Վճռաբեկ դատարան · Քաղաքացիական
ԼԴ4/0062/04/17
- Գործի համարը
- ԼԴ4/0062/04/17
- Հայցվոր
- «ԷՅ ԷԼ ԷՅ» ՍՊԸ
- Պատասխանող
- «ԼՕԶԷ» ՍՊԸ
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 25.12.2022
- Քաղաքացիական իրավունք
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Սնանկության գործ թիվ ԼԴ4/0062/04/17
դատարանի որոշում 2022թ.
Սնանկության գործ թիվ ԼԴ4/0062/04/17
Նախագահող դատավոր` Ն. Բարսեղյան
Դատավորներ՝ Ա․ Խառատյան
Ս․ Թորոսյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող
զեկուցող
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս․ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
2022 թվականի նոյեմբերի 25-ին
գրավոր ընթացակարգով քննելով «ԼՕԶԷ» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.01.2020 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի «ԷՅ ԷԼ ԷՅ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ «ԼՕԶԷ» ՍՊԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն)՝ Կազմակերպությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Կազմակերպությանը ճանաչել սնանկ:
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Մկոյան) 02.10.2017 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ա. Պետրոսյան, դատավորներ՝ Ա. Մկրտչյան, Ա. Սմբատյան) 31.05.2018 թվականի որոշմամբ Կազմակերպության բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 02.10.2017 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Մկոյան) 15.11.2017 թվականի որոշմամբ հաստատվել է Կազմակերպության սնանկության գործով պարտատերերի պահանջների նախնական ցուցակը՝ որպես վերջնական:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ա. Սմբատյան, դատավորներ՝ Ն. Մարգարյան, Ա. Պետրոսյան) 28.06.2018 թվականի որոշմամբ Կազմակերպության բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ ««ԼՕԶԷ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» 15.11.2017 թվականի որոշումը վերացվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան՝ պահանջների վերջնական ցուցակը հաստատելու հարցի վերաբերյալ նոր քննության:
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր՝ Ա. Աթաբեկյան) (այսուհետ` Դատարան) 23.09.2019 թվականի վճռով դիմումը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.01.2020 թվականի որոշմամբ Կազմակերպության ներկայացուցչի և Կազմակերպության սնանկության գործերով կառավարիչ Արթուր Սարգսյանի վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 23.09.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը (ներկայացուցիչ` Հակոբ Սաֆարյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը, 17-րդ հոդվածի 3-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքը վրա է հասնում այն դեպքում, երբ պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետևանքով պարտապանի անվճարունակությունը դադարում է կամ սնանկության հիմքերը վերանում են, այսինքն՝ նշված նորմի բովանդակությունից հետևում է, որ ժամանակավոր կառավարչի վարձատրությունը, ինչպես նաև դատական ծախսերը դատարանը կարող է դնել պարտապանի վրա այն դեպքում, երբ դիմումը դատարան ներկայացնելուց հետո պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետևանքով պարտապանը դադարում է անվճարունակ լինելուց կամ այդ նույն հիմքով վերանում են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված սնանկ ճանաչելու հիմքերը: Մնացած բոլոր դեպքերում սնանկության դիմումը մերժելու մասին վճիռ կայացնելիս «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը կիրառելի չէ: Մինչդեռ սույն գործով սնանկության դիմումը մերժվել է ոչ թե դիմումը դատարան ներկայացնելուց հետո Կազմակերպության կողմից պարտքը լրիվ կամ մասնակի մարելու հետևանքով, այլ բոլորովին այլ հիմքով, մասնավորապես՝ Կազմակերպությունը մինչև սույն գործով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 02.10.2017 թվականին վճիռ կայացնելը և մինչև սնանկության գործի առկայության մասին տեղեկանալը, 29.09.2017 թվականին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 31.05.2016 թվականի վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք և վիճարկել Ընկերության հանդեպ ունեցած ենթադրյալ պարտավորությունները: Այսինքն, Կազմակերպությունը սույն գործով լրիվ կամ մասնակի որևէ պարտքի մարում չի կատարել և այդ հիմքով չէ, որ սնանկության դիմումը մերժվել է, ինչը նշանակում է, որ սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրությունը, ինչպես նաև դատական ծախսերը վճարելու պարտականությունը պետք է դրվեր Ընկերության, այլ ոչ թե Կազմակերպության վրա:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «մասնակի՝ Կազմակերպության՝ դատական ծախսերի մասով ներկայացված վերաքննիչ բողոքը մերժելու մասով, բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 14.01.2020 թվականի որոշումը և Կազմակերպության բողոքը բավարարելու արդյունքում մասնակի՝ վճռի եզրափակիչ մասի երկրորդ և երրորդ կետերի մասով, բեկանել Դատարանի 23.09.2019 թվականի վճիռը և այն փոփոխել՝ սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրության, պետական տուրք և այլ դատական ծախսեր վճարելու պարտականությունը դնել Ընկերության վրա»:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Կազմակերպության դեմ ներկայացված դիմումով հայտնելով, որ վերջինիս դրամային պարտավորությունը 01.04.2017 թվականի դրությամբ կազմում է 5.822.163 ՀՀ դրամ և 60.000 ՀՀ դրամ պետական տուրք, որպիսի պարտավորությունն առաջացել է 19.12.2010 թվականի ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա և, որ նշվածը հիմնավորվում է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 31.05.2016 թվականի թիվ ԵԿԴ/0172/02/16 վճռով, Ընկերությունը խնդրել է Կազմակերպությանը ճանաչել սնանկ, իսկ պետական տուրքի վճարումը հետաձգել և դրան անդրադառնալ վճռով (Հատոր 1, գ.թ. 5-6).
2) Դատարանի 23.09.2019 թվականի վճռով Ընկերության դիմումն ընդդեմ Կազմակերպության՝ վերջինիս սնանկ ճանաչելու պահանջի մասին, մերժվել է: Դատարանը վճռել է 2017 թվականի մայիսի 17-ից մինչև 2017 թվականի հոկտեմբերի 05-ը և 2018 թվականի մայիսի 31-ից մինչև 2019 թվականի սեպտեմբերի 23-ը հաշվարկել և պարտապան Կազմակերպությունից հօգուտ սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Արթուր Սարգսյանի բռնագանձել վերջին տարում պարտապանի տնօրենի տարեկան վաստակի 1/12 չափով գումար, Կազմակերպությունից, որպես պետական տուրք, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե բռնագանձել 500.000 ՀՀ դրամ գումար (Հատոր 9, գ.թ. 62-92).
3) Վերաքննիչ դատարանի 14.01.2020 թվականի որոշմամբ Ընկերության և Կազմակերպության՝ Դատարանի 23.09.2019 թվականի թիվ ԼԴ4/0062/04/17 վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքները մերժվել են՝ Դատարանի 23.09.2019 թվականի թիվ ԼԴ4/0062/04/17 վճիռը թողնվել է անփոփոխ (Հատոր 10, գ.թ. 53-59).
4) Թիվ ԵԿԴ/0172/02/16 քաղաքացիական գործով 30.03.2022 թվականին օրինական ուժի մեջ մտած դատական ակտով Ընկերության հայցն ընդդեմ Կազմակերպության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, մերժվել է՝ Ընկերության կողմից Կազմակերպությանը 19.12.2010 թվականին կնքված հաշվապահական ծառայությունների մատուցման թիվ 01/12-2010 պայմանագրում նշված ծառայությունները փաստացի մատուցված լինելու հանգամանքը ապացուցված չլինելու հիմքով:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`
1) սնանկության հիմքերի բացակայությամբ պայմանավորված սնանկ ճանաչելու պահանջի վերաբերյալ դիմումը մերժելու մասին վճռով դատական ծախսերը փոխհատուցելու և ժամանակավոր կառավարչի վարձատրությունը վճարելու պարտավորությունը պարտապանի վրա դնելու կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր,
2) Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի այնպիսի խախտում, որով խաթարվել է արդարադատության բուն էությունը:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն իրավական հարցին, թե այն դեպքում, երբ դիմումը դատարան ներկայացնելուց հետո օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հիմնավորվում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը, դիմումը մերժելու մասին վճռով ում վրա պետք է դրվի կառավարչի վարձատրության վճարման և դատական ծախսերի փոխհատուցման պարտավորությունը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սնանկությունը պարտապանի անկարողությունն է` կատարելու (վճարելու) սեփական երկարաժամկետ պարտավորությունները, այլ կերպ` սնանկությունն անձի անվճարունակությունն է (տե'ս, Աշոտ Գրիգորյանն ընդդեմ Սամվել և Տիգրան Օհանյանների` թիվ ԵԱՔԴ/2709/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.06.2021 թվականի որոշումը):
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով օրենսդիրը սպառիչ կերպով ներկայացրել է այն վավերապայմանները, որոնց առկայության դեպքում միայն անձը պարտատիրոջ պահանջով կարող է ճանաչվել սնանկ: Մասնավորապես՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է: Նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ պարտապանը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել`
1) հարկադրված սնանկության դիմումի հիման վրա` եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։ Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն`
ա) վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը,
բ) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),
գ) պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),
դ) պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը. (….):
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե դիմումը դատարան ներկայացնելուց հետո պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետևանքով պարտապանը դադարում է անվճարունակ լինելուց կամ նույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված հիմքերը վերանում են, ապա դիմումը մերժելու մասին վճռով դատարանը պարտավորեցնում է պարտապանին փոխհատուցել դատական ծախսերը:
Հիշատակված իրավանորմերի բովանդակությունից բխում է, որ հարկադրված սնանկության դիմումի հիման վրա պարտապանին դատարանի վճռով սնանկ ճանաչելու համար անհրաժեշտ է հիմնավորել անձի վճարային պարտավորության անվիճելիությունը, այդպիսի պարտավորության առնվազն 60-օրյա ժամկետով կետանցը և վճռի կայացման պահին այդպիսի կետանցի շարունակվելը, իսկ սնանկության դիմումը մերժելու դեպքում հարկադիր սնանկության դիմում ներկայացնողի կրած դատական ծախսերը փոխհատուցելու և սնանկության ժամանակավոր կառավարչին վճարելու պարտականությունը պարտապանի մոտ ծագում է բացառապես
ա) պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետևանքով անվճարունակ լինելը դադարելու
կամ
բ) «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերը վերանալու դեպքում:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը մերժելու մասին վճիռ կայացվում է կա՛մ այն դեպքում, երբ դիմումը դատարան ներկայացնելուց հետո պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետևանքով պարտապանը դադարում է անվճարունակ լինելուց, կա՛մ այն դեպքում, երբ դիմումը դատարան ներկայացնելուց հետո «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված հիմքերը վերանում են:
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետևանքով պարտապանի անվճարունակությունը դադարելու կամ սնանկության հիմքերը վերանալու դեպքերում սնանկության դիմումը մերժելու մասին վճիռ կայացնելու պայմաններում սնանկության ժամանակավոր կառավարչին վարձատրություն վճարելու պարտականությունը պարտապանի վրա դնելով՝ օրենսդիրը նպատակ է հետապնդել ապահովելու սնանկության վարույթի օբյեկտիվությունը և մասնակիցների միջև շահերի հավասարակշռումը, քանի որ վերը նշված դեպքերում օրենքի ուժով ծագում է սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրության իրավունքը, որը չի կարող կատարվել պարտատիրոջ հաշվին, այլապես կստացվի մի իրավիճակ, երբ պարտապանի դրսևորած վարքագծի հետևանքով առաջացած դատավարական հետևանքները պետք է կրի պարտատերը: Սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրության իրավունքն էլ չի կարող սահմանափակվել որևէ հիմքով՝ նկատի ունենալով, որ օրենսդիրը վարձատրության իրավունքը սահմանելիս այն կախվածության մեջ չի դրել որևէ հանգամանքից (տե´ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ «Էտտո Քիդս» ՍՊԸ-ի թիվ ԵՇԴ/0078/04/17 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն անդրադարձել է վերոգրյալ նորմերի վերլուծությանը և արձանագրել է, որ հարկադրված սնանկության դեպքում վճարային պարտավորության անվիճելիությունը, այդպիսի պարտավորության առնվազն 60-օրյա ժամկետով կետանցը և վճռի կայացման պահին այդպիսի կետանցի շարունակվելն այն երեք պայմաններն են, որոնցից յուրաքանչյուրի առկայությունն անհրաժեշտ է, իսկ բոլորինը միասին բավարար անձին սնանկ ճանաչելու համար: Վճարային պարտավորության անվիճելիությունն առկա է այն դեպքում, երբ պարտապանը չի առարկում սնանկ ճանաչելու պահանջի դեմ (տե'ս, «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Գևորգ Հարոյանի թիվ ԵՇԴ/0009/04/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերությունն ընդդեմ Կազմակերպության դիմում է ներկայացրել դատարան, որով հայտնելով, որ վերջինիս դրամային պարտավորությունը 01.04.2017 թվականի դրությամբ կազմում է 5.822.163 ՀՀ դրամ և 60.000 ՀՀ դրամ պետական տուրք, որպիսի պարտավորությունն առաջացել է 19.12.2010 թվականի ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա և, որ նշվածը հիմնավորվում է թիվ ԵԿԴ/0172/02/16 գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 31.05.2016 թվականի վճռով, խնդրել է Կազմակերպությանը ճանաչել սնանկ:
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 02.10.2017 թվականի վճռով Ընկերության ներկայացրած դիմումը բավարարվել է՝ Կազմակերպությունը ճանաչվել է սնանկ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 31.05.2018 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը բավարարել է՝ ամբողջությամբ բեկանել է թիվ ԼԴ4/0062/04/17 սնանկության գործով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 02.10.2017 թվականի վճիռը և գործն ուղարկել է նույն դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:
Դատարանը 23.09.2019 թվականի վճռով Կազմակերպությանը սնանկ ճանաչելու պահանջի վերաբերյալ Ընկերության դիմումը մերժել է՝ այն պատճառաբանությամբ, որ սնանկ ճանաչելու պահանջի մասին դիմումի հիմքում դրված՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 31.05.2016 թվականի թիվ ԵԿԴ/0172/02/16 քաղաքացիական գործով կայացված վճռով Ընկերության հայցը բավարարվել է, սակայն ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.04.2018 թվականի թիվ ԵԿԴ/0172/02/16 քաղաքացիական գործով կայացված որոշմամբ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 31.05.2016 թվականի վճիռը բեկանվել է և ուղարկվել է նույն դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության և, որ սնանկության դիմումի հիմքում ընկած հանգամանքները վիճարկվում են քաղաքացիական դատավարության կարգով, ինչն էլ իր հերթին վիճելի է դարձնում սույն գործով սնանկ ճանաչելու դիմումի հիմքում ընկած փաստերով ներկայացված պահանջը: Արդյունքում Դատարանը եզրահանգել է, որ պարտատիրոջ նկատմամբ Կազմակերպության պարտավորությունը վիճելի է, այսինքն բացակայում է սնանկության հատկանիշներից մեկը, ուստի սնանկ ճանաչելու համար պարտադիր պայման հանդիսացող վերջինիս կողմից պարտատիրոջ հանդեպ թույլ տրված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանցի, պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի կայացման պահին նշված կետանցի շարունակելիության և վճարային պարտավորության անվիճելիության միաժամանակյա առկայությունը բացակայում է, հետևաբար սնանկության հատկանիշներից որևէ մեկի բացակայության դեպքում անհնարին է դառնում պարտապանին սնանկ ճանաչելը:
Անդրադառնալով դատական ծախսերի բաշխման հարցին և արձանագրելով, որ պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմումը դատարան ներկայացնելուց հետո «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված հիմքերը վերացել են, ինչի հետևանքով դիմումը ենթակա է մերժման, Դատարանը եկել է այն եզրահանգման, որ դիմողի կողմից նախապես չվճարված և դատարանի որոշմամբ վճարումը հետաձգված պետական տուրքի գումարը ենթակա է բռնագանձման պարտապան Կազմակերպությունից: Արդյունքում վճռել է 2017 թվականի մայիսի 17-ից մինչև 2017 թվականի հոկտեմբերի 05-ը և 2018 թվականի մայիսի 31-ից մինչև 2019 թվականի սեպտեմբերի 23-ը հաշվարկել և պարտապան Կազմակերպությունից հօգուտ սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Արթուր Սարգսյանի բռնագանձել վերջին տարում պարտապանի տնօրենի վաստակի 1/12 չափով գումար և Կազմակերպությունից, որպես պետական տուրք, ՀՀ պետական բյոււջե բռնագանձել 500.000 ՀՀ դրամ գումար:
Վերաքննիչ դատարանն, արձանագրելով, որ ընդհանուր իրավասության դատարանը եկել է իրավացի հետևության առ այն, որ պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմումը դատարան ներկայացնելուց հետո «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված հիմքերը վերացել են, և նշված հիմքով սնանկության դիմումը մերժման ենթակա լինելու պայմաններում դիմողի կողմից նախապես չվճարված և դատարանի որոշմամբ վճարումը հետաձգված պետական տուրքի գումարը ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման պարտապան Կազմակերպությունից, 14.01.2020 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը մերժել է՝ Դատարանի 23.09.2019 թվականի վճիռը թողել է անփոփոխ:
Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանը նախևառաջ ցանկանում է ուշադրության արժանացնել սնանկ ճանաչելու պահանջի մասին դիմումի հիմքում դրված թիվ ԵԿԴ/0172/02/16 քաղաքացիական գործին՝ ըստ այդմ ընդգծելով, որ չնայած նշված գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 31.05.2016 թվականի վճռով Ընկերության հայցը բավարարել է՝ վճռելով Կազմակերպությունից հօգուտ Ընկերության բռնագանձել 3.000.000 ՀՀ դրամ և այդ պարտքի գումարի նկատմամբ հաշվեգրվող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները՝ սկսած 25.01.2016 թվականից մինչև պարտավորության կատարման օրը, այնուամենայնիվ, ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.04.2018 թվականի որոշմամբ պատասխանող Կազմակերպության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ ամբողջությամբ բեկանվել է թիվ ԵԿԴ/0172/02/16 քաղաքացիական գործով Դատարանի 31.05.2016 թվականի վճիռը և գործն ուղարկվել է նույն դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:
ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 14.05.2021 թվականի վճռով Ընկերության հայցն ընդդեմ Կազմակերպության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, բավարարվել է մասնակի՝ վճռվել է Կազմակերպությունից հօգուտ Ընկերության բռնագանձել 120.000 ՀՀ դրամ՝ որպես 2015 թվականի նոյեմբեր ամսին մատուցված ծառայությունների գումար: Պարտքի գումարի՝ 120.000 ՀՀ դրամի նկատմամբ սկսած 2017 թվականի սեպտեմբերի 8-ից մինչև պարտավորության դադարման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով սահմանված կարգով հաշվարկել տոկոսներ, որը Կազմակերպությունից բռնագանձել հօգուտ Ընկերության: (….):
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը Ընկերության կողմից Կազմակերպությանը 19.12.2010 թվականին կնքված հաշվապահական ծառայությունների մատուցման թիվ 01/12-2010 պայմանագրում նշված ծառայությունները փաստացի մատուցված լինելու հանգամանքը ապացուցված չլինելու հիմքով 01.10.2021 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/0172/02/16 քաղաքացիական գործով 14.05.2021 թվականին կայացված վճիռը մասնակի՝ «Կազմակերպությունից հօգուտ Ընկերության բռնագանձել 120.000 ՀՀ դրամ՝ որպես 2015 թվականի նոյեմբեր ամսին մատուցված ծառայությունների գումար: Պարտքի գումարի՝ 120.000 ՀՀ դրամի նկատմամբ սկսած 2017 թվականի սեպտեմբերի 8-ից մինչև պարտավորության դադարման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով սահմանված կարգով հաշվարկել տոկոսներ, որը Կազմակերպությունից բռնագանձել հօգուտ Ընկերության» բեկանել և փոփոխել է հետևյալ կերպ՝ Կազմակերպության հայցն ամբողջությամբ մերժել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նշված որոշման դեմ Ընկերության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 30.03.2022 թվականի որոշմամբ մերժվել է: Արդյունքում թիվ ԵԿԴ/0172/02/16 քաղաքացիական գործով դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ:
Հիշատակված փաստական և իրավական հիմնավորումների համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարտապանին սնանկ ճանաչելու վճռի հիմքում դրված օրինական ուժի մեջ մտած դատական ակտով առհասարակ չի հիմնավորվել Ընկերության կողմից Կազմակերպությանը 19.12.2010 թվականին կնքված հաշվապահական ծառայությունների մատուցման թիվ 01/12-2010 պայմանագրում նշված ծառայությունները փաստացի մատուցված լինելու հանգամանքը՝ այն դեպքում, երբ ըստ Ընկերության՝ Կազմակերպությանը սնանկ ճանաչելու վերաբերյալ ներկայացրած դիմումի՝ Կազմակերպության՝ 19.12.2010 թվականի ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա առաջացած դրամական պարտավորությունը կազմել է 5.822.163 ՀՀ դրամ և 60.000 ՀՀ դրամ պետական տուրք: Այսինքն, նման պարտավորությունը, մեկ այլ՝ օրինական ուժ ստացած դատական ակտով պարտապանից գումարի բռնագանձման մերժմամբ պայմանավորված, ի սկզբանե գոյություն չի էլ ունեցել: Հետևաբար, օրինական ուժի մեջ մտած դատական ակտի ուժով հաստատված պարտավորության (պարտավորության անվիճելիության) փաստի բացակայությամբ պայմանավորված «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված իրավանորմերի պահանջներն այլևս չեն կարող կիրառելի լինել, քանի որ բացակայում են նշված հոդվածով սահմանված սնանկության հատկանիշները՝ Կազմակերպությանը սնանկ ճանաչելու համար, մասնավորապես՝ բացակայում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանցի փաստը:
Ուստի, այն դեպքում, երբ սույն գործով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ մասով սահմանված հիմքերը բացակայում են, մասնավորապես՝ բացակայում է թե դիմումը դատարան ներկայացնելուց հետո պարտապանի կողմից պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետևանքով անվճարունակ լինելուց դադարելու հիմքը, թե նույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված հիմքերը վերանալու հիմքը (վերանալու մասին խոսք լինել չի կարող, քանի որ այդ նորմով սահմանված հիմքերն ի սկզբանե առկա չեն եղել), դիմումը մերժելու մասին վճռով կառավարչի վարձատրության վճարման և դատական ծախսերի փոխհատուցման պարտավորությունը պարտապանի վրա չէր կարող դրվել: Պարտապանի մոտ նման պարտավորություն կարող էր ծագել միայն այն դեպքում, երբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերը գոյություն են ունենում, սակայն սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմումը ներկայացնելուց հետո դրանք վերանում են:
Ավելին, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սնանկության դիմումը մերժվելու կամ գործի վարույթը կարճվելու դեպքերում դատական ծախսերի և ժամանակավոր կառավարչի (կառավարչի) վարձատրության փոխհատուցման պարտականությունը դրվում է սնանկության վերաբերյալ դիմում ներկայացրած անձի վրա, բացառությամբ նույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ դատական ծախսերի և ժամանակավոր կառավարչի (կառավարչի) վարձատրության փոխհատուցումը կատարվում է պարտապանի հաշվին, եթե`
1) սնանկության գործի վարույթը կարճվել է պարտապանին այլ սնանկության գործով սնանկ ճանաչելու հիմքով.
2) սնանկության մասին դիմում ներկայացվելուց հետո պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետևանքով պարտապանը դադարել է անվճարունակ լինելուց, կամ սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերը վերացել են, և դիմողը հետ է վերցրել սնանկության մասին դիմումը.
3) դա նախատեսված է դատարանի կողմից հաստատված հաշտության համաձայնությամբ:
Վճռաբեկ դատարանը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի վերլուծության և սույն գործի փաստերի համատեքստում գտնում է, որ սույն գործով բացակայում են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված հիմքերը, հետևաբար ի թիվս «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի, կիրառելի է նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասը, այն է՝ սնանկության դիմումը մերժվելու դեպքում դատական ծախսերի և ժամանակավոր կառավարչի (կառավարչի) վարձատրության փոխհատուցման պարտականությունը դրվում է սնանկության վերաբերյալ դիմում ներկայացրած անձի վրա։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը Կազմակերպությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին Ընկերության դիմումը մերժելիս դատական ծախսերը փոխհատուցելու և ժամանակավոր կառավարչի վարձատրությունը վճարելու պարտավորությունը պարտապանի վրա դնելով, իսկ Վերաքննիչ դատարանը, մերժելով դատական ծախսերի մասով վճռի դեմ Կազմակերպության բերած վերաքննիչ բողոքը և Դատարանի դատական ակտը անփոփոխ թողնելով, հանգել են սխալ եզրակացության:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի ակտը մասնակիորեն՝ դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը պարտապանի վրա դնելու մասով, բեկանելու և փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը կիրառելու համար հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոնների համաձայն:
Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, ինչի արդյունքում հայցը մասնակիորեն ենթակա է բեկանման և փոփոխման և, որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 17.05.2017 թվականի որոշմամբ Ընկերության միջնորդությունը՝ պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին, բավարարվել է՝ պետական տուրքի վճարումը հետաձգվել է՝ դրան վերջնական դատական ակտ կայացնելիս անդրադառնալու ակնկալիքով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 17.05.2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումարը՝ 500.000 ՀՀ դրամը, ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման Ընկերությունից (և ոչ թե Կազմակերպությունից):
Նկատի ունենալով, որ սույն գործով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները Կազմակերպությունը ներկայացրել է դատական ծախսերի մասով, իսկ դատական ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկելու դեպքում բողոք բերած անձից օրենքի ուժով պետական տուրք չի գանձվում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական բողոքարկման փուլերում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Մասնակիորեն՝ «ԼՕԶԷ» ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքը մերժելու մասով, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.01.2020 թվականի որոշումը և այն փոփոխել․ ՀՀ սնանկության դատարանի 23.09.2019 թվականի վճիռը մասնակիորեն՝ կառավարչի վարձատրության վճարման և դատական ծախսերի փոխհատուցման մասով, բեկանել և փոփոխել հետևյալ կերպ. «2017 թվականի մայիսի 17-ից մինչև 2017 թվականի հոկտեմբերի 05-ը և 2018 թվականի մայիսի 31-ից մինչև 2019 թվականի սեպտեմբերի 23-ը հաշվարկել և «ԷՅ ԷԼ ԷՅ» ՍՊԸ-ից հօգուտ սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Արթուր Սարգսյանի բռնագանձել վերջին տարում պարտապանի տնօրենի տարեկան վաստակի 1/12 չափով գումար:
«ԷՅ ԷԼ ԷՅ» ՍՊԸ-ից, որպես պետական տուրք, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե բռնագանձել 500.000 ՀՀ դրամ գումար»: Մնացած մասով որոշումը թողնել անփոփոխ։
2. Դատական ծախսեի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող
Զեկուցող
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ս․ ԱՆՏՈՆՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս․ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Տ․ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
