Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/Խլոյան — ՀԿԴ2/0029/01/23
ՎճռաբեկԿոռուպցիոն քրեականAI Ինդեքսավորված

Խլոյան — ՀԿԴ2/0029/01/23

Վճռաբեկ դատարանՀԿԴ2/0029/01/2310 մարտի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 9. Քրեական օրենսդրության հետադարձ ուժը
PDF

Ամփոփում

Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2023 թվականի նոյեմբերի 22-ի որոշմամբ մեղադրյալ Ս․Խլոյանի պաշտպան Վ․Համբարձումյանի միջնորդությունը բավարարվել է, և Ս․Խլոյանի նկատմամբ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (երկու դրվագ) և 445-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ) հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, իսկ քրեական վարույթը՝ կարճվե

Ամբողջ Տեքստ

ՀԿԴ2/0029/01/23

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության

հակակոռուպցիոն դատարան,

նախագահող դատավոր՝ Գ․Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,

նախագահող դատավոր՝ Ա․Հովհաննիսյան

դատավորներ՝ Ա․Նահապետյան

Մ․Մակյան

2025 թվականի մարտի 10-ին քաղաք Երևանում

ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Դ․ՎԵՔԻԼՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ

Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆԻ

Ս.ՉԻՉՈՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով Սոֆյա Ֆիրդուսի Խլոյանի վերաբերյալ

ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի փետրվարի 2-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ․Գրիգորյանի վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2023 թվականի նոյեմբերի 22-ի որոշմամբ մեղադրյալ Ս․Խլոյանի պաշտպան Վ․Համբարձումյանի միջնորդությունը բավարարվել է, և Ս․Խլոյանի նկատմամբ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (երկու դրվագ) և 445-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ) հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, իսկ քրեական վարույթը՝ կարճվել։

2. Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշման դեմ Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազ Ս․Խաչատրյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի 2024 թվականի փետրվարի 2-ի որոշմամբ մերժվել է։

3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ․Գրիգորյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի մայիսի 22-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

4. Բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի՝ մեղադրյալ Ս․Խլոյանի նկատմամբ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (երկու դրվագ) և 445-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ) քրեական հետապնդումը վաղեմության ժամկետներն անցած լինելու պատճառաբանությամբ դադարեցնելու և քրեական վարույթը կարճելու մասին որոշումը, ճիշտ չի կիրառել նյութական օրենքը՝ թույլ տալով նյութական իրավունքի այնպիսի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա, ուստի վիճարկվող որոշումը ենթակա է բեկանման։ Բողոքաբերը փաստել է, որ ստորադաս դատարանները կիրառել են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որը սահմանում է միջին ծանրության հանցագործության քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետները, այն դեպքում, երբ մեղադրյալի կողմից կատարված արարքը երբևէ չի համապատասխանել և չէր կարող համապատասխանել ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցագործությանը: Մասնավորապես, ըստ բողոքաբերի՝ ստորադաս դատարանները կիրառել են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի կարգավորումները, այսինքն՝ հիշյալ օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցանքի համար նախատեսվող վաղեմության ժամկետների վերաբերյալ կանոնը, մինչդեռ հաշվի առնելով ՀՀ գործող քրեական օրենսգրքին հետադարձ ուժ տալու հանգամանքը՝ պետք է կիրառվեր ՀՀ գործող քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածով միջին ծանրության հանցագործությունների համար սահմանված վաղեմության ժամկետը, որը տասը տարի է:

5. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը՝ վարույթը փոխանցելով ստորադաս դատարան՝ նոր քննության, կամ կայացնել դրան փոխարինող դատական ակտ։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

6. Մեղադրյալ Ս․Խլոյանի նկատմամբ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (երկու դրվագ) և 445-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ) հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ․ «(…) [Ն]ա, զբաղեցնելով Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի «Էդ. Պողոսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱ կազմակերպության տնօրենի պաշտոնը և հանդիսանալով կազմակերպության անունից հանդես գալու լիազորություն ունեցող, կազմակերպության անունից իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, ունեցած իշխանական լիազորություններն օգտագործելով, իրենը դարձնելու եղանակով, կազմակերպության՝ իրեն վստահված խոշոր չափերով գույքը հափշտակելու մեկ միասնական դիտավորությամբ, նույն համայնքի բնակիչներ, ամուսիններ՝ Լարիսա Արմենակի Թովմասյանի և Նորավանդ Սուրենի Բադեյանի դրդմամբ, նույն կազմակերպությունում 2015 թվականին որպես վառարան վառող հնոցապահներ աշխատանքի է ընդունել Լարիսա Թովմասյանին և Նորավանդ Բադեյանին, նրանց հետ՝ 2015-2018 թվականների ընթացքում յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 1-ից մինչև հաջորդ տարվա ապրիլի 30-ի համար կնքելով աշխատանքային պայմանագրեր: Իսկ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին կնքված պայմանագրերը լուծվել են նույն թվականի նոյեմբերի 1-ին: Վերջիններիս կողմից պայմանագրով նախատեսված ժամանակահատվածներում աշխատանքի չհաճախելու պայմաններում, նրանց բացակայության փոխարեն աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում ներկայությունները հաստատելով պաշտոնական շրջանառության մեջ գտնվող և շրջանառության ենթակա փաստաթղթի բովանդակությունը աղավաղելով, դրանց մեջ մտցրել է կեղծ տեղեկություններ, որ իբրև վերջիններս նշված ժամանակահատվածներում հաճախել են աշխատանքի, ապա հաստատած կեղծ փաստաթղթերը մուտքագրել է միասնական տեղեկատվական համակարգ և այդ կերպ իրենը դարձնելու եղանակով, հափշտակել է նույն կազմակերպությանը պատկանող, Լարիսա Արմենակի Թովմասյանի անվամբ 2015 թվականի համար՝ 262,131 ՀՀ դրամ, 2016 թվականի համար՝ 694,856 ՀՀ դրամ, 2017 թվականի համար՝ 702,261 ՀՀ դրամ, 2018 թվականի համար՝ 545,889 ՀՀ դրամ և Նորավանդ Սուրենի Բադեյանի անվամբ 2015 թվականի համար՝ 262,131 ՀՀ դրամ, 2016 թվականի համար՝ 694,856 ՀՀ դրամ, 2017 թվականի համար՝ 702,261 ՀՀ դրամ, 2018 թվականի համար՝ 545,889 ՀՀ դրամ, դուրս գրված խոշոր չափերի՝ 4.410.274 ՀՀ դրամ գումարը: (…) Բացի այդ, Սոֆյա Ֆիրդուսի Խլոյանը, ունեցած իշխանական լիազորություններն օգտագործելով, մեկ այլ անձինը դարձնելու եղանակով, կազմակերպության՝ իրեն վստահված ընդհանուր խոշոր չափերով՝ 1.015.167 ՀՀ դրամ գույքը հափշտակելու դիտավորությամբ, նույն կազմակերպությունում՝ որպես պահակ, 2013 թվականի սեպտեմբերի 3-ին անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով աշխատող Տարոն Կարենի Կարապետյանի կողմից՝ աշխատանքային օրերին, 2013 թվականին 11 օր, 2014 թվականին 106 օր, 2015 թվականին 72 օր, 2016 թվականին 58 օր և 2017 թվականին 111 օր (ընդհանուրը՝ 358 օր) աշխատանքի չհաճախելու պայմաններում, նրա բացակայության փոխարեն աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում ներկայությունը հաստատելով պաշտոնական շրջանառության մեջ գտնվող և շրջանառության ենթակա փաստաթղթի բովանդակությունը աղավաղել է, դրա մեջ մտցրել է կեղծ տեղեկություն, ապա հաստատած կեղծ փաստաթղթերը մուտքագրել է միասնական տեղեկատվական համակարգ և այդ կերպ Տարոն Կարապետյանինը դարձնելու եղանակով հափշտակել է կազմակերպությանը պատկանող, նրա անվամբ դուրս գրված խոշոր չափի՝ 1.015.167 դրամ գումարը: (…)»[1]:

7. Քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշմամբ արձանագրվել է հետևյալը. «(...) Դատարանն արձանագրում է, որ՝ 1/ Սոֆյա Խլոյանին ներկայացված ենթադրյալ հանցավոր արարքները կատարվել են մինչև 2018 թվականի նոյմեբերի 1–ը, այսինքն 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի գործողության ժամանակ. 2/ Սոֆյա Խլոյանին ներկայացված 2022 թվականի հուլիսի 1-ից գործող ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանքը դասակարգվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների տեսակին. 3/ Սոֆյա Խլոյանին ներկայացված 2022 թվականի հուլիսի 1-ից գործող ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով մեղադրանքը դասակարգվում է միջին ծանրության հանցագործությունների տեսակին. 4/ Սոֆյա Խլոյանին ներկայացված 2022 թվականի հուլիսի 1-ից գործող ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով /երկու դրվագ/ և 445-րդ հոդվածի 1-ին մասով /երկու դրվագ/ ենթադրյալ հանցավոր արարքների համար քրեական պատասխանատվության ենթարկելու, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75–րդ հոդվածով սահմանված, վաղեմության երկու և հինգ տարի ժամկետներն անցել են և վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատված չի եղել. 5/ մեղադրյալ Սոֆյա Խլոյանը չի առարկել, որպեսզի իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, ավելին միացել է իր պաշտպանի կողմից ներկայացված միջնորդությանը. և գտնում է, որ ամբաստանյալ Սոֆյա Խլոյանի նկատմամբ 2022 թվականի հուլիսի 1-ից գործող ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով /երկու դրվագ/ և 445-րդ հոդվածի 1-ին մասով /երկու դրվագ/ հարուցված քրեական հետապնդումը պետք է դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով՝ 2022 թվականի հուլիսի 1-ից գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի հիմքով (...) (…) Դատարանը գտնում է նաև, որ Սոֆյա Խլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուց հետո քրեական վարույթն ենթակա է կարճման՝ վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները սպառվելու հիմքով։ (…)»[2]։

8. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի վիճարկվող որոշումը, արձանագրել է հետևյալը․ «(…) Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ 2003 և 2021 թվականներին ընդունված քրեական օրենսգրքերի համապատասխանաբար 75-րդ և 83-րդ հոդվածների համեմատաիրավական վերլուծությունը վկայում է, որ 2021 թվականին ընդունված քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների մասով տվյալ դեպքում անձի վիճակը վատթարացող օրենք է և կիրառելի չէ մեղադրյալ Ս․Խլոյանի նկատմամբ, քանի որ նախ՝ սահմանում է վաղեմության ավելի երկար ժամկետներ, բացի այդ, վաղեմության ժամկետը, ի տարբերություն 2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի, հաշվարկվում է մինչև անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելը։ 5.3. Վերը շարադրված վերլուծությունը համադրելով սույն վարույթի փաստերի հետ և բողոքի հիմքերի ու դրանք հիմնավորող փաստարկների սահմաններում դատական ստուգման ենթարկելով վիճարկվող որոշման իրավաչափությունը՝ Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Հակակոռուպցիոն դատարանի այն դատողությանը, որ տվյալ դեպքում մեղադրյալ Ս․Խլոյանին մեղսագրված արարքների համար քրեական պատասխանատվության ենթարկելու՝ 2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված վաղեմության ժամկետներն անցել են։ Այլ կերպ՝ հաշվի առնելով 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 8-րդ և 9-րդ հոդվածների 1-ին մասերը, ըստ որոնց՝ արարքի ինչպես հանցավորությունը և պատժելիությունը, այնպես էլ քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով, իսկ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի, նկատի ունենալով նաև նույն օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված քրեաիրավական նորմի, այդ թվում՝ դրանում ամրագրված «պատասխանատվություն» եզրույթի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի ձևավորած և սույն որոշման 5․2․1․-րդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումները՝ Վերաքննիչ դատարանը ընդունելի չի համարում բողոքաբերի, ըստ էության, այն դիտարկումները, որ Առաջին ատյանի դատարանը տվյալ դեպքում ճիշտ չի կիրառել նյութական օրենքը։ Այլ խոսքով՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, Սոֆյա Խլոյանին մեղսագրված արարքների համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների հաշվարկման մասով առաջնորդվելով ենթադրյալ հանցավոր արարքները կատարելու պահին գործող՝ 2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի դրույթներով, գործել է իրավաչափ։ 5․4․ Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը համապատասխան դատական ակտ կայացնելիս թույլ չի տվել վարույթի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի դատախազ Ս․Խաչատրյանի բողոքը պետք է մերժել, իսկ Առաջին ատյանի դատարանի վիճարկվող դատական ակտը՝ թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ շարադրված հիմնավորումները։ (…)»[3]։ Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք մեղադրյալ Ս․Խլոյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական վարույթը կարճելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։

10. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»։ ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:

2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով»։ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն՝ … 3. Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը:

4. Ծանր հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը: …: ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները. (…)

2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.

3) տասը տարի՝ ծանր հանցանքն ավարտված համարելու օրվանից. (…)»։

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝

… Սույն գլխում և սույն օրենսգրքի 216-րդ հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկը չգերազանցող գումարը (արժեքը): Սույն գլխում և սույն օրենսգրքի 216-րդ հոդվածում առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը) …: ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով՝ պատժվում է … ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Նույն գործողությունը, որը կատարվել է՝

1) պաշտոնեական դիրքն օգտագործելով,

2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

3) խոշոր չափերով`

…

պատժվում է … ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունը, որը կատարվել է՝

1) առանձնապես խոշոր չափերով,

2) կազմակերպված խմբի կողմից`

պատժվում է ազատազրկմամբ` հինգից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»:

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի համաձայն՝ «հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը` սույն օրենսգրքում հափշտակված գույքի, պատճառված գույքային վնասի, հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի մանր չափ է համարվում 500.000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), առանձնապես խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը), բացառությամբ սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերի»: ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «1. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի:

2. Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ։ (...)

4. Հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթե դա նախատեսված է օրենքով։ (...)

6. Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ մասնակիորեն խստացնող օրենքը սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»: ՀՀ գործող քրեական օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն՝ (…) 3. Միջին ծանրության հանցանքներ են համարվում սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 5 տարի ժամկետով ազատազրկումը:

4. Ծանր հանցանքներ են համարվում սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 10 տարի ժամկետով ազատազրկումը: (…): ՀՀ գործող քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել են հետևյալ ժամկետները. …

2) 10 տարի՝ միջին ծանրության հանցանքի դեպքում.

3) 15 տարի՝ ծանր հանցանքի դեպքում. …:

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի համաձայն՝

«… 2. Վստահված գույքը հափշտակելը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ

3) խոշոր չափերով`

պատժվում է … ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով: …»։

11․ ՀՀ Սահմանադրության 72-րդ և 73-րդ հոդվածներով ամրագրված երաշխիքները, որոնք նորմատիվ իրավական ակտի կիրառման սահմանադրական սկզբունք են, քրեաիրավական համակարգում առանցքային տեղ են գրավում, ինչը հատկապես ընդգծվում է այն հանգամանքով, որ փոփոխվող և զարգացող հասարակությունում կոնկրետ արարքի դեմ քրեաիրավական ներգործության նպատակահարմարությունը, դրա հանրային վտանգավորությունը կամ քրեականացված արարքը կատարած անձի իրավական վիճակը նորովի կարգավորվելու դեպքում դատարանը՝ որպես քրեական դատավարությունում արդարադատության գործառույթով օժտված մարմին, պետք է քննարկման առարկա դարձնի օրենսդրական փոփոխության իրավական բնույթը, ըստ այդմ էլ՝ մինչ ընդունումը ծագած իրավահարաբերությունների վրա այն հետադարձությամբ տարածելու իրավական հնարավորությունը։ Հարկ է արձանագրել, որ ՀՀ Սահմանադրությամբ՝ ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության կանոնակարգումը հիմնվում է այն տրամաբանության վրա, որ իրավական ակտերի հետադարձ ուժով գործողության մերժումն ընդհանուր կանոն է, իսկ այդ ակտերի հետադարձ ուժով գործողության հնարավորությունը՝ բացառություն ընդհանուր կանոնից[4]։ Ընդ որում, բացառություններն իրենց հերթին տարբեր են. ա) երբ սահմանադիրը բացառում է որևէ հայեցողություն դրսևորելու հնարավորությունը՝ սահմանելով հետադարձության ուղիղ պահանջ, օրինակ, արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն օժտված է անմիջական գործողությամբ և բ) երբ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտին հետադարձ ուժ հաղորդելու լիազորությունը թողնվում է իրավասու՝ այդ ակտն ընդունող մարմնի հայեցողությանը, օրինակ, անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով[5]: Տարբերակման այս գաղափարն իր արտացոլումն է գտել նաև ՀՀ գործող քրեական օրենսգրքում. այսպես՝ օրենսգրքի 8-րդ և 9-րդ հոդվածների համադրված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող նորմի համար նախատեսվում է հետադարձ ազդեցության անմիջական պահանջ, մինչդեռ անձի վիճակն այլ կերպ բարելավող դրույթի հետադարձությունը պայմանավորվում է օրենքով նախատեսված լինելու հանգամանքով[6]։ 12․ Վճռաբեկ դատարանը, Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի վերաբերյալ գործով որոշմամբ անդրադառնալով քրեական օրենսդրության հետադարձությամբ կիրառման դեպքերին, արձանագրել է, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվարկման տեսանկյունից քրեական նոր օրենքով անձին մեղսագրված հանցանքի տեսակի փոփոխությունն ինքնին չի կարող հետադարձ ներգործություն ունենալ, այսինքն, այս հարցի շրջանակներում օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու ինքնուրույն ցուցիչ չէ, և տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու մասին կարելի է խոսել բացառապես քրեական պատասխանատվությունից ազատելու ինստիտուտը կանոնակարգող՝ ՀՀ նախկին և գործող քրեական օրենսգրքերի ընդհանուր նորմերի հետ համադրված գնահատելու պարագայում։ Միևնույն ժամանակ անդրադառնալով օրենսդրական փոփոխությունների արդյունքում հանցանքի տեսակի և վաղեմության ժամկետների փոփոխության իրավիճակներին, մասնավորապես՝ այն դեպքին, երբ արարքի (հանցանքի) ծանրության աստիճանը նվազում է, իսկ այդ արարքի համար սահմանված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը չի փոփոխվում, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդրական փոփոխության արդյունքում պատժի մեղմացման հետևանքով նախկինում ծանր համարվող հանցանքը միջին ծանրության հանցանք հանդիսանալու դեպքում կիրառելի է մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու կանոնը՝ հանցանքի տեսակի և պատժի մասով, այսինքն՝ արարքը պետք է որակվի ՀՀ գործող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ անթույլատրելի է օրենքի փոփոխության արդյունքում հետադարձության կանոնների կիրառմամբ ստացված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը (տասը տարին) համեմատել ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի (հինգ տարի) հետ։ Նման համեմատությունը սկզբունքորեն չի համապատասխանի ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնի էությանն ու նշանակությանը: Հակառակ մոտեցումը հանգեցնում է այնպիսի իրավիճակի, որ արարքի կատարման պահին ծանր հանցագործություն համարվող արարքի պարագայում անձի նկատմամբ կիրառվում է արարքի կատարման պահին միջին ծանրության հանցանքի համար նախատեսված կարգավորումը, որը որևէ պարագայում կիրառելի չէ[7]։ 13․ Նախորդ կետում մեջբերված՝ Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, հաշվի առնելով սույն վարույթի փաստական հանգամանքները՝ անհրաժեշտ է դիտարկել իշխանական լիազորություններն օգտագործելով իրեն վստահված, մասնավորապես 4.410.274 ՀՀ դրամի չափով գույքը հափշտակելու հանցանքը։ Այսպես՝ նշված արարքը սույն դեպքում կատարման պահին նախատեսվել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և համաձայն նույն օրենսգրքի 19-րդ հոդվածի, դասվել է ծանր հանցագործությունների շարքին, որի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը տասը տարի էր։ ՀՀ գործող քրեական օրենսգրքի համաձայն՝ հափշտակության առանձնապես խոշոր չափ է սահմանված 5 (հինգ) միլիոն ՀՀ դրամը գերազանցող գումարը, որի արդյունքում վերը նշված արարքը համապատասխանել է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքին, որը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին։ Դրա հետ մեկտեղ, օրենսդիրը ՀՀ գործող քրեական օրենսգրքի ընդհանուր մասում՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու կարգը սահմանող 83-րդ հոդվածում ամրագրել է, որ միջին ծանրության հանցանքի դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել է տասը տարի։ Ուստի ստացվում է, որ իշխանական լիազորություններն օգտագործելով իրեն վստահված 4.410.274 ՀՀ դրամի չափով գույքը հափշտակելը ՀՀ գործող քրեական օրենսգրքով թեև դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, սակայն քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի տեսանկյունից երկու օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումը, այն է՝ վերոհիշյալ հանցավոր արարքի կատարման մեջ մեղադրվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքի կատարման պահից անցել է տասը տարի։ Վերոգրյալից հետևում է, որ գործող քրեական օրենսդրությամբ հանցանքի տեսակի փոփոխությունը քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների տեսանկյունից անձի համար որևէ բարենպաստ հետևանք չի առաջացնում, քանզի վաղեմության ժամկետի առումով քրեական օրենսդրության նախկին և ներկա կարգավորումները նույնական են։ Այլ խոսքով՝ իշխանական լիազորություններն օգտագործելով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու հանցանքը, դրա չափերի փոփոխությամբ պայմանավորված, ՀՀ գործող քրեական օրենսգրքով սահմանված համանման հանցակազմի հետ համապատասխանեցման արդյունքում քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների առումով փոփոխությունների չի ենթարկվել։ Ուստի քննարկվող դեպքում քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հարցը ենթակա է լուծման՝ տվյալ արարքի համար դրա կատարման պահին գործող քրեական օրենսդրությամբ նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվառմամբ։

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ․

- մեղադրյալ Ս․Խլոյանի նկատմամբ 2023 թվականի օգոստոսի 7-ին ՀՀ գործող քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (երկու դրվագ) և 445-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ) հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, զբաղեցնելով Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի «Էդ.Պողոսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱ կազմակերպության տնօրենի պաշտոնը, իրենը դարձնելու եղանակով, կազմակերպության՝ իրեն վստահված խոշոր չափերով գույքը հափշտակելու մեկ միասնական դիտավորությամբ, նույն համայնքի բնակիչներ, ամուսիններ՝ Լ․Թովմասյանի և Ն․Բադեյանի դրդմամբ, վերջիններիս նույն կազմակերպությունում 2015 թվականին որպես վառարան վառող հնոցապահներ ընդունել է աշխատանքի՝ նրանց հետ 2015-2018 թվականների ընթացքում յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 1-ից մինչև հաջորդ տարվա ապրիլի 30-ի համար կնքելով աշխատանքային պայմանագրեր: Իսկ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին կնքված պայմանագրերը լուծվել են նույն թվականի նոյեմբերի 1-ին: Լ․Թովմասյանի և Ն․Բադեյանի կողմից պայմանագրով նախատեսված ժամանակահատվածներում աշխատանքի չհաճախելու պայմաններում, պաշտոնական շրջանառության մեջ գտնվող և շրջանառության ենթակա փաստաթղթի բովանդակությունն աղավաղելով, դրանց մեջ մտցրել է կեղծ տեղեկություններ, որ իբրև վերջիններս նշված ժամանակահատվածներում հաճախել են աշխատանքի, ապա հաստատած կեղծ փաստաթղթերը մուտքագրել է միասնական տեղեկատվական համակարգ և այդ կերպ՝ իրենը դարձնելու եղանակով, հափշտակել է նշված կազմակերպությանը պատկանող 4.410.274 ՀՀ դրամ գումարը: Բացի այդ, Ս․Խլոյանը, ունեցած իշխանական լիազորություններն օգտագործելով, մեկ այլ անձինը դարձնելու եղանակով, կազմակերպության՝ իրեն վստահված ընդհանուր ՝ 1.015.167 ՀՀ դրամ գույքը հափշտակելու դիտավորությամբ, նույն կազմակերպությունում՝ որպես պահակ, 2013 թվականի սեպտեմբերի 3-ին անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով աշխատող Տ․Կարապետյանի կողմից աշխատանքի չհաճախելու պայմաններում, նրա բացակայության փոխարեն աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում ներկայությունը հաստատելով պաշտոնական շրջանառության մեջ գտնվող և շրջանառության ենթակա փաստաթղթի բովանդակությունն աղավաղել է, դրա մեջ մտցրել է կեղծ տեղեկություն, ապա հաստատած կեղծ փաստաթղթերը մուտքագրել է միասնական տեղեկատվական համակարգ և այդ կերպ Տ․Կարապետյանինը դարձնելու եղանակով հափշտակել է կազմակերպությանը պատկանող, նրա անվամբ դուրս գրված 1.015.167 ՀՀ դրամ գումար[8],

- Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ Ս․Խլոյանին մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքները կատարվել են մինչև 2018 թվականի նոյեմբերի 1–ը, այսինքն՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի գործողության ժամանակ։ Միևնույն ժամանակ, Առաջին ատյանի դատարանը փաստել է, որ Ս․Խլոյանին մեղսագրվող ՀՀ գործող քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (երկու դրվագ) և 445-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ) ենթադրյալ հանցավոր արարքների համար քրեական պատասխանատվության ենթարկելու՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75–րդ հոդվածով սահմանված վաղեմության ժամկետներն անցել են, և վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատված չի եղել։ Վերոգրյալից ելնելով՝ Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Ս․Խլոյանի նկատմամբ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (երկու դրվագ) և 445-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ) հարուցված քրեական հետապնդումը դադարեցրել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով[9],

- Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ 2003 և 2021 թվականներին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքերի համապատասխանաբար 75-րդ և 83-րդ հոդվածների համեմատաիրավական վերլուծությունը վկայում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների մասով տվյալ դեպքում անձի վիճակը վատթարացնող օրենք է և կիրառելի չէ մեղադրյալ Ս․Խլոյանի նկատմամբ, քանի որ նախ՝ սահմանում է վաղեմության ավելի երկար ժամկետներ, բացի այդ, վաղեմության ժամկետը, ի տարբերություն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի, հաշվարկվում է մինչև անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելը։ Արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Ս․Խլոյանին վերագրվող արարքների համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների հաշվարկման մասով գործել է իրավաչափ[10]։

15. Նախորդ կետում շարադրված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-13-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Ս․Խլոյանին 4.410.274 ՀՀ դրամի հափշտակության դրվագով մեղսագրվող արարքը կատարման պահին նախատեսված է եղել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և հանդիսացել է ծանր հանցագործություն։ Միևնույն ժամանակ, նշված արարքը թեև ՀՀ գործող քրեական օրենսգրքի դրույթների համաձայն՝ դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, սակայն նույն օրենսգրքի՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելուն վերաբերող իրավանորմերի համակարգային վերլուծությունը վկայում է, որ կատարված օրենսդրական փոփոխությունները Ս․Խլոյանի համար վաղեմության ժամկետների հաշվարկման առումով բարենպաստ հետևանքներ չեն առաջացնում։ Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ինչպես նախկին, այնպես էլ գործող քրեական օրենսդրությունները թույլ են տալիս մեղադրյալ Ս․Խլոյանին վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով ազատել վերը նշված արարքի համար քրեական պատասխանատվությունից, եթե այն ավարտվելու օրվանից անցել է տասը տարի։ Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանների մոտեցումը ոչ իրավաչափորեն հանգեցրել է նրան, որ մեղադրյալ Ս․Խլոյանին 4.410.274 ՀՀ դրամի հափշտակության դրվագով վերագրվող ենթադրյալ արարքը կատարվելուց հետո դեռևս տասը տարին չլրացած նա ազատվել է քրեական պատասխանատվությունից, այն դեպքում, երբ և՛ վերագրվող ենթադրյալ արարքի կատարման ժամանակ, և՛ ներկայումս գործող քրեական օրենքի համաձայն՝ Ս․Խլոյանին տվյալ դրվագով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը եղել է տասը տարի։

16. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետևությունն առ այն, որ նախորդ կետում քննարկված դրվագով մեղադրյալ Ս․Խլոյանի նկատմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը լուծելիս վաղեմության ժամկետը ենթակա է հաշվարկման արարքի կատարման պահին գործող քրեական օրենքով միջին ծանրության հանցագործությունների համար սահմանված վաղեմության ժամկետի հաշվարկման կանոնով, իրավաչափ չէ։ 16․1․ Անդրադառնալով մեղադրյալ Ս․Խլոյանին 1.015.167 ՀՀ դրամի հափշտակության դրվագով հարուցված քրեական հետապնդումը վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով դադարեցնելու մասին ստորադաս դատարանների հետևություններին՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը, առաջնորդվելով արարքի կատարման պահին գործող քրեաիրավական օրենքով սահմանված վաղեմության ժամկետներով և այդ մասով դադարեցնելով մեղադրյալ Ս․Խլոյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը, գործել է իրավաչափ։ Մասնավորապես, իշխանական լիազորություններն օգտագործելով իրեն վստահված 1.015.167 ՀՀ դրամի հափշտակությունը Ս․Խլոյանին վերագրվող հանցանքի կատարման պահին նախատեսվել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ դասվելով միջին ծանրության հանցագործությունների շարքին, որի վաղեմության ժամկետը նույն օրենսգրքով սահմանվել է հինգ տարի։ Սույն գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ հիշյալ հանցագործությունն ավարտվել է դեռևս 2017 թվականին, հետևաբար դրա համար ՀՀ նախկին քրեական օրենսգրքով սահմանված հնգամյա վաղեմության ժամկետը 2023 թվականի նոյեմբերի 22-ի դրությամբ եղել է լրացած։ Ուստի 2023 թվականի նոյեմբերի 22-ին կայացված որոշմամբ Առաջին ատյանի դատարանը, վերը նշված դրվագով առաջնորդվելով արարքի կատարման պահին գործող ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և այդ դրվագով դադարեցնելով Ս․Խլոյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը, թույլ չի տվել նյութական օրենքի խախտում, որը կարող էր ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա։ 17․ Անդրադառնալով մեղադրյալ Ս․Խլոյանին երկու դրվագով՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով վերագրվող արարքների համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կատարման պահին այդ արարքները նախատեսվել են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ դասվելով միջին ծանրության հանցագործությունների շարքին։ Ուստի առաջնորդվելով վերը արձանագրված իրավական դիրքորոշումներով՝ պետք է փաստել, որ այդ հանցանքների համար ևս քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետ է հանդիսացել 5 տարին: Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, մեղադրյալ Ս․Խլոյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշմամբ կիրառելի համարելով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, սխալ է մեկնաբանել և կիրառել նյութական օրենքը։ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում կիրառելի էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի ոչ թե 1-ին, այլ 2-րդ կետը, որով սահմանված հնգամյա ժամկետը ևս Առաջին ատյանի դատարանի կողմից 2023 թվականի նոյեմբերի 22-ի որոշումը կայացվելու պահին եղել է անցած։ Այլ կերպ՝ Ս․Խլոյանի նկատմամբ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ) հարուցված հանրային քրեական հետապնդումը ենթակա էր դադարեցման՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կիրառմամբ։ 18․ Ամփոփելով սույն որոշման 15-17-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Ս․Խլոյանի նկատմամբ 1.015.167 ՀՀ դրամի հափշտակության դրվագով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, ինչպես նաև ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ) հարուցված հանրային քրեական հետապնդումը, արարքների կատարման պահին գործող ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կիրառմամբ ենթակա է դադարեցման։ Ուստի վերը նշված դրվագներով մեղադրյալ Ս․Խլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասով ստորադաս դատարանները կայացրել են թեև սխալ հիմնավորմամբ, սակայն գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ։ Միևնույն ժամանակ, մեղադրյալ Ս․Խլոյանի նկատմամբ 4.410.274 ՀՀ դրամի հափշտակության դրվագով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական վարույթը կարճելու մասով՝ ստորադաս դատարանները թույլ են տվել վարույթի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ՝ նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, հիմք է մեղադրյալ Ս․Խլոյանի նկատմամբ վերը նշված դրվագով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական վարույթը կարճելու մասով ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և վարույթը՝ բեկանված մասով, Առաջին ատյանի դատարան նոր քննության փոխանցելու համար։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, պետք է մեղադրյալ Ս․Խլոյանի նկատմամբ 4.410.274 ՀՀ դրամի հափշտակության դրվագով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով հարուցված քրեական հետապնդման մասով ըստ էության քննության առնի սույն քրեական գործը և արդյունքում հանգի համապատասխան հետևության։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ ու 386-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 2023 թվականի նոյեմբերի 22-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի փետրվարի 2-ի որոշումը մասնակի՝ մեղադրյալ Սոֆյա Ֆիրդուսի Խլոյանի նկատմամբ 4.410.274 ՀՀ դրամի հափշտակության դրվագով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական վարույթը կարճելու մասով, բեկանել և այդ մասով վարույթը փոխանցել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։ 2․ Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։ 3․ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

Նախագահող` Դ․ՎԵՔԻԼՅԱՆ

Դատավորներ՝ Ե․ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ա․ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ

Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆ

Ս․ՉԻՉՈՅԱՆ

Ծանոթագրություններ

[1] Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 8-րդ, թերթեր 177-179։

[2] Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 9-րդ, թերթեր 74-75։

[3] Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 10-րդ, թերթ 41։

[4] Տե՛ս, mutatis mutandis, ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2011 թվականի նոյեմբերի 29-ի թիվ ՍԴՈ-1000 որոշումը։ [5] Տե՛ս, mutatis mutandis, ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշումը։ [6] Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Վանիկ Առուստամյանի գործով 2024 թվականի փետրվարի 22-ի թիվ ԼԴ/0004/12/22 որոշումը։ [7] Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի գործով 2024 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԱՔԴ/0196/01/17 որոշումը։ [8] Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։

[9] Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

[10] Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
10 մարտի, 2025 թ.
Գործի #:
ՀԿԴ2/0029/01/23
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել