Համբարձումյան — ՎԴ/9457/05/18
Վճռաբեկ դատարանի նախադեպային շտեմարանում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըԱմփոփում
քննելով ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն), Ելիզավետա Սարգսյանի և «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 30.03.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Սուսաննա Համբարձումյանի ընդդեմ Ծառայության, երրորդ անձինք Ելիզավետա Սարգսյանի, Աղասի Դանիելյանի, Անդրանիկ Դանիելյանի, Բանկի և «Ունիվերսամ Ավան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ Ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի հարկադիր կատարողի՝ ՀՀ, Կոտայքի մարզ, Արամուս, Ամառանոցային 2-րդ փողոց, թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքը
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/9457/05/18 դատարանի որոշում 2022թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/9457/05/18
Նախագահող դատավոր
Դատավորներ
Ա. Թովմասյան
Կ. Բաղդասարյան
Կ. Ավետիսյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող
զեկուցող
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
2022 թվականի մայիսի 26-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն), Ելիզավետա Սարգսյանի և «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 30.03.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Սուսաննա Համբարձումյանի ընդդեմ Ծառայության, երրորդ անձինք Ելիզավետա Սարգսյանի, Աղասի Դանիելյանի, Անդրանիկ Դանիելյանի, Բանկի և «Ունիվերսամ Ավան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ Ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի հարկադիր կատարողի՝ ՀՀ, Կոտայքի մարզ, Արամուս, Ամառանոցային 2-րդ փողոց, թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշումն անվավեր ճանաչելու, Ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի հարկադիր կատարողի կողմից արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշման հիման վրա ՀՀ, Կոտայքի մարզ, Արամուս, Ամառանոցային 2-րդ փողոց, թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքն աճուրդների ներկայացնելու գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու, որպես հետևանք 06.08.2018 թվականի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտի մասին Nq00829046-18/02 արձանագրությունը, 13.08.2018 թվականի թիվ 4433 առուվաճառքի պայմանագիրը, և դրանց հիման վրա 22.08.2018 թվականին կատարված Կոտայքի մարզ, Արամուս Ամառանոցային թաղամաս 2-րդ փողոց, 14 այգետնակ հասցեի նկատմամբ Ելիզավետա Սարգսյանի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Սուսաննա Համբարձումյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի հարկադիր կատարողի՝ ՀՀ, Կոտայքի մարզ, Արամուս, Ամառանոցային 2-րդ փողոց, թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքը (այսուհետ՝ նաև Անշարժ գույք) հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշումը, ոչ իրավաչափ ճանաչել Ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի հարկադիր կատարողի կողմից արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշման հիման վրա ՀՀ, Կոտայքի մարզ, Արամուս, Ամառանոցային 2-րդ փողոց, թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքն աճուրդների ներկայացնելու գործողությունը, ոչ իրավաչափ ճանաչել Ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի հարկադիր կատարողի կողմից արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշման հիման վրա ՀՀ, Կոտայքի մարզ, Արամուս, Ամառանոցային 2-րդ փողոց, թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքն աճուրդների ներկայացնելու գործողությունը, և որպես հետևանք անվավեր ճանաչել 06.08.2018 թվականի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտի մասին Nq00829046-18/02 արձանագրությունը (այսուհետ՝ նաև Արձանագրություն), 13.08.2018 թվականի թիվ 4433 առուվաճառքի պայմանագիրը (այսուհետ՝ նաև Պայմանագիր), և դրանց հիման վրա 22.08.2018 թվականին կատարված Կոտայքի մարզ, Արամուս Ամառանոցային թաղամաս 2-րդ փողոց, 14 այգետնակ հասցեի նկատմամբ Ելիզավետա Սարգսյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը: ՀՀ վարչական դատարանի (դատավոր Հ. Այվազյան) (այսուհետ՝ Դատարան) 18.10.2019 թվականի վճռով հայցը մերժվել է: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 30.03.2021 թվականի որոշմամբ Սուսաննա Համբարձումյանի վերաքննիչ բողոքը մասնակի բավարարվել է՝ Ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի հարկադիր կատարողի՝ Անշարժ գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշումն անվավեր ճանաչելու, 13.08.2018 թվականի Պայմանագիրը և Կոտայքի մարզ, Արամուս Ամառանոցային թաղամաս 2-րդ փողոց, 14 այգետնակ հասցեի նկատմամբ 22.08.2018 թվականին Ելիզավետա Սարգսյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջներին վերաբերող մասերով, Դատարանի 18.10.2019 թվականի վճիռը բեկանվել է և հայցն այդ մասերով բավարարվել է, իսկ Ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի հարկադիր կատարողի կողմից արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշման հիման վրա Անշարժ գույքն աճուրդների ներկայացնելու գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու և 06.08.2018 թվականի Արձանագրությունն անվավեր ճանաչելու պահանջներին վերաբերող մասերով, Դատարանի 18.10.2019 թվականի վճիռը բեկանվել է և այդ մասերով վարչական գործի վարույթը կարճվել է: Վճռաբեկ բողոք են ներկայացրել Ծառայությունը (ներկայացուցիչ Էլմիրա Մեջլումյան), Ելիզավետա Սարգսյանը (ներկայացուցիչ Զոհրակ Ապրեսյան) և Բանկը (ներկայացուցիչ Դավիթ Սարգսյան): Վճռաբեկ բողոքների պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջները.
2.1. Ծառայության վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով. Վերաքննիչ դատարանը կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ նաև Օրենք) 30-րդ հոդվածի 3-րդ մասը, որոնք չպետք է կիրառեր, և չի կիրառել «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 35.1-րդ հոդվածի 5-րդ մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ և 27-րդ հոդվածները: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
ա) ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/12638/05/17 և թիվ ՎԴ/0927/05/19 վարչական գործերով, ինչպես նաև ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը թիվ ՎԴ/0781/05/16 վարչական գործով եզրահանգել են, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդների նկատմամբ կիրառելի չէ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասը, մինչդեռ Վերաքննիչ դատարանի կողմից սույն վարչական գործով 23.03.2021 թվականին կայացված որոշմամբ արձանագրվել է, որ նշված դրույթը կիրառելի է հարկադիր էլեկտրոնային աճուրդների նկատմամբ։ Հետևաբար, ՀՀ վարչական դատարանի և ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից կայացված և օրինական ուժի մեջ մտած վերոհիշյալ դատական ակտերով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասը կիրառվել է սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից այդ նորմին տրված մեկնաբանությանը ակնհայտորեն հակասող մեկնաբանությամբ։
բ) Չնայած որ ներկայացված չի եղել հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու պահանջ, այդուհանդերձ հարկ է նշել, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդը կարող է անվավեր ճանաչվել բացառապես Օրենքի 35․3-րդ հոդվածով սահմանված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում: Քանզի առկա չէ նման հիմք, ապա համապատասխանաբար բացակայում է նաև անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու որևէ հիմք: Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է մասնակի՝ հայցի բավարարմանը վերաբերող մասով, բեկանել Վերաքննիչ դատարանի 30.03.2021 թվականի որոշումը և գործն այդ մասով ուղարկել նոր քննության: 2.2. Ելիզավետա Սարգսյանի վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ, 69-րդ, 72-րդ, 96-րդ և 145-րդ հոդվածները։ Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավակարգավորումները կիրառելի չեն հարկադիր էլեկտրոնային աճուրդների նկատմամբ: Օրինական ուժի մեջ մտած մի շարք դատական ակտերով տրվել է իրավական այն դիրքորոշումը, որ մինչև գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշում կայացնելը Ծառայությունը չի կրում առանձին ակտով պարտապանին և պարտատիրոջն աճուրդի ներկայացվող լոտի մեկնարկային գնի մասին ծանուցելու պարտականություն: Ընդ որում, աճուրդի ներկայացվող լոտի մեկնարկային գնի մասին պատշաճ ծանուցում համարվում է գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշումը վարույթի մասնակիցներին հանձնելը՝ այն մասին նշումով, որ նրանք զրկված չեն այդ պահից ի վեր ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու հնարավորությունից։ Ավելին, արտահայտվել է նաև իրավական այնպիսի դիրքորոշում, որ եթե անգամ Ծառայությունը կրի աճուրդի ներկայացվող լոտի մեկնարկային գնի մասին պարտապանին և պարտատիրոջը ծանուցելու պարտականություն, ապա նման պայմաններում անգամ աճուրդը չի կարող անվավեր ճանաչվել, քանի որ Օրենքի 35.3-րդ հոդվածը սպառիչ կերպով սահմանում է հարկադիր էլեկտրոնային աճուրդի անվավերության հիմքերը, և այդ հոդվածով նման հիմք նախատեսված չէ։ Մինչդեռ հակառակ նշված մեկնաբանությունների՝ Վերաքննիչ դատարանը բողոքարկված որոշմամբ ոչ միայն արձանագրել է, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդի իրականացման ժամանակ Ծառայությունը պարտավոր է մինչև աճուրդի մասին որոշման կայացումն Օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ լոտի մեկնարկային գնի մասին պատշաճ ծանուցել պարտապանին և պահանջատիրոջը, այլև այդ խախտման հիմքով էլ անվավեր է ճանաչել կայացված հարկադիր էլեկտրոնային աճուրդը։ Ըստ էության Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդը կարող է անվավեր ճանաչվել նաև Օրենքի 35.1-րդ և 35.2-րդ հոդվածների պահանջները պահպանված լինելու պարագայում։ Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.03.2021 թվականի որոշումը և կայացնել գործի վարույթը կարճելու մասին որոշում, կամ հայցի բավարարմանը վերաբերող մասով բեկանել Վերաքննիչ դատարանի 30.03.2021 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 18.10.2019 թվականի վճռին: 2.3. Բանկի վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով. Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել Օրենքի 35.1.-րդ հոդվածը, կիրառել է նույն օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասը, որը չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-27-րդ հոդվածները: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 35.1-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի վերլուծությունից բխում է, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդի՝ որպես աճուրդի առանձին տեսակի, ընթացքում իրացվող լոտի գնահատման գործընթացի նկատմամբ կիրառելի են նույն Օրենքի 30-րդ հոդվածի միայն 1-ին և 2-րդ մասերը: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման և իրականացման նկատմամբ կիրառելի է համարել նաև հարկադիր աճուրդի կազմակերպմանն ու իրացմանը վերաբերող ընդհանուր դրույթները: Եթե Օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասը կիրառելի լիներ հարկադիր էլեկտրոնային աճուրդների նկատմամբ, ապա այդ մասին Օրենքում նշված կլիներ: Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Սուսաննա Համբարձումյանը տեղյակ է եղել ինչպես դատական ողջ գործընթացի, դրա արդյունքում կայացված վճռի, այնպես էլ այդ վճռի հիման վրա հետագայում տրված կատարողական թերթի հիմքով հարուցված կատարողական վարույթի, դրա ընթացքում կատարված գործողությունների և կայացված որոշումների վերաբերյալ: Ընդ որում, Անշարժ գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշումը կայացվել է թիվ ԵԱՔԴ/0070/02/15 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ ընդհանուր իրավասության դատարանի կողմից 28.12.2015 թվականին կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով տրված կատարողական թերթի հիման վրա և ուղղված է նշված վճռի կատարումն ապահովելուն: Նշված օրինական ուժի մեջ մտած դատական ակտն անտեսելու հետևանքով խախտվել է Բանկին՝ որպես պարտատիրոջ, երաշխավորված իրավունքներն ու օրինական շահերը: Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է մասնակի՝ հայցի բավարարմանը վերաբերող մասով, բեկանել Վերաքննիչ դատարանի 30.03.2021 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 18.10.2019 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքների քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1. Թիվ ԵԱՔԴ/0070/02/15 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 28.12.2015 թվականին հրապարակված վճռով Բանկի հայցն ընդդեմ Աղասի Դանիելյանի, «Ունիվերսամ Ավան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, Անդրանիկ Դանիելյանի և Սուսաննա Համբարձումյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, բավարարվել է և վճռվել է. «(...) Պատասխանողներ «Ունիվերսամ Ավան» ՍՊ ընկերությունից, Աղասի Շավարշի Դանիելյանից հօգուտ հայցվոր «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության համապարտության կարգով բռնագանձել 1.146.762 (մեկ միլիոն հարյուր քառասունվեց հազար յոթ հարյուր վաթսուներկու) ԱՄՆ դոլար 80 (ութսուն) ցենտին համարժեք ՀՀ դրամ՝ որպես առ 08.06.2015թ. դրությամբ պարտավորության գումար, որից վարկի մնացորդ՝ 1.100.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ (որից ժամկետանց` 75.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ), հաշվարկված տոկոս՝ 28.794,52 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ (որից ժամկետանց` 27.109,6 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ), ժամկետանց գումարի տույժ՝ 12.202,1 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ժամկետանց տոկոսի համար տույժ՝ 5.766,18 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Պատասխանողներ «Ունիվերսամ Ավան» ՍՊ ընկերությունից, Աղասի Շավարշի Դանիելյանից հօգուտ հայցվոր «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության համապարտության կարգով բռնագանձել մինչև սույն վճռի օրինական ուժի մեջ մտնելն «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության և «Ունիվերսամ Ավան» ՍՊ ընկերության միջև 29.10.2013 թվականին կնքված վարկ տրամադրելու մասին լրացուցիչ թիվ VP022302 համաձայնագրի 4.3., 4.4., 4.5. ենթակետերով սահմանված պայմաններով և կարգով հաշվարկվող վճարման ենթակա գումարները, իսկ սկսած սույն վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից մինչև վճարման ենթակա գումարի փաստացի վճարման պահը, վարկի մնացորդի՝ 1.146.762 (մեկ միլիոն հարյուր քառասունվեց հազար յոթ հարյուր վաթսուներկու) ԱՄՆ դոլար 80 (ութսուն) ցենտին համարժեք ՀՀ դրամ գումարի նկատմամբ նույն համաձայնագրի 4.3 ենթակետով սահմանված 0,1 տոկոս օրական ժամկետանց տոկոսադրույքով հաշվարկվող վճարման ենթակա գումարները (…): Բռնագանձումը տարածել 29.10.2013 թվականին կնքված շրջանառության մեջ գտնվող դրամական միջոցների գրավի թիվ 281013/3 պայմանագրով գրավի առարկա հանդիսացող՝ «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությունում բացված թիվ 17563430100 դրամային և 17563430101 դոլարային բանկային հաշիվներում առկա և հետագայում այդ հաշիվներին մուտքագրվող դրամական միջոցների, 19.06.2014 թվականին կնքված պարտապան չհանդիսացող անձին պատկանող անշարժ գույքի գրավի թիվ 281013/4 պայմանագրով գրավի առարկա հանդիսացող՝ ՀՀ, Մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր ք. Մուրադյան փողոց թիվ 1 հանգստյան տուն հասցեում գտնվող անշարժ գույքի (հիշյալ պայմանագրի հիման վրա անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման 25.06.2014թ. թիվ 25062014-07-0005 վկայականի համաձայն՝ տվյալ անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության գրավի իրավունքը) և 19.02.2015 թվականին կնքված պարտապան չհանդիսացող անձին պատկանող անշարժ գույքի գրավի թիվ 281013/5 պայմանագրով գրավի առարկա հանդիսացող՝ ՀՀ, Մարզ Կոտայք, համայնք Արամուս, Ամառանոցային 2-րդ փողոց, թիվ 14 այգետնակ հասցեում գտնվող անշարժ գույքի (հիշյալ պայմանագրի հիման վրա անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման 25.02.2015թ. թիվ 25022015-07-0021 վկայականի համաձայն՝ տվյալ անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության գրավի իրավունքը) վրա, իսկ դրանց իրացումից ստացված գումարը բավարար չլինելու դեպքում նաև պատասխանողներ «Ունիվերսամ Ավան» ՍՊ ընկերությանը և Աղասի Շավարշի Դանիելյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի, այդ թվում՝ բանկային հաշիվների և դրամական միջոցների վրա (...)»: Ի կատարումն թիվ ԵԱՔԴ/0070/02/15 քաղաքացիական գործով 28.12.2015 թվականին հրապարակված վճռի՝ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 17.05.2017 թվականին տրվել է կատարողական թերթ (հատոր 1-ին, գ.թ. 210-211):
2. Ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի հարկադիր կատարող Կ. Մարտիրոսյանը 31.05.2017 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու մասին» որոշմամբ հարուցել է թիվ 03323984 կատարողական վարույթը: Նույն օրը կայացրած «Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին» թիվ Ո00572-62478/17 որոշմամբ պարտապան Սուսաննա Համբարձումյանին սեփականության իրավունքով պատկանող և հետագայում ձեռք բերվելիք գույքի վրա արգելանք է դրվել (հատոր 1-ին, գ.թ. 212-214):
3. Ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի հարկադիր կատարող Կ. Մարտիրոսյանի 02.06.2017 թվականի «Ապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին» որոշմամբ թիվ 03323984 կատարողական վարույթով նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է «Ամինտաս Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։ Փորձագետին առաջադրվել է հետևյալ հարցը՝ որքան է կազմում Կոտայքի մարզ, Արամուս համայնք, Ամառանոցային 2-րդ փողոց, թիվ 14 այգետնակ հասցեում գտնվող անշարժ գույքի և Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, Մուրադյան փողոց թիվ 1 հանգստյան տուն հասցեում գտնվող անշարժ գույքի շուկայական արժեքը (հատոր 1-ին, գ.թ. 141-142): 4.
08.02.2018 թվականի «Շուկայական արժեքի գնահատման հաշվետվության» համաձայն՝ գնահատման ներկայացված Անշարժ գույքը զննվել է 31.01.2018 թվականին և այդ օրվա դրությամբ դրա շուկայական արժեքը կազմել է 80.200.000 ՀՀ դրամ (հատոր 3-րդ, գ.թ. 50-71):
5. Ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի հարկադիր կատարող Կ. Մարտիրոսյանի 20.02.2018 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշմամբ (այսուհետ նաև՝ Որոշում) Սուսաննա Համբարձումյանին սեփականության իրավունքով պատկանող՝ ՀՀ Կոտայքի մարզ, Արամուս, Ամառանոցային 2-րդ փողոց, թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքը ներկայացվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի: Աճուրդի մեկնարկային գին է սահմանվել 60.150.000 ՀՀ դրամը: Միաժամանակ Որոշումն ուղարկվել է պարտապանի հաշվառման հասցեի վարչական շրջանի ղեկավարին և տեղադրվել Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (հատոր 2-րդ, գ.թ. 153-154, 171-173):
6. Սուսաննա Համբարձումյանը 23.02.2018 թվականին հարկադիր կատարողից առձեռն ստացել է արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշումները և կից գրությունները, որոնք վերաբերել են Ծաղկաձոր, Մուրադյան փողոց, թիվ 1 հասցեում գտնվող և Արամուս, Ամառանոցային 2 փողոց, թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքերին (հատոր 2-րդ, գ.թ. 155, 165): 7.
06.08.2018 թվականին հարկադիր կատարող Կարեն Մարտիրոսյանի և աճուրդում հաղթած Ելիզավետա Սարգսյանի միջև կազմվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտի մասին թիվ q00829046-18/02 արձանագրությունը, ըստ որի՝ թիվ 295950 լոտի վաճառքի գինը կազմել է 23.403.343 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 11):
8. Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի հարկադիր կատարող Կարեն Մարտիրոսյանի և Ելիզավետա Սարգսյանի միջև 13.08.2018 թվականին կնքվել է Կոտայքի մարզի Արամուս, Ամառանոցային թաղամաս 2-րդ փողոց, թիվ 14 այգետնակ հասցեում գտնվող անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը (հատոր 1-ին, գ.թ. 9-10): 9.
22.08.2018 թվականին տրված թիվ 22082018-07-0032 վկայականի համաձայն՝ ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Արամուս, Ամառանոցային թաղամաս, 2-րդ փողոց, 14 այգետնակի նկատմամբ գրանցվել է Ելիզավետա Սարգսյանի սեփականության իրավունքը: Գրանցման հիմք են հանդիսացել 13.08.2018 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն ու հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտի մասին 06.08.2018 թվականի թիվ q00829046-18/02 արձանագրությունը (հատոր 1-ին, գ.թ. 7):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ ՀՀ վարչական դատարանի և ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասը կիրառվել է սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից այդ նորմին տրված մեկնաբանությանը ակնհայտորեն հակասող մեկնաբանությամբ։ Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.
1. հարկադիր աճուրդում վաճառքի ենթակա լոտի մեկնարկային գնի և ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու կողմի իրավունքի իրականացման կարգի և ժամկետների մասին կողմերին ծանուցելու՝ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով հարկադիր կատարողի վրա դրված պարտականությունն արդյո՞ք գործում է նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդների ժամանակ, թե ոչ,
2. արդյո՞ք աճուրդ նշանակելու մասին որոշումն անվավեր ճանաչելն ինքնին հանգեցնում է աճուրդի արդյունքում այն հաղթած անձի հետ կնքված պայմանագիրն ու սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու իրավական հետևանքի, թե ոչ:
1. Ծառայության բողոքն առաջին հիմքով, Ելիզավետա Սարգսյանի և Բանկի վճռաբեկ բողոքներն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ․ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ (...) օրենքը տարածվում է էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների և հարկադիր աճուրդների վրա, բացառությամբ Կենտրոնական բանկի կողմից իրականացվող գործառնությունների: Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունների իմաստը բացահայտող Օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ հրապարակային սակարկությունները կամ սակարկություններն աճուրդի (մրցույթի) կազմակերպման միջոցով պայմանագրերի կնքման գործընթաց են, որին կարող է մասնակցել նույն օրենքով նախատեսված պայմաններին բավարարող անձանց անորոշ շրջանակ, իսկ աճուրդը սակարկությունների ձև է, որի ընթացքում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որն առաջարկել է առավել բարձր գին: Նշվածից բխում է, որ աճուրդը պայմանագրերի կնքման գործընթաց է, որին կարող է մասնակցել Օրենքով նախատեսված պայմաններին բավարարող անձանց անորոշ շրջանակ, իսկ հաղթող ճանաչվել՝ առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Օրենքի «Հարկադիր աճուրդներ» վերտառությունը կրող 4-րդ գլխում ներառված են հարկադիր աճուրդի, այդ թվում նաև՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգը սահմանող նորմերը: Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկադիր է ճանաչվում այն աճուրդը, որն անցկացվում է կատարողական թերթին և նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթին համապատասխան: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հարկադիր աճուրդի լոտ կարող է դառնալ ցանկացած շարժական կամ անշարժ գույք, այդ թվում` գույքային իրավունքներ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, իսկ 3-րդ մասի համաձայն՝ հարկադիր աճուրդը կազմակերպում և անցկացնում է հարկադիր կատարողը: Օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ լոտն աճուրդով վաճառվող կամ մրցույթով առաջարկվող գույքը կամ իրավունքն է, որն ունի համապատասխան նկարագրություն, նույն օրենքով նախատեսված այլ տվյալներ, իսկ աճուրդի դեպքում՝ նաև մեկնարկային գին: Մեկնարկային գինը լոտի վաճառքի համար նախատեսված գինն է, որն աճուրդի սկզբում առաջարկվում է աճուրդի մասնակիցներին: Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկադիր աճուրդում վաճառքի ենթակա լոտում ընդգրկվող գույքի կազմը և քանակը սահմանում է հարկադիր կատարողը՝ գնահատելով լոտի արժեքը: Անշարժ գույքի, բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայի), մշակութային արժեքների և գնահատման առումով առավել բարդություն ներկայացնող գույքի գնահատումը կատարվում է հարկադիր կատարողի նշանակած գնահատողի միջոցով: Անշարժ գույքի գնահատումն իրականացվում է համապատասխան լիցենզիա ունեցող անձանց միջոցով, որոնց ընտրության կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հարկադիր աճուրդում վաճառվող լոտի մեկնարկային գինը սահմանվում է գնահատված լոտի գնի 75 տոկոսի չափով: Նշված հոդվածների մեկնաբանությունից բխում է, որ կատարողական թերթին և նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթին համապատասխան անցկացվող հարկադիր աճուրդով կարող է վաճառքի հանվել ցանկացած գույք և իրավունք, որը կունենա համապատասխան նկարագրություն, Օրենքով նախատեսված այլ տվյալներ և մեկնարկային, այսինքն՝ աճուրդի սկզբում դրա մասնակիցներին առաջարկվող գին: Ընդ որում, աճուրդի մասնակիցներին առաջարկվող մեկնարկային գինը սահմանում է հարկադիր կատարողը՝ Օրենքով սահմանված կարգով լոտը գնահատելու արդյունքում ստացված արժեքի 75 տոկոսի չափով: Նախատեսելով լոտի մեկնարկային գինը սահմանելու կարգ և դրա նվազագույն արժեք՝ օրենսդիրը միաժամանակ թույլատրել է լոտի մեկնարկային ավելի բարձր գին առաջարկելու հնարավորություն: Մասնավորապես. Օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ աճուրդի ներկայացվող լոտի մեկնարկային գնի մասին հարկադիր կատարողը պատշաճ ծանուցում է պարտապանին և պահանջատիրոջը (պահանջատերերին)՝ նշելով լոտի ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու վերաբերյալ կողմի իրավունքի իրականացման կարգն ու ժամկետները: Եթե միևնույն պարտապանի գույքի նկատմամբ առկա են բռնագանձման վերաբերյալ երկու և ավելի կատարողական վարույթներ, ապա պատշաճ ծանուցումն ուղարկվում է տվյալ կատարողական վարույթներով հանդես եկող բոլոր պահանջատերերին: Պարտապանը և պահանջատերն (պահանջատերերը) իրավունք ունեն ծանուցումն իրենց ուղարկելու օրվանից հետո՝ երկշաբաթյա ժամկետում, ներկայացնելու գրավոր առաջարկություն` սահմանելով լոտի ավելի բարձր մեկնարկային գին: Այդ դեպքում վաճառվող լոտի մեկնարկային գին է սահմանվում առաջարկվող ավելի բարձր գինը, եթե առաջարկություն ներկայացնողն իր առաջարկած գնի երեք տոկոսի չափով վճարում է կատարում հարկադիր կատարման բաժնի դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ: Վճարի կատարման անդորրագիրը ներկայացվում է առաջարկությանը կից: Եթե սահմանված ժամկետում առաջարկություն են ներկայացնում մեկից ավելի անձինք, ապա լոտի մեկնարկային գին է սահմանվում ավելի բարձր գինը, իսկ ավելի ցածր գին առաջարկած անձի (անձանց) կատարած վճարը վերադարձվում է: Եթե նույն հոդվածով սահմանված ժամկետում և կարգով լոտի մեկնարկային գնի վերաբերյալ պարտապանը և պահանջատերը (պահանջատերերը) չեն ներկայացնում առաջարկություն, ապա աճուրդի մեկնարկային գին է համարվում նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված գինը: Օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով լոտի մեկնարկային գինը որոշելուց հետո հարկադիր կատարողը առաջարկություն ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետի ավարտման օրվան հաջորդող օրը, որոշում է ընդունում հարկադիր աճուրդի անցկացման մասին՝ նշելով աճուրդի ժամը, վայրը, ինչպես նաև լոտի մեկնարկային գինը, և նույն օրենքի 31-րդ հոդվածով նախատեսված կարգով և ժամկետներում կատարում է հրապարակային ծանուցում: Շարադրված իրավանորմերի համակարգային մեկնաբանությունից բխում է, որ հարկադիր կատարողը կրում է լոտի գնահատված արժեքի 75 տոկոսի չափով որոշված մեկնարկային գնի և այդ գնից ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու կարգի և ժամկետների մասին պարտապանին և վերջինիս գույքի նկատմամբ տարբեր կատարողական վարույթներով հանդես եկող բոլոր պահանջատերերին ծանուցելու պարտականություն: Նշված ծանուցումն ուղարկվելու օրվան հաջորդող երկշաբաթյա ժամկետում պարտապանն ու պարտատերերն իրավունք ունեն ներկայացնելու լոտի ավելի բարձր մեկնարկային գնի վերաբերյալ գրավոր առաջարկություն՝ դրան կցելով առաջարկվող այդ գնի երեք տոկոսի չափով վճարը հարկադիր կատարման բաժնի դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ վճարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը: Եթե առաջարկ ներկայացրած անձը պահպանել է վերը շարադրված պահանջը, ապա աճուրդի մեկնարկային գին է սահմանվում առաջարկվող ավելի բարձր գինը: Երկշաբաթյա ժամկետում մեկից ավելի անձանց կողմից առաջարկություն ներկայացված լինելու դեպքերում լոտի մեկնարկային գին է սահմանվում ավելի բարձր գինը, իսկ ավելի ցածր գին առաջարկած անձի (անձանց) կատարած վճարը վերադարձվում է: Եթե պարտապանն ու պարտատերերը սահմանված ժամկետում չեն ներկայացնում լոտի ավելի բարձր մեկնարկային գնի մասին գրավոր առաջարկություն, ապա մեկնարկային գինը մնում է անփոփոխ՝ լոտի գնահատված արժեքի 75 տոկոսի չափով: Այլ կերպ ասած՝ լոտի արժեքը գնահատելու և դրա 75 տոկոսի չափով մեկնարկային գին որոշելու գործողություններով սահմանվում է հարկադիր աճուրդի հանված լոտի նվազագույն այն արժեքը, որը կողմերի համար ուղենիշային է լոտի ավելի բարձր գին առաջարկելու իրենց իրավունքն իրացնելու նպատակահարմարությունը որոշելու հարցում, և որից ցածր մեկնարկային գին առաջարկվել չի կարող: Լոտի մեկնարկային գին ներկայացնելու նպատակով սահմանված երկշաբաթյա ժամկետի ավարտի հաջորդ օրը, երբ վերոշարադրյալ գործողությունների արդյունքում աճուրդի հանված լոտի մեկնարկային գինն արդեն սահմանվել է, հարկադիր կատարողը ընդունում է հարկադիր աճուրդի անցկացման մասին որոշում, որը պարունակում է նշում աճուրդի ժամի, վայրի, լոտի մեկնարկային գնի մասին: Նշված գործողությանը զուգահեռ հարկադիր կատարողն Օրենքի 31-րդ հոդվածով նախատեսված կարգով և ժամկետներում կատարում է նաև հրապարակային ծանուցում: Օրենքի 35.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդը էլեկտրոնային համակարգերի (այսուհետ՝ համակարգ) կիրառմամբ ծառայության աճուրդի էլեկտրոնային կայքի (այսուհետ՝ կայք) միջոցով կազմակերպվող սակարկություններն են, որը կազմակերպում և անցկացնում է ծառայությունը՝ կատարողական թերթին, ինչպես նաև նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթին համապատասխան: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդի լոտ կարող է դառնալ ցանկացած շարժական կամ անշարժ գույք, այդ թվում՝ գույքային իրավունքներ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Շարադրված իրավանորմում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի մեկնաբանությունից պարզ է, որ ծառայության աճուրդի էլեկտրոնային կայքի միջոցով հատուկ էլեկտրոնային համակարգերի կիրառմամբ կազմակերպվող և անցկացվող աճուրդների հիմքը նույնպես կատարողական թերթն ու նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթն են: Ընդ որում, տվյալ դեպքում ևս աճուրդի կարող է հանվել ցանկացած շարժական կամ անշարժ գույք, այդ թվում՝ գույքային իրավունքներ, օրենքով նախատեսված բացառություններ չպարունակելու դեպքում: Տեխնիկական և էլեկտրոնային հատուկ համակարգերի և միջոցների կիրառումն ու դրանք ծառայության աճուրդի էլեկտրոնային կայքի միջոցով իրականացվելու հանգամանքը հաշվի անելով՝ այդպիսի աճուրդները կոչվում են հարկադիր էլեկտրոնային աճուրդներ: Մինչդեռ դրանք հարկադիր աճուրդի կազմակերպման և անցկացման որոշակի առանձնահատկություններ ունեցող տարատեսակ են: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածով սահմանված են նորմատիվ իրավական ակտի մեկնաբանման կանոնները, ըստ որի՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է՝ հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում՝ տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից: Վճռաբեկ դատարանի իրավական այն դիրքորոշումը, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդը հարկադիր աճուրդի տարատեսակ է և ներառվում է դրանում, բխում է ոչ միայն Օրենքի 35.1-րդ հոդվածում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի մեկնաբանությունից, այլև Օրենքի «Հարկադիր աճուրդներ» վերտառությունը կրող 4-րդ գլխի կարգավորման համատեքստից, որում համապատասխանաբար ներառված է նշված հոդվածը: Մասնավորապես, Օրենքի 4-րդ գլուխը կրում է «Հարկադիր աճուրդներ» վերտառությունը և դրանում ներառված իրավանորմերը կարգավորում են հարկադիր աճուրդի կազմակերպման և անցկացման հետ կապված իրավահարաբերությունները: Հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման և անցկացման հետ կապված իրավանորմերը ևս ներառված են այդ գլխում (տե՛ս Օրենքի 35.1-35.4-րդ հոդվածները): Ունենալով հարկադիր աճուրդների կազմակերպման և անցկացման կարգը սահմանող նորմերը համակարգելու և բովանդակությամբ համասեռ հոդվածները մեկ գլխի ներքո միավորելու նպատակ՝ օրենսդիրը դրանք ներառել է «Հարկադիր աճուրդներ» վերտառությամբ գլխում: Ավելին՝ էլեկտրոնային աճուրդն իր անվան մեջ ինքնին պարունակում է «հարկադիր» եզրույթը, նույնանում են հարկադիր աճուրդի և հարկադիր էլեկտրոնային աճուրդի անցկացման փաստական հիմքերը, ինչպես նաև լոտի առարկաները: Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդը հարկադիր աճուրդի կազմակերպման և անցկացման որոշակի առանձնահատկություններով օժտված տեսակ է, և այդ առանձնահատկությունների հաշվառմամբ էլ դրա իրականացման կարգն ու պայմանները սահմանված են առանձին հոդվածով: Անդրադառնալով հարկադիր էլեկտրոնային աճուրդների նկատմամբ Օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառելիության հարցին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված կարգով լոտի գնահատում իրականացնելու կանոնների՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդների նկատմամբ կիրառելի լինելու պահանջն ուղղակիորեն ամրագրված է նույն Օրենքի 35.1-րդ հոդվածի 5-րդ մասով: Վերևում արդեն մանրամասն շարադրվել է հարկադիր աճուրդների անցկացման դեպքում լոտի մեկնարկային գինը որոշելու և սահմանելու ընթացակարգը, որից պարզ է, որ Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված գործողությունների կատարումը դեռևս բավարար չէ լոտի մեկնարկային գինը որոշված համարելու համար: Այն ներկայացնում է մեկը մյուսի հետ փոխկապակցված, որոշակի հաջորդականություն պահանջող գործողությունների համալիր: Լոտը գնահատելու և մեկնարկային գինը սահմանելու՝ Օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված գործողություններն իրարից անջատ գնահատելու դեպքում խեղաթյուրվում է այդ նորմով օրենսդրի հետապնդած նպատակը: Իրավանորմերի նման նեղ մեկնաբանության դեպքում ստացվում է մի իրավիճակ, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդների դեպքում լոտի մեկնարկային գինը սահմանելու հարցում հարկադիր կատարողի պարտականությունները սահմանափակվում են լոտի արժեքը գնահատելու և դրա մեկնարկային գինը գնահատված գնի 75 տոկոսի չափով սահմանելու գործողություններով: Մինչդեռ Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված գործողությունների արդյունքում ընդամենը սահմանվում է աճուրդի դրված լոտի մեկնարկային նվազագույն գինը՝ կողմերի համար որոշակի դարձնելով գնային այն շեմը, որից ավելի բարձր գին իրենք կարող են առաջարկել: Օրենքի 35.1-րդ հոդվածի 5-րդ մասը նեղ մեկնաբանելու և հարկադիր էլեկտրոնային աճուրդների նկատմամբ Օրենքի 30-րդ հոդվածի միայն 1-ին և 2-րդ մասերը կիրառելի համարելու պայմաններում կստացվի, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդների ժամանակ հարկադիր կատարողը չի կրում նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդ անցկացնելու մասին որոշում ընդունելու պարտականություն, քանի որ վերջինիս համար այդպիսի պարտականություն սահմանված է Օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասով և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասով, որոնց Օրենքի 35.1-րդ հոդվածում ուղիղ հղում արված չէ: Սակայն հարկադիր կատարողը պարտավոր է ոչ միայն հարկադիր էլեկտրոնային աճուրդ անցկացնելու մասին որոշում ընդունել՝ Օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասով և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, այլև Օրենքի 35.1-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ որոշման մասին պատշաճ ծանուցել պարտապանին և պահանջատիրոջը, և սահմանված ժամկետում և կարգով կատարել հրապարակային ծանուցում: Հարկ է նշել, որ վկայակոչված՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացման ենթակա լինելու դեպքում գույքի վերաբերյալ որոշումն ընդունելու ժամկետների վերաբերյալ կանոն, այն է՝ պարտապանի գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացման ենթակա լինելու դեպքում դրա վերաբերյալ որոշումը կայացվում է գույքի գնահատումից հետո՝ եռօրյա ժամկետում: Շարադրվածից բխում է, որ Օրենքի 30-րդ հոդվածն ամբողջացնում է 35.1-րդ հոդվածը՝ դրանում սահմանված ընդհանուր կանոններով կարգավորելով նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման կարգը: Ուստի Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդը, լինելով հարկադիր աճուրդի տեսակ, հատուկ կանոններով չկարգավորվելու կամ ընդհանուր կանոնից բացառություն չնախատեսելու դեպքերում կարգավորվում է հարկադիր աճուրդի իրականացման և կազմակերպման կարգը սահմանող ընդհանուր կանոններով, քանի որ հարկադիր էլեկտրոնային աճուրդի հանված լոտը գնահատելու և մեկնարկային գին որոշելու հատուկ կանոններ նախատեսված չեն, իսկ այդ հարցերը կարգավորող իրավանորմերից որևէ բացառություն նախատեսված չէ հարկադիր էլեկտրոնային աճուրդի համար: Հետևաբար՝ Օրենքի 30-րդ հոդվածով սահմանված գործողությունները՝ տրամաբանական հաջորդականությամբ, կիրառելի են նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդների նկատմամբ: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ հարկադիր էլեկտրոնային աճուրդների դեպքում ևս հարկադիր կատարողը կրում է լոտի մեկնարկային գնի և այդ գնից ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու կարգի և ժամկետների մասին պարտապանին և վերջինիս գույքի նկատմամբ տարբեր կատարողական վարույթներով հանդես եկող բոլոր պահանջատերերին ծանուցելու պարտականություն: Նշված պարտականության կատարմանը հաջորդող որոշակի գործողությունների արդյունքում սահմանվում է լոտի մեկնարկային գինը, որից հետո եռօրյա ժամկետում ընդունվում է հարկադիր էլեկտրոնային աճուրդի անցկացման մասին որոշումը և ծանուցումը հրապարակվում է հրապարակային ծանուցումների կայքում: Սույն գործի փաստերի համաձայն՝ Ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնում հարուցված թիվ 03323984 կատարողական վարույթի շրջանակներում պարտապան Սուսաննա Համբարձումյանին սեփականության իրավունքով պատկանող Անշարժ գույքը ներկայացվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի: Ի կատարումն Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 35.1-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջների՝ իրականացվել է Անշարժ գույքի գնահատում՝ հարկադիր կատարող Կ. Մարտիրոսյանի նշանակած գնահատողի՝ «Ամինտաս Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցով: Անշարժ գույքը զննվել է 31.01.2018 թվականին և այդ օրվա դրությամբ դ րա շուկայական արժեքը կազմել է 80.200.000 ՀՀ դրամ՝ համաձայն 08.02.2018 թվականի «Շուկայական արժեքի գնահատման հաշվետվության»: Հիմք ընդունելով Անշարժ գույքի՝ 80.200.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունենալու հանգամանքը և առաջնորդվելով լոտի մեկնարկային գինը դրա գնահատված գնի 75 տոկոսի չափով սահմանելու օրենսդրական պահանջով՝ Ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի հարկադիր կատարող Կ. Մարտիրոսյանը 20.02.2018 թվականին ընդունել է «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշում և լոտի մեկնարկային գին սահմանել 60.150.000 ՀՀ դրամը, որը կազմում է 80.200.000 ՀՀ դրամի 75 տոկոսը: Անշարժ գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասին հրապարակային ծանուցումը հրապարակվել է նաև Ծառայության կայքում: Շարադրվածով Անշարժ գույքի, որպես լոտի, մեկնարկային գինը սահմանելու հետ կապված գործողություններն ավարտվել են, և 23.02.2018 թվականին Սուսաննա Համբարձումյանը հարկադիր կատարողից առձեռն ստացել է 20.02.2018 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը և կից գրությունները: Շարադրվածից բխում է, որ Անշարժ գույքի, որպես հարկադիր էլեկտրոնային աճուրդով վաճառքի ներկայացված լոտի, մեկնարկային գինը որոշելու և սահմանելու՝ Օրենքի 30-րդ և 35.1-րդ հոդվածներով նախատեսված գործողությունները Ծառայության հարկադիր կատարող Կ. Մարտիրոսյանի կողմից կատարվել են ոչ ամբողջությամբ: Վերջինս ոչ իրավաչափորեն ձեռնպահ է մնացել լոտի գնահատված արժեքի 75 տոկոսի չափով որոշված մեկնարկային գնի՝ 60.150.000 ՀՀ դրամի, և այդ գնից ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու կարգի և ժամկետների մասին թիվ 03323984 կատարողական վարույթի պարտապան Սուսաննա Համբարձումյանին և բոլոր պահանջատերերին ծանուցելու, ավելի բարձր գնի մասին գրավոր առաջարկ ստանալու դեպքում սահմանված ընթացակարգն ու ժամկետները պահպանելու պարտականության կատարումից: Մինչդեռ, ինչպես արդեն նշվեց, հարկադիր աճուրդում վաճառքի ենթակա լոտի մեկնարկային գնի և ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու կողմի իրավունքի իրականացման կարգի և ժամկետների մասին կողմերին ծանուցելու՝ Օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով հարկադիր կատարողի վրա դրված պարտականությունը գործում է նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդների ժամանակ: Արդյունքում՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Անշարժ գույքի մեկնարկային գնի և դրանից ավելի բարձր գին սահմանելու ընթացակարգի վերաբերյալ պարտապան Սուսաննա Համբարձումյանին և բոլոր պարտատերերին ծանուցելու պարտականությունը չկատարելու հետևանքով վերջիններս զրկվել են լոտի մեկնարկային գնի մասին իրազեկվելու, ինչպես նաև լոտի մեկնարկային ավելի բարձր գին առաջարկելու՝ Օրենքով երաշխավորված իրավունքն իրացնելու հնարավորությունից: Անշարժ գույքի, որպես աճուրդի հանված լոտի, մեկնարկային գինը հարկադիր կատարողի կողմից սահմանվել է Օրենքով թույլատրված դրա նվազագույն արժեքի չափով, իսկ կատարողական վարույթի կողմերին չի ընձեռվել Օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված թույլատրելի գործողությունները կատարելու միջոցով լոտի մեկնարկային գինը որոշելու գործընթացին մասնակից դառնալու հնարավորություն: Փաստորեն՝ Որոշման ընդունմանն ուղղված վարչական վարույթի շրջանակներում պարտապան Սուսաննա Համբարձումյանին լոտի մեկնարկային գնի և ավելի բարձր գին առաջարկելու իր իրավունքի մասին չծանուցելու հետևանքով վերջինս ոչ իրավաչափ կերպով զրկվել է աճուրդի կազմակերպման և իրականացման համար էական նշանակություն ունեցող հարցերի կապակցությամբ դիրքորոշում ներկայացնելու և ընթացակարգային այլ գործողությունների միջոցով վարչական մարմնի որոշման վրա ազդելու հնարավորությունից: Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի հարկադիր կատարող Կ. Մարտիրոսյանի կողմից Որոշումը կայացնելիս ամբողջությամբ չեն պահպանվել Օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված պահանջները, հետևաբար Որոշումն ընդունվել է Օրենքի խախտմամբ, ինչը բավարար էր Որոշումն անվավեր ճանաչելու համար, որպիսի իրավաչափ հետևության և հանգել է Վերաքննիչ դատարանը։
2. Ծառայության վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ․
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի առաջին պարբերության համաձայն՝ նույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության դատարանների դատական ակտերի, ինչպես նաև արբիտրաժային տրիբունալների վճիռների և Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների հարկադիր կատարումն ապահովելու պայմանները և կարգը: «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ` հարկադիր կատարման ծառայություն): «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը նույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է և կատարողական մակագրության թերթը, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումը, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից տրված հանձնարարություններ պարունակող որոշումը «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով նախատեսված կարգով հարկադիր կատարման ուղարկելու մասին դիմումը: «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ հարկադիր կատարման միջոցներն են՝ պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը` արգելանք դնելու և այն իրացնելու միջոցով, պարտապանի աշխատավարձի, կենսաթոշակի, կրթաթոշակի և այլ տեսակի եկամուտների վրա բռնագանձում տարածելը, այլ անձանց մոտ գտնվող պարտապանի դրամական միջոցների և այլ գույքի վրա բռնագանձում տարածելը, կատարողական թերթում նշված որոշակի առարկաները պարտապանից առգրավելը և պահանջատիրոջը հանձնելը, հարկադիր կատարողի որոշումները չկատարելու համար տուգանք կիրառելը և կատարողական թերթի կատարումն ապահովող այլ միջոցներ: Օրենքի 35.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդը էլեկտրոնային համակարգերի կիրառմամբ ծառայության աճուրդի էլեկտրոնային կայքի միջոցով կազմակերպվող սակարկություններն են, որը կազմակերպում և անցկացնում է ծառայությունը՝ կատարողական թերթին, ինչպես նաև նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթին համապատասխան: ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է Ծառայության կողմից աճուրդի կազմակերպման և անցկացման գործողությունների բնույթին և արձանագրել, որ «(…) Ծառայությունը՝ որպես պետական իշխանություն իրականացնող մարմին, կոչված է ապահովելու դատական ակտերի հարկադիր կատարումը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքին և այլ իրավական ակտերին, մասնավորապես՝ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը՝ արգելանք դնելու և այն իրացնելու միջոցով, իրականացվում է նաև գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդի ներկայացնելու միջոցով, այն է՝ սակարկություններով վաճառելու և այն հետագայում իրացնելու միջոցով: Ընդ որում, ի տարբերություն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 463-465-րդ հոդվածների հիմքով անցկացվող սակարկությունների, որտեղ որպես սակարկությունների կազմակերպիչ կարող է հանդես գալ գույքի սեփականատերը, իրավունքների տիրապետողը, աշխատանքներ կամ ծառայություններ առաջարկողը, ինչպես նաև այն անձը, որը գործում է սեփականատիրոջ կամ իրավատիրոջ հետ կնքված գրավոր պայմանագրի հիման վրա և հանդես է գալիս նրանց կամ իր անունից, գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդի միջոցով իրացվելու դեպքում սակարկությունները կազմակերպվում և անց են կացվում Ծառայության կողմից՝ դատական ակտերի հիման վրա տրված կատարողական թերթին համապատասխան: (…) քննության ենթակա հիմնական պահանջով վիճելի իրավահարաբերության կողմերից մեկը Ծառայությունն է, որը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ է և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի իմաստով վարչական մարմին է» (տե՛ս Դեզդեմոնա, Էդիկ, Գոհար, Ստեփան, Նունե, Հմայակ և Ալիսա Մանուկյանները և Անահիտ Հարությունյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Մամիկոն Օհանյանի՝ բնակարանի էլեկտրոնային աճուրդը, դրա հիման վրա կնքված առուվաճառքի պայմանագիրն ու անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին թիվ ԿԴ3/0174/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը): Վերահաստատելով նախկինում արտահայտած իր իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հարկադիր կատարման վարույթում հանրային իշխանական լիազորություններ, այդ թվում նաև՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման և անցկացման հետ կապված իրականացնելիս Ծառայությունը հանդես է գալիս վարչական մարմնի կարգավիճակով: «Հարկադիր էլեկտրոնային աճուրդի հասկացությունը և կազմակերպումը» վերնագիրը կրող Օրենքի 35.1-րդ հոդվածի կարգավորման համատեքստից բխում է, որ դրանով սահմանված գործողություններն ուղղված են աճուրդի իրականցումը նախաձեռնելուն, ըստ պատշաճի դրա գործընթացը նախապատրատելուն: Հետևաբար` լոտը գնահատելը, դրա մեկնարկային գինը սահմանելը, հարկադիր էլեկտրոնային աճուրդ անցկացնելու մասին որոշում ընդունելը, այդ մասին պարտապանին և պահանջատիրոջը պատշաճ ծանուցելը և մասնակիցների գրանցումն իրականացնելն ընդամենը հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ են, որին հաջորդում է աճուրդի բուն գործընթացը, որը կարգավորվում է Օրենքի 35.2-րդ հոդվածով: Օրենքի 35.2-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող է ճանաչվում ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը: Հաղթողը որոշվում է համակարգի միջոցով: Հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթած մասնակցի կողմից նախօրոք սառեցված նախավճարը փոխանցվում է ծառայության դեպոզիտ հաշվին: Սակարկությունների միջոցով պայմանագրեր կնքելու պայմանները սահմանող՝ Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե սակարկություններով վաճառվելիք լոտն անշարժ կամ շարժական գույք է, որի նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման, ապա սակարկություններում հաղթողի հետ արձանագրության ստորագրման պահից նրան են անցնում համապատասխան լոտի վերաբերյալ առուվաճառքի մասին պայմանագիր կնքելու իրավունքը: Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ լոտի (լոտերի) վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը, և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված: Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության մեջ նշվում են աճուրդի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը և ժամանակը, լոտի անվանումը, լոտի վերաբերյալ իրավունքներն ու պարտականությունները և այլ սահմանափակումներ, ինչպես նաև լոտի վիճակը (արտադրության տարին, ֆիզիկական մաշվածության աստիճանը և այլն), լոտի մեկնարկային գինը, աճուրդի կազմակերպչի անունը (անվանումը) և բնակության (գտնվելու) վայրը, հաղթող ճանաչված մասնակցի անունը (անվանումը) և բնակության (գտնվելու) վայրը և լոտի գնման գինը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արձանագրությունն ստորագրում են աճուրդն անցկացնելու օրը՝ հաղթող մասնակիցը և աճուրդի կազմակերպիչը: Օրենքի 35.2-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը (…): Օրենքի 35.2-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ հաղթողի կողմից գնման գինը վճարվելուց և այն փաստացի ծառայության դեպոզիտ հաշվին մուտքագրվելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, հարկադիր կատարողը նրա կամ նրա ներկայացուցչի հետ կնքում է առք ու վաճառքի պայմանագիր: Հաղթողի կողմից նշված ժամկետում պայմանագիր չկնքվելու դեպքում գնման գինը վերադարձվում է նրան, իսկ նախավճարը մնում է ծառայության դեպոզիտ հաշվին: Օրենքի 35.3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդը համարվում է չկայացած, եթե աճուրդում հաղթած անձը հրաժարվել է առուվաճառքի պայմանագիր կնքելուց կամ սահմանված ժամկետում չի վճարել լոտի գնման գինը կամ չի ներկայացրել եկամտային հարկի վճարումը հավաստող փաստաթուղթ: Նշված նորմերի համակարգային մեկնաբանությունից բխում է, որ աճուրդը հաղթած անձի՝ լոտի համար ամենաբարձր հայտ ներկայացրած մասնակցի, հետ աճուրդն անցկացնելու օրը ստորագրվում է դրա արդյունքների մասին արձանագրություն, որով ազդարարվում է լոտի վերաբերյալ աճուրդի ավարտը: Արձանագրությունը ստորագրելու փաստի ուժով մասնակցին անցնում է լոտի վերաբերյալ առուվաճառքի մասին պայմանագիր կնքելու իրավունքը, որն իրացնելու դեպքում վերջինս երեք աշխատանքային օր ժամկետում Ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ է մուծում լոտի գնման գնի և նախավճարի տարբերությունը, իսկ դրան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում Ծառայության հետ կնքում առուվաճառքի պայմանագիր: Մասնակցի կողմից պայմանագիր կնքելու իրավունքից հրաժարվելու կամ լոտի գնման գինը չփոխանցելու դեպքերում հարկադիր էլեկտրոնային աճուրդը համարվում է չկայացած: Շարադրվածի ամփոփմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ աճուրդն ինքնին պայմանագիր կնքելուն ուղղված գործողությունների համալիր է, որը եզրափակվում է աճուրդի արդյունքների մասին արձանագրության ստորագրմամբ, որպիսի պահից աճուրդը հաղթող մասնակցին, այսինքն՝ արձանագրությունը ստորագրողին, անցնում է լոտի վերաբերյալ առուվաճառքի պայմանագիր կնքելու իրավունքը: Վերոգրյալից բխում է, որ արձանագրություն ստորագրելու գործողությամբ ավարտվում է Ծառայության, որպես վարչական մարմնի, հանրային իշխանական լիազորությունների իրականացումը, ինչի արդյունքում աճուրդը հաղթած մասնակցի մոտ ծագում է լոտի վերաբերյալ առուվաճառքի պայմանագիր կնքելու իրավունք: Փաստացի՝ արձանագրությունը ստորագրելու իրողությամբ աճուրդն ավարտվում է՝ դադարեցնելով Ծառայության կողմից հանրային իշխանական լիազորությունների իրականացումը ևս: Արդյունքում Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Ծառայության, և աճուրդը հաղթած մասնակցի միջև ծագում են մասնավոր՝ քաղաքացիաիրավական, իրավահարաբերություններ: Վարչական մարմինը որոշակի իրավահարաբերության մեջ կարող է ներկայանալ ոչ միայն որպես հանրային իշխանական լիազորություններ կրող մարմին, այլ նաև որպես տվյալ իրավահարաբերության մյուս մասնակիցներին հավասար սուբյեկտ: Ասվածից պարզ է, որ հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտի՝ իրավահարաբերության կողմ լինելը դեռևս չի նշանակում, որ այդ իրավահարաբերությունը հանրային բնույթի է, քանի որ յուրաքանչյուր դեպքում կարևորվում է ոչ միայն իրավահարաբերության սուբյեկտային կազմը, այլ նաև դրա օբյեկտն ու բովանդակությունը: Այս գործով Դատարան ներկայացրած հայցադիմումով հայցվորը վիճարկել է Ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի հարկադիր կատարող Կ. Մարտիրոսյանի 20.02.2018 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշման իրավաչափությունը՝ կատարողական վարույթի շրջանակներում իրականացված գործողությունների մասին իրազեկված չլինելու և Որոշումը ստացած չլինելու փաստերի վկայակոչմամբ (լոտի վերաբերյալ հարկադիր էլեկտրոնային աճուրդը՝ Օրենքով սահմանված հիմքերով չի վիճարկվել): Որպես նշված որոշումն անվավեր ճանաչելու հետևանք՝ հայցվորը պահանջել է անվավեր ճանաչել նաև Պայմանագիրն ու դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Դատարանը 18.10.2019 թվականի վճռով հայցը մերժել է՝ պատճառաբանելով, որ Ծառայության գործողությունները՝ ուղղված գույքը աճուրդի ներկայացնելուն, իրավաչափ է, քանի որ կատարողական վարույթի նյութերում առկա է գրավոր ապացույց՝ առ այն, որ 23.02.2018 թվականին Սուսաննա Համբարձումյանն առձեռն ստացել է 20.02.2018 թվականին Ծառայության կողմից կայացված արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշումները և կից գրությունները, որը վերաբերում է Ծաղկաձոր, Մուրադյան փողոց, թիվ 1 հասցեում գտնվող և Արամուս, Ամառանոցային 2 փողոց, թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքերին, իսկ 20.02.2018 թվականին Ծառայության կողմից կայացվել է «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշում, որով Սուսաննա Համբարձումյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Կոտայքի մարզ, Արամուս, Ամառանոցային 2-րդ փողոց, թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքը ներկայացվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի: Տվյալ անշարժ գույքի գնահատման գինը կազմել է 80.200.000 ՀՀ դրամ, աճուրդի մեկնարկային գինը՝ 60.150.000 ՀՀ դրամ, իսկ հարկադիր էլեկտրոնային աճուրդի սկիզբ՝ 20.03.2018 թվականին: Հետևաբար՝ պահպանված է Հարկադիր կատարողի որոշումը եռօրյա ժամկետում պարտապանին հանձնելու վերաբերյալ հարկադիր կատարողի պարտականությունը, Սուսաննա Համբարձումյանը տեղյակ է եղել 20.03.2018 թվականին կայանալիք աճուրդի մասին, քանի որ տվյալ որոշումը վերջինս առձեռն ստացել է 23.02.2018 թվականին: Հետևաբար՝ անհիմն է հայցվորի փաստարկն առ այն, որ հարկադիր կատարողի գործողությունները և գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշումը ոչ իրավաչափ են: Վերաքննիչ դատարանը, հանգելով Որոշումն օրենքի խախտմամբ ընդունված լինելու և այդ հիմքով անվավեր ճանաչման ենթակա լինելու իրավաչափ հետևության, Պայմանագիրն ու դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը ևս անվավեր է ճանաչել, որպիսի իր հետևությունը պատճառաբանել է հետևյալ կերպ՝ «(…) Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի հարկադիր կատարողի ՀՀ, Կոտայքի մարզ, Արամուս, Ամառանոցային 2-րդ փողոց, թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշումը ենթակա է անվավեր ճանաչման, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նշված ոչ իրավաչափ որոշման հիմքով անցկացված էլեկտրոնային աճուրդի արդյունքում կնքված գույքի օտարման գործարքը (13.08.2018 թվականին Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Ելիզավետա Արտյոմի Սարգսյանի միջև կնքված Մարզ Կոտայք, համայնք Արամուս, Ամառանոցային թաղամաս, 2-րդ փողոց, 14 այգետնակ հասցեում գտնվող անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը) և այդ գույքի նկատմամբ Ելիզավետա Սարգսյանի սեփականության իրավունքի գրանցումը ևս ենթակա են անվավեր ճանաչման»: Շարադրված պատճառաբանություններից բխում է, որ Պայմանագիրն ու Անշարժ գույքի նկատմամբ Ելիզավետա Սարգսյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը Վերաքննիչ դատարանն անվավեր է ճանաչել որպես Որոշումն անվավեր ճանաչելու հետևանք: Մինչդեռ տվյալ դեպքում Որոշումն անվավեր ճանաչելն ինքնին չի կարող հանգեցնել Պայմանագիրն ու դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը ևս անվավեր ճանաչելուն, այսինքն՝ Որոշումն անվավեր ճանաչելու հարցի լուծումն որևէ կերպ չի կանխորոշում Պայմանագրի ու դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցման իրավաչափության գնահատման հարցի լուծումը, քանի որ Պայմանագիրն ու դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը հանդիսանում են աճուրդի ուղղակի հետևանք, այլ ոչ թե՝ Որոշման։ Ինչ վերաբերում է Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասին, համաձայն որի՝ լոտի վերաբերյալ աճուրդն անվավեր ճանաչելը հանգեցնում է դրանում հաղթած անձի հետ կնքված պայմանագրի անվավերության, ապա նշված նորմն աճուրդում հաղթած անձի հետ կնքված պայմանագրի անվավերության հետևանք նախատեսում է բուն աճուրդն անվավեր ճանաչվելու դեպքերով (ինչպես նշվեց, այս գործով աճուրդը չի վիճարկվել) և կիրառելի չէ այս՝ աճուրդ նշանակելու մասին որոշումն անվավեր ճանաչելու դեպքի նկատմամբ: Ավելին, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը․
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի «Հետևանքների վերացման ածանցյալ պահանջը» վերտառությամբ 71-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկման, պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցի հետ կարող է ներկայացվել պահանջ այն հետևանքները վերացնելու մասին, որոնք առաջացել են վիճարկվող վարչական ակտի կամ վիճարկվող գործողության (անգործության) կամ վարչական ակտ ընդունելը մերժելու կամ վարչական ակտ չընդունելու հետևանքով։ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վարչական դատարանը դատական ակտ կայացնելիս պարտավոր է լուծել նաև հետևանքների վերացման հարցը՝ նույն օրենսգրքի 71-րդ հոդվածով նախատեսված պահանջ լինելու դեպքում: Վերոգրյալ հոդվածների կարգավորումներից հետևում է, որ օրենսդիրը հայցվորին իրավունք է տվել վիճարկման, պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցի հետ մեկտեղ ներկայացնելու այն հետևանքները վերացնելու մասին պահանջ, որոնք առաջացել են վիճարկվող վարչական ակտի կամ վիճարկվող գործողության (անգործության) կամ վարչական ակտ ընդունելը մերժելու կամ վարչական ակտ չընդունելու հետևանքով՝ համապատասխանաբար դատարանին պարտավորեցնելով դատական ակտ կայացնելիս լուծել նաև հետևանքների վերացման հարցը՝ նման պահանջ ներկայացված լինելու պարագայում։ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ինչպես հետևում է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածի վերտառությունից, հայցվորը կարող է ներկայացնել ենթադրյալ հետևանքների վերացման միայն ածանցյալ պահանջ, ինչը ենթադրում է, որ հիմնական և ածանցյալ պահանջների միջև պետք է առկա լինի ուղղակի պատճառահետևանքային կապ, այսինքն՝ հիմնական պահանջի լուծումը պետք է անմիջականորեն և անվերապահորեն կանխորոշի ածանցյալ պահանջի ելքը՝ բացառելով ածանցյալ պահանջով հավելյալ փաստական հանգամանքներ պարզելու անհրաժեշտությունը։ Հակառակ պարագայում ներկայացված պահանջը հարկ է դիտարկել ոչ թե որպես հետևանքների վերացման ածանցյալ, այլ հիմնական պահանջ, որը պահանջում է ամբողջական քննություն։ Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անգամ հետևանքների վերացման ածանցյալ պահանջի պարագայում շահագրգիռ անձի խախտված իրավունքը վերականգնելիս դատարանը պետք է ղեկավարվի համաչափության սկզբունքով։ Այսպես՝ Միջազգային և ներպետական իրավական ակտերով անձին երաշխավորված հիմնարար իրավունքները սահմանափակելիս անհրաժեշտ և պիտանի միջոցների գործադրմամբ նվազ միջամտության կանոնը պահպանելու և սահմանված նպատակի և գործադրվող միջոցի միջև արդարացի հավասարակշռություն ապահովելու իմպերատիվ պահանջ նախատեսված է ՀՀ Սահմանադրությամբ: Մասնավորապես ըստ ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը: ՀՀ սահմանադրական դատարանն իր որոշումներում անդրադարձել է համաչափության սկզբունքի կիրարկմանն ու փաստել, որ «(…) որևէ հիմնական իրավունքի սահմանափակում հնարավոր է միայն օրենքով, և տվյալ դեպքում օրենքով հիմնական իրավունքի սահմանափակումներին վերաբերող պահանջներն են.
1) սահմանափակման նպատակի իրավաչափությունը, այն է՝ Սահմանադրությամբ սահմանված լինելը.
2) սահմանափակման համար ընտրված միջոցների՝
ա) պիտանիությունը՝ Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար.
բ) անհրաժեշտությունը՝ Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար.
գ) համարժեքությունը՝ սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը» (տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի 04.05.2021 թվականի թիվ ՍԴՈ-1592 որոշումը): ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է նաև, որ «(…) Համաչափության սկզբունքի էությունը մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումների սահմանափակումն է մասնավոր և հանրային շահերի միջև ողջամիտ հավասարակշռության ապահովման միջոցով, և հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումներին ներկայացվող սահմանադրական պահանջների շարքում այն ունի առանձնահատուկ կարևորություն» (տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի 18.06.2020 թվականի թիվ ՍԴՈ- 1546 որոշումը), և «(…) օրենսդրի կողմից ընտրված միջոցը պետք է նաև անհրաժեշտ լինի: Միջոցն անհրաժեշտ է, եթե չկա մեկ այլ՝ ավելի մեղմ միջամտող միջոց, որով նույն արդյունավետությամբ կարելի է հասնել նպատակին» (տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի 19.03.2019 թվականի թիվ ՍԴՈ-1448 որոշումը): Համաչափության սկզբունքն իրավական պետության կարևորագույն տարրերից է: Դրա առանցքային կարևորությունը նրանումն է, որ այն հնարավորություն է տալիս գնահատելու գործողության և/կամ անգործության իրավաչափությունը՝ միջամտության ընթացքում կիրառվող միջոցների գործադրմամբ նպատակին հասնելու հնարավորության և թույլատրելիության տեսանկյունից: Համաչափության սկզբունքը երաշխավորում է, որ այս կամ այն հանգամանքներում համարժեքություն ապահովվի կիրառվող միջոցների և դրանց կիրառմամբ հետապնդվող նպատակի միջև: Յուրաքանչյուր դեպքում միջամտությունը պետք է բավարարի օրինականության, պիտանիության, անհրաժեշտության և համարժեքության պահանջներին: Այսինքն՝ հիմնարար իրավունքից անարգել օգտվելու հնարավորության ցանկացած միջամտություն պետք է զերծ լինի կամայականությունից և հնարավորինս մեղմ միջոցների գործադրմամբ ապահովի առաջադրվող նպատակի արդյունավետ իրագործումը: Ուստի՝ անձին երաշխավորված որևէ հիմնարար իրավունք սահմանափակելիս պետական մարմինը, այդ թվում՝ Դատարանը կաշկանդված է համաչափության սկզբունքի սահմանադրական հրամայականով և ցանկացած դեպքում պետք է ստուգի ընտրված միջոցի օրինականությունը, ապա գնահատի իր առջև դրված նպատակին հասնելու հարցում դրա պիտանիությունը, անհրաժեշտությունը ու համարժեքությունը: Սույն գործով Վերաքննիչ դատարանը Պայմանագիրն ու դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը որպես հետևանք անվավեր ճանաչման ենթակա լինելու իր եզրակացության հիմքում դրել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածը։ Մինչդեռ Որոշման և որպես «հետևանք» ներկայացված՝ Պայմանագրի և Ելիզավետա Սարգսյանի սեփականության իրավունքի պետական գրանցման միջև առկա չէ անմիջական և ուղղակի պատճառահետևանքային կապ: Պայմանագիրն աճուրդի ուղղակի հետևանքն է, քանզի աճուրդն ինքնին պայմանագիր կնքելուն ուղղված գործընթաց է, իսկ Ելիզավետա Սարգսյանի սեփականության իրավունքի պետական գրանցումն էլ այդ Պայմանագրի ուղղակի հետևանքն է: Այս գործով Որոշումն ընդամենը աճուրդի նախնական փուլում ընդունված և դրա պատշաճ կազմակերպման ուղղված ակտ է: Այսինքն՝ այն աճուրդի նախնական փուլի հետևանք է և Պայմանագրի և Ելիզավետա Սարգսյանի սեփականության իրավունքի պետական գրանցման հետ ուղիղ պատճառահետևանքային կապի մեջ չի գտնվում: Հետևաբար` Վճռաբեկ դատարանի գնահատմամբ սույն գործով որպես «հետևանք» ներկայացված՝ 13.08.2018 թվականի թիվ 4433 առուվաճառքի պայմանագիրը, և դրանց հիման վրա 22.08.2018 թվականին կատարված Կոտայքի մարզ, Արամուս Ամառանոցային թաղամաս 2-րդ փողոց, 14 այգետնակ հասցեի նկատմամբ Ելիզավետա Սարգսյանի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու մասին պահանջները ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածի իմաստով չեն հանդիսանում հետևանքների վերացման ածանցյալ պահանջներ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։ Հիմք ընդունելով վերոշարադրյալ պատճառաբանությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Պայմանագիրն ու Ելիզավետա Սարգսյանի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջներին վերաբերող մասերով Սուսաննա Համբարձումյանի հայցը ենթակա է մերժման՝ Ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի հարկադիր կատարող Կ. Մարտիրոսյանի 20.02.2018 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշման՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածով նախատեսված հետևանքների վերացման ածանցյալ պահանջներ չլինելու հիմնավորմամբ: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանի 30.03.2021 թվականի որոշմամբ Դատարանի 18.10.2019 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ հայցը՝ Ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի հարկադիր կատարող Կ. Մարտիրոսյանի 20.02.2018 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը, թիվ 4433 առուվաճառքի պայմանագիրը և 22.08.2018 թվականին կատարված Կոտայքի մարզ, Արամուս Ամառանոցային թաղամաս 2-րդ փողոց, 14 այգետնակ հասցեի նկատմամբ Ելիզավետա Սարգսյանի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասով բավարարվել է, սակայն սույն որոշման պատճառաբանություններով Վճռաբեկ դատարանը հանգում է որպես հետևանք ներկայացված պահանջների ածանցյալ բնույթ չունենալու մասին հետևության, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ծառայության վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքը բավարար է մասնակիորեն՝ 13.08.2018 թվականի թիվ 4433 առուվաճառքի պայմանագիրը և 22.08.2018 թվականին կատարված Կոտայքի մարզ, Արամուս Ամառանոցային թաղամաս 2-րդ փողոց, 14 այգետնակ հասցեի նկատմամբ Ելիզավետա Սարգսյանի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջներին վերաբերող մասերով, Վերաքննիչ դատարանի 30.03.2021 թվականի որոշումը բեկանելու և փոփոխելու՝ հայցն այդ մասերով մերժելու համար: Չբեկանված՝ Ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի հարկադիր կատարողի՝ ՀՀ, Կոտայքի մարզ, Արամուս, Ամառանոցային 2-րդ փողոց, թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշումն անվավեր ճանաչելու պահանջը բավարարելու մասով Վերաքննիչ դատարանի 30.03.2021 թվականի որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ: Օրինական ուժի մեջ պետք է թողնել նաև Վերաքննիչ դատարանի կողմից Ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի հարկադիր կատարողի կողմից արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշման հիման վրա ՀՀ, Կոտայքի մարզ, Արամուս, Ամառանոցային 2-րդ փողոց, թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքն աճուրդների ներկայացնելու գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու և 06.08.2018 թվականի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտի մասին Nq00829046-18/02 արձանագրությունն անվավեր ճանաչելու պահանջների մասով Դատարանի 18.10.2019 թվականի վճիռը բեկանելու և քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասը՝ նկատի ունենալով, որ այդ մասը դուրս է վճռաբեկ բողոքների հիմքերի և հիմնավորումների շրջանակից։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին: Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ եթե պատասխանող է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը, ապա դատական ծախսերը դրվում են Հայաստանի Հանրապետության կամ համապատասխան համայնքի վրա, եթե պատասխանողի որոշումը, գործողությունը կամ անգործությունը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ եթե հայցվորի կամ բողոք բերողի պահանջները բավարարվում են մասամբ, ապա հաշվանցման եղանակով դատարանը կարող է հայցվորին, բողոք բերողին և պատասխանողին փոխադարձաբար ազատել դատական ծախսերի հատուցումից կամ համաչափորեն բաշխել դատական ծախսերը նրանց միջև։ Նկատի ունենալով, որ Բանկի և Ելիզավետա Սարգսյանի ներկայացրած վճռաբեկ բողոքները ենթակա են մերժման, վճռաբեկ դատարանում դատական ծախսերի բաշխման հարցը նրանց վերաբերող մասով պետք է համարել լուծված: Ծառայության ներկայացրած վճռաբեկ բողոքը մասնակի բավարարելու պայմաններում Սուսաննա Համբարձումյանի հայցը ևս ենթակա է մասնակի բավարարման, ինչի արդյունքում Վճռաբեկ դատարանը հնարավոր է համարում հաշվանցման եղանակով՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառմամբ դատական ծախսերը համաչափորեն բաշխել հայցվորի և պատասխանողի միջև՝ հետևյալ կերպ. Վերաքննիչ դատարանի 30.03.2020 թվականի որոշմամբ Դատարանի 18.10.2019 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել էր՝ Սուսաննա Համբարձումյանի ներկայացրած հայցը բավարարվել էր մասնակի, և որոշվել էր Ծառայությունից հօգուտ Սուսաննա Համբարձումյանի բռնագանձել 14.000 ՀՀ դրամ, որը կազմում է Դատարանում Սուսաննա Համբարձումյանի կողմից վճարված պետական տուրքի՝ 4.000 ՀՀ դրամի, և Վերաքննիչ դատարանում նույն անձի ներկայարցած վերաքննիչ բողոքի քննության արդյունքոմ բավարարված պահանջի համար վճարված պետական տուրքի՝ 10.000 ՀՀ դրամի, հանրագումարը: Սույն որոշմամբ թեև մասնակի՝ 13.08.2018 թվականի թիվ 4433 առուվաճառքի պայմանագիրը և Կոտայքի մարզ, Արամուս Ամառանոցային թաղամաս 2-րդ փողոց, 14 այգետնակ հասցեի նկատմամբ Ելիզավետա Սարգսյանի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջներին վերաբերող մասերով, բեկանվում է Վերաքննիչ դատարանի 30.03.2020 թվականի որոշումը և փոփոխվում, սակայն Ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի հարկադիր կատարողի՝ ՀՀ, Կոտայքի մարզ, Արամուս, Ամառանոցային 2-րդ փողոց, թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշումն անվավեր ճանաչելու պահանջը բավարարելու, ինչպես նաև Ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի հարկադիր կատարողի կողմից արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշման հիման վրա ՀՀ, Կոտայքի մարզ, Արամուս, Ամառանոցային 2-րդ փողոց, թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքն աճուրդների ներկայացնելու գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու և 06.08.2018 թվականի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտի մասին Nq00829046-18/02 արձանագրությունն անվավեր ճանաչելու պահանջների մասերով վարչական գործի վարույթը կարճելու մասերով, որոշումը թողնվում է օրինական ուժի մեջ: Այսինքն՝ սույն որոշմամբ Սուսաննա Համբարձումյանի հայցը մնում է բավարարված մասնակի, որպիսի պայմաններում Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Ծառայության, կրում է Դատարանում և Վերաքննիչ դատարանում հայցվորի վճարած պետական տուրքի գումարները բավարարված պահանջին համամասնորեն՝ 14.000 ՀՀ դրամի չափով, հատուցելու պարտականություն: Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոք բերելու համար պետական տուրքի բաշխման հարցին, ապա Ծառայությունը նախապես վճարել է վճռաբեկ բողոք ներկայացնելու համար վճարման ենթակա պետական տուրքի գումարը՝ 20.000 ՀՀ դրամի չափով, իսկ նրա վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման մասնակի, հետևաբար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա Սուսաննա Համբարձումյանը կրում է Ծառայության վճռաբեկ բողոքի բավարարված մասին համամասնորեն՝ 10.000 ՀՀ դրամի չափով, Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Ծառայության, հատուցելու պարտականություն: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այս պայմաններում հնարավոր է Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Ծառայության, կողմից Սուսաննա Համբարձումյանին վճարման ենթակա 14.000 ՀՀ դրամը հաշվանցել վճռաբեկ բողոք ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Ծառայության, Սուսաննա Համբարձումյանի կողմից հատուցման ենթակա 10.000 ՀՀ դրամի հետ և Հայաստանի Հանրապետությունից՝ ի դեմս Ծառայության, հօգուտ Սուսաննա Համբարձումյանի բռնագանձել մնացորդը՝ 4.000 ՀՀ դրամի չափով (14.000 - 10.000 = 4.000 ՀՀ դրամ): Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքից բացի սույն գործով դատական այլ ծախսեր առկա չեն: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Ելիզավետա Սարգսյանի և «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության վճռաբեկ բողոքները մերժել:
2. ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության վճռաբեկ բողոքը բավարարել մասնակի: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 30.03.2021 թվականի որոշումը մասնակի՝ ՀՀ, Կոտայքի մարզ, Արամուս, Ամառանոցային 2-րդ փողոց, թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքի 13.08.2018 թվականի թիվ 4433 առուվաճառքի պայմանագիրն ու դրա հիման վրա 22.08.2018 թվականին կատարված Ելիզավետա Սարգսյանի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասերով, բեկանել և փոփոխել՝ հայցն այդ մասերով մերժել: 3․ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 30.03.2021 թվականի որոշումը մնացած՝ Ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի հարկադիր կատարողի՝ ՀՀ, Կոտայքի մարզ, Արամուս, Ամառանոցային 2-րդ փողոց, թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշումն անվավեր ճանաչելու պահանջը բավարարելու, ինչպես նաև Ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի հարկադիր կատարողի կողմից արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշման հիման վրա ՀՀ, Կոտայքի մարզ, Արամուս, Ամառանոցային 2-րդ փողոց, թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքն աճուրդների ներկայացնելու գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու և 06.08.2018 թվականի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտի մասին Nq00829046-18/02 արձանագրությունն անվավեր ճանաչելու պահանջների մասերով վարչական գործի վարույթը կարճելու մասերով, թողնել օրինական ուժի մեջ:
4. Հայաստանի Հանրապետությունից հօգուտ Սուսաննա Համբարձումյանի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ: Դատական ծախսերի բաշխման հարցը մնացած մասով համարել լուծված:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ: Նախագահող
Զեկուցող
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Հատուկ կարծիք հայտնած դատավոր՝ Գ. Հակոբյան
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 մայիսի, 2022 թ.
- Գործի #:
- ՎԴ/9457/05/18
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
