Սարկիսյան — ՀԿԴ1/0006/01/22
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 3. Սույն օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացությունները · Հոդված 9. Քրեական օրենսդրության հետադարձ ուժը · Հոդված 436. Կաշառք տալըԱմփոփում
Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1․ 2020 թվականի մայիսի 7-ին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ստացվել թիվ 69103120 քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Աշոտ Կարապետի Շահբազյանի` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ), 308-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), Էլլա Էլդարի Սարկիսյանի՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Կարապետ Արամանյակի Պալոյանի՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-
Ամբողջ Տեքստ
ՀԿԴ1/0006/01/22
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության
հակակոռուպցիոն դատարան,
Նախագահող դատավոր՝ Մ.Մոսինյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,
Նախագահող դատավոր` Մ.Մակյան
2024 թվականի օգոստոսի 28-ին քաղաք Երևանում
ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև` Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ` Ե․ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով Էլլա Էլդարի Սարկիսյանի, Կարապետ Արամանյակի Պալոյանի, Համլետ Վահանի Հարությունյանի և Նորիկ Վահանի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ 2023 թվականի դեկտեմբերի 18-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա․Պողոսյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1․ 2020 թվականի մայիսի 7-ին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ստացվել թիվ 69103120 քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Աշոտ Կարապետի Շահբազյանի` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ), 308-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), Էլլա Էլդարի Սարկիսյանի՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Կարապետ Արամանյակի Պալոյանի՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Նորիկ Վահանի Հարությունյանի՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Համլետ Վահանի Հարությունյանի՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ 1․1․ 2022 թվականի օգոստոսի 26-ին քրեական գործն ըստ ընդդատության ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)։ 1․2․ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 05-ի որոշմամբ քրեական գործն ընդունվել է վարույթ, իսկ 2022 թվականի սեպտեմբերի 19-ի որոշմամբ գործի քննությունը վերսկսվել է։
2. Գործի դատաքննության ընթացքում Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 6-ի որոշմամբ ամբաստանյալ Է․Սարկիսյանի պաշտպան Մ․Մուրադյանի, ամբաստանյալ Կ․Պալոյանի պաշտպան Լ․Հարությունյանի, ամբաստանյալ Հ․Հարությունյանի պաշտպան Լ․Պինգոլցյանի, ամբաստանյալ Ն․Հարությունյանի պաշտպան Հ․Գալստյանի միջնորդությունները բավարարվել են, և ամբաստանյալներ Է․Սարկիսյանի ու Կ․Պալոյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Հ․Հարությունյանի և Ն․Հարությունյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական հետապնդումները դադարեցվել են՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:
3. Շիրակի մարզի դատախազության դատախազ Ա.Նիկողոսյանի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 18-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 6-ի որոշումը թողնվել է անփոփոխ։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա․Պողոսյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի հունվարի 17-ի որոշմամբ վերադարձվել է՝ թերությունները շտկելու և կրկին ներկայացնելու համար: 4․1․ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա․Պողոսյանը կրկին ներկայացրել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի փետրվարի 6-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, դրանք հիմնավորող փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական և քրեադատավարական իրավունքի նորմերի էական խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա։ Բացի այդ, բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ ՀՀ քրեական օրենսգրքի վերաբերելի նորմերի միատեսակ կիրառության ապահովման տեսանկյունից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վիճարկվող որոշմամբ նյութական նորմին տրված նեղ մեկնաբանության արդյունքում Վերաքննիչ դատարանի կողմից արհեստականորեն ստեղծվել է օրենքի բաց։ Բողոքաբերի պնդմամբ՝ ստորադաս դատարանների կողմից քննարկվող նյութական նորմերին տրված սխալ մեկնաբանությունների և վերլուծությունների կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, առկա է անհրաժեշտություն 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով, 8-9-րդ և 83-րդ հոդվածներով կարգավորվող իրավահարաբերություններին տալու այնպիսի մեկնաբանություն, որը կհամապատասխանի քրեական օրենսգրքով պաշտպանվող հասարակական հարաբերությունների բնույթին և կարող է էական ու ուղղորդող նշանակություն ունենալ խոշոր և առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դեպքում անձանց արարքները ճիշտ քրեաիրավական գնահատականի արժանացնելու համար։ Մասնավորապես բողոքաբերը փաստել է, որ կաշառք տալու հանցակազմը որակյալ դարձնող հանցագործության առարկայի չափերի՝ դատարանների կողմից ներկայացված հիմնավորումների շրջանակներում տեղի ունեցած փոփոխության արդյունքում առաջացել է արարքի մասնակի ապաքրեականացում, որի արդյունքում Ն․Հարությունյանի և Հ․Հարությունյանի արարքները համապատասխանեցվել են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասին, որը դասվում է միջին ծանրության հանցանքների շարքին, այն դեպքում, երբ այդ արարքը կատարելու պահին գործող օրենսգրքով այն դասվել է ծանր հանցագործությունների շարքին։ Միևնույն ժամանակ, յուրացման կամ վատնման (վստահված գույքը հափշտակելու) հանցակազմը որակյալ դարձնող հանցագործության չափերի փոփոխության արդյունքում տեղի է ունեցել արարքի մասնակի ապաքրեականացում, որի արդյունքում Է․Սարկիսյանի և Կ․Պալոյանի արարքները ենթակա են որակման ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որը դասվում է միջին ծանրության հանցանքների շարքին, այն դեպքում, երբ տվյալ արարքը կատարելու պահին գործող օրենսգրքով այն դասվել է ծանր հանցագործությունների շարքին։ Մինչդեռ Ն․Հարությունյանի, Հ․Հարությունյանի, Է․Սարկիսյանի և Կ․Պալոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս հիմք է ընդունվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված՝ միջին ծանրության հանցագործության վաղեմության ժամկետի հաշվարկը սահմանող կարգավորումը՝ հինգ տարին, որպիսի պայմաններում հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ հանցանքների կատարման պահին այդ արարքները հանդիսացել են ոչ թե միջին, այլ՝ ծանր հանցանքներ, որոնց վաղեմության ժամկետները կատարման պահին գործող օրենքով եղել է տասը տարի։ Այլ կերպ՝ հիշյալ անձանց վիճակը բարելավող օրենքին հետադարձ ուժ տալով՝ դատարանները ՀՀ գործող քրեական օրենսգրքի 8-րդ և 9-րդ հոդվածների դրույթների խախտմամբ միաժամանակ կրկնակի հետադարձ ուժ են տվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի դրույթներին՝ անտեսելով այն հանգամանքը, որ կատարման պահին գործող օրենքով նրանց արարքները հանդիսացել են ծանր հանցագործություններ, որոնց վաղեմության ժամկետները տասը տարի է։ Ամփոփելով վերոգրյալը՝ բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տրվել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով, 8-9-րդ և 83-րդ հոդվածներով նախատեսված իրավադրույթների խախտում, մասնավորապես սխալ է մեկնաբանել և գնահատել կաշառք տալու առարկայի չափի վերաբերյալ ՀՀ գործող քրեական օրենսգրքում առկա կարգավորումները, որի արդյունքում ամբաստանյալների արարքներին տրվել է սխալ իրավական գնահատական, այսինքն՝ թույլ է տվել առերևույթ դատական սխալ, որի հետևանքով կայացված դատական ակտը խաթարել է արդարադատության բուն էությունը։ Բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից կայացվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտ, որով ամբաստանյալների նկատմամբ անհիմն կերպով դադարեցվել է քրեական հետապնդումը։
6. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 18-ի որոշումը՝ մերժելով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունները։ Հատուկ վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Մեղադրական եզրակացության համաձայն՝ Է․Սարկիսյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ․ «[Ն]ա 2012 թվականի փետրվարի 1-ից մինչև 2018 թվականի սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում օժանդակել է «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲ ընկերության տնօրեն Աշոտ Շահբազյանին, նրան վստահված ՓԲ ընկերության միջոցներից հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, վատնման եղանակով ՓԲ ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 4․004․773 ՀՀ դրամը հափշտակելուն, ինչն արտահայտվել է հետևյալում: Այսպես.
Աշոտ Շահբազյանը 2011 թվականի օգոստոսի 30-ից հանդիսացել է Շիրակի մարզի «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲ ընկերության տնօրենի պաշտոնակատարը, իսկ 2012 թվականի հուլիսի 21-ից նույն ՓԲ ընկերության տնօրեն։ Աշոտ Շահբազյանը, 2012 թվականի փետրվարի 1-ին, գործելով հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, իր կնոջը՝ Էլլա Սարկիսյանին, ՓԲ ընկերությունում հրամանագրել է որպես համակարգչային օպերատոր, այնուհետև վերջինիս փաստացի աշխատանքի չներկայանալու և աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում, նրան աշխատավարձ վճարելու նպատակով, ընկերության համապատասխան աշխատակիցներին հանձնարարել է Էլլա Սարկիսյանի տվյալները ներառել աշխատավարձերի ցուցկաներում, որից հետո, սկսած 2012 թվականի մարտից մինչև 2018 թվականի սեպտեմբեր, ամեն ամիս հաստատել է կազմված, ստորագրված և իրեն ներկայացված աշխատավարձերի ցուցակները, գումարի վճարման վերաբերյալ բանկային օրդերները և Էլլա Սարկիսյանին ՓԲ ընկերության միջոցներից վճարել է 4․004․773 ՀՀ դրամ (...)»: 7․1․ Կ․Պալոյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն արարքի կատարաման համար, որ․ «[Ն]ա, 2012 թվականի ապրիլի 2-ից մինչև 2018 թվականի սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում օժանդակել է «Գյումրում պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲ ընկերության տնօրեն Աշոտ Շահբազյանին, նրան վստահված ՓԲ ընկերության միջոցներից հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, վատնման եղանակով ՓԲ ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 3․797․845 ՀՀ դրամը հափշտակելուն, ինչն արտահայտվել է հետևյալում․ Այսպես․
Աշոտ Շահբազյանը 2011 թվականի օգոստոսի 30-ից հանդիսացել է Շիրակի մարզի «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲ ընկերության տնօրենի պաշտոնակատարը, իսկ 2012 թվականի հուլիսի 21-ից նույն ՓԲ ընկերության տնօրեն։ Աշոտ Շահբազյանը, 2012 թվականի ապրիլի 2-ին, գործելով հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, իր ազգական Կարապետ Պալոյանին ՓԲ ընկերությունում հրամանագրել է որպես բակապահ, այնուհետև վերջինիս փաստացի աշխատանքի չներկայանալու և աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում, նրան աշխատավարձ վճարելու նպատակով, ընկերության համապատասխան աշխատակիցներին հանձնարարել է Կարապետ Պալոյանի տվյալները ներառել աշխատավարձերի ցուցակներում, որից հետո, սկսած 2012 թվականի մայիսից մինչև 2018 թվականի սեպտեմբեր, ամեն ամիս հաստատել է կազմված, ստորագրված և իրեն ներկայացված աշխատավարձի ցուցակները, գումարի վճարման վերաբերյալ բանկային օրդերները և Կարապետ Պալոյանին ՓԲ ընկերության միջոցներից վճարել է 3․797․845 ՀՀ դրամ (...)»: 7․2․ Ն․Հարությունյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջդրվել այն արարքի կատարաման համար, որ․ «[Ն]ա, հանդիսանալով «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲ ընկերության սանիտար, իր օգտին գործողություններ կատարելու, ինչպես նաև ծառայության գծով հովանավորչության համար 2012 թվականի հուլիսի 21-ից մինչև 2018 թվականի հոկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում պաշտոնատար անձ հանդիսացող նույն ՓԲ ընկերության տնօրեն Աշոտ Շահբազյանին մաս-մաս տվել է ընդհանուր առանձնապես խոշոր չափերով՝ 5․159․298 ՀՀ դրամ կաշառք։ Այսպես․
Աշոտ Շահբազյանը, 2012 թվականի հուլիսի 21-ից հանդիսանալով «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲ ընկերության տնօրեն, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներով և համաձայն 2012 թվականի հուլիսի 21-ին գործատու՝ ՀՀ Շիրակի մարզի մարզպետարանի հետ կնքված աշխատանքային թիվ 5 պայմանագրի, ՓԲ ընկերությունում իրականացնելով աշխատողների աշխատանքի ընդունման և աշխատանքից ազատման գործառույթներ, տնօրինելով ընկերության գույքը, այդ թվում՝ նաև ֆինանսական միջոցները ընկերությունում որպես սանիտար աշխատող Նորիկ Հարությունյանին առաջարկել է պայմաններ հետագա աշխատանքը շարունակելու համար, մասնավորապես՝ պահանջել է իրեն տալ յուրաքանչյուր ամսվա աշխատավարձի գումարը, իսկ որպես նրա աշխատավարձի գումար կհանդիսանա մահացած անձանց հարազատների կողմից կատարվող դիահերձումների դիմաց որպես երախտագիտության դրսևորում տրվող գումարները, հակառակ դեպքում սպառնալով ազատել աշխատանքից։ Համաձայնության գալով Նորիկ Հարությունյանի հետ, կանխիկ աշխատավարձ ստանալու պայմաններում յուրաքանչյուր ամիս Նորիկ Հարությունյանը ստորագրել է աշխատավարձի վճարման դրամարկղի ելքի օրդերում, սակայն գումարը չի վերցրել գանձապահ Նունե Վարդանյանից, պատճառաբանելով, որ այն իր համաձայնությամբ պետք է ստանա ընկերության տնօրեն Աշոտ Շահբազյանը։ Դրանից հետո Աշոտ Շահբազյանն անձամբ ստացել է Նորիկ Հարությունյանի յուրաքանչյուր ամսվա աշխատավարձի գումարը։ Հանցավոր գործողությունները շարունակելու դիտավորությամբ, աշխատավարձերի գումարները բանկային փոխանցումներով կատարելու ժամանակ, Նորիկ Հարությունյանից պահանջել և ստացել է բանկային քարտերը, դրանց գաղտնագրերը և բանկոմատներից կանխիկացումներ կատարելու եղանակով մինչև Շիրակի մարզպետարանի կողմից ընկերությունում իրականացվող աուդիտորական ստուգումը՝ 2018 թվականի հոկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածը որպես կաշառք մաս-մաս ստացել է ընդհանուր առանձնապես խոշոր չափերով՝ 5․159․298 ՀՀ դրամ գումար (...)»: 7․3․ Հ․Հարությունյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն արարքի կատարաման համար, որ․ «[Ն]ա, «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲ ընկերությունում որպես սանիտար աշխատանքի ընդունվելու, այնուհետև ծառայության գծով հովանավորչության համար 2014 թվականի մարտի 03-ից մինչև 2018 թվականի հոկետմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում պաշտոնատար անձ հանդիսացող նույն ՓԲ ընկերության տնօրեն Աշոտ Շահբազյանին մաս-մաս տվել է ընդհանուր առանձնապես խոշոր չափերով՝ 3․701․775 ՀՀ դրամ կաշառք, որպիսի գործողություններն արտահայտվել են հետևյալում․ Այսպես․
Աշոտ Շահբազյանը, 2012 թվականի հուլիսի 21-ից հանդիսանալով «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲ ընկերության տնօրեն, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներով և համաձայն 2012 թվականի հուլիսի 21-ին գործատու՝ ՀՀ Շիրակի մարզի մարզպետարանի հետ կքնված աշխատանքային թիվ 5 պայմանագրի, ՓԲ ընկերությունում իրականացրել է աշխատողների աշխատանքի ընդունման և աշխատանքից ազատման գործառույթներ, տնօրինել է ընկերության գույքը, այդ թվում՝ նաև ֆինանսական միջոցները։ 2014 թվականի մարտ ամսին Համլետ Հարությունյանից տեղեկանալով ընկերությունում որպես սանիտար աշխատանքի ընդունվելու ցանկության մասին, վերջինիս առաջարկել է պայմաններ, մասնավորապես՝ պահանջել է իրեն տալ յուրաքանչյուր ամսվա աշխատավաձի գումարն, իսկ որպես նրա աշխատավարձի գումար կհանդիսանա մահացած անձանց հարազատների կողմից կատարվող դիահերձումների դիմաց որպես երախտագիտության դրսևորում տրվող գումարները, հակառակ դեպքում հրաժարվել է ընդունել աշխատանքի։ Համաձայնության գալով Համլետ Հարությունյանի հետ, կանխիկ աշխատավարձ ստանալու պայմաններում յուրաքանչյուր ամիս Համլետ Հարությունյանը ստորագրել է աշխատավարձի վճարման դրամարկղի ելքի օրդերում, սակայն գումարը չի վերցրել գանձապահ Նունե Վարդանյանից, պատճառաբանելով, որ այն իր համաձայնությամբ պետք է ստանա ընկերության տնօրեն Աշոտ Շահբազյանը։ Դրանից հետո Աշոտ Շահբազյանն անձամբ ստացել է Նորիկ Հարությունյանի յուրաքանչյուր ամսվա աշխատավարձի գումարը։ Հանցավոր գործողությունները շարունակելու դիտավորությամբ, աշխատավարձերի գումարները բանկային փոխանցումներով կատարելու պայմաններում, Համլետ Հարությունյանից պահանջել և ստացել է բանկային քարտերը։ Դրանից հետո նկատի ունենալով, որ Համլետ Հարությունյանը ֆինանսական խնդիրներ ունի բանկի հետ և աշխատավարձի գումարները քարտին փոխանցելուց հետո կարող են գանձվել և հնարավորություն չի ունենա ստանալ կաշառք հանդիսացող գումարները, Համլետ Հարությունյանից պահանջել է դիմում ներկայացնել իր անվամբ՝ աշխատավարձի գումարը ընկերության դրամարկղից կանխիկ ստանալու թույլտվություն տալու վերաբերյալ։ Դիմումը ներկայացնելուց հետո Համլետ Հարությունյանը կրկին յուրաքանչյուր ամիս ստորագրել է աշխատավարձի վճարման դրամարկղի ելքի օրդերում, սակայն գումարը չի ստացել։ Աշոտ Շահբազյանն անձամբ ստանալով Համլետ Հարությունյանի աշխատավարձի գումարը մինչև Շիրակի մարզպետարանի կողմից ընկերությունում իրականացվող աուդիտորական ստուգումը՝ 2018 թվականի հոկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածը որպես կաշառք մաս-մաս ստացել է ընդհանուր առանձնապես խոշոր չափերով՝ 3․701․775 ՀՀ դրամ գումար։ (…)»[1]: 8․ Առաջին ատյանի դատարանը 2023 թվականի նոյեմբերի 6-ի դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(...) [Թ]եև գործող ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածով որպես կաշառք տալու հանցակազմի ծանրացնող և առավել ծանրացնող հանգամանքներ են նախատեսված խոշոր չափը և առանձնապես խոշոր չափը, սակայն օրենսդրի կողմից չի սահմանվել, թե հանցակազմի առարկայի որ չափն է համարվում խոշոր, որը՝ առանձնապես խոշոր։ Մասնավորապես, գործող ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասով կաշառք տալու հանցակազմի մասով որևէ չափ սահմանված չէ, իսկ նույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով սահմանված չափերը վերաբերելի չեն կաշառք տալու հանցակազմին, քանի որ «հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույք կամ օգուտ չափ» եզրույթը որևէ կերպ չի կարող նույնացվել կաշառք տալու դեպքում կաշառքի առարկայի չափի հետ: Այսպիսով, Դատարանը փաստում է, որ գործող ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված չէ կաշառք տալու հանցակազմի առարկա կաշառքի չափը, իսկ նշված օրենսդրական բացը չի կարող հաղթահարվել դատական մեկնաբանման միջոցով։ Վերոգրյալի հաշվառմամբ Դատարանն արձանագրում է, որ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի իմաստով խոշոր չափ և առանձնապես խոշոր չափ հասկացությունների բովանդակությունը նույն օրենսգրքի ընդհանուր կամ հատուկ մասում սահմանված չլինելն օրենսդրական բաց է, ուստի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը և 3-րդ մասի 2-րդ կետը չեն համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, հետևաբար դրանք անձին մեղսագրվել չեն կարող։ (…) [Դ]ատարանը գտնում է, որ գործող ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորումների պարագայում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի իմաստով խոշոր չափ պետք է դիտարկել 5 միլիոն ՀՀ դրամը չգերազանցող գումարը, իսկ առանձնապես խոշոր չափ՝ 5 միլիոն ՀՀ դրամը գերազանցող գումարը։ Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշմամբ վկայակոչված իրավանորմերի և ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Դատարանն արձանագրում է, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Էլլա Սարկիսյանի ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղսագրված արարքը (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին) ավարտվել է 2018 թվականի սեպտեմբերին։ Ամբաստանյալ Էլլա Սարկիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին) մեղսագրված՝ որպես միջին ծանրության հանցագործության համար ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու հնգամյա ժամկետը լրացել է 2023 թվականի սեպտեմբերին։ Այդ պահի դրությամբ նրա նկատմամբ կայացված օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ չի եղել, մինչև քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելն Էլլա Սարկիսյանի կողմից միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարած լինելու, քննությունից կամ դատից խուսափելու վերաբերյալ ապացույցներ կամ փաստարկներ Դատարանին չեն ներկայացվել: Այլ կերպ ասած` քրեական գործով ձեռք բերված ապացույցներով, այլ փաստական տվյալներով և ըստ 2023 թվականի նոյեմբերի 06-ի՝ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանում առկա տեղեկատվության չի հաստատվում վաղեմության ժամկետի ընթացքը կասեցված կամ ընդհատված լինելու հանգամանքը։ Հետևաբար՝ ամբաստանյալ Էլլա Սարկիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին) հարուցված քրեական հետապնդումը պետք է դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով՝ նկատի ունենալով, որ սույն գործով առկա է նաև վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու դատավարական պայման, այն է՝ ամբաստանյալի համաձայնությունը․ ամբաստանյալ Էլլա Սարկիսյանը դատական նիստի ընթացքում չի առարկել և տվել է իր համաձայնությունը, որպեսզի այդ հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի։ Անդրադառնալով ամբաստանյալ Կարապետ Պալոյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու հարցին՝ Դատարանն արձանագրում է, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Կարապետ Պալոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղսագրված արարքը (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին) ավարտվել է 2018 թվականի ապրիլին։ Ամբաստանյալ Կարապետ Պալոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին) մեղսագրված՝ որպես միջին ծանրության հանցագործության համար ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու հնգամյա ժամկետը լրացել է 2023 թվականի սեպտեմբերին։ Այդ պահի դրությամբ նրա նկատմամբ կայացված օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ չի եղել, մինչև քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելը Կարապետ Պալոյանի կողմից միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարած լինելու, քննությունից կամ դատից խուսափելու վերաբերյալ ապացույցներ կամ փաստարկներ Դատարանին չեն ներկայացվել: Այլ կերպ ասած` քրեական գործով ձեռք բերված ապացույցներով, այլ փաստական տվյալներով և ըստ 2023 թվականի նոյեմբերի 06-ի՝ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանում առկա տեղեկատվության չի հաստատվում վաղեմության ժամկետի ընթացքը կասեցված կամ ընդհատված լինելու հանգամանքը։ Հետևաբար՝ ամբաստանյալ Կարապետ Պալոյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին) հարուցված քրեական հետապնդումը պետք է դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով՝ նկատի ունենալով, որ սույն գործով առկա է նաև վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու դատավարական պայման, այն է՝ ամբաստանյալի համաձայնությունը․ ամբաստանյալ Կարապետ Պալոյանը դատական նիստի ընթացքում չի առարկել և տվել է իր համաձայնությունը, որպեսզի այդ հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի։ Անդրադառնալով ամբաստանյալ Նորիկ Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու հարցին՝ Դատարանն արձանագրում է, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Նորիկ Հարությունյանին մեղսագրվող ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքը (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասին) ավարտվել է 2018 թվականի հոկտեմբերին։ Ամբաստանյալ Նորիկ Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասին) մեղսագրված՝ որպես միջին ծանրության հանցագործության համար ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու հնգամյա ժամկետը լրացել է 2023 թվականի հոկտեմբերն։ Այդ պահի դրությամբ նրա նկատմամբ կայացված օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ չի եղել, մինչև քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելը Նորիկ Հարությունյանի կողմից միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարած լինելու, քննությունից կամ դատից խուսափելու վերաբերյալ ապացույցներ կամ փաստարկներ Դատարանին չեն ներկայացվել: Այլ կերպ ասած` քրեական գործով ձեռք բերված ապացույցներով, այլ փաստական տվյալներով և ըստ 2023 թվականի նոյեմբերի 06-ի՝ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանում առկա տեղեկատվության չի հաստատվում վաղեմության ժամկետի ընթացքը կասեցված կամ ընդհատված լինելու հանգամանքը։ Հետևաբար՝ ամբաստանյալ Նորիկ Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասին) հարուցված քրեական հետապնդումը պետք է դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով՝ նկատի ունենալով, որ սույն գործով առկա է նաև վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու դատավարական պայման, այն է՝ ամբաստանյալի համաձայնությունը. ամբաստանյալ Նորիկ Հարությունյանը դատական նիստի ընթացքում չի առարկել և տվել է իր համաձայնությունը, որպեսզի այդ հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի։ Անդրադառնալով ամբաստանյալ Համլետ Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու հարցին՝ Դատարանն արձանագրում է, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Համլետ Հարությունյանին մեղսագրվող ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքը (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասին) ավարտվել է 2018 թվականի հոկտեմբերին։ Ամբաստանյալ Համլետ Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասին) մեղսագրված՝ որպես միջին ծանրության հանցագործության համար ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու հնգամյա ժամկետը լրացել է 2023 թվականի հոկտեմբերին։ Այդ պահի դրությամբ նրա նկատմամբ կայացված օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ չի եղել, մինչև քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելը Համլետ Հարությունյանի կողմից միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարած լինելու, քննությունից կամ դատից խուսափելու վերաբերյալ ապացույցներ կամ փաստարկներ Դատարանին չեն ներկայացվել: Այլ կերպ ասած` քրեական գործով ձեռք բերված ապացույցներով, այլ փաստական տվյալներով և ըստ 2023 թվականի նոյեմբերի 06-ի՝ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանում առկա տեղեկատվության չի հաստատվում վաղեմության ժամկետի ընթացքը կասեցված կամ ընդհատված լինելու հանգամանքը։ Հետևաբար՝ ամբաստանյալ Համլետ Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասին) հարուցված քրեական հետապնդումը պետք է դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով՝ նկատի ունենալով, որ սույն գործով առկա է նաև վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու դատավարական պայման, այն է՝ ամբաստանյալի համաձայնությունը. ամբաստանյալ Համլետ Հարությունյանը դատական նիստի ընթացքում չի առարկել և տվել է իր համաձայնությունը, որպեսզի այդ հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի։ (...)»[2]։
9. Վերաքննիչ դատարանը վիճարկվող որոշմամբ արձանագրել է. «(…) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ 2003 և 2021 թվականներին ընդունված քրեական օրենսգրքերի՝ համապատասխանաբար 75-րդ և 83-րդ հոդվածների համեմատական, իրավական վերլուծությունը վկայում է, որ 2021 թվականին ընդունված քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների մասով տվյալ դեպքում անձի վիճակը վատթարացող օրենք է և կիրառելի չէ ամբաստանյալների նկատմամբ, քանի որ նախ՝ սահմանում է քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ավելի երկար ժամկետներ, բացի այդ՝ վաղեմության ժամկետը, ի տարբերություն 2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի, հաշվարկվում է մինչև անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելը։ Հետևաբար Վերաքննիչ դատարանի համար ընդունելի է Առաջին ատյանի դատարանի այն տեսակետը, որ տվյալ դեպքում քննարկվող մասով կիրառելի է 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի՝ վաղեմության ժամկետների կիրառման վերաբերյալ դրույթները։ Ինչ վերաբերում է Բողոքաբերի այն փաստարկին, որ Առաջին ատյանի դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 8-րդ և 9-րդ հոդվածների դրույթների խախտմամբ միաժամանակ կրկնակի հետադարձ ուժ է տվել նախկին քրեական օրենսգրքի դրույթներին, ապա Վերաքննիչ դատարանը, այս մասով իր համաձայնություն է հայտնում ամբաստանյալ Էլլա Սարկիսյանի պաշտպան Մամիկոն Մուրադյանի այն դիրքորոշմանը, որ օրենսդրությամբ առկա չէ որևէ սահմանափակում, թե քանի անգամ է թույլատրելի առավել մեղմ կանոնի կիրառումը: (…) Վերաքննիչ դատարանը՝ նախ հարկ է համարում նշել, որ 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածով սահմանված կաշառք տալու հանցակազմի պարագայում օրենսդիրը, որպես այդ հանցանքը որակյալ դարձնող հանգամանքներ դիտարկելով «խոշոր չափը» և «առանձնապես խոշոր չափը», միևնույն ժամանակ, օրենսգրքի հատուկ մասում չի նախատեսել, թե խնդրո առարկա հանցակազմի առարկայի ո՞ր չափն է համարվում խոշոր, ո՞րը՝ առանձնապես խոշոր։ Դրա հետ մեկտեղ հարկ է փաստել, որ նույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետում օրենսդիրը սահմանել է հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը, ինչից, սակայն, հետևում է, որ սահմանված այդ չափերը վերաբերելի չեն կաշառք տալու հանցակազմին, քանի որ «հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափ» եզրույթը որևէ կերպ չի կարող նույնացվել կաշառք տալու դեպքում կաշառքի առարկայի չափի հետ։ Այլ կերպ՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ քննարկվող նորմը չի սահմանել կաշառք տալու հանցակազմի առարկա կաշառքի չափը։ Վերոգրյալի հետ մեկտեղ Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի ձևավորած և վերը մեջբերված նախադեպային իրավական դիրքորոշումները, հարկ է համարում նշել, որ տվյալ դեպքում առկա օրենսդրական բացը չի կարող վերացվել, հաղթահարվել կամ լրացվել դատական մեկնաբանման միջոցով, քանի որ օրինականության սկզբունքի անքակտելի տարրն է քրեական օրենքը տարածական մեկնաբանելու և անալոգիայով կիրառելու արգելքը: Ընդ որում, պետք է փաստել, որ 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 4-րդ հոդվածի 3-րդ մասն ուղղակիորեն արգելում է քրեական օրենքի ընդհանուր մասի նորմերի անալոգիայով կիրառումը, եթե դա վատթարացնում է անձի վիճակը։ Այսպիսով, հաշվի առնելով այն, որ «խոշոր չափ» և «առանձնապես խոշոր չափ» հասկացություններն ինքնին ենթադրում են չափելի երևույթներ, և դրանք, օգտագործվելով քանակի, կշռի կամ արժեքի հատկանիշներով օժտված առարկաները բնութագրելիս, պայմանավորված չեն գործի կոնկրետ հանգամանքներով և օբյեկտիվորեն կարող են սահմանվել դրանցից վերացարկված, նկատի ունենալով նաև, որ քրեական օրենքի տարածական մեկնաբանումը և ընդհանուր մասի նորմերի՝ անձի վիճակի վատթարացման դեպքում անալոգիայով կիրառելը անթույլատրելի է՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի իմաստով «խոշոր չափ» և «առանձնապես խոշոր չափ» հասկացությունների բովանդակությունը նույն օրենսգրքի ընդհանուր կամ հատուկ մասում սահմանված չլինելը օրենսդրական բաց է, որի հետևանքով նշված օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը և 3-րդ մասի 2-րդ կետը չեն համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին (բավարար չափով կանխատեսելի չեն), հետևաբար նաև դրանք անձին մեղադրելու հիմքեր հանդիսանալ չեն կարող: (…) Այսպիսով, Վերաքննիչ դատարանը հանգում է հետևության, որ ամբաստանյալների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումները վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով դադարցնելու վերաբերյալ որոշում կայացնելիս Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ չի տրվել դատական սխալ, գործով կայացվել է օրինական դատական ակտ, ուստի այն բեկանելու իրավաչափ հիմքերը բացակայում են։ (…)»[3]։ Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է․ իրավաչա՞փ են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն առ այն, որ ամբաստանյալներ Հ․Հարությունյանին և Ն․Հարությունյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղսագրվող արարքները համապատասխանում են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասին։ 11․ ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»։ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, հանցագործություն չի համարվել։ (…)»։ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 4-րդ հոդվածի համաձայն՝
«1. Ոչ ոք չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության այն արարքի համար, որը կատարման պահին հանցանք չի համարվել:
2. Քրեական օրենքի Հատուկ մասի նորմերն անալոգիայով կիրառելն արգելվում է։
3. Քրեական օրենքի Ընդհանուր մասի նորմերը կարող են անալոգիայով կիրառվել, եթե դա չի վատթարացնում անձի վիճակը»։ Մեջբերված նորմերը Վճռաբեկ դատարանը բազմիցս վերլուծության է ենթարկել իր նախադեպային որոշումների շրջանակներում՝ ընդգծելով, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր, որը բացարձակ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից որևէ շեղում անթույլատրելի է: Արարքի հանցավորությունն ու պատժելիությունը պետք է նախատեսված լինեն իրավական որոշակիության չափանիշին բավարարող օրենքով, ինչը ենթադրում է, որ անձը համապատասխան դրույթի տառացի ընկալումից և, անհրաժեշտության դեպքում, դրա կապակցությամբ դատարանների տված մեկնաբանությունից պետք է հասկանա, թե որ գործողությունների և անգործության համար է քրեական պատասխանատվություն նախատեսվում և ինչ պատիժ կնշանակվի այդ գործողությունների կատարման և/կամ անգործության համար[4]։ Անդրադառնալով դատական մեկնաբանության սահմաններին և օրենսդրական բացի հաղթահարման հիմնախնդրին՝ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ օրենքի՝ իրավական որոշակիության չափանիշին բավարարելն առաջին հերթին օրենսդրական կարգավորման խնդիր է, իսկ դատական մեկնաբանումը լրացնող դերակատարություն ունի: ՀՀ քրեական օրենսգրքի որևէ նորմում առկա օրենսդրական բացը չի կարող վերացվել, հաղթահարվել կամ լրացվել դատական մեկնաբանման միջոցով, քանի որ օրինականության սկզբունքի անքակտելի տարրն է քրեական օրենքը տարածական մեկնաբանելու և անալոգիայով կիրառելու արգելքը: Վերոնշյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը նշել է, որ եթե հանցակազմի պարտադիր հատկանիշը սահմանող հասկացության բովանդակության բացահայտումը կախված չէ գործի կոնկրետ հանգամանքներից, կարող է սահմանվել դրանցից վերացարկված, սակայն սահմանված չէ օրենքով, դատարանը, չունենալով գնահատման օբյեկտիվ չափանիշներ, զրկված է դրանք մեկնաբանելու հնարավորությունից: «Խոշոր չափ» և «առանձնապես խոշոր չափ» հասկացություններն ինքնին ենթադրում են չափելի երևույթներ։ Դրանք, օգտագործվելով քանակի, կշռի կամ արժեքի հատկանիշներով օժտված առարկաները բնութագրելիս, պայմանավորված չեն գործի կոնկրետ հանգամանքներով և օբյեկտիվորեն կարող են սահմանվել (և սահմանվում են) դրանցից վերացարկված։ Այսպես, ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի մի շարք նորմերում օգտագործելով «խոշոր չափ» և/ կամ «առանձնապես խոշոր չափ» եզրույթները՝ օրենսդիրը միաժամանակ հստակ սահմանել է, թե կոնկրետ առարկայի որ չափն է համարվում խոշոր, որը՝ առանձնապես խոշոր։ Հակառակ դեպքում իրավակիրառ մարմնի կողմից քննարկվող հասկացությունների կիրառումը կհանգեցնի կամայական մեղադրման, դատապարտման և պատժման, քանի որ գործի հանգամանքներով պայմանավորված չլինելու դեպքում բացակայում են իրավակիրառ մարմնի, այդ թվում՝ դատարանի կողմից այդ հասկացությունների բովանդակությունը որոշելու օբյեկտիվ չափանիշները[5]։ 12․ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝
«1. Սույն օրենսգրքում օգտագործվում են հետևյալ հասկացությունները.
(…)
17) հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը` սույն օրենսգրքում հափշտակված գույքի, պատճառված գույքային վնասի, հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի մանր չափ է համարվում 500.000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), առանձնապես խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը), բացառությամբ սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերի. (…)»։ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի համաձայն՝
«1. Կաշառք տալը՝ պաշտոնատար անձին կամ նրա մատնանշած անձին անձամբ կամ միջնորդի միջոցով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն խոստանալը, առաջարկելը կամ տրամադրելը՝ պաշտոնատար անձի իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին գործողություն կատարելու կամ չկատարելու համար՝ (…)։
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
(…)
2) խոշոր չափերով կամ
(…)։
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
(…)
2) առանձնապես խոշոր չափերով`
(…)»։
13․ Վճռաբեկ դատարանը, Սարգիս Գրիգորյանի վերաբերյալ գործով որոշմամբ անդրադառնալով գործող քրեական օրենսգրքում կաշառք տալու հանցակազմի՝ որպես ծանրացնող և առավել ծանրացնող հանգամանք նախատեսված խոշոր և առանձնապես խոշոր չափերով կատարված արարքին քրեաիրավական գնահատական տալու հարցին, արձանագրել է, որ «խոշոր» և «առանձնապես խոշոր» չափ հասկացությունների պարագայում գործ ունենք չափելի երևույթների հետ, ուստի օրենսդիրը կա՛մ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի շրջանակներում՝ ընդհանուր հասկացությունների ներքո, կա՛մ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածով պետք է հստակ սահմաներ, թե կաշառք տալու հանցակազմի պարագայում որ չափն է համարվում խոշոր, որը՝ առանձնապես խոշոր, մինչդեռ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 17-րդ կետում խոսքը գնում է միայն հափշտակության, պատճառված գույքային վնասի, հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերի մասին, իսկ կաշառք տալու դեպքում կաշառքի առարկայի չափերը չեն կարող նույնացվել դրանցից որևէ մեկի հետ։ Անդրադառնալով հնարավոր այն մեկնաբանությանը, որ կաշառք տալու չափերը կարող են դիտարկվել հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի ներքո, Վճռաբեկ դատարանը փաստել է, որ նման մեկնաբանումը կլինի խիստ տարածական և չի համապատասխանի օրենքի որոշակիության չափանիշներին, քանի որ վերոնշյալ դեպքում խոսքը գնում է գույքը կամ օգուտը հանցավոր ճանապարհով ձեռք բերելու կամ ստանալու, այլ ոչ թե տալու մասին։ Ուստի Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի իմաստով «խոշոր չափ» և «առանձնապես խոշոր չափ» հասկացություններն օրենսդրորեն բացահայտված չեն և առկա է օրենսդրական բաց, ինչը որևէ պարագայում չի կարող լրացվել կամ հաղթահարվել դատական մեկնաբանության միջոցով[6]։ 14․ Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ.
- Ն․Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն հանցավոր արարքի կատարման համար, որ նա տվել է առանձնապես խոշոր չափերով՝ 5․159․298 ՀՀ դրամ կաշառք, Հ․Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն հանցավոր արարքի կատարման համար, որ նա տվել է առանձնապես խոշոր չափերով՝ 3․701․775 ՀՀ դրամ կաշառք [7],
- Առաջին ատյանի դատարանը փաստել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածով կաշառք տալու հանցակազմի խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանված չեն, հետևաբար կաշառք տալու ցանկացած դեպքում, անկախ կաշառքի առարկայի չափից, հանցակազմը որակյալ դարձնող մյուս պայմանների բացակայության պայմաններում, արարքը ենթակա է որակման հիշյալ հոդվածի 1-ին մասով։ Արդյունքում Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալներ Ն․Հարությունյանին և Հ․Հարությունյանին մեղսագրված՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքները համապատասխանում են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասին[8],
- Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն փաստել է, որ ամբաստանյալներ Ն․Հարությունյանին և Հ․Հարությունյանին մեղսագրված՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքները համապատասխանում են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքին[9]։ 15․ Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշման 11-13-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետևություններն առ այն, որ ամբաստանյալներ Ն․Հարությունյանին և Հ․Հարությունյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղսագրվող արարքները համապատասխանում են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասին, իրավաչափ են։
16. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է․ իրավաչա՞փ են արդյոք ստորադաս դատարանների հետևությունները՝ ամբաստանյալներ Է․Սարկիսյանի, Կ․Պալոյանի, Ն․Հարությունյանի և Հ․Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումները քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով դադարեցնելու վերաբերյալ: 17․ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի համաձայն՝ « 1. Յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով՝ (…)
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունը, որը կատարվել է՝
1) առանձնապես խոշոր չափերով,
(…)
պատժվում է ազատազրկմամբ` հինգից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:»։
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի համաձայն՝ «1. Պաշտոնատար անձին կաշառք տալը, այսինքն՝ պաշտոնատար անձին անձամբ կամ միջնորդի միջոցով նրա կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն խոստանալը կամ առաջարկելը կամ տրամադրելը՝ իր կամ իր ներկայացրած անձանց օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: …
3. Կաշառք տալը, որը կատարվել է՝
1) առանձնապես խոշոր չափերով,
…
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հանցավորին վստահված, այսինքն՝ նրա տնօրինմանը, տիրապետմանը կամ օգտագործմանը փաստացի կամ իրավաբանորեն ազատ կամքով հանձնված գույքի հափշտակությունը, եթե այդ գույքը հափշտակելու դիտավորությունը ծագել է օրինական հիմքերով այն ստանալուց հետո՝ (…)
2. Վստահված գույքը հափշտակելը, որը կատարվել է՝
(…)
3) խոշոր չափերով`
պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով: (…)»։
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի համաձայն՝ «1. Կաշառք տալը՝ պաշտոնատար անձին կամ նրա մատնանշած անձին անձամբ կամ միջնորդի միջոցով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն խոստանալը, առաջարկելը կամ տրամադրելը՝ պաշտոնատար անձի իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին գործողություն կատարելու կամ չկատարելու համար՝ պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: …»։
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն՝ … 3. Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը:
4. Ծանր հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը: …: ՀՀ գործող քրեական օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն՝ (…) 3. Միջին ծանրության հանցանքներ են համարվում սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 5 տարի ժամկետով ազատազրկումը:
4. Ծանր հանցանքներ են համարվում սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 10 տարի ժամկետով ազատազրկումը: (…): ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները. (…)
2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.
3) տասը տարի՝ ծանր հանցանքն ավարտված համարելու օրվանից. (…)»։
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ 1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել են հետևյալ ժամկետները. …
2) 10 տարի՝ միջին ծանրության հանցանքի դեպքում.
3) 15 տարի՝ ծանր հանցանքի դեպքում. …:
18․ Վճռաբեկ դատարանը, Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի վերաբերյալ գործով որոշմամբ անդրադառնալով քրեական օրենսդրության հետադարձությամբ կիրառման դեպքերին, արձանագրել է, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվարկման տեսանկյունից քրեական նոր օրենքով անձին մեղսագրված հանցանքի տեսակի փոփոխությունն ինքնին չի կարող հետադարձ ներգործություն ունենալ, այսինքն, այս հարցի շրջանակներում օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու ինքնուրույն ցուցիչ չէ, և տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու մասին կարելի է խոսել բացառապես քրեական պատասխանատվությունից ազատելու ինստիտուտը կանոնակարգող՝ ՀՀ նախկին և գործող քրեական օրենսգրքերի ընդհանուր նորմերի հետ համադրված գնահատելու պարագայում։ Միևնույն ժամանակ անդրադառնալով օրենսդրական փոփոխությունների արդյունքում հանցանքի տեսակի և վաղեմության ժամկետների փոփոխության իրավիճակներին, մասնավորապես՝ այն դեպքին, երբ արարքի (հանցանքի) ծանրության աստիճանը նվազում է, իսկ այդ արարքի համար սահմանված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը չի փոփոխվում, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդրական փոփոխության արդյունքում պատժի մեղմացման հետևանքով նախկինում ծանր համարվող հանցանքը միջին ծանրության հանցանք հանդիսանալու դեպքում կիրառելի է մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու կանոնը՝ հանցանքի տեսակի և պատժի մասով, այսինքն՝ արարքը պետք է որակվի ՀՀ գործող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ անթույլատրելի է օրենքի փոփոխության արդյունքում հետադարձության կանոնների կիրառմամբ ստացված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը (տասը տարին) համեմատել ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի (հինգ տարի) հետ։ Նման համեմատությունը սկզբունքորեն չի համապատասխանի ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնի էությանն ու նշանակությանը: Հակառակ մոտեցումը հանգեցնում է այնպիսի իրավիճակի, որ արարքի կատարման պահին ծանր հանցագործություն համարվող արարքի պարագայում անձի նկատմամբ կիրառվում է արարքի կատարման պահին միջին ծանրության հանցանքի համար նախատեսված կարգավորումը, որը որևէ պարագայում կիրառելի չէր[10]։
19. Նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, հաշվի առնելով սույն վարույթի փաստական հանգամանքները, անհրաժեշտ է դիտարկել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքներն անձին մեղսագրված լինելու դեպքերը։ Նախ, անդրադառնալով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին համապատասխանության հարցին, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ հափշտակության չափերի սահմանումներում օրենսդրի կողմից կատարվել են որոշակի փոփոխություններ, մասնավորապես ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով սահմանվել է, որ հափշտակված գույքի խոշոր չափ՝ 5 միլիոն ՀՀ դրամը չգերազանցող գումարը (արժեքը), իսկ առանձնապես խոշոր չափ է համարվում 5 միլիոն ՀՀ դրամը գերազանցող գումարը (արժեքը)։ Այսպես՝ առանձնապես խոշոր չափերով վատնումը և/կամ դրան օժանդակելը, որը, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորումների համաձայն, հանդիսանում էր հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը գերազանցող գումարի/արժեքի (3.000.000 ՀՀ դրամից ավել գումարի/արժեքի) չափով վատնումը, համաձայն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի, դասվում էր ծանր հանցագործությունների շարքին, որի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը տասը տարի էր։ Իսկ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցավոր արարքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին։ Ինչ վերաբերում է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն, ապա այն, համաձայն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի, դասվում էր ծանր հանցագործությունների շարքին, որի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը տասը տարի էր։ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքը նույնպես դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին։ Միևնույն ժամանակ, օրենսդիրը ՀՀ գործող քրեական օրենսգրքի ընդհանուր մասում՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու կարգը սահմանող 83-րդ հոդվածում, սահմանել է, որ միջին ծանրության հանցանքի դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել է տասը տարի։ Ուստի ստացվում է, որ կաշառք տալը և խոշոր չափերով վատնումը և/կամ դրան օժանդակելը ՀՀ գործող քրեական օրենսգրքով թեև դասվել են միջին ծանրության հանցագործությունների շարքին, սակայն քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի տեսանկյունից երկու օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումը, ըստ որի՝ նշված հանցանքների մեջ մեղադրվող անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքների կատարման պահից անցել է տասը տարի։ Վերոգրյալից հետևում է, որ գործող քրեական օրենսդրությամբ հանցանքի տեսակի փոփոխությունը քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների տեսանկյունից անձի համար որևէ բարենպաստ հետևանք չի առաջացնում, քանզի վաղեմության ժամկետի առումով քրեական օրենսդրության նախկին և ներկա կարգավորումները նույնական են։ Այլ խոսքով՝ կաշառք տալու և խոշոր չափերով վատնման և/կամ դրան օժանդակելու հանցանքների տեսակի փոփոխության հետևանքով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը, ՀՀ նախկին օրենսգրքի համեմատ, փոփոխությունների չի ենթարկվել, ուստի քննարկվող դեպքում քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը ենթակա է լուծման՝ տվյալ արարքի համար դրա կատարման պահին գործող քրեական օրենսդրությամբ նախատեսված ծանր հանցագործության կատարման համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվառմամբ։ 20․ Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.
- Է․Սարկիսյանին և Կ․Պալոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Ն․Հարությունյանին և Հ․Հարությունյանին՝ 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով[11],
- Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալներ Է․Սարկիսյանին և Կ․Պալոյանին մեղսագրված՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքները համապատասխանում են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին, իսկ Ն․Հարությունյանին և Հ․Հարությունյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղսագրված հանցանքները համապատասխանում են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասին, որոնք միջին ծանրության հանցանքներ են: Միևնույն ժամանակ, Առաջին ատյանի դատարանը փաստել է, որ ամբաստանյալների կողմից իրենց մեղսագրվող արարքները ենթադրաբար կատարվելուց հետո անցել է հինգ տարուց ավել ժամանակ, ուստի Է․Սարկիսյանի և Կ․Պալոյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և Ն․Հարությունյանի և Հ․Հարությունյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական հետապնդումները ենթակա են դադարեցման՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով[12],
- Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ 2003 և 2021 թվականներին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքերի՝ համապատասխանաբար 75-րդ և 83-րդ հոդվածների համեմատական վերլուծությունը վկայում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների մասով տվյալ դեպքում անձի վիճակը վատթարացնող օրենք է և կիրառելի չէ ամբաստանյալների նկատմամբ, քանի որ սահմանում է քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ավելի երկար ժամկետներ։ Արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ վաղեմության ժամկետն անցնելու առումով ամբաստանյալների նկատմամբ կիրառելի են ՀՀ նախկին քրեական օրենսգրքով միջին ծանրության հանցանքների համար սահմանված քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետները, քանի որ դրանք առավել բարենպաստ են վերջիններիս համար[13]։
21. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 17-19-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև ամբաստանյալներ Է․Սարկիսյանին, Կ․Պալոյանին, Ն․Հարությունյանին և Հ․Հարությունյանին վերագրվող հանցանքները ՀՀ գործող քրեական օրենսգրքով դասվել են միջին ծանրության հանցանքների շարքին, սակայն վաղեմության ժամկետի հաշվարկի առումով օրենսդրական այդ փոփոխությունը բարենպաստ հետևանքներ չի առաջացնում, քանզի թե՛ տվյալ արարքների կատարման պահին, թե՛ ՀՀ գործող քրեական օրենսգրքով այդ արարքների համար անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե դրանք կատարելուց հետո անցել է տասը տարի: Մասնավորապես, արարքի կատարման պահին ամբաստանյալներին վերագրվող հանցանքները եղել են ծանր, որոնց վաղեմության ժամկետը տասը տարի է: ՀՀ գործող քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու արդյունքում ամբաստանյալներին վերագրվող հանցանքները միջին ծանրության են, որոնց վաղեմության ժամկետը կրկին տասը տարի է: Ուստի թե՛ նախկին, թե՛ գործող քրեական օրենսդրությունները թույլ են տալիս ամբաստանյալներ Է․Սարկիսյանին, Կ․Պալոյանին, Ն․Հարությունյանին և Հ․Հարությունյանին վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով ազատել քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելու օրվանից անցել է տասը տարի։
22. Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների հետևությունն առ այն, որ Է․Սարկիսյանին, Կ․Պալոյանին, Ն․Հարությունյանին և Հ․Հարությունյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցել են, իրավաչափ չէ, քանզի տվյալ դեպքում արարքի կատարման պահին ծանր հանցագործություն համարվող արարքների պարագայում անձանց նկատմամբ կիրառվել է արարքի կատարման պահին միջին ծանրության հանցանքի համար նախատեսված կարգավորումը, ինչն իրավաչափ չէ։
23. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով ստորադաս դատարանները թույլ են տվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է` կիրառել են 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որը սույն վարույթով ենթակա չէր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, հիմք է Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի նոյեմբերի 6-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2023 թվականի դեկտեմբերի 18-ի որոշումը բեկանելու համար։ 24․ Հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պաշտպաններ Մ․Մուրադյանի, Լ․Հարությունյանի, Լ․Պինգոլցյանի և Հ․Գալստյանի միջնորդությունները պետք է մերժել։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, պետք է ըստ էության քննության առնի Է․Սարկիսյանի, Կ․Պալոյանի, Ն․Հարությունյանի և Հ․Հարությունյանի վերաբերյալ քրեական գործը և արդյունքում հանգի համապատասխան հետևության։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Թիվ ՀԿԴ1/0006/01/22 քրեական գործով ամբաստանյալներ Էլլա Էլդարի Սարկիսյանի, Կարապետ Արամանյակի Պալոյանի, Համլետ Վահանի Հարությունյանի և Նորիկ Վահանի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 6-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 18-ի որոշումը բեկանել և պաշտպաններ Մ․Մուրադյանի, Լ․Հարությունյանի, Լ․Պինգոլցյանի և Հ․Գալստյանի միջնորդությունները մերժել։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։
Նախագահող` Ս․ՉԻՉՈՅԱՆ
Դատավորներ՝ Ե․ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆ
Դ․ՎԵՔԻԼՅԱՆ
Ծանոթագրություններ
[1] Տե՛ս նյութեր, 1-ին հատոր, թերթեր 147-157։
[2] Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 193-208։
[3] Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 92-119։
[4] Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Վարուժան Ավետիսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ՍԴ3/0013/01/11, Դավիթ Սիմիդյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԷԴ/0122/01/13, Վարդան Ղազարյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԱՎԴ/0002/01/14 որոշումները։ [5] Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Դավիթ Սիմիդյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ին կայացված թիվ ԵԷԴ/0122/01/13 որոշումը։ [6] Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Սարգիս Գրիգորյանի գործով 2024 թվականի հուլիսի 26-ի թիվ ՀԿԴ/0054/01/22 որոշման 11․1-12-րդ կետերը։ [7] Տե՛ս սույն որոշման 7․2-7․3-րդ կետերը։
[8] Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
[9] Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։
[10] Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի գործով 2024 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԱՔԴ/0196/01/17 որոշումը։ [11] Տե՛ս սույն որոշման 7-7․3-րդ կետերը։
[12] Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
[13] Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 28 օգոստոսի, 2024 թ.
- Գործի #:
- ՀԿԴ1/0006/01/22
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
