Գրիգորյան — ՀԿԴ/0009/15/23
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 60. Սեփականության իրավունքը · Հոդված 131. Գույքի արգելադրման նպատակը և հիմքերը · Հոդված 132. Արգելադրման ենթակա գույքըԱմփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2021 թվականի մարտի 10-ին ՀՇ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՇՇ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՇ քրեական օրենսգիրք) 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է թիվ 61201521 քրեական գործը ն նախաքննության կատարման նպատակով ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե: 2022 թվականի մարտի 29-ին Է.Գրիգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀՇ քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 3-րդ մասով ն 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետո
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանի որոշում Նախագահող դատավոր` Տ ․ Դավթյան ՀԿԴ / 0009 / 15 / 23 Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Նախագահող դատավոր՝ Մ ․ Մակյան 2024 թվականի մայիսի 23-ին քաղաք Երևանում
ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև` Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` մասնակցությամբ դատավորներ` Ա. կ րկյաշարյան ի Ե. Դ ԱՆԻԵԼՅԱՆԻ ս. չ ԻՉՈՅԱՆի Դ. Վ եքիլ յանի
գրավոր ընթացակարգով քննության առնելով
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 202 3 թվականի մարտի 9 - ի որոշման դեմ թիվ 61201521 քրեական վարույթով մեղադրյալ Էմիլ Գրիգորյանի պաշտպան Ա ․ Թևանյանի վճռաբեկ բողոքը ,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը . 1 . 2021 թվականի մարտի 10-ին ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է թիվ 61201521 քրեական գործը և նախաքննության կատարման նպատակով ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե։ 2022 թվականի մարտի 29-ին Է ․ Գրիգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 3-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ 2022 թվականի մայիսի 31–ին Է ․ Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 3-րդ մասով։ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Ռ ․ Թունիյանի (այսուհետ նաև՝ Նախաքննության մարմին) 2023 թվականի հունվարի 25-ի «Գույքի արգելադրման մասին» որոշմամբ 1 . 092 . 593 . 543 ՀՀ դրամի չափով արգելանք է դրվել «Երևանի ոսկերչական գործարան-1» «Գնոմոն» ԲԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Արշակունյաց պողոտայի 12 հասցեի 01-006-0307-0067 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի վրա։ 2 . Նախաքննության մարմինը 2023 թվականի հունվարի 26-ին միջնորդություն է ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) 2023 թվականի հունվարի 25-ի՝ «Գույքի արգելադրման մասին» որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ։
3. Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի փետրվարի 10-ի որոշմամբ Նախաքննության մարմնի վերոնշյալ միջնորդությունը բավարարվել է և «Գույքի արգելադրման մասին» 2023 թվականի հունվարի 25-ի որոշման իրավաչափությունը հաստատվել: 4 . Առաջին ատյանի դատարանի վերոհիշյալ որոշման դեմ մեղադրյալ Է ․ Գրիգորյանի պաշտպան Ա ․ Թևանյանի հատուկ վերանայման բողոքը Վերաքննիչ դատարանի 2023 թվականի մարտի 9-ի որոշմամբ մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի փետրվարի 10-ի որոշումը՝ թողնվել անփոփոխ։ 5 . Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ մեղադրյալ Է ․ Գրիգորյանի պաշտպան Ա ․ Թևանյանը բերել է հատուկ վերանայման բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2023 թվականի ապրիլի 6-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ 5 ․ 1 ․ Դատավարության մասնակիցների կողմից հատուկ վերանայման բողոքի պատասխան չի ներկայացվել։ Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, դրանք հիմնավորող փաստարկները և պահանջը. Հատուկ վերանայման բողոքը քննվում է հետևալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
6. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, նյութական և քրեադատավարական օրենքի էական խախտումներ, ինչպես նաև առկա են բողոքարկվող դատական ակտը ոչ իրավաչափ դարձնող փաստական և իրավական հանգամանքներ։ Բողոքաբերը փաստարկել է նաև, որ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի միատեսակ կիրառության համար, քանի որ բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր: Բացի այդ, բողոքաբերը գտել է, որ առերևույթ լուրջ դատական սխալ թույլ տալու հետևանքով Վերաքննիչ դատարանի կայացված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը։ 6 . 1 . Բողոքաբերը, մասնավորապես, գտել է, որ «Երևանի ոսկերչական գործարան-1» «Գնոմոն» ԲԲ ընկերությունը օրենքի պահանջներին հակառակ դարձվել է ոչ միայն պատասխանատու իր բաժնետիրոջ պարտավորությունների համար, այլև անտեսվել և խախտվել են ընկերության 1400 բաժնետերերի իրավունքները միայն այն պատճառաբանությամբ, որ ընկերության բաժնետերերից մեկը՝ Է ․ Գրիգորյանը, վարույթն իրականացնող մարմնի կողմից կասկածվում է ենթադրյալ հանցագործության կատարման մեջ։ Վերաքննիչ դատարանն անտեսել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 60-րդ, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածների կարգավորումները, ինչպես նաև այն հանգամանքը, որ Է ․ Գրիգորյանի անվամբ գույք առկա չէ, իսկ արգելադրված գույքը հանդիսանում է ԲԲ ընկերության գույքը, որից Է ․ Գրիգորյանի մասն առանձնացված չէ։ 6 . 2 . Բողոքաբերի պնդմամբ՝ մեղադրյալի մահացած լինելու պարագայում չի կարող լինել մեղադրական դատավճիռ, հետևաբար դատարանի որոշմամբ չի կարող բռնագրավվել մահացածի գույքը, առավել ևս հանցագործությամբ պատճառված վնասի համար ծագած պարտավորությունները չեն կարող մտնել ժառանգության ծավալի մեջ, և այդ պայմաններում մահացածի գույքի վրա կալանք դնելը իրավաչափ համարվել չի կարող: 6 . 3 . Վերոգրյալից բացի, բողոքաբերը նշել է, որ քրեական վարույթով մի քանի անձանց մեղադրանք առաջադրված լինելու պայմաններում, Նախաքննության մարմնի կողմից արգելադրվել է միայն «Երևանի ոսկերչական գործարան-1» «Գնոմոն» ԲԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Արշակունյաց պողոտայի 12 հասցեի 01-006-0307-0067 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը, մինչդեռ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է եղել գույքն արգելադրելիս հաշվի առնել ենթադրյալ հանցագործությանը մեղադրյալներից յուրաքանչյուրի դերը և մասնակցության աստիճանը:
7. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 2023 թվականի մարտի 9-ի որոշումը՝ կայացնելով դրան փոխարինող դատական ակտ՝ մերժելով Նախաքննության մարմնի միջնորդությունը։ Հատուկ վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը ․ 8 ․ Նախաքննության մարմնի 2023 թվականի հունվարի 25-ի՝ «Գույքի արգելադրման մասին» որոշման համաձայն՝ « (…) ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է թիվ 61201521 քրեական գործն այն բանի համար, որ «Երևան ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմանքի հետևանքով պետական բաժնեմասով ընկերությունը ոչ միայն զրկվել է 1.092.593.543 ՀՀ դրամ պարտքը «Երևան ոսկերչական գործարան» «Գնոմոն» ԲԲ ընկերությունից ստանալու հնարավորությունից, այլև՝ ծանրաբեռնվել է նաև շուրջ 56.000.000 ՀՀ դրամ պետական տուրք վճարելու պարտավորությամբ: Կատարված նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31–ի թիվ 907 որոշմամբ «Երևան ոսկերչական գործարան» ՓԲ ընկերությունն առանձնացված ձևով վերակազմակերպվել է՝ «Երևան ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության և «Երևան ոսկերչական գործարան-1» ԲԲ ընկերության։ «Երևան ոսկերչական գործարան-1» ԲԲ ընկերության մասնավորեցումը իրականացվել է նոր բաժնետոմսերի թողարկման միջոցով, որոնք տեղաբաշխվել են «Գնոմոն» և «Ջանի Լազարո» ԲԲ ընկերությունների միջև: ( ․․․ ) Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է, որ Ընկերության նկատմամբ «Գնոմոնի» դեբիտորական պարտքը 2010 թվականի հուլիսի 1–ի դրությամբ կազմել է 2.465.984.000 ՀՀ դրամ, որը գոյացել է Ընկերությունների միջև երկարատև առևտրատնտեսական համագործակցության արդյունքում, ինչն էլ Ընկերությունները յուրաքանչյուր տարի արձանագրում էին միմյանց միջև ստորագրվող «Փոխադարձ հաշվարկների ստուգման» ակտ-համաձայնագրերով: (․․․) 2015 թվականի դեկտեմբերի 16-ին կայացած տնօրենների խորհրդի նիստում հանձնարարվել է Ընկերությունում անցկացնել ուսումնասիրություն, որի արդյունքում արձանագրվել է, որ «Գնոմոն» ընկերության դեպիտորական պարտքն Ընկերությանը 2015 թվականի դեկտեմբերի 31–ի դրությամբ կազմել է 1.522.691.840 ՀՀ դրամ: «Գնոմոն» ընկերության կողմից վերը նշված պարտավորությունը ոչ միայն ընդունվել է, այլ նաև մշտապես արտացոլված է եղել հաշվապահական հաշվեկշռում և ժամանակի ընթացքում որպես «պարտքի մարում» մասնակիորեն մարվել է և վերջնական պարտքը կազմել է 1.092.593.543 ՀՀ դրամ: (․․․) Նախաքննության ընթացքում Էմիլ Գուրգենի Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 3-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: (․․․) 2022 թվականի մայիսի 31–ին որոշում է կայացվել Էմիլ Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու մասին և նրան մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 3-րդ մասով այն հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար, որ նա, 2001 թվականից զբաղեցնելով «Երևանի ոսկերչական գործարան-1» «Գնոմոն» ԲԲ ընկերության տնօրենի պաշտոնը, միաժամանակ հանդիսանալով «Երևան ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության բաժնետեր, խորհրդի անդամ, ունենալով հեղինակություն և ազդեցություն «Երևան ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության աշխատակիցների նկատմամբ, «Երևանի ոսկերչական գործարան-1» «Գնոմոն» ԲԲ ընկերության և «Երևան ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության միջև կնքված պայմանագրի արդյունքում «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության նկատմամբ ձևավորված 1.092.593.543 ՀՀ դրամ դեբիտորական պարտքը չվճարելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության նախկին տնօրեն Գագիկ Վլադիմիրի Կաֆյանի հետ, վերջինի կողմից «Բաց բաժնետիրական ընկերությունների» մասին ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջների խախտմամբ՝ 2012-2016 թվականներն ընկած ժամանակահատվածում, «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության մասնակցող բաժնետերերի կողմից անցկացվող խորհրդի նիստի դրական կարծիքի բացակայության և միանձնյա խոշոր գործարք կնքելու իրավասություն չունենալու պայմաններում, դրդել է Գագիկ Կաֆյանին՝ փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ-համաձայնագրեր կնքելու եղանակով «Բաց բաժնետիրական ընկերությունների» մասին ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով նախատեսված իր լիազորություններն ակնհայտ անցնելուն, ինչի հետևանքով անհիմն երկարաձգվել է «Երևանի ոսկերչական գործարան-1» «Գնոմոն» ԲԲ ընկերության ունեցած 1.092.593.543 ՀՀ դրամի պարտավորությունների վճարման ժամկետները, իսկ այնուհետև՝ ՀՀ օրենսդրությամբ այն հետ վերադարձնելուն ուղղված գործընթացը, վերջինի գիտակցության և կամքի վրա ներազդեցության միջոցով նրա մոտ առաջացրել է հանցանք կատարելու դիտավորություն և վճռականություն: (․․․) ՀՀ կադաստրի կոմիտեից ստացվել և քրեական վարույթին կցվել է «Երևան ոսկերչական գործարան-1» «Գնոմոն» ԲԲ ընկերությանը պատկանող անշարժ գույքի միավորի վերաբերյալ պահանջվող տեղեկությունը, համաձայն որի՝ Ընկերությանը պատկանող Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 12 հասցեի 01-006-0307-0067 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 1.289.940.063 ՀՀ դրամ: Այսպիսով՝ քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Երևան ոսկերչական գործարան-1» «Գնոմոն» ԲԲ ընկերությունը չի վերականգնել առերևույթ հանցագործությամբ «Երևան ոսկերչական գործարան» ԲԲ ընկերությանը պատճառված վնասը, որը կազմում է 1.092.593.543 ՀՀ դրամ և նման պայմաններում առկա է ողջամիտ ենթադրություն այն մասին, որ մինչև դատարանի կողմից վերջնական դատական ակտի կայացումը վերջինի կողմից տնօրինվող գույքը կարող է օտարվել և նման պայմաններում ենթադրյալ հանցագործությամբ պատճառված հնարավոր վնասի, վարութային հնարավոր ծախսերի հատուցումն ապահովելու համար անհրաժեշտ է արգելանք դնել «Երևան ոսկերչական գործարան-1» «Գնոմոն» ԲԲ ընկերության պատկանող Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 12 հասցեի 01-006-0307-0067 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի վրա: Հատկանշական է այն հանգամանքը, որ սույն քրեական վարույթով նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ վարույթով մեղադրյալ ներգրավված Էմիլ Գրիգորյանը մահացել է, ինչի արդյունքում «Երևանի ոսկերչական գործարան-1» «Գնոմոն» ԲԲ ընկերության ներկայիս բաժնետոմսերը, հետևաբար նաև նշված ԲԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը կարող է օտարվել այլ անձի, ինչի արդյունքում սույն քրեական վարույթով քննության առարկա հանդիսացող առերևույթ հանցագործությամբ պատճառված առանձնապես խոշոր չափերի վնասը այլ կերպ վերականգնելը կարող է հետագայում անհնարին դառնալ: Ինչ վերաբերում է արգելադրման ենթակա Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 12-րդ հասցեի 01-006-0307-0067 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին, ապա դա օտարելու, սպառելու վարույթն իրականացնող մարմնի կասկածը հիմնավորվում է այն փաստով, որ քննարկվող առերևույթ հանցագործությամբ պատճառված ընդհանուր 1.092.593.543 ՀՀ դրամը «Երևան ոսկերչական գործարան»» ԲԲ ընկերությանը վերադարձնելու նպատակով կայացած քաղաքացիական գործերով «Երևան ոսկերչական գործարան-1» «Գնոմոն» ԲԲ ընկերությունը հրաժարվել է այդ գումարը վերադարձնելուց, իսկ սույն քրեական վարույթով մեղադրյալ Էմիլ Գրիգորյանը առերևույթ հանցագործությամբ պատճառված վնասը հատուցելու համար անհրաժեշտ և բավարարող արժեքով այլ անշարժ կամ շարժական գույք որպես ֆիզիկական անձ չունի: Հետևաբար վարույթն իրականացնող մարմինն իրավաչափ է համարում վերոնշյալ անշարժ գույքի վրա արգելանքի կիրառումը՝ մինչև դատարանի կողմից վերջնական դատական ակտի կայացումը ենթադրյալ հանցագործությամբ պատճառված հնարավոր վնասի, վարութային հնարավոր ծախսերի հատուցումն ապահովելու համար (…)» 1 ։ 9 ․ Առաջին ատյանի դատարանի 2022 թվականի հոկտեմբերի 27-ի որոշման համաձայն՝ «(…) Դատարանն արձանագրում է, որ գույքն արգելադրելու մասին քննիչի՝ 2023 թվականի հունվարի 25-ի որոշմամբ 1 ․ 092 ․ 593 ․ 543 ՀՀ դրամի չափով արգելանք է դրվել «Երևան ոսկերչական գործարան -1 » «Գնոմոն» ԲԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Արշակունյա ց պողոտայի 12-րդ հասցեի 01-006-0307-0067 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի վրա: Դատարանը փաստում է, որ ըստ վարույթի շրջանակում ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալից ստացված թիվ ԱՊ/5649-2022 գրության՝ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 12-րդ հասցեի 01-006-0307-0067 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 1.289.940.063 ՀՀ դրամ։ Վերոգրյալից ստացվում է, որ հիշյալ ընկերությունն ունի նման գույք, որի արժեքն ավելի բարձր է, իսկ քննիչն իր որոշմամբ արգելանք է դրել ենթադրյալ հանցագործությամբ պատճառված հնարավոր վնասի չափով, այն է՝ 1 ․ 092 ․ 593 ․ 543 ՀՀ դրամ։ 2023 թվականի հունվարի 25-ի՝ գույքն արգելադրելու վերաբերյալ որոշման ուսումնասիրության արդյունքում Դատարանն արձանագրում է, որ դրանում, որպես գույքի արգելադրման նպատակ է նշվել ենթադրյալ հանցագործությամբ պատճառված հնարավոր վնասի և վարութային հնարավոր ծախսերի հատուցման ապահովումը, իսկ որպես հիմք՝ այն, որ առկա է ողջամիտ ենթադրություն այն մասին, որ այդ գույքը կարող է օտարվել։ Նկատի ունենալով, որ առկա է ենթադրյալ հանցագործությամբ պատճառված հնարավոր վնաս, այն է՝ 1 ․ 092 ․ 593 ․ 543 ՀՀ դրամ , ինչպես նաև Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 12- րդ հասցեի 01-006-0307-0067 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 1.289.940.063 ՀՀ դրամ , հ աշվի առնելով մեղսագրվող արարքների բնույթը, կատարման ենթադրյալ եղանակները, պատճառված վնասի չափերը, վերոգրյալ իրավանորմերի, ինչպես նաև վկայակոչված նախադեպային որոշումների լույսի ներքո արձանագրում է, որ գույքի արգելադրման նպատակներից ենթադրյալ հանցագործությամբ պատճառված հնարավոր վնասի հատուցումն ապահովելը, ինչպես նաև հիմքը՝ գույքն օտարելը, առկա է։ Միևնույն ժամանակ, հարկ է նկատել, որ հնարավոր դատական ծախսերի վերաբերյալ տեղեկություններ Դատարանին չեն ներկայացվել, ուստի նշված նպատակը տվյալ դեպքում բացակայում է: Վերոգրյալի համատեքստում Դատարանն արձանագրում է, որ 2023 թվականի հունվարի 25-ի՝ գույքն արգելադրելու վերաբերյալ որոշումն իրավաչափ է և կայացվել է Օրենսգրքի 131-133-րդ հոդվածներով նախատեսված պահանջների պահպանմամբ, ուստի քննիչի միջնորդությունը հիմնավոր է և ենթակա է բավարարման։ Ինչ վերաբերում է պաշտպանի կողմից բարձրացված հարցերին առ այն, որ գործով երկու մեղադրյալների դեպքում էական նշանակություն ունի հավասար մասերով արգելանք դնելը վերջիններին պատկանող գույքերի վրա, սակայն քննիչը արգելանք է դրել միայն իր պաշտպանյալին պատկանող գույքի վրա, ինչպես նաև ընկերությունը պատասխանատու չէ իր բաժնետերերի պարտավորությունների համար, ապա Դատարանը գտնում է, որ այդ հարցերը հնարավոր է ողջամիտ են, սակայն դրանց մինչդատական վարույթի դատական երաշխիքների շրջանակներում լիարժեք ու հաստատական պատասխաններ տալ հնարավոր չէ։ Այն կարող է պատշաճ ու լիարժեք գնահատման ենթարկվել վարույթի հետագա փուլերում, իսկ ներկայում Դատարանը կարող է ստուգել բացառապես քննիչի կայացրած որոշման իրավաչափությունը։ Սույն ընթացակարգի շրջանակներում Դատարանն արդեն իսկ արձանագրել է, որ քննիչի կայացրած որոշումը համապատասխանում է Օրենսգրքի դրույթներին, իսկ ներկայացված նյութերը, առերևույթ, վկայում են այդ որոշման կայացման անհրաժեշտության մասին (…)» 2 ։ 10 ․ Վերաքննիչ դատարա նը՝ Առաջին ատյանի դատարանի որոշումն անփոփոխ թողնելու մասին 2023 թվականի մարտի 9-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը ․ «(…) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ինչպես իրավացիորեն արձանագրել է Առաջին ատյանի դատարանը, միջնորդությանը կից ներկայացված նյութերի ուսումնասիրությունը բացառապես վկայում է այն մասին, որ սույն դեպքով առկա է ենթադրյալ հանցագործությամբ պատճառված հնարավոր վնաս, այն է՝ 1.092.593.543 ՀՀ դրամ և այս համատեքստում Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Առաջին ատյանի դատարանի այն հետևությանը, որ գույքի արգելադրման նպատակներից ենթադրյալ հանցագործությամբ պատճառված հնարավոր վնասի հատուցումն ապահովելը, ինչպես նաև հիմքը՝ գույքի հնարավոր օտարումը կանխելը, առկա է: Միաժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ քննիչի կողմից ինչպես միջնորդությամբ, այնպես էլ դրան կից նյութերով չեն ներկայացվել փաստական տվյալներ հնարավոր դատական ծախսերի վերաբերյալ, ուստի առաջին ատյանի դատարանն այս առումով հանգել է ճիշտ հետևության առ այն, որ նշված նպատակը տվյալ դեպքում բացակայում է: Հատկանշական է, որ 21.12.2022թ.-ին և 05.01.2023թ.-ին քննիչի կողմից նույն գործով ներկայացված՝ գույքի արգելադրման մասին որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ միջնորդությունների քննարկման ժամանակ պաշտպանն առարկել է դրանց դեմ, նշելով, որ միայն Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 12 հասցեի՝ 01-006-0307-0067 կադաստարային ծածկագրով անշարժ գույքի արժեքը գերազանցում է ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասը, և վարույթն իրականացնող մարմինը այդ գույքի նկատմամբ արգելանք կիրառելով, կարող է ապահովել ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասի հատուցումը, ուստի, առարկել է այլ գույքերի նկատմամբ արգելադրում կիրառելու վերաբերյալ: Այսինքն, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ նախորդ 2 միջնորդությունների քննարկման արդյունքում պաշտպանն իր համաձայնությունն է հայտնել, որպեսզի արգելադրվի բացառապես Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 12 հասցեի՝ 01-006-0307-0067 կադաստարային ծածկագրով անշարժ գույք, ինչպես և տեղի է ունեցել սույն դեպքում, մինչդեռ, ներկայումս վերջինս իր անհամաձայնությունն է հայտնում հենց այդ նույն գույքի վրա կալանք դնելու վերաբերյալ։ Ինչ վերաբերում է պաշտպանի մատնանշած այն հանգամանքին, որ մեղադրյալ Էմիլ Գրիգորյանը մահացել է, ապա դատարան արձանագրում է, որ քննիչի կողմից ներկայացրած՝ գույքի արգելադրման իրավաչափությունը հաստատելու մասին 3 միջնորդությունների քննության ժամանակահատվածում վերջինիս արդեն իսկ մահացած է եղել և պաշտպանը նախաքննական մարմնին իր պաշտպանյալի մասով քրեական գործի վարույթը կարճելու միջնորդությամբ չի դիմել /եթե անգամ նման միջնորդություն առկա է, ապա դատարանն այդ մասին տեղեկություն չունի՝ ո՛չ քննիչի և ո՛չ էլ պաշտպանի կողմից այդ մասով համապատասխան փաստաթղթեր Վերաքննիչ դատարան չեն ներկայացվել/: Ավելին, սույն բողոքը չի վերաբերում վարույթն իրականացնող նախաքննական մարմնի կողմից վարույթը բացառող հանգամանքները քննության չառնելուն կամ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը մերժելուն, հետևաբար, Վերաքննիչ դատարանը որպես ելակետային փաստական տվյալներ ունի հարուցված քրեական գործ, նշված գործով ներգրավված մեղադրյալներ, ենթադրյալ հանցագործությամբ պատճառված հնարավոր վնաս և այդ հնարավոր վնասի հատուցման համար գրավադրվող գույք: Անդրադառնալով ներկայացված հատուկ վերանայման բողոքի փաստարկներին առ այն, որ վարույթն իրականացնող մարմինը ընդհանրապես ուշադրություն չի դարձրել, իսկ դատարանն էլ անտեսել է այն հանգամանքը, որ մեղադրյալը մահացել է 6 ամիս առաջ, որից հետո այդ հիմքով քրեական գործի կարճման հարցը չի էլ քննարկվել ու կա Էմիլ Գրիգորյանի գույքի ժառանգ, ով ոչ մի կերպ պատասխանատու չի կարող համարվել Էմիլ Գրիգորյանի կողմից ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասի համար, ապա, դատարանը ևս մեկ անգամ ցանկանում է ընդգծել, որ սույն հատուկ վերանայման բողոքի շրջանակներում քննարկվում է քննիչի կողմից ներկայացված՝ գույքի արգելադրոմը հաստատելու մասին որոշման իրավաչափության հարցը, այլ ոչ թե՝ քրեական գործը կարճելու կամ հակառակը: Նույնը նաև առգրավված ոսկյա զարդերը որպես իրեղեն ապացույց ճանաչելու մասով։ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ դրանք որպես իրեղեն ապացույց ճանաչելու իրավաչափության հարցը դուրս է սույն բողոքի սահմաններից և այն կարող է վիճարկվել վարութային այլ գործիքակազմով։ Ինչպես նշվեց վերևում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «5. Եթե մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը մեղադրյալը մահացել է, ապա նրա ժառանգները պատասխանատու չեն վարութային ծախսերի հետ կապված նրա պարտավորությունների համար»: Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ օրենսգրքի հիշյալ հիմքով մահացած մեղադրյալի ժառանգները պատասխանատու չեն միայն վարութային ծախսերի հետ կապված նրա պարտավորությունների համար, իսկ ենթադրյալ հանցագործությամբ պատճառված գույքային վնասի վերաբերյալ օրենքը որևէ բացառություն չի սահմանում: Վերաքննիչ դատարանը փաստում է, որ գույքի արգելադրման իրավաչափության դատական ստուգման շրջանակներում այս կամ այն պատժատեսակի կամ քրեաիրավական ներգործության միջոցի կիրառման հնարավորության գնահատումն ունի բացառապես կանխատեսական բնույթ և դատարանը տվյալ փուլում պետք է զերծ մնա նշված հարկադրանքի միջոցների կիրառման և/կամ չկիրառման հնարավորության վերաբերյալ կատեգորիկ դատողությունների կատարումից: Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ քրեական դատավարության փուլային տարանջատումն ինքնանպատակ չէ և չի կրում մեխանիկական բնույթ, այդ փուլերից յուրաքանչյուրն օժտված է ինքնատիպ խնդիրներով և դրանց հասնելու համար օգտագործում է քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված կոնկրետ մեխանիզմներ, որոնք ևս այդ փուլերից յուրաքանչյուրի համար առանձնահատուկ են, հետևաբար՝ դատարանի դերը յուրաքանչյուր փուլում տարբեր է: Ինչ վերաբերում է հատուկ վերանայման բողոքից բխող մյուս փաստարկներին ու դատողություններին, ապա հարկ է արձանագրել, որ սույն որոշմամբ վերը շարադրված իրավական դիրքորոշումները, վերլուծություններն ու դատողություններն իրենց համակցության մեջ արդեն իսկ ամբողջությամբ ներառում են դրանց վերաբերյալ Վերաքննիչ դատարանի մոտեցումներն ու բարձրացված հարցերի պատասխաններն, ուստի, լրացուցիչ առանձին-առանձին անդրադառնալու անհրաժեշտությունը բացակայում է: (…) Վերոշարադրյալի հիման վրա պետք է փաստել, որ հիմնավորված են ՀՀ հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 10-ի թիվ ՀԿԴ/0009/15/23 որոշմամբ արտահայտված հետևությունները, Առաջին ատյանի դատարանը հանգել է ներկայացված նյութերից բխող հիմնավոր եզրահանգման և թույլ չի տվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել անհիմն դատական ակտ կայացնելուն, ուստի նման պարագայում հատուկ վերանայման բողոքի հիմնավորումներն ի զորու չեն չեզոքացնելու Առաջին ատյանի դատարանի իրավաչափ հետևությունները (…)» 3 : Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը ․ 11 ․ Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք գույքի արգելադրման մասին Նախաքննության մարմնի որոշման իրավաչափությունը հաստատելու մասին ստորադաս դատարանների հետևությունները։ 12 ․ ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը» ։ ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք: (…) 3. Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով (…)»։ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք։ Ոչ ոքի չի կարելի զրկել նրան գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով։ Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության՝ այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար»: 12.1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Borzhonov v. Russia գործով կայացված վճռում մեկնաբանելով Եվրոպական կոնվենցիայի Արձանագրության 1-ին հոդվածի դրույթները, նշել է, որ պետք է լինի ողջամիտ հավասարակշռություն պետության կողմից կիրառվող, այդ թվում՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը վերահսկելու հետ կապված միջոցների և այդ միջոցների կիրառման արդյունքում ակնկալվող նպատակների միջև։ Այս պահանջն արտահայտվում է «արդարացի հավասարակշռություն» ձևակերպմամբ, որը պետք է առկա լինի հասարակության ընդհանուր շահի պահանջների և անհատի հիմնարար իրավունքների պաշտպանության միջև։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդգծել է, որ մեղադրյալի գույքի վրա կալանք դնելն ինքնին ենթակա չէ քննադատության` հաշվի առնելով, մասնավորապես, Եվրոպական կոնվենցիայի Արձանագրության 1-ին հոդվածի երկրորդ պարբերությունը, սակայն պետք է հաշվի առնել սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքից օգտվելու սահմանափակմամբ անձի վրա չափազանց ծանր բեռ դնելու ռիսկը և, հետևաբար, պետք է ապահովել համապատասխան դատավարական երաշխիքներ՝ համոզվելու համար, որ անձի սեփականության իրավունքի վրա առկա ազդեցությունը կամայական կամ ոչ կանխատեսելի չէ 4 : ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի համաձայն՝ «1.Գույքի արգելադրումը կիրառվում է ենթադրյալ հանցագործությամբ պատճառված հնարավոր վնասի կամ վարութային հնարավոր ծախսերի հատուցումը, ինչպես նաև գույքի հնարավոր բռնագրավումը կամ բռնագանձումն ապահովելու համար։
2. Գույքը կարող է արգելադրվել հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում ․ 1) ապացույցների գերակշռությամբ հիմնավորվում է, որ այդ գույքն ուղղակի կամ անուղղակի առաջացել կամ ստացվել է հանցագործության արդյունքում կամ այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտն է կամ այլ տեսակի օգուտ. 2) ապացույցների գերակշռությամբ հիմնավորվում է, որ այդ գույքը հանցանքի կատարման համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիք է կամ միջոց. 3) ապացույցների գերակշռությամբ հիմնավորվում է, որ այդ գույքը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով նախատեսված ահաբեկչական գործունեությունը ֆինանսավորելուն ուղղված գույք է, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտ կամ այլ տեսակի օգուտ. 4) ապացույցների գերակշռությամբ հիմնավորվում է, որ այդ գույքը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 291-րդ, 292-րդ, 340-րդ կամ 399-րդ հոդվածներով նախատեսված մաքսանենգության ճանապարհով Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխված մաքսանենգության առարկա է. 5) առկա է ողջամիտ ենթադրություն այն մասին, որ այդ գույքը կարող է օտարվել, թաքցվել, վնասվել, ոչնչացվել կամ սպառվել:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով նախատեսված գույքի բացակայության դեպքում կարող է արգելադրվել դրան համարժեք գույք»: Նույն օրենսգրքի 132-րդ հոդվածի համաձայն՝ « 1. Սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով և 3-րդ մասով նախատեսված հիմքերով կարող է արգելադրվել ցանկացած անձի գույքը, իսկ սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով արգելադրվել կարող է մեղադրյալի կամ նրա գործողությունների համար գույքային պատասխանատվություն կրող անձի գույքը, ներառյալ ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքը՝ անկախ գույքի տեսակից և այն տիրապետողից: Ընդհանուր բաժնային սեփականության դեպքում կարող է արգելադրվել միայն համապատասխան բաժինը:
2. Մի քանի մեղադրյալներից կամ նրանց գործողությունների համար գույքային պատասխանատվություն կրող անձանցից յուրաքանչյուրի՝ արգելադրման ենթակա գույքի բաժինը որոշելիս վարույթն իրականացնող մարմինը հաշվի է առնում ենթադրյալ հանցագործությանը մեղադրյալներից յուրաքանչյուրի դերը և մասնակցության աստիճանը:
3. Արգելադրման ենթակա չէ` 1) այն գույքը, որի վրա օրենքի համաձայն չի կարող բռնագանձում կամ բռնագրավում տարածվել. 2) իրեղեն ապացույց ճանաչված գույքը»: Նույն օրենսգրքի 133-րդ հոդվածի համաձայն՝ «1. Նախաքննության ընթացքում գույքն արգելադրվում է քննիչի որոշման հիման վրա: Այդ որոշումը և այն հիմնավորող նյութերը եռօրյա ժամկետում ներկայացվում են իրավասու դատարանի հաստատմանը: Դատական վարույթում գույքն արգելադրվում է դատարանի որոշմամբ:
2. Որոշման մեջ նշվում են արգելադրման ենթակա գույքը, դրա սեփականատերը և տիրապետողը, գույքի գտնվելու վայրը, ինչպես նաև գույքի այն արժեքը, որը բավարար է արգելադրման նպատակն ապահովելու համար (…) 10. Արձանագրության պատճենն ստորագրությամբ հանձնվում է արգելադրված գույքի սեփականատիրոջը կամ տիրապետողին, իսկ նրա բացակայության դեպքում՝ նրա ընտանիքի չափահաս անդամներից որևէ մեկին կամ տեղական ինքնակառավարման համապատասխան մարմնի ներկայացուցչին: Իրավաբանական անձին պատկանող կամ նրա տիրապետության ներքո գտնվող գույքն արգելադրելու դեպքում արձանագրության պատճենն ստորագրությամբ հանձնվում է դրա ներկայացուցչին»: Նույն օրենսգրքի 294-րդ հոդվածի համաձայն՝ «1. Սույն օրենսգրքով սահմանված պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դատարանը քննում է՝ 1) գույքի արգելադրման մասին քննիչի որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ միջնորդությունը (…)»։ Նույն օրենսգրքի 297-րդ հոդվածի համաձայն՝ «Գույքի արգելադրման մասին որոշման իրավաչափությունը հաստատելու միջնորդության քննության արդյունքով դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը ․ 1) միջնորդությունը մերժելու և գույքի արգելադրման մասին քննիչի որոշումը վերացնելու մասին. 2) միջնորդությունը բավարարելու և գույքի արգելադրման մասին քննիչի որոշման իրավաչափությունը հաստատելու մասին (…)»։ 12.2. Վճռաբեկ դատարանը, 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների համատեքստում Ալլա Սեկոյանի վերաբերյալ գործով քննարկելով գույքի վրա կալանք դնելու ինստիտուտի առանձնահատկությունները, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(…) [Կ]անխարգելիչ բնույթ կրող քրեադատավարական հարկադրանքի այս միջոցը (գույքի արգելադրումը) կոչված է սեփականության (կամ այլ գույքային) իրավունքների սահմանափակման միջոցով ապահովելու քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումը, դատական ծախսերը։ [Ի]ր սեփականությունը հանդիսացող գույքն իր հայեցողությամբ տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու՝ անձի սահմանադրական իրավունքը սահմանափակող քրեադատավարական հարկադրանքի այս միջոցի իրավաչափ կիրառման համար վարույթն իրականացնող մարմինն ընդհանուր շահի և անհատի` իր գույքից անարգել օգտվելու իրավունքի պաշտպանության պահանջների միջև պարտավոր է ապահովել արդարացի հավասարակշռություն։ (…) [Օ]րենսդիրը սահմանել է գույքի վրա կալանք դնելու` որպես քրեադատավարական հարկադրանքի միջոցի իրականացման նպատակները, իրավական հիմքերը, ինչպես նաև այն անձանց շրջանակը, ում սեփականությունը հանդիսացող կամ ում տիրապետության տակ գտնվող գույքի վրա կարող է կալանք դրվել ։ (…) [Գ]ույքի վրա կալանք դնելու հիմքերի առկայության պատշաճ հիմնավորումն առանցքային նշանակություն ունի ինչպես գույքի վրա կալանք դնելու մասին օրինական որոշման կայացման, այնպես էլ հանրային շահի ու անհատի սեփականության իրավունքի պաշտպանության արդարացի հավասարակշռություն ապահովելու տեսանկյունից։ Ուստի, գույքի վրա կալանք դնելիս վարույթն իրականացնող մարմինը, ելնելով գույքի վրա կալանք դնելու նպատակից, պետք է պատճառաբանված կերպով հիմնավորի, որ. 1) տվյալ գործով անձը ներգրավված է որպես կասկածյալ կամ մեղադրյալ, 2) ենթադրաբար կատարված հանցագործությամբ պատճառվել է հատուցման ենթակա վնաս, 3) [Ա]ռկա է հիմնավորված ենթադրություն առ այն, որ գույքը, որի վրա կալանք է դրվում, ստացվել է կասկածյալի կամ մեղադրյալի հանցավոր գործողություն(ներ)ի արդյունքում, 4) գործով ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը, մեղադրյալը կամ այն անձը, ում մոտ գտնվում է կամ ում սեփականությունն է հանդիսանում գույքը, կարող են թաքցնել, փչացնել կամ սպառել այն։ (...) Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գույքը թաքցնելու, փչացնելու կամ սպառելու հավանական վտանգը վարույթն իրականացնող մարմինը պետք է հիմնավորի գործով ձեռք բերված փաստական տվյալ(ներ)ով, հակառակ պարագայում անհարկի կսահմանափակվի իր գույքն անարգել տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու՝ անձի սահմանադրական իրավունքը (…)» 5 : Վճռաբեկ դատարանը Սամվել Մայրապետյանի գործով արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները ․ «(…) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձի սեփականության իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակումը բացառող կարևոր դատավարական երաշխիք է օրենսդրական այն պահանջը, որ վարույթն իրականացնող մարմնի որոշումը՝ անձի գույքի վրա կալանք դնելու վերաբերյալ, պետք է լինի օրինական, հիմնավորված և պատճառաբանված։ Իսկ դա ենթադրում է, որ գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը պետք է կայացվի քրեադատավարական օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ, քրեադատավարական հարկադրանքի այս միջոցի կիրառման անհրաժեշտությունը, այլ կերպ՝ դրա կիրառման հիմքերի և նպատակների առկայությունը հիմնավորող՝ քրեական գործի նյութերից բխող փաստական տվյալների հիման վրա: Գույքի վրա կալանք դնելու մասին որոշման մեջ վարույթն իրականացնող մարմինը, հիմնվելով գործում առկա նյութերի վրա, պարտավոր է հիմնավորել դրա իրավական հիմքերի և նպատակներից որևէ մեկի կամ մի քանիսի առկայությունը՝ չսահմանափակվելով միայն գույքի վրա կալանք դնելը կարգավորող օրենսդրական ձևակերպումների շարադրանքով: Միայն վերոնշյալ չափանիշների պահպանման դեպքում է հնարավոր ապահովել հասարակության ընդհանուր շահի և անհատի սեփականության (կամ այլ գույքային) իրավունքի պաշտպանության պահանջների միջև արդարացի հավասարակշռությունը։ (…)» 6 ։ 12.3. Սույն որոշմամբ մեջբերված իրավանորմերի և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, պայմանավորված գույքի արգելադրման հիմքերով, սահմանել է այն անձանց շրջանակը, ում սեփականությունը հանդիսացող կամ ում տիրապետության տակ գտնվող գույքի վրա կարող է արգելանք դրվել։ Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ նույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով և 3-րդ մասով նախատեսված հիմքերով կարող է արգելադրվել ցանկացած անձի գույքը, իսկ 131-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով, այն է՝ առկա է ողջամիտ ենթադրություն այն մասին, որ այդ գույքը կարող է օտարվել, թաքցվել, վնասվել, ոչնչացվել կամ սպառվել, արգելադրվել կարող է միայն մեղադրյալի կամ նրա գործողությունների համար գույքային պատասխանատվություն կրող անձի գույքը, ներառյալ ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքը՝ անկախ գույքի տեսակից և այն տիրապետողից: Ընդհանուր բաժնային սեփականության դեպքում կարող է արգելադրվել միայն համապատասխան բաժինը: 13 ․ Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝ - Նախաքննության մարմինը որոշում է կայացրել «Երևանի ոսկերչական գործարան-1» «Գնոմոն» ԲԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 12 հասեցում գտնվող 01-006-0307-0067 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը 1 ․ 092 ․ 593 ․ 543 ՀՀ դրամի չափով ենթադրյալ հանցագործությամբ պատճառված հնարավոր վնասի, վարութային հնարավոր ծախսերի հատուցումն ապահովելու նպատակով արգելադրելու մասին՝ այն պատճառաբանությամբ, որ նշված ընկերությունը չի վերականգնել առերևույթ հանցագործությամբ պատճառված վնասը, իսկ սույն քրեական վարույթով մեղադրյալ Է ․ Գրիգորյանը առերևույթ հանցագործությամբ պատճառված վնասը հատուցելու համար անհրաժեշտ և բավարար արժեքով այլ անշարժ կամ շարժական գույք որպես ֆիզիկական անձ չունի 7 ։ - Առաջին ատյանի դատարանը «Գույքի արգելադրման մասին» Նախաքննության մարմնի որոշման իրավաչափությունը հաստատել է ՝ պատճառաբանելով, որ գույքի արգելադրման նպատակներից ենթադրյալ հանցագործությամբ պատճառված հնարավոր վնասի հատուցումն ապահովելը, ինչպես նաև հիմքը՝ գույքն օտարելն առկա են, իսկ հնարավոր դատական ծախսերի վերաբերյալ տեղեկություններ Դատարանին չեն ներկայացվել, ուստի նշված նպատակը տվյալ դեպքում բացակայում է։ Անդրադառնալով պաշտպանի մատնանշած այն հարցին, որ գործով առկա են երկու մեղադրյալներ, սակայն քննիչը արգելանք է դրել միայն իր պաշտպանյալին պատկանող գույքի վրա, ինչպես նաև ընկերությունը պատասխանատու չէ իր բաժնետերերի պարտավորությունների համար, Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ այդ հարցերը հնարավոր է ողջամիտ են, սակայն դրանց մինչդատական վարույթի դատական երաշխիքների շրջանակներում լիարժեք ու հաստատական պատասխաններ տալ հնարավոր չէ և այն կարող է պատշաճ ու լիարժեք գնահատման ենթարկվել վարույթի հետագա փուլերում։ 8 - Վերաքննիչ դատարանը, գտնելով, որ Առաջին ատյանի դատարանը հանգել է ներկայացված նյութերից բխող հիմնավոր եզրահանգման, դրանք ամբողջությամբ ընդունելի է համարել և Առաջին ատյանի դատարանի դատական ակտը թողել անփոփոխ 9 ։
14. Սույն որոշմամբ վկայակոչված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը «Գույքի արգելադրման մասին» Նախաքննության մարմնի որոշման իրավաչափությունը հաստատելով, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, պատշաճ գնահատման չեն ենթարկել այն հանգամանքը, որ արգելադրված գույքը՝ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 12 հասցեում գտնվող 01-006-0307-0067 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը, սեփականության իրավունքով պատկանում է ոչ թե քրեական վարույթով մեղադրյալ Է.Գրիգորյանին, այլ «Երևանի ոսկերչական գործարան-1» «Գնոմոն» ԲԲ ընկերությանը։ Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որպես առերևույթ հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման նպատակով գույքային պատասխանատվություն կրող սուբյեկտ Նախաքննության մարմինը նույնացրել է քրեական վարույթով մեղադրյալ Է ․ Գրիգորյանին և նրա կողմից ղեկավարված «Երևանի ոսկերչական գործարան–1» «Գնոմոն» ԲԲ ընկերությանը, և միաժամանակ վարույթի նյութերից բխող փաստական տվյալների բավարար համակցությամբ չի հիմնավորել, որ հիշյալ ընկերությունը հանդիսանում է մեղադրյալի գործողությունների համար գույքային պատասխանատվություն կրող սուբյեկտ։ Մինչդեռ, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի՝ նախաքննության մարմնի կողմից նշված հիմքով կարող է արգելադրվել միայն մեղադրյալի կամ նրա գործողությունների համար գույքային պատասխանատվություն կրող անձի գույքը։ Միաժամանակ հարկ է նշել, որ ընդհանուր բաժնային սեփականության դեպքում կարող է արգելադրվել միայն համապատասխան բաժինը, մինչդեռ սույն դեպքում բացակայում են նման հիմնավորումների համար հիմք ծառայող՝ գործի նյութերից բխող փաստական տվյալները: Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Է ․ Գրիգորյանի՝ «Երևանի ոսկերչական գործարան-1» «Գնոմոն» ԲԲ ընկերության տնօրենը հանդիսանալու և որպես ֆիզիկական անձ վերջինիս անվամբ գույքերի բացակայության հանգամանքով պայմանավորված՝ նշված ընկերության հաշվեկշռում գտնվող գույքի արգելադրումը չի կարող համարվել արդարացված։ 15 . Ամփոփելով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Նախաքննության մարմնի՝ «Երևանի ոսկերչական գործարան-1» «Գնոմոն» ԲԲ ընկերությանը պատկանող Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 12 հասցեի 01-006-0307-0067 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը 1 . 092 . 593 . 543 ՀՀ դրամի չափով արգելադրելու մասին որոշումն իրավաչափ չէ, այն կայացվել է քրեադատավարական օրենքի խախտումներով, հետևաբար նշված արգելանքի կիրառմամբ հնարավոր չէ ապահովել հասարակության ընդհանուր շահի պահանջների և անհատի հիմնարար իրավունքների պաշտպանության միջև արդարացի հավասարակշռություն ։ Ինչ վերաբերում է Առաջին ատյանի դատարանի այն փաստարկին, որ վերոնշյալ հարցին մինչդատական վարույթի դատական երաշխիքների շրջանակներում լիարժեք ու հաստատական պատասխան տալ հնարավոր չէ և այն կարող է պատշաճ ու լիարժեք գնահատման ենթարկվել վարույթի հետագա փուլերում, Վճռաբեկ դատարանը հիմք ընդունելով անձի՝ Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքի հիմնարար նշանակությունը, գտնում է, որ այն ընդունելի համարվել չի կարող։ Վերոգրյալի արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է «Գույքի արգելադրման մասին» Նախաքննության մարմնի 2023 թվականի հունվարի 25-ի որոշման իրավաչափությունը հաստատելու մասին ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն։ 16 . Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանը դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելիս, թույլ են տվել դատական սխալ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-132 -րդ հոդվածների պահանջները մեկնաբանել են սխալ, որը հանգեցրել է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածով նախատեսված՝ սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքի խախտման, ինչն ազդել է վարույթի ելքի վրա, հետևաբար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը ամբողջությամբ բեկանելու և փոխարինող դատական ակտ կայացնելու, այն է՝ « Գույքի արգելադրման մասին» 2023 թվականի հունվարի 25-ի որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Ռ ․ Թունիյանի միջնորդությունը մերժելու և հիշյալ որոշումը վերացնելու համար։ 17 . Ինչ վերաբերում է բողոքաբերի կողմից բարձրացված մյուս փաստարկներին, ապա սույն դեպքում, երբ արդեն իսկ առկա է բողոքարկվող դատական ակտը բեկանելու իրավական հիմքը՝ Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի գտնում անդրադառնալ դրանց։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ, 31-րդ, 33, 34-րդ, 264, 281, 352, 359, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Թիվ ՀԿԴ/0009/15/23 գործով ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 2023 թվականի փետրվարի 10-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 202 3 թվականի մարտի 9 - ի որոշումը ամբողջությամբ բեկանել։
2. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Ռ ․ Թունիյանի միջնորդությունը՝ 2023 թվականի հունվարի 25-ի «Գույքի արգելադրման մասին» որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ, մերժել։
3. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Ռ ․ Թունիյանի՝ 2023 թվականի հունվարի 25-ի՝ «Գույքի արգելադրման մասին» որոշումը վերացնել։
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։ __________________ 1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 121-127: 2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 35-48: 3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 29-47: 4 Տե՛ս Borzhonov v. Russia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2009 թվականի հունվարի 22-ի վճիռը, գանգատ թիվ 18274/04, կետեր 59-60: 5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Ալլա Սեկոյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԿԴ/0185/11/11 որոշումը։ 6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Սամվել Մայրապետյանի գործով 2019 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԵԴ/0587/11/18 որոշումը։ 7 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։ 8 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։ 9 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։ Նախագահող` ա. կ րկյաշարյան Դատավորներ` Ե. Դ ԱՆԻԵԼՅԱՆ ս. չ ԻՉՈՅԱՆ Դ. Վ եքիլ յան Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հոկտեմբերի 2026 թվական:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 23 մայիսի, 2024 թ.
- Գործի #:
- ՀԿԴ/0009/15/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
