, և վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 214-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով։ 2020 թվականի դեկտեմբերի 25-ին Ն․Թաթոսյանի վերաբերյալ քրեական գործը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի 2022 թվականի փետրվարի 14-ի դատավճռով ամբաստանյալ Ն․Թաթոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 214-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքներ կատարելու մեջ: ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 5 (հինգ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական հետապնդումը՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, դադարեցվել է: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի դրույթների կիրառմամբ՝ հանցանքների համակցությամբ նշանակված պատիժները լրիվ գումարելու միջոցով, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նշանակված 5 (հինգ) տարի ժամկետով ազատազրկմանը գումարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակված 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումը, և Ն․Թաթոսյանի նկատմամբ պատիժ է նշանակվել 6 (վեց) տարի ժամկետով ազատազրկում` առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի համաձայն` նշանակված պատժին հաշվակցվել է Ն․Թաթոսյանի անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը` 4 (չորս) օրը, և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 5 (հինգ) տարի 11 (տասնմեկ) ամիս 26 (քսանվեց) օր ժամկետով` առանց գույքի բռնագրավման:
3. Ամբաստանյալ Ն․Թաթոսյանի պաշտպան Ռ․Ղազարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2022 թվականի սեպտեմբերի 6-ի որոշմամբ բողոքը մերժել է, իսկ Առաջին ատյանի դատարանի 2022 թվականի փետրվարի 14-ի դատավճիռը՝ թողել անփոփոխ։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալ Ն․Թաթոսյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2023 թվականի փետրվարի 9-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոքի հեղինակի կարծիքով Վերաքննիչ դատարանի որոշումը պատճառաբանված և օրինական չէ, դրանով թույլ է տրվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի նորմերի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և ազդել են գործի ելքի վրա, միևնույն ժամանակ բողոքարկվող դատական ակտում կոնկրետ նորմին տրված մեկնաբանությունը հակասում է Լիա Ավետիսյանի վերաբերյալ թիվ ԵԿԴ/0176/01/09 գործով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշմանը։ Ըստ բողոքաբերի՝ Առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճիռն անփոփոխ թողնելով՝ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրությամբ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով երաշխավորված անմեղության կանխավարկածի, անձի ազատության և անձնական անձեռնմխելիության, արդար դատաքննության արդյունավետ միջոցի իրավունքը։ Բողոք բերած անձի պնդմամբ՝ ամբաստանյալ Ն.Թաթոսյանին մեղսագրվող արարքին տրվել է ոչ ճիշտ քրեաիրավական գնահատական՝ հանգելով սխալ հետևության վերջինիս արարքում խարդախության հանցակազմի առկայության վերաբերյալ, քանի որ մեղադրանքի հիմքում դրված և մեղադրական եզրակացությունում շարադրված ապացույցների շարքում առկա չէ փաստական տվյալ այն մասին, որ ամբաստանյալն ի սկզբանե նպատակ է ունեցել խարդախության միջոցով հափշտակելու տուժողի գույքը, ավելին՝ հաստատվել է այն փաստը, որ տուժողը շահույթ է ստացել տոկոսների գումարի տեսքով: Բացակայում է նաև խարդախության հանցակազմի սուբյեկտիվ կողմը՝ նախքան ուրիշի գույքն իր տիրապետության տակ անցնելն այն իրենը դարձնելու և հետագայում չվերադարձնելու կամ պարտավորությունները կատարելուց խուսափելու դիտավորությունը կամ նախապես ունեցած նպատակը, ինչպես նաև օբյեկտիվ կողմը՝ վստահությունը չարաշահելու կամ խաբեության միջոցով ուրիշի գույքին տիրանալը, ինչը Վերաքննիչ դատարանի կողմից հաշվի չի առնվել։ Բողոքաբերն ընդգծել է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Ն.Թաթոսյանի և բանկի միջև առկա է եղել քաղաքացիաիրավական բնույթի վեճ, որը ենթակա է լուծման քաղաքացիական իրավունքի նորմերին համապատասխան և քաղաքացիական դատավարության կարգով։ Բացի այդ, բողոք բերած անձը նշել է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ Ն.Թաթոսյանին մեղադրանք է առաջադրվել 2012 թվականի նոյեմբերի 22-ից մինչև 2019 թվականի հունիսի 4-ը կատարված ենթադրյալ արարքների համար, սակայն նշված ժամանակահատվածում մեղադրանքի հիմքում նշված պայմանագրերի գումարները ոչ միայն վճարվել են, այլև վճարվել են ժամանակին և տոկոսներով, որից բանկը միայն շահել է, իսկ վարկային գործարքների ժամկետանց լինելու, գրավադրման արդյունքում ուշացումներ լինելու, հարկադիր կատարման մարմիններ ներկայացնելու վերաբերյալ ապացույցներ քրեական գործի նյութերում առկա չեն։ 5․1․ Անդրադառնալով Ն․Թաթոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքին՝ բողոքաբերը նշել է, որ առաջադրված մեղադրանքի ծավալից և ձևակերպումներից անհասկանալի է, թե ինչով են դրսևորվել ծանր հետևանքները, եթե նույն որոշման մեկ այլ նախադասության մեջ նշված է, որ բանկի օրինական շահերին պատճառվել է էական վնաս: ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասում նշված է էական վնաս և նույն հոդվածի 2-րդ մասում նշված ծանր հետևանքներ հատկանիշները բնութագրում են նույն երևույթը՝ պատճառված վնասի չափը, ուստի ուղղակի հակադրության մեջ են գտնվում միմյանց հետ և չեն կարող միաժամանակ գոյություն ունենալ։ Վերոգրյալի կապակցությամբ բողոքաբերը փաստարկել է, որ Ն․Թաթոսյանի կողմից ինչ-որ մեկին էական վնաս պատճառելու կամ վերջինիս մեղսագրվող գործողությունների արդյունքում ծանր հետևանքների առաջացման հանգամանքը քրեական գործում առկա որևէ ապացույցով չի հիմնավորվում։ 5․2․ Միևնույն ժամանակ, անդրադառնալով Ն․Թաթոսյանի նկատմամբ նշանակված պատժին՝ բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն, որ ամբաստանյալը բնութագրվում է դրական, խնամքին են գտնվում մինչև 14 տարեկան 2 անչափահաս երեխաները, նախկինում արատավորված չի եղել, մասնակցել է Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված 2020 թվականի պատերազմին և եղել պատերազմի ամենաթեժ կետերում։ 6․ Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 2022 թվականի սեպտեմբերի 6-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ, այն է՝ ճանաչել և հռչակել հանցանքի կատարման մեջ Ն․Թաթոսյանի անմեղությունը և նրա նկատմամբ կայացնել արդարացման դատական ակտ։ Իսկ մեղսագրվող արարքները Ն․Թաթոսյանի կողմից կատարված լինելը հաստատված համարելու դեպքում՝ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Ն․Թաթոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 214-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքներ կատարելու մեջ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. «(…)[Նա], 2012թ. նոյեմբերի 22-ից մինչև 2019թ. հունիսի 4-ը հանդիսանալով առևտրային կազմակերպություն հանդիսացող «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության ծառայող՝ Սիսիան մասնաճյուղի ոսկերիչ-մասնագետը, իր օգտին օգտագործելու նպատակով իր կարգադրիչ և այլ լիազորություններն օգտագործել է նշված կազմակերպության շահերին հակառակ, այն է՝ նախկինում այլ քաղաքացիների կողմից գրավադրված ոսկյա զարդերն ապօրինի կերպով նշված մասնաճյուղի դրամապահոցից իրեն հասու դարձնելով, միասնական դիտավորությամբ կեղծել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր, ապա դրանք օգտագործելով, ինչպես նաև չարաշահելով նշված մասնաճյուղի սպասարկման բաժնի աշխատակիցների վստահությունը, նշված ոսկյա իրերն իբրև կազմակերպության պահանջներին համապատասխան պատշաճ կազմված պայմանագրերով կրկնակի գրավ դնելով, խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գույք՝ դրանով տվյալ կազմակերպության իրավունքներին և օրինական շահերին պատճառելով ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս: Այսպես՝
2012թ. նոյեմբերի 22-ից «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության հետ կնքված աշխատանքային պայմանագրով ունենալով վարկառուների վարկավորման հետ կապված ռիսկերի փորձաքննություն կատարելու, որպես ապահովության միջոց առաջարկվող գրավի առարկաները բանկի պահանջներին համապատասխան գնահատելու, գրավի առարկաները ըստ հարգերի դասակարգելու, կշռելու և գնահատելու, ոսկյա իրերի իրական բաղադրության հետ դրա վրա նշված հարգի համապատասխանությունը որոշելու, գրավադրված գույքի գույքագրում կազմելու կարգադրիչ լիազորությունները, 2013թ. մայիս ամսից մինչև 2019թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում, տարբեր քաղաքացիների կողմից գրավադրված ոսկյա իրերը գրավադրումից հանելու կամ երկարաձգում (վերաձևակերպում) կատարելու պատրվակով նույն մասնաճյուղի սպասարկման բաժնի պետից ապօրինի պահանջել է նախկինում գրավադրված ոսկյա իրերի ընդհանուր 126 փաթեթ, որոնց վրա, մասնաճյուղի դրամապահոցից իրեն հասու դառնալուց հետո, անցք բացելու եղանակով, ընկերության՝ տրամադրված վարկերի ապահովության միջոց հանդիսացող գրավը մինչև վարկի ամբողջական մարումը համապատասխան վարկային փաթեթում պահվելու շահերին հակառակ, վերցրել է գրավադրված ոսկյա իրերի մի մասը, այնուհետև առանց վարկառուների գիտության, նրանց բացակայության պայմաններում, անձամբ օգտագործելու, այն է՝ վարկ ստանալու համար բանկի համապատասխան աշխատակցին ներկայացնելու նպատակով, կազմել է 60 կեղծ դիմում-պայմանագրեր և վարկառուների փոխարեն տվյալ փաստաթղթերում կատարել կեղծ ստորագրություններ, ապա սպասարկման բաժնից ստացված փաթեթներից հանված ոսկյա իրերը նույն վարկառուների կամ այլ քաղաքացիների անուններով գրավ դնելով, դրանց վերաբերյալ կազմել է գրավադրված գույքի գույքագրման վերաբերյալ նույն քանակով ակտեր, որոնց վրա վարկառուների փոխարեն դրել է կեղծ ստորագրություններ, ապա կազմել վարկի տրամադրման համար անհրաժեշտ մյուս փաստաթղթերը, որից հետո կազմել է վարկային 60 կեղծ պայմանագրեր ու վարկառուների փոխարեն կրկին դրել կեղծ ստորագրություններ։ Այնուհետև նշված ոսկյա իրերն իբրև կազմակերպության պահանջներին համապատասխան պատշաճ կազմված վերոնշյալ կեղծ պայմանագրերով կրկնակի գրավ դնելով, երկար տարիների աշխատանքային փորձի արդյունքում նույն մասնաճյուղի աշխատակիցների կողմից իր հանդեպ ձևավորված վստահությունը չարաշահելու եղանակով՝ իբր իր ծանոթի կամ բարեկամի կողմից հերթում չսպասելու պատրվակով, կազմված փաստաթղթերը ներկայացրել է սպասարկման բաժնի համապատասխան աշխատակցին, որից հետո յուրացրել է գրավադրված գույքերի դիմաց տրամադրված, առանձնապես խոշոր չափերով՝ 46.960.612 ՀՀ դրամը և 105.870 ԱՄՆ դոլլարին համարժեք 50.182.380 ՀՀ դրամը, իսկ կազմված նոր վարկային պայմանագրերը և փաթեթները գործարքների ավարտից հետո հանձնել է սպասարկման բաժնի պետին: Նշված գործողություններով <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության իրավունքներին և օրինական շահերին պատճառել է ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս, այն է՝ բանկն ընդհանուր 97.142.992 ՀՀ դրամի չափով զրկվել է տրամադրված վարկերի դիմաց գրավադրված գույքից, բացի այդ տրամադրվել է օրինական եղանակով որևէ գույքով չապահովված վերոնշյալ չափով ՀՀ դրամ վարկ»[1]:
8. Առաջին ատյանի դատարանը 2022 թվականի փետրվարի 14-ի դատավճռով արձանագրել է. «(…) [Վ]երլուծելով ու գնահատելով դատաքննությամբ հետազոտված ապացույցները և գործի նյութերն իրենց համակցությամբ, դրանց գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ինչպես նաև դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ` դատարանը հաստատված է համարում հետևյալ փաստական հանգամանքները`
1. 2012 թվականի նոյեմբերի 22-ից մինչև 2019 թվականի հունիսի 4-ը Նաիրի Կամոյի Թաթոսյանը հանդիսացել է "ՎՏԲ-Հայաստան բանկ" ՓԲԸ Սիսիանի մասնաճյուղի ոսկերիչ-փորձագետը:
2. Նաիրի Թաթոսյանը, "ՎՏԲ-Հայաստան բանկ" ՓԲԸ հետ կնքված աշխատանքային պայմանագրով ունենալով վարկառուների վարկավորման հետ կապված ռիսկերի փորձաքննություն կատարելու, որպես ապահովության միջոց առաջարկվող գրավի առարկաները բանկի պահանջներին համապատասխան գնահատելու, գրավի առարկաները ըստ հարգերի դասակարգելու, կշռելու և գնահատելու, ոսկյա իրերի իրական բաղադրության հետ դրա վրա նշված հարգի համապատասխանությունը որոշելու, գրավադրված գույքի գույքագրում կազմելու կարգադրիչ լիազորություններ, 2013 թվականի մայիսից մինչև 2019 թվականի մարտն ներառյալ ընկած ժամանակահատվածում, տարբեր քաղաքացիների կողմից գրավադրված ոսկյա իրերը գրավադրումից հանելու կամ երկարաձգում (վերաձևակերպում) կատարելու պատրվակով նույն մասնաճյուղի սպասարկման բաժնի պետից պահանջել է նախկինում գրավադրված ոսկյա իրերի ընդհանուր 126 փաթեթ։
3. Դրանից հետո Նաիրի Թաթոսյանը դրանց վրա անցք բացելու եղանակով, վերցրել է գրավադրված ոսկյա իրերի մի մասը, այնուհետև առանց վարկառուների գիտության, նրանց բացակայության պայմաններում, անձամբ օգտագործելու, այն է՝ վարկ ստանալու համար բանկի համապատասխան աշխատակցին ներկայացնելու նպատակով, կազմել է 60 կեղծ դիմում-պայմանագիր և վարկառուների փոխարեն տվյալ փաստաթղթերում կատարել կեղծ ստորագրություններ, ապա սպասարկման բաժնից ստացված փաթեթներից հանված ոսկյա իրերը նույն վարկառուների կամ այլ քաղաքացիների անուններով գրավ դնելով, դրանց վերաբերյալ կազմել է գրավադրված գույքի գույքագրման վերաբերյալ նույն քանակով ակտեր, որոնց վրա վարկառուների փոխարեն դրել է կեղծ ստորագրություններ, ապա կազմել վարկի տրամադրման համար անհրաժեշտ մյուս փաստաթղթերը։
4. Այնուհետև վերջինս կազմել է վարկային 60 կեղծ պայմանագիր ու վարկառուների փոխարեն կրկին կատարել կեղծ ստորագրություններ։ Նշված ոսկյա իրերն իբրև կազմակերպության պահանջներին համապատասխան պատշաճ կազմված վերոնշյալ կեղծ պայմանագրերով կրկնակի գրավ դնելով, երկար տարիների աշխատանքային փորձի արդյունքում նույն մասնաճյուղի աշխատակիցների կողմից իր հանդեպ ձևավորված վստահությունը չարաշահելու եղանակով՝ իբր իր ծանոթի կամ բարեկամի կողմից հերթում չսպասելու պատրվակով, կազմված փաստաթղթերը ներկայացրել է սպասարկման բաժնի համապատասխան աշխատակցին, որից հետո յուրացրել է գրավադրված գույքերի դիմաց տրամադրված, առանձնապես խոշոր չափերով՝ 46.960.612 ՀՀ դրամը և 105.870 ԱՄՆ դոլլարին համարժեք 50.182.380 ՀՀ դրամը, իսկ կազմված նոր վարկային պայմանագրերը և փաթեթները գործարքների ավարտից հետո հանձնել է սպասարկման բաժնի պետին:
5. Նշված գործողություններով «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ 97 142 992 ՀՀ դրամի չափով զրկվել է տրամադրված վարկերի դիմաց գրավադրված գույքից, բացի այդ տրամադրվել է օրինական եղանակով որևէ գույքով չապահովված վերոնշյալ չափով ՀՀ դրամ վարկ: Դատարանն արձանագրում է, որ դատաքննությամբ հետազոտված ապացույցները կասկած չեն հարուցում, պաշտպանական կողմը դրանք չի վիճարկել։ (…)
[Դ]ատարանը փաստում է, որ ամբաստանյալի գործողություններում առկա է խարդախության հանցակազմը, այն է՝ տվյալ դեպքում, Նաիրի Թաթոսյանը, չունենալով բավարար ֆինանսական միջոցներ, յուրացրել է կեղծ վարկային պայմանագրերով բանկից ստացված գումարը։ Դատարանն արձանագրում է, որ գործով ձեռք բերված թույլատրելի և վերաբերելի ապացույցները բավարար են Նաիրի Թաթոսյանի անմեղության կանխավարկածը հաղթահարելու և մեղադրական դատավճիռ կայացնելու համար, ինչի հիման վրա էլ հաստատված է համարում, որ ամբաստանյալ Նաիրի Կամոյի Թաթոսյանը կատարել է հանցավոր արարքներ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 214 հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով (…)»[2]:
9. Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, արձանագրել է. «(…)Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, հանգում է այն հետևության, որ վերաքննիչ բողոքը բավարարելու և դատավճիռը բեկանելու, ամբաստանյալ Նաիրի Թաթոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 214-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում արդարացնելու, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքեր չկան (․ ․ ․): (․ ․ ․)
Վերաքննիչ դատարանը, քննության առնելով ամբաստանյալ Նաիրի Թաթոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 214-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում արդարացնելու վերաբերյալ պաշտպանի վերաքննիչ բողոքում առկա պատճառաբանությունները, գտնում է, որ դրանք հիմնավորված չեն, իսկ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը հաստատված է քրեական գործով ձեռք բերված և Առաջին ատյանի դատարանի դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներով: (…)
Վերաքննիչ դատարանը հիմնավորված չի համարում վերաքննիչ բողոքի այն պնդումը, թե՝ «(…) դատարանը մեղադրյալ Ն․Թաթոսյանին վերագրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որակված արարքին տվել է ոչ ճիշտ քրեաիրավական գնահատական՝ հանգելով սխալ հետևության այն մասին, որ նրա արարքներում առկա է խարդախության հանցակազմ, քանի որ մեղադրանքի հիմքում դրված և մեղադրական եզրակացությունում շարադրված ապացույցների շարքում առկա չէ ոչ մի փաստական տվյալ այն մասին, որ ամբաստանյալն ի սկզբանե նպատակ է ունեցել խարդախության միջոցով հափշտակելու տուժողի գույքը (ավելին՝ հաստատվել է այն փաստը, որ տուժողը շահույթներ է ստացել տոկոսների գումարի տեսքով)»։ Ն․Թաթոսյանի կողմից գույքը խարդախության միջոցով հափշտակելու ի սկզբանե նպատակ ունենալու մասին է վկայում այն փաստը, որ վերջինս վարկային գումարները վերցրել է կեղծ պայմանագրերի հիման վրա՝ ոսկին կրկնակի գրավ դնելու միջոցով, և միայն քրեական գործ հարուցելուց հետո է կատարել պատճառված գույքային վնասի փոխհատուցում՝ 1 մլն դրամի չափով։ (…) Վերաքննիչ դատարանն անդրադառնալով վերաքննիչ բողոքի պնդումներին այն մասին, թե սույն գործով բացակայում են խարդախության հանցակազմի օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմերը, հարկ է համարում արձանագրել հետևյալը։ Վերաքննիչ դատարանը սույն պարագայում արձանագրում է, որ Ն․Թաթոսյանի կողմից կատարված խարդախության հանցակազմի օբյեկտիվ կողմն առկա է և ըստ էության դրսևորվել է հետևյալում։ 2012թ. նոյեմբերի 22-ից «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության հետ կնքված աշխատանքային պայմանագրով ունենալով վարկառուների վարկավորման հետ կապված ռիսկերի փորձաքննություն կատարելու, որպես ապահովության միջոց առաջարկվող գրավի առարկաները բանկի պահանջներին համապատասխան գնահատելու, գրավի առարկաները ըստ հարգերի դասակարգելու, կշռելու և գնահատելու, ոսկյա իրերի իրական բաղադրության հետ դրա վրա նշված հարգի համապատասխանությունը որոշելու, գրավադրված գույքի գույքագրում կազմելու կարգադրիչ լիազորությունները, 2013թ. մայիս ամսից մինչև 2019թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում, տարբեր քաղաքացիների կողմից գրավադրված ոսկյա իրերը գրավադրումից հանելու կամ երկարաձգում (վերաձևակերպում) կատարելու պատրվակով նույն մասնաճյուղի սպասարկման բաժնի պետից ապօրինի պահանջել է նախկինում գրավադրված ոսկյա իրերի ընդհանուր 126 փաթեթ, որոնց վրա, մասնաճյուղի դրամապահոցից իրեն հասու դառնալուց հետո, անցք բացելու եղանակով, ընկերության՝ տրամադրված վարկերի ապահովության միջոց հանդիսացող գրավը մինչև վարկի ամբողջական մարումը համապատասխան վարկային փաթեթում պահվելու շահերին հակառակ, վերցրել է գրավադրված ոսկյա իրերի մի մասը, այնուհետև առանց վարկառուների գիտության, նրանց բացակայության պայմաններում, անձամբ օգտագործելու, այն է՝ վարկ ստանալու համար բանկի համապատասխան աշխատակցին ներկայացնելու նպատակով, կազմել է 60 կեղծ դիմում-պայմանագրեր և վարկառուների փոխարեն տվյալ փաստաթղթերում կատարել կեղծ ստորագրություններ, ապա սպասարկման բաժնից ստացված փաթեթներից հանված ոսկյա իրերը նույն վարկառուների կամ այլ քաղաքացիների անուններով գրավ դնելով, դրանց վերաբերյալ կազմել է գրավադրված գույքի գույքագրման վերաբերյալ նույն քանակով ակտեր, որոնց վրա վարկառուների փոխարեն դրել է կեղծ ստորագրություններ, ապա կազմել վարկի տրամադրման համար անհրաժեշտ մյուս փաստաթղթերը, որից հետո կազմել է վարկային 60 կեղծ պայմանագրեր ու վարկառուների փոխարեն կրկին դրել կեղծ ստորագրություններ: Այնուհետև նշված ոսկյա իրերն իբրև կազմակերպության պահանջներին համապատասխան պատշաճ կազմված վերոնշյալ կեղծ պայմանագրերով կրկնակի գրավ դնելով, երկար տարիների աշխատանքային փորձի արդյունքում նույն մասնաճյուղի աշխատակիցների կողմից իր հանդեպ ձևավորված վստահությունը չարաշահելու եղանակով՝ իբր իր ծանոթի կամ բարեկամի կողմից հերթում չսպասելու պատրվակով, կազմված փաստաթղթերը ներկայացրել է սպասարկման բաժնի համապատասխան աշխատակցին, որից հետո յուրացրել է գրավադրված գույքերի դիմաց տրամադրված, առանձնապես խոշոր չափերով՝ 46.960.612 ՀՀ դրամը և 105.870 ԱՄՆ դոլարին համարժեք 50.182.380 ՀՀ դրամը։ Իսկ ինչ վերաբերում է Ն․Թաթոսյանի կողմից կատարված հանցագործության սուբյեկտիվ կողմին, ապա այն նույնպես առկա է, քանի որ վերջինս միանշանակորեն գիտակցել է, որ վստահությունը չարաշահելու միջոցով հափշտակում է ուրիշի գույքը, ինչպես նաև նախատեսել և ցանկացել է դա։ Բացի այդ, ինչպես արդեն նշվել է վերևում, ամբաստանյալ Ն․Թաթոսյանի մոտ առկա է եղել նաև շահադիտական նպատակը, այսինքն՝ մինչև գույքը վերցնելը վերջինս ի սկզբանե նպատակ է ունեցել հափշտակելու այն։ (…) Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքի այն պնդմանը, թե՝ «․․․որոշակի պայմանագրերում այլ անձանց ստորագրություններ են ․․․ որևէ փաստաթղթով չի հիմնավորվել, որ դա ստորագրվել է Նաիրի Թաթոսյանի կողմից», ապա Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ քրեական գործով կատարված դատաձեռագրաբանական փորձաքննությունների եզրակացությունների համաձայն՝ փորձաքննության տրամադրված ոսկյա իրերի գրավադրմամբ վարկի գրավադրված գույքի մի քանի գույքագրում-ակտերում առկա ստորագրությունների հեղինակներին հնարավոր չի եղել պարզել՝ հետազոտելի ստորագրությունների ինֆորմատիվ գրաֆիկական նյութի պատճառով, իսկ մնացած ակտերում էլ ստորագրությունները դրվել են ոչ թե վարկառու-գրավատուների, այլ մեկ այլ անձի կողմից։ Այսինքն, գույքագրում-ակտերում առկա որևէ ստորագրություն չի կատարվել այն վարկառու-գրավատուների կողմից, որոնց անունով որ դրանք կազմվել են։ (…) Անդրադառնալով վերաքննիչ բողոքի այն պնդմանը, թե «․․․քրեական գործում չկա գեթ մեկ ապացույց, որ նշված ժամանակաշրջանում որևէ վարկային գործարք ժամկետանց լինելու, գրավադրման արդյունքում ուշացումներ լինելու, հարկադիր կատարման մարմիններ ներկայացնելու վերաբերյալ (…) ավելին քրեական գործի նյութերում առկա են փաստեր՝ հիմնավորումներ, որ վիճարկվող վարկային պայմանագրերով բոլոր վճարումները կատարվել են ճիշտ ժամանակին, կատարվել է պատշաճ կերպով, առանց գեթ մեկ րոպե ուշացման և ըստ կարգի, մինչև այն պահը, երբ Ն․Թաթոսյանը ձերբակալվել և այնուհետև ազատվել է աշխատանքից», Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ վերոգրյալներն անմիջականորեն չեն առնչվում Ն․Թաթոսյանին վերագրվող խարդախության հանցակազմին։ (…) Վերոգրյալների հիման վրա, գործով ձեռք բերված յուրաքանչյուր ապացույց գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցության մեջ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ Նաիրի Թաթոսյանի մեղքն իրեն վերագրվող արարքում հաստատված է, այսինքն, նա կատարել է արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 214-րդ հոդվածի 2-րդ մասով: II. Ամբաստանյալ Ն․Թաթոսյանի նկատմամբ նշանակված պատժի մասով.
(…)
Սույն գործով Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Ն․Թաթոսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս, հաշվի առնելով վերջինիս կատարած հանցագործությունների բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը՝ բնութագրվում է դրականորեն, նախկինում դատապարտված և արատավորված չի եղել, որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք դիտելով խնամքին մինչև 14 տարեկան երկու երեխայների առկայությունը, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայության պայմաններում՝ վերջինիս նկատմամբ նշանակել է տվյալ հանցագործությունների համար օրենքով նախատեսված ազատազրկման ձևով համաչափ պատիժներ, ինչպես նաև հանցանքների համակցությամբ նշանակված պատիժները մասնակի գումարելով` վերջնական համաչափ պատիժ: (…) Միևնույն ժամանակ, Առաջին ատյանի դատարանը քննության առնելով ազատազրկման ձևով նշանակվող պատիժը ամբաստանյալի կողմից կրելու նպատակահարմարության հարցը, հաշվի առնելով վերոգրյալները՝ հիմնավորված կերպով եկել է այն հետևության, որ տվյալ դեպքում բացակայում է ամբաստանյալի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակվող պատիժը պայմանականորեն չկիրառելու հնարավորությունը, քանի որ պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում հնարավոր չէ հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը, կխախտվեն նաև ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված` արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները: (…)
Այսպիսով, Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ պաշտպան Ռ․Ղազարյանի վերաքննիչ բողոքը բավարարելու և դատավճիռը բեկանելու, ամբաստանյալ Ն․Թաթոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 214-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում արդարացնելու, կամ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ՝ վերջինիս նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքեր չկան, նկատի ունենալով, որ դատարանը դատավճիռ կայացնելիս` թույլ չի տվել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ (…)»[3]: Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով»։ Վերոգրյալից հետևում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետևաբար, սույն բողոքի քննությունն իրականացնելիս, որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգային կառուցակարգ հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Ն․Թաթոսյանի վերաբերյալ քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանի հետևությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները:
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված և պատճառաբանված են արդյո՞ք ամբաստանյալ Ն․Թաթոսյանի վերաբերյալ գործով Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները։
12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն՝ «1. Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը ապացույցները գնահատում են իրենց ներքին համոզմամբ: (...)»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի համաձայն՝ «Գործով հավաքված ապացույցները ենթակա են բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման` ձեռք բերված ապացույցի վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու, նոր ապացույցներ հավաքելու, ապացույցների ձեռքբերման աղբյուրներն ստուգելու միջոցով»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից:
2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ»: 12․1․ Վերոգրյալ իրավանորմերի առնչությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս արձանագրել է, որ ապացույցների գնահատումը կատարվում է ներքին համոզման հիման վրա, ինչը՝ որպես ապացույցների գնահատման արդյունք, բնութագրվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների անխզելի կապով. այն մի կողմից պետք է բխի հետազոտվող ապացույցների բավարար համակցությունից և հիմնվի դրանց վրա, իսկ մյուս կողմից անկողմնակալ դիտորդի մոտ պետք է առաջացնի այն վստահությունը, որ ապացույցները հետազոտվել են արդարության բոլոր պահանջների պահպանմամբ: Ընդ որում, թեև ապացույցները գնահատվում են ներքին համոզմունքի հիման վրա, այնուամենայնիվ, այն չի կարող կամայական լինել և պետք է բխի գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունից: Այլ կերպ՝ յուրաքանչյուր գործով ապացուցման ենթակա հանգամանքները հաստատելիս (հանցագործության դեպքը և հանգամանքները, կասկածյալի և մեղադրյալի առնչությունը դեպքին, անձի մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու մեջ և այլն) դատարանը կրում է առկա ապացույցները բարեխիղճ գնահատման ենթարկելու պարտականություն, ինչն էլ իր հերթին պետք է արտահայտվի պատճառաբանված եզրահանգումների տեսքով[4]։ 13․ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի համաձայն՝ «1.Դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված։ (…)
4. Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված։ Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները»։ 13․1․ Դատական ակտի պատճառաբանված լինելու հատկանիշի առնչությամբ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում մշտապես ընդգծել է, որ դատական ակտերի պատճառաբանման պահանջը ոչ միայն արդարացիության կարևոր բաղադրատարր է, այլև անձի արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացման կարևոր երաշխիք, ինչը դատավարության մասնակիցներին պաշտպանում է կամայականություններից: Դատական ակտի պատճառաբանվածությունը կոչված է պարզաբանելու, թե ինչու է դատարանը եկել այս կամ այն հետևության, որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս, և միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծում վերադաս դատարանի կողմից դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման համար: Քրեական դատավարության ցանկացած փուլում դատարանի կողմից չհիմնավորված, չպատճառաբանված (կամ ոչ պատշաճ պատճառաբանված) որոշումների կայացումն անընդունելի է: Ընդ որում, դատական ակտի պատճառաբանությունների հիմքում չեն կարող դրվել վերացական, ընդհանուր բնույթի դատողություններ: Պատճառաբանությունը պետք է կառուցվի տրամաբանորեն կապված և գործի փաստական հանգամանքներից բխող հստակ, որոշակի և համոզիչ հետևությունների վրա, ուստիև դատական ակտի պատճառաբանությունների հիմքում վերացական, ընդհանրական դատողությունների առկայությունն անմիջականորեն վկայում է այդպիսի պատճառաբանության ոչ պատշաճ լինելու մասին։ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտի պատճառաբանվածության վերոնշյալ պահանջների պահպանման պարագայում միայն վճռաբեկ դատարանը հնարավորություն կունենա ստուգել կայացված դատական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը[5]։
14. ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունն է կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը: Վճռաբեկ դատարանը խարդախության հանցակազմի օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկանիշների վերաբերյալ մշտապես ընդգծել է, որ խարդախությունն օբյեկտիվ կողմից դրսևորվում է ուրիշի գույքը հափշտակելով, այսինքն` այն վերցնելով, հանցավորինը կամ այլ անձինը դարձնելով, տուժողի կամքի կամ գիտակցության վրա ներգործելու եղանակով, այն է` խաբեության կամ վստահությունը չարաշահելու միջոցով: Սուբյեկտիվ կողմից խարդախությունը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ և շահադիտական դրդումներով: Ընդ որում, խարդախությունը քաղաքացիաիրավական պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքերից տարանջատելիս անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ հանգամանքները.
ա) խարդախության դեպքում տուժողին խաբելու կամ նրա վստահությունը չարաշահելու մտադրությունն անձի մոտ ծագում է նախքան գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքներ ձեռք բերելը:
բ) խարդախության դեպքում անձի մոտ քաղաքացիաիրավական պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու դիտավորությունը ծագում է նախքան գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքներ ձեռք բերելը[6]: 14.1. Հափշտակության հասկացությանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է իր նախկինում կայացված որոշումների շրջանակներում` այն բնորոշելով որպես ուրիշի գույքն ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակով վերցնելը կամ այն հանցավորինը կամ այլ անձինը դարձնելը, եթե հանցավորն այդ գույքը տնօրինելու կամ օգտագործելու իրական հնարավորություն է ունեցել[7]: Այլ կերպ` Վճռաբեկ դատարանը սահմանել է հափշտակության պարտադիր հատկանիշները, որոնցից որևէ մեկի բացակայությունը ենթադրում է անձի արարքում հափշտակության ցանկացած եղանակի բացակայություն: Վերոնշյալի համատեքստում հարկ է նկատել, որ խարդախությունը՝ որպես հափշտակության եղանակ, նույնպես պետք է բավարարի այդ չափանիշներին։ Մասնավորապես՝ խարդախության դեպքում հանցավորի կողմից ուրիշի գույքին խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով տիրանալը պետք է լինի ապօրինի և անհատույց, այն է՝ առանց որևէ օրինական հիմքի և հափշտակվածի դիմաց սեփականատիրոջը կամ գույքը տիրապետողին որևէ ձևով համարժեք հատուցում կատարելու, իսկ հանցագործությունն ավարտվում է տվյալ գույքը տնօրինելու կամ օգտագործելու իրական հնարավորություն ունենալու պահից։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով հափշտակության հասկացությունն արդեն իսկ օրենսդրորեն սահմանվել է։ Այսպես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի համաձայն՝ «Հափշտակություն` ուրիշի գույքն ապօրինի, անհատույց հանցավորինը կամ այլ անձինը դարձնելը: Հափշտակությունն ավարտված է համարվում, եթե հանցավորն այդ գույքն ապօրինաբար տնօրինելու կամ օգտագործելու իրական հնարավորություն է ունեցել»։ Մեջբերված նորմից հետևում է, որ ՀՀ քրեական գործող օրենսգրքով ևս հափշտակությունը բնութագրվում է ապօրինի և անհատույց լինելու հատկանիշներով, մինչդեռ շահադիտական նպատակը, որպես հափշտակության պարտադիր հատկանիշ, օրենսդրորեն այլևս չի նախատեսվել։ 15․ Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ․
- Ն․Թաթոսյանին, ի թիվս այլնի, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 214-րդ հոդվածի 2-րդ մասով այն արարքների համար, որ նա, հանդիսանալով «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության ծառայող՝ Սիսիան մասնաճյուղի ոսկերիչ-մասնագետը, իր օգտին օգտագործելու նպատակով իր կարգադրիչ և այլ լիազորություններն օգտագործել է նշված կազմակերպության շահերին հակառակ, այն է՝ նախկինում այլ քաղաքացիների կողմից գրավադրված ոսկյա զարդերն ապօրինի կերպով նշված մասնաճյուղի դրամապահոցից իրեն հասու դարձնելով, միասնական դիտավորությամբ կեղծել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր, ապա դրանք օգտագործելով, ինչպես նաև չարաշահելով նշված մասնաճյուղի սպասարկման բաժնի աշխատակիցների վստահությունը, նշված ոսկյա իրերն իբրև կազմակերպության պահանջներին համապատասխան պատշաճ կազմված պայմանագրերով կրկնակի գրավ դնելով, խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գույք, որպիսի գործողությունների արդյունքում կազմակերպության իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է վնաս, որը հանգեցրել է ծանր հետևանքների առաջացման[8],
- Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ գործով ձեռք բերված թույլատրելի և վերաբերելի ապացույցները բավարար են Ն․Թաթոսյանի անմեղության կանխավարկածը հաղթահարելու և մեղադրական դատավճիռ կայացնելու համար[9],
- Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, արձանագրել է, որ վերաքննիչ բողոքը բավարարելու և Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու, ամբաստանյալ Ն․Թաթոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 214-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում արդարացնելու, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքեր առկա չեն[10]։
16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-14.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, դատական ակտի պատճառաբանության հիմքում դրել է ընդհանրական դատողություններ և անդրադարձ չի կատարել վերաքննիչ բողոքում մատնանշված, էական նշանակություն ունեցող որոշ հանգամանքների։ Մասնավորապես՝ բողոքաբերի կողմից վերաքննիչ բողոքում բարձրացված փաստարկներին առ այն, որ որևէ վարկային գործարք ժամկետանց լինելու, գրավադրման արդյունքում ուշացումներ լինելու, հարկադիր կատարման մարմիններ ներկայացնելու վերաբերյալ տվյալներ քրեական գործի նյութերում առկա չեն, ինչպես նաև մինչև Ն․Թաթոսյանի ձերբակալումը և այնուհետև աշխատանքից ազատումը վիճարկվող վարկային պայմանագրերով բոլոր վճարումները կատարվել են ճիշտ ժամանակին, պատշաճ կերպով, Վերաքննիչ դատարանը բովանդակային առումով որևէ գնահատական չի տվել, չի հերքել կամ հաստատել դրանք, այլ պարզապես փաստել է, որ վերոնշյալ հանգամանքները խարդախության հանցակազմին անմիջականորեն չեն առնչվում։ Այնինչ, Վճռաբեկ դատարանի համոզմամբ, նշված հանգամանքները Ն․Թաթոսյանին մեղսագրվող խարդախության հանցակազմի առկայության գնահատման հարցում կարող են էական նշանակություն ունենալ։ Մասնավորապես, բողոքաբերի մատնանշած փաստարկները հաստատվելու պարագայում, դրանք կարող են ուղղակիորեն ազդել խարդախության հանցակազմին տրվող իրավական գնահատականի վրա՝ վկայելով հափշտակության այնպիսի պարտադիր հատկանիշների բացակայության մասին, ինչպիսիք են դրա անհատույց լինելը և առանց որևէ հատուցում կատարելու ուրիշի գույքին տիրանալու դիտավորությունը։ Այլ կերպ՝ բողոքաբերի կողմից բերված փաստարկները գործի լուծման տեսանկյունից կարող էին կարևոր նշանակություն ունենալ, ուստի Վերաքննիչ դատարանը պետք է դրանց բովանդակային գնահատական տար և հանգեր որոշակի հետևության։
17. Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանն անդրադարձ չի կատարել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքի անորոշության վերաբերյալ վերաքննիչ բողոքում բարձրացված փաստարկին։ Այսպես՝ բողոքաբերը նշել է, որ Ն․Թաթոսյանին առաջադրված մեղադրանքի ծավալից և ձևակերպումներից անհասկանալի է՝ արդյոք մեղսագրվող գործողությունների արդյունքում առաջացել են «ծանր հետևանքներ», եթե նույն որոշման մեկ այլ նախադասության մեջ նշված է, որ բանկի օրինական շահերին պատճառվել է «էական վնաս»։ Այս կապակցությամբ բողոքաբերը վերաքննիչ բողոքով փաստարկել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասում նշված «էական վնաս» և նույն հոդվածի 2-րդ մասում նշված «ծանր հետևանքներ» հատկանիշները բնութագրում են պատճառված վնասի չափը, ուստի ուղղակի հակադրության մեջ են գտնվում միմյանց հետ և չեն կարող միաժամանակ գոյություն ունենալ։ Մինչդեռ Վերաքննիչ դատարանի կողմից առհասարակ անդրադարձ չի կատարվել, չի պատճառաբանվել, թե պատճառված «ծանր հետևանքները» ինչում են դրսևորվել, որպիսի հանգամանքը Վճռաբեկ դատարանին զրկում է նշված մասով կայացված դատական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը ստուգելու օբյեկտիվ հնարավորությունից։ Վերոգրյալի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ամբաստանյալի պաշտպանության իրավունքն ապահովելու տեսանկյունից անհրաժեշտ է, որ «մեղադրանք» եզրույթը հասկացվի որպես արարքի քրեաիրավական որակման և դրա հիմքում ընկած փաստական հանգամանքների ամբողջություն: Դրա հետ մեկտեղ, մեղադրանքի բովանդակությունը կազմող փաստական և իրավական հիմքերը պետք է լինեն հստակ և համաձայնեցված, չհակասեն միմյանց[11]։
18. Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ն․Թաթոսյանի վերաբերյալ գործով Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավորված և պատճառաբանված չեն։ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, թույլ է տվել դատական սխալ՝ 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածով ամրագրված դատական պաշտպանության ապահովման սկզբունքի խախտում։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով արձանագրված խախտումների բնույթը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանց վերացումը հնարավոր է իրականացնել միայն Առաջին ատյանի դատարանում՝ գործի հանգամանքների համակողմանի քննության ու գնահատման միջոցով։ Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի փետրվարի 14-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2022 թվականի սեպտեմբերի 6-ի որոշումը պետք է մասնակիորեն՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 214-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքների մասով, բեկանել և վարույթն այդ մասերով փոխանցել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության: Գործի նոր քննության ընթացքում ՀՀ հակակոռուպցիոն դատարանը պետք է վերացնի սույն որոշմամբ արձանագրված խախտումները և գործի հանգամանքների համակողմանի քննարկման և գնահատման արդյունքում հանգի համապատասխան հետևության։ 19․ Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքում բարձրացված մյուս փաստարկներին, ապա Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով, որ արդեն իսկ առկա են բողոքարկվող դատական ակտերը բեկանելու իրավական հիմքերը, առարկայազուրկ է համարում դրանց անդրադառնալը։ Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ Ն․Թաթոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը պետք է թողնել անփոփոխ։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ, 385-387-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Նաիրի Կամոյի Թաթոսյանի վերաբերյալ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի փետրվարի 14-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2022 թվականի սեպտեմբերի 6-ի որոշումը մասնակիորեն՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 214-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքների մասով, բեկանել և վարույթն այդ մասերով փոխանցել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության:
2. Նաիրի Կամոյի Թաթոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված գրավը թողնել անփոփոխ։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։
Նախագահող՝ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Դատավորներ` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆ
Ս.ՉԻՉՈՅԱՆ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆ
Ծանոթագրություններ
[1] Տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 24-րդ, թերթեր 62-64:
[2] Տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 31-րդ, թերթեր 1-154:
[3] Տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 32-րդ, թերթեր 80-99:
[4] Տե´ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Մակար Հովհաննիսյանի և Աշոտ Մարտիրոսյանի գործով 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵՔՐԴ/0632/01/08, Հմայակ Դավթյանի գործով 2013 թվականի մայիսի 8-ի թիվ ՇԴ/0126/01/12 որոշումները: [5] Տե´ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Ֆրունզիկ Գալստյանի վերաբերյալ գործով 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09, Գևորգ Խնուսյանի վերաբերյալ գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0030/01/12, Արսեն Մակարյանի վերաբերյալ գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվԵԿԴ/0016/11/15, Արամայիս Հակոբյանի վերաբերյալ գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0224/01/14, Մարտուն Հակոբյանի վերաբերյալ գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԱՐԴ1/0005/11/16, Էրիկ Մարգարյանի վերաբերյալ գործով 2014 թվականի մարտի 28-ի թիվ ՍԴ3/0045/01/13 որոշումները։ [6] Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Լիա Ավետիսյանի գործով 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0176/01/09, Վարդան Մաթևոսյանի գործով 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԵՇԴ/0037/01/11, Նելլի Ափոյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԱՔԴ/0009/01/13 որոշումները: [7] Տե՛ս Դ.Ղամբարյանի և մյուսների վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԵԿԴ/0087/01/12 որոշման 31-րդ կետը, Գրիգոր Ղլիջյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ5/0005/01/14 որոշման 12-րդ կետը: [8] Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
[9] Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
[10] Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։
[11] Տե՛ս mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Արկադի Պապյանի վերաբերյալ թիվ ՏԴ/0115/01/09 գործով 2010 թվականի նոյեմբերի 5-ի որոշումը։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 նոյեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ՍԴ/0154/01/20
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
