ԵԴ/0852/11/22
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 98. Իրեղեն ապացույցների պահպանումըԱմփոփում
Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1․ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում 2022 թվականի հունիսի 29-ին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 62231722 քրեական գործը։ 2022 թվականի սեպտեմբերի 6-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երկրորդ վարչությունում ստացված հաղորդման հիման վրա երկուական դրվագով 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-
Ամբողջ Տեքստ
ԵԴ/0852/11/22
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր՝ Ա․Պողոսյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Ս․Մարաբյան
2026 թվականի ապրիլի 29-ին քաղաք Երևանում
ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Դ․ՎԵՔԻԼՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի փետրվարի 16-ի որոշման դեմ «********************» ՍՊԸ-ի և ********************** ներկայացուցիչներ Ա․Ֆանյանի և Լ․Գասպարյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1․ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում 2022 թվականի հունիսի 29-ին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 62231722 քրեական գործը։ 2022 թվականի սեպտեմբերի 6-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երկրորդ վարչությունում ստացված հաղորդման հիման վրա երկուական դրվագով 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 445-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է թիվ 62245522 քրեական վարույթը։ 2022 թվականի սեպտեմբերի 6-ին որոշում է կայացվել թիվ 62245522 քրեական վարույթը թիվ 62231722 վարույթին միացնելու մասին, և նախաքննությունը շարունակվել է թիվ 62231722 համարով։ 2022 թվականի սեպտեմբերի 8-ին Դավիթ Մկրտչյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ 2022 թվականի սեպտեմբերի 12-ին նախաքննության մարմինը որոշում է կայացրել, ի թիվս այլնի, Երևան քաղաքի ********* **** թաղամասի *******, *******, ******* և ****** հասցեներում գտնվող ********** հա մակերեսով հողամասերն իրեղեն ապացույց ճանաչելու մասին: 2022 թվականի հոկտեմբերի 17-ին ՀՀ գլխավոր դատախազություն է ստացվել նախաքննության մարմնի կողմից կայացված վերոհիշյալ որոշման դեմ *********** և «*********************» ՍՊԸ-ի ներկայացուցիչներ Ա․Ֆանյանի և Լ․Գասպարյանի բողոքը, որով վերջիններս խնդրել են վերացնել հողամասերի նկատմամբ գործարքներ կատարելու **************** և «*******************» ՍՊ ընկերության իրավունքների սահմանափակումը։ 2022 թվականի հոկտեմբերի 24-ին որոշում է կայացվել բողոքն առանց քննության թողնելու մասին՝ ժամկետանց լինելու հիմքով։ 2022 թվականի հոկտեմբերի 31-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ստացվել է փաստաբաններ Ա․Ֆանյանի և Լ․Գասպարյանի միջնորդությունը, որով վերջիններս խնդրել են վերացնել իրեղեն ապացույց ճանաչված վերոհիշյալ թվով 4 հողամասերի հետ կապված գործարքների արգելքը և այդ մասին ծանուցել ՀՀ կադաստրի կոմիտե։ 2022 թվականի նոյեմբերի 4-ին նախաքննության մարմինը, քննարկելով ներկայացված միջնորդությունը, որոշում է կայացրել այն մերժելու մասին։ 2022 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է «**********************» ՍՊ ընկերության և ******************* ներկայացուցիչներ Ա.Ֆանյանի և Լ.Գասպարյանի կողմից ներկայացված բողոքը՝ նախաքննության մարմնի վերոհիշյալ որոշման դեմ։ 2022 թվականի նոյեմբերի 17-ին հսկող դատախազը որոշում է կայացրել բողոքը մերժելու մասին:
2․ Քննիչի գործողությունների դեմ «*****************» ՍՊ ընկերության և **************** ներկայացուցիչներ Ա.Ֆանյանի ու Լ.Գասպարյանի կողմից բողոք է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։ 2022 թվականի դեկտեմբերի 20-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) որոշում է կայացրել բողոքը բավարարելու մասին և պարտավորեցրել է վարույթի հանրային մասնակցին վերացնել վերոհիշյալ հողամասերի վրա փաստացի դրված արգելադրումը։ 3․ Հսկող դատախազի կողմից բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2023 թվականի փետրվարի 16-ի որոշմամբ բավարարել է այն և բեկանել Առաջին ատյանի դատարանի վիճարկվող որոշումը:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ «*********************» ՍՊ ընկերության և *************** ներկայացուցիչներ Ա․Ֆանյանի ու Լ․Գասպարյանի կողմից բերվել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի հունիսի 22-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.
5. Բողոքաբերները նշել են, որ Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 20-ի որոշումը, յուրովի է գնահատման ենթարկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ իրեղեն ապացույցների վերաբերյալ կարգավորումները՝ քննիչի համար սահմանելով քրեադատավարական օրենսդրությամբ չնախատեսված նոր լիազորություն՝ իրեղեն ապացույց ճանաչված գույքի նկատմամբ սահմանափակումներ իրականացնելու տեսքով: Բողոքաբերների պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ փաստացի լեգիտիմացրել է քննիչի՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության փուլը շրջանցող որոշումը։ Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը տվյալ դեպքում կիրառելի է համարել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի գործող իրավակարգավորումների լույսի ներքո ենթակա չէ կիրառման։ Ըստ բողոքաբերների՝ վերը նշված օրենքը համապատասխանում է 1998 թվականին հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթներին, համաձայն որոնց՝ քննիչն իրեղեն ապացույց ճանաչված գույքը միանձնյա, առանց որևէ հետագա դատական երաշխիքների, օժտված էր արգելադրելու իրավասությամբ։ Մինչդեռ, ներկայումս գործող քրեադատավարական օրենքի գործողության պայմաններում քննիչի՝ գույքն արգելադրելուն վերաբերող որոշումը ենթակա է հետագա դատական ստուգման։
6. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերները խնդրել են ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
7. Նախաքննության մարմնի՝ իրեղեն ապացույց ճանաչելու մասին 2022 թվականի սեպտեմբերի 12-ի որոշմամբ արձանագրվել է հետևյալը. «(…) Քրեական գործով ձեռք բերված տվյալները վկայում են այն մասին, որ (…) Երևան քաղաքի, *********** ***** թաղամաս **** և *** հասցեներում գտնվող` համապատասխանաբար ***** հա և ***** հա մակերեսներով հողամասերը հանցավոր գործողությունների օբյեկտ են եղել և հանդիսանում են ենթադրյալ հանցագործությամբ անմիջականորեն ձեռք բերված առարկաներ, հետևաբար անհրաժեշտ է որոշում կայացնել հողամասերը, այդ թվում՝ *********** ***** թաղամաս *** և ** հասցեների հողամասերից առանձնացված թվով 32 հողամասերն իրեղեն ապացույց ճանաչելու մասին: Գտնում եմ, nր իրեղեն ապացույցների առանձնահատկությամբ պայմանավորված՝ նախաքննության ներկա փուլում անհրաժեշտ է գրություն ուղարկել ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանում, որպեսզի հողամասերի հետ կապված որևէ գործարք չկատարվի` մինչև քրեական վարույթով որոշում կկայացվի իրեղեն ապացույցներից յուրաքանչյուրի պահպանության վերաբերյալ: (…)»[1]։
8. Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 20-ի որոշման համաձայն` «(...) [Վ]արույթն իրականացնող մարմնի կողմից 12.09.2022թ. կայացված «Իրեղեն ապացույց ճանաչելու մասին» որոշմամբ փաստվել է, որ իրեղեն ապացույց ճանաչված գույքերի «առանձնահատկությամբ պայմանավորված՝ նախաքննության ներկա փուլում անհրաժեշտ է գրություն ուղարկել ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանում, որպեսզի հողամասերի հետ կապված որևէ գործարք չկատարվի՝ մինչև քրեական վարույթով որոշում կկայացվի իրեղեն ապացույցներից յուրաքանչյուրի պահպանության վերաբերյալ»: Վարույթն իրականացնող մարմնի կողմից 12.09.2022թ. կայացված «Իրեղեն ապացույց ճանաչելու մասին» որոշման բովանդակությունից ակնհայտ է դառնում, որ իրեղեն ապացույց ճանաչված գույքերը ո՛չ պահվում են վարույթի նյութերի հետ, ո՛չ էլ այդ ապացույցի վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի 5-րդ մասով նշված որոշումներից որևէ մեկը (որոշման մեջ նշված է՝ «մինչև քրեական վարույթով որոշում կկայացվի իրեղեն ապացույցներից յուրաքանչյուրի պահպանության վերաբերյալ»): Սույն պարագայում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի դրույթները կիրառելի չեն, քանի որ հոդվածով կարգավորվում է փաստաթուղթ չհանդիսացող իրեղեն ապացույցները տնօրինման կանոնները, իսկ սույն դեպքում իրեղեն ապացույցի տնօրինման հարց չի քննարկվում: Ինչպես երևում է սույն դատական գործի նյութերից 2022 թվականի սեպտեմբերի 12-ին որոշում է կայացվել իրեղեն ապացույց ճանաչելու մասին և թվով 34 հողամասեր՝ այդ թվում նաև՝ **********, *************, ********** և ************ կադաստրային գործի համարներով հողամասերը, ճանաչվել են իրեղեն ապացույց։ 2022 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երկրորդ վարչության պետի տեղակալ Դ.Կոստանդյանի կողմից ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանին ուղարկվել է թիվ 18-590կգ-22 գրությունը, որի համաձայն՝ քննիչը խնդրել է հանձնարարել համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներին կատարել ուղարկված որոշման պահանջները՝ հիշյալ հողամասերի վերաբերյալ որևէ գործարք չկատարել մինչև հետագա տեղեկացումը: Սույն դատական գործի նյութերից և քննիչի ու դատախազի որոշումների բովանդակությունից հետևում է, որ վերը նշված թվով 4 հողամասերի վրա համապատասխան դատավարական ընթացակարգերի պահպանմամբ արգելանք դրված չէ: Մինչդեռ Դատարանն արձանագրում է, որ 12.09.2022թ. կայացված «Իրեղեն ապացույց ճանաչելու մասին» որոշման և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երկրորդ վարչության պետի տեղակալ Դ․Կոստանդյանի կողմից ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանին ուղարկված թիվ 18-590կգ-22 գրությունից հետևում է, որ առանց համապատասխան դատավարական որոշման կայացման, առանց գույքի արգելադրման մասին քննիչի որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ դատարանի որոշման, վարույթն իրականացնող մարմինն առերևույթ արհեստականորեն **********, **********, ********* և ************ կադաստրային գործի համարներով հողամասերն արգելադրել է, որպիսի պայմաններում անտեսվել է այն հանգամանքը, որ իրեղեն ապացույց ճանաչված գույքը չի կարող արգելադրվել, բացի այդ, արգելադրման գործընթացը վարույթն իրականացնող մարմնի գործողությունների արդյունքում դուրս է մնացել սեփականության իրավունքի սահմանափակման դատական երաշխիքների շրջանակներից, ինչն անընդունելի է։ Վերոգրյալի համատեքստում Դատարանն անհրաժեշտ է համարում փաստել, որ 12.09.2022թ. կայացված «Իրեղեն ապացույց ճանաչելու մասին» որոշման բովանդակությունից պարզ է դառնում, որ իրեղեն ապացույց ճանաչված հողամասերն, ըստ վարույթն իրականացնող մարմնի, հանցավոր գործունեության օբյեկտ են եղել և հանդիսանում են ենթադրյալ հանցագործությամբ անմիջականորեն ձեռք բերված առարկաներ: Նման պայմաններում փաստվում է, որ իրեղեն ապացույց ճանաչված առարկաները ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանդիսացել են բռնագրավման ենթակա գույքեր, որպիսի պայմաններում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 133-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ քննիչը համապատասխան գույքի արգելադրումը պետք է իրականացներ անհապաղ, ոչ թե որոշում կայացներ իրեղեն ապացույց ճանաչելու մասին և իրեն զրկեր այդ հողամասերը արգելադնելու հնարավորությունից՝ հաշվի առնելով օրենսդրական արգելքը, որ իրեղեն ապացույց ճանաչված գույքը չի կարող արգելադրվել: Վերոգրյալ գործողությունների արդյունքում վարույթն իրականացնող մարմնի գործողությունների արդյունքում Դիմողները զրկվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իրենց ընձեռնված սեփականության իրավունքի սահմանափակման դատական երաշխիքներից: Ամփոփելով վերոգրյալը, Դատարանն արձանագրում է, որ Դիմողների ներկայացուցիչների համապատասխան բողոքով արված հետևությունները հիմնավոր են, ուստի հաշվի առնելով Դատարանի վերը նշված պատճառաբանությունները, բողոքը պետք է բավարարել և վարույթն իրականացնող մարմնին պետք է պարտավորեցնել վերացնել Դիմողների՝ սույն որոշմամբ արձանագրված իրավունքների խախտումը, վարույթի հանրային մասնակցի վրա դնել ք.Երևան ***************** *** թաղամաս, ***** հասցեում գտնվող (կադաստրային գործի համար՝ ********), ***** հասցեում գտնվող (կադաստրային գործի համար՝ ********) ***** հասցեում գտնվող (կադաստրային գործի համար՝ ***********), ****** հասցեում գտնվող (կադաստրային գործի համար՝ ***********) ********** հա մակերեսով հողամասերի վրա փաստացի դրված արգելադրումը վերացնելու պարտականություն» [2]։
9. Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, փաստել է. «(…) [Վ]երաքննիչ դատարանը փաստում է, որ առաջին ատյանի դատարանը, մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում «****************» ՍՊԸ-ի և ***************** ներկայացուցիչներ Արմինե Ֆանյանի և Լիաննա Գասպարյանի մինչդատական ակտը վիճարկելու վերաբերյալ բողոքը բավարարելով և արձանագրելով, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից փաստացի իրականացվել է գույքի արգելադրում՝ շրջանցելով արգելադրման դատավարական կարգը և պահանջելով վարույթն իրականացնող մարմնից, որպեսզի վերացնի նշված հողամասերի վրա կիրառված փաստացի արգելադրումը, հանգել է ոչ իրավաչափ և վարույթի փաստական տվյալներից չբխող հետևության։ Վերաքննիչ դատարանի վերոնշյալ հետևությունը պայմանավորված է, մասնավորապես այն հանգամանքով, որ այդ հողամասերն ըստ քննիչի՝ իրեղեն ապացույց ճանաչելու մասին որոշման՝ հանդիսանում են իրեղեն ապացույց, քանի որ հանցավոր գործողությունների օբյեկտ են եղել և հանդիսանում են ենթադրյալ հանցագործությամբ անմիջականորեն ձեռք բերված առարկաներ, ուստի քննիչի կողմից իրեղեն ապացույց ճանաչված անշարժ գույքի նկատմամբ սահմանափակում կիրառելը բխում է օրենքից և հետապնդում է օրենքով նախատեսված իրավաչափ նպատակներ, որի համար դատական վերահսկողության կառուցակարգ կիրառելու անհրաժեշտություն չկա` ինչպես փորձել է հիմնավորել առաջին ատյանի դատարանը։ Վերաքննիչ դատարանն այս առումով համամիտ է իրեղեն ապացույց ճանաչելու մասին քննիչի որոշման մեջ տրված այն մեկնաբանությանը, որ իրեղեն ապացույց ճանաչված գույքերի «առանձնահատկությամբ» պայմանավորված անհրաժեշտ է «Որոշումն ուղարկել ՀՀ կադաստրի կոմիտե` հողամասի վերաբերյալ՝ գործարքներ չկատարելու նպատակով», քանի որ անշարժ գույքի պահպանությունը կարող է իրականացվել հիշյալ եղանակով` ելնելով 2011 թվականի հունիսի 23-ին ընդունված «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջից: 4.14. Վերաքննիչ դատարանի գնահատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված խախտումը՝ հետևանք է այն բանի, որ դատարանի կողմից հաշվի չեն առնվել անշարժ գույքի պահպանության առանձնահատկությունները, ավելին դատարանը փաստացի փոխել է քննիչի որոշման էությունը և դրա հիման վրա կատարել եզրահանգումներ, որոնք իրավաչափ չեն կարող լինել: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ իրեղեն ապացույցի պահպանությունը, որն իրականացվել է այդ գույքի նկատմամբ որևէ գործարք կատարելու սահմանափակում դնելով, չի հանդիսանում արգելադրում։ Իրեղեն ապացույցի պահպանությունը ևս կարող է ենթադրել գույքային իրավունքների սահմանափակում՝ ինչպես արգելադրումը, քանի nր դա ուղղակիորեն նախատեսված է օրենքով, ուստի իրեղեն ապացույց հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ սահմանափակում կիրառելն իրավաչափ է և հետապնդում է օրենքով նախատեսված նպատակ։ Ի վերջո, ինչպես գույքի արգելադրման դեպքում, այդպես էլ իրեղեն ապացույց ճանաչված գույքի դեպքում հնարավոր է այդ գույքի հետ կատարվեն իրավաչափ գործողություններ, որոնք ևս ենթակա են կանխման, այդ թվում՝ իրեղեն ապացույց ճանաչված գույքի նկատմամբ գործարք կատարելու սահմանափակում դնելու ճանապարհով: (…) Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը չի բացառում, որ հանցագործության առարկա գույքը կարող է որոշ դեպքերում լինել ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված բռնագրավման ենթակա գույք՝ ինչպես նշել է առաջին ատյանի դատարանը, սակայն, մյուս կողմից պետք է փաստել, որ այդ նույն հոդվածը հստակ սահմանում է, որ այդ ընդհանուր կանոնից կան մի շարք բացառություններ, օրինակ, նույն հոդվածի 7-րդ մասը սահմանում է, որ բռնագրավման ենթակա չէ բարեխիղճ երրորդ անձի և տուժողին վերադարձման ենթակա գույքը, կամ նույն հոդվածի 8-րդ մասը սահմանում է, որ եթե տուժողի և բարեխիղճ երրորդ անձի միջև առկա է վեճ բռնագրավման ենթակա գույքի վերաբերյալ, ապա այդ գույքի բռնագրավումը կարող է կատարվել քաղաքացիական դատավարության կարգով։ 4.16. Սույն վարույթի փաստական հանգամանքների վերլուծությունից հետևում է, որ իրեղեն ապացույց ճանաչված ենթադրյալ հափշտակության առարկա հանդիսացող հողամասերի հետ կապված առերևույթ առկա է իրավունքի մասին վեճ, որը լուծվելու է քաղաքացիական դատավարության կարգով, քանի որ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված գործիքակազմը հնարավորություն չի տալիս լուծելու գործարքների և պետական գրանցման հետ կապված հարցերը, ինչպես նաև բարեխիղճ երրորդ անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերը: Հետևաբար, քննիչի կողմից ենթադրյալ հանցագործության առարկա հանդիսացող գույքը իրեղեն ապացույց ճանաչելը և դրա նկատմամբ գործարք կատարելու սահմանափակում դնելը հանդիսանում է օրենքով նախատեսված իրավաչափ գործողություն, որի համար օրենսդիրը չի սահմանել դատական վերահսկողության կառուցակարգ, ուստի Վերաքննիչ դատարանը գտնում է, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել գործի ելքի վրա ազդող դատական սխալ, ինչը բավարար հիմք է բողոքարկված դատական ակտը բեկանելու և ***************** և «************************» ՍՊ ընկերության ներկայացուցիչներ՝ Արմինե Ֆանյանի և Լիաննա Գասպարյանի կողմից ներկայացված մինչդատական ակտը վիճարկելու վերաբերյալ բողոքը մերժելու։ (…)»[3]։ Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ իրեղեն ապացույց ճանաչված անշարժ գույքի նկատմամբ գործարքների կատարման սահմանափակումը բխում է քրեադատավարական օրենքից և հետապնդում է օրենքով նախատեսված իրավաչափ նպատակ։
11. ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»: ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը»: ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն`
«1. Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք: (…)
3. Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիային (այսուհետ նաև` Եվրոպական կոնվենցիա) կից 1-ին արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք։ Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով։ Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության՝ այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածը սահմանում է․
«1. Իրեղեն ապացույց է ճանաչվում ցանկացած առարկա, որը կարող է վարույթի համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքները պարզելու միջոց լինել, այդ թվում`
1) ենթադրյալ հանցագործության գործիքները կամ այն առարկաները, որոնք իրենց վրա ենթադրյալ հանցագործության հետքեր են պահպանել.
2) այն առարկաները, որոնք ենթադրյալ հանցավոր ներգործության օբյեկտ են եղել.
3) ենթադրյալ հանցագործությամբ անմիջականորեն ձեռք բերված դրամը, այլ արժեքները և առարկաները:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված առարկաները վարույթն իրականացնող մարմնի կողմից զննվում են, համապատասխան որոշմամբ ճանաչվում են իրեղեն ապացույց և կցվում վարույթի նյութերին:»։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածը սահմանում է․
«1. Բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի, իրեղեն ապացույցները պահվում են վարույթի նյութերի հետ այնքան, քանի դեռ դրանց տնօրինման հարցը չի լուծվել օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտով: (…)
5. Եթե իրեղեն ապացույցը մեծածավալության, մեծաքանակության կամ այլ պատճառներով չի կարող պահվել վարույթի նյութերի հետ, կամ դրա պահպանման ծախսերը ողջամտորեն արդարացված չեն, ապա այդ ապացույցը վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ`
1) վերադարձվում է օրինական տիրապետողին, եթե դա չի կարող վնասել պատշաճ ապացուցմանը.
2) լուսանկարվում կամ տեսագրվում է, հնարավորության դեպքում նաև կնքվում է և պահվում որոշմամբ սահմանված վայրում կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահպանության է հանձնվում տեղական ինքնակառավարման մարմնին, իսկ վարույթի նյութերին կցվում է այդ իրեղեն ապացույցի գտնվելու վայրի մասին փաստաթուղթ.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնվում է իրացման, որից ստացած միջոցները փոխանցվում են վարույթն իրականացնող մարմնի դեպոզիտային հաշվին մինչև սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը: (…)»։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է․ «Արգելադրման ենթակա չէ`
1) այն գույքը, որի վրա օրենքի համաձայն չի կարող բռնագանձում կամ բռնագրավում տարածվել.
2) իրեղեն ապացույց ճանաչված գույքը»։
12․ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ նաև՝ Եվրոպական դատարան) կայուն նախադեպային պրակտիկա է ձևավորել առ այն, որ Եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածով նախատեսված անձի իրավունքին միջամտությունը պետք է լինի օրինական, բխի ընդհանուր շահից և լինի համաչափ[4]: Եվրոպական դատարանը Borzhonov v. Russia գործով կայացված վճռում մասնավորապես նշել է, որ պետք է լինի ողջամիտ հավասարակշռություն պետության կողմից կիրառվող, այդ թվում՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը վերահսկելու հետ կապված միջոցների և այդ միջոցների կիրառման արդյունքում ակնկալվող նպատակների միջև։ Այս պահանջն արտահայտվում է «արդարացի հավասարակշռություն» ձևակերպմամբ, որը պետք է առկա լինի հասարակության ընդհանուր շահի պահանջների և անհատի հիմնարար իրավունքների պաշտպանության միջև։ Եվրոպական դատարանն ընդգծել է, որ մեղադրյալի գույքի վրա կալանք դնելն ինքնին ենթակա չէ քննադատության` հաշվի առնելով, մասնավորապես, Եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի երկրորդ պարբերությունը, սակայն պետք է հաշվի առնել սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքից օգտվելու սահմանափակմամբ անձի վրա չափազանց ծանր բեռ դնելու ռիսկը և հետևաբար, պետք է ապահովել համապատասխան դատավարական երաշխիքներ՝ համոզվելու համար, որ անձի սեփականության իրավունքի վրա առկա ազդեցությունը կամայական կամ ոչ կանխատեսելի չէ[5]: 13․ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում ձևավորած իրավական դիրքորոշումներում փաստել է, որ գույքի տիրապետման, տնօրինման և օգտագործման սեփականատիրոջ իրավազորությունները մեծ կարևորության իրավական արժեքներ են, որոնք ունեն սահմանադրական բնույթ[6]: Սեփականության իրավունքը ենթադրում է ոչ միայն յուրաքանչյուր անձի իրավունքը պահանջելու, որ այլոք չխախտեն իր սեփականության իրավունքը, այլ նաև պետության պարտականությունը` սեփականության իրավունքը պաշտպանելու ցանկացած անօրինական ոտնձգություններից[7]: 13.1․ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով իրեղեն ապացույց ճանաչված գույքը պատասխանատու պահպանության հանձնելու խնդրին, Լ.Զաքոյանի վերաբերյալ գործով որոշմամբ իրավական դիրքորոշում է ձևավորել, որի համաձայն՝ «[Օ]րենսդիրը նախատեսել է առարկան իրեղեն ապացույց ճանաչելու միջոցով անձի սեփականության իրավունքի սահմանափակման օրինական հիմք, որը բխում է հասարակության ընդհանուր շահից, այն է` հանցագործությունների բացահայտումը: Միևնույն ժամանակ օրենսդիրը նախատեսել է սեփականության իրավունքի մի շարք երաշխիքներ, որոնցից են այն առարկաների բնութագիրը, որոնք կարող են ճանաչվել իրեղեն ապացույցներ, առարկան իրեղեն ապացույց ճանաչելու դատավարական կարգի մանրամասն կարգավորումը, իրեղեն ապացույցների պահպանման կարգի սահմանումը: (…) [Ի]րեղեն ապացույց ճանաչված առարկայի մեծածավալության դեպքում այն համապատասխան անձանց պատասխանատու պահպանմանը հանձնելու հայեցողական լիազորությունն իրականացնելիս վարույթն իրականացնող մարմինը պետք է ելնի պատշաճ ապացուցման ընդհանուր շահի և անհատի` իր գույքից անարգել օգտվելու իրավունքի պաշտպանության պահանջների միջև արդարացի հավասարակշռություն ապահովելու անհրաժեշտությունից: Յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնվի սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքից օգտվելու սահմանափակմամբ անձի վրա չափազանց ծանր բեռ դնելու ռիսկը և, հետևաբար, պետք է ապահովվեն համապատասխան դատավարական երաշխիքներ՝ համոզվելու համար, որ անձի սեփականության իրավունքի վրա առկա ազդեցությունը կամայական կամ ոչ կանխատեսելի չէ (տե՛ս Borzhonov v. Russia գործով 2009 թվականի հունվարի 22-ի վճիռը, գանգատ թիվ 18274/04, կետեր 59-60)։ Համաչափության սկզբունքը պետք է ապահովվի ոչ միայն անձի իրավունքի նկատմամբ սահմանափակում կիրառելիս, այլ նաև դրա աստիճանը որոշելիս: Վերջինս արտահայտվում է իր գույքն անարգել տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավազորություններից որևէ մեկը կամ բոլորը սահմանափակելու հարցի որոշմամբ (…)»[8]: 13․2․ Այս համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը պարունակում է անձանց գույքային իրավունքների հնարավոր սահմանափակումներին վերաբերող իրավակարգավորումներ: Դրանց շարքին են դասվում իրեղեն ապացույց ճանաչված առարկաների վերաբերյալ իրավահարաբերությունները կարգավորող նորմերը: Այսպես, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ եթե իրեղեն ապացույց ճանաչված գույքն իր մեծածավալության, մեծաքանակության կամ այլ պատճառներով չի կարող պահվել վարույթի նյութերի հետ, կամ դրա պահպանման ծախսերը ողջամտորեն արդարացված չեն, ապա համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի 5-րդ մասի՝ այն վարույթն իրականացնող մարմնի կողմից կարող է՝ 1) վերադարձվել օրինական տիրապետողին, 2) լուսանկարահանվել կամ տեսագրվել, հնարավորության դեպքում նաև կնքվել և պահվել որոշմամբ սահմանված վայրում, 3) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պահպանության հանձնվել տեղական ինքնակառավարման մարմնին կամ 4) հանձնվել իրացման: Վերը նշվածից հետևում է, որ օրենսդիրն իրեղեն ապացույցների պահպանության հարցում նման տարբերակված մոտեցումներ դրսևորելով, նպատակ է հետապնդել ստեղծել պայմաններ այդպիսի գույքի էական հատկանիշների ձևափոխման, կորստի, այն թաքցնելու, վնասելու դեպքերը բացառելու համար։ Այս համատեքստում՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ իրեղեն ապացույց ճանաչված գույքը պահպանության հանձնելն ապահովում է քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված ապացուցողական գործունեության անխոչընդոտ ընթացքը։ 13․3․ Անդրադառնալով գույքի արգելադրման ինստիտուտին՝ Վճռաբեկ դատարանը Արթուր Անդրեասյանի և Սամվել Մայրապետյանի գործերով որոշումներում փաստել է, որ այն կոչված է սեփականության կամ այլ գույքային իրավունքների սահմանափակման միջոցով ապահովելու քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումը, դատական ծախսերը[9]։ Մինչդեռ, գույքն իրեղեն ապացույց ճանաչելով՝ իրացվում են քրեադատավարական այլ նպատակներ։ Մասնավորապես, գույքը, որն իր վրա կրում է հանցագործության հետքեր կամ ինքնին կարող է ծառայել ապացուցման գործընթացում որոշակի հանգամանքներ պարզելու համար, վարույթն իրականացնող մարմնի կողմից ճանաչվում է որպես իրեղեն ապացույց՝ այդպիսով ստանալով պատշաճ ապացույցի դատավարական ձև։ Ասվածից հետևում է, որ, ի տարբերություն գույքի արգելադրման, գույքն իրեղեն ապացույց ճանաչելու դեպքում չեն հետապնդվում այնպիսի նպատակներ, ինչպես օրինակ քաղաքացիական հայցի բավարարումն է կամ պատճառված վնասի հատուցումը, այլ այն ծառայում է որպես քրեական գործով ապացուցման ենթակա հանգամանքները պարզելու միջոց։ Ուստի, տվյալ պարագայում առկա է գույքն իրեղեն ապացույց ճանաչելու միջոցով անձի սեփականության իրավունքի սահմանափակման իրավական հիմք, որը բխում է հասարակության ընդհանուր շահից, այն է` հանցագործությունների բացահայտումը[10]:
14. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ․
- Նախաքննության մարմինը 2022 թվականի սեպտեմբերի 12-ին որոշում է կայացրել, ի թիվս այլնի, Երևան քաղաքի *********** ***** թաղամասի ****, ******, ***** և ****** հասցեներում գտնվող ********* հա մակերեսով հողամասերն իրեղեն ապացույց ճանաչելու մասին[11],
- Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ քննիչի կողմից կայացված իրեղեն ապացույց ճանաչելու մասին որոշման և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երկրորդ վարչության պետի տեղակալ Դ․Կոստանդյանի կողմից ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Ա․Պետրոսյանին ուղարկված գրությամբ, առանց համապատասխան դատավարական որոշման կայացման, առանց գույքի արգելադրման մասին քննիչի որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ դատարանի որոշման, վարույթն իրականացնող մարմինն առերևույթ արհեստականորեն արգելադրել է վերոնշյալ որոշման մեջ հիշատակված հողամասերը, որպիսի պայմաններում անտեսվել է այն հանգամանքը, որ իրեղեն ապացույց ճանաչված գույքը չի կարող արգելադրվել։ Բացի այդ, արգելադրման գործընթացը վարույթն իրականացնող մարմնի գործողությունների արդյունքում դուրս է մնացել սեփականության իրավունքի սահմանափակման դատական երաշխիքների շրջանակներից[12],
- Վերաքննիչ դատարանը գտել է, որ իրեղեն ապացույցի պահպանությունը, որն իրականացվել է այդ գույքի նկատմամբ որևէ գործարք կատարելու սահմանափակում դնելով, չի հանդիսանում արգելադրում։ Վերաքննիչ դատարանը նշել է, որ իրեղեն ապացույցի պահպանությունը ևս կարող է ենթադրել գույքային իրավունքների սահմանափակում՝ ինչպես արգելադրումը, քանի nր դա ուղղակիորեն նախատեսված է օրենքով։ Ուստի իրեղեն ապացույց հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ սահմանափակում կիրառելն իրավաչափ է և հետապնդում է օրենքով նախատեսված նպատակ։ Բացի այդ, Վերաքննիչ դատարանը փաստել է, որ ինչպես գույքի արգելադրման դեպքում, այդպես էլ իրեղեն ապացույց ճանաչված գույքի դեպքում հնարավոր է այդ գույքի հետ կատարվեն իրավաչափ գործողություններ, որոնք ևս ենթակա են կանխման, այդ թվում՝ իրեղեն ապացույց ճանաչված գույքի նկատմամբ գործարք կատարելու սահմանափակում դնելու ճանապարհով[13]:
15. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 12-13․3․-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրեղեն ապացույց ճանաչված Երևան քաղաքի ************** **** թաղամասում գտնվող համապատասխան հողտարածքների նկատմամբ գործարքներ կատարելու արգելքի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի կողմից կատարված հետևությունները հակասում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածով սահմանված՝ իրեղեն ապացույց ճանաչված գույքի պահպանությանը վերաբերող պահանջներին, քանի որ ՀՀ կադաստրի կոմիտեին իրեղեն ապացույցի պահպանման նման լիազորություն վերապահված չէ: Բացի այդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իրեղեն ապացույց ճանաչելու և գույքն արգելադրելու որոշումներ կայացնելու, ինչպես նաև դրանցից բխող դատավարական գործողություններ կատարելու համար նախատեսվել է միմյանցից տարբերվող դատավարական ընթացակարգեր։ Ընդ որում, նշված ընթացակարգերի շրջանակներում ծագող իրավահարաբերություններն իրենց էությամբ նույնպես տարբեր են։ Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ փաստարկել է, որ քննիչի կողմից որպես իրեղեն ապացույց ճանաչված հողամասերի նկատմամբ կիրառված սահմանափակումները՝ դրանց նկատմամբ գործարքներ կատարելու արգելքի ձևով, բխում են քրեադատավարական օրենքի նպատակներից, այն դեպքում, երբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան կարգավորումներով նախատեսված չեն իրեղեն ապացույց ճանաչված գույքի պահպանության տեսանկյունից գործարքներ կատարելու սահմանափակումներ։ Ավելին՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ իրեղեն ապացույցների մեծածավալության կամ մեծաքանակության դեպքերում դրա պահպանության հանձնելու մասով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածում նշված են այն պահպանության միջոցները, որոնց կիրառմամբ վարույթն իրականացնող մարմինը լիազորված է սահմանափակել անձին սեփականության իրավունքով պատկանող և որպես իրեղեն ապացույց ճանաչված գույքի տնօրինման, տիրապետման և օգտագործման իրավազորությունները։ 16․ Բացի այդ, սույն վարույթի փաստական և իրավական հանգամանքների սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ այն դեպքերում, երբ նախաքննության մարմինը, ելնելով քրեական գործի փաստական հանգամանքներից, գտել է, որ գույքը հետագայում կարող է ծառայել ենթադրյալ հանցագործությամբ պատճառված հնարավոր վնասի կամ վարութային հնարավոր ծախսերի հատուցումը, ինչպես նաև գույքի հնարավոր բռնագրավումը կամ բռնագանձումն ապահովելու համար, ապա գույքն իրեղեն ապացույց ճանաչելու փոխարեն՝ այն, անհրաժեշտ իրավական պայմանների առկայության դեպքում, քրեադատավարական օրենքով սահմանված կարգով պետք է արգելադնի։ Միաժամանակ, հաշվի առնելով գույքի արգելադրմամբ անձի իրավունքների նկատմամբ միջամտության ինտենսիվության մակարդակը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դրա իրավաչափությունը պետք է հաստատվի մինչդատական վարույթի դատական երաշխիքների շրջանակներում։ Մինչդեռ, քննիչի գրությամբ ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից իրեղեն ապացույց ճանաչված գույքի նկատմամբ գործարքներ կատարելու արգելքի սահմանմամբ՝ տեղի է ունեցել անձի սեփականության իրավունքի՝ դատական երաշխիքներով չապահովված միջամտություն։ Վերոգրյալից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը, սույն վարույթի փաստական և իրավական հանգամանքների սահմաններում, եզրահանգում է, որ իրավաչափ չէ Վերաքննիչ դատարանի կողմից իրեղեն ապացույց ճանաչված գույքի նկատմամբ կիրառված գործարքների սահմանափակումը՝ որպես դրա պահպանության միջոց, դիտարկելն այն դեպքում, երբ այդ գույքը քրեադատավարական օրենսգրքով սահմանված կարգով ճանաչվել է իրեղեն ապացույց և, այդ հանգամանքով պայմանավորված, նման գույքի պահպանությունը պետք է իրականացվեր միայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հնարավոր միջոցներից որևէ մեկի ընտրությամբ:
17. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, հետևության հանգելով առ այն, որ իրեղեն ապացույց ճանաչված անշարժ գույքերի նկատմամբ գործարքների կատարման սահմանափակումը բխում է քրեադատավարական օրենքից և հետապնդում է օրենքով նախատեսված իրավաչափ նպատակներ, սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածով նախատեսված իրեղեն ապացույցները պահպանության հանձնելուն վերաբերող կանոնները, որն իր բնույթով էական է, քանի որ հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով նախատեսված վարույթի հանրայնության սկզբունքի խախտման, որն ազդել է վարույթի ելքի վրա և հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար: 18․ Հաշվի առնելով վերոշարադրյալ հետևությունները՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը, արձանագրելով տվյալ դեպքում սեփականության իրավունքի սահմանափակման ոչ իրավաչափ բնույթը և պարտավորեցնելով վարույթի հանրային մասնակցին վերացնել իրեղեն ապացույց ճանաչված հողամասերի վրա փաստացի դրված արգելադրումը, սույն վարույթով կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ուստի, անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 20-ի որոշմանը: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Թիվ ԵԴ/0852/11/22 դատական վարույթով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի փետրվարի 16-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2022 թվականի դեկտեմբերի 20-ի որոշմանը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու պահից:
Նախագահող` Դ․ՎԵՔԻԼՅԱՆ
Դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆ
Ս.ՉԻՉՈՅԱՆ
Ծանոթագրություններ
[1] Տե΄ս վարույթի նյութեր, հատոր 2-րդ, թերթ 75։
[2] Տե΄ս վարույթի նյութեր, հատոր 2-րդ, թերթ 82-83:
[3] Տե΄ս վարույթի նյութեր, հատոր 2-րդ, թերթ 141-143։
[4] Տե՛ս, ի թիվս այլնի, Beyeler v. Italy գործով Մեծ պալատի 2000 թվականի հունվարի 5-ի վճիռ, գանգատ թիվ 33202/96, կետ 107, J.A. Pye (Oxford) Ltd and J.A. Pye (Oxford) Land Ltd v. the United Kingdom գործով Մեծ պալատի 2007 թվականի օգոստոսի 30-ի վճիռ, գանգատ 44302/02, կետ 75։ [5] Տե՛ս Borzhonov v. Russia գործով 2009 թվականի հունվարի 22-ի վճիռը, գանգատ թիվ 18274/04, կետ 59-60։ [6] Տե՛ս Արթուր Հայրապետյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԵՇԴ/0001/11/10 որոշման 19-րդ կետը։ [7] Տե՛ս Արամ Մկրտչյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԵԿԴ/0326/01/09 որոշման 20-րդ կետը։ [8] Տե՛ս Լևոն Զաքոյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ ԵԿԴ/0255/11/15 որոշման 18-րդ կետը։ [9] Տե՛ս, ի թիվս այլնի, Վճռաբեկ դատարանի՝ Արթուր Անդրեասյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0200/01/13 և Սամվել Մայրապետյանի գործով 2019 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԵԴ/0587/11/18 որոշումները։ [10] Տե՛ս Լևոն Զաքոյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ ԵԿԴ/0255/11/15 որոշումը։ [11] Տե´ս սույն որոշման 7-րդ կետը։
[12] Տե´ս սույն որոշման 8-րդ կետը։
[13] Տե´ս սույն որոշման 9-րդ կետը։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 29 ապրիլի, 2026 թ.
- Գործի #:
- ԵԴ/0852/11/22
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
