Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ
ԵԴ/0253/01/19
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։
- Գործի համարը
- ԵԴ/0253/01/19
- Դիմող / մեղադրյալ
- Ռոբերտ Քոչարյան
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 26.02.2024
- ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
- Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
17 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)
Միջազգային փաստաթղթեր
ՀՀ Սահմանադրություն
ՀՀ Քրեական օրենսգիրք
ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցԵԴ/0253/01/19
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
Ս․ՄԱՐԱԲՅԱՆԻ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ
2024 թվականի փետրվարի 26-ին քաղաք Երևանում
գրավոր ընթացակարգով քննության առնելով Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի պաշտպան Հ․Խուդոյանի նոր հանգամանքի՝ ՀՀ Սահմանադրական դատարանի 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշման հիմքով բերված վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2008 թվականի մարտի 2-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած հրազենի, պայթուցիկ նյութերի գործադրմամբ, սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ հրահրելու և կազմակերպելու դեպքերի առթիվ հարուցվել է թիվ 62202608 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 225-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով։
1.1. 2018 թվականի հուլիսի 3-ին թիվ 62202608 քրեական գործին միացվել է 2008 թվականի փետրվարի 23-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության գործադիր մարմնի ղեկավար անձի՝ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով նույն օրը հարուցված քրեական գործը։
2018 թվականի հուլիսի 26-ին Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով։
2018 թվականի հուլիսի 26-ին Յուրի Գրիգորիի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով։
1.2. 2018 թվականի օգոստոսի 3-ին թիվ 62202608 քրեական գործին է միացվել նաև պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատությանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով նույն օրը հարուցված քրեական գործը։
Նույն օրը Արմեն Անդրանիկի Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով։
1.3. 2018 թվականի հոկտեմբերի 1-ին թիվ 62202608 քրեական գործին է միացվել բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նույն օրը հարուցված քրեական գործը։
2018 թվականի դեկտեմբերի 26-ին Սեյրան Մուշեղի Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով։
1.4. 2019 թվականի փետրվարի 12-ին Ռ.Քոչարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել ու լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով։
2019 թվականի փետրվարի 12-ին Ս.Օհանյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել ու լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով։
2019 թվականի փետրվարի 12-ին Ա.Գևորգյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել ու լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով։
2019 թվականի փետրվարի 12-ին Յու.Խաչատուրովին առաջադրված մեղադրանքը փոփոխվել ու լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով։
1.5. 2019 թվականի փետրվարի 14-ին որոշում է կայացվել քրեական գործից մեղադրյալներ Ռ.Քոչարյանի, Յու.Խաչատուրովի, Ա.Գևորգյանի և Ս.Օհանյանի վերաբերյալ թիվ 62202919 քրեական գործն անջատելու մասին։
1.6. 2019 թվականի ապրիլի 29-ին քրեական գործը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)։
2. Առաջին ատյանի դատարանի 2019 թվականի մայիսի 7-ի որոշմամբ թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործն ընդունվել է վարույթ։
Առաջին ատյանի դատարանի 2019 թվականի մայիսի 18-ի որոշմամբ ամբաստանյալ Ռ.Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է և խափանման միջոց է կիրառվել անձնական երաշխավորությունը։
3․ Դատախազ Պ․Պետրոսյանի, տուժող Ա․Ավագյանի և վերջինիս ներկայացուցիչ Ս․Սաֆարյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում, Վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2019 թվականի հունիսի 25-ի որոշմամբ բողոքները բավարարվել են, Առաջին ատյանի դատարանի 2019 թվականի մայիսի 18-ի որոշումը բեկանվել է և ամբաստանյալ Ռ.Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։
4․ Վճռաբեկ դատարանի 2019 թվականի սեպտեմբերի 20-ի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 2019 թվականի հունիսի 25-ի որոշման դեմ ամբաստանյալ Ռ.Քոչարյանի պաշտպաններ Հ․Ալումյանի, Ա․Օրբելյանի և Հ․Խուդոյանի վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժվել է։
5․ Առաջին ատյանի դատարանը 2019 թվականի մայիսի 20-ին որոշում է կայացրել, ի թիվս այլնի, ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցով ՀՀ Սահմանադրական դատարան (այսուհետ նաև՝ Սահմանադրական դատարան) դիմելու և մասին։
ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցով Սահմանադրական դատարան է դիմել նաև Ռ.Քոչարյանը։
5․1. Սահմանադրական դատարանի 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։
6․ 2021 թվականի հունիսի 30-ին Ռ․Քոչարյանի պաշտպան Հ․Խուդոյանը վճռաբեկ բողոք է բերել՝ որպես նոր հանգամանք վկայակոչելով Սահմանադրական դատարանի 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշումը։
7. 2021 թվականի հոկտեմբերի 12-ին Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու և ներկայացված բողոքը Վճռաբեկ դատարանի վարույթ ընդունելու մասին։ 2022 թվականի հուլիսի 14-ին գործը բաշխվել (հանձնվել) է ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմին։
Վճռաբեկ դատարանի 2024 թվականի փետրվարի 16-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
8. Բողոքի հեղինակը գտել է, որ Սահմանադրական դատարանի՝ 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշումը հիմք է Վճռաբեկ դատարանի 2019 թվականի սեպտեմբերի 20-ի օրինական ուժի մեջ մտած որոշման վերանայման համար։
Բողոքի հեղինակը նշել է, որ Սահմանադրական դատարանի պրակտիկան հանգում է նրան, որ նորմի հակասահմանադրականության պարագայում դատական ակտը պետք է փաստի ուժով հանգեցնի հակասահմանադրական նորմի հիման վրա կայացված դատական ակտի բեկանման։ Սույն քրեական գործի պայմաններում բողոքարկվող դատական ակտը, ինչպես նաև դրան նախորդած դատական ակտերը կայացվել են հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարքի ենթադրյալ կատարումը։
Բողոքաբերը գտել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու պայմաններում նոր հանգամանքի ուժով այն դատական ակտերը, որոնք հանգեցրել են Ռ․Քոչարյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի տևական սահմանափակման, ենթակա են վերանայման։ Հակառակ պարագայում Սահմանադրական դատարանի որոշումների իրավական արժեքը կարող է բովանդակազրկվել և Ռ․Քոչարյանի սահմանադրական և կոնվենցիոն իրավունքների վերականգման միակ հասանելի միջոցը դատական ակտերի վերանայման վարույթի հարուցումն է։
Բողոքի հեղինակը նշել է, որ Սահմանադրական դատարանի 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշմամբ ճանաչվել է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի հակասահմանադրականությունը ոչ թե 2021 թվականի մարտ ամսվա և դրան հաջորդող ժամանակահատվածի դրությամբ, այլ նշված հոդվածի ընդունման պահից՝ 2009 թվականի մարտ ամսից, ուստի բոլոր այն դատական ակտերը, որոնցով որպես Ռ․Քոչարյանի իրավունքների սահմանափակման հիմք դիտարկվել է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով նախատեսված արարքի մեղսագրվելը, ենթակա են վերանայման, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը իր ընդունման պահից չպետք է և չէր կարող առաջացնել որևէ իրավական հետևանք։
8.1. Անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարքի ենթադրյալ կատարման համար Ռ․Քոչարյանին առաջադրված մեղադրանքին՝ բողոքաբերը գտել է, որ անգամ այն պարագայում, երբ առկա է հիմնավոր կասկած նաև ՀՀ քրեական օրենսգրքի այլ հոդվածով նախատեսված արարքի ենթադրյալ կատարման վերաբերյալ, միևնույն է հոդվածներից որևէ մեկի հակասահմանադրականության հաստատման պարագայում անձնական ազատության վերաբերյալ դատական ակտերը պետք է ենթակա լինեն վերանայման։
Բողոք բերած անձը գտել է, որ Ռ․Քոչարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի շրջանակներում առաջադրված մեղադրանքը չէր կարող բավարար դիտարկվել կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար, հատկապես այն պայմաններում, երբ ինչպես Առաջին ատյանի դատարանը 2019 թվականի մարտի 15-ի և 2019 թվականի մայիսի 18-ի որոշումներով, այնպես էլ Վերաքննիչ դատարանը 2019 թվականի ապրիլի 11-ի որոշմամբ հաստատել են ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածով նախատեսված ենթադրյալ հանցանքի կատարման հիմնավոր կասկածի բացակայությունը։
8․2․Վերոգրյալի արդյունքում բողոքաբերը խնդրել է հարուցել թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով Վճռաբեկ դատարանի 2019 թվականի սեպտեմբերի 20-ի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման վերանայման վարույթ՝ կայացնելով նոր դատական ակտ, այն է՝ բեկանել Վերաքննիչ դատարանի 2019 թվականի հունիսի 25-ի որոշումը և օրինական ուժի մեջ թողնել Առաջին ատյանի դատարանի 2019 թվականի մայիսի 18-ի որոշումը։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
9. Նախաքննության մարմնի կողմից Ռ․Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված այն արարքների առերևույթ կատարման համար, որ. «(…) [Ն]ա, 1998 թվականի ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության ուժով հանդիսանալով պետության գլուխը և կրելով ՀՀ Սահմանադրությանը հետևելու, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովելու պարտականություններ, ինչպես նաև օժտված լինելով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձի լիազորություններով, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, ինչպես նաև իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927.000.000 ՀՀ դրամին համարժեք 3.000.000 ԱՄՆ դոլար կաշառք, որոնք արտահայտվել են հետևյալում.
2008 թվականի փետրվարի 19-ին անցկացվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունը, որի նախապատրաստումը և անցկացումը մեծ դժգոհություններ են առաջացրել բազմաթիվ քաղաքացիների մոտ: Տարբեր հասարակական կազմակերպություններ, իրավապաշտպան կառույցներ, որոնց թվում՝ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, Եվրոպայի խորհրդի՝ Մարդու իրավունքների հանձնակատարը և բազմահազար քաղաքացիներ ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները վերագրել են Հայաստանի Հանրապետության այդ ժամանակ գործող Նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նույն ժամանակ գործող վարչապետ, Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կողմնակիցներին: Ըստ նրանց՝ ընտրությունների ընթացքում տեղի ունեցած ապօրինությունները խախտել են Հայաստանի Հանրապետության այդ ժամանակ գործող Սահմանադրության 4-րդ հոդվածում ամրագրված՝ ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները, որի արդյունքում ժողովուրդը զրկվել է ազատ ընտրությունների միջոցով իր իշխանությունն իրականացնելու հնարավորությունից, ինչով պայմանավորված, 2008 թվականի փետրվարի 20-ից սկսած, Երևանի Ազատության հրապարակում կազմակերպվել և անցկացվել են քաղաքացիների՝ այդ ժամանակ գործող ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածով երաշխավորված խաղաղ, առանց զենքի հավաքներ:
Հավաքների դուրս եկած բազմահազար քաղաքացիները պահանջել են անվավեր ճանաչել, իրենց կարծիքով՝ կեղծված ընտրությունները, չեղարկել ընտրական տեղամասերից ստացված արդյունքները: Միաժամանակ, ՀՀ գործող իշխանություններից ակնկալել են, որ կպահպանվի սահմանադրական կարգը, այն է՝ կապահովվի մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների իրացման հնարավորությունը և պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք կգործեն ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան:
Հասարակության լայն շրջանակներում աճող դժգոհությունը և խաղաղ հավաքներին մարդկանց նոր զանգվածների ներգրավումը լուրջ անհանգստություն է պատճառել գործող իշխանություններին: Այն բանից հետո, երբ հավաքների թվացյալ ոչ իրավաչափ լինելու մասին ոստիկանության հայտարարություններով և կոչերով հնարավոր չի եղել խոչընդոտել շուրջօրյա խաղաղ հավաքների անցկացումը, ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցանկալի իշխանական համակարգը պահելու համար՝ իշխանությունն իր մտերիմ Սերժ Սարգսյանին ցանկացած եղանակով հանձնելու, ընթացող իրավական, քաղաքական գործընթացների վրա բազմամարդ հավաքների ազդեցության՝ իր համար անցանկալի հետևանքները ցանկացած եղանակով կանխելու, ընտրության արդյունքների վիճարկման իրավական գործընթացներն ապօրինի վերահսկելու նպատակով, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի, ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի և այլ անձանց հետ, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի օժանդակությամբ իրականացրել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողություններ՝ զինված ուժերի, ապօրինի զինված քաղաքացիական անձանց հետընտրական քաղաքական հարցերում հանցավոր ներգրավմամբ, ինչպես նաև ակնհայտորեն իրենց լիազորությունների շրջանակից դուրս դիտավորյալ այլ գործողություններով, քաղաքացիների հիմնական իրավունքների անհիմն և ապօրինի խախտմամբ և սահմանափակմամբ երկրում փաստացի վերացրել են սահմանադրական կարգի համապատասխան հիմնադրույթները՝ յուրացնելով իշխանությունը:
Սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողությունները հանգեցրել են 2008 թվականին գործող Սահմանադրության 1-ին հոդվածով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական և իրավական պետություն է, 2-րդ հոդվածով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, 3-րդ հոդվածով նախատեսված՝ պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան, 5-րդ հոդվածով նախատեսված՝ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով և 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն, նորմերը փաստացի վերացնելով, այդ ժամանակահատվածում իրավական համակարգում դրանց գործողության դադարեցմամբ, որն արտահայտվել է ՀՀ Նախագահի ընտրություններին հաջորդող՝ 2008թ. փետրվարի 23-ից մարտի 20-ն ընկած ժամանակահատվածում ժողովրդավարական և իրավական պետությունում ժողովրդին պատկանող իշխանության իրացման միջոցներ հանդիսացող՝ ՀՀ-ում քաղաքացու՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան երաշխավորված՝ իր կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատության, խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու, իրավական և դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքները՝ վերը նշված պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունների սահմանազանցմամբ խախտելով:
Այսպես.
ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի, ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի և այլ անձանց հետ հանցակցությամբ, խախտելով 2008 թվականին գործող ՀՀ Սահմանադրության 8.2-րդ հոդվածն այն մասին, որ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը, զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո», ինչպես նաև Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետն այն մասին, որ Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում կարող է ՀՀ Նախագահը հայտարարել ռազմական դրություն և որոշում ընդունել զինված ուժերի օգտագործման մասին, զինված ուժերն օգտագործել է քաղաքական հարցերում՝ խաղաղ հանրահավաքների մասնակից քաղաքացիների դեմ:
Մասնավորապես.
ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մտադրություն ունենալով ցանկացած եղանակով իշխանությունը փոխանցել Սերժ Սարգսյանին, օգտվելով այն հանգամանքից, որ ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածի համաձայն՝ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է և համակարգում է պաշտպանության բնագավառում պետական մարմինների գործունեությունը, 2008 թվականի փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարության և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ խորհրդակցություն է անցկացրել և, ակնհայտ անցնելով իր լիազորությունները, բանավոր հրահանգել է՝ զորքերը բերել մարտական պատրաստվածության՝ հաջորդ օրը՝ ժամը 00:00-ից, հայտարարելով արտակարգ դրություն սահմանելու մասին: Առաջադրված խնդիրների և տրված ակնհայտ ապօրինի հանձնարարության կատարումն ապահովելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը նույն օրը ստորագրել է հույժ գաղտնի թիվ 0038 ակնհայտ ապօրինի հրամանը: Չնայած այդ պահին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ ընտրության վերջնական արդյունքները դեռևս ամփոփված և հրապարակված չեն եղել, սակայն Միքայել Հարությունյանի արձակած հրամանում խաղաղ ցուցարարները բնորոշվել են որպես «ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները չընդունող, իրավիճակն ապակայունացնող քաղաքական ուժեր»: Նույն հրամանով հանձնարարվել է «երկրի բնականոն զարգացումը» ապահովելու նպատակով ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը փետրվարի 23-ին՝ ժամը 18:00-ից, տեղափոխել զորանոցային վիճակի, ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծել սպայական խմբեր, որոնց զինել տաբելային զենքերով, իսկ Երևանի կայազորի պետ, պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովի հետագա գործունեության ապահովման նպատակով ստեղծվել է կայազորի պետի վարչակազմ:
Նշված հրամանով ՀՀ պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի վարչությունների պետերին, առանձին զորամասերի հրամանատարներին հանձնարարվել է ստեղծել բարձր շարժունակությամբ, բարդ իրավիճակներում արդյունավետ գործելու ունակ հավաքական ստորաբաժանումներ, այդ ստորաբաժանումները համալրել առավել պատրաստված, հոգեբանորեն կայուն ծառայողներով, նրանց զինել հրաձգային զենքերով: 2008 թվականի փետրվարի 23-ի դրությամբ ակնհայտ խաղաղ բնույթ կրող հավաքներ անցկացվելու պայմաններում հիշյալ հրամանով հանձնարարվել է նշանակված ստորաբաժանումներին հատկացնել զինամթերք, իսկ անձնակազմը հանդերձավորել սաղավարտներով և զրահաբաճկոններով: Նշված ուժերի և միջոցների՝ Երևանի կայազորի պետի ենթակայության տակ անցնելու ժամկետ է սահմանվել 2008 թվականի փետրվարի 24-ի՝ ժամը 11:00-ն: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետին էլ հանձնարարվել է՝ Երևանի կայազորի տարածքում տեղակայվող յուրաքանչյուր ստորաբաժանմանը հատկացնել անհրաժեշտ ուժեր և միջոցներ, ապահովել ժամանող ուժերի և միջոցների ուղեկցումը մինչև նշանակության վայրեր:
Դրանից հետո ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2008 թվականի փետրվարի 24-ին ամփոփել է ընտրության արդյունքները և ընդունել իր թիվ 24-Ա որոշումը, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության Նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը:
Երևան քաղաքում խաղաղ հանրահավաքները շարունակվել են, որոնց մասնակիցները պահանջել են քվեարկության արդյունքների վերահաշվարկ կատարել:
ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանձնարարությամբ և ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի՝ 2008 թվականի փետրվարի 23-ի թիվ 0038 հրամանի համաձայն՝ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման շրջանակներում, այդ հրամանով ձևավորված զինվորական կառավարման ապօրինի նոր կառույցի կազմակերպմամբ, փետրվարի 24-ի գիշերն իրականացվել է բանակային ստորաբաժանումների տեղաշարժ` զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներ, զինված և զրահատեխնիկայով համալրված, դուրս են բերվել տեղակայման հիմնական վայրերից, այդ թվում՝ սահմանային մարտական հերթափոխ իրականացնող զորամասերից, և տեղափոխվել Երևան քաղաքում կամ մայրաքաղաքի մերձակայքում տեղակայված զորամասեր: Մասնավորապես, ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի համապատասխան զորամասից 111 պայմանագրային զինծառայողներ, Մուրադ Աբրահամյանի հրամանատարությամբ, դեռևս 2008 թվականի փետրվարի 24-ի գիշերը և փետրվարի 25-ին դուրս են բերվել իրենց մշտական տեղակայման վայրից, տեղափոխվել են Երևանի մերձակայքում տեղակայված հրետանու բրիգադ, որտեղ իրականացրել են հանրահավաքները ցրելու զորավարժություններ: Այնուհետև, 2008 թվականի փետրվարի 27-ից 28-ը նշված անձնակազմը տեղափոխվել է Երևան և տեղակայվել Հանրապետության հրապարակում՝ Մելիք-Ադամյան փողոցի երկայնքով: Նույն կերպ իրենց տեղակայման վայրերից դուրս են բերվել և Երևան քաղաք տեղափոխվել ՀՀ ԶՈՒ բանակային մյուս կորպուսների զորամասերից պայմանագրային և սպայական անձնակազմից կազմված հավաքական ստորաբաժանումներ, որոնք տեղակայվել են. 3-րդ բանակային կորպուսի 4 զորամասերից, ընդհանուր՝ շուրջ 100 /յուրաքանչյուր զորամասից 20-25/, այդ թվում՝ մարտական հերթապահություն իրականացնող, հանգստացող հերթափոխի մեջ գտնվող սպաները և պայմանագրային զինծառայողները՝ 2008 թվականի փետրվարի 24-ից՝ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին գտնվող ՀՀ ՊՆ թիկունքի զորամասում, որտեղ իրականացրել են հանրահավաքները ցրելու զորավարժություններ, այնուհետև՝ մարտի 1-ին՝ ժամը 12-ից 14-ն ընկած ժամանակահատվածում, տեղափոխվել են Հանրապետության հրապարակ: 1-ին բանակային կորպուսի ստորաբաժանումները՝ ընդհանուր 114 հոգի, և 4-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումները՝ ընդհանուր 87 հոգի, 2008 թվականի փետրվարի 24-ի գիշերը տեղափոխվել են ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի մշտական տեղակայման վայր՝ Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջան, որտեղ վերջիններս նույնպես իրականացրել են հանրահավաքները ցրելու զորավարժություններ, իսկ մարտի 1-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, տեղափոխվել են Երևանի Հանրապետության հրապարակ: 4-րդ բանակային կորպուսի Արարատի գնդի ստորաբաժանումը՝ շուրջ 70 զինծառայողներով և 6 «ԲՌԴՄ» տեսակի զրահափոխադրիչներով, տեղակայվել են Երևան-Մասիս ավտոճանապարհին, իսկ 5-րդ բանակային կորպուսը՝ Երևան քաղաքի իրենց մշտական տեղակայման վայրերում:
Նույն ժամանակահատվածում Երևան քաղաք է տեղափոխվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի շուրջ 1000 պայմանագրային զինծառայողներից և սպաներից կազմված համահավաք գումարտակ: Նշված ծառայողների մի մասը տեղակայվել է ՀՀ Կառավարության վարչական շենքի նկուղային տարածքում, իսկ մյուս մասը՝ ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում: Երևան քաղաքում տեղակայվելուց հետո, Արցախի Հանրապետության ՊԲ զինծառայողներին տրամադրվել է ՀՀ ՊՆ համազգեստ, իսկ տրանսպորտային միջոցների «ՊԲ» համարանիշերը փոխարինվել են «ՊՆ» համարանիշերով՝ քողարկելով այդ ուժերի ապօրինի ներգրավման հանգամանքը: Բացի այդ, Երևան քաղաք են տեղափոխվել և «Հրազդան» հյուրանոցում տեղակայվել Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հատուկ նշանակության ջոկատի շուրջ 20 ծառայողներ:
Երևանի կայազորի ենթակայության տակ ժամանած վերը նշված համահավաք ստորաբաժանումները զինվել են մարտական գործողությունների ժամանակ յուրաքանչյուր զինծառայողին հասանելիք, տարբեր տեսակի հրազեններով և համապատասխան սպառազինությամբ՝ մեկ մարտական հաշվարկով: 2008 թվականի փետրվարին, հիշյալ ստորաբաժանումների՝ Երևան քաղաքում և մերձակա բնակավայրերում գտնվող զորամասերում տեղակայվելուց հետո, Սեյրան Օհանյանն այցելել է այդ զինծառայողներին, տեղում ստուգել է հանրահավաքները ցրելու պարապմունքների ընթացքը, միաժամանակ, արդարացնելով վերջիններիս ներգրավվածությունը ներքաղաքական գործընթացներին՝ անձնակազմերի հետ ունեցել է ոգևորիչ և խրախուսող կոչեր պարունակող ելույթներ: Մասնավորապես, Սեյրան Օհանյանը նշել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջն են համախմբել թմրամոլներ, խառնակիչներ ու հանցավոր տարրեր, ովքեր ցանկանում են երկրում հեղաշրջում կատարել: Գերագույն գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանի հրամանն է՝ պահպանել Հայաստանի պետականությունը, բանակի խնդիրն է՝ մնալ գերագույն գլխավոր հրամանատարի կողքին, թույլ չտալ երկրում իրավիճակի ապակայունացումն և հեղաշրջումը, ապահովել կայունությունը:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովը և թիվ 0038 հրամանով ստեղծված վարչակազմը տեղակայվել են ՀՀ կառավարության շենքում: Նա վարչակազմում ընդգրկված՝ ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի կարևորագույն վարչությունների և առանձին բաժինների միջոցով կազմակերպել է կայազորի աշխատանքները, ապահովել զինվորական կարգապահությունը, անհրաժեշտ պայմաններ ստեղծել զորքերի ամենօրյա կենսագործունեության և պատրաստության համար, անցկացրել զորքերի մասնակցությամբ կայազորային միջոցառումներ, ինչպես նաև հսկողություն սահմանել Երևան քաղաք տեղափոխված ռազմական տեխնիկայի, նյութական այլ միջոցների պահպանության նկատմամբ: Այդ նպատակով Յուրի Խաչատուրովը մշակել է ծրագրեր, արձակել կարգադրություններ և հրամաններ, որոնցով իր տրամադրության տակ անցած ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների զինծառայողներից կազմել է առանձին դասակներ, յուրաքանչյուրը՝ 30 հոգի կազմով, նշանակել հրամանատարներ, որոնք տեղաբաշխվել են Երևան քաղաքի կենտրոնական փողոցներում, ինչպես նաև Երևան քաղաք մտնող ճանապարհներին՝ կոնկրետ խնդիրներ իրականացնելու համար: Մասնավորապես, Յուրի Խաչատուրովի հրահանգով ՀՀ ՊՆ 2-րդ և 4-րդ բանակային կորպուսների ստորաբաժանումները, որպես ոստիկանության զորքերին օգնական ուժեր, մարտի 1-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում տեղափոխվել են Պարոնյան և Լեո փողոցներ, իսկ 1-ին, 3-րդ և 5-րդ բանակային կորպուսների, ինչպես նաև ՊՆ կենտրոնական ապարատի տարբեր վարչություններից կազմավորված ստորաբաժանումները՝ Երևան քաղաքի կենտրոնական փողոցներում և Երևան քաղաք մտնող ավտոճանապարհներին տեղակայված «Ճանապարհային ոստիկանության» ծառայության պահակակետերում իրականացրել են պարեկապահակակետային ծառայություն: Իր գործունեության ընթացքում Յուրի Խաչատուրովը համագործակցել է ինչպես ՀՀ ոստիկանության, այնպես էլ այլ պետական մարմինների հետ:
Այդ ընթացքում տեղի ունեցող քաղաքացիների խաղաղ, առանց զենքի հավաքներին զուգահեռ Հանրապետության Նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը, համապատասխանաբար՝ 2008 թվականի փետրվարի 27-ին և 29-ին, ՀՀ Նախագահի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմումներ են ներկայացրել ՀՀ Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2008 թվականի փետրվարի 24-ի՝ «Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» թիվ 24-Ա որոշումը:
2008 թվականի փետրվարի 29-ին՝ Ռոբերտ Քոչարյանը Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ընթացքում, ընտրության արդյունքներից դժգոհ քաղաքացիների կողմից Երևանի Ազատության հրապարակում անցկացվող խաղաղ ցույցերը որակել է «թատերական բեմադրություն» և որպես այդ ցույցերը դադարեցնելու տարբերակ է նշել ոստիկանական գործողություններ կիրառելով՝ այդ հրապարակը մաքրելը:
Նույն օրը՝ երեկոյան, Ազատության հրապարակում խաղաղ հավաք անցկացնող քաղաքական ուժերի առաջնորդների ելույթներում անդրադարձ է կատարվել նաև գործող Նախագահի կողմից խաղաղ հավաքը, դրանով իսկ քաղաքացու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքի իրացումը որպես թատերական բեմականացում որակելու հանգամանքին, ապա հայտարարվել, որ 2008 թվականի մարտի 1-ին նախատեսվում է ավելի բազմամարդ հավաքի անցկացում՝ նկատի ունենալով նաև, որ այն ոչ աշխատանքային օր է:
Ընտրությունների արդյունքներից բողոքող անձանց թվի շարունակական աճից վտանգ կանխազգալով՝ հավանական բազմամարդ հավաքի անցկացումը խոչընդոտելու, քաղաքական ոչ բռնի իրադարձությունները, ընտրությունների արդյունքները չեղարկելու քաղաքացիների պահանջը վերջնական ճնշելու և ցանկալի իշխանական համակարգը պահելու նպատակով, ՀՀ քաղաքացու՝ սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների /խաղաղ հավաք անցկացնելու, ազատ տեղաշարժման և այլն/ իրացումն արգելելու, դրանով իսկ ՀՀ Սահմանադրության՝ այդ իրավունքները նախատեսող նորմերը փաստացի վերացնելու դիտավորությամբ, Ռոբերտ Քոչարյանի գիտությամբ, 2008 թվականի մարտի 1-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, ոստիկանության շուրջ 1200 ծառայողներ, Ազատության հրապարակում նստացույց իրականացնող հարյուրավոր խաղաղ ցուցարարներին բռնությամբ ցրելու նպատակով, ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ ապօրինի գործադրելով, հարկադրաբար հիշյալ հրապարակից դուրս են հանել քաղաքացիներին: Նստացույց անող անձանց Ազատության հրապարակից բռնությամբ տարհանելուց հետո, ոստիկանական ուժերը շարունակել են բռնության գործադրմամբ հետապնդել նրանց քաղաքի կենտրոնական հատվածներում քաղաքացիների կուտակումները՝ հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու համար: Դրա արդյունքում ցուցարարներն ստիպված հանգրվանել են Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում՝ որպես դեսպանատներով շրջապատված անվտանգ տարածք:
Հետագայում, ոստիկանության կողմից կատարված հիշյալ գործողությունների օրինական լինելու պատրանք ստեղծելու, այդ գործողությունները, իբրև իրավաչափ ներկայացնելու նպատակով, ոստիկանության մի խումբ ծառայողներ հետին ամսաթվով՝ 2008 թվականի փետրվարի 29-ի թվագրմամբ, կազմել, ստորագրել և շրջանառության մեջ են դրել ակնհայտ կեղծ, իրականությանը չհամապատասխանող բովանդակությամբ պաշտոնական փաստաթղթեր առ այն, իբրև ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում ստացվել են տեղեկություններ Ազատության հրապարակում նստացույցի մասնակցող անձանց մոտ զենքի, զինամթերքի, պայթուցիկ սարքերի առկայության մասին: Նույն ժամանակահատվածում կազմվել է «տեղանքի հետազոտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու մասին ակնհայտ կեղծ փաստաթուղթ՝ մինչ այդ իրականացված՝ խաղաղ ցույցը ցրելու ապօրինի գործընթացը՝ որպես օպերատիվ-հետախուզական միջոցառում ներկայացնելու նպատակով:
Նշված գործողություններից հետո խաղաղ ցուցարարների թիվը սկսել է աճել և, արդեն ցերեկը, ՀՀ Նախագահ և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանի գիտությամբ և ի կատարումն 2008 թվականի փետրվարի 23-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացված հանձնարարությունների, ՀՀ պաշտպանության նախարարության ստորաբաժանումները, իրենց տեխնիկայով, ինքնաձիգներով զինված, տեղակայվել են Հանրապետության հրապարակում, Տիգրան Մեծ, Մելիք-Ադամյան և մայրաքաղաքի կենտրոնական այլ փողոցներում:
Մայրաքաղաքում տեղի ունեցող ներքաղաքական խաղաղ գործընթացները ճնշելու նպատակով զինված ուժերի ապօրինի ներգրավման շարունակվող գործողություններին օրինական տեսք տալու նպատակով 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, համաձայն ՀՀ Սահմանադրության 56-րդ հոդվածի, պարտավոր լինելով հրապարակել ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին չհակասող հրամանագրեր, ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի խախտմամբ՝ սահմանադրական կարգին անմիջական վտանգի սպառնալիքի բացակայության պայմաններում, ընդունել է «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՆՀ-35-Ն հրամանագիրը: Նշված հրամանագրով Երևան քաղաքում 2008 թվականի մարտի 1-ից 20 օրով հայտարարվել է արտակարգ դրություն, իսկ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովումը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից բացի, վերապահվել է նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
Միաժամանակ, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորություններից, խախտելով ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածով սահմանված դրույթն առ այն, որ մարդու և քաղաքացու առանձին հիմնական իրավունքներն ու ազատությունները կարող են ժամանակավորապես սահմանափակվել միայն օրենքով սահմանված կարգով, ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ՝ արտակարգ իրավիճակներում պարտավորություններից շեղվելու վերաբերյալ ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում, արտակարգ դրության իրավական ռեժիմը կարգավորող օրենք Հայաստանի Հանրապետությունում ընդունված չլինելու պայմաններում, Ռոբերտ Քոչարյանն իր՝ վերը նշված հրամանագրով ապօրինի սահմանել է արտակարգ դրության ռեժիմ՝ դրանում ներառելով այնպիսի միջոցառումներ և ժամանակավոր սահմանափակումներ նախատեսող գործողություններ, որպիսիք նախատեսված են եղել 2006 թվականի դեկտեմբերի 5-ին ընդունված՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում: Մասնավորապես, հրամանագրի 4-րդ կետով սահմանվել են արտակարգ դրություն հայտարարված տարածքում հետևյալ ժամանակավոր սահմանափակումները. 1) ժողովների, հանրահավաքների, ցույցերի, երթերի և այլ զանգվածային միջոցառումների իրականացման արգելում. 2) գործադուլների և կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումների արգելում. 3) իրավապահ մարմինների կողմից, անհրաժեշտության դեպքում, անձանց, տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակում և զննության իրականացում. 4) զանգվածային լրատվամիջոցների կողմից պետական և ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում. 5) առանց համապատասխան պետական մարմինների թույլտվության թռուցիկներ և այլ ձևով քաղաքական քարոզչության իրականացման արգելում. 6) արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքների վերացմանը խոչընդոտող կուսակցությունների և այլ հասարակական կազմակերպությունների գործունեության կասեցում. 7) արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած և տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում: Նշված միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները նախատեսված են եղել վերը նշված օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ը», «թ» և «ժբ» կետերով, այսինքն՝ Երևան քաղաքում ստեղծվել է ռազմական դրությանը բնորոշ ռեժիմ:
Իշխանությունը պահելու, ընթացող քաղաքական գործընթացները ճնշելու գործին ներգրավվել են նաև Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի որոշ անձինք, ովքեր 2008 թվականի փետրվարի 29-ից մինչև մարտի 1-ը՝ երեկոյան, իրենց թիկնազորի անդամներից կամ վստահելի, այդ թվում՝ հանցավոր հեղինակություն ունեցող անձանցից ստեղծել են խմբեր, որոնց ապօրինի զինել են տարբեր տեսակի հրազեններով, նրանց ինքնությունը և իրադարձություններին իրական մասնակցության շարժառիթները քողարկելու նպատակով ՀՀ կառավարության շենքի մոտ տրամադրել են ՀՀ ԶՈՒ թիկունքի բազայի իրային պահեստից ստացված զինվորական համազգեստներ՝ հիշյալ անձանցից բաղկացած խմբերին ներգրավելով 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքի տարբեր փողոցներում իրականացվող քաղաքացիների՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներն ու ազատություններն ակնհայտ խախտող հանցավոր գործողությունների իրականացմանը: Մասնավորապես՝ 2008 թվականի մարտի 1-ին՝ երեկոյան և մարտի 2-ի գիշերը զինված ուժերի և ոստիկանության ստորաբաժանումները, ինչպես նաև վերը նշված խմբերը, Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ նյութերի և հատուկ միջոցների գործադրմամբ իրականացրել են գործողություններ՝ խաղաղ հավաքը ցրելու, անզեն ցուցարարներին փողոցներից հեռացնելու, այդօրինակ միջոցառումները ժամանակավոր արգելելու ուղղությամբ:
Բացի այդ, զինված ուժերի և ոստիկանության ստորաբաժանումները, ինչպես նաև վերը նշված խմբերը, այդ օրերին Երևանի Մաշտոցի պողոտայի և Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում, ապա Պարոնյանի և Լեոյի փողոցներում բախվելով ցուցարարների առանձին խմբերի հետ, կիրառել են հրազեն, մասնավորապես՝ 2-րդ բանակային կորպուսի համապատասխան զորամասի զինծառայողներն իրենց ամրակցված ինքնաձիգերից և ատրճանակներից համազարկ ու անկանոն կրակահերթեր են արձակել ցուցարարների, ինչպես նաև հարակից բնակելի և հասարակական նշանակության շենքերի, շինությունների ուղղությամբ: Կրակահերթերի արդյունքում կրակված առանձին գնդակներ ներթափանցել են քաղաքացիների բնակարաններ, բնակելի շենքերի առաջին հարկերում տեղակայված հասարակական նշանակության օբյեկտներ: Նույն օրը ոստիկանության զորքերի հետ ցուցարարների տեղաշարժը կանխելուն ուղղված գործողություններ են իրականացրել Երևանի Լեոյի, ապա Պարոնյան փողոցներում՝ ՀՀ ԶՈՒ 4-րդ բանակային կորպուսի, իսկ Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում՝ 3-րդ բանակային կորպուսի զինծառայողները: ՀՀ զինված ուժերի մյուս բանակային կորպուսների ստորաբաժանումների ծառայողներն արգելափակել են Երևան քաղաքի կենտրոնական փողոցների և քաղաքի մուտքի ավտոճանապարհները:
Հետագայում՝ Երևան քաղաքում մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում, այդ իրադարձություններին զինված ուժերի, ինչպես նաև զինված խմբերի մասնակցության ու վերջիններիս կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու նպատակով դեպքի վայրի՝ Պարոնյանի, Լեոյի փողոցների տարբեր տեղամասերից զննությամբ հայտնաբերված տարբեր տեսակի հրազեններից կրակված, իրեղեն ապացույց հանդիսացող շուրջ 1000 պարկուճները փոխարինվել են ՀՀ ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տրամաչափի այլ հրազեններից կրակված պարկուճներով, իսկ Մաշտոցի պողոտայում հայտնաբերված «Մակարով» տեսակի ատրճանակի առնվազն 32 կրակված պարկուճները՝ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի սպառազինության մեջ մտնող նույն տեսակի ատրճանակներից կրակված պարկուճներով:
Բացի այդ, մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության անօրինական գործողությունները քողարկելու, այդ իրադարձություններին զինված ուժերի մասնակցության հանգամանքները թաքցնելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ Նախագահի օգնականի պաշտոնին նշանակված Գևորգ Կոստանյանի և ՀՀ Նախագահի օգնական, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին նշանակված, ներկայումս՝ հանգուցյալ Գևորգ Մհերյանի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում՝ ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, վերջինիս տեղակալ Ալեքսանդր Աֆյանը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետ Հայկ Միլիտոնյանը, վերջինիս տեղակալ Հովհաննես Թամամյանը և ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողներ, 2008 թվականի մայիսի 29-ին ՀՀ ոստիկանության պետ նշանակված Ալիկ Սարգսյանը հետին ամսաթվով ստորագրել են կեղծ պաշտոնական փաստաթղթեր, որոնք տրամադրել են մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին և Փորձագետների փաստահավաք խմբին, վերջիններիս հայտնել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, իսկ հիշյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին տվել են ներկայացված փաստաթղթերի բովանդակությանը համահունչ սուտ ցուցմունքներ:
Հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և հատուկ միջոցների գործադրման հետևանքով հարյուրավոր մարդիկ ստացել են ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, պետությանը, Երևան համայնքին և քաղաքացիներին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Տեղի ունեցած գործողությունների և իրադարձությունների ընթացքում զոհվել է 8 քաղաքացիական անձ և ոստիկանության զորքերի 2 ծառայող: Արդյունքում իրագործվել է խաղաղ հավաքն ամեն կերպ և ցանկացած եղանակով, այդ թվում՝ քաղաքացիների կյանքի իրավունքի խախտմամբ, ցրելու հանցավոր նպատակը, ինչը, ի թիվս վերը նշված հանրորեն վտանգավոր հետևանքների, հանգեցրել է նաև Հայաստանի Հանրապետության՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտի, էական հեղինակազրկման:
Իրականացված ակնհայտ հանցավոր գործողություններին ներգրավված ՀՀ զինված ուժերի զինծառայողներին ու սպաներին «վարձահատույց» լինելու նպատակով, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ և ՀՀ ԶՈՒ Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի կողմից հաստատված ցուցակների համաձայն՝ օրենքի խախտմամբ, 120 մլն ՀՀ դրամ մասնավոր միջոցներից, նրանցից յուրաքանչյուրը ապօրինի վարձատրվել է 50.000 և ավելի ՀՀ դրամի չափով:
Շարունակելով սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողությունները, ապօրինի կերպով ՀՀ զինված ուժերն օգտագործելով Երևան քաղաքում տեղի ունեցող քաղաքական գործընթացներում՝ ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, վկայակոչելով Ռոբերտ Քոչարյանի՝ արտակարգ դրություն հայտարարելու մասին ապօրինի հրամանագիրը, 2008 թվականի մարտի 2-ին հանրային հեռուստատեսության ուղիղ հեռարձակմամբ դիմել է ՀՀ քաղաքացիներին, ըստ էության, բռնություն կիրառելու սպառնալիք պարունակող կոչով նախազգուշացրել, որ արտակարգ դրությամբ արգելված միջոցառումների կազմակերպմանը կամ մասնակցությանը ներգրավվելու ցանկացած փորձ ՀՀ զինված ուժերի կողմից արժանանալու է համարժեք և խիստ հակազդեցության՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, հորդորել է զերծ մնալ Երևան քաղաքում, թեկուզև փոքր խմբերով հավաքվելու փորձերից: Սեյրան Օհանյանը, հանդես գալով ՀՀ զինված ուժերի անունից, ստանձնել է, իր բնորոշմամբ՝ «օրինազանցների» նկատմամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու՝ ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով չնախատեսված պարտականություն:
Հանրապետության Նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2008 թվականի փետրվարի 24-ի թիվ 24-Ա որոշումը վիճարկելու, այն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումի քննությունը ՀՀ Սահմանադրական դատարանում նշանակվել է 2008 թվականի մարտի 8-ին: Մինչ այդ, ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, շարունակելով ՀՀ սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողությունները, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի ներգրավմամբ, դատարանի անդամների նկատմամբ ճնշում գործադրելով՝ ներազդել է նրանց վրա, որպեսզի վերջիններս քվեարկեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հիշյալ որոշման վավերական և օրինական ճանաչվելու օգտին, իսկ Արմեն Գևորգյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով միջամտել է դատարանի գործունեությանը՝ դրանով իսկ օժանդակելով սահմանադրական կարգի տապալմանը:
Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանն այլ անձանց հետ հանցակցությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը՝ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք:
Սիլվա Համբարձումյանը, հանդիսանալով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակիցն ու տնօրենը, 2007 թվականին այդ ընկերության միջոցով սահմանված կարգով ձեռք է բերել ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության, ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 2007 թվականի հոկտեմբերի 18-ին տրված՝ ոսկի-բազմամետաղի ուսումնասիրության՝ թիվ 54, կապարի, ցինկի, պղնձի ուսումնասիրության թիվ 56 և պղնձի, պղինձ-մոլիբդենիումի ուսումնասիրության թիվ 55 հատուկ լիցենզիանները: Լիցենզիաների ձեռք բերման աճուրդներին առանց խոչընդոտների մասնակցելու և հաղթելու համար, Սիլվա Համբարձումյանն իր մտերիմ, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի միջոցով դիմել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանին, իսկ վերջինս հանձնարարել է ՀՀ բնապահպանության նախարարին՝ աջակցել նրան: «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության կողմից նշված լիցենզիաները ձեռք բերելուց հետո, 2008 թվականի փետրվարի 3-ին կնքված նախնական, իսկ 2008 թվականի մարտի 25-ին կնքված հիմնական առուվաճառքի պայմանագրերով, Սիլվա Համբարձումյանն իրեն պատկանող այդ ընկերության 100 տոկոս բաժնեմասերը 12 մլդ 360 մլն ՀՀ դրամին համարժեք 40 մլն ԱՄՆ դոլարով վաճառել է Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված «ՌԱԿ ՄԻՆԵՐԱԼԶ ԸՆԴ ՄԵԹԱԼԶ ԷՖ ԶԵԹ» ՍՊ ընկերությանը:
Հիշյալ գործարքը կնքելու համաձայնություն ստանալու համար Սիլվա Համբարձումյանը 2008 թվականի հունվարի վերջին օրերին Վարդան Օսկանյանի միջոցով նախապես դիմել է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանին: Նրանց համաձայնությունը ստանալու հետ միաժամանակ, Սիլվա Համբարձումյանը մտադրվել է վերջիններիս կաշառք տալ, որպեսզի նրանք իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով չխոչընդոտեն իր բաժնեմասերի օտարման գործարքի կնքմանը և լիազոր մարմնի միջոցով ընկերությանը չզրկեն հատուկ լիցենզիաներից: Կաշառք տալու առաջարկը, Սիլվա Համբարձումյանը Վարդան Օսկանյանի միջոցով հայտնել է հիշյալ պաշտոնատար անձանց: Մի քանի օր անց Սիլվա Համբարձումյանը, Վարդան Օսկանյանից տեղեկացել է, որ ընկերության բաժնեմասերի առուվաճառքի գործարքը կնքելու համար հիշյալ պաշտոնատար անձինք ընդունել են նրա՝ կաշառք տալու մասին առաջարկը: Վարդան Օսկանյանը Սիլվա Համբարձումյանին հայտնել է նաև, որ կաշառքի գումարը ստանալու համար հիշյալ պաշտոնատար անձանց անունից ներկայանալու է Արմեն Գևորգյանի մտերիմ, գործարար Սամվել Մայրապետյանը:Կաշառք ստանալու առաջարկն ընդունած ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձինք 2008թ. փետրվարից մայիսն ընկած ժամանակաընթացքում Սիլվա Համբարձումյանից մաս-մաս ստացել են կաշառքի իրենց մասնաբաժինները: Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանը կաշառքի իր մասնաբաժինը՝ առանձնապես խոշոր չափերի՝ 927.000.000 ՀՀ դրամին համարժեք 3.000.000 ԱՄՆ դոլար գումարը ստացել է 2008 թվականի փետրվարին և մայիսին՝ Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ, ով հանդես գալով Ռոբերտ Քոչարյանի անունից, վերջինիս մասնաբաժինը կազմող 3.000.000 ԱՄՆ դոլար կաշառքից 310.000.000 ՀՀ դրամին համարժեք 1.000.000 ԱՄՆ դոլարը Սիլվա Համբարձումյանից վերցրել է կանխիկ՝ 2008 թվականի փետրվարի 14-ին, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի նրա բնակարանում, իսկ 310.000.000 ՀՀ դրամին համարժեք 1.000.000 ԱՄՆ դոլարը՝ փետրվարի 15-ին՝ իր՝ Բայրոնի 3 հասցեում տեղակայված գրասենյակում, իսկ 307.000.000 ՀՀ դրամին համարժեք 1.000.000 ԱՄՆ դոլարը Սիլվա Համբարձումյանի «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերության հաշվեհամարից 2008 թվականի մայիսի 6-ին և 26-ին 500.000-ական ԱՄՆ դոլար մասնաբաժիններով իր՝ ԱՄՆ-ում գրանցված «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության «Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան բանկ» ՓԲ ընկերությունում սպասարկվող 217001057777151 հաշվեհամարին՝ որպես Սիլվա Համբարձումյանի կողմից իրենից վերցված «փոխառության մարում», այն դեպքում, երբ վերջիններիս միջև երբևէ փոխառության պայմանագիր չի կնքվել և Սիլվա Համբարձումյանը փոխառություն չի ստացել: Այնուհետև Սամվել Մայրապետյանն իր կնոջ որդու՝ նշված ընկերության հիմնադիր և տնօրեն Լևոն Սուլթանյանի միջոցով ընկերության հիշյալ բանկային հաշվից 2008 թվականի մայիսի 13-ին, 26-ին և 29-ին կանխիկ ստացել է հիշյալ 1.000.000 ԱՄՆ դոլարը տվել է Ռոբերտ Քոչարյանին:
Նշված գումարները նույն, ինչպես նաև դրան հաջորդող ժամանակահատվածում Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, տարբեր մասնաբաժիններով կանխիկ մուտքագրել է ՀՀ առևտրային բանկերում սպասարկվող իր անձնական հաշվեհամարներին:
Այսինքն, Ռոբերտ Քոչարյանը ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարք»:
10. Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հունիսի 25-ի որոշման համաձայն՝«․․․ Քննարկվող հարցին առնչվող և այդ առնչությամբ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատախազների կողմից ներկայացված փաստարկները /շարադրված են վիճարկվող դատական ակտում/, ինչպես նաև դատախազի վերաքննիչ բողոքում բերված փաստարկները գործի քննության ներկա փուլում /դատարանում, քրեական գործի նախապատրաստական փուլում/ ինքնին բավարար են մեղադրյալ Ռ.Քոչարյանին այդ թվում նաև ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով վերագրվող արարքում հիմնավոր կասկածի շեմը հաղթահարելու համար:
Ընդ որում, /ներկայումս, այդ թվում նաև դատարանում, քրեական գործի նախապատրաստական փուլում, խափանման միջոցի հարցի քննարկման ժամանակ/ մեղադրյալ Ռ.Քոչարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով վերագրվող արարքը որպես այդպիսին շարունակում է ներառված լինել վերջինիս առաջադրված մեղադրանքի ծավալում:
Դրա հետ մեկտեղ, հարկ է փաստել, որ քրեական դատավարությունում ամրագրված է ապացույցների նախադատելիությունը բացառող սկզբունք, համաձայն որի` ոչ մի ապացույց նախապես հաստատված ապացույցի ուժ չունի /տես` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 2-րդ մասը/:
Որպիսի պայմաններում, դատարանը որևէ կերպ զրկված չէր տվյալ փուլի համար խնդրո առարկա հարցին առնչվող ծավալով, իր տրամադրության տակ եղած քրեական գործի շրջանակներում ներկայացված փաստակազմերի և այդ թվում նաև դատախազների կողմից ներկայացված փաստարկների վերլուծության արդյունքում մեղադրանքի այդ մասով հիմնավոր կասկածի առկայության կամ բացակայության հարցում ինքնուրույն հետևություններ անելու հնարավորությունից:
Ինչը /կոնկրետ դեպքում/ դատարանի կողմից չի արվել և ինչը հանգեցրել է դատավարական իրավունքի այնպիսի խախտման, որն իր հերթին ազդել է քննարկվող հարցում /խափանման միջոցի առնչությամբ/ չհիմնավորված հետևությունների հանգելու և արդյունքում դատարանի կողմից ոչ ճիշտ որոշում կայացնելու վրա:
Բացի այդ, դատարանն արդեն իսկ քրեական գործն իր վարույթ ընդունելու պարագայում, մինչև գործն ըստ էության լուծող դատական ակտի կայացման պահը, իր գործողություններով, այդ թվում նաև` որոշումներով, որևէ կերպ չպետք է դիրքորոշում հայտնի մեղադրյալին ներկայացված քրեական մեղադրանքի հիմնավորվածության կամ անհիմն լինելու մասին:
Վերոգրյալի հաշվառմամբ, վերաքննիչ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Ռ.Քոչարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով վերագրվող արարքի իմաստով հիմնավոր կասկածի առկայության առումով, դատարանը հանգել է չհիմնավորված և վերը վկայակոչված փաստարկներից չբխող հետևությունների:
Հարկ է արձանագրել նաև, որ /դատարանում, քրեական գործի նախապատրաստական փուլում/ քննարկելով մեղադրյալ Ռ.Քոչարյանի խափանման միջոցի հարցը, դատարանը փաստել է, որ այն քննարկելիս առնվազն առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով վերագրված արարքում վերջինիս առնչությունը հիմնավորող փաստական տվյալներ /հիմնավոր կասկածը/:
Այլ կերպ ասած, դատարանն արդեն իսկ մեղադրանքի այդ մասով հիմնավոր կասկածի գնահատման տիրույթում կիրառել է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասը, փաստելով նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով վերագրված արարքի առնչությամբ քրեական գործում առերևույթ առկա են հիմնավոր կասկածը հիմնավորող բավարար ապացույցներ /վկայակոչված են մեղադրական եզրակացությունում/:
Հարկ է արձանագրել նաև, որ մեղադրյալ Ռ.Քոչարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով վերագրվող արարքում հիմնավոր կասկածի առկայությունը վիճարկելու առումով, սույն գործով վիճարկվող դատական ակտը /ներկա փուլում/ չի բողոքարկվել:
Ամփոփելով, վերը նշված վերլուծություններն ու դատողությունները` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ դատարանն էության մեջ ճիշտ հետևության է հանգել մեղադրյալ Ռ.Քոչարյանի կողմից առերևույթ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցագործություն կատարված լինելու հիմնավոր կասկածի առկայության մասին, որպիսի հետևության հետ չհամաձայնելու իրավաչափ հիմքեր չկան:
Որպիսի պայմաններում, /գործի քննության ներկա փուլում/ վերը ներկայացվածն ինքնին բավարար է մեղադրյալ Ռ.Քոչարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով վերագրվող արարքների իմաստով հիմնավոր կասկածի շեմը հաղթահարելու համար: ․․․
Այլ կերպ ասած, վերաքննիչ դատարանի համար ընդունելի չեն վիճարկվող դատական ակտում տեղ գտած դատարանի հետևությունները կալանավորման հիմքերն ըստ էության բացառելու վերաբերյալ:
Ամփոփելով վերոգրյալը` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Ռ.Քոչարյանի նկատմամբ անձնական երաշխավորությունը կիրառելու հիմքերի առնչությամբ դատարանի հետևությունները չեն բխում վերը մեջբերված փաստարկներից, և դրանց հետ համաձայնելու իրավաչափ հիմքեր չկան:
Վերոգրյալի հաշվառմամբ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ քննարկվող դեպքում, քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և գործով անցնող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու բարձր ռիսկերի առկայության պայմաններում՝ մեղադրյալ Ռ.Քոչարյանի նկատմամբ անազատության հետ չկապված որևէ խափանման միջոցի, այդ թվում նաև` անձնական երաշխավորության կիրառումը գործուն երաշխիք համարվել չի կարող։
Վերը նշված հանգամանքները պատշաճ իրավական վերլուծության և գնահատման չենթարկելու հետևանքով դատարանը զրկված է եղել մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի անձի մասին ճիշտ պատկերացում կազմելու և նրա հետագա վարքագծի վերաբերյալ հիմնավորված ենթադրություն անելու հնարավորությունից, որպիսի պայմաններում որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը ընտրելու վերաբերյալ օրինական, հիմնավորված և պատճառաբանված որոշում կայացնել հնարավոր չէ: ․․․»։
11․ Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի սեպտեմբերի 20-ի վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման համաձայն՝ «1) Պաշտպան Հ.Ալումյանն իր վճռաբեկ բողոքում խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հունիսի 25-ի որոշումն ամբողջությամբ բեկանել և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մայիսի 18-ի որոշմանը, Ռ.Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացնել և նրան ազատ արձակել:
Բողոք բերած անձը փաստարկել է, որ բողոքը պետք է վարույթ ընդունվի, քանի որ առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերը, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում։
Մասնավորապես, բողոքաբերի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը գործը քննել է ոչ օրինական կազմով, դատարանի կազմը ձևավորվել է կամայականորեն, ինչը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` նաև Եվրոպական կոնվենցիա) 5-րդ հոդվածի 1-ին կետի, 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում է: Միևնույն ժամանակ բողոքաբերը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը գործը չի քննել օրենքով սահմանված ընթացակարգով, ինչպես որ դա պահանջում է Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետը:
Բողոքի հեղինակը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանը, ակնհայտ ու կոպիտ կերպով խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 18-րդ կետերը, 102-րդ հոդվածի 2-րդ մասը, 288-րդ հոդվածի 4-րդ մասը, 391-րդ հոդվածի 2-րդ մասը, զրկել է Ռ.Քոչարյանին վերաքննիչ դատավարության ընթացքում պաշտպանվելու բոլոր դատավարական գործիքներից, խախտել է կողմերի հավասարությունը` ի վնաս պաշտպանական կողմի:
Անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հիմնավոր կասկածի առկայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությանը` բողոքաբերն ընդգծել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածով սահմանված լիազորությունները Վերաքննիչ դատարանը կիրառել է այնպիսի մեկնաբանմամբ, որը հակասում է Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի մարտի 30-ի թիվ ԵԱՆԴ/0081/01/14 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին:
Բողոքաբերի փաստարկների, սույն գործի նյութերի, Վճռաբեկ դատարանի վկայակոչված որոշման, ինչպես նաև բողոքարկվող դատական ակտի պատճառաբանությունների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքաբերի կողմից չի հիմնավորվել, որ բողոքում բարձրացված` Վերաքննիչ դատարանի կողմից գործը ոչ օրինական կազմով, ինչպես նաև օրենքով չսահմանված ընթացակարգով քննելու, ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հիմնավոր կասկածի առկայությունը հաստատելիս Վճռաբեկ դատարանի թիվ ԵԱՆԴ/0081/01/14 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին հակասելու, կողմերի հավասարությունը խախտելու և պաշտպանվելու բոլոր դատավարական գործիքներից Ռ.Քոչարյանին զրկելու հարցերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
Հետևաբար, բերված բողոքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերը հիմնավորված չեն։
2) Պաշտպաններ Ա.Օրբելյանը և Հ.Խուդոյանն իրենց վճռաբեկ բողոքում խնդրել են Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հունիսի 25-ի որոշումն ամբողջությամբ բեկանել և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մայիսի 18-ի որոշմանը, Ռ.Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացնել և նրան ազատ արձակել:
Բողոք բերած անձինք փաստարկել են, որ վճռաբեկ բողոքը պետք է վարույթ ընդունվի, քանի որ առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերը, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում։
Մասնավորապես, բողոքաբերների պնդմամբ` Վերաքննիչ դատարանը գործը քննել է օրենքով նախատեսված ընթացակարգի բացակայությամբ: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը թույլ է տվել մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում` անձը կալանավորվել է առանց դատավարությանը փաստացի ներգրավվելու, քանի որ զրկվել է դիրքորոշում ներկայացնելու հնարավորությունից:
Բողոքի հեղինակները, անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հիմնավոր կասկածի առկայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությանը, ընդգծել են, որ դատարանն իր լիազորությունները կիրառել է այնպիսի մեկնաբանմամբ, որը հակասում է Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի մարտի 30-ի թիվ ԵԱՆԴ/0081/01/14 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին:
Բողոքաբերների փաստարկների, սույն գործի նյութերի, Վճռաբեկ դատարանի վկայակոչված որոշման, ինչպես նաև բողոքարկվող դատական ակտի պատճառաբանությունների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքաբերների կողմից չի հիմնավորվել, որ բողոքում բարձրացված` Վերաքննիչ դատարանի կողմից մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում թույլ տալու, ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հիմնավոր կասկածի առկայությունը հաստատելիս Վճռաբեկ դատարանի թիվ ԵԱՆԴ/0081/01/14 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին հակասելու հարցերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
Ինչ վերաբերում է բողոքաբերների այն փաստարկին, որ Վերաքննիչ դատարանը գործը քննել է օրենքով նախատեսված ընթացակարգի բացակայությամբ, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի քննությունն իրականացվել է առկա քրեադատավարական կարգավորումների շրջանակներում:
Հետևաբար, բերված բողոքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերը հիմնավորված չեն։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե բացակայում են նույն օրենսգրքի 414.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 414.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը, ուստի ներկայացված բողոքները վարույթ ընդունելը ենթակա է մերժման։․․․»։
12․ Սահմանադրական դատարանի՝ 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշման համաձայն՝ «․․․ Սահմանադրական նորմերն իրենց էությամբ տարբերվում են այլ իրավական նորմերից նրանով, որ դրանք բնորոշվում են առավել կայունությամբ, ներքին ինքնաբավությամբ և արտահայտում են այն պատմական ժամանակաշրջանի սոցիալ-քաղաքական, իրավական իրողությունները, որոնց պայմաններում ընդունվում են: Ընդունման պահից մինչև 2015թ. փոփոխությունները Սահմանադրությունը բնորոշվել է որպես կոշտ Սահմանադրություն, որի նորմերի ցանկացած փոփոխություն կատարվում էր առավել բարդ ընթացակարգով:
Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից 2014 թվականին հրապարակված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում սահմանադրական կարգի հիմունքները կազմող իրավունքի գերակայության, իշխանությունների տարանջատման, ժողովրդավարության սկզբունքների լավագույնս իրացման նպատակով համապատասխան սահմանադրական նորմերում բարեփոխումներ կատարելու առնչությամբ դրա հեղինակների կողմից բերվում են մի շարք հայեցակարգային ծանրակշիռ հիմնավորումներ: Հայեցակարգի, Սահմանադրության 2005 և 2015 թվականի խմբագրություններում՝ վիճարկվող նորմերի տեքստերի համակարգային վերլուծությունը վկայում է, որ հեղինակները, իսկ հետագայում սահմանադիրը, ի դեմս ՀՀ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների՝ էականորեն նոր բովանդակություն են ներդրել սահմանադրական հիշյալ նորմերի մեջ:
․․․
Տվյալ պարագայում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո օրենսդրի կողմից՝ տևական ժամանակ Օրենսգրքի վիճարկվող հոդվածում համապատասխան փոփոխություններ չկատարելու հանգամանքը թե՛ իրավակիրառի, թե՛ շահագրգիռ անձի համար ստեղծում է իրավական որոշակիության խնդիրներ:
Վերոգրյալի հիման վրա՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ այնքանով, որքանով Օրենսգրքի 300.1-ին հոդվածը բլանկետային հղմամբ վկայակոչում է իր ընդունման պահին գործած, սակայն կիրառման պահին Սահմանադրության փոփոխված նորմերը, խնդրահարույց է Սահմանադրության 79-րդ հոդվածով սահմանված իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից, քանի որ հնարավորություն չի տալիս անձին հստակ պատկերացում կազմել Օրենսգրքով նախատեսված համապատասխան հանցակազմի բաղկացուցիչ տարրերի մասին և հստակ կանխատեսել, թե իր ո՞ր գործողությունները (անգործությունը) կառաջացնեն քրեական պատասխանատվություն:
․․․
Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդրի կողմից նկարագրված դիսպոզիցիայում օգտագործվող «նորմը փաստացի վերացնելը» («de facto» վիճակը) և «իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցումը» («de jure» վիճակը) ձևակերպումները որևէ մեկնաբանման պարագայում չեն կարող լինել միմյանց հետ տրամաբանական-իրավական շաղկապվածության մեջ: Այդ ձևակերպումներով ենթադրվող իրավիճակները միմյանց հետ գտնվում են իմաստային հակադրության մեջ, քանի որ որևէ նորմի «de facto» վերացման վիճակը չի կարող ինքնաբերաբար հանգեցնել նորմի «de jure» դադարման վիճակին: Այլ կերպ՝ սահմանադրական կարգի տապալման հանցակազմի դիսպոզիցիայի ձևակերպումն օրենսդրի կողմից իրականացվել է, ի թիվս այլնի, տարբեր եզրույթների անհամատեղելի համակցմամբ:
Այսպիսով՝ վիճարկվող դրույթը, որն առավել ինտենսիվ միջամտություն է նախատեսում անձի անձնական ազատության հիմնական իրավունքին, ձևակերպված է այնքան անորոշ, որ հնարավորություն չի տալիս ընկալել դրա իմաստը, կարող է հանգեցնել անկանխատեսելի, հետևապես` նաև կամայական կիրառման, և թույլ է տալիս ընդլայնել հանցագործության սահմանները` պայմանավորված չափազանց բարձր վերացականության աստիճան ունեցող սահմանադրական նորմերին հղում անելու հանգամանքով: Վերացականության բարձր աստիճանն ինքնին խնդրահարույց չէր լինի, եթե հանցակազմի դիսպոզիցիան ձևակերպված լիներ հստակ և թույլ տար ողջամտորեն նույնականացնել նկարագրվող արարքի արտահայտման եղանակը:
․․․
Այսպիսով, Սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող հոդվածը համահունչ չէ Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին:․․․» ։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
13․ Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Սահմանադրական դատարանի 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշումը հիմք է Վճռաբեկ դատարանի 2019 թվականի սեպտեմբերի 20-ի որոշումը վերանայելու համար:
14․ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.1-րդ հոդվածի համաձայն`
«1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը։
2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի համաձայն` «1. Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են հետևյալ դեպքերում.
1) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ քրեական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանդրաիրավական բովանդակությունը՝ գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:
(…)։
2. Սույն հոդվածի առաջին մասի 1-ին կետ[ով] նախատեսված նոր հանգամանք[ը] հաստատված [է] համարվում համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշմամբ (…) դր[ա] ուժի մեջ մտնելու պահից (…)»։
15. Մեջբերված նորմերի բովանդակությունից բխում է, որ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման հիմք է նաև Սահմանադրական դատարանի` ուժի մեջ մտած որոշումը, որով Սահմանադրական դատարանը տվյալ քրեական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր:
16. Սույն գործի նյութերից երևում է, որ՝
- Առաջին ատյանի դատարանը 2019 թվականի մայիսի 18-ին որոշում է կայացրել ամբաստանյալ Ռ.Քոչարյանի նկատմամբ մինչդատական վարույթի ընթացքում կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և անձնական երաշխավորություն խափանման միջոցը կիրառելու մասին,
- Դատախազ Պ․Պետրոսյանի, տուժող Ա․Ավագյանի և վերջինիս ներկայացուցիչ Ս․Սաֆարյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հունիսի 25-ի որոշմամբ բողոքները բավարարվել են և Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մայիսի 18-ի որոշումը բեկանվել է։ Ամբաստանյալ Ռ.Քոչարյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքներով հիմնավոր կասկածի առկայության հաստատմամբ՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։
- Առաջին ատյանի դատարանը 2019 թվականի մայիսի 20-ին որոշում է կայացրել, ի թիվս այլնի, ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին։ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցով Սահմանադրական դատարան է դիմել նաև Ռ. Քոչարյանը։
- Վճռաբեկ դատարանը՝ 2019 թվականի սեպտեմբերի 20-ի որոշմամբ Ռ.Քոչարյանի պաշտպաններ Հ․Ալումյանի, Ա․Օրբելյանի և Հ․Խուդոյանի վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժել է՝ արձանագրելով, որ բողոքաբերների փաստարկների, սույն գործի նյութերի, Վճռաբեկ դատարանի վկայակոչված որոշման, ինչպես նաև բողոքարկվող դատական ակտի պատճառաբանությունների համադրված վերլուծության արդյունքում բողոքաբերների կողմից չի հիմնավորվել, որ բողոքում բարձրացված ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հիմնավոր կասկածի առկայությունը հաստատելիս Վճռաբեկ դատարանի թիվ ԵԱՆԴ/0081/01/14 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին հակասելու հարցերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
- Սահմանադրական դատարանի՝ 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։
17․ Վերոշարադրյալ փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-րդ 15-րդ կետերում վկայակոչված իրավական նորմերի և արտահայտված իրավական դիրքորոշման լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Սահմանադրական դատարանի 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշումը Վճռաբեկ դատարանի 2019 թվականի սեպտեմբերի 20-ի որոշումը վերանայելու հիմք է։
18․ Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Սահմանադրական դատարանի՝ 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշումը հիմք է դատախազ Պ․Պետրոսյանի, տուժող Ա․Ավագյանի և վերջինիս ներկայացուցիչ Ս․Սաֆարյանի վերաքննիչ բողոքները բավարարելու և ամբաստանյալ Ռ.Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հունիսի 25-ի որոշումը բեկանելու համար։
19․ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կայացված վճիռների հիման վրա ներպետական մակարդակով որոշակի գործեր վերաքննելու կամ վերաբացելու մասին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի` 2000 թվականի հունվարի 19-ի թիվ R(2000)2` անդամ պետություններին ուղղված հանձնարարականի 1-ին կետի համաձայն՝ Պայմանավորվող կողմերին կոչ է արվել երաշխավորել ազգային մակարդակով «restitutio in integrum»` հնարավորինս ապահովելու համար անհրաժեշտ համարժեք հնարավորությունների առկայությունը:
Նույն հանձնարարականի 2-րդ կետի համաձայն` Նախարարների կոմիտեն խրախուսում է Պայմանավորվող կողմերին, մասնավորապես` վերլուծել իրենց ազգային իրավական համակարգերը` նպատակ հետապնդելով երաշխավորել գործի վերաքննության համար անհրաժեշտ համարժեք հնարավորությունների գոյությունն այն դեպքերի համար, երբ Եվրոպական դատարանը հայտնաբերել է Կոնվենցիայի խախտում, հատկապես երբ.
(i) Տուժող կողմը շարունակում է համապատասխան ներպետական որոշման ելքի պատճառով կրել շատ ծանր բացասական հետևանքներ, որոնք համարժեքորեն չեն շտկվում արդարացի հատուցման տրամադրմամբ և չեն կարող շտկվել, բացառությամբ գործի վերաքննության կամ վերաբացման միջոցով, և
(ii) Դատարանի վճիռը հանգեցնում է այն եզրակացության, որ
ա) վիճարկվող ներպետական որոշումն ըստ էության հակասում է Կոնվենցիային, կամ
բ) հայտնաբերված խախտումը հիմնված է այնպիսի ծանրության դատավարական սխալների կամ թերությունների վրա, որ լուրջ կասկածի տակ է հայտնվում բողոքի առարկա ներպետական վարույթի ելքը:
19.1. Վերոնշյալ հանձնարարականի կապակցությամբ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի մեկնաբանությունների համաձայն` կոնվենցիոն մարմինների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հատկապես քրեական իրավունքի ոլորտում գործերի վերանայումը, ներառյալ վերաբացումը, ունի հիմնարար նշանակություն։
Նշված չափանիշներից (i)-ը, ըստ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի, վերաբերում է օրինակ այն անձանց, ովքեր դատապարտվել են ազատությունից զրկելու հետ կապված երկարատև պատիժների և դեռևս գտնվում են քրեակատարողական հիմնարկում, երբ կոնվենցիոն մարմինների կողմից քննվում է գործը։ Այդ չափանիշի բավարարման համար պետք է լինի ուղիղ պատճառահետևանքային կապ` հայտնաբերված խախտման և տուժող կողմի համար առաջացած շարունակական բացասական հետևանքների միջև։
Վերոնշյալ պայմանի առկայության պարագայում, ըստ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի, (ii) խմբում ներառված չափանիշները նպատակաուղղված են ընդգծելու խախտումների բնույթը, որոնց պայմաններում գործերի վերանայումը կամ վերաբացումը հատկապես կարևոր է:
20. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «[Նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքով հարուցված] վարույթի արդյունքում կայացված դատական ակտում դատարանը կարող է չփոփոխել վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 426.3 կամ 426.4 հոդվածներով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել գործի ելքի վրա: (...)»:
20.1. Վերոնշյալ իրավադրույթի կապակցությամբ Սաhմանադրական դատարանը ձևավորել է հետևյալ իրավական դիրքորոշումը․«(...) [Ի]րավաչափ նպատակ է հետապնդում վեճի առարկա դրույթով նախատեսվող լրացուցիչ պահանջը: Այն պետք է դիտարկել ոչ թե իրավունք կամ սուբյեկտիվ հայեցողություն դատական ակտն անփոփոխ թողնելու համար, այլ նորմատիվ պարտադրանք` նման հնարավոր դեպքերում ծանրակշիռ փաստարկներով հիմնավորում ներկայացնելու վերաբերյալ: Պարզապես այսպիսի իրավակարգավորումը նույնպես ենթադրում է իրավական մշակույթի պատշաճ մակարդակ և «ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում» եզրույթի հայեցողական սահմանների իրավական հստակեցում, ինչն օրենսդրի և դատական համարժեք նախադեպ ստեղծելու խնդիրն է: (...) Անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ նման փաստարկների բացակայության պայմաններում վերանայված դատական ակտի եզրափակիչ մասի անփոփոխ թողնելը կհակասի իրավունքի գերակայության սկզբունքին և իրավական պետության հիմնարար արժեքներին»:
21. Վերոնշյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված մոտեցումը կիրառելի է նաև այն դեպքում, երբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման հիմքը՝ որպես նոր հանգամանք, Սահմանադրական դատարանի որոշումն է։
22. Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ սույն գործով բողոքարկվող դատական ակտը՝ թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործի դատական քննության փուլում Ռ.Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված անձնական երաշխավորությունը վերացնելու և որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումն է, որի դեմ բերված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի սեպտեմբերի 20-ի որոշմամբ։
Գործի դատական քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի մայիսի 13-ի որոշմամբ պաշտպաններ Հ.Ալումյանի և Ա.Վարդևանյանի միջնորդությունները՝ Ռ.Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ փոփոխելու, որպես խափանման միջոց անձնական երաշխավորություն ընտրելու, խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ, մերժվել է:
Պաշտպաններ Ռ.Սահակյանի և Հ.Խուդոյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2020 թվականի հունիսի 18-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի մայիսի 13-ի որոշումը մասնակիորեն բեկանել և փոփոխել է, բավարարել է պաշտպան Ա.Վարդևանյանի միջնորդությունը, վերացրել է ամբաստանյալ Ռ.Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել գրավը` 2.000.000.000 (երկու միլիարդ) ՀՀ դրամի չափով:
Վճռաբեկ դատարանը 2021 թվականի հուլիսի 30-ի որոշմամբ Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի հունիսի 18-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի, տուժողներ Ա.Հարությունյանի, Ս.Հովհաննիսյանի ներկայացուցիչ Ա.Ղարագյոզյանի, տուժող Ա.Ավագյանի ներկայացուցիչ Ս.Սաֆարյանի, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տ.Եգորյանի և Ռ.Քոչարյանի պաշտպան Հ.Ալումյանի վճռաբեկ բողոքները մերժել է, Վերաքննիչ դատարանի վերոնշյալ դատական ակտը թողել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 6-ի որոշմամբ Ռ․Քոչարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցվել է հանցագործության դեպքի բացակայության հիմքով։ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ Ռ․Քոչարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցվել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով և Ռ․Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը գրավը վերացվել է:
23. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 19-20-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն բողոքի քննության պահի դրությամբ Ռ.Քոչարյանը գտնվում է ազատության մեջ և չի շարունակում կրել բողոքարկվող դատական ակտերից բխող որևէ բացասական հետևանք, ավելին Ռ.Քոչարյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել է։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ռ.Քոչարյանի նախնական կալանքի վերաբերյալ դատական ակտը եղել է ժամանակավոր և դրա բեկանումը չի վերականգնի մինչ խախտումն առկա իրավիճակը:
24. Վերոշարադրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Սահմանադրական դատարանի՝ 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշումը հիմք չէ ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու համար: Հետևաբար, Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի սեպտեմբերի 20-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու արդյունքում Ռ․Քոչարյանի պաշտպան Հ.Խուդոյանի կողմից ներկայացված բողոքները պետք է մերժել՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-րդ, 426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. ՀՀ վճռաբեկ դատարանի 2019 թվականի սեպտեմբերի 20-ի որոշումը, նոր հանգամանքի հիմքով, վերանայել։
2. Վերանայման արդյունքում Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի պաշտպան Հ.Խուդոյանի վճռաբեկ բողոքը մերժել՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Դատավորներ` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Ս.ՄԱՐԱԲՅԱՆ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆ
