Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ
ԵԴ/0510/01/22
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։
- Գործի համարը
- ԵԴ/0510/01/22
- Դիմող / մեղադրյալ
- Վահե Մամիկոնյան
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 26.06.2023
- ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
- Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
4 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)
ՀՀ Սահմանադրություն
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցԵԴ/0510/01/22
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
նախագահող դատավոր՝ Ս․Մարաբյան
26 հունիսի 2023 թվական քաղաք Երևան
ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Կ.ԲԻՇԱՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2022 թվականի սեպտեմբերի 20-ի որոշման դեմ Վահե Վահանի Մամիկոնյանի պաշտպաններ Գ.Գալիկյանի և Ա.Ղազարյանի հատուկ վերանայման բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը․
1․ 2022 թվականի ապրիլի 6-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) է ստացվել թիվ ԵԴ/0510/01/22 քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Վահե Վահանի Մամիկոնյանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 314-րդ հոդվածի 1-ին մասով, և մյուսների, որը նույն թվականի ապրիլի 7-ի որոշմամբ ընդունվել է նույն դատարանի վարույթ։
Առաջին ատյանի դատարանի 2022 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ ամբաստանյալ Վահե Մամիկոնյանի պաշտպան Գ․Գալիկյանի միջնորդությունը՝ Վ․Մամիկոնյանի նկատմամբ քրեական հետապնդումը գործուն զղջալու հիմքով դադարեցնելու վերաբերյալ, բավարարվել է։
2․ Առաջին ատյանի դատարանի վերոհիշյալ որոշման դեմ հատուկ վերանայման բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Ա․Գևորգյանը, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2022 թվականի սեպտեմբերի 20-ի որոշմամբ բավարարվել է՝ Առաջին ատյանի դատարանի 2022 թվականի հուլիսի 20-ի որոշումը բեկանվել և Վ․Մամիկոնյանի նկատմամբ գործուն զղջալու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը մերժվել է։
3․ Վերաքննիչ դատարանի 2022 թվականի սեպտեմբերի 20-ի որոշման դեմ հատուկ վերանայման բողոք են բերել ամբաստանյալ Վ․Մամիկոնյանի պաշտպաններ Գ․Գալիկյանը և Ա․Ղազարյանը, որը Վճռաբեկ դատարանի 2022 թվականի հոկտեմբերի 28-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է բողոքի քննության գրավոր ընթացակարգ։
Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, դրանք հիմնավորող փաստարկները և պահանջը․
Հատուկ վերանայման բողոքը քննվում է հետևալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով․
4․ Բողոք բերած անձը գտել է, որ Վերաքննիչ դատարանի 2022 թվականի սեպտեմբերի 20-ի որոշումն անհիմն է, այն կայացվել է քրեադատավարական օրենքի էական խախտմամբ։
Մասնավորապես, բողոքաբերը, վկայակոչելով Վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտը վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայելու օրենսդրական պահանջն ու այդ կապակցությամբ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքը, արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը ստուգելիս, դուրս է եկել բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից:
4․1․ Ի հիմնավորումն վերաշարադրյալի՝ բողոքաբերը փաստարկել է, որ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Ա․Գևորգյանն իր բողոքում վիճարկել է Վ․Մամիկոնյանի նկատմամբ 2003 թվականի օգոստոսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածի կիրառման նպատակահարմարությունը՝ որպես դրա հիմնավորում նշելով բացառապես վերջինիս մեղսագրվող հանցանքի բնույթը, մինչդեռ Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ անդրադարձել է ենթադրյալ հանցանքը կատարելուց հետո կամովին մեղայականով ներկայացած չլինելու հանգամանքին, որը վերաքննիչ բողոքում նշված և հիմնավորված չի եղել։
5․ Բացի այդ, բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանը 2003 թվականի օգոստոսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածը մեկնաբանել է ի վնաս ամբաստանյալ Վ․Մամիկոնյանի։ Մասնավորապես, բողոքաբերի պնդմամբ, օրենսդիրը վերոհիշյալ հոդվածի կիրառման ժամանակագրական որևէ սահմանափակում չի նախատեսել, ուստի նախաքննության ընթացքում որպես մեղադրյալ ցուցմունք տալուց և մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց հրաժարվելու պայմաններում ամբաստանյալի կողմից գործի դատաքննության ընթացքում մեղավորությունն ընդունելու և կատարված արարքի համար զղջալու դեպքում վարույթն իրականացնող մարմինն իրավասու է անդրադառնալու անձին գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հարցին։ Ինչ վերաբերում է հանցանք կատարելուց հետո կամովին մեղայականով ներկայանալու պայմանին, բողոքաբերը գտել է, որ գործի դատաքննության փուլում այդ հանգամանքին անդրադառնալն առարկայազուրկ է, ավելին՝ նշված հանգամանքի կարևորությունն այնքան է նվազել, որ այն 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածով որպես անձին գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու պայման չի նախատեսվել։
6․ Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է փոփոխել Վերաքննիչ դատարանի 2022 թվականի սեպտեմբերի 20-ի որոշումը և անփոփոխ թողնել Առաջին ատյանի դատարանի 2022 թվականի հուլիսի 20-ի որոշումը։
Հատուկ վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը․
7․ Վահե Մամիկոնյանին ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար․ «[Նա], հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ դրդումներով կատարել է պաշտոնեական կեղծիք։ Այսպես․
Վահե Մամիկոնյանը, ՀՀ ոստիկանության պետի 2021 թվականի հուլիսի 7-ի թիվ 2048-Ա հրամանով զբաղեցնելով ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ պարեկային գումարտակի 1-ին վաշտի կրտսեր պարեկի պաշտոնը, հանդիսացել է մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ: ՀՀ ոստիկանության պետի 2021 թվականի մարտի 17-ի «Ոստիկանության պարեկային ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» թիվ 36-Լ հրամանով Վահե Մամիկոնյանը որպես պարեկային ծառայող իր ծառայողական պարտականությունները կատարելիս, ի թիվս այլնի, լիազորված է եղել հայտնաբերել և կազմել վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ և միաժամանակ պարտավոր է եղել պահպանել օրինականությունը:
Պաշտոնատար անձ Վահե Մամիկոնյանը, նախապես հաստատված գրաֆիկի համաձայն, կրտսեր պարեկ Սամվել Դավթյանի հետ 1114 կողային համարով ծառայողական ավտոմեքենայով 2022 թվականի հունվարի 13-ին ծառայություն է իրականացրել Երևան քաղաքի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում: Ժամը 08:25-ի սահմաններում, Երևան քաղաքի Իսակովի պողոտայում նկատել է «Վազ 2107» մակնիշի 36 VT 843 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որի վերաբերյալ համակարգչային շտեմարանում ստուգելով, պարզել է, որ նշված ավտոմեքենայի առանց ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության (այսուհետ՝ ԱՊՊԱ պայմանագիր) պայմանագրի ժամկետն ավարտված է և վարորդն այն վարելով, կատարում է վարչական իրավախախտում: Նշված ավտոմեքենան անմիջապես կանգնեցրել է ու պարզելով, որ վարորդը հանդիսացել է Մարգար Սայադյանը, տեղում նրա նկատմամբ կազմել է վարչական իրավախախտման արձանագրություն, որի մեջ սակայն իրավախախտման տեղը, ժամանակը, էությունը դաշտերը, ինչպես նաև արձանագրության աջ հատվածում գտնվող որոշման մասն առհասարակ չի լրացրել:
Այնուհետև, նույն օրը Վահե Մամիկոնյանը պարեկային ծառայության 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկ Արամայիս Ազատյանից տեղեկանալով, որ Մարգար Սայադյանը, ում նկատմամբ նույն օրն առավոտյան կազմել է առանց ԱՊՊԱ պայմանագրի երթևեկելու համար վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, հանդիսանում է մեկ այլ պարեկի մտերիմ, համաձայնվել և ընդունել է Արամայիս Ազատյանի՝ 100.000 ՀՀ դրամ նախատեսող վարչական պատասխանատվությունից ազատելու, դրանով իսկ պաշտոնեական կեղծիք կատարելու առաջարկը: Մասնավորապես, Վահե Մամիկոնյանը, Արամայիս Ազատյանին տեղեկացնելով, որ նշված դեպքով վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 8180081544 արձանագրությունը լրացրել է մասնակիորեն, նրա խնդրանքը բավարարելու անձնական դրդումներով ընդունել է վերջինիս՝ արձանագրության մեջ վարորդ Մարգար Սայադյանի կողմից էականորեն նվազ իրավախախտում կատարելու վերաբերյալ տեղեկություններ մտցնելու, արձանագրության գրառված հատվածներում սպիտակեցնող շտրիխով ջնջելու և ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու՝ այդպիսով պաշտոնեական կեղծիք կատարելու առաջարկը:
Արդյունքում նշված արձանագրության մեջ Վահե Մամիկոնյանն իր կողմից նախապես գրառված վարչական իրավախտումների վերաբերյալ օրենսգրքի հոդվածի՝ «129.2» թվերը, հոդվածի մասը, ինչպես նաև խախտման ծածկագիրը դաշտերում նախապես լրացված տողերը սպիտակեցնող շտրիխով ծածկելով, ապա դրանց փոխարեն խախտումը լրացրել է «124-րդ հոդվածի 11-րդ մասով», իսկ խախտման ծածկագիրը՝ «31.2» թվերով: Այնուհետև պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության և դրա բաղկացուցիչ մաս հանդիսացող որոշման չլրացված հատվածներում, առանց ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոցը վարելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ տվյալներ գրառելու փոխարեն Վահե Մամիկոնյանը դրանցում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ, իբրև թե վարորդ Մարգար Սայադյանը ձեռքի օգտագործմամբ ընթացքի ժամանակ օգտվել է հեռախոսակապից, ինչի արդյունքում 100.000 ՀՀ դրամ տուգանք նախատեսող իրավախախտման փոխարեն Մարգար Սայադյանը վարչական պատասխանատվության է ենթարկվել 10.000 ՀՀ դրամի չափով: Ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող վարչական իրավախախտման վերաբերյալ նշված արձանագրությունը և որոշումը նույն օրը Վահե Մամիկոնյանը դրել է շրջանառության մեջ, որի՝ իրավախախտում կատարած անձին հասանելիք մասը վերջինս նույն օրն Արամայիս Ազատյանի միջոցով հանձնել է Մարգար Սայադյանին։» ։
8․ Վահե Մամիկոնյանը նախաքննության ընթացքում որպես կասկածյալ ցուցմունք է տվել այն մասին, որ 2022 թվականի հունվարի 13-ին ծառայություն իրականացնելիս պարզել են, որ «Վազ 2107» մակնիշի 36VT843 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցի ԱՊՊԱ պայմանագրի ժամկետն ավարտված է, որի կապակցությամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, միաժամանակ, քանի որ վարորդը հրաժարվել է արձանագրությունն ստորագրելուց, բաց են թողնվել իրավախախտման «կատարման տեղը», «ժամանակը» և «էությունը» դաշտերը, իսկ արձանագրության աջ հատվածում գտնվող որոշման հատվածում առհասարակ որևէ բան չի լրացվել։ Վերոնշյալ դեպքից հետո տեղեկացվելով, որ ակտը կազմվել է պարեկներից մեկի եղբոր նկատմամբ՝ մեկ այլ պարեկի՝ Արամայիսի հետ միասին սպիտակեցրել են արձանագրության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համապատասխան հոդվածի և խախտման ծածկագրի թվերը, ինքն անձամբ փոխել է արձանագրությունում առկա իրավախախտման տեսակը և լրացրել իր կողմից չլրացված դաշտերը։
9․ Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն՝ «(…) Սույն գործով Վահե Վահանի Մամիկոնյանին մեղսագրվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին դասվող արարքի կատարում:
Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ թիվ 62210622 քրեական գործի նախաքննության ընթացքում որպես մեղադրյալ հարցաքննվելիս Վ.Մամիկոնյանը դիրքորոշում չի հայտնել, սակայն դատարանում առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել և զղջացել է կատարածի համար: Այսպիսով՝ Դատարանն արձանագրում է, որ Վահե Վահանի Մամիկոնյանն ընդունել է մեղքը, զղջացել է կատարածի համար, իսկ համաձայն ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանի ձև 8 տեղեկանքի վերջինս նախկինում դատապարտված չի եղել: Հաշվի առնելով այն, որ ամբաստանյալ Վահե Վահանի Մամիկոնյանն առաջին անգամ է կատարել միջին ծանրության հանցանք, իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է կատարածի համար և միջնորդել է գործուն զղջալու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, Դատարանը գտնում է, որ առկա են Վահե Վահանի Մամիկոնյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնելու քրեական և քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված բոլոր հիմքերը»:
10․ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Ա․Գևորգյանի հատուկ վերանայման բողոքի համաձայն՝ «(…) Կայացված որոշման ուսումնասիրությունից հետևում է, որ դատարանն ընդամենը թվարկել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմաններից այն, որ ամբաստանյալ Վահե Մամիկոնյանը առաջին անգամ կատարել է միջին ծանրռւթյան հանցանք, իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է կատարածի համար, և արդյունքում Վ․Մամիկոնյանին գործուն զղջալու հիմքով ազատել է քրեական պատասխանատվությունից։ Այսինքն, սույն դեպքում դատարանն ընդհանրապես հաշվի չի առել, ուշադրություն չի դարձրել և չի վերլուծել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասով չնախատեսված այլ հանգամանքների առկայությունը/բացակայությունը, ինչի արդյունքում կայացրել է չհիմնավորված, չպատճառաբանված որոշում՝ անհիմն կերպով Վ․Մամիկոնյանին ազատելով քրեական պատասխանատվությունից։
Մասնավորապես, սույն քրեական վարույթի փաստական հանգամանքներից ակնայտ է, որ Վ․Մարտիրոսյանի կողմից կատարված քրեական օրենքով չթույլատրված արարքն ունի հանրային վտանգավորության բարձր աստիճան՝ հաշվի առնելով հատկապես այն, որ քրեական օրենքով չթույլատրված արարքի կատարմամբ պետական ապարատի նորմալ գործունեությունը խաթարվել է, վարչական իրավախախտում կատարած անձի մոտ ձևավորվել է կատարած խախտմանը ոչ համարժեք պատասխանատվության ենթարկվելու համոզմունք, իսկ պաշտոնատար անձի կողմից անտեսվել է պետության կողմից սույն բնագավառում տարվող քրեաիրավական պայքարն ու հնարավոր կոռուպցիոն դրսևորումները բացառելու ուղղությամբ գործադրվող ջանքերը, որպիսիք վկայում են նշված հիմքով Վ․Մամիկոնյանին քրեական պատասխանատվությունից ազատելու աննպատակահարմարության մասին։ Այս առումով հատկանշական է նաև, որ հիշյալ հոդվածը որպես պարտադիր լրացուցիչ պատիժ նախատեսում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը։ Ընդ որում, ուշադրության է արժանի նաև այն, որ նախաքննության ընթացքում որպես մեղադրյալ հարցաքննվելիս Վ․Մամիկոնյանը մեղքը չի ընդունել, դիրքորոշում չի հայտնել և հրաժարվել է ցուցմունք տալ, իսկ դատաքննության ընթացքում դեռևս Վ․Մամիկոնյանը չի հարցաքննվել»։
11․ Վերաքննիչ դատարանի 2022 թվականի սեպտեմբերի 20-ի որոշման համաձայն՝ «(…) [Վ]երաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը պատշաճ չի գնահատել գործուն զղջալու ինստիտուտի կիրառման համար անհրաժեշտ և օրենքով սահմանված պարտադիր պայմանները, մասնավորապես դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ սույն դեպքում առկա չեն ինչպես հանցանք կատարելուց հետո կամովին մեղայականով ներկայանալու, այնպես էլ հանցագործությունը բացահայտելուն աջակցելու պայմանները։ Ինչպես երևում է ներկայացված նյութերից և բողոքարկված դատական ակտում Առաջին ատյանի դատարանի արձանագրումից՝ ամբաստանյալը մեղայականով չի ներկայացել, քրեական գործի նախաքննության փուլում որպես մեղադրյալ հարցաքննվելիս դիրքորոշում չի հայտնել և ցուցմունք չի տվել գործի հանգամանքների մասին, իսկ ենթադրյալ հանցագործությունը բացահայտվել է օպերատիվ հետախուզական միջոցառումների (ՀԽՎ) կատարման արդյունքում։ Հետևաբար ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածով նախատեսված՝ գործուն զղջալու հիմքով Վահե Մամիկոնյանին քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունը հիմնավորված չէ։ Այլ կերպ ասած՝ Առաջին ատյանի դատարանը մի կողմից առհասարակ չի անդրադարձել մեղայականով ներկայանալու հարցին, մյուս կողմից անտեսել է ամբաստանյալի նախաքննության փուլում դրսևորած վարքագիծը, մասնավորապես այն, որ հրաժարվել է որպես մեղադրյալ ցուցմունք տալուց և մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց, և այդ պայմաններում, հիմք ընդունելով դատարանում մեղադրանքն ընդունելու հանգամանքը, կիրառել է ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածը և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի հիման վրա կայացրել քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում։ (…)»։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը․
12․ Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է․ Իրավաչա՞փ է արդյոք Առաջին ատյանի դատարանի` Վահե Մամիկոնյանի նկատմամբ գործուն զղջալու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը բեկանելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը։
13. ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ «1․ Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով։ (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Հատուկ վերանայումն իրականացվում է բողոքում նշված հիմքի և այն հաստատող փաստերի սահմաններում»:
14․ Վերաքննության գործառութային առանձնահատկությունների համատեքստում Վճռաբեկ դատարանը, 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում, կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ վերաքննիչ դատարանը որպես կանոն, վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայում է ստորադաս ատյանի դատական ակտի հիմնավորվածությունն ու իրավաչափությունը։ Վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները ոչ միայն կանխորոշում են այն հարցերի շրջանակը, որոնք պետք է քննարկման առարկա դարձվեն վերաքննիչ վարույթի շրջանակներում, այլև նախանշում են վերաքննիչ վերանայման սահմանները։ Վերաքննիչ դատարանն իրավունք չունի իր դատական ակտը հիմնավորել այնպիսի էական փաստարկումներով, որոնք ներկայացված չեն վերաքննիչ բողոքում։ Վերաքննիչ դատարանն իրավասու է դուրս գալ վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից միայն այն դեպքում, երբ առկա է դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որն անվերապահորեն պետք է հանգեցնի դատական ակտի բեկանման կամ առկա է քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմք: Մյուս բոլոր դեպքերում վերաքննիչ դատարանը կաշկանդված է դատական վերանայման սահմանների վերաբերյալ կանոններով, հետևաբար իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ, վերաքննիչ բողոքի հիմքերից և հիմնավորումներից դուրս արձանագրել դատական սխալ և ուղղել այն: Վերաքննիչ վերանայման սահմաններից դուրս գալու հիմքերի սահմանափակ և խիստ որոշակի շրջանակը կոչված է բացառելու վերադաս դատական ատյանի կողմից բողոքում չնշված, անկանխատեսելի հանգամանքներով սահմաններից դուրս գալը։ Հակառակ պարագայում, վերադաս դատարանը կիրականացնի գործի լրիվ ծավալով ըստ էության քննություն, ինչն անհամատեղելի կլինի մրցակցության սկզբունքից բխող՝ սահմանափակ վերանայման՝ օրենսդրորեն ամրագրված գաղափարի հետ:
15․ 2021 հունիսի 30-ին ընդունված, 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածով նույնպես նախատեսվել է Վերաքննիչ դատարանում սահմանափակ հատուկ վերանայման ինստիտուտը՝ վերադաս ատյանի կողմից դատական ակտերի իրավաչափության ստուգման ծավալը կանխորոշելով բողոքում նշված հիմքերի և այն հաստատող փաստերի սահմաններով։ Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերաքննության գործառութային առանձնահատկությունների վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները վերաբերելի մասով (mutatis mutandis) շարունակում են կիրառելի լինել նաև 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված վերոնշյալ կարգավորման նկատմամբ։
Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ սահմանափակ վերանայման հիմքում ընկած են ստորադաս և վերադաս դատական ատյաններում գործառութային տարանջատման գաղափարը, ինչպես նաև մրցակցության սկզբունքը, որոնցից առաջինը ենթադրում է դատական վերանայման ծավալի վերընթաց նվազում՝ բացառելով վերանայումն իրականացնող դատարանի կողմից ստորադաս դատարանի գործառույթի կրկնությունը, իսկ երկրորդը՝ վարույթի մասնակցին տրված երաշխիք առ այն, որ վերանայում իրականացնող դատարանը չի կատարի վարույթի տվյալ մասնակցի դատավարական հակառակորդի գործառույթ։
16․ Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ․
- Առաջին ատյանի դատարանը, արձանագրելով, որ Վ․Մամիկոնյանն առաջին անգամ է կատարել միջին ծանրության հանցանք, իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է կատարածի համար, որոշում է կայացրել վերջինիս նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը գործուն զղջալու հիմքով դադարեցնելու մասին։
- Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշման դեմ ներկայացված հատուկ վերանայման բողոքի համաձայն՝ Առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել ամբաստանյալի կողմից կատարված քրեական օրենքով չթույլատրված արարքի հանրային վտանգավորության բարձր աստիճանը, ինչպես նաև այն, որ նախաքննության ընթացքում որպես մեղադրյալ հարցաքննվելիս Վ․Մամիկոնյանը մեղքը չի ընդունել, դիրքորոշում չի հայտնել և հրաժարվել է ցուցմունք տալ, իսկ դատաքննության ընթացքում վերջինս չի հարցաքննվել։
- Հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու և պաշտպանության կողմի՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը մերժելու մասին՝ փաստարկելով, որ Առաջին ատյանի դատարանն անտեսել է հանցանք կատարելուց հետո Վ․Մամիկոնյանի կամովին մեղայականով չներկայանալու, ինչպես նաև որպես մեղադրյալ ցուցմունք տալուց և մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց հրաժարվելու հանգամանքները։
17․ Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-15-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը ստուգելիս դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և այն հաստատող փաստերի սահմաններից։ Մասնավորապես, անդրադառնալով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման իրավաչափությանը՝ Վերաքննիչ դատարանն իր կողմից կայացված դատական ակտը ոչ իրավաչափորեն հիմնավորել է հիմք ընդունելով Վ․Մամիկոնյանի կողմից վարույթն իրականացնող մարմին կամովին մեղայականով չներկայանալու հանգամանքը, որը, սակայն, դատախազի՝ Վերաքննիչ դատարան ներկայացրած հատուկ վերանայման բողոքում վկայակոչված չի եղել։
Նման պայմաններում, խախտվել է սահմանափակ վերանայման ինստիտուտից բխող դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման սկզբունքը, դատավարության մասնակցին տրված երաշխիքն առ այն, որ իր գործով դատական քննության ընթացքում վերաքննիչ դատարանը չի կատարի դատավարական հակառակորդի գործառույթ։
18․ Միևնույն ժամանակ, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ սույն գործով առկա չէ Վ․Մամիկոնյանի կողմից հանցագործությունը բացահայտելուն աջակցելու պայմանը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր չէ։ Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը, փաստելով, որ Վ․Մամիկոնյանը որպես մեղադրյալ հարցաքննվելիս դիրքորոշում չի հայտնել և գործի հանգամանքների վերաբերյալ ցուցմունք չի տվել, անտեսել է վերջինիս կողմից նախաքննության ընթացքում դրսևորած վարքագիծը՝ որպես կասկածյալ ցուցմունք տալու և այդ ցուցմունքներով գործի համար էական նշանակություն ունեցող տեղեկություններ հայտնելու հանգամանքները։
19․ Վերոգրյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի՝ Վահե Մամիկոնյանի նկատմամբ գործուն զղջալու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը բեկանելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն։
20․ Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով դատական ակտ կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են վարույթի ելքի վրա, հետևաբար, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 354-րդ և 400-րդ հոդվածների համաձայն՝ հիմք են դատական ակտը բեկանելու և դրան փոխարինող դատական ակտ կայացնելու, այն է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 20-ի որոշմանն օրինական ուժ տալու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-363-րդ, 386-րդ և 400-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Հատուկ վերանայման բողոքը բավարարել: Վահե Վահանի Մամիկոնյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2022 թվականի սեպտեմբերի 20-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 20-ի որոշմանը՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։
Նախագահող` Կ.ԲԻՇԱՐՅԱՆ
Դատավորներ` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ս.ՉԻՉՈՅԱՆ
Դ․ՎԵՔԻԼՅԱՆ
