Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am

Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ

ԵԴ/0077/06/20

Գործի համարը
ԵԴ/0077/06/20
Դիմող / մեղադրյալ
Դավիթ Հակոբջանյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
24.02.2023
ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ԵԴ/0077/06/20 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Գործ թիվ ԵԴ/0077/06/20 Նախագահող դատավոր` Մ.Արղամանյան 2023 թվականի փետրվարի 24-ին ք.Երևանում ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ՝ Կ.ԲԻՇԱՐՅԱՆԻ Ս.ՉԻՉՈՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Դավիթ Արմենի Հակոբջանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2020 թվականի մարտի 10-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Գործի դատավարական նախապատմությունը. 1. ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2020 թվականի փետրվարի 6-ին հարուցվել է թիվ 58202120 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 1-ին մասով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: 2. 2020 թվականի փետրվարի 6-ին Դավիթ Հակոբջանյանը բերման է ենթարկվել և նույն օրը` ժամը 13:50-ին, ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունները կատարելու կասկածանքով: 3. 2020 թվականի փետրվարի 7-ին Դ.Հակոբջանյանի պաշտպան Գ.Միքայելյանը բողոք է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ կասկածյալ Դ.Հակոբջանյանի ձերբակալման ոչ իրավաչափ լինելու փաստը հաստատելու և նրան անհապաղ ազատ արձակելու միջնորդությամբ: Նույն օրը նախաքննության մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել Դ.Հակոբջանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Առաջին ատյանի դատարանը 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 289.4-րդ հոդվածով սահմանված կարգով ձերբակալման դեմ բողոքը քննել է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդության հետ միաժամանակ: Առաջին ատյանի դատարանի 2020 թվականի փետրվարի 8-ի որոշմամբ կասկածյալ Դ.Հակոբջանյանի պաշտպանի բողոքը և նախաքննության մարմնի միջնորդությունը մերժվել են այն պատճառաբանությամբ, որ Դ.Հակոբջանյանի ձերբակալումն իրականացվել է օրենքով սահմանված հիմքերով և իրավաչափ նպատակով, սակայն մինչև կալանավորման վերաբերյալ միջնորդություն ներկայացնելը նրան մեղադրանք առաջադրված չի եղել, բացակայել է անձի՝ մեղադրյալի կարգավիճակ ունենալու հանգամանքը, ինչն ինքնին խոչընդոտ է խափանման միջոց ընտրելու համար: 4. Նախաքննության մարմնի 2020 թվականի փետրվարի 8-ի որոշմամբ Դ.Հակոբջանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրը նախաքննության մարմինը նոր միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալ Դ.Հակոբջանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Առաջին ատյանի դատարանի 2020 թվականի փետրվարի 9-ի որոշմամբ մեղադրյալ Դ.Հակոբջանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով: 5. Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Դ.Հակոբջանյանի պաշտպան Գ.Միքայելյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2020 թվականի մարտի 10-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի 2020 թվականի փետրվարի 9-ի որոշումը բեկանել է և մեղադրյալ Դ.Հակոբջանյանին ազատել կալանքից: 6. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը, որը Վճռաբեկ դատարանի 2020 թվականի հունիսի 24-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 13-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով. 7. Ըստ բողոքաբերի՝ ստորադաս դատարանը թույլ է տվել դատական սխալ, ինչի արդյունքում կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու պայմանների և հիմքերի առկայության դեպքում այն չի կիրառվել մեղադրյալի նկատմամբ: 7.1. Բողոք բերած անձը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններից հետևում է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանվել է այն հիմնավորմամբ, որ միջնորդությունը քննարկվել և դրա վերաբերյալ որոշում է կայացվել օրենքի հիման վրա չստեղծված (ոչ օրինական կազմով) դատարանի կողմից՝ նշելով, որ Առաջին ատյանի դատարանի նախագահը միջնորդության քննարկումն առանց որևէ պատճառաբանության հանձնել է տվյալ ժամանակահատվածում հերթապահության՝ նախապես հաստատված ցուցակում չընդգրկված դատավորի: 7.2. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ առանց համապատասխան տեղեկատվության (փաստերի)՝ Վերաքննիչ դատարանը չէր կարող հիմնավոր եզրահանգում կատարել հերթապահության ցուցակում այլ դատավորներ ներգրավելու՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի որոշման՝ պատճառաբանված չլինելու վերաբերյալ: Հետևաբար վերաքննիչ դատարանի վերոնշյալ դատողությունները փաստարկված և հիմնավոր չեն: 7.3. Ամփոփելով բողոքը՝ բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական օրենքի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-136-րդ, 285-րդ և 398-րդ հոդվածներով նախատեսված պահանջները, ուստի Վերաքննիչ դատարանի 2020 թվականի մարտի 10-ի որոշումը ենթակա է բեկանման: 8. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2020 թվականի մարտի 10-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի փետրվարի 9-ի որոշմանը: Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները և պահանջը 9․ Դ.Հակոբջանյանի պաշտպան Գ.Միքայելյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան՝ նշելով, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրի դատավոր Մ.Մարտիրոսյանի կողմից միջնորդությունը քննարկվել է օրենքով սահմանված կարգի խախտմամբ, որոշումը կայացվել է ոչ օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից և ոչ օրինական կազմով: Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը. 10. Առաջին ատյանի դատարանի 2020 թվականի փետրվարի 9-ի որոշման համաձայն. «(...) Դատարանը գտնում է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդությանը կից ներկայացված նյութերը հնարավորություն են տալիս եզրակացության հանգելու առ այն, որ Դ.Հակոբջանյանը հնարավոր է կատարած լինի իրեն վերագրվող արարքը, ուստի վերագրվող արարքի կատարմանը նրա առնչության վերաբերյալ առկա է հիմնավոր կասկած (...): Դատարանը գտնում է, որ գործի քննության սույն փուլում բավարար հիմքեր կան ենթադրելու համար, որ մեղադրյալ Դավիթ Հակոբջանյանի՝ ազատության մեջ մնալու դեպքում, վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը բարձր է, նրա նկատմամբ խափանման միջոցի ավելի մեղմ տեսակի ընտրությունը չի կարող ապահովել նրա պատշաճ վարքագիծը, ուստի նրա նկատմամբ որպես խափանման միջոց պետք է կիրառվի կալանավորումը: Հետևաբար քննիչի միջնորդությունը հիմնավոր է և ենթակա է բավարարման (...)»: 11. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է. «(...) Ուսումնասիրելով խափանման միջոցի վերաբերյալ նյութերը, լսելով պաշտպան Գ.Միքայելյանի հիմնավորումները ներկայացված վերաքննիչ բողոքի կապակցությամբ, դատախազ Հ.Ենոքյանի առարկությունները դրանց դեմ, քննիչ Ռ.Խաչատրյանի բացատրությունը, վերաքննիչ քրեական դատարանը հանգում է այն հետևության, որ պաշտպանի վերաքննիչ բողոքը պետք է բավարարել, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թվականի փետրվարի 9-ի որոշումը բեկանել և մեղադրյալ Դավիթ Արմենի Հակոբջանյանին կալանքից ազատել, հետևյալ պատճառաբանությամբ: Վերաքննիչ դատարանն առաջին հերթին անդրադառնալով պաշտպան Գ.Միքայելյանի կողմից վերաքննիչ բողոքում բերված պատճառաբանություններին կապված նրա հետ, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Դավիթ Հակոբջանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը քննվել ու լուծվել է մեղադրյալի` արդար դատաքննության հիմնարար իրավունքի խախտմամբ, հիմնավորված են և բխում են ինչպես ՀՀ քրեադատավարական օրենսդրության նորմերի պահանջներից, այնպես էլ գործի փաստական հանգամանքներից: (...) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ հիմնավորված են վերաքննիչ բողոքի պատճառաբանություններն առ այն, որ ի խախտումն ՀՀ բարձրագույն դատական խորհրդի 26.07.2018 թվականի թիվ ԲԴԽ-29-Ո-67 որոշման պահանջների` միջնորդության քննությունը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի կողմից առանց որևէ պատճառաբանության մակագրվել է 09.02.2020 թվականին հերթապահ չհանդիսացող Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրի դատավոր Մ.Մարտիրոսյանին, մինչդեռ համաձայն հերթապահության հաստատված ժամանակացույցի՝ 2020 թվականի փետրվարի 2-ից մինչև 9-ը ներառյալ Երևան քաղաքում հերթապահ դատարան է հանդիսացել Ավան նստավայրի դատարանը, իսկ փետրվարի 10-ից առ փետրվարի 17-ը հերթապահ դատարան պետք է լիներ Շենգավիթ նստավայրի դատարանը։ Այս առումով վերաքննիչ դատարանը փաստում է, որ թեև ՀՀ բարձրագույն դատական խորհրդի վերոնշյալ որոշմամբ հաստատված կարգը դատարանների նախագահներին հնարավորություն է տալիս դատավորների ծանրաբեռնվածության դեպքում հաստատված ժամանակացույցից դուրս հերթապահությանը ներգրավվել նաև լրացուցիչ դատավորներ, սակայն դատական կարգավորման ներկա փուլում, երբ գործերի բաշխման առումով հնարավորին նվազեցված է դատարանների նախագահների հայեցողությունը, կոնկրետ դեպքում մեղադրյալ Դավիթ Հակոբջանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության քննությունը բացարձակապես առանց որևէ հիմնավորման և պատճառաբանության դատավոր Մ.Մարտիրոսյանին հանձնարարելը պաշտպանության կողմի մոտ ողջամիտ կասկածներ է հարուցել, որ հանձին դատավոր Մ.Մարտիրոսյանի՝ գործը դատարանի ոչ օրինական կազմով է քննվում, և պաշտպան Գ.Միքայելյանը առաջին ատյանի դատարանում գործի ըստ էության քննությունն սկսելուց առաջ նախագահող դատավոր Մ.Մարտիրոսյանի նկատմամբ նաև վերոնշյալ հիմքով ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել, որը սակայն չի ընդունվել: Դրա անհրաժեշտությունը հավաստող հիմքերի իսպառ բացակայության պայմաններում վերաքննիչ դատարանը գտնում է, որ կոնկրետ դեպքում Դավիթ Հակոբջանյանի կալանավորման վերաբերյալ միջնորդությունը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրի դատավոր Մ.Մարտիրոսյանին մակագրելը և վերջինիս կողմից դրա քննարկումը կատարվել է վերոնշյալ օրենսդրական պահանջների խախտմամբ, գործը չի քննվել ու լուծվել «օրենքի հիման վրա ստեղծված» դատարանի կողմից, ինչը վերաքննիչ դատարանին ինքնին պարտավորեցնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հիման վրա բեկանելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թվականի փետրվարի 9-ի որոշումը: Վերաքննիչ դատարանն ըստ էության նույն դիրքորոշումն է արտահայտել նաև թիվ ԵԴ/1277/06/18 գործով: Նկատի ունենալով, որ արդար դատաքննության հիմնարար իրավունքի խախտումը դատական ակտը բեկանելու անվերապահ հիմք է, վերաքննիչ դատարանն այլևս չի անդրադառնում պաշտպան Գ.Միքայելյանի կողմից վերաքննիչ բողոքում բերված մյուս պատճառաբանություններին: Վերոգրյալի համատեքստում վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ պաշտպան Գ.Միքայելյանի վերաքննիչ բողոքը պետք է բավարարել, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թվականի փետրվարի 9-ի որոշումը բեկանել և մեղադրյալ Դավիթ Արմենի Հակոբջանյանին կալանքից ազատել (...)»: 12. 2020 թվականի հոկտեմբերի 1-ին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է Դ.Հակոբջանյանի վերաբերյալ քրեական գործը՝ ըստ էության քննության համար: Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. 13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք Վերաքննիչ դատարանի հետևություններն այն մասին, որ մեղադրյալ Դ.Հակոբջանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը չի քննարկվել «օրենքի հիման վրա ստեղծված» դատարանի կողմից: 14. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (…)»: 14.1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ձևավորել է կայուն նախադեպային իրավունք առ այն, որ դատարանը ցանկացած դեպքում պետք է լինի «օրենքի հիման վրա ստեղծված»: Տվյալ արտահայտությունն արտացոլում է իրավունքի գերակայության սկզբունքը, որը ներհատուկ է Կոնվենցիայով և կից Արձանագրություններով սահմանված պաշտպանության համակարգին: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով «օրենքը» ներառում է ոչ միայն դատական մարմինների կազմավորումն ու իրավասությունը նախատեսող օրենսդրությունը, այլ նաև ցանկացած այլ նորմ, որի խախտումը ոչ օրինական կդարձնի մեկ կամ մի քանի դատավորների մասնակցությունը գործի քննությանը։ «Օրենքի հիման վրա ստեղծված» եզրույթը վերաբերում է ոչ միայն ինքնին դատարանի առկայության իրավական հիմքին, այլ նաև դրա համապատասխանությանն այն կարգավորող նորմերին և յուրաքանչյուր կոնկրետ գործով դատարանի կազմին։ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով «օրենքի հիման վրա ստեղծված դատարան» գաղափարի նպատակն է ապահովել, որպեսզի ժողովրդավարական հասարակությունում դատական համակարգի կազմավորումը կախված չլինի գործադիր մարմնի հայեցողությունից, այլ կարգավորված լինի օրենսդիր մարմնի կողմից ընդունված օրենքով։ Դատական համակարգի կազմավորումը չպետք է թողնվի նաև դատական իշխանության մարմինների հայեցողությանը, սակայն դա չի նշանակում, որ դատավորները չունեն որոշակի ազատություն՝ մեկնաբանելու ներպետական օրենսդրությունը։ 14.2. Պարզելու համար, թե արդյոք խախտվել է օրենքի հիման վրա ստեղծված դատարան ունենալու պահանջը, Եվրոպական դատարանը կիրառում է գնահատման եռաստիճան թեստ։ Այսպես, Եվրոպական դատարանը նախ գնահատում է, թե արդյոք կոնկրետ դեպքում դատարանի (դատական կազմի) ձևավորումն ունեցել է իրավական հիմքեր: Այնուհետև դատարանն անդրադառնում է այն հարցին, թե արդյոք իրացված է «օրենքի հիման վրա ստեղծված դատարան» սկզբունքով նախատեսված այն երաշխիքը, որ դատարանի կազմավորումը չպետք է կախված լինի գործադիր իշխանությունից, և չի կարող նաև միայն կախված լինել դատական իշխանության հայեցողությունից: Եվ, ի վերջո Եվրոպական դատարանը քննարկում է, թե արդյոք թույլ է տրվել ներպետական օրենքի էական խախտում։ Եվրոպական դատարանն ընդգծում է, որ, որպես կանոն, դատական մարմինների կազմավորման և իրավասության վերաբերյալ դրույթների անտեսումը խախտում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը։ Ուստի, յուրաքանչյուր դեպքում Եվրոպական դատարանը քննարկում է, թե արդյոք պահպանվել է վերաբերելի ներպետական օրենքը։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով ընդհանուր այն սկզբունքը, որ առաջին հերթին ազգային դատարանները պետք է մեկնաբանեն ներպետական օրենսդրությունը, Եվրոպական դատարանը կասկածի տակ չի դնում այդ մեկնաբանությունը, քանի դեռ թույլ չի տրվել ներպետական օրենքի էական խախտում։ Եվրոպական դատարանը «օրենքի հիման վրա ստեղծված դատարան», «անկախություն» և «անաչառություն» կոնվենցիոն երաշխիքները թեպետ դիտում է որպես արդար դատաքննության իրավունքի առանձին բաղադրատարրեր, սակայն միաժամանակ «օրենքի հիման վրա ստեղծված դատարան» կոնվենցիոն պահանջի խախտումը պարզելու համար պահանջում է գնահատման ենթարկել դրա կապը և ազդեցությունը կոնվենցիոն այնպիսի երաշխիքների հետ, ինչպիսիք են «անկախությունը» և «անաչառությունը»: Այլ կերպ՝ «օրենքի հիման վրա ստեղծված դատարան» կոնվենցիոն պահանջի խախտումը հաստատելու համար դատարանը պետք է պարզի, թե ենթադրյալ խախտումն արդյոք այնքան էական է եղել, որ կասկածի տակ է դրել դատարանի անկախությունը։ 14.3. Սան Մարինոյի դեմ գործերից մեկով Եվրոպական դատարանը, պարզելու համար, թե արդյոք դատարանի նախագահի կողմից գործի քննությունը երկու դատավորների կազմին հանձնարարելը խախտել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով «օրենքի հիման վրա ստեղծված դատարանի» պահանջը, գնահատման վերոնշյալ թեստն է կիրառել։ Դատարանը կոնկրետ դեպքում խախտում չի արձանագրել՝ փաստելով, որ դատարանի նախագահը գործել է առկա կարգավորումներին համապատասխան, իսկ դիմումատուն էլ չի վիճարկել դատարանի նախագահի անկախությունը կամ գործադիր իշխանության մարմնի կողմից որևէ միջամտության փաստը։ Ինչ վերաբերում է այն փաստին, որ ներպետական օրենքը չի նախատեսել որևէ չափանիշ երեք տարբեր կազմերով (միանձնյա, կոլեգիալ կամ ամբողջ դատարանի կազմով) գործի քննության կարգը կամ կոլեգիալ կազմի պարագայում նվազագույն երեք դատավորի առկայության պահանջը, Եվրոպական դատարանն արձանագրել է, որ միակ ակնհայտ չափանիշը գործի բարդությունն է, իսկ դատարանի նախագահի կողմից կողմնակալություն դրսևորելու որևէ փաստ չի հաստատվել։ 14.4. Մեկ այլ գործով Եվրոպական դատարանը գնահատման նույն թեստի կիրառմամբ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված՝ «օրենքի հիման վրա ստեղծված դատարանի» պահանջի խախտում չի համարել այն իրավիճակը, երբ կոնկրետ գործով նախապես կարծիք հայտնած դատավորին հեռացնելուց հետո նոր դատավորը նշանակվել էր դատարանի նախագահի կողմից՝ Դատական խորհրդի սահմանած կանոններին համապատասխան, որոնք կոնկրետ դեպքում նոր դատավորի նշանակման համար մանրամասն ընթացակարգ չեն նախատեսել։ Եվրոպական դատարանն իր դիրքորոշումը հիմնավորել է նրանով, որ կոնկրետ գործով կասկածի տակ չի դրվել դատարանի նախագահի անկախությունը։ Եվրոպական դատարանն արձանագրել է, որ դատարանի նախագահը գործել է Դատական խորհրդի կողմից սահմանված ներքին իրավական կարգավորումներին համապատասխան։ Եվրոպական դատարանն ընդգծել է նաև գործի բացառիկ հանգամանքներն այն առումով, որ հասանելի դատավորների թիվը, ովքեր կարող էին գործը քննել, սահմանափակ է եղել։ Ընդ որում, այդ վերջին խնդրի հաշվառմամբ՝ Եվրոպական դատարանն առավել կարևոր է համարում նման իրավիճակների համար պատշաճ դատավարական երաշխիքներ նախատեսող հստակ իրավական կարգավորումներ ունենալը։ Եվ չնայած կոնկրետ գործով Եվրոպական դատարանը գտել է, որ ներպետական օրենսդրությունը որոշակի կատարելագործման կարիք ունի՝ խուսափելու համար անորոշ ընթացակարգերից և ապահովելու հնարավոր կամայականության դեմ երաշխիքներ, այդուհաներձ գտել է, որ առկա չէ օրենսդրական բաց, որը կարող էր հանգեցնել կամայականության և հաստատված չէ, որ դատարանի նախագահը գործել է որևէ կերպ չսահմանափակված հայեցողությամբ։ 15. Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Եվրոպական դատարանի գնահատմամբ՝ օրենքի հիման վրա ստեղծված դատարանի գաղափարի համատեքստում դատարանի օրինական կազմը ենթադրում է դրա ձևավորման համար ներպետական իրավական հիմքերի առկայություն, որոնք կբացառեն գործադիր իշխանության մարմնի միջամտությունը դատարանի կազմավորմանը և մյուս կողմից՝ չեն նախատեսի դատական իշխանության մարմինների անսահմանափակ հայեցողությունը խնդրի կարգավորման հարցում։ Ընդ որում, այս վերջին պահանջը բավարարող ներպետական օրենքի առկայության դեպքում, դրա ոչ թե ցանկացած, այլ միայն դատարանի անկախությունը կասկածի տակ դնող ակնհայտ և կոպիտ խախտումը կարող է հանգեցնել օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից գործի քննության կոնվենցիոն պահանջի անտեսմանը։ Ընդ որում, Եվրոպական դատարանի կողմից քննարկվող խնդրի առնչությամբ օրենքի ոչ թե ցանկացած, այլ միայն կոպիտ խախտումն իբրև չափանիշ ընդունելը հիմքում ունի այն գաղափարը, որ ցանկացած խախտման հիմքով դատարանի՝ օրենքի հիման վրա ստեղծված չլինելու մասին եզրահանգում անելու հնարավորությունը կարող է լրջորեն վտանգել իրավունքի գերակայության պահանջը և հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ։ Եվրոպական դատարանի կողմից նման բարձր շեմի նախատեսումը կոչված է ապահովելու, որ դատական կազմի օրինականությունը կասկածի տակ դրվի միայն ակնհայտ և կոպիտ խախտման առկայության դեպքում, որն ի չիք է դարձնում դատարանի անկախության հիմնարար պահանջը։ 16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ միայն դատարանի կողմից արդարադատության իրականացման սկզբունքն ամրագրող 24-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Ոչ ոքի չի կարելի զրկել իր գործն այն դատարանում և այն դատավորի կողմից քննելու իրավունքից, որոնց ընդդատությանն այն վերապահված է օրենքով»: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Դատական օրենսգիրք) 2020 թվականի փետրվարի խմբագրությամբ 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դատավորների միջև գործերը բաշխվում, վերաբաշխվում են, և կոլեգիալ դատական կազմերը ձևավորվում են մասնագիտացման սկզբունքի և պատահական ընտրության, ինչպես նաև սույն գլխում ամրագրված կանոնների հիման վրա՝ Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով: Բարձրագույն դատական խորհուրդը կարող է սահմանել մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների բաշխման, վերաբաշխման առանձնահատկությունները, ինչպես նաև դրանք քննող դատավորների ցանկը»։ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 16-ը գործող խմբագրությամբ 2018 թվականի հուլիսի 26-ի թիվ ԲԴԽ-29-Ո-67 որոշմամբ հաստատված՝ «Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող դատավորների հերթապահություն սահմանելու մասին» կարգի (այսուհետ՝ Կարգ) համաձայն՝ «1. Մինչդատական վարույթն իրականացնող մարմինների՝ անհապաղ քննության ենթակա միջնորդությունների քննությունն ապահովելու նպատակով, ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում աշխատանքային և ոչ աշխատանքային օրերին սահմանվում է հերթապահության ներգրավման ենթակա դատավորների ժամանակացույցը։ (…) 4. Ծանրաբեռնվածության դեպքում դատարանի նախագահի կողմից կարող են ներգրավվել հերթապահության լրացուցիչ դատավորներ՝ հաստատված ժամանակացույցից դուրս: (…)»: 16.1. Վերոնշյալ իրավական նորմերի վերլուծությունից բխում է, որ օրենքի հիման վրա ստեղծված դատարանի գաղափարն ամրագրված է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում՝ միայն դատարանի կողմից արդարադատության իրականացման սկզբունքի համատեքստում։ Ի ապահովումն իրավասու դատավորի կողմից գործի քննության դատավարական պահանջի՝ Դատական օրենսգիրքն իբրև դատավորների միջև գործերի բաշխման և դատական կազմի ձևավորման չափանիշ նախատեսում է մասնագիտացման սկզբունքը և պատահական ընտրության կանոնը։ Միևնույն ժամանակ մինչդատական վարույթն իրականացնող մարմինների միջնորդությունների անհապաղ քննության պահանջն ապահովելու նպատակով Բարձրագույն դատական խորհրդի կողմից սահմանվել են մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների բաշխման, վերաբաշխման առանձնահատկությունները՝ հերթապահության ներգրավման ենթակա դատավորների ժամանակացույց սահմանելու եղանակով։ Եվ իբրև սահմանված կանոնից բացառություն՝ Բարձրագույն դատական խորհրդի վերոնշյալ որոշմամբ դատարանի նախագահին հնարավորություն է վերապահվել ծանրաբեռնվածության դեպքում հերթապահության ներգրավել լրացուցիչ դատավորներ՝ ժամանակացույցից դուրս։ 16.2. Սույն որոշման 14-15-րդ կետերում ներկայացված իրավական նորմերի և իրավական դիրքորոշումների հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննությունն իրականացնող դատավորների ընտրության, այլ կերպ՝ օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից նշված միջնորդությունների քննության պահանջի ապահովման իրավական հիմքը Դատական օրենսգրքի 40-րդ հոդվածով և ՀՀ բարձրագույն դատական խորհրդի՝ 2018 թվականի հուլիսի 26-ի ԲԴԽ-29-Ո-67 որոշմամբ նախատեսված կարգավորումներն են։ Նշված իրավական կարգավորումները, ի ապահովումն դատարանի անկախության և անաչառության, սահմանում են նախապես հաստատված ժամանակացույցին համապատասխան հերթապահության ներգրավված դատավորների կողմից համապատասխան միջնորդությունների քննության կարգ։ Ընդ որում, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նույն որոշմամբ իբրև ժամանակացույցից դուրս լրացուցիչ դատավորներ ներգրավելու օբյեկտիվ չափանիշ նախատեսվել է ծանրաբեռնվածությունը։ Հետևաբար, դատավորների ծանրաբեռնվածության առկայության դեպքում ժամանակացույցից դուրս լրացուցիչ դատավորի ներգրավումը համատեղելի է օրենքի հիման վրա ստեղծված դատարանի պահանջի հետ։ 17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝ - Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի փետրվարի 9-ի որոշմամբ մեղադրյալ Դ.Հակոբջանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով. - Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Դ.Հակոբջանյանի պաշտպան Գ.Միքայելյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2020 թվականի մարտի 10-ի որոշմամբ բողոքը բավարարել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի փետրվարի 9-ի որոշումը բեկանել և մեղադրյալ Դ.Հակոբջանյանին կալանքից ազատել է այն հիմնավորմամբ, որ ի խախտումն ՀՀ բարձրագույն դատական խորհրդի՝ 2018 թվականի հուլիսի 26-ի թիվ ԲԴԽ-29-Ո-67 որոշման պահանջների` միջնորդության քննությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի կողմից առանց որևէ պատճառաբանության մակագրվել է 2020 թվականի փետրվարի 9-ի՝ հերթապահության ժամանակացույցից դուրս Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրի դատավոր Մ.Մարտիրոսյանին, մինչդեռ, համաձայն հերթապահության հաստատված ժամանակացույցի՝ 2020 թվականի փետրվարի 2-ից մինչև 9-ը ներառյալ Երևան քաղաքում հերթապահ դատարանը եղել է Ավան նստավայրի դատարանը, իսկ փետրվարի 10-ից մինչև փետրվարի 17-ը՝ Շենգավիթ նստավայրի դատարանը։ 18. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-16.2-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը վերաբաշխելու՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի լիազորության իրավական հիմքը «օրենքի հիման վրա ստեղծված դատարան» դատական երաշխիքի ապահովման համատեքստում Դատական օրենսգրքի 40-րդ հոդվածով և ՀՀ բարձրագույն դատական խորհրդի՝ 2018 թվականի հուլիսի 26-ի ԲԴԽ-29-Ո-67 որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով նախատեսված կարգավորումներն են առ այն, որ ծանրաբեռնվածության դեպքում համապատասխան միջնորդության քննությանը կարող էր ներգրավվել հերթապահության ժամանակացույցից դուրս այլ դատավոր։ Սույն գործի փաստական հանգամանքներից բխում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից Առաջին ատյանի դատարանի որոշման բեկանումը պայմանավորվել է միջնորդությունն օրենքի հիման վրա չստեղծված (ոչ օրինական կազմով) դատարանի կողմից քննված լինելու հանգամանքով, քանի որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը միջնորդության քննարկումն առանց որևէ պատճառաբանության հանձնել է տվյալ ժամանակահատվածում հերթապահության՝ նախապես հաստատված ցուցակում չընդգրկված դատավորի: 19. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի վերոնշյալ դատողությունն իրավաչափ չէ, քանի որ Բարձրագույն դատական խորհրդի՝ 2018 թվականի հուլիսի 26-ի թիվ ԲԴԽ-29-Ո-67 որոշմամբ հերթապահության ժամանակացույցից դուրս այլ դատավոր ներգրավելու համար հերթապահության մեջ ընդգրկված դատավորների ծանրաբեռնվածության պատճառաբանման պահանջ դատարանի նախագահի համար նախատեսված չէ։ Հետևաբար, պատճառաբանության բացակայությունն ինքնին, առանց նախապես հաստատված ցուցակում չընդգրկված դատավորին գործը մակագրելու հիմքերը պարզելու, չէր կարող հիմք ծառայել՝ փաստելու հերթապահության ժամնակացույցի մեջ ընդգրված դատավորների ծանրաբեռնվածության բացակայությունը։ 19.1. Բացի այդ, բավարար չափով փաստարկված և հիմնավոր չէ նաև Վերաքննիչ դատարանի այն դատողությունը, որ առանց պատճառաբանության գործը դատավոր Մ.Մարտիրոսյանին հանձնելը պաշտպանության կողմի մոտ ողջամիտ կասկածներ է հարուցել, որ հանձին դատավոր Մ.Մարտիրոսյանի՝ գործը քննվում է դատարանի ոչ օրինական կազմով: Սույն որոշման 15-րդ կետում ներկայացված դիրքորոշման հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ Եվրոպական դատարանը «օրենքի հիման վրա ստեղծված դատարան», «անկախություն» և «անաչառություն» կոնվենցիոն երաշխիքները թեպետ դիտում է որպես արդար դատաքննության իրավունքի առանձին բաղադրատարրեր, սակայն միաժամանակ կարևորում է «օրենքի հիման վրա ստեղծված դատարան» կոնվենցիոն պահանջի խախտումը պարզելու համար գնահատման ենթարկել դրա կապը և ազդեցությունը կոնվենցիոն այնպիսի երաշխիքների հետ, ինչպիսիք են «անկախությունը» և «անաչառությունը»: Այլ կերպ՝ «օրենքի հիման վրա ստեղծված դատարան» կոնվենցիոն պահանջի խախտումը հաստատելու համար դատարանը պետք է պարզի, թե ենթադրյալ խախտումն արդյոք այնքան կոպիտ է եղել, որ կասկածի տակ է դրել դատարանի անկախությունը։ Վերոգրյալի կապակցությամբ հարկ է նկատել, որ մինչև Դ.Հակոբջանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը դատարան ներկայացնելը և դրանից հետո Մ.Մարտիրոսյանը եղել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, վերջինս դատավոր չի նշանակվել հենց միայն վկայակոչված միջնորդությունը քննելու նպատակով և քրեադատավարական օրենսդրության համաձայն՝ իրավասու է եղել քննել նշված միջնորդությունը: 20. Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի կողմից համապատասխան միջնորդության քննարկումը հերթապահության՝ նախապես հաստատված ցուցակում չընդգրկված դատավորի վերամակագրելն ինքնին չի հաղթահարում «օրենքի հիման վրա ստեղծված» դատարան ունենալու գաղափարի իմաստով օրենքի կոպիտ խախտում թույլ տալու շեմը, որը կասկածի տակ կդներ կոնկրետ դեպքում միջնորդությունը քննարկած՝ հերթապահության ցուցակում չընդգրկված դատավորի անկախությունը և անաչառությունը։ 21. Նախորդ կետում ներկայացված իրավական դիրքորոշման հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը հիմնավոր չի գնահատում Վերաքննիչ դատարանի հետևություններն այն մասին, որ մեղադրյալ Դ.Հակոբջանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը չի քննարկվել «օրենքի հիման վրա ստեղծված» դատարանի կողմից: 22. Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանը, սույն գործով դատական ակտ կայացնելիս, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-136-րդ, 285-րդ հոդվածների խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: Սակայն, հաշվի առնելով, որ սույն գործով մինչդատական վարույթն ավարտվել է, և Դ.Հակոբջանյանի վերաբերյալ քրեական գործն ըստ էության քննության առնելու համար ուղարկվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, ուստի բողոքարկված դատական ակտը չի կարող բեկանվել, քանի որ այն եղել է ժամանակավոր և սույն որոշումը կայացնելու պահին կորցրել է իր իրավական նշանակությունը: Ուստի վճռաբեկ բողոքը պետք է մերժել, իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի մարտի 10-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Վճռաբեկ բողոքը մերժել: Դավիթ Արմենի Հակոբջանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի մարտի 10-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները: 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ Դատավորներ` Կ.ԲԻՇԱՐՅԱՆ Ս.ՉԻՉՈՅԱՆ