Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am

Վճռաբեկ դատարան · Քաղաքացիական

ԱՐԱԴ2/0077/02/16

Գործի համարը
ԱՐԱԴ2/0077/02/16
Հայցվոր
Սեդրակ Բարսեղյան
Պատասխանող
Գագիկ ԲարսեղյանԿարինե Բաղդասարյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
08.04.2022

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ2/0077/02/16 դատարանի որոշում 2022թ. Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ2/0077/02/16 Նախագահող դատավոր` Գ. Խանդանյան Դատավորներ` Լ. Գրիգորյան Հ. Ենոքյան ՈՐՈՇՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով` նախագահող զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ Հ. ԲԵԴԵՎՅԱՆ Մ. ԴՐՄԵՅԱՆ Գ. ՀԱԿՈԲՅԱՆ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ 2022 թվականի ապրիլի 08-ին գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Սեդրակ Բարսեղյանի ընդդեմ Գագիկ Բարսեղյանի, Կարինե Բաղդասարյանի` անհիմն հարստացման հիմքով գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.01.2019 թվականի որոշման դեմ Գագիկ Բարսեղյանի վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Սեդրակ Բարսեղյանը պահանջել է Գագիկ Բարսեղյանից և Կարինե Բաղդասարյանից համապարտությամբ հօգուտ իրեն բռնագանձել 246.517.000 ՀՀ դրամ, ինչպես նաև 246.517.000 ՀՀ դրամի նկատմամբ սկսած 23.12.2015 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված տոկոսները: ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մարգարյան) (այսուհետ` Դատարան) 10.09.2018 թվականի վճռով հայցը մերժվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.01.2019 թվականի որոշմամբ Սեդրակ Բարսեղյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 10.09.2018 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանվել է և փոփոխվել` հայցը բավարարվել է մասնակիորեն: Որոշվել է Գագիկ Բարսեղյանից և Կարինե Բաղդասարյանից հօգուտ Սեդրակ Բարսեղյանի բռնագանձել 221.864.000 ՀՀ դրամ, ինչպես նաև սկսած 23.12.2015 թվականից մինչև պարտավորության փաստացի դադարումը` 221.864.000 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվեգրվող տոկոսները, ինչպես նաև Գագիկ Բարսեղյանից և Կարինե Բաղդասարյանից ՀՀ պետական բյուջե` որպես պետական տուրքի գումար, համապարտության կարգով բռնագանձել 4.437.280 ՀՀ դրամ, Գագիկ Բարսեղյանից և Կարինե Բաղդասարյանից հօգուտ «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի համապարտության կարգով բռնագանձել 68.000 ՀՀ դրամ, Սեդրակ Բարսեղյանից ՀՀ պետական բյուջե` որպես պետական տուրքի գումար, բռնագանձել 1.032.300 ՀՀ դրամ: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գագիկ Բարսեղյանը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։ 2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը. Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով. 1) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ, 1093-րդ հոդվածները: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.11.2015 թվականի թիվ ԱՐԱԴ2/0045/02/14 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած որոշմամբ հաստատվել է 03.12.2004 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի կեղծ լինելու հանգամանքը։ Այսինքն` հաստատվել է, որ Սեդրակ Բարսեղյանը նշված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը կնքելիս իրավական հետևանք առաջացնելու մտադրություն չի ունեցել։ Հետևաբար, Սեդրակ Բարսեղյանը 03.12.2004 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի հիման վրա մինչև 23.12.2015 թվականը հյուրանոցի նկատմամբ չէր կարող ունենալ սեփականության իրավունք, քանի որ վերջինս գիտակցել է, որ 03.12.2004 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն իրավական հետևանք չի առաջացրել։ Արդյունքում, եթե Սեդրակ Բարսեղյանն այդ տարիների ընթացքում իրականացրել է հյուրանոցի վերանորոգման և անբաժանելի բարելավման աշխատանքներ, ապա գիտակցել է կամ առնվազն պետք է գիտակցեր, որ այդ բարելավումներն իրականացնում է մի գույքի նկատմամբ, որը սեփականության իրավունքով պատկանում է ուրիշին, և ինքը, առանց գույքի սեփականատիրոջ համաձայնության, այդ գույքի վրա որևէ բարելավում կատարելու իրավունք, առավել ևս պարտականություն չուներ։ Այսինքն` Սեդրակ Բարսեղյանը տեղյակ է եղել նման բարելավումներ կատարելու պարտավորության բացակայության մասին։ Ուստի տվյալ դեպքում բացակայում է Գագիկ Բարսեղյանի կողմից անհիմն հարստանալու հանգամանքը, ինչը, սակայն, հաշվի չի առել Վերաքննիչ դատարանը: Սեդրակ Բարսեղյանի կողմից հայցադիմումում վկայակոչված փաստական հանգամանքների վերլուծության արդյունքում կարելի է հանգել այն եզրակացության, որ հայցադիմումում վերջինիս կողմից նկարագրված իրավիճակը ոչ թե ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1093-րդ հոդվածի 1-ին կետից բխող անհիմն հարստացման իրավահարաբերություն է, այլ Սեդրակ Բարսեղյանի կողմից Գագիկ Բարսեղյանին գույքն ապօրինի տիրապետումից հետ վերադարձնելիս հաշվարկների խնդիր: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, հաշվի չառնելով վերոգրյալը և փաստացի չկատարելով գործի հանգամանքների բազմակողմանի քննություն, ճիշտ չի վերլուծել գործի փաստերը և արդյունքում կիրառել է անհիմն հարստացման իրավահարաբերությունները կարգավորող նորմերը, որոնք սույն գործի փաստական հանգամանքների առկայության պայմաններում ենթակա չէին կիրառման, ինչն էլ հանգեցրել է գործի սխալ լուծմանը։ 2) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ և 1097-րդ հոդվածները: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը և 1097-րդ հոդվածի 2-րդ կետը սույն գործով ենթակա չէին կիրառման, քանի որ անհիմն հարստացման պայմաններում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները հաշվարկվում են բացառապես անհիմն դրամական հարստացման դեպքում: Մինչդեռ, տվյալ դեպքում, Սեդրակ Բարսեղյանը պահանջել է ոչ թե անհիմն դրամական հարստացման գումար, այլ կատարված բարելավումների արժեք: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 24.01.2019 թվականի որոշումը և Սեդրակ Բարսեղյանի հայցը մերժել»: 3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը` 1) Գագիկ Բարսեղյանի (Վաճառող) և Սեդրակ Բարսեղյանի (Գնորդ) միջև 03.12.2004 թվականին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որով Վաճառողը վաճառել է, իսկ Գնորդը, որպես սեփականություն, 8.000.000 ՀՀ դրամով ձեռք է բերել հետևյալ անշարժ գույքը` ՀՀ, Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Շահումյան 1 հասցեի հյուրանոցը (այսուհետ` Հյուրանոց): Պայմանագիրը վավերացվել է նոտարական կարգով (հատոր 1-ին, գ.թ. 41): 2) Համաձայն 13.07.2007 թվականի անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1834269 վկայականի` 03.12.2004 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրի հիման վրա Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Շահումյան 1 հասցեի հյուրանոցի նկատմամբ գրանցվել է Սեդրակ Բարսեղյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 11-17): 3) Թիվ ԱՐԱԴ2/0045/02/14 քաղաքացիական գործով` ըստ հայցի Գագիկ Բարսեղյանի ընդդեմ Սեդրակ Բարսեղյանի` 03.12.2004 թվականին Գագիկ Բարսեղյանի և Սեդրակ Բարսեղյանի միջև Թալինի նոտարական գրասենյակում կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի նկատմամբ կեղծ` առոչինչ պայմանագրի անվավերության հետևանքներ կիրառելու և որպես հետևանք ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Շահումյան 1 հասցեում գտնվող հյուրանոցի նկատմամբ Գագիկ Բարսեղյանի սեփականության իրավունքը վերականգնելու պահանջների մասին, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Ն. Տավարացյան, Հ. Ենոքյան, Գ. Կարախանյան) 13.11.2015 թվականի որոշմամբ ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 14.07.2015 թվականի վճռի դեմ Գագիկ Բարսեղյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը բավարարվել է. բեկանվել և փոփոխվել է ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 14.07.2015 թվականի վճիռը և որոշվել է հայցը բավարարել` Գագիկ Բարսեղյանի և Սեդրակ Բարսեղյանի միջև Թալինի նոտարական գրասենյակում 03.12.2004 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի նկատմամբ կեղծ` առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառել և որպես հետևանք` ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Շահումյան 1 հասցեում գտնվող հյուրանոցի նկատմամբ վերականգնել Գագիկ Բարսեղյանի սեփականության իրավունքը (հատոր 3-րդ, գ.թ. 9-28): 4) ՀՀ վճռաբեկ դատարանը 23.12.2015 թվականի որոշմամբ թիվ ԱՐԱԴ2/0045/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.11.2015 թվականի որոշման դեմ Սեդրակ Բարսեղյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել է (հատոր 3-րդ, գ.թ. 5-8): 5) Համաձայն 25.01.2016 թվականի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 25012016-02-0006 վկայականի` Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Շահումյան 1 հասցեի հյուրանոցի նկատմամբ գրանցվել է Գագիկ Բարսեղյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 39)։ 6) Ըստ «Ստեկո» ՍՊԸ-ի կողմից 17.10.2017 թվականին տրված գրության` Սեդրակ Բարսեղյանը 2009 թվականին ընկերությունից գնել է ալյումինե դռներ և պատուհաններ, որոնք ընկերության կողմից տեղադրվել են ք. Թալին, Շահումյան 1 հասցեում գտնվող հյուրանոցային շենքում: Ընդհանուր գումարը կազմել է 5.250.000 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ.թ. 88): 7) Ոսկան Նախշիկյանի, Մարատ Խաչատրյանի, Արտակ Մխիթարյանի, Արտաշես Հակոբյանի, Սուրեն Գևորգյանի, Ռաֆիկ Դանիելյանի, Տարիել Միքայելյանի, Վարդան Ավագյանի, Մեսրոպ Բարսեղյանի, Արման Մանուկյանի, Էդգար Նախշիկյանի, Եղիշե Ավդալյանի կողմից հասարակ գրավոր ձևով տրված հայտարարությունների համաձայն` Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Շահումյան 1 հասցեում (հյուրանոց և դրան կից հարակից տարածք) Սեդրակ Բարսեղյանի հայտարարությամբ կատարել են տարբեր շինարարական աշխատանքներ` վարձատրվելով աշխատանքների դիմաց։ Միաժամանակ Տարիել Միքայելյանը, Եղիշե Ավդալյանը, Էդգար Նախշիկյանը, Արման Մանուկյանը, Ոսկան Նախշիկյանը, Մարատ Խաչատրյանը` որպես վկաներ, ցուցմունք են տվել Հյուրանոցում տարբեր շինարարական աշխատանքներ կատարելու և Սեդրակ Բարսեղյանի կողմից վարձատրվելու վերաբերյալ (հատոր 2-րդ, գ.թ. 92-115, հատոր 5-րդ, գ.թ. 1-20, 46-57 դատական նիստերի արձանագրություններ)։ 8) «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից 15.06.2017 թվականին տրված թիվ 315-01/Վ-016 փորձագետի եզրակացության համաձայն` փորձաքննության (գնահատման) տրամադրված` ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Շահումյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող հյուրանոցի շինության և հողատարածքի ընդհանուր շուկայական արժեքը, փորձաքննության կատարման ժամանակահատվածի դրությամբ, առկա ապրանքային վիճակում, գնահատվում է` 233.008.000 ՀՀ դրամ. - անշարժ գույքի 2-5-րդ հարկերի շուկայական արժեքն առկա ապրանքային վիճակում, հողատարածքի արժեքի ներառմամբ, փորձաքննության կատարման ժամանակահատվածի դրությամբ գնահատվում է 61.371.000 ՀՀ դրամ, - հյուրանոցի շինության ընդհանուր շուկայական արժեքը` առանց առաջին հարկի վերանորոգման հաշվառման, այն ընդունելով մնացած հարկերի կիսաքանդ վիճակում, հողատարածքի գնի ներառմամբ կարող է կազմել 81.804.000 ՀՀ դրամ, - հյուրանոցի շինության առաջին հարկի սպասարկման տարածքների ընդհանուր շուկայական արժեքը առկա գերազանց ապրանքային վիճակում, առանց հողատարածքի գնի ներառման գնահատվում է 171.637.000 ՀՀ դրամ: Անդրադառնալով փորձաքննության շրջանակներում հյուրանոցային շենքի և դրա շրջակայքում կատարված այն աշխատանքներին, որոնք չեն ներառվել հյուրանոցային շենքի ընդհանուր շուկայական գնի մեջ, առանձին անդրադառնալով լրացուցիչ աշխատանքներին և օգտագործված շինանյութերին, շինության նկուղային հարկում կատարված շինարարական լրացուցիչ աշխատանքների, դրանց կատարման համար անհրաժեշտ շինանյութերի և մեխանիզմների բակային տարածքների բարեկարգման, սպասարկման կառույցների ընդլայման, ծաղկանոցների կառուցման և այլ լրացուցիչ աշխատանքների և անհրաժեշտ շինանյութերի և աշխատանքների, ինչպես նաև բակային տարածքներում գտնվող պիտանի շինանյութերի ընդհանուր շուկայական արժեքը փորձաքննության կատարման ժամանակահատվածի դրությամբ կարող է կազմել 70.660.000-74.880.000 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ.թ. 1-20): 4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ սույն գործով վիճելի իրավահարաբերության` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ և 1093-րդ հոդվածների վերաբերյալ առկա է իրավունքի զարգացման խնդիր։ Միևնույն ժամանակ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ և 1097-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով: Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին. ա. արդյո՞ք առոչինչ գործարքի արդյունքում գույքը վերադարձնողի կողմից դրա վրա կատարված անբաժանելի բարելավումները գործարքի մյուս կողմի համար կարող են որակվել որպես ակտիվների անհիմն ավելացում, և արդյո՞ք դրանց հատուցման համար կարող է կիրառվել անհիմն հարստացման ինստիտուտի իրավակարգավորումը, բ. արդյո՞ք «ա» կետում նշված իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի իրավակարգավորումը: 4.1. Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով ենթակա է մասնակիորեն բավարարման` հետևյալ պատճառաբանությամբ. 4.1.1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների` առաջացնում են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ: Դրան համապատասխան, քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են` (...) 7) անհիմն հարստացման հետևանքով (...)։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ով առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի ուրիշ անձի (տուժողի) հաշվին ձեռք է բերել գույք կամ խնայել է այն (ձեռք բերողը), պարտավոր է տուժողին վերադարձնել անհիմն ձեռք բերած կամ խնայած գույքը (անհիմն հարստացումը), բացառությամբ նույն օրենսգրքի 1099 հոդվածով նախատեսված դեպքերի: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1093-րդ հոդվածի համաձայն` եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով, այլ օրենքներով կամ այլ իրավական ակտերով և չի բխում համապատասխան հարաբերությունների էությունից, [նույն օրենսգրքի 61-րդ] գլխում նախատեսված կանոնները ենթակա են կիրառման նաև` 1) անվավեր գործարքով կատարվածը վերադարձնելու պահանջների նկատմամբ. 2) սեփականատիրոջ կողմից իր գույքն ապօրինի տիրապետողից հետ ստանալու պահանջների նկատմամբ. 3) պարտավորության մեկ կողմի` մյուսից այդ պարտավորության կապակցությամբ կատարվածը վերադարձնելու պահանջների նկատմամբ: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1095-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անհիմն հարստացման կամ խնայման միջոցով ձեռք բերված գույքը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում ձեռք բերողը պետք է տուժողին հատուցի ձեռքբերման պահին այդ գույքի իրական արժեքը, ինչպես նաև գույքի արժեքի հետագա փոփոխությունների պատճառով ծագած վնասները, եթե ձեռք բերողն անհիմն հարստացման մասին իմանալուց հետո անմիջապես չի հատուցել գույքի արժեքը։ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորման վերլուծությունից հետևում է, որ քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ կարող են ծագել քաղաքացիական շրջանառության սուբյեկտների ինչպես իրավաչափ, այնպես էլ ոչ իրավաչափ գործողություններից: Այդպիսին է, մասնավորապես, անհիմն հարստացման արդյունքում ծագած պարտավորությունը, որը թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չէ, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների` առաջացնում է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ: Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ անհիմն հարստացման ինստիտուտը քաղաքացիական իրավունքի ինստիտուտներից մեկն է, որի նպատակը քաղաքացիական շրջանառության մասնակիցների գույքային իրավունքների պաշտպանության իրականացումն ապահովելն ու դրան նպաստելն է (տե՛ս, Արթուր Հովհաննիսյանն ընդդեմ Նորիկ Սողոմոնյանի թիվ ԵԷԴ/0540/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.06.2015 թվականի որոշումը)։ Նշված իրավանորմի կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանը մասնավորապես արձանագրել է, որ անհիմն հարստացման հետևանքով պարտավորության առաջացման համար անհրաժեշտ է երկու վավերապայմանների միաժամանակյա առկայությունը` 1. որպեսզի անձը ուրիշի հաշվին ձեռք բերի կամ խնայի գույք, 2. գույքի ձեռք բերումը կամ խնայումը տեղի ունենա իրավական հիմքի բացակայությամբ (տե՛ս, Ա. Եփրեմյանն ընդդեմ Ն. Մանվելյանի թիվ 3-132 (ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը)։ Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է` 1. անձը (ձեռք բերողը) այլ անձի (տուժողի) հաշվին պետք է ձեռք բերի կամ խնայի գույք, այսինքն` ձեռք բերողի մոտ գույքի ավելացումը պետք է պայմանավորված լինի տուժողի մոտ գույքի պակասեցմամբ, 2. գույքը պետք է ձեռք բերվի կամ խնայվի առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի, այսինքն` հարստացումն անօրինական ձևով (տե՛ս, Անժելիկա Գասպարյանն ընդդեմ Զելիմ Սիմոնյանի թիվ ԵԱՔԴ/0455/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը)։ Զարգացնելով անհիմն հարստացման վերաբերյալ նախկինում հայտնած դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը։ Անհիմն հարստացման քաղաքացիաիրավական ինստիտուտի բաղադրատարրերն են` ա) փաստական պայմանները, բ) իրավական պայմանները: Ա) փաստական պայմանները դրսևորվում են` 1. պատասխանողի (ձեռք բերողի) ակտիվների ավելացմամբ, 2. հայցվորի (տուժողի) ակտիվների նվազմամբ, 3. ակտիվների ավելացման և նվազման միջև պատճառական կապով։ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պատասխանողի ակտիվների ավելացումն առկա է, երբ նրա գույքի արժեքը ցանկացած տեսքով դրամական գնահատմամբ աճ է գրանցում, մասնավորապես, երբ առկա է` (ա) նոր գույքի ձեռքբերում, (բ) գոյություն ունեցող գույքի արժեքի ավելացում, (գ) պարտավորությունների նվազում (պատասխանողի պարտքի վճարում, պատասխանողի մոտ առկա ծախսերի խնայում)։ Ինչ վերաբերում է հայցվորին, ապա նրա ակտիվների նվազումը կարող է դրսևորվել` (ա) որևէ պարտավորությամբ չնախատեսված ծախսի, (բ) պատասխանողի պարտքի վճարման, (գ) սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի (դրամական արժեքի) կորստով կամ արժեքի նվազմամբ, (դ) չստացված շահույթի, (ե) չվճարված աշխատանք կատարելու ձևով։ Միաժամանակ, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ հայցվորի և պատասխանողի ակտիվների ավելացման ու նվազման պատճառական կապը նրանց գույքային հարաբերակցությունն է, որտեղ պատասխանողի ակտիվների ավելացումը պայմանավորված է լինում հայցվորի ակտիվների նվազմամբ։ Այդ կապով պայմանավորված ակտիվների շարժը կարող է դրսևորվել ուղղակի և անուղղակի հարաբերակցությամբ: Այսպես, հարաբերակցությունը կարող է լինել ուղղակի, մասնավորապես, երբ (ա) հայցվորի կողմից կատարվում է պատասխանողի պարտքի վճարումը, (բ) հայցվորի կողմից կատարված աշխատանքը, ծառայությունն անվճար չլինելու պայմաններում, պատասխանողի կողմից չի վճարվում, (գ) հայցվորի կողմից պատասխանողի համար ձեռք բերված գույքը չի վճարվում։ Միևնույն ժամանակ, հարաբերակցությունն անուղղակի է, երբ հայցվորի ակտիվները միջնորդավորված եղանակով են մուտք գործում պատասխանողի գույքային կազմում, օրինակ` վարձակալի կողմից պարարտացված հողատարածքի ամելիորացման արդյունքում վարձատուի մոտ առաջացած ակտիվների աճը։ Բ) Իրավական պայմանները. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անհիմն հարստացման քաղաքացիաիրավական ինստիտուտի իրավական բաղադրատարրերն են` 1. պատասխանողի հարստացումը պետք է լինի առանց օրենքով, այլ իրավական ակտով կամ գործարքով սահմանված հիմքերի, 2. անհիմն հարստացման ինստիտուտը կրում է ածանցյալ բնույթ: Հարստացման անհիմն լինելու պահանջը սահմանված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածի 1-ին կետում: Նշված իրավանորմի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ հարստացումն անհիմն է, եթե հայցվորի գործողությունները չեն բխում օրենսդրությամբ պայմանավորված պարտականության կատարումից կամ չեն հանդիսանում պատասխանողի ակտիվների ավելացմանն ուղղված հայցվորի ազատ կամահայտնության հետևանքը: Այսինքն` հարստացման անհիմն բնույթը դրսևորվում է կա՛մ օրենսդրությամբ նախատեսված պարտականության բացակայությամբ (առանց օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված հիմքերի), կա՛մ կամահայտնության իրավաչափությունը պայմանավորող հարստացման պատճառի (նպատակաուղղված կամքի) բացակայությամբ (առանց գործարքով սահմանված հիմքերի)։ Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1093-րդ հոդվածի դրույթների վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ որպես ընդհանուր կանոն` անհիմն հարստացման ինստիտուտը չի հանդիսանում քաղաքացիաիրավական պաշտպանության հիմնական միջոց և գործում է բացառապես այն դեպքերում, երբ վիճելի իրավահարաբերության կարգավորման համար օրենսդիրը չի նախատեսում իրավական պաշտպանության այլ միջոց։ Այդ առումով անհիմն հարստացման ինստիտուտը հանդիսանում է պաշտպանության ածանցյալ եղանակ։ 4.1.2. Վերը ներկայացված իրավական վերլուծության և սույն քաղաքացիական գործի լուծման համար առաջադրված իրավական հարցադրմանը պատասխանելու նպատակով Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև քաղաքացիաիրավական գործարքի և դրա անվավերության իրավական հետևանքների որոշ առանձնահատկություններին` անհիմն հարստացման ինստիտուտի հետ համակցությամբ։ Այսպես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն` գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն: Նշված սահմանման հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական գործարքը կամային, իրավաչափ, արարքի ձևով դրսևորվող իրավաբանական փաստ է, որն առաջ է բերում քաղաքացիաիրավական հետևանք (տե՛ս, Նելլի Հակոբյանը, Ոստան և Արթուր Գևորգյաններն ընդդեմ «Համխաչ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/1013/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը)։ Գործարքի վավերության պայմանները, ամրագրվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` գործարքի ինստիտուտին վերաբերող իրավական նորմերում, վերաբերում են գործարքի կողմ(եր)ի իրավասուբյեկտության սահմաններին, ազատ կամքին, կամքի և կամահայտնության համապատասխանությանը, գործարքի բովանդակությանը, գործարքի ձևին վերաբերող պահանջներին։ Ընդ որում, այդ վավերապայմաններից թեկուզ մեկի բացակայությունն առաջ է բերում քաղաքացիական գործարքի անվավերություն։ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածը նախատեսում է գործարքների անվավերության երկու տեսակ` վիճահարույց (հարաբերական անվավեր) և առոչինչ (բացարձակ անվավեր)։ Օրենսդիրը թե՛ վիճահարույց, և թե՛ առոչինչ գործարքների համար նախատեսել է անվավերության միևնույն իրավական հետևանքները, այն է` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից։ Նշված հոդվածի 2-րդ կետն ամրագրում է անվավեր գործարքի հետևանքները։ Ըստ այդմ, անվավեր գործարքի կողմերը պարտավոր են վերադարձնել գործարքով ստացվածը (երկկողմանի կամ միակողմանի ռեստիտուցիա)։ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ անվավեր գործարքի արդյունքում ձեռք բերված գույքի վերադարձին վերաբերող առանձնահատկությունները կարող են ունենալ հետևյալ դրսևորումները` ա. երբ վերադարձման ենթակա գույքը պահպանել է իր ֆիզիկական ամբողջականությունը, բ. երբ վերադարձման ենթակա գույքի ֆիզիկական ամբողջականությունը պահպանված չէ։ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ եթե առաջին դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի կիրառումը որևէ բարդություն առաջ չի բերում, և յուրաքանչյուր կողմ բնեղենով վերադարձնում է գործարքով ձեռք բերվածը, ապա այն բոլոր դեպքերում, երբ վերադարձման ենթակա գույքը չի պահպանել իր ֆիզիկական ամբողջականությունը, կարող են ի հայտ գալ հետևյալ իրավիճակները. վերադարձման ենթակա գույքը ֆիզիկապես դադարել է գոյություն ունենալ, վերադարձման ենթակա գույքի ֆիզիկական ամբողջականությունը նվազել է, վերադարձման ենթակա գույքի վրա կատարվել են բաժանելի բարելավումներ, վերադարձման ենթակա գույքի վրա կատարվել են անբաժանելի բարելավումներ։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ երբ հնարավոր չէ բնեղենով վերադարձնել գործարքով ձեռք բերվածը, ապա պետք է տրվի դրա դրամական փոխհատուցումը։ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նույն կանոնը ենթակա է կիրառման այն դեպքում, երբ գույքի ֆիզիկական ամբողջականությունը նվազում է։ Նման դեպքում գույքի այն հատվածի փոխարեն, որը բնեղենով վերադարձնելն անհնար է, պետք է տրվի դրա դրամական հատուցումը։ Ինչ վերաբերում է վերադարձման ենթակա գույքի վրա կատարված բաժանելի բարելավումներին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ բարելավումները, չհանդիսանալով անվավեր գործարքի առարկա, չեն կարող ներառվել վերադարձման ենթակա գույքի կազմում, քանի որ ռեստիտուցիայի ինստիտուտը սահմանում է բացառապես նախկին վիճակի վերականգնում։ Այսինքն` բաժանելի գույքն ինքնուրույն գույքային միավոր է, որը ներառված չի եղել գործարքի առարկայի կազմում, ուստի և այդ գույքի նկատմամբ չի կարող կիրառվել ռեստիտուցիայի կանոնը։ Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ եթե գործարքի առարկայի վրա կատարված բարելավումները չեն կարող առանձնացվել` առանց գույքի տնտեսական նշանակությանը վնաս պատճառելու (անբաժանելի բարելավումներ), ապա նման պարագայում գույքի վերադարձման դեպքում այդ բարելավումները ևս հետևում են վերադարձման ենթակա հիմնական գույքի ճակատագրին` անցնելով նոր սեփականատիրոջ կամ տիտղոսային այլ իրավատիրոջ տիրապետության տակ։ Տվյալ դեպքում, ռեստիտուցիայի արդյունքում ձեռք բերողի տիրապետությանն է փոխանցվում այնպիսի գույք, որը ոչ միայն չի հանդիսացել անվավեր գործարքի առարկա, այլև դրա գոյությամբ տեղի է ունենում ձեռք բերողի ակտիվների իրավական հիմքով չնախատեսված ավելացում։ Քննարկվող պարագայում, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում գնահատել այդ ակտիվների իրավական ռեժիմը տնտեսական և իրավական համատեքստում։ Այսպես, տնտեսական առումով` ա. գույք ձեռք բերողի ակտիվներն աճում են` ռեստիտուցիայի արդյունքում իրեն վերադարձված գործարքի նախկին առարկային ավելացված նոր գույքային կազմով, բ. գույք հանձնողի ակտիվները նվազում են` անվավեր գործարքի առարկայի անբաժանելի բարելավումների վրա կատարված ծախսերի կորստով, գ. գույք ձեռք բերողի ակտիվների ավելացումն ուղղակիորեն պայմանավորված է գույքը հանձնողի ակտիվների նվազմամբ։ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ գործարքի անվավերության արդյունքում գույքի վրա կատարված անբաժանելի բարելավումները գործարքի առարկայի հետ փոխանցելով ձեռք բերողին` տնտեսական առումով գույք ձեռք բերողն ունենում է անբաժանելի բարելավումների արժեքին համապատասխան ակտիվների աճ։ Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն բոլոր դեպքերում, երբ գործարքի մի կողմի համար օրենքով սահմանված կարգով ծագում է պարտականություն` ռեստիտուցիայի առարկան վերադարձնել մյուս կողմին, ապա գործարքի առարկայի վրա կատարված անբաժանելի բարելավումները ռեստիտուցիայի արդյունքում դառնալով գործարքի մյուս կողմի սեփականությունը` վերջինիս համար առաջ են բերում ակտիվների աճ։ Եթե այդ աճը պայմանավորված չէ ՀՀ օրենսդրությամբ գործարքի առաջին կողմի վրա դրված պարտականությամբ, կամ գործարքի երկրորդ կողմի ակտիվների աճը պայմանավորված չէ գործարքի առաջին կողմի` անձնական շահ ձեռք բերելու մտադրությամբ, ապա այդ համատեքստում գործարքի առաջին կողմի ակտիվների նվազումը և գործարքի երկրորդ կողմի ակտիվների աճը` որպես պատճառահետևանքային կապով պայմանավորված արժեքային հարաբերակցության փոխանցում մի կողմից մյուսին, առաջ է բերում այդ բարելավումների նկատմամբ գործարքի երկրորդ կողմի օրենքով չնախատեսված սեփականության իրավունք, իսկ գործարքի առաջին կողմի համար` սեփականության իրավունքի դադարում։ Այսինքն` ավելացված ակտիվները դառնում են սեփականություն` առանց իրավական հիմքի։ Իրավական առումով` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների` առաջացնում են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ: Նշված հոդվածի համատեքստում գործնական կարևորություն է ձեռք բերում այն հարցի պարզումը, թե ՀՀ օրենսդրությամբ արդյոք նախատեսված է իրավական հիմք, որի կիրառմամբ անբաժանելի բարելավումները ռեստիտուցիայի առարկայի հետ միասին վերադարձնելիս դրա նկատմամբ ձեռք բերողի մոտ կծագի սեփականության իրավունք: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածը սահմանում է այն իրավական հիմքերի սպառիչ ցանկը, որոնցով պայմանավորված իրավաբանական փաստի վրա հասնելու դեպքում քաղաքացիական իրավունքի սուբյեկտի մոտ կարող է ծագել սեփականության իրավունք: Այս իրավանորմն ունի բացարձակ որոշակի բնույթ և նրանում ամրագրված սեփականության իրավունքի ձեռքբերման հիմքերը բովանդակային առումով կամայական ընդլայնման չեն կարող ենթարկվել: Նշված հոդվածի բովանդակությունից բխում է, որ սեփականության իրավունքի ծագման հիմքերը կարող են լինել` 1. սկզբնական, երբ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ծագում է առաջին անգամ` որպես նոր ստեղծված գույք, 2. ածանցյալ, երբ տեղի է ունենում գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման իրավահաջորդություն: Սեփականության իրավունքի ձեռքբերման սկզբնական եղանակի դեպքում, օրենքի և այլ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ, անձի կողմից իր համար պատրաստած կամ ստեղծած նոր գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք է բերում այդ անձը, իսկ ածանցյալ եղանակի` մասնավորապես պայմանագրային հարաբերություններում, գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագումը կախվածության մեջ է դրվում գործարքով նախատեսված պայմաններից: Վերոգրյալ իրավակարգավորման համատեքստում կարելի է արձանագրել հետևյալը. 1. գույքի վրա կատարված բարելավումները ենթակա են որակման որպես նոր ստեղծված կամ պատրաստված գույք, 2. այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ծագում է այն ստեղծողի կամ պատրաստողի մոտ, եթե բարելավումները կատարվել են իր սպառմանը ծառայացնելու համար, 3. գույքի բաժանելի բարելավումը, ռեստիտուցիայի արդյունքում, ենթակա է վերադարձման բաժանելի բարելավումները ստեղծած անվավեր գործարքի կողմին, 4. գույքի անբաժանելի բարելավումները ռեստիտուցիայի առարկայի հետ ձեռք բերողին հանձնելիս` նրա մոտ առաջ են բերում լրացուցիչ ակտիվներ, որոնց իրավատերը շարունակում է մնալ այդ բարելավումները կատարած գործարքի կողմը: Նշվածի համատեքստում հարկ է իրավական վերլուծության ենթարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1093-րդ հոդվածի 3-րդ կետը, որի համաձայն` եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով, այլ օրենքներով կամ այլ իրավական ակտերով և չի բխում համապատասխան հարաբերությունների էությունից, նույն գլխում նախատեսված կանոնները ենթակա են կիրառման նաև անվավեր գործարքով կատարվածը վերադարձնելու պահանջների նկատմամբ: Քննարկվող պարագայում, եթե անվավեր գործարքի կողմերին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ կետը պարտավորեցնում է վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, ապա այդ գործարքի առարկայի վրա կատարված բարելավումները, ներառված չլինելով վերադարձման ենթակա գույքի ծավալի մեջ, բաժանելի լինելու դեպքում, ենթակա են առանձնացման անվավեր գործարքի առարկայի կազմից` դրանք թողնելով բարելավումները կատարած կողմին: Անբաժանելի բարելավումների դեպքում, երբ բարելավումները բնեղենով վերադարձնելն անհնար է, ապա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1095-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, անհիմն հարստացման միջոցով գույքը ձեռք բերողը պետք է տուժողին հատուցի ձեռքբերման պահին այդ գույքի իրական արժեքը: Տվյալ դեպքում, անհիմն հարստացման ինստիտուտը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1093-րդ հոդվածում նախատեսված փաստակազմի պայմաններում, հանդիսանալով condictiones sine causa քաղաքացիաիրավական պաշտպանության սուբսիդիար եղանակ, իրավական հնարավորություն է ստեղծում անվավեր գործարքի նկատմամբ ռեստիտուցիայի կանոնի կիրառմումից զատ, գործարքի առարկայի մեջ բարելավում կատարած կողմին վերադարձնել այդ բարելավումը (դրա արժեքը), որը գործարքի կնքման պահին ներառված չի եղել գործարքի առարկայի կազմում: Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ. Սույն գործի փաստերի համաձայն` Գագիկ Բարսեղյանի և Սեդրակ Բարսեղյանի միջև 03.12.2004 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Գագիկ Բարսեղյանը վաճառել, իսկ Սեդրակ Բարսեղյանը, որպես սեփականություն, 8.000.000 ՀՀ դրամով ձեռք է բերել Հյուրանոցը: Պայմանագիրը վավերացվել է նոտարական կարգով: Այնուհետ, կողմերի միջև 03.12.2004 թվականին կնքված պայմանագրի հիման վրա Հյուրանոցի նկատմամբ 13.07.2007 թվականին գրանցվել է Սեդրակ Բարսեղյանի սեփականության իրավունքը: Թիվ ԱՐԱԴ2/0045/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.11.2015 թվականին կայացված որոշմամբ բեկանվել և փոփոխվել է ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 14.07.2015 թվականի վճիռը. Գագիկ Բարսեղյանի հայցը բավարարվել է, իսկ Գագիկ Բարսեղյանի և Սեդրակ Բարսեղյանի միջև Թալինի նոտարական գրասենյակում 03.12.2004 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի նկատմամբ կիրառվել են կեղծ` առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ, և որպես հետևանք` Հյուրանոցի նկատմամբ վերականգնվել է Գագիկ Բարսեղյանի սեփականության իրավունքը: Միաժամանակ, գործի նյութերով, մասնավորապես` ներկայացված հայտարարություններով, վկաների ցուցմունքներով, «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից տրված փորձագիտական եզրակացությամբ, հիմնավորվում է նաև, որ Հյուրանոցի վրա Սեդրակ Բարսեղյանի տիրապետության տակ գտնվելու ժամանակահատվածում կատարվել են անբաժանելի բարելավումներ` շինարարական և վերանորոգման աշխատանքներ: Ընդ որում, նշված փաստը չի հերքվում նաև բողոք բերած անձի կողմից: Դատարանը հայցի մերժման հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ Հյուրանոցի նկատմամբ վերականգնվել է պատասխանողների սեփականությունն օրինական ուժ ստացած դատական ակտով` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.11.2015 թվականի որոշմամբ: Միաժամանակ, Դատարանը թեև փաստել է, որ հայցվոր կողմը հիմնավորել է, որ Հյուրանոցի նկատմամբ կատարել է վերանորոգման աշխատանքներ, սակայն հայցվորն իրավունք ձեռք չի բերել որպես անհիմն հարստացման գումար հետ պահանջելու իր կողմից կատարված ներդրումների գումարը, քանի որ չի կարողացել հիմնավորել, որ պատասխանողն իր հաշվին անհիմն հարստացել է: Վերաքննիչ դատարանը, 24.01.2019 թվականի որոշմամբ մասնակիորեն բավարարելով Սեդրակ Բարսեղյանի վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ պատասխանողների անհիմն հարստացումը տվյալ դեպքում «պայմանավորված է 12.12.2004 թվականից (երբ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի ուժով հայցվոր Սեդրակ Բարսեղյանը Հյուրանոցի նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք) մինչև 23.12.2015 թվականն ընկած ժամանակահատվածում Հյուրանոցի նկատմամբ հայցվորի կատարած ծախսերի և բարելավումների արժեքի արդյունքում պատասխանողի մոտ գրանցված գույքի ավելացմամբ, իսկ հայցվորի մոտ` գույքի պակասեցմամբ: Ընդ որում, հայցվոր Սեդրակ Բարսեղյանի կողմից կատարված ծախսերն ու Հյուրանոցի շուրջ կատարված բարելավումների արժեքը պատասխանողները խնայել են առանց որևէ օրինական հիմքի»: Արդյունքում, Վերաքննիչ դատարանն ապացուցված է համարել պատասխանողների` անհիմն հարստացման առկայության փաստը: Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ սույն որոշման 4.1 կետում ներկայացված վերլուծությունների հաշվառմամբ անհրաժեշտ է պարզել, թե` 1. արդյո՞ք Հյուրանոցի նկատմամբ սեփականության իրավունքի վերականգնման և Հյուրանոցն իրենց տիրապետության տակ անցնելուց հետո պատասխանողների ակտիվներն ավելացել են, մասնավորապես` արդյո՞ք ավելացել է Հյուրանոցի արժեքը, 2. արդյո՞ք Հյուրանոցը Սեդրակ Բարսեղյանի տիրապետության տակ գտնվելու ժամանակահատվածում Սեդրակ Բարսեղյանի ակտիվները նվազել են, 3. արդյո՞ք պատասխանողների ակտիվների ավելացման և Սեդրակ Բարսեղյանի ակտիվների նվազեցման միջև առկա է պատճառական կապ: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերով հիմնավորվել է, որ կողմերի միջև 03.12.2004 թվականին անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի կնքման պահից մինչև 23.12.2015 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից թիվ ԱՐԱԴ2/0045/02/14 քաղաքացիական գործով 13.11.2015 թվականի որոշման օրինական ուժի մեջ մտնելու պահը վիճելի Հյուրանոցը գտնվել է Սեդրակ Բարսեղյանի տիրապետության ներքո: Նաև հիմնավորվել է, որ Սեդրակ Բարսեղյանի կողմից Հյուրանոցի վրա կատարվել են վերանորոգման և շինարարական աշխատանքներ: Այսինքն` վիճելի Հյուրանոցի վրա նշված գործողությունների կատարման արդյունքում Սեդրակ Բարսեղյանի ակտիվները նվազել են (կատարվել են ծախսեր): Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ փաստորեն կողմերի միջև կնքված և հետագայում անվավեր ճանաչված պայմանագրի արդյունքում պատասխանող կողմին վերադարձված գույքը չի պահպանել իր նախնական ֆիզիկական վիճակը. դրա վրա կատարվել են անբաժանելի բարելավումներ: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշման հիման վրա Հյուրանոցը Գագիկ Բարսեղյանի տիրապետությանը վերադարձնելու պայմաններում կատարված անբաժանելի բարելավումները ևս անցել են պատասխանող կողմի տիրապետության տակ: Ուստի, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Հյուրանոցի վրա կատարված անբաժանելի բարելավումները Հյուրանոցի հետ փոխանցելով պատասխանող կողմին` տնտեսական առումով պատասխանողների ակտիվներն աճել են` անբաժանելի բարելավումների արժեքին համապատասխան։ Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվորի ակտիվների նվազման և պատասխանողների ակտիվների աճի միջև առկա է պատճառահետևանքային կապ։ Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Սեդրակ Բարսեղյանի կողմից կատարված անբաժանելի բարելավումների արդյունքում Գագիկ Բարսեղյանի սեփականության իրավունքը ներառել է նաև այդ բարելավումները, սակայն վերջինս եղել է առանց ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածով սահմանված հիմքերից որևէ մեկի: Հիմք ընդունելով սույն որոշման 4.1.2 կետով ներկայացված վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ վիճելի իրավահարաբերությունը ծագել է կողմերի միջև 03.12.2004 թվականին կնքված գործարքի անվավերության հետևանքների կիրառման արդյունքում, գտնում է, որ տվյալ դեպքում կիրառման են ենթակա անհիմն հարստացման ինստիտուտի դրույթները: Հետևաբար, անհիմն հարստացման ինստիտուտի կանոնների պահպանմամբ պատասխանողները պարտավոր են հատուցել Սեդրակ Բարսեղյանին պատճառված վնասը` վերադարձնելով անհիմն հարստացման արդյունքում ստացած գումարը, ինչպես որ արձանագրվել է Վերաքննիչ դատարանի կողմից: Վճռաբեկ դատարանի նման հետևությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ առերևույթ, առանց իրավական հետևանքներ առաջացնելու նպատակով կնքված կեղծ գործարքը չի կարող առաջացնել որևէ իրավական հետևանք, այդ թվում` չի կարող հանգեցնել այնպիսի իրավիճակի, որ գործարքի կողմերից մեկը մյուսի հաշվին «հարստանա»։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անվավեր գործարքն առաջացնում է միայն այնպիսի իրավաբանական հետևանքներ, որոնք կապված են գործարքի անվավերության հետ։ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ կեղծ գործարքի դեպքում այդ հետևանքներն են ինչպես նախկին սեփականատիրոջ տիտղոսի վերականգնումը (տե՛ս, Ալբերտ Պետրոսյանի սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանն ընդդեմ «Նորովի» ՍՊԸ-ի թիվ ԿԴ1/0935/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը), որը տեղի է ունեցել 25.01.2016 թվականին` Գագիկ Բարսեղյանի իրավունքի պետական գրանցմամբ, այնպես էլ նախքան անվավեր գործարքը եղած իրադրության ամբողջական վերականգմամբ (ռեստիտուցիայով), որը տեղի է ունենում այնպիսի իրավիճակներում, երբ կեղծ գործարքն ամբողջությամբ կամ մասնակի կատարվում է (ինչը վերոգրյալ` թիվ ԿԴ1/0935/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի հայտնած դիրքորոշման համաձայն` արգելք չէ գործարքը կեղծ դիտարկելու համար)։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով կեղծ գործարքի անվավերության հետևանքները լիարժեք իրացված համարելու նպատակով անհրաժեշտ է, որ նաև կողմերի ունեցած ակտիվների արժեքի տեսանկյունից վերականգնվի այն իրադրությունը, որը եղել է նախքան կեղծ գործարքի կնքումը։ Նկատի ունենալով, որ վերը շարադրված պատճառաբանություններով հիմնավորվել է ինչպես Սեդրակ Բարսեղյանի ակտիվների նվազումը և պատասխանողների ակտիվների աճը, այնպես էլ դրանց միջև պատճառահետևանքային կապը, իսկ անվավեր գործարքով ստացածը վերադարձնելու` սույն գործով կիրառման ենթակա կառուցակարգն անհիմն հարստացման իրավանորմներն են, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն իրավաչափորեն կիրառել է անհիմն հարստացման կանոնները: Միաժամանակ, անդրադառնալով անհիմն հարստացման գումարի չափին` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ թեև գործի նյութերով հիմնավորվել է, որ հայցվորն իր սեփական միջոցներով իրականացրել է Հյուրանոցի բարելավման աշխատանքներ, այդուհանդերձ` Վերաքննիչ դատարանը գտել է, որ պատասխանողներից բռնագանձման ենթակա գումարի չափը հաշվարկելու համար բավավար էր միայն գնահատել հայցվորի` Հյուրանոցի վրա կատարած ներդրումների սահմաններն ու «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի կողմից տրված` փորձագիտական եզրակացության լույսի ներքո կատարված հաշվարկը: Արդյունքում, հայցի մասնակի բավարարման հիմքում Վերաքննիչ դատարանը դրել է «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի կողմից կատարված փորձագիտական եզրակացությունը: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, համապատասխան եզրահանգման գալուց առաջ, պատասխանողների կողմից անհիմն հարստացման գումարի չափը որոշելիս, պետք է «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի կողմից տրված փորձագիտական եզրակացությունը համադրեր գործում առկա այլ ապացույցների հետ: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն անհիմն հարստացման գումարի չափը որոշելիս պետք է ոչ միայն առաջնորդվեր «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի կողմից տրված փորձագիտական եզրակացության արդյունքներով, այլ նաև այն համադրեր գործում առկա այլ ապացույցների` ներկայացված հայտարարությունների, վկաների ցուցմունքների, պատասխանողների կողմից ներկայացված «Դատէքսպերտ» ՍՊԸ-ի կողմից 08.12.2017 թվականին տրված փորձագետի եզրակացության հետ, որից հետո միայն հանգեր համապատասխան եզրակացության: Ուստի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի նոր քննության ընթացքում, դատարանն իրավաչափ եզրակացության համար, համադրելով գործում առկա ապացույցները, պետք է պարզի, թե իրականում որքան գումար է հայցվորը ներդրել Հյուրանոցի վերանորոգման, ինչպես նաև` շինարարարական այլ աշխատանքների համար, այդ աշխատանքների իրականացման արդյունքում որքանով է ավելացել Հյուրանոցի շուկայական արժեքը, արդյունքում` որքան են կազմում Հյուրանոցի վրա հայցվորի կողմից կատարված ուղղակի ծախսերը: 4.2. Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է` հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1097-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ով անհիմն ստացել կամ խնայել է գույք, պարտավոր է տուժողին հատուցել կամ վերադարձնել այն բոլոր եկամուտները, որոնք նա ստացել է կամ կարող էր ստանալ այդ գույքից` սկսած այն օրվանից, երբ իմացել է կամ պետք է իմանար հարստացման անհիմն լինելու մասին։ Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` անհիմն դրամական հարստացման գումարի վրա ենթակա են հավելագրման ուրիշի միջոցներից օգտվելու համար տոկոսներ (հոդված 411) սկսած այն օրվանից, երբ ձեռք բերողն իմացել է կամ պետք է իմանար դրամական միջոցների ստացման կամ խնայման անհիմն լինելու մասին: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Սույն նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև ընդհանուր կանոնն այն է, որ անհիմն հարստացման դեպքում ձեռք բերողը պարտավոր է տուժողին հատուցել կամ վերադարձնել այն բոլոր եկամուտները, որոնք նա ստացել է կամ կարող էր ստանալ այդ գույքից, սակայն օրենսդիրը դրամական եղանակով անհիմն հարստացման դեպքում սահմանել է նաև հատուկ կանոն` անհիմն դրամական հարստացման գումարի վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների հավելագրման հնարավորություն։ Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ կարող են հաշվել միայն այն դեպքում, երբ տուժողի ակտիվների նվազեցումը և ձեռք բերողի ակտիվների ավելացումը տեղի է ունեցել ուղղակիորեն դրամական միջոցների հաշվին (օրինակ` ձեռք բերողը տուժողի հաշվին ստացել է դրամական գումար)։ Այլ` այդ թվում գույքի արժեքի վրա կատարված բարելավումների միջոցով գույքի արժեքի ավելացման դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների հավելագրման հնարավորություն օրենսդիրը չի սահմանել։ Սույն գործով Դատարանը, մերժելով 246.517.000 ՀՀ դրամ անհիմն հարստացման գումարը բռնագանձելու պահանջը, մերժել է նաև այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները բռնագանձելու պահանջը։ Վերաքննիչ դատարանը, ամբողջությամբ բեկանելով և փոփոխելով Դատարանի վճիռը և մասնակի բավարարելով հայցապահանջը 221.864.000 ՀՀ դրամ գումարի բռնագանձման մասով, բավարարել է նաև նշված գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների հաշվեգրման պահանջը` պատճառաբանելով, որ նշված նորմով սահմանված կարգավորումն ընդհանուր կանոն է և գործում է դրամական պարտավորությունների խախտման բոլոր այն դեպքերում, երբ այլ կարգավորում սահմանված չէ օրենքով կամ պայմանագրով։ Ուստի, եզրահանգել է, որ սկսած 23.12.2015 թվականից անհիմն հարստացած գումարի` 221.864.000 ՀՀ դրամի նկատմամբ ենթակա են հաշվարկման ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները։ Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1097-րդ հոդվածի կարգավորումն այն մասին, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ կարող են հաշվարկվել միայն անհիմն դրամական հարստացման գումարի վրա։ Հետևաբար, դրանք կիրառելի չեն այլ եղանակներով անհիմն հարստացման դեպքում։ Նկատի ունենալով, որ սույն գործով անհիմն հարստացումը դրսևորվել է անշարժ գույքի արժեքի ավելացմամբ, այլ ոչ թե դրամական միջոցների ձեռքբերմամբ կամ խնայմամբ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում անհիմն հարստացած գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները ենթակա չեն հաշվեգրման: Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու ու վերը նշված հանգամանքները պարզելու նպատակով գործը նոր քննության ուղարկելու համար: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտը մասնակիորեն` անհիմն հարստացման գումարի չափի և դրա նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվեգրվող տոկոսները բռնագանձելու և այդ մասերով դատական ծախսերը բաշխելու մասը, բեկանելու և գործն այդ մասով առաջին ատյանի դատարան ուղարկելու համար: Հարկ է ընդգծել նաև, որ Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի որոշումը վերանայում է միայն պատասխանող Գագիկ Բարսեղյանի մասով` նկատի ունենալով, որ պատասխանող Կարինե Բաղդասարյանը վճռաբեկ բողոք չի ներկայացրել։ 5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են [«Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին համապատասխան: Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը ՈՐՈՇԵՑ 1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակի: Մասնակիորեն բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.01.2019 թվականի որոշումը` անհիմն հարստացման գումարի չափի և դրա նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվեգրվող տոկոսները բռնագանձելու և այդ մասերով դատական ծախսերը բաշխելու մասը, և գործն այդ մասերով ուղարկել ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.01.2019 թվականի որոշումը` մնացած մասերով, թողնել օրինական ուժի մեջ: 2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում: 3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող Զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ Հ. ԲԵԴԵՎՅԱՆ Մ. ԴՐՄԵՅԱՆ Գ. ՀԱԿՈԲՅԱՆ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ Հատուկ կարծիք հայտնած դատավոր` Գ. Հակոբյան